Текст книги "Պատմություններ"
Автор книги: Վրթանես Փափազյան
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 3 страниц) [доступный отрывок для чтения: 1 страниц]
Վրթանես Փափազյան
Պատմություններ
Ըմբոստի մահը
Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։
Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին... Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։
Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։
Ի՜նչ... արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։
Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից, արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում [ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։
– Դարձե՛ք, խելահեղնե՛ր, – գոչում էին հները։
– Խենթացել են, – գոռում էին կաղնիները։
– Կոչնչանան, – շշնջում էին թփերը։
Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։
– Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ, – կանչեց վերջապես մի հսկա կաղնի. – ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար...
– Բարձրանում եմ, – ժպտեց նոր ծառը։
– Բարձրանո՜ւմ ես, – ապշեց մեծ կաղնին, – խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի...
– Բարձրանում եմ, – համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։
– Դու կոչնչանաս, – կանչեցին ծառերը։
– Բարձրության վրա...
– Կայծակին զո՛հ կլինիս։
– Լեռների ծայրին...
– Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։
– Բայց բարձր կլինեմ...
Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։
Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում գետնին [ էջ ]էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում...
Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում... և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում...
Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։
Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։
Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.
– Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին...
Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․
– Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
– Այրի՛ր, – ասում էր ծառը, – կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա... [ էջ ]Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց...
Ծառը բռնկեց, սկսեց այրվել։
– Այրվում է՛... – քրքջաց ներքևից ճահճային անտառը։
– Նրա վերջն այդ էր, – ասում էին թփիկները։
– Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած, – կանչեց մեծ կաղնին, – մեռնում ես այժմ ահա...
– Բարձրության վրա՛... – մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ...
Արտը
Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով։
Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա՛ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլցրել էր։ Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով։
Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ֊մեկ անձրևում էր։
Լույսը նոր էր բացվել։ Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները։ Խրճիթների երդիկներից սկսել էին ծխի սյունակները խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա։
Ձիուս սանձը քաշեցի. և ռ՛չ իսկ արագ քայլել էր հնարավոր․ փողոցներում առվակներ էին գոյացել։
Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին։
Մի վայրկյան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու։
Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել։ Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ։
Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան։ Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն էլ, թվում էր, որ կար, բայց շա՜տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես։ [ էջ ]Թանձր, սևագույն֊սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ֊տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում։ Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին։ Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերը... և արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գլուխները՝ կաթիլների ծանրության տակ։
Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել։ Նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում։ Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում։
Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավրվել և մեջտեղում լճակներ գոյացել։
Մի քանիսները լիովին ողողվել էին։ Ջրի հոսանքները արմատախիլ էին արել, քշել տարել ցորենի դալար ծիլերը և հավաքել ակոսների մեջ։ Ցեխ էր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր կարմրագույն ջուր էր կիտվել և շատ հասկեր լողում էին նրանց երեսների վրա, որպես խեղդվածներ։
– Վա՛խ, վա՛խ, – արեց ծերունին։
Ու առաջ գնաց։
Բայց վնասն ընդհանրապես շատ էլ մեծ չէր երևում։ Հողը դիմացել էր. երևում էին բոլորովին չփչացած արտեր անգամ. ծիլերը դիմացել էին և այժմ զվարթությամբ ցցել էին սկսում իրենց գլուխները. միայն թե կային այնպիսիները, որոնք ոտաբոբիկ էին դարձել – արմատը մերկացրել։ Ջուրն էր այդպես շինել նրանց։
– Է՛հ. փառք աստծո, – խոսեց ծերունին՝ տեսնելով դրանք, – շատ էլ վնաս չի եղել։
– Քո արտն էլ այդպես կլինի, ծերուկ, – սրտապնդեցի նրան։
Անխոս՝ գլուխն երերցուց։ Կասկածում էր. հայացքը միշտ [ էջ ]դեպի հեռուներն էին։ Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները։
Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը։
– Ո՞րն է արտդ։
– Այն բարձրինը։
Ինչ֊որ ջրի հեղեղատներ էին հոսում այնտեղ, ջրակույտներ փայլփլում։ Միգուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել, տարել։
Ծերունին գունատվեց։
– Տունս քանդվել է...– մրմնջաց նա։
– Մի՞թե վնասվել է։
– Չգիտեմ դեռ, – ասաց նա խեղդված ձայնով, – գուցե աչքերս չեն տեսնում... ծերացել եմ...
Առաջ գնացինք։ Մոտենում էինք։ Քայլելն ավելի դժվարանում էր. վերևից գրեթե ցեխի հեղեղ էր, որ իջնում էր ցած, խառն՝ ծիլերով, ցողուններով...
Ծերունին հևում էր. շունչը կտրվել էր։ Քիչ էլ քայլեցինք։ Է՜լ կանաչ չէր երևում, է՛լ ոչինչ. ցեխի հեղեղ և ջուր էր, որ տեսնում էինք. ավերիչ, ապականիչ հեղեղ...
Մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց։
Իր արտի կողքին էր։ Թշվառ արտ...
Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել էին իրենց թումբերը, ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել էին արտը։ Տեղ֊տեղ օազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն էին ցույց տալիս՝ ցորենի ծիլի կղզյակներ։ Երկար, կանաչ երկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգեվարք, սահել էին ամեն ուղղությամբ և թաթախվել ցեխով։ Ոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ էին երևում։
Հողն ամբողջ կանաչել էր նրանց դիակներով...
Եվ անձրևը տեղում էր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը։
Ընկավ բահը ծերունու ձեռքից. աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց, և նա տեղնուտեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի [ էջ ]դիակների կողքին նստեց ու գլուխը ձեռքերի մեջ ծածկեց...
Ձիս քշեցի և հեռացա։ Մխիթարական ո՛չ մի խոսք ասելու սիրտը չունեցա։
Եվ երբ հեռվից ետ նայեցի, տեսա թշվառ ծերունուն միշտ նույն դիրքի մեջ, նստած իր ավերած արտի կողքին, գլուխը ձեռքերին և ալեզարդ մազերը տեղացող անձրևի տակ...
Գաղթականներ
1
Բասենի դաշտը կտրելուց հետո դեպի ռուսաց հողը տանող տարածությունը հանգում է նախ մի երկար կիրճի, որ արևելքից արևմուտք է պարզված, հետո սկիզբն է տալիս Քեոսե–դաղ կոչվող ամեհի լեռնաշղթային։
Լեռնաշղթան իր հովիտների և մացառոտ կողերի մեջ պատսպարում է միմիայն վայրենի կենդանիներ և մարդկային վայրենի ցեղեր։ Ամառը վերևում, ձմեռը ձորերում՝ այդ ցեղերը ավելի անմատչելի են դարձնում լեոնաշղթան։
Անցորդը լեռնաշղթայի մեջ ժամերով ո՛չ մի շնչավոր էակի չէ հանդիպում. ապառաժ, ձյուն, արտուճի մացառներ, սոսկալի անդունդներ, երբեմն սքանչելի վայրենությամբ խորշեր, որոնք խոր, սոսկացնող լռություն են պահում և մի–մի անգամ միայն իրենց խորքերից վեր են վիժում մի գետակի կարկաչ, մի վայրենի թռչունի կծու աղաղակ կամ գայլի ոռնոց։
Այդպես է Քեոսե–դաղը։ Ավելի սոսկալի է նա ձմեռվա ամիսներում, երբ ձյունը միօրինակ սպիտակ սավանով ծածկում է այդ բոլոր վայրենությունը, տեղ-տեղ ցույց տալով ապառաժոտ կողերի սևությունր և տեղ-տեղ էլ որևէ ժայռի սուր ծայրը։ Ով մի անգամ իր կյանքի մեջ փորձել է անցնել այդ կողմերից, նա անշուշտ մոռացած չի լինիլ ահավոր լեռնաշղթան։
Այդտեղ էր ահա, լեռնաշղթայի գլխավոր գագաթից ոչ հեռու, որ մի ցուրտ ու մութ գիշեր, բլուրն ի վեր էր մագլցում մի ճանապարհորդ։
Մենակ, հրացանը գավազանի տեղ գործածելով՝ ծանրաքայլ[ էջ ]բարձրանում էր։ Ձյունի սառած շերտերը խշրտալով փշրվում էին նրա ոտքերի տակ։
Հոգնած էր. շատ էր քայլել. շունչը կտրվում էր։ Բլուրի գագաթը երևում էր ձյունի սպիտակության շնորհիվ։ Եվ ճանապարհորդը մի վերջին ճիգ ևս գործելով՝ մագլցեց ու հասավ կատարին։
Այնտեղ նա իջնող զառիվայրի գլխին նստեց, հրացանի կոթը գետնին դրավ, կռթնեց փողի վրա և սկսեց դիտել։
Գրեթե ոչինչ չի երևում։ Մի անհուն սևություն, որ տեղ-տեղ խորքում, ծածկված էր մի քանի փայլուն, կարմիր բծերով։
Սահմանագլխի և բլրի ստորոտում գտնվող գյուղի կրակներն էին։ Եվ այդ գյուղը անշուշտ քուրդի գյուղ էր։
Սև ամպերից կազմված միապաղաղ մի ծածկոց էլ երկնքի երեսն էր թաքցրել. աստղի նշույլը իսկ չկար։ Բնության խուլ շշուկը ծփում էր անդունդների վրա և անհետանում անսահման տարածության մեջ։
Ճանապարհորդը կռացավ դեպի ցած և լարեց լսողությունը. թվաց, որ լսում էր շների ձայն. բայց այնքան խուլ, անորոշ, որ նրանց որ կողմից գալը անհնար էր որոշել։
Սահմանագլխի մոտ էր։ Այդ նա գիտեր։ Բասենում նրան ասել էին, որ եթե կրակներ տեսնե, ապահով թող լինի, որ սահմանագլխի վրա է։
Ուրեմն, այդ սևության խորքումն էր ահա, որ գտնվում էր այն երկրի սկիզբը, որի մասին իրենց մոտ այնպես ցանկալի երազներ էին տեսնում. ուր, ասում էին, ոչ քուրդն է հափշտակում անպատիժ, և ոչ էլ կոպիտ ուժը հաջողվում ձեռնամուխ լինել մարդուս նվիրական սեփականությանը...
Ուրեմն, փոքր մի ևս, և նա ոտքը պետք է դներ այդ հողի վրա։
Բայց նա չէր եկել այդ երկիրը մտնելու։ Նրա համար այդ միտքը էլ գրավիչ չէր։
Նրա մտադրությունը այն չէր, որ խուսափեր իր դառնություններով լի երկրից և գնար այնտեղ, ուր ասում էին, մարդիկ ազատ են և ապահով, և ուր բարի, գթոտ մարդիկ կային։
[ էջ ]Բարի մարդկանց պետք չուներ նա, ոչ էլ օգնության։ Թշնամին նրա մեջքը դեռ չէր տեսել. նրա հրացանի գնդակը կամ դաշույնի հարվածը պարապ չէր անցել։ Մշո լեռների կտրիճ զավակն էր նա՝ Գոմեր գյուղացի Պետրոսը, որին ոչ մեկը անպատվել կամ ծուռ աչքով, մինչև այդ ժամանակ նայել չէր համարձակվել։
Ո՛չ, նա չէր կամենում գնալ մյուս թուլամորթների պես՝ խուսափել հարվածողից... Ո՛չ, նա թողել էր երկիրը, քայլել էր երկար, տաժանելի ճանապարհներ էր կտրել, որովհետև իր նշանածին էր որոնում, իր սիրելուն, իր Նազիկին։
Ո՞ւր էր նա այժմ, իր ծնողների և համագյուղացիների հետ. երկրի ո՛ր լեռների մեջ ապաստանած կամ ո՛ր ճանապարհի վրա ընկած, սպանված...
Դրանից քսան օր առաջ Բուլանըխից Մուշ վերադառնալով՝ աչքի առաջ ուներ, որ Գոմեր կհասնի և տարիներով փայփայած երազը կիրագործի, որ Նազիկին կունենա վերջապես։ Խոստացել էին պսակը այդ ձմեռ կատարել։
Նա սիրում էր Նազիկին, և աղջիկը պաշտում էր նրան։
Նրանք երջանիկ էին։ Պետրոսը ոչ մի մռայլ բան չէր երևակայում Բուլանըխից վերադառնալիս։ Քրդերի արածները սովորական էին եղել։ Ասում էին, որ Մուշի դաշտում քուրդերը, աշիրաթներն իսկ, ավերում էին գյուղեր և օրեցօր սաստկացնում այդ ավերածությունը. որ կոտորում են, փախցնում... Բայց Պետրոսը այդ բոլորը նոր չէր, որ լսում էր. ծնվելուց ի վեր նրա ականջները վարժվել էին այդ բոլորին։
Եվ այդպես, միշտ վարդագույն հույսերով Բուլանըխից Մուշ եկավ, սրտատրոփ Գոմեր վազեց իր նշանածին տեսնելռւ, բարեկամներին համբուրելու...
Բայց երբ գյուղ հասավ, ի՞նչ տեսնե...
Սասնո Բաքրանցի քուրդերի ցեղապետը, ահա թե ինչ պատմեցին նրան, ուզել էր տանել Նազիկին, հավանելու էր բարեհաճել նրան։ Վրթնոն՝ աղջկա հայրը, այդ լսելով, մի գիշեր հանկարծ առել էր իր ընտանիքը, շալակել էր ինչ որ կարողացել էր և փախել գյուղից։
[ էջ ]Սպանվել էին և տանջանքի ենթարկվել ոչ միայն Նազիկի, այլև իրեն՝ Պետրոսի, ազգականները, որովհետև Յուսուֆ աղան գիտեր Նազիկի նշանված լինելը և կարծել էր, թե աղջկան հեռացնողը Պետրոսն էր։
Գոմերը գրեթե ավերվել էր։
Այդ բոլորին հետևել էր մի ընդհանուր ավերածություն։
Յուսուֆ աղային միանալու էին եկել ուրիշ քուրդ ցեղեր ևս, և Մշո դաշտի գյուղերը միմյանց ետևից թալանվում, ավերվում ու այրվում էին...
Ահա թե ինչ դրության մեջ գտավ Պետրոսը իր հայրենիքը։
Մի մեծ հուսահատություն ճնշեց վայրկենապես նրա սիրտը. երկնքից գետին էր շպրտված։ Այլևս չկար ո՛չ երազների և ո՛չ վարդագույն օրերի իրականացման հույսը... Այնտեղ, իր առջևն էր միմիայն՝ ավերակ, մոխիր ու սուգ։
Եթե չէր գժվել, պատճառն այն էր, որ նրան կարողացել էին գոնե ասել, թե դեպի որ կողմն էին գնացել գյուղից խուսափածները, որոնց մեջ էին Վրթնոն և Նազիկը։
Եվ նա թողել էր ամեն ինչ, անցել դիակների վրայից, ավերակների կողքից, առել էր հրացանն, ու որդին կորցրած մոր կատաղությամբ՝ սար ու ձոր էր ընկել նշանածին գտնելու։
Ասել էին, որ խումբը դեպի Խնուս էր գնացել և այնտեղից մտադիր էր սահմանն անցնել։
Եվ երբ մի րոպե պատկերացնում էր իր քնքուշ Նազիկին, որ այժմ ցրտի, ձյունի մեջ, գուցե ոտաբոբիկ և կիսամերկ քայլում էր, գուցե անոթի կամ մուրալով խուսափում էր քուրդերից և ստիպված էր փշերի, քարերի միջից փախչել, ճանապարհ որոնել... երբ այդ բոլորը երևակայում էր, դառնությունը խեղդում էր նրան, կրծում սիրտը...
Ասել էին նրան, որ Կովանդուկի վրայով էր անցել գաղթականությունը։ Բայց ո՞ր ճանապարհով. արդյոք տեղ հասե՞լ էին անվտանգ. անոթությունը կամ քուրդերը նրանց չէի՞ն ջարդել։
Նազիկը կարողացել էր դիմանալ ցրտի, հոգնածության... կարողացե՞լ էր քուրդերից ազատվել...
[ էջ ]Ոչինչ չգիտեր և այդպես անգիտակ Խնուս իջավ։
Հարցրեց ամենքին։ Ոչ ոք չէր կարողանում ասել հատկապես, թե խմբի մեջ եղել էին Վրթնոն, Նազիկը։ Տեսել էին Մշից հասած շատ թշվառների՝ անոթի, ծարավ, ցրտից գրեթե սառած, որոնք միացել էին Կովանդուկից, Կարա–չոբանից և Խնուսի այլ գյուղերից դուրս եկած զանազան փախստականների հետ և որոնք ծածուկ ճանապարհներով գնացել էին դեպի սահմանագլուխ։
Նրա մեջ մի քիչ հույս էր ծագել։
Քիչ հետո նրան ասացին, որ գաղթականներն այլևս այնքան ստվար խմբեր չէին կազմում, որ նրանք ցերեկով թաքնվում էին և գիշերները անցնում գյուղերի կողքերից։
Ասացին, որ քուրդերը հոտ էին առել և խմբեր էին կազմում գաղթականների վրա հարձակում գործելու համար, որ «Կըռ–սարդարի»–ները (ճանապարհը իբր թե պահպանող զինվորները) և Համիդիե կոչվող քուրդերից կազմված նոր զորքի խմբերն իսկ, լավ որս համարելով ընկնող թշվառներին, ասպատակ էին սփռել ամեն կողմ։
Հետզհետե այլևս ոչ ոք չկարողացավ Պետոյին ճիշտ տեղեկություններ տալ։ Միշտ անորոշ էին պատասխանները։ Շատերը վախենում էին և ուղղակի «չգիտենք», «չենք տեսել» ասելով՝ խուսափում էին։ Ոմանք ասում էին, որ մեծ խմբերը բաժանվել են ավելի մանրերի և ցրվել սահմանագծի երկարությամբ, որպեսզի կարողանային աննկատելի մնալ սահմանապահ զորքերից։ Ուրիշները կարծում էին, որ խնուսցիք մշեցիներից բաժանվել՝ ուրիշ ուղղությամբ էին գնացել, իսկ մի գյուղացի երիտասարդ կանչեց Պետոյին մի ախոռի մութ անկյուն և այնտեղ հայտնեց, որ մշեցիք մտել են Քեոսե դաղ լեռների կիրճերը և հույս ունեին այն կողմերից անցնել սահմանը։
Կանգ առնելը նրան ավելի անհանգստացնում էր. կարծում էր, որ Նազիկը կանչում էր իրեն, որ պետք ունե իրեն, որ նրա միակ պարտքն է վազել, շնչասպառ վազել, ամեն բանի վրայից ոստնելով՝ վազել, մինչև որ գտներ նշանածին։ Ամեն անգամ կրակ տեսնելիս՝ կարծում էր, թե հասել է։ Եվ վազում էր, ամենքին հարցնում։
[ էջ ]Որքա՜ն դժվար ճանապարհներ, որքա՜ն խոր ձորեր և որքա՜ն ձյուն, մացառ ու արգելք։ Բայց կտրեց անցավ բոլորը․ մագլցեց ժայռոտ, լպրծուն լեռներ, անցավ հոսանուտ հողով բլրակներ, ցեխոտ դաշտեր և ահա այժմ, մի ամբողջ ցերեկ քայլելուց հետո, չնայելով, որ հոգնած էր, անոթի, շնչասպառ, մի վերջին ճիգ ևս գործեց և հասավ Քեոսե–դաղի մեծ բլուրին, որտեղից ճանապարհը ոլորապտույտ տանում էր դեպի մի ինչ-որ հարթավայր և անծանոթ գյուղ։
Այդտեղ էր, որ կանգ առավ քիչ հանգստանալու. ի՞նչ գյուղ էր այնտեղ՝ ցածում. ո՞ւր էր հասել. ռուսա՞ց հողի վրա էր, թե՞ դեռ թուրք հող էր կոխում։
Ամեն ինչ անորոշ էր։ Կուրացած ցավից, միայն մի նպատակ մտքում՝ քայլել էր. չէր էլ ուզել շատ տեղեկություններ հարցնել. հույս ուներ գտնել փնտրածին հոտառությամբ, բնազդմամբ։
Սաստիկ ցուրտ էր։ Թե՛ հոգնած և թե՛ վհատված՝ չգիտեր այժմ ուր գնալ։ Կարելի էր մտածել, որ այդ կրակները գաղթականներն էին վառել։
Մի քանի րոպե նա մնաց այդպիսի անորոշ դրության մեջ նստած։ Ցածում կրակները հետզհետե մարում էին. միայն մի տեղ, մի մեծ խարույկ՝ մնում էր երերուն և բոցավառ։
Վերջապես ելավ և վճռեց իջնել դեպի կրակը։ Պետք էր տեսնել, թե ովքեր կային այնտեղ և այժմ գոնե տեղեկություն հարցնել։ Հայեր լինեին, ավելի լավ, եթե քուրդեր լինեին, նա իրեն քուրդ կձևացներ և գուցե ավելի հեշտ տեղեկություններ ունենար գաղթող խմբերի մասին։
Հրացանը թևի վրա, ստուգեց, որ փամփուշտ կար, ուղղեց մեջքի երկար սուրը, ստուգեց, որ դաշույնը գոտու մեջն էր և սկսեց իջնել։
Բլուրը հողային էր. ձյունի շերտը փշրվում էր, և Պետոյի ոտը երբեմն փլեցնելով խճային մի հոսանք, մի քանի րոպեի շառաչյունով խզում էր գիշերային լռությունը։
Երբեմն ավելի պարզ էին լսվում շների ձայները։ Խարույկը բլրի ստորոտումն էր և մեծանում էր։
Նա սկսեց քայլերն արագացնել և լսողությունը սրել։
[ էջ ]
2
Շատ վտանգավոր բան էր Պետոյի արածը. չէ՞ որ հայտնել էին նրանք Քեոսե–դաղի բնակիչների մասին, թե նրա ձորերի մեջ ու ապառաժների տակ, մացառոտ անտառակների կողքին, ինչպես և կիրճերն ու հովիտները, լի էին միայն արյունարբու, վայրենի քուրդերով, որոնք մարդ էին սպանում այնպես, որպես սպանում են ճանճերի։
Գիտեր այդ. սակայն չէր կասկածում. մտածում էր գաղթականներին հանդիպելու։ Իսկ եթե քուրդեր լինեին այնտեղ երևացող խարույկի մոտ, նա առաջին անգամը չէր լինիլ, որ քուրդերի միջից ողջ-առողջ անցնելուց բացի, մինչև իսկ նրանց մոտ համարվել էր աշիրաթի՝ ազնվական քուրդի զավակ։
Քսանևհինգ տարեկան, երկարահասակ ու լայնալանջ, սևադեմ ու խրոխտ, սև արտահայտիչ աչքեր՝ խիտ հոնքերի տակ, ճապուկ մարմին ու վայելուչ կազմվածք, այդ բոլորը նրան նպաստում էին ինքզինքը իբր ազնվական քուրդ ներկայացնելու։ Բացի դրանից, նրան ասել էին, թե ինչ ցեղեր են բնակվում այդ կողմերում, և նա գիտեր այդ ցեղերի բնությունը։
Վախենալու ուրեմն ոչինչ չկար։ Հանդգնություն էր միայն հարկավոր։ Եվ նա առաջ անցավ՝ միշտ հրացանը պատրաստ բռնած։ Շների ձայները սաստկացան, հետո խարույկը մի բոց արձակեց և ապա լսվեց մի մարդկային ուժեղ ձայն, որ գոչում էր.
– Ո՞վ է այն։
Քուրդերեն էր հարցը։ Պետոն կանգ առավ։ Շներն այդ ժամանակ դադարեցին հաչելուց, իսկ ձայնը նորից լսվեց, որ այս անգամ հարցնում էր.
– Բարեկա՞մ է, թե թշնամի։
Պետոն աջ ձեռքը շեփորաձև բերնին դրեց, կռացավ և նույն լեզվով պատասխանեց.
– Բարեկամ է։
Դրանից հետո լռեց ամեն ինչ մի րոպե։ Երիտասարդը [ էջ ]համարձակ քայլերով իջավ ցած, երբեմն դիտմամբ ավելի խշրտացնելով ձյունի շերտերը։
Քանի մոտենում էր, ավելի պարզ տեսնում էր մի քանի ստվերներ, նույնիսկ խրճիթների պատեր։ Քուրդերը մթան մեջ ծածկվում էին, անշուշտ հրացան ի բռին։ Պետոն նույնպես աշխատեց լույսից խուսափել և երբ բավական մոտեցել էր, կանգ առավ և գոչեց քուրդերեն.
– Ինչո՞ւ են Կրմանջները մթության մեջ մնում. բաքրանցի Ռզկոն արդյոք թշնամի ցեղի հե՞տ գործ ունի։
Բայց ոչ ոք նրան չպատասխանեց։ Պետոն երկու քայլ էլ արավ և մտավ լույսի մեջ։
– Լավ ուրեմն, – ասաց նա խրոխտ, – թշնամի կամ բարեկամ, եթե նամարդ եք, առանց դեմուդեմ գալու խփեք մենակ մարդու։
Այդ կծու խոսքերը ազդեցություն ունեցան. իսկույն լույսի մեջ երևացին մումիաձև, առանց թևերի երկու անձինք։
– Բաքրանցիները մեր բարեկամներն են, – ասաց մեկը, համեցեք. սեր սերան, սեր ճևան[1]... ո՞ր կողմերից է գալիս իմ եղբայրը։
Խոսողը, նաև հետզհետե լույսի մեջ ելնողր հինգ–վեց քուրդ, փաթաթված էին անթև թաղյա հաստ վերարկուների մեջ, գլուխներին թաղյա քեոլոզ և զինված էին ընտիր մարթինի հրացաններով։
Պետոն մի հայացքով զննեց բոլորին. ո՛չ մի դեմք պարզ չէր երևում. ծածկված էին վերարկուի լայն օձիքով։
– Մուշի երկրից եմ, – ասաց նա։
– Շատ հեռվից է գալիս իմ եղբայրր, – խոսեց մի ուրիշ քուրդ, – բայց մեր գլխի, աչքի վրա։ Իմ եղբայրը բաքրանցիների ցեղապե՞տն է։
– Բաքրանցիների ցեղապետը, – ասաց Պետոն, – իմ հայրը, հռչակավոր Յուսուֆ աղան է. իսկ դուք ինչ ցեղից եք։
– Խնուսի շեյխի մարդիկն ենք, – պատասխանեց առաջին քուրդը միշտ թաղիքի միջից, – շեյխը սիրում է բաքրանցիներին. [ էջ ]մենք լսել ենք Յուսուֆ աղայի անունը... իմ աղան եթե հոգնած է և քաղցած՝ գյուղը իրն է, մեր աչքի ու գլխի վրա է եկել։
– Վաղուց է ոտքի վրա եմ, – խոսեց Պետոն, – եթե իմ եղբայրները մի կտոր հաց տան, շնորհակալ կլինեմ։
Քուրդերից երկուսը դարձան դեպի խրճիթները. Պետոն հրացանը ամենայն վստահությամբ ուսին ձգեց և հետևեց նրանց, իր ետևից գալիս էին նաև մյուս քուրդերը, և այդպես շրջապատված նա մտավ մի խրճիթ։ Ոչ ոք չփորձեց հարցնել, թե ինչպես մի ցեղապետի որդի, առանց ձիու, ոտքով և առանց ընկերակցի՝ գտնվում էր գիշերով այդ կողմերում։ Երևի հետո պիտի հարցնեին։ Եվ լուռ՝ ներս մտան։
Խրճիթը մի մեծ գոմ էր. մութ անկյուններից լսվում էին կենդանիների որոճի և ուտելու ձայներ. լայն բաժանմունքում մի լավ կրակ՝ լույս էր տալիս իր կողքին նստոտած երկու–երեք կանանց և գրեթե մերկ մանուկների։
Պետոն քրդական մի փոքրիկ, աննշան գյուղի մեջ էր և երևի նրա բնակիչները հասարակ հպատակներ էին. ահա թե ինչու իսկույն չէին համարձակվել հարցեր տալ, թե ի՞նչ գործ ուներ նա այդ կողմերում։
Երբ ներս մտան բոլորը, այդտեղ միայն Պետոն կարողացավ զննել իր հյուրընկալների դեմքը, որովհետև քուրդերը երբ կրակին մոտեցան և նստեցին, թաղիքը հանեցին և մի կողմը դրին։
Դաժան, սև, խորշոմներով ակոսված դեմք, բայց առույգ, կրակոտ և խորազնին կասկածող աչքերը արտահայտում էին միշտ լարված դրություն. նմանում էին ամեն րոպե վտանգի, կռվի սպասող անձերի։ Նստելիս, ամեն մեկը հրացանը ծնկների վրա դրեց, հետո քիչ ձեռքերը կրակին պարզեց և ապա սկսեց զննել հյուրին։
Շրջապատել էին խարույկը, կանայք և մանուկները քաշվել էին մի մութ անկյուն և այնտեղից երբեմն, կատվի աչքերի պես փայլում էին մի զույգ հետաքրքիր աչքեր։
Ամեն ոք լուռ էր. խոսքը տան մեծին էր պատկանում, իսկ նա դեռ զննում էր իր հյուրին։ Պետոն մտախոհ դեմք ուներ, բայց վստահությամբ նայեց բոլորին, հետո ավելի լավ տեղավորվեց [ էջ ]և սպասեց։ Անհամբեր էր իմանալու ինչ որ ուզում էր։
Որտե՞ղ էր գտնվում․ սահմանից շա՞տ հեռու էր. ի՞նչ ուղղության վրա․ գաղթականները ե՞րբ էին անցել և այլ այսպիսի բազմաթիվ հարցեր կուտակվել էին նրա գլխում։ Մի քանի անգամ հարցական ակնարկով նայեց ալեխառն մազերով հյուրընկալին։
Վերջապես սա դարձավ, նայեց դեպի մութ անկյունը, հրամայեց հյուրին հաց տալ և ապա ասաց․
– Սեր սերան, սեր ճևան. մեր աղան շատ հոգնած կլինի․ չի՞ կամենա, որ իրեն հանգիստ թողնենք։
– Օ, ո՛չ, – ասաց աշխուժով Պետոն, – իմ հայրը շատ բարի է. ես այնքան հոգնած չեմ․ շտապում էլ եմ... իմ հոր անունը ի՞նչ է։
– Ֆնդո։
– Ֆնդո աղան եղե՞լ է Մշո երկիր։
– Ո՛չ․ ես մինչև Խնուս, Կարա–չոբան գնացել եմ, բայց ո՛չ հեռու... լսել եմ, որ Մշո երկիր աստծո արքայության պես սիրուն է։
– Այո, մեր երկիրր սիրուն է։ Բայց իմ հայրը լսե՞լ է, որ այժմ այդ երկրում կռիվ կա, որ բոլոր աշիրաթները ոտքի են ելնում։
– Լսել եմ, – ասաց քուրդը․ – ֆլաները[2] մեզ լուր են բերում. դեռ այսօր էր, որ մի խումբ տկլորներ, առանց հացի ու կիսամեռ, անցան մեր գյուղից։ Ոչինչ չունեին վարձատրելու առաջնորդի համար․ մենք նրանց ճանապարհ ցույց տվինք։ Կանայք էլ կային նրանց հետ... էհ, մարդու խեղճն է գալիս․ ինչ կյանք է դրանց կյանքը․ նամարդություն է նրանց այդ վիճակի մեջ դիպչել կամ վնասել... սառել էին. ոտները բոբիկ, մերկ... ոչինչ չունեին։
– Ֆլաներր հարուստ են լինում, – մեջ մտավ մի քուրդ, որ նստել էր տանտիրոջ կողքին, – բայց խորամանկ են, իրենց հարստությունը ծածկում են։
– Չէ՛, Ռազախ, – պատասխանեց նրան Ֆնդոն, – ես էլ [ էջ ]ֆլա շատ եմ տեսել, նրանց հետ շատ եմ գործ ունեցել․ բայց նրանք, որ անցան քիչ առաջ՝ ոչինչ չունեին․ դժվար թե տեղ էլ հասնեն. կեսը ցրտից, կեսն էլ անոթությունից կկոտորվեն. դեռ տեսնենք սահմանապահ զորքերը կթողնե՞ն նրանց անցնելու։
– Մի՞թե չեն թողնում. – հարցրեց Պետոն։
– Որտեղի՞ց... շղթա են կազմել ու ետ են մղում․ սահմանագլխի գյուղերում, Դալի–Բաբայի վրայով գնացողները շատ են։ Մի կերպ անցել են, բայց շատերը հենց ցրտից կամ քաղցից տեղնուտեղը ընկնում են։ Իմ եղբայրը չգիտե՞, որ Մշից եկածները ոչինչ չունին։
– Ես այդ գիտեմ, – հարցմանը պատասխանեց Պետոն, – բայց չգիտեի, որ սահմանապահները չեն թողնում անցնելու։
– Այո, չեն թողնում, – պնդեցին մյուս քուրդերը։
– Իսկ այս կողմից անցնողներ շա՞տ կան։
– Առաջ ոչ այնքան, – պատասխանեց մի երրորդ քուրդ, – իսկ այժմ անցնում են, որովհետև արգելվում են մյուս կողմերից և թե Արփաչայի ձորում թալանվում են, սպանվում։
– Նրանց թալանողները նամարդներ են, – գոչեց ուժգնությամթ տանուտերը, – ընկածին չեն խփիլ։
– Հասնանցիներն են, – ասաց տանտիրոջ փոքր եղբայրը, – բոլորովին մերկացնում են, շապիկն անգամ հանում են...
– Սարսափելի է, – ասաց զայրույթով Ֆնդոն, – էլ տղամարդություն չէ մնացել քուրդի մեջ, էլ ոչ ոք չէ հիշում, որ «ադար ըժդին չէտըրա (ամոթը կրոնից առավել է)... էլ ամոթ չմնաց քրդի մեջ․ ինչ անենք, որ գյավուր են։
– Մեր շեյխը ավելի լավ է և արդար է վարվում, – ասաց չորրորդ քուրդը, – առնում է ամեն ինչ որ ունին այդ ֆլաները, հետո առանց վնասելու՝ բաց թողնում։
– Ֆլաները լավ աշխատում են, – ասաց մի քուրդ, – նրանք աշխատում են մեզ համար․ սիրուն կանայք էլ ունին։
– Եղբայրս ճիշտ ասաց․ – ծիծաղեց Պետոն, – ֆլաները սիրուն կանայք շատ ունին... եղբայրս տեսե՞լ է սկի։
[ էջ ] – Շա՜տ... Խնուս, Բասեն։
– Իսկ անցնողների մե՞ջ. – հարցրեց Պետոն անձկությամբ – օրինակ հենց այսօրվա անցած խմբի մեջ։
– Ռազախը նրանց չտեսավ․ – ասաց Ֆնդոն, – բայց ես տեսա, երկու֊երեք հատ շատ սիրուններ կային․ մերոնք ուզեցին վերցնել, ես չթողի։ Ես չեմ ուզում, որ մեր կողմից անցնող կանայք անպատվության ենթարկվեն։ Ես Շեյխի մարդ եմ. առանց էն էլ՝ կնիկ պահելը շատ դժվար է այս կողմերում․ անպատվել մի թշվառի, որ ցրտից ու քաղցածությունից մեռնում է, սրանից վատթար նամարդություն չէ կարող լինել...
Պետոն այլևս չէր լսում քուրդի խոսքերը։ Մտքով անցնող խմբի հետ էր։ Աչքի առջև պատկերացան իր Նազիկը կիսամերկ․ ձյունը կոխելով, ոտաբոբիկ և քաղցած, ամեն րոպե ենթարկված լինելով դեռ՝ անպատվության իսկ... իսկ ինքը, նրան սիրողը, մի քանի քայլ հեռու միայն և անշարժ նստել էր ու կարողանում էր տանել քրդերի խոսակցությունը։
Ֆնդոյի խոսակցությունից հետո բոլորն էլ լռեցին։ Քուրդերը նկատեցին, որ Պետոն մտածում էր, տեսնում էին նորա դեմքի ցավագար, կծկվող արտահայտությունը, հուզումը։
– Իմ աղան մի ցավ ունի՞, – հարցրեց տանուտերը, – մենք ունինք դարմանող պառավներ... կամ վիրավորվա՞ծ է արդյոք...
Երիտասարդը ցնցվեց։ Ձեռքով տրորեց ճակատը, շուրջը մի ակնարկ ձգեց և հանկարծ ոտքի ելավ։
– Ո՛չ, – ասաց նա, – վիրավորված չեմ։
– Եղբայրս ուզում է գնա՞լ արդեն։
– Այո՛, – ասաց նա մտամոլոր, – ուզում եմ... Միայն ինձ ասեք, թե այդ ձեր հիշած այսօրվա խումբը ի՞նչ ճանապարհ բռնեց։
Ոչ ոք չպատասխանեց իսկույն։ Զարմացմամբ զննեց քուրդերին և հանկարծ նկատեց, որ նրանց մեջ կասկած էր զարթնել։ Շտապեց ուղղել սխալը՝ պարզելով իր հարցի նպատակը։
– Ես պետք է գնամ նրանց ետևից, – ասեց, – որովհետև [ էջ ]երկու տարի է, որ ուզում եմ մի ֆլա աղջկա․ այդ աղջիկը անցնող խմբի մեջ պիտի լինի։ Մշո դաշտից այստեղ եմ եկել միմիայն նրան ձեռք ձգելու համար։
– Վա՛հ, – ասաց մի քուրդ, – մի՞թե այդքան սիրուն ֆլա աղջիկ կար նրանց մեջ, ափսոս ես չտեսա։
– Իմ աղան շատ ջահել է, – ժպտեց տանուտերը, – Ֆլա աղջիկը չարժե, որ դու նրա համար Մշո դաշտից այսքան տեղ գայիր։ Բայց եկել ես․ և եթե ուզում ես հասնել, քեզ պետք է շտապել։ Սահմանը շատ մոտ է․ Քեոսե֊դաղի գագաթը մեր գյուղի մեջքն է․ իսկ այդ հաստ ու լայն մեջքի ետևումն է ռուսաց հողը... խումբը պտույտ կգործի սարի լանջի վրայից և աջ կողմով կիջնի մյուս ստորոտը։
– Ուրեմն ես աջ կողմո՞վ պիտի գնամ։
– Նախ ուղիղ և ապա միշտ ձախ՝ ու ներքև... Ձյունի վրա իմ աղան կտեսնի նրանց հետքերը․ իմ աղան թող շտապի, եթե ուզում է հասնել նրանց։
Պետոն թևին ձգեց հրացանն ու քայլեց դեպի դուռը։ Բոլոր քուրդերը նրա հետ դուրս գնացին և նորից մոտեցան բոցավառ խարույկին։
– Ահա՛, – ցույց տվեց հյուրընկալը ձեռքը դեպի աջ պարզելով, – քիչ եթե այդպես ուղիղ գնաս, ոտքերի տեղերը կտեսնես... Աստված քեզ հետ։
– Իմ եղբայրր չի՞ կամենալ, որ մեզնից մի քանիսը ընկերանան իրեն, – հարցրեց մի քուրդ։
– Ո՛չ, – շնորհակալ եմ, – պատասխանեց Պետոն, բարևեց և արագ քայլերով մտավ մթության մեջ։
Գյուղը շատ փոքր էր։ Նա շուտով լեռան կուրծքին հասավ և սկսեց վազել։
Անհամբերությունից դողում էր․ էլ ոչինչ աչքին չէր գալիս․ ոչ քար և ոչ փոս։ Մտքով նա ավելի առաջ էր։ Մի բան իրեն ասում էր, որ այդ խմբի մեջն է լինելու Նազիկը։ Ուրեմն այդքան մոտ էր իր սիրելուն․ պետք չէր մի րոպե ուշանալ․ պետք է թռնել դեպի նա, շալակել նրան իր ուսերի վրա, մերկ ոտքերը առնել իր ձեռքերի մեջ, տաքացնել. հագուստովը ծածկել նորա մարմինը, լեռներն ու ձորերը տակն ու վրա անել, երկնքի երեսից թռչուն ցած գլորել՝ կերակրելու [ էջ ]համար... պահպանել նրան, նրա կողքին լինել միշտ, ապրել, շնչել նրա օդը, նրա սիրով կյանք վայելել...
Թռչում էր փոսերից առանց կանգ առնելու․ բարձրանում էր, սահում էր սառած ձյուների շերտերի վրայից։
Գյուղը ետ մնաց, շների ձայները անլսելի դարձան։ Եվ մութն էր․ ձյունի սպիտակությունն էր միայն, որ ցույց էր տալիս ոտքերի երկար հետքը։
Պետոն տեսել էր այդ և հետևում էր։ Հրացանը ուսին՝ ոչ հետ էր նայում, ոչ կողքին։ Գնում էր և երազում։ Երազում էր Նազիկի հրճվանքը իրեն տեսնելիս... Արդյոք ո՞վքեր էին խմբի մյուս անդամները․ ողջ կլինե՞ր Նազիկի պառավ խիստ մայրը․ էլի չէր թողնի՞լ, որ Նազիկին մոտենա, նրա հետ երկար խոսի, այդտեղ էլ...
Եվ վազում էր, կտրում տարածությունը։ Մտել էր մի պուրակի մեջ, որ ծածկում էր Քեոսե-դաղի այդ կուրծքը։
Անցե՞լ էր արդյոք կես-գիշերը։ Հանկարծ կանգ առավ Պետոն և ինքն իրեն այդ հարցը տվավ։ Երկինքը միապաղաղ սև, ոչ մի աստղի նշույլ չկար։ Եվ եթե նա պարզ տեսնել էր սկսում նույնիսկ ժայռերն ու գագաթները՝ այդ իր աչքերի մթության վարժվելուցն էր։
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?