Текст книги "Փոքրիկ իշխանը"
Автор книги: Անտուան Սենտ-Էքզյուպերի
Жанр: Сказки, Детские книги
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 3 страниц) [доступный отрывок для чтения: 1 страниц]
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
Հետզհետե ավելի ու ավելի ոգեզուրկ դարձող մեր ժամանակներն ավելի պարբերական են դարձրել մարդկանց` հատկապես հոգևոր անապատում խափանված ինքնաթիռով հայտնվելու դժբախտությունները: Բայց նույնիսկ նորագույն տեխնոլոգիաների մեր գերզարգացած դարում հոգևոր անապատից դուրս գալու միակ ելքը դեռ մնում է ու վստահաբար կմնա Փոքրիկ իշխանի հայտնությունը: Իսկ դրան պետք է արժանի լինել, պետք է կարողանալ սովորական գլխարկի պատկերի մեջ տեսնել փիղ կուլ տված վիշապօձին, հիշել, որ բոլորս նախկինում երեխա ենք եղել, վերջապես` կարդալ «Փոքրիկ իշխանը»…
Համառ ու իր մեկ անգամ տված հարցից երբեք չհրաժարվող այդ Փոքրիկ իշխանը, այդ հմայիչ ու պայծառ, մաքրամաքուր պարզությամբ էակը վաղուց ընտելացրել է բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ անգամ հաղորդակցվել են Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանճարեղ պատմությանը: Ու իր իսկ փիլիսոփայության համաձայն` նա հոգ է տանում բոլորիս մասին` արթնացնելով մեր ներսում ապրող մանկանը: Ասել է թե` վերականգնում է նախաստեղծ հայացքը մարդու և աշխարհի հանդեպ, փրկում հոգևոր սովի ճիրաններից, մղում գեղեցիկ ապրել ու հավատալ ապրելու գեղեցկությանը…
Մենք էլ մեր հերթին ենք ընտելացրել Փոքրիկ իշխանին ու պարտավոր ենք հոգ տանել նրա մասին: Առաջին հերթին` չսպանել նրա հավատը մեր հանդեպ. մեզ համար չպետք է միևնույն լինի` որևէ տեղ մի գառնուկ կուտի՞, թե՞ չի ուտի ինչ-որ մի վարդ…
Արքմենիկ Նիկողոսյան
Լեոն Վերթին
Ներողություն եմ խնդրում երեխաներից՝ գիրքը մեծահասակի ձոնելու համար։ Այդպես վարվելու լուրջ արդարացումներ ունեմ. Նախ` այդ մեծահասակն իմ ամենալավ ընկերն է։ Բացի այդ` նա ամեն ինչ հասկանում է, նույնիսկ՝ երեխաներին նվիրված գրքերը։ Եվ վերջապես` այդ մեծահասակն ապրում է Ֆրանսիայում, քաղցած է ու մրսած։ Նա սփոփանքի կարիք է զգում։ Եթե այս բոլոր ամենը բավարար չէ. շատ կուզենայի այս գիրքը ձոնել այն երեխային, որ ժամանակին եղել է նա։ Բոլոր մեծահասակները նախևառաջ երեխա են եղել, թեպետ նրանցից քչերն են հիշում այդ մասին։
Այսպիսով, ուղղում եմ մտցնում ձոնիս մեջ.Լեոն Վերթին՝նախկին երեխային։
I
Երբ վեց տարեկան էի, մի հրաշալի նկար տեսա՝ կուսական անտառների մասին պատմող «Իրական պատմություններ» վերնագրով գրքում։ Նկարում մի վիշապօձ կուլ էր տալիս գազանին։ Ահա այդ նկարի ընդօրինակումը։
Գրքում ասված էր. «Վիշապօձերն իրենց զոհին միանգամից, առանց ծամելու կուլ են տալիս, որից հետո այլևս չեն կարողանում շարժվել և մինչև մարսելը, վեց ամիս քուն են մտնում»։
Դրանից հետո շատ մտածեցի ջունգլիներում կատարվող արկածների մասին, և գունավոր մատիտով իմ առաջին նկարը նկարեցի։ Ահա թե ինչ էի նկարել.
Աշխատանքս ցույց տվեցի մեծահասակներին և հարցրեցի՝ արդյոք նկարս չի՞ վախեցնում իրենց։ «Գլխարկը ինչո՞ւ պիտի վախեցնի», – պատասխանեցին։
Այնինչ` իմ նկարում ամենևին էլ գլխարկ չէր պատկերված, այլ վիշապօձ, որ փիղ էր մարսում։ Այդ ժամանակ նկարեցի վիշապօձի ներսը, որպեսզի մեծահասակները հասկանան։ Նրանք միշտ բացատրությունների կարիք են զգում։ Ահա իմ երկրորդ նկարը.
Մեծահասակները խորհուրդ տվեցին ինձ մի կողմ թողնել վիշապօձերի արտաքինի կամ ներսի նկարները և զբաղվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ ու քերականությամբ։ Սա էր պատճառը, որ վեց տարեկանում թողեցի նկարչի հրաշալի գործը։ Իմ առաջին և երկրորդ նկարների անհաջողությունից հետո հուսալքվեցի։ Մեծահասակները ինքնուրույն երբեք ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաներին հոգնեցնում է անընդհատ բացատրություններ տալը։
Ես ուրիշ մասնագիտություն պետք է ընտրեի և սովորեցի ինքնաթիռ վարել։ Երկրի վրա համարյա ամեն տեղ թռել եմ ինքնաթիռով։ Ինչ խոսք, աշխարհագրությունն ինձ շատ օգնեց։ Առաջին հայացքից կարողանում էի տարբերել Չինաստանը Արիզոնայից։ Սա շատ կարևոր հանգամանք է, մանավանդ, երբ գիշերը մոլորվում ես։
Եվ այդպես, իմ ամբողջ կյանքի ընթացքում ես բազմաթիվ լուրջ մարդկանց հանդիպեցի։ Շատ երկար ապրեցի մեծահասակների միջավայրում, մոտիկից շփվեցի նրանց հետ, բայց դրանից կարծիքս այնքան էլ չփոխվեց։
Երբ հանդիպում էի մեկին, որ մյուսների համեմատ ինձ ավելի խելամիտ էր թվում, նրան փորձում էի իմ առաջին նկարով, որը միշտ ինձ հետ էր, ուր էլ լինեի։ Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս բանիմաց է այդ մարդը։ Բայց միշտ նույն պատասխանն էի ստանում. «Գլխարկ է»։ Որից հետո ո՛չ վիշապօձերի, ո՛չ կուսական անտառների, ո՛չ էլ աստղերի մասին չէի խոսում։ Սկսում էի նրանց պես դատել։ Խոսում էի բրիջի, գոլֆի, քաղաքականության և փողկապների մասին։ Եվ այդ մեծահասակները շատ ուրախ էին, որ ծանոթացել են ինձ նման ողջախոհ անձնավորության հետ։
II
Այսպես ապրում էի մեն-մենակ՝ չունենալով կողքիս մեկին, ում հետ իսկապես կկարողանայի խոսել, մինչև որ վեց տարի առաջ Սահարայի անապատում ինքնաթիռս վթարի ենթարկվեց։ Ինչ-որ մաս էր խափանվել շարժիչի մեջ։ Քանի որ կողքիս ոչ մեքենագետ կար, ոչ էլ ուղևորներ, ստիպված էի մենակ գլուխ բերել այդ դժվար գործը։ Կյանքի ու մահվան հարց էր։ Ունեցածս ջուրը հազիվ ութ օր կբավականացներ։
Առաջին գիշերը քնեցի ավազի վրա՝ հազարավոր մղոններ հեռու ամեն տեսակի բնակավայրերից։ Ես ավելի մեկուսացած էի, քան որևէ նավաբեկյալ օվկիանոսի մեջտեղում՝ լաստանավի վրա։ Եվ այսպես, պատկերացրեք զարմանքս, երբ արևածագին տարօրինակորեն նուրբ մի ձայն արթնացրեց ինձ, որն ասում էր.
– Խնդրում եմ… գառնուկ նկարի՛ր ինձ համար։
– Ի՞նչ…
– Գառնուկ նկարի՛ր ինձ համար…
Կայծակնահար եղածի պես միանգամից վեր թռա տեղիցս։ Ամբողջ ուժով տրորեցի աչքերս և ուշադիր նայեցի շուրջս։ Եվ շատ արտասովոր մի փոքրիկ մարդուկ տեսա, որ լրջորեն ինձ էր նայում։ Ահա նրա լավագույն դիմանկարը, որ, ավելի ուշ, հաջողվեց ինձ նկարել։ Սակայն իմ նկարը, անշուշտ, այնքան էլ հրապուրիչ չէ, որքան բնօրինակն էր իրականում։ Ես մեղավոր չեմ։ Վեց տարեկան հասակում մեծահասակներն ինձ հուսահատեցրել էին նկարչության բնագավառում հաջողության հասնելու հարցում, և ես ոչինչ չէի սովորել նկարել, բացի վիշապօձերից` դրսից և ներսից։
Զարմանքից աչքերս կլոր բացած՝ նայում էի այդ հայտնությանը։ Չմոռանաք, որ հազարավոր մղոններ հեռու էի գտնվում ամեն տեսակի բնակավայրերից։ Իսկ մարդուկը ո՛չ մոլորվածի, ո՛չ հոգնությունից ուժասպառ եղածի, ո՛չ սովից մեռնողի, ո՛չ ծարավից թուքը ցամաքածի, ո՛չ էլ վախեցածի էր նման։ Նա բոլորովին էլ ամեն տեսակի բնակավայրերից հազար մղոն հեռու, անապատի մեջտեղում մոլորված երեխայի տեսք չուներ։ Երբ վերջապես վերականգնեցի խոսելու ունակությունս, հարցրեցի.
– Բայց և այնպես… ի՞նչ ես անում այստեղ։
Եվ այդ ժամանակ նա շատ մեղմ, ամենայն լրջությամբ կրկնեց.
– Խնդրում եմ… գառնուկ նկարի՛ր ինձ համար…
Ահա նրա լավագույն դիմանկարը, որ, ավելի ուշ, հաջողվեց ինձ նկարել։
Երբ խորհրդավորությունը շատ տպավորիչ է, մարդ չի համարձակվում չհնազանդվել։ Որքան էլ անհեթեթ էր թվում ամեն տեսակի բնակավայրերից հազար մղոն հեռավորության վրա մահվան վտանգի տակ նման բան անելը, այնուամենայնիվ, հանեցի գրպանիցս թղթի մի կտոր և գրիչ։ Բայց հանկարծ հիշեցի, որ հատկապես աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու քերականություն եմ սովորել, և ասացի մարդուկին (մի փոքր բարկացած), որ նկարել չգիտեմ։ Պատասխանեց.
– Ոչինչ։ Գառնուկ նկարի՛ր ինձ համար։
Քանի որ երբեք գառնուկ չէի նկարել, իմ երկու նկարներից մեկը` փակ վիշապօձը, որ կարող էի վերարտադրել, նորից նկարեցի նրա համար։ Ու շատ զարմացա` լսելով մարդուկի պատասխանը.
– Ո՛չ, ո՛չ, վիշապօձի փորի մեջ փիղ չեմ ուզում։ Շատ վտանգավոր է վիշապօձը, իսկ փիղը վիթխարի է։ Իմ տունը շատ փոքր է։ Ինձ գառնուկ է պետք։ Գառնուկ նկարիր ինձ համար։
Այդ ժամանակ նկարեցի։
Ուշադիր նայեց և ասաց.
– Ո՛չ, այս մեկը շատ հյուծված է։ Ուրիշը նկարի՛ր։
Նկարեցի:
Բարեկամս ներողամտորեն, մեծահոգաբար ժպտաց.
– Շատ լավ տեսնում ես… սա գառնուկ չէ, խոյ է։ Կոտոշներ ունի…
Այդ ժամանակ նորից նկարեցի։
Դարձյալ չընդունեց նախորդների նման։
– Այս մեկն էլ շատ ծեր է։ Ինձ մի գառնուկ է պետք, որ երկար ապրի։
Համբերությունս կորցրել էի, և քանի որ շտապում էի քանդել ինքնաթիռի շարժիչը, արագ-արագ խզբզեցի այս նկարը։
Եվ ասացի.
– Սա մեծ տուփ է։ Քո ուզած գառնուկը սրա մեջ է։
Բայց շատ զարմացա՝ տեսնելով փոքրիկ դատավորիս դեմքի պայծառությունը։
– Հենց այսպիսին էլ ուզում էի։ Ի՞նչ ես կարծում` այս գառնուկին շա՞տ խոտ է պետք։
– Ինչո՞ւ ես հարցնում։
– Որովհետև իմ տունը շատ փոքր է…
– Ինչ էլ լինի, կբավականացնի… Շատ փոքրիկ գառնուկ եմ տվել քեզ։
Գլուխը հակեց նկարի վրա.
– Այնքան էլ փոքր չէ… Տե՛ս, քնել է…
Այսպես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ։
III
Երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե որտեղից էր նա գալիս։ Փոքրիկ իշխանը, որ շատ հարցեր էր տալիս, իմ հարցերն ամենևին չէր լսում։ Պատահաբար արտասանված բառերը կամաց-կամաց ամեն ինչ պարզեցին ինձ համար։ Այդպես, երբ առաջին անգամ նկատեց ինքնաթիռս (չեմ նկարի այն, որովհետև ինձ համար շատ բարդ է), հարցրեց ինձ.
– Սա ի՞նչ բան է։
– Սա բան չէ։ Սա թռչում է։ Ինքնաթիռ է։ Իմ ինքնաթիռն է։
Եվ ես հպարտանում էի ասելով՝ որ կարող եմ թռչել։ Այդ ժամանակ նա բացականչեց.
– Այդ ինչպե՜ս, դու երկնքի՞ց ես ընկել։
– Այո՛,– պատասխանեցի համեստորեն։
– Ի՜նչ զվարճալի է…
Եվ Փոքրիկ իշխանն այնքան զրնգուն, բարձր ձայնով ծիծաղեց, որ ես բարկացա։ Ես ուզում եմ, որ դժբախտություններս մարդիկ լուրջ ընդունեն։ Այնուհետև ավելացրեց.
– Նշանակում է` դու նույնպես երկնքից ես եկել։ Իսկ ո՞րն է քո մոլորակը։
Իսկույն լուսավոր մի կետ տեսա նրա խորհրդավոր ներկայության մեջ և անմիջապես հարցրի.
– Ուրեմն, դու ա՞յլ մոլորակից ես եկել։
Չպատասխանեց հարցիս։ Մեղմորեն թափ էր տալիս գլուխը՝ շարունակելով զննել ինքնաթիռս.
– Պարզ է, դու սրանով շատ հեռվից չէիր կարող գալ…
Ու երկար մտորում էր ինչ-որ բանի մասին։ Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկը և սկսեց լրջորեն հետազոտել իր գանձը։
Պատկերացնո՞ւմ եք` որքան էր բորբոքվել հետաքրքրասիրությունս՝ լսելով նրա կիսատ խոստովանությունը «այլ մոլորակների» մասին։ Փորձեցի ավելի շատ բան իմանալ։
– Որտեղի՞ց ես գալիս, փոքրիկս։ Որտե՞ղ է քո տունը։ Ո՞ւր ես ուզում տանել գառնուկին։
Մտածկոտ լռությունից հետո պատասխանեց.
– Քո տված տուփի լավն այն է, որ գիշերը նրա տունը կլինի։
– Անշուշտ։ Եթե խելոք լինես, մի հատ էլ պարան կտամ քեզ, որ ցերեկները կապես գառնուկին։ Ինչպես նաև՝ ձող։
Առաջարկությունս կարծես զայրացրեց Փոքրիկ իշխանին.
– Կապե՞մ։ Ի՜նչ տարօրինակ միտք է։
– Եթե չկապես, կգնա ուր խելքը փչի և կմոլորվի…
Մոլորակը, որտեղից նա եկել էր, B 612 աստղակերպն է:
Բարեկամս նորից պոռթկաց ծիծաղից.
– Բայց ո՞ւր կարող է գնալ։
– Ուր ասես։ Ուղիղ կգնա, միշտ ուղիղ, ուր աչքը կտրի…
Այդ ժամանակ Փոքրիկ իշխանը լրջացած նկատեց.
– Ոչինչ, այն տեղը, ուր ես եմ ապրում, շա՜տ փոքր է։
Եվ մի փոքր թախծոտ ավելացրեց.
– Ուղիղ գնալով շատ հեռու չենք կարող հասնել…
IV
Այդպես, ես երկրորդ բացահայտումն արեցի։ Այն, որ նրա սեփական մոլորակը մի փոքր է մեծ սովորական տնից։
Դա այնքան էլ չզարմացրեց ինձ։ Գիտեի, որ մեծ մոլորակներից բացի, ինչպիսիք են` Երկիրը, Յուպիտերը, Մարսը, Վեներան, կան հարյուրավոր այլ մոլորակներ, որոնք նույնիսկ անուն չունեն, և որոնք երբեմն այնքան փոքր են, որ անգամ աստղադիտակով շատ դժվար է տեսնել։
Երբ որևէ աստղագետ հայտնաբերում է դրանցից մեկը, անուն տալու փոխարեն համարակալում է։ Օրինակ, նրան անվանում է «աստղակերպ 325»։
Լուրջ հիմքեր ունեմ մտածելու, որ մոլորակը, որտեղից եկել էր Փոքրիկ իշխանը, B 612 աստղակերպն էր։ Այս աստղակերպը նկատվել է աստղադիտակով միայն մեկ անգամ՝ 1909 թվին՝ թուրք աստղագետի կողմից։
Այն ժամանակ Աստղագիտության միջազգային գիտաժողովում նրա հայտնագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Բայց ոչ ոք չհավատաց նրան իր հագուկապի պատճառով։ Մեծահասակներն այդպես են։
Բարեբախտաբար, B 612 աստղակերպի հեղինակությունը փրկելու համար, մի թուրք իշխանապետ մահվան սպառնալիքով պարտադրեց իր ժողովրդին եվրոպացիների պես հագնվել։ 1920 թվին աստղագետը կրկին ներկայացրեց իր գյուտը` այս անգամ խիստ նորաձև հագուստով։ Եվ բոլորը համաձայնեցին նրա հետ։
Մեծահասակների պատճառով մանրամասն պատմեցի B 612 աստղակերպի մասին և նույնիսկ նրա համարը ասացի։ Մեծահասակները թվեր սիրում են։ Երբ նրանց հետ խոսում եք ձեր նոր ընկերոջ մասին, երբեք ամենակարևորի մասին չեն հարցնում։ Երբեք չեն ասում. «Ինչպիսի՞ն է նրա ձայնի հնչերանգը։ Որո՞նք են նրա նախընտրած խաղերը։ Թիթեռների հավաքածու ունի՞»։ Հարցնում են. «Քանի՞ տարեկան է։ Քանի՞ եղբայր ունի։ Քանի՞ կիլոգրամ է կշռում։ Որքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Այդ ժամանակ են միայն համոզվում, թե ճանաչեցին նրան։
Երբ մեծահասակներին ասում եք` «Վարդագույն աղյուսից սիրուն տուն եմ տեսել, պատուհաններին՝ խորդենիներ, իսկ տանիքին՝ աղունիկներ…», նրանք չեն կարողանում պատկերացնել այդ տունը։ Հարկավոր է ասել. «Հարյուր հազար ֆրանկ արժեք ունեցող տուն եմ տեսել»։ Այդ դեպքում նրանք կբացականչեն. «Ի՜նչ գեղեցիկ է»։
Նույն կերպ` եթե նրանց ասեք` «Փոքրիկ իշխանի գոյության ապացույցն այն է, որ նա հմայիչ էր, ծիծաղում էր և գառնուկ էր ուզում։ Իսկ երբ գառնուկ են ուզում, գոյության ապացույց է», եթե այդպես ասեք, նրանք կթոթվեն ուսերը և ձեզ երեխայի տեղ կդնեն։ Բայց երբ ասեք նրանց` «Մոլորակը, որտեղից նա եկել էր, B 612 աստղակերպն է», այդ դեպքում նրանք կհամոզվեն և չեն տանջի ձեզ իրենց հարցերով։ Այդպիսին են նրանք։ Պետք չէ նրանցից նեղանալ։ Երեխաները պետք է շատ մեծահոգի լինեն մեծահասակների հանդեպ։
Իսկ մենք, ինչ խոսք, հասկանալով կյանքը, բանի տեղ չենք դնում թվերը։ Կուզենայի սկսել այս պատմությունը կախարդական հեքիաթների նախաբանով՝ նախընտրելով ասել. «Լինում է, չի լինում, մի Փոքրիկ իշխան է լինում, նա ապրում էր իրենից հազիվ մի քիչ մեծ մոլորակում և շատ էր ուզում բարեկամ ունենալ…»: Կյանքը հասկացողին սա շատ ավելի հավանական կթվա։
Չէի ուզենա, որ գիրքս իմիջիայլոց ընդունվեր։ Մեծ ցավ եմ զգում, երբ հիշում եմ Փոքրիկ իշխանին։ Արդեն վեց տարի է, ինչ բարեկամս իր գառնուկի հետ գնացել է։ Նրան չմոռանալու համար եմ փորձում այս ամենը պատմել։ Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին: Մանավանդ որ` բոլորը չէ, որ կարողանում են ընկեր ունենալ։ Բացի այդ, վախենում եմ նմանվել մեծահասակներին, որոնց միայն թվերն են հետաքրքրում։ Նաև սա էր պատճառը, որ ներկեր և գունավոր մատիտներ գնեցի։ Դժվար է իմ տարիքում կրկին զբաղվել նկարչությամբ, երբ փակ և բաց վիշապօձերից բացի ուրիշ բան չես փորձել նկարել, այն էլ՝ վեց տարեկան հասակում։ Անշուշտ, կփորձեմ նկարել բնօրինակին հնարավորինս հարազատ դիմանկարներ։ Բայց համոզված չեմ, որ հաջողության կհասնեմ։ Մի նկարը լավ է ստացվում, մյուսն ամենևին նման չէ բնօրինակին։ Մի քիչ էլ հասակի հարցում եմ սխալվում։ Մի տեղ Փոքրիկ իշխանը բավական բարձրահասակ է, մյուս նկարում՝ շատ ցածրահասակ։ Մի փոքր էլ երկմտում եմ նրա հագուստի գույնի շուրջ։ Եվ տարակուսելով մեկ այս, մեկ այն հարցի վերաբերյալ, փորձում եմ ամեն կերպ մոտենալ իրականությանը։ Ի վերջո, կարող եմ սխալվել շատ կարևոր մանրամասնությունների հարցում, սակայն պետք է ներողամիտ լինեք։ Բարեկամս երբեք բացատրություններ չէր տալիս։ Հավանաբար` նրան թվում էր՝ իրեն նման եմ։ Բայց, դժբախտաբար, ես չեմ կարող տեսնել գառնուկներին տուփերի պատերի միջով։ Գուցե ես արդեն մի քիչ նմա՞ն եմ մեծահասակներին։ Երևի ծերացել եմ։
V
Ամեն օր մի նոր բան էի իմանում նրա մոլորակի, այնտեղից հեռանալու, ճամփորդելու մասին։ Շատ դանդաղ էի առաջանում, այն էլ՝ պատահական արված դատողությունների շնորհիվ։ Այդպես, երրորդ օրն իմացա բաոբաբների պատուհասի մասին։
Այս անգամ նույնպես գառնուկի շնորհիվ ստացվեց, որովհետև Փոքրիկ իշխանը լուրջ կասկածով համակված` հանկարծ հարցրեց ինձ.
– Ճիշտ է, չէ՞, որ գառնուկները թփեր են ուտում։
– Այո՛, ճիշտ է։
– Օ՜, ուրախ եմ։
Չհասկացա` ինչու էր այդքան կարևորություն տալիս գառնուկների թուփ ուտելուն։ Փոքրիկ իշխանն ավելացրեց.
– Նշանակում է` բաոբաբ էլ են ուտում, չէ՞։
Փոքրիկ իշխանին փորձեցի բացատրել, որ բաոբաբները թփեր չեն, այլ՝ զանգակատների չափ շատ բարձր ծառեր, և եթե նույնիսկ մի խումբ փիղ բերի, բոլորը միասին մեկ բաոբաբի հախից չեն գա։ Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանն սկսեց ծիծաղել։
– Պետք է մեկին մյուսի վրա կանգնեցնել…
Հետո խելամտորեն նկատեց.
– Մեծանալուց առաջ բաոբաբները փոքր են լինում։
– Ճիշտ է։ Բայց ինչո՞ւ ես ուզում, որ գառնուկներդ փոքրիկ բաոբաբներ ուտեն։
– Դե՜, դա պարզ է,– բացականչեց նա, կարծես խոսքն ակնհայտ իրողության էր վերաբերում։ Պետք է գլուխս աշխատեցնեի, որ կարողանայի լուծել բաոբաբների առեղծվածը։
Փոքրիկ իշխանի մոլորակում, ինչպես բոլոր մոլորակներում, օգտակար խոտեր և մոլախոտեր կան։ Հետևաբար, օգտակար խոտաբույսերի լավ սերմեր և մոլախոտերի սերմեր նույնպես կան։ Սակայն սերմերն անտեսանելի են։ Քնում են հողի մեջ թաքնված, մինչև նրանցից մեկի մտքով անցնում է արթնանալ… Այդ ժամանակ նա ձգվում է, նախևառաջ վախվորած դեպի արևն է ուղղում իր հրաշալի փոքրիկ, անվնաս ծիլը։
Եթե դա բողկի կամ վարդենու ընձյուղ է, կարող եք թողնել, որ աճի։ Բայց եթե մոլախոտ է, պետք է անմիջապես արմատախիլ անել՝ նրա իսկությունը բացահայտելուց անմիջապես հետո։ Ահավոր վնասակար սերմեր կային նաև Փոքրիկ իշխանի մոլորակում` բաոբաբի սերմեր։ Մոլորակի հողը վարակված էր դրանցով։ Բաոբաբին, եթե մի քիչ ուշ հայտնաբերեցիր, երբեք չես կարող ազատվել նրանից. նվաճում է ամբողջ մոլորակը, իր արմատներով ծակում ամբողջ տարածքը։ Եվ եթե մոլորակը շատ փոքր է, և բաոբաբներն էլ շատ են, ապա կարող են մոլորակը պայթեցնել։
– Կարգապահության հարց է,– ավելի ուշ ասաց ինձ Փոքրիկ իշխանը,– առավոտյան արդուզարդից հետո պետք է մոլորակի հարդարանքով զբաղվես։ Պետք է կանոնավոր կերպով արմատախիլ անես բաոբաբները, հենց որ սկսեն տարբերվել վարդենիներից, քանի որ դրանք մատղաշ ժամանակ շատ նման են իրար։ Շատ ձանձրալի, բայց միաժամանակ շատ հեշտ աշխատանք է։
Մի օր Փոքրիկ իշխանն ինձ խորհուրդ տվեց ամբողջ ուժերս ներդնել այնպիսի նկարի մեջ, որ իմ երկրի երեխաներին հասկանալի լինի, արմատավորվի նրանց հիշողության մեջ։
– Եթե մի օր ճամփորդեն, – ասում էր ինձ, – դա նրանց պետք կգա։ Երբեմն առանց մեծ բարդությունների կարելի է հետաձգել աշխատանքը։ Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբներին, աղետաբեր է։ Մի մոլորակ գիտեմ, որի վրա մի ծույլ մարդ է ապրում։ Նա բաոբաբի երեք տունկ անուշադրության էր մատնել…
Եվ Փոքրիկ իշխանի ցուցումների հիման վրա նկարեցի այդ մոլորակը։
Ամենևին չեմ սիրում բարոյախոսի դերում հայտնվել։ Բայց բաոբաբների վտանգը մարդկանց այնքան քիչ է հայտնի, իսկ աստղակերպի վրա մոլորվելու դեպքում սպառնալիքն այնքան ակնհայտ է, որ այս անգամ բացառություն եմ անում։ Եվ ասում եմ. «Երեխանե՛ր, խո՛ւյս տվեք բաոբաբներից»։ Նպատակս այն է, որ նախազգուշացնեմ բարեկամներիս մեծ վտանգի մասին, որի հետ նրանք, նաև ես, երկար ժամանակ շփվում ենք՝ առանց ճանաչելու դրա իսկությունը։ Արժեր նման դաս տալու համար այդքան ջանք գործադրել։
Բաոբաբներ
Գուցե ինքներդ ձեզ հարց տաք. ինչո՞ւ այս գրքում նույնքան փառահեղ նկարներ չկան, ինչպես բաոբաբներինն է։ Պատասխանը շատ պարզ է. փորձեցի, բայց հաջողության չհասա։ Երբ բաոբաբներ նկարեցի, շտապողականությունից խանդավառվել էի։
VI
Օ՜, Փոքրիկ իշխան, ես քիչ-քիչ հասկացա քո միայնակ ու մելամաղձոտ կյանքի պատմությունը։ Երկար ժամանակ միակ հաճելի զբաղմունքդ մեղմաշունչ մայրամուտներն են եղել։ Այս նոր մանրամասնությունն իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ ասացիր.
– Մայրամուտներ շատ եմ սիրում։ Գնանք մայրամուտ նայենք…
– Բայց պետք է սպասել…
– Սպասել ինչի՞ն։
– Սպասել, որ արևը մայր մտնի։
Նախ շատ զարմացած դեմք ընդունեցիր, հետո ինքդ քեզ սկսեցիր ծիծաղել և ասացիր.
– Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ։
Իսկապես։ Երբ Միացյալ Նահանգներում կեսօր է, արևը, բոլորը գիտեն այդ մասին, մայր է մտնում Ֆրանսիայում։ Եթե հնարավոր լիներ մեկ րոպեում հասնել Ֆրանսիա, այնտեղ մայրամուտը կտեսնեիր։ Ցավոք, Ֆրանսիան շատ հեռու է։ Բայց քո շատ փոքրիկ մոլորակի վրա բավական է աթոռդ մի քիչ տեղաշարժես։ Երբ ցանկանաս, կարող ես դիտել վերջալույսը…
– Մի օր քառասուներեք անգամ տեսել եմ՝ ինչպես է արևը մայր մտնում։
Եվ մի փոքր ավելի ուշ ավելացրեց.
– Գիտե՞ս… երբ շատ ես տխրում, սիրում ես մայրամուտները…
– Ուրեմն, այդ օրը դու շատ տխուր էիր։
Փոքրիկ իշխանը չպատասխանեց։
VII
Հինգերորդ օրը, դարձյալ գառնուկի շնորհիվ, հայտնաբերեցի Փոքրիկ իշխանի կյանքի պատմության մի գաղտնիք ևս։ Առանց նախաբանի՝ միանգամից հարցրեց, ինչպես երկար ժամանակ լուռ մտածված խնդրի մասին կհարցնեն.
– Գառնուկը, եթե թփեր է ուտում, նշանակում է ծաղիկնե՞ր էլ է ուտում։
– Գառնուկը ուտում է ամեն բան, ինչ հանդիպում է ճանապարհին։
– Նույնիսկ փուշ ունեցող ծաղիկնե՞ր։
– Այո՛։ Նույնիսկ փշոտ ծաղիկներ։
– Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը։
Չգիտեի։ Բացի այդ, խիստ զբաղված էի, ուզում էի շարժիչի մեջ ամուր սեղմված մի պտուտակ թուլացնել ու դուրս քաշել։ Շատ մտահոգ էի, որովհետև անսարքությունն սկսում էր ավելի քան լուրջ թվալ, և խմելու ջուրը, որ սպառվում էր, մեծ վախ էր ներշնչում ինձ։
– Ինչի՞ համար են փշերը։
Փոքրիկ իշխանն իր տված հարցից երբեք ետ չէր կանգնում։ Զայրացած էի պտուտակի պատճառով և պատասխանեցի՝ ինչ գլխովս անցավ այդ պահին։
– Փշերը ոչ մի բանի պետք չեն, ծաղիկները չարությունից են փշեր հանում։
– Աաա՜։
Բայց կարճատև լռությունից հետո, մի տեսակ քինախնդիր տոնով ասաց.
– Ես քեզ չեմ հավատում։ Ծաղիկները թույլ են, միամիտ։ Պաշտպանվում են, ինչպես կարող են։ Կարծում են՝ իրենց փշերով կարող են սարսափ առաջացնել…
Ոչինչ չպատասխանեցի։ Այդ պահին մտածում էի. «Եթե այս պտուտակը շարունակի դիմադրել, մուրճի մի հարվածով կթռցնեմ տեղից»։ Փոքրիկ իշխանը նորից ընդհատեց մտքերս.
– Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
– Չէ՛, դե չէ՛, ոչինչ էլ չեմ կարծում,– առանց մտածելու պատասխանեցի,– ես լուրջ գործով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես։
Զարմացած ինձ նայեց։
– Լուրջ գործո՜վ։
Կանգնած էի նրա դիմաց՝ մուրճը ձեռքիս, մատներս մեքենայի յուղից սևացած, հակված մի բանի վրա, որն իր աչքին շատ տգեղ էր թվում։
– Դու մեծահասակների պես ես խոսում։
Մի թեթև ամաչեցի։ Իսկ նա անգթորեն ավելացրեց.
– Ամեն ինչ շփոթում ես… ամեն ինչ խառնում ես իրար։
Իրոք, նա շատ զայրացած էր։ Գլուխն էր տարուբերում, իսկ ոսկեգույն մազերը ծածանվում էին քամուց.
– Մի մոլորակ գիտեմ, ուր կարմրած դեմքով մի պարոն է ապրում։ Նա երբեք ծաղկից հոտ չի քաշել։ Երբեք աստղերին չի նայել։ Երբեք ոչ մեկին չի սիրել։ Թվեր գումարելուց բացի ուրիշ ոչինչ չի արել։ Եվ ամբողջ օրը քեզ նման կրկնում էր. «Ես լուրջ մարդ եմ։ Ես լուրջ մարդ եմ» և գոռոզամտորեն փքվում։ Բայց նա մարդ չէ, նա սունկ է։
– Ի՞նչ է։
– Սունկ։
Փոքրիկ իշխանը զայրույթից գույնը գցել էր։
– Միլիոնավոր տարիներ ծաղիկները փուշ են հանում։ Միլիոնավոր տարիներ գառնուկները, այնուամենայնիվ, ծաղիկներ են ուտում։ Իսկ սա լուրջ հարց չէ՞, որ ցանկանաս հասկանալ, թե ինչո՞ւ են ծաղիկներն այդքան ջանք գործադրում փուշ ունենալու համար, եթե երբևէ ոչ մի բանի չի ծառայելու այն։ Կարևոր չէ՞ գառնուկների ու ծաղիկների պատերազմը։ Ավելի կարևոր ու լուրջ հարց չէ՞, քան այդ կարմրադեմ պարոնի հաշվարկները։ Ես ճանաչում եմ աշխարհում ընդամենը մի ծաղկի, որին ոչ մի տեղ, բացի իմ մոլորակից, չես գտնի, իսկ մի փոքրիկ գառնուկ նրան մի առավոտ միանգամից ոչնչացնում է, հենց այնպես, չմտածելով՝ ինչ է անում. մի՞թե սա կարևոր չէ։
Շիկնեց, այնուհետև շարունակեց.
– Եթե մեկը մի ծաղիկ է սիրում, որը միակն է միլիոն, միլիոն աստղերի մեջ, ապա այդքանը բավական է, որ երջանիկ զգա իրեն։ Նա ինքն իրեն կասի. «Իմ ծաղիկն այս կողմերում է…»։ Բայց եթե գառնուկն ուտի ծաղիկը, կթվա, թե միանգամից բոլոր աստղերը մարում են։ Եվ սա կարևոր չէ՞…
Ավելին չկարողացավ արտաբերել։ Հանկարծ հեծկլտաց։ Գիշեր էր. մի կողմ էի դրել գործիքներս։ Ինձ այլևս չէին հուզում ո՛չ մուրճը, ո՛չ պտուտակը, ո՛չ ծարավը, ո՛չ էլ մահը։ Մի աստղի՝ մի մոլորակի՝ իմ Երկիր մոլորակի վրա մի Փոքրիկ իշխան սփոփանքի կարիք էր զգում։ Գրկեցի նրան և օրորեցի թևերիս մեջ։ Ասացի. «Քո սիրած ծաղկին վտանգ չի սպառնում… Գառնուկիդ համար դնչկալ կնկարեմ… Զրահ կնկարեմ քո ծաղկի համար… Ես…»։ Չգիտեի ինչ ասել։ Շատ անճարակ էի զգում ինձ։ Չգիտեի՝ ինչպես օգնեմ նրան, ինչ անեմ… Որքա՜ն խորհրդավոր է արցունքների աշխարհը։
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?