Текст книги "Վերք Հայաստանի"
Автор книги: Խաչատուր Աբովյան
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 2 (всего у книги 18 страниц) [доступный отрывок для чтения: 6 страниц]
Հանդը դուս գալիս՝ մեր բիրտ Աղասին էսպես էր մտածում, ու սիրտն էրվում, ժամիցը գալիս` փառք էր տալիս աստուծո, որ շուտ արձակվեցավ, ինքը տուն էկավ, որ մի քիչ դինջանա ու գնա հանդը, որ էլի սիրտը բացվի, էլի Էն հիանալի ձենը լսի ու իր բանն անի: Շատ անգամ բարկացած՝ զալիս էր, տան պուճախումը կամ քուրսու տակին ոտները փռում, տրտնջում, թոնթորում, գանգատ անում, որ ժամումը, խոստովանվելիս, Էնպես բաներից էին խաբար առել, նրա սիրտը վիրավորել, որ նրա մտքովը ամենևին երազումն էլ չէին անց կացել:
– Ա՛խպեր, արածիս հլա մեկ ճար արա՛, հետո ուրիշ բաներից հարցըրու, է՛, – ասում էր շատ անգամ նեղանալով:
– Հենց քանի ասում ես, էլի երկու սհաթ չոքացնում, գլուխդ տանում են, թե՝ ասա՛, ասա՛: Ախր որ չեմ արել, ի՛նչ ասեմ, ի՞նչ: էնպես բան արա՛, որ սիրտս մի քիչ հովանա յա տաքանա, շատ խոսալուց ի՞նչ կշահվիս: Ասենք, թե խաթր եմ անում, լիս չե՛մ ընկնում, հենց պետք է ամեն բան բերանդ գալիս խոսի՞ս: Սիրտս սրսռում ա էդ հարցրած բաներիցդ, քար ըլի, էդ խոսքերը չի՛ տանիլ: Ախր ի՞նչպես են աստուծո սուրբ տաճարումը էնպես բաներից խաբար առնում, որ չոլումը չի՛ պետք է խոսացած, բալքի թե քամին իմանա, տանի, ուրըշի անկաջ քցի. տանը չի՛ պետք է ասած, որ չըլիմ չիմանամ, պատերը զարզանդին: Ես իմ կարճ խելքովս էնպես եմ իմանում, որ մարդ խոստովանվելիս ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, աստծուն խնդրի, որ իրան թողություն տա, որ էլ չանի, կարողություն տա, որ իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի, թե չէ՝ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով, անկաջը էսպես. բաներով լցնելով, սրտիցը ո՛չինչ խաբար չառնելով ի՞նչ կընկնի մարդի ձեռքը. ոչինչ: Հինգ օր էլ գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, որ սիրտդ թամուզ չի՛, ի՞նչ օգուտ: Թե ինձ վատություն ես արել, պետք է սրտով իմանաս, ինքդ փոշմանես, թե չէ ուրըշի ասելով դու հո քո ուզածը ու քո խորհուրդը չե՛ս թողալ: Տերտերի առաջին չոքելիս, մեղա տալիս էնպես պետք է վեր կենաս, որ խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ մտնի, թե չէ` սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ի՞նչ օգուտ: Խաթաբալա ա, է՛լի, մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չեն ուզում, թե պոկեն: Հաղորդության օրը որ գալիս ա. աստված գիտենա, ջանս դող ա ընկում: Ինչ աման-չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեինս քանդում, որ տեսնիմ, թե ի՞նչ եմ արել, որ ես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ: Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրըշի հացը ձեռիցը չե՛մ խլել, աստծուն իրան այան ա, գողություն, չարություն, անառակություն մտքովս էլ չի՛ անց կենում, Էնքան արևի, անձրևի տակին չոքըչոք եմ անում: Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդի ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, էլ մեղքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են, թե՝ հա, ասա, հա՛, ասա՛: Ես լավ գիտեմ՝ մեղքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ վրա են բեռը բարձում, մեզ մեղավոր շինում: Ղորդ են ասել թե շատ կարդացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելքը չի՛ ըլիլ կամ թե չէ. Կթուրքանա: Աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարդացողիցն էլ պիտի քանդվի: Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի, սաղ-սաղ կուտեն մարդի: Ինչ ասես` նրանցից դուս ա գալիս: Ավետարանը իրանք են կարդում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում, թե մեր ասածն արեք, մեր գործքին մեք նայիլ: Ախր ի՞նչպես չնայեմ, հո քոռ չեմ, փաոք աստծու: Ինչ ճամփով որ դու գնում ես, ես էլ Էն ճամփովը պետք է հետդ գամ. Տո՛, դու դուզ գնա՛, որ ես էլ դուզ գնամ, է՜. Զոռի բան չի՛ հո: Տո՛, դու խեցգետնի պես ծուռն ես եռում, ինձանից պահանջում ես, թե ծուռը մի գնար: Առաջ դու արա՛, hետո ինձ խրատ տո՛ւր, է՜:
Ես էլ գիտեմ, որ աստված փիս բանը չի սիրիլ. ես որ հող տեղովս ատում եմ, նա ի՞նչպես կընդունի: Թե բան ունիս, է՛ն ասա, Էդով քարվան չի՛ կտրվիլ: Նստում են երկա՜ր, զուոնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, օխտը հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ: Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովրում, քանց սրանցից: Տո՛, փող էլ ուզես՝ կտամ, չունենամ, գլուխս կծախեմ, քեզ կպահեմ, թաք ըլի Էնպես բան ասես, որ խելքումս մտնի, իմ հավարին հասնիս, Էն ժամանակը հոգիս ուզես, քեզ թասիր չե՛մ անիլ, չե՛մ: Ամենը հո ամենը, իլահիմ մեր Տէր Մարկոսը. որ առավոտից մինչ րիգուն՝ փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, հողաթափը ծրփծրփացնելով կամ քոշերը քստքստացնելով, քուցին-քուցին անելով, մեկ դագանակ ձեռին, լոնդի տերողորմեն շխշխկացնելով, քուչեքը չափելով, մեկ մեռել կամ կնունք, շիլափլավ կամ մատաղ պատահելիս մեկ էլ Էն ես տեսնում, որ հազալով, փռշտալով, ոտին-գլխին անելով, դռները ջարդելով, կոտրատելով, ափալ-թափալ ներս ընկավ, հոգեառ հրեշտակի պես Էկավ, թունդրի ղրաղը կտրեց, իրան-իրան նստեց, արաղ, մազա ուզեց, ու հենց իմանաս, թե մեռելի կես հոգին ինքն ա ուզում հանի: Դեռ պատանը չկարած, չլվացրած, շուտով թաղումելեքն ու կողոպուտն ա ուզում, աստված հո չի՛ վերցնի: Տո՛, մեկ արի՛, ձեռս բռնի՛ր, հոր պես ինձ սիրտ դիր, ինձ անուշ լեզվով մխիթարի՛, ետո հոգիս էլ հանի, է՛.թե որ չտամ, պատժի գամ: Մեկ հացկերույթ ըլելիս՝ սափրի գլխին ինքն ա նստում, հինգ մարդի ղդար հաց ուտում, տկի հոտն առնելիս` փորը ղլվլոց ընկնում: Տո՛, քո տունը չքանդվի, քո տունը, հո սոված չմեռա՞ր, ա՛յ խանի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մարդի փորը հո դժոխք չի՞, որ իրան ուտի: Սար ու ձոր` տերտերի փորը. ի՞նչ ղորդ են ասել, է՜: Բերնին ղուրբան, ով էս խոսքն ասել ա: Ավետարանի կողքումը պետք է գրած, որ սրանք կարդան ու իմանան: Քիչ ա մնացել, որ մեզ սաղ-սաղ ուտեն: Երեխեքներս չոբան դառած ման են գալիս, նրանց դարդը չեն քաշում, որ մեկ այբբեն էլա, մեկ ճզի-բզի սովորցնեն, հենց իրանց ֆիքրն են քաշում: էդպես հո չի՞ ըլիլ: Ղորդ ա, կարդալ-մարթալ չե՛մ գիտում. Էշ կերել եմ, Էշ մեծացել: Ես ի՞նչ գիտեմ` տերտերն ի՞նչ ա, ժամն` ինչ: Էդպես բաները էս հաստ գլխումը, հազար տարի էլ ասեմ, մեռնիմ, կտրիմ, ոտներս քարեքար տամ, տուն չի՛ գնալ, տո՛ւն: Պարտականը նա ըլի, որ ինձ կարդալ չի սովորցրել, ամա բանը մենակ կարդալումը չի՛: Ինչ կուզե ասեն, ես իմ կոպիտ գլխովը էնպես եմ կարծում, նհախ տեղը` դատած մալը ուտիլը ու դարտակ քնիլը հարամ ա: Մարդ պետք է ինքն էլ աշխատի, որ կերածը հալալ ըլի:
Էս լսողն էնպես կիմանա, թե մեր Աղասին մեկ սարսաղ, անհոգի, անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի կարդացողներին էսպես քարկոծում, պախարակում էր ու էլ միտք չէ՛ր անում, թե նրա՛նք են Քրիստոսի կենարար մարմինն ու արինը ճաշակում, ծառա եմ նրանց սուրբ զորությանը: Նրա՛նք են մեր հոգու տերը, մեր մեղքը սրբող-մաքրողը: Նրա՛նց է տված երկնքի ու երկրի իշխանությունը, որ արքայության դուոը մեզ համար բանան կամ փակեն: Նրանք որ չըլին, մեր հոգին դժոխքումը հուրն-հավիտենական իսրի պուախումը հա՛ կտանջվեր, հա՛ կտանջվեր ու սատանեքանց փայ կըլեր: Մազե կարմնջովը՝ անց կենալիս՝ տեղը թե նրանք մեր ձեոը չի բռնեն, անդունդը կթափվինք, ու ամեն մեկ մեր թիքեն հազար սատանի ճանկը կընկներ: Ինչ ուզում ես՝ խոսի՛ր, արա՛, ձեռդ ո՞վ ա բռնում, ամեն մարդ իր գլխի տերն ա, ամա էսպես բանի վրա խոսողի ատամները պետք է ջարդած, որ խելքը գլուխը գա.
Ի՞նչ անես, Էշ գեղըցի ըլելով՝ գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ո՛ չ վարպետ էր տեսել, ո՛չ վարժատուն, ձիու տակը սրբելուցը, մաճը բռնելուցը, հանդը վարելուցը ու կատեպանությունից ավելի ո՛չին չ բան չէ՛ր գիտում: Ախր մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսըներով չոլումն ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես, ի՞նչ բեդամաղ ըլիս. նրա ասածը ո՞վ չվանի կդնի: Թեկուզ գեղըցին, թեկուզ յաբանի հայվանը, մի հեսաբ ա: Մեկ մարդ որ խաչ հանելիս չիմանա, թե ձեռը առաջ դո՞շին պետք է դրած, թե՞ ճակատին, ա՞ջու կողմը, թե՞ ձախու, սաղ տարին հինգ անգամ ժամի երես տեսնի, էլ ո՞վ նրա դնչին մտիկ կտա: Կըլի որ նրա բոլոր ան բավականության պատճառը բարիկենդանն էր ու ժամի երկարիլը: Բալքի միտք էր անում, թե իր թայդաշ տղերքը Էն սհաթին ձի ու ասպաբ հազրած՝ դուս ըլին Էկած, ու ինքը ետ մնա: Բալքի թե հենց է՛ստուր համար էր նա էնքան դատ-բեդատ անում, տրտնջում, բերանը ավերում, հոգին ապականում. թե չէ նրա ձենը մինչև է՛ն օրը իր հերնըմերն էլ չէին լսել: էս պատճաոով կարելի ա նրա գիժ խոսքերը մոռանալ, նրան ներել ու էսպես ափեղցփեղ, հայվարա խոսողի բերանը ցխել որ իր չափը ճանաչի:
Ուրեմն՝ լսողը թո՛ղ չբարկանա ու իսկույն ձեռք բարձրացնի, որ Աղա՛սու բերնին խփի: էսպես չար լեզու ուրիշ մարդիկ էլ ունին, բայց Աղասու բարի խասիաթը, բարի սիրտն ու հոգին քիչը կունենան: էս հասակը հասել էր, քսան տարին անց կացել, նա դեռ հորնըմոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը: Մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել. մեկ օր նրա բերնիցը մեկ թթո, խոսք չէ՛ր լսված. աչքը նրանց աչքին առնելիս` նա նրանց միտքը իսկույն իմանում ու գլուխը մահու էր տալիս, որ նրանց կամքը կատարի: Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին խնդում, նրա գլխովն օրթում ուտում: Ամենի աչքը նրա վրա է, նրան էր գովում, նրան էր օրհնում: Մեկին մեկ փորձանք դիպչելիս կամ մեկ դարդ ունենալիս նա իր գլուխը ետ էր դնում, նրա մուրազին հասնում: Բերնի թիքեն հանում էր, ուրըշին ուտացնում: էնքան իր ապրանքին, իր հանդին ու մալին չէ՛ր մուղայիթ, որքան իր հարևանների: Տանուտերի տղեն էր, աղքատի ու նաչարի ընկեր: Որբ էր նրա դուոը զալիս՝ սափրեն էր բաց անում կամ քիսեն. ում գութան չուներ, իրանցը բան տալիս, ում եզն ու հոտաղ չուներ, իրանցն ուղարկում. ում փող չուներ, որ մշակ բռնի, իզին էտի, փորի յա թաղի կամ թաղը ետ տա, ինքն էր առաջ ընկնում, գեղի տղերքը հավաքում ու գնում նրա բանն` առանց կանչելու, առանց խնդրելու անում, ու իգու տերը մեջը մանելիս` աչքը մնում սառած, նրան ումբր ու արև խնդրում, չունքի թե մեկ տարի վազն անթաղ մնա մեր աշխարքումն, իսպառ կչորանա: – Շատ հերնըմեր երանի էին տալիս նրա հորն ու մորը, որ էնպես բարի զավակ ունեին: Ինչ տեղ մեկ մեջլիս կամ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը ու քեֆ շհանց տվողը: Նրա սուրահի բոյը, նրա թուխ-թուխ աչքերը, նրա ղալամով քաշած ունքերը, նրա աննման, գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը. նրա լեն թիկունքը, բարձր ճակատը ու ոսկեթել ճալվերը մարդի խելք էին տանում. տեսնողը մաթ էր մնամ, չէ՛ր կշտանում: Սազը ձեռն առածին պես՝ քարին, փետին շունչ, հոգի, լեզու էր տալիս: Ղորդ ա, արևն երեսն էրել գունը փախցրել էր, ամա ծիծաղելիս որ աչք ու ունքը չէ՛ր բաց անում, հենց իմանաս վարդ է բաց ըլում, երեսիցը լիս վեր թափում: Նրա թվանքի գյուլլեն դարտակ չէ՛ր անց կենալ: Սիրտն էնքան բարի էր, որ նհախ տեղը ղուշ էլ չէ՛ր սպանիլ. մռջիմը չէ՛ր կոխիլ, ամա հարամի թշնամու ձեռին տապակվելով գիշեր-ցերեկ, որ թե էնպես էր պատահում, որ թուրքերն էկել էին, բաղը լցվել, կամ իրան սպանիլ, կամ իր հարևանին, էն ժամանակը երկնքումն ըլեր, վեր կգար, գեղի էն կողմիցը ձեն տային, իսկույն ական թոթափել հազիր էր, ու թե բառով բանը չէ՛ր վերջանում, էն ժամանակը նա իրան թրի, թվանքի ու կռան հունարը էնպես էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած կամ նրա ձեռին, հնձանի տաքարին ղուրբան ըլում, որ թաղում, ծածկում էին, չունքի հազար անգամ էին փորձել, վարավուրդ արել, թե մինչև տաճկին չծեծես, քեզ բարեկամ չի՛ դառնալ:
էնքան ղվաթով էր, որ ձեռը մեկ տղամարդի գոտիկը որ չէ՛ր քցում, հավի ճուտի պես բարձրացնում, գլխի ծերն էր հանում, պտիտ տալիս, էլ ետ վեր բերում: Ձին նի ըլելիս որ ձեռը չէր բարձրացնում, ասլան ձին կզանում էր ու մեջքը դեմ անում: Հինգ մարդ վրա թափեին, բռանց ձեռը կոլորեին: Գոմշի կամ եզան բողազը մեկ թուր խփելով է՛նպես դուս կտրում, որ թրի ծերը գետինն էր խրվում: Շատ անգամ քսան հարամի հենց թրի ոռքով էր հետ ածում: Թուրքերը նրա անունը լսելիս լեղապատառ էին ըլում: Շատ անգամ, կռիվ քցած վախտը, հենց նրա ձենն իմանում էին թե չէ, ճանճի պես ցրվում, դես ու դեն էին կորչում, գյում ըլում: Ավելի անունը Ասլան բալասիհ էին դրել: Ձեռներն էլ կապած որ հարամու, թուլու մեջ բաց թողեիր, կարող էր, որ իր գլուխը պրծացներ:
Բայց է՛սքան զարմանալի հատկությունները ունենալով` էլի երեխի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ: Խանի, շահի առաջի էնպես էր կանգնում, ջուղաբ տալիս, որ, հենց իմանաս, թագավորի որդի ըլի: Ծիծաղն ու խնդությունը նրա երեսիցը պակաս չէ՛ր հարկիզ. է՛նքան պարզ էր նրա սիրտը, է՛նքան հանգիստ՝ նրա խղճմտանքը, է՛նքան արդար՝ նրա հոգին: Նրա ամեն մեկ խոսքը անգին ջավահիր էր:
Շատ մոր աչք մնացել էր կարոտ, որ նրան իր փեսա շինի, նրա գլխովը պտիտ գա: Ջահել աղջկերքը, նրա ձենը կամ անունը լսելիս, ուզում էին, որ հոգիները տան: Շատ անգամ, ջրի ճամփին կամ տան կտրներին կանգնած տեղը, որ Աղասուն անց կենալիս չէին տեսնում, էնպես էին կարծում, թե հրեշտակ է անց կենում, մնում էին քար դառած, մայիլ էլած: Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էի ընկնում, խելքըները գնում. ուզում էին իրանց հոգին հանեն, նրան տան: Ջանգյուլում ասելիս կամ ֆալ քցելիս կամ թիզ բաց անելիս ամենն էլ իրանց մտքումը նրան էին դնում, երազում նրան տեսնում, վեր կենում նրա սիրուն ա՜խ, ո՜խ քաշում: Նրա ձեռի խնձորը կամ վարդը որ մեկի ձեռն էր ընկնում, որ փտում էլ էր կամ չորանում, էլի նա ծոցիցը չէ՛ր հեռացնում, քնելիս՝ բարձին դնում, զարթնելիս՝ դոշին, երեսին կամ քթին: Մեկ տեղ ղոնաղ ըլելիս, հազար տեղից պատի արանքից, դռի շեմից, տան պուճախից, հենց նրան էին մտիկ տալիս, ու շատը ուզում էր, թե հենց էն սհաթը յա Աղասու ձեռը նրա ձեռին դիպչի կամ շունչը՝ շնչին, յա թուրը սիրտը մտնի, որ շուտով նրա արևին մատաղ ըլի, որ Աղասին նրան թաղի, Աղասու սիրտը նրա համար մրմնջա, Աղասու աչքը նրա վրա լա, բայց ա՜խ, Աղասին վաղուց էր իր մուրազին հասել ու նրանց մուրազը փորըներումը թողել: Սաղ գեղը է՛նքան էր նրա սիրովը վառվել, որ մինչև նրա վրա խաղ էլ էին հանել՝ իրանք ասում, էրեխեքանցը սովորցնում:
Աղասի ջա՛ն, գլխիդ ղուրբան,
Դու ես մեր թագն ու պարծանքը.
Աշխարքս որ բոլոր ման գան,
Ո՞վ կլի հատդ, դու մեր կյանքը:
Գլխովդ միշտ պտիտ կըգանք,
Ա՛ռ մեր հոգին, դու մեր հրեշտակ.
Թե թաղես էլ մեզ, ձեն կտա՞նք,
Էլ քեզ կօրհնենք, քեզ դուրբան գնանք:
Երկնքին դու լիս ես տալիս,
Ծաղկերին՝ հոտ, համ ու հոգի.
Դաշտ, սար ու ձոր քեզ տեսնելիս՝
Գլուխ վեր բերում քո առաջի:
Բյուլբյուլն մեռած՝ սազիդ ձենին,
Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,
Ա՛խ են քաշում, տալիս գլխին,
Վա՜յ են ասում՝ դու մտիկ չտալիս:
Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,
Քո շվաքիդ տակին մնանք.
Ա՜խ, թե մեռնինք, մեր գերեզման
Էլ գաս, կոխես, որ դինջանանք:
Թագավորներ հասրաթդ քաշեն,
Որ ունենան քեզ պես որդի.
Քո անունը երբ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիք:
Արեգակն իր լիսն երեսիդ,
Ամպերն իրանց թևերը փռած՝
Քեզ են նայում, որ արևիդ
Ղուրբան ըլինք, մնում կանգնած:
Տանիցը որ դուս ես գալիս՝
Ամենիս աչքն վրեդ մայիլ.
Քաղցր լեզուդ մենք լսելիս՝
Ոտիդ տակին ուզում մեռնիլ:
Ղալամով աչքերդ ա քաշած,
Սուրահի բոյդ մեկ չինարի.
Աշխարքի աչքն քո վրեն մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի:
Բայց ինչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ հարսը: Ղորդ ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր: Շիրախանի բալանիքն ասես թե մառանի, մոր ջիբումն էր: Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան, որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ: Աղասու նշանածն էլ լավ ոտին-գլխին էր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը, ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս: Անաստված կեսուրը ո՛չ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չէ՛ր մռում: Ամեն բանը իր ձեռովն էր հազիր արել՝ արաղ, գինի, հավ, ձու, ոչխարի միս, բայց, ժամը չարձակված, վա՛յ նրան, որ էստոնց կշտովն անց կենար կամ մատը դներ վրեն:
էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին թամուզ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրսն ու տունն ավելել, չունքի որ գեղի քեդխուդեքը էսօր էստեղ էին կանչած, ու էսպես կարգով` օրը մեկ քեդխուդի տան, ինչպես որ միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք է անցկացնեին: Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր, որ տեսնի, թե ե՞րբ ժամը դուս կգա: Հենց կնանոնց սպիտակ չարսավը տեսավ թե չէ, նոքարը ափալ-թափալ տուն ընկավ ու նրան աչքալիս տվեց: էլի մերը իր ձին քշեց, իր ասածն արեց ու Աղասուն չթողաց, որ տեղից էնքան ժաժ գա, մինչև Սառախաթուն տատը տուն չէկավ, Սաղմոսն ու չարսավը չծալեց ու ամենին հավասարական Ողորմի աստված չասեց, նշխարք չբաժանեց:
– Աստված ձեր գլխին խոով չկենա, էսօր դուք հո հոգիս հանեցիք, իմը ինձ հասցրիք, – ասեց Աղասին քթի տակին, մեկ կտոր նշխարք բերանը քցեց ու ընչանք ղոնաղները տուն կգային, փասա-փուսեն հավաքեց, դուս թռավ, ծլկեցավ:
Անիրավ ձին էլ, հենց իմանաս, իրան փառք էր համարում, որ էնպես նստող ուներ վրեն: Ոտն օրզանգվին առավ թե չէ, մեջքը կռացրեց ո սկսեց գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, նալներին կրակ տալ, խրխնջալ, փռնչալ ու թև առնիլ, ոտները գետնիցը կտրիր: Աղասու ընկերքն էլ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր արել, իրանց մեծին սպասում ու դեռ չէին համարձակում, որ իրանց քեֆն սկսեն, չունքի պատվելի քեդխուդեքը եկեղեցուց դուս էկած՝ գեղամիջումը կանգնել, զրից էին անում, իրանց հոգսը հոգում:
– Մեկ կորչում էլ չե՛ն էս անատամ հալևորները, էս ծերերը, որ մենք դինջանանք, մեր քեֆին նայինք, – ասաց մեկը՝ ատամները կրճտացնելով, բարկանալով: – Իրանք ջանից ընկել են, իրանց ջահելությունը մոռացել, ու չե՛ն էլ ուզում, որ մենք էլա մեր օ՛րը քաշենք:
Բայց տանուտեր Օհանեսը էփված, փորձված մարդ ըլելով, միրուք ու մազեր հազար բանում սպիտակացրած, հազար չաթուչվան կտրած՝ ծանր, ուռած կանգնել, գզրին թամբահ էր անում, որ թուրք պատահելիս տանի, մեկ տեղ ղոնաղ տա, էն շանը լավ մտիկ անի, որ մարդի չկծի, ու տերտերն էլ մեջըները քցած քիչ-քիչ երիշ արին, տուն գնացին: Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց աստղը դուս էկավ:
– Քեդխուդեքը գալիս են, տո՛, տե՛ղ արեք, ղրա՛ղ կացեք, ճա՛մփա բաց արեք, – ձեն տվեց գզիր Կոտանը՝ մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայլը մնացել էր երեսի վրա ցից էլած, խճճված, կես փայն էլ բողազին, չանին կպել, չորացել, Էնքան խոսացել էր ու հարայ տվել:
Թագավորն էլ Էնպես ուռած-ուռած իր քոշք ա սարեն (պալատը) չէ՛ր մտնիլ ինչպես մեր գեղի իշխանքը՝ իրանց տաք գոմը, թեև շատի հաքին Էնքան շոր չկար, էրկու մանեթի գին ունենա: Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված հին յափունջում կոլոլված, որը մեկ հազար տեղ կարկատած, մաշված քրդի աբա Էնպես էր ուսերին քաշել, օր, ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը, գլուխդ ապրի՛, պատռտված քոբաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից Էնպես էին ճոլոլակ էլած ու քամու ձեռին եսիր մնացել, որ փչելիս՝ ուզում էր, թե իրանց էլ հետը տանի: Գլխըներին հո, էնպես գիտես, թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար ըլեր դրած: էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք էր ու, աստծու տվածիցը, շորի հոտ էր գալիս վրըներիցը: Սրանց ամեն բանն էլ կարգին էր. լաբչինը՝ թազա, մուգ մավի ղադաք փոխանի ղրաղները` ասղարուր, մավի քոբաչի շալ չուխա կամ եզդու ղադաք կապա, սիպտակ կտավե կամ շալի գոտիկ. շապկըների յախեն` որինը մով, որինը քաթան, արխալղները, ղորդ ա, կարկատած էր, ամա շատ որ ըլեր, մեկ տասը-քսան տեղ, ավելի չէ՛, էն էլ ռանգռանգ կտորներով` որը կարմիր, որը դեղին, որը զոլ-զոլ, էնպես որ շատի արխալուղը հեռըվանց, հենց իմանաս, չալ ղաջարի ըլեր կամ չալ կատվի պոչ: Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն էր. երեսը՝ կարմիր ներկած, ինչպես մեկ թուրքի հինա դրած ղաբա միրուք, երեսք չուներ, ջանումն էլ բաց տեղ չէ՛ր մնում, բոլոր ծածկում էր: Փեշերը ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսըներիցը կախ ընկած՝ գետինն էին հասնում ու դիպած տեղը թամուզ ավելում, հայլի շինում, ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ, բայց ա՜խ, շատ արևի ու անձրևի ձեռիցը է՛ն հալն էր ընկել, ներկն ու երեսի ջուրը գնացել, որ, հենց գիտես քոսոտ ձիու սաղրի ըլեր: Շատի վրա տասը տարվան թոզ ու կեղտ կար: Շատի ուսերն ու քամակը էնպես էր ծակվել, բուրդն ու մազը դուս թափել, որ տեսնողը հենց կիմանար, թե գարունքվան բրդըհան էլած ուղտի կաշի ըլեր: Բազընի փափախի մորթին էլ հո՛, էնպես էր չալ ընկել, ու ծերիցը բուրդը դուրս թափել, որ մեկ բարակ քամի կամ հով փչելիս էլ` ամեն մեկ մազը թև էր առնում ու գլխներին պար գալիս: Բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր տեսնելով, թե ի՛նչպես տանուտերն ու քեդխուդեքանց շատը գդակները կոտրել, աջու, ականջի վրա թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քեֆով մեկ էս ուսին էին քաշում, մեկ Էն, ու բազի անգամ զլխըները էլ հետը տրմբացնում էին, որ գդակները գիժություն չանեն, իրանց չափը ճանաչեն ու դուզ կանգնին: Բազի անգամ էլ իրար բռնոթի թավազա անելով կամ մեկը ձեռը մյուսի գոտիկը կամ ճտքովը քցած՝ իրանց էրեխությունը միտքըներն էին բերել ու շախա անում, իրար բոթբոթում, շվացնում, զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ էլ հրհռում, քրքռում, բրբռում, դրդռում. շատը հո, ծիծաղու, մեջքի իլիկը կոտրըվել էր, էնպես որ ժամիցը ընչանք տուն կգային, հենց բռնի՛ր, տարի քաշեց, էնքան էին էստեղ-էնտեղ կանգնել ու զրից արել:
Ղորդ ա, ասացի, որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չունէր, որ ոտը ծածկեր, շատի չուխի վրա հարիր կարկատան կար, շատի ձեռների, երեսի, միրքի վրա տասը տարվան աղբ, կեղտ, թոզ ու մազ կար, շատը բերնումը երկու հատիկ ատամ էլա չուներ. Էնքան ծերացել էր, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն հազար բարությունով լիքը` տրաքում էին, ու աստուծո հոգի կար միջըներում, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը: Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը, կթի կովն ու գոմեշները` ֆորթ ու ձագը տակըներին, գոմումը կապած, քյահլան ձին` թավլումը, գութանը՝ դռանը լծած, մառանը՝ եմիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում, և մտնողին հոտը տեղն ու տեղը բռնում, շշմացնում էր: Նորահարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ որ գլուխը բարձին չէ՛ր դնում էս անմահական բարության մեջը, էնպես իմանում էր, թե դրախտումն ա աչքը խփում կամ բաց անում: Որը երկու, որը իրեք բաղ ուներ, նոքար, հոտաղ` դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում էր: Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարագ, մոթալներով պանիր, – ծո՜վ, ի՞նչ տուն: Տասը ղոնաղ որ Էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար, ու յաբանի յադն էլ նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կքաշեին, տուն կկանչեին, որ նրանց սուփրի համն առնի ու Էնպես ճամփա ընկնի: Շատ անգամ եկեղեցումը որ մեկ ղարիբ օքմին կտեսնեին, Սուրբ սուրբն ասածին պես շատը կերթար, եկեղեցու դուռը կկալներ, որ սֆթա ինքը նրան իր տունը տանի, ու շատ անգամ, երբ ուզողը շատ կըլեր, խոսքըմին կանեին, որ մեկ-երկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան քեֆ շհանց տան, ա բոլորն ի միասին, մեկ սրա տանը, մեկ օր` նրա, ուրախաթյուն անեն, ղարըբի սիրտն առնեն: Շատը սուրուով ոչխար էլ էին պահում: Էնպես մարդ կար, որ տարենը երկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում էր ու մեկ էնքան էլ աղքատի ու ճամփորդի ուտացնում յա գեղապետի հմար պահում, որ սարի աղքատ խալխը` թուրք, հայ, չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս` գան, տանին, ու իրանց թամարզու նաչարի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ էլ որ ըլի, նրա առաջին ու վերջին դեղը պտուղն ա: Պտուղ որ չըլի, ո՛չինչ բան նրան չի՛ փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի: Ամեն մարդ իր բաժակի գինին ալհադա ուներ պահած, որ համ իր եկեղեցուն էր տալիս, համ էլ գեղըցոնցը բաժանում, ուրտէղ բաղ չկար, որ նրա ննջեցելոց հոգին հիշեն: Ամեն նավակատյաց ոչխար ասես, կով ասես՝ մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում ու տանով-տեղով գնում, իրանց սիրելյաց գերեզմանները օրհնիլ էին տալիս ու աղքատներին կշտացնում: Մէկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց հաքնելու շորիցը. Էն էլ` կտավ, շապկացու, չուխացու, շատը հարսներն ու աղջկերքն էին նրանց համար մանում, գործում, կարում: Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար. խասի ու ղումաշի միջում կորած էին. բերնըներիցը կտրում էին, օղլուշաղի ոտն ու գլուխը թամուզ պահում. տղամարդը շատ օրը հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ. կինարմատը միշտ պետք է աբուռով հաքնի, աբուռով մաշի: Մեկը-մեկի ջգրու, շատ անգամ, իրանց օղլուշաղին էնպես էին ծաղկում, զարդարում, ինչպես գարնան վարդը: Սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, ղասաբ, ղրաղները գյուլաբաթնով արած փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա), զառ լաչակ, ղալամքար աբխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ ու բիլազիգ, քարգահարուր օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախա, ոսկե քամար, յախութ մատանիք, քահրըբար յա մարջան ճտի շարք` շատի միջումը ոսկիք, մանեթ, աբասի ծակած, անցկացրած, դոշի քորոց, ականջի օղ՝ Ո՛րը ոսկի, ո՛րը մարգարիտ. մինթանի ղրաղները՝ շատինը մարգարտաշար: Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար: Շատի ճակատին շարքով յալդուզ ոսկի շարած: Ամեն մեկի կնիկն ու աղջիկը, հենց իմանաս, խանզադա ու բեկզադա ըլեր: Շատը չորս-»հինգ հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս՝ ուզում էին գլխովը պտիտ գան ու ոտները ջուր անեն, խմեն: Գլուխն ու քամակը դեմ անելիս՝ հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն կամ քութութեն: Տրխները կամ լաբչըները հանելիս՝ ձեռն էր, որ բան էր ընկնում. Որը ոտն էր ճմռում, որը ջուրն էր տաքացնում, որը բերում, որ ոտն ու գլուխը լվանա, որը թևերը վեր քաշած ձեռին ջուր էր ածում, որը մահրամեն տալիս, որը թևն էր քաշում, որը շորերը դասում. որը տեղը քցում, քնացնում: Քնած վախտին էլ ե՞րբ կարեր մեկ ճանճ, որ նրա մոտովն անց կենա կամ երեսին նստի, էնքան աչքաբաց էին հարսն ու աղջկերքը: Մեկ ղոնաղ պատահածին պես էս պատիվը ղոնաղինն էր, ե՞րբ կարեին նրանք բաց աչքով նրա երեսին մտիկ տալ: Մեկ բան ուզելիս ոտի տեղ գլխի վրա էին գնում, որ նրա ասածն անեն ու ձեռըները դոշըներին դրած՝ աչքը կթած ունեին, որ տեսնեն, թե իրանց տերը կամ ղոնաղը ի՞նչ կհրամայի, որ կատարեն: Կեսուրը կամ կեսառը մեկ աչքը քցելիս՝ ուզում էին, որ տեղնուտեղը հալչին, էնքան հնազանդ էին:
– Բա՛խտ, բախտ էս ա. փողի բարաքյաթին էլ նալլաթ, նրա կտրողին էլ, – շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալիս, – ուտիլ չի՛ կարելի, հաքնիլ չի՛ կարելի: էսօր ջեբդ լցնես, էգուց պետք է մատդ լպստես: Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը՝ ղարարդ: Փորացավ ընկածի պես` մարդ չի իմանում, թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում: Փողը որ կա, ժանգ ա, ձեռի կեղտ, էսօր կա, էգուց աստուծով մխիթարիս: Մեռնիս՝ պետք է շներոց-գիլերոց ըլի: Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած, հեսաբը մեկ ա: Սարդարն էլ ա մեր դուռը գալիս, փողատերն էլ: Տաշտումը հաց ունենամ, կարասումը գինի, ջվալումն ալիր, հերն անիծած, որ չիփ-չփլախ էլ ըլիմ, դարդ անեմ: Օջախս լիքը ըլի, տանս` բարաքյաթ, որդիքս սաղ-սալամաթ, թո՛ղ օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոգում, հացն աստծուն ա, ես էլ հետը. ո՞վ հասնի, թո՛ղ ուտի: Տերին փառք, տեղը հլա շատ կա. տղերքըս սաղ ըլին, ջանս ապրի: Աստված իր ստեղծած բանդի ռզղը ի՞նչպես կկտրի: Գդակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ո՛վ թամբալ ա, թո՛ղ նա դարդ անի:
Չէ՛, չէ՛, փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ: Փող՝ հող, մին ա: Զարգար Պ. որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից մեկ թիզ բարձրացել ու լավ ա ապրո՞մ: Նրա քոռ աչքը գիտենա: Շատ ֆիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դաոել, քամակն էկել, փորին դեմ առել, ատամները ցից-ցից մնացել, աչքերը կուլ գնացել. մեկ որ փչես, հազար տեղ գունդ ու կծիկ կըլի. մեկ որ քթին հուպ տաս, հոգին էն սհաթը կտա: Տարենը որ հազար շուն, գել, թուրք, հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ հացս չուտեն, տանս չքնեն, գինիս չխմեն, իմ աչքը հեչ քո՞ւն կգա: Գյոռս էլ որ քանդեն, ձեն չե՛մ տալ: Իգուս մասըլի տուտը Թեհրան, Ստամբոլ ա հասել: Ում հադդն ա, որ մեկին չէ՛ ասի: Ինչ ուտում են, չեն ուտում, էնպես ասած ունիմ, որ հաբգա, խուրջին էլ լցնեն, որ տանեն իրանց տունը: Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղն ուտիլը աշխարք արժի: Նոր չե՛մ հաքնիլ, հին կհաքնեմ, ձեռս ո՞վ ա բռնում, ո՞վ ա գլխիս ծեծում, թե զառ ու ղումաշ հաքիր: Ե՞ս չեմ իմ գլխիս տերը: Քաղաքը որ մտնում են, հենց իմանաս, թե աշխարք սով ա ընկել. էլ ո՛չ խեր կա, ո՛չ բարաքյաթ: Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու առնում, էլ ու՞մ դուռը գնաս, ու՞մ ձեռդ դեմ անես: Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններումը կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համարելիս, էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս, էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա: Հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի: Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ոչ մեկ բուռ հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք՝ մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես: Թո՜ւհ, մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի: Հազար տարի էլ որ քո ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնիս, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ.
Էն մարդն էլ, որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա ա էլել, աչքը աչքիդ առնելիս, հենց գիտես, թե գյուլլով խփեցին: Ետևն ա քեզ դեմ անում ու աչքը քամակը քցում: Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղու՛ռումսաղ. ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չեմ ուզում, որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես՝ քթովդ դուս գա, խնդրել եմ աստվածանից՝ զահրըմար ըլի, էն դինումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով, աստուծո բարին է՞լ ա գլխիցդ ղհաթ էլել, որ դունչդ ցցում ես ու ետ փախչում: Մեկ բարի լիս, բարի օր էլա տո՛ւր, է՜, հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ինչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՛, ա՜յ փողակեր՝ հողակեր: Ասենք, թե չուխես մահուդ չի՛, հին, մաշված, բրդից ա, քոնը՝ նոր, կանաչ մահուդ, ձեռիցդ հո չե՞մ խլում: Քեզ պես հազար մահդամարդ իմ էս աղքատ չուխիս ղուրբան ըլի, որ առանց ղոնաղի հաց չի ուտում: Թե մեկ օր էլ ճանկս կընկնիսի՛ս, ես գիտեմ, թե ձիուդ գլուխը դվորը շուռ կտամ, հլա սաբր արա, հալբաթ էլի քամին կպտտի, քեզ մեր դեհը կքցի. Էն ժամանակը աչքդ բարին տեսնի: Ճոթ առնելիս հո՛, շատն ուզում ա, մեկ-երկու շահի փող ենք դատել էն էլ նա խլի, է՜յ գիտի ժամանակ, հա՛, ո՞վ էր տեսել կամ լսել ավալի սֆթա Էսպես բաներ, գառն ու գելն ի միասին արածում էին, հըմիկ կովը վեր են քաշում, որ տեսնեն, թե տակին երաբ ֆորթ կա՞, թե չէ: Սատկած ձիու նալնի են ման գալիս, էլ ո՞ւմ ասես ղարդդ: Հերը որդին չի՛ ճանաչում, որդին` հորը, ախպերն՝ ախպորը, լավ ա, որ քարը քարի վրա կանգնած մնում ա: Մարդ ինքը պետք է լավություն անի, որ աստված էլ նրա բանն, հաջողի: էլի աստված օրհնի՛ մեր հողը, մեր ջուրը, էլի թե հոգի կա, հավատ, մեզանում ա: Ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, իրար թասիբ քաշե՛նք, իրար արևով խնդա՛նք, մեկ օր կմեռնենք, որ ողորմի չտան, գյոռբեգյոռ հո չե՞ն անիլ: Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կգա: Լավություն կանես՝ լավություն կտեսնես, վատություն կանես՝ վատություն: Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա,. էլի Նրա ողորմին հա՛ կա, հա՛ կա: Թուրք ու հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում: Ճամփի վրի մենծ իգու անունը Հնդաստան ա հասել. Էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց, որ անց կենողը գնա, նրա բարությունը վայելի: Չորս կատեպան ամեն առավոտ, ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին, ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում: Էն մեշա իգուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին: Ի՞նչ պետք է տանինք էս փուչ աշխարքիցը. դարտակ էկել ենք, դարտակ կերթանք: Սաքի որ շատ էլ մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի պտի հողը մտնիմ: Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը: Լավ ըլիմ՝ լավ կասեն, վատ ըլիմ` վատ: – Տերտե՛ր ջան, քո ոտի հողն եմ, դրու՞ստ եմ ասում, թե ծուռը: Գրի սևն ու սպիտակը չե՛մ գիտում,. ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարքի բանը քննում: Ով չի՛ ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր գլխի տերն ա: Քեֆ սանն, քյանդ քյոխվանն (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը): Թուրքն անիծած ա, խոսքն` օրհնած: – Ի՞նչ կասես, տա՛նուտեր, թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկաջս քաշի՛, դու գիտես, որ քո չոռը ինձ համար ջան ա , քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ: Թե ճշմարիտը չե՛մ ասում, ասա՛. «Գլուխդ քարին ես տալիս»: Ես էլ ձենս կկտրեմ: Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա իմ ողորմածիկ, լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին: Ինչ որ խոսում էր, հենց իմանաս, թե ավետարանի կողքին գրած ըլի: Սաղ Աստվածաշունչը փորումն ուներ: Մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում: Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո՛, ջրի պես գիտեր: Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր, բերանները կցխեր, ճամփու կդներ: Աշխարքի էն դինիցն էր խաբար տալիս: Մեկ ժողովքարար մեր գեղը գալիս պետք է տափ կենար, որ նրա ձեռը չընկնի, թե չէ՛, աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած ճամփեն ո՛րն ա: էս հմիկ որ լավ-օսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չէ՛ ես ո՞վ եմ, որ ինչ գիտենամ: Բանը է՛ն չի, որ մարդ, ծեգը տալիս, գնա ժամը, մեկ-երկու ծունդր դնի, դուս գա, մի քիչ գրին մտիկ անի, արշտոտա, քունը տանի, կակող բարձի վրա, ղույթուքի յորղան-դոշակում երկար ձգվի, ուտի, խմի, քեֆ անի, փորն ու գլուխը հաստացնի ու գա, մեր ջանին ընկնի, թե ինչ որ դատել եք, էն էլ մեզ տվեք, որ տանինք, լավ ուտենք, լավ հագնինք, լավ մաշենք, ձեզ համար աղոթք անենք: Ախպե՛ր, բաբա՛, ջա՛նմ, գյո՛զմ. աղոթք ունիս, քեզ համար պահի՛, քեզ համար արա՛, ի՛նչ ես տվել, որ մեզանից չե՛ս կարում ետ առնիլ: Ըսկի որ չըլի, կասեմ. «Աստված, քեզ համար մեկ պասորդ կանեմ»: Աստված բերնին չի նայում, սրտին ա մտիկ տալիս: Մեկ հաս ու չհաս պատահելիս հո՛, ուզում են, թե մեր տունը քանդեն: Տո՛, թե սուտը կարճ ա, չի՛ հասնիլ փո՞ղն ա երկարացնում: Բերաններս խփել ենք, ինչ որ ասում են, անկաջ ենք անում: Ասենք` մենք չենք խոսում, բաս աստված վերևիցը չի՞ նայում: էս ի՞նչ բան ա, թե փլավը ես ուտեմ, քո գլխին դմփեմ, մածունը ես լպստեմ, քեզ գող կատու կանչեմ: Ասենք, թե կարգավոր են, խաթրներիցը անց չենք կենում, չենք ուզում, որ անեծքի պատճառ դաոնանք, չունքի սևագլխի անեծքը քարին որ դիպչի, քարը կպատռի. իրանք էլ մի քիչ պետք է իրանց չափը ճանաչեն: Սևանու ճգնավորներն են լավ կարգավոր, ի՞նչ խոսք ունիմ, բաժակի, մսի համ չեն տեսնում, հաքածները բուրդ ա ու շալ, չոր գետնի վրա են քնում, երեսներիցը լիս ա վեր թափում. տաս՝ էլի կօրհնեն, չտաս՝ էլի կօրհնեն: Մոտը մտած ժամանակը աստուծո բան են խոսում՛ կնկա երես տեսնելիս հո՛, երկու վերստ ճամփա հեռու են փախչում: Չէ թե կնկանից, գինուց, փողից, ձիուց, էլ ի՛նչ գիտեմ, ինչ բանից խաբար տալիս: Քյահլան ձիու վրա իրանք են նստում, խաս ու ղումաշ իրանց հաքին ա, ղաբլու փլավ ու հազար տեսակ անոշ կերակրներ, խմիչք իրանք գործածում, բանըդ կուշտն ընկած վախտը ուզում են, թե գլուխդ վեր բերեն. Էս ո՛չ Քրիստոս ա արել, ո՛չ Մահմեդ:
Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?