Текст книги "Զահրումար"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Литература 19 века, Классика
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 5 (всего у книги 15 страниц) [доступный отрывок для чтения: 5 страниц]
ԺԲ
Մայիլովը մի շաբաթից ավելի էր չէր եղած Հացի-Գելենց մոտ: Օրիորդ Սոֆիի վերջին անպարկեշտ վարմունքը վատ տպավորություն թողին նրա սրտում, նրան անախորժ էր թվում այնուհետև կրկին տեսնել նրա երեսը:
Բայց օրիորդ Սոֆին երկար սպասելով նրան, երբ տեսավ, թե նա չէ երևում, մի օր հետևյալ փոքրիկ տոմսակը գրեց նրան,
«Իմ հոգյա՛կ Նիկոլ.
Արդեն մի ամբողջ շաբաթ է, որ դու մեզ մոտ չես եղել. մտածիր, թե ո՛րքան երկար և ծանր է այդքան ժամանակն ինձ համար՝ քեզ չտեսնելուս պատճառով: Բայց ափսոս, որ չեմ գտնում այնպիսի բառեր, որոնցով կարողանայի զգացածս քեզ բացատրել: Բայց եթե գրելու ևս լինիմ, դու չես հասկանալ, որովհետև դու տակավին չգիտես, թե ի՛նչ է սերը…
Նիկոլ, ես սիրում եմ քեզ… արդյոք իմանո՞ւմ ես, թե ի՞նչ եմ ասում… ես քեզ համար մեռած եմ… քո փոխադարձ սերը կկենդանացնե ինձ: Մի՞թե դու չես խղճալու ինձ, թե այս շաբաթ ևս քեզ չտեսնեմ, ես կգժվեմ:
Սոֆի»:
Նա նամակը ծրարեց և ուղարկեց յուր սպասավորի ձեռքով: Այնուհետև միայնակ յուր սենյակում նստած, ձեռքը ծնոտին դրած, երկար և երկար սկսեց մտածել. «Այո՛, նա դեռ երեխա է», – ասում էր նա. «նա դեռ անմեղ է, դեռ ոչինչ չէ հասկանում… Բայց ի՛նչքան գեղեցիկ, ի՛նչքան ազնիվ է նա… о՜, որքան սքանչելի՜ է: Թող գա նա, թող գա, թեև սիրո հրեշտակը դեռ չէ ձգել նրա սրտի մեջ և ոչ մի կայծ երկնային հուրից, բայց ես, ես կվառեմ նրա մեջ այդ աստվածային կրակը, և նա կսկսի բորբոքվել… Բայց նա փախչում է ինձանից, խե՜ղճ երեխա»…
Եվ օրիորդը երկու ձեռքով բռնեց յուր գլուխը, արտասուքն ակամա սկսեց թափվել նրա աչքերից:
Մայիլովը, կարդալով օրիորդ Սոֆիի նամակը, մտածեց պատասխան գրել: Նա նստեց գրասեղանի հանդեպ, վեր առավ գրիչը, բայց որքան մտածեց մի բան գրել, մտքին ոչինչ չեկավ: Նա գրիչը վայր ձգեց և սկսավ կարդալ մի քանի գրքեր. օրինակ՝ խրեստոմատիա և դրա նման գրքեր, որ նրանցից մի օրինակ վեր առնի: Մի փոքր ոգևորվելուց հետո վեր առավ գրիչը: Մի քանի տող գրեց, ջնջեց, նկատեց, որ ոչինչ միտք չկա, դարձյալ տհաճությամբ գրիչը վայր ձգեց, և որպես արբեցած՝ շտապով վեր կացավ, գլխարկն առավ և քայլերն ուղղեց դեպի Հացի-Գելենց տուն:
Երեկոյան ժամը վեցն էր:
Նա գտավ օրիորդ Սոֆիին դահլիճում նստած մի քանի հյուրերի մոտ, որոնք բոլորն էլ հասակավոր կանայք էին, նրանց հեռու և մոտիկ ազգականներից:
Հյուրերին մատուցանվում էին թեյ. օրիորդը սպասավորում էր թեյի սեղանի շուրջը:
Մայիլովը գլուխ տվավ և լռությամբ նստավ մի անկյունում: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա, միայն տիկին Բարբարեն հարցրեց.
– Նիկոլ, ո՞ւր էիր այս քանի օրս:
– Մի փոքր տկար էի, – ասաց Մայիլովը:
Այդ մի քանի խոսքով վերջացավ նրանց մեջ խոսակցությունը:
Բայց օրիորդ Սոֆիի գույնն իսկույն փոխվեցավ, երբ տեսավ պատանի գիմնազիստին: Նա մի գավաթ թեյ յուր ձեռքով մատույց նրան և հեզիկ շշնջաց.
– Ախ դու անխիղճ:
Պատանու աչքերը վառվեցան: Նա չիմացավ ինչպես խմեց թեյը: Միայն հետո զգաց, որ բերանն այրվել է:
Օրիորդը սրտնեղում էր տհաճությունից, թե երբ են կորչելու հյուրերը: Բայց տեսնելով, որ նրանք երկար պիտի նստեն, մոտեցավ յուր մորը և ասաց նրան հազիվ լսելի ձայնով.
– Գլուխս ցավում է, ես կամենում եմ գնալ իմ սենյակը:
– Գնա՛, – ասաց մայրը:
Ներողություն խնդրելով հյուրերից, օրիորդը դուրս գնաց դահլիճից: Մի քանի րոպեից հետո Մայիլովը նույնպես վեր կացավ և գլուխ տվավ և կամենում էր հեռանալ:
– Ո՞ւր, Նիկոլ, – հարցրեց տիկին Բարբարեն:
– Գնում եմ Գրիգոլի մոտ, – ասաց նա.
Պատշգամբի վրա սպասում էր նրան օրիորդ Սոֆին: Նրանք միասին մտան օրիորդի սենյակը:
Բայց թե ի՛նչ խոսեցին կամ ի՛նչ արին` առայժմ ես չեմ կամենում դիպչել նրանց գաղտնիքներին, միայն այսքանը բավական է ասել, որ պատանի գիմնազիստը այս անգամին այնքան էլ ամոթխածությամբ չէր վարվում նրա հետ, որպես առաջին անգամ երևեցավ նրա մոտ յուր տետրակներով:
Իսկ տիկին Բարբարեն զբաղված էր յուր հյուրերով, որոնցից մի կնճռված երեսով պառավ դիմելով նրան՝ ասաց վրացերեն.
– Շատ ապրի աղջիկդ, շատ շնորհալի աղջիկ է:
– Իհարկե, ուսում առած աղջիկը մեզ պես չի լինի, – պատասխանեց տիկին Բարբարեն: – Մենք մեր ժամանակը անց ենք կացրել ոչինչ չսովորելով:
– Մադամ Բարրարե, – կրկնեց մի այլը հայերեն լեզվով, – մադեմուազել Սոֆին զավոդեմե՞ն է դուրս եկի:
Այսինքն կամենում էր ասել զավեդենիան է ավարտե՞լ: Բայց տիկին Բարբարեն նույնպես չկարողանալով այդ այլազգի բառը կանոնավորապես արտասանել՝ պատասխանեց.
– Բա՜, զավոդեմեն, կուրսը պրծացրիլ է, ատեստաթ ունե:
– Կուրսը ի՛նչ է, անմարթի չլինք, – հարցրեց հյուրերից մինը:
Բայց տիկին Բարբարեն չգիտեր, թե ի՛նչ պատասխանե, որովհետև իրան նույնպես հայտնի չէր այդ բառի նշանակությունը, որ դեռ նոր էր սովորած յուր աղջկանից: Նա մտածեց և այգ հարցին պատասխանեց նույնպիսի մի դեռևս իրան անհասկանալի այլազգի բառով:
– Կուրսը օրբռազոննոսթ է, – ասաց նա:
Նրա խոսակիցը չհասկանալով, թե ի՞նչ ասաց նա՝ կրկնեց յուր , հարցը.
– Ապա ատեստաթը ի՞նչ է:
Տիկին Բարբարեն այս անգամ բոլորովին շփոթվեցավ և չգիտեր, թե ի՞նչ ասե:
– Ատեստաթն էլ չին կուլի, – պատասխանեց մի կին, ազատելով Բարբարեին այդ դժվարությունից:
– Գանա աղջկերքն էլ ին չին ստանո՞ւմ, – հարցրեց առաջինը:
– Բաս ինչի՞ համար են կարդում, – պատասխանեց տիկին Բարբարեն:
Պառավները զարմացան և իրանց սրտերում սկսան նախանձել տիկին Բարբարեի բախտի վրա, որ չինովնիկ աղջիկ ունի:
– Ապա կար ու ձև, օրինակ. թասակրավի, լեչաքնիր նխշիլ, սուփրա գործիլ, ուրիշ էնպիսի բանիր էլ սորվեցնում ի՞ն զավոդում, – հարցրին տիկին Բարբարեից:
– Թասակրավին ու լեչաքն նրանց պետքը չին, նրա համա վուր նրանք շլապեք ին ծածկում, – պատասխանեց տիկին Բարբարեն, – ու կար ու ձև էլ ի՞նչ կոնին:
– Բաս աղջիկը առանց դրանք գիդենալու վո՞ւնց կարա օջախ ու տուն պահի ու վուրդիք մինձացնի:
– Նրանց շուրիրը մոդնի շուրիր ին՝ կարած, հազիր մաղազիեմեն ին առնում, էնդի փրանցուզի կնկտիք ին կարում:
– Մաշ վուր շուրը մե տեղեմեն մաշվում է, ան պատռվում է, էն էլ պիտի մաղազումն կարկտնիլ տա՞ն:
– Է՜հ, քու հորն ողորմի, դուն հենց գիդիս նրանք իրանց շուրը էնքան պիտի հագնին, ինչկլի մաշվի ան պատռվի՞. չէ՛, գեթաղվա, նրանք չուստ-չուստ փոխում ին, էնդուր վուր պիտի մոդի հիտ ժաժ գան:
Հյուրերի մեջ կար մի պառավ կին, որ ուշադրությամբ լսում էր նրանց. դա Աղա – Մամադ խանի Թիֆլիս գալու տարին տասնևհինգ տարեկան աղջիկ էր եղած և հազիվ ազատվել էր ներքինի պարսկի գերությունից. նա միշտ սիրում էր պատմել այն ժամանակների դժբախտությունները և գովաբանել հին կյանքի չափավորություններն ու անմեղությունը: Այդ պառավի անունն էր Մարիամ:
– Էապես է, – տիկին Բարբարեի խոսքը կտրեց Մարիամը: – Հիմի դիփունանքն էդ անիծած մոդի ետնեն ին թրև գալի. եփոր մոդեն փոխվում է, նրանք էլ շուրը պիտին փոխի: Մագրամ միր ժուկով, դերիեքը սադա էին հագնում, առանց յուփկի: Իժում սկսեցին տակեմեն – կի լհեբի հաստութինով յուփկեք հագնի, վունցոր ինչկլի հիմի Հավլաբարում շատ կնկտիք հագնում ին: Մե ժուգ էլ սկսեցին դերի ի տակեմեն մաֆթուլից շինած քթոցի նման մի բան հագնի, խաբարդա թե ի՛նչ զահրումարին ասում, ու դերիեն էնքան բացվում էր, մե չադրի տոլ, էնպես վուր էնդումեն հագած մե աղջիկ տրոտրոյի վրից վուր անց էր կենում, էլ տիղ չէր մնում խիղճ տղմարդերին անց կենալու: Լավ անուն ին դրած – խաբարդո, դրուստ վուր խաբարդո: Էդ խոսկը թուրքի բառ է, նրանք ասում ին խաբար տուր (զգուշացիր): Միտքս է գալիս, Աղա – Մամադ խանի տարին եփոր թուրքերը բազարեմեն էշով ան թե ձիով բիռն էին անցկացնում, բղավում էին` խա՛բարդո, խա՛բաբդո, վուր մարդիկը ճամփա տան: Էտպես էլ մեր աղջիկ – պարոներանց խաբարդոն ամեն տեղ ճամփա է բաց անում: Մե վուխտ էլ մե յաքա շլեփ շինեցին ու սկսեցին քուչեքը սրբելով թուզ բարձրացնի, մագրամ հիմի էտ էլ մոշլա էլավ, ու էն մաֆթուլի քթոցի տիղ կաշու նման հաստ նշշտած յուփկեք ին հագնում, ու դերիի փեշերքը վեր ին քաշում, կոսիս թե ցեխի մեջեմեն պիտին անց կենա: Էտպես ին անում վուր միթոմ փեշերքը իստակ մնան, մագրամ իրանց յուփկի ռուշնիրը, ան իրանց չուլքին ու տոտիքն ին ուզում խալխին շանց տա:
– Դուն չիս հավնում էտո՞ւնք, – հարցրեց տիկին Բարբարեն, – մի փոքր վշտանալով պառավի նկատողություններից:
– Էտունք ի՞նչ ին վուր հավնիմ, – պատասխանեց պառավը: – Միր ժուգը լավ էր, էտունք տնաքանդութին է… տղամարդն, ան հերն ու մերը վո՞ւնց կարան էդ ղադամի օխտեմեն գալ: Փռանցուզը սատանեմեն շատ բան գիտե. ասինք թե նա իր ապրանքը սաղացնելու համա ամեն օր մե մոդա է դուրս բերում, միր խալխը ինչի՞ է գժվի. մագրամ նա վունց վուր ածե, նրանք էլ էնենց պիտին պար գա:
Տիկին Բարբարեն մտածելով, որ պառավի այդպիսի նկատողություններն ուղղակի վերաբերում էին օրիորդ Սոֆիին, իբրև ժամանակի հիմար ծեսերին հետևողի, և կամենալով ջնջել, ոչնչացնել խոհեմ պառավի խոսքերի, յուր կարծիքով, վատ տպավորությունը յուր հյուրերի սրտից, խոսեց.
– Դեդի, ձիր ժամանակն ուրիշ էր, հիմի ուրիշ. էն վուխտը աղջկերքն ու կնկտիքը ինչղագամ բարի, էնղադամ էլ տուտուց ին էլի. մագրամ մոռացիլ իս վաղվա առակը – հին օրոք մե սկեսուր է էլի. սա գնացիլ է հարևնի տուն, կոսե, ու ասիլ է իր հարսին. «նստի՛ր, տեղեմեդ չժաժ գաս»: Հարսը նստել է: Հարսի մոդ գրած է էլի մի ամանի մեջ հում միս: Կատուն էկիլ է ու սկսիլ է միսը ուտիլ: Հարսը հեռվից հենց ասիլ է. «փիշտ, փիշտ» ու ձեռքն էլ ժաժ չէ տվի, ու չէ էլ կանացի տեղիցը վիր կենա, էնդուր համար վուր սկեսուրն ասիլ է. «տեղեմեդ չժաժ դաս»: Կատուն էլ միսը դիփ կերիլ է:
Տիկին Բարբաբեի առակը մեծ զվարճություն պատճառեց նրա հյուրերին, և նրանք բոլորեքյան սկսեցին հոգնելու չափ ծիծաղել:
– Էդ շատ անխելքութին է, – ասացին բոլորը:
Բայց պառավ Մարիամը մնաց անհողդողդ և սառնասրտությամբ ընդհատեց նրանց ծիծաղը.
Բարբարեի ասածը դրուստ է, էտ էլիլ է Թամար դեդոփալի օրով: Դրուստ է, էն հարսի արարմունքի մեջը հիմարություն կա, մագրամ էդ հիմարությունը շանց է տալիս նրա հնազանդութինը ու նրա անմեղութինը:
– Դրան կոսին կույր հնազանդութին, – պառավի խոսքը կտրեց տիկին Բարբարեն, երեսի վրա թեթև արհամարհական ծամածռություններ գործելով:
Տիկին Բարբարեի վերջին խոսքը բարկացրեց պառավին, և նա բավական բարձր ձայնով խիստ պատասխանեց.
– Մաշ էն լա՞վ է, վուր աղջկերքը բաց գլխով, տկլոր ուսերքով ու տկլոր դոշով քուչեք ին չափչփում ու իրանց ծծիրը խալխին նշանց ին տալի՜ :
– Էտ շատ վատ է, – ասացին մյուս հյուրերը:
Տիկին Բարբարեն չգիտեր, թե ինչ պատասխանե, երբ նկատեց, որ ձայների բազմությունն անցավ դեպի պառավ Մարիամի կողմը, ուստի նա կարճ ասաց.
– Ամեն ժուգի ադաթի գորա պիտի յոլա գնա մարդ:
– Ի՞նչ ադաթ, – պատասխանեց Մարիամը: – Միզ համա լավը միր պապական ադաթն է. ինչ վուր միր հորից ու մորից տեհիլ ինք, էն պիտինք անի:
Տիկին Բարբարեն և հյուրերից մի քանիսը սկսեցին հակառակել պառավ Մարիամի կարծիքին, կամենալով նրան համոզել, թե նոր ժամանակի սովորությունները և կյանքի ձևերն ավելի լավ են, քան թե առաջվանը: Բայց նա դրականապես հերքեց նրանց կարծիքը՝ ասելով.
– Վուրթիք, ես ձիզմեն աշխարքը ավելի շատ իմ տեհած, մի օրոք աղջկերքը տասերկու տարեկան հենց վուր դառնում էին, գելաքնուրի պես խլխլում էին, մագրամ հիմի՞. ասեք, տեհինք, ինչե – մե՞ն է, վուր աղջկերքը էդքան վեր ին թափած տանը ու մարդիկ նրանց թամահ չին անում: Էն դում են է, վուր աղջկերանց էտ թավուր լպստածութինը, անխիլք մսխիր անիլը ու բրո – բրո ապրիլը տեսնելով, խիղճ տղամարդի սիրտը ճաքում է, եփոր փիքր է անում, թե իր դուքնով էնքան ի՞նչ պիտի դադի, վուր կանենա էտ թավուր կնիկ պահի, ու ասում է, լավ է հենց ազապ ապրիմ ու գլուխս դինջ ըլի, քանց թե կնկա եսիր դառնամ: Ա՜յ էդ է պատճառը, վուր աղջրկերքը մնում ին: Ով վուր ունևոր է, մինձ բաժինք ու փուղ է տալի, նրա աղջիկը մսխվում է. ամա խիղճ քեսիբը ի՞նչ անե, նա մնում է հիռու կանգնած իր աչքիրը ճմբռելով, ու քեսիբի աղջիկը պառվում է հոր տանը: Մագրամ նրանք ապրիլ կուզին, ու էնդումեն դենը ի՞նչ միղքերի մեջ չին ննգնում իրանց շուրի ու ապրուստի խաթրու:
Հյուրերից ոմանք համաձայնեցան Մարիամի հետ, որովհետև նրանցից շատերը պառավ և հոր տանը թթված ու քացախած աղջիկներ ունեին: Բայց տիկին Բարբարեի համար փույթ չէր, որովհետև ինքը փող ուներ. նա յուր փողով կարող էր վարագուրել յուր աղջկա բոլոր արատները, եթե կար, և առանց դժվարության կապել նրան մի անբախտ երիտասարդի գլխին:
Երկար այդպիսի և դրա նման խոսակցություններից հետո հյուրերը վեր կացան և կամենում էին հեռանալ: Տիկին Բարբարեն հրամայեց իմացում տալ օրիորդ Սոֆիին, որ դուրս գա հյուրերին ճանապարհ դնելու:
Նա դուրս եկավ բոլորովին այլայլված և շառագունած:
Հյուրերն սկսեցին առանձին – առանձին բարի գիշեր ասել և օրիորդ Սոֆիին զանազան խոսքեր ուղղել՝ ոմանք որպես խրատ, ոմանք որպես օրհնություն և ոմանք որպես զվարճություն: Օրինակ` «Սոֆի ջան, շատ ապրիս»: «Սոֆի ջան, բարով մուրազիդ հասնիս»: «Սոֆի ջան, մորդ ղադրն իմացի» և այլ այդպիսի խոսքեր:
Բայց օրիորդը մինչ այն աստիճան շփոթված էր, որ չգիտեր, թե ի՛նչ պատասխանե:
Հյուրերը հեռացան:
Մի քանի րոպեից հետո օրիորդ Սոֆիի սենյակից Մայիլովը գաղտնի դուրս եկավ պատշգամբը և անտեսանելի կերպով հեռացավ:
Օրիորդ Սոֆին թեև այլայլված էր, բայց նույն րոպեին նրա վառվող աչքերի մեջ փայլում էր զվարճություն և շառագունած երեսի վրա խաղ էր անում բավականության ժպիտը, որպես թե նա հասել էր յուր բաղձանքին…:
Հյուրերի գնալուց հետո նա նստեց մոր մոտ: Մայրը նրանից մի քանի բան հարցրեց:
Բայց նրա պատասխաններն անորոշ և հատուկտոր էին: Նա կարծես մտքսվ վերափոխվել էր մի այլ աշխարհ:
– Սոֆի, դու այս գիշեր հուզված ես երևում, – ասաց մայրը:
– Գլուխս սաստիկ ցավում է, – պատասխանեց օրիորդը:
– Դե գնա՛, հանգստացիր, սիրելիս:
Օրիսրդը գնաց յուր ննջարանը, բայց քունը մոտ չեկավ նրա աչքերին: Ամբողջ գիշեր նրա աչքերից չէր հեռանում Մայիլովի սիրուն պատկերը, կարծես. կրկին զգում էր յուր այտերի վրա պատանի գիմնազիստի համբույրները…
Տիկին Բարբարեն նույնպես այն գիշեր խիստ ուշ քնեց: Պառավ Մարիամի խոսքերը մի քանի անախորժ տպավորություններ թողին նրա սրտում: Նա նստած վառ ճրագի հանդեպ՝ երկար մտածեց յուր աղջկա ապագայի մասին, հազարավոր տխուր և ուրախ մտքեր խառնվում էին նրա գլխում:
Մյուս օրն առավոտյան օրիորդ Սոֆին զարթնեց սովորականից խիստ ուշ, նա խիստ հոգնած էր և լավ չէր զգում իրան:
ԺԳ
Մեծ ճանապարհի վրայի գավառական Կ… քաղաքի պանդոկը անտաշ քարերից կառուցած մի հին շինություն էր, ուր իջևանում էին ճանապարհորդները: Պանդոկի ներքին հարկի մի քանի կրպակներ, որոնք բացվում էին դեպի ճանապարհը, հասարակ գինետներ էին, որոնց մեջ դարսոտած էին ահագին ռումբիք կախեթի գինով, արաղով լի տակառներ կամ տկճորներ, մեծ ու փոքր շշեր՝ լիքը զանազան գույնի ներկած արաղով: Առաստտղից քարշ էր արված չորացած ձկներ, ծխի ու փոշիների մեջ սևացած խոզի ազդրեր, մի եփած հնդկահավի կիսան, որ ով գիտե տասն օր առաջ եփված կլիներ, շաքարի կտորներ` չարաճճի ճանճերի ծիրտերով նախշված և թեյի ու ծխախոտի կապոցների մոտ դրած, հին կոնֆետ ապակե ամանների մեջ: Դրանցից մի փոքր հեռու դրած էր սոխով լիքը կողովը, իսկ մի քիչ հեռու պատից կախած էին ճանապարհորդական սայլերի ձիերի երասանակներ, մտրակներ: Մի անկյունում առանձին փայտյա ամանի մեջ անիվների օծանելիք (կուպր), մյուսում պատից քարշ էր ընկած խանութպանի թառը կարմիր գույնով ներկած, սադափով զարդարած, մոտը մի դահիրա և քամանչա, որոնցով շատ անգամ զվարճացնում էր յուր հաճախորդներին խանութպանը, որ մի հաստլիկ, ուռած փորով, կարմիր ու զվարթ երեսով մարդ էր, հագի շորերը փայլում էին կեղտից, կեղծավոր ծիծաղը նրա երեսից չէր պակասում, նա մի գլուխ շատախոսում էր յուր հաճախորդների հետ – ասում, լսում, հռհոում և ուրիշներին ծիծաղեցնում: Այդ բոլորն այնքան խառնուփնթոր, այնքան խայտաճամուկ, այնպես տարօրինակ կերպով էին հարմարվել միմյանց հետ, որ նայողի սրտում սաստիկ անախորժ զգացմունքներ էին ծնեցնում:
Այդտեղ մուժիկները իրանց կեղտոտ թուլուփներով և հարբած սալդաթները իրանց սովորական երգը երգելով, ձեոքները ձգած նույնպես հարբած մի մատուշկայի վզով, խոզերը խորդալով, հրնդկահավերը կարկաչելով, շները կեղծավորաբար իրանց պոչը շարժելով, – բոլորը ուրախ և համարձակ ել ու մուտ էին անում Բաքոսի այդ պղծյալ սրբարանը, ուր հարա – հրոց, երգ, աղաղակ, անեծք և համբույր, բոլորը միախառնված` խիստ անախորժ և վայրենի մի ներդաշնակություն էին ձևացնում:
Այդ խանութների ետևը ցանկապատած մի փոքրիկ բակ կար. այդ պանդոկի նախագավիթն էր, ուր կանգնած էին ճանապարհորդների սայլերը, մի կոտրած կառք, ձիերի ախոռներ և տավարի աղբի կույտեր, որ բրում էին խոզերը կնճիթներով և իրենց համար կերակուր որոնում:
Այս գավթից մաշված սանդուղքներով մի մուտք տանում էր դեպի պանդոկի վերին հարկը, որ բաղկացած էր մի քանի կացարաններից` ճանապարհորդների օթևանելու համար:
Եթե չի վշտանա մեր պատվելի ընթերցողը, մենք կառաջնորդենք նրան այդ կացարաններից մինը, այնտեղ կրկին անգամ տեսնելու Ճանճուր Իվանիչի երեսը, նրա Կավկա գալուց հետո:
Այդ կացարանը մի փոքրիկ սենյակ էր, շինված ուղիղ ախոռատան վրա, լուսամուտները նեղ, կոտրած ապակիներով, որոնց տեղ կպցրած էին գրոտած թղթեր. մեջը կար նաև մի ահագին քանդված բուխարի: Հատակի վրա, որի աղյուսները վաղուց մաշվելով կոտրտվել էին, տեղ – տեղ անցքեր էին բացվել, որոնց միջից ախոռատնից ներս էր բարձրանում խմորված թրիքների ժահահոտ և կծու գոլորշին: Սենյակի պատերը, որ առանց պաստառի էին, թեև սևացած էին ծխից ու մխից, բայց տակավին կարդացվում էին նրանց վրա մատիտով կամ ածուխով մակագրություններ, որ գրել էին զանազան ճանապարհորդներ. մինը՝ մի հիմար ոտանավոր, մյուսը` թե ի՛նչպես էր քեֆ արել այնտեղ, մի ուրիշը՝ թե ի՛նչպես վատ էր անցկացրել այնտեղ և թե ի՛նչքան հայհոյանք է ուղարկել պանդոկապետի հասցեին յուր մասին լավ չհոգալու համար, և յուր գրվածքի ներքև ավելացրել էր նաև այս անեծքը. «Ով որ ջնջե, այսպես կամ այնպես լինի», և այլ այդպիսի դատարկաբանություններ:
Այդ սենյակի մի անկյունում դրած էր մի հին մահճակալ եղևնու փայտից, նրա մոտ նույնպես մի հին սեղան, որի երեսը տեղ – տեղ այրված էր, երևի ճանապարհորդների համար բերած հեշտաեռի տակից թափված կրակից: Սեղանի մոտ էլ երկու փայտյա նստարան, անգույն եղևնու փայտից: Պատուհանում դրված էր մի կոտրած փարչ, որի բերանին մոմ էր անցկացրած և ծառայում էր աշտանակի տեղ:
Դրանք էին միայն այդ տխուր ու տրտում բնակարանի բոլոր զարդարանքը:
Մահճակալի վրա ձգված էր,մի յափնջի, որի վրա Ճանճուր Ւվանիչը թիկն էր տվել յուր ճանապարհի խուրջինին: Նրա հանդեպ նստած էր մի ուրիշ անձնավորություն՝ թթու և խորամանկ կերպարանքով, նիհար և ցամաքած դեմքով, երկայն քթով, ածիլած և սրածայր ծնոտով, փոքրիկ մոխրագույն աչքերով, առանց թերթերունքի կարմիր կոպերով: Նա հագած էր երկայն, սև սերթուկ, կարճ անդրավարտիք, կարճ ժիլետ, այնպես որ տակից երևում էր նրա աղտոտ շապիկը, հագին ահագին կոշիկներ:
Նա յուր բարակ վզին փաթաթել էր հաստ սպիտակ փողպատ, որի տակին թաքնված էր շապկի կեղտոտ օձիքը:
Այդ մարդը կոչվում էր Սիմոն Յագորիչ. Հացի-Գելենց Կավկայի կապալի գործերի գլխավոր գործակատարն էր դա:
– Բաս էտպես հա՛, Սիմոն Յագորիչ, – կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ կցելով իրանց ընդհատված խոսակցությունը:
– Ապա՜, էտպես, – պատասխանեց Սիմոն Յագորիչը՝ գլուխը տմբացնելով: – Առաջվա ինժեները տուտուց մարդ էր, օրինակ քիզ մե էշ, մենակ ակնջնիրն ու կուդին էր պակաս. նոխտեն անցկացրու գլխին ու ման ածա, վունցոր գուզիս… ի՞նչ էր նրա նոխտեն. մե քանի պաչկա պապիրոս, մե գլուխ շաքար, մե գրվանքա չայ, մե բոթիլ ռոմ նրա տուն տար, մե քանի թուման էլ ձեռքը կոխե, իժում թեկուզ թքե էրեսին, ան ինչ գուզիս արա՜, նա քեզ հիդ բան չունե…
– Էտ նուր էկածը վո՞ւնց է, – հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Էտ նուր էկածը մե ռազբոյնիկ մարդ է, ջալդ խաբվելու պտուղ չէ, – տհաճությամբ ասաց Սիմոն Յագորիչը:
Նրա կարծիքով ում որ ինքը չէր կարողանում խաբել, նա ռազբոյնիկ էր և ավազակ:
– Է՜հ, քո հորն օղորմի, ի՞նչ իս խոսում, – նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը: – Ես դրանց բոլորի խասյաթը լավ գիդիմ. մանեթի ճոնդը նշանց տու, էն սհաթին հոգի կուտան:
Սիմոն Յագորիչը ձեռքը շարժեց, կարծես երեսի վրայից ճանճ էր քշում:
– Էտ խոմ էտենց է, – ասաց նա ներքին համոզմամբ, – համա էս անիծած ինժիները շատ տակետակ օքմին է երևում:
– Քանի՞ վուխտ է վուր էկիլ է, – հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Մե ամիս կուլի:
– Մե ամի՞ս, – կրկնեց Ճանճուր Իվանիչը, – էտ վուչինչ: «Շամից էկած էշը մե ամսից ավելի չի զռա»: Նրանք օրթումի խաթրու իրանց ղուլուղի առաջին մե ամիսը քրթամից պաս ին մնում. ամա էն դումեն դենը իրանք իրանց չաշկա – լոշկեն կուսկսին:
Այդ խոսքերր կարծես թե մի փոքր ոգևորեցին Սիմոն Յագուրիչին. նա ոգևորվեցավ, և նրա աչքերը անթարթ նայում էին Ճանճուր Իվանիչին՝ զմայլածի նման:
– Պսակվա՞ծ է էտ ինժիները:
– Պսակված է ու վուրթիք էլ ունե, – պատասխանեց Սիմոն Յագորիչը:
– տ ուփրո լավ. պսակված մարդը ավելի փուղի կարոտ կուլի. հիմա ասա տեհնիմ, քանի՞ տարեկան է:
– Քառասունից անց կուլի:
– Բաս դա հին գելերեմեն է, – ուրախությամբ խոսեց Ճանճուր Իվանիչը: – Էլ ի՞նչ ինք հոգում. նրա հիդ բանը խիստ հիշտ կուլի շինիր:
– Տեհնինք, աստված տա, – պատասխանեց Սիմոն Յագորիչը: – Ես վուր գիշերները վատ էրազներ իմ տեհնում… իմ խիլքին մե քիչ դժար է նստում ձիր ասածնիրը:
Սիմոն Յագորիչը՝ շահասիրության այդ հին որսորդը, այնպես պատկառանքով էր դատում այդ առարկայի վրա, որպես մի սուրբ իրողություն, և վշտացուցիչ տպավորություն էր գործում նրա սրտին այն բանը, թե ինչո՞ւ շուտ չեն խաբվում մարդիկ, որոնց հետ ինքը գործ է ունենում:
Նա հանեց գրպանից քթախոտի տուփը և յուր ցուցամատի ու բթամատի նույն գույնով ներկված պտղունցով առավ էնֆիան և վեր ուղարկեց դեպի քթածակերը: Եվ այդպիսով կծու փոշու զորությամբ մի փոքր գրգիռ տալով ուղեղին, մտաբերեց հեռու անցյալը, և հիշելով առաջվա բարեսիրտ ինժեներներին, խոսեց.
– Աստուծ քու բանին ու գուրծին աջողութին տա, Մաքսիմ Պետրովիչ… ի՛նչ լավ մարդ էր նա… Նրա վուխտին խեր ու բարաքաթ կար… ի՞նչիր չէր անում մարդ… պոլկի սալդաթներին տալու սպիրթի մեջ կեսը ջուր էի խառնում. գուքար Մաքսիմ Պետրովիչր փորձելու համա սպիրթը կուտեհներ, աչքերը կու խփեր, գլուխը ժաժ կուտար. «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսեր, բարութից ավելի թունդ է»: Սալդաթնիրը կուբղավեին ու կուճղավեին, թե արտղի տիղ իրանց ջուր ին խմեցնում. «մոլչի, կոսե, տի դուրակ, տի նիչավո նե պանիմաեշ…»:
– Էն մեկէլը խոմ, – խոսքը առաջ տարավ Սիմոն Յագորիչը, – Վարլամպի Կալոշնիկովը, դրուստ աստծո գառը. նրա ժուգով կազյոննի շինության փոդրաթում պատերը մենակ թող ագուռ ըլին, մեջն ինչ գուզիս լքցրու… ֆունդամենտը խոմ… իստակ գետնի էրեսին. գուքար Վարլամպի Կալոշնիկովը, մտիկ կոներ, մե քիչ էդ կողմ, էն կողմ ման գուքար, մի տիղ մե քիչ քանդիլ կուտար, ետո ձեռքը մեջքիս կու խփեր՝ «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, կոսե, ստրոենիե կակ բուտտո իզ ժելեզա լիտո»… Էտպես բարի մարդ դժար կուլի, աստուծ գիդենա…
– Դրուստ վուր շատ լավ մարդ է էլած, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը: – Խեր տվող մարդիկ են էլած:
– Բաս էս անիծած Կուզմինի նմա՞ն, – առաջ տարավ Սիմոն Յագորիչը՝ բարկություն ցուցանելով աչքերում: – Ինչքան գուզիս լավ շինե, գուքա մտիկ կոնե, անպատճառ մե փուտ կուկպցնե. էստեղ ծուռն է, կոսե, էնտեղ մուռն է, կոսե, ան թե չէ կրիշան լավ չէ ծածկած, կոսե, ան թե ֆունդամենտը թույլ է, կոսե, մեկ էլ տեհնիս, էն սհաթեվետ ասաց «լամայ» ու քարուքանդ արեցին: Մե խոսքով՝ իստակ աստծո պատիժ է, խոմ մարդ չէ:
– Փիքր չկա, Սիմոն Յագորիչ, – մխիթարելով ասաց նրան Ճանճուր Իվանիչը: – Ես քիզ ասացի, թե դրանք իրանց ղուլուղի առաջին ամիսը էտենց կուլին, մագրամ ամիսը վուր անցկացավ, փուղի լազաթը տեհան թե չէ, կամաց – կամաց կուսկսին «շուր տու կուլ տուն»:
– Աստուծ տա. էտենց ըլի, – պատասխանեց Սիմոն Յագորիչը:
– Մագրամ դուն, Սիմոն Յագորիչ, գիդիս ինչ կոնի՞ս, ասիմ քիզ, առուտեհան քաղքեմեն իմ բերած իքմնիրը կու վիր առնիս, կու տանիս էտ Կուզմինի տուն. իրա համա ուրիշ է` իրան կուտաս, կնկա համա ուրիշ է՝ կնկան կուտաս, երեխերքի համա ուրիշ է` երեխերքին կուտաս, ու կտեհնիս տանը էլ ով կա խերով օքմին, մե բան էլ նրան կուտաս, իժում կոսիս. պաչոտնի գրաժդանին աղա Ճանճուր Իվանիչն ուզում է ձիզ տեհնի. էնդի խոսքի միջում մե թահր կու հայտնիս, վուր օսկե մինդալ էլ ունիմ. դուն խոմ գիդիս, քիզ ասիլ պետք չէ. հետո նա ինչ վուխտ կոսե, կեհանք նրան կու տեհնինք. ես նրա գլուխը էնպես եղիմ, վուր նա էլ էգուց ձեռը խփե մեշքիդ ու ասե. «մոլոդեց, Սիմոն Յագորիչ, վսե խորոշո»: Դուն խոմ գիդիս, ես սատանին կու նալնիմ:
Սիմոն Յագորիչը խոստացավ առավոտյան կատարել նրա այդ պատվերները և յուր մտքի մեջ սկսավ աղոթել վաղվան ձեռնարկության հաջողության համար:
Բայց ճրագվի պատրույգը բոլորովին վառվեցավ: Ներքևի խանութներից ժամացույցի հոպոպը երկու անգամ ձայնեց – «պու – պու»:
Գիշերից արդեն երկու ժամ անց էր: Նրանք մի ժամի չափ ևս խոսեցին մթնում՝ Կուզմինի, Կալոշնիկովի և դորանց նմանների վրա, մինչև մահճակալի վրա հենց այնպես թեկն տված Ճանճուր Իվանիչի քունը տարավ, և նա սկսեց խեղդվողի նման խռխռալ: Իսկ Սիմոն Յագորիչը քնեց հատակի աղյուսների վրա՝ փաթաթվելով յուր հին վերարկուի մեջ:
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?