Электронная библиотека » Ալեքսանդր Շիրվանզադե » » онлайн чтение - страница 2

Текст книги "Չար ոգին"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:04


Автор книги: Ալեքսանդր Շիրվանզադե


Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 6 страниц) [доступный отрывок для чтения: 2 страниц]

Шрифт:
- 100% +

III

Ամեն օր հացթուխ Շուշանը աշխատանքի գնալիս տեսնում էր խումբ-խումբ տղաներ և աղջիկներ, որոնք գրքերը կռնատակերին, աշխույժ-աշխույժ խոսակցելով, ուսումնարան էին գնում: Աղջիկների ուսումնարանը նոր էր բացվել: Հացթուխը լսել էր, որ այնտեղ բացի գրել-կարդալուց, սովորեցնում են սիրուն շալեր ու սփռոցներ հյուսել: Ախ, ի՛նչ լավ կլինի, որ Սոնան էլ այդ ուսումնարանը գնա: Թող նա էլ ուրիշների շարքն ընկնի, թող ոչ ոքից ետ չմնա, իր ծնողների մի հատիկ զավակն է:

«Ի՞նչ անենք, որ հայրը հարբեցող է, ես հացթուխ: Չեմ ուտիլ, չեմ խմիլ, բերանիցս կկտրեմ, երեխայիս համար գիրք կառնեմ, հագուստ կառնեմ»:

Այսպես էր մտածում Շուշանը, երբ Սոնայի հիվանդությունը դեռ չէր հայտնվել: Այժմ երևակայել անգամ չէր ուզում այդ երջանկության մասին: Ի՞նչ, որ ամբողջ ուսումնարանը իմանա՞ Սոնայի ընկնավոր լինելը: Չէ, ավելի լավ է նա ետ մնա իր ընկերուհիներից, քան թե նրանց ծաղրի առարկան դառնա: Թող բախտավոր մայրերի բախտավոր զավակները գրել-կարդալ սովորեն:

«Ինձ նման մի անբախտի աղջկան այնքանն էլ հերիք է, ինչքան մայրը գիտի…»

Եվ հացթուխը սկսեց Սոնային սովորեցնել այն, ինչ որ ինքը գիտեր, հոր հագուստը կարկատել, գուլպաներ հյուսել, սենյակի պատերը և հատակը շաբաթը մի անգամ շիրայել, այսինքն ներկել տեղական կապտագույն թրջած կավով: Նա սովորեցնում էր Սոնային և՛ աղոթել: Ամեն առավոտ և ամեն երեկո արտասանել էր տալիս, «աստված, դու ինձ փորձանքից ազատես…»:

Շատ անգամ երեկոները Սոնան, ճրագի առջև նստած, գուլպա էր հյուսում մինչև ուշ գիշեր: Մայրը թախանձում էր նրան չհոգնեցնել իր աչքերը: Իսկ հայրը պատվիրրում էր հյուսել ու հյուսել, որ շուտով զույգը վերջանա: Եվ այս դեպքում աղջիկը հոր պատվերն էր կատարում: Վաղն ուրախ – ուրախ կհանձնի նրան մի զույգ նոր գուլպա, որ տանի շուկայում ծախի: Ի’նչ անենք, որ գուլպաների գինը սովորաբար օղեվաճառին էր տրվում: Այդ Սոնայի գործը չէր:

Եվ այսպես, արբշիռ պայտագործը հարստահարում էր հիվանդոտ աղջկա աշխատանքը դեռ այն ժամանակ, երբ նրա մատները հազիվ հազ սովորել էին կտրել ու հյուսել: Քանի-քանի՛ անգամ այս պատճառով ընդհարումներ էին ունեցել մարդ ու կին:

– Չէ, դու խղճմտանք չունիս: Երեխաս մի շալ չունի ուսերին գցելու, ցրտից սրսռում է, դու ամեն օր խմում ես նրա աշխատած փողով…

– Քո բանը չի, Սոնան իմս է, – պատասխանում էր պայտագործը: – Այնպես չէ՞, Սոնա, դու հորդ սիրում ես, չես թողնիլ, որ մի բանի կարոտություն քաշի:

Մանկահասակ աղջիկը, հավասար սիրով և գգվանքով համբուրելով թե՛ մեկին և թե՛ մյուսին, վերջ էր տալիս իր ծնողների վեճին: Այնինչ այն օրից, երբ պայտագործի համար բացվեց եկամտի մի նոր աղբյուր – իր աղջկա ձեռքի վաստակը – նա ավելի ու ավելի ծուլանում էր: Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի պահանջող, քմահաճ և կոպիտ էի դառնում: Շատ անգամ տուն էր վերադառնում դատարկ ձեռներով և հրամայում իսկույն ուտելիք պատրաստել: Կինը երբեմն պատասխանում էր, թե տանը ոչինչ չկա, թե ինքն այսօր ոչինչ չի վաստակել:

– Պատճա՞ռը, – գոռում էր պայտագործը:

– Այսօր ինձ ոչ ոք հաց թխելու չի կանչել:

– Հոգիդ դուրս գա, գնա’, ողորմություն հավաքիր, խոմ քաղցած ապրել չի կարելի: Հը՛մ, դու ասա, Սոնա ջան, մարդ քաղցած փորով կարո՞ղ է ապրել: Տեսնում ես, մայրդ ինչ աներես ու քարասիրտ է: Համ ասում է տանն ուտելու բան չկա, համ էլ ինձ չի թողնում գերեզմանատուն գնամ մեռելահաց ուտելու…

– Օրիցս դեն ուր ուզում ես – գնա’, կե’ր, խմի’ր, քո բանը պրծած է:

– Որ մեռել չկա, ո՞ւր գնամ:

Այս խոսքերը պայտագործը արտասանում էր այնպիսի եղանակով, որ կարծես, մարդիկ չէին մեռնում հենց նրան քաղցած թողնելու համար:

Մի անձրևային օր նա ճաշի միջոցին ներս մտավ աչքունքը կիտած: Երեք օր էր չէր խմել, ուստի սաստիկ վատ տրամադրության մեջ էր: Իսկ քրիստոնյաները երդվել էին չմեռնել, և Ոսկանը անիծում էր բոլոր կենդանի հարուստներին: Սոնան խրճիթի առջև ծալապատիկ նստած, կարկատում էր հոր հնամաշ արխալուղը: Ուրախացավ հորն արթուն տեսնելով:

__ Մայրդ տա՞նը չի:

__ Չէ՛:

– Վե՛ րկաց տեսնեմ, ի ՞ նչ ես տալիս ուտելու:

Սոնան մտավ խրճիթ և այնտեղից բերեց, հաց, պանիր և մի քիչ կարագ:

– Դա ի՞նչ է, – ասաց պայտագործը, ծուռ-ծուռ նայելով Սոնայի բռնած սկուտեղին, – շատ հարկավորս է քո կարագը: Փա’հ, երեք օր է չեմ խմել, սիրտս էլ չոր-չոր բան է ուզում, մի կտոր ձուկ կամ միս, իսկ դա ինձ կարագ է տալիս, այն էլ ծտի աչքի չափ: Դե՛նը տար…

Սոնան վշտացավ: Կարագը իր բաժինն էր, պահել էր հատկապես հոր համար: Սկուտեղը ձեռին՝ նայում էր պայտագործին այնպիսի դեմքով, որ, կարծես, ոտից գլուխ մեղավոր էր նրա առջև:

– Դու ինձ ա՛յն ասա, Սոնա ջան, մայրդ փող ունի: Հարցը Սոնային նեղը գցեց: Գիտեր, որ մայրը պատի մեծ խորշի մեջ թաքցրած ունի մի քանի արծաթի ու պղնձի դրամներ: Դա հացթուխի սեփական վաստակն էր: Կոպեկ-կոպեկ հավաքել էր, և Սոնան չգիտեր ինչու համար:

– Հը՛մ, ինչո՞ւ չես պատասխանում, ասա’ , մայրդ փողից-բանից ունի՞…

– Չեմ իմանում:

– Դրուստն ասա:

– Չեմ իմանում, – կրկնեց Սոնան, աչքերը անգիտակցաբար դարձնելով դեպի այն խորշը, ուր թաքնված էին մոր կոպեկները:

– Ի՞նչ ես դես ու դեն մտիկ անում, դրուստն ասա , սուտ ասելը մեղք է:

Այո’, տասներկու տարեկան աղջիկը շատ անգամ էր մորից լսել, թե սուտ ասելը մեղք է, թե սուտ ասողին աստված պատժում է: Եվ նա երբեք սուտ չէր ասել: Րայց գիտեր և այն, որ գողությունն էլ մեղք է և ավելի մեծ մեղք:

– Չեմ իմանում, կա թե չկա, չեմ իմանում, – կրկնեց նա:

Ձայնը և դեմքի այլափոխվելը մատնեցին նրան:

– Սոնա, – գոռաց պայտագործը, – դու հորդ խաբում ես, այս տանից փողի հոտ է գալիս, ես քաղցած ու ծարավ եմ:

Սոնան տատանվեց: Նրա սիրտը տանջվում էր խղճի խայթից: Նա ինքն իր հետ կռվում էր. մի կողմից ստախոսություն մյուս կողմից գողություն: Մի կողմից հոր աղաչանքը, մյուս կողմից մոր դառն աշխատանքը, որի գնով ձեռք Էին բերված այնտեղ թաքնված կոպեկները:

– Որ՞ը ընտրել:

– Ինչպես տեսնում եմ, մորդ հետ խոսք ես կապել ինձ քաղցած ու ծարավ թողնել: Դուք ինձ խաբում եք, տանջում եք: Որ այդպես է, Է’լ իմ երեսը չեք տեսնիլ: Գնա՛, Սոնա ջան, գնա’ քեզ համար ինձանից լավ հայր ճարիր:

Նա քայլերը բարկացած ուղղեց դեպի դուռը: Դա մի խորամանկություն էր, որ իսկույն ունեցավ ցանկալի հետևանք: Ո’չ. Սոնան ուրիշ հայր չի ուզում: Աշխարհի երեսին պայտագործից ավելի լավ հայր չկա: Նա մոտեցավ Ոսկանին, իր փոքրիկ ձեռներով բռնեց նրա կոշտ, սևացած ձեռը, համբուրեց և արտասվեց: Հետո մոտեցավ պատի խորշին, կանգնեց մի քանի վայրկյան անշարժ և նայեց հորը: Ա՛խ, վատ բան էր ուզում անել, այդ ինքն էլ գիտեր և երկյուղից դողում էր: Բայց այնտեղ, սենյակի մեջտեղում, կանգնած էր հայրը, աչքերը ագահաբար հառած նրա երեսին: Եվ ի’նչպես փայլում Էին այդ աչքերը: Երևի պայտագործը արդեն զգում էր օղիի սքանչելի հոտը և վաղօրոք ճաշակում քաղցրություն:

– Մի՛ վախենար, Սոնա ջան, մի՛ վախենար, ես մտիկ եմ տալիս, հենց որ եկավ – կասեմ:

Սոնան սկսեց խորշի մեջ որոնել այն ցնցոտին, որ մայրը խնամքով թաքցրել էր անկողինների տակ:

– Ի՛նքդ վերցրու, – ասաց դողդոջուն ձայնով և գունատվեց, – ես վախենում եմ: Ա’յ, այն կապույտ կապոցի մեջ է:

Պայտագործը շտապեց վերցնել կապոցը, ծանր ու թեթև արեց ձեռի ափի մեջ և դրեց արխալուղի գրպանը:

– Քեզ համար ծամոն կբերեմ, – ասաց համբուրելով աղջկան, և շտապեց դուրս:

Երբ նա անհետացավ, Սոնան վազեց սենյակի անկյունը, ընկավ երեսի վրա և սկսեց հեկեկալ: Նրա գեղեցիկ թիկունքները չթյա արխալուղի տակ ուժգին բարձրանում էին և ցած իջնում ալիքների պես: Նրա սպիտակ պարանոցը ուռել ու դողդողում էր: Նա կողոպտեց իր սիրելի և խեղճ մորը, որ օրը մինչև երեկո արյուն-քրտինք է թափում մի քանի հատ հաց կամ մի քանի պղնձի դրամներ վաստակելու: Նա գողություն արեց, ինչո՞ ւ, ո՞ւմ համար: Ա’խ, մի՞թե բոլոր աղջիկների հայրերն այդպես են…

Արտասուքը սպառվեց, բայց վիշտն ավելի համակեց Սոնայի սիրտը: Նա խորհում էր իր անելիքի մասին:

Գիշերը ցերեկ կանի, չի ուտիլ, չի քնիլ, գուլպա կհյուսի, հորը կտա ծախելու, փողերը կդնի այնտեղ: Չէ՛, չէ՛ , մայրիկին չի ասիլ, նա լաց կլինի. Սոնան թակվելուց չի վախենում, մայրը լաց կլինի: Ի’նչ վատ բան է, տեր աստված, ի’ նչ վատ բան է գողությունը…

– Այս դռներն ո՞վ բաց արավ, – քեց Սոնան իր մոր ձայնը և սոսկալով ոտքի թռավ:

Հացթուխը կռնատակին դրած էր սովորական երկու թաժա հացերը և ափի մեջ ամուր սեղմած մի քանի պղնձի դրամներ: Նա ներս մտավ թե չէ` պառկեց հատակի վրա, ծանր հառաչելով և արտասանելով.

– Փառք քեզ, աստված, որ ինձ նման խեղճերն էլ կարող են պառկել, հոգիս դուրս եկավ…

Ահա՛ նա, այդ խեղճ կինը, ի՛նչպես երեսն ու ձեռները այրվել են թոնրի կրակից, ահա՛, ում կողոպտեց Սոնան:

– Ինչո՛ւ ես տխուր նստել, մո՛տ եկ, Սոնա, ե’կ մի քիչ ուսերս տրորիր…

Սոնան լուռ մոտեցավ մորը:

– Հայրդ եկե՛լ էր, էլի գնա՞ց, բան կերա՛վ: Սոնան հառաչեց:

– Ինչո՞ւ ես հառաչում: Երևի, հորդ քեֆը լավ էր:

– ՉԷ, խմած չէր, քաղցած էր…

– Բաս ո՞ րտեղ գնաց քաղցած փորով:

– Չեմ իմանում:

– Աղջի, դու լա՞ց ես եղել:

– Չէ, չէ, – կրկնեց Սոնան շտապով, երեսը մի կողմ դարձնելով:

Մայրը զգաց, որ անշուշտ մի բան է պատահել, և, իհարկե, կասկածեց, – թե ինչ կարող է պատահած լինել: Բայց նա մի խորը հայացք ձգեց Սոնայի աչքերի մեջ և այնտեղ չնկատեց այն տարօրինակ բթությունը, որ երևում էր ամեն անգամ «հարվածը» ստանալուց հետո:

– Սոնա, հայրդ քեզ վրա գռռացե՞լ է, թթու խո՞սք է ասել, ով գիտե, ծեծել է…

Այլևս Սոնան չկարողացավ իրան զսպել: Գլուխը թաքցնելով մոր գրկում, երկրորդ անգամ հեկեկաց, և այս անգամ ավելի ուժգին: Քանի մի րոպե անցած, նա անկեղծորեն խոստովանեց իր հանցանքը: Մի վայրկյան հացթուխը մոռացավ հարազատ զավակի թշվառությունը, հրեց նրան ուժով, կատաղեց և գոռաց: Նա մինչև անգամ ձեռը բարձրացրեց Սոնային խփելու: Բայց իսկույն ուշքի եկավ և, երկու ձեռները ծնկներին զարկելով, գոչեց.

– Քանդվի հորդ տունը:

Նա հայտնեց գողացված փողերի գաղտնիքը: Նա մտադիր էր զատկին մի գառ գնել, եկեղեցու դռների առջև մորթել և աղքատներին բաժանել Սոնայի համար: Ուրեմն Սոնան իր «մատաղի» փողե՞րը գողացավ: Այս միտքը մասամբ թեթևացրեց աղջկա վիշտը:

– Ես մատաղ չեմ ուզում, – ասաց նա, կարծելով, թե դրանով կարող էր հանգստացնել մորը:

– Բաս որ գողություն ես արել, գո’ղ ես, – գոչեց հացթուխը, մի քանի անգամ կրկնելով «գող» բառը:

Ավելի մեծ պատիժ չէր կարող լինել Սոնայի համար, քան այս հանդիմանությունը: Նրա մանկական անմեղ աչքերի մեջ փայլեց ահ ու սարսափ: Ինչպես երկչոտ նապաստակ թփի տակ, սեղմվեց սենյակի անկյունում, աջ ու ձախ նայելով: Կարծես, սպասում էր իր հանցանքի արժանի պատժին: Մայրը մոտեցավ, ձեռից բռնեց, չոքեցրեց երեսը դեպի արևելք և ասաց.

– Խաչակնքի՛ ր երեսդ, ասա «մեղա աստծու», երեք անգամ. հա, այդպես, ասա. «աստված, այս անգամ բաշխիր, էլ չեմ անիր»: Դե լավ, վե’րկաց, էլ չանես:

– Չեմ անիլ, – կրկնեց Սոնան, վւաթաթվելով մոր պարանոցին:

Իրիկնադեմին պայտագործը տուն վերադարձավ ոտից մինչև գլուխ ցեխոտված: Ներս մտավ թե չէ, թավալվեց հատակի վրա: Հացթուխն այդ օրն առաջին անգամ հայհոյեց նրան լսելի ձայնով: Պայտագործը աշխատեց տեղից վերկենալ, նորից ընկավ, կրկին հենվեց ձեռների վրա, ոտքի կանգնեց և, բռունցքը բարձրացնելով, մոտեցավ հացթուխին: Կինը խույս տվեց, և մարդը իր հարվածի ուժգնությունից նորից ընկավ հատակի վրա:

Այս այլանդակ տեսարանի միակ վկան, սենյակի մի անկյունում կուչ եկած, լուռ դիտում էր: Հանկարծ մի սուր ձայն արձակեց: Այդ վայրկյանին մատաղահաս աղջկա աչքին հարազատ հայրը թվաց իսկական գազան: Եվ ի’նչ տարօրինակ գազան, ահագին, երկար ժանիքներով, ահռելի բերանով և սարսափելի աչքերով: Կարծես, այդ բերանը ահա ահա պետք է բացվեր և կլաներ թե Սոնային և թե նրա մորը:

– Վախենում եմ, վախենում եմ, – արտասանեց Սոնան, հեռու ու հեռու խույս տալով իր հորից:

Նա վազեց, մտավ պատի մեծ խորշը և գլուխը թաքցրեց անկողինների մեջ: Հացթուխը շվարել էր: Մոտեցավ աղջկան, բռնեց նրա գլուխը, նայեց երեսին: Հետո վազեց դուրս, սառը ջուր բերեց, սրսկեց երեսին:

Սոնան մի փոքր սթափվեց: Բայց ի՛նչպես գունատ էր, և ի՛նչպես դողում էր: Նա ընկավ մոր գիրկը, երկու ձեռներով ամուր սեղմեց նրա պարանոցը, կրկնելով.

– Մի՛ հե ռանար, մի՛ հեռանար ինձանից…

– Անե’ ծք քեզ, չար սատանա, անե’ ծք քեզ, չար սատանա, – կրկնում էր հացթուխը, խաչակնքելով մերթ իր, մերթ աղջկա երեսը: – Կորի՛ր, – դարձավ ամուսնուն – կորի՛ ր այս տնից, անաստված, անսիրտ, անհոգի, դու սպանեցիր երեխայիս…

 
«Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր,
«Ես Քյարամն եմ, ինձ ղրկեցին Ասլիից:
«Խաբար տարեք խեղճ աշուղիս հոր ու մոր,
«Սազս ղըրկեն, ես վւախչում եմ դունյայից…»
 

Այս ձայնը սթափեցրեց Սոնային: Նա մի վայրկյան գլուխը բարձրացրեց մոր կրծքից, ականջ դրեց ինչպես մի սոխակ, երբ քաղցր սուլոցի ձայն է լսում, հետո վազեց դուրս: Կարծես այնտեղից գալիս էր նրա համար մի երկնային օգնություն:

– Սոնա խաթուն, ե՛կ, ե՛կ, քեզ համար նշխարք եմ բերել:

Գիժ-Դանելը մի կտոր թղթի միջից հանեց նշխարքի մի փշրանք, դրեց իր շրթունքներին, հետո ճակատին և ապա տվեց Սոնային, ասելով.

– Հիսուս Քրիստոսի զորությունը քեզ պահի, պահպանի,,, Բա՛հ, աղջի, ինչո՞ ւ ես դողում, սպրդնել ես… Շուշան բաջի, Սոնա բալիս ի՞նչ է պատահել:

Հացթուխը, արտասուքը աչքերին, կանգնած էր խրճիթի շեմքի վրա և նայում էր Սոնային ու խենթին:

– Գնա՛նք ներս, – ասաց խենթը, բռնելով Սոնայի ձեռից:

Աղջիկը խլեց նրանից իր ձեռը և հեռացավ խրճիթից:

– Բա՛հ, ումի՞ց ես վախենում, ասա, ես ցույց կտամ քեզ վախեցնողին, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Հացթուխը բռնեց խենթի թևից և ներս տանելով ասաց.

– Նրանից է վախենում:

Սենյակի իրիկնային կիսախավարի մեջ գիժ-Դանելը ճանաչեց իր քելեխասեր բարեկամին:

– Կոնծել է ու ընկել. էհե’. համը տանում է, էլ ես նրան քելեխի չեմ տանիլ: Շուշան բաջի, երազ եմ տեսել: Տասնութ աժդահա դուրս եկան առաջս: Քյոռօղլին կանգնեց բուրջի գլխին: Ղռաթի բերանից կրակ էր դուրս գալիս: Ա’յ այսպիսի մազեր ուներ, անունը Սոնա չէր, Մանիշակ… մեծ-մեծ քարեր էին ընկել, մեկը ճակատին, մյուսը – կրծքին: Մայրը հորումն էր: Գլխից արյուն էր գալիս: Ասլան Դանելը խեղճ մարդ էր, գլուխը քաշ դարզություն էր անում: Ասեղս առան, աչքս կոխեցին. մկրատս վերցրին, սիրտս կտոր-կտոր արին մահուդի պես: Սոնա խաթուն, Մանիշակ ջան, ինչու փախար ձեռքիցս… էգուց կգնամ գերեզմանը տեսնելու, սիրտ չունիմ, սիրտս մեռավ… Շուշան բաջի, Սոնան լավ ազջիկ է, յա ալլա’ հ գալիս եմ… Ֆարհա’ դ, Ֆարհա’դ, տունդ տակնուվրա լինի…

Արտասանելով այս անկապ և օտարոտի խոսքերը. խենթը գավազանը օդի մեջ շարժեց և ոստոստալով դուրս վազեց,

Այդ գիշեր Սոնան զառանցում էր, ստեպ-ստեպ քնից զարթնելով: Մայրը «աղոթում էր» նրա վրա, սեղմելով նրա ուսերին և գլխին իր աջ բռունցքը, որի մեջ սեղմված էր մի բուռն աղ:

Արեգակը նոր նոր բարձրանում էր քաղաքի շրջակա լեռան հետևից, երբ Սոնան աչքերը բաց արավ: Որքան նման էր նրա դեմքի գույնը այն վաղ առավոտյան թույլ-դեղնագույն ճառագայթին, որ խրճիթի դռներով ընկավ հատակի վրա: Նրա մռայլ և անշարժ աչքերը նայում էին դեպի մի անորոշ տարածություն: Կարծես, մտքերը սավառնում էին հեռու: Նրա գլխի կողմը նստած էր մայրը և թախծալի հայացքով նայում էր նրա շրթունքներին, որ տակավին սեղմված էին:

– Քեզ համար թուզ եմ գնել, – ասաց հացթուխը, կամենալով խոսեցնել աղջկան:

Սոնան մռայլ աչքերը դարձրեց դեպի մայրը: Մտաբերում էր երեկվա տեսարանը, հիշում էր իր սարսափելը հոր կերպարանքից: Սա ակամա նայեց հոր կողմը: Պայտագործը դեռ քնած էր ծանր և անհանգիստ քնով: Սոնան հագնվեց, մոտեցավ հորը, նայեց նրա երեսին: Այժմ գազանային ոչինչ չկար այդ դեմքի վրա: Ի‘նչ վախկոտ աղջիկ է Սոնան, ինչո ւ այնպես գոռաց: Ահա՛ շուտով կզարթնի պայտագործը: Սոնան նրա ձեռներին ջուր կածի, որ երեսը լվանա, կխոսի հետը:

Եթե չբարկանա, կաղաչի, կպաղատի, որ էլ մորը չծեծի, չկռվի նրա հետ: Կասի, «Քեզ համար երկու օրը մի գուլպա կգործեմ, մի՛ ծեծիր, մի’ գոռար, մի’ կռվիր…»

Պայտագործը զարթնեց սաստիկ գլխացավով:

Նախընթաց օրվա քեֆից հետո զգում էր անտանելի տխրություն: Մտաբերեց երեկվա իր վարմունքը և զգաց խղճի մի թեթև խայթոց: Կամեցավ Սոնային մի քիչ փաղաքշել և սրա համար դիմեց մի տարօրինակ կատակի: Ոլորեց իր միրուքը խողովակի ձևով, թելով կապեց, ծայրից քաշ արավ մի մեծ ավել, ուսերին տակնուվեր ձգեց ձմեռային մուշտակը, դուրս եկավ և կանգնեց խրճիթի դռների առջև:

Այդ միջոցին Սոնան, մեջքից թեքված, ավելում էր բակը: Դեռ նրա աչքի առջև էր երեկվա տեսարանը: Նա գլուխը բարձրացրեց երեսին սփռված մազերն ուղղելու, տեսավ հորը և սարսափեց: Ավելն ընկավ նրա ձեռքից, դարձյալ լսվեց մի սուր ձայն: Սոնան ցնցվեց և կողքի վրա տարածվեց գետնին:

Հոր կոպիտ կատակի հետևանքն եղավ աղջկա մարմնի փետանալը, ապա կծկվելը, ցնցվելը և անզոր կերպով թավալվելը:

Արևն իր շողը ձգեց ընկնավոր աղջկա գունատ ճակատի վրա, որի շուրջը մազերը դարձյալ մի գեղեցիկ պսակ էին կազմել: Սոնան ընկած էր երեսն արևելք, դեպի ուր աղոթում էր նրա մայրը…

IV

Տասնուվեց տարեկան հասակում Սոնան արդեն զգում էր բնական ցավի բոլոր ծանրությունը: եվ այն միտքը, թե թշվառ է, նրա մատաղ հոգու վրա գործում էր ճնշող տպավորություն: Ժամերով առանձնացած, անձնատուր էր լինում իր մելամաղձիկ մտածումներին:

Նրա նորահաս խելքը ձգտում էր գտնել թշվառության հիմնական պատճառը և ոչինչ չէր կարողանում որոշել կյանքի մթության մեջ: Լալիս էր, լալիս, և միայն արցունքներն էին րոպեապես թեթևացնում նրա սիրտը:

Նա անում էր այն բոլորը, ինչ որ հարկավոր էր աստծու գութը շարժելու համար և ինչ որ սովորել էր իր մորից: Պահում էր տարվա բոլոր պասերը, իսկ մեծ պասը – կրկնակի: Տարենը մի անգամ ամբողջ յոթնյակ ծոմ էր պահում: Իր մոր հետ այցելում էր քաղաքի շրջակայքում գտնվող սրբավայրերը: Բայց բոլորը զուր:

– Ինչո՞ւ, – ահա հարց, որ զբաղեցնում էր Սոնայի միտքը: Ինչո՞ւ աստված չի լսում նրա ձայնը, չի խղճում, ո՞ր մեղքերի համար: Կյանքում մի անգամ մի հանցանք գործեց – ցույց տալով հորն իր մոր խնայած կոպեկների տեղը: Հայրը գողացավ և վատնեց այդ ողորմելի կոպեկները: Բայց ո՛րքան զղջաց, ո՛րքան աղոթեց և ո’րքան արտասվեց այդ հանցանքի համար: Ո՛չ, այդ չէ պատճառը:

«Մայրս ասում է, որ վեց տարեկան էի, երբ առաջին անգամ ուշաթափվեցի…»

Ուրեմն, ինչո՞ւ, ինչո՞ւ: Եվ որքան հասարակ հարցը գրգռում էր Սոնային, այնքան նրա մտքերը շփոթվում էին: Նույն հարցը նա տալիս էր մորը, և միշտ ստանում միևնույն պատասխանը.

– Դա աստծու կամքն է:

– Այո , դա աստծու կամքն է: Բայց մի թե աստված առանց պատճառի մի բան կատարում է:

– Մայրիկ, ինչո՞ւ մեկը ստեղծվում է առողջ և բախտավոր, մյուսը – հիվանդ և թշվառ:

Երկյուղած և աստվածապաշտ հացթուխը սարսափում էր աղջկա հոգու մեջ ծագող կասկածներից: Կար ժամանակ, որ նրա մեջ էլ ծագում էին այդպիսի կասկածներ: Բայց շուտով խեղդեց նրանց իր սրտում և դարձյալ հաշտվեց այն մտքի հետ, թե աստված արդարամիտ է,անաչառ և գթառատ:

– Մի՛ ասա, որդի, մի ասա. աստծու դեմ տրտնջողի գլխին երկնքից կրակ կթափվի:

Սոնան զսպում էր իր լեզուն: Սակայն անխուսափելի հարցը հետևում էր նրան ստվերի պես: Ի՞նչ անի, ի՞նչպես չբողոքի: Ինը տարի է փակված է իր հայրական խրճիթի չորս պատի մեջ, և մի՞թե պետք է հավիտյան անջատված մնա աշխարհից: Մի՞թե գոնե իր ընկերուհիներին այլևս չպիտի տեսնի մի հարսանիքում, մի մեռելատնում, կամ եկեղեցում զատկի և ջրօրհնեքի երեկո:

Նրա ընկերուհիներից մի քանիսն ամուսնացել էին, ոմանք մայրեր էին արդեն: Նա հեռվից լսում էր յուրաքանչյուր պսակվողի հարսանիքին ածվող զուռնայի ձայնը: Այսօր այն սևիկ և ծիծաղկոտ Մարգարիտն է պսակվում: Երանի թույլ տային Սոնային մի անգամ տեսնել նրան: Արդյոք, ի՞նչքան է մեծացել նա, ի՞նչպես է հասակը, գեղեցկացե՞լ է, թե էլի նիհար է ու չոր շագանակի կեղևի պես:

Սոնան հիշում էր, որ իր ընկերուհիներն իրան կոչում էին «Սիրուն Սոնա»: Առաջ նրա համար դա ոչինչ նշանակություն չուներ, այժմ էր հետաքրքրում նրան: Ճշմարի՞տ է, որ ինքը սիրուն է, թե ընկերուհիները ծաղրում էին: Նա կանգնում էր ամեն օր պատից քաշ արած այն հասարակ հայելիի առջև, որ մայրը, իբրև օժիտ, ստացել էր մի ազգականից իր հարսանիքի օրը:

Նրա խիտ և գանգուր մազերը շքեղ հյուսվածներով սփռված էին մեջքին: Տնային ծանր աշխատանքը, կարծես, մազու չափ չէր ազդել նրա կազմվածքի վրա: Նա միջին հասակից քիչ բարձր էր, կանոնավոր իրանով: Այո, այժմ ավելի էր սիրուն, քան մանուկ հասակում: Միայն նրա երեսը չուներ իր տարիքին հատուկ կայտառությունը: Նրա գույնը նվազ էր, հիվանդոտ. մի նուրբ դեղնություն պատել էր ամբողջ դեմքը, նույնիսկ ականջները: Սևորակ և խոշոր աչքերի բիբերն ավելի խոշորացել էին: Այնտեղ երևում էր հոգու ծանր թախիծը: Րոպե առ րոպե, երբ բարձրանում էին համրաշարժ կոպերը, այդ աչքերի մեջ նշմարվում էր մի տեսակ ապշություն:

Նա նայում էր հայելուն, բայց չգիտեր սիրո՞ւն է ինքը, թե՞ տգեղ: Չկար մեկը, որի հետ համեմատեր իրան կամ նրա կարծիքը հարցներ: Մայրը ասում էր, թե Սոնան իրան է նմանվում: Արդարև, կար նմանություն մոր և աղջկա մեջ, թեև տարիքը և ծանր ու տաժանակիր աշխատությունը վաղուց հացթուխի դեմքից ջնջել էին բնական գեղեցկությունը:

– Մայրի՛ կ, երևի դու շատ սիրուն ես եղել…

Դա մի անմեղ խորամանկություն էր, որի միջոցով Սոնան ուզում էր խոսք քաշել իր մորից: Մայրը այդ չհասկացավ և պատասխանեց.

– Մարդ պետք է բախտ ունենա, գեղեցկությունն ինչի՛ն է պետք:

Մի օր հացթուխը ասաց Սոնային, որ այդ երեկո վաղ պառկի քնելու:

– Ինչո՞ւ:

– Էգուց պետք է շուտ զարթնես, ոտով գնալու ենք սուրբ Կարապետի մասունքը համբուրելու:

– Էգո՞ւց է ուխտի օրը…

– Մյուս օրն է: Մենք էգուց կգնանք, գիշերը սրբի ոտքին կմնանք, մյուս օրն ուխտներս կկատարենք, հետ կպանք:

Վերջապես, դարձյալ մի երջանիկ օր, երբ Սոնան կարող է մարդու երես տեսնել: Երկար ժամանակ այդ գիշերը չէր կարողանում քնել: Իսկ երբ նիրհեց, երազները պաշարեցին նրան: Նա շտապում էր դեպի սրբավայրը, բայց գնում էր, գնում, չէր հասնում: Ամեն քայլափոխում արգելքների էր հանդիպում: Մի տեղ նրա առջև բարձրանում էր մի պատ և կտրում ճանապարհը, մյուս տեղ բացվում էր ճահիճ, որի միջով պիտի անցներ: Այստեղ կորցնում էր գլխի շալը, այնտեղ կոշիկները և այլն, և այլն…

– Վե՛ր կաց, օրը լուսացել է, – լսեց նա մոր ձայնը և աչքերը բաց արեց:

Հացթուխն արդեն վաղուց պատրաստվել էր ճանապարհ ընկնելու: Սոնան շտապով ոտքի թռավ և հագնվեց: Մայրը տվեց նրան մի թեթև կապոց, որ պարունակում էր երկու օրվա ուտելիք, իսկ ինքը բռնեց գավթում թռչկոտող մեծ աքաղաղին, ոտները կապեց, դրեց կռնատակին: Նրանք ճանապարհ ընկան:

Արևն արդեն բավական բարձրացել էր, երբ քաղաքից դուրս եկան: Հացթուխը հրամայեց Սոնային կոշիկները հանել և ոտաբաց քայլել: Նույնն արեց և ինքը: Նախընթաց օրը իմացել էր, որ քաղաքից մի քանի ընտանիքներ էլ պիտի գնան ուխտ: Ահա ինչու կանուխ ճանապարհ ընկավ, որպեսզի աղջկա հետ մենակ չգնա ամբողջ յոթ վերստ ճանապարհը: Հարյուր տեսակի մարդիկ են անցնում, ո՛վ գիտե, ի՛նչ կարող է պատահել:

Հեռվում երևացին մի քանի սայլեր: Հացթուխը ասաց Սոնային, որ քայլերը արագացնի: Նրանք շուտով հասան սայլերին: Ջահիլ աղջիկների մի խումբ գնում էր ոտով, իսկ պառավ և հասակավոր կանայք նստած էին սայլերի վրա: Ջահիլները դհոլ էին զարկում, հարմոնիա էին ածում. երգում էին, ծիծաղում, հռհռում. թռչկոտում, ազատ, համարձակ, երեսները բաց:

Սոնան իր մոր հետ և նրա ցանկությամբ գնում էր սայլերից հեռու, ճանապարհից դուրս, կանաչ խոտի միջով: Ուղին հարթ չէր: Երեք օր առաջ անձրև էր եկել, և անցուդարձ անող սայլերի անիվները թանձր ցեխի մեջ խոր ակոսներ էին գոյացրել: Ցեխը չորացել էր և ճանապարհը ծածկել դերբուկներով: Անկարելի էր այնտեղ ոտաբոբիկ քայլել: Բացի դրանից, հացթուխը խույս էր տալիս ոտով գնացող աղջիկների խմբից: Ո՛ վ գիտե, մի գուցե հանկարծ Սոնան ուշաթափվի, ինչո՛ւ ուրիշները տեսնեն: Այնինչ, Սոնայի սիրտը մղվում էր դեպի աղջիկների խումբը: Ախ, որքան նա փափագում էր միանալ այդ խմբին, նույնպես երգել, զվարճանալ: Բայց հեռո՜ւ, հեռո՜ւ այն ճանապարհից, որով գնում են ուրիշները: Նա միայն առողջների և բախտավորների համար է բաց…

Սայլերին առաջնորդում էր մի ձիավոր, գդակը ծուռը դրած, մտրակը ծնկան վրա հենած, հանդարտ երգելով: Երբեմն նա ձիու գլուխը դարձնում էր ետ և սպասում սայլերին: Մի անգամ ետ մնաց և, ձիու սանձը քաշելով, կանգ առավ, նայեց երկու ուխտավոր կանանց.

– Սոնա, շալդ քաշիր երեսիդ, – ասաց հացթուխը:

Սոնան ծածկեց երեսը, հետո շուտով բաց արավ: Մի՞թե այդ արձակ դաշտումն էլ իրավունք չունի մի քիչ ազատություն վայելելու: Նա ուզում էր լսել իր հասակակիցների երգը, ծիծաղը, ուզում էր մի քիչ մոտենալ նրանց: Եվ մոտենում է:

– Ա՛յս կողմով, Սոնա, ա՛յս կողմով, – կրկնեց հացթուխը, ցույց տալով դաշտի խորքը:

Այդ միջոցին ձիավորը մոտեցավ հացթուխին:

– Ո՞ ւխտ ես գնում, – հարցրեց նա:

– Հա՛, որդի:

– Ընդունելի լինի:

– Ամեն. քոնն էլ:

Ձիավորը չհեռացավ: Նա ընթանում էր հացթուխի և նրա աղջկա հետ հավասար քայլով, մինչդեռ սայլերն արդեն բավական հեռացել Էին:

– Հոգնած կլինեք, համեցեք, սայլերի վրա տեղ կա, նստեցեք, – առաջարկեց նա հացթուխին:

– Շնորհակալ եմ, աստված քեզ պահի, որդի՛, ուխտ ենք արել ոտով գնալ, գնում ենք:

Ձիավորը մի խոր հայացք ձգեց Սոնայի վրա: Աղջիկը շտապեց երեսը շալով ծածկել: Հացթուխը այլևս չէր խոսում: Ձիավորը մտրակեց ձիուն և հասավ սայլերին:

Այդ միջոցին Սոնան լսեց մի ծանոթ ձայն.

« Պսպղում էր սև օձի պես մերկ թուրը, «Սլանում էր բազեի պես քյոհլան ձին, Քամուն տալով բերնից վազող փրփուրը: «Կատաղել էր, կոտորում էր Քյոռօղլին: »

Սոնան հետ նայեց և տեսավ գիժ-Դանելին, որ, գավազանը պարանոցին հորիզոնաձև դրած, ձեռները հովվի պես հենած ծայրերին, քայլում էր առաջ, ոտաբոբիկ, գլխաբաց:

– Սուրբ Կարապետը մուրազիդ հասցնի, Շուշան բաջի, – ասաց նա, շուտով հավասարվելով հացթուխին: – Խաթուն Սոնա, բարով տեսանք:

Սոնան ուրախացավ խենթի անսպասելի կերպով երեվալուն: Նրա հետ արգելված չէ խոսել, այժմ գոնե կարող է հարցուփորձ անել սայլերի հետ գնացող աղջիկների մասին:

– Մերոնք են, – պատասխանեց գիժ-Դանելը, – ուխտ ենք գնում: Երկու ոչխար, մեկ ղոչ ենք տանում: Սոնա խանում, տեսնո՞ւմ ես, քո լվացած հալավն եմ հագել, – դարձավ նա Սոնային, ցույց տալով իր շապիկը, որ, սովորականին հակառակ, մաքուր էր:

– Ամեն շաբաթ բեր լվանամ, – ասաց Սոնան:

– Չէ, նորը պիտի կարես: Ես կտոր կառնեմ, դու կկարես: Նա չէր կարում, պստիկ էր, մատներ ուներ շիմշադի պես…

– Էլի կոշիկներ չե՞ս հագել: Ի՛ նչ արիր քեզ համար հյուսած գուլպաները:

– Պահում եմ, Սոնա խանում, հարսանիքիդ պիտի հագնեմ: Հարսանիք, հարսանիք, չմեռնեմ, Մանիշակիս տեսնեմ սուրբ սեղանի առաջ: Տվեք քարը – կրծքիս խփեմ, վայ կանչեմ, տվեք հողը – գլխիս ածեմ, լաց լինեմ: Շուշան բաջի, լավ մտիկ արա այն ձիավորին: Հետը խոսում էիք: տեսա, է՛, է՛, ասլան Դանելը մի բան է իմանում, շատ լավ բան, շատ լավ բան…

Արտասանելով վերջին բառերը, ոստոստաց առաջ, գավազանով ջարդելով ճանապարհի եզրին բուսած մորենի թփերը և երգելով. «Քյոհլան ձիու վրա նստած է Քյոռօղլին, է՛յ ջամահաթ ճամբա տվեք Ղռաթին»: Հետո նա, գավազանը բարձրացնելով, գոռաց. «Մուրա՛դ, հե՛յ, հե՛յ, Մուրա՛դ, քշի՛ր, քշի՛ր, ասլանը եկավ»:

Նա վազեց դեպի ձիավորը, հետո հանկարծ կանգ առավ և սպասեց հացթուխին: Նրա հատուկտոր խոսքերից հասկացվում էր, որ սայլերից երկուսի վրա գնում են նրա ազգականները: Ձիավորը խենթի եղբոր որդին էր, անունը Մուրադ:

– Էգուց էլ մեծ եղբայրը կգա: Նրանց մոտ չեմ մնալ, կգամ ձեզ մոտ: Բազարով անցնելիս, Ոսկանին պատահեցի: Չէ, Շուշան բաջի նա կոնծած չէր: Ասաց. «Դանել աղբեր, աղջկաս լա՛վ մտիկ արա»: Մի՛ վախենալ, Սոնա խաթուն, աչքիս լույս, քեֆիդ դիպչողին պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ…

Նա անցավ հացթուխի կողմը և սկսեց շշնջալ: Սոնան ոչինչ չէր լսում, բայց գուշակում էր, որ խոսակցությունը լուրջ բանի մասին է: Խենթը շուտ-շուտ երեսին խաչակնքում էր և սուրբ Կարապետի անունով երդվում:

– Բա՛ն եմ ասում, աչքովս եմ տեսել, ականջովս լսել, – լսվում էին միայն այս խոսքերը:

Նրանք հասան սրբավայր: Դա մի ամայի վանք էր բավական ընդարձակ գյուղի ծայրում: Պահապան տիրացուն այնքան բարի գտնվեց, որ հացթուխին հատկացրեց մի առանձին խուց շրջակա կիսախարխուլ շենքի մեջ: Մայր ու աղջիկ տեղավորվեցին այնտեղ: Գիժ-Դանելը, հակառակ հացթուխի ցանկության, վազեց ու իր ազգականներից բերեց մի փոքրիկ կարպետ, մի բարձ և մի դոշակ:

– Սոնա խաթունիս համար է, հոգնած է, թող հանգստանա, – ասաց նա, հայրական խնամքով կապերտը սփռելով խցի մերկ հողահատակի վրա:

Մյուս օրը, առավոտյան կանուխ զարթնելով, խենթը մորթեց հացթուխի աքաղաղը և բաժանեց գյուղի մերկանդամ մանուկներին: Սոնան հեռվից նայում էր այդ ոտաբոբիկ էակներին և հիշում էր իր կյանքի այն միջոցը, երբ ազատ վազվզում էր փողոցներում: Անցավ այդ երջանիկ պահը, որ այնքան կարճ տևեց նրա կյանքում: Այժմ նա սրտից արձակում է կսկծալի հառաչանքներ, աղոթում է սրբերին, լիզում է նրանց գերեզմանների հողը, իր ցավի համար ճար աղերսելով: Նա լսում էր գիժ-Դանելի առասպելական անկապ, անսկիզբ և անվերջ պատմությունները սրբերի հրաշքների մասին: Քանի՛-քանի՛ կաղեր, կույրեր և համրեր են բժշկվել հենց այս խարխուլ վանքում:

– Աչքովս եմ տեսել, մեկ-մեկ կարող եմ ցույց տալ, – հավատացնում էր խենթը: – Նասր-Էդդին շահի գալու տարին էր, երկինք, երկիր չորացել էր: Ռաշպարը կուրծք էր թակում, աստված կանչում: Եկան մասունքը առոք-փառոք տարան քաղաք, թափոր էր: Արևը մարդ էր խաշում, եղունգիս չափ թուխպ չկար երկնքում: Մեկ էլ տեսնենք աղոթարանի կողմից մթնեց անձրև բռնեց, ի ՛նչ անձրև, ճիպոտ – ճիպոտ: Այն սարի ցորենի խալվարը ծախվեց հինգ մանեթով:

Մինչ խենթը պատմում էր, այնտեղ, վանքի գավթում ուխտավոր աղջիկները նվագում էին, պարում և երգում: Կարծես, նրանք ոչ մի ցավ չունեին, եկել էին այդ սրբավայրը հատկապես զվարճանալու և Սոնայի նախանձը շարժելու համար: Բա՛հ, միթե մե՞ ղք չի սրբի մասունքի մոտ ծիծաղել ու հրհռալը: Բայց ի՛նչ լավ սազ է գալիս այդ զվարճությունը ջահիլ աղջիկներին վանքի կանաչ գավթում», այդ մամռապատ քարերի շուրջը, այդ վայրենի թփերի մոտ: Մռայլ երկյուղածության զգացումը Սոնայի սրտում տեղի էր տալիս նախանձի զգացմանը: Հասակակիցների անզուսպ զվարճությունը նրան թվում էր իբրև մի տեսակ նախատինք, որ նա ցավագար է, աստծուց պատժված, մարդկանց երեսից գրկված:

Ճաշից հետո, ուխտավորները, իրանց իրեղենները թողնելով վանքում, ցրվել էին գյուղից դուրս զբոսնելու: Գիժ-Դանելը գնացել էր վանքից ոչ հեռու գտնվող մի ձորակի աղբյուրից ջուր բերելու: Սոնան իր մոր հետ բարձրացավ մի փոքրիկ դալարազարդ բլրակի վրա և այնտեղից նայում էր հեռավոր ձյունագագաթ լեռներին: Վանքի պատի առջև նկարվեց մի տղամարդի կերպարանք: Սոնան իսկույն շալը քաշեց երեսին: Մի քանի վայրկյան անցած, կրկին երեսը բաց արավ: Այս անգամ ճանաչեց այն բարեսիրտ ձիավորին, որ նախընթաց օրը առաջարկում էր նրանց սայլը նստել: Գդակը դարձյալ ծուռ դրած, մի ձեռը հենած դաշույնի դաստապանին, մյուսը ` դրած դեղնագույն չուխայի տակ, համարձակ աչքերով նայում էր Սոնային: Երբեմն շփում էր իր բարակ ընչացքը և նայում կրծքին, կարծես, ինքն իրանով հիանալով: Եվ իրավունք ուներ հիանալու: Նրա բարձր հասակը, առույգ դեմքը և առողջ կուրծքը միասին գումարած տեղական չափահաս աղջիկների համար ներկայացնում էին մի գրավիչ փեսացու քսանուվեց տարեկանից ոչ ավելի: Սոնան դարձյալ երեսը ծածկեց: Երիտասարդը տեսնելով, որ աղջիկն ամաչում է, համեստությամբ հեռացավ և թաքնվեց պատի ետևում:

Այդ միջոցին գիժ-Դանելը սառը ջրով լի կուժը իր կիսամերկ ուսի վրա դրած, մոտենում էր վանքին: Սոնան նրա դեմքի վրա նկատեց մի խորամանկ ժպիտ, որի նմանը առաջին անգամն էր արտահայտում այդ դժբախտ դեմքը: Երբ մայր ու աղջիկ վերադարձան վանքի գավիթը, գիժ-Դանելը գավազանը սազի պես կրծքին բռնած, երգում էր: Տեսնելով հացթուխին, վազեց առաջ և սկսեց նրա հետ շշնջալ: Նա խոսում էր դեղնագույն չուխավոր երիտասարդի մասին: Պնդում էր, թե այդ երիտասարդը շատ է հավանել Սոնային և մտքում դրել է նրան ուզել: Առաջին անգամ Սոնային տեսել է փողոցով անցնելու ժամանակ, դռների միջով, երբ Սոնան իրանց տան գավիթը ավլելիս է եղել: Նա հարցրել է անծանոթ աղջկա մասին իր տնեցիներին: Ոչ ոք չի ճանաչել: Մի անգամ էլ երիտասարդը նույն փողոցով անցնելիս, տեսել է, որ Դանելը դուրս է գալիս այդ տնից: Նա հարցրել է Դանելին, և «ասլանը» այնքան գովել է Սոնային, որ Մուրադի «աչքերը պսպղել են»:

– Ես քեզ ասում եմ գժվել է, գժվել, – ավարտեց խենթը խոսքը, ձեռը բարեկամաբար խփելով հացթուխի ուսին: – Այսօր էգուց մարդ կուղարկի, էլ չի համբերիլ…

Մի ժամ հետո խցի առջևով անցան երկու կին – մեկը պառավ, մյուսը դեռ երիտասարդ – և հետաքրքրությամբ նայեցին Սոնային: Խենթը ասաց հացթուխին, որ պառավը Մուրադի մայրն է, իսկ երիտասարդը – եղբոր կինը:

Հացթուխը վերջին անգամ աղոթեց վանքում և Սոնայի հետ ճանապարհ ընկավ դեպի քաղաք: Խենթը նրանց ուղեկցում էր: Նա շարունակ խոսում էր Մուրադի մասին, գովում էր նրա խելքը, գեղեցկությունը, տունուտեղը: Մինչև այդ ժամանակ խոսում էր բոլորովին առողջ մարդու պես: Հենց որ բարձրացավ ճանապարհի վրա գտնվող մի մեծ բլուրի գագաթր, որտեղից երևում էր քաղաքի շրջակայքը, գիժը հանկարծ փոխվեց: Նա ընդհատեց իր խոսքը, ձեռով ցույց տվեց քաղաքից երկու վերստաչափ հեռու գտնվող գերեզմանատունը և աղաղակեց,

– Այնտեղ է, ա՛յ այնտեղ…

Վազեց առաջ, գավազանը բարձր բռնած, գազանի պես մռնչյուններ արձակելով: Առաջին անգամն էր Սոնան խենթին տեսնում այնպես կատաղած: Նա չվախեցավ: Հարյուր քայլաչափ վազելուց հետո գիժ-Դանելը կանգնեց և, գավազանը գլխի վրա հորիզոնաձև բռնած, խոշոր քայլերով մոտեցավ իր ուղեկիցներին, արտասանելով.

– Յ ա՛ , սուրբ Կարապետ, յա՛ , սուրբ Կարապետ…

Նա իրանից ձևացնում էր մի լարախաղ, աչքերը հառած դեպի մի որոշ կետ և ուսերը շարժելով: Սոնան նայում էր նրան, արտաքուստ ժպտում, ներքուստ ցավում: Ինչո՞ւ այդ մարդը պատժվել է աստծուց, մի՞թե նա էլ մեղք է ունեցել: Զգում էր, որ խենթի հոգեկան հիվանդությունը ունի պատճառ: Բայց թե ինչ էր – չգիտեր և չէր համարձակվում ակնարկել անգամ: Միայն, երբ խենթը մոտեցավ, Սոնան հարցրեց.

– Դանել ապեր, հիմա գիշերները ո՞րտեղ ես քնում:

– Ժամհարի մոտ:

– Ինչո՞ւ եղբորդ որդիների տանը չես քնում: Խենթը, պատասխանի փոխարեն, սկսեց երգել մի պարսկերեն երգ, ամեն տնից հետո կրկնելով.

Внимание! Это не конец книги.

Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!

Страницы книги >> Предыдущая | 1 2
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации