Электронная библиотека » Նար-Դոս » » онлайн чтение - страница 2

Текст книги "Քնքուշ լարեր"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:18


Автор книги: Նար-Դոս


Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 10 страниц) [доступный отрывок для чтения: 3 страниц]

Шрифт:
- 100% +

Գ
ԵՐԿՈԻ ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՈԻՀԻՆԵՐԸ

Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում Էին ժպտալ միմյանց աչքերին: Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց:

– Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե, – ասաց իշխանուհի Մելիքյանը, – և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց:

– Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել, – ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ… Ա՛խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու… հարցնելու միմյանց, այդպես չէ՞… Ե՛կ մեր օթյակը, Սոֆիա… Դու մենա՞կ ես եկել:

– Ինչպես տեսնում ես, – պատասխանեց իշխանուհի Մելիքյանը, – ժպտալով:

– Ուրեմն ե՛կ մեր օթյակը: Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ:

Իշխանուհի Մելիքյանը, ո՛ր մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո` դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում:

Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարությամբ, որ գրեթե սառն ընդունելության էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում:

Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա:

– Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե, – ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով պենսնեն ձեռքին պտտեցնել: – Շնորհավորում եմ:

– Օ՛, իհարկե, ես չէի կարող միշտ օրիորդ մնալ, – պատասխանեց տիկին Հարունյանն ուրախ ծիծաղելով և նստելով նրա մոտ, յուր աթոռի վրա:

– Ահա հինգերորդ տարին է, ինչ ես ամուսնացած եմ, և այժմ մի փոքրիկ սիրուն աղջկա մայր եմ… բացի դրանից, պետք է ասեմ, որ ես երջանիկ եմ և այն կողմից, որ իմ ամուսնուց շատ գոհ եմ:

Իշխանուհին նշանավոր կերպով ժպտաց այդ խոսքերի վրա և նայեց պարոն Հարունյանին, որ նույնպես ուշադրությամբ նայում էր այդ գեղեցիկ կնոջը:

– Տեսնում եք, ո՛րպես ձեր կինը գովում է ձեզ, պարոն Հարունյան, – ասաց նա նրան մի այնպիսի եղանակով, որ կարծես նրա հետ երկար ժամանակից ի վեր և մոտ հարաբերություն ուներ: – Նայելով ձեր բարի և խելացի դեմքին, ես չեմ կարծում, որ ձեր կինը չափազանցնելիս չինի, և կարծում եմ, որ դուք նույնքան գոհ պիտի լինեք նրանից, որքան և նա ձեզանից:

Պարոն Հարունյանին թեպետ դուր չեկավ այդ ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ բառերը փորձող ու իրեն բարձր բռնող մարդու հանձն ապաստանությամբ, մանավանդ նոր ծանոթի վերաբերությամբ, որպիսին էր ինքը, – բայց և այնպես, զգալով նրա մի առանձին կերպով ժպտող գեղեցիկ աչքերի խոր ազդեցո՛ւթյունը, պատասխանեց նույնպես ժպտալով

– Դուք այսուհետև այդ բանի մեջ համոզված կարող եք լինել, իշխանուհի:

– Բայց ե՞րբ ես եկել, Սոֆիա, մոռացա հարցնել, – հանկարծ հարցրեց տիկին Հարունյանը, որ դարձյալ շարունակում էր կարոտալից նայել իշխանուհի-ընկերուհու աչքերին:

– Այս երրորդ օրն է, ինչ ես Թիֆլիսումն եմ:

– Մենա՞կ ես եկել Պետերբուրգից… ամուսինդ ո՞րտեղ է:

Իշխանուհի Մելիքյանը հայտնեց, որ ահա հինգերորդ տարին է գնում, ինչ յուր ամուսինը մեռել է թոքախտից: Այդ բանը շատ վշտացրեց տիկին Հարունյանին և սաստիկ կոտրեց նրա ուրախ տրամադրությունը: Նա ծանոթացել էր Սոֆիայի երիտասարդ իշխան-ամուսնու հետ, երբ նրանք դեռ նշանված էին: Նա շատ ափսոսաց և հայտնեց յուր անկեղծ ցավակցությունը, բայց մի բան, որ շատ զարմացրեց նրան, այդ իշխանուհու անտարբերությունն էր, որով նա հաղորդեց յուր ամուսնու մահը, կարծես այդ հասարակ և իրեն չվերաբերող մի դեպք լիներ: Ոչինչ ակնհայտի պատճառ չգիտենալով, նա ստիպված էր այդ վերագրել ավելի ժամանակին, որ գուցե մոռացնել էր տվել նրան այդ վիշտը, քան նրա անտարբերությանը դեպի ամուսնու հիշատակը:

Այնուհետև իշխանուհին սկսեց պատմել յուր անցյալից, յուր ճանապարհորդությո՛ւնից, յուր Պետերբուրգում վարած կյանքից: Նա հայտնեց, թե ինչու համար է եկել Թիֆլիս և որքան ժամանակ է մտադիր այնտեղ մնալու: Նա այդ բոլորը պատմում էր իրեն հատուկ անսխալ արագախոսությամբ և ազնվական քաղաքակիրթ կնոջը վայել համարձակությամբ ու միմիկաներո՛վ: Նայելով ընդ նմին երբեմն տիկին, երբեմն պարոն Հարունյանին:

