Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 1

Текст книги "Պարույր Հայկազն"


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:52


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 1 (всего у книги 3 страниц)

Шрифт:
- 100% +

Րաֆֆի
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ

Ա

Չորրորդ դարում, երբ Հայաստանից շատ մանուկներ դիմում էին Աթենք ուսում առնելու, այդ քաղաքի ետ ընկած փողոցներից մեկում, փոքրիկ խրճիթի մեջ, ապրում էր մի երիտասարդ։ Նա բնակվում էր խրճիթի ստորին ամենաանշուք սենյակներից մեկում, ուր օդի և լույսի պակասությունը տալիս էր նրան գերեզմանի նմանություն։ Ոչինչ կարասիք չկար այդ գետնափոր նկուղի մեջ, հարդով ծածկված էր նրա խոնավ հատակը և մի քանի հնամաշ կապերտներ ծառայում էին և՛ որպես անկողին, և՛ որպես սփռոց։ Պատուհաններում երևում էին մագաղաթյա գրչագրներ, կաշյա հաստ կազմերով։

Սենյակը նեղ էր։ Նրա անձկությունը ավելի անտանելի էր դառնում, որովհետև երիտասարդը մի ընկեր ևս ուներ։ Նրան կոչում էին Հեփեստիոն, իսկ ինքը կոչվում էր Պրոերեսիոս։

Քաղաքի այն թաղը, ուր կենում էին երկու երիտասարդները, բնակեցրած էր այնպիսի աղքատ ժողովրդով, որոնք միայն օրեկան աշխատանքի, օրեկան հացի համար են մտածում, այդ պատճառով նրանց շատ չէր հետաքրքրում երիտասարդների մտավոր պարապմունքը, և չգիտեին անգամ, թե դրանք ինչով էին պարապում։

Միայն իրանց արտաքին կերպարանքով երիտասարդները գրավում էին հարևանների ուշադրությունը։ Պրոերեսիոսը ուժեղ էր, վայելչակազմ և դեմքով գեղեցիկ։ Նրա կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է, որ ութն ոտք բաըձրություն ուներ [ էջ ]և իր ժամանակի ամենաբարձրահասակ տղամարդերի մոտ դարձյալ կարող էր իբրև հսկա ներկայանալ։ Որի ընդհակառակն, Հեփեստիոնը միջակ հասակ ուներ, գունաթափ և հիվանդոտ դեմք։

Երկու երիտասարդները այն աստիճան սիրում էին միմյանց, որ նրանց մեջ բնակվում էր մեկ սիրտ, մեկ հոգի և մեկ կամք։ Չնայելով, որ նրանք երկու միմյանց հակառակ ազգությունների էին պատկանում, բայց գիտության գաղափարը եղբայրացրել էր նրանց։ Պրոերեսիոսը հայ էր, իսկ Հեփեստիոնը՝ հույն։ Երկուսն էլ ուսանողներ էին։

Պրոերեսիոսի հայկական անունը Պարույր էր. ես էլ այս անունով պիտի կոչեմ նրան։

Հոգով միացած լինելով, երկու ուսանողները միասին բաժանում էին և իրանց դառն աղքատությունը։ Բացի մի վերարկուից և պատմուճանից, երկուսն էլ դրսում հագնելու համար ուրիշ հագուստ չունեին։ Այդ վերարկուն և պատմուճանը հերթով հագնում էին նրանք, երբ մեկը գնում էր դասախոսություն լսելու, իսկ մյուսը ստիպված էր տանը մնալ։ Հարևանների ծիծաղին չափ չկար, երբ հերթը Հեփեստիոնին էր հասնում, երբ փոքրիկ Հեփեստիոնը, կոլոլված բարձրահասակ Պարույրի վերարկուի և պատմուճանի մեջ, շտապում էր դեպի ճեմարան։

Տան տիրուհին, որը մի բարի արհեստավորի կին էր, շատ գոհ չէր երիտասարդ ուսանողներից։ Այդ դժգոհությունը առաջ էր գալիս ոչ թե այն պատճառից, որ նրանք ամիսներով իրանց բնակարանի վարձը վճարել չէին կարողանում, – այլ առավելապես նրանից, որ շատ անգամ, գիշերները, նրանց ստորերկրյա նկուղից լսելի էին լինում օտարոտի ձայներ, որպես թե մեկր ոգևորված, բորբոքված ճառախոսում է, իսկ մյուսը նրան նույնքան բորբոքված կերպով նկատողություններ է անում, կամ հարցեր է առաջարկում։ Ճառախոսությունները երբեմն տևում էին ամբողջ գիշերներ, և մինչև լույս անընդհատ կերպով թնդեցնում էին մթին նկուղի անձուկ մթնոլորտը։ Սնահավատ տան տիրուհին նրանց խելագարների տեղ էր դնում, կարծում էր, թե ոգիների հետ են խոսում և միշտ տրտնջում էր, թե իր երեխաները վախենում են, և քնել չեն կարողանում։ Երիտասարդները թեև խոստանում էին, որ այլևս ձայն չեն բարձրացնի, բայց իրանց խոստմունքը կատարել չէին կարողանում։ Ոգևորությունը անզսպելի է։ Նրանք ճարտասանական մարզությունների ժամանակ միշտ մոռանում էին իրանց շրջապատը։ [ էջ ]Այսպես, պատերազմելով կյանքի և աղքատության հետ, երիտասարդ ուսանողները մի քանի տարիներ անցկացրին փիլիսոփայության և ճարտասանության մայրաքաղաքում, մինչև Պարույրը յուր զարմանալի հառաջադիմությամբ գրավեց իր վարժապետի, կապադովկացի Հուլիանոսի ուշադրությունը, որը տեսնում էր իր աշակերտի մեջ խիստ փայլուն ապագա։

Երբ Հուլիանոսը Աթենքից հեռացավ, շատերը աշխատում էին նրա ամբիոնր ժառանգել։ Առաջարկվեցան հինգ ընտրելիներ։ Մրցությունը սաստիկ էր. Աթենքը մի քանի կուսակցությունների էր բաժանված և յուրաքանչյուր կողմը աշխատում էր իր կանդիդատի ընտրությունը հաջողեցնել։ Ամենավատն այն էր, որ այդ ժամանակ հռոմեական կառավարությունը մտցրել էր գիտության ազատ տաճարի մեջ իր ճնշող և ամեն հառաջադիմություն ոչնչացնող ձեռքը։ Այդ պատճառով ավելի շատ ընդունելություն էին գտնում ոչ թե ճշմարիտ գիտնականները, այլ քսուները, կեղծավորները, որոնք շողոքորթում էին կառավարության հաճույքները։ Այդ կետից նայելով, արդարամիտ և անկաշառելի Պարույրի ընտրությունը բոլորովին անհուսալի էր։

Բայց Պարույրը կայսրության գավառներում և նահանգներում մեծ հռչակ ուներ։ Եվ որովհետև նահանգներից ևս բազմաթիվ մանուկներ էին ուղարկում Աթենք ուսանելու, այդ պատճառով նահանգներն ևս ձայնի իրավունք ունեին։ Արևելքի մեծ մասը ընտրում էր Եպիփանոսին, Արաբիան՝ Դիոփանտեսին, իսկ Պարույրի համար ձայն էին տալիս բոլոր Պոնտացիք և Բյութանիա, Հելլեսպոնտոս և Ասիայի այն մասը, որ Կարիայեն տարածվում է մինչև Լիդիա, Պամփյուլիա և Տավրոսի լեռներր։ Այդ կողմերում Պարույրը ընդարձակ ժողովրդականություն ուներ։ Հեփեստիոնը յուր ընկերի հետ մրցություն անել չկամեցավ, նա ասպարեզը թողեց Պարույրին և ինքը հեռացավ Աթենքից։ Պարույրի ընտրությունը հաջողվեցավ, և հայկազն հռետորը, իր տոկուն աշխատությամբ, մթին նկուղից բարձրացավ Աթենքի փիլիսոփայության և ճարտասանության ճեմարանի ամբիոնը։

Մեր հռետորը իր փառքի հետ ժառանգեց և բազմաթիվ նախանձորդներ։ Նրա թշնամի հռետորները ամենաանվայել հնարներով [ էջ ]աշխատում էին վնասել նրան։ Պարույրի զորավոր հանճարը և երկաթի հաստատամտությունը միայն կարող էր երկար ընդդիմադրել նրանց ցած դավադրություններին։ Բայց վերջը հակառակությունն այն աստիճան հասավ, որ նրան զրպարտեցին քաղաքական հանցանքների մեջ, և տեղային հռոմեական նահանգապետի հրամանով Պարույրը աքսորվեցավ Աթենքից։

Աքսորանքի դառնության հետ նա նորից սկսեց կրել աղքատության դառնությունը։ Բայց այդ վերջինին վաղուց ընտելացած էր նա։ Նրան տանջում էր միայն անգործության տաղտկությունը։ Նրան աքսորել էին Հոնիական ծովի համարյա անբնակ կղզիներից մեկի մեջ։

Երկար Պարույրը աքսորանքի մեջ նեղություններ էր կրում, մինչև Աթենքի նահանգապետը փոխվեցավ և նրա տեղը նորը նշանակվեցավ։ Այդ ժամանակ հռետորի բարեկամները աշխատեցին աքսորանքից նրան վերադարձնելու, որ և կարողացան հաջողացնել։

Պարույրը Աթենք վերադառնալով, իր բարեկամներից շատերին վախճանված գտավ։ Նրա զգայուն սրտին մեծ ցավ պատճառեց նրանցից երկուսի մահը. մեկը՝ նրա ընկեր Հեփեստիոնն էր, մյուսը՝ նրա բարեկամ Տուսկիանոսը։ Վերջինի կենսագրությունը գրող Սուտիասը «ամենազոր ճարտասան» է անվանում հանգուցյալին, իսկ մեր հայկազն հռետորի կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է՝ թե «Նա (Տուսկիանոսը) միայն արժան էր Պրոերեսիոս լինելու, եթե Պրոերեսիոսը ողջ չլիներ...»։

Պարույրը Աթենք գնալուց հետո, նրա թշնամիները նորից գրգռվեցան, նորից սկսեցին նրա դեմ որոգայթներ լարել։ Նոր նահանգապետը ստիպվեցավ հրապարակական հանդիսավոր ատյան կազմել և Պարույրին իր հակառակորդների հետ մրցության հրավիրել։ Հանդիսականները հավաքված էին և հակառակ կողմերը ներկա էին։ Մի կողմում Պարույրը, մյուս կողմում մի խումբ հռետորներ։ Մրցության թեման պետք է տար ինքը նահանգապետը, իսկ նրանք հանպատրաստից պետք է ճառախոսեին։ Պարույրի ախոյանները հրաժարվեցան, հայտնելով, թե իրանք առանց նախապատրաստության բան չեն խոսի։ Այդ ժամանակ նահանգապետը դիմեց դեպի հայկազն հռետորը, որը աներկյուղ ամբիոն բարձրացավ և առաջարկեց, որ յուր հակառակորդները ինչ թեմա որ ցանկանում են թող տան։ Նրանք էլ չարամտությամբ մի այնպիսի թեմա տվեցին, որ ոչ միայն անհարմար էր պերճախոսության, [ էջ ]այլ գրեթե անհնարին էր հանպատրաստից նրա վրա մի բան խոսել։

Բայց մեր հռետորը չվհատեցավ, նա միայն խնդրեց նշանագրողներին արձանագրել յուր ասածները, որ վերջը վիճաբանության տեղիք չմնա, թե ինքը բոլոր կետերին չէ պատասխանել, և խնդրեց հասարակությանը, որ ծափահարություններով չխանգարեն իրեն։

Ատենախոսությունը այն աստիճան սքանչելի և իմաստալից եղավ, որ ունկնդիրները, հափշտակված նրա ազդու պերճախոսությունից, բոլորովին մոռացան իրանց խոստմունքը, և ոգևորված բացականչություններով ու ծափահարությամբ թնդեցնում էին ամֆիթեատրոնի կամարները։

Նշանագրողները հազիվ կարողանում էին հասցնել նրա խոսքերի հոսանքի հետևից, որոնք առատաբուխ վտակի նման վազում էին նրա շրթունքներից։ Երբ վերջացրեց, հանդիսականները ավելի ոգևորված կեցցեներով բազմիցս ողջունում էին նրան։

Բայց Պարույրը իր զարմանալի սրամտության զորությունը ցույց տալու համար, խնդրեց հանդիսականներից, որ նորից կրկնե յուր ճառը, որպեսզի նշանագրողները համեմատեն իրանց գրվածի հետ, միգուցե մի բան թողած լինի։ Եվ նա սկսեց ամբողջ ճառը առաջին բառից մինչև վերջին բառը անփոփոխ նորից ասել։ Նշանագրողները ոչինչ տարբերություն չգտան, կարծես թե, շատ առաջուց սերտած լիներ այն բոլորը, ինչ որ հանպատրաստից խոսեց նա։

Պարույրը տարավ մրցանակը։ Բազմությունը խնդակցությամբ սեղմեց նրա ձեռքը, անվանելով նրան Հերմես – պերճախոսության աստված։ Նահանգապետը իր սեփական կառքով, զինվորական երաժշտությամբ և հանդիսավոր փառքով տարավ նրան մինչև բնակարանը։

Հայկազն հռետորը իր փառքի օրերը անց էր կացնում միևնույն բնակարանում, ուր անցուցել էր յուր ուսանողական կյանքի դառն աղքատությունը։ Առաջին և այժմյան կեցության մեջ այն զանազանությունը կար միայն, որ Աթենքի պերճախոսության աստվածը փոխանակ նույն խրճթի ստորին նկուղի մեջ ապրելու, այժմ կենում էր նրա վերին հարկում, մի փոքրիկ սենյակի մեջ։ Ապրուստի եղանակը մնացել էր նույնը. – նույն սպարտական խստակեցությունը, նույն չափավորությունը իր ամենապարզ վայելքներով թագավորում էր նրա անշուք բնակարանի մեջ։ Պատմական վերարկուն [ էջ ]և պատմուճանը, որը երբեմն հագնում էր ինքը և երբեմն նրա սիրելի ընկեր Հեփեստիոնը, պահվում էր այդ բնակարանում որպես մի թանկագին հիշատակ ուսանողական եղբայրության եռանդոտ և ամեն զոհողությունների համբերող կյանքի։ Այժմ նրա միամիտ տան տիրուհին այլևս դժգոհ չէր, այլևս չէր տրտնջում, բայց մի առանձին հպարտությամբ պարծենում էր իր հարևանների մոտ, որ իր տանը կենում է մի մեծ մարդ։

Նույն օրը, երբ Աթենքի այդ աղքատ թաղի փողոցները որոտում էին բազմության կեցցեներով, երբ Պարույրին հաղթական փառքով տանում էին դեպի իր բնակարանը, ամբոխի մեջ գտնվում էր և մի անծանոթ օտարական։ Նա բոլորովին աննկատելի մնաց խուռն բազմության մեջ, թեև նրա դեմքը, օտարոտի հագուստը բավական աչքի ընկնող էր։

Օրը անցավ, մութը պատեց, աղքատ թաղի փողոցները դատարկվեցան մարդիկներից։ Բայց օտարականը միայնակ դեռ թափառում էր այնտեղ։ Նա մի քանի անգամ մոտեցավ այն խրճթին, ուր բնակվում էր օրվա հերոսը։ Բայց նկատելով, որ դեռ նրա մոտ մարդիկ կան, ներս չմտավ։

Նա շարունակեց ման գալ, մինչև մարդիկը դուրս կգային։ Հարյուր անգամ անցուդարձ արեց փողոցի երկարությամբ և ամեն անգամ մոտենում էր դռանը, ականջը դնում էր նրա ճեղքին, և դարձյալ ձայներ էր լսում։

Օրը սկսել էր լուսանալ, գյուղացիները ավանակներով նպարներ էին տանում դեպի հրապարակը. այդ մարդը դեռ այն փողոցից չէր հեռացել։

Հետևյալ օրվա միջօրեի պահուն, մի նոր բազմություն ուրախաձայն աղաղակներով, դարձյալ դիմում էր դեպի հռետորի բնակարանը։ Օտարականը խառնվեցավ այդ բազմության հետ։ – Էլ ի՞նչ կա, – հարցրեց նա մեկից։ – Կայսրի հրովարտակն են տանում, – պատասխանեց նա։

Մի փառք մյուս փառքի հետևից։ Կոստանդ կայսրը կոչում էր հռետորին իր մոտ։

Օտարականը այդ լսելով, գլուխը շարժեց և հեռացավ։

Բ

Երկու օր անցել էր, երբ մի գիշեր օտարականը դարձյալ հայտնվեցավ հռետորի խրճիթի դռանը։ Ներսից ձայն չէր լսվում։ Նա սկսեց բախել դուռը։ Սպասավորը պատասխանեց, թե իր տերը [ էջ ]շատ հոգնած է, թե այս մի քանի գիշեր է, որ նա ամենևին չէ քնել. մարդիկ նրան հանգստություն չէին տալիս, այժմ պատրաստվում է հանգստանալ, և հրամայել է ոչ ոքին չընդունել։ – Ասա՛ քո տիրոջը, որ ես նրա հայրենիքիցն եմ և կընդունե ինձ, – խոսեց օտարականը։

Մի րոպեից հետո, դուռը բացվեցավ և օտարականը ներս հրավիրվեցավ։ Հռետորը առանց ճանաչելու նրան, առանց հարցնելու թե ով է, միայն հայաստանցի լինելը լսելով, հենց իր սենյակի շեմքի վրա գրկախառնվեց նրա հետ։

Օտարականը մի երիտասարդ էր բավական բարձրահասակ, և ամուր կազմված. երկար ժամանակ Եգիպտոսի արեգակի տակ գտնվելով, նրա պայծառ դեմքը ստացել էր պղնձի ախորժելի գույն։ Երկայն գիսակները խիտ գանգուրներով իջել էին մինչև նրա ուսերը, իսկ գլուխը փաթաթած էր ծաղկավոր ապարոշով, որի ծայրերը անփույթ կերպով ձգած էին նրա լայն թիկունքի վրա։ Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր խորին տխրություն, որ արտափայլում էր ամբողջ դեմքի վրա։ Այդ թախծալի տրտմությունը իսկույն նկատեց հռետորը, մանավանդ երբ նա լուռ, առանց մի բառ խոսելու, անցավ և նստեց բազմոցի վրա։

Այդ ի՞նչ էր նշանակում։ Այդ քանի օր էր, որ ամեն ոք խնդակցությամբ էր հանդիպում նրան, ամեն ոք արտահայտում էր իր ջերմ ուրախությունը նրա հաջողության համար, իսկ նրա հայրենակիցը մի բառ անգամ չարտասանեց այդ մասին, որպես թե ոչինչ չէր տեսել, ոչինչ չգիտեր։ Նրա առաջին խոսքը այս եղավ.

– Այստեղ մեզ չե՞ն խանգարի։

– Ի՞նչու համար եք հարցնում, – ասաց հռետորը։

– Ես առանձին խոսելիք ունեմ ձեզ հետ։

– Բայց նախ և առաջ պետք է գիտենամ, թե դուք ո՞վ եք։

Օտարականը ծանոթություն տվեց իր մասին։

– Ես ձեր մասին լսել եմ... – բացականչեց հռետորը, և ուրախությամբ մոտենալով, կրկին անգամ գրկախառնվեցավ նրա հետ։

Երբ միամտացավ օտարականը, որ իրանք միայնակ են, տանեցիք բոլորը քնած են, և մանավանդ իրանց խոսակցության լեզուն այստեղ ոչ ոք հասկանալ կարող չէր, ասաց.

– Գիշերի կեսից անցել է. ժամանակ չկորցնենք, խոսենք ինչ որ պետք է խոսեինք. ես երկար այստեղ մնալու չեմ, առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ։ [ էջ ] – Այժմ ո՞րտեղից եք գալիս։

– Հռոմից։ Եգիպտոսից այնտեղ գնացի, հետո այստեղ եկա առ ժամանակ մնալու ղիտավորությամբ, բայց հանգամանքները փոխվեցան... այլևս մնալ չեմ կարող...

– Ի՞նչու։

– Հայրենիքից վատ լուրեր ստացա. շտապում եմ այնտեղ։ – Վերջին խոսքերը այնպիսի մի դառնությամբ արտասանեց նա, որ Պարույրի մեջ ևս տխրություն ազդեց։

– Արտասուքի՜ և արյան աշխա՜րհ, – բացականչեց նա, – ե՞րբ է եղել, որ մի մխիթարական լուր լսեինք այնտեղից։

Այժմ հանգամանքները ավելի վատացել են, – խոսեց երիտասարդը, – Վռամշապուհը, հայոց աշխարհի լուսավորության ջահը իր հզոր ձեռքով առաջ տանող թագավորը, վաղուց արդեն վախճանված է։ Նրանից հետո Արշակունյաց գահը փոքր ժամանակներով ժառանգեցին մի քանի աննշան թագավորներ, մինչև ավելի անարժանը, երիտասարդ Արտաշիրը թագավոր դարձավ։ Առաջ դժբախտությունը միշտ դրսից էր գալիս։ Բայց դրա ժամանակ սկսեց ներսից ծագել։ Երիտասարդ թագավորը իր թեթևամիտ վարքով գրգռեց իր դեմ հայոց նախարարների զզվանքը, որոնք ավելի ևս անմիտ գտնվելով, դիմեցին պարսից Վռամ արքային, խնդրելով, որ Արտաշիրին գահընկեց անե և նրա տեղը մի պարսիկ մարզպան դնե Հայաստանը կառավարելու համար։ Պարսից արքայի վաղուց փափագած բաղձանքը հենց այս էր, նա ամենայն սիրով կատարեց նախարարների ցանկությունը։ Մեր Սահակ հոր բոլոր ջանքը ապարդյուն գտնվեցավ նախարարների անմտությունը զսպելու և նրանց հասկացնելու, թե ո՛րքան մեծ չարիք են գործում։ Նրանք Սահակին ևս մատնեցին, և պարսից արքայի ձեռքով զրկեցին նրան կաթողիկոսական աթոռից։ Եվ այսպես, Հայաստանի հաստատության երկու հիմքերը – արքայական գահը և հայրապետական աթոռը – երկուսն էլ կործանվեցան։ Թե Սահակը և թե Արտաշիրը աքսորված են Պարսկաստան։ Մեր անտեր հայրենիքը այժմ մահվան տագնապի մեջ է գտնվում, պետք է օգնություն հասցնել։

– Ի՞նչով, – հարցրեց Պարույրը սառն կերպով։

Երիտասարդը փոխանակ պատասխանելու, իր սուր աչքերով նայեց հռետորի երեսին, կարծես, ուզում էր ասել. միթե դուք չե՞ք իմանում, թե ինչով։ [ էջ ]

– Ի՞նչով, – դարձյալ կրկնեց հռետորը։ – Գնում եք կռվելո՞ւ պարսիկների հետ։

– Ինչո՞ւ չէ, եթե հարկավոր կլինի, – պատասխանեց երիտասարդը հայտնի վրդովմունքով, որ պատճառեց նրա մեջ հռետորի սառնասրտությունը։

Հռետորը նկատելով այդ, ասաց.

– Գնացեք, գովում եմ ձեր եռանդը։

Երիտասարդը ավելի զայրացավ։

– Պարո՛ւյր, – գոչեց նա, – ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրինիքի համար կորած մարդ եք։ Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում և դուք սառնասրտությամբ լսում եք։ Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել։ Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը, – դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ։ Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը։ Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս։

Հռետորը զգացվեցավ։ Երիտասարդը շարունակեց.

– Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով շատ մեծ եք ինձանից։ Բայց մի մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելություն անունով թողեցին հայրենիքը – որոնք ուխտեցին մեր Սահակ հոր և Մեսրոպի առջև գնալ, աշխարհե֊աշխարհ պտտել, և գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել։ Դուք, ես և մեր բոլոր ընկերները ամեն զոհողություններ հանձն առնելով, անցանք Եդեսիա, Անտիոքիա, Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ և Աթենք, այցելեցինք գիտության բոլոր տաճարները և հագեցրինք մեր ծարավը։ Նպատակի մեծությունը բորբոքեց մեր եռանդր, գաղափարի վսեմությունը մեզ ուժ և զորություն բաշխեց։ Մեզանից ամեն մեկը նշանավոր գտնվեցավ իր ասպարեզի մեջ։ Իմ քեռորդի ընկեր Դավիթը Բյուզանդիայում, Մարկիանոս կայսրի ներկայությամբ, մրցության [ էջ ]մեջ, իր անսահման գիտությամբ լռեցրեց բոլոր փիլիսոփաներին և «անհաղթ փիլիսոփայի» անուն ստացավ։ Եզնիկը, Հովսեփը, Ղևոնդը, Կորյունը զարմացրին Մաքսիմիանոս եպիսկոպոսին իրանց բարձր աստվածաբանական հմտությամբ։ Իմ եղբայր Մամբրեն, Եղիշեն, Ղաղար Փարպեցին նույնպես նշանավոր հանդիսացան և որպես հզոր աստվածարաններ, և որպես խորին գիտնականներ։ Ես ուրիշ շատ երիտասարդների մասին չեմ խոսում, որոնք նույնպես դեպի արևմուտք դիմեցին իրանց ուսումը կատարելագործելու նպատակով, և զարմանալի հառաջադիմություն գործեցին։ Այժմ հիշյալ երիտասարդները, լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ։ Նրանք տանում են իրանց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է – լուսավորությունը։

Հռետորը, որ բոլոր ժամանակը խորին ուշադրությամբ լսում էր, կամաց հարցրեց.

– Դուք կարծում եք, որ լուսավորությունը կփրկե՞ Հայաստանը։

– Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ, – ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։ – Դուք, երևի մոռացել եք, թե վերջին ժամանակներում ինչ դժբախտ անցքեր անցան մեր աշխարհում։ Հայաստանի բախտավորությունը միայն նրանում էր, որ այդ [ էջ ]ժամանակ հայրապետական աթոռի վրա բազմած էր մի հանճարեղ մարդ, որպիսին էր մեր հայ Սահակ Պարթևը։ Նա արծվի սրատեսությամբ նախադիտում էր այն սարսափելի վտանգը, որ սպառնում էր մեր հայրենիքին։ Նա տեսնում էր Արշակունյաց գահի մոտալուտ անկումը, տեսնում էր, որ Հայաստանը պիտի բաժանվի հույների և պարսիկների մեջ, որոնք մինը մյուսից ավելի վնասակար պետք է լինեին։ Նա տեսնում էր և մի այլ դժբախտություն, որ Գրիգոր Լուսավորչի հայրապետական աթոռը պետք է ժառանգեն կեղծավորները, շահասերները և դավաճանները։ Հայրենիքի երկու հզոր պաշտպանների – հոգևոր և մարմնավոր իշխանության – վախճանը հասած էր տեսնում։ Այդ ժամանակ պետք է օգնության հասներ մի փրկություն, որ լրացներ այդ մեծ կորուստը, այսինքն հոգևոր և մարմնավոր իշխանության անկմանը։ Եվ այդ փրկությունը սկսեց որոնել նա ժողովրդի կրթության և լուսավորության մեջ։ Եվ այդ էր գլխավոր շարժառիթը, որ նա ամենայն ջանքով սկսեց մեր աշխարհում ուսում տարածել, – ուսում մայրենի լեզվով։

Հռետորը լսում էր, մատներով իր մորուքի հետ խաղալով։ Երիտասարդը շարունակեց.

– Մեր Սահակ հոր նախորդները խիստ սահմանափակ և խախուտ հիմքերի վրա էին դրել ժողովրդի կրթության գործը։ Քրիստոնեության հետ նրանք մտցրին մեր մեջ հունաց և ասորոց դպրությունը։ Մեր առաջին վարժապետները եղան հույները և ասորիները։ Գրում էինք, կարդում էինք նրանց լեզուներով։ Մեր եկեղեցում անգամ տիրապետում էր օտար լեզու։ Սուրբ գրքերի ընթերցանությունը լսում էինք կամ հունաց կամ ասորաց լեզուներով։ Մի կողմից էլ պարսիկն էր աշխատում իր լեզուն մեր մեջ մտցնել, որպես դպրոցների և դիվանների պաշտոնական լեզու։ Մեր Սահակ հայրը պարզ տեսնում էր, թե ինչ մեծ չարիք կարող էր առաջանալ այդ բոլորից։ Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր, – մեռնում էր նրա հետ և ազգությունը։ Եվ դրա մեջն էր Հայաստանի իսկական մահը։ Հայը կորցնելով իր լեզուն, կը լուծվեր, կանհետանար այն ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր։ Վտանգի մեծությունը սարսափելի էր։ Եվ մեծ Հայրապետը աշխատեց վտանգի առաջը առնել։ Նա գիտեր, որ հայը կորցնելով իր անկախությունը, մի ժամանակ դարձյալ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե ազգը կենդանի կմնար։ Բայց հայը կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ, – նա կլիներ հույն, ասորի, պարսիկ, [ էջ ]կամ այն ազգերից մեկը, որոնց լեզվով խոսում էր. այդ մեծ չարիքի առաջը առնելու համար ձեռք առին ժողովրդի կրթության գործը։ Հարկավոր էր ամեն ինչ հայացնել, ամեն ինչ ազգային դարձնել։ Մեր Սահակ հայրը իր ընդարձակ նպատակների մեջ աջակից ունեցավ մի գործունյա մարդ, որպիսին էր Մեսրոպը։ Նա շտապեց հնարել հայերի համար նոր տառեր, որպեսզի հայերը այլևս հունաց, ասորոց և պարսից տառերով չգրեին։ Սկսեցին նույն տառերով թարգմանել սուրբ գրքերը, որպեսզի եկեղեցու մեջ ևս տիրապետեր հայոց լեզուն և գիրը։ Սկսեցին ամեն տեղ դպրոցներ բաց անել և հայոց գրով ու հայոց լեզվով կրթել մանուկներին։

– Հույները և պարսիկները, որոնք արդեն Հայաստանը իրանց ճանկերի մեջ էին բռնել, և պատրաստվում էին ազգովին ևս կլանել նրան, – այդ երկու ահեղ պետությունները չէին կարող չնկատել այն հզոր ընդդիմադրությունը, որ Հայաստանի հեռատես Հայրապետը պատրաստում էր նրանց նենգավոր քաղաքականության առաջը առնել։ Հույները սկսեցին արգելել Հայաստանի այն մասում, որ իրանց գերիշխանության ներքո էր գտնվում, հայոց դպրոցներ բաց անել։ Ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՛րքան հալածանքներ կրեց, որքան բանակցություններ ունեցավ մեր Սահակ հայրը Բյուզանդիայի Բարձր Դռան հետ այդ մասին, մինչև Մեսրոպը նրա թոռ Վարդանի հետ ստիպվեցան անձամբ Բյուզանդիա գնալ և կայսրից ու հունաց Ատտիկոս եպիսկոպոսից թույլտվություն խնդրել դպրոցներ բանալու համար, որը և ստացան մեծ դժվարությամբ։ Նույն դժվարություններից ավելի սաստիկը բարձրացրեց պարսից կառավարությունը։ Նա ուղարկեց ազգով հայ Մերուժան չարագործին և նրա ձեռքով այրել տվեց մեր գրքերը, և նրա ձեռքով աշխատում էր մտցնել մեր նորահաստատ դպրոցներում մոգության ուսումը ու պարսից լեզուն։

Հռետորը շարունակում էր իր մատներով խաղալ մորուքի հետ։ Երիտասարդը առաջ տարավ յուր խոսքը.

– Մրցությունը հունաց և պարսից քաղաքականության հետ սաստիկ էր, իսկ ուժերը անհավասար։ Մեր Սահակ հորը և Մեսրոպին հարկավոր էին լավ պատրաստված ուժեր։ Եվ այդ մտքով [ էջ ]նրանք ընտրեցին քեզ, ինձ և իրանց հառաջադեմ աշակերտներից շատերին, և ուղարկեցին Բյուզանգիա, Աղեքսանդրիա, Հռոմ, Աթենք բարձր ուսում ստանալու համար։ Մենք անցանք քաղաքներ, որ հունական գիտությունը ստանալով, վերադառնանք մեր հայրենիքը, և իրանցից ստացած զենքերով իրանց հետ պատերազմենք։

– Դա շատ նպատակահարմար միջոց է, – պատասխանեց հռետորը դադարելով խաղալ իր մորուքի հետ։

– Բայց այդ զինվորներից մեկն էլ դուք պետք է լինիք, – պատասխանեց երիտասարդը ուղիղ հռետորի աչքերի մեջ նայելով։ Ես հենց դրա համար էլ եկա ձեզ մոտ, որ միասին գնանք։

Հռետորը խորին վարանման մեջ ընկավ։ Նա այդ առաջարկությունը չէր սպասում երիտասարդից։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։

Երիտասարդը խոսեց։

– Հասկանում եմ ձեր լռության և մտատանջության պատճառը, Պարույր, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող։ Այն փառքը, այն հռչակը, որ դուք վայելում եք այստեղ, շլացրել են ձեզ։ Թողնել այդ բոլորը և գնալ թշվառ հայրենիքը, ուր շատ զոհողություններ է պահանջվում գործիչներից, – դա վախեցնում է ձեզ։ Մեր ընկերները Դավիթ Անհաղթը, Եղիշեն, Եզնիկը, Ղազար Փարպեցին, Կորյունը, իմ եղբայր Մամբրեն, Հովսեփր, Ղևոնղը, մի խոսքով բոլոր ուսանողները, որոնք զանազան երկրներում էին գտնվում, այժմ վերադարձել են կամ վերադառնալու վրա են։ Մնացել ենք ես և դուք, գնանք, չհապաղենք, հայրենիքը կոչում է մեզ։ Գնանք գիտություն և լուսավորություն տարածենք մեր աշխարհում, բաց անենք մեր հայրենակիցների աչքերը, սովորեցնենք նրանց, որ հասկանան իրանց չարն ու բարին, – հասկանան, թե ո՛րպիսի անդունդի եզրում են կանգնած, որ գլորվելով նրա մեջ, պիտի կորչեն հավիտյան։ Դուք այնպիսի զորեղ հանճար ունեք, որ մնալով այստեղ, ես հավատացած եմ, ավելի ևս կբարձրանաք, և գուցե առաջինը կլինեք մեր ժամանակի փիլիսոփաների ու հռետորների մեջ։ Բայց դրանից ի՞նչ օգուտ ձեր հայրենիքին։

– Դրանից կօգտվի մարդկությունը, – պատասխանեց հռետորը երկար լռռւթյունից հետո։ – Ես ծառայելով գիտությանը, միևնույն ժամանակ ծառայում եմ ամբողջ աշխարհին։ [ էջ ]

– Այդ իրավ է, – ասաց երիտասարդը փոքր֊ինչ տաքացած կերպով։ – Բայց դուք չե՞ք ընդունում որ մի առանձին պարտավորություն ունեք դեպի ձեր հայրենիքը և դեպի ձեր հայրենակիցները։

– Ընդունում եմ, բայց իմ նպատակը շատ ընդարձակ է։ Գործեցեք դուք, կամ ով որ ցանկանում է ձեզ հետ, փոքրիկ շրջաններում, կամենում եմ ասել՝ մարդկության առանձին բաժինների մեջ, որ դուք ազգ եք կոչում։ Բայց իմ հայրենիքը ամբողջ աշխարհն է, իսկ իմ հայրենակիցները – ամբողջ մարդկությունը։

Կրակոտ երիտասարդը զայրացած կերպով կանգնեց.

– Դա մի կեղծավոր պատճառաբանություն է, Պարույր, – ասաց նա և սաստիկ վրդովմունքից նրա հզոր ձայնը կտրատվում էր։ – Դուք, այսպես խոսողներդ, գիտության փարիսեցիներ եք։ Մասնավորի համար անընդունակ լինելով գործել, միշտ ընդհանուրի անունով եք խոսում, ինչպես իրանց մասնավոր պարտքը վատ վճարողները, ընդհանուր սեփականություն են քարոզում։ Ես հույս ունեի, որ դուք երկար խոսել չէիք տալ ինձ, այլ լսելով թշվառ հայրենիքի դրությունը կընկերանայիք ինձ հետ և հենց այս առավոտ կթողնեիք Աթենքը։ Բայց ես ավելի խոսեցի, քան հարկավոր էր, և դա իզուր ժամանակի կորուստ եղավ ինձ համար։ Գիտության սերը և հանրամարդկային լուսավորություն տարածելու գաղափարը չէ, որ կապում է ձեզ Աթենքի հետ, այլ սնոտի փառքը և այն մագաղաթի կտորը, որ դրած է ձեր սեղանի վրա...

Այդ խոսքերի հետ նա ձեռքը մեկնեց և վեր առեց կայսրի հրովարտակը, որ նույն օրը ստացել էր հռետորը և բարձրացնելով ասաց.

– Ահա, այդ մագաղաթի կտորն է, որ հրապուրում է ձեզ։ Արևելքի և արևմուտքի կայսրը այդ հրովարտակով հրավիրում է ձեզ իր մոտ։ Իսկ մյուս կողմից, անբախտ հայրենիքը իմ բերանով կոչում է ձեզ։ Դուք մերժում եք նրա ձայնը, և այղ պատճառով անարժան եք Հայաստանի զավակ կոչվելու։

Վերջին խոսքերի հետ երիտասարդը հեռացավ։ Հռետորը շանթահարի նման մնաց ապշության մեջ։

Երիտասարդը Մովսես Խորենացին էր։

[ էջ ]


Страницы книги >> 1 2 3 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации