Текст книги "Մեծապատիվ մուրացկանները"
Автор книги: Հակոբ Պարոնյան
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 6 страниц)
Հակոբ Պարոնյան
Մեծապատիվ մուրացկանները
Ա
Հազար ութը հարյուր յոթանասուն... չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին, – ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի, – երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։
Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։
Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։
Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր... չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել. անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ. Հ. Վարդովյան[1]1
Հակոբ Վարդովյանը 70–80֊ական թվականների անվանի գործիչ էր, դերասան, թատրոնական խմբերի կազմակերպիչ։
[Закрыть] հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն. «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։
Սնդուկներն և անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էին, նավակեն հանելուն պես ճամփորդն քաշեց քսակն ու նավավարին իրավունքը վճարելով՝ բեռնակիր մը կանչեց։ Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն։ Տարակույս չկա, որ եթե հինգ կանչեր, քսան և հինգ պիտի ունենար յուր առջև մայրաքաղաքիս սովորությանը համեմատ։
– Ո՞ր կողմ պիտի երթաք աղա, – հարցուց բեռնակիրներեն մին՝ մեկ ոտքը սնդուկներեն միույն վրա կոխելով։
– Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2 պիտի երթամ, – պատասխանեց խոշոր մարդը։
– Շատ աղեկ, հասկցա, Բերա, Ծաղկի փողոց... պատվական փողոց մ՚ է, – ըսավ հարցումն ընող բեռնակիրն և սնդուկին մեկն ալ շալկելով սկսավ երթալ։
– Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, – ըսավ երկրորդ բեռնակիրն և սնդուկին մեկն ալ ինք առնելուն պես՝ Բերայի ճամփան բռնեց։
– Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն, – ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակին վրա առնելն ու վազելն մեկ ըրավ։
Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ՝ տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին։
– Ի՞նչ խայտառակություն է աս, – պոռաց վերջապես ոտները գետինը զարնելով, ո՞ւր տարին անկողինս և սնդուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնդուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը. ինչ որ կը տեսնեն, կառնեն, կը տանին։
– Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք, – ըսին միուս երկու բեռնակիրները։
– Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ, – պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին։
Երկու բեռնակիրները խնդալով հեռացան. և ճամփորդն ալ յուր սնդուկներուն ետևեն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչերով մարդ մը ուսերը տնկած, ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց.
– Դո՞ւք եք, Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը... վայ, Աբիսողոմ աղա, վայ...
– Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան[2]2
Ղուրուշ, թյուրքական դրամ (10 կոպեկի չափ)
[Закрыть] է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը, – պատասխանեց փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն։
– Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինծի գրված էր Տրապիզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք... – Ես ատանկ բաներու չեմ նայիր։
– Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզի պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը...
– Սնդուկներս...
– Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը...
– Բեռնա...
– Հայրենասեր անձ մը...
– Կիրները...
– Ազգասեր, ուսյալ, կրթյալ...
– Սնդուկ...
– Դաստիարակյալ...
– Ներս առին, տարին...
– Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադեմ մեկը իր մեջ ունենալու համար։
– Սնդուկներուս մեջ ատանկ բաներ չկան, – պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով՝ բեռնակիրները գտնելու համար։
– Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայս ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ. ձեր լուսահոգի հայրն իմ լրագրույս բաժանորդ էր։ Շատ բարի մարդ մ՚ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ։ Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց, ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն։ Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք։ Շոգենավուն մեջ հանգի՞ստ էիք։
– Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի և պառկեցա, – պատասխանեց Աբիսողոմ աղան՝ քայլերն շուտ առնել սկսելով։
– Եթե հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրույս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի, – ըսավ խմբագիրն ետևեն վազելով։
– Շնորհակալ եմ։
– Կաղաչեմ, ըսեք ինձի, քանի՞ տարեկան եք։
– Քառասուն։
– Վաճառական եք, կարծեմ։
– Այո... եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա, վասնզի հատ մը ունիմ։
– Չէ, վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առջի օրը Տրապիզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երևելի վաճառականն, որ յուր լեզվագիտությամբ և վաճառականական հմտությամբն ծանոթ է մեր ազգայիններուն։ Տաճկերեն գիտեք կարծեմ։
– Ո՛չ։
– Ֆրանսերե՞ն։ – Ո՛չ։
– Անգղիերե՞ն։
– Ո՛չ։
– Գերմաներե՞ն։
– Ոչ։
– Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ըսեմ ձեզի համար և ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ։
– Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք։
– Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան։
– Պոլիսեն գացողնե՞րն ալ կը գրեք։
– Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան։
– Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ... Ասոնք ալ գրե՛, – ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։
– Հոգ մի՛ ընեք. խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։
– Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ... անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել։
– Ինչո՞ւ չէ։
– Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի. անոնք ալ գրել պե՞տք է, – հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։
– Ատոնք գրելու հարկ չկա։
– Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։
– Այնպես ընելու միտք ունիմ։
– Խոշոր գրերով գրե՛։
– Հանգիստ եղեք. ամենեն խոշոր գրերով։
– Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք... այնպես չէ՞։
– Այո։
– Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք, չեմ ուզեր, որ իմ անունս...
– Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար։
– Ըսել է որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտնա, թե ով եկած է և ով գացած է... Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ։ – Այո՛, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը։
– Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։
– Շատ աղեկ, – ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան։
– Վաղը առտու լույսը չճղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրին մեջ։
– Իրիկվան դեմ կը ղրկեմ, վասնզի լրագիրս իրիկունները կը տպվի։
– Որչա՛փ ուրախ կըլլայի, թե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք... բայց վնաս չունի, իրիկվան թո՛ղ ըլլա, բավական է. որ անունս խոշոր գիրերով գրվի։
– Այդ մասին հանգիստ եղե՛ք. վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով։
– Ընկալագրո՞վ... Տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա... Ընկալագիրն ո՞վ է, անունս գիտե՞...
– Ընկալագիրն թուղթ մ՚ է, որուն մեջ կը գրեմ «Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն... լրագրո տարեկան բաժանորդագին մեկ ու կես ոսկի» և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու։
– Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս։
– Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրույս՝ մեկ ու կես ոսկի վճարելով ինծի։
– Մեկ ու կես ոսկի՜՜... շատ է... երեք քառորդ ոսկի չբա՞վեր։
– Խմբագիրները բաժանորդագնույն վրա սակարկություն չեն ըներ...։
– Շատ լավ. ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։
– Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր. բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։
– Հայտնի բան է։
– Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։
– Չեմ անցուներ։
– Վասնզի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք. ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա... ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։
– Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։
– Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զրուցեք, վասնզի տեսակ մը բախտանդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն։ – Կը հասկնամ, անձնականությունդ կը խծբծեն։
– Օրինակի համար սա պարագային մեջ հանցանք մ՚ ունի՞մ ես. զձեզ դիմավորելու եկա և խոստացա ձեր անունը լրագրույս մեջ հրատարակել. դուք ալ իբրև ողջամիտ ազգային մը բաժանորդ գրվեցաք. կաղաչեմ, ըսեք, ձեր կոկո՞րդը սղմեցի, որ ինծի բաժանորդ գրվիք։
– Ամենևին։
– Ատրճանա՞կ ցցուցի։
– Բնավ երբեք։
– Դանա՞կ քաշեցի։
– Ոչ. բայց ուրիշ տեղեր ատրճանա՞կ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն։
– Ատ ըսել չեմ ուզեր, սա ըսել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք։
– Այո՛։ – Եվ ես վեհանձնաբար վարվեցա այս պարագային մեջ։
– Տարակույս չկա։
– Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես՝ վազելով անոր տունը կերթան բաժանորդ գրելու համար։
– Այդ չվառականներն իրավունք չունին քու անձնականությունդ խծբծելու... դուն վստահ եղի՛ր ինծի...
– Շնորհակալ եմ ձեզմե. մնաք բարով, Աբիսողոմ աղա՛. օր մը մեր խմբագրատունը հրամմեցեք խահվե մը խմելու։
– Շատ աղեկ. օր մը կուգամ։ Վաղվանին մեջ անցունելու չմոռնաք։
– Անհոգ եղեք։
Աբիսողոմ աղան և խմբագիրն բաժնվեցան իրարմե Բերայի քառուղվույն առջև, ուր հասած էին խոսելով։
Աբիսողոմ աղան առանձին մնալով սկսավ ճամփան շարունակել՝ ինքն իրեն հետևյալ խորհրդածություններն ընելով.
«Ես ինքզինքս չէի կարծեր այն չափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն. բայց հարկավ այն ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ՚ է և ուսումնական է...։ Վաղը լրագրի մեջ իմ անունս տեսնողները անշուշտ իրար պիտի անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինծի հետ տեսնվելու. վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկիե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ. սպասավորներս ալ հետս բերելու էի. ո՞վ գիտեր...։ Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ. Պոլիս. ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և՛ յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե իր էրկանը. «Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք»։ Էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը. «Նայինք՝ Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ»։ Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատռեն. որո՞ւ հոգ...։ Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լըմնցունեմ ամուսնության գործն, որու համար միայն եկած եմ հոս... այս ամուս...»։
Աղյուս բեռցված էշերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմած ըլլալով ուշադրություն չէր ըներ առջևեն եկող էշերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը։
– Մեկդի կեցիր, – ըսավ իշավար պարսիկն Աբիսողոմ աղային՝ արդարացնել ուզելով յուր էշը։
– Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի, – պատասխանեց Աբիսողոմ աղան և ճամփան շարունակեց։
Բ
Բեռնակիրներն ոչ լսած և ոչ ալ տեսած էին Ծաղկի փողոցն, բայց քաջալերվելով կարգ մը մարդերեն, որք գիտնալ կը ձևացունեն, ինչ որ չեն գիտեր, և որք խիստ բազմաթիվ են մեր ազգին մեջ, համարձակած էին ըսել Աբիսողոմ աղային, թե շատ աղեկ գիտեին Ծաղկի փողոցը։
Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։ Եվ արդարև բեռնակիրներն, ամեն քայլափոխին, իրենց դեմն ելնողներուն հարցունելով՝ անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ 2 տան դուռը զարկին. մինչդեռ ես շատ ատենաբաններ[3]3
Ճառախոս
[Закрыть] մտիկ ըրած եմ, որ յոթը–ութը ժամ շարունակ խոսելով՝ չեն կարողացած իրենց փնտրած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառիլ և թափառեցնել իրենց ունկնդիրներն՝ անոնց քթեն բռնելով։
Բեռնակիրները դուռը զարնելուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրբագրելու համար, որքան որ կը գծե «Մասիսի»[4]4
«Մասիս» – պահպանողական շաբաթաթերթ էր, հետագայում օրաթերթ և դարձյալ շաբաթաթերթ, հրատարակվել է Պոլսում 1852 թվականից մինչև 1889 թվականը։
[Закрыть] խմբագիրն յուր չորս տող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշի մը կարգվիլը։
Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել։
– Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, – հարցուց բեռնակիրներուն թխադեմ տիկինը։
– Անունը չըսավ մեզի, – պատասխանեց բեռնակիրներեն մին՝ սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելով։
– Ի՞նչ տեսակ մարդ էր։
– Խոշոր թիկնոց մը հագած էր։
– Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ թե թուխ։ – Ո՛չ, սև էր։
– Սև՞ էր։
– Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմսիր։
– Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա... ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր, – ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։
– Վնասակար բան մը չըսի. փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր, – պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։
– Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ։
– Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։
– Ես կը պառկեցունեմ... դուն զիս կը ճանչնա՞ս...։
– Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա։
– Ես էրիկ ունիմ, ինչու պիտի փաթտըվիմ եղեր անոր։
– Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին. էրիկն ուրիշ, աս ուրիշ. աս կը տաքցունե։ Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես...։
– Աբիսողո՞մ աղան։
– Թիկնոցը, տիկին... Աբիսողոմ աղան կռնակի վրան կառնվի՞։
– Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։
– Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի... Հապա դուն ի՞նչ հասկցար։
– Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է, կըսես։
– Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր աստված, – ըսավ բեռնակիրն՝ թաշկինակը քաշելով աթոռեն։
Տիկինն բեռնակրին տված բացատրութենեն գոհ ըլլալով, հրամայական եղանակով մ՚ ըսավ.
– Աս անկողինն և սնդուկներն վե՛ր հանեցեք։
Բեռնակիրներն հնազանդելով բեռներն նորեն վերցուցին, և հազիվ թե սանդուղին առաջին աստիճանին վրա կոխած էին, տիկինն պոռաց.
– Լեռնե՞ն եկաք դուք։
– Ոչ, մեծ փողոցեն եկանք։
– Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք. այդ ոտքի ամաններով վեր կելնվի՞. տեսեք՝ ի՞նչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ։
– Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք։
– Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տվոնք։
– Մի՛ պոռար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք։
Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն։
– Ա՞յդ ոտքերով վեր պիտի ելնեք, – կրկնեց տիկինն։ – Ուրիշ ոտք չունինք, այս ոտներով պիտի ելնենք, – պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն ավելի չէին կրցած ունենալ, և որպես թե հարուստներն չորս, հինգ կամ վեց ոտք ունեցած ըլլային։
– Վա՛ր իջեք, չեմ ուզեր, գետինը ձգեցե՛ք, ես կը տանիմ։
– Ատանկ ավելի աղեկ կըլլա։
– Ա՛հ, ես ի՞նչ ըսեմ իմինիս, որ գործի չերթար, և առտվնե մինչև իրիկուն սրճարանները կերթա, կը նստի, ազգային գործերու վրա կը խոսի, զիս ասանկ խեղճ կը թողու, և ես ալ կստիպվիմ տունս մարդ դնելու, – մռմռաց ինքնիրեն տիկինն և սանդուղին առջև դրված թաց լաթով մը սանդուղին առաջին աստիճանն սրբել սկսավ։
– Տիկին, մենք սպասե՞նք պիտի...
– Եթե խելքը գլուխը մեկն ըլլար,– շարունակեց տիկինն ինքնիրեն, – ես հիմա թագուհիի մը պես կյանք կանցունեի. զավակ չունիմ, բան չունիմ. բայց ինչ ընեմ, որ խելքը միտքը թաղական[5]5
Այսինքն թաղական խորհրդի անդամ։
Թաղական խորհուրդ– ըստ ազգային սահմանադրության տաճկահայերի ինքնավարական օրգանների հիմնական բջիջն էր,– թե Պոլսում և թե գավառներում– որ ընտրվում էր տեղական ժողովրդի կողմից շրջանի ազգային-կուլտուրական գործերը տնօրինելու համար։
[Закрыть] ընտրելու և թաղական վար առնելու վրա է։ Աստուծմե գտնան այն թաղականներն ալ, որ ամենուս խեղճությանը պատճառ կըլլան կոր։ Ինչո՞ւդ պետք քուկին, տնաշեն, ուզողը նստի, չուզողը չնստի, դո՞ւն մնացիր այս ազգին գործերը շտկող...
– Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս, – ըսին բեռնակիրները։
– Վաղը եկեք, – պատասխանեց տիկինն. և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան։
– Թաղականի մը ետևեն է ինկեր, – շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է. զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է. ասոնք բնավ չհարցուներ, առտուն լուսը չճեղքված կերթա և իրիկվան մութուն կուգա։ Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա. հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակ կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի... թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական...
Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը։ Այս մարդը տիկնոջ ամուսինն էր։ Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր։
Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր, կինն առջևն ելնելով՝ հարցուց անոր։
– Ո՞ւր էիր մինչև հիմա, մարդ աստուծո։
– Չես ըսեր, կնի՛կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք. կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան։ Թորոս աղան ինծի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասնզի իմ մարդիկս ինծի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողնար և դպրոցն ալ...
– Այդ խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա կտոր մը միս առ։
– Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ[6]6
Թղթախաղի մի տեսակը։
[Закрыть] չպիտի խաղա. թո՛ղ չխաղա՜...։
– Ես քեզի ի՞նչ կըսեմ կոր... շուտ ըրե՛, գնա՛։
– Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը...
– Այդ խոսքերը վերջն ալ կընենք, Մանուկ աղա, գնա՛ մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր։
– Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնի՛կ. խեղճին կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր...
– Ինչո՞ւ։
– Մանչ մը բերեր է. բայց շատ դժվարությամբ. չորս դայակ և տասնվեց բժիշկ հազիվ կրցած են տղան առնել։
– Խեղճ կնիկ...
– Վաղը քիչ մը գնա՛, զինքը տե՛ս։
– Կերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցուր։
– Այս գիշեր անպատճառ միս պե՞տք է։
– Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնդուկները բերին, ինքն ալ հիմա կուգա։
– Իրա՞վ կըսես, կնի՛կ։
– Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ։
– Շատ աղեկ ուրեմն. երթամ պատվական միս մ՚ առնեմ ու գամ։
Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռալ սկսավ.
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա... Մանուկ աղան ետ դարձավ.
– Միսն ինչո՞վ պիտի եփենք, – հարցուց կինը։
– Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով[7]7
Լոբի
[Закрыть]։
– Ատ չէ իմ ըսածս. ածուխ չունինք, քիչ մ՚ ալ ածուխ առնեիր։
– Շատ աղեկ, – պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ։
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա, – կանչեց տիկինը նորեն։
Ետ դարձավ Մանուկ աղան։
– Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՚ ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մ՚ ալ շինենք։
– Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՚ ալ բրինձ առնենք։
Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ. փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց.
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա... Ման...
Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը գեղջ ընելով։
– Ի՞նչ կուզես...
– Մարդ աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մ՚ ալ գազ կամ ճրագ առնելու է, որ վառենք. մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։
– Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ. հարյուր անգամ ետևես կանչեցիր։
– Ջուրի շիշ ալ չունինք... գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա. այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։
– Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, – ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։
– Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա...
– Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, – մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց։
Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր։
– Գործ չունիս նե, պոռալով ետևես վազե, – ըսավ ինքնիրեն Մանուկ աղան՝ առանց գլուխն ետ դարձնելու՝ տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։
– Մանուկ աղա, Մանուկ աղա, – կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։
Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան. և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մ’ալ կրցավ պոռալ.
– Մա՛նուկ աղա։
Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու։
– Թող տուր, կնի՛կ, – ըսավ Մանուկ աղան՝ առանց ետևը նայելու։
– Բան մը պիտի ըսեմ։
– Մտիկ ընելու ժամանակ չունիմ. ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես...
– Դայակին տունը պիտի հարցունեի...
Դայակ բառը լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով՝
– Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, – հարցուց անոր։
– Ա...յո...ես... – պատասխանեց Աղավնին, որ հևալեն ա՛լ չէր կարող խոսել։
– Մայրդ ի՞նչպես է։
Աղավնին կը հևար։
– Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է... դժբախտությո՞ւն մը պատահեցավ։
Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր...
– Հետաքրքրութենես պիտի ճա՛թիմ[8]8
Տրաքվել, պայթել։
[Закрыть]... չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանա՞կ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ։
– Մայ...րի...կս... ա...ղեկ է, բայց...տը...ղան... ծիծ չը...բռ...ներ...կոր... դա...յա...կը...պի...տի...
– Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ։
Աղավնին բաժնվեցավ Մանուկ աղայեն, որ ճամփան փոխեց դայակին տունը փնտրելու համար։
Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել՝ կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կծանուցաներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերելն կամ Աբիսողոմ աղային գալը։ Դառնանք հիմա Աբիսողոմ աղային։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.