Электронная библиотека » Ակսել Բակունց » » онлайн чтение - страница 2

Текст книги "Մթնաձոր"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:01


Автор книги: Ակսել Բակունց


Жанр: Поэзия, Поэзия и Драматургия


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 21 страниц) [доступный отрывок для чтения: 7 страниц]

Шрифт:
- 100% +

Տավարը քշելիս Բադին լուռ միտք էր անում, թե ի՛նչու Հաբուդը գնաց քաղաք, ի՛նչ թղթեր էր, որ բերել էր նա իր հետ հեռու դիրքերից, ի՛նչու նա դժգոհ էր գյուղի կարգերից և հակառակ վարժապետ Մինասին:

Հաջորդ օրը Հաբուդը տուն եկավ, մի կտոր հաց կերավ ու սկսեց գրել:

– Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի, – ասում էր մայրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել: Լույսը բացվելու մոտ էր, երբ նա թղթերը ծալեց, դրեց ծոցում և մահակն առավ, ուզում էր դուրս գալ:

– Ո՞ւր, բալաս…

– Հրես կգամ. գնում եմ քաղաք, գործ ունեմ, իրիկունը կգամ:

Բադին խնդրեց, թե մութ է, չար վախտ է, հազար թշնամի կա, սպասի, լուսով գնա: Հաբուդը մտիկ չարեց:

– Բան չկա, խամ հո չեմ ես ճամփեքից, – ասաց ու դուռը ծածկեց:

Մյուս օրը երեկոյան դեմ գյուղում լուր տարածվեց, թե քաղաքում խառնակություն է եղել, բալշևիկները զորքի հետ միասին վրա են տվել, կոմիտեի շենքը ջարդել, ժողովուրդն սկսել է խանութները թալանել: Հետո բալշևիկներին շրջապատել են, խմբի տղերքը վրա են տվել բալշևիկի կոմիտեի վրա և բոլորին բանտարկել:

Վանդունց Բադին և Հաթամի աղջիկն անհամբեր սպասում էին Հաբուդի վերադարձին: Մի քար լռություն կար խրճիթի ներսում, նրանց սրտերում, և ոչ ոք չէր զորում հարցնել մյուսին, թե գուցե մի փորձանք է պատահել:

Հաբուդը չեկավ: Առավոտ կանուխ իմացան, որ նրան էլ են բանտարկել:

– Բա՜, տեսաք էն շան թուլան. մեր սաղ մահալում վարժապետ Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը` տավարածի տղան, նրան հավան չի, – այսպես էր ասում Իսանանց տղան, չարախինդ և ինքնագոհ, առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին նրա խանութի առաջ:

– Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ե՞ս, թե՞ նա: Մեզ հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք, – կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին:

Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ:

* * *

Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ի՛նչ եղավ որդին:

– Էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտում, ա՛յ պառավ, – ասաց գզիր Զաքին:

Մի քանի հոգի խղճացին նրան, և իրենք տարան տավարը գյուղի:

Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել: Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա: Կգնա, հարցուփորձով կիմանա:

Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բալշևիկի ձիաններն այնտեղ են կապված եղել:

Ո՞ւմ մոտ գնալ. հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ: Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե: Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն:

Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում: Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը:

Ահա և քարվանսարան: Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն: Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած: Ուժ արեց և ոտները քաշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց:

– Վարժապետ Մինասի կանցելարը ի՞նչ տեղ ա, – հարցրեց:

– Ի՞նչ ես անում…

– Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս…

Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը:

– Հըմ… – արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր:

Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողին, ասին` էգուց կգաս:

– Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ, – ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա:

Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ` Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր, և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան:

Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն:

– Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ…

– Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած…

– Վանդո՜ւնց, – հարցրեց մարդը զարմացած:

Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան: Մարդը լսեց, ունքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը:

Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին:

– Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն…

Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.

– Որդուդ բերդում կրակել են էս գիշեր…

Դռնապանը հեռացավ: Բադին մի պահ ասես քարացավ: Հետո հանկարծ մռնչաց ցավից` որպես գազան վիրավոր, և արցունքի երկու շիթ գլորվեցին խորշոմած այտերի վրայով:

Բադին վազեց բերդի կողմը, շփոթվեց քաղաքի փողոցներում ու չգտավ բերդը…

Նրան ասացին, որ էլ ուշ է, իզուր է արդեն: Եվ գլուխը կախ ետ դարձավ նա եկած ճամփով` մենակ ու ձեռնունայն:

Էլ ոչ ոք չկար, ամեն ինչ կորավ:

Բադին հազիվ կարողացավ մինչև քարվանսարան հասնել, ընկավ հենց ճամփի վրա, մի քարի մոտ: Գյուղացիք իմացան, եկան ու նրան գյուղ տարան:

* * *

Գյուղի գլխով շատ բան անցավ:

Բալշևիկը նորից եկավ, և վարժապետ Մինասը Թավրիզի ճամփան բռնեց, բայց Արազի մյուս ափին մեռավ:

Բալշևիկը գյուղ եկավ, ճամփեքը բացվեցին: Իսանանց դուքանը դարձավ խրճիթ-ընթերցարան: Իսանանց մեծ ախպերը պիսիրի հետ փախավ Պարսկաստան, և այն օրից մինչև հիմա խաբար չկա նրանց մասին:

Գզիր Զաքին էլ փախավ մոտիկ անտառը և էլ գյուղը չեկավ: Գյուղացիք չգիտեին, թե ինչ եղավ նրա դին: Հերու էր, որ երեխեքը անտառում ցախ ժողովելիս մարդու ոսկորներ գտան մի քոլի տակ: Շատերն ասում են, թե գզիր Զաքու ոսկորներն են:

Վերի հանդը տանող ճամփի վրա, ջրաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու տակ Վանդունց Բադու տունն է: Բադին էլ՛ տավար չի պահում: Տանը ոչ ոք չունի: Հաթամի աղջիկը որդու մահից հետո երկար չապրեց: Վանդունց Բադին մնաց մենակ, իր հին տնակի մեջ:

Նրա աչքերը լավ չեն տեսնում, ջրակալել են: Ամեն օր շալակով սրա-նրա համար անտառից մի քիչ ցախ է բերում` մի փոր հացի համար, իր կյանքի վերջին օրերն է ապրում:

Երբեմն էլ անտառում ցախ հավաքելիս, երբ մի քիչ ծանր է լինում շալակը, իրեն-իրեն թոնթորում է Բադին.

– Աստված, քեզ ի՞նչ ասեմ, որ ինձ տեսար, նրան առար:

Իրիկունը տուն է դառնում մենակ, օջախի մեջ մի երկու կտոր աթար նետում և մեկնվում խսրի վրա…

Իսկ դրսում, առաջվա պես Աթանանց մեծ ընկուզենին մեղմորեն օրորում է իր ճյուղերը Վանդունց խարխուլ խրճիթի վրա…

ԱՔԱՐՈՒՄ

Աքար գյուղը գեղանիստ է, շրջապատված անտառներով: Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ: Ծառերի տակով պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում: Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ: Բայց արևը կեծանալիս՝ փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը:

Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով անաչք գլուխները դարձնում են աջ ու ձախ, ասես բոժոժ են հյուսում:

Աքարում կա քոս, արևից քոսը գրգռվում է, մեջքը պատին են քսում կամ դռան շեմքին, քերում ձեռքով, մինչև արյուն գա: Աքարում աչքացավ կա, և երեխաները արևաքոռ ման են գալիս, աչքերը կարմրած, մի կեղտոտ շոր ճակատին: Տավարը դաբաղ է ընկնում, կաղալով է քայլում, կճղակների արանքում սպիտակ որդերը ծծում են արյունատար անոթները, և կովի կուրծքի մեջ ցամաքում է կաթը, կովը ցավով է լիզում կճղակները, լեզվով գետին թափում սպիտակ որդերը:

Աքարը հին է՝ անհիշելի ժամանակներից: Եվ այդ ժամանակներից էլ սովորույթ է մնացել հաճար ցանել ավազահողում, քլունգով փորել ոսպատեղը և կռացած, օրն ի բուն, ձեռքով պոկել ոսպի կարճ ցողունները, ոսպը ծեծել և ձմռան կարճ օրերին օրը երկու անգամ ոսպաճաշ ուտել կամ հաճարը ձավար անել, ձավարը մածնով ուտել:

Աքարն աղքատ է: Եվ եթե երկու տարի հողերը չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմերը շաղ կտա, թռչունները կաղին կտանեն կտուրների վրա, և հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի: Եթե անտառը չլինի, սարից եկող հեղեղը մի գիշեր կսրբի Աքարը, քարերով կջարդի կուժ ու խնոցի, կխառնի իրար տուն ու մարագ: Հեղեղի երեսին հիվանդ կովի հետ միասին տաշեղի պես կլողան սպիտակ որդերը:

Ոչ հեղեղ է լինում, և ոչ էլ անտառն է սեղմում Աքարին: Հենց որ ոսպատեղում մի շիվ է բսնում, աքարեցու քլունգը շիվն արմատով է հանում և պահում այն հողը, որը լղար կովի պես ցամաք հյութ ունի:

Աքարի քառասուն ծխից մեկն էլ Հանեսի աղջիկ Շահանի ծուխն է: Թեկուզ Շահանն արդեն տարիքով է և ութը տարվա այրի, բայց նրան գյուղում շարունակում են Հանեսի աղջիկ կանչել: Գուցե նրա համար, որ Շահանի ածխագործ ամուսինը տարին բոլոր անտառի խորքերում էր ապրում և երբեմն գիշերով տուն գալիս, երեսի մուրը լվանում, մինչև լուսաբաց Շահանի հետ գլուխը մի բարձի դնում, առավոտյան էլ բարձի վրա թողնում մի քանի արծաթ, մինչև նոր գալուստ: Եվ այդ կապից չորս տարվա ընթացքում երեք աղջիկ էր ծնվել, որոնց շեկությունը Շահանի ամուսնուն հիշեցնում էր իր մանկությունը, երբ դեռ ածխագործ չէր, գառան բուրդի պես մազեր ուներ գլխին:

Մի շաբաթ էլ ամուսինը չեկավ, և երբ Շահանն անտառը գանց, ածխահորի մոտ տեսավ ամուսնու կայծակնահար դիակը, խանձված, սևացած, ածուխի մի մեծ կտորի պես: Այդտեղ էլ թաղեցին: Շահանը շորերը շալակին տուն եկավ, լաց եղավ շորերի վրա, և երբ լացը հանդարտեց, ամուսնու արխալուղի գրպանում երեք աբասի գտավ:

Սեր չկար նրանց մեջ և ոչ էլ ատելություն: Մի հարկի տակ ութ տարի ապրել էին և այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին: Մի ձմեռ անցավ, կաղնու տերևները կանաչեցին, և երբ Շահանը ուրիշի համար քաղհան անելիս բլրակի գլխից նայում էր անտառի խորքից բարձրացող ծխին, իհարկե, ամուսնուն էր հիշում, բայց կարոտ չկար և ոչ էլ քաղցր հուշ:

Գիշերները դռան կապն էր գցում և աղջիկների գլուխը դնում բարձի վրա, իր մարմնին մոտ առնում ծծկերին ու տաքացնում: Դարձավ թուխս, փռեց թևերը, և թևերի տաքության տակ աճեցին Շահանի շեկ աղջիկները: Պիտի մեծանային և սպասեին, որ թևավոր մի տղա առներ առաջնեկին, հետո միջնեկին, փոքրին: Եվ ոչ մի թռչուն Շահանի հարկի տակ չպիտի բերեր և ոչ մի շյուղ:

Ութը տարի անցավ: Հանեսի աղջիկը հացթուխ էր և քաղհան անող և շալակով ցախ բերող: Ութը տարի թեժ թոնիրը խաշել էր դեմքը: Դրանից էր, որ դեմքը փայլ ուներ, զոդած խոփի պես: Թոնրի մոտից հեռանում էր, մի քանի տաք լավաշ կռան տակ, բաժանում էր աղջիկներին: Սարյակն էլ կտուցով որդ էր բերում, ճտերին տալիս, նրա փետուրներն էլ փայլ ունեին, բայց սարյակը թոնիր չի տեսել:

Ութը տարի Շահանի կալը ցորենի խուրձ չտեսավ, մարագի կտուրին անձրևը փոքրիկ փոսեր արեց, և ջուրը կաթեց գերանների վրա: Սարդը ոստայն հյուսեց, և մի ձմեռ էլ մարագի երկու գերանը ձյունի ծանրությունից կքեցին, հող թափվեց մարագում:

Երբեմն Շահանն ուշադիր նայում էր մեծ աղջկան՝ Սանդուխտին, ուզում էր նկատել, թե հասնու՞մ է աղջիկը` հունցած խմորի պես, ինչու՞ ուշ է ձևավորվում մարմինը, շարժումները դեռ մնում են մանկական, հարցերն անմեղ ու միամիտ: Սրա-նրա հացատանը Շահանը լուրեր էր որսում, և երբ խոսք էր ընկնում աղջիկ տալու և առնելու մասին, Սանդուխտին էր մտաբերում: Մի տեղ լիներ, տեղաց աներ երեսի ջրով, բեռը թեթևանար, մնացած երկուսի մասին մտածեր: Հանկարծ ոչ ոք չուզեր, աղջիկները դեղնեին սերմացու վարունգի պես և անպտուղ մնային նրանք: Բայց չէ՞ որ շնորքով էր Սանդուխտը, ամոթխած ու խոնարհ, աչքերը` կտավատի կապույտ ծաղիկներ:

Եվ մի օր էլ, երբ Ղազախի Օհանը փողոցում Շահանից ուզեց Սանդուխտին իր որդու համար, ոչ մի խոսք չասաց կտավատի կապույտ ծաղիկների մասին, հարցրեց, թե Սանդուխտի հետ կալն ու խանգարված կտա՞ հանեսի աղջիկը:

Երեկոյան միտք արեց, գնաց եղբոր հետ խոսեց: Եղբայրն էլ համաձայն եղավ:

– Ինչի՞դ ա պետք մարագը: Դրանից էլ լավ տեղ…

Հոր տնից վերադարձավ, դարձյալ միտք արեց: Եվ Սանդուխտը չհասկացավ, թե ինչու մայրը նրա մազերը շոյեց, հետո կռացավ ճակատը պաչեց: Թարմ լավաշի հոտ էր գալիս մոր ծոցերից, և երբ Սանդուխտը աչքերը կիսբաց արեց` տեսնելու մորը, զարմացավ, թե ինչքան շատ փող ուներ նա: Երդիկից լուսնի կաթնագույն շողքն էր ընկել, և Շահանի բռան արծաթների վրա շողքն էր ցոլցլում: Սանդուխտին մի դեյրացու առնելու փողը կար, մի քիչ էլ ավել:

Մյուս օրը, երբ Ղազախի Օհանը կնոջն ուղարկեց աղջկատես, Շահանը Սանդուխտին լվաց և խնամքով հյուսեց շեկ ծամերը: Օհանի կինը հավանեց Սանդուխտին: Նա տուն մտնելուց առաջ կալն ու մարագն էլ էր նայել:

Օրը շաբաթ էր, երբ Ղազախի Օհանը, տղան, Շահանն ու Սանդուխտը գնացին զագսում գրանցելու ակտը: Կալ ու մարագի վաճառման թուղթը նախորդ օրն էին պատրաստել:

Սանդուխտը նոր դերյա ուներ: Երբ քամուց փռփռում էր դեյրայի տուտերը, սիրտն էլ հետը լայնանում էր: Բայց Օհանի տղին նայելիս իսկույն ընկնում էր հաճույքի ալիքը, ետ էր քաշվում, պատյանի մեջ մտնում, ինչպես խխունջի շոշափուկները: Մութ և անորոշ կասկած կար նրա սրտում, կասկածի հետ և ուրախություն, որ մոր փեսշից բռնած եկել է բավական ճամփա, Աքարը թողնելով անտառի ետև: Աշխարն ի՜նչ մեծ թվաց նրա համար, դիմացի սարերը մոտիկ:

Եվ եղավ անսպասելին: Բժիշկը ներս կանչեց Շահանին ու Սանդուխտին, աղջիկն ամաչկոտ շարժումով դեյրան հանեց, բժիշկի աչքերն ակնոցների միջով տեսան վտիտ ուսերը, տափակ կուրծքը և ձյունի պես սպիտակ մարմինը: Շահանը փորձեց ստել, թե հասած է, տերտերն է սխալ գրել, Սանդուխտը հիվանդ է եղել, դրա համար էլ մարմինը չի հասել, բայց բժիշկն օրենքից էր խոսում և համոզում, որ աղջկա համար վատ կլինի:

Սանդուխտը հասկացավ, և երբ կոճկեց դեյրան, չուստերը հագավ, մոր փեշից բռնեց դուրս գնաց, տեսավ, թե ինչպես բժիշկը օրորեց գլուխը:: Դռան մոտ Շահանը բարկացավ աղջկա վրա, որ փեշից է բռնում ծծկերի պես:

Ղազախի Օհանն օրենքի մասին լսեց, ունքերը վեր քաշեց, մեկ էլ աչքերը փոքրացրեց: Հենց այդ վայրկյանին նա որոշեց օրենքը զանց առնել, թռնել վրայով, որպես բարակ մի առու, կողպեք կախել Հանեսի աղջկա մարագի դռնից:

Ճանապարհին Սանդուխտն առաջից էր գնում, Շահանն ու Օհանը միասին, Օհանի տղան ետևից: Ծանրաշարժ ու ծանրամիտ էր Օհանի տղան, ոսկորը պինդ: Խոսելիս պռոշը կախում էր. դրա համար էլ պռոշի մի անկյունից ծլոլն էր թափվում, որպես կտուրի նովդան: Նայում էր Սանդուխտին, զոլավոր դեյրին, և ծլոլն ավելի շատ էր թափվում պռոշի նովդանից:

Շահանը ճանապարհին պատմեց բժշկի ասածը սպասելու մասին: Բայց Օհանը կտրուկ հայտնեց, որ սպասել չի ուզում: Աքարում աղքատ աղջիկ շա՜տ, ավեր կալ ու մարագ լի:

– Թող ապրեն, որ հասակն առավ, էն ժամանակ տանենք զագս. օրենքն ի՞նչ պիտի իմանա: Դու հիմա պայմանը կապիր…

Այդպես էլ արին: Սանդուխտին լացով ու խաբելով տարան, մայրը մինչև լույս մանց նրա մոտ, խոստացավ ամեն օր գալ, ծեծով սպառնաց, մայրն էլ լաց եղավ: Լուսադեմին Սանդուխտը կոտրեց իր խոսքը և վախով նայեց Օհանի տղին, որ ցորենով լի ջվալների մոտ պառկել, խռմփացնում էր:

Հաջորդ գիշերն էլ լաց եղավ Սանդուխտը, բայց գլուխը խոնարհեց Օհանի տղի հետ մի բարձի վրա: Լուսաբացին սփրթնած, արցունքն աչքին մոր մոտ վազեց, փաթաթվեց նրան, բայց մայրը ետ բերեց, դարձյալ համոզեց:

Ղազախի Օհանը նորոգել էր կոտրած գերանները և քար թափել Հանեսի աղջկա կալ ու մարագի մոտ:

Չորս ամիս անցավ, Աքարի պատմության համար չորս վայրկյան էլ չէր անցած ամիսները: Էլի հաճար էին ուտում, իսկ նորոգած մարագը մատնաչափ չէր էլ փոխել գյուղի ընդհանուր տեսքը:

Սանդուխտը հաշտվել էր վիճակին, անխոս էր մնում, եթե հարց տային, գլխի շարժումով էր պատասխան տալիս: Թվում էր, թե ոչ միտք ունի և ոչ էլ ցանկություն, լիմոնի տրորված կճեպ է. անշունչ մի իր: Ինքն իր մեջն էր ամփոովել, հայրական տունն էլ չէր գնում:

Եվ հանկարծ զգաց, որ կրծքի տակ մի բան է շարժվում: Վախեցավ, ձեռը սրտին տարավ, հանգստացավ: Թվաց, թե ջրի մի կում շարժվելով կորավ կրծքի տակ: Մի քանի օրից հետո նորից շարժվեց, և մի կասկած սողաց այդ շարժումի հետ:

Սանդուխտը մայր պիտի դառնար: Մարմինը լարում էր բոլոր մկանները, հավաքում բոլոր հյութերը, արագորեն զարգանալու և հարմարվելու նոր վիճակին: Նա նմանվում էր խնձորենու մի ճյուղից կախված փոքրիկ խնձորի, որին արևը կարմիր գույն էր պարգևել, բայց նիհար ճյուղը հյութ չէր հասցրել, որ մեծանա, հասունանա:

Ջրի գնալիս` մանկամարդ մի ուրիշ հարս Սանդուխտին սովորեցրեց, թե ինչպես են վիժում: Սանդուխտը նախ վախեցավ, բայց հետո, երբ կուժը տեղը դնելիս կռացավ ու նորից կրծքի տակ շարժվեց, մի վճռականություն եկավ վրան:

Կատարեց այնպես, ինչպես հարսն էր պատվիրել: Սոված մնաց երկու օր, երրորդ օրը դեղին ծաղկի ջուր խմեց և երբ փորում անասելի ցավեր զգաց, շրթունքներն ու փոքրիկ բռունցքները ցավից սեղմելով, աննկատ վազեց գոմը, դուռը դրեց: Ցավը թնդելիս պետք է քարով խփել փորին…

Երեկոյան նախիրը հանդից տուն եկավ: Ղազախի Օհանը գոմի դուռը բաց արեց, հենց դռան մոտ արյուն տեսավ և հարսին` ուշաթափ ընկած: Սանդուխտին տուն տարան: Լուսադեմին արյան վերջին կաթիլի հետ թռավ և նրա շունչը:

 
Շահանը լաց եղավ գերեզմանի մոտ էլ, տանն էլ:
Այդ գիշեր նրա ծամերից մի փունջ սպիտակեց:
Այու սարի լանջին…
 

Առաջին աքլորականչի հետ զարթնում էր Պետին, տրեխները հագնում, տան առաջ հոսող առվակի ջրից մի երկու կից անում, երեսը լվանում, փափախով սրբում ու գեղի ծայրին կանգնում, որ կովերը դուրս անեն, ինքը սարը տանի պահելու:

– Զառի աքիր, շատ ես կթել, հեյվանը մեղք ա, ջան չունի, – ասում էր Պետին պառավ կնոջ, որ մի տուն լիքը մանուկներ ուներ և մի կով:

– Ճար չունեմ, Պետի, – ու տնքում էր Զառի բիբին, պառավ կովն առաջ արած:

Խնամողի աչքով էր Պետին նախիրին նայում: Մի նայելուց իսկույն հասկանում էր, թե որ կովն է գիշերն անհանգիստ եղել, որն է շատ քաղցած:

Եվ երբ վերջի կովերը բերեին, մահակը ճոճում էր օդում ու զիլ կանչում.

– Հո՜, մարալ…

Պետին հնուց նախրապան էր: Նա աչքը տավարի մեջ էր բացել: Երբ երեխա էր, հորթերն էր պահում, իսկ հետո գեղի նախիրն էին տվել:

Ոչ ոք չուներ: Դեռ հորթարած էր, երբ մայրը մեռավ, և Պետին մնաց կատարյալ որբ: Գյուղն էր նրան պահում. մի օր մեկի տան, մյուս օր մյուսի գոմում կամ մարագում քնում էր մինչև լուսաբաց և էլի վեր կենում, նախիրը քշում:

Իր հայրական հին տունը խանգարվել էր, կտուրը խոնարհվել, գերանները օջախի ծխից սևացած կախվել էին, կտուրի հողն ու քարը թափել ներսում: Վայրի կանեփը փարթամորեն աճում էր տան ավերակների վրա, և հարևանի հավերը քուջուջ անելուց հետո պառկում էին կանեփի շվաքում:

– Պետի՛, ա՛յ անժառանգ, բա ե՞րբ պիտի հորդ ամարաթը շինես, – հարցնում էին նրան:

Պետու ծաղկատար դեմքը ժպտում էր, հատ ընկած աչքը ծռում էր ու բերանը ձգում, ուսերը վեր քաշում:

– Սաղ գեղն իմ տունն ա. – կասեր, և մահակը էլի կճոճար օդում:

Երբ չուխան պատռում էր կամ տրեխի թելն էր կտրում, շալե շալվարի հին կարկատանները մաշվում ու մազոտ ազդրերը բաց անում, – Զառի աքիրն էր միշտ հանդիմանում, թե ինչու կնիկ չի առնում , հոր հանգած օջախը շենացնում:

– Պետի, փուչ մնացած, կարողությունդ ո՞վ ա ուտելու…

Հանդիմանում էր Զառի աքիրը և չորացած աղբյուրի ակունքի պես աչքերը կկոցում, բրդի թելը, ոսկրոտ մատները դողացնելով, ասեղի ականջով անցնում և կարկատում Պետու շալվարը շալի:

Գեղի հարսերն էլ էին ծիծաղում Պետու վրա, բայց նա նեղանալ չուներ: Ժպտում էր, և ճերմակ ատամների շարքը փայլում էր մսոտ շուրթերի միջև:

Մի կաղ, ձեռքի մեկը չորացած պառավ աղջիկ կար գեղում, որ սրա-նրա փռած ցորենն էր պահում կամ կտուրի վրա մեկնած չորաթանը:

Աղջիկները նրան «Պետու հարս» էին ասում և ծիծաղում, իսկ պառավ աղջիկը, կաղ և ձեռքը չորացած, ունքերը կիտում էր, զայրանում, հայհոյում և հետո էլ ժպտում ամոթխած:

Մի միտք, որպես ամպի ճերմակ քուլա ամառվա լազուր երկնի վրա, ցանկալի մի միտք լողում էր հանդարտ պառավ աղջկա ուղեղում.

– Եթե այդպես լիներ, Պետին իրեն ուզեր…

Մարագում, դարմանի վրա պառկած, գիշերով հանկարծ Պետու միտն էր գալիս աղջիկների ծիծաղը, Զառի աքոր խոսքը, թե`

– Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած:

Միտքը ման էր ածում գյուղի ծանոթ տներում, աղջիկներին վերհիշում: Մի պահ թվում էր իրեն, որ լավ կլինի, եթե կնիկ ունենա, իրիկունը տուն գա, մեկը լինի, որ տաք ապուր եփի և տեղաշորը փռի: Բայց հարմար աղջիկ չէր գտնում: Չէին տա, գեղում իրենից լավ և ունևոր մարդ շատ կար:

Մարմինը եռում էր, քոր էր զգում և քնաթաթախ երկար եղունգներով քորում էր մարմինը, ինչպես եզն է քորում վիզը` մի հաստ քարի կամ սյունի քսելով: Միտն էր բերում և կաղ աղջիկը պառավ, և հետո միտքը մեղրաճանճի պես թռնում էր ուրիշ ծաղկի վրա, շնչում նոր բույր:

Եվ այդպես էլ մնաց:

Տարիներ անցան, տարիների հետ ջահելությունն էլ անցավ, և աշնան խոտի պես չորացավ տուն դնելու, կնիկ առնելու միտքը թաքուն:

* * *

Բացվում էր գարունը, հալոցքն էր սկսվում, և առվակներով ձյունաջուրը կչկչալով հոսում էր: Գարնան արևը մեղմ տաքացնում էր գետինը, և ձմռան երկար գիշերներից բեզարած գյուղացիք արևկող էին անում, նստում պատի տակ, մի չոր գերանի վրա և զրուցում:

Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և բառաչում լիաթոք: Մոզիները գիժ և արջառները խամ ջրի տանելիս թռչկոտում էին ձյունի վրա, պոզահարում իրար: Բուղաները չաղ, մսոտ ազդրերով, իրենց թաց ռունգերով գարնան տաք օդում դուրեկան հոտ էին որսում, բառաչում և ոտքերով ջլապինդ կիսահալ գետինը փորում:

Անհանգիստ էր և Պետին:

Տաքը նրան էլ էր նեղում, ավելի շատ էր քորում մարմինը և շուտ-շուտ նայում Այու սարին: Սարը նրա նշանն էր: Գարնան արևը հալցնում էր ձյունը Այու սարի, և կողերը քարոտ սևին էին տալիս:

Երբեմն գյուղի մոտակա հանդն էր գնում, ոտով ձյունը դեսուդեն հրում և տեսնում, որ նոր ծլող բեղի պես կանաչ խոտը ցցվել է ձյունի տակ:

Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին: Ձյունաջրի առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում և ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում: Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում:

Պետին գարնան պատրաստություն էր տեսնում , տրեխներն էր կարակատում, պարկի քուղերն էր ամրացնում, ուսին քցելու հնամաշ կարպետն էր փռում արևի տակ:

– Պետին կարպետն արևին է տվել, – ասում էին գյուղացիք, և այդ նշան էր, որ մի քանի օր հետո տավարը հանդ է գնալու:

Հոգատար մոր պես Պետին գոմից գոմ էր գնում, դիտողություն անում կովատիրոջ, որ այս կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի: Եթե մեկը կովի ծնելու ժամանակն էր ուզում իմանալ, պետուն էր հարցնում, թե կովը երբ է բուղով եկել:

Պետին գիտեր, թե այս հորթը որ բուղից է, կամ այս կովը դժվար է ծնում: Կովը ծնելիս նա անպատճառ պիտի գլխավերևը կանգներ, օգներ կովատիրոջ:

Եվ երբ լորձունքոտ հորթը թաց կոպերը հազիվ էր կարողանում շարժել, Պետին էր մաժում քիթ ու պռունգ կամ կովին շոյում:

– Ջան, հեյվանը շատ տանջանք ա քաշել… Համատես է, էս էն ալա բուղի հորթն ա հա՜:

Կովը ծնելուց տան տերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով կամ խոստանում էր կալին մի կոտ ցորեն: Պատահում էր, որ կովը հանդին էր ծնում: Նախիրը բերելիս Պետին հորթը ուսին էր դնում և նախիրն առաջ արած գյուղ մտնում: Այսպիսի օրերին ժպիտն անպակաս էր նրա դեմքին: Գիտեր, որ բարիք է շալակին տանում և ուրախություն կովատիրոջ համար:

Նախիրը հանդ տանելուց մի քանի օր առաջ նա իմաց էր տալիս, որ պատրաստվեն: Եվ ինչքան շատ նորություններ էր պատմում առաջին օրերին, երբ գյուղ էր վերադառնում: Ձյունը հալվել էր, և ձյունի տակ մի կմախք կար ցցված: Պետին մոտենում էր, նայում և որոշում, թե այդ այն ոչխարն էր, որ ձմեռը գայլը գյուղից տարավ:

Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բոյ էր քաշում, բացվում էին ծաղիկները` կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էին թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ:

Պետու համար գարունը երջանիկ օրեր էր բերում: Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով` նա այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ:

Երբեմն երբ նրա աչքին էր ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ գունավոր թևերով կամ դիտում էր, թե ինչպես են մրջյունները աշխատում հերվա բունը սարքելու, – Պետին գլուխը երերում էր և ինքն իրեն խոսում.

– Փառքդ շա՜տ, ա՛յ աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել…

* * *

Մի ամառ էլ տավարի մեջ ցավ երևաց: Ագին ծաղիկ մի կով առավոտ նախիրը քշելիս միշտ ետանում էր մյուսներից, կանգնում ճամփի կիսին, թնչում: Պետին զայրացավ, մահակով մի անգամ խփեց, բայց մինչև սարի տակը կովը չկարողացավ գնալ:

Պետին տեսավ, թե ինչպես կովի ոտքերը դողացին, չոքեց փնչոցով և էլ վեր չկացավ: Քթածակերից արնախառն թարախ էր գալիս, փորն ուռել էր, և հիվանդ կովը, որի ջուխտ աչքերում մի կսկիծ կար, նայում էր Պետուն:

Պետին շիվարել էր:

– Ի՞նչ եղավ սրան, յոնջա տված չլինե՞ն…

Դանակը հանեց, որ արյուն առնի, ականջի ծայրերից պատռեց մի քիչ: Կովը ցավից գլուծը ձգեց, փորձեց կանգնել, բայց ոտքերը դողացին: Տաք արյան շիթերը ցալքուն տվին կանաչի վրա, բայց հետո արյունը լերդացավ, իսկ կովը չլավացավ:

Պետին գնաց, որ ջուր խմի մոտակա աղբյուրից, ցրված նախիրը հավաքի ձորի մոտ: Եվ երբ վերադարձավ, կովն արդեն սատկել էր: Արնախառը թարախը քթից թափվել էր, լեզուն կապտել, սառել ատամների արանքում, փորն էլ ուռել էր` ձգված թմբուկի պես:

Պետին նոր գլխի ընկավ, որ «սև ցավ» է: Երեկոյան գյուղում էլ ուրիշ խոսելիք չկար: Բոլորի դեմքին էլ տխրություն կար. հարցնում էին իրար, թե որտեղից կարող էր ցավը պատահած լինի, շուտ-շուտ նավթի ճրագներով գոմ էին գնում, նայում ապրանքին:

Ասես սառը ջուր էին մաղել Պետու գլխին: Իրեն կորցրել էր, շիվարել: Մտքով հազար ու մի բան էր անցնում, թե ինչու համար ցավը պատահեց:

Զառի աքիրն էլ մի կողմից էր կրակին յուղ ածում.

– Պետի, ցավը տվովի ա, փորձանք ա լինելու գեղում:

Եվ Պետին ավելի էր մտածում «փորձանքի» համար, բայց ավելի շուտ վախենում էր բժշկից, որ տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել գյուղը, տավարի ցավի ժամանակ:

Մյուս օրը երկու կով էլ սատկեց: Լուր եկավ, թե հարևան գյուղում էլ է կով սատկել: Իսկ երեկոյան դեմ գզիրը կտուրներից ձեն էր տալիս, որ վաղը քաղաքից տավարի բժիշկ է գալու:

Պետին մեջքը դեմ էր արել գոմի դռան, հենվել մահակին, գզիրին էր լսում: Միտն ընկավ Զառի աքոր խոսքը, թե`

– Պետի, գեղի վրա փորձանք ա գալու:

Այդ իրիկուն նա բերանը մի պատառ էլ չդրավ: Կոլոլվեց կարպետի մեջ և պառկեց հերվա չոր խոտի վրա: Առավոտյան Պետին մոլորվածի պես էր: Նրա կյանքի սովորական ընթացքը խանգարել էր հանկարծակի երևացած ցավը: Օրվա այդ ժամին նա շատ քիչ էր գյուղում եղել և անվարժ էր իրեն զգում, ման էր գալիս գոմից գոմ, ապրանքին էր նայում: Իսկ ապրանքը գոմերի առաջ կապոտած բառաչում էր սարի կանաչ խոտի համար: Եվ տավարի ամեն մի բառաչը ցավ էր ազդում Պետու սրտին:

Օրը ճաշ էր դարձել, երբ երկու պահակի հետ բժիշկը գյուղ եկավ: Պետին տեսավ նրան ձիու վրա, պսպղան ակնոցները աչքին, փայլուն կակարդը ճերմակ գլխարկի վրա:

Պետին տեսավ և ճանաչեց նրան:

Տավարը հանեցին գյուղի վերև, մի ընդարձակ կալ, կապոտեցին առաջուց պատրաստած բիհերից: Տավարը նեղվում էր շոգից, բառաչում էր սարի կանաչի համար, իսկ տավարատերերը գլուխները կախ, ձեռները ծոցին կանգնել էին, ամենքն իրենց տավարի մոտ:

Եկավ և բժիշկը, պահակներին ուղարկեց, որ գոմերում փնտրեն, թե չկա՞ թաքցրած ապրանք: Եվ պահակները որսի շան հոտառությամբ գոմերն ընկան:

Նրանցից մեկը, որ կես արշին բերան ուներ, մեկի գոմի դուռը բաց անելիս աչքին ընկավ չաղ աքլորը, աղբում քուջուջ անելիս: Տեսավ աքլորին, կես արշինանոց բերանը ջրակալեց և թրով աքլորի մի թևը պոկեց, արնակոլոլ աքլորը խուրջինի մեջ կոխեց:

Տան տերը կանչեց, աղաչեց, բայց նա սպառնաց, թե բժշկին կասի, որ ապրանքը փախցրել է ուրիշ գյուղ, սպառնաց և ահարկու բռունցքը մօտեցրեց գյուղացու քթին:

Մի գոմում գտան թաքցրած մի կով, դարմանով լի քթոցների ետև: Աղքատ մի տան միակ կովն էր, որ թաքցրել էին գոմի մութում բժշկի վախից:

Ամբողջ գյուղը հավաքել էր գյուղի վերև, տավարի մոտ:

Երբ պահակները վերադարձան գոմից հանած կովը առաջ արած, բժիշկը ակնոցների ետևից հերսոտ աչքերով նայեց գյուղացիներին և ինչ-որ բան ասաց, մատն էլ թափ տվավ:

– Չարանում ա, որ ապրանք են թաքցրել, – ասաց մեկը:

Հետո սկսվեց քննությունը, որին սրտաարոփ սպասում էին գյուղացիք: Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար և կասկած, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ: Էլ պրծում չկար այն ժամանակ:

Բժիշկը սկսեց ծայրից: Մոտենում էր ամեն մի տավարի, նայում լեզվին, աչքերին, փոչի տակին, ձեռքով նշան էր անում պահակին, առողջը հիվանդից ջոկելու:

Պետին էլ էր այնտեղ: Կանգնել էր հեռուն, նայում էր բժշկին,կովերին, գյուղացոց: Ժխորի մեջ, ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Իրիկնադեմին քննությունը վերջացավ: Տասներկու կով հիվանդ էին: Վառելուց բացի փրկության ուրիշ միջոց չկար:

Եվ պահակները շտապեցնում էին գյուղացոց, որոնք փոսեր էին փորում հիվանդ տավարը վառելու:

Շատերը լալիս էին: Հորթերը բակերում բառաչում էին, բառաչում էին և կովերը, ցավ կար և նրանց սրտում, որոնք բահ ու քլունգով արագ փորում էին խոր փոսեր:

Բժիշկն էր մենակ խաղաղ. սովորական բան էր նրա համար:

Երբ փոսերը պատրաստվեցին, հիվանդ կովերին քշեցին փոսերի մոտ: Պահակներից նա, որ կես արշինանոց բերան ուներ, կացնի բութ ծայրով խփում էր կենդանու ճակատին, շշմում էր կենդանին անասելի ցավից, բառաչում և գլորվում փոսի մեջ:

Հետո սև նավթ թափեցին և խոտի խուրձեր, վառեցին նավթն էլ, խոտն էլ: Մութի մեջ վառվում էին խարյուկները, ճենճերահոտ էր բարձրանում, իսկ քամին նավթի ու խանձված մսի հոտը փչում էր հեռու, դեպի սարերը, ուր կանաչի վրա գիշերվա ցողն էր կաթում:

Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա:

Պետին անխոս, ցավը սրտում կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծքը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր:

Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա:

Որբ մնացած հորթերը բառաչում էին, և հերվա խուրձը գլխի տակ, հնացած կարպետի տակ Պետին լալիս էր անօգ մնացած մանկան պես:

* * *

Մյուս առավոտ տավարը տանելիս Պետին սիրտ չարավ կալերի կողմը նայելու, գլուխը կախ անցավ: Աղբյուրի մոտ Զառի աքիրն էր, որ կովը բերել էր նախիրին խառնելու: Եվ Պետին առաջվա պես նրան չասաց, թե`

– Հեյվանը մեղք ա, քիչ կթի:

Բայց Զառի աքիրը տնքալով իր խոսքն ասաց, որ`

– Փորձանք ա գալու գեղի գլխին:

Առաջին օրերը շատ ծանր անցան: Պետին չէր կարողանում մտահան անի կրակով վառած տավարը: Սիրտը մղկտում էր, նեղանում էր իրենից, երբ մտաբերում էր, թե ինչպես ինքը հիվանդ կովին սարի տակ մահակով մի անգամ խփեց:

Ժամանակն անցավ, ժամանակի հետ էլ գյուղը մոռացավ կորուստն իր: Ձմեռը եկավ: Էլի առաջվա պես Պետին գոմերումն էր, ծանրած կովերին էր նայում, պարապությունից նեղվում և ձմռան վերջին նայում, թե երբ են երևալու Այու սարի դուրս ցցված կողերը:

Ձմեռն անցնում էր, հալոցքի հետ խոտ էր կանաչում, կանաչի հետ ջահելանում էր Պետին, եռում էր արյունը: Բայց մտքից հանել էր կաղլիկ, մի ձեռքը չորացած պառավ աղջկան:

Զառի աքիրն էլ մեռել էր, և էլ ոչ ոք նրան չէր ասում, թե`

– Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած, հորդ ամարաթը շինիր:

Պետին մերվել էր նախիրին, ընտելացել: Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում:

Միայն երբեմն, ամռան պարզկա լուսաբացին, երբ օդը մաքուր է, ապակու պես թափանցիկ, երբ հեռավոր սարերի գագաթները պարզ երևում են կապույտ հորիզոնում, նախիրն Այու սարի փեշերին արածացնելիս Պետին նստում էր մի բարձր քարի վրա և դիտում հեռուն, դաշտն անծայր, որի մեջտեղ կանաչ այգիների մեջ թաղված էր քաղաքը հեռավոր:

Մի անգամ էր եղել այնտեղ, երազի պես էր հիշում քաղաքը հեռու, ասես չէր էլ տեսել, լսել էր հեքիաթի հետ, ձմռան երկար գիշերներին:

Նախիրը տուն քշելիս մի իրիկուն էլ նա գյուղում անսովոր իրարանցում տեսավ: Ամռան իրիկուն էր, հնձից, հարից տուն դարձած գյուղացիք խոսում էին խումբ-խումբ:

Փողոցով անցնելիս Պետին լսեց, որ մեկն ասաց, թե`

– Այ անդարդ մարդ, սալդաթ էլ չի գնալու:

Պատերազմ էր հայտարարված, գյուղը զինվոր պիտի տար:

Աշխատանքի խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետև ընկած այդ գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտե: Բայց այդ օրն գյուղն անտես թելերով կապված զգաց իրեն, և մի բռունցք, զինված բռունցք հարված էր պատրաստում գյուղի համար:

Գյուղից զինվոր տարան:

Առաջին ամիսներում ասես ուրախություն կար: Զինվորների առաջին խումբը դհոլ-զուռնով ճամփա ընկավ, բայց հետո գարնան ծիծեռնակի պես երևացին կռնատ տղերք, փայտե ոտքեր: Գերությունից նամակներ եկան, օտար և անսովոր խոսքեր եկան հեռու քաղաքներից զինվորների նամակների հետ, և գյուղը կերպարանքը փոխեց: Դհոլ-զուռնով էլ զինվոր չէին ճամփու դնում, լաց եղող շատ կար, գյուղում այրի մնացած հարսերի հըամարքը ավելանում էր:

Ամեն ինչ գյուղում տակնուվրա էր եղել: Օրերը տարի էր դարձել, աղքատությունը ավելանում, հացի գինը բարձրանում, շաքարը դառնում հիվանդի դեղ:

Եվ ասես վերջ չէր լինելու:

Պետին գլուխը քաշ իր գործին էր: Գյուղում ասես նրան չէին էլ նկատում, առաջվա հանաքները չկար, սարում ծնած հորթը տուն բերելիս տան տերն առաջվա պես չէր ուրախանում:

– Պետի՛, մի խաբար բեր է՜, էդպես մի խեր խաբար բեր գերմանու պլենից:

Պետին ուսերը թոթվում էր, անխոս հեռանում: Վարձն էլ էր քչացել, առաջվա պես հաց չէին տալիս, շատերն էին փող տալիս հացի տեղ, թղթի փողեր, որի համարքը Պետին չգիտեր:

Հին շոր ոչ ոք չէր տալիս, շատերն էին հնացած շորեր հագնում: Պետին ինքն էր գոմում, ճրագի լույսի տակ ասեղը թելում, չուխի հերվա կարկատանը բրդի թելով նորից կարում: Հնացել էր ուսի կարպետը, և ոչ ոք չէր մտածում Պետուն մի նոր կարպետ տալու: Պաշարի մեջ շատ անգամ էր միայն չոր հաց լինում, յուղն ու պանիրը գյուղը ոսկու հաշվով էր ծախում: Առաջվա առատ ու լի օրերը չքացել էին:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 | Следующая
  • 3 Оценок: 1

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации