Текст книги "Չհաս է"
Автор книги: Մուրացան
Жанр: Зарубежная классика, Зарубежная литература
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 4 (всего у книги 13 страниц) [доступный отрывок для чтения: 4 страниц]
– Եթե դուք չեք չափազանցում, պարոն, – բացականչեց Պետրոսը, – օ՛ն և օ՛ն ուրեմն, ես գործ չունիմ իրավաբանության հետ, գոնե ձեր նկարագրած պայմաններով ես հաց աշխատել չեմ կարող, որովհետև ավելի գերի եմ իմ խղճի ձայնին, քան իմ նյութական պահանջներին:
– Ուրեմն ուրիշ մասնագիտություն ընտրեցեք, իրավաբանության օգտավետության մասին ես միայն այդ գաղափարն ունիմ:
– Երկրաչափության դեմ ի՞նչ ունիք, – հարցրեց Հեթումյանը Եզովպոսին:
– Նույնպես օգտավետ պարապմունք է, – պատասխանեց վերջինս. – մանավանդ մեր երկրում, ուր լեռները ավելի բարձր են, ձորերը ավելի խոր, դաշտերը անհավասար, լավ ճանապարհները սակավաթիվ և որտեղ, իհարկե, առավել պահանջ կա գործ շինելու: Միայն թե երկրաչափը խելոք լինի, փորձված, մաթեմատիկական հաշիվների մեջ չսխալվող, որովհետև ամեն հաջողություն այդ հաշիվների ճշտությունից է կախված: Ինչ հարկավոր է, օրինակ, մտածել, թե այս գյուղից մյուս գյուղը տանող ճանապարհը ավելի էժան կնստի, եթե նրան դաշտի միջով անցկացնենք, կամ ավելի էժան, եթե այս ձորի վերա մի կամար կամուրջ հաստատենք: Չէ. եթե կարծում ես, որ հանդիպակաց բլուրը պատռելով ճանապարհը ավելի կկարճանա, պատռել տուր բլուրը, ինչ անենք, թե այդտեղ ավելի աշխատանք կա և ծախք ավելի կերթա. դու խո չէիր կարող առաջուց գուշակել, թե բլուրը փորելու համար որքան մեծ կլինի ծախքը, դու միայն ճանապարհի կարճությունն ունեիր աչքի առաջ և հասար նպատակիդ: Եթե տասը հազար ռուբլու փոխարեն տասնևհինգ հազար է ծախսվել, միթե դու այդտեղ մեղավոր ես, իհարկե ոչ. դու մեղավոր կլինեիր այն ժամանակ, եթե տասնևհինգ հազարից հինգ հազարը քո գրպանում գտնվեր, բայց այդպես բան չկա. կարող եք հաշվին նայել, չէ՝ որ այդտեղ ելքի և մուտքի կշիռը հավասար է բոլորովին…
– Դուք մեզ համբերությունից հանում եք, պ. Եզովպոս, – բարկացած բացականչեց Հեթումյանը. – ճարտարապետության դեմ հո մի բա՞ն չունիք:
– Ոչինչ, ոչինչ շատ գեղեցիկ պարապմունք է. որտե՞ղ կարող էինք մենք աղոթել, եթե ճարտարապետները եկեղեցիներ չշինեին, կամ որտեղ Պատտիին լսել, Սարա-Բերնարի վերա հիանալ, Օլրիջով ոգևորվել, եթե նրանք մեզ համար թատրոններ չկառուցանեին: Օ, ճարտարապետները արժանի են ամեն հարգանքի: Բայց չեմ կարող չխոստովանել, որ այդ բոլորի համար նրանք մեզանից վերցնում են մի քիչ ավելի. սակայն, իհարկե, այդ ավելին էլ ունի յուր պատճառը. թատրոնի մեջ, օրինակ, կան այնպիսի մանրամասնություններ, որոնց գոյության մասին ժողովուրդը գաղափար անգամ չունի, բայց նրանց գոյությունն անհրաժեշտ է, որովհետև, հակառակ դեպքում, թատրոնը կարող է արձագանքից զուրկ լինել, խախուտ հիմքեր ունենալ և ուրիշ շատ խորհրդավոր պակասություններ, և ահա այս բոլորի համար մի քիչ ավելին անհրաժեշտ է: Այսուամենայնիվ, ես չեմ կարող չպատմել ձեզ մի փոքրիկ անցք, որի մի գաղտնիքը մինչև այսօր էլ ինձ համար անբացատրելի մնաց: Մեր քաղաքում մի անգամ հայրս խանութներ էր շինել տալիս յուր սեփական գետնի վերա: Որմերը մի կանգունաչափ արդեն բարձրացել էին գետնից, երբ շինության մոտ երևեցավ քաղաքային ճարտարապետը: Ի մեծ ցավ և զարմացումն բոլորիս, նա հայտնեց, որ որմերը անկանոն են դրված և ճանապարհի կողմից բավական տեղ գրաված է. հայրս հետևապես հրամայեց մինչև, առավոտ քանդել բոլոր շինությունը և ինքը թողեց գնաց: Ես դեռ փոքր էի և պետք է ասած, որ շատ տխրեցի հորս հասած դժբախտության համար, մանավանդ երբ տեսա, որ նա գլխակոր և անմռունչ հետևում էր ճարտարապետին, յուր խոնարհ խնդիրը նրան լսեցնելու համար:
Մյուս առավոտ որմնադիրները դարձյալ աներկյուղ շարունակում էին խանութների շինությունը:
– Հայրիկ, չ՞ես վախենում երեկվա մեծավորից, – զարմացմամբ հարցրի ես իմ աներկյուղ հորից:
– Ոչ, որդի, հիմա էլ չեմ վախենում:
– Ինչու չես վախենում, հապա նա քեզ չհրամայեց, որ էլ խանութները շինել չտաս:
– Այդ քո գործը չէ. գնա դասերդ սովորիր, – կարճ կտրեց հայրս և հեռացավ:
Այնուհետև պ. ճարտարապետը էլ չերևաց մեր շինության մոտ, բայց թե ինչու, այդ բանը մինչև այսօր էլ գաղտնիք մնաց ինձ համար:
Ուսանողների մեջ տիրեց ընդհանուր ծիծաղ:
Ժ
ՄԵՔԵՆԱՅԱԳԵՏ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ
Որովհետև Հեթումյանին դուր չեկան պ. Եզովպոսի բացատրությունները, ուստի իբրև սեղանապետ, նա հրամայեց նրան, որ չհամարձակվի այլևս մասնագիտությանց վերա խոսել:
– Բայց ձեր առաջարկած չորս մասնագիտությունների մեջ բժշկությունը մնաց, թողեք որ նրա համար էլ Եզովպոսը հայտնե յուր կարծիքը, – թախանձեցին մի քանի ուսանողներ, որոնք ավելի ծիծաղելու էին տրամադիր, քան կարծիքներ լսելու:
– Ոչ, անկարելի է, – պատասխանեց անողոք սեղանապետը, – նա միշտ վատ կողմից է նկարագրում ամեն բան:
– Բժշկության համար խոսելու իրավունքը ինձ է պատկանում, – նկատեց Մեհերյանը:
– Բայց թողեք առաջ ես իմ մեքենայագիտությունը պաշտպանեմ, – շտապով ներս ընկավ Կարինյանը, – հետո դուք կխոսեք ձեր բժշկության վերա:
– Ոչ, հետո ես կխոսեմ իմ գյուղատնտեսության վերա, – ձայն տվավ Մատինյանը:
– Շատ լավ, շատ լավ. բոլորդ էլ կխոսեք, – նկատեց սեղանապետը, – Բայց խոսքը դեռ պ. Կարինյանինն է:
– Պարոններ, ես մեր Եզովպոսի նման բացարձակապես չեմ դատապարտում ոչ իրավաբանությունը, ոչ երկրաչափությունը և ոչ ճարտարապետությունը, – սկսավ խոսել Կարինյանը: – Մի մարդ, որ ուղղամիտ և ազնվասիրտ է, որ ճանաչում է յուր պատիվը և պարտքը, որ գիտե հարգել ընկերի իրավունքները, որքան էլ որ կողմնակի շահերի դռներ ճանաչե, այսուամենայնիվ, երբեք թույլ չի տալ իրեն ի չարը գործ դնել յուր գիտությունը և ուրիշների յուր վերա ունեցած վստահությունը, բայց որովհետև հին ասած է, թե «մարդը սխալական է», իսկ մեր մեջ, մանավանդ, բացակայում է հաստատուն և առաքինի բնավորություններ զարգացնելու հոգսը, այդ պատճառով ես կարծում եմ հիշյալ երեք մասնագիտություններն էլ չկազմակերպված բնավորությունների համար փորձության մի-մի վիհեր են: Շատ անդամ հենց ինքը ժողովուրդն է սովորեցնում ազնիվ մարդուն լավ աճանել յուր սկզբունքներին: Յուր սեփական գործի օգտի համար նա բանում է նրա առաջ նվերներ ընդունելու հեշտին և գրավիչ ճանապարհը, որ հետո տանում է պաշտոնյային դեպի ստոր կաշառակերությունը, որի ազդեցության տակ ամենազորեղ մարդն էլ շեղվում է ճշմարտության ճանապարհից:
Այդ պատճառով, ես կարծում եմ, ով որ ուժ չունի կրակի հետ խաղալու, նա պետք է հեռու մնա նրանից: Բայց ինչ վերաբերում է իմ պաշտպանության հանձնված մասնագիտության, նա հավասար օգտավետ է թե՛ զարգացած և թե չզարգացած բնավորությունների համար: Արհեստները առհասարակ ծնեցնում են մարդու մեջ սեր դեպի աշխատանքը և դեպի գործունեությունը, իսկ այս երկուսը զորացնում են մարդու հոգեկան ուժը, որին մենք կորով ենք անվանում: Ամենամեծ տաղանդներն անգամ, եթե զուրկ են կորովից, կանգնում են ճանապարհի կիսում և նրանց գործունեությունը նմանում է այն ծաղկի կոկոնին, որ չորանում է դեռևս չբացված: Բոլորը գիտեն, որ կյանքի վշտերն ու դառնությունները քաղցրացնողը հույսն է, իսկ հույսը ապրում է այն մարդկանց մոտ, որոնց սրտում կորով կա: Հետևապես, եթե կորովն է այն մեծ ուժը, որ տաղանդը հանճարի է փոխում, որ ամենածանր գործերին հոգի ու կյանք է ներշնչում, որ ազատում է մարդուն մտքեր հիվանդացնող տենչանքներից, որ մղում է նրան դեպի դրական գործունեություն և սովորեցնում է քաջությամբ համբերել և փառքով հաղթանակել, ապա ուրեմն սիրենք այն գործը, այն պարապմունքը, որ զորացնում է մեր մեջ կորովը – հոգեկան ուժը: Այդ պարապմանքը, պարոններ, արհեստն է, և մեքենայագիտությունը, ինչպես գիտեք, պատկանում է նրա ճյուղերից մինին: Բայg թե ինչու համար եմ ես արհեստի այդ ճյուղը գերադասում, կարծեմ ձեզ համար էլ հասկանալի է: Մինչև այժմ մեր բոլոր խոսակցությունը պտտում էր շահու և օգտի շուրջը, հետևապես, այդ տեսակետից նայելով գործի վերա, պետք է ընդունել, որ այսօրվան օրս մեքենայագիտությունը արհեստի բոլոր ճյուղերի մեջ առաջինն է, իբրև շահավոր մասնագիտություն:
Դուք տեսնում եք, թե ինչպես օրըստօրե բազմանում են շոգենավերը, երկաթուղիները, գործարանները, և մեքենայագիտության վերաբերյալ ուրիշ բազմաթիվ գործերը, իսկ այդ բոլորի համար լապտերով են պտրտում հմուտ մեքենայագետին: Բացի առատ վարձատրությունը, որ նա ստանում է ամեն տեղ իր աշխատության համար, միևնույն ժամանակ նա վայելում է մի քանի ուրիշ բարիքներ, որոնցից զուրկ են թե՛ իրավաբանը, թե՛ երկրաչափը և թե՛ ճարտարապետը: Մեքենայագետը, իբրև արհեստավոր, հոգեպես միշտ առույգ և զվարթ է. նա գոհ է յուր պարապմունքից և աշխատությունից, որոնք երբեք չեն դավաճանում նրա հույսերը, նա գոհ է յուր վիճակից, որովհետև կարոտության երկյուղը անծանոթ է նրան, նրա սիրտը խաղաղ և խիղճը հանգիստ է, որովհետև յուր անձնական օգտի համար չէ խաբում և չէ զրկում մի ուրիշին և կամ յուր գոյությունը պահպանելու համար ստիպված չէ գլորել ընկերին: Յուր գործերի և պարապմանց մեջ նա ազատ և ինքնիշխան է. ոչ անիրավ հրամանների է հպատակվում, ոչ անարդարության առաջ է գլուխ ծռում. այդ պատճառով էլ նրա մեջ անարգել զարգանում են ազնվությունը, անկեղծությունը և անաչառությունը, որոնք և նրան ազատ են պահում հասարակաց զրպարտություններից և անվանարկությունից, որոնց, ընդհակառակը, միշտ ենթակա են և՛ իրավաբանները, և՛ երկրաչափները, և՛ ճարտարապետները:
Ահավասիկ այս առավելությունների համար է, որ ես պաշտպանում եմ մեքենայագիտությունը:
– Այդ բոլորը լավ, բայց մեքենայագիտության մի պակասավոր կողմը դուք ուշադրության չեք առնում, – նկատեց Մատինյանը:
– Որն է այդ:
– Այն, որ մեքենայագետը պարտավորված է լինում շատ անգամ այնպիսի տեղերում գործելու, ուր ահավոր վտանգներն անխուսափելի են: Ձեզ օրինակ այն դժբախտությունները, որոնք հաճախ պատահում են շոգենավերի և երկաթուղիների վերա և կամ շոգեշարժ գործարաններում: Դեռ ոչինչ չեմ ասում այն ապականված ու գարշահոտ մթնոլորտի մասին, որի մեջ ապրում և գործում է խեղճ մեքենայագետը, և որի սպանող ազդեցության շնորհիվ շատ գործավորներ գերեզման են իջնում, թողնելով իրենց գերդաստանը վերջին թշվառության մեջ:
– Զարմանալի դատողություն եք անում դուք, որն է ուրեմն այն պարապմունքը, որ մարդուն հացի հետ միասին անմահություն է տալիս, – նկատեց Կարինյանը:
– Գյուղատնտեսությունը, պարոն, գյուղատնտեսությունը, – բացականչեց Մատինյանը. – նա է այն պարապմունքը, որ ձեր թված բոլոր բարեմասնությունները յուր մեջ ամփոփելուց ի զատ ունի և այն առավելությունը, որ ապրեցնում է մարդուն աստուծո ստեղծած աշխարհի մեջ, նրա առողջարար օդերում, նրա դալարազվարճ հովիտներում, նրա զովաստվեր անտառներում, նրա ծաղկածին լեռների վերա, որոնց մեջ Հեփեստյան հնոցի փոխարեն վառվում է Ապոլոնի կենարար կրակը, դժոխային կռահանության փոխարեն լսվում են առվակների մրմունջը, գետակի կարկաչը, ծառերի սոսափյունը, սոխակի մեղեդին… որոնց գիշերվա խավարը մեղմանում է ո՛չ Արամազդա շանթերով, այլ Անահտա լապտերով, որոնց մեջ անուշ մայում են գառները, անհոգ արածում նախիրն ու խաշները, որտեղ տավարածն ու գեղջուկ հովիվը հնչեցնում են ազատ թե՛ երգ, թե՛ սրինգ…
Այո, անզուգական է այն կյանքը, որին մենք շինական անուն ենք տալիս, և գերազանց այն պարապմունքը, որ շինական մարդու միակ հարստությունն է կազմում: Համեմատեցեք մի անգամ քաղաքի ապականված մթնոլորտի մեջ ապրող և գործող մարդկերանց կյանքը խաղաղակյաց գյուղատնտեսի կյանքի հետ և դուք կհամոզվիք, որ վերջինը արդեն գրկախառնված է երջանկության, իսկ առաջինները դեռ խարխափում են նրան գտնելու համար:
Եվ ի՞նչ կա արդյոք աշխարհում ավելի քաղցր, քան արթնանալ ամեն առավոտ մաքուր և առողջարար օդի մեջ, շինական պարզ և խաղաղ մարդկերանց հետ, այցելել այստեղ պարտեզդ, որ գունավորված է երփներանգ պտուղներով. այնտեղ այգեստանդ, ուր խաղողենու ուռերը ծանրաբեռնված են դեղին ու ծիրանի ողկույզներով, մի տեղ մեղվանոցը, ուր բյուրավոր մեղուներ բզզալով ու տզզալով աշխատում են ամբողջ օրը, ինչպես մի լարված մեքենա, մյուս տեղ որդանոցը, ուր շեղջակույտ ոստերի վերա երախտագետ շերամը մետաքս է պատրաստում քեզ համար: Վերջապես դիտել բարեբեր դաշտերը, ուր արածում են նախիրդ ու խաշներդ, և կամ աջ ու ձախ փռվում, ծածանվում ոսկեփայլ արտերդ: Մի տեղ մշակը խոտ է հարում արոտում, քո անասունների ձմեռվա պաշարը հոգալու համար, մյուս տեղ գեղջկուհին ցորեն է կալսում քո ամբարները լցնելու համար: Ահա շուտով էլ կգա աշունը, կքաղեն խաղողը, կթափեն հնձան, մեծ տակառներում, խոր չալաներում կեփի, կեռա փրփրոտ շիրան: Պարտեզից կբերեն լի կողովներով տանձն ու խնձոր, դեղին սերկևիլ, և մեղվանոցից մեղրի խորիսխներ, սպիտակ ու դեղին: Շերամատնից դուրս կտան բոժոժը, հավաբներից՝ ձուն հազարներով և կաթնատանից՝ յուղն ու պանիրը ուռած տիկերով… Ահա ձեզ ապրուստ, ահա ձեզ ոսկի, միակ նպատակ մարդկային կյանքի:
– Գեղեցիկ է, հրաշալի է, – բացականչեց սեղանապետը, – խմենք շինական հայի և շինական հայուհու կենացը, ապրին նրանք երկար իրենց խաշներով, իրենց արոտներով, իրենց արորներով… ապրին նրանք երկար և բարի օրինակ լինին մեզ:
Ուսանողներդ սրտաբուխ կեցցեներով ողջունեցին սեղանապետի առաջարկած կենացը և բաժակները դարդակեցին:
ԺԱ
ԲԺԻՇԿ
– Ինչ որ խոսեցին Կարինյանն ու Մատինյանը, բոլորն էլ ճշմարտություններ էին, – սկսավ խոսել պ. Մեհերյանը: – Կարինյանի տեսակետից մեքենայագիտությունը ավելի շահավոր մասնագիտություն երևացավ, քան Եզովպոսի պաշտպանածները, իսկ Մատինյանի տեսակետից՝ գյուղատնտեսությունը: Բայg իմ տեսակետից եթե նայելու լինենք գործի վերա, բժշկությունը գերազանց է այդ երկուսից էլ, հետևապես և առաջին երեքիցն էլ: Դուք լավ գիտեք, որ մարդու էության սահմանը որոշելու համար ասում են. «Մարդս ընկերական կենդանի է»: Այդ ճշմարիտ է. բայց ընկերական բառը զանազան շրջանների համար զանազան նշանակություն ունի: Իհարկե մի անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի համար յուր վայրենի Ուրբաթն էլ մի լավ ընկեր էր. բայց եթե մի մարդաշատ քաղաքի, կամ գյուղի մեջ դրանք առաջին անգամ պատահեին միմյանց, շատ սիրով չէին իրար ընկերակցի: Այսպես էլ օրինակ, մի դարբնի համար ավելի լավ է յուր դարբնոցի ընկերների հետ կենակցիլ և մի շինականի համար յուր տգետ դրացիների հետ, քան երկուսին էլ լուսավորված և ազնվական մարդկանց շրջանում: Եթե այս այսպես է, ապա ուրեմն, որքան ավելի ծանր է լուսավորված, մտքով և սրտով ազնվացած, նուրբ ճաշակի և զգացմանց տիրացած մարդու համար ապրել փոշոտած մարմին, ծխոտած երես, կոշտ բնավորություն և վարմունք ունեցող դարբինների ու մեքենայագործների հետ և կամ խավարամիտ, խելքով ու մտքով աղքատ, զգացմունքների նրբությունից զուրկ և կիսով չափ վայրենի շինականների շրջանում: Որքան էլ դուք ճառեր խոսեք և այս տեսակ մարդկերանց բախտավորությունը դրվատեք, այսուամենայնիվ ես չեմ կարող համոզվել, թե մի զարգացած մարդ կարող է այդ հակակրական շրջանների մեջ բախտավոր ապրել: Դեռ ոչինչ չեմ խոսում այն անհայտ և աննշան կյանքի մասին. որ ստիպված են վարելու թե՛ մեքենայագետը և թե՛ գյուղատնտեսը, հեռու, կորած անկյունում, ուր երկար տարիներ չարչարվելով ու տանջվելով, անհայտ ու անծանոթ էլ մեռնում, կորչում են:
Վերջապես մարդու մեջ կա մի որոշ չափով փառասիրություն, որ ցանկանում է ապրել և իբրև ընկերական, իբրև հասարակական մարդ, գործել հասկացող մարդկերանց շրջանում, հարգել ընկերներին և հարգվիլ նրանցից: Միթե կրթությունը և զարգացումը, հենց նույնիսկ գիմնազիոնական, նրա համար ենք ստանում, որ խավարի և տգիտության սահմաններում նրանց ավելորդ լինելը ողբանք. ոչ, ես ընդդեմ եմ ձեր պաշտպանած մասնագիտություններին: Բժշկություն. ահա և օգտավետ, և պատվավոր մասնագիտություն: Այդ գործով պարապող մարդը, եթե միայն խղճմտանքով է պարապում, և հարստություն է ձեռք բերում, և անուն, և պատիվ: Մեքենայագետի չափ նա անկախ և ինքնիշխան է, գյուղատնտեսի չափ՝ ապահովված առողջության կողմից, և երկուսի չափ էլ ազատ զրպարտություններից, անվանարկությունից և կաշառելու ու կաշառվելու երկյուղից: Եկամուտի մասին էլ խոսել ավելորդ է: Ոչ հարկավոր է նրան երկաթուղու վարչության, կամ գործարանատիրոջ բարեհաճությունը հայցել պաշտոն ստանալու համար և ոչ դրամագլուխ դնել այգիներ ու ոչխարներ գնելու համար, որոնց շատ անգամ ոչնչացնում են կարկուտն ու ժանտախտը:
Բժշկին ամեն տեղ էլ կարիք ունին. հիվանդությունները նրանց գործակատարներն են, որոնք մարդկերանց հետ կատակ չեն անում. իսկ հիվանդ մարդը խնայելու վերա երբեք չէ մտածում, և ահա բժիշկը հայտնվում է ընտանիքի մեջ իբրև բարերար, նա գործում է, նա բժշկում է հիվանդին, ստանում է յուր վարձատրությունը, և դեռ յուր ետևից էլ թողնում է յուր կյանքը օրհնող երախտագետների մի ամբողջ բանակ…
– Երկու խոսք: Պ. սեղանապետ, – ձայն տվավ Եզովպոսը, – ներիր իմ մեղքերին, և ի սեր այս խելոք ճառախոսին, իրավունք տուր ինձ երկու խոսք ասելու:
Ուսանողները, որոնց զվարճացնում էր մինչև անգամ, Եզովպոսի միմիկան, իրենց կողմից էլ խնդրեցին սեղանապետին, որ այդ իրավունքը չմերժե նրան:
– Խոսիր, անպիտան, բայց զգույշ կաց, հիմար բաներ լխոսաս, – հրամայեց սեղանապետը:
– Ես առաջ, մոռացա ասել ձեզ, պարոններ, որ ես բժշկությունն էլ եմ պաշտպանում, և հենց այս րոպեին, երբ պ. Մեհերյանը սկսեց խոսել, իմ գլխում մի քանի նոր մտքեր ծնվեցան: Արդարև բժշկությունը ամենից շահավոր պարապմունքն է: Դուք խո գիտեք, որ Եվրոպայում ամենալավ բժիշկները, յուրաքանչյուր այցելության համար 3 կամ 4 ֆրանկ են ստանում, նույնիսկ Ռուսիայում ամենալավ բժիշկը մեկ ռուբլուց ավելի չէ պահանջում յուր հիվանդից, բայց մեզ մոտ 3 կամ 5 ռուբլին ամենասովորական վարձատրությունն է: Հաշվեցեք, որ պ. բժիշկը օրվա մեջ ընդունում է յուր մոտ 10 աղքատ և 5 հարուստ հիվանդներ, որոնցից ստանում է տասը անգամ 1 ռուբլի և հինգ անգամ 3 ռուբլի, գումարը 25 ռուբլի: Հետո միևնույն բժիշկը միևնույն օրը այցելում է 5 աղքատ և 6 հարուստ հիվանդների, որոնցից ստանում է հինգ 3-ական և վեց 5-ական ռուբլի, գումարը 45 ռուբլի, ուրեմն մի օրվա մեջ պ. բժիշկը վարձատրություն է ստանում 70 ռուբլի. իսկ մի տարվա մեջ 365 անգամ 70, որ լինում է… որքա՛ն հապա հաշվեցեք:
– 25 550 ռուբլի, – ձայն տվավ մի ուսանող, որ մաթեմատիկայի մեջ ամենաառաջադեմն էր:
– Հա՛, 25 550 ռուբլի, – շարունակեց Եզովպոսը, բայց ընդունենք, թե 5550 ռուբլու չափով հիվանդներ պակաս են եղել, ուրեմն պ. Բժիշկը, եթե կարողացել է հայտնի դառնալ, կարող է մի տարվա մեջ 20 000 ռուբլի եկամուտ ունենալ, որպիսի գումարը պ. մեքենայագետը յուր բոլոր կյանքում չի կարող խնայել և գյուղատնտեսը մինչև անգամ մյուս կյանքում… (Ծիծաղ ուսանողների մեջ):
Բայց դեռ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պետք է ուշադրության առնել: Ահա թե ինչ. – ինչպես որ անշնորհք փաստաբանների շատանալով կռիվն ու ղալմաղալներն են մեզ մոտ շատացել և փաստաբանների առևտուրը կենդանացրել, այնպես էլ անշնորհք բժիշկների շատանալով հիվանդությունները հետզհետե բազմապատկվում են: Կարելի է երևակայել, թե մի որոշ ժամանակից ետ որպիսի առատ հունձ կարող է ունենալ համալսարանից վերադարձող բժիշկը, որ փոխանակ տասնյակ տարիներով մի հմուտ և փորձառու բժշկապետի ձեռքի տակ յուր փորձերը շարունակելու և հիվանդությունների անխոնջ ուսումնասիրությամբ և բժշկական գրվածքների անընդհատ ընթերցանությամբ յուր գիտությունը կատարելագործելու, գալու օրի էգսը բժշկապետ բարձրահնչյուն բառն է փորագրում յուր դռան տախտակի վերա և երկու ոտքով ման գալն էլ ստորություն համարելով, չորս ոտքերի օգնությանն է դիմում: Ով է հարցնում այստեղ, թե պ. բժիշկ, որքան գիտություն, որքան փորձառություն ունիք դուք, որ իմ գլխի վերա դալլաքություն եք անում, բավական է, որ պ. բժիշկը սեփական կառքով է շնորհ բերել մեզ մոտ: Եվ ինչ, միթե իրավունք էլ ունի հիվանդը բժշկին հարցաքննել: Բժշկությունը այնպիսի մի գործ է, որի դատավորը ինքը բժիշկն է և դատախազը յուր խիղճը, մի թե թշվառ մահկանացուն կարող է լսել երբևիցե այդ դատախազի ձայնը և բողոքը…
Ահա այսպես, բժշկությունը ամեն կողմից էր արդյունավոր պարապմունք է. դուք, պ. Մարալյան (դարձավ Եզովպոսը Պետրոսին), կարող եք ամենայն վստահությամբ ընտրել ձեզ համար իբրև մասնագիտություն – բժշկությունը և բնավ մի վախենաք ապագայից: Եթե կգա մի օր, երբ դուք արդեն հասակնիդ առած կլինեք, և երիտասարդ ու նորավարտ բժիշկները ձեզ դուրս կքշեն բժշկության ասպարեզից, դրանից հետո էլ դուք պետք կգաք հասարակությանը. – Միջնորդ կարող եք լինել ամուսնացող երիտասարդների ու երիտասարդուհիների մեջ, ինչպես անում են ոմանք արդի հնացած բժիշկներից, սա էլ մի բարի գործ է…
Ընդհանուր ծիծաղ ուսանողների մեջ:
ՔԱՀԱՆԱ
– Պարոններ, դուք բոլորդ էլ բավական շատ խոսեցիք, ինձ էլ իրավունք տվեք մի երկու խոսք ասելու, – շարժվեցավ վերջապես յուր տեղից պ. Պահլավունին, որ մինչև այն կծկվել էր սեղանի անկյունում և ուշադրությամբ լսում էր յուր ընկերակից ճառախոսներին:
Հեթումյանը լսելով Պահլավունու ձայնը, որին բոլոր ուսանողները հարգում էին իբրև լավ հայ աշակերտի պատասխանեց:
– Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ իմ բոլոր ընկերակիցներին, սիրելի է ձեր խոսքը: Խոսեցեք, մենք հոժարությամբ կլսենք ձեզ:
– Պարոններ, – սկսավ խոսել Պահլավունին. – իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ մեզ շատ հարկավոր չեն. մեքենայագետների էլ շատ կարիք չունինք. գյուղատնտեսներ որքան շատ ունենանք, կարծեմ ավելի լավ է, իսկ բժիշկներ, այսինքն մարմնի բժիշկներ, դրանց թիվն էլ եթե չափավոր լինի, վատ չի լինիլ: Բայg իմ միտքը հայտնելուց առաջ ես մի հարց ունիմ ձեզ անելու: – Արդյոք դուք գնում եք համալսարան ձեր ուսումը կատարելագործելու միայն այն նպատակով, որ ձեր անձին և ձեր գոյությանը ծառայեք, թե հասարակությանն էլ կամենում եք պիտանի լինել մի բանով:
– Իհարկե, հասարակությանն էլ ենք կամենում ծառայել, – պատասխանեց Պետրոսը: – Միթե իրավունք կունենանք մենք կրթված և լուսավոր մարդ անվանելու մեզ, եթե միայն մեր անձի համար ապրենք, միայն մեր գոյությունը ապահովելու վերա մտածենք:
– Շատ լավ: Ես էլ չեմ ուզում ավելի խոսել այն բանի համար, թե ինչու մեր ընկերները այսքան երկար ճառեր են խոսում այս և այն մասնագիտության շահավորությունը ապացուցանելու համար և ցարդ չգտնվեցավ մեկը, որ մատնացույց աներ նաև մեր բարոյական շահերի վերա: Սակայն եթե ձեր խոսքը անկեղծ է, ինչպես անկեղծ է եղել մինչև այսօր, եթե դուք ցանկություն ունիք ծառայելու այն հասարակության, այն ազգին, որին սիրում և որին պատկանում եք դուք, ապա ուրեմն ընտրեցեք այն մասնագիտությունը, որը ես կառաջարկեմ:
(Առաջարկեցեք:
– Ոչ, առաջ խոստացեք, որ կընդունեք այդ առաջարկությունը:
( Խոստանում եմ, եթե միայն կարող կլինեմ:
– Շատ լավ, ուրեմն ընտրեցեք ձեզ համար իբրև մասնագիտություն բարոյական փիլիսոփայությունը, ուսումնասիրեցեք նրան հիմնավորապես և հայրենիք վերադառնալով քահանա ձեռնադրվեցեք:
Պետրոսը մնաց լուռ, իսկ ուսանողներից շատերը սկսան ծիծաղել:
Պ. Պահլավունին հառեց յուր կրակոտ աչքերը նախ Պետրոսի վերա, որով կարծես կշտամբում էր նրան յուր լռության համար և ապա դառնալով ուսանողներին, բարկությունից գողացող, բայց ազդու ձայնով խոսեց,
– Պարոններ, ես չեմ վիրավորվում, որ դուք ծիծաղում եք իմ առաջարկության վերա, իհարկե մի ազգ, մի հասարակություն, որ նյութական ապահովության մեջ է տեսնում յուր փրկությունը, մի ժողովուրդ, որ հոգեկան հարստության վերա գաղափար չունի և չէ հավատում նրա զորության աստվածությանը, հարկավ կարտադրե այնպիսի սերունդ, կծնանի այնպիսի զավակներ, որպիսին դուք եք, որ ամբողջ ժամերով այստեղ նստած խոսում, ճառում եք նյութապես շահվելու հարստանալու մասին, բայց հոգվո հարստության համար, հոգվո, որի զորության, կամ թուլությանն եք պարտական ձեր վերածնությունը կամ անկումը, չեք արտասանում մի բառ:
Ոչ. ես ձեզ չեմ մեղադրում, բայց խղճում եմ… Հետևապես չեմ ուզում միայն իմ դժգոհության արտահայտությամբ բավականանալ: Ուրեմն լսեցեք ինձ:
Ես ոչնչով ընդդեմ չեմ ձեր հարստանալու ցանկության, դա մի ձգտումն է կյանքի ապահովության համար, իհարկե, լավ է հարուստ լինել, քան աղքատ, մանավանդ մեր ժամանակում, երբ առանց փողի ճշմարիտ արժանիքը ծածկված է մնում, տաղանդը, որ պետք է ոգևորեր մեզ, անհայտության մեջ մեռնում է, հանճարը, որ պետք է տիրապետեր և առաջնորդեր, ոտնակոխ է լինում ամբոխից և փողոցի տղաները ցեխոտում են նրա մեծությունը… Բայց և այնպես ճշմարիտ է Քրիստոսի այն աստվածային խոսքը թե «դյուրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան հարստին՝ յարքայութիւն Աստուծոյ…»:
Գիտցեք, որ որքան բազմանան մեր մեջ հարուստները, այնքան ավելի պիտի դժվարանա մեր փրկութունը, որովհետև հարուստը արդեն գոհ է յուր կյանքից և հետևապես թշնամի այն ազդարար ձայնին, որ կանչում է նրան մասնակցելու փրկության մեծ գործին: Մարդիկ առհասարակ զոհում են նրա համար, որ հասնեն ճշմարիտ երջանկության, արդ ինչ հարկավոր է հարստին զոհաբերություն, երբ նա արդեն երջանիկ է զգում իրեն յուր հարստության մեջ:
Այս տեսակետից նայելով գործի վերա, ես կարծում եմ, որ մեզ հարկավոր չեն բազմաթիվ իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ և մեքենայագետներ, եղածները արդեն մեզ համար շատ են: Մեզ հարկավոր չեն մինչև անգամ բազմաթիվ բժիշկներ, մեր մեջ բավական մեծ քանակությամբ առողջ մարմին և առողջ ստամոքս ունեցողներ կան և հավատացած եմ, որ այսօրվա ճաշից հետո մեզանից ոչ ոք չպետք է հիվանդանա: Այո, մեր բոլորի մարմիններն էլ բավական առողջ և առույգ են. բայց հիվանդ են մեր հոգիները: Հիվանդ մեր սրտերը, հիվանդ մեր զգացմունքները… Ուրեմն տվեք մեզ հոգեկան բժիշկներ, որոնք կարող լինին բուժել այն հոգեկան ախտերը, որոնցով վարակված է մեր ամբողջ գոյությունը… Այո՛, տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաների, որոնք կարողանային ներշնչել մեր մեջ այն հոգին, որ կտակեցին իրենց հաջորդներին սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ, որ ներշնչեց Վարդանա զորքին սուրբ Ղևոնդ Երեց:
Այո, քահանա, և գիտեք, թե այս բառի մեջ որքան մեծություն, որքան սրբություն կա ամփոփված. «Քահանան աստուծո փոխանորդն է երկրի վերա», հաճախ լսել ենք այս խոսքը, բայց մի՞թե հասկացել ենք նաև այդ խոսքի մեծ և խորհրդավոր նշանակությունը: Իհարկե ոչ. բայց ով է ա՛յն մարդը, որին հանձնված է մեր հոգեկան ծնունդը, մեր հոգվո դաստիարակությունը, ով է այն մարդը, որին քաղցրությամբ հպատակվում է մեր սիրտը, որի առաջ սիրով խոնարհվում են մեր զգացմունքները, ո՞վ է նա, որի մխիթարությունը իբրև բալասան իջնում է մեր հոգեկան վերքերի վերա, որի հայրական հորդորը ամոքում է մեր վշտերի սաստկությունը. ո՞վ է այն զորեղ մարդը, որի պաշտպանության է դիմում հարստահարված այրին, անօգնական որբը, անպատված անմեղությունը, սիրո նահատակը… և վերջապես ո՞վ է նա, որ անողոք և ահավոր է անիրավների դեմ, որ աներկյուղ պաշտպանում է զրկված հոտի իրավունքները և որ յուր անձը զոհում է նրա համար, եթե այդ պահանջում է անիրավ ճակատագիրը…
– Այո, մեծ, այս սուրբ մարդը քահանան է: Բայց ուր է նա. ոչ ոք չգիտե: Պատմում են, որ մի օր նա կար, ապրում էր աշխարհում, բայց նա մեռավ: Այսուամենայնիվ ես չեմ հուսահատվում, նա դարձյալ հարություն կառնե, եթե դուք, իմ սիրելի ընկերներ, չպաշտեք շահավոր մասնագիտությունները, և հենց այստեղ, մի ժամ, մի րոպե գոնե մտածեք, թե ինչ է պակասում ձեզ և թե դուք ինչ կարող էիք անել ձեր փրկությունը ձեռք բերելու համար:
Իհարկե, եթե դուք, բոլոր զարգացածներդ, քահանայությունից կփախչեք, եթե նրա սրբազան կոչումից խորշելով հարստության, անվան և փառքի ետևից կվազեք, հարկավ ասպարեզը կմնա այն մարզիկներին, որոնք գետնի վերա ընկածը իրենց սեփականությունը համարելով, կվարվեն նրա հետ ինչպես և կկամենան: Եվ միթե դուք իրավունք ունիք պախարակելու այն անցորդին, որ փողոցի մեջ գտնելով ձեր մեռած մոր ձեզ հիշատակ թողած ոսկյա մատանին, տանում վաճառում է այն հրեային և նրանից ստացած փողերը վատնում է գինետան մեջ:
Չէ, մի խորշեք քահանայությունից, նրա կոչումը ավելի մեծ, նրա պաշտոնը ավելի ակնածելի է, քան մի որևէ իրավաբանի, մեքենայագետի և կամ բժշկի պաշտոնը: Լսեցեք դուք քահանային այն ժամանակ, երբ նա բեմի վրա արձանացած սեր և խաղաղություն է քարոզում, դա միևնույն քահանան է, որ լռիկ-մնջիկ, զրկված ընտանիքին հորդոր է խոսում… դա միևնույն քահանան է, որ պատերազմի դաշտում, խաչը ձեռին բռնած զորքին էր առաջնորդում, և ի՞նչ, միթե չէ ոգևորում, չէ հափշտակում ձեզ այդ մեծ պաշտոնը, որի իշխանությունը տարածվում է շինական խրճիթներից սկսած մինչև արքայական պալատները, և որի ձայնին լսում և հպատակում են ամեն տեղ:
Սիրեցեք ուրեմն քահանային, սիրեցեք նրա պաշտոնը և ով որ ձեզանից կոչումն է զգում յուր մեջ հասարակությանը ծառայելու, թող սիրով ստանձնե այդ պաշտոնը, առանց քաշվելու, թե նա պիտի գործե խելքով և մտքով իրենից ստոր մարդկանց շրջանում: Զինվորը եթե ճշմարիտ քաջություն ունի, չէ վհատում յուր ընկերոջ թուլությունից, այլ ընդհակառակը, նրան էլ ոգևորում է յուր քաջությամբ: Այս պետք է լինի զարգացած քահանայի կոչումը և այս հոգվով վառված քահանան հնարավոր կարող է դարձնել այն ամենը, ինչ որ անհնարին է թվում կենցաղասեր մարդուն: Ահա՛, պարոններ, իմ հավանած մասնագիտությունը, նրա վերաբերությամբ ես հայտնեցի իմ կարծիքները և այժմ դուք ազատ եք ինձ հետ համաձայնվելու, կամ ծաղրելու. ես վերջացրի:
Այս խոսքերով Պահլավունին լռեց և այլևս նոր խնդիր հարուցանող չեղավ: Միայն սեղանապետը ճառախոսին վարձատրելու համար հրամայեց կրկին անգամ խմել նրա կենացը, և ուսանողները սիրով ընդունեցին այդ առաջարկությունը:
Այնուհետև սկսվեցավ կարծիքների մանրավաճառությունը, տիրող լռությանը հաջորդեց աղմուկը և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն առավ:
Մութն արդեն պատել էր, երբ ուսանողներն առանց մի որոշ եզրակացության գալու Պետրոսի ընտրելիք մասնագիտության վերաբերությամբ, ազատեցին տանտիրուհու պարտեզը իրենց շատախոսությունից և ցրվեցին իրենց տները:
ԱՆԱԿՆԿԱԼ ՆՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ
Պետրոսը վերադառնալով յուր սենյակը պատրաստվեցավ քնելու: Թեպետ նա վաղ պառկելու սովորություն չուներ, բայց որովհետև այդ երեկո շատ խմելուց և խոսելուց նրա գլուխը ծանրացած էր և կարդալու էլ տրամադրություն չուներ, ուստի ավելի լավ համարեց այս անգամ մի բացառություն անել: Բայց հենց սկսեց անկողինը բանալ թե չէ, և ահա սենյակի դուռը բախեցին:
– Ո՞վ եք, ներս մտեք, – ձայն տվավ Պետրոսը:
Դուռը բացվեցավ և հեռագրատան ցրիչը ներս մտավ սենյակ:
– Ա՛յ ինձ հեռագիր եք բերել, տվեք տեսնեմ, – ասաց Պետրոսը:
– Այո, պարոն, ահա՛, – այս ասելով ցրիչը հանեց թղթապահից հեռագիրը և տվավ Պետրոսին:
«Ես սրան չէի սպասում», – շշնջաց ինքն իրեն Պետրոսը և շտապելով բացավ հեռագիրը: Նա մի արագ հայացք ձգեց նրա համառոտ տողերի վերա և մնաց շվարած:
Սա պ. Թովմասի հեռագիրն էր, որով նա Պետրոսին հրավիրում է հայրենի քաղաք Ա. բայց թե ինչու համար, Պետրոսը չկարողացավ գուշակել:
– «Ես փողի եմ սպասում նրանից Պետերբուրգ ճանապարհվելու համար, – խոսեց նա ինքն իրեն, – բայց իմ պարոն հորեղբայրը դեռ նոր ինձ յուր մոտ է հրավիրում: Ինչ գաղտնիք է այս և ինչ «կարևոր ու անհետաձգելի նnրություն ունի նա ինձ հաղորդելու, որ գրում էլ է թե «սպասում եմ»… Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում»…
(Պարոն, բարեհաճեցեք ստորագրել և վերադարձնել ինձ հեռագրի ստացականը, – խնդրեց Պետրոսին ցրիչը, որ դեռ սենյակում կանգնած սպասում էր նրան:
– Օհ, ներողություն, ես ձեզ մոռացել էի, – ասաց Պետրոսը և ստացականը ստորագրելով տվեց ցրիչին:
Երբ վերջինս դուրս գնաց, նա կրկին վերցրեց հեռագիրը, կրկին կարդաց և գլուխը շարժեց: – «Ահա՛ մի գաղտնիք, որ չես կարող լուծել կամքի ուժով, խելքի բանալին արդեն կորցնում է այստեղ յուր նշանակությունը: Ինչ կարող է լինել այս կարևոր ու անհետաձգելի նորությունը: Արդյոք մի դժբախտությո՞ւն պատահեց մեր ընտանիքին, արդյոք մայրս հիվանդացավ, արդյոք նրան… բայց ոչ, նա առողջ էր. դեռ երեք օր չկա, որ նա ինձ նամակ է գրել տվել, ով գիտե, գուցե մի դժբախտություն հասել է իմ հորեղբոր գործերին, նա միայն նրանց վերաբերյալ նորություններն է կարևոր և անհրաժեշտ անվանում, և գուցե նա սնանկացել է… բայց ոչ. այդ անկարելի է, նա հաշվով մարդ է. նա հեշտությամբ վնասների չի ենթարկվիլ, ուր մնաց թե սնանկության…»:
Այս մտածմունքները երկար ժամանակ տանջեցին Պետրոսին, բայց վերջ ի վերջո նա տեսնելով, որ մտածելով ոչ մի ուղիղ եզրակացության չէ գալիս, հանվեցավ և պառկեց քնելու:
Առավոտը շատ վաղ զարթնեց Պետրոսը և հագնվելով դուրս գնաց փոքրիկ պարտեզը զբոսնելու: Այդ միջոցին նրա մտածմունքների առարկան դարձյալ հեռագիրն էր, բայց յուր կարծիքով նա այժմ ավելի հավանական բացատրություն էր տալիս հեռագրին: – «Իմ հորեղբայրը ժլատ մարդ է, – մտածում էր նա. – ես լավ հիշում եմ, որ իմ և նրա մեջ մինչև այժմ ոչ մի խոսք չէ եղել համալսարան գնալուս համար, չնայելով, որ ես մի քանի ամառ արդեն նրա հետ եմ ապրել: Հավանական է, ուրեմն, որ իմ համալսարան գնալու համար արածս հայտնությունը նրան անախորժ երևեցած լինի և նա կարևոր ու անհրաժեշտ նորություն հաղորդելու պատրվակով կանչում լինի ինձ հայրենիք, ընդմիշտ ինձ այնտեղ պահելու համար… Այո՛, ճիշտ այսպես է և անկարելի է, որ մի ուրիշ պատճառ ունենար նա այս բանի համար: Եվ ես, հիմարս պարծենում եմ իմ ընկերների մոտ թե՝ «իմ հորեղբոր կողմից ոչ մի արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը»: Հիմա՛ր, հիմա՛ր, դեռ «ջրին հասիր, հետո բոբիկացիր». դեռ ուղևորության հրաման չառած ես մասնագիտություն ընտրելու վերա եմ մտածում և իզուր տեղը խեղճ ընկերներիս ժամերով խոսեցնում… Ահա թե որտեղ է արդարանում ֆրանսիական ասածը «L'homme propose et Dieu dispose»1:
Այս միջոցին բակի մեջ երևեցավ հեռագրատան մի ցրիչ, որ տանտիրուհու ծառայից Պետրոս Մարալյանին էր հարցնում, Պետրոսը շտապով դուրս գնաց պարտեզից և դիմավորեց նրան:
– Դուք հեռագիր ունիք, – ասաց ցրիչը և ծրարը հանձնեց Պետրոսին:
Վերջինս ստացականը մատիտով ստորագրելով վերադարձրեց իսկույն ցրիչին և հեռագիրը վերցնելով գնաց յուր սենյակը:
«Շնորհավորում եմ ոսկյա մրցանակդ: Հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ:
Քո Աստղիկ»:
Այս էր հեռագրի բովանդակությունը: Բայց այս երկտողի ընթերցանությամբ Պետրոսի բոլոր տխրությունը անցավ, որովհետև նրա հետ խոսում էր յուր սիրած անձը և նա կարծեց, թե հենց այդ րոպեին յուր ականջին նրա ձայնը հնչեց:
Պետրոսը մի քանի րոպե ուրախ և անթարթ աչքերով սկսեց դիտել հեռագիրը. հետո նա նրան կրկին կարդաց, բայց կարծես ոչինչ չհասկացավ, նա նրան երրորդ անգամ կարդաց, և կրկին մի փոքր առաջ իրեն տանջող մտածմունքների մեջ ընկավ:
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?