Текст книги "Ողտյան միանձնուհի"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная классика, Зарубежная литература
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 2 страниц) [доступный отрывок для чтения: 1 страниц]
Րաֆֆի
Ուղտյալ միանձնուհի
Ա
Չոր քարափի կուրծքին կպած էր մի շինվածք, որ յուր ատամնավոր պարիսպներով և կիսավեր աշտարակներով ավելի նմանություն էր բերում մի հին ամրոցի, որի իշխանը վաղուց ընկել էր յուր փառքից, ուր բաժակները դադարել էին փրփրելուց, երգերի, նվագների հնչյունները լռել էին և պարահանդեսների ասպարեզը մնացել էր բուերին և չղջիկներին…
Ավելի ուշադրությամբ նայելիս` առաջին տպավորությունները փոքր առ փոքր անհետանում են: Տեսնվում են խաչազարդ գմբեթներ, լսելի է լինում զանգահարության խուլ – մելամաղձական ձայնն, որի արձագանքը դողդոջուն հնչյուններով տարածվում է հեռու և հեռու լեռների մեջ…
Այստեղ միանձնուհիների նվիրական մի սրբարան է: Գիշերային խավարը տիրել էր աշխարհին:
Փոքրիկ խուցի մեջ աղոտ լուսով վառվում էր մի ճրագ, որ դրած էր հասարակ փայտե գրասեղանի վրա: Նրա հանդեպ նստած էր մի պառավ կին ոտքից գլուխ սև հագնված. դա կուսանոցի մայրապետն էր: Նա կարդում էր նույն ժամուն մի աղոթագիրք:
Դռան ճռռոցը խլեց մայրապետի ուշադրությունն յուր կարդացած գրքից: Հայտնվեցավ մի ավելի մանկահասակ կուսան:
– Ի՞նչպես է զգում իրան նորընծա միանձնուհին, – դարձավ նա դեպի եկվորը:
– Ջերմն ավելի սաստկացած է, – պատասխանեց նա, – ամենևին հանգստություն չունի, անդադար կրկնում է միևնույն խոսքերը…
Մայրապետն շտապեց դեպի հիվանդի խուցը:
Մահճակալի վրա պառկած էր մի պատանեկուհի, նա տանջվում էր նույն րոպեին ջերմախտական ցնորքներով: Մահվան դեղնությունը պատել էր նրա քնքուշ դեմքը և սևորակ աչքերի մեջ, որ երբեմն բաց էր անում, աղոտ նշույլներով փայլում էր մարած կյանքի վերջալույսը:
«Օսեփ ջան, Օսեփ ջան, քո հոգուն մատաղ… ազատի՜ր ինձ… տա՜ր, ուր որ ուզում ես… ես կգամ քեզ հետ»…: Այդ խոսքերը լսվում էին մերթ ընդ մերթ հիվանդի բերանից:
Մայրապետը նստավ նրա մահճի մոտ և խորին տխրությամբ լսում էր այդ խոսքերը, խոսքե՜ր, որոնք բխում էին խորտակված սրտի փլատակներից…
Հայտնվեցավ մի կարճահասակ տղամարդ՝ ակնոցներով: Նրա առաջին հոգատարությունից երևում էր, որ բժիշկ էր: Նա հիվանդը քննելուց հետո, դարձավ դեպի մայրապետը, սկսավ հարցնել նրա նույն ավուր դրությունից:
– Առավոտյան նա բոլորովին ուշի եկավ, – ասաց մայրապետը, – մեզ ամենիս ճանաչում էր և պարզ խոսում էր: Հանկարծ երևակայությունը դարձյալ խառնվել սկսեց, երբ նայեց մեզ վրա: Կարծես, իրան շրջապատող առարկայքը սարսափելի տպավորություն են գործում նրա վրա և ծնեցնում են նրա մեջ մի վրդումունք, որ մեր ամենիս անհասկանալի է…
– Ի՞նչպես էր նա հիվանդությունից առաջ, – հարցրուց բժիշկը:
– Այն օրից, երբ նրան կուսանոցը բերին, նա միշտ լուռ էր և տխուր: Ժպիտ, ծիծաղ ասած բաները մենք երբեք չէինք նկատում նրա դեմքի վրա: Պատահում էր, որ նա սեղանից հեռանում էր առանց մի պատառ հաց ուտելու, պատահում էր, որ ամբողջ ժամերով նա չէր երևում. մենք նրան գտնում էինք առանձնացած յուր խուցի մեջ, կամ լաց էր լինում, կամ նստած խորին մոռացության մեջ տխրում էր և հալումաշ լինում: Պատճառները մեզ հայտնի չէին, ես կարծում էի, թե խղճի խայթը այդպես տանջում էր նրան և զղջացած սրտի ցավերով մաշվում էր նա…
– Հիվանդի ցավը բարոյական է, – պատասխանեց բժիշկը կանգնելով, – երևում է, նա ընդդեմ յուր կամքին այստեղ բերված է: Նրա ծնողները պետք է շուտով հեռացնեն նրան կուսանոցից, եթե չկամեին մեռցնել իրանց աղջիկը:
Բժիշկը մի քանի պատվերներ տալուց հետո հեռացավ:
Բ
Թոմաս Խորենյանն – այդպես էր բժշկապետի անունը – մի գյուղացի աղքատ մարդու որդի էր, նա յուր տասներկու տարեկան հասակում Թ. քաղաքը բերվեցավ, և ազգային դպրոցը հանձնվեցավ որպես թոշակավոր աշակերտ: Այնուհետև մտնելով տեղային արքունական ուսումնարանն, ավարտեց որպես ամենաընդունակ աշակերտներից մեկը, որի համար տերության ծախսով համալսարան ուղարկվեցավ: Նա դուրս եկավ համալսարանից ստանալով, որպես արգասիք յուր հինգ տարվա անխոնջ աշխատության, դոկտորի տիտղոսը: Վերադառնալով հայրենիքը, դոկտոր Խորենյանը չմնաց այնտեղ, որովհետև հայրենի երկրի անշուք կյանքը նրան ձանձրացնում էր, այլ շուտով Թ… քաղաքը վազեց երկու նպատակով, մինն` յուր համար լավ ասպարեզ տնօրինելու, մյուսը` մի հարուստ աղջկա վրա պսակվելու մտքով: Այդ ցանկություններին հասնելու ուղին հարթելու համար ոչինչ չէր արգելում պարոն բժշկապետին յուր ժամանակից մի քանի ժամեր զոհել ազգային գործերին: Դրանցից մինն էր կուսանոցի մեջ հիվանդների հոգատարությունը ձրի ընդունելը: Դեռ նոր եկած լինելով այդ քաղաքն, յուր այն գիշերվա հիվանդի ով կամ ում զավակ լինելը բոլորովին անհայտ էր նրան: Բայց հիվանդի կյանքի և նրա անցյալի մեջ նա թաքնված էր գտնում մի գաղտնիք, որի լուծելը նրան շատ և շատ հետաքրքրում էր: Այղ խորհրդածության մեջ կամենում էր նա կուսանոցի դռանը սպասող կառքը նստել, երբ մի ձայն կանգնեցրեց նրան.
– Պարոն բժշկապետ, ներեցեք ինձ հարցնել հիվանդ օրիորդի դրության մասին, որի մոտ դուք այցելություն ունեիք:
Կուսանոցի դռանը վառվող ֆանարի լուսով բժշկապետը նըշմարեց մի երիտասարդի տխուր և շնորհալի կերպարանքը:
– Հիվանդի դրությունը բոլորովին հուսահատական է, – պատասխանեց Խորենյանը դառնալով դեպի անծանոթն. – եթե շուտով պետք եղած հնարները գործ չդրվին, նա կորած է…
Երիտասարդը քարացավ, սարսափի նման մի բան վազեց նրա գունատ դեմքի վրա:
Բժշկապետն իսկույն նկատեց յուր խոսքերի ցավալի տպավորությունն անծանոթի վրա, և զղջալով այնպես հանկարծակի նրան վրդովելու համար, հարցրուց.
– Դուք երևի հիվանդի ազգականն եք:
– Ո՜չ, ես նրա ծանոթն եմ միայն… – պատասխանեց երիտասարդը տխրությամբ:
– Ուրեմն և ծանոթ կլինեք նրա կյանքի և անցյալի հետ:
– Բոլորովին…
– Ուրեմն ներեցեք ինձ հարցնել ձեզանից մի քանի բան հիվանդի մասին, որոնք իբրև բժիշկ պետք է ինձ գիտենալ:
– Ես բոլորովին պատրաստ եմ լցուցանել ձեր հարցասիրությունն, եթե այդ օգուտ կբերեր նրան:
Բժշկապետը սեղմեց երիտասարդի ձեռքն ի նշան յուր շնորհակալության և խնդրեց նստել կառքը ասելով.
– Գնանք ինձ մոտ, ես այստեղ մոտիկ եմ կենում:
Նրանք նստեցին: Կառքի մեջ անդադար հարցնում էր երիտասարդը. – ուրեմն ոչ մի հույս չկա՞…
– Կյանքը մի մազաչափ պատճառով կարող է վերադարձնեք յուր զորությունը, – ասում էր բժշկապետը տեսնելով, որ երիտասարդը շատ անհանգիստ է:
Քանի րոպեից հետո կառքը կանգնեցավ մի փոքրիկ տան հանդեպ, շուտով նրանք մտան մի հասարակ կերպով կահյալ սենյակ:
– Ո՞ւմ հետ պատիվ ունեմ ես, – եղավ բժշկապետի առաջին հարցմունքը:
– Ես կոչվում եմ Հովսեփ Արեսյան, – պատասխանեց երիտասարդը, – մնացածը դուք ինքներդ կգիտենաք:
Նրանք նստեցին միմյանց շատ մոտ կիսաթախտի վրա: Բժշկապետը մանրամասնաբար պատմեց, թե որպես նա գտել էր հիվանդին, նկարագրեց նրա դրությունը, հայտնեց այն խոսքերն, որ լսել էր մայրապետից, և վերջացրեց յուր խոսքը նրանով, թե օրիորդի հիվանդության պատճառը նա գտնում էր մի բարոյական հարվածքի մեջ:
Բոլոր այդ խոսքերը լսելու միջոցին երիտասարդի դեմքի արտահայտությունները բացատրում էին խորին ցավակցական համազգացություն: Նրա աչքերի մեջ նկարված էր հուսահատության դառն կսկիծը:
– Այժմ, պարոն Արեսյան, – ավելացրեց բժշկապետը, – պատմեցե՜ք ինչ որ գիտեք, պատմեցե՜ք, որպես ձեր խոստովանահորը, ի նկատի ունենալով, որ դուք ինձ տված տեղեկություններով կնպաստեք հիվանդի առողջությանը:
Երիտասարդը մի քանի րոպե շփոթված դրության մեջ մնաց: Առաջին անգամն էր, որ նա ստիպված էր դուրս թափել այն ցավալի ծանրությունները, որոնք ամբարված էին նրա սրտի մեջ…
– Մի՜ խռովվեք, պատմեցե՜ք խնդրեմ, – ասում էր բժշկապետը:
Գ
Երիտասարդ Արեսյանն այդպես սկսեց յուր պատմությունը.
«Հառաջ քան խոսել օրիորդի մասին, ես հարկավոր եմ համարում ծանոթացնել ձեզ, պարոն բժշկապետ, նրա ծնողների հետ, որտեղ դուք կարող եք ճշտությամբ եզրակացնել այն դժբախտության պատճառն, որի մեջ այժմ գտնվում է հիվանդը: Նրա հայրը ոստիկանության մի հասարակ ծառայող էր: Քաղաքի մի աղքատ և խավար մասումը նա կատարում էր թաղապետի պաշտոն: Այդ այն ժամանակն էր, երբ ոստիկանությունն յուր անկարգ կազմակերպության մեջն էր: Օրիորդի հայրն, այդ խորամանկ ոստիկանը, հավատարմապես յուր պաշտոնին՝ ամբողջ տասնյակ տարիներով ծծեց խեղճ բնակիչների արյունը և քամեց նրանց գրպանի հյութը: Որտեղ գողություն էր լինում՝ նրա մատը խառն էր, որտեղ խռովություն էր պատահում՝ նա էր խմորը, որտեղ կանայք էին անպատվում՝ նա ընկեր էր սրիկաների հետ, մի խոսքով, ամեն չարագործությանց մեջ նա ներկա էր: Մինչև այդ բոլորը հայտնվեցան, մինչև հաղթահարված որբերի և այրիների աղաղակն և բողոքն ուշադրության հասավ, այդ պարոնն, որպես ռամկորեն ասում են՝ «յուր բեռը բռնեց»: Թեև նա այնուհետև զրկվեցավ յուր պաշտոնից, բայց հոգը չէր, որովհետև արդեն շատ հազարներով նրա ոսկիքը, խեղճերի արյան և քրտինքի արդյունքը, զանազան սեղանատներում առատ տոկոսիք էին բերում:
«Ոստիկանի պաշտոնական համազգեստը փոխելով պատվավոր քաղաքացու հագուստով, նա մտավ մեծամեծ կապալների մեջ, սկսեց այնուհետև խաղ առնել հարյուր հազարների հետ… և շուտով տեր դարձավ քաղաքի նշանավոր մասներում հոյակապ տների, լծեց փառավոր կառք և սկսավ վայելել յուր բախտը…
«Նրա կինը՝ համարյա մի ձու էր յուր ամուսնու հետ կես կիսած: Նախախնամությունն անգիտելի է, թե ինչ նպատակով շատ անգամ այդպիսի երկու համամիտ և համակամ բնավորությունները լծորդում է միմյանց հետ: Նա այն ազդեցություն ունեցող կնիկներից մինն էր, որոնց ներգործությունը մեծ նշանակություն ունի զանազան մարդերի ճակատագրի վրա: Այդպիսի կանայք, որոնք կառավարում են նշանավոր պաշտոնակալների սանձը, միշտ եղել են և լինում են մեծամեծ փոփոխությունների պատճառներ և կարծես հսկում են մարդերի բախտավորության և անբախտության վրա: – Այդպես էր օրիորդի մայրը: Նա կատարում էր մի երևելի միջնորդի դեր ոչ միայն հասարակական կյանքում, այլև նշանավոր գերդաստանների ընտանեկան շրջանի մեջ. – ում աղջիկը պետք էր մարդու տալ, ո՜ր տղամարդն ամուսին լինելու միտք ուներ, նա խառն էր դրանց պայմանների մեջ, և այդպիսի դեպքերում այնքան առատ էր նրա հունձքն, որքան թույլ էր տալիս յուր մանգաղը…
«Չնայելով այդ բոլոր ասածներիս, այդ երկու ամուսիններն այն ջերմեռանդ քրիստոնյաներից էին, որոնք ժողովրդի մեջ ունեն մեծ համարում իրանց բարեպաշտության համար: Նրանք չէին լուծում ոչ միայն շաբաթական պասերն, այլև օրականները, նրանք իրանց որդիների հիվանդ լինելու ժամանակ «խեչեմեն» է, ասելով, տանում էին մի ուխտատեղի, որ առողջանա. կրոնական բոլոր տոները կատարում էին սրբությամբ. ամեն կյուրակե եկեղեցի էին գնում, որ պատարագ տեսնեն, քահանաներին պատվում էին և նրանց առատ աջահամբույր էին տալիս, մի խոսքով, նրանք ունեին բարի քրիստոնյայի բոլոր արտաքին հատկությունները… Նրանց այդպիսի մի կրոնական ջերմեռանդությունը պսակ վեցավ ավելի մի բարձր և վսեմ զոհաբերությամբ, այն է, որ նրանք իրանց զավակը նվիրեցին կուսակրոնության:
«Օրիորդ Սոնան – այդպես է այն հիվանդի անունը – դեռ յուր մոր արգանդումն էր, երբ նրա ծնողները ուխտեցին` եթե ծնունդն արու լինի մի վանքում տալ ճգնավոր լինելու համար, իսկ եթե աղջիկ լինի` կուսանոցը նվիրել սուրբ աստվածածնին աղախին դառնալու:
«Այդ մե՜ծ զոհաբերությունը մինչ այն աստիճան բարձրացրեց «ուխտյալ միանձնուհու» ծնողաց փառքն, որ ոչ մի մարդ առանց պատվելու չէր խոսում նրանց վրա:
«Ահա՜ այդպիսի քրիստոնյաներից գոյություն է առել այն օրիորդն, որի արկածքը ստիպված եմ պատմել ձեզ, պատվելի բժշկապետ: Օրիորդ Սոնան յուր պատանեկությունն անցուցել է ծնողների երկաթի հսկողության ներքո, այլ խոսքով, նա յուր մանկությունից պատրաստվել է կույս դառնալու համար: Ընտանեկան փակ շրջանը միշտ ունեցել է նրա համար խավար բանտի նշանակություն: Մինչև յուր տասն և չորս տարեկան հասակն ոչինչ չէ ուսել նա, որովհետև ո՜չ վարժատուն ուղարկել են նրան և ո՜չ ունեցել է տնային ուսուցիչ: Հետո հրավիրվում է նրանց գերդաստանում մի աղքատ ուսանող որպես վարժապետ: Թեև չնչին ռոճիկով, այսուամենայնիվ այդ պարոնը հանձն առավ այդ պաշտոնն, այն հույսով, որ մի օր յուր բարերարների – օրիորդի ծնողաց – շնորհիվ գուցե բաց կաներ յուր համար մի ասպարեզ: Այդ հույսով իսկ հրապուրել էին նրան… Թեև այդ ակնկալությունը չիրագործվեցավ, բայց վարժապետը դարձյալ գոհ էր յուր պաշտոնից, գտնելով մի աշակերտուհի, որ յուր ընդունակության հետ ուներ աննման գեղեցկություն և հրեշտակային բնավորություն:
«Վարժապետը դրսեցի էր, այն քաղաքում և բնակվում էր նրանց տան մեջ: Դասերը շարունակվում էին խիստ եռանդով: Փոքր ժամանակում երևեցավ նշանավոր հառաջադիմություն օրիորդի մեջ: Վարժապետը բնագետ էր: Նա աշխատում էր զարգացնել յուր աշակերտուհու միտքը դրական գիտությունների ընդհանուր տարերքին ծանոթացնելով: Մայրենի լեզվի սերն այնքան շուտ զարթեցրեց նրա մեջ, մինչ օրիորդն ոչ միայն գեղեցիկ հայերեն էր խոսում, այլ բավականին մշակված լեզվով կարողանում էր գրել և թարգմանել:
«Մի փակ ընտանեկան շրջանում վայրենացած աղջիկ, որպես էր օրիորդ Սոնան, դառնում է ազատամիտ և համարձակ: Չնայելով այդ նշանավոր փոփոխությանը, նրա ծնողները դարձյալ վարվում էին նրա հետ, որպես մի կույսի հետ: Օրինակի համար, նրան արգելում էին առանց մորը տանից դուրս գալ, մի տեղ հյուր գնալ, կամ հրապարակական զբոսարանները հաճախել, արգելում էին իրանց մոտ եկած հյուրերի հետ տեսնվել, մանավանդ երբ որ նրանք երիտասարդներ էին: Այդ խստությունները մինչև այն աստիճան վշտացնում էին օրիորդի անձնիշխանությունն, որ նա երբեք ուրախ չէր լինում: Նա յուր հայրենական օջախի մեջ զգում էր իրան կալանավորված, այդ պատճառով նա միշտ լուռ էր և տխուր: Երբեմն նրա սևորակ աչքերի արտասուքի մեջ միայն նրշմարվում էր մի խորին ատելություն. – դա բողոք էր դեպի ծնողաց ճնշումները…
Դ
Վերջին խոսքերը զարթեցրին երիտասարդ Արեսյանի մեջ մի վրդովմունք, որով նա մի քանի րոպե ընդհատեց յուր պատմությունը: Բժշկապետը նկատեց նրա աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ, լսեց, որ նրա ձայնը զգալի կերպով դողում էր…
– Ծխեցե՜ք, խնդրեմ, – ասաց Խորենյանը տալով երիտասարդին մի սիգար, – դուք երևի հոգնեցաք:
Արեսյանը լռությամբ վառեց սիգարը, մի փոքր ծխելուց հետո շարունակեց.
«Տարիքն աննկատելի կերպով անցնում էին: Օրիորդն օրըստօրե հասունանում էր… նրա գեղեցկությունը ստանում էր ավելի և ավելի սքանչելի կերպարանք…
«Տասն և ինն տարեկան էր նա, երբ նրա մայրն ամառանոց գնաց, յուր հետ տանելով և աղջկան: Վարժապետին նույնպես հրավիրեցին այնտեղ: Օրիորդի հայրն յուր գործերի պատճառով չկարողացավ հեռանալ քաղաքից:
«Ամառանոցը գտնվում էր քաղաքից կես օրվա ճանապարհի հեռավորությամբ սարերի և անտառների մեջ: Այնտեղ օրիորդի ծնողներն ունեին սեփական մի ագարակ, ուր շինել էին տված գեղեցիկ տուն: Նա պատրաստված էր այն բոլոր ճոխություններով, որպես վայել է բախտավոր հարուստներին: Շուտով լեռնային օդն, անտառների հովասուն թարմությունը հայտնի փոփոխություն արին նրանց կյանքի վրա: Սոնայի քաղաքումը գունատված թշերը վառվում էին վարդի գույնով: Նրա մոր թառամած դեմքը նույնպես ստացավ մի առանձին կենդանություն: Ամառանոցն ավելի ազատություն տվեց նրանց ընտանեկան կյանքին. – վաղորդյան զբոսանքներն անտառներում և սարերի վրա` եղավ անհրաժեշտ, երեկոյան զբոսանքները պարտեզի մեջ և երբեմն հեռու տեղերում` շատ անգամ տևում էին մի քանի ժամ: Այդ արշավանքների մեջ մայրն երբեք աչքից բաց չէր թողնում յուր աղջկան:
«Մի երեկո, երբ արևը դեռ նոր էր մտնում, օրիորդի մայրը հրավիրվեցավ յուր ծանոթներից լոտո խաղալու: Նա կամեցավ Սոնային յուր հետ տանել: Բայց օրիորդը հրաժարվեցավ, պատճառելով, թե գլուխը ցավում էր: Մայրը թողեց նրան տանը, հրամայելով, որ քնե հանգստանալու համար:
«Նրանց տան պարտիզումը կար մի հովանոց, հյուսած պատատուկների կենդանի ճյուղերից: Նա շրջապատված էր հազվագյուտ ծաղիկներով և մի քանի սաղարթախիտ ծառեր տարածել էին նրա վրա իրանց անթափանցիկ ստվերը: Օրիորդն յուր վարժապետի հետ առանձնացան այնտեղ, հրամայելով տալ երեկոյան թեյն:
«Արևի վերշալույսը ձգել էր հովանոցի մեջ ոսկի ժապավեններով մի քանի ծիրանի շողքեր, նրանք տալիս էին այդ կանաչազարդ առանձնարանին կախարդական բնավորություն: Սոնայի դեմքն ավելի գեղեցիկ փայլում էր այդ լուսի առջև: Նրա սևորակ աչքերում նույն րոպեին նկարված էր սրբազան ոգևորություն…
«Օրիորդը միշտ աչքերը ցած էր թողնում, երբ վարժապետն ուղղակի նայում էր նրա երեսին և ձայնը զգալի կերպով դողում էր խոսելու ժամանակ: Երևում էր, նրա սրտում հուզվում էր ներքին մրրիկը…
«Շուտով մերկացավ խորհրդական վարագույրը:
«Վարժապետը ստացել էր հրավեր, որով առաջարկում էին նրան մի շահավետ տեղ գավառական մի դպրոցում: Այդ բանն իմացել էր օրիորդը: Մոր բացակայությունն առիթ տվեց նրան խոսել այդ առարկայի մասին, որով նա շատ անհանգիստ էր:
– Ես լսեցի, որ ամառանոցից դառնալուց հետո դուք նպատակ ունիք հեռանալ մեզանից, – հարցրուց նա:
– Այո՜, – պատասխանեց վարժապետն անվճռական կերպով: Օրիորդի դեմքի վրա վազեց անբացատրելի սոսկում:
– Եվ դուք շուտով չպե՞տք է վերադառնաք, – կրկնեց նա:
– Չգիտեմ… կարելի է ամենևին չվերադառնամ, – պատասխանեց վարժապետը տխրությամբ:
Օրիորդի աչքերը վառվեցան մի անսովոր կրակով:
– Ո՜չ, այդ անկարելի է, – կոչեց նա, – ես չեմ թող տալ ձեզ,որ հեռանաք:
Այնպիսի մի ազդու կերպով արտասանեց նա այդ խոսքերն, որ լի էին սրտի բոլոր զգացմունքներով…
– Դուք կզրկեք ինձ հացից, օրիորդ, – ասաց վարժապետը րոպեական մտատանջությունից հետո, – մտածեցե՜ք, որ ես աղքատ եմ և մինչև այսօր չեմ տնօրինել ինձ որևիցե ասպարեզ:
«Օրիորդը մոտ եկավ, բռնեց վարժապետի ձեռքը:
– Ես խնդրում եմ ձեզ, ես աղաչում եմ ձեզ մի՜ գնացեք, – ասաց նա և նույն վայրկենում նրա աչքերից գլորվեցան արտասուքի խոշոր և խոշոր կաթիլներ…
«Տիրեց երկու կողմից ևս լռություն…
«Այդ այն խորհրդական րոպեներից մինն էր, երբ լեզուներն այլևս չեն զորում արտահայտել հոգու զգացմունքներն, այլ սրտեերը գաղտնի կերպով հասկանում են միմյանց…
«Արևը վաղուց արդեն քաշել էր յուր վերջին ճառագայթները, նրանք ամենևին չէին նկատել, որ հովանոցի մեջ տիրում էր մթին խավար:
«Մի էլեկտրական ցնցում սթափեց վարդապետին յուր խորին հոգեզմայլությունից, երբ նա զգաց, որ օրիրդի շրթունքը ջերմ կերպով սեզմվեցան իրենների վրա…
Ե
Բժշկապետն, որ խորին ուշադրությամբ լսում էր երիտասարդին, ընդհատեց նրա խոսքը, ասելով՝
– Ես չեմ սխալվում կարծելով, որ հիշյալ վարժապետը դուք լինելու եք, պարո՜ ն:
Երիտասարդ Արեսյանն ո՜չինչ չպատասխանեց, բայց նրա լռության մեջ նշմարվում էր այն խոստովանությունը, թե բժշկապետի նկատողությունը հեռու չէ ճշմարտությունից:
– Շարունակեցե՜ք, խնդրեմ, – ասաց բժշկապետը, չկամենալով ավելի վրդովել նրան:
Երիտասարդը շարունակեց.
«Երբ ես սթափվեցա, պարոն բժշկապետ, իսկույն զգացի, որ կապված եմ մի աննկատելի շղթայով, – դա սիրո անխզելի շղթան էր, որի ամեն մի օղակները տարիներով դարբնվել էին բոցավառված սրտի կրակի մեջ… Ես ուրախ էի, ես երջանիկ համարում էի ինձ, մտածելով, թե Սոնան սիրում էր ինձ… Դեպի գավառը գնալու դիտավորությունս բոլորովին փոխեցի, վճռելով միշտ Սոնայի մոտ մնալ և նրանով բախտավոր լինել…
«Բայց դեռ չգիտեի և գուշակել անգամ կարող չէի, թե սատանան ո՜րպիսի որոգայթ լարում էր ինձ համար, որ և եղավ խեղճ Սոնայի դժբախտության պատճառը…
Այստեղ Արեսյանը դարձյալ կանգ առեց և նրա դեմքը մթնեցավ տխրության ամպով:
«Ա՛խ սեր, ա՛խ սեր, ցնորամիտ սեր… – կոչեց նա, – դու ավելի լի ես հիմարություններով, երբ բորբոքվում ես մի անփորձ սրտի մեջ…
«Հովանոցի անցքից հետո, – առաջ տարավ Արեսյանն, – ես գտնվում էի բոլորովին տենդային դրության մեջ: Քունը բոլորովին անհետացավ իմ աչքերից, ես ամբողջ օրն անհանգիստ էի:
«Տիկինը միշտ սառն էր ինձ հետ: Նրա լեզուն դադարեց յուր սովորական շատախոսելուց, նա միշտ տխուր էր և լուռ: Բայց այդ ծածկամիտ լռության մեջ թաքնված էր մի սարսափելի գաղընիք:
«Օրիորդի մայրն այն վտանգավոր կնիկներից մինն էր, որ չէր կարելի չվախենալ նրանից: Մի քանի դեպքեր նրա պատմությունից, որոնք ինձ լավ հայտնի էին, առիթ էին տալիս մտածել, որ նա պատրաստ էր ամեն չար գործելու մինին, երբ նա չէր հնազանդվում նրա կամքին…
«Բայց երիտասարդությունն, անմի՜տ երիտասարդությունը` միշտ հեռու է պահում իրան խոհեմությունից…: Ես չկարողացա երկար համբերող լինել:
«Օրիորդը շատ սիրում էր ման գալ լուսնյակ գիշերով, մանավանդ երբ նա շրջում էր անտառի մթության մեջ: Մի գիշեր նա ինձ առաջարկեց կատարել մի այդպիսի զբոսանք, հայտնելով, թե շատ տխուր էր և կամենում էր յուր ամբոխմունքը ցրվել: Ես սիրով հանձն առի, ամենևին չմտածելով, որ այդ կատարվում էր առանց նրա մոր գիտությանը:
«Գիշերը խաղաղ էր և լռին: Լուսինը նազելով սահում էր պարզ երկնակամարի վրա և թափում էր յուր արծաթի շողքերը նիրհած անտառների մեջ, ավելի ևս քաղցրացնելու դարևոր ծառերի հսկայական քունը:
«Զբոսանքի ամբողջ ժամանակն օրիորդը քարշ էր ընկած իմ թևքից, նա խոսում էր առանց լռելու և նրա խոսքերն այնքան տաք և անուշ էին, որպես հրեշտակի շունչը…: Աննկատելի կերպով մենք բավականին հեռացել էինք տնից, երբ գտնվում էինք անտառի խորքում: Վերջապսես «հոգնեցա» – ասաց օրիորդը և նստեց մի կտրած ծառաբունի վրա: Ես լուռ նստեցի նրա մոտ:
«Լուսնի շողքերը թափանցել էին ծառերի ստվերի միջից և նրա կաթնագույն լուսով օրիորդի դեմքը նկարվում էր այն սրբազան լռության մեջ, որպես անտառային հավերժահարսի կերպարանքը:
– «Ի՞նչ գեղեցի՜կ է այստեղ, Օսեփ, – ասաց նա լի բանաստեղծական ոգևորությամբ, – ի՞նչու չլինել մեզ մի զույգ անտառային եղջերուներից և բնակվել միշտ այդ սարերի, այդ ձորերի և այդ ծառերի լռության մեջ…: Անասուններն այստեղ ավելի երջանիկ են, քան թե մենք մեր շքեղազարդ դահլիճներում… Այստեղ, այս ծառերի սրբազան լռության մեջ՝ մայրերը չեն խանգարում իրանց ձագերի ոչ սերը, ոչ նրանց ծիծաղը և ոչ արտասուքը: Այստեղ մի սրբարան է, Օսեփ, ուր սերը կարող է ազատ կերպով պաշտվիլ…
«Ես ապշեցա, և ավելի պարզ ասած, մինչ այն աստիճան հիմարացա, որ մի բառ անգամ չկարողացա գտնել պատասխանելու իմ սիրուհուն: Միայն գլուխս նրա գիրկը դրած, նրա ձեռքերը ստեպ-ստեպ սեղմում էի շրթունքիս վրա:
«Աննկատելի կերպով անցել էր գիշերը: Մենք այդ կախարդական մոռացության մեջ անցուցել էինք մի քանի ժամեր, ժամե՛ր, որոնց ամեն մի րոպեին այժմ կյանքս կզոհի…
«Հանկարծ թփերի միջից լսելի եղավ խշխշոց, դա նման էր բարակ զգեստի սոսափյունին:
– «Այստեղ ի՞նչ եք շինում», – լսելի եղավ մի ձայն:
«Դա Սոնայի մոր ձայնն էր…: Կայծակի հարվածքն այնքան սարսափելի չէր կարող լինել, քան թե այդ զարհուրելի ձայնը:
«Երևում էր, տիկինն երկար լսում էր մեզ:
«Ես բոլորովին քարացա: Օրիորդն ամենևին չկորցրեց յուր արիությունը: Նա ընկավ յուր մոր ոտքերը և նրա արտասվալի հեկեկանքի միջից լսելի եղան այդ խոսքերը «Մայր իմ, մի՜ բարկացիր, ես սիրում եմ Օսեփին…
«Տիկնոջ դեմքն այնքան ահարկու էր, որպես կատաղած գազանի կերպարանքը: Այսուամենայնիվ, նա զսպեց յուր բարկությունը և հրամայեց մեզ տուն դառնալ:
«Արշալույսր դեռ նոր սկսել էր շառագուն ել: Մենք անցուցել էինք ամբողջ գիշերն անտառում…
«Օրիորդը, գլուխը քարշ ձգած, սկսեց դիմել դեպի տուն: Ես այլևս չհամարձակվեցա առնել նրա թևքը, թեև տեսնում էի, որ նրա մեջ շրջելու ուժ չէր մնացել…
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?