Электронная библиотека » Մուրացան » » онлайн чтение - страница 1

Текст книги "Պատմվածքներ"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:10


Автор книги: Մուրացան


Жанр: Современная зарубежная литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 25 страниц) [доступный отрывок для чтения: 8 страниц]

Шрифт:
- 100% +

Մուրացան
Պատմվածքներ

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ա

Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն – երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:

Քաղաքի մի ետ ընկած փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցից աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից, շատ զարմացավ, երբ ոսկերիչ Գրիգորի ճրագը վառ գտավ: Սա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ախ, աստված, դարձյալ ծեծում»:

Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոչերից մեկը և նրանով սկսավ ամուր – ամուր բախել դուռը:

Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:

– Մանիշա՛կ, այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, – եղավ պառավի առաջին հարցը:

Մանիշակը հեկեկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատասխանել:

– Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:

– Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, – պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղճ աղջկա ձայնը:

Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:

– Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնած ես, – հարցրավ նա:

– Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկը խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնած եմ ես, բոլոր մարմինս սառել է…

Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:

Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ – արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ:

– Բա՛ց դուռը, – գոչեց հրամայող ձայնով:

– Ո՞վ է, – ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:

– Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց, – զայրացած կրկնեց պառավը:

Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:

– Բա՛ց, ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բոլոր ժամավորներին այստեղ կհավաքեմ,

Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:

Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռքից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ստացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած` բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանցից ավելի հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր յուր անկողնի մեջ և լալիս էր:

Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով, մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է…»:

Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամբության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:

– Տո անաստված, – դարձավ նա կատաղի զայրույթով դեպի տանուտերը, – հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան, բա դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ…

– Լա՛վ լա՛վ, Խաթուն մայրիկ, – խոսքը կտրեց տանուտերը, – մի երկարացնիլ. ի՞նչ ես ուզում ասել, ինչո՞ւ համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները, խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը…

– Դու հաց ու ջուրը չես տալիս մեզ, անաստված, – ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը, – քո տվածը թույն ու լեղի է…

– Ձայնդ կտրի՛ր, – գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:

– Քո ձայնն էլ աստված կտրի, – մրմնջաց կինը և լռեց:

Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:

– Ախ, Խաթուն մայրիկ, – հեծծաց Մարիամը թույլ ձայնով, – դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:

– Վեր կաց, ասում եմ քեզ, – կրկնեց պառավը:

– Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն այստեղ վախենում ենք, – թախանձեցին երեխաները:

– Կորեք այստեղից, – գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, և նրանցից յուրաքանչյուրը կծկվեցավ մի անկյունում:

– Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ, – դարձավ նա դեպի Խաթունը, – իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:

– Վեր կենամ գնա՞մ, – հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով, գնամ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:

Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.

– Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից:

– Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից՝ ուժով քաշեց դեպի դուռը.

– Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա…

Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության: Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց:

Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ եւ աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թե իրանց միակ պաշտպանը կորուսին:

Եվ այս թշվառություններից ամենամեծն է. երբ կինը յուր կողակցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում:

Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցին, որը այնտեղին շատ մոտ էր: Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս: Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց, «Այ մարդուկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է, ի սեր աստծո, եկեք ազատեցեք»:

Այս աղաղակը ցնցեց ժամավորներին: Նրանք պատեցին իսկույն պառավի շուրջը: «Ո՞վ է, ո՞ւր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին: «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերախռնվելով հետևում էր նրան:

Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր, ոսկերիչի բակը: Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր: Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել: Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու: Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ:

Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրութը: Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց. «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»: Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր – վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին, «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:

– Ահա այս մարդն է, որ սպանում է յուր կնոջը, – այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: – Ամբողջ գիշերը ծեծել է նրան, – շարունակեց Խաթունը, – և մեկը չէ գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել է յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիշերը անցրել է սա դուրսը ցրտում:

Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց, «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:

Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչու ես ծեծում նրան»:

Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:

– Քույրիկ, ինչու՞ համար սա ծեծում էր քեզ, – դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:

Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր, ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց,

– Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ: Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր: Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել:

– Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու՞ համար էր ծեծում, – հարցրավ վարպետ Սարգիսը:

– Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, – ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, – երեկ մոմ – հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու. նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է: Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին: Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց: Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ… և ծեծեց ամբողջ գիշերը… – այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել:

Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրույթը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը

– Խաթուն, – ասաց նրան, – վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք:

– Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես, – պատասխանեց բարի Խաթունը, – մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այդ անզգամը ինձ տանից դուրս արավ:

Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան:

– Աշոտ, – դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին, որը մոտը կանգնած էր, – այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին գրկիր և տուն տար: Դուք էլ գնացեք, – դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները, – ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը:

Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին: Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.

– Ո՞ւր եք կորչում:

– Չգիտե՞ս ուր, – բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը:

Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից: Ոսկերիչը այս տեսնելով ավելի եւս կատաղեց.

– Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, – գոռաց նա վարպետ Սարգսի վրա:

Սարգիսը ոչինչ չպատասխանեց: Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ:

– Տղայք, – դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները, – կապեցեք դրա ձեռները և վերցրեք գավառապետի մոտ տանելու:

Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:

Բոլոր ամբոխը հետևեց նրանց:

Բ

Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք թշվառների կացարան ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչել չափավորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը: Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ: Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը:

Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը:

Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ: Նրա ձեռացագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում: Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը:

Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ: Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ ունենալ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար: Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ: Մի կին, որ ամենայն խանդաղատանոք սիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որոնում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի մի գանձ չէ, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները: Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար: Գրիգորը ամբողջ օրր գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար: Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին: Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչի և յուր Մարիամի սերը այնքան վառ և բորբոքված էր որ նրանք չէին կարողանում համարձակ չանել այդ: Չնայելով, որ ոսկերիչի մեծ մորաքույրը, Թագուհի տատը, որ անորդի պառաված լինելով մնում էր յուր քեռորդոց տանը, միշտ խրատում էր նրանց՝ այդպես չվարվել, որովհետև դրացիները կարող էին այդ բանը տեսնել և նրանց բամբասել, այսուամենայնիվ ոսկերիչն ու յուր կինը միշտ մնում էին միևնույնը:

Թագուհի տատը շատ անգամ նրանց այդ, ըստ յուր կարծյաց, ներելի հանցանքից դարձնելու համար պատմում է յուր երիտասարդական կյանքի պատմությունից այնպիսի կտորներ, որոնք յուր կարծիքով մեծ ազդեցություն կարող էին անել ամոլների բարքի վերա: Օրինակ նա պատմում էր, որ մի անգամ յուր ամուսինը շուկայից դարձավ տուն աղլուխով միսը ձեռքին, բայց դեռ բակը չմտած, փողոցից կանչեցին նրան: Եվ որովհետև այդ միջոցին ինքը գտնվում էր բակի մեջ ամուսինը միսը յուր ձեռքը տվավ և դուրս գնաց:

– Երևակայեցեք, – շարունակում էր Թագուհի տատը, – միսը ես տուն բերի, բայց սկեսուրս երբ իմացավ, որ ամուսինս յուր բերած միսը ուղղակի իմ ձեռքն է տվել, նա այն մսից մի կտոր անգամ չկերավ և մի ամբողջ շաբաթ ինձանից և յուր որդուց՝ հանգուցյալ Ղազարից, խռով մնաց:

Այս և սրա նման խրատական օրինակներ շատ էր բերում Թագուհի տատը քանի որ նա կենդանի էր, բայց Գրիգորի և Մարիամի վրա, ինչպես ասեցինք, ոչինչ ազդեցություն չէին կարողանում անել: Երկու նորատի ամուսինները սիրում էին միմյանց այնպես, ինչպես հրամայում էր նրանց բնությունը և ինչպես կամենում է բանաստեղծը:

Այսպես քանի որ նրանք որդի չունեին, ապրում էին իբրև ամենախանդակաթ ամուսիններ: Իսկ երբ մի երկու տարուց ետ ծնավ նրանց Մանիշակը, նրանց սիրո անդրանիկ պտուղը, նրանք սովորեցին ապրել և իբրև կատարյալ ծնողներ: Գրիգորը յուր արհեստի շնորհիվ լավ վաստակ ուներ և նրա կեսը այժմ կարողանում էր խնայել ապագայի համար: Մարիամը քիչ չէր օգնում նրան այդ խնայողության գործի մեջ: Նրանց այս երջանիկ դրության վրա անցան և մի քանի տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կողմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք, հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի համար հարստություն է համարվում:

Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:

Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին…

Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին` թշվառությանը:

187… թվականի հունվար առաջին օրն էր: Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ողջունում էին իրանց ամուսնության տասն և չորրորդ տարին: Կեսօրին մոտ էր: Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն: Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները: Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար: Չնայելով, որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները: Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններով լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան:

Կեսօրը լրացավ թե չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիծաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլորն էլ հոգվո ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:

– Գրիգոր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, – զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:

– Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, – պատասխանեց Գրիգորը:

– Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, – ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:

Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:

– Գրիգոր ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, – մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:

– Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է, ինչու՞ չճանաչեմ:

– Տեսա՞ր, որ չճանաչեցիր:

– Ի՞նչպես թե չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել,

– Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ էր բռնում յուր ուսերի վերա:

– Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, – պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:

– Ինչ եք կռվում, – մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, – երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, – դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, – դու գիտես, որ մեր Կարոն լութերական է, էհ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թե ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է թե՛ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:

– Իհարկե հասկացա դեհ այդպես խոսեցեք է, հերօրհնածներ:

– Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, – կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով,

– Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, – կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:

– Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, – կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:

– Բավակա՛ն է, բարեկամներս, – ձայն տվավ Գրիգորը, – ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մեջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:

– Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:

Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ, երեք երկար գույնզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերածալապատիկ շարվեցան մեր հյուրերը:

Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրաքանչյուրի ձեռքը մի – մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում, նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:

Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը.

– Գրիգոր, – ասաց նրան, – մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:

– Հրամայի՛ր, վարպետ, – պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու, – համեստությամբ պատասխանեց Գրիգորը:

– Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11 – ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղայք, դարձավ նա դեպի հյուրերը, վատ առաջարկություն խո չեմ անում,

– Աստված շնորհավոր անի, – գոչեցին հյուրերը միաբերան, – մենք մեր կողմից հոժար ենք:

– Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ, – պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:

– Ապա մա՞յրը, – մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:

– Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է, – պատասխանեց Գրիգորը:

– Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը, – գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:

Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:

Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արագությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:

– Զարմանալի սովորություն կա ձեր մեջ, – խոսել սկսավ կնքահորենց Ավետիքը, – երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել: Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք:

– Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք, – մեջ մտավ վարպետ Սարգիսը, – եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ:

– Ինչո՞ւ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում:

– Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, – մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, – ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ինչ պիտի անեն:

– Ի՛հարկե, ի՛հարկե, – գոչեցին շատ տեղերից հյուրերը: Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք:

– Որ այդպես է Համբարձումի կենացը, – կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ անփոփոխ մատռվակ էր ընտրված: – Համբարձումի կենացը, – կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները:

Համբարձումը ինքն իրեն հրճվում էր, որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը: Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել:

– Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անենք: Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտի անենք:

– Ի՞նչ բան, – հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը:

– Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք: – Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը:

– Իրավունք ունիք, եղբայր, – հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, – ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու:

– Այ, այ, այ, – դժգոհությամբ գլուխը շարժեց վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:

«Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինըս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպես երկիրս և երկրե. զհարս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր, և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի Փորձություն, այլ փրկեա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք չտեսավ:

– Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել, – դարձավ Համբարձումը Ավետիքին:

– Ես ձեր ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք…

– Բա չհիշեցի՞նք:

– Դուք միայն տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:

– Ո՞րն է, ո՞րը:

– Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, – հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:

– Այ թե ինչ:

– Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը, – զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:

Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թե չէ.

– Սպասի՛ր, – սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, – եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում եմ քեզ, որ չխոսաս:

– Հա, հա, իրավ է ասում, – կրկնեցին ձախ ձեռքով բաժակ կրողները:

Ավետիքը տեսնում էր, որ դիտմամբ իրեն խանգարում էին, բայց քարոզչի համար այդ տեսակ արգելքները նշանակություն ունեին:

– Սիրելի եղբայրներ, – սկսավ Ավետիքը, – դուք գիտեք…

– «Եղբայրներ» մի՛ ասիր մեզ թե աստվածդ կսիրես, – իսկույն խոսքը կտրեց Համբարձումը:

– Ի՞նչպես, ապա մենք բոլորս էլ «եղբայրներ» չէնք, – զարմացմամբ հարցրավ Ավետիքը:

– Ոչ, քեզ հետ «եղբայրներ» չենք:

– Տո, ի՞նչ ես հիմար – հիմար դուրս տալիս, – Համբարձումի վրա զարմացավ մատռվակը, – թող մարդը խոսի, ասենք ի՞նչ է խոսում է:

– Ի՛հարկե, – վրա բերավ մեզ ծանոթ ճաղատ գլուխը, որի քիթը շատ խմելուց սմբուլի (պատիրջանի) գույն էր ստացել, – թող խոսի գուցե աստված գլխին խռովում է ու մի լավ բան է ասում:

– Ախր դու չգիտես, վարպետ Օհաննես, – իրան արդարցնում էր Համբարձումը, – սրանք իրանց լութերականներին են «եղբայր» կանչում, մենք էլ խո լութերական չենք:

Ավետիքը Համբարձումի այս բացատրությանը պատասխանեց միայն մի ժպիտով:

– Այ թե ի՞նչ են սովորեցնում ձեզ ձեր քահանաները, – հանդարտությամբ շարունակեց Ավետիքը խոսքը՝ ուղղելով մյուսներին: – Աստծու տված «եղբայր» բառն էլ չեն ուզում, որ արտասանեք, ու հազար ու մի նշանակություն են տալիս նրան:

– Հոգուդ մեղք ես անում, պարոն Ավետիք, – խոսքը կտրեց վարպետ Սարգիսը, – մեր քահանան, որ տեր – Արիստակեսն է, այդպես բան ասած չունի, հոգի ունեմ տալու աստծուն:

– Այդ միևնույնն է, այդ չէ ասում, բայց դրա նման շատ բաներ է ասում: Զորօրինակ նա ասում է՝ «Աստծու տված յուղն ու պանիրն մի ուտեք, որովհետև պաս է»: Այս էլ միևնույն չէ՞:

– Օհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել, պ. Ավետիք, – ծանրությամբ հարցրավ վարպետ Սարգիսը, – հապա խոսելով պահք էլ չպահե՞նք:

– Պահք ի՞հարկե պետք է պահեք, որովհետև տերն ասում է՝ «Այս դևը ոչ մի բանով դուրս չի գալ, բայց միայն պահքով ու աղոթքով»: Բայց պահքը, որ լսել եք այն չէ ինչ որ դուք եք պահում, կամ ինչ որ ձեր քահանաներն են քարոզում:

– Ախր չասացի, թե դրան մի բառ եթե թույլ տաք խոսելու, հազարն էլ հետո կխոսի, – անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:

– Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ինչ է խոսում, – բարկացավ նրա վրա մատռվակը:

– Իմ կարծիքով, – խոսեց Ավետիքը, – Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:

Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:

Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:

– Այժմ կարող եք խոսալ, ես կլռեմ, – հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:

– Հա, – սկսավ Ավետիքը, – այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորեցնելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:

– Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, – գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համբարձումը, – հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:

– Հարգելի պարոն Համբարձում, – խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան, – դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ հասկացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ. եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:

Սա երկրորդ զենքն էր:

Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:

– Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ` ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկեր – ընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:

– Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը, – ընդհատեց նրան մատռվակը, – վայ մեր մեղացը:

– Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, – հարցրավ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, – սուտ է ասում թե՞ ճշմարիտ:

– Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, – կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը, – պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի` մեր սուրբ հավատի հակառակ է:

– Այո, – շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, – ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում, նրանց ցավերը չեք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:

Ավետիքի այս խոսքերը լուռ լսում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:

– Դե բավական է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներիդ» քարոզիր:

– Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի…

– Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:

– Համբարձում, – հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, – ինչու համար հայհոյում ես իմ հյուրին:


Страницы книги >> 1 2 3 4 5 6 7 8 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации