Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 8

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 8 (всего у книги 32 страниц) [доступный отрывок для чтения: 11 страниц]

Шрифт:
- 100% +

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԱՆԿՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Ա

1896 թվականը, այնքան հարուստ իբրեւ ցնցումների ու վկայությունների ժամանակամիջոց, ծանր հարվածներ էր տալիս հայ հեղափոխականությանն առհասարակ։ Ներքին քայքայում էր սկսվում Հնչակյան կուսակցության մեջ. հիշվածների էր ենթարկվում, կորցնում իր նյութական եւ բարոյական ուժը, թուլանում ներքին պայքարներից ու հակամարտություններից։ Այս դեռ, իհարկե, չէր նշանակում Հնչակյան կուսակցության կատարյալ եւ անհետ ոչնչացում։ Նա պահպանում էր իր գոյությունը, բայց արդեն երկրորդական նշանակություն ուներ, փոքր գործեր կարող էր կատարել։

Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրեւ մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում։ Թեեւ այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը։ Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ։ Ավելի եւս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում եւ, մասնավորապես, Ռուսաստանում։ Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ եւ անսահման կարողություն` խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ` տեղափոխության ազատությունից։ Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներեւակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ։

Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը` ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեեւ երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գեւորգ Չաուշ եւ ուրիշներ)։ 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա։ Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները` համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը։ Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված եւ, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված։ Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն։ Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ։ Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը եւ սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել։

Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել եւ նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնեւ` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ եւ այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։

Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը115115
  Աբգար Հովհաննիսյան (1849-1904) – «Փորձ» եւ «Արձագանք» հանդեսների հիմնադիր եւ խմբագիր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության նախագահ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Լայպցիգի համալսարանը, 1879-1904թթ. եղել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ։


[Закрыть]
եւ ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեեւ հայտնի էր իր կոպիտ եւ անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, իբրեւ իր հայրենակցի եւ «Մշակ» – ականի։ Ես պիտի այս մարդուն առաջարկություն անեի, որ գար մտներ Դաշնակցության մեջ եւ դառնար նրա ղեկավարներից մեկը։

Ես անակնկալ առաջարկությունից մնացել էի ապշած։ Եթե հետս խոսողը Սիմոն Զավարյանը չլիներ, պիտի լսածս խոսքերը համարեի ծաղր իմ հասցեին։ Բայց Սիմոնը խոսում էր լրջությամբ, իրեն հատուկ համոզիչ շեշտով։ Պատասխանեցի, թե բժշկապետ Գասպարյանցի հետ անձնական ծանոթություն չունեմ, ունենամ էլ` չեմ կարող նրան առհասարակ որեւէ առաջարկություն անել` լավ իմանալով նրա բնավորությունը, այն էլ այնպիսի մի առաջարկություն, որպիսին է մի դավադրական, հալածվող գաղտնի ընկերության գլուխ կանգնելը։ Եվ առհասարակ խորհուրդ տվի նրան` հանել Գասպարյանցին իր կազմած բուրժուական ցուցակից։

Պատմում եմ այս փոքրիկ դեպքը, որպեսզի ցույց տամ, թե ինչ հուսահատական դրության մեջ էր գտնվում այդ միջոցին Դաշնակցությունը։ Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց` ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին։ Ես գնում էի իմ ընկեր Վալերիան Լունկեւիչի116116
  Լունկեւիչ Վալերիան Վիկտորովիչ (1866-1941) – Էսէռական կուսակցության լիդերներից, ծնվել է Երեւանում, ռուս ազնվական բժշկի ընտանիքում։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, կենսաբանության դոկտոր։ Հետապնդվել է ցարիզմի ժամանակ, խորհրդային իշխանության օրոք։ Թիֆլիսում եւ Բաքվում կազմակերպել է էսեռների եւ Դաշնակցության համագործակցությունը, Ժնեւում եղել է Ինտերնացիոնալի եւ ՀՅԴ-ի հովանավոր-կապավորը։ Մահացել է էվակուացիայի ճամփին, ամփոփված է Եկատերինբուրգում։


[Закрыть]
հետ` մերժած չլինելու համար Սիմոնի` մեր երիտասարդական շրջանների այդ ականավոր ներկայացուցչի խոսքը։ Շատ լավ եմ հիշում առաջին ժողովը, որ կայացավ գյուղատնտես Հարություն Փիրալյանի բնակարանում` Միքայելյան փողոցի վրա։ Բացի մեզանից կային եւ մի քանի անձնավորություններ, որոնցից հիշում եմ միայն Ավետիք Սահակյանին (դաշնակցական, հայտնի Հայր Աբրահամ117117
  Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ) (1865-1923) – ՀՅԴ ղեկավար անդամ, Անդրկովկասյան Սեյմի պարենավորման նախարար, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի առաջին նախագահ։


[Закрыть]
անունով)։ Սիմոնը սկսեց մի երկար եւ մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին։

Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը։ Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն` բերելով իր հետ արյունահեղություններ եւ խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, եւ ամենքն այժմ երես են դարձնում նրանից։ Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա։ Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը։ Ինքը` զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում` դուրս ձգելով ծրագրի եւ գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ եւ խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը118118
  Անշուշտ, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կարող է հենվել միայն սեփական ժողովրդի զանգվածների եւ դրամատեր խավի վրա, քանի որ առաջինն իր մղումների, իսկ երկրորդը՝ սեփական շահի պատճառով ուզում է ազգային ազատություն. բայց քանի որ Դաշնակցությունն ի սկզբանե (ծրագրից դատելով) չի հետապնդել պետականության վերականգնման խնդիր, ուստի, բնականաբար, չէր կարող գիտակցել եւ գործողություն դարձնել վերոնշյալ մոտեցումը։


[Закрыть]
։ Այս բանի մեջ նա ոչինչ հետադիմական կամ հակաժողովրդական բան չէր տեսնում։ «Եթե, – ասաց նա, – ռուս ժողովուրդն իր համար ազգային սրբություն է դարձրել Մատուշկա-Վոլգան, ինչո՞ւ պիտի հայի համար խոտելի համարվի այն, որ նա իր ազգային սրբություն դարձնում է Մասիս սարը»։

Հակաճառելով Զավարյանին` Ավետիք Սահակյանն առարկեց, թե Դաշնակցությունը, ընդհակառակը, բոլորովին կազմալուծված չէ, այլ «շարունակում է պահպանել իր նախկին կենսունակությունը։ Եթե Թիֆլիսում եւ Կովկասյան մի քանի այլ կենտրոններում նկատելի է սառնություն դեպի կուսակցությունը, դա մեծ նշանակություն չունի, քանի որ նրա հետ է բուն երկրի` Թուրքհայաստանի ժողովուրդը, որ իր միակ պաշտպանն է համարում կուսակցությանը եւ շարունակ ցանկանում է, որ մենք գործենք միեւնույն ուղղությամբ, եւ ինքն էլ գործակցում է մեզ։ Ուրեմն ծրագիրը փոփոխելու ոչ մի հարկավորություն չկա։ Պետք է միայն աշխատել, որ կուսակցությունը համակրանք եւ վստահություն ներշնչի ռուսահայ ժողովրդին էլ։ Թող գան, ուրեմն, ովքեր կարող են։ Մենք խտրություն չենք դնում, մեզ համար բոլոր խավերի աշխատանքը ցանկալի է»։

Տուն վերադառնալիս ես եւ Լունկեւիչն իրար ասում էինք, թե Զավարյանի այս ձեռնարկումից ոչինչ չի դուրս գա։ Այդպես էլ եղավ։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ հավաքվեցինք Փիրալյանի բնակարանում եւ հետո… Ամեն ինչ մնաց հին դրության մեջ։ Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնեւում։ Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն։ Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ։ «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ։ Այնտեղ երեւան եկան Ղարիբը (Ահարոնյան119119
  Ավետիս Ահարոնյան (1866-1948) – Դաշնակցական գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Ուսանել է Լոզանի եւ Փարիզի համալսարաններում։ Ազգային խորհրդի նախագահ, Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ապա՝ նախագահ, ստորագրել է Սեւրի հաշտության պայմանագիրը։


[Закрыть]
)` իր վեպիկներով եւ պոեմներով, որոնք դրվատում էին հայդուկներին եւ հայդուկականությունը, Է. Ակնունին (Մալումյանը), որ նույնպես տեղափոխվել էր Ժնեւ եւ ոտքով-գլխով դաշնակցական դարձել։ Վերջապես, ինքը` Միքայելյանն էլ ձեռքն էր առնել հրապարակախոսի ժլատ գրիչը` գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար։ 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար։

Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը։ Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար։ Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները։

Հասարակության մեջ շատացել էին այն տարրերը, որոնք համոզվում էին հետզհետե, թե հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը, եւ եթե այն շարունակվի, հայության կատարյալ եւ վերջնական բնաջնջումը Թուրքիայում անխուսափելի է։ Սա արդեն հակահեղափոխություն էր` կորուստների եւ դրանց հետեւանքների հետ հաշվի նստելու հոսանք։ Այդ հոսանքի բերանը փակելու համար էր Միքայելյանը գրում իր բրոշյուրը։ Նրա մեջ պատմական փաստերով, հեղինակավոր եվրոպացիների վկայություններով [նա] պաշտպանում էր այն միտքը, թե քանի որ Թուրքիան սուլթանական Թուրքիա է, այնտեղ ապրող նացիաները պիտի կոտորվեն ու տանջվեն, միեւնույն է` ինչ դրության մեջ էլ գտնվեն նրանք` խաղաղ, հլու-հպատակ դրության թե ըմբոստ-հեղափոխական դրության։

Այսպիսով դաշնակցական շեֆը միանգամայն ապացուցված էր համարում, թե թուրքահայերի կոտորածները կապ չունեն թուրքահայերի հեղափոխական շարժումների հետ, եւ, ուրեմն, հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը` առանց ուշադրություն դարձնելու սուլթանի ջարդարար եռանդի վրա։ Հեղափոխության տեսականը Միքայելյանը պարզում եւ զարգացնում էր ռուս նարոդնիկական ընդվզողականության (բունտարության) պատիվ բերող փայլով։ Հեղափոխությունն է միակ միջոցը ջարդերի դեմ կռվելու համար։ Մինչեւ այժմ հայ հեղափոխությունը խղճի մտոք է կատարել իր ազատարար առաքելությունը եւ, եթե հաջողություն չի ունեցել, այդ նրա մեղքը չէ։ Պատճառը միշտ եղել է Եվրոպայի դավաճանությունը…

Այսօր կարդալով 20-րդ դարի հետ մեզանում երեւան եկած ազատագրական ավետարանը, մենք պիտի զարմանանք ոչ այնքան հեղինակի մտքի սնանկության վրա, որքան այն բանի, որ այդ միտքը կարողանում էր հիպնոսացնել զանգվածներին, քշել նրանց դեպի անհավասար ու խելացնոր մի պատերազմի` մերկ թեւերով կռվելու Կրուպպի թնդանոթների դեմ։ Պետք էր, ճիշտ որ, լինել տհաս մի ամբոխ, մի խուժան` հավատալու համար, որ եթե 1896-ի օգոստոսին դաշնակցականները ռումբերով չխուժեին էլ Բանկ-Օտոմանի ներսը, Կ.Պոլսում, այնուամենայնիվ, կմորթվեին 6000 հայեր։

[Ճիշտ է,] Քրիստափոր Միքայելյանը վերակենդանացնում էր [կուսակցության] գործունեությունը, բայց միշտ մնալով հին նարոդնիկական ավանդներին կուրորեն հպատակվող` ոչինչ չսովորելով կյանքից եւ ոչինչ չմոռանալով հին մոլորություններից։ Նա Թուրքահայաստանում պատրաստում էր նոր ապստամբություն եւ միջոցներ էր ձեռք առնում, որ Եվրոպան այս անգամ չդավաճանի իրեն։ Իսկ Աբդուլ-Համիդից հայ ժողովրդին ազատելու համար ծրագրվում էր կտրուկ եւ ուղիղ միջոց` սպանել նրան։

Բ

Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնեւն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչեւ կայարան, եւ նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնեւ` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնեւի դաշնակցական բյուրոն։

Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախեւառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»120120
  Բառացի նշանակում է «Հայաստանի կողմում (օգտին, հայաստանամետ)»։


[Закрыть]
անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետեւյալ անձերից` Ժորժ Կլեմանսո121121
  Ժորժ Կլեմանսո (1841-1929) – Բժիշկ, ակադեմիկոս, 1906-1909թթ. եւ 1917-1920թթ. Ֆրանսիայի վարչապետ, Վերսալի հաշտության պայմանագրի համահեղինակ։


[Закрыть]
, Ժան Ժորես122122
  Ժան Ժորես (1859-1914) – Ֆրանսիացի աջ սոցիալիստ, II Ինտերնացիոնալում ռեֆորմիստների ղեկավարներից, «Յումանիտե» թերթի հիմնադիր, սպանվել է I համաշխարհայինի նախօրյակին։


[Закрыть]
, Անատոլ Ֆրանս123123
  Անատոլ Ֆրանս (1844-1924) – Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր։


[Закрыть]
, Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը124124
  Պիեռ Քիյար (1864-1912) – Ֆրանսիացի գրող, լրագրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ, դասավանդել է հայկական վարժարաններում, Մարդու իրավունքների պաշտպանության լիգայի անդամ։


[Закрыть]
։

Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին եւ ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն եւ ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու եւ ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ եւեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, եւ նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը125125
  Արշակ Չոպանյան (1872-1954) – Նշանավոր բանասեր, գրող, խմբագիր, թարգմանիչ, Ռամկավար կուսակցության անդամ։


[Закрыть]
, այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով եւ հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի եւ մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը եւ ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների եւ գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրեւ ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել եւ այլն, եւ այլն։

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։ Հայ գործիչները` հեղափոխական եւ ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)` Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն եւ անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում։ Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն եւ գթություն էին հայցում նրա համար։

Այո՛, եռանդ եւ ընդունակություն շատ էին վատնվում։ Բայց… Այդ բոլորը անճարության ջղաձգումներ էին։ Հայ ժողովրդին իբր թե բոլորովին չէի՞ն ճանաչում եւ այն ժամանակ, երբ նա 300 հազար զոհ էր տալիս եւ իր տանջանքներով լցնում ամբողջ աշխարհը` բեւեռից բեւեռ. սա մի անասելի միամտություն էր։ Միամտություն, մանավանդ այն մտածողության տեսակետից, որ ասում էր, թե այդ ժողովրդին պետք է փրկել այն պատճառով, որ նա կուլտուրական է, իր անցյալում Տիգրան, Նարեկացի, Շնորհալի, Տրդատ ճարտարապետ է ունեցել։ Կարծեք թե մի ուրիշ ժողովուրդ, որ բոլորովին անցյալ չուներ, որ վայրենի էր, իրավունք չուներ ապրելու առանց տանջանքների, առանց կոտորածների։ Կարծում էին, որ եթե Փարիզի կամ Լոնդոնի միջակ բուրժուան, մանր ռենթիեն126126
  Ֆրանսերեն՝ «տարեկան կայուն հասույթ ունեցող»։


[Закрыть]
(հասութակերը) գան գեղեցիկ խոսքեր լսելու հեռու ինչ-որ աշխարհում տանջվող բոլոր մարդկանց մասին, դրանից կփոխվի Ֆրանսիայի կամ Անգլիայի քաղաքականությունը, եւ վճռող խոսքը վերջիվերջո հանոտոններին եւ սոլսբերիներին չէր տրվի, այլ հենց այս ունկնդիր քաղաքացիներին…

Սա մի կատարյալ անգրագիտություն էր։ Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։

Հայանպաստ պրոպագանդայի վարիչներն իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, եւ Փարիզը` համաշխարհային այդ բանկիրը, իբր պիտի հայանպաստ պրոպագանդայի սիրտն ու հոգին դառնար։ Միայն այս հանգամանքը որքա՜ն էր խաբում մեզ։ Միեւնույն այն փաստը, որ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը բարեհաճել էին մեզ համակրել, որքա՜ն մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին։

1900 թե 1901 թվականին Փարիզի հայ գաղութը լուր ստացավ, որ Կիլիկիայում պատրաստվում է հայկական մի նոր կոտորած։ Այն ժամանակ [Ֆրանսիայի] արտաքին գործերի մինիստրն այլեւս թուրքամոլ Հանոտո-փաշան չէր, այլ Դելկասեն127127
  Թեոֆիլ Դելկասե (1852-1923) – Ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1894-1896թթ. եղել է գաղութների, 1898-1905թթ.՝ արտաքին գործերի, 1911-1913թթ.՝ ծովային, 1914-1915թթ. դարձյալ արտաքին գործերի նախարար։


[Закрыть]
էր։ Մի պատվիրակություն, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ, դիմեց Դելկասեին եւ խնդրեց պաշտպանել հայերին։ Դելկասեն սիրով ընդունեց եւ հայտարարեց, թե ինքը թույլ չի տա հայկական նոր ջարդեր։ Եվ ֆրանսիական մի ռազմանավով գնաց դեպի Կիլիկիայի ափերը։ Ջարդ տեղի չունեցավ, եւ այս հանգամանքը վերագրվեց Դելկասեին եւ նրա ճառին։

Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջեւ եւ լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, եւ ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրեւ դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը եւ անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։

Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի եւ Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնեւի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաեւ մի հատ ռեդինգոտ128128
  Երկար սերթուկ։


[Закрыть]
, մի հատ էլ ցիլինդր129129
  Լայնեզր, գլանաձեւ գլխարկ։


[Закрыть]
` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որեւէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։

Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։

Գ

Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թեւակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը եւ քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։

Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։

1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը130130
  Գոլիցին Գրիգորի Սերգեեւիչ (1838-1907) – Կովկասի կառավարչապետ 1896-1905-ին, մոր կողմով լեհ՝ ռուս նացիոնալիստ միապետական, ռուսիֆիկացման բիրտ մեթոդների կողմնակից, հալածել, ձերբակալել, աքսորել է հայ մտավորականների ու ազգային գործիչների, գրաքննել եւ փակել է հայկական պարբերականներ, բարեգործականներ, դպրոցներ, կառավարության որոշմամբ թալանել է Հայ եկեղեցին, պնդել է «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսի վերացման մասին։ Հովանավորվել է Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաեւիչի կողմից։


[Закрыть]
` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը131131
  Այստեղ հետաքրքիրը «փութացնել» բառն է. այսինքն՝ Լեոն գիտեր, որ Ռուսաստանի վերջնական նպատակն ազգերի ձուլումն էր, ռուսացումը, եւ խնդիրը միայն արագությունների մեջ էր։ Դա պատկերացնող հայ մտավորականը չէր կարող ունենալ ռուսական կողմնորոշում, օրհնել «ռսի ոտը»։


[Закрыть]
. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երեւույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա։ Ոչնչացնե՛լ ամենքին եւ միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար` սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը132132
  Հետագայում հայերս անընդմեջ ինքներս մեզ փորձեցինք համոզել (ոչ առանց խորհրդային քողարկված խրախուսման եւ ուղղորդման), թե այս նշանաբանի հեղինակային իրավունքը պատկանում է երիտթուրքերին։


[Закрыть]
։

Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը։ Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի եւ Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ Այժմ նրա վրա ավելացավ եւ Թիֆլիսի պաշտոնական «Кавказ»133133
  Ռուսերեն՝ «Կովկաս»։


[Закрыть]
] լրագիրը, որի խմբագրությունը Գոլիցինը հանձնեց երկրորդական շնորհքի տեր, հետո եւ բոլորովին մոռացված բանաստեղծ Վելիչկոյին, ով մեծ եռանդով եւ մի ավելի լավ գործի արժանի համառությամբ սկսեց օրն օրին ծավալել մի անհաշտ, մի անխելք, կատաղի թշնամություն հայերի դեմ եւ առհասարակ այն ամենի դեմ, ինչ հայկական էր։ Այդ պալատական հրապարակախոսը` պալատական ռուբլիներին134134
  Ռուսական դրամական միավոր։


[Закрыть]
ծախված ստոր հոգին, բավական լավ պաշտպանված էր հակաճառություններից։ Մինչ նա օր օրի վրա վարժվում էր մեկը մյուսից անպատկառ, փողոցային հայհոյանքներ հերյուրելու եւ մի ամբողջ ժողովրդի դեմքին խփելու մեջ, մենք` հայ հրապարակախոսներս, ստիպված էինք եզոպոսյան դարձվածքների մեջ որոնել գոնե մի բան ասելու հնարավորություն, այն էլ գրեթե միշտ տեսնում էինք մեր այդ գրվածքներն անխնայաբար կարմիր թանաքի կեր դարձած135135
  Խոսքը գրաքննության մասին է, որ պահպանվեց մինչեւ Խորհրդային կայսրության փլուզումը։


[Закрыть]
։

Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր եւ վրաց «կնյազական» մամուլը։ Իլյա Ճավճավաձե136136
  Իլյա Ճավճավաձե (1837-1907) – Վրացի իշխան, պետական պաշտոնյա, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ. սպանվել է կասկածելի հանգամանքներում։ Վրացիների պաշտամունքի առարկաներից։


[Закрыть]
, Ակակի Ծերեթելի137137
  Ակակի Ծերեթելի (1840-1915) – Վրացի իշխան, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ, անկախական։ Նրա «Կորչի» բանաստեղծությունը դարձել է հակառուսական հիմն, իսկ մի շարք ոտանավորներ՝ ժողովրդական երգեր։ Դարձյալ վրացիների պաշտամունքի առարկաներից։


[Закрыть]
, [Նիկոլայ] Նիկոլաձե138138
  Համարվում է վրաց հրապակախոսության եւ գրականության գագաթներից, ամենաեռանդուն հասարակական գործիչներից։ Կրթություն է ստացել Պետերբուրգում եւ Ցյուրիխում։ Կովկասյան ինքնավարության ջատագով էր։


[Закрыть]
եւ նրանց նման ուրիշ շատեր «Кавказ» – ի բանաստեղծ-խմբագրի համհարզներն էին։ Թուրքերից Ահմեդ-բեկ Աղաեւն139139
  Ահմեդ-բեկ Աղաեւ (1868-1939) – Ծնունդով շուշեցի արեւելագետ, իսլամագետ, իսլամիստ-լիբերալ, համարվում է ադրբեջանական մամուլի հայր, ադրբեջանական առաջին քաղաքական կուսակցության («Դիֆաի») հիմնադիր։ Կրթություն է ստացել Շուշիում, Թիֆլիսում, Պետերբուրգում, Փարիզում։ Համառուսական մուսուլմանական առաջին միության հիմնադիր։ 1909-ից տեղափոխվելով Թուրքիա՝ դարձել է երիտթուրքերի խորհրդարանի պատգամավոր, 1918-ին որպես Նուրի-փաշայի խորհրդական Բաքու գալով՝ ընտրվել է նաեւ Ադրբեջանի պատգամավոր։ Նրան անգլիացիք Փարիզի հաշտության կոնֆերանսին թույլ չտվեցին մասնակցել եւ աքսորեցին Մալթա։ Վերադարձից հետո մինչեւ կյանքի վերջն ապրեց Թուրքիայում՝ հրատարակելով «Ազատ մարդկանց երկրում», «Առանց հոգու անհնար է», «Ինչ եմ ես», «Պետություն եւ անհատականություն» եւ այլ գրքեր։ «Հայության ամենեն թունոտ ու կատաղի ոսոխներեն մեկը, միանգամայն ամենեն համոզված համաթուրանականը»՝ այսպես է նրա մասին գրում Միքայել Վարանդյանը (տե՛ս նշվածը, էջ 310)։


[Закрыть]
էր ձայնակցում, իսկ մի անգամ էլ Շուշիում դուրս եկավ Դալի-Աբբաս անունով մեկը, նախկին պոլիցիական պաշտոնյա, թղթամոլ եւ գինեմոլ մի տիպ, որ նույնպես աքացի տվեց հայերին։

Վելիչկոյի գործունեությունը հող էր պատրաստում։ Երբ Գոլիցինը տեսավ, որ հողը բավականաչափ պատրաստված է, կոպիտ կերպով դուրս շպրտեց «Кавказ» – ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական եւ կրթական հիմնարկությունները, գրադարանները եւ վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները եւ գումարները խլելու մասին140140
  Նման բան Հայ եկեղեցին չէր տեսել ոչ մի անգամ՝ ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ մոնղոլների, ո՛չ իսկ թուրքերի տիրապետության դարերում։


[Закрыть]
։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։

Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչեւ այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում եւ տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա եւ այնպիսի շրջանակներում, որոնք մինչեւ այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, այլեւ նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։

Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները եւ դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ եւ նկատել եմ շատ բնորոշ երեւույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների եւ հնչակյանների միջեւ։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները եւ նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջեւ։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս141141
  Ճիշտ նմանօրինակ հարաբերություններ էին հայ առաքելականների, հայ կաթոլիկների, հայ բողոքականների միջեւ. սա մեկ անգամ եւս ապացուցում է առաջին հայ կուսակցություններին տված Լեոյի բնորոշումը՝ աղանդներ։


[Закрыть]
։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, եւ այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը142142
  Նիկոլ Աղբալյան (1873-1947) – Դաշնակցական տաղանդավոր գրականագետ, լեզվաբան, մանկավարժ։ Եղել է Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, լուսավորության եւ արվեստի նախարար։ Կոմունիստ Եղիշե Չարենցի առաջին գնահատողն է։ 151. Ռուսերեն՝ «հրամանագիր»։


[Закрыть]
։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել եւ ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլեւս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։

Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ եւ իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։

Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը143143
  Պլեւե Վյաչեսլավ Կոստանդինովիչ (1846-1904) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ, ընդհուպ՝ մինչեւ կայսրության ՆԳ նախարարի (համատեղությամբ եւ վարչապետի)։ Տենդագին զբաղվել է Ֆինլանդիայի ռուսիֆիկացիայով, կազմակերպել է հրեական ջարդեր (ամենաարյունալին Քիշինեւի ջարդն էր), եղել է կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու եւ ընդհարումների տանելու գաղափարախոսը, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու հրամանագրի հեղինակը, ձերբակալել եւ աքսորել է մեծաթիվ հայ մտավորականների եւ գործիչների, ճնշել է ազգային դիմադրության փորձերը։ Սպանվել է էսէռ ահաբեկչի ձեռքով՝ ի հատուցում Քիշինեւի բարբարոսության։


[Закрыть]
` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլեւեն144144
  Պոբեդոնոսցեւ Կոստանդին Պետրովիչ (1872-1907) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ. Հայ եկեղեցին թալանելիս եղել է Սինոդի գլխավոր դատախազը. աղանդ է համարել ոչ ռուս եկեղեցիներին (այդ թվում՝ Հայ), պաշտոնապես հետապնդել է կրոնական այլ համայնքներին, եղել է Արեւմտյան քաղաքակրթության մոլի թշնամի։


[Закрыть]
եւ Պոբեդոնոսցեւը145145
  Ռուսերեն՝ «Աստված, պահպանիր ցարին»։


[Закрыть]
։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր եւ ինքնակալ Ռոմանովը։

Առաջին իսկ տպավորության տակ ծնվում էր դիմադրելու միտքը։ Ամառվա վերջին ես գնացի Պյատիգորսկ` հանքային ջրերը, բայց ստիպված եղա կիսատ թողնել բուժումս եւ վերադառնալ Թիֆլիս, ուր ինձ ստիպողաբար կանչեցին երկու հեռագրով։ Կանչողը նոր միայն կյանքի կոչված գաղտնի կազմակերպությունն էր, որ իրեն տվել էր Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե անունը։ Այնտեղ չկար եւ ոչ մի դաշնակցական կամ հնչակյան։ Կազմված էր բուրժուական տարրերից, ուներ իր մեջ եւ մեկ հոգեւորական` Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան։ Իր գործունեությունը նա սկսել էր մի հեղափոխական կոչով, որի ճակատին էր դրել. «Բոլոր ճնշվածներ, միացե՛ք»։ Հայ ժողովրդին հրավեր կարդալով համառ եւ աննկուն դիմադրություն ցույց տալ ցարական բռնակալությանը` կոչը վերջանում էր այսպիսի բացականչություններով` «Կորչի միապետությունը։ Կեցցե՛ Ռուսաստանի ազատ ազգությունների դաշնային ժողովրդային հանրապետությունը»։

Գոլիցինն էր դարբնել այս նշանաբանները։ Բյուրոկրատական ապուշությունն այսպես էր փորփրում ցարիզմի հիմքերը։

Բայց կոմիտեն մյուս կողմից էլ աշխատում էր բան հասկացնել ռուսաց կառավարությանը։ Այս նպատակով էլ նա ինձ կանչել էր Պյատիգորսկից։ Էջմիածնից բերված էր պաշտոնական գրագրություններ պարունակող գործերի մի մեծ կույտ։ Ինձ հանձնեցին կարդալ ու կազմել մի պատմական տեղեկագիր եկեղեցական կալվածների մասին, որը կաթողիկոսն իր կողմից պիտի ուղարկեր Նիկոլային` ցույց տալով, թե կալվածները ժողովրդական սեփականություն են` հաստատված մահմեդական տիրողների, շահերի եւ խաների հրովարտակներով։ Կարծում էին, թե դրանով կամաչեցնեին եւ կարգի կբերեին քրիստոնյա բռնակալին։

Զբաղված էի ինձ հանձնած արխիվի ուսումնասիրությամբ եւ միաժամանակ հետեւում էի Ինքնապաշտպանության կոմիտեի գաղտնի, այսպես ասած, ռազմական հեղափոխական գործունեությանը։ Միջոցներ չուներ նա` ո՛չ ռազմական, ո՛չ դրամական։ Եվ եթե, այնուամենայնիվ, իրեն ուժեղ էր զգում, այդ էլ շնորհիվ այն ըմբոստ տրամադրության, որ բռնել էր ամբողջ հայ ժողովրդին։ Արդեն մի քանի տեղերում ցույցեր էին եղել, ընդհարումներ ժողովրդի եւ կառավարական զորքերի միջեւ։ Եվ տրամադրությունը գնալով աճում էր, բարձրանում։

Գավառներից պատվիրակներ էին գալիս Թիֆլիս՝ պահանջելու, որ զիջումներ չլինեն, որ դիմադրություն ցույց տրվի։ Իսկ մի օր «Մշակի» խմբագրատուն մտավ Ալեքսանդրապոլի կողմերից եկած մի գյուղական երիտասարդ քահանա, որ Գոլիցինին սպանելու պատրաստակամություն էր հայտնում։ Չգիտեմ ինչն էր, որ նրան արգելեց այդ բանն անելու, կարծեմ, գաղտնի կոմիտեն չէր վստահել անփորձ գեղջուկին այդպիսի մի լուրջ ձեռնարկությունը։ Հիշատակում եմ այս բանը, լոկ այն պատճառով, որ ցույց տամ, թե որ աստիճանին էր հասել ժողովրդական ցասումը։ Սակայն շատ խիստ աչքի էր ընկնում այն հանգամանքը, որ ժողովրդական տարրերն անկազմակերպ էին` կանոնավոր եւ սիստեմատիկ կերպով դիմադրություն գործադրելու համար։

Ահա այդ ժամանակ էր, որ Դաշնակցությունը հայտարարեց, թե իր վրա է վերցնում ինքնապաշտպանության եւ դիմադրության գործը։ Ժամանակին արված մի քայլ էր այդ, որ միաժամանակ լուծում էր Դաշնակցության լինել-չլինելու հարցը։ Ցարական զորքերը քաղաքից քաղաք, ավանից ավան էին գնում, կոտրում էին ժողովրդական կարողությունն իրենց մեջ պահող սնդուկները, տանում նրանց մեջ եղած գումարները, իսկ ժողովուրդն իր զայրույթն ու վիշտը մոռացնել էր տալիս նրանով, որ փարում էր Դաշնակցությանը, որի ռազմական ուժերը մտնում էին գործի մեջ` տեռորի ենթարկելով կառավարական պաշտոնյաներին` սկսելով Գանձակի փոխնահանգապետից։

Ցարական ոճիրի մի երեսն էր սա` Հայոց հարց նաեւ Ռուսաստանում, [ինչպես նաեւ`] ժողովրդական համակրանքով վերակենդանացած, ուժեղացած, հայ հեղափոխական իրականության տեր ու հրամայող դարձած Դաշնակցություն…

Թեեւ այսպիսին էր ստեղծվող նոր դրությունը, բայց հնչակյանները մի անգամ էլ էին երեւան գալիս հանդուգն ձեռնարկություններով. նրանք էին, որ 1903-ի աշնանը սպանության փորձ կատարեցին կառավարչապետ Գոլիցինի վրա։ Փորձն անհաջող էր։ Ցարական սատրապը չսպանվեց, այլ վիրավորվեց գլխից։ Այնուհետեւ այլեւս բացարձակ պատերազմական դրություն ստեղծվեց միապետական բյուրոկրատիայի եւ հայ ժողովրդի միջեւ։ Հալածանքներն ընդունեցին համածավալ կատաղի կերպարանք։ Թիֆլիսում ամբողջ թաղեր ենթարկվեցին գիշերային խուզարկությունների, հարյուրավոր մարդիկ, սոսկ կասկածով միայն, աքսոր քշվեցին Ռուսաստան։

Այդ ժամանակ ես ծանր հիվանդ էի։ Հասկանալի է, թե ինչ վախերով էր բռնված ընտանիքս իմ վիճակի վերաբերմամբ։ Այսօր էլ աչքիս առաջ է իմ խեղճ, պառավ մայրը, որ գիշերները, ստուգելով սենյակիս դռները, հանում էր պահարանից իմ գրությունները` վնասակարներն անվնասներից ջոկելու համար։ Ինքն անգրագետ էր, իսկ ինձ բժիշկները հրամայել էին մեջքիս վրա պառկած մնալ։ Դողդողուն ձեռքերով մայրս աչքերիս էր մոտեցնում ամեն մի կտոր թուղթ, որ որոշեմ նրա վտանգավորության չափը։ Ես ձանձրանում էի, դժգոհություն հայտնում, ասում` թող ինչ լինելու է լինի, իսկ նա անսպառ մայրական համբերատարությամբ խնդրում, համոզում, աղաչում էր։ Ավելի նրան հանգստացնելու համար ես մի քանի թղթեր որոշեցի հայտարարել վտանգավոր։ Մայրս տարավ դրանք, իր ձեռքերով այրեց խոհանոցում եւ միայն այդ ժամանակ հանգստացավ` ազատած համարելով իր որդուն ցարական բանտից ու աքսորից։ Խե՜ղճ իմ թղթեր, հայ գրողի կիսատ մնացած աշխատություններ, ծրագրեր, նկատողություններ։ Ո՞ւմ կարող էին նրանք վնասել։ Բայց քանի-քանի անգամ են նրանք իմ ձեռքերով ենթարկվել անխնա ոչնչացման` ռուսական ժանդարմներին նյութ չտալու համար։

Հիմա, երեւակայեցեք` քանիսները կային ինձ պես, քանի մայրեր էին անընդհատ խեղդող տագնապներ ապրում գոլիցինյան տեռորի այդ խավար գիշերներին։ Դա մի մղձավանջ էր, որ չոքել էր ամեն մի հայի կոկորդի։ Հայն այստեղ` քրիստոնյա Ռուսաստանում էլ օրենքից դուրս էր դրված։ Եվ այստեղ էլ, ինչպես եւ այնտեղ [Թուրքիայում], հայդուկային մտայնություն էր տիրում կյանքի բոլոր ներքին դիրքերին։ Հրամայողը, օրենսդրողը հայ հեղափոխականն էր, գլխավորապես, իհարկե, դաշնակցականը։ Կարո՞ղ էր ուրիշ կերպ լինել մի դրության մեջ, որ թշնամի բանակի դրությունն էր հիշեցնում։ Ռուսական չինովնիկը հալածում էր հային, եւ հայ ֆիդային սպանում էր նրան, ազգային վրեժ հանում։ Ֆիդայական ռումբից ու դաշույնից ազատ չէր մնում եւ հայ չինովնիկը, եթե նա կասկածվում էր իբրեւ մատնիչ։ Կյանքը դարձել էր անեծք։ Թե որքան ուժեղ էր դիկտատուրան, ցույց է տալիս հետեւյալ փաստը։

Գոլիցինի վերքը մի ժամանակ վտանգավոր բարդություն առաջացրեց։ Խելառ բռնավորը տապակվում էր 40 աստիճանի հասնող տաքության մեջ։ Սպասում էին, թե նա կմեռնի… Եվ սկսեցին ստրկական ցույցեր։ Ռուսները, վրացիները, հույները, հրեաները, թուրքերը, մինչեւ իսկ հայ կաթոլիկները մաղթանքներ էին կատարում, ասել է՝ աղաչում էին իրենց «բարերար» աստծուն, որ նա բարիք անի աշխարհին` առողջություն պարգեւի Գոլիցինին։ Ամեն օր զանգահարություն, աղոթք եւ երգ։ Եվ միայն հայ լուսավորչական բազմաթիվ զանգակատներն էին, որ պահպանում էին խորին, գերեզմանային լռություն։ Ոչ ոք չհամարձակվեց ծպուտ անգամ հանել` ստրուկի պարտքը կատարելու համար։ Արգելված էր։ Արգելողները հեղափոխականներն էին։ Մի շատ ազդու, շատ հանդուգն ցույց էր այդ զանգային ցուրտ լռությունը։ Այն ռուս բյուրոկրատներին բացատրում էր, թե հայերը կատարյալ պատերազմի մեջ են իրենց դեմ։

Սա իմացավ եւ հիվանդ պառկած Գոլիցինը։ Կատաղություն, տագնապ, միաժամանակ եւ անարգ վախ. ահա՛ ինչերով էր փոթորկվում նրա սատրապական մահիճը։ Եվ մի օր ամբողջ Թիֆլիսն ականատես եղավ այսպիսի մի տեսարանի. կառավարչապետի պալատը, Գոլովինսկի պրոսպեկտի կողմից, շրջապատվեց սակրավոր զորքերով, որոնք մի խոր խրամատ էին փորում։ Փորող զինվորներն այլեւս չէին երեւում, գետնի տակ էին մտել, այնտեղ էին զանազան անցքեր փորում։ Բանից դուրս եկավ, որ վախկոտ Գոլիցինը գիշերներն ինչ-որ ստորերկրյա ձայներ է լսելիս եղել եւ կարծել է, թե այդ հայ հեղափոխականներն են փոս փորում իր պալատն ականով պայթեցնելու համար, եւ աճապարել էր խոր խրամատներով ու ստորերկրյա անցքերով ուժեղացնել իր անձի պաշտպանությունը։ Մինչդեռ «հեղափոխականների ստորերկրյա աշխատանքը» լոկ խանգարված երեւակայության հերյուրանքն էր, եւ այն ձայնը, որ լսելիս է եղել գիշերները, կառավարչապետի դիվանատանը պատկանող տպարանի մեքենայի ձայնն է եղել։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации