Текст книги "Վերք Հայաստանի"
Автор книги: Խաչատուր Աբովյան
Жанр: История, Наука и Образование
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 6 (всего у книги 18 страниц) [доступный отрывок для чтения: 6 страниц]
2
Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ա՜խ, որ առավոտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս, թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հո, հենց իմանաս, թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում, ու բրջերի գլխին մեկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում: Ճաշվա ժամանակին, հենց իմանաս, մեկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած՝ փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը, ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա, չի՛ կա, տակովն անի, լափի: Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը ոսկորով, շամդաքով յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես, հենց իմանաս, ծանրացել, փորըներն էլ չէին կարում քաշել, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր-կտոր ըլին:
Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շողքը դիպչելիս, պլպըլալիս, հենց իմանաս, էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված՝ ուզում ըլեին աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը, որ երկրին խաղաղություն, դինջություն տա, սոդոմական կրակն ըլեին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամի մոլլեն, որ գիշեր-ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեության անունը վերանա, յա Հայ ազգի, մինարեն որ չէ՛ր նի ըլում, որ ազան տա, ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան, իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն դինումը դժողքի փայ չըլին, ձեռն անկաջին որ չէ՛ր դնում ու ծվում, հենց իմանաս, հայի համար սադայելյան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, մեկ քանի շահի ձեռք քցի, որ տանի, իր քյուլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, է՛նքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ չունքի բեղաֆիլ մեկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում:
Աշխարքի գլխին, հենց գիտես, կրակ պետք էր վեր գար, է՛նպես էր ամեն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի: Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ. կըլի, որ ի՛սկ սադայելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի աստուծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս՝ մարդ չէ՛ր իմանում թե երաբ առավոտը կհասնի՞, լիսը բացվելիս՝ ումուդ չո՛ւներ, թե սաղ-սալամաթ, մթանն աչքը խփի՞, էնպես ահում, դողում էին երկրի խալխը:
Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, ա՜խ, աչքս դուս գա, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրավորի, ազգականի, իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքի՛ցը, էն կատաղի գազանների ձեռիցը: Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ` մեկ սաղ օջախի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ, որ շուտով խմի ու բալքի կշտանա:
3
Սի՛րելի կարղացող, իմ ա՛չքի լույս հայ, էս քո հավատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում, քեզ հետ մեկ ավազանից ծնվել, քեզ հետ մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, երա՜բ, որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ՝ ի՞նչ: Գիտեմ, որ ասում կըլիս մտքումըդ՝ էսպես օրը գնա, ո՛չ ետ գա, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի: Գիտեմ, որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես, որ էս անիրավ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս՝ գլուխդ առնիս, կորչիս, բայց հավատացի՛ր ինձ, մեղավորը նրանք չեն, մենք ենք: Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա, մեզ տակով չի՛ կարալ անել, ինչ թե օսմանցին յա պարսիկը: Մեզ ամենաբարի արարիչը է՛ն հոգին, է՛ն խելքը, է՛ն շնորհքը չի՛ տվել, որ նամարդի մուհտաճ մնանք: Աստված հիմիկ մեզ լիս ա բաց արել, ռուսաց թրին սարերը չե՛ն դիմանալ, որ ջանք անենք, մեկզմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին Էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր երջանիկ նախնիքը, հավատացի՛ր ինձ, աստված էլ կսիրի մեզ, մարդ էլ:
Լավ չի՛ սկսած բանը թողալ ու Էսպես քարոզ ասիլ, ես էլ գիտեմ, ամա սիրտս չի՛ դիմանում, ի՞նչ անեմ: էլի մեր գեղըցոնց ասածն ա միտքս գալիս: Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուս են Էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած: Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի սևն ու սպիտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ-չալ մանեթները ջեբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք: Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անոշ-անոշ խմիլը, կառեթով, դրոշկով փառավոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլ-մաշիլը, նոքար-բեքարի՝ ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլոխ զարդարիլը մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չե՛ն տանիլ, հարկիզ: էդ երեխեքն էլ գիտեն, կասես ինձ, բայց ի՞նչ անես, բանը գիտենալը չի՛ բանն անիլն ա: Ես ինձ վրա եմ ասում, թո՛ղ ուրըշի սիրտը չնեղանա: Ընչանք փողը չեմ առնում, ո՛չ գիրք եմ տալիս, ո՛չ աշակերտ կարդացնում: Լազգին ու թուրքի մոլլեքը էնպես չեն անում, անփող են իրանց ազգի երեխեքը կարդացնում, էլի աստված նրանց ռզղը հասցնում ա: Հենց մե՞զ պտի սոված սպանի: Ամեն մեչըդի հայաթում, գեղ տեղարենքն էլ, մեկ մեծ վարժատուն կա, ուրտեղ երկու-երեք լեզու են սովրում, մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի՛ դնիլ, բաս ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ չի՛ հովանալ:
Ով թուր չի՛ առել ձեռքը, թրի ղադրն ի՞նչ կիմանա, ով թվանք չի՛ քցել իր օրումը, ֆորս ի՞նչպես կարա անիլ: Քրդին հազար տարի ասա՛, թե հնդուհավի միսը, ղաբլու փլավը հիանալի կերակուր ա, տո՛, որ նա իր օրումը նրանց համը չի՛ առել, իր սոխն ու մածունը, թանն ու ճաթը կթողա, քո ասածի՞ն անկաջ կանի, խելքդ ի՞նչ ա կտրում: Ասենք՝ ես չասեմ, սաքի դու չե՛ս գիտել, որ երեխի ընչանք ատամները դուս չի՛ գան կոշտ բան չի՛ պետք է տվա՞ծ: Դու ուզում ես անհիմքը տուն շինիլ, կրակ չի՛ վառած՝ հաց թխիլ. մմի ծերը թողել ես, մատդ ես կրակին դեմ անում. առանց պատրուգի ուզում ես ճրագուն ինքն իրան քեզ լիս տա՞: Կացինը, դնում ես ծառի քոքին, դու քնում յա ձեռներդ խաչում, ղրաղին կանգնում ծառն ինքն իրան քեզ ցախ կդառնա՞, խելքդ ո՞ւր ա: Խմորն առանց թխտըմորի չի՛ գալ, չի՛, նհախ տեղը ոտներդ գետնին մի՛ ծեծիր: Անբանացնիլ թուրը կժանգոտի. նամ տեղի ցորենը կբորբոսի: Անվարիլ հողը թե ցանեցիր, ղուրդ ու ղուշ կուտի սերմդ: Առաջ մեկ վարի՛ր, հիմքը քցի՛ր, մեկ ազգի աչքը բաց արա՛, դուզ ճամփեն որն ա, Էն ճամփովը տա՛ր, սար ու ձոր մի՛ քցիլ, դու նրան քո սերը ցույց տո՛ւր, տեսնիմ, թե նա քեզ չի՞ սիրիլ: Ուրըշները մեզ բամբասում են, հերիք չի՛, մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո բան չի՞ դառնալ: Հայոց ազգի ջանին ղուրբան, մեկ նրա երեխին ուսումն տո՛ւր, նրա էն լուսաթաթախ հոգին կրթի՛ր, կրթիլ եմ ասում, թուղթ խաղալ, ֆրանցուզերեն խոսիլ, անգիր բերան անիլ, գլխիցը դուս տալ չեմ ասում, ու շարական, փոխ յա շիլափլավ ուտիլ սովորցնիլ, որ մեզ էս տեղն ա քցել, տեսնիմ, թե ջան կտա՞ քեզ, թե չէ՛:
Մինչև գարունքը չգա, ծառը չի՛ ծաղկիլ, առանց ամառի պտուղ չի՛ հասնիլ, դու ուզում ես, որ ձմեռվան էն սաստիկ ցուրտ, սառած ժամանակին վարդի հոտ առնիս քո բաղումը, հասած պտուղ քաղես քո բաղչումը, էդ էլա՞ծ բան ա կամ կըլի ըսկի՞: Պինդ ոսկորն էլ, որ շատ ծալած մնում ա, թմբրում ա, ճում ա ընկնում, երկու օր որ թեք ես ընկնում, քամակդ ցավում ա, ոտներդ ման գալիս բեզարում. Տո՛, ախր հազար տարի ա էս բեռը մեզ վրա, էս բխովը մեր ոտումն ա էլել, ախր որ ասում ես` վազի՛ր, բաս ի՞նչ կանեմ, որ գլխիս վրա վեր չեմ ընկնիլ: Շաբթով սոված մարդին մի՞ս կուտացնեն, ցուրտը տարած տեղը կրակի՞ն դեմ կանեն: Անձողի հոտը դիպած գլուխը ձնո՞ւմը կդնեն, թե՞ կրակումը: Խեղճ ազգի հոգին մինչև էսօր քաղել են, հազար տարվա յարա ունի սրտումը, որ դեռ չի՛ սաղացել: էնքան դառն արտասունք ա կուլ տվել, որ ո՛չ աչքումը լիս կա, ո՛չ բերնումը համ, ո՛չ սրտումը եղ. դու հենց ուզում ես որ էստոնք մեկ սհաթումն անց կենա, ի՞նչպես կըլի: Տո՛, որ մեկ գերեզմանատան համար, մեկ դարտակ ողորմի տալու խաթեր քո ազգի պատվական իշխանքը՝ պարոն Զավրովն, Խերեդինովը, Դավիթ Թամամշովը, Մովսես Տեր-Գրիգորովը, հազար մանեթներով կխարջեն, իրանք իրանց՝ տեղ կբաշխեն, ժամ կշինեն, խալխը ինքն իրան կերթա, իրան հացովը մշակություն կանի անփող, բաս խելքդ ի՞նչ տեղ ա, էսպես ընտիր իշխանքը, էսպես բարեսիրտ ազգը վարժատուն շինելուց, մեկզմեկու օգնելուց կփախչի՞ն, որ մեկ համն առնին: Ջուրը դարիդուս չի՛ գնալ, սիրելի՛, չի՛: Ճամփեն գտի՛ր, առուն սրբի՛ր, քար ու քոլ դեն ածա՛, տեսնիմ, թե ջուրն ինքն իրան կգա՞, թե չէ՛: Բանը երկարացավ, լսողը չի՛ նեղանա, էլի գնա՛նք մեր դժոխքը:
Հե՛րիք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձե՛ռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլավ քեզ: Ա՜խ, ինչպես ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն-սիրուն, լուսաշաղախ աղջըկերքը, բաս մեկ ողորմի էլա չի՛ պետք է ասե՞նք, որ երեսների վրա, քարի, ավազի, փշի, տատասկի վրով՝ մազըներիցը բռնած, քարքաշան անելով, գլխըներին խփելով, մեջքըներին ղամշելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լաբչընի նալչով տալով յա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հարիր վերստ տեղից, հերնըմերն ետևներիցը ընկած, քիր, ախպեր՝ բոբիկ ոտով յա գլխաբաց, քեռի, փեսա, ազգական՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին, բերդն ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրքացնեն: Շատը հենց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին, հորն ու մոր աչքի առաջին, էն կյանքը գնում, ուր ցավ, ուր վիշտ էլ չկա: Շատի սիրտն էլ որ մի քիչ պինդ էր ըլում, ընչանք ա, բերդն էր հասնում, հաջի, մոլլա, քյալբալայի, սուխտա, խան, բեկ, ախունդ, սեիդ վրա էին թափում, որ յա խաբնով հավատից հանեն, յա պատժով, բայց տեսնելով, որ նրանք ո՛չ փառքից են խաբվում, ո՛չ պատժից վախում, ո՛չ խանզադության թամահ անում, ո՛չ մահից ահ քաշում ու ուզում էին` Քրիստոսի հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց դասը դասակվին, իրանց սուրբ հավատը չէին ուրանում, պատիժ, պատուհաս, սուր, հուր, բոց, կրակ, սով, մահ, մեկն էլա աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորնըմորը տալիս, որի լուսաթաթախ լաշը, որի ձեռն ու ոտը: Աղջիկ, ու էսքան սի՞րտ… քար ըլեր՝ կպատռեր: Աստված նրանց հոգին լուսավորի:
4
էս սիրտը, է՛ս հավատը, է՛ս հոգին, է՛ս սերն ուներ Հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի, երկիր, աշխարհ, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, գերություն, ղարիբություն, տանջանք, չարչարանք, սով, մահ հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս լուսավորչադավան օրենքը ամուր, հաստատ ու անխախտ պահի: է՛ս ա հսկայություն, սրտապնդություն, մեծահոգություն, քաջություն, կամաց հաստատություն, հոգու կարողություն ու զորություն, որ աշխարքիս վրա, ջրհեղեղիցը դեսը, մեկ ազգ էլա մինչև Էսօր չի՛ կարաց ու չի՛ էլ կարող ցույց տալ: Սար ըլեր՝ փուլ կգար, երկաթ ըլեր՝ կհալչեր, կմաշվեր, ծով ըլեր` կպակսեր, կցամաքեր, բայց աստվածասեր Հայ ազգը մինչև Էսօր գերօրինակ հսկայությամբ տարավ բոլոր ու իր անունը պահեց: Թողա՞նք էն խեղճ, քոթրոմած, աչքից, ձեռից, ոտից ընկած, էն սիրուն տղամարդ երիտասարդ հայերը, որ էսօր էլ Երևանումը, որը ջուխտ, աչքով քոռացավ՝ ա՜խ, ո՜խ քաշելով մաշված ա իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա հաց կարում ուտիլ, ո՛չ ձեռով, ուրիշը պետք է, երեխի պես, թիքեն բերանը դնի, չունքի ո՛չ պռոշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել, – որը քոթրոմացել, անդամալույծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում, խնդում ա, երեխեքը լալիս յա ծիծաղում են, բալքի թե մեկ ազար, մեկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պես, մանուկ օրորոցկանի պես ոտին-գլխին պետք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքն ուրիշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասիլ, ո՛չ մեկ ջան: Քանդվի՛ էսպես տերությունը, հաստատ մնա Ռսի թագավորությունը, որ մեր ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հոր պես մեզ խնամում, պահպանում ա: էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պետք է ըլի, որ ամեն մեկ երկինքը տեսնելիս փառք չտա աստծո, երեսը գետինը չքսի ու մեր ամենողորմած կայսերը կյանք, առողջություն, զորություն, նրա արքայազն որդոցը ու զավակացը` կենդանություն, բարեբախտություն, ու հզոր տերությանը` հաստատություն, պայծառություն, մշտական տևողություն չխնդրի, չաղաչի: էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվիլ, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց: էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ: Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի: Ասենք՝ բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխոբին), սիրամարգին աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել: Ասենք` վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի, շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անոշ ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՛ դուս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք՝ ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք՝ հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պետք է որ քո հացն է՞լ դեն քցես:
Ա՛խ, լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՛ պետք է ընկնի՞: Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ Էն: Էնպես մարդ կա՝ տասը-տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա: Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլուչիթսա չի՛ ըլում և այլն: Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի: Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա: Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ: Բարեխնամ տերությունը ե՞րբ կուզի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր ազգիցը հեռանա: Բաս էլ ո՞ւր են էսքան վարձատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիվ տալիս: Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես: Քեզանից չեմ նեղանում, ա՛չքի լույս, մեր բախտիցը ժամանակն էնպես ծռվել էր մինչև հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնա՝ լեզվի դարդը քաշիլ: էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը թուրքի ու պարսից բառ ա: Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ-քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ-քիչ հասկանա: էս էլ հերիք ա, որ թուրքի լեզուն, որ իրանք թուրքերը չեն գրում, միմիայն խոսում են, ու մեզանից որքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա, նրանց լեզվի համն ընկել մեր ազգի բերանը, որ խաղ, հեքաթ, առակ թուրքերեն են ասում, իրանց լեզուն թողում, պատճա՞ռ. չունքի սովորություն ա ընկել: Ազգին անհավատ են կանչում, լեզուն սիրում, զարմանալու չէ՞: Ախր ո՞վ ա լսել, թե ծծմոր կաթը մոր կաթիցը լավ ըլի: էսքան խառը լեզվի հետ դու էլ որ քո իրոքուլիվաթսան, մրոքուլիվաթսան ես խառնում, ախր դրանից ի՞նչ համ դուս կգա: էլ ավետարան, գիրք, ժամասացություն ի՞նչ կհասկանաս:
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք: Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ: Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ: Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ: Ռուսաց լեզուն մեր տերությանն ա, պետք է ամենից առավել համարինք, հետո մեր լեզուն ձեռք բերենք: Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանավոր գրեք, ձեր միտքը, ձեր խորհուրդը հայտնեք, որ այլազգք իմանան, թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող, ու մեր լեզուն դհա ավելի սիրե՞ն: Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են: Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան: Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ:
Ընչանք Երևան գնալը մեկ քանի ամիս ժամանակ ունեի, էնդուր համար էսպես ճամփես ծռեցի: Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա ՜յ նրան, որ էս շոգին գնա էնտեղ: Ես պետք է գնամ, ո՞վ կուզի՝ հետս գա:
5
Ճաշվա շոգն անց էր կացել: Սար ու ձոր գլխըներն էլ ետ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին: Արեգակը Մասսա քամակիցը հանդարտ աչքը բաց էր արել, մունջ-մունջ Երևանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա, ուզում էր, որ կամաց-կամաց մեր մտնի: Թանձր խավարը, սև դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր: Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա, հավը բնիցը գլուխը հանի: Ամեն տեղից ոտքը խաղաղվել, ամեն տեղից ձենըձոր լռվել, պապանձվել, փասափուսեն քաշվել էր: Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել՝ քնած մնացել, վար ու ցանք անողը՝ հանդումը, բաղմանչին իր ծառի տակին, շվաքումը քուն մտել, դինջացել: Մարդ, ինս, ջինս՝ գեղերումը էլ չէին երևում: Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում, երեսի՛ քամակի վրա շուռ գալիս, էլ ետ գլուխը դզում, օրզանգուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս յա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի: Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած՝ տխուր, բարակ ձենով մեկ բայաթի էր քոքել, քթի տակին, ձիու ջիլավը գլխին քցած` ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի ու իր բեզարած, ջարդված ջանը կամ մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրա չէ՛ր հասել, տեսնի, ու սիրտը բաց ըլի: Հոտաղներն (մեխրե) էլ իրանց գութանի տավարը բաց էին թողել, լուծը ետ արել ու մեկ քոլգի տակի գութանը մեկ կողմը, եզըները՝ մյուս, ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել: Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն՝ մյուս, շվաք տեղը նստել, չանեն չանի էին քսում, փընչացնում, արոճ անում: Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած նղղել, աչքը կպցրել էր, որ շոգը քաշվածին պես վեր կենա, սուրուն իրիկնահովին մեկ լավ խոտավետ տեղ տանի, արածացնի: Օյաղ շների մեկը է՛ս ցցի վրա, մեկը մյո՛ւս թափի ծերին, յա չոբանի ոտի տակին, գլուխը դրել, նոթերը կիտել, մարաղ էր մտել, որ թե գող, գել կամ գազան սիրտ անի, մոտենա, բիրդանբիր վրա թռչի, թիքա-թիքա անի, իր տիրոնջ ոչխարները պահի: Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ կամ մեկ ծաղիկ մեկ տեղ էլա չէր երևում, որ մարդ հոտն առնի կամ երեսին մտիկ տա, սիրտը բացվի ու ճամփի երկարությունը մոռանա, կամ շոգի ձեռիցն էրված, խորոված ջանին հովություն տա, էնպես էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել: Միմիայն խոտերի չոփերն ու քոլերի սուր-սուր ծերերն էին էստեղ-էնտեղ ցից-ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում մոլորված, պաշարված կանգնել, մնացել: Սև-սև ջանդաքակեր ագռավները յա վախլուկ տուլաշներն էին հենց մենակ մնացել, որ էստեղ-էնտեղ, մեկ քարափի ծերի յա մեկ բրջի գլխի, յա թե չէ, մեկ ճամփի միջում, իրար գլխի հավաքվել էին, նստել կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թևերից քաշում, որ մեկի, գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան կամ հետըները տանին: Օձ, կարիճ, խլեզ, բզեզ ու ինչ կերպ ջանավար ասես՝ մորէխ մժեղ, մեյդան էին բաց արել: Որը մեկ քոլի տակիցը, որը մեկ քարափի բաշիցը, որը խոտերի միջին, կամաց-կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով կամ ծլունգ ըլելով, էլ ետ տազ անելով կամ գետնի ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով ծղրտալով` ոտն էին էլել, ուզում էին իրանց արևի ձենն ածեն: Որն էլ իր բնի առաջին արևկող անելով՝ գլխըները հանել, մունջ-մունջ անկաջ էին դրել սուր-սուր աչքըները ցցել, պելացել, շլացել` էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն իրանց քեֆն անեն, իրանց ռզղը ճանկեն, էլ ետ իրանց բունը մտնին, էլ ետ գնան, քնին, դինջանան:
Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ մեկ նաչար բայղուշ (բու)` գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սև օրը լաց ըլում: Հավի թշնամի ուրուրն էլ (ձերեն) թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դոշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դոշի տակին քաշ քցած՝ սուր աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի, մեկ լղպոր ճտի գլխի, – որ իր մոր թևերի տակին կամ մոր գլուխը քորելով, թևը քաշելով, ծվծվալով, կտկտալով կամ կտուց-կտցի տալով, մոր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով սուս-փուս նստում էին իրար հետ կամ քուջուջ էին անում, – կամ մեկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով` վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի: Ահա՛ գեղեցիկ, անզույգ օրինակ անսիրտ, բարբարոս Պարսից` ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկա զավակաց:
էսպես մեռել, լռվել էր բնությունը, ու մեկ շփլթու էլա մեկ տեղից չէր լսվում: Միմիայն հեռու տեղից մեկ բարակ քամի բազի-բազի վախտ փչում, ծառերի տերևները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ-գոլ՝ մարդի երեսին, բերնին ձեռը նազուկ քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում: Ինչպես ծխի մեջը խրված` հեռու տեղից դաշտի գեղերը, հանդերը, փոսերը մթնած, լռված, ինչպես սև ամպի կտորներ կամ էրված, խանձված տեղեր, էս տեղից, էն տեղից, սևին էին տալիս ու խառնիխուռն երևում: Արազը, ինչպես մեկ նետ օձ կամ էրծաթի գոտի, արևմտյան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր, լուսափայլ ճակատն ու գլուխը բաց էր արել ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով, ձենըձոր անելով, գլուխը պտտելով՝ գնում. Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով հեռանում քվերտանց հետ ու պոունկ-պռնկի, դոշ-դոշի, քամակ-քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված` քուն մտնում: էս տխուր մեյդանի չորեքշուրջը, աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ բազի վախտ երկինքն ամպակալած՝ ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տա, Ալագյազա, Մասսա ու մյուս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետնի, խցկի, որ համարձակում են իրանց գագաթը էնպես բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով՝ իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա-քուլա դիզվում ու էնպես իրար վրա նստում, որ շատը տեղ չունենալով՝ մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում: էս հադաղին էր, որ մեկ սև ղարալթու բարակ օձի պես կամաց-կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր – «ծանր» մտիկ տալով, մեկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պես ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրա թեքեց ու ճլերք ընկած հիվանդի պես սկսեց ձենը ծոր քցել և, ինչպես մեկ խոր ձորից, կանչել. Սլլա՜հու՜-ալաքբա՜-րո՜ւ… (բարձրելոյն աստուծոյ):
Էս ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց, ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով՝ քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ-քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ: Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. Որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, խորասանու սև մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած, մեկ սև կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջա՝ անյախա, անկոճակ, ուսերին քցած, փեշերը ղայիմ բռնած, երկուտակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած, անթիվ դուգմեքով (կոճակ) թև, դոշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձև, սիպտակ յախեն, ինչպես մեկ ղաշղա եզան ճակատի խալ, թամուզ դուս թողած, բկին կպցրած, որը թիրմա շալի կամ սիպտակ կտավի մեկ բեռը գոտիկ, ինչպես մեկ մարգի (կվալի) թումբ կամ մեկ բոչքի կապ մեջքովն ոլորած, պիրկ կապած, մեկ ոսկորագլուխ, ծուռը խանչալ կամ մեկ հաստ, սրած կոլոլ թուղթ թեք մեջը խրած, կապած, մեկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով մանր-մանր կտրած, լեն, կարմիր ղասաբ կամ մուգ մավի սադա փոխանն ու շորերի փեշերը գաբերին (լուլա) տալով, քարերին խփելով, հող ու թոզ սրբելով, քամու առաջին, ոտների արանքին դես ու դեն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորտի բերանի նման սաղրի քոշերը` ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը սուր, բարձր, երկաթով նալչած, ոտի տակին քստքստացնելով, ծլփծլփացնելով, չալ, ճիտը կարճ, բրդի հաստ գյուլբեքանց հետ, սև, բաց-բաց գաբերի հետ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ-անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ-հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով: Որը մեկ փալան սիպտակ կտավե չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ անկաջները պրծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոստ կատարին կպցրած, որը մեկ գելի քուրք ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի՝ կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գըզգըզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոպրակի պես ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրեն, երեսին ու միրքին հազար տարվա կեղտ, աղբ տարթ դառած, նստած՝ թարաքյամա, յա ղարփափախ, մեկ չաթու ճտին, մեկ մոթալ փափախ գլխին, տոպրակն էլ հո յափունջին էր, – դուս թափել, գնում են:
Մե՛ր տղա, չծիծաղաս, լավ չեն ասիլ, ամոթ ա. կարելի ա մեկ քացախած ճամփորդի քեֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տա, հետո տուրուդմբոց քո գլխին գա: Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկա, կուզես ծիծաղի, կուզես պա՛ր արի, չունքի հանաք-մասխարություն չի՛ էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ո՛չինչ չասիլ կամ սուս ու փուս կշտովն անց կենալ: Հմիկ դու գիտես: էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, աստվածապաշտ, նամազասեր, այլ ո՛չ քրիստոնասեր մոլլեքը, ախունդները, հաջի, թաջիր, արախլու, ղզլբաշ թարաքյամա, ղարափափախ, մսկլլու, չոբան, քուրդ, պարսիկ, բեկ, խան սարից ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, առից, տրից, ինչ ունին-չունին, վեր ածած՝ գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը նախրումը, ջուր, վար, ցանք տեղնուտեղը երեսի վրա թողած, ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, իրար գլխով դիպչելով` Երևան էին թափում: Մեկը ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկը իշի քամակին բազմած՝ չո՜շ, չո՜շ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՜հ, դա՜հ անելով, մեկը գոմշի մեջքին՝ հա՛ տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՜, հո՜ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին՝ բզելով, ը՜մ, ե՜րի գոռալով, մեկը արաբում, մեկը քեջավում՝ հազար տեսակ ձենով իր ուլախին քշելով. որը քյահլան ձիու վրա նստած, յարաղ-ասպաբը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած՝ ծվծվացնելով, օրզանգուն զնգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մեկ գառն ուսին քցած, որը մեկ գիլի պարկ վզաքոքին կապած յա թվանքը միջովն անցկացրած, որը մեկ արջի մորթի շուռ տված, հաքած, մե՛ր տղա, տե՛ս ու քե՛ֆ արա, էս թամաշեն թանկ աժի, որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ առըխ թազի ձիու կողքին կապած, որը մեկ գոմփոռ շուն սելի ականը թոկած՝ Էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզվըները մեկ գազ կախ էր ընկել, աչքըները դուս պրծել: Որի արաբումն խնոցի, օրորոց, աման-չաման, ամա բոլորը դարտակ. որն իր լակոտը քամակին ղազլով կամ փալասով կապած, չունքի շատի հաքին Էնքան շոր չի կա, որ երկու աբասով առնես, Էն էլ կեղտով, ծխով սևացած, մուր դառած: Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր, հազար տարվան, ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն` կորեկի հաց), որը քթոցով յա քաղալագով` հավ, ճիվ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ-չալ վառկըներ մեջն արած:
Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի, բարաքյալլա կասեմ, չունքի էս լավ, հնազանդ անասունքն ու թռչունքը իրանց տիրոջ տվածը կամելով էլ ետ տալ, հեսաբը դրստիլ՝ գոգ ասես թե ջեբ, խուրջին, սուփրա, աման, մարթաբա, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տերերի շատը շոգի ձեռիցը անոշ-անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում:
էսպես՝ մեկի ձեռին ղամշի, մյուսի՝ դագանակ. մեկի ուսին մանգաղ կամ երկար ձողի` չադրի համար, մեկի գդակի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած, սուրբ մոլլի բաշխած. որը մեկ ֆորթի թոկ, որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը, քամակին դրած, շատ տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուղուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց, շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:
– Ալլա՜-հո՜ւ, բս՜-մլլա՜հ… ըլ ռա՜հ-մա՜ն… ըլ ռա՜-հի՜մ… չախսե՛-վախսե՛ … Հասա՜ն, Հո՜ւ… սեյն, աղա՜մ… վա՜… Յա՛ Ալի՜… չախսե՛-վախսե՛ …
– Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հո չի՛ պիտի անենք, – ինձ ասող կըլի: Ո՞վ ա ասում, թե նամազ անենք, միտքս Էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը:
Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. Էս ձենը – ձորը Էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն Էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, Էստուր համար էսօր որտեղ որ մեկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիվանն անց կենա, Հասան – Հուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ու ոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա:
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?