Текст книги "Դավիթ Բեկ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Литература 19 века, Классика
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 9 (всего у книги 37 страниц) [доступный отрывок для чтения: 12 страниц]
Լսելով այդ խոսքերը, պատանին կարծում էր թե իր վրա ծիծաղում են, և ծերունին պատրաստ էր պատմել նրան իր տեսած երազի մանրամասնությունները, բայց տիկինը զգուշացրեց նրան, որ լռե:
– Այդ հասակում տղայի հետ այդպիսի բաների վրա չեն խոսում, – ասաց նա արաբերեն լեզվով. – երբ ժամանակը կգա, նա ինքը կհասկանա բոլորը…
– Այժմ բարի ճանապարհ եմ մաղթում քեզ, – ասաց տիկինը պատանու ճակատը համբուրելով, – կրկնում եմ, որտեղ որ լինես, ամեն մի պետքի, ամեն մի վտանգի ժամանակ կարող ես վստահությամբ դիմել ինձ, ես պատրաստ եմ ամեն մի հանգամանքում օգնել քեզ:
Պատանին խորին շնորհակալությամբ հանբուրեց տիկնոջ աջը և մի քանի կաթիլ արտասուք գլորվեցան նրա ձեռքի վրա: Նա մնաք բարյավ ասաց և իսկույն դուրս եկավ վրանից, գիշերային մթության մեջ ծածկելու իր դառն արտասուքը: Ծերունի ներքինապետը հետևեց նրան:
Տիկինը մնաց վրանում միայնակ, տխուր և սաստիկ սրտաշարժ դրության մեջ: Կարծես նրա հարազատ եղբայրը դեպի օտարություն էր գնում, կարծես, նրանից մի ամենասիրելի բան պակսում էր: Նա լուռ հափշտակության մեջ ծունր դրեց վրանի հատակի վրա և նրա վշտերով լի աչքերը դարձան դեպի արդարադատ երկինքը: Ի՞նչ բանի համար էր աղոթում նա – այդ միայն աստված գիտե: Բայց ջերմ արտասուքը առատությամբ թրջում էր նրա գունաթափ դեմքը, և երկար նույն դրության մեջ մրմնջում էր նա, մինչև կայծակի վերջին փայլը լուսավորեց վրանի մթին շրջակայքը, և հեռացող պատանու քայլերի ձայնը ծածկվեցավ որոտման սաստիկ դղրդոցի տակ:
Փոթորիկը ավելի սոսկալի կերպարանք ստացավ…
Առաջին գրքի վերջը
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ
Ա
Մցխեթը, վրաց երկրի մայրաքաղաքը, այդ ժամանակ ներկայացնում էր մի աղքատ ավան, որ նշանավոր էր նրանով միայն, որ այնտեղ էր գտնվում «Կենդանարար» անունով հոյակապ վանքը և այնտեղ էր բնակվում երկրի իշխանը, որ վրացիներից ընդունվում էր որպես թագավոր, իսկ պարսիկներից որպես «վալի»******: Ողորմելի, գետնափոր խրճիթները ցրված էին ավանի զանազան կողմերում և գետնի մակերևույթից որոշվում էին իրանց փոքրիկ, բլրաձև բարձրությունով միայն, որ նմանում էին խլուրդների կազմած հողաբլուրներին, երբ գետինը փորելով դիզում էին իրանց որջերի մուտքի առջև:
Վանքի զանգակատան բարձրությունից լսելի եղան վերջին հնչյունները. հրավիրում էին միաբանությանը ընթրիքի: Երեկոյն խավարը արդեն սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ: Գյուղացիները քշում էին երկրագործական հոգնած անասուններին դեպի տուն և գյուղացի աղջիկները դադարել էին հեռու աղբյուրից ջուր կրելուց: Խրճիթներում այստեղ և այնտեղ երևում էր ճրագի լույսը:
Այդ միջոցին անվանի մեռելայն լռությամբ աղմկվեցավ, շները բարձրացրին մի խառնաձայն աղաղակ, երբ հեռվից հայտնվեցան մի խումբ ձիավորներ, որոնք ամենայն թափով քշում էին իրանց երիվարները դեպի ավանը: Որսորդական հոգնած բարակները տհաճությամբ վազում էին ձիաների ետևից և ամբողջ խումբը կորած էր փոշու թանձր մառախուղի մեջ: Ձիավորներից մի քանիսը կրում էին իրանց բազուկների վրա բազեներ: Երևում էր, որ այդ խումբը վերադառնում էր որսորդությունից: «Պարո՛նը…» – ասեցին միմյանց մի քանի ուշացած գյուղացիներ և երկյուղածությամբ մի կողմ քաշվեցան ճանապարհ բաց անելու համար:
Խումբը դիմեց դեպի քայքայված բերդը, որ վաղեմի ժամանակներից շինված էր մի բարձրավանդակի վրա: Այնտեղ էր «պարոնի» տունը: Բերդի ահագին դռները բացվեցան, ձիավորները ներս մտան, և հասցնելով իրանց տիրոջը մինչև նրա բնակարանը, հետո գլուխ տալով ցրվեցան:
Մի երիտասարդ ձիավոր, այդ խումբից բաժանվելով, դիմեց ձորը, դեպի մի առանձնացած տնակ, ուր էր նրա բնակարանը:
– Մի մարդ, կեսօրվանից եկած, սպասում է ձեզ, աղա, – ասաց սպասավորը, երբ նրա տերը ցած իջավ ձիուց:
– Ի՞նչ մարդ, – հարցրեց աղան, հանձնելով ձիու սանձը սպասավորին և հրամայելով, որ ման ածե, մինչև քրտինքը ցամաքի, հետո տանե գարի տա:
– Չեմ իմանում, նա ձեր անունը իմանում է, ասում է, որ ձեր երկրիցն է, – պատասխանեց անհետաքրքիր ծառան, որին այժմ ավելի զբաղեցնում էր հոգնած ձին, որ պատած էր սապոնի փրփուրի նման քրտինքով, քան անծանոթ օտարականը, որ աղայի երկրիցն է:
Երիտասարդը անհամբերությամբ ներս մտավ մի խուղի մեջ, որ միակ լուսավորված սենյակն էր ամբողջ տան մեջ: Դա բավական ընդարձակ, քառանկյունի շինվածք էր, որի պատերը կազմված էին, մինը մյուսի մոտ կանգներցած, երկայն ցիցերից, որոնց միջոցները հյուսած էին ծառերի ճյուղերով, հետո ծեփած էին հասարակ կավով: Սենյակի առաստաղը գմբեթաձև կերպով վեր էր բարձրանում, իր գագաթում թողնելով երդիկի նման մի ծակ, որտեղից դուրս էր գնում նրա մեջ հավաքված ծուխը: Ուրիշ լուսամուտներ չկային. ցերեկը լուսամուտի փոխարեն ծառայում էր նեղ դուռը, որտեղից ներս էին թափվում արեգակի ճառագայթները: Բայց իսկապես ասած, այդ բնակարանը դրսի լույսին ամենևին պետք չուներ. հատակի վրա թավալված էին մի քանի գերաններ, որոնց ծայրերը միմյանց մոտ դրվելով, ամբողջ օրը ծխում էին, տարածելով իրանց շուրջը թե լույս, թե ջերմություն և թե խեղդող մուխ: Գիշերը ճրագի պետք չկար:
Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր: Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր: Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց:
– Ո՞րտեղացի ես, – եղավ երիտասարդի առաջին հարցմունքը:
– Ձեր ծառան տաթևացի է, – պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց.
– Աղայի համար նամակ եմ բերել:
Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց.
– Տուր ինձ նամակը:
Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին:
Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ: Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից: Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն: Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով: Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք: Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ:
Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա: Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև: Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը: Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները: Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում: Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր: Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին: Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությունները, հափշտակությունները, – բոլորը արյունով, արտասուքով և խորին ցավակցությամբ գրված:
«Դանակը ոսկորին է հասել…» – այս խոսքերով վերջանում էր նամակը – «մեր երեսին պատվի մի կաթիլ անգամ չեն թողել… մեր կնիկներին, մեր աղջիկներին մեր աչքի առջև բռնաբարում են և մենք լուռ նայում ենք… Մեր վանքերը, մեր եկեղեցիները անասունների ախոռատուն են դարձնում և մենք համբերում ենք… Մեր տաճարների սրբությունները կողոպտում են և խաչերը շների շլինքից քարշ են տալիս, իսկ մենք ձայն հանել չենք համարձակվում… Մեր զավակներին, մեր ձեռքից խլելով, օտար երկրներում վաճառում են, մենք արգելել չենք կարողանում… Մեր ձեռքի վաստակը մեզանից հափշտակում են, մեզ թոնում են քաղցած, իսկ մենք բողոքել չենք կարողանում… Ոչ ոք չէ լսում մեր ձայնը, ոչ ոք չէ սրբում մեր արտասուքը: Մնացել է վերևում – աստված, իսկ ներքևում` դու, Դավիթ բեկ: Խեղդամահ եղած հայրենիքի վերջին հառաչանքը կոչում է քեզ: Լսի՜ր նրա ձայնը, լսի՜ր նրա աղաչանքը, օգնության ձեռք մեկնի՜ր: Այն հայրենիքը, որ քեզ սնուցել է, որ քեզ կյանք է տվել, քեզանից կենդանություն է սպասում: Մի թող տուր նրան իսպառ մահանալ: Ժողովրդի հույսը քեզ վրա է դրած: Քո հզոր աջը պետք է փրկե նրան: Այդ է աստուծո և մեր տեր Հիսուս Քրիստոսի կամքը: Ուրիշ ճար չէ մնացել. ամեն բան փորձեցինք, ամեն հնար գործ դրեցինք, ամեն ստորություն հանձն առինք, բայց բռնակալի գազանությունը ամոքել չկարողացանք: Մեր ստրկության լուծը օրըստօրե ծանրացավ, մեր վիճակի դառնությունը օրըստօրե սաստկացավ: Այժմ ժողովուրդը ուխտել է կատարել մի վճռական գործ` կամ միանգամով կոտորվել և բնաջինջ լինել, կամ բոլորովին ազատվել մահմեդական բռնակալությունից: Բայց ժողովրդին պետք է մի փորձված ձեռք, որ առաջնորդե նրան: Այդ ձեռքը նախախնամության կամքով պետք է լինի քոնը: Այն օրը, երբ դու ոտք կկոխես հայրենիքի հողի վրա, ժողովուրդը մի մարդու պես կկանգնի և քո դրոշի ներքո կսկսե մաքրել երկիրը մահմեդական պղծությունից: Ամեն ինչ պատրաստված է. մնում է քո հրամանը, – և ահա ժողովուրդը կշարժվի… Շտապի՜ր, Դավիթ բեկ, ազգը, հայրենիքը և եկեղեցին կանչում են քեզ և իրանց ազատությունը քո ձեռքից են սպասում…»:
Մի սոսկալի սարսուռ տիրեց երիտասարդի մարմնին, երբ նա ավարտեց նամակի ընթերցումը: Նրա սիրտը սկսեց անհանգիստ կերպով բաբախել և ձեռքերը սկսեցին դողդողալ: Նա ընկավ այն ցավալի դրության մեջ, որպես մի մարդ, որ հանկարծ լսում է սիրելի ծնողների մահվան բոթը: Բայց այստեղ մեռնողը հայրենիքն էր, մեռնողը մի ամբողջ ժողովուրդն էր, իսկ ինքը – նույն ժողովրդի հարազատ որդին: Հանկարծ զարթեցան նրա մտքում վաղեմի հիշողություննրը, որ մինչև այնօր հանգած էին: Նա հիշեց այն հանդիսավոր խոստումը, որ երդումով ուխտել էր իր ծնողների գերեզմանի վրա: Եվ կարծես, այդ թշվառների ուրվականները, նույն վայրկենում դուրս գալով իրանց հանգստի խորքից, լի հանդիմանական ցասումով, սկսեցին պախարակել նրան, «դու երդմնազանց ես…»: Նա զգաց մի սարսափելի սոսկում և նամակը ցած ընկավ նրա ձեռքից: Երկար նա գտնվում էր հոգեկան խորին խռովության մեջ, որպես մի հանցավոր, որ հանկարծ զգում է խղճի խայթը… Ի՞նչ էր մինչև այնօր կապել նրան մի օտար երկրի հետ, ի՞նչն էր մոռանալ տվել նրան հայրենիքի թշվառությունը: Այդ հարցը ծագեց նրա մտքում, երբ միանգամով պատկերացավ նրան տխուր և վշտալի անցյալը…
Նա շտապով բաց արեց երկրորդ նամակը: Դա բարեկամի նամակ էր լի վաղեմի հիշատակների ջերմ զգացմունքներով: Նրան գրել էր Ստեփաննոս Շահումյանը, Դավիթ բեկի մանկության ընկերը:
«Հիշի՜ր, Դավիթ, այն ցավալի օրը, – գրում էր նա ի միջի այլոց, – երբ ես Ֆաթալի խանի բանտումն էի, իսկ դու, ողբալի կրակի բոցերից մի բախտով ազատված, գտնվում էիր ծերունի ներքինապետի խնամակալության ներքո: Հիշիր այն կրակը, հիշիր այն բոցերը, որոնց մեջ այրվեցան քո հայրը, քո մայրը, քո քույրերը: Այն կրակը դեռ չի հանգել: Նա հրդեհում է մեր ամբողջ հայրենիքը: Նա ճարակում է մի ամբողջ ժողովուրդ: Ո՞վ պիտի հանգցնե նրան, եթե ոչ այն մարդը, որ իր անձի վրա փորձել է նրա բոլոր դժոխային տանջանքը…
Մի քանի տողերից հետո շարունակում էր նա:
«Ոչ ոք խելացի չի կոչի այն մարդուն, որի տունը հրդեհով պաշարված է, որի զավակները կրակով պատած են, որի կայքը այրվում է, իսկ նա, այդ բոլորը թողած, շտապում է իր հարևանի տունը կրակից ազատելու համար: Քո եռանդը, քո ջանքերը վրաց խարխուլ գահը պահպանելու մասին, հիշեցնում է ինձ այդ համեմատությունը: Ի՞նչ կշահվի քո քաջությունից, քո պատերազմական տաղանդից հայոց թշվառ աշխարհը, երբ դու քո բոլոր ուժերը, քո մտքի և սրտի բոլոր զորությունը վատնում ես հօգուտ օտարի, մինչդեռ քո հայրենիքը քեզպեսներին ավելի կարոտություն ունի: Դու այժմ քո հզոր ուսերի վրա տանում ես բոլոր ծանրությունը մի քայքայված տերության, որ ընկնելու վրա է: Դու շատ անգամ պահպանեցիր նրան իր անկումից, դու շատ անգամ ազատեցիր նրան իր թշնամիներից, շատ անգամ հաղթող հանդիսացար սարսափելի կռիվների մեջ: Բայց ո՞րքան շահվեցավ այդ բոլորից հայոց թշվառ ազգը…
Դավիթ, մենք դասընկերներ ենք եղել. մենք Տաթևի վանքում, հանգուցյալ Հարություն վարդապետի մոտ միասին էինք կարդում հայոց պատմությունը: Կարծես, այդ ազգի ճակատագրի մեջ մի անեծք կա: Նա ստեղծում է մեծ մարդիկ, ստեղծում է հանճարներ, միայն օտարներին ծառայելու համար: Սկսյալ ազգերի պատմության ամենախորին հնությունից, Հայաստանը միշտ տվել է թե իր դրացիներին և թե հեռավոր ժողովուրդներին իր զավակների ամենաընտիրները: Բաբելացոց, եգիպտացոց նշանավոր պետական մարդիկների թվում առաջին տեղը բռնում են հայերը: Հայերը տվեցին Հռոմին և Բյուզանդիային ոչ միայն քաջ զորապետներ, այլ մինչև անգամ կայսրներ: Ահռելի Պարսկաստանը իր ամենանեղ ճգնաժամի միջոցին փրկություն էր գտնում հայ զորապետների ձեռքով: Վայրենի մոնղոլներ, Միջին Ասիայի խորքերից դուրս գալով, հայ զորապետների առաջնորդությամբ, ոտնակոխ արեցին ամբողջ պետություններ: Բաղդատի և Դամասկոսի արաբական խալիֆաները հայ զորապետների ձեռքով տիրեցին անսահման երկրներ: Խաչակիրները իրանց ամենահաջող պատերազմներով պարտական են հայոց քաջերին: Մինչև անգամ ամենահեռավոր Հնդկաստանի թագավորությունները երկար ժամանակ օգուտ էին քաղում հայ զորապետների խելքից և քաջությունից: Ինչո՞ւ եմ խոսքս երկարացնում: Ո՞ր երկիրը, ո՞ր ազգը, ո՞ր թագավորությունը չէ շահվել հայոց ուժերից: Նույնիսկ քո Վրաստանը, Դավիթ, քանի՞ – քանի՞ անգամ վայելել է հայ մարդու օգնությունը: Բայց միշտ ապերախտ, միշտ անշնորհակալ է մնացել դեպի հայը: Եթե այդ անհոգ, թեթեևամիտ ազգը այսօր գոյություն ունի, դրանով նա պարտական է հայերին: Հայաստանը, իբրև մի բնական վահան, միշտ պաշտպանել է նրան պարսիկների, արաբացիների և մոնգոլների հարձակումներից: Արևելքից հեղեղի նման եկած բոլոր բարբարոսների արշավանքները թափել են իրանց անգթությունը Հայաստանի վրա և անցել, իսկ Վրաստանը միշտ մնացել է թաքնված մեր ետևում: Եվ եթե պատահել է մեզ նրանցից օգնություն խնդրել, միշտ սուտ խոստումներով խաբել են մեզ: Բայց հայը, միամիտ հայը, միշտ մնացել է հավատարիմ, միշտ անձնվեր և միշտ զոհաբերող դեպի օտարը: Նա թողել է իր տան գործը, մոռացել է իր ցավերը և օտարի տան հոգսն է հոգացել: Նա թողել էր իր երկրի ավերակները և օտարի համար պալատներ է կանգնել: Նա մոռացել է իր խորտակված գահն ու գավազանը և օտարի դրոշի փառքն է բարձրացրել: Մի՞թե այդ բոլորը դու չտեսար մեր պատմության մեջ. – ահա դրանում է մեր գլխավոր հիվանդությունը: Մենք մեզ ծառայել չգիտենք մենք մեզ համար անշնորհք ենք, իսկ օտարի համար շնորհալի: Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին իրանց հայրենիքին, ես հավատացած եմ, որ այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի…
Իմ խոսքը, դու էլ կհասկանաս, Դավիթ, ավելի ազնիվ և բարեխիղճ ծառայողների մասին է, որոնք թեև իրանց հայրենիքին մի օգուտ չեն հասցրել, բայց ուղղակի վնաս էլ չեն տվել: Իսկ ո՜րքան շատ է այն դավաճանների թիվը, որոնք մի արյունոտ գործիք դառնալով օտարների ձեռքում, սկսել են իրանց հայրենիքը ավերակ դարձնել, սկսել են իրանց հարազատ եղբայրներին կոտորել: Թե առաջիններին և թե վերջիններին ես շատ չեմ զանազանում միմյանցից: Զանազանությունը այսքան է միայն, որ մեկը վնասում է ուղղակի կերոպվ, գիտակցաբար, իսկ մյուսը վնասում է կողմնակի կերպով, անգիտակցաբար: Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն: Ի՞նչ ես կարծում, Դավիթ, դա նույնքան վնասակար չէ՞, որպես առաջինը: Ես գոնե վնասակար եմ համարում: Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը: Ծառայել հայրենիքի թշնամուն, իր ազգի կործանողին, բարձրացնել նրա փառքը և զորությունը, – այդ նշանակում է ի վնաս իր ազգի գործել: Մեծ տարբերություն չկա այդ երկու մտքերի մեջ` գող լինել կամ գողի բարեկամ: Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են: Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք: Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու: Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ…
Ես գիտեմ քո մեծահոգությունը, Դավիթ, դու այն տեսակ մարդիկներից ես, որոնց համար հայրենիք և ազգություն չկա, որոնց հայրենիքը լայնածավալ աշխարհն է, իսկ ազգությունը` ընդհանուր մարդկությունը: Դու պատրաստ ես օգնել ամեն տեղ, ուր խեղճություն և բռնություն կգտնես: Բայց «շապիկը ավելի մոտ է մարմնին»… «Պետք չէ Իսրայելի որդիների հացը ձգել հեթանոսների շներին…»: Հիշո՞ւմ ես այդ ավետարանական խոսքը: Մեր զավակներին քաղցած թողնելով, օտարների որդիների հացի մասին հոգալը մի մեծ առաքինություն չի համարվի մեզ համար: Մենք այնքան սակավ միջոցներ ունենք, մեր ուժերը այնքան անբավական են մեզ համար, որ պետք է խնայենք նրանց, իսկ մենք աննպատակ կերպով սպառում ենք…
Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հրոչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ: Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ: Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ: Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը: Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին – բոլորը, ինչ որ ունես դու, պատականում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել: Ինչո՞ւ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես: Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանաս քո վճարը: Այս, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի…»:
Հետո նա Դավիթ բեկի ուշադրությունը դարձնում էր Սյունյաց աշխարհից նրան ուղարկցված հանրագրի վրա, հորդորում էր ժողովրդի ներկայացուցիչների ձայնը հարգել, հորդորում էր թողնել վրաց ծառայությունը և փութով աճապարել դեպի հայրենիքը: Նկարագրում էր Հայաստանի խառնաշփոթ քաղաքական դրությունը, բացատրում էր պարսից պետության ջլատումը և նրա օրըստօրե քայքայումը, որից պետք էր օգուտ քաղել, նպատակահարմար ժամանակը չկորցնել և ժողովուրդը ազատել այդ ազգի բարբարոսությունից: Հետո մի փոքր գգվելով իր ընկերի անձնասիրությունը, նա ավելացնում էր.
«Մեր ազնվական դասը փչացած է, Դավիթ, նրանց վրա մեծ հույս դնել չի կարելի: Դարերի ընթացքում, պարսից ազդեցության ներքո, ազնիվ արյունը նրանց երակներում խարդախվեցավ: Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին: Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դաթիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջնաքը, բոլոր ցավերը: Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ: Հանգամանքներն ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել: – Եվ այդ պիտի կատարես դու…»:
– Կկատարե՜մ… – ասաց նա խորին ցավակցությամբ և նամակը ցած դրեց:
Բ
Այնուհետև Դավիթ բեկը հրամայեց կանչել իր մոտ նամակաբերին:
– Ինչպե՞ս է քո անունը, – հարցրեց, երբ հայտնվեցավ նա:
– Աղասի, ձեր ծառան, – պատասխանեց նամակաբերը, մի առանձին անձնավստահությամբ կանգնելով Բեկի առջև: – Իմ հայրը մելիք Վարթանեսի մոտ տնտես էր, իմ մայրը այնտեղ լվացարար էր. ես նրանց ընտանիքի մեջ եմ ծնվել և նրանց հացով եմ մեծացել: Նրանց տան կործանման ժամանակ իմ հայրը սպանվեցավ. անիրավ պարսիկները նրան խենջարներով ծակծկեցին, ստիպում էին, որ ցույց տա մելիքի բոլոր հարստությունը: Բայց հայրս լուռ մնաց և ավելի լավ համարեց մեռնել, քան իր տիրոջ կայքերի մատնիչը լինել: Նրանից հետո մայրս շատ չապրեց, կսկիծը նրան շուտով գերեզման տարավ, երբ ես Ստեփաննոսի հետ գերի ընկա Ֆաթալի խանի ձեռքում: Երբ Թորոս իշխանը մեզ ազատեց, այնուհետև ես չբաժանվեցա Ստեփաննոսից: Որպես իմ հայրը ծառայել էր նրա հորը, ես էլ սկսեցի ծառայել որդուն:
– Այդ բոլորը լավ, – նրա խոսքը ընդհատեց Բեկը. – դու այն ասա՜, հիմա ի՞նչ է շինում քո տերը:
– Ի՞նչ կարող է շինել թևքերը կարված արծիվը. նրա հոր երկրներին այժմ տիրում է ուրացող մելիք Ֆրանգյուլը. ինքը իշխանը գլուխ դնելու տեղ չունի. մնում է նրան Քորօղլուի նման թափառել մի տեղից մյուս տեղ, պատժել, վրեժխնդիր լինել ուր որ անիրավություն, անարդարություն կտեսնվի:
– Մարդիկ ունի՞ իր ձեռքի տակ:
– Մի փոքրիկ խումբ միայն, բայց այդ խումբը արժե հազար մարդու. բոլորը մեր երկրի քաջերից ընտրյալներն են, բոլորը մի հոգու պես կապված են իրանց սիրելի պետի հետ:
– Դո՞ւ էլ իշխանի խմբից ես:
– Այո՜:
Դավիթ բեկին մեծ բավականություն էր պատճառում խոսակցությունը իր հայրենակցի հետ. այդ մասամբ լցուցանում էր տարիներով տարագիր երիտասարդի սրտի կարոտությունը: Նա հրամայեց Աղասուն նստել իր մոտ: Աղասին տեղավորվեցավ խարույկի մոտ, օթոցի վրա: Նրան շատ զարմացնում էր Բեկի անշուք կացությունը: Նա սպասում էր գտնել վրաց թագավորի հռչակավոր զորապետին փառավոր պալատի մեջ, շրջապատված աշխարհի բոլոր շքեղություններով: Իսկ այժմ ի՞նչ էր տեսնում, – մի գետնափոր խրճիթ, որի նմանը Սյունյաց երկրի ամեն մի գյուղացին ուներ: Որքաա՞ն աղքատություն է տիրում այդ երկրում, մտածում էր Աղասին. երբ երկրի նշանավոր պետական մարդը այդպես է ապրում, ապա ի՞նչ կլինի խեղճ ժողովրդի դրությունը:
Աղասու մտածությունները ընդհատեց Բեկը, հարցնելով, թե մելիք Ֆրանգյուլը և Դավիթ ուրացողը ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ են:
– Որպես երկու շներ, – պատասխանեց Աղասին, – միմյանց խեղդում են, և ամեն մեկը աշխատում է մյուսի ձեռքից ոսկորը խլել:
– Խանը որի՞ն ավելի է համակրում:
– Խանը իր օգտին է նայում, որը ավելի շատ կաշառք է տալիս, նրա խոսքն է լսում:
Դավիթ բեկի տան մեջ բնակվում էր մի վրացի ընտանիք նրա սեփական գյուղի ճորտերից: Այդ գյուղը Բեկը ընծա էր ստացել վրաց թագավորից, այն փառավոր հաղթությունից հետո, որ նա կատարեց լեզգիների դեմ: Բեկի ամբողջ տնտեսությունը այդ ընտանիքի ձեռքումն էր. հարսները և աղջիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարդիկը` որպես սպասավորներ: Նրանք ընտանեբար, առանց քաշվելու, անդադար ներս էին մտնում և դուրս էին գալիս, իրանք էլ չհասկանալով, թե ինչ բանով են զբաղված: Բեկը հրամայեց ընթրիք պատրաստեն:
Մի քանի կնիկներ մոտեցան խարույկին, հատակի կենտրոնում թավալված գերանների ծայրերը մոտեցրին միմյանց, կրակը բոցավառվեցավ, տարածելով իր շուրջը խիստ ախորժ լուսավորություն: Խարույկի վրա, առաստաղից քարշ էին ընկած մի քանի շղթաներ, ջահեր կախ տալու շղթաների նման: Նրանց ծայրերը վերջանում էին կեռ կարթերով և հասնում էին մինչև խարույկը: Նրանցից կրակի վրա քարշ էին տալիս մեծ և փոքրիկ կաթսաներ, երբ պետք էր մի բան եփել: Կնիկները քարշ տվեցին կաթսաները և սկսեցին ընթրկքի պատրաստություն տեսնել:
– Այսօր բերած փասիաններից մի քանիսը խորովեցինք, – ասաց Բեկը, դառնալով դեպի կնիկները:
– Տեր ես, – պատասխանեցին կնիկները խորին հաճությամբ, և նստելով կրակի շուրջը, մերկ գետնի վրա, սկսեցին միևնույն սենյակում փետրահան անել փասիանները, որոնք Բեկի այն օրվա որսորդական արդյունքն էին:
Բեկը դարձյալ շարունակեց իր խոսակցությունը նամակաբերի հետ Սյունյաց աշխարհի վրա: Բայց երկու մանկահասակ կնիկների մեջ անց էր կենում մի այլ, ավելի հետաքրքիր խոսակցություն:
– Ի՞նչ սիրուն փետուրներ են, – ասաց նրանցից մեկը, Թիման, մի առանձին հրճվանքով. – եթե այդ փետուրներն էլ հավաքելու լինեմ ինձ համար, իմ փետուրե բարձը լցված կլինի, կդնեմ գլխիս ու այսպես անուշ քնով կքնեմ: – Վերջին խոսքերի արտասանելու միջոցին երիատասարդ կինը ձեռքը դրեց ականջին, գեղեցիկ աչքերը խփեց և գլուխը մի կողմ թեքեց, ցույց տալու համար, թե ինչպես անուշ քնով պիտի քնե:
Թինայի այդ երևակայական բավականությունը գրգռեց նրա աշխատակցի` Դարոյի նախանձը և հետևապես նրա բարկությունը, և նա սաստիկ խթելով Թինայի կողքը, ասաց.
– Ինչո՞ւ, միայն քեզ համար, խոզի զավակ, ապա ես բարձ չե՞մ ուզի: Ինչ որ լինի` ինձ համար: Ես էլ կուզեմ…
– Դու աստուծո կրակը ու սատանայի ցավը կուզես, – պատասխանեց Թինան, չմոռանալով նույն կերպով խթել Դարոյի կողքը: – Քո այդ մեյմունի գլխին խոտի բարձը ավելի սազ կգա:
Թինայի համեմատությունը չափազանց էր. Դարոյի գլուխը ամենևին մեյմունի նմանություն չուներ, ընդհակառակն, նա ավելի թարմ և ախորժելի դեմք ուներ: Այդ վիրավորանքը մի կողմից, և գուցե կողքի ցավը մյուս կողմից, գրգռեցին Դարոյին երկու ձեռքով պինդ բռնել Թինայի ծամերից և այնպիսի սաստիկ ուժով ձիգ տալ, որ փոքր էր մնում կրակի մեջ պիտի գլորեր նրան:
– Վա՜յ… վա՜յ… – գոչեց Թինան և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Դարոյի ծամերից:
Սկսեցին միմյանց քաշքշել: Աղմուկը նրանց վրա դարձրեց Բեկի ուշադրությունը: Բայց, երևի, այդ տեսակ գործողությունները այնքան հաճախ կրկնվում էին Բեկի տան մեջ, որ նա մի առանձին նշանակություն չտվեց, միայն զգուշացրեց, որ իրան չխանգարեն:
– Թինա՜, Դարո՜, այդ ի՞նչ խաբար է, այստեղ կռվելու տեղ չէ, եթե ուզում եք միմյանց խեղդել, գնացեք դուրսը:
Մինչ երկու կնիկները պատշաճը և քաղաքավարությունը պահպանելու համար պատրաստվում էին իրանց կռիվը տեղափոխել սենյակից դուրս, վրա հասան նրանց ամուսինները: Նրանցից յուրաքանչյուրը վառելու փայտերից մի կտոր վեր առնելով, սկսեց իր կնոջը ծեծել: Խռովությունը ավելի աղմկալի կերպարանք ստացավ:
– Անզգամներ, – ասում էին նրանց, – կռվելու ժամանա՞կ եք գտել, չե՞ք տեսնում մեր տերը այս գիշեր հյուր ունի:
Կարծես, հյուրի մոտ միայն պետք էր համեստ լինել: Երկու կնիկները ընդունեցին այդ խրատը և իրանց մտքում հետաձգեցին կռիվը մի ուրիշ ժամանակի: Խաղաղությունը կրկին տիրած կլիներ, եթե այդ միջոցին ներս չվազեր երկու հերոսների կատաղած սկեսուրը, կարգ և կանոն սիրող Քեթևանը: Նա խլեց մի փայտի կտոր և սկսեց իր որդիների պակաս թողածը ինքը լրացնել: Հարսները սաստիկ ճիչ բարձրացրին:
– Հա՜ այդպես… հա՜ այդպես… – կրկնում էր բարկացած պառավը ու խփում:
– Բավական է, Քեթևան, հանգստացեք, – ասում էր Բեկը փոքր-ինչ վրդովված ձայնով և հրամայում էր դադարել:
– Դրանց պետք է ծեծել, տեր իմ, – պատասխանում էր բարեսիրտ Քեթևանը, շարունակելով իր գործը. – քանի օր է, որ ծեծ չեն կերել, դրա համար կատաղել են: Դրանց պետք է ծեծել, միշտ ծեծել:
– Բավական է, – դարձյալ կրկնեց Բեկը:
Բարկացած պառավը այժմ դարձավ դեպի իր տերը:
– Այդ բոլորը ձեր մեղն է, տեր իմ, – ասաց նա գլուխը շարժելով, – այդ բոլորը ձեր թուլությունից է: Եթե դուք էլ մյուս աղաների նման ծեծեիք, այսպես չէին լինի: Այդ բոլորը ձեր մեղն է: Մենակ դրանք չեն, որ կապը կտրած են, ամենքը այստեղ փչացել են, նրա համար, որ դուք չեք ծեծում: Այսպիսի աղա ես չեմ տեսել: Մտիկ տվեք մեր հարևան Գիորգիին, ինչպե՞ս իր ճորտերի հոգին հանում է. դրա համար նրանից վախենում են:
Բեկը ժպտաց միայն և ոչինչ չպատասխանեց: Ճորտությունը այդ ողորմելոի ժողովրդին անասնական դրության էր հասցրել, որի մեջ ծեծը ընդունված էր որպես գլխավոր պայման բանավոր մարդուն կարգի և պատշաճի մեջ պահելու համար: Եվ զարմանալին այն էր, որ ինքը ժողովուրդը այն աստիճան սովորած էր այդ դրությանը, որ բոլորովին անբնական էր համարում երբ չէին ծեծում: Նա նմանում էր մի գրաստի, որ շատ կզարմանար, եթե իր տերը չմտրակեր:
Աղասին չէր հասկանում, թե ինչ էր խոսվում իր շուրջը, որովհետև վրացերեն չգիտեր: Բայց ինչ որ տեսավ, նրա վրա խիստ անախորժ տպավորություն գործեց: Այդ ի՞նչ տեսակ անզգամ կնիկներ են, այդ ի՞նչ տեսակ վայրենի մարդիկ են, մտածում էր նա. – բավական չէ, որ կնիկները օտար մարդու հետ խոսում են, օտար մարդու մոտ երեսները բաց են անում, բայց այնքան անամոթ են, որ միմյանց ջարդում էլ են: Նա մտաբերում էր սյունեցի հայ կնոջ ամոթխածությունը, որը ոչ թե օտարի, այլ իր տոհմակիցների հետ անգամ իրավունք չուներ ո՜չ խոսելու, ո՜չ դեմքը ցույց տալու: Իսկ Աղասին այստեղ բոլորովին այլ տեսակ կյանք էր տեսնում և համարում էր այդ երկիրը կատարելապես վայրենիների աշխարհ:
Բոլորովին անտեղի չէր պառավ Քեթևանի նկատողությունը, Դավիթ բեկը իսկապես թույլ էր իր տնտեսության մեջ: Ամենամեծ մարդիկն անգամ, որոնք պետություններ են կառավարում, որոնք աշխարհին օրենքներ են տալիս, երբեմն իրանց տունը, իրանց ընտանիքը կառավարելու շնորհք չունեն: Դավիթ բեկը, որպես պատերազմական մարդ, ուշադրություն չէր դարձնում ընտանեկան մանր գործերի վրա: Նա գոհ էր, եթե իրան հանգիստ կթողնեին ավելի խոշոր բաների վրա մտածելու համար: Այդ պատճառով նրա բարի դեմքը, որ մի րոպե առաջ փոքր-ինչ խոժոռվեցավ, կրկին իր սովորական պարզ արտահայտությունն ստացավ, երբ աղմուկը ու խռովությունը դադարեց:
Թինան և Դարոն, երեխայի նման մոռանալով իրանց կերած ծեծը, մոռանալով միմյանց ծամերը քաշքշելը, այժմ հաշտ, ուրախ, ժպտալով ու ծիծաղելով, և միմյանց հետ քաղցրիկ խոսքեր խոսելով, փետրահան էին անում փասիանները: Երևի, դրանց սրտերը ոխակալության ծանոթ չէին, երևի, դրանք չգիտեին, թե ի՞նչ բան է վիրավորանքը:
– Թինա, ցավդ առնեմ, – ասում էր Դարոն, հոնքերի շարժվածքով ցույց տալով Աղասու վրա, – այդ մարդը ո՞րտեղից է եկել: – Մտիկ տուր, ի՞նչ սիրուն բեղեր ունի:
– Աչքերը ավելի սիրուն են, – հազիվ լսելի ձայնով նկատում էր Թինան, – ով գիտե, որքան շատ ճորտեր կունենա դա:
– Դրա համար էլ մեր աղան այսպես պատիվ է տալիս, իր մոտ է նստեցնում: Երևում է, ազնվական մարդ է. մեր թավադների մեջ այս տեսակ տղամարդիկ շատ քիչ կան: Տեսնո՞ւմ ես, ինչ լավ հագնված է, – ասաց Դարոն մի առանձին հոգեզմայլությամբ:
Թեև Աղասու հագուստը բաղկացած էր ղադաքե արխալուղից և Սյունյաց երկրում գործված, հասարակ շալե չուխայից, բայց այդ գրավում էր երկու մանկահասակ կնիկների ուշադրությունը, որովհետև իրանց երկրում ճորտերի տեր թավադներն անգամ այսպիսի հագուստ հագնում էին միայն հանդիսավոր օրերում:
Նրանք մաքրեցին փասիանները փետուրներից, լվացին, իստակեցին, հետո պտուտակավոր շամփուրների վրա խրելով, քարշ տվեցին կրակի վրա: Շամփուրները կախված էին առաստաղից քարշ ընկած շղթայից, և պատվելով կամաց-կամաց խորովում էին փասիանները:
Դարոյի և Թինայի մի քանի րոպե առաջ կատաղած սկեսուրը, Քեթևանը, այժմ բավական բարի դեմք ընդունելով, զբաղված էր կերակուրների կաթսաներով, որոնք նույնպես քարշ էին ընկած առաստաղի շղթաներից խարույկի վրա: Կերակուրները կաթսաների մեջ մի առանձին մելամաղձական ձայնով բըխբըխկում էին, տարածելով իրանց շուրջը խիստ ախորժելի հոտ: Մի քանի չափահաս աղջիկներ անդադար դուրս էին գալիս և ներս մտնում, կատարելով պառավի պատվերները: Նրանք ճրագի փոխարեն բռնած ունեին իրանց ձեռքում խեժավետ եղևնիի վառած տեշեղներ, որոնք լցրել էին տունը անուշ խնկահոտությունով: Դրանք Քեթևանի աղջիկներն էին, թվով երեք հոգի, որոնց երեցին կոչում էին Սոփիո, միջնակին` Փեփելո, իսկ կրտսերին` Նինո: Այդ ուրախ, պարզամիտ արարածները, կոլոլված չթեղեն դերիաների մեջ, բոբլիկ ոտներով վազվզում էին, թրթռում էին կրակի շուրջը, երբեմն այս բերելով, երբեմն այն տանելով, և յուրաքանչյուր սխալ գործելու միջոցին` պառավ մոր զգուշացնող հիշոցները ամենևին չէին խանգարում նրանց ուրախությունը, որի պատճառը իրանք էլ չգիտեին:
– Սոփիո, – հարցրեց երեց քրոջից միջնակ քույրը, Փեփելոն, նրան մի կողմ տանելով, – այդ մարդը միշտ պիտի մնա՞ մեր տանը:
– Չեմ իմանում, – պատասխանեց սառնությամբ Սոփիոն, – կարելի է մնա, կարելի է գնա: Ով է իմանում:
– Ես կուզեի, որ նա միշտ մեր տանը մնար, – ասաց Փեփելոն ժպտելով, – դու չէի՞ր ուզի:
– Հողեմ նրա գլուխը… ինչի՞ս է պետք… – պատասխանեց Սոփիոն իր գեղեցիկ դեմքի վրա մի ծաղրական խոժոռ գործելով:
– Սիրուն տղամարդ է:
– Սիրուն տղամա՞րդ է, քեզ համար պահիր, – ասաց Սոփիոն, ձեռքի հինգ մատներով աննկատելի կերպով «մրճիկ հանելով»†††††† դեպի Աղասու կողմը:
Մանկահասակ աղջիկներին հատուկ է իրանց առաջին սերը արտահայտել արհամարհանքով: Երբ գյուղացի հասարակ աղջկան մի սիրային խոսք ես ասում և նա պատասխանում է քեզ բարկությամբ կամ ապտակով, կարող ես այնուհետև վստահ լինել, որ նա ընդունեց քո առաջարկությունը: Այդ կետից պետք է բացատրել Սոփիոյի արհամարհանքը դեպի Աղասին: Սյունեցի վայելչադեմ երիտասարդը արդեն իր վրա էր դարձրել աղջիկների և հարսների բարի ուշադրությունը, թեև նրանց ոչ մեկի հետ չէր խոսացել, թեև ինքը նրանց վրա ուշադրություն չէր դարձնում:
Փոքրիկ տնակի մեջ կյանքը հետզհետե ավելի ուրախ, ավելի բաղադրյալ կերպարանք է ստանում: Պառավ Քեթևանի որդիները, որոնք Բեկի տանը ծառաների և սպասավորների պաշտոն էին կատարում, ավարտելով իրանց գործը ախոռատնում կամ մարագում, այժմ եկել, ընտանեբար շարվել էին կրակի շուրջը: Մեկը տաքանում էր և խորին հոգեզմայլությամբ ականջ էր դնում կերակուրների եփ գալու ձայնին, մյուսը խորովվող փասիանների հոտովն էր հրապուրվում, երրորդը իր պատառոտած տրեխներն էր կարկատում, իսկ հինգերորդը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան: Նրանց մոտ թավալվում էին մի խումբ կիսամերկ երեխաներ, պառավ Քեթևանի թոռնիկները, մեկը ծուլորեն հորանջում էր, մյուսը նիրհում էր, իսկ մնացածները, որ ավելի արթուն էին, աչքերը չռած, ապուշ-ապուշ նայում էին կաթսաների վրա: Խարույկի մեղմ բոցերը պլպլում էին, լուսավորելով այդ ամբողջ նախնական կացությունը, որ իր պարզության մեջ կրում էր նահապետական կյանքի բոլոր վայելչությունները…
Բեկը լուռ մտախոհության մեջ թեք էր ընկած թախտի վրա. նա, կարծես, չէր նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Թևքը նեցուկ տալով գլխին, նա ընկողմանած էր բարձի վրա և նրա միտքը սլացել էր հեռու, հեռու դեպի հայրենի աշխարհը: Նա հիշում էր իր թշվառ մանկությունը, հիշում էր իր անբախտ, չքավոր ծնողներին, հիշում էր այն բոլոր տանջանքը, այն բոլոր ցավերի դառնությունը, որ մաշում էր նրանց: Օտարության մեջ անցուցած տասնևհինգ տարին երևում էր նրան որպես մի երազ, և քնից արթնացած մարդու նման, այժմ պատկերանում էր նրա մտքում միայն տխուր և վշտերով լի անցյալը, որ նա վարել էր հայրենական երկրում: Նա կրկին վեր առեց եպիսկոպոսների, վարդապետների, մելիքների, տանուտերների գրած հանրագիրը, սկսեց նորից կարդալ:
Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?