Текст книги "Պարույր Հայկազն"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 3 (всего у книги 3 страниц)
Ե
Երանելի փիլիսոփան Մովսէս (Խորենացի), որ արդարև մինչդեռ էր ի մարմնի՝ ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից․ ո՛չ ապաքէն ի տեղւոջէ ի տեղի աբեղեանդ հայոց հալածական արարին։ Ո՛չ զլուսաւորիչն և զտգիտահալած զգրեանն նորա առ անգիաութեան «փաթաղիկէս» կոչէին. և այլ բազում ինչ իրօք թշնամանեալ յետոյ՝ ապա յաղագս այլոց ամօթոյ՝ զխաբէական զեպիսկոպոսութիւնս նման դեղոց մահու արբուցեալ Սրբոյն՝ հեղձուցին... Զոսկերսն (Խորենացւոյ) ի գերեզմանէն հանել տային (աբեղեանն հայոց) և գետ արկանել․ զհրեշտականման այրն զտէր նոյն՝ անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք և այժմ դեռ ևս անյագութեամբ գինով ընդ մեռելոյն կագին։
Ղազար Փարպեցի
Աշնան փոթորկալից գիշերներից մեկն էր։ Կատաղի քամին մռնչելով պտտվում էր շինականների գետնափոր խրճիթների վրա և ցրիվ էր տալիս խոտի դեզերը, որ կիտած էին կտուրների վրա։ Երկինքը ամպամած էր, խավարը տիրում էր ամեն տեղ։ Բացի քամու աղմուկից, ուրիշ ձայն չէր լսվում։ Շներն անգամ այն գիշեր փախել, մտել էին իրանց ծակերը, և մի առանձին երկչոտությամբ սպասում էին, կարծես, աշխարհի կատարածին։
Դա Տարոն գավառի Խորնի գյուղն էր, որի փոքրիկ խրճիթներից մեկում յուղային ճրագը դեռ մարած չէր։ Այդ գետնափոր, ստորերկրյա բնակարանի խորշերից մեկում նստած էր մի ծերունի։ Քամին երբեմն ուժեղ հոսանքով ներս էր փչում երդիքից, և ճրագի լույսը ծածանվելով, տալիս էր ծերունու ալեզարդ դեմքին խորհրդավոր կերպարանք։ Նա միայնակ էր։ Նրա շուրջը, նույն կոշտ օթոցի վրա, ուր նստած էր նա, անկանոն կերպով դրած էին զանազան հին գրքեր հունարեն, պարսկերեն և ասորերեն լեզվով։ Նա այն աստիճան խորասուզված էր այդ հին մագաղաթների մեջ, որ ամենևին չէր նկատում, թե ի՛նչ էր կատարվում դրսում։ Դրանք էին նրա մտերիմ ընկերները, դրանք էին նրա հավատարիմ խորհրդակիցները, սկսյալ այն օրից, երբ նա ամեն տեղից հալածված, այդ ողորմելի խրճիթում վարում էր տխուր, առանձնական կյանք։ [ էջ ]Խրճիթը ավելի գերեզմանի էր նման, քան թե կենդանի մարդու բնակարանի։ Դա բնակության այն նախնական ձևն էր, երբ մարդիկ իրանց կենցաղավարության եղանակներով շատ չէին տարբերվում վայրենի գազաններից։ Դա կատարյալ որջ էր։ Ցերեկով անգամ մի բան պարզ տեսնելու համար հարկավոր էր այնտեղ ճրագ վառել։ Բորբոսային անշարժ օդը խեղդելու չափ ծանր էր։ Պատերը նույնպես ծածկված էին բորբոսային կանաչությամբ։ Խոնավությունը տիրում էր ամեն տեղ։ Որ կողմ և շոշափում էիր, փուլ էր գալիս, հող էր թափվում։ Քարերն անգամ փթել, հողմահարվել էին մշտապես տիրող խոնավությունից։ Իսկ ծերունի աշխատավորը ապրում էր այդ մռայլ գերեզմանի մեջ,– ապրում էր, պատերազմելով իր սպանիչ մթնոլորտի լուծանող, քայքայող և ջլատող ազդեցության հետ։
Այդ մթին գերեզմանի մեջ երջանիկ էր նա։ Երջանիկ էր իր դառն անբախտության մեջ։ Այստեղ նրան չէին խանգարում. այստեղ նա մոռացված էր թե աշխարհից և թե իր բազմաթիվ թշնամիներից։ Այդքանն էլ բավական էր նրան, որ գոնե ժամանակ էր գտնում իրագործելու այն բարձր նպատակը, որի մեծության առջև անզգալի էին դարձել կյանքի բոլոր վշտերը, որը ձգել էր նրան այդ սոսկալի անձնուրացության մեջ։ Աղքատությունը, անոթությունը և տառապանքը անբաժան էին նրանից,– անբաժան էին և այն մագաղաթները, որոնցով շրջապատել էր իրան, որոնց մեջ գտնում էր իր սրտի միակ մխիթարությունը։
Ծերունին Մովսես Խորենացին էր։ Այդ խրճիթի տառապանքների մեջ գրեց նա իր հրաշալի պատմությունը, որպես Իսրայելի Մովսեսը, առանձնացած Սինայան լեռան կայծակների և որոտման մեջ, քարյա տախտակների վրա գծում էր աստվածային պատգամները։
Դրսում փոթորիկը չէր դադարել։ Ծերունին դեռ շարունակում էր պարապել։ Այդ միջոցին լսելի եղավ խրճիթի դռան մելամաղձային ճռոցը։ Ուշիկ քայլերով ներս մտավ մի մանկահասակ աղջիկ։ Տեսնելով ծերունու զբաղմունքը, նա կամենում էր նույնպես աննկատելի կերպով դուրս գալ, որպես մտել էր։ Բայց ծերունին գլուխը վեր բարձրացրեց և, նայելով նրա վրա, ասաց.
– Ի՞նչ կա, Շուշանիկ։
– Եկա քնելու տեղդ շտկելու, հայրիկ։
– Ես դեռ պիտի նստեմ, դու գնա քնի՛ր, զավակս։
Շուշանիկը ծերունու այրի մնացած քրոջ դուստրն էր։ Նույն [ էջ ]խրճթի մեջն էր բնակվում նրա մայրը, որ բաժանում էր իր եղբոր դառն աղքատությունը։ Մայրը վրաններ և կապերտներ էր գործում և իր ձեռքի վաստակով պահում էր եղբորը։ Իսկ աղջիկը սպասավորում էր նրան։
Չնայելով, որ ծերունին իրավունք տվեց նրան չսպասել իրան, այլ գնալ և հանգստանալ, բայց Շուշանիկը դարձյալ սկսեց պատրաստել նրա անշուք անկողինը։ Նույն կոշտ մազե օթոցի մի կողմում, որի վրա նստած էր ծերունին, դրեց նրա բարձը, լեցրած չոր խոտով, և նույնպես կոշտ մազից գործված վերմակը տարածելուց հետո, իր ամենօրյա սովորության համեմատ, մի առանձին քնքշությամբ մոտեցավ մորեղբորը բարի գիշեր ասելու։ Ծերունին գրկեց նրան և օրհնելով համբուրեց։ Ընտանեկան սերը դեռ չէր հանգել նրա խորտակված սրտում։ Այդ նազելի աղջիկը նույնքան սիրելի էր նրան, որքան նրա բարեսիրտ մայրը։
Այդ միջոցին խրճթի դուռը դրսից սկսեցին սաստիկ բախել։
– Երևի, քամին է,– ասաց ծերունին։
– Ոչ, քամին չէ,– պատասխանեց Շուշանիկը, և դուրս վազեց տեսնելու, թե ով է այդ տարաժամ հյուրը։
Մի քանի րոպեից հետո Շուշանիկը ուրախությամբ ներս մտավ, ասելով.
– Հուսիկն է, հայրիկ։
– Հուսի՞կը,– զարմացած կերպով կրկնեց ծերունին։– Ի՞նչ կա, ինչո՞ւ է եկել։
– Նա թրջված է. դրսում անձրև է գալիս, մտավ մորս մոտ հագուստը ցամաքացնելու, շուտով ձեզ մոտ կգա,– պատասխանեց Շուշանիկը առանց ծերունու հարցերի վրա ուշադրություն դարձնելու։
Հուսիկը մի երիտասարդ աբեղա էր, սուրբ Կարապետի վանքի միաբան, և մանկությունից աշակերտած լինելով ծերունու մոտ, այնքան սիրում էր իր վարժապետին, որպես իր հարազատ հորը։ Նրա գալուստը թեև անչափ ուրախություն պատճառեց ծերունուն, բայց մյուս կողմից, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ, թե ի՞նչ էր նշանակում այդ անակնկալ հայտնվելը, այն ևս մի այնպիսի փոթորկային և վտանգավոր ժամանակում։
Նրա մտատանջությունը ավելի սաստկացավ, երբ երիտասարդ աբեղան մտավ նրա մոտ աշխարհականի հագուստով։
– Այդ ի՞նչ է նշանակում,– բացականչեց ծերունին զարհուրելով,– ինչո՞ւ ես կերպարանափոխ եղել, այլևս ո՞ր դժբախտ [ էջ ]պատահարը քեզ այստեղ բերեց, գիշերվա այդ ժամուն, եղանակի այդ խստության ժամանակ։
– Հանգստացեք, հայրիկ,– պատասխանեց երիտասարդ աբեղան մոտենալով և նրա օրհնությունն առնելով,– չար ոչինչ չէ պատահել, ես իսկույն բոլորը կպատմեմ ձեզ։
Նա նստեց ծերունուց փոքր֊ինչ հեռու։ Նրա խոսքերից երևաց, թե հիվանդ եղբայր ունի մերձակա գյուղում, վանահորից թույլտվություն խնդրելով, եկած էր եղբորը տեսնելու, և այդ դեպքից օգուտ քաղելով, մտածեց այցելել իր վարժապետին։ Իսկ գիշերով գալու և հագուստ փոխելու պատճառը այն է, որ իրան, վարժապետին հայտնի պետք է լինի, որ նրա մոտ մտնողների վրա մյուս հոգևորականները կասկածանքով են նայում։
Նրա պատմության առաջին մասը բոլորովին շինծու էր. նա ոչ հիվանդ եղբայր ուներ և ոչ գնացել էր նրան տեսնելու։ Նա ուղիղ եկած էր ծերունու մոտ, բայց թե ի՞նչ նպատակով,– այդ մասին զգուշությամբ լռեց, չկամենալով միանգամից հարվածել նրա առանց դրան էլ խորտակված սիրտը։
Ծերունին փոքր֊ինչ հանգստացավ։
– Այո՛, ինձ հայտնի է,– ասաց նա մի առանձին դառնությամբ,– որ ինձ մոտ մտնողների վրա կասկածանքով են նայում հայոց աբեղաները, աղանդավոր են համարում... Պատմեցեք,– խոսքը փոխեց նա – ի՞նչ նորություններ կան ձեր վանքում։
Երիտասարդը սկսեց պատմել զանազան վանական ինտրիգների մասին, աբեղաների ծուլության և զոշաքաղության մասին։ Ծերունին անհետաքրքրությամբ լսում էր, որպես մի սովորական բան, և գլուխը քարշ ձգած, առանց երիտասարդի երեսին նայելու, իր շուրջը ընկած գրքերը խնամքով վեր էր առնում և մի կողմ էր դնում։ Բոլորը հավաքեց նա, բայց նրանցից մեկը, որ ինքն էր գրել, պահեց իր ձեռքում։ Երիտասարդին ծանոթ էր այդ գիրքը, նա հետաքրքրությամբ հարցրեց.
– Դեռ չե՞ք ավարտել, հայրիկ։
– Պատմությունը ավարտել եմ. այսօր գրեցի իմ ողբը. դա կլինի իմ աշխատության վերջաբանը։
– Մինչև որտե՞ղ հասցրիք պատմությունը։
– Մինչև Արշակունյաց թագավորության և մեր Լուսավորիչ հոր տոհմի Հայրապետական Աթոռի անկումը։ Ավելի հեռու գնալ չէի կարող, որ նկարագրեի մեր այժմյան կղերի ամոթալի գործերը։ [ էջ ]Դուք գիտեք, որ առանց դրան ևս, նրանք ո՞րքան կատաղած են իմ դեմ։
Երիտասարդը առեց ծերունու ձեռքից գիրքը, սկսեց թերթել, միայն գլուխների վերնագրերը կարդալով։
– Այսքանն էլ բավական է,– ասաց նա մի առանձին գոհությամբ։
– Ես ամփոփեցի այդ գրքի մեջ մեր նախնյաց գործերը իրանց լավ և վատ կողմերով, նկարագրեցի մեր աշխարհի դավաճանների չարագործությունները և հայրենասերների անձնազոհությունները։ Դա մի կտակարան է, որ ես թողնում եմ ապագա սերունդին։ Կանցնեն խավարի և տգիտության դարերը, կծնվի լուսավոր ժամանակ իր նոր զավակներով։ Նրանք այդ կտակարանի մեջ կտեսնեն նախնյաց թե գեղեցիկ և թե տգեղ հիշատակները։ Նրանք կսկսեն դատել հայրերի գործերը, և անցյալի սխալներից խրատվելով, և անցյալի լավ օրինակներից խրախուսվելով, կստեղծեն մի նոր կյանք, ավելի հաստատուն, ավելի ապահով հիմքերի վրա։ Նրանք օգուտ կքաղեն անցյալի փորձերից, կաշխատեն չգլորվել այն կորստյան վիհի մեջ, ուր հայերը անմտությամբ ընկան...
– Եվ ձեր անունը կանմահանա, որ թողնում եք ապագայի համար մի այնպիսի հայելի, որի մեջ գալոց սերունդը կտեսնե անցյալի տխուր հիշատակները,– կտեսնե իր նախահարց մեծությունը և նրանց ցավալի անկումը...– ընդհատեց երիտասարդը ծերունու խոսքը։
– Իմ անմահության վրա երբեք չեմ մտածել ես,– պատասխանեց ծերունին անկեղծ համեստությամբ։– Ես աշխատել եմ անմահացնել մեր հայրենիքի հիշատակները, որ դրանք չմեռնեն, չմոռացվին ազգի մտքից։ Ոչինչ դրություն այնքան ցավալի չէ, երբ մի ազգ չգիտե իր նախնյաց պատմությունը։ Դա միևնույն դժբախտ դրության նման կլինի, երբ հայրը մեռնում է, իսկ իր անչափահաս ժառանգների համար չէ թողնում ոչ մի գրավոր բան։
Երիտասարդ աբեղան ուշադրությամբ լսում էր. նրա խելացի դեմքը արտահայտում էր մի առանձին անհանգստություն։ Կարծես, նա լռությամբ ասում լիներ. «այդ բոլորը շատ գեղեցիկ է, շատ կրթողական է, բայց մենք այդ մասին դեռ երկար ժամանակ ունենք խոսելու, իսկ այժմ հարկավոր է մի ամենակարևոր հարցի մասին մտածել»։
– Դուք ձեր բնակարանը փոխելու դիտավորություն չունե՞ք, հայրիկ,– ասաց նա, չկարողանալով այլևս համբերել։ [ էջ ]– Ի՞նչ կա,– հարցրեց ծերունին անհանգստությամբ։
– Ոչինչ... այնպես... հարցնում եմ...
– Երևի, այստեղի՞ց ևս կամենում են հալածել ինձ...
– Ոչ... բայց... վատ չէր լինի՝ փոքր֊ինչ զգույշ լինել...
– Ո՞րտեղ փոխեմ, ո՞ւր գնամ,– պատասխանեց ծերունին դառնացած կերպով։– Կար ժամանակ, որ իմ ուժերը դեռ սպառված չէին, աչքերումս լույս կար և ոտներումս զորություն։ Թափառում էի մեր աշխարհի մի ծայրից մյուսը, դիմանում էի քաղցի, ծարավի և եղանակների խստությանը։ Իսկ այժմ ո՞ւր կարող եմ գնալ, ո՞րտեղ կարող եմ քարշ տալ այդ քայքայված մեքենան։– Նա ձեռքը տարավ դեպի իր անձը։– Իմ կյանքը անցավ ցավերով և դառնությամբ. չմնաց մի տանջանք, որ ես կրած չլինեի։ Իսկ այժմ մի՞թե այդ մխիթարությունից ևս կամենում են զրկել ինձ, և թույլ չեն տալիս, որ գոնե իմ ծերության վերջին օրերը անցկացնեի այդ խոնավ գերեզմանի մեջ։– Նա ցույց տվեց իր կացարանը և րոպեական լռությունից հետո շարունակեց ավելի դառնացած կերպով.
– Ես թողեցի, հեռացա նրանցից, սկսեցի առանձնության մեջ որոնել իմ սրտի հանգստությունը։ Ես նրանց թողեցի հարուստ վանքերը և գավառների շահավետ եպիսկոպոսությունները։ Թող վայելեն, թող ոսկի և արծաթ դիզեն, որովհետև քաղցր է նրանց համար աշխարհի վայելչությունը։ Ես նրանց չեմ խանգարում, և որքան էլ ցանկանայի, անկարող պիտի լինեի, որովհետև նրանք իրանց կողմն ունեն իրանց նման նախարարների ուժը և օտարի պաշտպանությունը, որ հայրենիքի շահերը վաճառելու գնով են ստանում։ Այլևս ի՞նչ են պահանջում ինձանից։ Ինձ տվեցին Բագրևանդի եպիսկոպոսությունը, միայն ինձ ծաղրելու համար, որ բարձրացնեն և այնտեղից ցած գլորեն, որպեսզի իմ կործանումը ավելի զգալի լինի։ Ես բոլորը տարա, ամեն զրկանքի համբերեցի։ Իմ կռիվը փառքի համար չէր։ Ես պատերազմում էի խավարի, տգիտության և հայրենիքի դավաճանների դեմ։ Ես հաղթվեցա, ես ընկա, և իմ կործանման մեջն է իմ փառքը։ Այժմ ինչո՞ւ չեն թողնում ինձ հանգչիլ իմ փլատակների վրա։ Ես պատսպարվեցա իմ հայրենական աղքատ տնակում։ Ահա իմ բոլոր հարստությունը։– Նա ձեռքը մեկնեց դեպի իր մոտ դրած գրքերը։– Ես զրկվեցա աշխարհից և մարդկային հասարակությունից, մի՞թե չեն թողնելու, որ այդ լուռ, անբարբառ մագաղաթների հետ խորհրդակցեմ և նրանցով մխիթարեմ իմ դժբախտության րոպեները։ Ամեն ինչ [ էջ ]խլեցին ինձանից,– մնաց մի գրիչ միայն։ Մի՞թե այդ ևս պիտի խլեն, որ անկարող լինեմ ավանդել իմ մտքերը, իմ սրտի դառն զգացմունքները...
Վշտացած ծերունու բերանով խոսում էր ժամանակի հալածված ճշմարտությունը։
– Պետք է զգուշանալ ավելի վատթարից...– պատասխանեց երիտասարդ աբեղան զգացված կերպով։– Այդ խավարասերները իրանց հալածության մեջ չափ չունեն։ Նրանք անդադար նորանոր առիթներ են որոնում ձեզ հարվածելու։ Իսկ վերջին հարվածը ձեզ համար խիստ կորստաբեր կլինի...
– Մտածում են իրանց վաղեմի սովորության համեմատ թունավորե՞լ ինձ,– հարցրեց ծերունին դառն արհամարհանքով։– Ես թույնից չեմ վախենում։
– Իրավ է, չեք վախենում. այդ փորձը մի քանի անգամ արել են ձեզ հետ։ Բայց...
– Այլևս ի՞նչ կարող են անել, բացի սպանելուց։ Դրանից ավելի դժվար վիճակ չէ կարող լինել, որին ենթարկեին ինձ։ Թող այդ ողորմելի խրճիթից ևս արտաքսեն ինձ։ Լեռների, ժայռերի խոռոչներում կգտնեմ մի այր պատսպարվելու համար։ Մեր լուսավորիչ հայրը, հալածված խավարասերների տգիտությունից, մի նույնպիսի այրի մեջ մեռավ։ Իսկ ես նրա նվաստ աշակերտը լինելու արժանավորություն չունեմ։
– Եթե մինչև այստեղ հասներ հալածասերների վրեժխնդրությունը, դրանով ևս պետք էր գոհ լինել։ Բայց նրանց դիտավորությունը ավելի չար է...
– Ասացե՛ք, վերջապես, մի՛ տանջեք ինձ։ Ի՞նչ են կամենում անել։
– Նրանք մտածում են հափշտակել ձեր բոլոր գրավոր աշխատությունները և ոչնչացնել։ Նրանք մտածում են ոչնչացնել այդ պատմությունը, որ ձեր վերջին տարիների ծանր վաստակների արգասիքն է։ Ես հենց այդ ցավալի լուրը ձեզ հասցնելու համար, գաղտնի կերպով դուրս եկա վանքից, շտապեցի ձեզ մոտ, որ նախազգուշացնեմ։
– Անիրավնե՜ր... – գոչեց ծերունին խորին վրդովմունքով։– Ես ամեն ցածություններ կսպասեի նրանցից, բայց այդ երևակայել անգամ չէի կարող։ Դա մի սարսափելի եղեռնագործություն է,– սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական [ էջ ]մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան։– Այո, դա կլիներ ինձ համար մահացու հարված, եթե նրանք հասնեին իրանց նպատակին։ Այդ գիրքն էր մնացել իմ վերջին մխիթարությունը, նրա մեջն էի ամփոփել իմ սիրտը, իմ հոգին, իմ բոլոր զգացմունքները։ Նրա մեջն էի դրել իմ արտասուքը, որ թափել էի հայրենյաց ավերակների վրա...
Նա գլուխը քարշ ձգեց և ձեռքը տարավ դեպի ճակատը։ Ալևոր մազերը թափվեցան պատկառելի ծերունու դեմքի վրա, և ծածկեցին արտասուքը, որ հեղեղի նման հոսում էր նրա աչքերից։ Մի քանի րոպե մնաց նա այդ թախծալի դրության մեջ։ Հետո շարունակեց ավելի զայրացած կերպով.
– Ինձ չէ վշտացնում հանգամանքների այդ դժբախտ հետևանքը։ Մեր ժամանակում լույսի և խավարի կռիվը այլ կերպ չէր կարող վերջանալ։ Մեր Սահակ և Մեսրոպ հոր առաջին աշակերտները պատերազմողների առաջին դասակարգն էին։ Նրանք ընկան։ Նույն երանելի հարց կրտսեր աշակերտները – ես և իմ ընկերները – պատերազմողի երկրորդ դասակարգն էինք։ Մենք անցանք մեր նախորդների դիակների վրայով. թեև բավական հեռու գնացինք, բայց դարձյալ ընկանք։ Մեր ուժերը անհավասար էին։ Մենք պետք է արմատախիլ անեինք դարերով աճած, ստվարացած տգիտությունը, նախապաշարմունքը,– մենք պետք է սրբեինք ժողորդի սրտից դարերով բարդված, թանձրացած բարոյական կեղտը։– Այդ հեշտ գործ չէր։ Մենք նույնպես պետք է ընկնեինք, որպես մեր նախորդները։ Մի քանի սերունդ պետք է զոհվեր, մինչև նրանց դիակների վրայով ճանապարհ բացվեր դեպի լույսը, դեպի ճշմարտությունը և դեպի բարին։ Իմ ընկերները այժմ միևնույն հալածանքների մեջն են, որպես ես։ Մենք մեր անձերի վրա չենք մտածում։ Բայց ցավալին այն կլիներ, երբ մեր թշնամիները կհաջողեցնեին սպանել մեր գործը, մեր աշխատությունների արդյունքը...
– Դեռևս հուսահատվելու չէ, դեռևս շատ հնարներ կան ազատելու ձեր գրավոր աշխատությունները,– պատասխանեց երիտասարդ աբեղան մի առանձին վստահությամբ։– Այդ պատմությունը դուք գրել եք ձեր մեկենասի, Սահակ Բագրատունու, խնդիրքով։ Դուք դիտավորություն ունեիք անձամբ տանել ձեր աշխատանքը և ձեր ձեռքով նվիրել ազնիվ իշխանին։ Այդ հասկացել են [ էջ ]ձեր թշնամիները։ Նրանք պատրաստվել են՝ կամ ձեր տան մեջ, կամ ճանապարհին կողոպտել ձեզ և հափշտակել այդ թանկագին գանձը։ Ժամանակ կորցնելու չէ։ Եթե իմ բարի վարժապետը վստահություն ունի իր անձնանվեր աշակերտի վրա,– ես պատրաստ եմ հենց այս գիշեր ճանապարհ ընկնել և տանել հանձնել իշխանին ձեր գիրքը։ Նրա ձեռքը հասնելուց հետո, ձեր աշխատությունը կազատվի վտանգից։
Ծերունին գրկեց իր մտերիմ աշակերտին և, օրհնելով նրան ասաց.
– Դու միշտ բարի ես եղել և հակամետ դեպի ճշմարիտը ու օգտակարը, Հուսիկ։ Գովում եմ քո անձնանվիրությունը և մխիթարվում եմ, որովհետև դու ինքդ իմ աշխատության պտուղներից մեկն ես։ Եթե քեզ նմանների թիվը շատ լինի, մեր հույսերը պետք է պսակված համարել։ Մենք մեր գործը կատարեցինք, մեր վարը վարեցինք, մեր ցանքը ցանեցինք։ Այսուհետև ձեզ է մնում մշակել, սնուցանել նորաբույս ցանքը, որ փուշերը և տատասկները չխեղդեն նրան։ Այսուհետև դուք և ձեր նմանները պետք է լինեն մեր սկսած գործի շարունակողները։ Օրհնում եմ քեզ, հաստատուն կամք, եռանդ և զորություն եմ խնդրում ամենակալից։ Տար այդ գիրքը և հանձնիր իշխանին։ Նա միայն է, որ գիտե գնահատել դրան, նա միայն է, որ հարգում է իր նախնյաց հիշատակները, նա միայն է, որ ինձ հետ ցավակից է եղել ներկա թշվառությունների մեջ։ Բագրատունիք միշտ հավատարիմ են եղել դեպի հայրենյաց շահերը։ Նա կպահե այդ գիրքը, որպես մի սրբություն, և կավանդե իր հաջորդներին։ Հոգվո աչքով տեսնում եմ, որ մի օր Բագրատունիների տոհմից պիտի կրկին ծագե հայոց իշխանական գավազանը։ Եվ այն տոհմը, որ հայոց արքաների գլխին թագ էր դնում․– իր գլխին պիտի դնե այդ թագը։ Իմ մարգարեությունները դու հաղորդիր իշխանին։
Գիրքը դրվեցավ մի կաշյա պարկի մեջ. երիտասարդ աբեղան կապեց մեջքի վրա, իսկ նրա վրայից հագավ իր վերարկուն։ Հետո նա առավ իր ճանապարհորդական ցուպը, և համբուրելով ծերունու աջը, ուղի ընկավ։
Դրսում փոթորիկը դեռ փոթորկվում էր. անձրևը հեղեղի նման թափվում էր. սոսկալի քամին ժայռերը շարժում էր իրանց տեղից, բայց քաջասիրտ ուղևորը հաստատուն քայլերով դիմում էր դեպի Սահակ Բագրատունու ամրոցը, որ մի քանի օրվա ճանապարհով հեռու էր Խորենացու գյուղից։ [ էջ ]Զանգահարությո՜ւն... տարաժամ զանգահարությո՜ւն... որ սոսկում է ազդում։ Ամեն կողմից լսելի էր լինում զանգակի ծանր, թախծալի հնչյունը։ Նա լսելի էր լինում գյուղական փոքրիկ ժամատնից, լսելի էր լինում վանքերի բարձր զանգակատնից, լսելի էր լինում խուլ ձորերի և անբնակ լեռների մեջ առանձնացած, մենավոր մատուռներից։ Ամեն տեղ ղողանջում էր անսիրտ մետաղը։ Մի չարագուշակ, հրավիրական ձայնով ղողանջում էր նա։ Դա այն ձայնը չէր, որ հրավիրում է աղոթասեր շինականներին աստուծո տաճարը՝ իրանց գոհության փառաբանությունը մատուցանելու ամենակալին։ Դա այն ձայնն էր, որ սարսափ է ազդում, որ գուշակում է մի որևիցե արհավիրք, մի որևիցե տագնապ, մի որևիցե պատուհաս, որ վտանգ է սպառնում։
Օրը նոր էր լուսանում։ Երկինքը խաղաղ էր. արեգակի պայծառ ճառագայթները ժպտում էին ցողազարդ դալարենիների հետ։ Բնությունը հրճվում էր յուր սքանչելի գեղեցկության մեջ։ Նա, երևի, չէր լսում զանգակների սոսկալի ձայնը և չէր վրդովվում։
Իսկ մարդիկ սաստիկ վրդովմունքի մեջ էին։ Ամեն ոք դուրս էր վազում իր բնակարանից, տեսնելու, թե ի՞նչ էր պատահել։ Խումբերով դուրս էին վազում սևազգեստ աբեղաները, ոմանք վեղարով, ոմանք անվեղար, ոմանք ժամանակ չգտնելով իրանց հողաթափերը հագնելու։ Չարագուշակ ձայնը հասնում էր մինչև լեռնային քարանձավի մեջ առանձնացած ճգնավորի մենարանը, նա ևս թողնում էր իր մթին խորշը։
Շինականները դեռ նոր էին սկսել դաշտային աշխատությունները։ Հնձվորը թողնում էր հունձը և մանգաղը ձեռին գնում էր։ Հերկողը թողնում էր իր արորն ու գութանը և խարազանը ձեռին վազ էր տալիս։ Գյուղերից դուրս էին նետվում խաղաղասեր շինականները բահերով և բրիչներով։ Կինը, մանուկը գրկած, հետևում էր ամուսնուն։
Ո՞ւր էին շտապում։– Իրանք ևս չգիտեին։ Զանգակները հնչում էին։ Եկեղեցու ձայնը կոչում էր նրանց։
Մի տեղ մռայլ կույտի նման նշմարվում էր անորոշ մթություն։ Շինականները դիմում էին դեպի այն կողմը։ Հեռվից փոքր էր երևում կույտը, բայց որքան մոտենում էին, նա աճում էր, ընդարձակվում էր և մարդիկների բազմության էր նմանում։
Ամեն կողմից դիմում էին դեպի այդ կենտրոնը։ Դա ամբոխի այն արբեցյալ դրությունն էր, երբ վայրենի բնազդումները հրեշավոր բորբոքման են հասնում, և նա այլևս ինքն իրան հաշիվ չէ [ էջ ]տալիս, այլ իբրև մի մոլեգնած հեղեղ, առաջ է մղվում, և գազանային անգթությամբ խորտակում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ պատահում է նրա ճանապարհի վրա։
Ռամկի կատաղությունը ավելի սարսափելի կերպարանք է ստանում, երբ նրան առաջնորդում է կղերը,– երբ գործի մեջ խառնվում է կրոնական մոլեռանդությունը։ Այդ դեպքում վայրենությունը սրբագործվում է եկեղեցու և Աստուծո անունով։ Սույն մոլեռանդությունը ստեղծեց ամոթալի ինկվիզիցիան և բազմացրեց աու–տո–դաֆեների թիվը։
Այստեղ կատարվում էր նույնպես մի աու֊տո֊դաֆե։ Բայց այրում էին ոչ թե կենդանի մարդիկ, այլ անշունչ առարկաներ։
Հրապարակի վրա վառվում էր խարույկը։ Հոգևորականությունը շրջապատել էր նրան։ Թանձր ծուխը բարձրանում էր փայտակույտից և, տարածվելով ու սև ամպերի նման պատելով սևազգեստ աբեղաների խումբը, պատկերացնում էր մի մթին կոլորիտ, որ խիստ հատկանիշ էր այն սև գործին, որը պատրաստվում էր կատարվել։
Խարույկի մի կողմում դիզված էին գրքեր։ Աբեղաներից մեկը կարդաց նզովքը, հետո վերառեց գրքերից մեկը և նետեց փայտակույտի վրա։ Մյուսները հետևեցին նրա օրինակին։ Մագաղաթը, կենդանի ողջակեզի նման, սկսեց խանձվել, սկսեց այրվել։ Եվ մի մեծ մարդու դարևոր աշխատությունները մի քանի րոպեի մեջ մոխիր դարձան...
Ռամկի ուրախության աղաղակը թնդացրեց օդը։ Ամեն բերանից լսելի էր լինում, «ազատվեցա՜նք աղանդավորի գրքերից... այլևս մեր երկրում ցավ, ժանտախտ, երաշտություն չի լինի...»։
Դրանով չվերջացավ ռամկի սնահավատությունը և կղերի հալածասիրությունը։– Մնում էր՝ ցավի, ժանտախտի, երաշտության և այլ զանազան պատուհասների ծագման մի այլ աղբյուր։– Այն ևս պետք էր ոչնչացնել։
Ռամկի բազմությունը խուռն հոսանքով սկսեց ընթանալ դեպի մի այլ կողմ։ Ընդհանուր աղմուկի և աղաղակների շփոթության մեջ ոչինչ չէր հասկացվում։ Բոլորին տիրել էր մի տեսակ կատաղի հիվանդոտ ոգևորություն։ Նրանք շրջապատեցին մի անշուք գերեզման, որ պատած էր մացառներով։ Աբեղաներից մեկը առաջին օրինակը տվեց, առեց բրիչը, սկսեց բրել։ Բազմաթիվ բահեր և բրիչներ հետևեցին նրա օրինակին։ Մի քանի րոպեի մեջ գերեզմանը բացվեցավ։ «Աղանդավորի» մարմնի նշխարները լեցրին [ էջ ]պարկերի մեջ։ Կանայք մի առանձին եռանդով գերեզմանի հողն էին ածում իրանց գոգնոցների և հագուստի դրոշակների մեջ։ Բոլորը մաքրեցին, բոլորը հավաքեցին։ Գերեզմանի հետքն անգամ չմնաց։ Հետո ցնծության աղաղակներով հանդիսավոր թափորը դիմեց դեպի մերձակա գետը։ «Աղանդավորի» ոսկերքը և նրա գերեզմանի փոշին ածեցին գետի մեջ։ Ալիքները ծփացին, գետը շարունակեց իր խաղաղ հոսանքը և կղերի հալածասիրության զոհը ծածկեց իր սառն կոհակների տակ...
Այդ – Մովսես Խորենացու մարմնի փշրանքն էր։
Նույն միջոցին, երբ կատարվում էր այդ ամոթալի գործը, մի երիտասարդ աբեղա, միայնակ կանգնած մի բարձրավանդակի վրա, հեռվից նայում էր։ Որպես մարմնացած սրտմտություն, խորին վրդովմունքով նայում էր նա, և նրա դողդոջուն շրթունքներից դուրս էին թռչում հետևյալ խոսքերը.
– Խավարի՜ զավակնե՛ր... մեր նորածին գրականության այդ բազմավաստակ մշակին դուք հալածեցիք նրա ամբողջ կենդանության ժամանակ։ Նրա ծերությունը անցավ ցավերով և դառնությամբ։ Գերեզմանի մեջ միայն նա պետք է հանգստություն գտներ։ Իսկ այդ հանգստությունից ևս զրկեցիք նրան... Ապագա սերունդը անեծքով և նզովքով կդրոշմե ձեր անիրավ վարմունքը։ Իսկ Նա, որի հիշատակը դուք աշխատեցիք ջնջել աշխարհի երեսից,– Նա հավիտյան անմահ կմնա յուրաքանչյուր հայի սրտում...
Այդ բողոքողը Խորենացու աշակերտ Հուսիկն էր:
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.