Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 2

Текст книги "Պարույր Հայկազն"


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:52


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 2 (всего у книги 3 страниц)

Шрифт:
- 100% +

Գ

«Եւ մինչ նոքա (Սահակ և Մեսրոպ) զմերն յուսային դարձ, և պատուասիրել իմով ամէնիմաստ արուեստիւս և կատարելագույն յարմարութեամբս, համայն և մենք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայք հարսանեաց պարել՝ անվեհեր երազութեամբ կրթեալք, և առագաստի ասել երգս, արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. ուր և ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցմանց, և լսել զվերջին բարբառն և զօրհնութիւն»։

Խորենացի

Գիշերածին խավարը պատել էր Արարատյան դաշտը։ Օշական գյուղի սուրբ Մեսրոպի անապատում ոչ մի լույս չէր երևում։ Ամեն արարած խոր քնի մեջ էր, ամեն ինչ ընկղմված էր խուլ լռության մեջ։ Չէր լսվում և գիշերահսկիկ անապատականների մշտական սաղմոսերգությունը, միայն մի մատուռի մեջ ծխվում էր յուղային կանթեղը, և որպես տխուր հոգու թախծալի արտահայտություն, տարածում էր իր շուրջը աղոտ լուսավորություն։

Մատուռի մեջ դրած էր մի շիրիմ։ Կանթեղի լույսը ուղիղ թափվում էր նրա վրա և երևան էր հանում նրա անշուք կազմությունը։ Շիրիմը կառուցված էր սև քարից և, կարծես թե փոխաբերական իմաստով արտահայտում էր այն մեծ մարդու հոգեկան դառնությունը, որ անմխիթար տրտմությամբ իջել էր այդ սգավոր դամբարանի մեջ։

Շիրիմի մոտ, մերկ հատակի վրա ծունր իջած, խոնարհված էր մի մարդ։ Նրա գլուխը հանգչում էր սառն տապանաքարի վրա, և երկայն, թավամազ ծամերը ծածկել էին նրա սև մակերևույթը։ Այդ դրության մեջ նա անշարժ էր, անշարժ էին և նրա թևքերը, որոնցմով գրկել էր շիրիմը։ Ոչ մի մրմունջ, ոչ մի հառաչանք չէր աղմկում այդ ողբանվեր սգավոր տխուր լռությունը, միայն կիսախուփ աչքերից արտասուքի մեղմ վտակները հոսում էին սառը քարի վրա։

Երկար նա, այնպես գետնատարած, գրկել էր շիրիմը, երկար նա, այնպես ճակատը դրած սառը քարի վրա, կպել էր նրան և, կարծես, աշխատում էր դուրս կոչել մթին դամբարանի միջից այդ մեծ հանգուցյալի ուրվականը, – աշխատում էր տեսնել նրան, խոսել նրա հետ և թափել նրա առջև իր սրտի վշտերը։ [ էջ ]Այնպես գետնատարած, լուռ ողբում էր նա, մինչև անապատի զանգակատնից լսելի եղավ վաղորդյան կոչնակի թախծալի հնչյունը։ Այդ մեղմ հնչյունը սթափեցրեց նրան իր հոգեկան խորին հափշտակությունից։ Գլուխը վեր բարձրացրեց և մի առանձին սոսկումով նայեց իր շուրջը։ Օրը լուսանում էր... Կարծես նա վախենում էր, որ իրան կտեսնեն այստեղ։ Ոտի կանգնեց...

Ո՞վ էր այդ գիշերային այցելուն, այդ ո՞ւմ դամբարանի վրա է թափում իր դառն արտասուքը։

– Խաղաղությո՜ւն քո սուրբ ոսկերացը, ո՛վ երանելի հայր, – բացականչեց նա, սգավոր հայացքը ձգելով շիրիմի վրա։ – Երկար ճանապարհորդություններից հետո, քո դժբախտ աշակերտը վերադառնալով հայրենիք, մեծ հույս ուներ քո գրկի մեջ մխիթարություն գտնել և մխիթարել քեզ։ Բայց նա չարժանացավ քո քաղցր տեսությանը, չլսեց քո բարի շրթունքների վերջին օրհնությունը, և ոչ իր ձեռքով փակեց այն սրատես աչքերը, որոնք հայրենիքի հեռու և մերձ աղետները տեսնելով, փոխանակ արտասուք թափելու, ամեն ջանքով աշխատում էին դարման տանել։ Քո պատվիրանաց համեմատ, գնացի, անցա երկրից երկիր, քաղաքից քաղաք, այցելեցի գիտության բոլոր տաճարները, և լի հմտություններով վերադարձա իմ հայրենիքը։ Բայց ո՞վ այսուհետև գին կդնե այն մտավոր մթերքին, որ բերել եմ օտար աշխարհներից։ Դու և քո վեհափառ գործակիցը (Սահակ) միայն հասկանում էիք, թե ի՞նչ է ճշմարիտ լույսը և ուղիղ վարդապետությունը։ Անգութ մահը միաժամանակ խավարացրեց այդ երկու արեգակները, և մութը տիրեց հայոց երկրին։ Լավերը գնացին, այժմ նրանց փոխարինում են վատերը։ Մեր սուրբ լուսավորիչ հոր աթոռը ժառանգել են ասորիները, կամ այնպիսի հայ հայրապետներ, որոնք աշխատում են ավելի բռնակալ պարսից Դռանը հաճոյանալ, քան թե Հիսուս Քրիստոսի սուրբ եկեղեցուն։ Մեր այժմյան վարդապետները, [ էջ ]որոնք պետք է հոգևոր և բարոյական ուղղություն տային ժողովրդին, որոնք պետք է ուսուցանեին նրան ճշմարիտը և արդարը,– իրանք ավելի ևս մոլորեցնում են ժողովուրդը։ Տգետ են դրանք, և միևնույն ժամանակ ինքնահավան։ Առանց որևիցե մտավոր և բարոյական արժանավորության՝ ստացել են կարգ և աստիճան։ Ավելի արծաթով են ընտրված, քան թե հոգույն սրբոյ շնորհիվ։ Եվ այդ պատճառով, իրանք ևս արծաթասեր են և նախանձոտ։ Քրիստոնեական առաքինությունը բացակա է նրանցից, և թողնելով հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, իրանք գայլեր են դարձել և իրանց հոտն են գիշատում։ Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,– իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։ Մեր վիճակավորները, որոնք պետք է պահպանեին ժողովրդի մեջ իրավունքը և արդարությունը, որոնք պետք է հոգ տանեին եկեղեցու բարեկարգության համար,– իրանք ավելի ևս խախտում են նրա հիմքերը։ Եկեղեցու այդ ծույլ, անհոգ կառավարիչները իրանց ժամանակը վատնում են զրախոսությամբ և կատակերգություններ լսելով խնջույքների մեջ։ Ատելի է նրանց գիտությունը և վարդապետական խոսքը, և սիրելի է նրանց եկեղեցու խորհրդավաճառությունը։ Սիմոնականությունը այդ շահասերների ձեռքով իր ծայրահեղ անամոթությանն է հասել։ Չնչին մամոնայի համար նրանք ամեն տարի հարյուրներով և հազարներով բազմացնում են [ էջ ]եկեղեցու անպիտան պաշտոնյաների թիվը։ Հիշյալ անկարգ դաստիարակողների շնորհիվ, ի՜նչ տեսակ սերունդ է պատրաստվում այժմ, ի՞նչ է մեր դպրոցների աշակերտաց վիճակը։ Այլևս առաջվա սերը դեպի ճշմարիտ գիտությունը, և առաջվա եռանդը դեպի օգտավետ ուսումը չէ մնացել։ Մեր դպրոցները կրթում են մի ծույլ, դատարկամիտ սերունդ, որը դեռ ոչինչ չսովորած, աշխատում է երևելի աստվածաբան ձևանալ, որը դեռ բոլորովին տգետ լինելով սուրբ գրքերի մեկնության մեջ, սկսում է վարդապետություններ անել։ Դպրոցը, այդ սուրբ եկեղեցու սուրբ նախագավիթը, չէ սերմանում մանուկների սրտում այն մաքուր և սրբազան սերմերը, որ նրանք ապագայում եկեղեցու և հայրենիքի հավատարիմ զավակներ դառնային, որ նրանք ճանաչեին իրանց պարտքը դեպի երկինքը և դեպի աշխարհը – մարդկությունը։ Այժմյան դպրոցը, ընդհակառակն, խեղդում, ոչնչացնում է մանուկների սրտում այն դեռաբույս ծիլերը, որոնք ապագայում աճելով և ծաղկելով, կարող էին բարի պտուղներ տալ...

Նա փոքր–ինչ կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

– Ահա այսպիսի անձանց ձեռքումն է եկեղեցու տնտեսությունը, և ժողովրդի հոգևոր ու մտավոր կրթության գործը։ Իսկ մե՞նք։– Մենք այժմ համարվում ենք աղանդավորներ։ Տգետ, խավարամիտ և կեղծավոր կղերը հալածում է մեզ։ Մեր գրավոր աշխատությունները համարում են վնասակար. մեր ուսումը, մեր վարդապետությունը համարում են մոլորեցուցիչ։ Մի տեր, մի մեծ չկա, որ սանձահարե այդ նախանձոտ, չարամիտ պարեգոտավորների զրպարտությունները, որոնք ամեն ստախոսությամբ գրգռում [ էջ ]են միամիտ ժողովրդին մեր դեմ և արգելք են դնում մեր գործունեությանը։ Դու, ո՛վ երանելի հայր, քո հզոր գործակցի (սուրբ Սահակի) հետ, ձեր աշակերտներից ստեղծեցիք եկեղեցականների մի նոր սերունդ։ Դրանց թիվը փոքր չէր։ Չբավականանալով այն ուսումով, որ ստացել էին նրանք ձեր հոգաբարձության ներքո, դու և քո մեծ գործակիցը ուղարկեցիք նրանց օտար երկրներում կատարելագործվելու։ Նրանք գնացին և վերադարձան գիտության մեծ պաշարով։ Բայց ի՞նչ եղավ նրանց վախճանը։ Խավարամիտ կղերը շատերին թույլ չտվեց, որ ներս մտնեին հայրենի երկրի սահմաններից, և որոնք մտան հալածվեցան... Այժմ հայրենիքի այդ անձնազոհ մշակները թաքուստի մեջ են ապրում և միայն գաղտնի են գործում։ Նրանք համարձակություն չունեն օտար աշխարհներից բերած գիտության պաշարը ժողովրդին մատակարարելու։ «Թարգման» անունը մեր վերաբերությամբ ծաղրական և նախատական անուն է դարձել հնամոլ կղերի բերանում։ Մենք, որ ամեն ջանք գործ էինք դնում, աշխատում էինք, և այժմ աշխատում ենք, որ հայը հայոց լեզվով խոսե իր տան մեջ, որ հայոց լեզվով աղոթե աստուծո տան մեջ,– մենք, որ աշխատում էինք, և այժմ աշխատում ենք՝ ամեն ինչ հայացնել, ամեն բանի ազգային գույն տալ,– մենք, որ քո ստեղծած տառերով թարգմանեցինք բոլոր սուրբ գրքերը և այդ աստվածապարգև տառերը աշխատում էինք մտցնել հայոց կյանքի և գործածության մեջ,– մենք, որ մեր ամեն ուժերը գործ էինք դնում, որպեսզի մեր դպրոցներր, մեր եկեղեցին ազատ պահենք նենգավոր հույնի, ժանտ պարսկի և խաբեբա ասորու վնասակար ազդեցություններից,– մենք այժմ հալածվում ենք մեր աշխատությունների համար, և հալածվում ենք ովքերից,– մերայիններից...

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ, նրա ձայնը վրրդովմունքից խեղդվեցավ և նրա աչքերում փայլեց բարկության կրակը։ [ էջ ]– Նայիր, ո՛վ սուրբ հայր, նայիր հոգվո աչքերով, տե՛ս իմ ցավալի վիճակը։ Այդ ճանապարհորդական ցուպը ձեռիս, այդ պարկը ուսիս, այդ հնոտի հագուստը հագիս, մի ողորմելի մուրացկանի նման, եկել, հասել եմ այստեղ։ Մեր վանքերը, որոնց մեջ ամեն օտարական օթևան և սնունդ է գտնում,– մեր վանքերը ինձ գիշերելու անգամ մի անկյուն չէին տալիս, և շատերի մեջ ինքս չէի համարձակվում մտնել, որպեսզի չընկնեմ չարամիտների որոգայթի մեջ... Շա՜տ օրեր քաղցած եմ մնացել, շատ անգամ ստիպված եմ եղել մոտենալ բարի գյուղացիների դռանը և մի պատառ հաց խնդրել։ Թաքցրել եմ իմ ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելս... Եվ այն մարդը, որ Բյուզանդիայում Մարկիանոս կայսրին զարմացնում էր իր իմաստությամբ, և նրա հյուրասիրությունն էր վայելում,– այժմ այդ թշվառը իր հայրենիքում գլուխը ցույց տալու համարձակություն չունի...

Նրա զայրացած դեմքի վրա դարձյալ նշմարվեցան բարկության ցնցումներ, որոնց րոպեական լռությունից հետո փոխարինեց խաղաղ հեզություն։

– Իսկ այդ բոլոր հալածանքները չեն կարող վհատեցնել ինձ, չեն հուսահատվի և իմ ընկերները։ Մենք, որպես անձնազոհ զինվորներ, ուխտել ենք պատերազմել խավարի և տգիտության դեմ,– ուխտել ենք պատերազմել վաճառված կղերի դավաճանության և չարիքների դեմ, այն կղերի, որ մեր արքունի գահը կործանող և մեր հայրապետական աթոռը խորտակող պարսկի ձեռքում այժմ մի հարմար գործիք է դարձել՝ մեր աշխարհի մնացած զորությունները ոչնչացնելու համար...

Նա կրկին ծունր իջավ շիրիմի մոտ և նրա շրթունքները համբույր մատուցին սառը տապանաքարին։

– Երդվում եմ այս սուրբ շիրիմով,– բացականչեց նա,– և կրկնում եմ իմ ուխտը, որը կմնա անխախտ մինչև իմ կյանքի վերջին շունչը։ Հալածանքը, նեղությունը չեն կարող մեռցնել այն հոգին, որը դու, ո՛վ երանելի հայր, ներշնչեցիր իմ սրտի մեջ։ Ես միշտ հավատարիմ կմնամ այն մեծ գործին, որի առաքինության համար կոչվեցա։ Քո բարձր նպատակը մեր հայրենիքի փրկության մասին, կրթության և լուսավորության միջոցով, պետք է իրագործվի։ Այն հիմքը, որ հմուտ ձեռքով դրեցիր դու,– ես և իմ ընկերները կշարունակենք նրա վրա շինվածքը։ Մեր անբախտ աշխարհը կորցրեց քեզ, բայց քո հոգին և քո վսեմ միտքը կենդանի մնաց մեր սրտում։ Դու և քո հզոր գործակիցը, իրավ է, թողեցիք աշակերտների [ էջ ]մի փոքրիկ և անպաշտպան խումբ, բայց այդ աննշան խումբը յուր փոքրամասնության մեջ մեծ և զորավոր կլինի, որովհետև ներշնչված է բարձր հանրազգային գաղափարներով...

Անապատի զանգակներն սկսեցին ավելի և ավելի բարձր հնչել։ Արշալույսը շառագունել էր։ Դրսից լսելի էր լինում նոր զարթնած թռչունների ձայնը։

Օտարականը կրկին և կրկին համբուրեց գերեզմանը, և վերջին անգամ իր տխուր հայացքը ձգելով սև տապանաքարի վրա, վերցրեց իր ճանապարհորդական ցուպն ու պարկը և զգուշությամբ դուրս եկավ մատուռից։

Անապատի մեջ կատարվում էր վաղորդյան ժամերգությունը։ Աբեղաներն աղոթում էին։ Ծերունի ժամկոչը՝ միայնակ նստած եկեղեցու դռան հանդեպ և բավական գոհ իր վիճակից՝ նայում էր դեպի զանգակատան բարձրությունը, որի վրա աղավնիներն այդ ժամանակ մի առանձին բավականությամբ սեթևեթում էին միմյանց հետ։ Սպասաավորներից մեկը ավելում էր բակը։

Ժամկոչը հեռվից տեսավ օտարականին։ Ուղևորի ցուպը, մեջքին կապած պարկը և մաշված հագուստը առիթ տվին նրան մտածել, թե մի որևիցե մուրացկան պետք է լինի, որ գիշերը պատսպարվել էր անապատում։ Բայց նրա մեջ կասկած պատճառեց մի բան, թե ինչո՞ւ այդ մուրացկանն այդպես վաղ առավոտյան թողնում է անապատը, այն ևս առանց եկեղեցին մտնելու, կամ գոնե նրա դուռը համբուրելու։ Նա կանչեց իր մոտ բակը ավելող սպասավորին և հարցրեց.

– Տեսա՞ր այն մուրացկանին։

– Տեսա,– պատասխանեց սպասավորը կողքը քորելով։ – Նա դուրս եկավ սուրբ Մեսրոպի մատուռից։

– Սուրբ Մեսրոպի մատուռի՞ց,– կրկնեց ժամկոչը զարմանալով։– Այնտեղ ի՞նչ էր շինում։

– Ի՞նչ պիտի շիներ,– ասաց սպասավորը, շարունակելով կողքը քորել,– երևի մտել էր իր հին վարժապետի գերեզմանի վրա «հոգւոց» կարդալու։

– Ո՞վ էր նա։

– Չճանաչեցի՞ք։

– Հարյուրավոր մուրացկաններ են գալիս այստեղ, ո՞ր մեկին կարող ես ճանաչել։

– Նա մուրացկան չէր։

– Ապա ո՞վ էր։

– Մովսեսը։ [ էջ ]– Ի՞նչ Մովսես։

– Խորենացին։

Ժամկոչը մնաց շվարած։

– Աչքովդ տեսա՞ր, ճանաչեցիր, խոսեցի՞ր նրա հետ։

– Քնթովս խո չէի տեսնի, հեր֊օրհնած,– պատասխանեց սպասավորը, այժմ մյուս կողքը քորելով։– Հենց այս երկու աչքերովս տեսա, լավ ճանաչեցի, բայց չխոսեց ինձ հետ։ Ես նրան ճանաչում էի այն ժամանակից, երբ այսքան տղա էր։

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը մի կանգուն բարձրաթյամբ բռնեց գետնի վրա, որ ցույց տա, թե ինչ հասակի տղա էր։

Ժամկոչը ձեռքով բազմախորհուրդ կերպով շփեց իր ճակատը և հազիվ լսելի ձայնով ասաց․

– Մեր հայր֊սուրբերը նրան որոնում էին...

– Նրան հիմա ինքը սատանան չի գտնի։

– Ինչո՞ւ։

– Դու չե՞ս իմանում, որ Հոռոմստանից նոր եկած վարդապետները բոլորն էլ կախարդներ են...

Դ

 
Մի ևս յայսմհետէ բարձր ի գլուխ
պարծի Կեկրոպիա․
Ոչ է օրէն ընդ արեգական զաղօտալոյսըն
կշռել ջահ․
Ոչ մահացուի ընդ Պրոյերեսեայ գալ
'ի պայքար հռետորական
Որ զհամօրէն նուաճեաց զերկիր ի ճարտասան
բանիցն հանդէս։
Ի շանթեացն՝ յեղակարծուց սասանեցաւ
Ատտիկաստան․
Եւ ընդհանուր կռկռվաբան իմաստակաց
կոկոզ կաճառք՝
Տեղի ետուն Պրոյերեսիայ. տալ ետ
տեղի և ինքըն բախտ,
Անշըքեցան փառքն Աթենայ պածառք՝
'ի դառն 'ի յօրհասէն.
Փախերուք այսուհետև 'ի Կեկրոպիայ,
մանկունք համբակք։
Գրիգոր աստուածաբան
 

Մի բարձրահասակ մարդ, պատկառելի դեմքով, համարձակ ելումուտ էր անում Կոնստանդ կայսրի շքեղ արքունիքը։ Պալատականները [ էջ ]ամենայն ակնածությամբ ոտքի էին կանգնում նրա առջև և խորին հարգանքով ողջունում էին նրան։

Նա ոչ մեծահռչակ զորավար էր և ոչ երկրների կուսակալ։ Նա ոչ կայսրի գերիշխանության ներքո գտնվող մի թագավոր էր և ոչ իշխան։ Նրա պարզ, անշուք հագուստն անգամ չէր ցույց տալիս, որ նա աշխարհի աստիճաններով օժտված մեկը լիներ։ Երբեմն տեսնում էին նրան բոբիկ ոտներով պալատը մտնելիս. երբեմն նա գլխարկ չուներ, և երկայն ծամերը կապված էին լինում հասարակ վարասակալով։ Բայց դարձյալ ամեն գլուխ խոնարհվում էր նրա առջև։

Այսպես անփույթ կերպով, այսպես աշխարհի կարգերը արհամարհելով, մուտք ունեն հզորների պալատը երկու տեսակ անձնավորություններ միայն՝ մարգարեն և փիլիսոփան։ Այդ մարդը փիլիսոփա էր և հռետոր։

Կայսերական սեղանի ամենապատվավոր տեղում նա բազմոց ուներ։ Այն սեղանը, որի շուրջը երկրների թագավորները ոտքի վրա սպասավորություն էին անում,– այն սեղանը իրան մեծ պատիվ էր համարում այդ մարդու ներկայությունը։ Բայց այն ճոխ սեղանը, որ լի էր աշխարհի ամենահազվագյուտ բարիքներով, որի վրա ոսկյա և արծաթյա ամանների մեջ դրած էին երկրների ամենաթանկագին ըմպելիները,– այդ սեղանը չէր գրավում նրա ախորժակը։ Նրա խմածը պարզ ջուր էր, իսկ կերածը ցամաք հաց թարմ պտուղներով։

Այդ մարդը Հռովմի մեջ հյուր էր։ Նա կայսրի պալատը կենդանացնում էր իր իմաստուն պերճախոսությամբ, իսկ քաղաքների թագուհուն միտք և հոգի էր տալիս իր հռետորական ճառերով։ Ամեն ոք խորին հրճվանքով սքանչանում էր, որ Կիկերոնը կրկին հարություն է առել. ամեն ոք, սկսյալ ծերակույտի ատենակալից մինչև վերջին քաղաքացին, շտապում էր նրա դասախոսությունները լսելու։

Ամբողջ վեց ամիս նա մտավոր և հոգեկան սնունդ էր բաշխում Հռոմին, և երբ պետք է մեկներ այնտեղից, քաղաքը վճռեց հավերժացնել նրա հիշատակը պատվի արձանով։

Քաղաքի ավելի ակնհայտնի հրապարակներից մեկի վրա կանգնեցրած էր պղնձյա արձանը, որ հռետորի հասակի չափը և նմանությունն ուներ։ Բացման հանդեսը կատարվեցավ ամենփառավոր կերպով, որպիսին ընդունակ է կատարել Հռովմի տոնասեր [ էջ ]ճաշակը. երբ բարձրացրին արձանը ծածկող քողը, նրա պատվանդանի վրա կարդացվեցավ հետևյալ մակագրությունը։

«Թագուհին Հռովմ թագաւորի բանին»։

Միևնույն օրերում, երբ կայսրի պալատի բոլոր դռները բաց էին հռետորի առջև, երբ նա համարձակ ելումուտ էր անում այնտեղ որպես մի հարգելի հյուր,– նույն պալատի դռան առջևի հրապարակի վրա, համարյա ամեն օր, դեգերում էին երկու արևելցիք։ Նրանց հագուստից, զենքերից և այլ նշաններից երևում էր, որ այդ օտարականները հասարակ մարդիկ չէին, այլ, կամ փոքրիկ թագավորներ էին, կամ երկրների տիրապետող իշխաններ։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր հետ մի խումբ թիկնապահներ և սպասավորներ, յուրաքանչյուրը կրում էր կարմիր կոշիկներ և կարմիր գույնով վարտիք, որ նշան էին նախարարի։ Մի շաբաթից ավելի կլիներ, որ այդ օտարականները երևում էին պալատի դռան առջև, բայց դեռ մուտք չէին գործել արքունիքը և չէին ներկայացել կայսրին, թեև հատկապես այդ նպատակով եկած էին։ Նրանք մի քանի անգամ միայն տեսնվել էին Փոքր Ասիայի կուսակալի հետ, որը միշտ հուսադրում էր, թե օր կորոշե նրանց ներկայացնելու կայսրին։ Բայց օրերը անցնում էին և նրանց խնդիրքը մնում էր անկատար։ Երբ օտարականները շատ թախանձում էին, մի անգամ կուսակալը հեգնությամբ ասաց նրանց՝ «Կայսրի դռանը թագավորներին անգամ ամիսներով և տարիներով սպասել են տալիս, բայց դուք՝ հայերդ, երևի շատ անհամբեր եք...։

Համարյա միևնույն օրերում, երբ հռետորը ստացավ այն մեծ պատիվը, երբ վերջացած էր արձանի բացման հանդեսը և երբ նա պատրաստվում էր թողնել Հռովմը,– այդ ժամանակ երկու օտարական իշխանները ներկայացան նրան։ Առանց հայտնելու, թե իրանք ովքեր են և ինչ նպատակով են եկել, տվեցին նրան մի նամակ, որ գրել էր հայոց կաթողիկոս սուրբ Վրթանեսը։ Հայրապետական պատշաճավոր օրհնություններից և բարեմաղթություններից հետո նամակը սկսվում էր հետևյալ խոսքերով։

«Մե՜ծ փառք և պարծանք է հայոց ազգի և Հայաստանի համար, որ իր հարազատ զավակներից մեկը իր իմաստությամբ զարմացնում է ամբողջ արևելքն ու արևմուտքը, իսկ իր հանճարով բարձր պատիվ է վայելում Հռովմի օգոստափառ կայսրի պալատում։ Այսպիսի պատվի չէ արժանացել և ոչ մի աշխարհակալ, որ Հռովմեական Կայսրության սահմանները տարածեցին դեպի Ասիայի և Աֆրիկայի խորքերը։ [ էջ ]Ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի մեր Տրդատ հզոր արքայի բարեկամական հարաբերությունները Հռովմի այժմյան կայսրի հոր՝ Կոստանդիանոս մեծի հետ։ Ձեզ հայտնի պետք է լինի և «Դաշանց թուղթը», որ գրվեցավ և կնքվեցավ այդ երկու ինքնակալների մեջ, իբրև պայման փոխադարձ սիրո և օգնականության, որը պետք է մնար անխախտ սերունդից սերունդ։ Այդ դաշնադրութրւնը պահպանվեցավ Տրդատի ամբողջ կենդանության ժամանակ և Հայաստանը մի ամուր պատնեշ դարձավ պարսիկների դեմ, թույլ չտալով նրանց հարձակվել Հռովմեական Կայսրության սահմանների վրա։

Տրդատը ահարկու սուր էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, և իր թագավորության բոլոր ժամանակը սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը և նրանց Շապուհ թագավորին։ Նա մեռավ և մեր աշխարհը անմխիթար սուգի մեջ թողեց։

Հայաստանը այժմ ալեկոծվում է անիշխանության մեջ։ Նախարարների մեջ տիրում է երկպառակություն և ներքին պատերազմ։ Սանատրուկը ինքնագլուխ թագավոր է դարձել Փայտակարանում։ Նախարարներից ոմանք, նրա օրինակին հետևելով, յուրաքանչյուրը ձգտում է իր իշխանության թագավորը լինել։ Աղձնյաց Բակուր բդեշխը ապստամբված է հայոց նախարարների միաբանությունից և նույն նպատակին է հետևում։ Թշնամին օգուտ քաղելով ներքին խռովությունից, ամեն կողմից նեղում է մեզ։ Շապուհը, հին վրեժխնդրության ծարավը հագեցնելու համար, կատաղի գազանի նման, մեր երկիրը ավերակ է դարձնում։ Հայաստանի գահը թափուր է մնացած իր հարազատ արքայից։ Մի մեծ, մի գլխավոր չկա, որ ի մի հավաքե բոլոր անջատված ուժերը և ընդհանուր զորությամբ դեմ դնե թշնամուն։ Հայաստանը քայքայման վիճակի մեջ է։ Ձեր մի խոսքը բավական է մեր աշխարհը օրհասական վտանգից ազատելու համար։ Ի սեր ազգի, ի սեր հայրենիքի, բարեխոսեցեք կայսրի մոտ, հիշեցրեք նրան մեր հին դաշնադրությունը, և նրա օգնությունը խնդրեցեք՝ Տրդատի որդի Խոսրովին հոր տեղը թագավոր դնելու։ Դրանով դուք կատարած կլինեք ձեր սուրբ պարտավորությունը դեպի ձեր անբախտ հայրենիքը և դեպի այն ազգը, որ պարծենում է ձեզանով և իրան մեծ պատիվ է համարում ձեզ իր որդի կոչելու։

Բացի այդ նամակից, առանձին թուղթ գրվեցավ մեր և նախարարների կողմից կայսրին մատուցանելու համար, և արքայավայել ընծաներով ուղարկվեցավ տեղդ՝ Ծոփաց Մար իշխանի և [ էջ ]Հաշտենից Գագ իշխանի ձեռքով։ Այդ իշխանները բերանացի կպատմեն ձեզ, ինչ որ պակաս ենք թողել մեր նամակի մեջ»։

Ոչ մի ջիղ ոչ մի մկնակ չշարժվեցավ հռետորի սառն դեմքի վրա այդ ողբալի նամակի ընթերցանության ժամանակ։ Նա մի կողմ դրեց նամակը և մտածության մեջ ընկավ, որպես մի մարդ, որ գտնվում է անել դրության մեջ։

– Դուք դեռ չե՞ք ներկայացել կայսրին,– հարցրեց նա, դառնալով դեպի երկու իշխանները։

– Ոչ, չնայելով որ այդ մասին բազմիցս խնդրած ենք պալատականներից,– պատասխանեցին նրանք։

– Իսկ կայսրին հայտնի՞ է ձեր գալուստը։

– Հարկավ պետք է հայտնի լինի. մենք դատարկաձեռն չէինք եկած, մենք բերել էինք մեզ հետ արքայավայել ընծաներ. մեր ընծաները ցույց են տվել կայսրին։ Այդ մասին ձեզ ևս գրել է մեր Վրթանես հայրապետը։

– Այո՛, գրել է... Իսկ այժմ ինչո՞ւմն է դժվարությունը։

– Իսկապես ոչինչում,– պատասխանեց Հաշտենից իշխանը։– Ի՞նչ դժվարություն պիտի կրենք, երբ մենք ունենք կայսրի պալատում մի ձեզ պես հարգված անձն։ Բավական է ձեր մի խոսքը և կայսրը կկատարե մեր խնդիրքը։ Այժմ ձեզանից է կախված մեր պատգամավորության հաջողությունը։

– Ինձանի՞ց...– հարցրեց հռետորը շփոթվելով։– Բայց ես չգիտեմ, թե ո՛րքան հարմար կլինի իմ միջամտությունը...

Երկու իշխանները մնացին զարմացած. նրանք այսպիսի պատասխանի չէին սպասում։

– Ինչո՞ւմն է ձեր տարակուսանքը,– հարցրեց Ծոփաց իշխանը։

– Նրանում, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ բոլորովին հայտնի չէ, թե կայսրը ի՞նչ հայացք կամ նպատակներ ունի Հայաստանի թագավորության մասին։

Ծոփաց իշխանը, որ ավելի դյուրագրգիռ էր, քան թե իր ընկերը, բավական զայրացած կերպով ասաց. [ էջ ]– Կայսրի նպատակները կարող են լինել՝ կամ ի նպաստ, կամ աննպաստ Հայաստանին. այսինքն նա կամ կցանկանա, որ Հայաստանի թագավորությունը պահպանվի, կամ կցանկանա, որ ոչնչանա և Հայաստանը Հռովմեական Կայսրության մի նահանգ դառնա։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե կայսրի նպատակը այդ վերջինը լիներ։

– Ես կթողնեի նրա կամքին։

– Իսկ եթե կայսրը ցանկանո՞ւմ է, որ պահպանվի Հայաստանը։

– Այն ժամանակ ես կմիջամտեի։

– Որքան գովելի է ձեր անկեղծ խոստովանությունը,– մեջ մտավ Հաշտենից իշխանը,– այնքան էլ պախարակելի է ձեր հաճոյամոլությունը կայսրին։ Եթե այսպես խոսեր մի հռովմայեցի, ես կգովեի նրա հայրենասիրությունը։ Եթե հռովմայեցին ասեր ինձ. ես կնայեմ իմ կայսրի ցանկությանը, եթե նա կամենում է, որ Հայաստանը միանա Կայսրության հետ, այն ժամանակ ես էլ նույնը կցանկանամ։ Իսկ եթե կայսրը ցանկանում է, որ Հայաստանը պահպանվի, ես էլ կցանկանամ, որ պահպանվի։ Հռովմայեցու մի այսպիսի դատողությունը ինձ չէր բարկացնի։ Բայց երբ այսպես խոսում է մի հայ, նա կորցնում է իմ աչքում իր բոլոր նշանակությունը, որքան էլ բարձր լիներ նա։

Հռետորը ամենևին չվիրավորվեցավ այդ կծու խոսքերից. նա չափազանց ներողամիտ մարդ էր։ Նրա սառն դեմքի վրա, կարծես կարդացվում էին այդ խոսքերը. «իզուր եք բարկանում, իշխան, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ դժբախտություն եմ ունեցել հայ ծնվելու»... Բայց այդ խոսքերը չասաց նա, այլ խիստ մեղմությունով պատասխանեց.

– Դուք բոլորովին սխալ հասկացաք իմ ասածը, իշխան, ես ավելի մեծ վստահությունով կբարեխոսեի կայսրի մոտ Հայաստանի համար, եթե հռովմայեցի լինեի։ Բայց իմ հայությունը իմ լեզուն կաշկանդում է։ Ես չեմ ցանկանում նրան դժվարին դրության մեջ դնել, թեև ես հաստատ գիտեմ, ինչ որ խնդրելու լինեմ, նա չի մերժի։ Բայց ես սովորություն չեմ ունեցել խնդրել նրանից այն բանը, որ ամենափոքր դժկամություն կարող էր պատճառել նրան։ Ես ինձ թույլ չեմ տա դեպի չարը գործ դնել կայսրի իմ վերաբերությամբ ունեցած հավատն ու սերը։

– Այդ իրավացի կլիներ, եթե հարցը ձեր անձին կամ ձեր մասնավոր շահերին վերաբերեր, բայց այստեղ հարցը վերաբերում [ էջ ]է ձեր հայրենիքի մահվան և կյանքի խնդրին,– նկատեց Հաշտենից իշխանը։

– Հենց այդ է, որ ինձ դժվարության մեջ է դնում,– պատասխանեց հռետորը մի առանձին բավականությամբ, որպես թե, վիճաբանության խնդիրը արդեն լուծվեցավ։– Իմ հայրենիքը ավելի մոտ է իմ անձին, քան թե մի օտար երկիր. իմ շահերը ավելի կապված են իմ հայրենիքի հետ, քան թե մի օտար երկրի հետ. այստեղից այն պարզ եզրակացությանը կհասնենք, որ խնդրելով իմ հայրենիքի համար, միևնույն է, որ ես կխնդրեի իմ անձի համար։ Բայց ես իմ անձնական շահերի համար խնդրելու սովորություն չունեմ։ Ավելի մեծ հոժարությամբ կմիջամտեի ես, եթե Հայաստանը մի օտար երկիր լիներ։

Երկու իշխաններն ևս զայրացած կերպով ոտքի ելան։

– Մեր խոսակցությունը վերջացած է,– ասացին նրանք։ – Այժմ ամեն ինչ մեզ համար պարզ է։ Դուք վերին աստիճանի եսական եք, Պարույր։ Դուք չեք ցանկանում ձեր անձասիրությունը զոհել հայրենիքի փրկության համար։ Դուք վախենում եք կայսրի աչքում հայրենասեր երևալ, որովհետև այդ կարող էր կասկածանքի ենթարկել ձեր անձը։ Բայց իմացած եղեք, Պարույր, եթե ինքը կայսրը հռովմայեցու սիրտ ունի, նա կհարգե հայրենասիրությունը ամեն մի անհատի մեջ։ Նա վա՜տ, ցա՜ծ և փոքրոգի՜ կհամարի այն մարդուն, որ դեպի իր հայրենիքի դժբախտությունը սառնասիրտ է մնում...

Երկու իշխանները հեռացան։

Հռետորի դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպիտ, նման այն ժպիտներին, որ երևում է չափահաս, զարգացած մարդկանց դեմքի վրա, երբ լսում են մի երեխայի դատողությունները։

«Պարզամի՜տ մարդիկ,– ասաց նա իշխանների հեռանալուց հետո,– ամեն մի բռնակալ հայրենասիրությունը ներելի է համարում միայն իր և իր համացեղ հպատակների համար, իսկ դեպի օտարի հայրենասիրությունը անհամբեր է լինում»...

Մյուս օրը հռետորը պետք է թողներ Հռովմը։ Նա պատրաստվեցավ ներկայանալ կայսրին և իր վերջին հրաժարական ողջույնը մատուցանել։ Մի խումբ պալատական աստիճանավորներ նրան առաջնորդում էին դեպի արքունիքը։ Կայսրը ընդունեց նրան խորին խնդակցությամբ, և միևնույն ժամանակ իր ափսոսանքը արտահայտելով, որ զրկվում է իր սիրելի հյուրի ախորժելի հասարակությունից։ [ էջ ]– Շնորհակալ եմ քեզանից, Պրոերեսիոս,– ասաց աշխարհի վեհապետը, ձեռք տալով նրան,– քո ներկայությամբ իմ պալատում՝ դու քաղցրացրիր իմ բազմահոգ ժամերը, իսկ քո իմաստությամբ իմ քաղաքում՝ դու բարձրացրիր ճարտասանական ամբիոնը։ Քաղաքը կատարեց իր շնորհակալության պարտքը և քո անունով արձան կանգնեցրեց։ Մնում եմ ես։ Խնդրի՛ր ինձանից, ինչ որ քո ցանկությունն է։ Ես պատրաստ եմ կատարել։

Խիստ բարեպատեհ առիթ ուներ Պարույրը, կայսրի այդ առաջարկությունից հետո, բարեխոսել իր հայրենիքի մասին, և խնդրել այն, ինչ որ նրանից պահանջում էին։ Նա հիշեց այդ, բայց տատանվեցավ անվճռականության մեջ...

– Պրոերեսիոսը այդ անշուք վերարկուն հագել է, որ խնդրելու ոչինչ չունենա այս աշխարհում,– պատասխանեց հպարտ իմաստասերը։

Երբ կայսրը երկար թախանձեց նրան, նա ասաց․

– Աթենքը, այդ իմաստության քաղաքը, պարգևեց ինձ մտավոր սնունդ։ Բոլորը, ինչ որ ունեմ ես, այդ քաղաքին եմ պարտական։ Ես կցանկանայի դյուրացնել աթենացոց մարմնական սնունդը։

Հետո նկարագրեց նա քաղաքի մեջ տիրող աղքատությունը, ուտեստների թանկությունը, որը ավելի ծանրանում է մաքսերի չափազանցությամբ, և վերջապես, խնդրեց, որ քաղաքը մտնող բոլոր ուտեստները, թե ալյուր, թե ցորյան և թե այլ պաշարեղեններ, բոլորը ազատ լինեն մաքսից։

Երիտասարդական հասակում, Աթենքի ամենաաղքատ թաղերից մեկում բնակված լինելով, հռետորի մեջ խիստ տխուր հիշողություններ էին մնացել քաղաքացիների թշվառության մասին։

– Ձեր խնդիրքը շատ համեստ է, բայց առաքինական է,– ասաց կայսրը։– Թող լինի այդպես, որպես ցանկանում եք։

Աթենքի Անատոլիոս եպարքոսին հրաման գրվեցավ, որ վերացնեն մաքսերը։

Հռետորը թողեց Հռովմը և ուղևորվեցավ դեպի Աթենք։ Հասնելով այնտեղ, կատարեց հռովմայեցիների խնդիրքը և իր աշակերտներից մեկին, Եվսեպիոս աղեքսանդրացուն, ուղարկեց Հռովմ, որ իր փոխարեն իմաստասիրական և ճարտասանական դասեր կարդա։

Հայոց երկու իշխանները հասան նույնպես իրանց նպատակին։ [ էջ ]Թեև Պարույրը զլացավ նրանց մի խոսքով անգամ օգնել, և ավելի բարվոք համարեց Աթենքի աղքատների հացի համար հոգ տանել, քան թե ամբողջ Հայաստանը ազատել կործանումից,– բայց հայոց մեծահոգի իշխանները, արհամարհելով հայրենիքի խորթացած որդու օտարամոլությունը, իրանք անձամբ դիմեցին կայսրին, և մատուցանելով սուրբ Վրթանես հայրապետի ու նախարարների թուղթը, սիրալիր ընդունելություն գտան։ Կայսրը կատարեց նրանց խնդիրքը, և Անտիոքոս զորապետին զորքով ուղարկեց Հայաստան, որը գալով՝ խաղաղությունը վերականգնեց, և Տրդատի որդի Խոսրովը իր հոր տեղը հայոց գահը բարձրացավ։

Պարույրի կատարած բարեխոսությունը, մաքսերի բարձման վերաբերությամբ, ավելի բարձրացրեց նրա հարգը աթենացոց աչքում։ Մեծ շնորհակալությամբ ընդունեցին նրան և կրկին հանձնեցին նրա բաց թողած ճարտասանական ամբիոնը։ Այդ ամբիոնը սիրում էր նա, ավելի քան մի կայսր, որ սիրում է իր գահը։ Այդ ամբիոնից իշխում էր նա մտքերի, սրտերի և հոգիների վրա։ Այդ ամբիոնին նվիրված էր նա իր հոգու բոլոր զգացմունքներով։ Եվ չպետք է զարմանալ և ոչ մեղադրել նրան, որ նա դեպի իր հայրենիքը և դեպի նրա հոգսերը անտարբեր էր։ Նա գիտության և իմաստության սիրահար էր։ Այդ սերը մոռանալ էր տվել նրան ուրիշ բոլոր սերերը։

Աթենքի ճարտասանական ամբիոնը կառավարեց նա մինչև Հուլիանոսի ինքնակալ ընտրվելու օրերը։ Այդ քրիստոնեությունը հալածող և հեթանոսական իմաստակներին հովանավորող կայսրը, որը բոլոր դպրոցներից հեռացրեց քրիստոնյա իմաստասերներին և նրանց փոխարեն հեթանոսներ նշանակեց,– այդ ուրացողը Պարույրին չդիպավ, նրան թողեց իր տեղում։ Հուլիանոսը, որ իրան ևս մեծ իմաստասեր էր համարում, բայց դարձյալ Պարույրի գիտության ու հանճարի մասին խորին ակնածություն ուներ։ Նա անձամբ ծանոթ էր հռետորի հետ, նրա հետ թղթակցում էր, և իր նամակներից մեկի մեջ կոչում էր նրան. «Պերիկլեսի համանման, հորդառատ և անարգել գետ պերճախոսության»։

Հուլիանոսը մի առանձին ակնկալություն ևս ուներ հռետորից․ նա ցանկանում էր, որ Պարույրը գրե նրա զինվորական գործողությունների պատմությունը։ Նա փափագում էր՝ երևելի հռետորի ճարտար գրչով անմահացնել իր անունը։ Բայց ազնիվ հռետորը, որ բնավ շողոքորթության սովորած չէր, մերժեց նրա խնդիրքը ասելով, «իմ ձեռքը չի գրի Քրիստոսի վարդապետությունը [ էջ ]հալածող մի կայսրի պատմությունը»։ Այդ մերժումից հետո, հռետորը իր հոժարությամբ թողեց Աթենքի ճարտասանական ամբիոնը, չկամենալով իր դիրքով պարտավորված մնալ կայսրին։

Նրա բազմաթիվ աշակերտների թվում նշանավոր եղան՝ մեծն Բարսեղ, Կեսարիայի պատրիարքական աթոռի պարծանքը և սուրբ Գրիգոր աստվածաբանը, որ իր ստվար աշխատություններով հայտնի է հունական մատենագրության մեջ։ Այդ վերջինի գրչին է պատկանում այն բանաստեղծությունը, որ դրած է այդ գլխի ճակատին։ Նրա աշակերտներից մեկն էր նաև երիտասարդ Եվնաբիոսը, որ գրեց իր սիրելի վարժապետի կենսագրությունը։

Իբրև մարդ, Պարույրը կյանքի քնքուշ կողմերից ևս զուրկ չմնաց։ Փոքր Ասիայի Տրալլի քաղաքում գտնված ժամանակ, սիրահարվեցավ Ամֆիկլեա անունով մի հույն օրիորդի վրա, որի հետ և ամուսնացավ նա։ Այդ ամուսնությունից ունեցավ երկու դուստր, որոնց հույն փեսաների տալուց հետո, իր ազատությունը ընտանեկան կյանքով չկաշկանդելու համար, սկսեց կնոջից բաժանված ապրել։

Պարույրը խորին ծերության հասավ, նա մեռավ 95 տարեկան հասակում։ Առաքինությունը, անարատությունը նրա պատվավոր կյանքի հատկանիշներն էին։ Իսկ տոկուն և եռանդոտ աշխատությունը նրա անվաստակելի հոգու մեծ զորությունն էր։ Հունաց գրքերի մեջ նա փառավոր անուն թողեց։ Աթենքը պարծենում էր նրանով, իսկ Հռովմը նրա պատվի համար արձան կանգնացրեց։ Իսկ այդ մեծ հռետորը հայ մարդու սրտում մի փոքրիկ տեղ անգամ չգտավ։ Մեր մատենագիրներից ոչ ոք չէ խոսում նրա մասին։ Նա ապրեց, գործեց գիտության և իմաստության համար, բայց իր հայրենիքի համար կորած մարդ էր...

Նա, իրավ է, փառավոր տեղ բռնեց այն մեծ մարդկանց անունների շարքում, որոնց ստեղծել է հունաց պատմությունը, բայց անունների այդ երկայն շարքի մեջ նրա փայլը, միախառնվելով մյուս շատերի լույսի հետ, անհետացավ... Բայց եթե իր հայրենիքում գործեր, նա առաջինը կլիներ, նա եզականը կլիներ, և նրա հիշատակը հավիտյան չէր մոռացվի...

[ էջ ]


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации