Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 10

Текст книги "Դավիթ Բեկ"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:07


Автор книги: Րաֆֆի


Жанр: Литература 19 века, Классика


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 10 (всего у книги 37 страниц) [доступный отрывок для чтения: 12 страниц]

Шрифт:
- 100% +

Աղասին լուռ նստած էր թախտից ցած, հատակի վրա: Նրա ուշադրությունը այժմ գրավել էին երկու հարսները, որոնք տաշտի մեջ սիմինտրի ալյուրից խմոր էին հունցում, այդ խմորից գնտակներ էին շինում, և խարույկի շիկացած ածուխները բաց անելով, գնտակները թաղում էին տաք մոխրի մեջ, կրկին ծածկում էին ածուխներով: Այնտեղ, մոխրի մեջ առանց այրվելու, եփվում էին գնտակները: Դա այդ երկրի հաց թխելու ձևն էր, որ ոչ սակավ զարմացնում էր Աղասուն, հիշեցնելով նրան իր հայրենիքի սպիտակ, թղթի պես բարակ լավաշները, որ պատրաստվում էին թոնրի մեջ: Ինչպե՞ս ուտում են այս տեսակ հացը, մտածում էր Աղասին, այն ևս այսպիսի տան մեջ: Նա այժմ սկսեց նայել սենյակի պատերի այն ճակատի վրա, որ պատած էր պարսկական գորգով, որ կողմումը դրված էր և Բեկի թախտը: Այստեղ տեսարանը բավական գրավիչ էր: Պատի վրա կարգով քարշ էին ընկած զանազան տեսակ հին և նոր զենքեր, զանազան տեսակ անոթներ: Այնտեղ կարելի էր տեսնել երկաթե մանր օղակներից հյուսված շապիկներ, որ զրահի տեղ էին գործածվում: Այնտեղ կային պարսկական ճաշակով շինված, հնադարյան սաղավարտներ երկաթե վակասներով: Այնտեղ կային վահաններ, նիզակներ, տապարներ, որ կրում էին վաղեմի ժամանակների արհեստի կոշտությունը: Դրանց թվում կարելի էր տեսնել և նոր ժամանակի զենքերը. թրեր, ատրճանակներ, հրացաններ, լեզգու խենջարներ, բոլորը բավական գեղեցիկ և շքեղ կերպով պատրաստված: Դրանց շարքում զետեղված էին` ահագին եղջյուրներից շինված և արծաթով պատած գինու գավաթներ, զանազան տեսակ չիբուխներ, գունավոր փայտից շինված գինու սրվակներ, որսորդական փողեր, մի խոսքով բոլորը, ինչ որ կայացնում էր տան տիրոջ գլխավոր հարստությունը:

Սենյակի մյուս պատերի վրա Աղասին տեսնում էր քարշ ընկած ավելի հասարակ առարկաներ, որպիսիներն էին` ձիու սանձեր, թամքերի պարագայք, մարդիկ կամ ձիաներ բռնելու առասանակներ (արկան), և դրանց թվում կարելի էր տեսնել մինը մյուսի հետ կապված, խեցեղեն փոքրիկ թմբուկներ, դայիրաներ, որոնք մանկահասակ հարսների և աղջիկների երաժշտական սեփականությունն էին:

Բեկը վերջացնելով հանրագրի կրկին ընթերցումը, դարձավ դեպի Աղասին այդ հարցով.

– Դու այստեղ գալու ժամանակ Ֆաթալի խանը Ղափանո՞ւմն էր, թե մի ուրիշ տեղ:

– Խանը Ղափանում չէր, – պատասխանեց Աղասին, սրտում ուրախանալով Բեկի հետաքրքրության մասին, – ես գալու ժամանակ նա իր ցեղով անցել էր Արաքսը Ղարադաղի լեռների վրա ամառը անցկացնելու համար:

– Իհարկե, նա այնտեղ կմնա մինչև աշնան վերջը:

– Իհարկե, կմնա. խաշնարածները, մինչև ջուրը չսառչի, չեն վերադառնում իրանց ամառանոցից:

Վերջին տեղեկությունները մի հուսադրական ուրախություն ազդեցին Բեկի սրտին և նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը փոքր-ինչ պայծառացավ: Նա այժմ գտնվում էր այն հոգեկան բերկրանքի մեջ, որպես մի մարդ, որ տեսնում էր իր առջև նպաստող հանգամանքներ, որոնք կարող էին հասցնել ցանկալի նպատակին:

Նրա մտածությունները ընդհատեց մի աղմուկ, որ լսելի եղավ դրսից:

Գ

Բակից լսելի եղավ շների հաչելու խառնաձայն աղաղակը, որպես թե նրանք մեկի վրա հարձակված լինեին: Պառավ Քեթևանի երկու որդիները, Փրիդոնը և Նիկոն, մահակները առնելով, դուրս վազեցին տեսնելու, թե ինչ է պատահել: Աղմուկը ավելի խռովյալ կերպարանք ստացավ: Մեկի սպառնալից հայհոյանքները խառնվում էին շների կատաղի հաչելու հետ: Կանայքը նույնպես վազեցին դեպի դուրս, բայց հասնելով սենյակի շեմքին, նրանք սարսափելով հետ-հետ քաշվեցան և սաստիկ ճիչ բարձրացրին: Այդ միջոցին դռնից հայհոյանքներով ներս պրծավ մի վիթխարի մարդ, որ երկու ձեռքով պինդ բռնել էր մի ահագին գամփռի ականջներից և իր հասակի երկայնությամբ վեր էր բարձրացել: Շան երեսը դարձրած էր դեպի իր ախոյանը, նա լայն բերանը բաց արած, սպիտակ ժանիքները ցույց էր տալիս, մռնչում էր, հեծկլտում էր և զորեղ թաթերով ճանկռտում էր վիթխարիի կուրծքը, բայց դարձյալ չէր կարողանում իր գլուխը ու ականջները ազատել նրա ձեռքից:

– Այսուհետև կխելոքանաս, – ասում էր վիթխարին, – էլ Բայինդուրի վրա չես հարձակվի, երբ քո ականջներից լավ կքաշեն:

Վիթխարիի վարմունքը, որ սկզբում սարսափ ազդեց տանեցիների վրա, այժմ շարժում էր բոլորի ծիծաղը, որոնք շրջապատելով նրան, խնդրում էին, որ բաց թողնե շանը և նրա պատիժը բավական համարե: Վիթխարին սաստիկ ուժով շպրտեց գազանին մի քանի քայլ հեռու, որը մնաց հատակի վրա անշարժ: Հետո մի առանձին վեհությամբ կանգնելով նրա դիակի մոտ, խոսեց.

– Ահա այդպես, անպիտան, այսուհետև կսովորես, թե ինչպես պետք է վարվել Բայինդուր իշխանի հետ: Պարսից շահնշահը նրան «բաթման-ղլիճ» Բայինդուր էր կոչում, իսկ դու, անպիտան, ո՞ւմ հետ ես խաղ խաղում…

Այդ իրավ է, որ պարսից շահնշահը Բայինդուր իշխանի անպարտելի ուժի համար նրան բաթման-ղլիճ տիտղոս էր տվել, որ նշանակում է` մի բաթմանի ծանրությամբ թուր կրող: Բայց ողորմելի շանը ինչո՞վ էր հետաքրքիր, թե նա պարսից թագավորից ինչ տիտղոս էր կրում:

Նկատելով, որ շունը ոչինչ չէ պատասխանում, թողեց նրան հատակի վրա, և մոտենալով Բեկին, ինքն իրան ասում էր.

– Ինչպես տերն է, այնպես էլ իր շներն են. քաղաքավարություն ասած բանի հոտն անգամ չեն առել:

Դավիթ բեկին վաղուց հայտնի լինելով իշխանի տարապայման բնավորությունը, ոչ միայն չնեղացավ այդ խոսքերից, այլ սկսեց ժպտալ նրա վիրավորանքի վրա, որ պատճառել էին անքաղաքավարի շները:

– Դու բավական պատժեցիր անպիտանին, իշխան, – ասաց Բեկը, հրավիրելով նրան նստել, – այսուհետև կհասկանա, թե ինչպես պետք է վարվել բաթման-ղլիճի հետ:

Մոտենալով Բեկին, իշխանը նկատեց Աղասուն, որ զարմացած նայում էր իր շուրջը կատարվող կոմեդիայի վրա:

– Դա ո՞րտեղից լույս ընկավ, – հարցրեց նա, իր խոշոր աչքերը լայն բացելով և ուղիղ մտիկ տալով Աղասու երեսին: – Երևի, թոկից փախած մեկը կլինի, անպատճառ թոկից փախած, թե չէ, մի բարի պտուղ այս կողմերը չի գա:

– Մեր երկրիցն է, իշխան, – պատասխանեց Բեկը, զգուշացնելով, որ Աղասու հետ ևս մի անկարգություն չսարքե:

– Մատներս կկտրեմ, եթե թոկից փախած չլինի:

– Ոչ, մի քաջ և լավ տղա է:

– Այսինքն` Հիսուս Քրիստոսի փափուճները գողացողներից… Աչքերից երևում է: Այդպես չէ՞: – Վերջին հարցով դարձավ նա դեպի Աղասին:

Վիթխարիի նկատողությունները այն աստիճան վիրավորվեցին Աղասուն, որ չնայելով պարսից թագավորը նրան բաթման-ղլիճ էր կոչում, ինքը պատրաստ էր իր խենջարը խրել նրա կուրծքը և ցույց տալ, թե իր հետ էլ այդ տեսակ հանաքներ անել չի կարելի: Բայց տեսնելով, որ Բեկը հարգանքով է վերաբերվում դեպի այդ մարդը, զսպեց իր բարկությունը և հանգիստ մնաց:

Վիթխարին բարձրացավ, նստեց Բեկի մոտ, թախտի վրա: Տանեցիք այդ ժամանակ զբաղված էին ուշաթափ եղած շնովը. մեկը սառն ջուր էր ածում նրա վրա, մյուսը ականջից էր քաշում, երրորդը պոչիցը, մի խոսքով, ինչ որ գիտեին, ամեն բժշկական հնարներ գործ էին դնում, որ նրան ուշի բերեն: Վերջապես, ջարդված գազանը վերկացավ, և հարբած մարդու նման, օրորվելով, գլուխը տատանելով, կամաց-կամաց հեռացավ սենյակից, իր մտքում անիծելով պարսից թագավորի բաթման-ղլիճին, որ այնպես խիստ վարվեցավ իր հետ:

Բայց պարսից թագավորի բաթման-ղլիճը ուշադրություն չդարձրեց նրա վրա. նրա ուշադրությունը այժմ գրավում էին խարույկի վրա եփ եկող կաթսաները և շամփուրների վրա խորովվող փասիանները:

– Գրողը տանե քեզ, Քեթևան, – դարձավ նա դեպի պառավը, – ի՞նչ խաբար է այս գիշեր, հարսանի՞ք ունես, ի՞նչ է:

– Չե՞ս տեսնում, որ մեր տերը այս գիշեր հյուր ունի, էլ ինչո՞ւ ես հարցնում, – պատասխանեց պառավը անփույթ կերպով և շարունակեց իր գործը:

– Տեսնո՜ւմ եմ, քավթառ, տեսնում եմ… ձեր տերը հյուր ունի… – ասաց նա խռպոտ ձայնով: – Հենց ես այստեղ եկած ժամանակ քո աչքերը քոռանում են:

Պառավը ոչինչ չպատասխանեց, մտածելով, որ շատ հեռու կտաներ նրա հետ վիճելը, մանավանդ նա նկատում էր, որ իշխանը, որի հանաքներին ամենքը սովոր էին, այժմ փոքր-ինչ խմած պետք է լիներ:

– Ո՞րտեղ էիր, – հարցրեց նրանից Բեկը, կամենալով սկսել մի լուրջ խոսակցությունը:

Բայց իշխանը, փոխանակ նրան պատասխանելու, դարձավ դեպի պառավի մանկահասակ հարսերից մեկը, և իր մոտ կանչելոս ասաց.

