Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 6

Текст книги "Դավիթ Բեկ"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:07


Автор книги: Րաֆֆի


Жанр: Литература 19 века, Классика


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 6 (всего у книги 37 страниц) [доступный отрывок для чтения: 12 страниц]

Шрифт:
- 100% +
Ժ

Մինչ երկու մելիքները տխուր հուսահատության մեջ նախատում էին իրանց անհեռատեսությունը, պախարակում էին իրանց դանդաղկոտությունը, այդ միջոցին բանտապետը դուրս էր բերում գերիներին իրանց մթին խորշից: Նայողների հետաքրքիր բազմությունը հավաքված էր այնտեղ, և անհամբերությամբ սպասում էին տեսնել այդ թշվառներին, որոնք մի քանի ամիս մաշվում էին ստորերկրյա զնդանի մեջ: Այնտեղ դուրս բերեցին գերիներին, մի քանի ղաթարներով, որպես քարավանի գրաստներին կապում են միմյանց հետ: Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց. մի երկայն շղթա, որի օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին: Այդ բավական չէր, բոլորի թեքերը ետևից շղթայված էին կապանքներով: Բանտապետը սկսեց բաց անել կապանքները: Շատերը չէին կարողանում ոտքի վրա կանգնել. ստորերկրյա զնդանի սպանիչ խոնավությունը անցել էր մինչև նրանց ոսկրները և թուլացրել էր նրանց ջղերը: Մարդ սարսափում էր, նայելով այդ մաշված, դեղնած, դալկացած թշվառների վրա, որոնք, կարծես, գերեզմանից էին դուրս գալիս: Տեսնելով դրսի օդը, դրսի լույսը, նրանք փոքր-ինչ զվարթացան, իսկ ազատության հույսը կյանք տվեց նրանց: Շղթաների մեջ մի քանիսը մեռած էին. դիակը օրերով կապված էր մնացել կենդանի ընկերի հետ: Նրանց կրկին ձգեցին զնդանի մեջ, որ հրապարակի վրա չմնան, որ Թորոսի մարդիկը չտեսնեն:

Դժվար է նկարագրել այն անսահման ուրախությունը, որ տիրեց այդ թշվառներին, երբ Թորոս իշխանի մարդիկը եկան նրանց տանելու: Մի քանի րոպե ցնորվածի նման գրկախառնվում էին, համբուրվում էին և շատերը արտասուք էին թափում: Թորոսի, այդ փրկարար հրեշտակի, պաշտելի անունը մոռանալ տվեց նրանց կրած տանջանքները: Շատերի համար մաքուր հագուստներ էին ուղարկված իրանց ազգականներից, և սկսեցին անմիջապես փոխել իրանց կեղտոտ հագուստները: Պատանի Ստեփաննոսը հագնվեցավ, որպես վայել էր մի իշխանական տոհմի ներկայացուցչին: Նրա գլխի վերքը հոգատար տիկնոջ խնամքով բավական լավացած էր, իսկ գունաթափ, հիվանդոտ դեմքը իր թառամության մեջ ավելի գեղեցիկ էր: Երբ նա բոլորովին պատրաստ էր, խանի մանկլավիկներից մեկը մոտեցավ նրան, և գլուխ տալով, ասաց.

– Խանը հրամայեց իր հետ ճաշել, Թորոս իշխանն էլ այնտեղ է:

Մանկահասակ իշխանազնը, շրջապատված իր հոր վաղեմի ծառաներով, սկսեց հանդիսավոր կերպով դիմել դեպի խանի վրանը: Նա անցավ կանանոցի չադրների մոտից: Այդ միջոցին չէր կարելի չնկատել, որ կանանոցի սարայփերդեից մի գեղեցիկ կանացի գլուխ կիսով չափ վեր բարձրացավ, և երկու խոշոր, սևորակ աչքեր սկսեցին նայել նրա վրա: Մանկահասակ իշխանազնը շուռ եկավ դեպի այն կողմը և երկուսի աչքերը հանդիպեցին միմյանց: Այդ լուռ, խորհրդավոր հայացքի մեջ նրանք այնքան շատ բան ասեցին միմյանց և այնքան ազդու կերպով արտահայտեցին իրանց սրտերի զգացմունքները, ինչ որ անկարող էր կատարել պերճախոս լեզուն: Մնացած գերիները տարվեցան Թորոսի ձիավորների մոտ:

Խանը այնպես ուրախությամբ հանդիպեց Ստեփաննոսին, կարծես, մի ցանկալի հյուր էր ընդունում, կարծես, նրա հետ նոր էր ծանոթանում, և բնավ չգիտեր, թե նա իր բանտումն էր գտնվում: Շահումյանների տունը քանդողը, նրանց երկիրը բռնությամբ գրավողը և Ստեփաննոսի հորը ու նրանց ամբողջ ազգատոհմը սրից անցկացնող գազանը, մի առանձին քաղցրությամբ դարձավ դեպի պատանին, հարցնելով.

– Լա՞վ եք, ո՞ղջ եք, առո՞ղջ եք, ինչպե՞ս է ձեր քեֆը, բարով եկաք, հազար բարով, – և հրավիրեց նրան նստել իր մոտ:

Հպարտ պատանին, որին ավելի էին ցավեցնում այդ շողոքորթությունները, քան իր մի քանի րոպե առաջ կրած շղթաները, սառնությամբ գլուխ տվեց խանին, հայտնելով իր շնորհակալությունը նրա ուշադրության համար, և մոտեցավ Թորոս իշխանին, գրկվեցավ նրա հետ: Իշխանի ուրախությանը չափ չկար: Այդ վեհ, մեծասիրտ մարդը չկարողացավ զսպել իր արտասուքը, երբ տեսավ իր քրոջ որդուն, որը կարծես ոգիների աշխարհից էր վերադարձել, որին մյուս անգամ տեսնելու ամենևին հույս չուներ: Պատանու մռայլոտ աչքերում նույնպես երևացին արտասուքներ: Այդ անսահման հոգեկան վրդովմունքի մեջ, նրանք ոչինչ միմյանց ասել չկարողացան: Խանի վրա ազդեց նրանց սրտաշարժ դրությունը և խնդրեց նրանց նստել, ասելով.

– Հանգստացեք, ամեն բան լավ կլինի… ամեն բան կմոռացվի… չարժե այսքան տխրել անցավոր աշխարհի համար…

Բռնակալի խոսքերի մեջ կար և կարեկցություն և դառն հեգնություն: Նա խրատում էր չտխրել անցավոր աշխարհի համար, որ միայն հայ մարդու վերաբերությամբ սև էր. նա խրատում էր մոռանալ սպանված հորը, սպանված մորը և սրից անցած ամբողջ ազգատոհմը. նա խրատում էր մոռանալ հայրենական կորցրած երկիրը, որ իր ձեռքումն էր գտնվում:

Պատանի Ստեփաննոսը իր աչքերը դարձրեց դեպի վրանի առջևի հրապարակը, որի վրա միմյանց հանդեպ կանգնած էին երկու շարք ձիավորներ` հարոց և պարսից: Յուրաքանչյուր շարքը զուգահեռաբար ձգվում էր, որպես մի ուղիղ պարիսպ կազմված զինված ձիավորներից: Թե՜ հայերը և թե՜ պարսիկները, հրացանները պատրաստ ձեռներին բռնած, լուռ և կասկածավոր կերպով նայում էին միմյանց երեսին: Արեգակի ճառագայթները շողշողում էին փայլուն զենքերի վրա և լուսավորում էին անթիվ գլուխներ սև փափախներով, որոնք միախառնվելով, ձևացնում էին մի տեսակ մթին, լայնատարած զանգված: Նա երեսը շուռ տվեց և հարցրեց Թորոսից:

– Մենք երկա՞ր պիտի մնանք այստեղ:

– Ոչ, – պատասխանեց իշխանը լռությամբ, – շուտով կհեռանանք:

Խանը հասկացավ, որ նրանք աճապարում են, հրամայեց շուտով ճաշի սեղանը պատրաստել:

– Դուք, – ասաց նա դառնալով իր հյուրերին, իմ աղուհացը անպատված կլինեք, եթե ինձ հետ չճաշեք: Ձեզ սեղանակից կլինեն և երկու հարգելի հյուրեր` մելիք Ֆրանգյուլը և Բաղր բեկը:

Լսելով այդ երկու գարշելի անունները, թե՜ իշխանը և թե՜ պատանին երկուսն էլ վեր կացան, հայտնելով, թե չեն կարող սեղանակից լինել այնպիսի անազնիվ և զզվելի մարդկանց հետ: Խանը նկատելով այդ, կատակի ձև տվեց իր առաջարկությանը, ասելով.

– Տեսնո՞ւմ եք, սուտ չեն ասում, թե հայերի մեջ միաբանություն չի լինի:

– Շների հետ չեն միաբանվում, խան, – պատասխանեց իշխանը փոքր-ինչ բարկացած ձայնով: – Այսպիսի ցած խաբեբաները, այսպիսի անամոթ ստախոսները, այսպիսի անարգ դավաճանները ձեզ մոտ միայն կարող են շնորհ գտնել, իսկ ես նրանց զզվելի երեսը տեսնել չէի ցանկանա:

Որքան և վիրավորական լինեին իշխանի խոսքերը, դարձյալ խանը իրան զսպեց և ոչինչ չպատասխանեց: Նրան ի՞նչ վնաս երկու հայ մելիքների ցած, անամոթ, դավաճան լինելը, երբ նրանց խաբեությունից և դավաճանությունից միշտ օգուտ էր քաղում նա: Բայց ցանկանալով իր հյուրերին, որքան կարելի է, գոհունակ ճանապարհ դնել, նա իր խոսքը հետ առեց: Իշխանը և պատանին հանգստացան, կրկին նստեցին իրանց տեղերը:

Խանը սովորություն չուներ իր կանանոցում ճաշելու. կանանց հասարակությունը կարող էր ստորացնել նրա արժանավորությունները: Բացի դրանից, նրա կարծիքով, կանանց հետ պետք չէր շատ մտերիմ լինել, պետք չէր շատ ընտանեբար վարվել, այդ կարող էր նրանց ավելի համարձակություն տալ, կարող էր, ինչպես ասում են` նրանց «երեսը բաց» անել, լրբացնել: Կնիկներին պետք էր միշտ երկյուղի և սարսափի տակ պահել: Իսկ նրանց հետ ճաշելը գլխավոր պատճառներից մեկն էր մտերմական հարաբերությունների, որը շատ ցանկալի բան չէր: Եվ ո՞ր մեկի մոտ կարելի էր ճաշել: Նրանք թիվ և համար չունեին: Մեկի մոտ հյուր լինելիս, մյուսը անպատճառ կամ կվիրավորվեր կամ կնախանձվեր և կամ մի ուրիշ ղալմաղալ կսարքեր: Կնիկները ընդհանուր սեղանատուն չունեին, այլ յուրաքանչյուրը իր առանձին խոհանոցն ուներ: Այս պատճառով խանը, հետևելով բոլոր մեծ մարդերի սովորությանը, միշտ իր վրանումն էր ճաշում և միշտ ուներ իր մոտ հյուրեր իր ցեղի նշանավոր պետերից: Հացը, առատաձեռնությունը գլխավոր պայմանն էր այդ գիշակերներին իր հետ կապելու: Բայց այս անգամ ոչ ոք չէր կանչված, որովհետև այնտեղ կային քրիստոնյա հյուրեր, որոնց հետ սեղանակից լինելը կարող էր պղծել մահմեդականներին: Չէր կանչված և ցեղի շեյխը, հոգևոր գլուխը, որը խանի սեղանի անպակաս հացկատակն էր: Այնտեղ կային, բացի իշխանից և պատանի Ստեփաննոսից, գլխավոր քարտուղարը (մունշի-բաշին) և բժիշկ-դերվիշը, որին խանի խնդրելով շեյխը ուղարկել էր նրա մոտ, որ հրաշալի մաջունի մասին տեղեկություն ստանա: Այդ տարօրինակ մարդը իր օտարոտի կերպարանքով իր վրա էր դարձնում բոլորի ուշադրությունը: Հունական հին մերկիմաստակների պես, նրա ամբողջ հագուստը բաղկանում էր մի կտորից միայն. դա հասարակ կտավից կարված մի սպիտակ շապիկ էր, հայոց ժամի շապիկների նման, որ իջնում էր մինչև կրունկները: Բացի դրանից ուներ մի վագրի մորթի, որ նստելու ժամանակ իր տակն էր ձգում որպես օթոց, իսկ ման գալու ժամանակ ձգում էր ուսերի վրա որպես թիկնոց: Գլխարկ չուներ. նրա տեղը բռնել էինի գլխի խիտ, խճճված մազերը, որոնք երբեք մկրատի և սանրի երես չտեսնելով, թաղիքի ձև էին ստացել: Մորուքը նույնպես սանրված չէր: Երևում էր այդ դերվիշը պատկանում էր ֆագիրների այն դասակարգին, որոնք ճգնության և իրանց անձը զրկելու ու տանջելու փորձությունների մեջ, մտածում են գտնել մի հոգևոր և գերբնական գոյափոխություն, որ կհեշտացներ նրանց հաղորդակցություն ունենալ անմարմին էակների հետ: Մերկ պարանոցի վրա, կանանց մանյակների նման, անցուցած էին զանազան տեսակ հուլուններ, որոնք կախարդական և թելիսմանական նշանակություն ունեին: Երկու ձեռքերի, մինչև արմունկները մերկ, բազուկների վրա փաթաթած էին աղոթելու «տերողորմյաներ» յուսրից††† շինված, սև և խոշոր հատիկներով: Երեսի թուխ կաշին, գլխի և մորուքի սև, և փոքր-ինչ ստևանման մազերը ցույց էին տալիս, որ այդ թափառաշրջիկ մերկիմաստասերը եկած պիտի լիներ Արաբստանի խորքերից: Նրա խռպոտ ձայնը և պարսկական մաքուր արտասանությունը հաստատում էին այդ: Բայց նրա խոսակցությունը ավելի երգի հանգ և ներդաշնակություն ուներ, քան հասարակ խոսակցության: Նա ավելի պատասխանում էր, քան թե խոսում էր: Նրա պատասխանները կարճ հանելուկների ձև ունեին, որոնց պետք էր մեկնել, բացատրել:

Ճաշի ժամանակ էր: Խանի մանկլավիկներից մեկը, մի ձեռքում բռնած արծաթե լագան, մյուսում արծաթե ջրածիկ (աֆտաֆա) մտավ վրանը: Նախ լագանը դրեց խանի առջև, չոքեց, սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա, նա լվացվեցավ: Հետո լագանը դրեց դերվիշի առջև. նա հրաժարվեցավ լվացվելուց, հայտնելով, թե լվացվելու սովորություն չունի: Հետո լագանը դրեց իշխանի առջև, իսկ նրա լվացվելուց հետո հերթը հասավ Ստեփաննոսին և գլխավոր քարտուղարին: Բայց պետք է ասած, որ ամենքը ավելի թրջում էին իրանց ձեռքերը, քան թե լվացվում էին:

Դերվիշի յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր սովորությունը միշտ խորհրդավոր նշանակություն ունենալով պարսիկների աչքում, խանը հետաքրքրվեցավ իմանալ, թե ինչո՞ւ նա լվացվելու սովորություն չունի:

– Պետք է մաքրել ներքին մարդը, – պատասխանեց նա:

– Ներքին մարդը ո՞րն է:

– Հոգին:

Եվ իրավ, նա երկար տարիներ չէր լվացվել, և ամբողջ մարմինը կեղտով պատած, հոտում էր: Ավելի զզվելին այն էր, որ զանազան միջատներ համարձակ կերպով շրջում էին, վժվժում էին նրա մորուքի և գլխի մազերի մեջ, մարմնի վրա, որոնց հոժարակամ նա թույլ էր տվել ուտել իր անձը:

Լվացվելուց հետո մի ուրիշ մանկլավիկ տարածեց հատակի գորգերի վրա սեղանի գույնզգույն սփռոցը: Սփռոցը գործված էր Սպահանում և նրա ծոպավոր եզերքի վրա արաբական խոշոր տառերով տպված էին զանազան աղոթքներ ղորանից և այլ գրքերից: Մեջտեղում գունավոր թելերով ասեղնագործած էին հրեշտակների պատկերներ, որոնք ձեռքներին բռնած ունեին փոքրիկ մանգաղներ և ցորենի հասկերից փունջեր: Այդ բոլորը արտահայտում էին խանի կրոնական ջերմ հավատը: Իսկ ավելի ազատամիտ մահմեդականների սեղանի սփռոցը Պարսկաստանում այլապես է պատրաստվում: Ղորանի աղոթքների փոխարեն լինում են Հաֆիսի կամ Սաադիի երգերից գեղեցիկ կտորներ, իսկ հրեշտակների փոխարեն` կիսամերտ աղջիկներ, կամ մշտադալար հյուրիների ու փերիների հրապուրիչ պատկերնր, որոնք կամ պար են գալիս, կամ գինում բաժակներ են մատուցանում քեֆի մեջ ընկղմված մի հեշտասեր տղամարդի:

Երբ սեղանի սփռոցը տարածվեցավ, մի քանի ուրիշ մանկլավիկներ, գլխների վրա դրած, բերեցին երեք մեծ պղնձե սինիներ§§§, որ սքողած էին թանկագին ծածկոցներով, որոնց եզերքը զարդարած էին ոսկեթել ծոպերով: Սինիներից մեկը դրեցին խանի առջև, մյուսը իշխանի և Ստեփաննոսի առջև, իսկ երրորդը դերվիշի և գլխավոր քարտուղարի առջև: Երբ բարձրացրին ծածկոցները, սինիների վրա տեսնվեցան շարված բազմաթիվ մեծ և փոքր պղնձե պնակներ, լի զանազան տեսակ կերակուրներով, որոնց տաքությունը պահպանելու համար ծածկված էին նույնպես պղնձե կալպակներով: Այդ անոթները իրանց գեղեցիկ քանդակագործություններով, որպես պարսկական արհեստի և ճարտարապետության ճոխ արդյունք, կարող էին ամենանշանավոր մուզեումի զարդարանքը լինել:

Բայց Թորոս իշխանի ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան. ոչ միայն խանի սինին և նրա կերակուրները բաժանված էին մյուս հյուրերի բաժիններից, – այլ նա նկատեց, որ խանի սինիի ծածկոցի ճոթերը կնքված էին մոմով: Նա առաջ խնամքով նայեց կնիքներին, հետո իր ձեռքով վեր առեց ծածկոցը:

Իշխանը չկարողացավ իր հետաքրքրությունը զսպել և կասկածավոր կերպով հարցրեց.

– Այդ ի՞նչ կնիքներ են:

– Ինչո՞ւ եք զարմանում, – խոսեց խանը ժպտալով, – այն խոհանոցը, ուր պատրաստվում են ինձ համար կերակուրներ, գտնվում է մորս անմիջական հսկողության ներքո, նա սովորություն ունի իր ձեռքով ածել կերակուրները և իր կնիքով կնքած ինձ ուղարկել:

– Ինչո՞ւ համար:

– Ինչպե՞ս ինչու համար. կերակուրները կարող են թունավորել:

– Ովքե՞ր:

– Կնիկները: Մի՞թե կարելի է նրանց հավատալ, եթե ինձ հետ թշնամություն էլ չունենան, կարող են կաշառված լինել դրսից: Անցյալ տարի փոքր էր մնում, որ ես պիտի մեռնեի, եթե ինձ չազատեր մի թավրիզեցի հայ բժիշկ: Փլավի մեջ թույն էին խառնած, ես կերա առանց զգալու. իսկույն սկսեցին աղիքներս կտրատվել: Այն օրից մայրս արգելեց այդ քածերին իմ խոհանոցը մտնել, և կերակուրների սինին կնքված է ուղարկում ինձ, միգուցե սպասավորները նույնպես չարություն գործեն: Ախար ամենն էլ այստեղ բարի պտուղներ չեն:

Խանը այնպես հասարակ կերպով էր խոսում իր ընտանեկան գաղտնիքների վրա, կարծես, այնտեղ մի սովորական բան լիներ թունավորելը, սպանելը: Կնիկները, նրա կարծիքով, կյանքի ընկերներ չէին, այլ մի տեսակ անհավատարիմ առարկաներ, որ լավ չէին ծառայում, որոնց վրա հույս դնել չէր կարելի:

– Հայտնվեցա՞վ թունավորողը:

Հայտնվեցավ. ես հրամայեցի անզգամին ձգեցին մի տոպրակի մեջ և խենջարներով ծածկեցին:

Պարսիկների մեջ հարեմական դրությունը կնոջ վերաբերությամբ պահպանվում էր և պատժի ժամանակ: Դահիճը չպիտի տեսներ իր զոհի երեսը, այս պատճառով նրան սկզբից ձգում էին մի մեծ տոպրակի մեջ և բերանը կարում: Գործողությունը կատարվում էր տոպրակի դրսից, երբ ամեն ինչ վերջացած էր, միևնույն արյունաթաթախ պատանի մեջ դիակը տանում թաղում էին:

Խանը մինչև անգամ պատմեց այն մանրամասնությունները, որ առիթ էին տվել այն «անզգամին» թունավորել իրան. ասաց, որ նա մի հասարակ գյուղացի աղջիկ էր, մի օր որսորդության ժամանակ տեսավ նրան լեռների վրա, ոչխարներ էր արածացնում. տեսավ և հավանեց նրան, ներքինիներից մեկին ուղարկեց նրան բերեցին իր կանանոցը. աղջկա ծնողները ուրախացան, որ նա ընկավ խանի կանանոցը, թեև մի ուրիշ տղայի հետ նշանված էր, բայց «անզգամը» երևի չմոռացավ նրան, և խանին սպանելով, աշխատում էր կրկին ընկնել իր սիրելիի գիրկը:

Հարեմական ինտրիգաները, խեղճ կնոջ եղերական պատմությունը, թույնը, – այդ բոլորը այն աստիճան անախորժ տպավորություն գործեցիին թե՜ իշխանի և թե՜ պատանի Ստեփաննոսի վրա, որ նրանք բոլորովին կորցրին իրանց ախորժակը մի բան ուտելու, թեև պարսկական խոհանոցի արդյունաբերությունը հրապուրելու չափ համադամ էր: Պղնձե պնակների կալպակները բարձրացնելով, գտան նրանց տակ ամեն տեսակ խորտիկներ, սկսյալ մսեղենից, մինչև ընդեղեն, բանջարեղեն կերակուրները և բազմատեսակ անուշեղենները: Նրանց մոտ դրած էին ահագին ամանների մեջ զանազան տեսակ քաղցր շերբեթներ և մածնաթան (աբդուղ), որոնց պետք էր խմել ահագին շերեփներով, որ խիստ նուրբ և գեղեցիկ կերպով շինված էին շիմշատի դեղին փայտից: Ոգելից ըմպելիքներ չկային: Դանակ, պատառաքաղ, սեղանի այսպիսի պարագայք չկային: Բոլոր կերակուրները պետք էր ուտել մատներով: Երբեմն խանը յուղաթաթախ մատներով վեր էր առնում իր բաժնից մի պատառ տապակած միս կամ մի բուռը փլավ, և դնելով իշխանի պնակի մեջ, ասում էր. – Կերեք, դա լավ կտոր է: Այդ առանձին ուշադրություն և առանձին պատիվ էր հյուրին: Դերվիշը ոչ մի կերակուրի չդիպավ, հայտնելով, թե սովորություն չունի մսեեն կերակուրներ ուտելու: Նրա կարծիքով այդ մի տեսակ գազանություն էր, որ մի անասուն, մորթում, ուտում էր մի ուրիշ անասունի միսը: Նա առեց մի կտոր ցամաք հաց, թաթախեց աղի մեջ և կերավ: Այդ եղավ նրա ճաշը: Հետո հեռացավ սեղանից, կուչ եկավ վրանի մի անկյունում, և հանեց իր կշտից քարշ ընկած, հովվի մախաղի նմանություն ունեցող գրպանից մի ինչ-որ բան, դրեց փոքրիկ ղեյլանի գլխի վրա, վառեց ղեյլանը, սկսեց ծխել: Մի րոպեում ամբողջ վրանը լցվեցավ դառն, կծու և խեղդող ծխով: Բայց այդ արբեցուցիչ ծուխը որքան անտանելի էր ուրիշներին, այնքան բավականություն էր պատճառում դերվիշին: Նա արդեն մի տեսակ կիսաքուն դրության մեջ, աչքերը փակած, նիրհում էր, բայց ղեյլանը բաց չէր թողնում ձեռքից և ծուխը մանր օղակներով դուրս էր գալիս երբեմն նրա պնչերից, երբեմն սևորակ և ուռած շրթունքի միջից: Սարսափելի էր նայել այդ կուչ եկած, մռայլոտ մարդու վրա, որ ներկայացնում էր մի չոր ու ցամաք կմախք, ոսկորների մի կույտ, որ կոլոլված էր իր սպիտակ շապիկի մեջ: Նրա այլանդակ դեմքի վրա երևում էին երբեմն տենդային ցնցումներ, իսկ երբեմն անցնում էր մի տեսակ չարախնդաց ժպիտ: Մերթ-մերթ նրա բերանից դուրս էին թռչում խուլ, անորոշ հառաչանքներ անհասկանալի բառերի հետ:

– Երևի որդիների հետ է խոսում, – ասաց խանը, մի առանձին սնահավատությամբ նայելով դերվիշի վրա:

Նա միևնույն դրության մեջ բոլորովին քնեց, դարձյալ իր ձեռքից բաց չթողնելով ղեյլանը: Մանկլավիկներից մեկը վեր առեց ղեյլանը և ծածկեց նրան թանկագին շալից կարված մի թեթև վերմակով: Իհարկե, եթե դերվիշը տեսներ այդ, շատ պիտի վիրավորվեր, որ նրա ճգնություններով սպանված մարմինը ծածկում էին այս տեսակ շքեղ վերմակով:

Ճաշելուց հետո, երբ վերքաղեցին սեղանը, դարձյալ լվացվելու ջուր բերեցին. այնուհետև փոքրիկ, նախշուն ֆինջաններով մատուցին սուրճ առանց շաքարի: Բոլորից վերջը տրվեցավ ղեյլան, բայց ոչ դերվիշի դառն ղեյլանի նման, այլ պատրաստված Պարսկաստանի անուշահոտ ծխախոտից:

– Հիմա ժամանակ է մեզ արձակել, խան, – ասաց Թորոս իշխանը, շնորհակալություն հայտնելով նրա հյուրասիրության համար:

– Ինչպե՞ս կարելի է, դեռ մենք ձեզ ոչինչ ծառայություն չենք ցույց տված, – պատասխանեց խանը ներողություն խնդրելով, – դուք պիտի մնաք մի քանի օրեր, մի քանի շաբաթներ, որ մենք կատարելապես կարողանանք ձեր պարտավորությունից դուրս գալ:

Իշխանը նույն կեղծ-քաղաքավարական ոճով հայտնեց, որ ինքը չափազանց շնորհակալ է խանից, որ կատարեց նրա խնդիրքը և իրան միշտ բախտավոր կհամարե, որ վայելում է նրա բարեկամությունը, և հույս ունի, որ այդ բարեկամությունը անխախտ կմնա, եթե խռովարար մարդիկ չխանգարեն նրան: Վերջին խոսքերով նա ակնարկում էր երկու հայ մելիքների վրա:

– Դուք այդ մասին անհոգ կացեք, իշխան, – պատասխանեց խանը երդվելով, – իմ հոր գերեզմանում թո՜ղ կրակ լցրած լինեմ, եթե ձեր մի մազը փոխելու լինեմ հազար այն տեսակ մարդիկների հետ:

Հետո հրամայեց նա իր սանդուխտարին (գանձապահին) իշխանի և պատանի Ստեփաննոսի համար պատրաստեն ընծաներ: Իշխանի համար դուրս բերեցին մի փառավոր վերարկու (ջուբա) որ կարված էր Քիշմիրի թանկագին շալից և զարդարած ոսկե թելերով: Այդ վերարկուն խանի սեփական վերարկուն էր, որ մի անգամ միայն հագել էր նա, երբ ներկայացավ պարսից շահին. այժմ ընծայելով իշխանին, պարսից մեծերի սովորությամբ մի առանձին պատիվ էր անում իշխանին, պարգևելով մի այնպիսի խալաթ††††, որ վեր էր առնված նորին գերազանցության` խանի սեփական թիկունքից: Բացի դրանից, ըծայեց նրան մի գեղեցիկ ջոհվարդար‡‡‡‡ թուր, Խորասանի գործ, արծաթյա պատյանով և թանկագին ակներով զարդարած երախակալով: Պատանի Ստեփաննոսի ընծաները ավելի հրապուրիչ էին. նա ստացավ մի ալմաստ մատանի և զենքերի մի ամբողջ թախում` թուր, հրացան, ատրճանակներ, գնդակի և վառոդի ամաններ, բոլորը ոսկեզօծ, արծաթով զարդարած և սև սևադով մինտ արած: Բացի դրանից, նա ստացավ մի գեղեցիկ նժույգ իր ամբողջ ասպազենքով:

Պատանի Ստեփաննոսին խիստ ծանր էր ընծաներ ընդունել այն գազանի ձեռքից, որ թաթախված էր իր հոր, իր մոր և իր ազգատոհմի արյունով: Այնուամենայնիվ, նա զսպեց իր մեջ վրեժխնդրության զգացմունքը, և խոնարհվելով ընդունված քաղաքավարական ձևերին, հայտնեց իր շնորհակալությունը խանի առատաձեռնության և բարեսրտության մասին:

Թե՜ իշխանի և թե՜ պատանու նժույգները արդեն կանգնեցրած էին վրանի հանդեպ. նրանք դուրս եկան, և խանը թափելով շողոքորթության և բարեկամական արտահայտությունների մի ամբողջ հեղեղ, ճանապարհ դրեց նրանց մինչև նժույգների մոտ: Նա իր ձեռքով բռնեց իշխանի նժույգի ասպանդակը և հրավիրեց նստել:

– Այդ արդեն չափից դուրս է, – ասաց իշխանը հրաժարվելով:

Խանը խնդրում էր ընդունել այդ ծառայությունը, որ նրա հյուրասիրության և բարեկամության մտերմության ավելի ազդու արտահայտությունն էր: Բայց իշխանը չկամենալով մինչև այս աստիճան ստորացնել նրան, ինքը թռավ թամբի վրա, առանց ընդունելու նրա ձեռքից ասպանդակը: Պատանի Ստեփաննոսը իր նոր զենքերով զինավորված, արդեն գտնվում էր իր նժույգի վրա: Հայոց ձիավորների խմբից լսելի եղավ փողի ձայնը, որ նշան էր հրաժեշտի:

– Մնաք բարյավ, խան, – ասեցին իշխանը և պատանի Ստեփաննոսը, իրանց նժույգների վրայից գլուխ տալով:

– Բարի ճանապարհ, – պատասխանեց խանը, նույնպես գլուխ տալով:

Վերադառնալով իր վրանը, նա իր մտքում ասաց. «Ես քո հպարտությունը, շուն հայ, մի խեցեղեն ամանի նման ոտքերիս տակ կփշրեմ…»:

ԺԱ

Մինչև այժմ երկու մելիքների շահերը համաձայն և լծորդաբար էին ընթանում: Նրանց միաբանությունը` հայ գերիների շղթայակապ մնալու, պատանի Ստեփաննոսի սպանման և Գենվազի գավառը իր միակ ժառանգից զրկելու վերաբերությամբ` բոլորովին անկեղծ էր: Բայց երբ այդ բոլոր մեքենայությունները ոչնչացան, երբ գերիները ազատություն ստացան և Թորոս իշխանը հաղթող հանդիսացավ, այնուհետև երկու մելիքների միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել: Մինչև այժմ նրանք միաբան էին մեկ խորհրդի մեջ միայն, այն է` Գենվազի գավառը զրկել իր միակ ժառանգից` Ստեփաննոսից, բայց թե նրանից հետո ո՞ւմ կմնար այդ գավառը, – վերջին հարցում երկուսի էլ շահերը տարբերվում էին: Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր իր ձեռքը ձգել Գենվազը և ամբողջ Ղափանի իշխանը դառնալ, իսկ մելիք Դավիթը նույն իշխանությունը իրան էր վերապահում: Մելիք Ֆրանգյուլը աշխատում էր օգուտ քաղել մելիք Դավիթի և նրա աղջկա աջակցությունից միայն սկզբնական գործողությունների համար, բայց երբ նա պարզ նկատեց, որ աղջիկը բոլորովին հակառակ է իր հորը, այնուհետև ավելի ցած ընկավ այդ մարդու նշանակությունը իր աչքում և ավելի հաստատ կերպով համոզվեցավ իր հույսերի մեջ, թե կարող է նրան ասպարեզից դուրս քշել:

Մելիք Դավիթը իր կողմից նկատում էր, որ իր վարկը, իր նշանակությունը հետզհետե ցած է ընկնում իր գործակցի աչքում, որ նա մինչև անգամ դադարել է իր հետ խորհրդակցելուց և ինչ-որ գաղտնի ձեռնարկության պատրաստություններ է տեսնում: Մելիք Ֆրանգյուլի այդ ծածկամտությունը ավելի զայրացրեց նրան, «ես քո հերը կանիծեմ»… ասաց նա իր մտքում և դուրս եկավ վրանից, անհամբերությամբ սպասում էր իր ծառային, որին ուղարկել էր ներքինապետ Ահմեդի մոտ լուր բերելու: Ուրացողը ներքինապետի միջնորդությամբ կրկին փորձ փորձեց տեսնվելու իր աղջկա հետ, հայտնելով, թե ինքը գնալու է Տաթև և ցանկանում է նրան մնաք բարով ասել: Ծառան վերադարձավ, բերելով ուրախալի լուրը, թե տիկինը բերեհաճել է ընդունել նրան:

Գիշեր էր: Մելիք Ֆրանգյուլը այս գիշեր նույնպես առանձին տեսություն էր խնդրել խանի հետ և գնացել էր նրա մոտ, առանց այդ մասին իմացում տալու մելիք Դավիթին: Ընկերոջ այդ վարմունքը ավելի կասկածանքի մեջ էր դնում նրան: Այս պատճառով նա վարձել էր խանի մանկլավիկներից մեկին, որ լրտեսե մելիքի խոսակցությունը խանի հետ և իրան տեղեկություն տա:

Սյուրին ընդունեց հորը մի առանձին վրանում, որ լուսավորված էր լապտերի լույսով և գտնվում էր կանանոցից դուրս: Այնտեղ կանգնած էր միայն ծերունի ներքինապետը, իսկ տիկինը նստած էր գորգի վրա, և ինքն էլ չգիտեր` թե ինչո՞ւ նրան հետաքրքրում էր համբարել գորգի փոքրիկ քառակուսիները: Տեսնելով հորը, նա դարձավ դեպի ներքինապետը.

– Ահմեդ, դուք կարող եք վրանի դրսում սպասել:

Ծերունին հեռացավ և նստեց վրանի կողքին, խոտերի վրա: Սյուրին դեռ գլուխը խոնարհեցրած, աչքերը չէր հեռացնում գորգից. հոր այցելությունը խանգարեց նրան և մոռացավ գորգի եզերքի մի անգամ համբարած քառակուսիների թիվը: Նա սկսեց կրկին համբարել: Աղջկա սառն ընդունելությունը սաստիկ վշտացրեց հորը, բայց նա զսպելով իր վրդովմունքը, սկսեց հայրական մեղմ և գթառատ խոսքերով կշտամբել նրա սառնասրտությունը, – սկսեց հիշեցնել նրան, թե ինքը հայր է, թե հոր պատիվը, հոր հարգանքը ինքն աստված հրամայում է զավակներին, թե զավակները իրանց պարտավորությունը այլ կերպ կատարած չեն կարող լինել, բայց միայն սիրելով և հնազանդվելով իրանց ծնողներին:

– Դու գիտե՞ս, Սյուրի, – վերջացրեց նա իր քարոզը, – ես ծերացել եմ, այս աշխարհում իմ միակ հույսը, իմ միակ մխիթարությունը դու ես մնացել: Աստված ինձ ուրիշ զավակներ չտվեց. եղածները բոլորը մեռան: Եթե դու ևս չմխիթարես քո հոր ծերությունը, ի՞նչ կլինի նրա վիճակը:

Սյուրին դեռ նայում էր գորգի վրա, այժմ սկսել էր համբարել նրա մյուս եզերքի քառակուսիները:

– Ես շրջապատված եմ թշնամիներով, – շարունակեց հայրը, – իմ խորհրդակիցները, իմ մտերիմներն անգամ փոս են փորում իմ առջև: Ամեն կողմից աշխատում եմ ինձ ցած գցել, ամեն կողմից պատրաստվում են խլել իմ փառքը: Իմ ծերությունը խայտառակությունով կվերջանա, եթե դու չօգնես ինձ: Դու այն գավազանն ես, որ պետք է նեցուկ լինի ծերունի հորը, որի վրա հենած, նա պետք է շարունակե իր ընթացքը: Բայց դու այն աստիճան անգութ ես, Սյուրի, որ մինչև անգամ մերժում ես հոր այցելությունը:

Սյուրին լսեց վերջին խոսքերը միայն: Նա անգիտակցաբար համբարում էր գորգի քառակուսիները, բայց նրա միտքը թռել, սլացել էր հեռու և հեռու, այն պատանու մոտ, որին Թորոս իշխանը այսօր իր հետ տարավ:

– Այո՜, ես առավոտյան մերժեցի քո այցելությունը, – պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով և այժմ միայն ուղիղ կերպով նայելով հոր երեսին: – Հիմա ընդունեցի: Ի՞նչ ասելիք ունես:

Այդ հարցը ավելի խոր խոցեց հոր սիրտը: Կնշանակե նա չէր լսում իր խոսքերը, կնշանակե ոչինչ ազդեցություն չունեցան իր քարոզները: Նրա հույսերը բոլորովին ջարդ ու փշուր եղան, բայց դարձյալ չկորցնելով իր վստահությունը, ասաց.

– Սյուրի, դու պետք է միջնորդես խանի մոտ, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ինձ հանձնե: Դու կարող ես այդ անել:

– Ես կարող եմ, բայց չեմ անի:

– Ինչո՞ւ:

– Ես չէի ցանկանա, որ Գենվազի և Բարգյուշատի հայ բնակիչները այնքան տանջվեին քո ձեռքում, որ գային խանի դռանը և իրանց կրակ տային, այրվեին, ինչպես այրվեցին այսօր տաթևացիները:

– Սյուրի, ընդունիր իմ խնդիրքը, աղաչում եմ, – առաջ տարավ նա ողորմելի ձայնով: – Եթե ծերունի հայրը ոչինչ հարգանք չունի քեզ մոտ, գոնե հիշիր մորդ, որ նրա կինն է եղել, որին սիրում էիր դու:

– Որին դու սպանեցիր… – պատասխանեց Սյուրին և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ:

– Ե՞ս… – բացականչեց հայրը սարսափելով. – աստված կպատժե քեզ, Սյուրի, որ այսպես չարաչար կերպով զրպարտում ես հորդ:

– Եթե աստծո պատիժները շուտ վրա հասնեին, դու այժմ այս աշխարհում չպիտի լինեիր… – պատասխանեց նա դողդոջուն ձայնով: – Կրկնում եմ, դու սպանեցիր իմ մորը: Դու ուրացար Լուսավորչի սուրբ հավատը Տաթևի մելիքությունը ստանալու համար և այնուհետև քո տունը լցրիր մահմեդական կնիկներով: Խեղճ մայրս չկամեցավ ապրել ուրացող ամուսնու հետ, թողեց քո տունը և գնաց իր հոր տունը: Քանի՞ անգամ քարշ տվեցին նրան և կամենում էիր բռնությամբ քեզ մոտ պահել, բայց դարձյալ փախչում էր նա: Քանի՞ անգամ գանակոծվեցավ նա քո անգութ ձեռքերից: Բայց այս բոլոր տանջանքներին կհամբերեր նա, եթե դու չխլեիր նրա միակ աղջիկը – ինձ, և չգցեիր մահմեդական հարեմի մեջ: Ես երբեք չեմ մոռանա այն սգավոր և ցավալի օրը, երբ խեղճ մայրս, արտասուքը աչքերում, տարածվել էր գետնի վրա, գրկել էր քո ոտները: Մյուս կողմում կանգնած էին խանի ներքինիները, իսկ մեջտեղում – ես: Մայրս աղաչում էր, պաղատում էր քեզ, որ ինձ խանի մարդկանց ձեռքը չտաս: Ես լաց էի լինում: Դու, առ ոչինչ համարելով իմ և մորս արտասուքը, ինձ հանձնեցիր նրանց ձեռքը: Մայրս կատաղությամբ վրա վազեց, ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն: Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա…

Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա, տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան:

– Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան…

– Ի՞նչ բան, – հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ:

– Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից… որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ… որի վերքերը դու դարմանում էիր բանտի մեջ… և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները…

– Այդ բոլորը ճիշտ է, – պատասխանեց Սյուրին սառնությամբ: – Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս: Այո՜, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ:

– Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել…

– Կաշխատեմ…

– Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել…

– Կաշխատեմ…

– Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ…

– Կաշխատեմ…

– Բայց գիտե՞ս ես ինչ կանեմ…

– Դու ինձ կմատնես… դու այդ բոլորը կհայտնեց խանին…

– Լավ հասկացար, – պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ: – Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե:

– Խանը ինձ խեղդել կտա:

– Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՜ բարկացրու հորդ:

– Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ «նրա» հետ ապրել:

Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտություն իր աղջկա կողմից: Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը:

– Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից, Սյուրի, – առաց նա, բռնելով նրա ձեռքը: – Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև…

Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ: Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.

– Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է: Բայց դու խաբում ես ինձ:

– Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում: Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում: Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս: Նա կներե ինձ, եթե դու ներես:

Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին: Նա պատրաստ էր գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ առաջին անգամն էր լսում նրա բերանից: Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա սպառնական ձայնը.

– Դու, – ասաց նա մելիքին, – նախ քան մեղանչելը քո ընտանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին: Դու մեղանչել ես Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև ուրացար մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնը: Ոչ ոք չի կարող ներել քեզ, մինչև ազգը և եկեղեցին չներեն քեզ: Եթե քո խոսքերը ճշմարիտ են, եթե զարթել է քո մեջ խիղճը, գնա՜, մտի՜ր Տաթևի վանքի մեջ, որ քո ձեռքով քանդեցիր, որի սրբությունները կողոպտեցիր, – գնա մտիր նրա տաճարի մեջ և այնտեղ ներողություն խնդրիր: Այն ժամանակ բոլորը կհաշտվեն քեզ հետ, թե ազգը, թե եկեղեցին, և թե քո զավակը: Բայց քանի որ դու քո փառասիրության համար ոտնակոխ կանես ամեն սրբություն, ամեն մարդ անեծք կթափե քո գլխին: Ինչո՞ւ ես մոլորեցնում այդ անբախտ աղջկան. ինչո՞ւ ես աշխատում նրան գործիք շինել քո չար դիտավորություններին: Բավական չէ՞, որ Տաթևի ամբողջ գավառը տանջվում է քո ձեռքում, հիմա կամենում ես Գենվազը և Բարգյուշատն է՞լ ձեռք գցել: Այդ չես կարող հաջողեցնել: Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր: Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը…

Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը: Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու: Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան. մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները: Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրցնելու չափ նա քաջություն չուներ: Այդ պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.

– Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը…

Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր: Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.

– Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայինների ձեզպիսիների չարագործություններից: Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից…


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации