Текст книги "Նոյի ագռավ"
Автор книги: Մուրացան
Жанр: Зарубежная классика, Зарубежная литература
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 3 страниц) [доступный отрывок для чтения: 1 страниц]
Մուրացան
Նոյի ագռավը
Ա
Օգոստոսի սիրուն առավոտներից մինն էր, երբ ես ու ընկերս, կանխավ արած մեր որոշման համաձայն, դուրս եկանք քաղաքից ձիով՝ հայրենի գավառակի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներ անձամբ տեսնելու:
Մենք պատկանում էինք «տուն վերադարձող» այն նորեկների թվին, որոնք ընտանիքի հացը հայթայթելու համար ստիպված են լինում տարիներով ապրել մեծ քաղաքում, ծծել միշտ նրա անառողջ օդը, սնվել ավելի փոշիով, քան թե կերակրով և հետևապես կարոտիլ այնպիսի բարիքների, որ բնության մեջ ապրող մարդը վայելում է առատորեն, առանց, սակայն, նրանց արժեքը գնահատել կարենալու:
Ի՞նչ բան է, օրինակ, մաքուր օդը, դաշտի կանաչը, հովտի առվակը, անտառի զովը… միթե կարելի է կարոտիլ դրանց, կամ ցանկացած ժամին չվայելել: Լեռնցի գեղջուկը, որ կարիք բառը հասկանում է միայն նյութականի վերաբերմամբ, անշուշտ կծիծաղեր, եթե իմանար թե՝ մեր զրկանքը կազմում է այդ չնչին, հազիվ երբեմն յուր կարիքը լցուցանող բաները:
Բայց ով տարիներով ապրել է մեծ քաղաքում, միշտ միևնույն նեղ փողոցի վրա, նույն ապականված մթնոլորտի մեջ և գործել շարունակ լույսից ու օդից զուրկ մի գրասենյակում, որի բոլոր հրապույրը կազմում են եղել չոր հաշվեմատյանները, երկաթե պահարանը և անմիտ համրիչը, իրեր, որոնք առնչություն ունին միայն փողի և հաշվի հետ, բայց որոնց անծանոթ է սիրտը և ավելի ևս զգայուն հոգին, իրեր, որոնք մարդու ուղեղը բթացնում, աշխույժը մարում և հոգին նվաստացնում են… այդպիսին, հարկավ, կարոտելով կկարոտի այն ամենին, ինչ որ անարժեք է բնության զավակի համար կկարոտի նրա դաշտին ու մարգին, նրա հովտին ու առվակին, նրա անտառի անուշ հովերին:
Մենք էլ, ահա, այդ կարոտյալներից էինք: Ընկերս վերադարձել էր Մոսկվայից, իսկ ես Թիֆլիսից: Երկուսս այժմ միացած՝ գնում էինք բնության քաղցրություններից մեր կարոտն առնելու:
Պետրոս Մինարյանը (այս էր ուղեկցիս անունը) հայոց հոգևոր դպրոցի սան էր, տակավին երիտասարդ, միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ: Բնավորությամ բավական անհամբեր և դյուրագրգիռ էր, երբեմն նույնիսկ հանդուգն ու անքաղաքավար, բայց սրտով բարի և անկեղծ: Ուներ տարօրինակ հայացքներ, որոնք յուր խոսակիցներին մերթ զայրույթ և հաճախ՝ զվարճություն էին պատճառում: Սիրում էր խառնվել ուրիշների գործին, կամ հաճախ ինքնակոչ դատավոր հանդիսանալ: Սիրում էր վիճաբանել, ազատ մտքեր հայտնել, բայց երբեմն ավելի հակառակելու, քան մի ճշմարտություն ասելու համար: Այսուամենայնիվ, այս բոլոր տարօրինակությունների հետ միասին, ճանապարհի լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, կամ արար և սակավապետ:
Բավական ժամեր էին անցել, ինչ ելել էինք քաղաքից, և թեպետ առավոտը զով էր ու հեշտալի, այսուամենայնիվ, քանի արևը բարձրանում էր, այնքան ավելի օդը ջերմանում և նեղացնում էր մեզ: Միջօրեի մոտ մենք գտնվում էինք արդեն բաց դաշտի վրա: Արևի ճառագայթները այրում էին. չկար ոչ հովի շունչ, ոչ ծառերի շքարան: Այդ պատճառով աշխատում էինք ժամ առաջ հասնել գյուղը, որ գտնվում էր մեր հանդեպ եղող լեռան գեղագիր լանջի վրա:
Չնայելով, որ քաղաքից ելածներս միջոցին ընկերս պատմում էր թե՝ մի օր հիացմունքով էր մտածում այն ժամի ու վայրկյանի մասին, երբ մայրաքաղաքից հեռացած գտնվում կլիներ հայրենիքում, նրա ազատ օդի ու դաշտերի մեջ և չնայելով, որ այդ ժամին նրա փափագն արդեն կատարված էր, այսուամենայնիվ, նկատում էի, որ երիտասարդի համբերությունը ենթարկվում է փորձության: Տոթից, ըստ երևույթին, նա շատ էր նեղանում, ուստի և հաճախ գանգատվում էր:
Երբ մի ձորակի գետակն անցնելով՝ սկսանք դեպի գյուղը տանող առապարը բարձրանալ, միջօրեի տապը ավելի ևս զգալի դարձավ, որովհետև արևի ճառագայթներից զատ՝ այրել սկսան մեզ նաև, կեծացած ժայռերը, որոնք եզերում էին առապարը երկու կողմից:
– Ա՛խ, մի հասնեինք այն սոսիներին, – բացականչեց հանկարծ ընկերս այնպիսի մի կարոտով, որ կարծես գտնվում էր Սահարայի անապատում և ուր որ է խորշակը շնչասպառ պիտի աներ իրեն:
– Համբերություն, բարեկամ, սոսիներին էլ կհասնենք, – նկատեցի ես:
– Համբերություն… միշտ համբերություն, – շշնջաց Պետրոսը, դժգոհ իմ խոսքից և ապա դառնալով ինձ՝ հարցրեց. – ի՞նչ ես կարծում, ո՞վքեր են համբերում:
– Ինչպես թե ովքեր, համբերատարները, – պատասխանեցի ես:
– Իսկ ես չեմ կամենում համբերատար կոչվել:
– Ինչո՞ւ, – հարցրի նրան:
– Որովհետև համբերում են միայն թույլերն ու տկարները, այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն չարիքը սեփական ուժով իրենցից հեռացնել չկարենալով՝ տանում են սրա պատճառած նեղությունները ստրկաբար: Եվ որպեսզի այդ անարգանք չհամարվի իրենց՝ ասում են թե՝ «համբերում ենք»:
– Էհ, եթե չհամբերես, ի՞նչ պիտի անես, կարո՞ղ ես արևի հրավառ գունդը հեռացնել քո գլխից, կամ այս շիկացած ժայռերը հովանավոր ծառերի փոխել:
– Չեմ կարող:
– Ինչո՞ւ ուրեմն, իզուր աղմուկ ես հանում:
– Նրա համար, որ ցույց տամ թե՝ անզգա արարածին մեկը չեմ, թե իմ մեջ կյանք ու կենդանություն կա, թե հեշտությունն ինձ հաճույք, իսկ նեղությունը՝ դժգոհություն է պատճառում:
– Իսկ դրա օգո՞ւտը:
– Այն, որ մարդիկ ճանաչելով ինձ՝ զգաստ լինեն իմ վերաբերմամբ և զգուշությամբ վարվեն հետս: Ինքդ էլ հո գիտես, որ աշխույժ ու չսանձահարվող ձիուն մոտենում են երկյուղով ու փաղաքշանքով և հազիվ, ուրեմն, կարողանում հեծնել, մինչդեռ համբերատար իշին ականջներից քաշելով բարձում են միշտ որքան կամենում են, առանց նրա կամքն ու ցանկությունը հարցնելու:
Ես ծիծաղեցի:
– Դու այս կարծիքին չե՞ս, – հարցրեց ընկերս:
– Ոչ, – ասացի:
– Ինչո՞ւ:
– Որովհետև համբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, քան ինչ որ դու տալիս ես նրան: Էշերի ու ձիաների ընկերության մեջ, հավանական է, որ համբերությունը համարվի անարգ ունակություն, բայց մարդկային հասարակության մեջ ճանաչվում է այն իբր առաքինություն:
– Միջնադարյան վարդապետների կարծիքով, – ընդհատեց Պետրոսը:
– Նույնիսկ դարավերջի փիլիսոփաների կարծիքով, – հարեցի ես:
– Պատճա՞ռը:
– Որովհետև համբերությունը բարիք է արտադրում, մինչդեռ անհամբերությունից միայն չարիք է առաջանում:
– Ինչպե՞ս:
– Աշխարհում համբերում են, առհասարակ, կամքի ուժ, հոգվո արիություն և սրտի կորով ունեցողները, հետևապես, մեծ գործերն էլ ստեղծում են դրանք: Կարդա պատմությունը և կտեսնես, որ աշխարհի բոլոր նշանավոր գյուտերը, բոլոր մեծամեծ գործերը արդյունք են եղել դժվարատար նեղությանց ու հերոսական համբերությանց: Անհամբերությունն, ընդհակառակը, նշան է թուլության և անզորության: Ուստի երբեք չէ տեսնված, որ անհամբերին մեկը կարողանար մարդկության համար ստեղծել մի մեծ բարիք: Այս է, ահա, պատճառը, որ համբերությունը համարվում է առաքինություն, և բարոյախոսներից մինը, մինչև անգամ, ավելի մեծ փառք է համարում մարդու համար մեծամեծ նեղությանց համբերելը, քան մեծ գործեր կատարելը:
– Այդ գուցե այդպես է, բայց երբ արևն այրում է, հո կարելի է նրա դեմ տրտնջալ: Չէ՞ որ տրտունջը թեթևացնում է մարդու նեղությունը:
(Ընդհակառակը, պետք է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ չտրտնջալ, այլ դրա փոխարեն աշխատել նեղության պատճառը մեջտեղից հեռացնել: Ծույլ ու անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը բարձրացնելու և նրան քշելու:
– Ճանճը կարելի է քշել, արևը ո՞րտեղ քշենք:
– Այդ դեպքում էլ արևը քշելու փոխարեն քո ձին պետք է քշես և մի կես ժամ առաջ հասնես տուն. համբերատար և գործունյա մարդու համար միշտ փրկության ճանապարհ կա:
Ընկերս լուռ էր: Չգիտեմ՝ համաձայնե՞ց ինձ հետ, թե չկամեցավ անզոր երևալ իմ աչքում: Այսուամենայնիվ, ոչ մի նոր առարկություն չանելով, շարունակեց ճանապարհը, առանց այլևս տրտնջալու արևի դեմ, որ այրում էր մեզ, արդարև, անողորմաբար:
Քիչ ժամանակից հետո մենք գյուղը հասանք և ուղղակի դիմեցինք ընկերոջս ազգական գյուղացու տունը: Վերջինի հովանավոր սրահը և հյուրընկալի քաղցր ընդունելությունը շուտով մոռացրին մեզ ճանապարհի շոգից կրած մեր նեղությունը:
Բ
Հետևյալ օրը, նախաճաշ անելուց հետո, դուրս եկանք տանից՝ գյուղն ու նրա շրջակաները դիտելու: Հարկ չկա ասել, որ ամենից առաջ այցելեցինք գյուղի եկեղեցին, որ գտնվում էր շինություններից դուրս, մի առանձնացած բլրակի լանջի վրա, որտեղից բացվում էր մեր առաջ թե գյուղի և թե շրջակաների տեսարանը: Եկեղեցին մի անպաճույճ շինություն էր՝ մամռապատ կտուրով և փայտե խարխուլ զանգակատնով: Տեսնելու արժանի ոչինչ չուներ յուր շուրջը, բացի փոքրիկ բանջարանոցը, որ գտնվում էր եկեղեցու առաջ և ոռոգվում բավական հորդ առվակով: Մեզ ուղեկցող հյուրընկալի ասելով այդ բանջարանոցը ծառայում էր տեղական քահանային և տալիս էր նրան ուտելու սոխ, կանաչեղեն, մի քանի տասնյակ վարունգ և ձմեռվա համար մի քանի հատ դդում:
( Այս ջրով կարելի էր դրախտ ստեղծել այստեղ, իսկ ձեր քահանան միայն սոխով ու վարունգո՞վ է բավականանում, – նկատեցի ես հյուրընկալիս:
– Էդ ջրով, հրամանք ես, շատ բան կշինվեր ըստի, ամա ինչ արած, որ դերը (քահանան) էշխ (աշխույժ) չունի, – պատասխանեց գյուղացին:
– Դուք շինեցեք, – վրա ընկավ ընկերս:
( Մենք ի՞նչ շինենք:
– Ծառեր տնկեցեք, վազեր շարեցեք, զբոսնելու ճանապարհ բացեք, եկեղեցին իո դերինը չէ՞:
( Դերինը չի, գիդամ, ժողովրդինն ա, ամա որ դերը չթողնի, մենք ինչ կարանք անել:
– Ինչպես թե չթողնի, ի՞նչ իրավունք ունի արգիլելու, – բացականչեց Պետրոսը և տեսնելով, որ քահանան եկեղեցու կողմից իջնում է դեպի մեզ, ավելացրեց, – սա՞ է ձեր քահանան, թող մի գա այստեղ, տես ինչպե՞ս եմ հանդիմանում:
– Թո՛ղ, այ մարդ, ի՞նչ գործ ունիս, ի՞նչ հանդիմանության ժամանակ է. դեռ առաջ մի ծանոթացիր մարդուն, – նկատեցի ես:
(Ի՞նչ ծանոթություն, բան չունիս, – պատասխանեց ընկերս և կռվելու պատրաստվող աքաղաղի նման հարձակողական դիրք բռնեց:
(Թո՛ղ, քե մատաղ, խոսալ մի, դերն ինձանից կնեղանա, – խնդրեց հյուրընկալը:
Բայց Պետրոսն արդեն մի քայլ առաջացել էր դեպի քահանան, որը մոտենում էր:
Սա տարիքով հիսունի մոտ, առողջակազմ, հաստամարմին, ալեխառն մորուքով և բարի դեմքով մի մարդ էր: Հագած էր սև մահուդից կարած մի պարեգոտ, որը հնությունից արդեն մաշվել, գունատվել էր: Ծածկած էր գառան մորթուց պատրաստված գլխարկ, ոտքերին ուներ քոշեր, իսկ ձեռքին՝ դեղնափայտի գավազան:
Միջանկյալ ասենք, որ տարիներ առաջ, քանի դեռ լուսավորության ճառագայթները այսքան չէին մոտեցել մեր եկեղեցու շեմքերին, հայ քահանան հայր էր համարվում ամեն մի հայ քրիստոնեի. նրանք միմյանց պատահելուց սիրով ողջունում էին իրար, առանց նայելու թե՝ ծանո՞թ են միմյանց, թե` ոչ: Այժմ, իհարկե, այդ գեղեցիկ և բուն քրիստոնեական սովորությունը մոռացության է տրված՝ իբրև անպետք հնություն: Քաղաքներում, մանավանդ, անհրաժեշտ է, որ այսինչ հային անպատճառ մի երկրորդը ծանոթացնե պաշտոնապես այնինչ քահանային, որպեսզի այնուհետև առաջինը բարեհաճե ողջունել վերջինին, երբ պատահե նրան ճանապարհին, կամ որևէ հասարակության մեջ:
Տեր Մակուչը (գյուղի քահանայի անունն էր) անծանոթ էր, իհարկե, քաղաքներում ընդունված այս սովորության, ուստի հեռվից տեսած լինելով մեզ, իբրև հայ քահանա, շտապել էր մեզ ողջունելու և, իբրև նորեկների, բարի գալուստ մաղթելու:
Այդ իմանալով՝ ես շտապեցի Պետրոսից առաջ անցնել և գլխարկս հանելով՝ «օրհնյա՛, տեր» ասել:
– Աստված օրհնեսցե, բարի լինի գալներդ, – պատասխանեց տեր հայրը և ձեռքը նախ ինձ, ապա՝ Պետրոսին տալով՝ ողջունեց մեզ սիրով և այնպիսի մտերմությամբ, որ կարծես թե հին բարեկամներ էինք:
Պետրոսը, որ անհամբերությամբ էր սպասում ողջույնի այս ծիսակատարության, հանկարծ, առանց որևէ առաջաբանի, հարցրեց.
– Տեր հայր, ի՞նչ է նշսւնակում ավետարանի այս խոսքը՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանեն՝ չտայք թոյլ մտանել»:
Քահանան, որ այսպիսի անակնկալ հարցի չէր սպասում, նախ շփոթվեց, ապա ինքն իրան գալով՝ ժպտաց և մեղմով հարցրեց.
– Ինչի՞ համար ես հարցնում:
– Ինչպես թե՝ ինչի համար, քահանա ես, շատ անգամ ժողովրդի առաջ կարդում ես ավետարանի այդ խոսքերը, այժմ կամենում եմ իմանալ թե՝ հասկանո՞ւմ ես դրանց նշանակությունը, թե՞ ոչ:
– Բաս, որ չհասկանանք, ո՞նց կարանք կարդալ, որդի, – պատասխանեց տեր հայրը:
– Դեհ, որ հասկանում ես, թարգմանիր տեսնեմ:
– Ո՞նց թարգմանեմ, ավետարանը ըստի պտի, որ կարդամ, թարգմանեմ, – առարկեց քահանան ժպտալով:
( Այ, ես բերան ասում եմ, էլի՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ», դեհ, թարգմանիր:
– Սաքի դու դրա միտքը իմանում չե՞ս:
– Իմանում եմ:
– Բա խի ես հարցնում:
– Հարցնում եմ տեսնեմ՝ դու էլ իմանո՞ւմ ես, թե՞ ոչ:
– Ա Մուքի (Միքայել), էս մեր Մինարանց Ակոբի տղան չի՞ – դարձավ քահանան մեր հյուրընկալին:
– Հա, ա դեր, Ակոբ աղի տղան ա, – պատասխանեց գյուղացին:
– Աստոծ պահի, լավ մեծացել ա, հորը քյոմակ կըլի (կօգնի), հարեց քահանան, աշխատելով այս միջանկյալ հաճոյախոսությամբ ազատվել Պետրոսի հետապնդությունից:
Բայց վերջինս անխիղճ պարտատիրոջ պես, տեր հոր օձիքը չթողեց:
– Այդ իմացանք, տեր հայր, դու իմ հարցին պատասխանիր, – կրկնեց նա, քահանայի թևից քաշելով:
Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական հայացք ձգելուց հետո դարձավ մեր հյուրընկալին:
– Ա Մուք, ղոնաղդ (հյուրդ) կռվարար մարդ ա րևում (երևում):
– Չէ, ա դեր, լավ տղա յա, ասենք մի քիչ հանաքչի ա, – պատասխանեց գյուղացին, աշխատելով արդարացնել Պետրոսին:
– Տո, տնածա՛կ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել թե՝ հենց դու ես որ պտի թարգմանես: Խի՞, ես Սողոմոն իմաստո՞ւնն եմ:
Մենք սկսանք ծիծաղել:
– Այ, տեսնո՞ւմ ես, տեր հայր, եթե մի փոքր առաջ խոստովանեիր, թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեի, – դարձավ Պետրոսը քահանային, – այժմ բացատրեմ, լսիր. «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ» կնշանակե թե՝ դուք չեք մտնում, և ովքեր էլ որ մտնում են, նրանց չեք թողնում…
– Գիտում եմ, գիտում, – ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով, այսուամենայնիվ, բոլորովին տգետ երևալ մեր աչքում, – Քրիստոս էդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնութենի մեջ չեք մտնում ու հով որ էլ ուզում ա մտնի, նրան թողում չեք:
– Վա՛յ, տունդ չծակվի, տերտեր, – բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց, նրան հետևեցի և ես:
– Խի՞ եք ծիծաղում, բա ըսե՞նց չի, – հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ:
– ՉԷ, չէ, տեր հայր, – մեջ մտա ես. – Քրիստոս արքայության համար է խոսում, և դպիրներին ու փարիսեցիներին է ասում թե՝ դուք արքայություն չեք մտնում և ովքեր էլ որ կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց:
– Դե, հեր օրհնած, ամուսնությունն էլ արքայության նման բան ա, ես ըսկի շատ չեմ յանղլիշ եկել (սխալվել), – ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին՝ հարցրեց.
– Մի ասա տեսնեմ՝ ինձ խի՞ ես ըտենց հարցուփորձ անում:
– Ա՛յ, թե ինչու: Մենք եկել ենք ձեր եկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս ողորմելի բանջարանոցը, որի մեջ միայն մի քանի ածուներ ունիս դու: Միևնույն ժամանակ այստեղ հոսում է այս հորդ առվակը, որից դու կարող էիր օգտվել և եկեղեցու առաջ, այս ահագին տարածության վրա ծառեր տնկել, զբոսարան շինել, իսկ այդ ծառերը օգուտ կբերեին թե քեզ, թե եկեղեցուն և թե ժողովրդին: Բայց դու չես արել, որովհետև, ինչպես Մուքին ասում է, էշխ չունիս: Հարցնում ենք սրան թե՝ ինչու դուք՝ գյուղացիներդ, չեք անում, պատասխանում է թէ՝ «տեր հայրը չի թողիլ»: Ա՛յ, հենց դրա համար էլ կամեցա հասկացնել քեզ թե՝ Քրիստոսի այն խոսքը, որ ասում է՝ «դուք չեք մտնում և ովքեր էլ որ մտնում են, չեք թողնում», հենց ձեզ նման հովիվների համար է ասված:
Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին ասաց.
– Հեր օրհնած, էս եղցումը (եկեղեցում), ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռել: Դիփունանց գերեզմաններն էլ, հրես, ըստի, եղցու քամակին ա, ուզո՞ւմ եք, գնանք մի-մի շանց (ցույց) տամ: Ընդոնցից որն ա ըստի մի չոփ (ոստի կտոր) տնկել, որ ես տնկեմ:
– Նրանք չեն արել, դու արա, դոԼ բարի օրինակ եղիր քեզանից հետո եկողներին:
– Միթոմ էդ ի՞նչ օգուտ պտի բերի ինձ, յա (կամ), եղցուն:
– Նախ այն, որ այս չոր գետինը կծածկվի ծառերով, իսկ ծառաստանը ավելի լավ է, քան թե չոր տափաստանը: Երկրորդ՝ եկեղեցու շրջապատի օդը ավելի մաքուր և առողջարար կլինի, իսկ տեսարանը՝ դյուրական. երրորդ՝ տնկածդ ծառերը պտուղ կբերեն, որից թե դու կօգտվես և թե եկեղեցին: Չորրորդ…
– Դե, մի խրե (մի քիչ) սպասեիր, – ընդհատեց քահանան Պետրոսին, և ապա կռթնելով գավազանի վրա, մի առանձին, հեղինակավոր եղանակով շարունակեց, – որդի, գիտաս՝ ինչ կա, խոսիլը հեշտ ա, քանց անիլը: Մի բան պատմեմ՝ լսիր: Մի քսան օր սրանից առաջ մեր հաջորդը վանքն էր գնում, քաղաքից գալիս վեր գեղովն անցավ. շնորհակալ եմ, պատվեց, եկավ մեր տանը դինջացավ (հանգստացավ), հաց կերավ, վերջը ասաց.(«Տեր Մակուչ, գնանք մի ձեր եղցին տեսնենք» – ծառա եմ, ասացի, հայր սուրբ, գնանք: Վեր կացանք եկանք: Քյոխվեն էլ մեզ հետ էր, սուդիան էլ, մի երկու էլ գեղի իշխան (առաջավոր) մարդիկ: Վարդապետը հենց որ եղցին մտավ, աչքերը մի դեսուդեն գցեց, ինքն իրան փնթփնթաց ու ասեց. «Տեր Մակուչ, էս խի՞ եղցին անզարդ ես պահում»: – Ոնց եմ անզարդ պահում, հայր սուրբ, հարցրի ես. – «էնենց ես անզարդ պահում, ասեց, որ այ, էս սուրբ սկիհի տակը մի աբրեշում աղլուխ չես գցում. էս ավետարանը մի զառ շորում չես փաթաթում, էս ատենին կազմել չես տալիս, յա չէ էս ի՞նչ պատկեր ա, որ դրել ես սեղանի վրա, ըսենց Քրիստոս կըլի՞, էս հու դուխաբոր մալական ա»: Ինչ մեղքս ծածկեմ, շատ նիկացա (վրդովվեցա), ամա ինչ կարի անիլ, իշխանավոր էր, ասում էր, պտի սուս կենայի: Վերջը երբ որ խոսքը կտրեց, ասեցի, – Հայր սուրբ, ծառա եմ կարգիդ, իրավունք կտա՞ս, որ խոսեմ, – հա՛, խոսիր, – ասեց, թե քեզ արդարացնելու բան ունիս, ասա, – էն ա ես էլ էս առակն ասեցի: – Մին անգամ, հայր սուրբ, ասեցի, մոլլա Նասրեդինի կնիկը գնում ա շահին գանգատվում, թե շահն ապրած կենա, իմ մարդը ինձ կուշտ փորով հաց չի տալի, ինձ հմար շոր չի առնում, այ, տեսնում ես, տկլոր եմ, ասում ա, էս եմ, էն եմ. կնիկը հո գիտաս, որ խրսիլը կցեց էլ տազ չի անիլ (չի լռիլ): Շահը բարկանում ա ու էն սհաթին ֆարրաշ ղըրկում, մոլլա Նասրեդինին բերել տալիս: – Էյ, մոլլա, ասում ա, նե՞ յուչուն արվադնա խորակ ալմըրսան, – հրամանքդ թուրքերեն գիտաս, – խոսքն ընդհատելով հարցրեց քահանան Պետրոսին:
– Ոչ, լավ չեմ հասկանում, – պատասխանեց վերջինս:
– Լավ, քեզ հայերեն կասեմ, ամա հայր սուրբին թուրքերեն պատմեցի. – հա՛, ասում ա, ա՛յ մոլլա, խի կնկանդ հմար կերակուր չես առնում, որ մի կուշտ ուտի, խի նրա հմար մը քանի ձեռք շոր չես առնում, որ մինը մաշելուց մեկելը հագնի: Մոլլան պատասխանում ա, – Շահն ապրած կենա, ասում ա, դրա հմար օխտը մանի (պատճառ) ունեմ: – Ո՞րն ա օխտը մանին, մեկ-մեկ ասա, – հրամայում ա շահը, առաջինն էն ա, ասում ա մոլլան, որ ջիբումս մի շահի փող չկա, երկրորդը… – Մնացած վեց մանին գլխիդ տված, – ասում ա շահը, – կորի գնա: Հմի դուն ես, ասեցի, հայր սուրբ, ախր փող որ չկա, ես ո՞րդիան աբրեշում աղլուխ առնեմ, որդիան զառ ճոթ գտնեմ, ոնց դուխաբոր մալականը վեր ունեմ, տեղն օրինավոր Քրիստոս դնեմ: – Խի՞, – ասում ա հայր սուրբը, – էսքան ժողովուրդ ունես, կարում չես մնին մի աղլուխ առնիլ տալ, մնին մի զառ ճոթ, յա խի՞ Վեդունց Սարգսի աղին գրում չես, հրեն Թիֆլիսս նստած ա, մին լավ Քրիստոս առնի ղրկի: Ասում եմ, հայր սուրբ, ծառա եմ քե, ախր «էն վաղ էր, որ էշը կաղ էր», հմի էլ ով ա տերտերի խոսքին մտիկ տալի, էլ որդիան ա հավատ մնացել, բարեպաշտութին մնացել, առաջ դրուստ ա, քահանաներն ին ժողովրդին պլոկում, ամա հմի ժողովուրդն ա քահանի վրեն ընկել՝ ուզում ա հագի փարաջեն հանի, յա չէ, գլխի գդակը թռցնի: Մի կտոր հացը որ ուտում են, հենց գիտում են թե՝ հարամ ա, տեղից վեր կացողը մեր գլխին ա բոմփում (խփում), էլ ասում չեն, թե ինչ ենք տվել էս խեղճերին, որ էսքան պահանջում ենք: Հմի, ասում եմ, էս այամումը (ժամանակում), որ եղբայրն ուզում ա եղբորը խեղդի, որդին ուզում ա հորը ծախի, մարդ կարա՞ բարեգործութենի անուն տալ: Հայր սուրբը տեսավ, որ դրուստ եմ ասում, էն ա՝ սուս կացավ:
( Հմի դու ես, որդի, – դարձավ քահանան Պետրոսին, – ասում ես՝ ըստի բաղ շինի, բախչա շինի: Խոսք չունեմ, լավ, ես ասում, ապա պրտի էն էլ մտածես թե էս քյասիբ դերը ո՞րդիան ըտունք անի: Ախր ըստի հող փորիլու, ծառ տնկիլու, չափար (ցանկապակ) քաշիլու հմար փո՞ղ ա հարկավոր, թե ոչ: Տա ես փող ո՞րդիան գտնեմ, փող որ ունենամ, խի դհենց դարտակ բաների կտամ, հրեն, այ, Խոչա Մարութը թումանին իրեք շահի շահ ա տալիս, ասում ա՝ ա՛ դեր, թե որ հարյուր մանեթ բերես, քեզ տարին տասնութ մանեթ շահ կտամ: Տասնութ մանեթը գիտաս, մի տուն քյուլփաթ (ընտանիք) կկառավարի, ամա հարյուր, մանեթն ինձ ով ա տվել:
( Երեկ դու ինձ համբերություն էիր քարոզում, – դարձավ ընկերս ինձ՝ ռուսերեն լեզվով, – այժմ ասա, խնդրում եմ, ինչպես անեմ, որ չհայհոյեմ այս մարդուն:
– Հայհոյել, ինչո՞ւ, – հարցրի ես զարմանալով:
– Ինչպես, թե ինչո՞ւ. մի՞թե քեզ չեն զայրացնում սրա առարկությունները:
– Բնավ:
– Եվ ոչ էլ այն որ սա տոչորվում է հարյուր ռուբլի ունենալու և այն շահեցնելու տենչով:
( Եվ ոչ էլ այդ:
– Դու ինձ վրդովում ես:
– Եթե արդարությամբ մտածես, չես վրդովվիր: Քահանան մեղավոր չէ, որ տգետ է այդ աստիճան:
– Բայց հո մեղավո՞ր է, որ տգետ լինելով՝ դիմել է քահանայության:
– Ոչ էլ այդ դեպքումն է մեղավոր: Մարդուն հաց էր հարկավոր, և ահա այդ հացը ձեռք բերելու համար նա ընտրել է քահանայությունը:
– Բայց ախր նա իրավունք չուներ:
– Իրավունք ճանաչելու համար, մարդ, նախ և առաջ, տգետ չպետք է լինի: Միթե դու կարող ես իրավունքի տեսակետից մեղադրել քո եզին, եթե նա հարևանի բակում փափուկ խոտ տեսնելով մոտենա և ուտե: Այդ դեպքում հանցավորը ոչ թե եզը, այլ դու կլինիս, որ չես կապել անբանին, կամ թե քո հարևանը, որը չէ փակել յուր դուռը:
( Այդ ասելովդ մենք ովքե՞ր ենք:
– Դու եպիսկոպոսն ես, որ ձեռնադրել ես տեր Մակուչին, իսկ հարևանդ՝ ժողովուրդը, որ իրեն հանձնել է նրա ձեռքը:
– Էդ խոմ ինձանից եք խոսում, – յուր անունը լսելուն պես, մեջ մտավ քահանան, – դե հայեվար խոսեցեք, ես էլ հասկանամ:
– Այո՛, տեր հայր, քեզանից ենք խոսում, – պատասխանեց Պետրոսը:
– Բա ի՞նչ եք խոսում:
– Ասում ենք՝ վա՛յ էն ժողովրդին, որի քահանան տեր Մակուչն է:
– Խի եք ըդենց ասում, որդի, – հարցրեց քահանան այնպիսի մի ճնշված ձայնով, որ ես խղճահարվեցա:
– Որովհետև դու տգետ ես, – պատասխանեց Պետրոսը կոշտ սառնասրտությամբ:
– Այդ արդեն չափազանց է, պարոն, – նկատեցի կամացուկ և միևնույն ժամանակ վրդովվելով:
– Ընդհակառակը դեռ քիչ է, – հարեց Պետրոսը և ապա դառնալով քահանային հարցրեց. – Դու նեղանո՞ւմ ես, որ ես տգետ եմ ասում քեզ:
– Խի եմ նեղանում, որդի, ջահել ես, ասում ես, որ ահիլ (հասակավոր) լինիս, կմտածես, թե էս մարդն ինչ մեղավոր ա, որ աստոծ սրան անուսում ա ստեղծել:
– Ինչու, աստված ո՞րին է ուսումով ստեղծել:
– Ոնց թե որին, այ մինը հենց քեզ, մինն էլ քո ընկերին, հրեն քաղաքն էլ լիքն ա ձեզ նմաններով:
– Մենք էլ քեզ պես անուսում ենք ծնվել, բայց հետո մեծանալով, աշխատել ենք, չարչարվել և ուսում առել:
– Խի՞ ես ըտենց ասում, Պետրե ջան, – մեջ մտավ մեր հույրընկալը – թե որ քու հերը. Ակոբ աղան չըլեր, դու ոնց կարիր հուսում առնիլ:
– Այ, քու հորն օղորմի, ա Մուք, մի ըտենց խոսա է, տեսնում ես քու դերին նեղն են լծել, – քաջալերեց քահանան գյուղացուն և ինքն էլ, կարծես, սիրտ առնելով… դարձավ Պետրոսին.
– Հը՞ ըստուր ինչ պատասխան ունես, դե տուր:
– Ի՞նչ պատասխան պիտի ունենամ: Իմ հայրը, իհարկե, վճարել է իմ ուսման վարձը, բայց ես էլ հո աշխատել ու չարչարվել եմ, օրերս պարապ չե՞մ անցրել:
– Դե լավ, հմի լսիր: Քո հերը փող ա ունեցել, քեզ կարդացրել ա, բա իմ հերը, որ փող չուներ, որդիան կարդացներ: Ինքը մի խեղճ նախրապան ա լել. քարով, կարկուտով (մեծ դժվարությամբ) մի կտոր հաց ա ճարել, մեզ ուտացրել, մի գազ կտավ ա գտել, ծակել, մեր ճիտը գցել, վերջն էլ հանդումը շատ բաց պառկելուց, արևի ու անձրևի հետ կռվելուց ու հազար ու մի չարքաշութին անելուց հիվանդացել, մեռել ա ու մեզ էլ անտեր, անտիրական թողել: Աստոծ ա իմանում, թե մենք ու մեր խեղճ մերը ինչ օրեր ենք տեսել, ինչ նեղություններ ենք քաշել: Մեր ամեն մի թիքա հացը լեղի ու արտասուք ա լել: Դժար բան ա աղքատութինը, էն էլ գեղի միջումը, աստոծ ոչ շանց տա ձեզ… Հմի, ո՛րդի, ես որ էն խեղճ դրութենում էսքան էլ գրաճանաչ եմ դառել, գրել կարդալ եմ սովորել, քանի տարի վանքումը տիրացութին արել ու վերջը էս մենծ գեղի վրա քահանա դառել, էս քիչ բան ա: Թե որ մինը քեզ վրա խարջած փողն ինձ վրա խարջեր, ո՞վ գիդա՝ հմի փիլիսովա կլեի դառած: Ամա դու, տեսնո՞ւմ ես, ըսկի մարիփաթին (քաղաքավարությամբ) խոսալն էլ չես սովորել: Կբաշխես, որ էս խոսքը երեսիդ ասում եմ. ամա ես քու հոր տեղն եմ. հախկ (իրավունք) ունեմ: Ընչի հմար եմ ասում, գիտա՞ս. այ, դու ղարիբ (օտար) տղա ես, եկել ես մեր գեղը, ես էլ ըստեղի քահանան եմ. շնորհակալ եմ, մենծ ու պստիկ պատվում են: Բայց ես, ոնց որ Քրիստոս ասում ա, որ խոնարհեցցե զանձն, բարձրացցե, ես էլ խոնարհվեցի, եկա, որ բարի գալուստ ասեմ ձեզ, ու օրհնեմ, ամա դու իմ գեղականի առաջ ինձ անպատիվ արիր: Ասում ես՝ վայ էն գեղին, որ դու նրա քահանան ես, ասում ես՝ դու տգետ ես. քիչ ա մնում, որ ասես, թե հայվան ես: Ախր ըսենց չեն խոսիլ, որդի, աշխարհումը մինը տգետ կըլի, մինը՝ հուսումնական, մինը աղքատ կըլի, մինը՝ հարուստ, ամա, բոլորի աստոծը մեկ ա. ոչ հարուստն ու հուսումնականը պիտի հմպարտանան, ոչ էլ տգետն ու աղքատը ոտի տակ ընկնեն: Ինչ մեղքս ծածկեմ, որդի, առաջ մի քիչ դարդ էի անում, որ Վեդունց Սարգսի խոսքին լսեցի ու որդիքս հուսման չղրկեցի: Ամա հմի փառք եմ տալիս աստծուն, որ ղրկել չեմ. չուն (որովհետև) տեսնում եմ, որ հուսումը մարդին հրեշտակ շինելու տեղ՝ սատանա ա շինում: Դե որ ըտենց ա, ախպեր, խի եմ հուսման ղրկում, որ վերջը փոշմանեմ:
Տեր հոր վերջին խոսքերը տպավորություն արին Պետրոսի վրա, և նա լռեց: Բայց ես քահանայի սիրտը ամոքելու համար, կամեցա խոսակցությունը մեղմով վերջավորել, ուստի հարցրի.
(Դու, ուրեմն, որդինե՞ր ունիս:
– Ոնց չէ, չորս հատ, – պատասխանեց երեցը, կարծես, պարծենալով:
– Հասակավո՞ր են նրանք:
– Մենծը քսանութ տարեկան ա, մնացած երեքը մինը մնից երկու տարով պակաս են: Չորսն էլ աժդահա (հսկա) տղամարդիկ են: Երկուսին պսակել եմ. երկուսին էլ, թե որ աստոծ հաջողի, գյալաջաղ (գալ տարի) պիտի պսակեմ:
– Չորսին էլ, ուրեմն, անուսում ես թողե՞լ:
– Չէ, վանահոր մոտ քիչ ու միչ կարդացել են, ընենց որ իրանց բանը յոլա կտանեն:
– Դու, ուրեմն, չէի՞ր կարող, գոնե, քաղաքի դպրանոցը ուղարկել նրանց, – կրկին մեջ մտավ Պետրոսը և այս անգամ արդեն գրգռված:
– Խի՞ չէի կարող:
– Բա ինչո՞ւ չուղարկեցիր, մեղք չէ, որ չորս աժդահա տղամարդ, ինչպես որ դու ես անվանում նրանց, անուսում ես թողել:
– Ընդուր որ… ամա չէ՛, ըտուր մասին էլ Վեդունց Սարգիսը կասի:
Տեր հայրը դիտմամբ խույս տվավ Պետրոսին պատասխանելուց, որպեսզի նորեն վեճի չբռնվի նրա հետ:
– Ո՞վ է Վեդունց Սարգիսը, – հարցրի ես:
– Հրեն, ա՛յ, տունն ընդի ա, էն մենծ-մենծ չընարուցը տակին, – ասաց քահանան, ցույց տալով գյուղի հարավակողմը, ուր մի ընդարձակ դարևանդի վրա բարձրանում էին մի խումբ գեղուշեղ սոսիներ:
– Որդիքը քոնն են, ինչու դու չես բացատրում թե՝ ինչու ես նրանց անուսում թողել, – հարցրեց Պետրոսը:
– Որդիքն իմն են, ըտենց ա, ամա Սարգիսն էր սաբաբ (պատճառ), որ նրանց ուսման չղրկեցի: Այ, թե ուզում եք, գնացեք, հարցրեք: Նա խելոք մարդ ա, սուտ չի խոսիր Ղորդ ա, գեղացի ա, ամա հարիր քաղաքացու խելք ունի գլխումը: Հարցրեք, նա ամեն ինչ տեղն ու տեղը կասի ձեզ: Դեհ, շատ խոսեցի, որդիք, գլուխներդ ցավացրի, կբաշխեք, հմի ես գնամ, բարով եք եկել, բարով էլ գնաք…
Այս ասելով տեր հայրը ողջանեց մեզ վերջին անգամ և երեսը դարձնելով՝ ծանրաքայլ հեռացավ:
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?