– Մոտ ե՜կ, Դարո, մոտ ե՜կ, – դու էլ ինչ-որ փոխվել ես, խոզի զավակ, չես էլ մտածում բարևել Բայինդուրի հետ:

Դարոն կարմրելով, դողդողալով, մոտեցավ: Վիթխարին բռնելով նրա ձեռքից, այնպես սաստիկ հուպ տվեց, որ խեղճ կինը ողորմելի ձայնով ճչաց և փոքր էր մնում, որ սիրտը թուլանար:

– Դու քո ուժը հենց կանանց մատների վրա ես փորձում, իշխան, – ասաց նրան Բեկը հեգնական ժպիտով:

– Այդ ինձ ուրախություն է պատճառում, Բեկ, մեծ ուրախություն, – պատասխանեց իշխանը ծիծաղելով:

– Որպես կատվին ուրախություն է պատճառում մկան ծվծվոցը, նրան կեղեքելուց առաջ: – Այդպես չէ՞:

– Ուղիղ այդպես, իմ խելացի տղաս, լավ հասկացար, աստված է վկա, լավ հասկացար: Իզուր չէ, որ վրաց թագավորը քեզ նման իմաստունին իր վեզիր է շինել: Խելքդ ծով է, ինչ ասել կուզե, ամեն բան հասկանում ես:

Բեկը ժպտաց և ոչինչ չպատասխանեց: Պառավ Քեթևանի աղջիկները, Սոփիոն և Փեփելոն, այդ միջոցին դողդողալով, թախտի վրա պատրաստում էին ընթրիքի սեղանը, վախենալով, մի գուցե Դարոյի հետ պատահածը իրանց էլ պատահի: Բայց նրանց բախտից վիթխարին այդ ժամանակ դարձավ դեպի երկու աղջիկների եղբայրներից մեկը – Նիկոն, հրամայելով.

– Էյ, քեզ եմ ասում, Նիկո, գնա գինու մի նոր կարաս բաց արա, այն կարմրիցը, հասկանո՞մ ես:

– Անցյալ օրվա բաց արած կարասը դեռ կես չէ եղել, տեր իմ, – պատասխանեց Նիկոն տեղից չշարժվելով. – այն էլ կարմիր է, նույնքան կարմիր, ինչպես նռան հատիկը:

– Քեզ ինչ որ ասում են, այն լսիր, իշի գլուխ, դատողություն անել պետք չէ, – գոչեց վիթխարին բարկանալով: – Հիմա այնքան հյուրեր կգան, եթե քո մայր Քեթևանը իր գլուխն էլ ուտացնե, չէ կարող կշտացնել նրանց:

Նիկոն առանց այլևս հակառակելու, վեր առեց բահը, իր եղբայր Փրիդոնի հետ գնացին կարմիր գինու մի նոր կարաս բաց անելու: Նրանց քույր Նինոն, եղևնի վառած տաշեղը ձեռքին բռնած, լուսավորում էր նրանց ճանապարհը: Գինու կարասները, թվով ավելի քան հարյուր, թաղած էին Բեկի տանը կից պարտեզում, գետնի մեջ: Երկու եղբայրները անցան դեպի պարտեզի այն կողմը, որտեղ թաղված էին կարմիր գինու կարասները: Նիկոն սկսեց բահով փորել գետինը, իսկ նրա եղբայրը ճանկերով հետ էր քաշում հողը: Շուտով երևաց կարասի խուփը, որը վեր առնելով, Կախեթի ազնիվ ըմպելիի անուշահոտությունը հիացնելու չափ հրապուրեց նրանց: Երկու եղբայրները, նախքան գինին դեպի տուն կրելը, լեցրին ահագին փայտյա գավաթը, յուրաքանչյուրը մի-մի գավաթ խմեցին, չմոռացան մի գավաթ ևս իրանց քույր Նինոյին տալ իր ծարավը հագեցնելու համար: Հետո ոչխարի տիկերը լեցնելով, կարասի բերանը կրկին ծածկեցին հողով, և վեր առած գինին տարան տուն:

Վիթխարին փորձի համար պահանջեց, որ նոր բաց արած գինուց տան իրան. երբ բավական լայնածավալ բադիան դատարկեց նա, մի առանձին հաճությամբ ասաց.

– Այդ ես հասկանո՜ւմ եմ, դրուստ Հիսուս Քրիստոսի սուրբ հաղորդության գինին է: – Ոնց չէ, իշի գլուխ, դարձավ նա դեպի Նիկոն, – դու ուզում էիր քացախով լեցնել մեր փորը: Այս գինով ես էլ շնորհակալ կլինեմ, աստված էլ:

– Ի՞նչ եղան այդ անպիտանները այսքան ժամանակ ուշացան, – խոսեց նա ինքն իրան, – ես նրանց ջրաղացի մոտ թողեցի, ո՞րտեղ կորան, դեռ չեն երևում:

Բեկին լավ հայտնի լինելով, թե ինչ հյուրերի է սպասում վիթխարին, ամենևին չհարցրեց, ովքեր պետք է լինեն եկողները. միայն նա ավելի գոհ կլիներ, թե այս գիշեր իրան հանգիստ թողնեիր իր մտքերի հետ զբաղվելու համար:

Բայց պառավ Քեթևանը, չհամբերելով, հարցրեց:

– Ո՞վքեր պիտի գան:

– Գրողները, որ հոգիդ տանեն, քավթառ, – պատասխանեց նա ծիծաղելով: – Համբերություն ունեցիր, հիմա կտեսնես սոված գայլերի նման ներս կթափվեն:

Բայց ինքը վիթխարին, չկարողանալով համբերել, վեր կացավ, որ տեսնե, թե ինչու ուշացան հյուրերը: Բեկը մտածելով, որ նոր անկարգություններ կարող են պատահել, հրամայեց ծառաներին, որ շներին կապեն:

– Պետք չէ, – ասաց նա, – «շունը շան մի չի ուտի»… – և դուրս եկավ սենյակից:

Վիթխարիի հեռանալուց հետո Աղասին հարցրեց Բեկից:

– Այդ մարդը գի՞ժ է, ի՞նչ է:

– Ո՜չ, նա մի չափազանց բարի և անկեղծ մարդ է, – ասաց նրան Բեկը:

Բայինդուր իշխանը, պարսից թագավորից «բաթման-ղլիճ» տիտղոսը կրող հսկան, բնիկ սյունեցի էր, ազգով հայ: Նա քառասունևհինգ տարեկան հազիվ կլիներ: Բայց թափառական կյանքը մի կողմից, որ նա վարել էր երբեմն պարսից, երբեմն տաճկաց ծառայության մեջ, իսկ աղմկալի և արկածներով լի կյանքի դառնությունները մյուս կողմից, պատել էին նրա գլուխը վաղահաս ալիքներով, որ բոլորովին չէին համապատասխանում նրա ուրախ, մշտազվարթ դեմքին, որը տակավին պահպանել էր իր երիտասարդական թարմությունը: Դեռ Վրաստան չեկած, Բայինդուր իշխանը որպես զորապետ, ծառայում էր Ատրպատականի պարսից փոխարքայի մոտ և շատ սիրված ու հարգված էր նրանից: Բայց նրա սիրային հարաբերությունները փոխարքայի հարեմական կնիկներից մեկի հետ առիթ տվեցին նրան թողնել Թավրիզը և հեռանալ դեպի Վրաստան: Այստեղ գտավ նա Դավիթ բեկից պաշտպանություն և նրա ձեռնտվությամբ հաջողվեց վրաց ծառայության մեջ մտնել:

Առհասարակ ամեն դարերի ընթացքում, երբ հայոց քաջերից մեկը կամ հունաց, կամ պարսից, կամ արաբացոց, կամ վրաց ծառայության մեջ հաջողություն է գտել, հռչակ և նշանակություն է ստացել, բարձր աստիճանների է հասել, այնուհետև փոքր առ փոքր խմբվել են նրա շուրջը ուրիշ շատ հայեր, որոնք իրանց ազգակցի մոտ որևիցե պաշտոն գտնելու փափագով դիմել են նրան և մնացել նրա մոտ: Այսպես էլ Դավիթ բեկի հռչակվելը հրապուրեց դեպի Վրաստան հայոց երիտասարդներից շատերին: Ամեն կողմից հայ փախստականներ, անաջողակներ, բախտախնդիրներ, գալով նրա մոտ, սիրալիր ընդունելություն էին գտնում և նրա օգնությամբ ծառայության մեջ էին մտնում: Բեկը մեծ հավատ ուներ հայերի քաջության, խելքի և հավատարմության վրա, այս մտքով աշխատում էր, որքան կարելի է, իրան շրջապատել իր համազգիներով: Այսպիսիների թիվը քսանից ավելի կլիներ, որոնցից մեկն էր Բայինդուր իշխանը: Բեկի դուռը ամեն ժամանակ բաց էր նրանց առջև և նրա սեղանը բոլորի համար հասարակաց էր դարձել: Դրանով պետք է բացատրել Բայինդուր իշխանի ընտանիությունը, որով այնպես տիրաբար էր վարվում Բեկի գինու կարասների հետ:

– Հիմա դու կտեսնես այստեղի նշանավոր հայ տղամարդերից մի քանիսին, – ասաց Բեկը` դառնալով դեպի Աղասին, – նրանցից ոմանք մեր աշխարհիցն են:

Աղասին անհամբերությամբ սպասում էր Բայինդուր իշխանի վերադարձին, որ գնաց հյուրերին դիմավորելու: Քեթևանը տհաճությամբ մրթմրթում էր. հյուրերի այցելությունները ոչ ոքին այնքան նեղություն չէին պատճառում, որպես նրան: Պառավ տանտիկինը ստիպված էր մինչև առավոտ անքուն մնալ, որին խիստ կարոտ էին նրա հոգնած և մաշված անդամները: Իսկ այս գիշեր նրա տհաճությանը չափ չկար, երբ Բեկը հրամայեց կերակուրների թիվը ավելացնել:

Դ

Դռնից լսելի եղավ պարկապզուկի մեղմ հնչյունները, որոնց ներդաշնակում էր աշուղի տխուր երգը.

 
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե ինձ չտաս դու մի պաչիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Սրտիս ցավը նրան կհայտնեմ:
 
 
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե չդառնաս դու իմ կնիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Քո մոր գրկից քեզ կխլեմ:
 
 
Թե պարոնն էլ ինձ չլսե,
Խոր գերեզման ինձ կծածկե,
Այն ժամանակ ես աստուծոն,
Կբողոքեմ մյուս կյանքում:
 

Դա ստրուկի երգ էր, որ իր հոգեկան, սիրո զգացմունքների մեջ ևս դատավոր է ընտրում պարոնին, որ նրանից է սպասում բոլորը, ինչ որ քաղցր, ինչ որ բարի է իր համար:

Ժողովրդական բանաստեղծի երգը դուրս կոչեց մանկահասակ աղջիկներին ու հարսներին, որոնք ուրախ խումբով վազեցին հյուրերի առաջ: Պառավ Քեթևանի որդիները նույնպես դուրս եկան շներին զսպելու համար: Բեկի տան ընդարձակ բակը լցվեցավ խուռն ամբոխով: Հյուրերի հետ եկած սպասավորները, երկայն, ձողաձև կերոնները բռնած ձեռներին, լուսավորում էին այդ աղմկալի բազմությունը, որ իր խառնաձայն բացականություններով թնդեցնում էր գիշերային լռությունը: Հյուրերից մեկը, գինու ահագին լիտրան ձեռքին բռնած, անդադար ածում էր և մատուցանում էր իր ընկերներին: Ոմանք պարում էին, ոմանք թռչկոտում էին, իսկ ոմանք իրանց աններդաշնակ երգերով խլացնում էին աշուղի նվագածությունը, առանց ուշադրություն դարձնելու նրա պարկապզուկի երաժշտական եղանակին:

Նրանք խմբով մոտեցան Բեկի սենյակի դռանը, այնտեղ կանգնեցին, գոռում, գոչում էին, որ նա դուրս գա և իրանց ընդունե: Բայց Բեկը չշարժվեցավ իր տեղից, ոչ թե նրանց չպատվելու համար, այլ այսպիսի այցելությունները այնքան հաճախ էին կրկնվում, որ տանուտերը ավելորդ համարեց մի առանձին նշանակություն տալ նրանց քմահաճությանը:

– Կկոտրենք դուռը, եթե դուրս չգաս, կկոտրենք, – գոչում էին ամեն կողմից:

Այդ միջոցին Բայինդուր իշխանը ներս մտավ, և բռնելով Բեկի ձեռքից, համարյա զոռով քաշեց նրան, ասելով.

– Լսի՜ր, ինչ որ ասում է քեզ պարսից շահնշահի բաթման-ղլիճը, քեֆի ժամանակ մեծն ու պստիկը մեկ գին ունեն. – գնա՜նք:

Երբ Բեկը հայտնվեցավ, եկվորները ընդունեցին նրան ուրախության աղաղակներով: Նրանցից մեկը գինով լիքը բաժակը դեմ արեց: Բեկը ընդունեց, և բոլորի կենացը խմելուց հետո, հրավիրեց նրանց իր մոտ: Բոլորը խմբով ներս մտան: Սենյակը լցվեցավ խառն բազմությունով: Բաց տեղ մնացել էր միայն խարույկը, որ այդ միջոցին ավելի եռանդով բոցավառվում էր: Հյուրերը մի քանի րոպե կանգնած մնացին, երգեցին, պարեցին, թռչկոտացին, և իսպառ հոգնելուց հետո, տեղավորվեցան թախտի վրա, ուր առաջ նստած էր Բեկը: Նրանց հետ եկած սպասավորները գնացին տանտիրոջ ծառաների սենյակը, Բեկի գինու կարասների բարիքը վայելելու համար: Մի քանի րոպեից հետո լսվում էին նրանց ուրախության խառնաշփոթ աղաղակները:

Աղասին զարմացած նայում էր այդ անհոգ, զվարճասեր մարդկանց վրա, որոնց նմանը միայն բարեկենդանի օրերում կարելի էր տեսնել, երբ թե աղքատը, թե հարուստը, երբ թե խելացին, թե անխելքը անձնատուր են լինում մի տեսակ գժության հասցրած ուրախության: Նա մտածում էր. մի՞թե դրանք պիտի լինեն իր հայրենիքի փրկիչները, մի՞թե դրանցից մի լավ բան կարելի է սպասել:

Բացի Բայինդուր իշխանից, մնացած հյուրերը տասնևերեք հոգի էին: Նրանց մեջն էր արցախեցի Մխիթար սպարապետը, միակ տղամարդը, որ որոշվում էր բոլորից իր ծանրությամբ, որը գործի հետ միացնել գիտեր և սառը մտածմունքը, իսկ քաջության հետ` անվեհեր վճռականությունը: Նրանց մեջն էր լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մի չափազանց ջերմեռանդ և կրոնամոլ մարդ, որի մեջ ծիսապաշտությունը այն աստիճան սնահավատության էր հասել, որ ամեն անգամ, երբ պատահում էր նրան իր պասը լուծել, հավատացած էր, որ այդ մեղքը մի այլ ապաշխարությամբ չէ կարող սրբել, բայց միայն մի թյուրք կամ պարսիկ սպանելով: Նրանց մեջն էին մեծ Գիորգին և փոքր Գիորգին, որոնք, որես երկու երկվորյակներ, շատ նման էին միմյանց թե դեմքով, թե բնավորությամբ, միայն փոքր Գիորգին իր աչքերից մեկը Թիֆլիսում կորցրել էր մուշտեկռիվի մեջ և միշտ մի առանձին փափագով ցանկանում էր գիտենալ, թե ո՞վ էր այդ արատը հասցնողը, որ ինքն էլ առիթ ունենար փոխարենը նրա երկու աչքերը հանելու: Նրանց մեջն էր երևանցի, մեկ ոտքից կաղ, Օհանեսը, մի փոքրիկ նենգավոր մարդ, որ իր չափազանց խորամանկության համար հայտնի էր մականունովս «օյինբազ»: Նրանց մեջն էր շուշեցի Զաքարիա իշխանը, մի ահագին տղամարդ, որ միշտ պարծենում էր, թե իր պապը սովորություն ուներ ճաշին ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն ուտել: Նրանց մեջ էր գող Ծատուրը, որը Ղազախի կողմերիցն էր, և որի մասին պատմում էին, երբ նրան չէ հաջողվում ուրիշից մի բան գողանալ, նա գողանում է իր սեփական տրեխները, թաքցնում է և մյուս օրը սկսում է բոբիկ ոտներով ման գալ, որ տրեխները նրա մոտ չտեսնեն և գողությունը չհայտնվի: Նրանց մեջն էր պատանի Մոսին Նախիջևանի կողմերից, որ իր գեղեցիկ աչքերի համար հայտնի էր անունովս «Կարագյոզ»: Բացի դրանից, այնտեղ էին շամախեցի Թաթեոս բեկը և գանձակեցի աղա Եղիազարը, որոնք երկուսն էլ սաստիկ վիրավորվում էին, երբ իրանց ընկերները առանց տիտղոսի լոկ անուններով էին կանչում նրանց: Նրանց հետ էր և վաղարշապատցի Հարություն տանտուտերը, որ սաստիկ նախապաշարմունք ուներ տերտերների, վարդապետների և առհասարակ եկեղեցականների վերաբերությամբ, և միշտ ասում էր, երբ ինքը երազում դրանցից մեկին տեսնում է, այն օրը տանից չէ դուրս գալիս, որովհետև գիտե, որ անպատճառ մի չար բանի պիտի հանդիպի: Բացի այդ ամեն կողմերից հավաքված, փախստական հայերից, նրանց մեջ կային երկու վրացի ազնվականներ, որոնց մեկին կոչում էին Սոսիկո, իսկ մյուսին` Դաթիկո, այս վերջինի մասին պատմվում էր, երբ նա գերի ընկավ Պարսկաստանում, և երբ պարսիկները առաջարկեցին նրան, թե ի՞նչ կպահանջե, որ մահմեդականություն ընդունե, նա պահանջեց մի զույգ պաճիճներ (զանկապան) միայն:

Հյուրերը նստած էին թախտի վրա, մեկը ծալապատիկ, մյուսը ընկողմանած, երրորդը բոլորովին պառկած, մի խոսքով, որպես պահանջում էր յուրաքանչյուրի հանգստությունը: Բայինգուր իշխանը մինչև անգամ իր երկայն ոտները դրել էր գող Ծատուրի ուսերի վրա և այնպես թեք էր ընկած, անդադար զգուշացնելով նրան, թե չմտածե իր տրեխները գողանալ, որովհետև ինքը դեռ քնած չէ: Աշուղը կանգնած նրանց հանդեպ, դեռ շարունակում էր իր պարկապզուկը ածել, թեև ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում, բացի տան կնիկներից, որ այդ միջոցին շրջապատել էին իրանց սիրելի երգչին և հիանում էին նրա երաժշտական ճարտարությամբ: Պառավ Քեթևանը միայն տհաճ էր և իր մտքում անիծում էր իր սև բախտը, ասելով. «էլի ո՞ր սատանան բերեց այդ անզգամներին»… – Աղասին նստած էր թախտի մոտ, հատակի վրա:

– Ո՞րտեղ էիք, – դարձավ դեպի նրանց Բեկը մի առանձին հեգնական ժպիտով, որ ակամա երևաց նրա բազմահոգ դեմքի վրա:

– Ամեն տեղ, և ոչ մի տեղ, – պատասխանեց ղազախեցի գող Ծատուրը: – Հիմա տեսնո՞ւմ ես, այստեղ ենք:

– Սկսեցինք գյուղի ծայրից, – ասաց երևանցի կաղ Օհանեսը, նկատելով, որ գող Ծատուրի պատասխանը այնքան բավականացուցիչ չէր: – Սկսեցինք գյուղի ծայրից, երգելով, խմելով գալիս էինք և ամեն տուն մտնում էինք, երբ գինու լիտրան դատարկվում էր, այնտեղ լցնում էինք, հետո դուրս գալով, կրկին շարունակում էինք մեր զբոսանքը:

– Մի բան մոռացար, կաղ սատանա, – նրա բացատրությունը ուղղեց Բայինդուր իշխանը, գլուխը վեր բարձրացնելով մութաքայի վրայից. – հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ:

– Հա՜, հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ, – շարունակեց կաղ սատանան, ավելացնելով. – սպարապետը պառկած էր, մենք նրան քնած տեղից զոռով վեր կացրինք:

Վերջին խոսքերը վերաբերում էին Մխիթար սպարապետին, որը այդ միջոցին հետաքրքրությամբ նայում էր Աղասու վրա:

– Ո՞վ է այդ երիտասարդը, – հազիվ լսելի ձայնով հարցրեց նա Դավիթ բեկից:

– Մեր կողմերիցն է, – պատասխանեց նա նույնպես կամաց ձայնով:

– Ի՞նչ գործ ունի այստեղ:

– Ես առավոտյան կասեմ քեզ… – պատասխանեց Բեկը, և այդ խորհրդավոր խոսակցությանը վերջ տալու համար, դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ ընտրիքի սեղանը պատրաստեն:

Հյուրերը պատի երկարությամբ շարվեցան թախտի վրա, երբ Թինան և Դարոն մոտեցան և սկսեցին տարածել նրանց առջև ընթրիքի սեղանի սփռոցը: Թախտը այնքան ընդարձակ էր, որ կարող էր տեղավորել իր վրա թե սեղանը և թե բազմականներին: Կերակուրները տրվեցան պղնձե հասարակ պնակների մեջ: Աղասուն ևս հրավիրեցին սեղանակից լինել:

Եթե կերակուրները կարելի է ընդունել որպես մի ժողովրդի ճաշակի նրբության արդյունք և որպես նրա բարեկեցության արտահայտություն, Աղասին այդ մասին ևս մի նպաստավոր կարծիք չկազմեց Վրաստանի վրա: Կերակուրների մեջ չէր երևում ոչ պարսկական խոհանոցի կատարելագործությունը և ոչ հայկական բազմատեսակությունն ու համեղությունը: Նրանք ավելի կույր և անշնորհք հետևողություն էին կովկասյան կիսավայրենի լեռնաբնակների` լեզգիների ու չերքեզների նահապետական խոհանոցին, քան թե ազգային ինքնուրույն ճաշակի արդյունաբերություն էին: Տաք մոխրի մեջ խորոված սիմինդրի հացը նույնպես դեռ չէր դուրս եկել իր նախնական դրությունից: Հառաջադիմություն նկատվում էր միայն գինու գործածության անոթների մեջ, այստեղ արհեստը բավական զարգացած էր երևում: Գինու լիտրան, որ դրած էր տոլուբաշիի (մատռվակի) մոտ, ներկայացնում էր ֆերուզայի գույնով ջնարակած մի ահագին աման, որ նախշած էր սև, անկանոն գծերով: Նրանից ածում էին արծաթով զարդարած մեծ եղջյուրների մեջ և այնպես խմում էին: Թիֆլիսի հայ ոսկերիչները թափել էին իրանց արհեստի բոլոր ճարտարությունը այդ գեղեցիկ գավաթների վրա, որոնցից երկուսը բավական էին մի մարդու հարբեցնելու համար: Բայց նրանք երկար պտտվում էին մի ձեռքից մյուս ձեռք, թեև հյուրերը դեռ սեղան նստելուց առաջ մի փառավոր նախատոնանք կատարած էին Կախեթի ազնիվ ըմպելիի վերաբերությամբ:

Բեկը սկզբից խիստ տխուր էր և լուռ, բայց նրա մտախոհ դեմքը հետզհետե պայծառանալ սկսեց, որքան եղջյուրները շարունակում էին կատարել իրանց հանդիսավոր շրջանը: Մխիթար սպարապետը նույնպես լուռ էր. մնացած հյուրերի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն հատուկտոր երգերով: Բոլորը եռանդով խմում էին: Տոլուբաշին սպառնալիքներ էր կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը: Զեղծումներ գործելու դեպքում եղջյուրի մեջ մնացած հեղուկը թափում էին ծույլ, անշնորհք խմողի վրա: Աղասուն վիճակվեցավ մի քանի անգամ մկրտվել Կախեթի կարմիր գինով, մինչև նա, այլևս չկարողանալով դիմանալ, աննկատելի կերպով դուրս գնաց, մտավ ախոռատունը և այնտեղ պառկեց իր ձիու մոտ:

Սենյակի մեջ աղմուկը, շփոթությունը հետզհետե ավելի խռովյալ կերպարանք էր ստանում: Հարսները, աղջիկները գլուխները կորցրած, սեղանի շուրջը պտտվում էին, կատարելով հյուրերի անդադար հրամանները:

– Իմ պապը ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն էր ուտում, դու հիմա ինձ այդ ծտերո՞վ պիտի կշտացնես, ջադուբազ պառավ, – ասում էր շուշեցի Զաքարիա իշխանը, դառնալով դեպի Քեթևանը, և խորոված փասիանի ամբողջ կեսը իր բերանը դնելով, կարծես ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է հանգուցյալ պապի գովելի օրինակին հետևել:

– Քո պապը մի ամբողջ խորոված գառն էր ուտում, այդ ճշմարիտ է, – պատասխանում էր նրան Բայինդուր իշխանը ծիծաղելով. – բայց գիտե՞ս, որ նա իր թրի մի զարկով ահագին եզան գլուխն էր կտրում, իսկ դու, մեծ պապի պստիկ զավակ, մի փոքրիկ հորթի վիզն անգամ կտրելու շնորհք չունես:

– Ես իմ թուրը կարող եմ և գոմեշի վզի վրա փորձել, – պատասխանում էր վիրավորված Զաքարիան, ձեռքը դեպի սուրը տանելով: – Դավիթ, հրամայեցեք ձեր ախոռատնից դուրս բերեն մի գոմեշ, ես հենց այդ րոպեիս ցույց կտամ իմ հունարը, թող պարսից շահշահի «բաթմահ-ղլիճը» տեսնե, որ մեծ պապի պստիկ զավակը այնքան պստիկ չէ, որքան նա կարծում է:

Բեկի նկատելով, որ այդ վեճը կարող էր շատ հեռու տանել նրանց, երկուսին էլ հանգստացրեց, ասելով.

– Քեֆի ժամանակ սրի փորձ չեն անում, այդ կարող ենք թողնել առավոտյան, եթե կամենում եք անպատճառ հրապարակի վրա ձեր հունարը ցույց տալ:

Հետո նա դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ մի երկու գառը մորթել տա Զաքարիա իշխանի ախորժակը գոհացնելու համար:

Դրսից ծառաների, սպասավորների ուրախության աղաղակները բոլորովին խլացրել էին հյուրերի խոսակցություն: Նրանց սեղանը ավելի ճոխ էր և գինին ավելի առատ: Նրանք շուտով իրանց համար զուռնա ու սազանդարներ բերել տվեցին, սկսեցին ածել, երգել և պար գալ: Ծառաների այդ հանդուգն մրցությունը, կարծես, գրգռեց Բայինդուր իշխանի նախանձը, որը սեղանից վեր բարձրացավ, ձայն տալով.

– Պա՜ր, պա՜ր, Բայինդուր իշխանը պար է ուզում:

Պարսից շահնշահի «բաթման-ղլիճի» որոտացող ձայնը բավական էր տան կնիկների ուշադրությունը դարձնել զվարճության այդ եղանակի վրա, որ հենց իրանց ցանկությունն էր, որի մասին մի թեթև ակնարկության էին սպասում: Թինան ժպտելով մոտեցավ, վեր առեց պատից կախ տված դայիրան, իսկ Դարոն ցած բերեց նույն տեղից քարշ ընկած խեցեղեն թմբուկները, մինը մեծ, մյուսը փոքր, որոնք կապած էին միմյանց սիրիմներով§§§§§§: Նա տվեց թմբուկները մի փոքրիկ աղջկա ձեռքը, որը գրկելով, կանգնեց նրա հանդեպ: Աշուղն էլ իր պարկապզուկը սարքելով, կանգնեց նրանց մոտ: Երաժշտական խումբը կազմվեցավ, մնում էին պարողները: Այդ միջոցին Սոփիոն, Փեփելոն և Նինոն շարվեցան միմյանց մոտ, և յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում էր իր հերթին, որ սկսե պարը: Մի անմեղ ուրախություն, իր բոլոր ողջախոհական պարզությամբ փայլում էր այդ թիթեռնիկի պես անհոգ, մանկահասակ աղջիկների դեմքի վրա: Նրանք դեռ հյուրերի գալուց շատ առաջ մի առանձին խնամք էին տարել իրանց զարդարանքի վրա և ամեն մեկը հագել էր իր պահեստից ինչ որ նոր էր, ինչ որ լավն էր: Այժմ կազմ և պատրաստ, մնում էր նրանց թռչկոտել, թռչկոտել թեկուզ մինչև լույս:

– Առաջ դու սկսիր, զավակս, – ասաց Բայինդուր իշխանը, բռնելով ամենակրտսեր քրոջ` Նինոյի ձեռքից և կանգնեցնելով նրան մեջտեղում:

Նինոն շարժվեցավ: Թինան իր դալար մատներով սկսեց ածել փոքրիկ բոժոժներով զարդարած դայիրան, իսկ Դարոն փայտյա բարակ ձողերով սկսեց տըկտըկացնել խեցեղեն թմբուկները: Աշուղն էլ զոռ էր տալիս իր պարկապզուկին: Բոլոր հյուրերը երաժշտության եղանակի համեմատ սկսեցին ծափ տալ:

Նինոն պարում էր: Նրա բոլոր անդամները շարժողության մեջ էին, և կարծես մինը մյուսի հետ մրցություն էին անում, թե որը ավելի արագ, թե որը ավելի սքանչելի կերպով կարող է պտույտներ գործել: Հոգնած Նինոյից հետո սկսեց Փեփելոն և ապա Սոփիոն: Երկու մյուս քույրերի պարը ոչնչով չէր զանազանվում առաջինից, միայն դրանք ավելի ծափահարություններ ստացան գլխավորապես այն պատճառով, որ իրանց պտույտների և թռիչքների մեջ ցույց տվեցին զարմանալի ճարպկություններ:

Երբ ընդհանուր զվարճությունը ավելի տաքացավ, պարի մեջ խառնվեցան և հյուրերից մի քանիսը: Նախ սկսեցին Սոսիկոն և Դաթիկոն, երկու վրացի ազնվականները միասին: Դա իսկապես պար չէր. նրա մեջ չկար ոչ վայելչություն և ոչ կիրթ ճաշակ. – դա լեզգիների գրգռված ջղերի արդյունաբերությունն էր, երբ լեռնական մարդը իր ուրախության, իր հոգու ցնցումները արտահայտում է վայրենի, անկանոն շարժումներով և կատաղի թռիչքներով: Այդ իսկ պատճառով այդ պարը կոչվում էր լեզգու պար, տղամարդերի մեջ նա դեռ պահպանել էր իր վայրենի բնավորությունը, իսկ կնիկների մեջ բավական մեղմացած էր:

Բաբելոնյան խառնակությունը բոլորովին ընդհանուր դարձավ, մանավանդ այն ժամանակ, երբ սպասավորների խումբը դրացի սենյակից իրանց զուռնայով ներս մտան: Ծառաները խառնվեցան իրանց տերերի հետ և սկսեցին միասին պարել: Այդ միջոցին Թինան և Դարոն, որ մինչև այժմ ածում էին դայիրայի ու թմբուկի վրա, իրանց երաժշտական գործիքները հանձնեցին Սոփիոյին և Փեփելոյին, իրանք էլ միացան պարողների հետ: Զուռնայի ձայնը, դայիրայի ու թմբուկների տըկտըկոցը, ծափահարության որոտը, արբած բազմության խառնաձայն աղաղակը, բազմաթիվ ոտների տրոփյունը, – բոլորը միախառնվելով, ներկայացնում էին մի վայրենի, խառնաշփոթ քաոս: Վրաց թագավորի ավագանին զվարճանում էր…

Այդ խառնակության ժամանակ ոչ ոք չէր կարողացել նկատել, որ մի գնդաձև մարդ ներս էր մտել, և միանալով ծառաների հետ, եռանդով ծափ էր տալիս և բոլոր ուժով աղաղակում էր: Բայց նա չկարողացավ երկար անհայտ մնալ Բայինդուր իշխանի արծվի տեսությունից, որը մոտենալով նրան, մի սաստիկ բամբաչա******* խփեց գլխին, ասելով.

– Բարո՜վ, Սաքուլ, բարով: Գետի՜նը մտնես, ե՞րբ եկար:

Իշխանի ծանր բամբաչայից շշմած, շշկռած Սաքուլը չկարողացավ իսկույն պատասխանել, որովհետև նրա ահագին մորթե գտակը իշխանի ձեռքի սաստիկ զարկից, իր սովորական տեղը թողնելով, այժմ իջել, հասել էր մինչև նրա բերանը, բոլորովին ծածկելով թե աչքերը և թե շեկ մորուքը: Նա փոքր-ինչ ուշքի գալով, շտապեց գտակը վեր քաշել, որ տեսնե, թե ո՜վ էր իր հետ այսպիսի կոպիտ հանաք անողը, որ նրա համեմատ պատասխանե, – այդ միջոցին իշխանի երկրորդ բամբաչան իջավ նրա գլխի վրա և փոքրիկ գլուխը բոլորովին թաղվեցավ ահագին գտակի մեջ, որ այժմ հասել էր մինչև Սաքուլի ուսերը:

– Չե՞ս լսում, քեզ եմ ասում, պառավ աղվես, ե՜րբ եկար, – կրկնեց իշխանը իր հարցմունքը:

– Տո՜, հեր օրհնած, մի թող տուր աչքերս բաց անեմ. երեսիդ մտիկ տամ, բարով, հազար բարով ասեմ, քեֆդ հարցնեմ, հետո իհարկե կասեմ, թե երբ եկա: – Ի՞նչ ես չար հրեշտակի նման հոգիս առնում, – պատասխանեց Սաքուը գտակը ուղղելով, որ այժմ այն աստիճան լայնացել էր, որ էլ իր սովորական տեղում չէր կանգնում:

– Էդ անիծված գտակը ինչո՞ւ այդպես գժվեցավ… – դժգոհությամբ քրթմնջում էր նա, անդադար ուղղելով գտակը, և երբ տեսավ հնար չկա, ջիբից հանեց իր քնթի ընդարձակ աղլուխը (որը միևնույն ժամանակ երեսսրբիչ էր), դրեց գլխի վրա, որ գտակի ծավալը փոքրանա: Իսկ այդ բախտը երկար չտևեց: Իշխանի խոսակցությունը Սաքուլի հետ նրա վրա դարձրին բոլոր հյուրերի ուշադրությունը, որոնք թողնելով իրանց երգն ու պարը, հավաքվեցան նրա շուրջը, և յուրաքանչյուրը չխնայեց հետևել Բայինդուր իշխանի բարի օրինակին, մի-մի բամբաչա նրա գլխին տալով, սիրելությամբ ողջունել նրան: Այժմ գտակը այն աստիճան լայնացավ, որ ոչ միայն քնթի աղլուխը, այլ եթե մի փոքրիկ բարձ ևս իր գլխի վրա դնելու լիներ, գտակը դարձյալ մեծ կգար:

– Ասում են, Սաքուլ, ինչո՞ւ չես մեծանում, – խոսում էր նա ինքն իրան, ուշադրությամբ զննելով գտակը, մի գուցե պատռված լիներ. – էլ ո՞րտեղից մեծանա Սաքուլը. ամեն անգամ, երբ այդպիսի բամբաչաներ եմ ուտում, բոյս մի թիզ կարճանում է, կարծես գետինն է մտնում…

– Այնպես մտնի, որ էլ դուրս չգա, որ քո սև երեսը մարդիկ չտեսնեն, գարշելի’, – վրա բերեց Բայինդուր իշխանը և, սիրով բռնելով նրա ձեռքից, նստեցրեց թախտի վրա:

Սաքուլը այժմ իր չարագուշակ գտակը դրեց տակը և այնպես նստեց, ոչ թե փափկության համար, այլ ավելի այն նախազգուշությամբ, չիցե թե նրա հետ մի նոր վտանգ ևս պատահի: Նա այնքան երկյուղ չուներ իր գլխի մասին, որ սովորած էր բամբաչաների, որքան իր գտակի մասին, եթե զվարճասեր հյուրերը իրանց ձեռքերի ծանրությունը մյուս անգամ կփորձեն նրա վրա:

Բայց Սաքուլի խորամանկությունը շարժեց Բայինդուր իշխանի ծիծաղը, որը դառնալով դեպի հյուրերը, ասաց.

– Այժմ ես հավատում եմ, բոլորովին հավատում եմ այն առակին, որ պատմում են այդ անպիտանի մասին:

Սաքուլի մասին առակի ձև ստացած անցքի պատմությունը բոլոր հյուրերին հայտնի լինելով, իշխանը հարկավոր չհամարեց նորից կրկնել, բայց որովհետև մեր ընթերցողին անծանոթ է այդ անցքը, մենք կպատմենք, գլխավորապես այն նպատակով, որ այդ փոքրիկ պատմության մեջ նկարվում են Սաքուլի բնավորության հատկանիշներից մի քանի խոշոր գծեր:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации