Электронная библиотека » Մուրացան » » онлайн чтение - страница 3

Текст книги "Չհաս է"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:09


Автор книги: Մուրացան


Жанр: Зарубежная классика, Зарубежная литература


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 3 (всего у книги 13 страниц) [доступный отрывок для чтения: 4 страниц]

Шрифт:
- 100% +

– Շատ խելոք խոսք եք ասում, Մելքոն-աղա. դրան ես հակառակվել չեմ կարող, կանչեք այստեղ իմ խնամուն և հարսնացուին. և թող նրանք էլ իմանան մեր որոշումը: Բայց կապալի գործի մասին, խնդրում եմ, դուք ոչինչ չհիշեք նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը: Այդ բանը կարող է նրան վշտացնել:

– Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտրական գործերի մասին խոսել, այդ կողմից ես ավելի խիստ եմ: – Այդ ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու:

Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիքներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ:

– Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքան էլ միամտություն, – մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը. – մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ: Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը, որ նա անում է ինձ, հեռանալով հարյուր հազարանոց կապալից: Ուրեմն ինչու կասկածել թե ես կարող եմ իմ խոստմանը դրժել: Մելքոնի աղջիկը, ճշմարիտ է, ասում են որ գեղեցիկ չէ, բայց ինչ հարկավոր է իմ եղբոր որդուն գեղեցկությունը, քանի որ նրա հարսնացուն քաղաքի ամենաառաջավոր մարդու աղջիկն է և ի դեպ, եթե ես չլինեմ էլ, դարձյալ նա յուր հարուստ աներոջ շնորհիվ փողի կամ ապրուստի կարոտություն տեսնելու չէ երբեք: Իմ եղբորորդին այնքան հիմար չէ, ես կարծում եմ, որ չգնահատե այս առավելությունները: Գեղեցկությունը մի փայլ է, որին ոչնչացնում են առաջին պատահած վիշտն ու նեղությունները: Բայց հարստության առաջ ոչ միայն չքանում են ամեն տեսակ վշտեր, նեղություններ և ցավեր, այլև ուրախություն չեղած տեղը ուրախություն է բուսնում, զվարճություն չեղած տեղը զվարճություն է ստեղծվում… Չէ, սա մի բախտ է, որին իմ պատճառով արժանանում է Պետրոսը և նա պետք է երախտապարտ լինի յուր հորեղբորը:

Մինչդեռ Թովմասը այս խորհրդածություններն էր անում, այգին մտան Մելքոն-աղայի հետ միասին տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան, երկուսն էլ վայելուչ կերպով կոկված ու հագնված: Պ. Թովմասը թեպետ երբեք առիթ չէր ունեցել ասպետական օրենքները ուսումնասիրելու, այսուամենայնիվ նա զգաց, որ հարկավոր էր հանել յուր գլխարկը և ժպտերես դիմավորել յուր խնամուն ու հարսնացուին:

Վերջիններս շատ սիրալիր ընդունեցին պ. Թովմասի ողջույնը և ծանոթանալով նրա հետ, ջերմագին սեղմեցին նրա ձեռը:

Տիկինը առաջարկեց բոլորին էլ նստել ծաղկանոցի առաջ շարված աթոռների վերա:

Սովորական հարց ու բարևից ետ, Մելքոն-աղան հանդիսավոր կերպով կանգնեց նրանց մեջ և բառերի հստակ ու որոշ արտասանությամբ հայտարարեց, որ պ. Թովմաս Մարալյանը շնորհ է բերել յուր մոտ իրենց սիրելի Նատալիայի ձեռքը յուր եղբոր որդի Պետրոսի համար խնդրելու և որ ինքը այդ բանին սրտով համաձայն է, սակայն հարցնում է և տիկին Անիչկայի կամքը:

Վերջինս կարելվույն չափ քրքրվելով և կարելվույն չափ գեղեցիկ ժպիտով պատասխանեց. – «Ես այնքան շատ լավ բաներ եմ լսել պ. Թովմասի եղբոր որդու համար, և այնքան գովություններ նույնիսկ պ. Թովմասի և յուր ընտանիքի վերաբերությամբ, որ ես ոչ միայն պատճառ չունիմ մերժելու նրա առաջարկությունը, այլև շատ ուրախ կլինեմ նրան ընդունելով: Իմ Նատաշան այնքան քնքուշ, այնքան ուրախ և այնքան սիրելի պահված աղջիկ է, որ բացի պ. Թովմասի ընտանիքը, ուրիշ որևէ ընտանիք ես արժանի չեմ գտնիլ նրա հարսնության, հետևապես ես տալիս եմ իմ համաձայնությունը»:

Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության:

Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց. – «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ. նա քո առաջ կանգնած է կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»:

– Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան, – պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր:

Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքը յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին: Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության:

Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանը ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ: Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը:

Նոր բարեկամները այդ երեկոյան պատվեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից խմեց նրա թանկագին կենացը:

Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա:

Է

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ՅՈԻՐ ԱՌԱՆՁՆԱՐԱՆՈԻՄ ԵՎ Պ. ԹՈՎՄԱՍԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՊԱԼԱՌՈԻ

Մի փոքրիկ սենյակ, որ լուսավորվում էր երկու նեղ պատուհաններով: Մի հասարակ գրասեղան, որի զարդարանքը կազմում էին դատարանից բերված հին թանաքամանը, երկու մաշված գրիչներ, կես կապ թուղթ և մի աժանագին լամպար. – չորս պարզաշեն աթոռներ, որոնցից մինը արդեն կազմալույծ էր եղած, ուստի և դատապարտված սենյակի անկյունում անգործ մնալու, մի դեղնափայտե պահարան, որի մեջ անկարգ կերպով դարսված էին քանի մի օրինագրքեր, մի հին տարազի պատի ժամացույց, որը գնված էր մի ինչ որ աճուրդի ժամանակ, և վերջապես մի անբովանդակ պատկեր, որ առանց շրջանակի կպցրած էր պատի վերա. – սա Միկիթ-բեկի առանձնարանն էր:

Երեկոյան ժամը վեցն էր. մի այնպիսի ժամանակ, երբ առհասարակ գործից վերադարձող մարդիկ տանը չէին նստում, որովհետև քաղցր հովերի ժամանակ լինելով քաղաքի միակ զբոսարանը, որ մի վանդակապատ ծառաստան էր, դառնում էր զվարճալի: Օրվա ծանրությունը բարձող մարդիկ գունդագունդ դիմում էին այդտեղ թարմ օդ շնչելու և իրենց հոգնած հոգուն ու մարմնին հանգստություն տալու:

Բայց Միկիթ-բեկը ժամանակ չուներ այդ շռայլության համար: Նա յուր առանձնարանում նստած խորասուզվել էր օգտավետ մտածմունքների մեջ: Դուք, իհարկե, չեք գուշակում, որ նա մտքով վերափոխվել էր հին պատմությունների աշխարհը և մտածում էր այն հանճարեղ նկարչի վերա, որ ժամանակի պատկերը մարմնացրել էր մերկ աղջկա կերպարանքով, նրա գլխի առաջից երկար մազեր նկարելով իսկ ետքի կողմը թողնելով լերկ, ինչպես յուր մարմինը և տալով նրան երկու զորեղ թևեր անընդհատ առաջ սլանալու համար…

– «Այո՛, քանի որ նա քեզ մոտիկ, քո առաջ կանգնած է, – խոսում էր ինքն իրեն Միկիթ-բեկը, – աշխատիր բռնել նրա մազերից, աշխատիր ընկերանալ նրա թռուցքին, ապա թե ոչ, մի փոքր անհոգություն, մի փոքր դանդաղություն և ժամանակը սլանալով կհեռանա քեզանից – այնուհետև որքան էլ վազես նրա ետևից էլ հասնել չես կարող և զղջումն ու ապաշավանքն էլ քեզ չեն օգնիլ…»:

Միկիթ-բեկի խորհրդածությունները վերաբերում էին մեզ արդեն հայտնի աճուրդին: Նա փորձով գիտեր, որ առհասարակ հազվագյուտ են այն դեպքերը, որոնցից կարելի է լինում անսպաս օգուտներ ձեռք բերել: Այդ աճուրդը պատկանում էր հազվագյուտ դեպքերի կարգին: Եվ որովհետև հետևյալ առավոտ նա տեղի պիտի ունենար, իսկ Միկիթ-բեկը բացի Թովմասին օգնելուց դեռ յուր ուրիշ երեք բարեկամների համար էլ գործ ուներ կատարելու, պարզ է, ուրեմն, որ նա չէր կարող այդ թանկագին ժամանակը զբոսանքի նվիրել: Նա նստել էր յուր առանձնարանում և հաստատապես վճռել՝ բռնել ժամանակի մազերից և չթողնել նրան, մինչև որ անսպաս օգուտներից յուր բաժինը չստանար: Գործը չերկարացնելու համար նա մինչև անգամ պատրաստել էր կարևոր թղթերը և ինքն յուր մեջ որոշել, թե յուր բարեկամներից որին ինչ խորհուրդ և որին ինչ ճանապարհ պիտի ցույց տար: Եվ այս ամենը նա կարգավորել էր այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը առանձնապես գոհ մնան իրենից, հավատացած լինելով, որ Միկիթ-բեկը միայն իրեն համար է գործ շինում: Բայց, իհարկե, դրանք բոլորը միասին իրենց մասնակցությամբ պետք է անգիտակցաբար ծառայեն Միկիթ-բեկի գլխավոր բարեկամ Թովմաս Մարալյանի օգտին, որից և պիտի հասներ նրան ամենագլխավոր օգուտը:

– Փառք աստուծո, ես ձեզ տանը գտա, շնչասպառ բացականչելով ներս ընկավ Միկիթ-բեկի առանձնարանը բազազ Սարգիսը. – օհ, ես այնպես հոգնել, այնպես վաստակել եմ, որ դեռ պետք է հանգստանամ, ներեցեք խնդրեմ, Միկիթ-բեկ, ես շատ եմ հոգնել, այո՛, շատ:

– Ինչո՞ւ համար էիք այդքան շտապում:

– Ինչու համար… չէ որ դուք ապսպրել էիք ճիշտ վեց ժամին գալ ձեզ մոտ. իսկ ձեր տունը հո գիտեք որքան է հեռու:

– Ինչո՞ւ մի փոքր վաղ դուրս չեկաք խանութից:

– Եվ կարծում եք, թե վաղ չեմ դուրս եկել, ամբողջ քառորդ ժամ է, ինչ որ ճանապարհ եմ գալիս:

– Շատ փոքր հասկացողություն ունիք ժամանակի գործադրության մասին, ներեցեք ասել, այսպիսի մի գործի համար ավելի վաղ պետք է թողնեիք խանութը, մի քառորդը բավական չէ. – նկատեց Միկիթ-բեկը բարեկամին և առաջ քայլելով դեպի գրասեղանի արկղիկը հանեց այնտեղից նրա համար պատրաստած թղթերը:

– Ահա. ամեն ինչ պատրաստ է, – ասաց նա, – հարկավոր է միայն ավելացնել գները: Ասացեք այժմ, ինչ գներով եք կամենում մատակարարել հացը, ինչ գնով միսը ինչ գնով խմիչքը:

– Չգիտեմ, դուք ի՞նչ եք կարծում, որքանով է լավ նշանակել:

– Եթե կարծում եք աճուրդին մասնակցողներ շատ չեն լինիլ՝ նշանակեցեք ավելի թանկ:

– Օրինակ:

– Օրինակ հացի պուդը 1 ռուբլի 40 կոպեկ, մսինը 4ռ. 20 կոպ. խմիչքներից գինու վեգ. 5 ռ., օղիինը 7 ռուբլի:

– Ես կարծում եմ այդ գները շատ թանկ են. այդպիսով մենք կարող ենք կապալը կորցնել:

– Ես նշանակեցի այն գները, որոնք իմ կարծիքով ամենահարմարներն են. դուք կարող եք ավելացնել նրանց, կամ պակասեցնել:

Բազազ Սարգիսը սկսեց մտածել, նա յուր գլխում հաշիվներ էր անում: Հետո մի ինչ որ եզրակացության գալով՝ պատասխանեց. – Ես ձեզանից ավելի խելոք չեմ. նշանակեցեք այն գները, ինչ որ հիշեցիք: Եթե բախտը ինձ հետ խռով չէ, այդ գներով էլ կապալը կմնա ինձ վերա:

Եվ Միկիթ-բեկը վերցրեց իսկույն գրիչը՝ նշանակեց առաջարկության թերթի մեջ յուր մտացածին գները և բոլոր գրածները մի անգամ էլ բարձր ձայնով կարդալով ծալեց նրանց և տվավ բարեկամին:

Վերջինս կամացուկ հանեց ծոցից մի ինչ որ ծրար և դրեց Միկիթ-բեկի սեղանի վերա:

– Եթե ձեր ձեռքը թեթև եղավ և կապալը մնաց ինձ վերա, – ավելացրեց նա, – խոստանում եմ կրկին անգամ ծառայել ձեզ:

Միկիթ-բեկը հասկանալով բարեկամի խոստման նշանակությունը՝ անկեղծ սրտով շնորհակալություն արավ նրան:

– Իսկ գնդապետի հետ ինչ որ հարկավորն է խոսե՞լ եք, – խորհրդավոր ձայնով հարցրեց Սարգիսը:

– Իհարկե, իհարկե, երեկվանից արդեն ամեն բան խոսել վերջացրել եմ: Ինչ օգնություն որ նրան է վերաբերում, նա չի խնայիլ. միամիտ կացեք, դուք աղոթեցեք միայն, որ գեներալը չընդդիմանա նրան:

– Կերթամ կաղոթեմ… տեսնենք ամենակարող աստվածը որքան կհաջողե յուր մեղավոր ծառայի գործը. – բարեպաշտական զգացմունքով լցված պատասխանեց Սարգիսը և ապա հիշելով, որ Միկիթ-բեկը շատ զբաղմունքներ ունի և ուրեմն նրան ավելի խանգարել չէ կարելի, նա ջերմությամբ սեղմեց նրա ձեռքը և դուրս գնաց նրա առանձնարանից:

Միկիթ-բեկը սրտատրոփ վերադարձավ յուր տեղը, հանեց սեղանից ստացած ծրարը և շտապով բանալով նրան գոհությամբ սրտի տեսավ, որ յուր չնչին ծառայության համար բարի բազազ Սարգիսը վարձատրել էր նրան 100 կլորիկ ռուբլիներով:

Հազիվ նա փողերը դրել էր յուր պահարանի մեջ, և ահա մի մեծ գլուխ առանձնարանի դռնից ներս մտնելով լսեցրեց յուր ձայնը.

– Կարծեմ ճիշտ նշանակած ժամին եկա, միայնա՞կ եք:

– Օ, բարև ձեզ, բարև ձեզ, ներս հրամեցեք, այստեղ ոչ ոք չկա:

Եվ ահա առանձնարանի դռնով ներս մտավ մի հաղթանդամ և անճոռնի տղամարդ: Սա Ամիրի աղան էր, որ ողջունելով Միկիթ-բեկին, վերցրեց աթոռներից մինը և նստեց նրա առաջ.

– Տոնին դեռ տասը րոպե կա, ուրեմն նշանակում է ժամանակից էլ մի փոքր վաղ եմ եկել, այնպես չէ՞:

– Այո, բայց վաղ գալ հարկավոր չէր, դուք պետք է ճշտությամբ կատարեիք իմ պատվերը: Եթե ես յոթին եմ ձեզ ժամադիր եղել, ճիշտ յոթին էլ պիտի գայիք, որովհետև մի քանի րոպեով ետ ու առաջ գալով կարող էիք ինձ խանգարել:

– Ուրեմն հազար ներողություն: Բայց պատրա՞ստ է իմ թղթերը, թե ոչ:

– Ահա նրանք: Եվ Միկիթ-բեկը հանեց երկրորդ արկղից յուր երկրորդ բարեկամի թղթերը և կարդաց նրանց իզուր:

– Այդ բոլորը լավ, – ասաց Ամիրի տղան, երբ Միկիթ-բեկը յուր ընթերցումը ավարտեց, – սակայն ինչ գներ եք ուզում նշանակել իմ առաջարկության մեջ:

– Ինչ գներ որ դուք կցանկանաք:

– Նշանակեցեք ուրեմն – հացի պուղը 1 ռուբլի, մսինը՝ 3 ռ. 50 կ.: Գինու վեդրոն՝ 4 ռ. 50 կ., իսկ օղիինը 6 ռուբ. 50 կոպ:

– Օ, այդ շատ էժան եք նշանակում, պարոն, ինչ վաստակ կարող եք ունենալ, ուրեմն, այդ կապալում. նշանակեցեք ավելի թանկ և մի կարծեք, թե կապալին մասնակցողները այդպիսի չնչին գներով կներկայացնեն իրենց առաջարկությունները:

– Եթե այդպես է, ուրեմն դուք ինքներդ նշանակեցեք գները:

– Շատ լավ, հացի պուդը ես կնշանակեմ 1 ռ. 30 կ., մսինը 4 ռ. 10 կ… գինու վեդրոն՝ 4 ռ. 90 կ., օղիինը՝ 6 ռ. 80 կոպեկ:

– Եվ կարծում եք, որ այդ գներով մենք կապալը չե՞նք կորցնիլ:

– Ես կարծում եմ, որ կվաստակեք:

– Իսկ եթե կորցնեմ, այն ժամանակ դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը:

– Իսկ եթե այս գիշեր մեռնի Միկիթ-բեկը, դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը:

– Ձեր մեռնելը ինչ կապ ունի իմ հարցի հետ:

– Այն կապը, որ ինչպես քո կապալի կորուստն է պատահմունքից կախված, այնպես էլ Միկիթ-բեկի մահը: Իսկ աշխարհում բազմաթիվ չեն այն հիմարները, որոնք պատասխանատու են լինում պատահարներին:

– Հասկանում եմ. բայց գոնե դուք կարողանում եք հուսալ, – որ այդ գներով կապալը կմնա ինձ վերա:

– Ես կարողանում եմ հուսալ մինչև անգամ՝ թե մի օր ես ճանապարհին հազար ոսկի պիտի գտնեմ:

– Քեզ հետ վիճել չէ կարելի, նշանակեցեք, ինչ գին որ կամենում եք. անշուշտ դուք իմ բարին եք ցանկանում:

– Այ, այդ բանի համար ես գրական պատասխան կարող եմ տալ. արդարև ձեր բարեկամների մեջ հազիվ թե գտնվի մեկը, որ ինձ չափ ձեզ սիրե և ձեր բարին ցանկանալ կարողանա: Ես միայն մի մարդու եմ հարգում և այն մարդը դուք եք:

Ամիրի տղան մի անհանգիստ շարժում գործեց, որ նշան էր Միկիթ-բեկի հաճոյախոսության նրա վերա արած լավ ազդեցության, հետո, առանց սպասելու, որ վերջինն ավարտեր յուր գործը, նա հանեց ծոցից յուր ծանր քսակը և տասնևհինգ հատ պսպղուն ոսկիներ համարեց նրա առաջ:

Միկիթ-բեկը աչքի ծայրով նայեց ոսկիների վերա և ներքին ուրախությամբ շարունակեց յուր գործը: Հետո ավարտելով նրան, հանեց սեղանի արկղից մի սիրուն ծրար, որի համար, իհարկե, նա փող չէր վճարել, դրեց այդ ծրարի մեջ բոլոր թղթերը և հանձնեց այն բարեկամին, սովորեցնելով նրան նրա գործադրության եղանակը:

Մի քառորդ ժամից ետ Միկիթ-բեկը արդեն միայնակ էր և ուրախությամբ ձեռքերը շփելով ման էր գալիս յուր առանձնարանի մեջ և սպասում էր Ձուկ-Ավետիսին:

Հազիվ ծառան վառեց լամպարը և դուրս գնաց, երբ ժամը ութը զարկեց և նրա վերջին հարվածի հետ էլ լսվեցավ Ձուկ-Ավետիսի ձայնը, որ խոսում էր ծառայի հետ նախասենյակում:

– Ներս հրամեցեք, – սենյակի դուռը բանալով ձայն տվավ Միկիթ-բեկը յուր երրորդ բարեկամին: Վերջինս ամաչելով ներս մտավ սենյակը, բայց այնպես կամացուկ, որ նրա ոտնաձայնը գրեթե չէր լսվում:

– Շնորհակալ եմ, ճիշտ ժամանակին եկաք, եթե մի փոքր ուշանայիք, ինձ տանը չպիտի գտնեիք:

– Ինչպե՞ս կհամարձակվեի ուշանալ, – համեստությամբ և հազիվ լսելի ձայնով պատասխանեց Ձուկ-Ավետիսը:

– Շնորհակալ եմ, ես էլ արդեն պատրաստել եմ ձեր թղթերը: Ուրեմն լսեցեք, ես կկարդամ և կթարգմանեմ նրանց:

Եվ Միկիթ-բեկը սկսավ կարդալ և թարգմանել, որովհետև երրորդ բարեկամը ռուսերեն չէր հասկանում:

– Հավանո՞ւմ եք, – հարցրեց նա բարեկամին, երբ ավարտեց յուր ընթերցումը:

– Ինչպես կհամարձակվիմ չհավանել:

– Ինչ գներ եք ուզում, ուրեմն, որ նշանակեմ ձեր առաջարկության թղթի մեջ:

– Դուք էլած տեղը ես ինչպես կհամարձակվիմ գին նշանակել:

– Բայց էլի մի բան ասացեք, որքանով, օրինակ, կարող եք հաց մատակարարել զորքին և որքանով միս:

– Աստված վկա, չեմ կարող ասել. – խեղճ ժպիտով պատասխանեց պարոն Ձուկը:

– Ուրեմն ի՞նձ եք իրավունք տալիս նշանակելու գները:

– Իհարկե, իհարկե:

– Լավ, այստեղ ես գրում եմ, որ դուք զորքին հաց կտաք պուդը 1 ռ. 20 կոպեկով, միս 4 ռուբլով, գինի 4 ռ. 85 կոպեկով և օղի 6 ռ. 75 կոպեկով:

– Դուք գիտեք:

– Ի՞նչ եք կարծում, այս գներով օգուտ կունենաք:

– Աստված է իմանում:

– Ուրեմն գոհ եք այս չափով:

– Իհարկե:

– «Եթե բոլոր մարդիկ ձեզ չափ բարի և ձեզ չափ հիմար լինեին, մեզ նմանները դարդ չէին ունենալ», – խոսեց ինքն իրեն Միկիթ-բեկը և ծրարելով մի ոչ շատ գեղեցիկ ծրարի մեջ, տվավ Ձուկ-Ավետիսին:

– Որքան է ձեր նեղության վարձը, Միկիթ-բեկ, ասացեք, ես այս տեսակ բաների գինը չեմ իմանում:

– Այդ կախված է տվողի կամքից: Եթե ես ուրիշի համար էլ այդպիսի մի գործ շինած լինեի, կասեի, թե այսինչը այսքան վճարեց, դուք էլ կարող էիք այսքան վճարել: Բայց որովհետև այս տեսակ գործ միայն ձեզ համար եմ շինել, ուրեմն վարձատրելն էլ ձեր կամքից է կախված:

Պ. Ձուկը ընկավ մտատանջության մեջ և երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե որքան պետք էր վճարել Միկիթ-բեկին: Վերջապես նա հանեց ծոցից յուր քսակը, և երկու նոր քսանհինգանոցներ ընտրելով դրեց սեղանի վերա: Միկիթ-բեկը ժպտաց: Խեղճ Ձուկը կարծելով, թե նա ծաղրում է իրեն երկու քսանհինգանոցներ էլ ավելացրեց և վեր կացավ տեղից:

– Շնորհակալ եմ, աստված հաջողություն տա. – ասաց Միկիթ-բեկը և ճանապարհ դրեց յուր երրորդ բարեկամին, որ արդեն քաջալերվել էր շնորհակալության խոսքերով:

Երեք այցելուներից հետո վերջապես եկավ պարոն Թովմասը: Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ անհանգստություն, որ առաջանում էր Միկիթ-բեկի զեկուցումը շուտով լսելու ցանկությունից:

– Ամեն բան արդեն կարգի դրված է, – սկսավ խոսել Միկիթ-բեկը. – իմ մարդկերանց հետ ես իմ գործը վերջացրի: Նրանց առաջարկությունների մեջ ես այնպիսի գներ եմ նշանակել, որ եթե ձերինի մեջ համեմատաբար միայն տաս-տաս կոպեկ պակաս նշանակվի, ահագին գումար կարող եք շահել մի տարվա մեջ:

Թովմասի դեմքը զվարթացավ և այդ րոպեին նա կարող էր մինչև անգամ Միկիթ-բեկին գրկեր բայց, իհարկե, դեռ գործը վերջացած չէր:

– Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները, – հարցրեց Թովմասը:

– Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ. 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ, և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ:

– Օհ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը:

– Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոն – աղան էլ նույնն է ցանկանում:

Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն:

Այդ գիշեր նա գրեթե չկարողացավ քնել: Հազար և մի մտքեր տանջում էին նրան: Երբեմն նա հույս էր տածում, որ կապալը անպատճառ իրեն կմնա, որ նրանով ինքը կհարստանա, պատիվ և անուն ձեռք կբերե, Մելքոն-աղայի փառակիցը կդառնա և այլն և երբեմն կասկածում, թե գուցե մի ուրիշը հափշտակե յուր որսը և իրեն միայն անպատվություն և այնքան օրերի նեղությունը մնա:

Վերջապես փորձության օրը հասավ: Եվ չնայելով, որ աճուրդը նշանակված էր ժամը տասին, սակայն պ. Թովմասը ժամը ութից արդեն անց ու դարձ էր անում գնդապետի տան բակում, ուր գտնվում էր զորանոցի վարչությունը: Այդտեղ հետզհետե գալիս խռնվում էին ոչ միայն կապալին հետամուտ մարդիկ, այլև այնպիսիները, որոնց մասին Միկիթ – բեկը ոչինչ չէր հիշել և պ. Թովմասը երբեք չէր մտածել, թե կարող էին նրանք մի որևէ աճուրդի մասնակցել, բայց որոնք այսուամենայնիվ ծրարներ ունեին բռնած իրենց ձեռքերում:

Այս հանգամանքը շատ անհանգստացնում էր պ. Թովմասին: Բայց շուտով եկավ Մելքոն-աղան, որ հասկացրեց յուր խնամուն, թե այդ մարդիկը կապալ վերցնողներ չեն, այլ, այսպես ասած, աճուրդի անգղներ, որոնք սովորաբար իրենց համար որս են որոնում ամեն մի աճուրդի ժամանակ: Նրանք մոտենում են միամիտներին և սպառնում, որ իբր թե իրենք էլ կամենում են մասնակցել աճուրդին, բայց հենց որ մի քանի ռուբլի վարձատրություն են ստանում, իսկույն չքանում են ասպարեզից: «Թիֆլիսում, մանավանդ, ուր հաճախ աճուրդներ են լինում, – ավելացրեց Մելքոն-աղան, – բազմաթիվ է այդ անգղների թիվը և շատերը հատկապես այդ արհեստով են պարապում և ապրում»:

Եվ իրավ, երբ աճուրդի ժամանակը հասավ, երևացավ, որ նրան մասնակցողները միայն պ. Թովմասը և Միկիթ-բեկի երեք բարեկամներն էին:

Հարկ չկա ասել, որ աճուրդը վերջացնելուց ետ՝ Թովմաս Մարալյանը հրատարակվեցավ տերունական զորքերի միակ մատակարարը:

Թե ո՛րքան մեծ էր այդ ժամանակ Թովմասի ուրախությունը, դրա մասին ես ոչինչ չեմ ուզում խոսել, ընթերցողները իրենք էլ կարող են նրա չափը երևակայել: Այսքանը միայն կասեմ, որ զորանոցի վարչությունից դուրս գալուց ետ, պ. Թովմասը, իբրև յուր խոսքը հարգող մարդ, Մելքոն-աղայի հետ միասին դիմեց հեռագրատուն և յուր եղբոր որդուն հեռագրեց հետևյալը. – «Ձեր նամակը ստացա, ուրախ եմ, որ հաջողակ քննությամբ ավարտել եք ձեր ուսման ընթացքը, սակայն Պետերբուրգ գնալուց առաջ անհրաժեշտ է, որ վերադառնաք մեզ մոտ, որովհետև կարևոր և անհետաձգելի նորություն ունիմ ձեզ հաղորդելու. սպասում եմ»:

Վերադառնալով տուն, Թովմասը ուրախությունից չգիտեր ինչ անել, նա վազեց յուր հարսի մոտ, գրկեց նրան, ավետեց յուր հաղթանակը և հայտնեց, որ արդեն հեռագրել է Պետրոսին վերադառնալ շուտով հայրենիք իրենց ուրախությանը մասնակցելու համար:

Տիկին Հռիփսիմեն այս անսպաս նորություններից շփոթված մնացել էր անխոս: Յուր կյանքում առաջին անգամն էր, որ նա արժանանում էր յուր տագեր ողջագուրանքին և առաջին անգամը, որ նրա ճակատի կնճիռները նա անհետացած էր տեսնում: Ուստի այն բոլորը, ինչ որ նա տեսավ և լսեց, սկզբում դեռ իրեն համար երազ էին թվում, բայց երբ ամեն բան տեղն ու տեղը հասկացավ և մանավանդ հավաստիացավ Պետրոսի վերադառնալուն, խեղճը ուրախությունից սկսեց արտասվել: Իհարկե մի ճնշված կնոջ ուրախության համար այս բոլոր նորությունները բավական արժանավոր պատճառներ էին:

ՈԻՍԱՆՈՂՆԵՐԻ ՃԱՇԸ

Այժմ դուք պիտի բարեհաճեք ինձ հետ միասին տեղափոխվել Թիֆլիս, ուր մենք ներկա կլինինք ուսանողության մի հացկերույթի: Ես հավատացած եմ, որ այս տեղափոխությունը մի առանձին վնաս չի պատճառիլ ձեզ. ընդհակառակը, գուցե մի փոքր էլ օգուտ ունենաք, որովհետև այդտեղ դուք կպատահեք, անշուշտ, ձեր ծանոթներից շատերին և գուցե նրանցից մի քանի նոր բաներ կսովորեք, եթե դուք արդեն նրանց վարդապետները չեք:

Ուղիղ մի շաբաթ էր անցել այն օրից, երբ գիմնազիոնի ընդարձակ դահլիճում, բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ, յուր ուսման ամբողջական ընթացքը հաջողությամբ ավարտած լինելուն համար ոսկյա մրցանակով վարձատրվեցավ հայտնի ուսանող Պետրոս Մարալյանը: Սա մի բարձրահասակ և սիրուն կազմվածքով երիտասարդ էր, գեղեցիկ և գրավիչ դեմքով, քաղցր ու խելոք աչքերով, զվարթադեմ, բարեսիրտ և որ ավելին է, առաքինի: Գիմնազիոն մտնելու օրից սկսած նա հավասարապես սիրելի դարձավ թե վարժապետին և թե յուր ընկերներին: Ուսման մեջ, բացի յուր բնական ընդունակությունը, նա չափազանց աշխատասեր էր. պարապ նստելու, կամ անօգուտ զվարճություններով զբաղվելու համար նա երբեք ժամանակ չէր վատնիլ, այդ պատճառով յուրաքանչյուր տարի նա գերազանց մրցանակներով փոխվել էր դասատնից դասատուն: Եվ այս հաջողությունները ոչ միայն չէին փչացրել նրա բնավորությունը, այլ, ընդհակառակը, առավել մեղմել և անուշացրել էին: Յուր բոլոր ընկերների հետ նա վարվում էր սիրով և մտերմությամբ, սակայն առանց նրանց շողոքորթելու, քծնելու և ստրկությամբ նրանց առաջ ծալվելու, ինչպես անում են շատերը փոքրոգի երիտասարդներից, նա, ընդհակառակը, ավելի քան ճշմարտախոս, անկեղծ և անաչառ էր:

Առհասարակ Պետրոսի բոլոր ընկերները ուրախ էին, որ նա ոսկյա պատվավոր մրցանակ ստացավ և նրա այդպիսի բախտավորության ոչ ոք չարասրտությամբ չնախանձեց: Սակայն այդ մրցանակը այնպիսի մի պարգև էր, որի ստացումը աննշան թողնել չի սիրում ուսանողությունը: Այդ պատճառով նա պահանջեց Պետրոսից մի հացկերույթ, որպեսզի գինիների ազդեցության տակ ավելի անկեղծությամբ շնորհավորել կարողանա նրան յուր մրցանակի ստացումը:

Պետրոսը, իհարկե, ուրախությամբ ընդունեց:

Ամառային ամենագեղեցիկ օրերից մեկն էր: Ժամը տասը դեռ չլրացած, ուսանողները լցվել էին արդեն Պետրոսի փոքրիկ սենյակը: Այդ օրը նա խնդրել էր յուր տանտիրուհուց զիջանել յուր տան առաջ գտնվող պարտեզը, որ թեպետ ընդարձակ չէր, բայց խնամված էր մեծ ուշադրությամբ, և ուսանողների հացկերույթի համար մի ամենահարմար գեղավայր կարող էր լինել: Թույլտվության հրամանը դեռ ստացված չլինելով, ուսանողները առժամանակ խռնվել էին Պետրոսի փոքրիկ բնակարանը և լցրել նրան ծխախոտի թանձր մուխով, որ ամպի պես կանգնել էր առաստաղի վերա և հանդիպակաց պատուհանների թափանցող քամին անգամ չէր կարողանում ցրել նրան:

Ժամը տասնևմեկին թույլտվության հրամանը եկավ, և ուսանողները ուրախությամբ դուրս թափվեցան իրենց վանդակից և երգելով ու կայտռելով ներս խուժեցին տանտիրուհու պարտեզը:

Շուտով որթապատ հովանոցի տակ բացվեցավ երկարաձիգ սեղանը և ուսանողներից մի քանիսը Պետրոսի առաջարկությամբ սկսան կարգավորել նրան: Մեր ուսանողների ճաշը համադամներից չէր կազմված, հաց, պանիր, կանաչեղեն, երշիկներ և խորոված – այս էր նրա խորտիկների ամբողջ ցուցակը, բայց ուտելյաց համեստության հակառակ գինին շատ առատ էր: Քսանևչորս հոգու համար պատրաստված էր երեք վեդրո գինի, այսինքն յուրաքանչյուր ուսանողի համար երկու շիշ: Սա արդեն Հիպոկրատի նշանակած թվի կրկնապատիկն էր, սակայն ուսանողների համար ամենաբնական չափը:

Ժամը մեկն էր, երբ ուսանողները ճաշի նստան: Չնայելով տեսակների սակավության, սակայն ամեն բան առատ էր: Հացը բլրակներ էր ներկայացնում սեղանի վերա, պանիրը ձյունակույտ, կանաչեղենը թփիկներ, երշիկներին թիվ չկար, իսկ խորովածի շամփուրները անընդհատ հաջորդում էին միմյանց: Սրա վրան էլ ավելացրեք քառասունևութ շիշ գինի և ուսանողների միշտ ուրախ տրամադրությունը, նրանց աղմուկն ու ծիծաղը, նրանց կատակներն ու երգերը, և դուք ճիշտ գաղափար կունենաք ուսանողական ճաշի վերա: Բայց ինչ ախորժակ ուտելու համար, ի՞նչ անկեղծություն խմելու մեջ… Օ, եթե գիտենայիր, թե որչափ երջանիկ ես դու ուսանող աշխարհ… եթե գիտենայիր, թե քանի-քանի բախտավորներ, հարստությամբ ու փառքով պերճացած մարդիկ, հասարակության հիացման ու երանության արժանացած ընտանիքներ փափագում են վայելել գոնե մեկը այն օրից, որոնք քո կյանքը, քո տարիներն են կազմում:

Այո՛, ուսանողներ, երբ դուք կթողնեք այդ սրբազան տաճարաները, որոնց հարկի տակ տեսականապես սովորեցնում էին ձեզ ապրել, այն ժամանակ դուք կհամոզվեք, որ ապրել ոչ այլ ինչ է, թե ոչ՝ տանջվել, որ ապրել նշանակում է քիչ-քիչ մեռնել: Վայելեցեք, ուրեմն, այդ կյանքը, որքան կարող եք. մի շտապեք դեպի մեր աշխարհը, այստեղ ամեն բան փայլուն և գեղեցիկ է երևում, մինչև անգամ բազեների կտուցները, որոնք թաթախված են ճնճղուկների արյան մեջ… բայց բոլոր այդ փայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ թշվառության ոսկեզօծ կեղևներ: Աշխատեցեք, ուրեմն, երկար ապրել ձեր գաղափարական աշխարհում, որովհետև իրական կյանքը մի դժոխք է, միայն դևերն են կայտռում…

Բայց մենք շարունակենք մեր պատմությունը: Երբ սեղանի վերա կենացները սկսան բոլորել և հերթը հասավ օրվան հերոս Պետրոս Մարալյանի կենացին, վերջինս վերցրեց շնորհակալության բաժակը, կանգնեց սեղանի առաջ և սկսավ խոսել.

– «Պարոններ, ես կարծում եմ այս վերջին անգամն է, որ ես բոլորիդ հետ միասին գտնվում եմ ուսանողական սեղանի վերա: Թեպետ կցանկանայի վայելել այս հաճույքը տարվա մեջ գոնե մի քանի անգամ, որովհետև այժմյանից իսկ զգում եմ, թե որքան ծանր պիտի լինի ինձ համար բաժանվել ձեզանից, այն ընկերությունից, որի մեջ այնքան երկար ապրել եմ ես, որի մեջ այնքան սեր և անկեղծ բարեկամություն եմ գտել ես… Բայց ճշմարիտ իրողությունը այն է, որ այս բաժանումը տեղի պիտի ունենա և ես ընդմիշտ պիտի զրկվիմ ձեզ բոլորին միանգամ էլ միասին տեսնելու բախտից: Աշխարհի մեջ հավիտենական քաղցրություն չկա. ամենասերտ միություններն էլ ունին իրենց բաժանումը, որովհետև ամեն սկիզբ ունի յուր վախճանը: Եվ որովհետև այս այսպես է, ուրեմն կներեք ինձ օգուտ քաղել ձեր այս օրվա ինձ արած պատվից: Ես կամենում եմ մի քանի խորհուրդներ հարցնել ձեզանից իմ ապագա ձեռնարկության համար:

– «Խոսեցեք», – ձայն տվին մի քանի տեղերից: Պետրոսը շարունակեց: – Դուք լավ գիտեք, պարոններ, որ մենք, միջնակարգ դպրոցների ուսանողներս, մտնում ենք վարժարաններ, ուսումնարաններ, սովորում ենք յոթ-ութ երկար տարիներ, սակայն մեր վերջնական մասնագիտության համար սկսում ենք մտածել հենց այն ժամանակ, երբ պետք է սկսենք այդ մասնագիտության ուսումը: Այդ անհոգությունը հատուկ է ուսանող երիտասարդության, միևնույն դրության մեջ եմ և ես: Մի շաբաթ սրանից առաջ, ես արդեն նամակով հայտնեցի իմ հորեղբորը իմ հաջողակ քննության և ավարտման մասին և նրանից փողի եմ սպասում Պետերբուրգ ճանապարհվելու համար: Հարկ չկա ասել, որ նրա կողմից մի որևէ արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը: Բայց ես մինչև այս րոպեին էլ դեռ չեմ որոշել ինձ համար, թե Պետերբուրգ հասնելով ինչ մասնագիտության դասեր պիտի լսեմ համալսարանում: Ինչպես գիտեք, ես սովորություն ունիմ ոչ միայն ծանրակշիռ, այլև ամենաթեթև գործերում դիմել միշտ իմ բարեկամների խորհրդին: Իսկ այս գործի համար ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզանից ավելի լավ բարեկամներ: Ասացեք ուրեմն, գիտության ո՞ր ճյուղն եք իմ ընդունակութեանց հարմար գտնում: Ձեր միահամուռ կարծիքը շատ թանկ է ինձ համար: Խոսեցեք, ես որոշել եմ անպատճառ հետևել ձեր խորհրդին:

ԻՐԱՎԱԲԱ՞Ն, ԵՐԿՐԱՉԱ՞Փ, ԹԵ՞ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ուսանողների մեջ միառժամանակ լռություն տիրեց: Ոչ ոք չէր վստահանում առաջինը խոսել: Բայց սեղանապետը, որ մի առաջադեմ երիտասարդ էր Հեթումյան ազգանունով, չկամենալով երկար սպասեցնել Պետրոսին, պատասխանեց.

(«Ինչպես ես, այնպես էլ կարծում եմ իմ ընկերները, չեն կարող մի հաստատ կարծիք հայտնել, թե որ մասնագիտությունն է իսկապես, հարմար ձեր ընդունակության, որովհետև մեզանից ոչ ոք, ես կարծում եմ, դեռ ուշի-ուշով չէ ուսումնասիրել ձեզ և չգիտե, թե ձեր ներքին հակումը բացառապես որ ճյուղի համար է ավելի պիտանի: Մենք բոլորս էլ ձեզ ճանաչում ենք միայն իբրև առաջադեմ և ընդունակ աշակերտ, սրանից ի զատ ուրիշ կարծիք հայտնել չենք կարող, հետևապես որ մասնագիտության ավելի հակումն ունիք՝ այդ ձեր գիտենալու գործն է: Բայց ինչ վերաբերում է նրան, թե որ մասնագիտությունն է առհասարակ շահավոր դրա մասին կարող ենք դրական պատասխան տալ ձեզ:

(Եվ միայն դրա մասին էլ հարկավոր է խոսել, – նկատեց մի կարճահասակ ուսանող, որին ընկերները Եզովպոս էին անվանում:

(Շատ լավ խոսեցեք դրա մասին, – պատասխանեց Պետրոսը, առաջին կետի վերա ես ինքս կմտածեմ:

(Իմ կարծիքով շահավոր մասնագիտությունները բազմաթիվ չեն, – խոսեց Հեթումյանը, – մեր ժամանակում ավելի հարգի էին իրավաբանությունը, բժշկությունը, երկրաչափութունը և ճարտարապետությունը: Այս չորս մասնագիտություններն էլ կյանք ապահովելու ձիրք ունին. Սրանցից որն էլ ընտրելու լինիր, համարձակ կարող եմ ասել, որ չեք զղջալ:

(Դուք մոռացաք մեքենայագիտությունը – ձայն տվավ ուսանող Կարինյանը:

(Եվ գյուղատնտեսությունը, որ ապրելու համար ամենից խաղաղ և արդյունավոր ճանապարհն է ցույց տալիս, – բացականչեց Մատինյանը:

( Եթե այդպես շարունակելու լինենք՝ այդ ուր կերթա, – նկատեց Հեթումյանը. – բայց ես միայն ամենից ավելի նշանավորները հիշեցի:

( Ես իրավաբանության, երկրաչափության և ճարտարապետության կողմն եմ, – խոսեց Եզովպոսը:

– Իսկ ես միայն բժշկության, – ձայն տվավ պ. Մեհերյանը:

– Ես իմ մեքենայագիտությունը կպաշտպանեմ:

– Իսկ ես իմ գյուղատնտեսությունը, – լսեցրին իրենց ձայները Կարինյանն ու Մատինյանը:

– Ամենից առաջ ես կամենում եմ լսել պ. Եզովպոսին, – խոսեց Պետրոսը, – թողեք, որ նա բացատրե մեզ, թե ինչու համար ինքը իրավաբանության կողմն է:

– Շատ պարզ պատճառով, – պատասխանեց Եզովպոսը, – որովհետև նա ամենից նշանավոր է, և ահա ինչպես.

Իրավաբանություն սովորած մարդու համար, մանավանդ մեր երկրում, ապահով և հանգիստ ապրելու ճանապարհներ շատ կան: Առաջին՝ որ բոլոր դատաստանատները բաց են նրա համար: Նա կարող է լինել և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ խորհրդական, և՛ էլ ուրիշ շատ բաներ: Այդ տեսակ պաշտոնների համար, դուք էլ գիտեք, թե ինչպես փափուկ ռոճիկներ կան, իսկ բացի ռոճիկները, որպիսի կողմնակի արդյունքներ… Միթե, օրինակ, դատավորի ընդունակությունից չէ կախված. բացատրել օրենքը այնպես, ինչպես ինքն է հասկանում և քննիչի կամքից շարունակել եղեռնագործության քննությունը, թե ոչ: Սրանք ուշադրության արժանի դրություններ են և սրանց համար առհասարակ վճարում են ավելի, քան որքան արժե ծառայությունը: Բայg եթե առաջավար չունես, որ օգնե քեզ արդյունավոր պաշտոնով դատարան մտնելու, ավելի հեշտ և ավելի արդյունավոր պարապմունք կա քեզ համար: Փաստաբան դարձիր, ահա քեզ պատվավոր գործ:

Մի երկիր, ուր ժողովուրդը հասկացողություն չունի ճշմարիտ առաքինության համար և ազնվությունը դեռ գերի է նյութական ուժին, մի երկիր, ուր մարդիկ պարտքի և իրավունքի վերա որոշ գաղափար չունին, և ուր դատախազը մտածում է ոչ թե պատվի հատուցման, այլ հակառակորդին կործանելու վերա, այդպիսի երկրում փաստաբանությունը և՛ հեշտ, և՛ արդյունավոր պարապմունք է: Եթե քաղաքային ուսումնարաններից դուրս եկած ամեն մի համբակը քաջալերված այդ դրություններով, առանց ակնածության, կարողանում է մեզ մոտ փաստաբան հռչակվիլ և գտնվում են մարդիկ, որոնք խմբերով նրա պաշտպանության են դիմում, որքան առավել կհաջողվի այդ համալսարանը ավարտող իրավագետին, որից շատ անգամ, ինչպես ասացի, պահանջում են յուր հավատարարները, ոչ թե արդարության և իրավանց պաշտպանության, այլ հաղթանակ հակառակորդի դեմ: Եվ ինչ կա փաստաբանի համար ավելի հեշտ, քան այն, որ նա չէ պարտավորվում օրինական իրավունքները յուր խղճի ձայնի հետ հաշտեցնելու… մանավանդ որ անվամբ, դիրքով և հարստությամբ հռչակված մարդիկ վճարում են նրան ավելի առատ, երբ նա բռնաբարում է յուր խղճի ձայնը, քան այն ժամանակ, երբ նա պաշտպան է կանգնում հարստահարված արդարության…


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации