Текст книги "Անցյալից"
Автор книги: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 9 (всего у книги 32 страниц) [доступный отрывок для чтения: 11 страниц]
Թե ինչ պետք էր սպասել այսքան բացարձակ թշնամական կերպարանք ստացած հարաբերություններից` դժվար չէ գուշակել։ Գնալով պիտի սաստկանար ցարական կառավարության կռիվը հայության դեմ։ Բայց այս ընթացքին խանգարեց 1904թ. սկզբին հանկարծակի պայթած ռուս-ճապոնական պատերազմը։ Գոլիցինը զբաղվեց հայրենասիրական ցույցեր կազմակերպելով։ Ոստիկանության ձեռքով կազմակերպվեցին թափորներ, երթեր. ցուցարարները` մեծագույն մասամբ փողոցային երեխաները, տիրացել էին տրամվային եւ դես ու դեն էին թռչում` «ուռա» կանչելով եւ «Боже, царя храни»146146
Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։
[Закрыть] երգելով։ Բայց, թե որքան անկեղծ էին այդ երգերը, երեւում է նրանից, որ մանավանդ ուշ երեկոները, կենտրոններից հեռու փողոցներում «Боже, царя храни» – ն ընդհատվում էր, եւ նրա փոխարեն բարձրանում էր «Մեր հայրենիք»147147
Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։
[Закрыть] հայերեն երգը։
Շփոթված լինելով Մանջուրիայի դաշտերում մղվող դժբախտ պատերազմով, Գոլիցինը մի քիչ, այսպես ասած, կարգի եկավ, մի քիչ ինքն իրեն զսպեց, եւ հայության դեմ կառավարության կռիվն առժամանակ կանգ առավ։ 1904թ. ամռանը Նիկոլայ Բ-ն իր սիրած սատրապին կանչեց Պետերբուրգ` մշտապես իր տեսադաշտում պահելու համար։ Հայությունը, վերջապես, մի քիչ ազատ շունչ քաշեց։
Եվ այսպես ուրեմն, ռուսական արատավոր կառավարությունն իր ոճրագործ քաղաքականությամբ այն էր միայն առաջացնում, որ կովկասյան հայությանն էլ գցում էր Դաշնակցության գիրկը, համակում էր նրան ֆիդայական-հեղափոխական տրամադրությամբ եւ ամենասուր ազգայնական հակառակությունների որոմներն էր տնկում իրար հարեւան ազգերի սրտերում։ Դաշնակցության ծրագիրը լայնանում էր. մինչ այդ նա կռվի մի ճակատ ուներ իր առջեւ, իսկ այժմ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ճակատ։
1903թ. վերջերից առանձին կենդանություն սկսվեց թուրքական ճակատի վրա։ Այս անգամ էլ Դաշնակցությունը (միշտ կրկնող հնչակյան ձեռնարկությունների) ապստամբեցրեց Սասունը։ Նրա խմբապետ Անդրանիկը բավական ժամանակ հաջողությամբ դիմադրեց թուրքական զորքերին։ Այդ ֆիդայական պատերազմի հետ միաժամանակ Դաշնակցությունը կազմեց մի ազգային պատվիրակություն, որ, Խրիմյան կաթողիկոսի ներկայացուցիչ հանդիսանալով, գնաց շրջելու Եվրոպայի մայրաքաղաքները եւ դիվանագիտության գթությունը խնդրելու։ Պատվիրակությունն Ամերիկա էլ անցավ, ամեն տեղ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի խոսքն արավ։ Գործադրված էր ամեն ինչ, որ իբրեւ միջոց կար հայ հեղափոխականի ձեռքին։ Բայց ոչինչ չօգնեց։ Անդրանիկը վերջիվերջո ստիպված թողեց Սասունը եւ հեռացավ։ Հետեւանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կոտորվեց Սասունի լեռներում եւ Մուշի դաշտում։ Իսկ աղերսարկու պատվիրակությունը քաղաքավարությամբ ճամփվեց բոլոր մայրաքաղաքներից, չնայած որ «Pro Armenia» – ի եւ ուրիշ հայասիրական շրջանակների պրոպագանդան այդ ժամանակ ավելի եւս գործուն ու եռանդուն էր դարձել։
Քրիստափոր Միքայելյանի ամբողջ ծրագրերը, երեք-չորս տարվա անխոնջ գործունեությունը ջուրն ընկան։ Իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց148148
Լեոն ինքը բազմիցս նշում է, որ եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ուներ իր գերակա շահը եւ բնականաբար առաջին հերթին հետամուտ էր դրան, սակայն, այնուամենայնիվ, դառնացած կիրառում է «դավաճանել» բառը։
[Закрыть]Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային։ Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը եւս։ Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ եւ վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում։ Սելամլըքի արարողությանը149149
Ուրբաթ օրերին օսմանյան սուլթանները պալատից մեկնում էին մզկիթում աղոթելու. հրապարակում ամեն անգամ զինվորական պատվո պահակախումբը ողջունում էր։ Համիդ Բ-ի դեմ մահափորձը հենց այդ Ողջույնի՝ Սելամլըքի ժամանակ տեղի ունեցավ։
[Закрыть] ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի` շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց։ Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրեւ գործող տեռորիստ։ Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին։
Դաշնակցությունն իսկը որ որբանում էր` զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից եւ հեղափոխական խառնվածքից։ Այնուհետեւ ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների։ Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյ150150
Ի դեպ, 21-րդ դարում Լա Հեյ քաղաքում իր մահկանացուն կնքեց սերբ առաջնորդ Միլոշեւիչը. այդ քաղաքի մեկուսարանում են հայտնվում նրանք, ովքեր մեղադրվում են մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։
[Закрыть] քաղաքը` եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որեւէ հաջողության։
Հիմա ի՞նչ անել։ Թուրքահայոց հարցը մի կախարդական շրջանակի մեջ էր ընկել եւ պտտվում էր անվերջ ու անհույս։
Դ
Ռուս-ճապոնական պատերազմը 1904թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ բերեց Նիկոլայ ցարի զենքին։ Ինքնակալական Ռուսաստանը թե՛ Արեւելքում եւ թե՛ Արեւմուտքում անպարտելի եւ անհեթեթ հսկայի համբավ ուներ։ Այժմ ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել։ Իր ամբարտավանության մեջ ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ ոչ միայն մեծերի եւ ուժեղների, այլեւ մանավանդ փոքրերի ու տկարների համար։
Հայ ժողովուրդը, պետք է ասել առանց վերապահումների, հրճվում էր ռուսական պարտություններից։ Սա նկատելի էր ամեն տեղ եւ մանավանդ Կովկասյան հանքային ջրերում, ուր ես էլ բժշկվում էի 1904 թվին։ Այս հրճվանքը նկատում էին ռուս բյուրոկրատները եւ հաշվի էին առնում։ Պետք էր տեսնել, թե ինչեր էին կատարվում Պյատիգորսկի եւ Էսենտուկիի բուլվարներում օրը երկու անգամ, երբ դուրս էին գալիս առավոտյան եւ երեկոյան հեռագրերը։ Դրանք ծախող երեխաները վազում էին եւ բարձր բղավում նոր ստացած տեղեկությունների բովանդակությունը, որ պատմում էր ռուս զորքի պարտությունների մասին։ Վրդովված գեներալները, սպաները եւ չինովնիկները բարկանում էին հեռագրավաճառների վրա, երբեմն նույնիսկ խփում էին եւ հրամայում լռել. բայց մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր հետաքրքրվողների մի ամբողջ բազմություն, եւ լրագրերի կույտերը մի ակնթարթում անցնում էին գնողներին, որոնք երկար շարքերով նստոտում էին նստարանների վրա եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Բավականություն, նույնիսկ ուրախություն, ահա՛ ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող հասարակության դեմքերին։ Օտարացի հանգամանք։ Կարծեք թե մի թշնամի երկրում էինք։
Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները։ Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել։ Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ։ Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին` առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի եւ քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք եւ դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից։
Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ եւ զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլեւեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միեւնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։
Պլեւեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին151151
Սվյատոպոլկ-Միրսկի Պյոտր Դմիտրիեւիչ (1857-1914) – Ռուս գեներալ, նահանգապետ, 1904թ. օգոստոսից (Պլեւեի սպանությունից հետո) մինչեւ 1905թ. հունվարի 18-ը՝ ՆԳ նախարար, մեղմացրել է ռեժիմը, մասնակի համաներում է իրականացրել, ծրագրել է ռեֆորմների փաթեթ, սակայն Արյունոտ կիրակիից հետո (1905թ. հունվարի 9) հրաժարական է տվել։
[Закрыть], որ թեեւ ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի152152
Նկատի ունի պաշտոնական մամուլը։
[Закрыть] շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում153153
«Ուրանալ» – ի իմաստն այստեղ անհասկանալի է, թերեւս պետք է լինի «ավելի ազատ էր դառնում», «ուրախանում էր», «ուժեղանում էր» կամ նման մի այլ բան։
[Закрыть] էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաեւ կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի եւ վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, եւ Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների եւ կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների եւ ցույցերի մեջ։
Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան եւ շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տեւեց եւ արյունով ու ավերակներով լցրեց Արեւելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։
Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ` իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ [Միխայիլ] Նակաշիձեն154154
Հայ-թաթարական ընդհարումների կազմակերպիչ եւ թաթարներին բացեիբաց աջակցող այս վրացի իշխանը 1905թ. մայիսի 11-ին դարձավ երիտասարդ Դրոյի ահաբեկման զոհը։
[Закрыть]այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։ Շրջելով Բաքվի` պատերազմական դաշտ դարձած փողոցներում` նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր եւ բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն։
Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ` բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել155155
Խորհրդային կայսրությունը նույնը կրկնեց 1988-ից ի վեր, երբ կազմակերպելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի եւ այլ վայրերի ջարդարարությունը՝ հանգիստ եւ ուշացած դիտորդի դերում հանդես եկավ։
[Закрыть]։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն եւ կախաղան հանվեն։ Միշտ միեւնույն պատասխանը Նակաշիձեի կողմից` կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջեւ մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։
Ռուս բյուրոկրատիայի պաշտոնական հայտարարությունների երկու մասն էլ բացարձակ սուտ էր։ Այստեղ երեւում էր, որ ռուսական չինովնիկությունը սաստիկ գրգռված էր այն տեռորիստական գործողությունների դեմ, որոնք կատարվում էին հայ հեղափոխականների ձեռքով, եւ նրանց զոհն էին դառնում պետական պաշտոնյաները։ Սա միանգամայն հասկանալի բացատրություն էր եւ պարզապես նշանակում էր, թե թուրքերի միջոցով ցարական կառավարությունը պատերազմում էր հայ հեղափոխականների, ասել է՝ գլխավորապես դաշնակցականների դեմ։ Արդեն տեսանք, որ հենց ինքը` այդ կառավարող բյուրոկրատիան էր, որ իր ապուշ հայահալած քաղաքականությամբ բարձրացրեց Դաշնակցությանն իր անկումից, ժողովրդականություն տվեց, հետեւաբար` ուժեղացրեց նրան։ Դաշնակցականներն օգուտ քաղելով այդ հանգամանքից` սկսեցին բռնանալ ռուսահայ իրականության վրա, քանի որ այստեղ էլ, ինչպես եւ Թուրքիայում, սկսել էին կատարել «փրկիչների» դեր։ Ֆիդայականությունն իր շտաբներն էր հիմնել Կովկասի այլեւայլ կողմերում, զինվորություն էր կազմել, զինական պահեստներ ուներ։ Լինելով մեծ մասամբ չաշխատող, բայց վայելող մի տարր` ֆիդայիները մեր կովկասյան խաղաղ կյանքի մեջ էլ գոռոզ տերեր դարձան, պահանջկոտ, կռվարար։ Այս փաստը շատ գրգռիչ նշանակություն ունեցավ հարեւան ժողովուրդների եւ առավելապես թուրքերի համար։ Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, եւ հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։
Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արեւելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երեւանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության եւ եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետեւյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարեւան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, եւ ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։
Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլեւ ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք եւ թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ եւ հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի եւ նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին եւ գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք եւ առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով եւ որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։
Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի եւ Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը156156
Թուրքալեզու ցեղախումբ է Ֆերգանայի, Սամարղանդի եւ Սիրդարիայի մարզերում, Լեոյի նկարագրած ժամանակներում հաշվվում էին մոտ մեկ միլիոն. ըստ որոշ ազգագրագետների՝ ուզբեկների, կիրգիզների եւ ղազախների նախնիներն են՝ իրանական նստվածքային շերտով։
[Закрыть] եւ այլն, եւ այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում եւ որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։
Եվ չի կարելի ասել, թե հայերը միանգամայն անգիտակ էին այսօրինակ վերաբերմունքին։ Դեռ 1894 թվականից, այն է` Սասունի ջարդից ի վեր, Բաքվում ապրող հայերը շատ լավ նկատում էին, որ թուրքերը ուշադրությամբ հետեւում էին եվրոպական քաղաքականությանը Թուրքիայի վերաբերմամբ եւ շատ գրգռվում էին այն հայասիրական ցույցերից, որոնք տեղի էին ունենում Անգլիայում։ Թուրք հայրենասիրության աչքի ընկնող եւ հռչակված ներկայացուցիչ էր դառնում Բաքվի միլիոնատեր Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիեւը, որ չէր քաշվում հայերին հայտնելու թուրք շրջանների դժգոհությունը Օսմանյան կայսրության մեջ նրանց ձեռնարկած շարժումների առիթով։ Ամեն մարդ, որ դիտելու եւ հասկանալու ընդունակություն ուներ, կարող էր շատ հեշտությամբ ու բազմաթիվ իրական փաստերով համոզվել, որ Անդրկովկասի ադրբեջանական թուրքերի մեջ ահագին բեկումներ էին առաջ եկել։
Մի ժամանակ կար, երբ շիա եւ սունի թուրքերի մեջ տիրում էր փոխադարձ ֆանատիկ, արյունալի թշնամություն, որ պատճառ էր դարձել դարավոր պատերազմների Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Այժմ այս անհաշտությունը վերացվում էր, կրոնը տեղի էր տալիս ցեղային-քաղաքական շահերին։ Թուրքական կալվածատեր եւ բուրժուա դասակարգերն իրենց զավակներին կրթություն էին տալիս ռուսական բարձր դպրոցներում. այսպիսով կազմակերպվում էր մի ինտելիգենցիա, որ ավելի եւս զարգացնում էր ազգայնական գաղափարախոսությունը։ Միլիոնատեր Թաղիեւը բացահայտ խոստովանում էր իր հայ ծանոթների առջեւ, որ մահմեդական աշխարհում, մասնավորապես շիաների մեջ, ոչ մի արժեք չունի թույլ եւ քնած Իրանը։
Իրենց ամբողջ ապագան, իրենց բոլոր հույսերը շիաներն էլ` սունիների նման կապել են Թուրքիայի սուլթանական գահի հետ։ Հայոց հարցի համար աշխատողներից մեկն էր Բաքվի հարուստ նավթարդյունաբերող Առաքել Ծատուրյանը, որ Թաղիեւի հին բարեկամն էր եւ ընկերը մի խոշոր կալվածատիրական ձեռնարկության մեջ։ Մի երկու անգամ Ծատուրյանը գնաց Լոնդոն, ճաշկերույթներ տվեց հայասեր անգլիացիներին, տպագրեց անգլերենից ռուսերենի թարգմանած մի գիրք, որ պաշտպանում էր հայերին եւ վարկաբեկում էր սուլթանին։ Թաղիեւը շարունակ գանգատվում էր, ծաղրում էր ընկերոջը` ասելով, թե նա կորցրել է իր խելքը, եւ վերջն էլ, երբ Ծատուրյանի գործերը վատացան, Թաղիեւը շատ նպաստեց նրա անկմանը, որ եւ տարավ նրան մինչեւ ինքնասպանություն։
Սրանք երեւույթներ էին։ Իմ նկարագրած ժամանակներից մի քիչ առաջ էր, որ Ֆերգանայի շրջանում (Միջին Ասիա) տեղացիները ապստամբեցին եւ հանկարծակի հարձակվելով մի ռուսական զորաբաժնի վրա` ոչնչացրին այն։ Ապստամբությունն իհարկե ճնշվեց։ Ռուս կառավարությունը, ըստ իր սովորության, եկեղեցի շինեց կոտորված զորքի գերեզմանի վրա` դրա համար նվիրատվություններ հավաքելով, որոնց բավականին աչքի ընկնող գումարներով մասնակցել էին տեղում վաճառականություն անող հայերը։ Թաղիեւը, դա համարելով մի ցույց մահմեդականության դեմ, ինքն էլ մի հակահայկական ցույց արավ` Կովկասի ուսումնարանական շրջանի հոգաբարձու Յանովսկուն նվիրելով մի խոշոր գումար` ի պահպանություն այն դպրոցների, որոնք խլված էին հայերից։
Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները, ավելորդ էին համարում խորասուզվել երեւույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պարտ ու պատշաճ եզրակացություններ եւ խրատներ։ Ինչպես եւ այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, եւ շարունակում էին իրենց թեթեւամիտ եւ ոճրագործ անտարբերությունը։ Մոտիկ ապագան պիտի ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց նրանց այս հանցավոր անտարբերությունը։ Պատասխանատուն ամենից առաջ Դաշնակցությունն էր։ Նա էր միակ կազմակերպված քաղաքական կուսակցությունը, որ հետզհետե իր ձեռքն էր առնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, հաղորդում նրան ֆիդայական աշխարհավարության գունավորում, դրանով իսկ սաստկացնում էր հարեւան ժողովուրդների կասկածամտությունն ու թշնամական տրամադրությունը դեպի հայերը։
Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների եւ պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել։ Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»157157
Ռուսերեն՝ «Ինչի՞ս է պետք իմանամ, թե Թուրքահայաստանում խոտն ինչ բարձրության է աճում»։
[Закрыть]։ Ի՞նչ հարկավոր էր ուսումնասիրություն։ Գտնված էր փրկության կախարդական դեղատոմսը` ֆիդայական կռիվ եւ Եվրոպա… Այս սկզբնական մեղքի մեջ մնաց ամբողջ ժամանակ եւ նրա հիմնած կուսակցությունը։ Եվ այս պատճառով էր, որ նրա քթի տակ սաղմնավորվեց, ծնվեց ու մեծացավ, առանց նրան երբեք սոսկ հետաքրքրություն եւ հոգս պատճառելու, թուրքական ազգերի միությունը, որ վերջը հայությանը շրջապատեց բոլոր կողմերից եւ խեղդեց…
Բաքվի մեջ թուրքերի փետրվարյան հարձակումը միանգամայն անակնկալ էր հայերի համար։ Առաջին երկու օրերը միանգամայն անպաշտպան էին հայերը, եւ թվում էր, թե ոչ մի փրկություն չի մնում նրանց համար։ Ռուսական զորքերը դեկորացիայի դեր էին կատարում փողոցներում, նահանգապետը ցավ էր հայտնում, որ ուժ չունի, իսկ դիակների թիվը շատանում էր, հրդեհված տների մեջ խորովվում էին ամբողջ ընտանիքներ։ Այդ օրհասական րոպեներին էր, որ դաշնակցական քաջ խմբապետ Դումանը158158
Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (1867-1914) – Առանձնահատուկ զինվորական շնորհով օժտված ռազմական գործի կազմակերպիչ, դաշնակցական խմբապետ։ 1897թ. Խանասորի արշավանքի ղեկավար, 1905թ. Բաքվի եւ Երեւանի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ, իրանական հեղափոխության եւ II Ինտերնացիոնալի կոնգրեսի մասնակից։ Ինքնասպան է եղել Կիսլովոդսկում, ուր գնացել էր բուժման նպատակով։
[Закрыть] (առաջ մենակ ինքը, հետո` երկու-երեք ընկերների հետ) դուրս եկավ փողոցները, դիրքեր գրավեց անկյուններում եւ գնդակներ ուղարկեց դեպի թուրքերը։ Կազմակերպվեց ինքնապաշտպանությունը։ Թուրքերը դիմադրության հանդիպեցին, զոհեր տվեցին, նահանջի դիմեցին, եւ այսպիսով հաշտություն հաստատելու հող պատրաստվեց։ Նորից ու նորից, եւ այս անգամ արյան ու կրակի միջոցով, ցուցահանվում է, թե որքան անհրաժեշտ է հայության համար Դաշնակցության նման կազմակերպությունը։
Բայց դեռ հույս կար ընդունելու, որ Բաքվի (հետո նաեւ Երեւանի) փետրվարյան կոտորածներն առանձին դեպքեր են եղել։ Համենայնդեպս, ցարական բյուրոկրատիայի ատամներից ազատվելու համար հայ ղեկավարող շրջաններն ամենայն անկեղծությամբ աշխատանք են թափում հաշտություն եւ բարի դրացիություն հաստատելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ։ Հիշում եմ այն մեծ ժողովը, որ այս առիթով կայացավ Թիֆլիսում, Վանքի եկեղեցու բակում։ Հավաքվել էին հազարավոր մարդիկ, եկան թուրքերն իրենց Շեյխ-ուլ-Իսլամի159159
Կոնկրետ տարածքի կամ իրար հետ կապված համայնքների մահմեդական կրոնական առաջնորդ։
[Закрыть]հետ, արտասանվեցին ճառեր։ Առանձնապես մեծ հռչակ ստացան ծերունի Շեյխ-ուլ-Իսլամի ճառի մեջ արտասանված այն խոսքերը, թե երկու հարեւան խաղաղ ժողովուրդների մեջ կռիվ ու արյունահեղություն գցողը շեյթանն է160160
Սատանա, չարք։
[Закрыть]։ Թե իսկապես ի՞նչ մտքով էր մահմեդական հոգեւորականը գործածում «շեյթան» բառը, ոչ ոք չիմացավ։ Բայց ամենքի տրամադրությանն ու համոզմունքին համապատասխանող մեկնաբանությունն այն էր, թե այդ շեյթանը ուրիշ ոչ ոք չէ, քան միայն ցարական կառավարությունը։ Եվ այնուհետեւ այս փոխաբերական հասկացությունն ընդհանրացավ բոլոր կովկասյան ազգերի մեջ, եւ երբ ասում էին, թե մեղավորը շեյթանն է, ամենքը հասկանում էին, թե խոսքը ռուսական բյուրոկրատիայի մասին է։
Թե՛ այս խոշոր հրապարակային ցույցը եւ թե՛ փետրվարյան արյունահեղությանը հետեւած հանգստությունը վստահություն էին ներշնչում, որ երկու հարեւան ժողովուրդներն իրապես հաշտվեն իրար հետ` հասկանալով, որ օտար ինտրիգի զոհեր են եղել։ Այնքան մեծ էր այս հավատը հայ ինտելիգենցիայի մեջ, որ նա նույնիսկ դրամական նվերներ էր անում Բաքվի կոտորածից վնասվածների համար` առանց կողմերի մեջ խտրություն դնելու, այսինքն` թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի համար։
Բայց քնած չէր շեյթանը։ 1905-ի գարունը շատ անախորժ շարժումներ բերեց, որոնք ցույց էին տալիս, թե ցարական տիրապետությունը նստած է հրաբուխի վրա։ Բավական չէին բանվորական շարժումները, Վրաստանի զանազան կողմերում բռնկվեցին գյուղացիական խոշոր շարժումներ` ուղղված կալվածատեր դասակարգի դեմ։ Մինչ մի կողմից կառավարությունը զորքեր էր ուղարկում գյուղացիական շարժումները ճնշելու համար, մյուս կողմից վրացի ու թուրք կալվածատերերը հավաքվում էին Թիֆլիսում` իրար հետ միություն կազմելու համար։ Միության նպատակն էր համարվում կուլտուրական համերաշխ եւ եղբայրական աշխատանք երկու ժողովուրդների բարօրության համար։ Բայց ո՞վ կարող էր հավատալ, թե շահագործող դասակարգերը, որոնք աշխատավոր գյուղացի ժողովրդի դեմ ռուսական սվիններ էին ուղարկում, երբեւիցե հոգս են ունեցել կամ կարող են ունենալ ժողովրդական բարօրությունը։ Պարզապես հասկանալին եւ իրականն այն էր, որ երկու ձրիակեր դասակարգերը միանում էին իրենց դիրքերն ամրացնելու եւ իրենց քաղաքական նպատակները հաստատուն հողի վրա դնելու համար։
Շեյթանին սպասում էին եւ ուրիշ անակնկալներ ու հիասթափություններ։ Պետերբուրգի կառավարությունը, կամենալով շահել հեղափոխականացող ժողովրդի սիրտը, հրապարակեց մի կարգադրություն, որով համայնքներին ու ազգություններին իրավունք էր տրվում առանձին ուղերձներով կառավարությանը ներկայացնել իրենց կարիքները։ Այս թույլտվությունից Կովկասում ամենից առաջ օգտվեց վրաց ազնվականությունը, որ երկու ուղերձով, ուղարկված Թիֆլիսից եւ Քութաիսից, Նիկոլային խնդրում էր Վրաստանին ինքնավարություն տալ։ Ցարը կարող էր բացականչել. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»։ Դեռ 3-4 տարի առաջ էր այս վրաց ազնվականությունը շքեղ հանդեսներով տոնել Վրաստանի բռնի միացումը Ռուսաստանին, փառաբանել հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը` իբրեւ մեծագույն բարիք Վրաստանի համար, եւ Նիկոլայը, լցված խանդաղատանքով դեպի իր հավատարիմ ազնվականությունը` պետական գանձարանից նրան տարեկան մոտ 80 հազար ռուբլի նպաստ էր հատկացրել։ Այժմ ինքնակալության գլխավոր հենարանը կազմող ազնվականությունը դավաճանում էր Վրաստանում` պահանջելով ռամկավարական կարգեր` անշուշտ ժամանակի նեղ հանգամանքներից՝ ապստամբած գյուղացիության մեծ ուժից եւ վրացիների մեջ հետզհետե աճող սոցիալ-դեմոկրատական շարժումից ստիպված։
Հայերն էլ առանձին ուղերձի մեջ ձեւակերպեցին իրենց պահանջները, որոնք մշակվել էին ապրիլ ամսին, Թիֆլիսում գումարված հայկական համագումարի նիստերում։ Հայերն իրենց համար առանձին ազգային ինքնավարություն չէին պահանջում, այլ միայն արմատական, ռամկավարական մի երկար շարք ռեֆորմներ եւ ազատություններ` ընդհանուր համակովկասյան եւ համառուսական չափանիշով, եւ ավելացնում էին մի շարք ազգային պահանջներ` լոկ եկեղեցական ինքնավարության սահմանների մեջ161161
Արմենականների եւ դաշնակցականների ծրագրային տեսլականը Ճիշտ նույն տրամաբանության մեջ էր, ինչ Վահան Մամիկոնյանի պահանջը պարսից արքունիքից։
[Закрыть]։
Առանձին պահանջներ ներկայացրեց եւ մահմեդական ազգաբնակչությունը, որից ցարական կառավարությունը կարող էր եզրակացնել, որ անգամ այդ հետամնաց, ուխտյալ միապետական եւ ցարապաշտ համարվող բազմությունն էլ ունի իր դժգոհությունները, իր առանձին լեզուն, որ խոսում էր ազգայնական կրոնական շահերի անունից։
Վատ օրեր էին գալիս շեյթանի համար։ Եվ նա, բնականաբար, չէր կարող վերջացած համարել հայ-թուրքական կռիվները։ Դրանք կլանում էին եկեղեցական կալվածքների գրավումով հայերի մեջ առաջ եկած հեղափոխական տրամադրությունը եւ մարտական ուժերը, [իսկ] թուրք կալվածատիրությանը զբաղեցնում էին` վրացի դասակիցների դաշնակցությունից հեռու պահելու չափ։ Եվ այս բոլորի արդյունքում մեկուսացնում էր Վրաստանի հեղափոխական շարժումը` նրան առանձին ջարդելու համար։
Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?