Վերջինս նստած բոլորովին հանդարտ, ըստ երևույթին, լսում էր նրան հետաքրքրությամբ, բայց նա իսկապես զբաղված էր այն մտքով, թե ի՛նչ տեսակ կին էր այդ կինը: Տակավին յուր կյանքի մեջ նա այդպիսի չքնաղ, համարձակ, շարժուն և ոչ մի բանից չքաշվող կին չէր տեսել: Մանավանդ նրան հիացնում էին նրա երկար թերթերունքներով կրակոտ, թուխ աչքերը, որոնց երբեմն յուր վրա գցած թափանցող հայացքներին նա հազիվ էր կարողանում դիմանալ, չնայելով յուր բոլոր սառնությանն ու անտարբերությանը: Այդ չքերի մեջ նա զգում էր անհաղթ համարելի մի տեսակ ուժ, որ կոչվում էր «կնոջ ուժ», այնպես որ, նա կարծում էր, եթե այդ աչքերը խլեին նրանից և դրանց տեղը դնեին ուրիշ աչքեր, նրա գեղեցկության ազդեցությունը ավելի քան կիսով չափ կթուլանար: Հենց առաջին հայացքից այդ աչքերը նրան վտանգավոր թվացին: Բայց մի բան նրան բո՛լորովին զարմանալի և անհասկանալի էր – այն է` թե ինչու այդ կինը նրան այդպես արտասովոր կերպով է նայում, նրա հայացքները, կարծես, նրան փորձում: Զննում, քննում էին… Եթե նա այդ վերագրում է նրա սովորությանը, առանձնահատկությանը, բայց այդ միևնույն աչքերը նայում էին յուր կնոջը կամ ուրիշներին սովորական կերպով, եթե վերագրում է նրա նոր ծանոթությանն, երբ առհասարակ նոր ծանոթներն առաջին անգամ սկսում են միմյանց խոր դիտել, որպեսզի լավ տպավորեն իրենց մեջ միմյանց կերպարանքը, բայց նրա հայացքները չափից անցնում էին… Ինչևիցե: Բայց բանը սրանումն է, որ այդ միևնույնը զգում էր և՛ յուր վերաբերությամբ դեպի նա: – նա չէր կարողանում նայել այդ գեղեցիկ կնոջը սովորական կերպով: Ակամայից, ինքն էլ չհասկանալով թե ինչու, նա կամենում էր միշտ նայել նրա կրակոտ, թուխ աչքերին…

Օրկեստրն արդեն լռել էր: Ներկայացման նշանակյալ ժամանակամիջոցը լրացել, և վերնահարկն անհամբերությամբ ծափահարում էր: Լսվում էր և մի քանի ձեռնափայտերի թխկթխկոց հատակի վրա, չնայելով, որ այդ արգելված է, որպեսզի թատրոնում թոզ չբարձրանա: Հնչվեցավ փոքրիկ զանգակի ձայնը, որ արդեն երրորդ անգամն էր, և վարագույրը բարձրացավ:

Իշխանուհի Մելիքյանը, շատ բան, հետևաբար և անթիվ այդպիսի ներկայացումներ տեսածի նման, մի անգամ նայեց բեմին և, այնտեղ տակավին ոչինչ չգտնելով, շարունակեց ցած ձայնով յուր զրույցը տիկին Հարունյանի հետ: Իսկ պարոն Հարունյանը, որքան էլ աշխատում էր յուր աչքերն ու ո՛ւշքն ու միտքը կենտրոնացնել բեմի վրա, այնուամենայնիվ չէր կարողանում երբեմն իշխանուհուն չնայել և չպատասխանել նրա մի քանի հարցերին հայոց թատրոնի վերաբերությամբ, որի մասին այդ հայ քաղաքակիրթ կինը գրեթե ոչինչ տեղեկություն չուներ: Պետք է ասած, ի դեպ, օր իշխանուհին շատ քիչ էր հետաքրքրվում այդպիսի գործերով ընդհանրապես և հայոց այդպիսի հիմնարկություններով՝ մասնավորապես: Բայց ի՞նչպես էր եղել, որ այդ գիշեր նա եկել էր թատրոն և այն էլ հայ թատրոն: Իհարկե, «բարեգործական նպատակը» չէր լինիլ դրա պատճառն, այլ նա եկել էր կամ մենակությունից ձանձրանալով, կամ ցույց տալու յուր խոշոր գեղեցկությունն, ինչպես այդ հատուկ է ընդհանրապես նրա նման կանանց:

Խաղամիջոցի ժամանակ պարոն Հարունյանը շաքարեղեն աոաջարկեց իշխանուհուն ու կնոջը, իսկ ինքը դուրս գնաց ծխախոտ ծխելու: Սրահում կանգնած՝ նա ծխախոտ էր ծխում և անուշադիր կերպով նայում էր առջևը զբոսնող ժողովրդին: երբ տեսավ յուր առաջ իշխանուհուն և կնոջը` միմյանց թևթևի տված:

– Ի՞նչ եք այդպես խոր մտածում, պարոն Հարունյան, – ասաց իշխանուհին ժպիտը դեմքին, նայելով նրա աչքերի մեջ:

Պարոն Հարունյանն ակամայից, բայց աննկատելի կերպով շփոթվեց նրա հանկարծակի հայտնվելուց և առավելապես նրա ժպտող գեղեցիկ աչքերից, որո՛նք կարծես ուզում էին թափանցել նրա ներսը և իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ այդ րոպեին:

– Ոչինչ, – պատասխանեց նա մեքենայաբար:

– Ես կարծում էի, թե խաղը ձեզ վրա ազդել է:

– Ոչ, – նույն կերպով պատասխանեց պարոն Հարունյանը:

Այդ պատասխանը բավական կոպիտ թվաց իշխանուհուն, եթե պարոն Հարունյանն ազնիվ և պատկառելի տեսք չունենար, նա կկարծեր, որ յուր առաջ կանգնած է մի անտաշ, անքաղաքավարի մարդ, որ չգիտե, թե նրա պես մի իշխանազն գեղեցիկ կնոջ հետ ինչպես պետք է խոսել: Նա աչքերն յուր սովորության համեմատ կիսախփեց և խոր նայեց պարոն Հարունյանի դեմքին, կարծես ստուգելու համար, որ չլինի թե իսկապես նա անտաշ, անքաղաքավարի մարդ է, բայց, ըստ երևույթին, ոչինչ հետևանքի չհասնելով, նա նորից ժպտաց և ասաց.

– Կարելի է ասել, որ ես առաջին անգամն եմ տեսնում հայերեն ներկայացում, և պետք է ասած, որ ձեր այս դերասանները բավական լավ խաղում են… ես գոնե այս հույսը չունեի հայ դերասաններից:

– Սրանք մշտական խմբի դերասանները չեն, իշխանուհի, – պատասխանեց պարոն Հարունյանը, – սրանք թատրոնասերներ են:

– Մի՞թե, – զարմացավ իշխանուհին: – Եթե թատրոնասերներն այդքան գեղեցիկ են խաղում, ուրեմն կարելի է ևրևակայել, թե մշտական խմբի դերասաններն ի՞նչպես կխաղան:

– Շատ անգամ դրանցից վատ, իշխանուհի, որովհետև այդ արվեստը թատրոնասերները հազարապատիկ ավելի լավ են հասկանում, քան մշտական խմբի շատ դերասանները, որոնք մեծ մասամբ զուրկ են բեմական արվեստի մի որևէ ընդունակությունից:

Խոսակցությունն անցավ օտարազգիների թատրոնական գործի մասին: Իշխանուհին թվեց եվրոպական մի քանի հռչակավոր դերասանների և դերասանուհիների անուններ, որոնց խաղին անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս, նա խոսեց և դրանց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ: Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին: Նա խոսում էր այնքա՛ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր:

– Ինչո՞ւ, – զարմացած հարցրեց իշխանուհին:

– Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել:

– Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա:

Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»:

Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին:

– Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան, – հարցրեց նա: – Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է:

– Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի, – պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը: – Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք:

Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ` նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից: Բայց նա ոչինչ չգտավ պատասխանելու և մնաց լուռ: Լուռ էին և Հարունյանները: Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին: Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը: Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ…

Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել, բայց միևնույն ժամանակ նա մութ կերպով զգում էր, որ յուր մեջ ինչ-որ կատարվում էր, ներքին կռվի նման մի բան, մի շատ աղոտ բան, այնպես որ, նույն րոպեին նա հազիվ կարողանար հաշիվ տալու իրեն, թե ինչ է իսկապես…

Ներկայացումը վերջացավ: Բաժանվելիս՝ Հարունյաններն, առավելապես տիկինը, խնդրեցին իշխանուհի Մելիքյանից, որ գա հետևյալ օրն իրենց տունը, շնորհ անե, որի համար և նրան տվին իրենց հասցեն: Իշխանուհին համաձայնեցավ:

– Առանց ձեր խնդրելու էլ ես նեղություն պիտի տամ Ձեզ, – ասաց նա ծիծաղելով և սեղմելով նրանց ձեռքը: – Բացի ձեզանից ես այստեղ, կարելի է ասել, ուրիշ ոչ մի բարեկամ չունիմ և այդ պատճառով ձեզ հանգստություն չպիտի տամ իմ այցելություններով, ինչպես, իհարկե, և դուք ինձ:

– Մեր տան դռները ձեր առաջ միշտ բաց կլինեն, իշխանուհի, – ասաց պարոն Հարունյանը, որի իշխանուհու խոսքերն և՛ ուրախություն պատճառեցին, և՛ մի տեսակ բան, որ ավելի մի անորոշ, մութ երկյուղի էր նման:

Իշխանուհին նրանց բարի գիշեր մաղթեց և նստեց յուր սեփական գեղեցիկ կառքը, որ սպասում էր նրան թատրոնի դռների մոտ: Ծեր կառապանն իսկույն մտրակեց ճարտուկ, անհանգիստ նժույգներին, և կառքը փափուկ, թեթև կերպով առաջ սլացավ:

Հարունյանները նույնպես մի կառք նստեցին և գնացին իրենց տուն:

Դ
ՄԻ ՈԻՐԻՇ ՀՅՈԻՐ

Հետևյալ օրը շաբաթ էր և տոն: Հարունյաններն սպասում էին իրենց թանկագին հյուրին, բայց նա ուշանում էր Տիկին Հարունյանն այդ օրը շատ ուրախ էր, նա անդադար դուրս ու տուն էր անում, համբերությունից դուրս էր գալիս, թե ինչո՛ւ յուր սիրելի ընկերուհին այնպես ուշանում է: Ըստ երևույթին, պակաս ուրախ տրամադրության մեջ չէր և պարոն Հարունյանը: Ամեն օր միշտ լուրջ և զգաստ լինելով, այդ օրը նրա դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, որ նրա ազնիվ դեմքին մի տեսակ փայլ և պայծառություն էր տալիս: Չնայելով, որ նա առաջ էլ խաղում էր յուր սիրելի փոքրիկ Հայկանուշի հետ, բայց այդ օրը կրկնապատկել էր յուր խանդը դեպի նա: Նա մինչև անգամ իրեն գազան կամ մի ուրիշ բան էր ձևացնում, որի վրա երեխան շատ ուրախանում էր ու կրկչում: Պարոն Հարունյանն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու այդ օրն յուր սովորական դրությունից դուրս էր եկել, այս միայն նա գիտեր, որ մեկին սպասում էր: Լա՛վ, ի՞նչ անենք որ… Մի՞թե առաջին անգամն է այդ, որ նա մեկին սպասում է… Ինչո՞ւ ուրիշներին սպասելիս նա միևնույն այդ ուրախ տրամադրության մեջ չէր լինում… կամ ո՞վ է նա, որին այսօր սպասում է. ի՞նչ պիտի բերե նա նրա համար, ի՞նչ մի լավ բան, ի՞նչ մի ուրախալի լուր, որից հենց առաջուց նրա սիրտը ցնծում է: – Նա մի նոր ծանոթ է, ուրիշ ոչինչ, և միայն հյուր պիտի գա նրանց մոտ: Դեհ, շա՛տ բարի, ուրեմն էլ ի՞նչ կա այդտեղ այդպես ուրախանալու, ցնծալու… Հյուր է գալու, թող գա և գնա, պրծանք, գնա՛ց: Հարյուրավոր հյուրերի է սպասել նա, բայց երբեք նրա տրամադրությունն այդպես չի լարվել… Սակայն, ո՛չ – այդտեղ մի ուրիշ բան կա… մի անբացատրելի բան, մի մութ բան, որի մեջ, որպես երկու փայլուն աստղեր, վառվում, շողշողում են երկու կրակոտ աչքեր… որի մեջ, որպես գարնանային երկու միանման թարմ, կարմիր թագուհի վարդեր, սաստիկ վառվում են երկու սիրուն գեղաժպիտ այտեր… վերջապես, որի մեջ, որպես անտառի ուշագրավ հեզասաղարթ շշնջյուն, լսվում է մի հրապուրիչ, քաղցրիկ ձայն…

Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ` նույն օրվա լրագրի համարը ձեռքին: Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա: Նրա երևակայությունը հափշտակված էր…

– Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս, – հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից:

– Իշխանուհի՞ն, – մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վայր թողնելով: Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ:

– Այո: Շուտով ժամի տասը կլրանա:

– Ժամի տա՞սը, մի՞թե… իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ, – ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով,

– Ո՞ւր:

– Մեկի մոտ կարևոր գործ ունիմ: Զարմանալի է, ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին:

– Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն:

– Ոչ մի կերպ, սիրելիս… Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով… Մի քանի խոսելու բան ունինք միայն:

Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց:

– Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.

– Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է…

– Արմենա՛կը, – կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ: Չանցավ մի քանի վայրկյան – մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը:

– Նո՛ւնե, Նո՛ւնե… – կանչեց նորեկն անպատմելի և անդրի անցանելի ձայնով:

– Արմենա՛կ նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը:

Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է – այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության առաջին րոպեն է: Ամենայն դեպքում այդ րոպեն սուրբ է, ամենանվիրականը մարդու կյանքի մեջ: Այդ րոպեում, կրկնում ենք, ամեն բան մոռացվում է, և մարդ անմեղ մանկան է նմանում, թեկուզ ամենածանր վիշտ կրծելիս լինի նրա սիրտը, այդ րոպեին ոչինչ լավ է զգացվում, կարծես, այդ վիշտը չքանում է բոլորովին: Նրա սիրտն ակամայից հուզվում է, ցնծում է, թրթռում է, նրա աչքերում ակամայից արցունքի կաթիլներ, երջանիկ արցունքի կաթիլներ են ցոլում և առաջին բառը, որի արտասանության համար կա միայն մի բնական եղանակ, որ ոչ երաժշտական խազերով կարելի է արտահայտել և ոչ մեռած բառերով լինում է յուր սրտակցի անունը: Տիկին Հարունյանն էլ էր սաստիկ սիրում էր յուր տագրին, այդ րոպեին բոլորովին մոռացել էր իշխանուհի Մելիքյանին, որին մինչև այդ րոպեն այնքան անհամբերությամբ սպասում էր: Նրա սերն այնքան մեծ ու անկեղծ էր դեպի յուր տագրը, որ առանց քաշվելու նա ուղղակի փաթաթվել էր նրա վզովն, և, անդադար կրկնելով նրա անունը, սեղմում էր նրան յուր կրծքին: Վերջապես նա ամուր համբուրեց նրա արևից այրված լայն ճակատը, որի վրայից ետ էր ընկել գլխարկն, և բաց թողեց նրան:

Արմենակը (մենք այսուհետև նորեկ երիտասարդին այսպես կկոչենք) իսկույն առավ նրա փոքրիկ, քնքուշ ձեռքերն և համբույրներով ծածկեց նրանց:

– Նո՛ւնե, ի՞նչպես ես, – կանչեց նա. – քանի՞ ժամանակ է չենք տեսել միմյանց, ամբողջ երկո՛ւ տարի… Եղբայրս ի՞նչպես է… փոքրիկ Հայկանուշն ի՞նչպես, նա այժմ մեծացած կլինի…

– Ամոնքս ողջ և առողջ ենք, Արմենա՛կ… դու ի՞նչպես ես… ի՞նչպես վերջացավ հարցաքննությունդ, ավարտեցի՞ր…

– Արդե՛ն, արդե՛ն, սիրելի Նունե… Արդեն թափեցի վրայիցս ո՛ւսանողական փոշին…

– Եվ այժմ համալսարանական ես և իրավաբա՞ն… Ա՛խ, ո՛րքան ուրախ եմ, Արմենակ… Ստեփաննոսն էլ ո՛րքան կուրախանա… Ա՛խ, երանի՛ փոքր-ինչ վաղ գայիր, նա գնաց դուրս… բայց ինչո՞ւ դու այդպես հանկարծ եկար և գալուդ մասին հեռագրով իմացում չտվիր, ինչպես այդ արել ես միշտ:

– Որովհետև ես կամեցա մեր տեսակցության այս քաղցր րո՛պեն ավելի քաղցրացնել և անցյալ տարվա ջիգրը հանել, որ այն ժամանակ չկարողացա գալ: Եվ ահա երկու տարվա կարոտն ես այժմ եմ հանում… Ա՛խ, Նո՛ւնե, ո՛րքան գեղեցկացել ես այժմ, ո՛րքան քնքշացել ես, – վերջապես կանչեց նա հիացած, բռնած ունենալով նրա ձեռքերն սիրով ու կարոտով նայելով նրա գեղաժպիտ աչքերի մեջ:

– Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում:

– Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին էր, մի րոպե հանգստություն չունեի… Բայց այդ մասին հետո, հետո: Առայժմ… ա՛խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա:

– Դայակի մոտ է… Ահա նա:

Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից` ներս մտավ սենյակը:

Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը: Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է:

– Որքան մեծացել է, Նունե… ինձ չէ ճանաչում չարը: Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում, ես ո՞վ եմ:

Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա:

– Արմենակը, Արմենակը, Հայկանուշ, – հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան:

– Ալմա՞կը, – թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին:

– Հա՛, չար, Ալմակը, – կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից: – Այդպես շուտ սովորիր անունս: Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք, դեռ մի իրեղեններս ներս բերենք: Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են:

– Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ:

– Ոչի՛նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի: Այնքան շատ բան չունեմ, գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ:

– Ո՛ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ: Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես:

Ա՛խ բոլորը միևնույն է ինձ համար:

Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց: Նրան հետևեց և տիկին Հարունյանը: Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում: Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը: Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն:

– Ա՛խ, ինչպե՛ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք, – կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը:

– Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ. իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր, – ավելացրեց նա շտապով, – Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու:

Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից:

Ե
ՈԻՐԱԽ ՕՐ

Արմենակն, ինչպես արդեն ասացինք, պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր: Մեծ եղբորից նա փոքր կլիներ ոչ ավելի, քան ութ տարով և շատ նման էր նրան, բայց նա չուներ յուր մեծ եղբոր երկար մորուքն և ավելի ազատ էր խոսակցության ու շարժումների մեջ: Հակառակ յուր մեծ եղբոր՝ նա շատ դյուրագրգիռ և տաքարյուն բնավորություն ուներ, ինչպես որ լինում են ընդհանրապես բոլոր երիտասարդները, մանավանդ ուսանողները: Երկու եղբայր միմյանց չափից դուրս սիրում էին և եղբայրական այդ անկեղծ սերը կարող էր շատ շատերին բարի օրինակ դառնալ: Նշանավորն այն էր, որ այդ սերը նրանց մեջ մնացել էր դեռ վաղ մանկությունից և պահվել էր նրանց սրտում մի այնպիսի անարատությամբ, որպիսին եղբայրների մեջ առասպելական պետք է համարել… Մինչև այդ հասակը նրանց մեջ մի չնչին երկպառակության, մի չնչին տարաձայնության նշան չէր երևացել երբեք: Ծնողների մահից հետո Ստեփաննոսն յուր հոգաբարձության ներքո էր վերցրել յուր կրտսեր եղբորը: Ծնող հայրը չէր կարող այնպես հոգ տանել յուր հարազատ որդու դաստիարակության վրա, ինչպես այդ անում էր Ստեփաննոսը յուր կրտսեր եղբոր վերաբերությամբ: Երբ Արմենակն ավարտեց գիմնազիոնը, Ստեփաննոսը, տեսնելով նրա մեջ սեր և ընդունակություն դեպի ուսումը, ուղարկեց նրան համալսարան` ուսումը շարունակելու իրավաբանական բաժնում: Եվ այժմ, երբ մենք ծանոթանում ենք նրա հետ, ավարտել է ուսումը:

Ծառայի օգնությամբ նա լվացվեցավ. հետո հագուստը փոխեց և կես ժամից հետո՝ արդեն բոլորովին պատրաստ և հայելու առաջ կանգնած` սանրվում էր, երբ ներս վազեց տիկին Հարունյանը:

– Արմենա՛կ, – կանչեց նա, – վերջացրի՞ր, հագա՞ր… Եկ գնանք: Ես քեզ կամենում եմ ծանոթացնել մեր այսօրվա թանկագին հյուրի հետ:

– Այդ ի՞նչ թանկագին հյուր է, Նունե:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյան, եթե ճանաչում ես… կամ լսել ես: Նա մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն… – հանկարծ զարմացմամբ կանչեց Արմենակը, որ, ըստ երևույթին, բոլորովին չէր սպասում այդ բանը: Նա դադարեց սանրելուց և զարմանքից չռած աչքերով նայում էր յուր հարսի ժպտող դեմքին:

– Իշխանուհի Սոֆիա Մելիքյա՞ն, ասում ես…

– Ի՞նչ պատահեց քեզ, Արմենակ, – պակաս զարմացմամը չհարցրեց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ինչո՞ւ այդպես զարմանում ես… Այո՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյան: Չլինի՞ թե բան գիտես նրա մասին…

– Բայց նա ո՛վ, մենք ո՛վ, որ մեր տուն հյուր է եկել:

– Նա իմ նախկին գիմնազիոնական ամենասիրելի ընկերուհին է: Մինչև այժմ Պետերբուրգումն էր լինում յուր իշխան ամուսնու հետ, որ սրանից հինգ տարի առաջ մեռել է թոքախտից, իսկ այժմ եկել է այստեղ յուր կալվածքներն աչքի անցնելո՛ւ: Երեկ գիշերը թատրոնում անսպասելի կերպով պատահեցի նրան ու խնդրեցի, որ այսօր մեր տուն շնորհ բերե, և նա այժմ եկել է: Դու նրան ճանաչո՞ւմ ես, Արմենակ:

– Այո՛… այնպես… Անունն այնտեղ շատ եմ լսել… նրան տեսել էլ եմ. բավական և, կարելի է ասել, անզուգական գեղեցկուհիներից մեկն է… Ամբողջ Պետերբուրգն, ինչպես ես էի լսում, հիացած էր նրա գեղեցկությամբ:

– Բայց ինչո՞ւ նրա անունը լսելուն պես դու այնպես զարմացար:

– Իհարկե կզարմանայի, ես բոլորովին չէի կարծում, որ նա այստեղ է կամ կարող է այստեղ լինել, մանավանդ, երբ դու ասացիր, որ նա քո նախկին ամենասիրելի ընկերուհին է և այժմ մեր տանն է:

– Այո՛, մեր տանն: Դե՛հ, շուտով վերջացրու, և գնանք, նա սպասում է:

Արմենակն արդեն վերջացրեց, հագուստն ուղղեց և առնելով յուր հարսի թևը, դուրս գնաց նրա հետ:

Իշխանուհի Մելիքյանը կանգնած էր սեղանի մոտ և ալբոմը ձեռքին թերթում էր, երբ տագր ու հարս ներս մտան հյուրասենյակը: Նրանց մտնելուն պես իշխանուհին վայր դրեց ալբոմը և շուռ եկավ:

Տիկին Հարունյանն Արմենակին ներկայացրեց իշխանուհուն, որ, ըստ յուր սովորության, պենսնեի միջից նախ լավ զննեց յուր նոր ծանոթին:

– Կարծեմ: ես ձեզ տեսել եմ, – ասաց նա յուր մշտական սիրալիր ժպիտով և ավելի խոր նայելով Արմենակին: – Ձեր դեմքը ինձ ծանոթ է թվում:

– Շատ կարելի է, իշխանուհի, – պատասխանեց Արմենակը, փոքր-ինչ շփոթվելով նրա սուր, թափանցող հայացքի տակ, – որովհետև ես ևս ձեզ տեսնելու պատիվն եմ ունեցել: Դուք ինձ տեսած կլինեք Պետերբուրգում Պետրովների հետ…

– Պետրովների՞… այսինքն դուք ուզում եք ասել Պետրովի հետ, գվարդիայի կապիտան Պետրովի հետ, – հարցրեց շտապով իշխանուհին, որի դեմքի վրայով, Պետրովներ անունը լսելուն պես` բարկության արտահայտության նման մի բան վազեց:

– Նրանք երկու եղբայր են, իշխանուհի, մեկը – գվարդիայի կապիտան, որին դուք եք շնորհ անում ասել, իսկ մյուսն – ուսանողը, որ համալսարանում իմ սրտակից և ամենալավ ընկերն էր և որ ինձ հետ միասին ավարտեց:

– Ուրեմն դուք այդ Պետրովների բարեկա՞մն եք:

– Միայն ուսանողինը. իսկ գվարդիայի կապիտանի հետ նոր եմ ծանոթացել յուր եղբոր միջնորդությամբ և նրա հետ այնքան մոտ հարաբերություն չեմ ունեցել:

– Ա՛… – երկարացրեց իշխանուհին մի տեսակ խոր նայելով նրան:

– Ո՞վ է այդ գվարդիայի կապիտան Պետրովը, – հարցրեց տիկին Հարունյանը, որը ոչինչ չէր հասկանում նրանց խոսակցությունից:

Տիկին Հարունյանն յուր այդ հարցով դարձավ իշխանուհուն, բայց վերջինս կամ չլսեց, կամ եթե լսեց էլ, չպատասխանեց, որովհետև այդ ժամանակ նա մի տեսակ փոխվեց, թեպետև աննշան կերպով, և այդ փոփոխությունը նկատելի եղավ միայն Արմենակին, որ յուր կողմից դեռ մի քանի վայրկյան խոր զննեց նրան, և երևի հասկանալով կամ վաղուց հասկանում էր այդ փոփոխության պատճառը – շտապեց նրա տեղ պատասխանելու տիկին Հարունյանի հարցին:

– Գվարդիայի կապիտան Պետրովն, ինչպես արդեն կոչումը ցույց է տալիս, մի աստիճանավոր է, որ հայտնի է Պետերբուրգի բարձր շրջաններում յուր ազատ, բաց բնավորությամբ և բազմաթիվ սիրային արկածներով, որի համար և այնտեղ նրան Դոն-ժուան են կոչում… նրա եղբայրն, ուսանողը, որ, ինչպես ասացի…

Նա չվերջացրեց յուր ասելիքն և մի վայրկյան ականջ դնելով նախասենյակում խոսակցության ձայնին, լսեց յուր եղբոր ձայնը, որ, ինչպես երևում էր, ծառայի հետ էր խոսում: Այդ ձայնը ճանաչելուն պես նա իսկույն ուրախությամբ վազեց դեպի դուռն, այնինչ դուռը բացվեցավ, և շեմքի վրա երևաց պարոն Հարունյանը:

– Եղբայր, – կանչեց Արմենակը փարելով նրա վզովն և համբուրելով նրան:

– Արմենա՛կ… – կանչեց յուր կողմից պարոն Հարունյանը գրկելով նրան: – Ծառան այժմ ինձ ասաց, որ դու եկել ես, բայց ես չէի ուզում հավատալ…

– Ինչո՞ւ:

– Որովհետև գալուդ մասին իմացում չէիր տվել, և ես կարծում էի, որ տակավին ուշ կգաս:

– Դու իրավունք ունիս. Նունեն էլ միևնույնն է կարծելիս եղել:

Պարոն Հարունյանն առաջ եկավ:

– Ա՛խ, իշխանուհի, – ասաց նա հանկարծ տեսնելով նրան ձգված բազկաթոռի մեջ՝ Նունեի մոտ, և շտապով մոտենալով նրան, սեղմեց նրա ձեռքը: – Դուք արդեն շնորհ եք բերել… Բայց ներեցեք ձեզ մի փոքր նկատողություն անելու, որ դուք ուշացաք, և ես կարծում էի, որ այսօր մենք կզրկվենք ձեր այցելության պատվից, ձեր քաղցր տեսությունից:

– Ներեցեք, որ ձեզ ակամայից սպասեցնել եմ տվել, – ասաց իշխանուհին, որին, ըստ երևույթին, պարոն Հարունյանի գալն ուրախություն էր պատճառել, նայելով նրա դեմքի արտահայտությանը, որ նրա ձայնը լսելուն պես փոխվել էր: – Այսօր հանկարծակի ինձ մի գործ պատահեց, այդ պատճառով ակամա ստիպված էի փոքր-ինչ ուշանալ, բայց և այնպես, հիշելով երեկվա ձեզ տված խոսքս, ես շտապեցի: Սակայն դեռ պետք է շնորհավորել ձեզ ձեր եղբոր գալուստը, պարոն Հարունյան, – ավելացրեց նա ժպտալով: – Դուք մի շնորհքով եղբայր էլ եք ունեցել:

– Շատ շնորհակալ եմ, իշխանուհի… Պետք է ասած, որ ես այսօր չափազանց ուրախ եմ, առաջինը` որ ձեր այցելության շնորհին ենք արժանանում և երկրորդ` որ երկու տարի շարունակ անջատումից հետո իմ եղբորս ողջ և առողջ եմ ընդունում, և, իհարկե յուր նպատակին հասած: – Վերջին խոսքերի հետ պարոն Հարունյանը շուռ եկավ դեպի Արմենակը: – Այնպես չէ՞, Արմենակ:

Արմենակը պատասխանի փոխարեն միայն երջանիկ կերպով ժպտաց յուր եղբոր աչքերին:

– Մենք ձեզ կարող ենք խանգարել, – ասաց վեր կենալով իշխանուհին: – Ավելի լավ կլինի, եթե մենք դուրս գնանք, իսկ դուք մենակ առեք միմյանցից ձեր կարոտը: Գնանք դուրս փոքր-ինչ ազատ օդ շնչելու, Նունե:

– Ա՛խ, միևնույն է, իշխանուհի, – շտապեց պատասխանել պարոն Հարունյանը: – Մենք առանձին ոչինչ չունինք, իսկ դուք մեզ երբեք չեք կարող խանգարել:

– Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե մենք ձեզ մենակ թողնենք, – ասաց իշխանուհին ծիծաղելով և առնելով տիկին Հարունյանի թևը: – Գնանք, Նունե:

– Գնանք, իրավ որ մենք էլ խո շատ բան ունենք խոսելու միմյանց հետ, Սոֆիա… Ա՛խ, Սոֆիա, ի՛նչ լավ օր լուսացավ այսօր մեզ համար, ո՞վ կարող էր կարծել, որ այսքան ուրախությունները հանկարծ կարող են տեղալ մեր գլխին:

Եվ նրանք դուրս գնացին պատշգամբը, որ նայում էր քաղաքի մի մեծ և նշանավոր փողոցին:

Երկու եղբայրներ մնացին մենակ: Սկսվեցան այն բոլոր հարցուփորձերը, որ սովորաբար լինում են երկու բարեկամների, առավելապես երկու ջերմ սիրով սիրող եղբայրների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության ժամանակ: Դեռ երկար ժամանակ նրանք նստած խոսում էին, երբ, վերջապես, Արմենակը առավ յուր եղբոր ձեռքը և, խորին զգացմունքով սեղմելով, նրան ասաց,

– Սիրելի՛ եղբայր, ես այժմ, երբ հասել եմ նպատակիս, պետք է մատուցանեմ քեզ իմ խորին երախտագիտության զգացմունքն, իմ շնորհակալությունը: Ես քեզ եմ եղել պարտական իմ երեխա ժամանակս, քեզ եմ պարտական այժմ և քեզ պիտի պարտական լինիմ միշտ, այսուհետև մինչև իմ վերջին շունչս: Դու եղել ես ինձ համար ավելի քան հայր, և այդ պատճառով ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես տակավին ոչ մի եղբայր չէ սիրել յուր եղբորը:

– Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում, – պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը: – Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ – և ահա այդ օրն այս օրն է: Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել… իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ:

Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն: Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը: Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ շարժունությամբ, որ շատ սազում էր նրա գեղեցիկ, փառավոր տեսքին: Նրա ճարտար լեզուն, ըստ երևույթին, շատ էր դուր գալիս պարոն Հարունյանին, պարոնը մեծ մասամբ լուռ նստած` առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան: Նույնպես հետաքրքրությամբ լսում էին նրան և տիկին Հարունյանն ու Արմենակը: Իշխանուհին, այդ տեսնելով, ավելի ու ավելի ոգևորվում էր: Պարոն Հարունյանը դարձյալ զգում էր յուր վրա նրա առանձին հայացքները, որոնք թափանցում էին մինչև նրա սրտի ամենախորին թելերն և ստիպում նրանց թրթռալ մի առանձին՝ մինչև այդ ժամանակ տակավին լոգացված քաղցրությամբ, որի ազդեցության ներքո, հանկարծ նրա միտքն խճճվում էր, և նա դադարում էր որոշակի մտածելուց: Նա գրեթե ինքնամոռացության մեջ էր ընկնում, ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր զգում, միայն իշխանուհու ձայնը, որպես մի դյութիչ մեղեդի, հնչում էր նրա ականջներում և առավել ևս թմրեցնում նրա ուղեղը… Հանկարծ լռում էր այդ ձայնը, և նա լսում էր մի ուրիշ ձայն, նա ճանաչում էր այդ ձայնը – կնոջ ձայնը, որը մի ակնթարթում կայծակի նման շանթում էր նրա ուղեղն ու սիրտն, և հանկարծ նա սթափվում էր յուր ակամա թմրությունից: Նա տեսնում էր, որ ոչ կինն էր նայում իրեն, ոչ՝ եղբայրը, միայն իշխանուհու գեղաժպիտ աչքերը գաղտագողի կերպով հետամուտ են լինում յուր դեմքին…


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации