Электронная библиотека » Գրիգորի Բաբախանյան (Լեո) » » онлайн чтение - страница 7

Текст книги "Անցյալից"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:16


Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)


Жанр: История, Наука и Образование


Возрастные ограничения: +16

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 7 (всего у книги 32 страниц) [доступный отрывок для чтения: 11 страниц]

Шрифт:
- 100% +

Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրեւ իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, եւ թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միեւնույն, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների եւ պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրեւ միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու եւ այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեեւ տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլեւս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։

Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների եւ թուրքաց կառավարության միջեւ դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը եւ որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լեւոն Բաշալյանի եւ հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի103103
  Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։


[Закрыть]
մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ եւ չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։

Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։

Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը եւ այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել եւ վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն104104
  Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան (1845-1910) – Խրիմյան Հայրիկի անձնական քարտուղար, Եգիպտոսի թեմի առաջնորդ, 1894-96թթ. Կ.Պոլսի պատրիարք (Մատթեոս Գ անունով), 1896-ին աքսորվել է Երուսաղեմ, 1908-ին վերստին պատրիարք, նույն թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Մատթեոս Բ անունով)։


[Закрыть]
, ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, եւ երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը եւ զորքերը կրակ բաց արին։

Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված եւ ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, եւ ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։

Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները եւ դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները եւ ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում եւ նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում եւ երկրի խորքերը, մինչեւ իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։

Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլեւս չմնաց։ Ցարական կառավարությունն այլեւս ավելորդ էր համարում թզենու տերեւով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով105105
  Ամֆիտեատրով Ալեքսանդր Վալենտինովիչ (1862-1938) – Ռուս գրող, քննադատ, խմբագիր, անվանել են «ռուսական Էմիլ Զոլա»։ 1889-ին աշխատել է Թիֆլիսի «Նովոյե օբոզրենիե» թերթում (այստեղ է աշխատել նաեւ Քրիստափոր Միքայելյանը)։ Հրապարակումների պատճառով երկու անգամ ձերբակալվել եւ աքսորվել է։ Խորհրդային իշխանությունից ընտանիքի հետ 1921թ. նավակով փախել է Ֆինլանդիա։ Հայրն է երաժիշտներ Դանիել, Մաքսիմ, Ռոման Ամֆիտեատրովների եւ նշանավոր գրող-լրագրող Վլադիմիր Ամֆիտեատրով-Կադիշեւի։


[Закрыть]
) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»106106
  Ֆրանսերեն՝ «Կոտորեցե՛ք, Ձերդ մեծություն, կոտորեցե՛ք»։


[Закрыть]
։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի եւ սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։

Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետեւ նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել եւ բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սեւ Սանդրոն եւ ուրիշները։

Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար եւ աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետեւի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ։ Բացի այդ, ավելի եւս բնորոշ փաստ։ Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին եւ աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու եւ բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։

Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ եւ հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ եւ ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրեւ հոգեւոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միեւնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։

Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին եւ հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ եւ մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջեւ մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն107107
  Գաբրիել Հանոտո (1853-1944) – Ֆրանսիայի արտգործնախարար 1894-1895-ին եւ 1896-1898, Աբդուլ-Համիդի մտերիմը, ֆրանսիական ակադեմիայի պրեզիդենտ, պատմագիտական ուսումնասիրությունների հեղինակ։


[Закрыть]
այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչեւ գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը եւ ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։

Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի եւ ընդդեմ սուլթան Համիդի։ Երեւույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը եւ ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեեւ այդ միջամտության հետեւանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել եւ ամայացել. բայց եւ այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն եւ գործուն դրության մեջ պահելու համար։

Զ

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու եւ կես տարի` իբրեւ խորթ ու օտար մի մարդ, իբրեւ ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել եւ լավ տարածում էին գտնում։

Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու108108
  Անդրեաս Արծրունի (1847-1898) – Գրիգոր Արծրունու եղբայրը, քիմիայի դոկտոր, նշանավոր երկրաբան, բազում գյուտերի հեղինակ, եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի, Թուրինի, Բավարիայի ակադեմիաների թղթակից անդամ, նրա անունով է կոչվում «Արծրունիտ» միներալը։ Զբաղվել է նաեւ հայագիտությամբ, ազգագրությամբ, հովանավորել է եղբոր «Մշակ» թերթը նաեւ նրա մահից հետո։


[Закрыть]
նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի եւ էքսպեդիտորի109109
  Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։


[Закрыть]
պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական եւ հեղափոխական տրամադրություններին։

Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի110110
  Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի եւ այլոց հետ։


[Закрыть]
կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»111111
  Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։


[Закрыть]
թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր, – բացականչում էր Մալումյանը տաքացած, – այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…

Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը112112
  Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաեւ՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչեւ կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լեւոն Քալանթարի հայրը եւ պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։


[Закрыть]
եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։

Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու եւ խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին եւ մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։

Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր եւ ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել եւ ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին` այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում։ Անողորմ, արյունոտ ծաղր… Իսկ Սոլսբերին, մի խեղճացած սուլթան երեւակայելով իր առջեւ, ավելի եւս խստացնում էր իր սպառնալիքները ճառերի, լոկ ճառերի մեջ։

Եվ հակաճառողները մեր վեճերի մեջ մեզ ասում էին.

– Չե՞ք տեսնում` Անգլիան չափազանց առաջ է գնացել, որպեսզի կարողանա մտածել նահանջի մասին։ Դրված է նրա պետական պատվի հարցը, Անգլիան երբեք թույլ չի տա, որ իր պատիվը ոտնահարվի, այն էլ այնպիսի մի ողորմելի հակառակորդի կողմից, որպիսին թուրքաց սուլթանն է։

Մթնոլորտն ամբողջովին այսպիսի գաղափարներով էր տոգորված։ Հայությունը (խոսքս իհարկե այն հայության մասին է, որ ապրում էր Հայաստանի արյունոտ հողերից հեռու) իրեն զգում էր համաշխարհային քաղաքականության կենտրոն, թեեւ օրն օրին նրան հարվածում էին մեկը մյուսից զարհուրելի տեղեկություններ, որոնք գալիս էին Թուրքահայաստանից, բայց եւ այդ մղձավանջային տագնապի մեջ էլ նրան օրորում էին երազները, որոնք հյուսվում էին ամեն տեսակ պատահականություններից։ Մի օր հեռագիր եկավ Օդեսայից, թե անգլիական նավատորմը ռմբակոծում է Կ.Պոլիսը։ Անկարելի է նկարագրել այդ լուրի գործած տպավորությունը։ Որքա՜ն հրճվանք, որպիսի՜ ինքնաբավականություն։ Դարերով կուտակված վիշտն էր վերանում, կրած տառապանքների, միլիոնավոր զոհերի վրեժն էր լուծվում։

Բայց երազները շուտ գունատվեցան… Սու՛տ էր Կ.Պոլսի ռմբակոծումը, սու՛տ էր եւ այն, թե Անգլիայի համար պետական պատվի հարց էր դարձել Հայոց հարցը։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ բան։ Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց` առանց դժվարություններ զգալու։ Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետեւելով` եւ Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին։ Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում` մենակ գործելու համար։ Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ։

Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, եւ երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, եւ, այնուհետեւ, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. եւ այնուհետեւ ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց եւ Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին եւ չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ եւ մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրեւ քրիստոնեական սիրո քարոզիչ եւ, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ եւ մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող» հայի հոգի գնելու եւ Հռոմի պապի ոտների տակ դնելու համար…

Ես «Մշակի» մեջ վարում էի մամուլի բաժինը։ Եվ քանի անգամ, բերելով այսպիսի քստմնելի փաստեր, ավելացնում էի իմ կողմից՝ «Էլի փա՛ռք թուրքին»…

1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն` հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա։

Սակայն խրատվեցի՞նք մենք։ Ամենեւին։

Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, եւ մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետեւանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, եւ մենք նոր մի փորձի առջեւ էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։

Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին։ Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչեւ որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ։ Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից եւ գնում էի տուն` հանգստանալու։ Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение» – ի սրբագրությունը։ Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր։ Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա` Արեւելյան հարցի113113
  Այսպես էր կոչվում քայքայվող Օսմանյան կայսրության տարածքներով Մերձավոր արեւելք, նաեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը մեծ տերությունների համար, որի պատճառով մրցակցում էին միմյանց հետ եւ շահարկում կայսրության ժողովուրդների ազատագրական իղձերը. աշխարհագրության բերմամբ՝ Արեւելյան հարցի մաս էր կազմում Հայկական հարցը։


[Закрыть]
վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում եւ որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո114114
  Ակնառու տառատեսակ, որով 1467թ. տպվել են Ցիցերոնի նամակները։


[Закрыть]
տառերով։ Տպավորությունը մեզ` երկու առաջին ընթերցողներիս վրա խիստ է։ Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին` դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։

Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միեւնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։

Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը։ Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը` առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը։ Այս անորոշությունն անփոփոխ մնաց հեռագրերի մեջ հետեւյալ օրերին էլ։ Բանկի գրավման հետեւանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել` երկրորդը մի տարվա մեջ, եւ այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ։ Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ` «Մշակի» խմբագրատուն։ Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, եւ Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից։ Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք։ «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՜», – այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ` նստելով կողքիս, բազմոցի վրա եւ սեղմվելով ինձ։ Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին եւ զարմանում ինքս իմ մեջ։ Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ եւ միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները։

Մե՞նք, թե՞ նրանք։ Կարծեք` սպորտի հարց էր այդ եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց։

Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին` հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է եւ նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին` ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։

Կասկած ուրեմն չկար։ Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երեւաց, եւ հափշտակելով խմորատիպ դիմումը` դուրս գնաց կաղին տալով։

Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին։ «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն եւ ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով։ Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ։ Հիշում եմ` նրան ոգեւորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա եւ ասել, թե անգամ ֆրանսիացիները` հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն։ Իր այս ոգեւորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով։ Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը։

Լավ, շատ լավ։ Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետեւ էլ, «մինչեւ ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան կատարել։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ։

Մեզ բացատրում էին իմաստը։ Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար, կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին։ Այստեղ ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձեւակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին։ Ես արդեն խոսել եմ նրա մասին վերեւում եւ այստեղ կուզեի միայն հիշեցնել, թե որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը։ 1890 թվին եվրոպական կապիտալն իր հանգստության պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել, այլ սուլթան Համիդին։ Եվ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա։ Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը` զարդարված թանկագին քարերով։

Ահա՛ ինչ էր անում եվրոպական կապիտալը։ Որքան հայ հեղափոխությունը վախեր էր պատրաստում նրա համար, այնքան ավելի պինդ էր նա Համիդին սեղմում իր սրտին։

Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն։ Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը։ Նա հավատիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից։ Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որեւէ վնասի հեռանալ Կ.Պոլսից։ Հեղափոխականները համաձայնություն տվեցին, եւ Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել։ Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»։

Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով։ Հետեւյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը` Մուշտայիտ այգում։ Նստեցինք թեյ խմելու, եւ ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել։

Պաշտում էին։ Բայց ինչի՞ համար… Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ։ Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը` իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации