Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 8

Текст книги "Կայծեր Մաս 2"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:08


Автор книги: Րաֆֆի


Жанр: Литература 19 века, Классика


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 8 (всего у книги 33 страниц) [доступный отрывок для чтения: 11 страниц]

Шрифт:
- 100% +

Թ
ԳԻՇԵՐԸ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ

Երեկոյան դարձյալ բոլորը հավաքվեցան սրահի մեջ: Ասլանը նստած էր իր մինդարի վրա, վարպետ Փանոսը նրա մոտ, ես իմ տեղում, իսկ տան տերը երբեմն նստում էր, երբեմն կանգնում էր, երբեմն գնում էր իր մարդիկներին զանազան պատվերներ տալու:

Փայտյա բարձր աշտանակի վրա դրած էր մի խեցեղեն ճրագ, որը աղավնու նմանություն ուներ. նրա միջում կտավատի ձեթ էր լցրած, իսկ կտուցից դուրս ընկած պատրույգը հանդարտ վառվելով տարածում էր աղոտ, կանաչագույն լույս իր շրջակայքում: Ձեթից և մրից բոլորովին սև գույն էր ստացել այդ աղավնին:

Խոսակցությունը գլխավորապես ծովակի մասին էր: Խոսում էին նրա թևավորության վրա, արդյոք նա խաղա՞ղ է, թե անհանգիստ, տարվա ո՞ր ամիսներում սովորաբար պատահում են ալեկոծություններ. խոսում էին նավահանգիստների մասին, թե ո՞ր կողմերի կամ ո՞ր եզերքի մոտ են գտնվում, կամ ի՞նչ տեղերի հետ հաղորդակցություն ունեն. խոսում էին նավակների թվի և նրանց փոխադրած ծանրությունների քանակության մասին, թե տարվա ընթացքում ո՛րքան մթերքներ կարող են փոխադրել, այդ բոլորի մասին, իհարկե, հաշիվ ու համար տալիս էր գլխավորապես Բերզեն-Օղլին: Նա այնպես լավ ուսումնասիրել էր ծովակը և նրա շրջակայքը, որպես մի լավ վարժապետ ուսումնասիրում է իր դասագիրքը: Նրան ծանոթ էին ծովակի բոլոր խորշերը, բոլոր եզերքը և այն բոլոր դիրքերը, որտեղից կարելի էր ցամաքի հետ հարաբերություն ունենալ: Ասլանը իր լսածներից այն եզրակացությունն էր դուրս բեռում, թե երկու առագաստավոր նավեր բավական կլինեն կատարելու այն գործը, ինչ որ կատարում են բազմաթիվ նավակներն ու սանդալները:

Նրանք խոսում էին, դատում էին, վիճում էին, իսկ ես համարյա չէի լսում: Ես չէի կարողանում մոռանալ Քոթոթի տված տեղեկությունները իր մոր մասին, և նրա վրա էի մտածում: Ասլանը այն օրը տան ներսի սենյակներից դուրս գալու ժամանակ ինձ ասաց, թե այնտեղ մի հիվանդ կա, դա, անտարակույս, նավավարի կինը պետք է լիներ, բայց Քոթոթի տված տեղեկությունները այդ հիվանդի դրության մասին` բավական կասկածավոր էին դարձնում նրան: Այնտեղ անպատճառ մի բան պետք է լինի, մտածում էի ես:

Մեզ ընթրիք տալուց հետո տանեցիք, այսինքն Ծովիկը և Քոթոթը, գնացին կտուրի վրա քնելու: Գյուղացի երեխաները քնում են արևի հետ և զարթնում են նրանից առաջ: Սրահի մեջ մեզ համար ևս քնելու անկողիններ պատրաստեցին: Սրահը, որ պատշգամբի նախնական ձևն է, շատ հարմարություն ունի ամառնային կեցության համար. այնտեղ և՛ հով է, և՛ մաքուր օդ կա, և՛ անքուն գիշերներում մարդ չէ տաղտկանում, նայում է աստղազարդ երկնքի վրա, զվարճանում է անթիվ լուսավորներով: Իսկ այն գիշերը ինձ ավելի գրավում էր այն խուլ, խորհրդավոր ձայնը, որ լսվում էր օդի մեջ. դա ծովակի ալիքների ձայնն էր, որ գալիս էր հեռվից:

Հյուսնի արհեստանոցում գործը դադարել էր, այնտեղից ձայն չէր լսվում: Բայց արհեստանոցի բաց դռնից ճրագի լույս էր երևում: Ծերունի արհեստավորը, երևի, դեռ չէր քնած: Նավավարը Ասլանին և վարպետ Փանոսին տարավ այնտեղ մի քանի բաներ ցույց տալու համար: Ես չգնացի. ես արդեն ցերեկով տեսել էի այն տախտակների և փայտերի մթերանոցը, և դրանք ինձ համար մի առանձին նշանակություն չունեին: Ես պառկած մնացի իմ անկողնի վրա և իսկույն քունս տարավ:

Մի օտարոտի ձայն զարթեցրեց ինձ: Ո՞րքան ժամանակ անցել էր գիշերից, չգիտեմ, բայց աքաղաղները խոսում էին: Գլուխը վեր բարձրացրի, նայեցի իմ շուրջը: Ճրագի ձեթը արդեն սպառվել էր, և պատրույգը երբեմն աղոտ կերպով պլպլում էր, երբեմն հանգչում էր: Բայց սրահի մեջ բավական լույս կար. կիսալուսինը դեռ ոչ բոլորովին անհետացել էր հորիզոնից: Նայեցի Ասլանի և վարպետ Փանոսի անկողինների վրա, նրանք դատարկ էին: Երևում էր, որ դեռ չէին վերադարձել: Նայեցի դեպի հյուսնի արհեստանոցը, այնտեղ դեռ ճրագի լույս էր երևում:

Օտարոտի ձայնը, որ զարթեցրեց ինձ, որքան հիշում եմ, դռան սաստիկ բախման ձայնի էր նմանում. նայեցի դեպի սրահի մեջ բացվող դուռը. նա բոլորովին բաց էր. իսկ երեկոյան, մեր քնելու ժամանակ, ես նրան փակած էի տեսել: Գլուխս դարձյալ դրեցի բարձի վրա, բայց քնել չկարողացա: Քանի րոպեից հետո մի մեղմ սոսափյուն, որ հագուստի խշխշոցի էր նմանում, գրավեց իմ ուշադրությունը: Գլուխս կրկին վեր բարձրացրի և ստվերի մեջ նկատեցի մի ինչ-որ անորոշ կերպարանք: Նա սկզբում անշարժ էր, հետո շարժվեցավ և հանդարտ կերպով անցավ, առանց ամենաթեթև ձայն անգամ հանելու: Կարծես նա օդի միջով էր գնում, և նրա ոտները գետնին չէին դիպչում: Նա ցած իջավ սրահի սանդուղքներից, դիմեց դեպի բակը: Այնտեղ, լուսնի լուսավորության առջև նա ավելի որոշ կերպարանքով նկարվեցավ իմ առջև. կարմիր շիլայի շապիկը իջնում էր մինչև նրա մերկ ոտները. գլխի հյուսերը արձակ էին, նրանք կիսով չափ ծածանվում էին ճակատի վրա, իսկ մնացյալ մասը խիտ գանգուրներով ծածկել էր նրա մեջքը: Երբ նա կանգ առեց բակի մեջ, ետ նայելով դեպի սրահը, ես տեսա նրա դեմքը. դա կնոջ գունաթափ դեմք էր, որը լուսնի բաց-կապտագույն լուսավորության առջև ավելի թախծալի արտահայտություն էր ստացել: Նա կրկին շարժվեցավ և սկսեց դիմել դեպի պարտեզը:

Չգիտեմ սնահավատությունից, թե մի այլ զգացմունքից, իմ ամբողջ մարմնով անցավ մի սոսկալի սարսուռ: Ինձ այնպես էր թվում, թե մեռելներից մեկը գերեզմանից հարություն էր առել և շրջում էր գիշերային լռության մեջ: Քունը բոլորովին փախավ իմ աչքերից: Երբեմն վերմակը քաշում էի գլխիս, աչքերս խփում էի, վախենալով, մի գուցե կրկին տեսնեմ նրան, իսկ երբեմն աչքերս երկյուղածությամբ բաց էի անում, նայում էի: Նա դարձյալ երևում էր: Սկսեց աղոթք կարդալ. աղոթքը փոքր-ինչ հանգստացրեց ինձ:

Նա, առանց որևիցե շշուկ հանելու, հանդարտ քայլերով անցավ բակի միջով, մոտեցավ պարտեզի դռանը: Ձեռքը տարավ դեպի փականքը և իսկույն հեռացավ, երբ նկատեց, որ դուռը փակ էր: Հետո բակի պատի մոտով սկսեց կամաց-կամաց դիմել դեպի փողոցի դուռը և, մի քանի րոպե չանցած, բոլորովին անհետացավ: Ո՞ւր գնաց, ես չտեսա, որովհետև երկյուղը այն աստիճան տիրել էր ինձ, որ վախենում էի վերկենալ և նրա ետևից նայել, թե ո՞ւր է գնում: Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, տեսի՞լք էր, թե գրգռված երևակայության ցնորք: Ես մնացի անշարժ դրության մեջ: Կարծես ինձ ամուր կապերով կաշկանդել էին իմ անկողնի մեջ, և շարժվել չէի կարողանում: Կարծես «ղարան» անցավ իմ վրայով և իր բոլոր ծանրությամբ ճնշեց ինձ:

Կես ժամ հազիվ անցած կլիներ, երբ կրկին հայտնվեցավ ուրվականը: Նա կամաց-կամաց մոտեցավ, վեր բարձրացավ սրահի սանդուղքներից, նախ մի շրջան գործեց նրա պատերի մոտով, այս կողմ ու այն կողմ նայելով, որպես թե մի բան որոնում էր, հետո կանգ առեց, սկսեց նայել անկողինների վրա: Նրա աչքերը վառվում էին, դեմքը նույնպես գունաթափ էր, որպես առաջ:

– Դուք, պարոն բժշկապետ, – ասաց նա, մոտենալով և կանգնելով իմ բարձի մոտ, – չհասկացաք իմ հիվանդությունը և հասկանալ չէիք կարող, որովհետև ես բոլորը չպատմեցի ձեզ…

Իմ երկյուղը փոքր-ինչ փարատվեցավ. դա նավավարի կինն էր և ինձ Ասլանի տեղն էր ընդունում:

– Ես բոլորովին հիվանդ չեմ, պարոն բժշկապետ, – շարունակեց նա ավելի տխուր ձայնով, – ես շատ առողջ եմ, պարոն բժշկապետ, լավ ուտում եմ, լավ խմում եմ, կարող եմ լավ ման գալ, եթե ինձ թույլ տան տանից դուրս գալ…

Նա ակնարկում էր իր ամուսնի վրա, որ նրան արգելարանի մեջ էր պահում: Ես հիշեցի Քոթոթի խոսքերը: Նա նստեց իմ բարձի մոտ, գլուխը խոնարհեցրեց ծնկների վրա, ձեռքով բռնեց աչքերը և մի քանի վայրկյան լուռ մնաց: Գլխի ծամերը խառն հոսանքով ծածկեցին նրա դեմքը: Այդ միջոցին նմանվում էր նա մի սգավորի, որ, իր սիրելիի գերեզմանի մոտ ծունկ իջած, լուռ ողբում է նրա ցավալի կորուստը: Հետո նա գլուխը վեր բարձրացրեց, սոսկալով նայեց դեպի սենյակի դուռը և բացագանչեց հեկեկանքով.

– Դուք նրան օգնեցեք, պարոն բժշկապետ, նրան… դեռ ուշ չէ, դեռ կարելի է օգնել…

Ես կրկին սկսեցի դողալ:

– Դուք չե՞ք հավատում, պարոն բժշկապետ, – շարունակեց նա, – շտապեցե՛ք, կարելի է օգնել… դեռ մարմինը տաք է… ձեռքերը շարժում է… դեռ արյունը չէ դադարել հոսելուց…

Նա դարձյալ գլուխը ցած թողեց ծնկների վրա և երկու ձեռքով բռնեց աչքերը, կարծես զարհուրում էր մի սոսկալի տեսարանից և չէր կամենում նայել նրա վրա: Նա այլևս չէր խոսում, ես լսում էի նրա խուլ հեկեկանքը միայն:

– Օգնեցե՛ք, պարոն բժշկապետ… – դարձյալ կրկնեց նա, – դեռ ուշ չէ… կարելի է օգնել… ինչո՞ւ չեք վեր կենում… ահա այնտեղ է… շատ հեռու չէ…

Ես մտածեցի, թե իրավ, դրսում մի որևիցե դժբախտություն պետք է պատահած լինի, և շտապեցի օգնության հասնել: Բայց նա պինդ բռնեց իմ թևքից և, սրահի հատակը ցույց տալով ասաց.

– Նայեցե՛ք, պարոն բժշկապետ, ահա՛ արյան շիթերը… դեռ չեն ցամաքել… Տեսնո՞ւմ եք, պարոն բժշկապետ, ես տեսնում եմ, ահա՛, նայեցեք…

Այժմ միայն հասկացա, որ խեղճ կինը ցնորքների մեջ էր գտնվում: Ինձ նորից տիրեց մի անբացատրելի սարսափ, մանավանդ երբ նա կանգնեց և, ձեռքը դեպի սենյակի դուռը մեկնելով, ասաց.

– Այդ արյան շիթերը, այդ դռնից սկսվելով, գնում են մինչև ծովեզրը… Գիշեր էր, երբ գազանը այդ դռնից դուրս բերեց արյունաշաղախ մարմինը, որ դրած էր մազե խարարի մեջ… Արյունը կաթկթում էր խարարից… Ես վազեցի նրա ետևից, բայց նա շտապեց և շուտով հասավ ծովեզրը… դրեց խարարը իր նավակի մեջ և սկսեց թիավարել…

Այդ միջոցին անբախտ կնոջ ձայնը խեղդվեցավ և չկարողացավ շարունակել: Նա ձեռքը տարավ դեպի աչքերը, որ արտասուքը սրբե, բայց աչքերում արտասուք չկար: Ես ապշած կերպով նայում էի նրա վրա: Երևում էր, որ այդ տան մեջ կատարվել էր մի սարսափելի եղեռնագործություն, որի հետ կապված է եղել խեղճ կնոջ դժբախտությունը: Նա կրկին մոտեցավ և նստեց իմ կշտին: Այժմ ավելի սրտաշարժ ձայնով ասաց ինձ.

– Ես կպատմեմ ձեզ բոլորը… դուք պետք է գիտենաք բոլորը, պարոն բժշկապետ… մինչև չգիտենաք, չեք կարող բժշկել ինձ… Լսո՞ւմ եք, պարոն բժշկապետ…

– Լսում եմ, – պատասխանեցի ես մեքենաբար:

Նա շարունակեց.

– Այն օրից անցել են շատ տարիներ… ես շատ անգամ գիշերը գնում եմ ծովեզրը, կանգնում եմ այնտեղ, կանչում եմ, երկար կանչում եմ, նա իմ ձայնը լսում է և հանկարծ հայտնվում է ալիքների միջից… Հիմա, այս րոպեիս, այնտեղից եմ գալիս, դարձյալ տեսա նրան,դարձյալ համբուրեցի նրան… Նա ամենևին չէր փոխվել, էլի այնպես էր, որպես վերջին անգամ, երբ այդ տանից խավարի մեջ դուրս տարավ նրան գազանը… վերքից տաք արյունը դեռ հոսում էր… նվաղած աչքերով նայում էր իմ երեսին…

Նա լռեց, որպես մի եռացող հրաբուխ, իր ուժերը հավաքելու համար, որ ավելի սաստկությամբ դուրս հոսե ներսի կրակը:

– Նա մեղավոր չէր, պարոն բժշկապետ, – ասաց նա ցավալի ձայնով, – նա սիրում էր ինձ, ես էլ սիրում էի նրան… Մենք ամենափոքր հասակից սիրում էինք միմյանց… Ես դեռ աղջիկ էի իմ հոր տանը, նա դեռ պատանի էր, դեռ նոր էր սկսել թիավարել: Լինում էր, որ ես ամբողջ գիշերը չէի քնում, նստած կտուրի վրա, սպասում էի նրան: Նա գալիս էր, տանում էր ինձ ծովեզրը, դնում էր իր նավակի մեջ, և մենք ամառային ամբողջ գիշերը լողում էինք ջրերի վրա… Ես գլուխս դնում էի նրա գրկում, նա թիակը մի կողմ էր դնում, և խելացի նավակը ինքն իրան գնում էր և երբեք չէր խանգարում մեղ…

Վերջին խոսքերի միջոցին նա կարծես ամբողջ մարմնով թուլացավ, գլուխը տատանվեցավ, և ձեռքերը ընկան ծնկների վրա:

– Մեր ծնողները գիտեին այդ բոլորը, բայց ներում էին մեզ, որովհետև մենք արդեն նշանված էինք և հարսանիքի պատրաստություններ էին լինում… Այդ միջոցներում հեռու աշխարհից վերադարձավ գազա՜նը… Նրա մասին խոսում էին, թե մի բեռն ոսկի է բերել… այդ գրավեց իմ ծնողների ագահությունը… Նրանք ինձ բաժանեցին իմ սիրածից և տվեցին գազանին… Ես դրան էլ սկսեցի սիրել, բայց իմ սրտի մեծ մասը պատկանում էր առաջինին… Երբ ամուսինս տանից բացակա էր լինում, երբ նա Մուշի կամ Բաղեշի կողմերը բեռ էր տանում, նա գալիս էր մեր տունը… Դրացիները սկսեցին փսփսալ միմյանց հետ, և բամբասանքը հասավ ամուսնիս ականջին… Մի երեկո նա ինձ ասաց, թե գնում է Դատվանից ցորյան բերելու, ես նրա համար ճանապարհի պաշար պատրաստեցի, իմ ձեռքով տարա և տեղավորեցի նավակի մեջ: Նա ինձ համբուրեց, նստեց նավակի մեջ և հեռացավ: Ես ուրախ-ուրախ վերադարձա տուն: Բայց, դու մի ասա, անիրավը խաբեց ինձ… Գիշերի կեսից դեռ նոր էր անցել, նա բախեց իմ սենյակի դուռը… ես սարսափեցա… իմ սիրելին իմ մոտ էր… Երբ մենք ուշացանք բաց անելու, գազանը ոտքի մի հարվածով ջախջախեց դուռը և ներս մտավ… Իմ արտասուքը, իմ աղաչանքը չկարողացան ամոքել անգութի բարկությունը… Նա իր դանակը իսկույն ցցեց «նրա» կուրծքի մեջ… տաք արյունը դուրս ցայտեց վերքից… Նա տատանվեցավ և ընկավ հատակի վրա… Հետո դրեց նրա դիակը խարարի մեջ և շտապեց տանել դեպի ծովեզրը… Գնանք, պարոն բժշկապետ, նա դեռ չէ մեռած, դեռ կարելի է նրան օգնել…

Վերջին խոսքերը արտասանեց նա բավական բարձր ձայնով, բռնեց իմ ձեռքից և համարյա ուժով աշխատում էր տանել ինձ իր հետ:

Այդ միջոցին բակում հայտնվեցավ մի այլ ստվեր, նա ցած իջավ կտուրից, ես լսեցի նրա ոտնաձայնը: Արագ քայլերով մտավ նա սրահը: Ես իսկույն ճանաչեցի Ծովիկին: Տեսնելով մորը ինձ մոտ, բացականչեց նա.

– Ա՜խ, աստված, այդ ո՞վ բաց արավ դուռը:

Երևում էր, որ նա կտուրից լսել էր մոր ձայնը և ցած էր իջել նրան օգնելու: Նա բռնեց գիշերաշրջիկ լուսնոտի ձեռքից և, առանց մի խոսք ասելու, տարավ դեպի իր սենյակը: Մայրը առանց ընդդիմության հետևեց նրան: Մի ուրիշը նրա տեղ` կարող էր վախենալ, կարող էր աղաղակել, բայց մանկահասակ աղջիկը, որպես տեսնում էի, բոլորովին ընտելացած էր մոր հիվանդոլթյանը և գիտեր, թե ինչպես պետք էր վարվել նրա հետ: Երբ նա տարավ, հանգստացրեց մորը և դուռը կողպելով եկավ ինձ մոտ` ես նրանից հարցրի.

– Քո մոր հետ ամե՞ն գիշեր այդպես է պատահում:

– Երբեմն միայն, – պատասխանեց նա տխուր ձայնով, – ավելի լուսընկա գիշերներում: Այդ ժամանակ հայրս միշտ նրա մոտ է լինում, հսկում է նրան: Ա՜խ, ու՞ր է գնացել այս գիշեր, չէ երևում:

– Նա, կարծեմ, հյուսնի արհեստանոցումն է:

Ծովիկը դիմեց դեպի արհեստանոցը` հորը կանչելու համար:

– Սպասի՛ր, միասին գնանք:

Նա կանգնեց: Ճանապարհին հարցրի նրանից.

– Քո մայրը ինչ-որ արյան վրա էր խոսում: Այդ ի՞նչ արյուն է:

– Չեմ իմանում, նա միշտ այդ է ասում, երբ նրա հետ պատահում են այսպիսի բաներ… Հայրս չէ թողնում, որ մենք լսենք, նա մեզ հեռացնում է…

– Դու և. Քոթոթը չե՞ք վախենում, երբ նա այդպես բաներ է խոսում:

– Ինչո՞ւ պետք է վախենանք: Նա մեր մայրն է: Բայց հարևանները վախենում են, ասում են, թե դևերը ման են ածում նրան:

– Նա մի՞շտ այդպես խոսում է:

– Շատ անգամ ոչինչ չէ խոսում, լուռ դուրս է գալիս սենյակից, պտտվում է բակի մեջ, մտնում է պարտեզը, հետո գնում է ծովեզրը: Այնտեղ ժամերով կանգնում է և երկար, անխոս նայում է ծովին:

Խե՜ղճ աղջիկ, եթե նա գիտենար, թե որպիսի ցավեր են թաքնված դժբախտ մոր սրտում: Ես ոչինչ չասեցի: Մենք մոտեցանք հյուսնի արհեստանոցին: Ասլանը նստած էր ճրագի մոտ, իսկ նրա հանդեպ` ծերունի արհեստավորը: Երկուսի մեջտեղում դրած էր մի լայն տախտակ, որ ծառայում էր սեղանի փոխարեն: Տախտակի վրա դրած էին զանազան նկարներ, որոնք պատկերացնում էին, որքան ես կարողացա հասկանալ, նավի այս և այն մասների առանձին-առանձին գծագրությունները: Ասլանը ծերունի արհեստավորին ցույց էր տալիս այդ նկարները, բացատրում էր նրանց համեմատական չափը, տարածությունը, կազմվածքը և ալն: Արհեստավորը ուշադրությամբ լսում էր նրան: Մի կողմում նստած էր վարպետ Փանոսը, մյուս կողմում` Բերզեն-0ղլին: Նրանք ևս երբեմն հայտնում էին իրանց կարծիքները:

Երբ Ծովիկը ներս մտավ, բոլորը, գիշերային այն տարաժամ պահուն տեսնելով նրան, զարմացած մնացին: Նա մոտեցավ հորը, ինչ-որ փսփսաց նրա ականջին: Հայրը անմիջապես դուրս եկավ արհեստանոցից:

Երեում էր, որ Ասլանը վերջացրել էր իր գործը. և նա նույնպես երկար չմնաց այնտեղ, նկարները հանձնեց հյուսնին և դուրս եկավ: Մինչև սրահը հասնելը` նա հարցրեց վարպետ Փանոսից.

– Դուք կարծում եք, որ նա կարո՞ղ կլինի պատրաստել…

– Սատանայի համար սոլ կկարե թշվառականը, – պատասխանեց վարպետ Փանոսը ծիծաղելով, – ես համոզված եմ, որ կարող կլինի պատրաստել: Տասն տարուց ավելի, որպես աքսորյալ, Անգլիայի թիարաններում աշխատել է: Վերին աստիճանի շնորհալի մարդ է, բացի իրանից, նա հասցրել է և մի քանի լավ աշակերտներ…

Ժ
ՓՈԹՈՐԻԿ

Ջերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով. ինձ վիճակված էր լռել դժբախտ կնոջ աղետավոր պատմությունը: Ասլանը զբաղված էր հյուսնի արհեստանոցում, նավաստին և վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին: Չնայելով այդ բոլորին, առավոտյան ստիպված էինք խիստ վաղ վերկենալ, որովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը գնալ:

Աղոթարանը դեռ նոր էր սկսել պարզվիլ, դեռ առաջին անգամ լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի անհամբեր հրավերը, երբ նավաստիի որոտալից ձայնը զարթեցրեց ինձ: Նրա ձայնը զարթեցրեց և Ասլանին: Վարպետ Փանոսը դեռ խռմփում էր:

Նավաստիի կոպտությունը բավական վրդովեցրեց ինձ, տրտնջալով հագնվեցա և գյուղական սովորությամբ դուրս եկա փողոցը, այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ երեսս լվանալու: Բայց իմ տրտունջը իսկույն անտեղի երևաց, երբ տեսա, որ ամբողջ գյուղը ոտքի վրա էր: Ծերերը, պառավները գնում էին եկեղեցին աղոթելու, իսկ երիտասարդները դեպի իրանց դաշտային աշխատությունները: Ես տեսա և Ծովիկին, որ, սափորը ուսին` վերադառնում էր աղբյուրից:

– Ես կարծեցի, որ գու գնացել ես, և շտապեցի… – ասաց նա, կանգնելով իմ մոտ:

– Առանց քեզ մնաք բարով ասելու չէի գնալ, – պատասխանեցի ես, ինքս ավելի կարմրելով ամոթխածությունից, քան թե նա:

Նա ծիծաղեց:

– Այդ ջուրը ո՞րտեղից ես բերում, – փոխեցի խոսքս:

– Հեռվից, շատ հեռվից, տե՛ս, այն բլուրի մոտից:

Նա ձեռքը մեկնեց դեպի բլուրը, որ մռայլի միջից ամենևին չէր երևում:

– Այս տարի, ասում են, շոգերի պատճառով, աղբյուրի ջուրը շատ պակասել է, – շարունակեց նա դատող մարդու եղանակով, – այնքան պակասել է, համարյա թե կաթկաթում է: Պետք է սափորը դնել լուլայի տակին և սպասել, երկար սպասել, մինչև լցվի: Այդ անզգամ աղջիկները մեկմեկու ծամեր փետում են, չեն էլ սպասում մինչև հերթը իրանց հասնի: Այսօր քիչ էր մնում, որ մեկի հետ կռվեինք:

Ավանց գյուղի և առհասարակ Վանա շրջակա տափարակների հողը, տոգորված լինելով ծովային ջրով, պարունակում է իր մեջ շատ աղեր, որոնց պատճառով աղբյուրների ջրերը անախորժ համ ունեն, թեև ժողովուրդը գործ է ածում: Բայց լեռներից և բլուրներից բխող աղբյուրները սքանչելի են: Այդ էր պատճառը Ծովիկի այնքան հեռու գնալուն, որ մաքուր ջուր բերե, մանավանդ որ տանը հյուրեր կային:

Ծովիկը, որպես նկատում էի, դժվարանում էր իմ մոտից հեռանալ, ծանր սափորը ուսին կանգնած էր և խոսում էր ու խոսում, հարցնում էր, թե որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, հարցնում էր, թե ես քանի քույր ունեմ, քանի եղբայր ունեմ, հարցնում էր, թե ես տուն վերադառնալու ժամանակ ինչ ընծաներ պիտի տանեմ քույրերիս համար և այլն: Տեսնելով հետաքրքիր աղջկա հարցերը վերջ չունեն, ասացի նրան.

– Դու շատ հեռվիցն ես գալիս, Ծովիկ, բավական հոգնած կլինես, գնա տուն:

– Հոգնա՞ծ, – կրկնեց նա վիրավորվածի նման, – ես պետք է նորից վերադառնամ, այդ մեկ սափորը բավական չէ: – Նա իր շալակը ցած դրեց:

Ես երեսս լվացել, վերջացրել էի, այժմ սանդրվում էի:

– Տեսնեմ այդ սանդրը, – ասաց նա, ձեռքը մեկնելով:

Այդ սանդրը ընծայել էր ինձ ընկերներիցս մեկը, կիսալուսնի ձև ուներ և շինված էր գոմեշի սև եղջյուրից: Ծովիկը հիացմունքով նայում էր նրա վրա և անդադար շրջշրջում էր իր մանրիկ ձեռքերի մեջ:

– Հավանո՞ւմ ես:

– Շա՜տ սիրուն է:

– Ա՛ռ, թող քեզ լինի:

– Բայց դու առանց սանդրի կմնաս:

– Քաղաքումը մի ուրիշը կգնեմ:

– Չէ, լավ կլինի, որ փոխենք իմ սանդրի հետ:

– Շատ լավ կլինի:

– Բայց իմը կոտրած է, անշնորհք է:

– Թող կոտրած լինի, բայց քո սանդրը ինձ համար շատ…

Նա թույլ չտվեց ինձ խոսքս վերջացնել, տվեց ինձ իր սանդրը, գլուխը բարեկամաբար շարժելով ժպտաց, վեր առեց սափորը և վազեց դեպի տուն:

Պատանու և աղջկա մեջ այսպիսի փոխարինությունը կարող էր բոլորովին այլ նշանակություն ունենալ, բայց պարզամիտ Ծովիկը չհասկացավ. նա միայն ուրախ էր, որ գոհացրեց ինձ և ինքը գոհ մնաց:

Ծովիկը մի զարմանալի աղջիկ էր երևում ինձ: Որքան արդյունավոր կարող էր լինել, եթե գյուղական աղջկա այդքան աշխույժը, այդքան կենդանությունը գործ դրվեր ուրիշ, ավելի օգտավետ կրթությունների մեջ: Մի այդպիսի խելացի աղջիկը կարող էր հրաշքներ գործել:

Երբ ես վերադարձա սրահը, բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու: Ասլանը մի քանի րոպեով մտավ այն սենյակը, որտեղ գտնվում էր հիվանդը և մեզ սպասել տվեց:

Մենք եկանք նավահանգիստը այն ժամանակ, երբ բավական լուսացել էր, և աղոթարանը սկսել էր շառագունել: Նավաստին մոտեցավ ցցին, որից կապված էր նրա նավակը և, բռնելով պարանից՝ կոչեց.

– Դե՜, մոտ եկ:

Նա այնպես էր կանչում իր նավակին, որպես ձիապանը իր սնուցած նժույգին: Նավակը մոտեցավ եզրին: Նա մի ոստյունով ցատկեց նավակի մեջ, որը բավական հեռու էր կանգնած: Հետո ձայն տվեց Ծովիկին.

– Դե՛, դու էլ:

Մանկահասակ աղջիկը, հոր օրինակին հետևելով, նույնպես ցատկեց նավակի մեջ և տեղավորեց այնտեղ մեր նախաճաշիկի համար պատրաստած պաշարը. տապակած հավեր, պանիր, սպիտակ լավաշներ և մի շիշ գինի: Ասլանը նույնպես անցավ, բայց ես փայտի նման կանգնած մնացի ափի վրա: Ինձ համար տախտակ դրեցին, վրայից անցա: Կարո՞ղ եք երևակայել իմ ամոթը, իմ քրտինքը Ծովիկի առջև:

Վարպետ Փանոսը, եզրից բարի ճանապարհ մաղթելով, Ծովիկի հետ վերադարձավ դեպի գյուղը: Նավակը սկսեց լողալ: Նրա մեջ տարածված էր մի փոքրիկ գորգ, որի վրա նստեցինք ես ու Ասլանը:

Ծովը հանդարտ էր: Նավակը լողում էր առանց օրորվելու: Առաջին անգամն էր, որ ես ծովային ճանապարհորդություն էի անում, և իմ ուրախությանը չափ չկար: Ասլանը նույնպես լավ տրամադրության մեջ էր երևում, բայց լուռ էր: Նա գտնվում էր մի տեսակ հափշտակության մեջ: Անտարակույս, ծովային սքանչելի առավոտը չէր, որ իր գեղեցիկ տեսարաններով նրա ուշադրությունը գրավեր: Ո՞վ գիտե, ի՛նչ բանի վրա էր մտածում նա: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որ նրա մշտական ցնորքն էր, որի մասին շատ անգամ խոսացել էր ինձ հետ, թե պետք է արդյունավոր կացուցանել ջրային այդ մեծ ավազանը և, զարգացնելով նրա վրա կանոնավոր նավագնացությունը, պետք է ավելի սերտ կապերով միացնել շրջակա գավառների հարաբերությունները: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որը ինձ բոլորովին անկարելի էր թվում, թե պետք է մի ջրանցք բաց անել և, սկսելով այդ ծովի արևմտյան ափերից, հասցնել մինչև Եփրատ (Արածանի) գետը, որը ճեղքելով անցնում է Մուշի ամբողջ դաշտի երկարությամբ և, վերջը խառնվելով Տիգրիսի հետ, թափվում է Պարսից ծոցը: Այսպիսով մի ճանապարհ կբացվեր Հայաստանի սրտից, որը, Արաբական ծովի և Հնդկական օվկիանոսի միջնորդությամբ կկապեր այդ սիրտը Հնդկաստանի հարուստ հայ գաղթականության հետ: Ի՞նչ էր մտածում նա, ես չգիտեմ և անկարող էի գիտենալ: Այսքանը միայն ինձ հայտնի էր, որ նա մանր բաների վրա մտածելու սովորություն չուներ: Ինձ հայտնի էր և այն, որպես նախընթաց օրը խոսեց սրբազնության` առաջնորդի հետ և նրանից հանձնարարական թուղթ ստացավ, նա գնում էր Կտուց անապատը` այդ կղզու մեջ պահված մագաղաթները հետազոտելու համար: Արդյո՞ք այդ ևս մի պատրվակ չէր, որի մեջ թաքնված էին այլ նպատակներ…

Ես էլ լուռ էի, բայց ես ջրանցքի, նավագնացության և ծովի վրա չէի մտածում. իմ մտածությունները շատ անմեղ էին, ես մտածում էի միայն Ծովիկի վրա: Մտաբերում էի, թե ինչպես նա միջօրեի սաստիկ տոթի Ժամանակ, ծառերի ճյուղերի վրա բարձրացած, նախշում էր խնձորները, մտաբերում էի, թե ինչպես գիշերային լռության ժամանակ, լսելով մոր ձայնը, նա ցած իջավ կտուրից, տարավ, հանգստացրեց դժբախտ մորը, մտաբերում էի, թե ինչպես առավոտյան, երբ մարդիկ դեռ նոր էին զարթել, իսկ նա վերադառնում էր հեռավոր աղբյուրից, մտաբերում էի նրա սրտագին խոսակցությունը, և վերջապես` կոտրած սանդրը… և ամաչում էի Ասլանից, հանել այդ թանկագին հիշատակը, նայել, երկա՜ր նայել նրա վրա… Այդ բոլոր հիշողությունները, որոնց մեջ փայլում էր կայտառ աղջկա սիրտն ու հոգին, պատկերացնում էի իմ մտքի մեջ, և համեմատություն էի անում նրա, Մարոյի և Սոնայի մեջ…

Այդ համեմատությունը երկար զբաղեցրեց ինձ, մինչև հեռվից, նուրբ մշուշի մեջ, նշմարեցի Կտուց կղզին: Սկսյալ երեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ էի լսել այդ կղզու անապատականների մասին, որ ցանկանում էի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար օրհնությունը: Լսել էի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում էին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում էին, և նրանք նստում էին փիլոնի վրա, որը, որպես մի ամրակազմ լաստափայտ, լողում էր ջրի երեսին և տանում էր սուրբ հայրերին, որտեղ որ նրանք ցանկանում էին: Լսել էի, թե ինչպես նրանք մոտենում էին իրանց կղզու ափերին, կանչում էին, և ձկները, նրանց ձայնը լսելով, ուրախ-ուրախ վազում էին դեպի եզրը, և նրանք ձեռքերը մեկնում, բռնում էին ձկներին, նայում էին նրանց վրա, զվարճանամ էին և կրկին թողնում էին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու: Վերջապես, ի՜նչ հրաշալիք ասես չէի լսել նրանց մասին և, այդ բոլորը մտաբերելով, իմ սիրտը լցվում էր սրբազան ջերմեռանդությամբ, և ես ինձ անչափ երջանիկ էի համարում, որ պիտի տեսնեմ սուրբ հայրերին:

Նավաստին, երևի, ոչ մի բանի վրա չէր մտածում, նա նիրհում էր: Թիկն տված նավակի կողքին, պառկել էր նա և երբեմն, քնի միջից, մեքենաբար շարժում էր թիակը, որ ձեռքից բաց չէր թողել: Հնազանդ նավակը գիտեր իր գործը, գնում էր նույն ուղղությամբ, որ սկզբից նրա տերը նախագծել էր նրա համար: Ծովը խաղաղ էր:

Բայց խաղաղությունը երկար չտևեց: Հարավային քամին, որ սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկացավ: Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել: Նավաստին չէր նկատում այդ փոփոխությունը, նա, դեռ աչքերը խփած, շարժում էր ձեռքերը, որպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կես-գիշերին, մեքենաբար շարժում է անհանգիստ երեխայի օրորոցը: Ասլանը առեց թիակը նրանից և հմուտ ձեռքով սկսեց ինքը թիավարել: Նավաստին ոչինչ չզգաց:

Ալիքները այն աստիճան բարձրացան, որ ջուրը այժմ սկսել էր ցայտել նավակի մեջ: Նավաստին զարթնեց: Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից: Նա զարմացած նայեց իր շուրջը: Նեբրովթ և Գրգուռ լեռների գագաթների վրա երևում էին մոխրագույն ամպեր: Մշուշը պատել էր այն կողմը, որը, հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք էր ստանում: Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի գույնով շրթունքները հեգնաբար ետ քաշվեցան և երևան հանեցին նրա խոշոր, սպիտակ ատամները:

– Օ՛-հո՜ , – բացականչեց նա, – շուտով մի լավ փոթորիկ կունենանք…

Մառախուղը հարավային կողմից սկսեց ավելի և ավելի տարածվել և բռնեց հորիզոնի մեծ մասը: Բայց աղոթարանի կողմից նոր ծագող արեգակը ծիծաղում էր: Երբեմն կաթկաթում էին անձրևի խոշոր կաթիլներ, թեև մեր վրայի երկինքը դեռ պարզ էր: Ջերմ և հեղձուցիչ գիշերից հետո այդ երևույթը այդ կողմերում անսովոր բան չէր:

Ասլանը դեռ ուժեղ կերպով թիավարում էր: Նավաստին կանգնած նայում էր նրա վրա և, կարծես, չէր ուզում զրկել նրան այդ փոքրիկ զվարճությունից:

– Շուռ տո՛ւր դեպի աջ, – նկատեց նա, – աշխատիր մոտենալ եզերքին, եթե ոչ, հորձանքների մեջ կընկնենք:

Հետո դառնալով ինձ` հարցրեց.

– Դու լողալ իմանո՞ւմ ես:

– Ոչ, – պատասխանեցի ես:

– Երբ մի քանի րոպեից հետո այդ նավակը ջրի տակը կգնա, դու բռնիր այստեղից: – Նա սառնասրտությամբ ցույց տվեց իր գոտին:

Ես սոսկացի:

Նավաստին անվրդով կանգնած էր և ոտքը դրել էր նավակի կողքի վրա, կարծես նրա զորավոր ճնշումով աշխատում էր պահպանել նավակի հավասարակշռությունը, որը այդ միջոցին, մի փայտյա կոտրած շերեփի նման, ծփում էր զայրացած կոհակների մեջ: Հարավային տաք քամին, որը, անցնելով Միջագետքի արևակեզ անապատներից և փոքր-ինչ զովանալով Տավրոսի լեռների վրա, հասնում էր մինչև այստեղ, այդ բոթաբեր քամին, ավելի և ավելի սաստկանալով, փոքր էր մնում, որ փշրեր բարակ ձողը, որի գլխին, աղմուկ բարձրացնելով, ծածանվում էր Բերզեն-Օղլու կարմիր և սև գույնով դրոշակը:

– Տուր ինձ թիակը, դու հոգնեցար, – ասաց նա Ասլանին, առնելով նրա ձեռքից թիակը: – Իսկ դու, իմ գառնուկ, անգործ մի մնա, վեր առ այդ գոտը և ջուրը դուրս ածիր:

Ես վեր առի փայտյա գոտը, սկսեցի դուրս ածել ջուրը, որ այդ ժամանակ ավելի առատությամբ թափվում էր նավակի մեջ:

Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ: Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը: Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում. կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ: Վերևից հեղեղ, ներքևից ալեկոծություն:

Երբեմն լսվում էր զանգահարության մեղմ ձայն, որը խլանում էր քամու կատաղի մռնչյունի մեջ: Զանգակի այդ տխուր հնչյունները լսելի են լինում միայն հանդիսավոր թաղումների ժամանակ: Այդ ձայնը ինձ վրա խիստ սոսկալի ազդեցություն գործեց: Մի՞թե շուտով պիտի կատարվեր մեր թաղումը, մի՞թե շուտով պիտի պատռվեր ջրային անդունդը և մեզ տաներ սառն գերեզմանի մեջ:

Ասլանը մտահույզ էր: Նավաստին եռանդով մաքառում էր փրփրած ալիքների հետ: Իմ մեջ սիրտ չէր մնացել:

– Այդ ի՞նչ զանգակի ձայն է, – հարցրեց Ասլանը:

– Այնտեղ, կղզու մեջ, աղոթում են, – պատասխանեց նավաստին: – Աբեղաները սովորություն ունեն սաստիկ ալեկոծությունների ժամանակ մոտենալ ափերին և խմբով թափոր կատարել:

– Ուրեմն մո՞տ ենք կղզուն:

– Շատ հեռու չենք:

Ես փոքր-ինչ հանգստացա:

Պետք էր նավակի մեջ գտնված բոլոր ծանրությունները ածել ծովը: Նավաստին նետեց կողովը, որի մեջ զանազան մրգեր էր տանում աբեղաների համար: Տանձերը, խնձորները մի քանի վայրկյան ծփացին կոհակների վրա, հետո անհետացան: Նետեց հացի պաշարը, որ Ծովիկը դրել էր մեզ համար: Ասլանը նետեց նորին սրբազնությունից իբրև հիշատակ ստացած փղոսկրյա «տիրուհին»: Ես էլ հիմարացա, նետեցի ձեռքիս փայտյա գոտը:

– Խելացի բան տեսար, – նկատեց ինձ նավաստին ժպտելով:

Ամեն րոպե սպասում էին խորասույզ լինելու: Երբ մոտեցանք մի կողմից կղզուն, մյուս կողմից ծովափին, նավաստին ասաց.

– Վտանգը պետք է անցած համարել:

– Ընդհակառակը, հենց այժմ է գլխավոր տագնապը, – նկատեց նրան Ասլանը:

– Ինչո՞ւ:

– Այժմ քամին փչում է արևմուտքից, և ալիքները մղում են դեպի արևելք, այսինքն` դեպի մերձակա ծովեզրը. շուտով մեզ կհեռացնեն կղզուց և, նավակը զարկելով ցամաքի ժայռերին, կփշրեն:

– Ես պիտի թողնեմ, որ տանեն և փշրեն:

Նա առաջարկեց թողնել նավակը և լողալով անցնել կղզին, որը ավելի մոտ էր, քան թե ցամաքը:

– Ես նպատակ չունեմ թրջված կատվի նման վանքը մտնել, – պատասխանեց Ասլանը:

– Ուրիշ հնար չկա:

– Կա:

– Նավակը շուտով մեզ հետ կփշրվի ժայռերի վրա:

– Եթե այդ ուղղությամբ տանենք, չի փշրվի:

– Այնտեղ ուժգին հորձանք կա:

– Հենց այդ հորձանքը կազատե մեզ:

– Դուք համոզվա՞ծ եք:

– Ինչպես երկու անգամ երկու…

– Տեսնենք…

Գիտությունը և փորձը վիճում էին միմյանց հետ: Ասլանը, նայելով ալիքների ուղղությանը, քամու ընթացքին, այդ համոզմունքն էր կազմել: Իսկ նավաստին, հիմնվելով իր փորձերի վրա, բոլորովին հակառակ կարծիք էր հայտնում. նա դարձյալ առաջարկում էր թողնել նավակը և լողալով ընկնել կղզին: Թե՛ այսպես, թե՛ այնպես, տագնապը մեծ էր:

Նավաստին դադարեց վիճել, նա թեորիայի մարդ չէր: Հանկարծ այն տեսանք, որ նա, նավակից կապած երկայն պարանի ծայրը ձեռքին բռնած, նետվեցավ ջրի մեջ: Սկզբում բոլորովին խորասույզ եղավ նա, մի ծանր խարսխի նման, որը, դեպի հատակը գնալով, կանգնեցնում է մրրկածուփ նավը: Ես սաստիկ վախեցա, կարծում էի, թե կորավ նա: Բայց քանի րոպեից հետո կրկին հայտնվեցավ նա և սկսեց լողալ դեպի կղզին, իր ետևից քարշ տալով նավակը:

Ասլանը շվարած մնաց:

Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը:

Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին: Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից: Ասլանը ծիծաղեց:

– Մի վախիր, – ասաց նա, – կղզին մոտ է:

– Բերզեն-Օղլու ջանքերն իզուր անցան, – հանկարծ խոսքը փոխեց նա, և մի անսովոր անհանգստություն երևաց նրա դեմքի վրա: – Պարանը կտրվեցավ…

Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ես մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպով հիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի, որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատակը տանելով, երբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ, կարծես մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ: Երկար մենք տարուբերվում էինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չէր բաժանվում:

Այդ զորությունը ինձ դուրս հանեց կղզու վրա, բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ: Եվ դա ուրիշ ոչ ոք չէր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը՝ Ասլանը: Երբ աչքերս բաց արի, երբ փոքր-ինչ ուշքի եկա, ինձ մի խումբ աբեղաներից շրջապատված գտա: Նրանք անդադար փառք էին տալիս աստծուն, որ ազատվեցանք:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации