Текст книги "Անցյալից"
Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 32 страниц)
Լեո
Անցյալից
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։
Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարեւոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց եւ ինչպես էր, որ այդ հարցի հետեւանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը եւ իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան11
Միօրինակացման նպատակով հետայսու, բացի պաշտոնական փաստաթղթերի մեջբերումներից, Լեոյի օգտագործած ձեւերից նախապատվությունը կտանք «Թուրքահայաստան» ձեւին, նույն կերպ՝ «թուրքահայ», ինչպես նաեւ՝ «Ռուսահայաստան», «ռուսահայ»։
[Закрыть] աշխարհագրական անունը։
Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբեւիցե վիճակվել են հայ ժողովրդին։
Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ եւ ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.
– Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…
– Հեր օրհնված, – մտածում էի ես, – մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սեւ չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի22
Ամմոնական կուռք, որի ձեռքերում բացվող հնոցի կրակի մեջ որպես զոհ նետվում էին կենդանի մարդիկ։
[Закрыть] որկորը 1914 թվականից սկսած։
Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես եւ անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է եւ սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է եւ մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ` հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։
Ահա՛, ես էլ, իբրեւ մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։
Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ եւ հոսանքներ էինք ստեղծում եւ կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո» – ն եւ «Ոչ» – ը, մեր սխալները, մեր ոճիրները։
Համեցե՛ք։
Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրեւ այն օրերի մարդ, որովհետեւ այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրեւ այսօր ապրող մարդ, որովհետեւ այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։
Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար եւ հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին եւ քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։
Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ` դրանք այլեւս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ33
Լեոյի այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։
[Закрыть]։
Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախեւառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետեւ այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…
Անխնա լինենք նախեւառաջ դեպի մեզ։
Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե` չսխալված, իբր թե` միակ խելոք եւ հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ եւ ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի եւ հայացքի եմ եղել։ Ամենեւին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։
Մենք միայն հաշիվ ենք տալիս։
Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։
Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։
1924 թ., մայիս
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ա
Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչեւ այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։
Ի՞նչ էինք։
Իմ ծննդավայրը` Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով` նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից44
Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաեւ հայեր (տե՛ս, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։
[Закрыть]։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար եւ չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։
Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչեւ, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրեւ միակ ուժը եւ շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր եւ հոգեկան պահանջները։ Հիշում եմ` ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց եւ միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին եւ ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջեւից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետեւից հետեւում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը` Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու եւ իր տպավորություններն այդ օրվա եւ հետեւյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։
Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի եւ արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արեւի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ եւ հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը` տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերեւույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երեւան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի55
Շուշիից ավանդված է 6 եկեղեցի եւ 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջեւանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։
[Закрыть], շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին` տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձեւացնելով եւ, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։
Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։
Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, եւ իրենք` զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։
Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ եւ իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել եւ «Тифлисский вестник»66
Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։
[Закрыть] լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին եւ գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։
Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգեւորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան77
Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։
[Закрыть]։ Եվ նա դառնում էր նաեւ մեր` Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։
Որոտացին թնդանոթները Արփաչայի88
Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։
[Закрыть] եւ Դունայի99
Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։
[Закрыть] ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի եւ ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, եւ ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»1010
Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։
[Закрыть], «Էն օրհնած Գլադստոնը»1111
Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։
[Закрыть], «էն գազան սուլթանը» եւ այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ` Տեր-Ղուկասով1212
Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։
[Закрыть], Լոռիս-Մելիքով1313
Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։
[Закрыть], Լազարեւ1414
Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ եւ 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։
[Закрыть], Շելկովնիկով1515
Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի եւ 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։
[Закрыть]։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին եւ այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք` շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլեւս Վանջի չէ, այլ Լազարեւ` Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։
Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։
Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք` պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։
Բ
Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց` Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլեւնան1616
Քաղաք Բուլղարիայի հյուսիսում. ռուսական բանակը, որ թուրքական 50 հազարանոց պաշտպանական ուժերին գերազանցում էր մի քանի անգամ, ավելի քան 30 հազար զոհ տալուց եւ 5-ամսյա անընդհատ հարձակումներից ու պաշարումից հետո կարողացավ գրավել այն, թեեւ մարտի դաշտում էին ռուսական Ալեքսանդր II կայսրը, բուլղարական Մեծ իշխանը եւ մի քանի տասնյակ գեներալներ։ Պլեւնայի գրավումից հետո Բալկաններում ռուսների առաջխաղացումն արդեն անկասելի դարձավ։
[Закрыть]։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, եւ ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի1717
Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը կնքվել է 1878թ. մարտի 3-ին, Կ.Պոլսի մերձակա Սան Ստեֆանո (Եշիլքյոյ) ավանում. պայմանագրով Ռուսաստանին էին անցնում բալկանյան եւ հայաստանյան հսկայական տարածքներ, իսկ դրա 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, տե՛ս համապատասխան Հավելվածը։ Լեոն այս եւ այլ պայմանագրեր անվանում է մե՛րթ դաշնագիր, մե՛րթ դաշնագրություն. այս դեպքում տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
[Закрыть] դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։
Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին»1818
Հայ լիբերալների թերթը (1872-1921թթ.), որ լույս է տեսել Թիֆլիսում։ Հիմնադրել է Գրիգոր Արծրունին։ Ուներ ռուսական կողմնորոշում։
[Закрыть] եւ ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։
– Իրականությու՛ն, – պատասխանում են մեզ, – այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար, – ասում են մեզ, – եւ այդ ճարը Սան Ստեֆանոն է` իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։
Նա թողնում է հայ իրականության վրա անջնջելի, խոր ազդեցություն, նա մի ամբողջ դարագլուխ է դառնում կյանքի մեջ։ Հայոց հարցը դրված էր պաշտոնական հողի վրա։ Թուրքահայն այլեւս անտեր չէ։
Այսօր 47 տարի է անցել այն օրից, երբ ստորագրվեց 16-րդ հոդվածը։ Մի մեծ արյունոտ պատմություն է մեզ բաժանում այդ օրից։ Եվ երբ այսօր հետ ենք դարձնում մեր հայացքը` իմանալու համար, թե իսկապես ի՞նչ էր նա` այդ 16-րդ հոդվածը, որ միանգամից սրբություն սրբոց էր դառնում մի ամբողջ ժողովրդի համար, մեր առջեւ բացվում է այսպիսի մի պատկեր։ Հայերը խնդրում են հաղթական ռուսներից, որ նրանք շնորհ անեն իրենց, կարգադրեն նաեւ իրենց քաղաքական ճակատագիրը, ինչպես կարգադրում են բուլղարների եւ այլ քրիստոնյա ազգությունների ճակատագիրը։ Ու ռուսները թեեւ հաղթել են թուրքերին, բայց սաստիկ ճնշված են եվրոպական պետությունների կողմից, որոնք չեն թողնում նրանց լայնապես օգտվել իրենց հաղթության պտուղներից։
Ռուսներին հաջողվում է միայն Կարսը, Արդահանը, Բաթումը եւ Հին Բայազետն առնել թուրքերի ձեռքից, բայց նրանց ցանկալի է ամբողջ թուրքական Հայաստանն ունենալ իրենց ձեռքի մեջ։ Եվ այս ձգտումը նրանք փորձում են իրագործել հայերի միջոցով։ Խաղը դիվանագիտական խիստ նուրբ կերպարանք ուներ։ Նրանք պարտավորեցնում են թուրքերին «տեղական պետքերի պահանջած բարենորոգումներ մտցնել հայաբնակ նահանգներում եւ պաշտպանել հայերին քրդերից եւ չերքեզներից»։ Այս պահանջը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռուսաց զորքերի հեռանալն իրենց ժամանակավորապես գրաված վայրերից` կարող է անկարգություններ առաջացնել նույն այդ տեղերի հայերի եւ քրդերի, չերքեզների միջեւ։ Այսպիսով ստացվում էր, որ ռուսական զորքերը գրաված պիտի պահեն Հայաստանը մինչեւ բարենորոգումների իրագործումը։
Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան եւ հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետեւ ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, եւ ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։
Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիեւ ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետեւանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ եւ դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը1919
Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձեւերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
[Закрыть], հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը` Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ եւ ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը` լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր` որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից` իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։
Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե եւ շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ եւ պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի եւ մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) եւ կարգադրում էր պարտքերի հատուցման գործը` Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն, որ Սոլսբերիի2020
Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) – Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ 1885-86, 1886-1892, 1895-1902, Բեռլինի կոնգրեսում եղել է Անգլիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչը։
[Закрыть], Գորչակովի2121
Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) – Ռուսաստանի արտգործնախարար 1856-1879-ին, ծրագրել եւ իրականացրել է Ռուսաստանի դիվանագիտական ռեֆորմը, որն ամբողջությամբ գործում է առ այսօր, կարողացել է զրոյացնել Ղրիմի պատերազմից հետո պարտադրված նվաստացումները, հաջողությամբ խաղացել է միջեւրոպական հակասությունների վրա։ Ծեր հասակում, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երկմտեց Կ.Պոլիսը գրավելու հարցում, որի պատճառով հեղինակազրկվեց, իսկ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո՝ պաշտոնաթող եղավ։ Այդ առիթով Ալեքսանդր Բ-ին գրեց. «Բեռլինյան տրակտատն իմ ծառայողական ընթացքի ամենասեւ էջն է»։
[Закрыть] եւ սրանց նման մարդկանց ներշնչի` ընդունել պատվիրակության թղթերի մեջ գրածը։
Այդպիսի հրաշք, իհարկե, չկատարվեց։
Անգլիան Բեռլին էր եկել Ռուսաստանին ջախջախելու համար եւ միանգամայն հասավ իր նպատակին։ Նա գաղտնի դաշնագիր2222
Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե., 1972, էջ 104-105։
[Закрыть] էր կապել Թուրքիայի հետ եւ հափշտակեց նրանից Կիպրոս կղզին` փոխարենը խոստանալով բարենորոգումներ մտցնել ասիական Թուրքիայի բոլոր նահանգներում, անխտիր ամբողջ ազգաբնակչության համար։ Խոստում, որ պարզ խաբեբայություն էր` հայկական բարենորոգումները ռուսական հովանավորությունից խլելու համար։ Ռուսաստանի հետ այս կետում հաշտվելու միայն մի պայման էր առաջադրվում. այն, որ ռուսաց կառավարությունը Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից հանի ռուսական զորքերի մասին եղած խոսքերը։ Ռուսներն անձնատուր եղան այս պահանջի մեջ էլ։ Այնուհետեւ նրանց համար այլեւս ոչինչ հետաքրքրություն չէր ներկայացնում Հայոց հարցը, քանի որ այլեւս անկարելի էր այն դարձնել Թուրքահայաստանը զինվորական գրավման մեջ պահելու միջոց։
Երբ կոնգրեսի պարապմունքների մեջ հերթը հասավ այդ օրվանից արդեն չարաբախտ 16-րդ հոդվածին, նրա ամբողջ վիճակը հանձնվեց անգլիական լիազորներին, [իսկ] ռուս պատվիրակները բավականացան մի երկու խոսքով. եւ Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը անգլիական խմբագրությամբ դարձավ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված։ Սրա մեջ, իհարկե, ռուսական գրավման հնարավորություն բերող նշանախեց անգամ չմնաց։ Անփոփոխ էին թողնում «տեղական պետքերի» պահանջած ռեֆորմները, ինչպես նաեւ Թուրքիայի պարտավորությունը` պաշտպանելու հայերին քրդերից եւ չերքեզներից. այսինքն` նախկին անորոշությունը, ռեալ բովանդակություն չներկայացնող ֆրազները, ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։
Հայ պատվիրակությունը, կուշտ աղոթելուց հետո, 16-րդ հոդվածի այս կարկատանն էր իր հետ տանում Բեռլինից Կ.Պոլիս։
Գ
Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ եւ խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատեւ եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը` մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը2323
Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։
[Закрыть] եւ նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է եւ լավ է պաշտպանված։
Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»2424
Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։
[Закрыть] բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը2525
Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։
[Закрыть]։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգեւորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչեւ Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, եւ հայերին պաշտպանողն այսուհետեւ մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թեւավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը` ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության եւ քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։
Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության եւ անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը2626
20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։
[Закрыть], որի անունն էր Արեւելյան հարց։
Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ` ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում եւ Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրեւ տեր եւ հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։
Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական շահատակությունների ասպարեզ։ Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում` կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որեւէ հարցի մեջ միաբան գործելու համար։ Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա։ Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու եւ նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու` ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի` իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար։ Սկսած Սան Ստեֆանոյի դաշնագրի գոյության առաջին իսկ օրից` թուրքահայ ճորտ գյուղացիության հեծեծանքները, արյունն ու արտասուքներն առած Հայոց հարցը կանոնավոր չափով ու կշռով, հաշվապահության բոլոր կանոններով ծախվում էր եվրոպական արտաքին գործերի փառազարդ առանձնասենյակների լռիկ անկյուններում հանդարտ ու վճռականապես, ինչպես վայել էր սառնասիրտ վաճառականին։
Այս պարզ էր ամենքի համար։ Այս պարզ չէր միայն եւ միայն վաճառվողների համար։ Ստոր «սովդաքյարական» հաշիվներով ապրող Եվրոպան հայի համար դառնում էր մի ամբողջ մոլի պաշտամունք, մի աստվածություն, որին պետք էր հավատալ անպայման կուրությամբ, դառնում էր մի ֆետիշ, որ միայն կարող էր փրկել, ազատել, պահպանել։ Այսպես մնաց Եվրոպան ուղիղ քառասուն եւ հինգ տարի շարունակ եւ անընդհատ, մինչեւ որ հայի մեջ այլեւս ո՛չ արյուն մնաց եւ ո՛չ արտասուք, որոնց կարելի լիներ ծախու հանել։ Սա մի զարհուրելի, մղձավանջային երեւույթ է` այս համահայկական միջնադարյան կուրությունը, այս մոլեգնոտ եվրոպապաշտությունը։ Եվ այս համարվում էր (Բեռլինի կոնգրեսի օրերից) մի մեծ երջանկություն, մի նոր բախտ հայության համար։
Երբ Բեռլինում աղոթողի անճարությանը մատնված հայ պատվիրակները վերադարձան Կ.Պոլիս, սկսեցին իրենց անհաջողությունը բացատրել նրանով, որ հայերն արյուն չէին թափել, չէին ապստամբել, որ ներկայացել էին միջազգային ատյանին լոկ իբրեւ խնդրարկուներ, իբրեւ թուղթ մատուցանողներ, մինչդեռ աշխարհի կարգ է` ազգերն իրենց ազատությունը գնում են իրենց արյունով։ Այս միտքն էլ թեւավոր էր եւ սկսեց տարածվել արագությամբ, ժողովրդականանալ։ Մանավանդ ռուսահայերն էին ուժգնությամբ փարում այս գաղափարին։ Եվ ահա՛, գտնվա՛ծ էր Հայոց հարցի լուծման միջոցը` Եվրոպա եւ ապստամբություն։ Միայն եւ միայն։ Մի դեղատոմս, որ ամենայն փութաջանությամբ գործադրվեց, մինչեւ որ Հայաստանում այլեւս հայ չմնաց։
Շատ հետաքրքրական է իմանալ, թե իրենք՝ հայերն ինչ տեսակ էին հասկանում իրենց պարգեւված «տեղական պետքերին համապատասխանող ռեֆորմներ» դարձվածքի իմաստը։ Եթե Աբդուլ-Համիդ2727
Աբդուլ-Համիդ Բ (1842-1918) – Օսմանյան կայսրության վերջին բացարձակ միապետը (1876-1909), երկիրը հասցրեց տնտեսական, ֆինանսական, տարածքային կործանման։ Նրա ժամանակն անվանվեց «զուլում» (բռնություն), ինքը՝ «արյունոտ, կարմիր սուլթան»։ Իրականացրեց հայերի եւ հույների ջարդեր։ Իշխանությունից հեռացվեց երիտթուրքական հեղափոխության (1908) եւ մակեդոնական զինվորական ապստամբության (1909) միջոցով։ Մեռավ Կ.Պոլսում, բանտարկության մեջ, 1918թ. փետրվարի 10-ին։
[Закрыть] սուլթանը մի մարդախոշոշ գազան չլիներ, այլ կիրառեր շինարար եւ խաղաղարար մի սկզբունք, եւ եթե նա կարողանար իր վարչական մեքենան այնքան բարեկարգել ասիական նահանգներում, որ հայերը հանգիստ ու ապահով ապրելու շատ հնարավորություններ ստանային, արդյո՞ք այսքանով սպառված կլինեին «տեղական պետքերը»։ Ո՛չ։ Հայ ազգային գործիչների ցանկությունը տեղական համեստ պետքերից ավելի հեռուն էր գնում։
Ահա նույն Մինաս Չերազը 1879թ. հրատարակած իր «Հայաստան եւ Իտալիա» բրոշյուրի մեջ պատմում է, որ Հռոմում ինքը, իբրեւ հայ պատվիրակության քարտուղար, գնաց իտալական արտաքին գործերի մինիստր կոմս Կորտիին ներկայանալու, բայց ստիպված եղավ երկար սպասել նախասենյակում։ Այս սպասողական ձանձրույթը հենց այդտեղ` նախասենյակում, երիտասարդ եւ նորաթուխ հայ դիվանագետը փարատում է նրանով, թե մի օր էլ իտալական դեսպանը Հայաստանի արտաքին գործերի մինիստրի նախասենյակում այսքան երկար կնստի` սպասելով, թե երբ ինքը ներս կընդունվի։ Այս պարզապես ցույց է տալիս, թե հայերը սկզբից եւեթ` Սան Ստեֆանոյի օրերից, կարծում էին, թե իրենք այնքան շատ բան էին ստացել, որ կարող էին անկախ Հայաստան ստեղծել։
Հարցն իհարկե գաղափարը չէ, որ չի կարող մերժվել որեւէ ճկուն եւ կեղեքվող ժողովրդի։ Հանցանք չէր, եթե հայն անկախություն երազեր այնպիսի մի ժամանակ, երբ նրա աչքի առջեւ կազմվում էր մի բուլղարական կիսանկախ իշխանություն, եւ մի շարք կիսանկախ պետություններ (Ռումինիա, Սերբիա) կատարյալ անկախություն էին ստանում։ Ամբողջ հարցն այն է, որ հայերը չէին կշռադատում իրենց ձեռքին եղած միջոցները, իրենց ժողովրդի կացությունը Հայաստանի խորքերում եւ իրենց ստացած խոստումների իսկական արժեքը։ Եվ ստեղծվում էր ողբերգական հակասություն. հայերի համար «տեղական պետքերը» առնվազն վարչական ինքնավարությունն էր, որի հետեւում, անշուշտ, կանգնած էր անկախությունը, մինչդեռ թուրքերի համար այդ «պետքերն» ամենաշատը պիտի նշանակեին վարչական-ոստիկանական վերակազմություններ, որոնց անհրաժեշտությունը նրանք ընդունում էին, բայց ասում էին, թե փող չունեն այդպիսի ռեֆորմներ իրագործելու համար։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.