Текст книги "Մեծապատիվ մուրացկանները"
Автор книги: Հակոբ Պարոնյան
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 4 (всего у книги 6 страниц)
Է
Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին. կան նաև որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կը փափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր։ Այսպես, երբ ըսին իրեն, թե մեծ մարդերն իրենց պատկերներն ունին, հավանեցավ, որ ինքն ալ իրենն ունենա, բայց կասկածելով, թե խաբված ըլլա և պարապ տեղը ստակե ելլա, Դերենիկին մեկնելեն անմիջապես ետքը հարցուց Մանուկ աղային.
– Եթե պատկերս քաշել չտամ, զիս մարդու տեղ չե՞ն դներ։
– Քավ լիցի, բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը իրենց պատկերները հանել տված են, ձեզի ալ կը վայելե, որ անոնց պես ընեք։ Երբ մեկն ձեր պատկերն ունենալ կը փափագի, և դուք պատասխանեք, թե պատկերս քաշել տված չեմ...
– Ի՞նչ կըլլա։
– Բան մը չըլլար... բայց...
– Բայց ի՞նչ... ագարակներս կառնե՞ն ձեռքես...
– Ամենևին։
– Ոչխարներս, կովերս կը հափշտակե՞ն։
– Բնավ... բայց... խավարյալ մարդու տեղ կը դնեն ձեզի, չեն ըներ այն պատիվն, որ կուտան մեծ մարդու։
– Հասկցա, ի՞նչպես հանել տալու եմ ուրեմն պատկերս, որ տարակույս չմնա, թե պզտիկ մարդ չեմ, վասնզի ըսիք, թե պզտիկներն ալ իրենց պատկերներն կը հանեն։
– Ձեր պզտիկ մարդ չըլլալը հասկցնելու համար մեծ պատկեր հանելու եք թիկնաթոռի մը վրա նստած։
– Նոր հագուստներս հագնելու եմ, այնպես չէ՞։
– Այո՛։
– Ժամացույցս ալ կախելու եմ հարկավ։
– Տարակույս չկա։
– Սանկ ծխփող քաշելով և երկու մարդ ալ դեմս բարև բռնելով և մեկն ալ ետևես ձիս բռնելով։
– Այո՛, այո՛։
– Դեռ ուրիշ ի՞նչ պետք է փառավոր երևնալու համար։
– Այսչափ բավական է։
– Կուզեի, որ սպասավորներս երկուքն ալ չախելով[40]40
Հանդիմանել։
[Закрыть] դիմացես վռնտեի, և անոնք ալ գլուխնին ծռած դուրս ելնեին. վերջապես սանկ բաներ չը՞ կրնար ըլլալ... կամ թե մեկը ծեծեի... օրինակի համար, մեր ագարակներուն վերակացուին երեսն ի վեր պոռայի... «մա՛րդ, քեզի քա՞նի անգամներ հրամայեցի, որ մշակներու հետ քաղցրությամբ վարվիս, կովերուս հետ սիրով երթաս, վար ու ցանը ժամանակին ընես, քանի որ ասոնք չըրիր, ես ալ քեզի կը վռնտեմ»։ Վերակացուն ալ թաշկինակովն աչերը սրբելով՝ ոտներուս իյնա, աղաչե և պաղատե ըսելով. «զավակներուս սիրույն համար ներե՛ հանցանացս. այսչափ տարիներե հետե ձեր հացը կուտեմ, դուք իմ բարերարս եք, ես ձեզ գրկերուս մեջ այնչափ գրկած ու պտտցուցած եմ, երբ դեռ պզտիկ էիք»... վերջապես սըվոր նման բաներ չե՞նք կրնար դնել պատկերին մեջ։
– Ատոնց վրա վաղը կը խորհինք. մենք հիմա սկսինք մեր երեկվան պատմության, որ կիսատ մնաց։ Մելքոն աղան զիս տեսնելուն պես...
– Կամ թե սանկ կռնակի վրա պառկիմ, և սպասավորներս ալ բանթալոնս[41]41
Շալվար։
[Закрыть] քաշեն...
– Զիս տեսնելուն պես մոտեցավ ինծի և...
– Նարկիլեյով ավելի փառավոր չըլլա՞ր...
– Մոտեցավ ինծի և ձեռքերս բռնելով ըսավ. «Թե այսօր չաշխատինք, մեր չուզած մարդերը թաղական պիտի ընտրվին»։
– Սանկ տասը կանգուն[42]42
Երկարության չափ։
[Закрыть] երկարությամբ մարբուճ[43]43
Նարգիլեի բարակ, երկար խողովակ, որի ծայրից ծխում են։
[Закрыть] մը...
– Անոնք վաղվան գործ են, Աբիսողոմ աղա, թող տվեք, որ սա պատմությունս լմնցնեմ։ Մելքոն աղան թևես բռնելուն պես քաշեց զիս ազգային ընթերցատունն, ուր երիտասարդները նստած թուղթ կը խաղային։
– Ես ալ կըսեմ, որ մարբուճը եթե կարճ ըլլա, ավելի աղվոր կերևնա պատկերին մեջ։
Կյանքիս մեջ հարյուր անգամեն ավելի հանդիպած եմ այս տեսարանին, ուր երկու դերասաններ խոսքն իրարու բեռնեն հափշտակելով, յուրաքանչյուրը կը փափագի առաջ յուր խոսքը մտիկ ընել տալ։ Այո՛, հարյուր անգամ ներկա գտնված եմ. երկու անգամ ընկերություններու մեջ և իննսունը ութը անգամ Ազգային երեսփոխանական ժողովո[44]44
Ազգային երեսփոխանական ժողով – ըստ տաճկահայոց Ազգային սահմանադրության երեսփոխանական էր կոչվում այն կենտրոնական պատգամավորական ժողովը, որ գումարվում էր Պոլսում և որին պատկանում էր ազգային գործերի տնօրինության բարձրագույն իրավունքը։
[Закрыть] մեջ։ Հարյուր մեկերորդ անգամն էր այս, և սատանան կը դրդեր զիս ըսելու այս երկուքեն մեկուն. «Թո՛ղ տուր դիմացինիդ լմնցնել յուր խոսքն և վերջը խոսե»։ Բայց որովհետև ուրիշ անգամներ այսպես խոսած ըլլալուս համար մեկուն կամ մեկալին սիրտը կոտրած եմ, որոշեցի չեզոքություն պահել, թող տալ իրենց՝ փոխասացություն ընել և սպասել տեսնելու համար, թե ինչպես պիտի վերջանա այս տեսարանն, որ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ գրեթե միշտ կռիվով կը վախճանի։
– Իրավունք ունիք, – պատասխանեց Մանուկ աղան, կարճ մարբուճը շատ աղեկ կերևա պատկերին մեջ, բայց և այնպես մաքուր և շիտակ ըլլալու է թաղական ընտրվող մարդ մը։ – Դուք աղեկ կը ճանչնա՞ք։
– Իմ ճանչնալս մինակ օգուտ չըներ, քվեարկությամբ կընտրվի։
– Քվեարկությա՞մբ։
– Այո՛, ըսր Սահմանադրության[45]45
Ազգային սահմանադրություն – այսպես կոչվում է հայ ազգային կուլտուրական ինքավարության այն կանոնադրությունը, որ հորինված էր տաճկահայերի համար և օսմանյան կառավարության կողմից հաստատվել 1863 թվականին։
[Закрыть], քվեարկությունը կընտրե։
– Ի՞նչ կըսեք, թաղեցին քվե՞ պիտի տա հիմա աղեկ մարբուճ մը ընտրելու համար։
– Թաղականի վրա է մեր խոսքը։
– Թաղական ո՞ւսկից հանեցիր. մարբուճի վրա է մեր խոսքը։
– Մի՛ բարկանաք, Աբիսողոմ աղա, այնպես ըլլա։
– Ինչո՞ւ բարկանամ պիտի... վաղը կերթանք, հատ մը առնենք։
– Կառնենք։
Այս պահուն սենյակի դուռը բացվեցավ, և կնկան մը գլուխ երևցավ։
Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ։ Երբեմն ալ այրը կինեն կը զատեր և դարձյալ յուր աշխատության փոխարենը կառներ։ Տարիքն, եթե հարցունես, երեսունվեց է, իսկ եթե հարցունես ինծի, որ միշտ սովորոթյուն ունիմ կնկան մը խոստովանած տարիքին վրա տասն ավելցնել, քառասունվեց է։ Ծաղկի հիվանդությունը յուր նշանները ձգած է անոր երեսը։ Սև և երկար դեմք մը, որուն կեսը կը կազմեր ծնոտը, և որուն մեջ տեղը երկնցած էր քիթ մը, որ բարձր և ճոխ հանգ[46]46
Ձև
[Закрыть] մ՚ ուներ, կը կրեր յուր վրա երկու փոքրիկ և սև աչեր, որ ամեն վայրկյանին չորս կողմը կը պտտեին։ Հազիվ երկու մատ լայնությամբ ճակատ մ՚ ուներ. ընքվիները հիվանդութենե թափած էին։
Տիկին Շուշան գլուխը դռնեն ներս խոթելեն ետքը դուռը բացավ և ներս մտավ ըսելով.
– Եթե գաղտնի խոսք մը ունիք, դուրս ելնեմ։
– Ո՛չ, – պատասխանեց Մանուկ աղան, – թաղականի վրա կը խոսեինք։
– Գետնին տակը անցնի այն թաղականի խնդիրն, – ըսավ տիկին Շուշան և ծանրությամբ գլուխն Աբիսողոմ աղային ծռելով՝ գնաց բազմոցի մը վրա նստելու։
– Բարի եկաք, տիկին, – ըսավ Մանուկ աղան։
– Բարի տե՛սանք։ Դուք ալ բարի եք եկեր, Աբիսողոմ աղա. քաղաքն ի՞նչպես գտաք, նայինք՝ հավնեցա՞ք։
– Հավնեցա, շատ աղեկ է։ – Այս կողմերը ի՞նչ գործ ունիք, – հարցուց Մանուկ աղա, դարձյալ նշանտո՞ւք[47]47
Նշանդրեք։
[Закрыть] մը կա, ի՞նչ կա։
– Հրամմեր եք, սա դիմացի տունը եկա, և անգամ մ՚ ալ ձեզի հանդիպիմ, ըսի։ Սա Անթառամին աղջիկը դիմացինիդ տղուն կուզեմ շինել. գործն ալ լմնցածի պես էր, բայց տիկին Մարթան յուր աղջիկը տալ ուզելուն համար Անթառամին աղջկանը վրայոք խել[48]48
Բավականին։
[Закрыть] մը խոսքեր ըսած է մանչուն, ան ալ քիչ մը պաղած է։ Այսօր եկա, որ զինքը տեսնեմ և համոզեմ, բայց դուրս ելած ըլլալուն՝ վաղը պիտի գամ։
Աղջիկ մ՚ ալ մեր Աբիսողոմ աղային չգտնա՞ս։
Աբիսողոմ աղան ժպտեցավ։
– Տիկինն արդեն իմացուց ինծի վարը, թե Աբիսողոմ աղան կարգված չէ, և ես ալ շիտակը անոր համար վեր ելա, – պատասխանեց տիկին Շուշան ճերմակ թաշկինակովն քիթը սրբելով։
– Անանկ միտք մը ունիմ, – ըսավ Աբիսողոմ աղան տեղեն ելնելով և սիգար մը հրամցնելով տիկին Շուշանին։
– Եթե անանկ միտք մը ունիք, քեզի ալ կրնանք ձեր ուզածին պես աղջիկ մը գտնել. քսան տարիե ի վեր այս գործին մեջն եմ, ամենքն կը ճանչնամ։ Հրամանքնիդ ի՞նչպես աղջիկ կուզեք, անգամ մը ան հասկանալու եմ ես։
Մանուկ աղան տեսնելով, որ Աբիսողոմ աղան տիկին Շուշանի հետ խոսքի բռնվեցավ, դուրս ելավ՝ ուրիշ անգամի պահելով թաղականի պատմությունն, զոր չէր կրցած ավարտել։
– Աղվոր աղջիկ մը կուզեմ, – պատասխանեց Աբիսողոմ աղան խնդալով։
– Գիտեմ, որ աղվոր աղջիկ կուզես. ուզած աղջիկդ հարո՞ւստ ըլլալու է։
– Այո՛։
– Պարկեշտ։
– Հարկա՛վ։
– Տասնվեց տասնութ տարեկան։
– Ճիշտ։
– Դաշնակ[49]49
Դաշնամուր
[Закрыть] զարնել գիտնա։
– Գիտնալու է։
– Աղեկ պարե։
– Հրամմեր եք։
– Շատ լավ, ասանկ աղջիկ մը կա ձեռքիս տակը, բայց այս տեսակ աղջիկները գործ չեն տեսներ տունը. առտվնե մինչև իրիկուն ծունկ ծունկի վրա կը դնեն և կերգեն, կը պարեն և կամ բոլոր օրը կը պտտին. հիմակվընե ըսեմ, վերջեն ինծի պատճառ չբռնես. աղեկներն ալ կան, բայց գտնելը շատ դժվար է։ Քու ըսած աղջիկներուդ մեջ անանկներ ալ կան, որ իրենց ուզած մեկը կը սիրեն և շատ անգամ անոր հետ գեղ մը կը փախչեն, և դուն ալ կսպասես, որ կինդ գա։
– Ի՞նչ կըսեք։ Եթե այդպես է, չեմ ուզեր։
– Բայց կան ալ, որ վրադ կխենդենան։
– Եթե այսպես է, կուզեմ։
– Բայց կան ալ, որ ամիս մը իրենց սիրածին հետ կապրին և քու անունդ բնավ չեն տար։
– Եթե այնպես է, չեմ ուզեր։
– Բայց կան ալ, որ վայրկյան մը քովեդ չեն բաժնվիր։
– Եթե այսպես է, կուզեմ։
– Ասոնք ըսելուս համար ինծի բան մի՛ ըսեր. վասնզի կան անանկներ ալ, որ թող կուտան իրենց կինը ուրիշի մը հետ սիրահարություն ընել և աղջկան հորմեն քիչ մը դրամ առնելով աչք գոցել։
– Իրա՞վ կըսեք. անանկ էրիկ մարդ կը գտնվի՞ աշխարհիս վրա։
– Մազես շատ։
– Եվ այն տեսակ էրիկ մարդերու և կիներու երեսը ո՞վ կնայի։
– Ամեն մարդ. կինը կարդարացնեն՝ ըսելով, թե սատանայե խաբված է, էրիկն ալ կը սրբացնեն՝ ըսելով, թե խեղճը չգիտեր յուր բռնած ընթացքը։
– Է՜, հիմա կը ճաթիմ... չեմ ուզեր, չեմ ուզեր, թող մնա՛, իմ քաղաքս կը կարգվիմ։
– Բայց և այնպես անանկներ ալ կան, որ քեզի համար իրենց հոգին անգամ կուտան։
– Անանկ մեկն եթե գտնեմ, կը կարգվիմ։
– Ես անանկ մեկը պիտի գտնեմ քեզի. իմ հարցունելս սա է, որ ձեր ինչ տեսակ աղջիկ ուզելը հասկնամ։
Ես ալ իրավունք կուտամ տիկին Շուշանին. վասնզի ամեն օր այնպիսի ամուսնություններ կը տեսնենք, որք մարդուս զարմանք կուտան։ Ատեն մը հետաքրքրության համար կարգված մարդու մը սիրո կրկնատոմարը[50]50
Հաշվեմատյան։
[Закрыть] գրեցի և տարեգլխուն հաշվեկշիռը[51]51
Բալանս։
[Закрыть] հանելով տեսա, որ մարդը սնանկացած էր բարոյականության մեջ։ Բարևս կտրեցի իրմե և սակայն մեծ զարմանքով տեսա, որ այդ մարդը մեծ պատիվ կը գտնե ընկերություններու մեջ և իբրև բարոյականի տեր անձ մը ամեն կողմե հարգանք կընդունի։ Հետաքրքրությունս ավելցավ. հաշվեկշիռս նորեն աչքե անցուցի և դիտեցի, որ կինն, զոր ես այդ մարդուն ընկեր նշանակած էի, մայր հաշվույն մեջ դրամագլուխի կողմ անցած է էրկանը տետրակին մեջ։ Եթե օր մը սիրո տոմարակալություն[52]52
Հաշվապահություն։
[Закрыть] մը հրատարակեմ, մեծ հուզմունք պիտի պատճառեմ հաշվագետներու մեջ. վասնզի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որոնք կինն իրենց սիրո հաշվույն մեջ ընդհանուր ծախքի կողմ կանցունեն, շատերը կարասիքի հաշվույն տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կանցունեն, ոմանք վճարելի թուղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշվույն մեջ կը նշանակեն։ Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնություններն, որոնց մեջ կինը էրկանը ընկեր կարձանագրվի սիրո տետրակին մեջ։
– Կարգվիլը շատ անուշ բան է, – հարեց սիրո միջնորդն, – քեզի հարմար աղջիկ մը գտա՞ր, ամեն օր արքայության մեջ ես...
– Ես ալ ասոր համար է, որ կարգվիլ կուզեմ։
– Կինդ բնավորությանդ չհարմարեցավ, ամեն օր դժոխքի մեջ ես, կրակներու մեջ կերիս։
– Ես ալ ասոր համար է, որ կարգվելու կը վախնամ:
– Նայեցե՛ք, ձեզի բան մը ըսեմ, աղա՛, հրամանքնիդ հարկավ մեծ տեղե մը աղջիկ կուզեք առնել, վասնզի դուք ալ մեծ մարդ մ՚ եք։
– Այո՛, այո՛, մեծ տեղե կուզեմ։
– Ես ալ քեզի մեծ տեղե մը աղջիկ կը գտնեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերեն գիտե՞ք։
– Մեծ տեղե աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերե՞ն գիտնալու է։
– Այո՛, վասնզի մեծ տեղի աղջիկներն ֆրանսերեն կը խոսին, և երբ կին մը յուր էրկանը չգիտցած լեզվով ուրիշի մը հետ կը խոսի, տակեն նախանձ կելնե։
– Ես ալ կը սորվիմ ֆրանսերեն։
– Բացի ասկից, երջանկությունը շատ քիչ կը գտնվի այն ամուսնության մեջ, ուր կնիկն էրիկեն ավելի բան գիտե։
– Այնպես է, ես ալ այն կարծիքին եմ։
– Հրամանքնիդ եվրոպական եղանակներեն բան մը կը հասկնա՞ք։
– Ամենևին բան մը չեմ հասկնար և մանավանդ թե կը ձանձրանամ։
– Ի՞նչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով դաշնակի առջեվն անցնի և այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե։
– Թող չեմ տար, ես ձանձրույթ կիմանամ։
– Ան հաճույք կզգա։
– Կին մը ի՞նչ իրավունք ունի յուր էրկանը գլուխ ցավցունելու։
– Էրիկ մը ի՞նչ իրավունք ունի յուր կինն զվարճութենե զրկելու։ – Եթե գործը մինչև աս տեղվանքը պիտի գա, չեմ կարգվիր[53]53
Ամուսնանալ։
[Закрыть]։
– Չկարգվիլ չըլլար, միայն եթե պիտի ստիպվիս կնկանդ ճաշակին հարմարելու համար դաշնակ սորվիլ։
– Ես կրնա՞մ սորվիլ։
– Ինչո՞ւ չէ, մանավանդ թե ավելի դյուրին է քեզի դաշնակ զարնել սորվիլ, քան թե կնկանդ դաշնակ զարնելը մո՛ռնալը։
– Եթե այդպես է, ատոր ալ ճամփան գտանք ըսել է։
– Ասոնք ըսելուս պատճառն ան է, որ ես հոգիս սևցունել չեմ ուզեր. ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջեն ինծի պատճառ չբռնեն։ Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա. բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն. այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ. հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինծի ըսեք՝ սա դասեն կուզեմ։ Հայտնի է, որ բարձր դասը շատ սուղ է, միջինն՝ նվազ սուղ և ստորինն՝ աժան։
– Ես շատ աժան չե՛մ ուզեր։
– Շատ լավ. աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ։
– Ճերմակ կուզեմ։
– Աչքերը սև՞, թե կապույտ։
– Եկու, տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ...
– Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը. վասնզի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև։
– Կապույտ ըլլա թո՛ղ։
– Շատ լավ։ Հասակն և մազերը...
– Երկար, երկար։
– Մեջքը...
– Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր. կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։
– Կը հասկնամ, այսչափը հերիք է. ճիշտն ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա։
– Ես ալ անանկ մեկը կուզեմ։
– Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե։ Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ։
– Պատկերս վաղը հանել պիտի տամ։
– Վաղը՞... վաղը հանել տալու որ ըլլաք, ութը օրեն կառնեք, և ութ օր սպասե՞նք։
– Ինչո՞ւ սպասենք, վաղը կերթանք. մեծ տեղե՞ն է աղջիկը։
– Այո՛։ – Հայրը հարո՞ւստ է։
– Շատ հարուստ է, բայց հարստությունը չցցուներ։
– Շատ խանութնե՞ր ունի։
– Քսանի չափ։
– Տո՞ւն։
– Քառասունի մոտ։
– Շատ աղեկ, վաղը չէ մյուս օր կերթանք այդ աղջիկը տեսնելու։
– Գլխուս վրա. ցերեկին կուգամ, և մեկտեղ կերթանք։ Մնաք բարով, Աբիսողոմ աղա, սիրտդ հանգիստ բռնե. ես քեզ չեմ խաբեր, ուրիշներու կրակե շապիկ հագցնողներե չեմ։ Կեցեք բարով, վաղը չէ, մյուս օր։
Տիկին Շուշանը կը մեկնի։
Ը
Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես՝ խահվեի գավաթն թողուց և Աբիսողոմ աղային քովը գնաց։
– Այսպես, – ըսավ, – Մելքոն աղան թևես քաշեց, և մեկտեղ ընթերցատունը մտանք։ Այդ ընթերցատունը ժամանակավ գինետուն էր։ Աստված ողորմի հոգուն, Կոմիկ աղան կը բռներ, աղեկ մարդ մ’ էր, հիվանդություն մը եկավ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը մեռավ...
Մանուկ աղային կինը լրագիր մը ի ձեռին ներս մտավ և լրագիրը Աբիսողոմ աղային տալով՝
– Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի, – ըսավ և դուրս ելավ։
Աբիսողոմ աղան աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց.
«Վանեն հետևյալը կը գրեն մեզ»։ Աս չէ, վարինը կարդանք, ըսավ և կարդաց.– «Մեր բարեկամներեն մին Մուշեն հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն»։ Աս ալ չէ, մյուսը նայինք. «Քուրիե տ’ Օրիանի»[54]54
Կուրիեր դ’ Օրիանը («Արևելքի Սուրհանդակ») Պոլսում հրատարակվող ֆրանսիական թերթ էր։
[Закрыть] մեջ հետևյալ տողերը կը տեսնվին»։ Մյուս երեսն անցնինք. «Թայմզի»[55]55
«Թայմզ» անգլիական թերթ։
[Закрыть] թղթակիցը հետևյալը հեռագրած է հիշյալ լրագրին»։ Ասոնց մեջ իմ անունս չկա... սա կտորը նայինք... «Մայրաքաղաքիս ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս։ Երևելի վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր ազգայնոց ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս եկավ և ուղղակի Բերա[56]56
Պերա կոչվում է Պոլսի եվրոպական թաղամասը
[Закрыть] ելավ Ծաղկի փողոց, թիվ 2 տունը։ Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարեմիտ ազգայնոց»։
Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով՝ տես, – ըսավ, – ի՛նչ գրած է ինծի համար, և բարձր ձայնով անգամ մ’ ալ կարդաց։
– Մեծապատիվ էֆենտին բարև կընե եղեր, – ըսավ տիկինը նորեն ներս մտնելով, բաժանորդագին պիտի տաք եղեր։
– Հիմա՛, – ըսավ Աբիսողոմ աղան և տվավ բաժանորդագինը տիկնոջ, որ վազելով վար իջավ։
– Սա մարդը գեշ չը՞ գրեր կոր, հե՛, – հարցուց Աբիսողոմ աղան։
– Այո՛, գեշ չգրեր։
– Պատվական լրագիր մ’ է։
– Ավելի պատվականը կրնա ըլլալ։
Տիկինը դուռը բանալով Աբիսողոմ աղային նամակ մը, խոշոր ծրար մը հանձնեց ըսելով.
– Մեծապատիվ էֆենտին մասնավորապես կը բարևե զձեզ։
Աբիսողոմ աղան նամակը բացավ և հետևյալը կարդաց.
«Մեծապատիվ էֆենտի,
Ձեր մեծապատվության մայրաքաղաքս գալն իմանալով փութացի ձեր գալուստը շնորհավորելով՝ լրագրես տասն օրինակ ղրկել։ Քաջահույս եմ, որ պիտի հաճիք ձեր բաժանորդությամբը քաջալերել լրագիրս, որով պիտի խրախուսեք զիս, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին ծառայություններ ընելու կոչված եմ։
Մնամ հարգանոք խմբագիր-տնօրեն ...... լրագրո» (ստորագրություն)
– Տասը հատն ի՞նչ ընեմ...
– Կշտանալով կը կարդանք...
Տիկինը նորեն ներկայացավ ծրարով մը և նամակ մ’ ալ տվավ Աբիսողոմ աղային, որ բանալով սկսավ կարդալ.
«Մեծապատիվ էֆենտի,
Ձեր հանրածանոթ ազգասիրությունը քաջալերություն տվավ ինձ լրագրես տասնհինգ օրինակ ղրկել ձեզ։ Քաղցր է ինձ հուսալ, որ պիտի բարեհաճիք զանոնք ընդունիլ ի պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ընթերցասիրության չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի։
Մնամք հարգանոք խմբագիր-տնօրեն ...... լրագրո» (ստորագրություն)
Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ.
– Մեծապատիվ էֆենտին սիրով բարևներ կընե եղեր ձեզի, – ըսավ և նամակով մը գիրքեր ներկայացուց Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսավ կարդալ.
«Մեծապատիվ էֆենտի,
Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով՝ արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղրկել։ Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ։
Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա»։
(ստորագրություն)
Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ։
Տիկինը դարձյալ ներս մտավ։
– Մեծապատիվ էֆենտին բարև՞ ըրած է դարձյալ, – հարցուց Աբիսողոմ աղան։
– Ո՛չ, բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե։
Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց, տվավ։
Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց։
– Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատարաստեին, – ըսավ Մանուկ աղան՝ յուր պատմության թելն ձեռք առնելով։– Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն։
– Տղուն– մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց, – ըսավ տիկինը նորեն մտնելով.– մեծապատի՛վ Էֆենտին շատ բարև կընե եղեր և այսօր կամ վաղը պիտի գա եղեր զձեզ տեսնելու։
Տիկինը գրքերը սեղանի մը վրա դրավ։
– Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես։ Չեմ ուզեր, ալ ասկից վերջը եթե բերող ըլլա, մի ընդունիր, Աբիսողոմ աղան հոս չէ՝ ըսե և ճանփե։ – Ատ ալ չըլլար, դուն խմբագիրները չես ճանչնար. անոնց մեջ կը գտնվին այնպիսիներ, որ երբ իմանան, թե իրենց ընկերներեն մեկուն լրագիրն առած ես և իրենցը չես առեր, վրադ կը հարձակին և չլսված խոսքեր կընեն։
– Եթե այնպես է ընդունե, որչափ լրագիր որ բերեն, ի՞նչ ընենք, բռնվեցանք անգամ մը. եթե գիրք բերեն, մի ընդունիր։
Տիկինը գլուխը ծռելով դուրս ելավ։
– Թեպետ այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու, կաշխատեին, բայց իրենց մեջ ալ անմիաբանություն կար. ակնավաճառն յուր առաջին հաճախորդը կուզեր թաղական ընտրել, Հացագործն կուզեր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տասը հաց կուտար. դերձակն թաղական տեսնել կը փափագեր այն երիտասարդն, որուն վրա շաբաթը երկու անգամ հագուստ կը ձևեր, կը կարեր. համետագործը[57]57
Թամբ, ավանակի համար նստատեղ շինող։
[Закрыть] քվե տալ կուզեր այն հարուստին, որուն մեկ երկու համետ կը շիներ տարին. խմբագիրն յուր բոլոր բաժանորդները թաղական խորհրդո մեջ տեսնել կուզեր. փաստաբանը իրեն շատ դատ հանձնողին քվե կուտար. բժիշկն՝ յուր ամենեն ծանր հիվանդին, և գինեպանն ալ ամենեն շատ օղի և գինի խմողին կուզեր հանձնել թաղին գործերը։ Ահա այսպես իրենց մեջ...
Մանուկ աղան դարձյալ չկրցավ շարունակել յուր պատմությունը, վասնզի ուրիշ հյուր մը ներս մտնելով ընդհատեց անոր խոսքը։
Այս հյուրը մաքուր հագված երիտասարդ մ՚ էր. յուր կլոր և ճերմակ դեմքը շրջանակված էր դեղինով խառն սև մորուքե մը, որ շատ չէր վայլեր։ Պատկերներ կան, որ առանց շրջանակի ավելի գեղեցիկ կերևան. թեպետ և կան ալ, որ գեղեցիկ երևալու համար շրջանակի կը կարոտին։– Եթե բնությունը չարգիլեր կիներու շրջանակի մեջ անցունել իրենց դեմքերն, այսօր ո՜րչափ կիներ մորուք պիտի ունենային։ Այս երիտասարդը ներս մտնելուն պես հանեց յուր սև և երկար գլխարկն և բարևեց սենյակին մեջ գտնվող երկու բարեկամները։
Մանուկ աղան անմիջապես դուրս ելավ բարկությամբ մռմռալով.
– Այս տարիքն եկած եմ, և ասանկ բան գլուխս եկած չէր. թո՛ղ չեն տար, որ երկու խոսք ընեմ. հազիվ թե բերանս կը բանամ, մեկը կուգա, կսկսի խոսել, և իմ խոսքս բերնիս մեջ կը մնա։
– Աբիսողոմ աղա հրամանքնի՞դ եք, – հարցուց հյուրն բազմոցի վրա նստելեն ետքը։
– Այո՛, ես եմ։
– Շնորհակալ եմ, որ Աբիսողոմ աղան դուք եք. ձեր գալուստը լրագրի մեջ կարդացի և շատ ուրախացա, որ ազգերնուս մեջ ձեզի պես ազնիվ սիրտ կրող ազգասերներ պակաս չեն, վասնզի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ։
– Այո՛։
– Փոխադարձաբար այն ազգասերն ալ, որ ազգ չունի, ազգասեր չէ։
– Շիտակ է։
– Այս երկուքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մ՚ ունին, որ իրարմե բաժնելուդ պես՝ երկուքն ալ կը կորսվին։
– Այնպես է։
– Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեր, – ավելցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը, – ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի։
– Շատ աղեկ կը խոսիք։
– Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդունիր յուր ազգեն, բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինքը ծովը նետել։
– Ատ տղայություն է։
– Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե մեր այս առաջին տեսությանը քիչ մը համարձակ կը խոսիմ ձեզի հետ։
– Հոգ չէ։
– Ծառադ վեց տարի Եվրոպա մնացած եմ և բժշկություն սորված եմ։
– Աղեկ արվեստ։
– Գիշերները քունս ծախելով կարդացած ու գրած եմ, որպեսզի քաղաքս դառնամ և ազգիս ծառայություն ընեմ։
– Մարդ ալ յուր ազգին ծառայություն ընելու է։
– Երկու տարի է, որ հոս կը գտնվիմ, և մինչև այսօր հազիվ չորս հիվանդ նայած եմ. հասկցիր, թե ի՞նչպես կը քաջալերվին հոս բժիշկները։
– Ցավալի բա՜ն... այս տեղացիները հիվանդ ըլլալու սովորություն չունի՞ն...
– Ունին, բայց հոս հիվանդները ազգային զգացում չունին, Հայաստանի վրա գաղափար չունին։
– Ի՞նչ կըսեք։
– Այո՛, երբ հայ մը հիվանդ ըլլա, օտար ագգե բժիշկ մը կը բերե յուր տունը՝ առանց գիտնալու, թե հայու ցավն հայը կարող է միայն բժկել, առանց համոզվելու, թե օտարը չէ կարող հայու ցավուն դարման ըլլալ։ Այսօրվան օրս երկու հազարեն ավելի հայ բժիշկ կա. ասոնց մեջեն հինգ վեց հատը, մանավանդ երկու երեք հատը պատվական կյանք կանցունե, և անդին մնացածը ամեն օր բերանը բաց կսպասե, որ հիվանդ մը ներկայանա իրեն և ստակ առնե։
– Գեշ վիճակ։
– Ի՞նչ ընեն ազգային բժիշկներն, երբ ազգային հիվանդներն օտարներու կը դիմեն... ո՛հ, օտարասիրություն, օտարասիրություն, – գոչեց բժիշկն աչերն երկինք վերցնելով, – ե՞րբ պիտի երթաս մեր քովեն։
– Օտարասիրությունը աղեկ բան չէ։
– Մանավանդ թե բժիշկները քաջալերելու չափ հիվանդություն ալ չկա մեր ազգին մեջ. և այն ազգին մեջ, որ հիվանդությունը տարածված չէ, պարապ բան է Եվրոպայի բժիշկներուն չափ ճարտար բժիշկներ հուսալ, ինչպես նաև այն ազգն, որու մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու. տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնի։
– Շատ իրավունք ունիք։
– Չեք կարող երևակայել, Աբիսողոմ աղա, թե որչափ հուսահատած եմ. հազար անգամ զղջացած եմ, երկու հազար անգամ անեծք կարդացած եմ բժիշկ ըլլալուս համար. ո՜ւր էր, թե բժիշկ ըլլալու տեղ հիվանդ ըլլայի և... մեռանեի. մեր ազգին մեջ հիվանդությունը բժշկութենեն աղեկ է, վասնզի տգիտությունն գիտութենեն ավելի կքաջալերվի... թեթևությունը ծանրութենեն ավելի հարգ կը գտնե, մոլիներն առաքինիներեն ավելի պատիվ կը վայելեն. ճշմարիտ աստված, ուխտ ըրած եմ, որ եթե օր մը երևելի ազգայիններեն հիվանդ մը նայիմ, անոր անունը լրագիրներու մեջ բարձրացունեմ։
Այս խոսքին վրա Աբիսողոմ աղա արթնցավ, այսինքն փառասիրությունն արթնցավ։ Ի՜նչ անուշ բան է թերություններ հավաքել միամիտ մարդերու վրայեն։ Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն. վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ՝ աչառու, մերթ՝ կեղծավոր, մերթ՝ անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանուշ Ծերենցը[58]58
Ծերենց (1822–1888) բժ. Հովսեփ Շիշմանյանի գրական կեղծանունն է։ Հայտնի են նրա երեք պատմական վեպերը՝ «Երկունք», «Թորոս Լևոնի», «Թեոդորոս Ռշտունի»։
[Закрыть] ասոնցմե մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմեն կը բասրվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց[59]59
Մանուկենց – Այստեղ հեղինակը բառախաղ է անում Ծերենց կեղծ անունը նկատի ունենալով։
[Закрыть] է անձեր ստեղծելու արհեստին մեջ, թե միևնույն անձին վրա Ադամն և Նեռն[60]60
Նեռ– հակաքրիստոս (ըստ քրիստոնեական վարդապետության պետք է հանդես գա աշխարհի վախճանի ժամանակ և կռվի Քրիստոսի դեմ)։
[Закрыть], սատանան և հրեշտակն, Զոյիլն[61]61
Զոյիլ – հունական անվանի հռետոր, փիլիսոփա և քննադատ էր (IV – III դար Ք. ա.). նրա անունը դարձել է հասարակ անուն մանրախնդիր, նախանձոտ և խայթող քննադատի համար, որովհետև Զոյիլը թունոտ, ոչնչացնող քննադատության է ենթարկել Հոմերոսին («Հոմերոսի խարազան»)։
[Закрыть] և Հոմերոսն[62]62
Հոմերոս – հունական ավանդությունների համաձայն՝ ապրել է մոտավորապես 10-րդ – 9-րդ Ք. ա.) հույն ժողովրդական երգիչ էր, որին վերագրում են «Իլիական» և «Ոդիսական» աշխարհահռչակ պոեմները. թարգմանված են բոլոր կուլտուրական ժողովուրդների լեզուներով, ինչպես և հայերեն։
[Закрыть], արականն և իգականն միանգամայն կներկայացնե։ Ի՞նչ հանցանք ունի ճերմակերես Ծերենցն, երբ յուր ներկայացնելիք անձերն խորամանկ են.– Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա և տեր բժիշկ, եթե ձեր խոսակցությունն ընդմիջեցի. ի բնե քիչ մը անհամբեր եմ. երբ խոսքին կարգը գա, չեմ կարող ինքզինքս բռնել, որչափ ալ այս բնավորությանս պատիժը կրած ըլլամ և կրեմ։– Այո՛, Ծերենցն կը ներկայացնե անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կերևին։ Ծերենցն այս մասին որչափ ալ երկնցնե յուր մազերն, իրավունք ունի, վասնզի ունինք հեղինակներ, որոնք Ծերենցեն ավելի երկար մազ ունին և կը ներկայացնեն իրենց անձերն ոչ թե ինչպես որ են, այլ ինչպես որ կուզեն իրենք, որ ըլլան անոնք։ Ասոր համար է, որ կին-հեղինակներն, երբ Հայկ կամ Վարդան[63]63
Վարդանը Մամիկոնյան նախարարական տոհմի հայտնի ներկայացուցիչն էր, պետական գործիչ և զորավար, հռչակվեց Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտով, որտեղ պարտություն կրեց պարսից զորքերի կողմից (451 թ.) և սպանվեց։
[Закрыть] կամ Արտաշես[64]64
Արտաշես մի քանի հայ թագավորների անունն է։
[Закрыть] ներկայացնել ուզեն, Վիքթոր Հյուկոյի[65]65
Վիկտոր Հյուգո (1802–1885) – ֆրանսիական բանաստեղծ, վիպասան և դրամատուրգ. ռոմանտիկական դպրոցի պարագլուխն էր Ֆրանսիայում։ Նրա նշանավոր երկերից մի քանիսը թարգմանված են հայերեն։
[Закрыть] խոսքերը կամ Մոլթքեի[66]66
Մոլտկե կոմս (1802–1885) պրուսական գեներալ-ֆեդմարշալ էր, գլխավոր շտաբի պետ. հռչակվել է որպես ռազմագետ (մանավանդ 1870–71 թ.) ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։
[Закрыть] կարծիքները կը դնեն անոնց բերնին մեջ։ Ասոնք կը կարծեն, թե երբ Ադամ յուր ժամանակին հատուկ պարզությանը մեջ ներկայացնեն, կը կորսունեն իրենց տաղանդն, եթե ունին, կամ կը վնասեն իրենց հանճարին, զոր ունենալ կը կարծեն, կամ վերջապես կը զրկվին այն համբավեն, զոր վաստկիլ կերազեն։ Ո՞վ ըսած է այս ողբերգակներուն, թե ավելի դժվար է մեկուն պատկերն ճշտությամբ նկարելն, քան թե երևկայությամբ անբնական պատկեր մը գծելն. ո՞վ պոռացած է ասոնց ականջն ի վար, թե նկարիչ մը պատկերներ ստեղծելու սկսելե առաջ՝ պատկերներ ընդօրինակելու է։– Ոչ ոք։ Եվ ով կը հանդգնի այս փափուկ ժամանակին մեջ ուրիշի մը գործն անաչառաբար քննադատելու։ Մեր քննադատները, քիչ բացառությամբ, ակնոց ակնոցի վրա կդնեն գործի մը մեջ գեղեցիկ կտորներ փնտրելու համար. փնտրելու համար և ոչ թե տեսնելու համար, վասնզի տեսնված բանը չփնտրվիր։ Ասոնք բնավ տարբերություն չունին գրաքննիչներեն, որք որևէ հրատարակության մը մեջ միայն տգեղ կտորներ կը փնտրեն։ Չեմ տեսած քննադատ մը, որ տգեղ հրատարակության մը կոկորդեն բռնե, սղմե և սպանե զայն։ Սպանելու չէ, գործ մը գեղեցկացնելու աշխատելու է, կըսե, անոր գեղեցիկ կողմերը ցույց տալով և միշտ տգեղ կետերը հեռուանց ցցունելով խիստ քիչ անգամ։ Ո՛չ, պարոն քննադատներ, ո՛չ, իրավունք չունիք, սպանեցեք տգեղ գործերն և վստահ եղեք, որ պիտի գեղեցկանան անոնք։ Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։ Ես, որ այսչափ խստությամբ կը խոսիմ ուրիշներու երկերուն վրայոք, կը կարծեք, թե քաղցրությամբ կը վարվիմ «Մուրացկաններուս» անձերուն հետ, որոնց բերնեն ելած խոսքերն միայն բառ առ բառ կը գրեմ հոս, առանց իմ կողմեն կետ մ՚ ավելցնելու hանդգնությունն ունենալու։ Բնավ երբեք, մանավանդ թե կզգամ, որ իմ անձերս ալ ունին շատ թերություններ, զորս օր մը պիտի հարվածեմ։ Նույնիսկ մեծ թերություն մ՚է, որ պատմիչ մը յուր պատմության թելը կտրե և յուր ընթերցողներն երկու ժամ խնդիրեն դուրս խոսքերով զբաղեցնե։ Բայց ի՞նչ ընեմ, այս թերությունս իմ առավելությունս է, վասնզի այս թերությանս շնորհիվ է, որ կրցած եմ քանի մը ընթերցողներու տեր ըլլալ, թերություն, որ թերություններ ուղղելու պաշտոնն ունի։ Այսչափ բացատրություն ալ թերությանս համար։ Դառնանք ուրեմն մեր պատմության։
Աբիսողոմ աղան, ինչպես ըսինք, ականջները տնկեց, երբ իմացավ, որ բժիշկն եթե հիվանդ մը գտնե, անոր անունն լրագիրներու մեջ պիտի հրատարակե. ուստի անմիջապես տկարություն ունենալ ուզեց։
– Աղեկ եղավ, որ, – ըսավ բժշկին, – այսօր հոս եկաք, վասնզի քանի մ՚ օրե ի վեր վրաս գեշություն մը կա։
– Ի՞նչ կգգա՞ք, – հարցուց բժիշկը։
– Գեշություն մը կզգամ։
– Ո՞ր կողմդ։
– Ո՞ր կողմս։
– Այո՛։
– Ամեն կողմս։
– Ախորժակդ ի՞նչպես է։
– Աղեկ է։
– Կերածդ շատ մը կը մարսե՞ս։
– Կը մարսեմ։
– Գիշերները հանգիստ կը քնանաս։
– Շատ հանգիստ, բայց վրաս գեշության մը կզգամ։
– Գլուխդ երբեմն կը ցավի՞։
– Այո՛։
– Վրադ սանկ թուլության պես բան մը...
– Ճիշտ։
– Երբեմն դողալ մը սանկ... – Այո, այո, դողալ մը սանկ... (մեկուսի) կյանքիս մեջ դողացած չունիմ։
– Դողալեն վերջը տաքություն մը...
– Տաքություն մը։
– Տաքութենեն վերջը քրտինք մը...
– Քրտինք մը։
– Առտուները լեզվիդ վրա լեղիություն մը։
– Այո՛, լեզվիս վրա լեղիություն մը։
– Հասկցա, բան մը չէ, կանցնի, ինքզինքդ մսեցուցած ես։
– Ինծի ալ այնպես կուգա, որ ինքզինքս մսեցուցած եմ։
– Շատ բժիշկներ կան, որ այս հիվանդությունը չեն հասկնար, սխալ դեղեր կուտան, ուրիշ հիվանդություն կը հրավիրեն։
– Ուրախ եմ, որ դուք աղեկ հասկցաք, դեղ մը տվեք, որ շուտ մը անցնի։
Բժիշկը ծոցեն հանեց թերթակալը կամ տետրոնը[67]67
Բլոկնոտ, ծոցատետր
[Закрыть] – երկուքեն որն որ ուզեք, կրնաք գործածել. ազատ եք նաև ոչ մին գործածելու և ոչ մյուսն, – թուղթ մը քաշեց անոր մեջեն և մատիտով քանի մը բառ գծելեն ետքը թուղթին վրա՝ Աբիսողոմ աղային տվավ զայն՝ ըսելով.
– Ասիկա կարմիր ջուր մ՚ է. ժամը մեկ անգամ կը խմեք անկից խահվեի գավաթով. թեպետ և քիչ մը լեղի է, բայց ազդու է։
– Շատ աղեկ։
– Մոռցա հարցնելու, թե բնությունդ ի՞նչպես է։
– Բնությունս... շիտակը, խարդախ մարդերեն չեմ ախորժիք. ամենուն հետ աղեկ կը վարվիմ...
– Ամեն առտու, դուրս կելլա՞ք, – հարցուց բժիշկն՝ խոսքին ձևը փոխելու ստիպվելով։
– Հոս գալես ի վեր երկու առտու դուրս չկրցի ելնել։
– Իրա՞վ կըսեք։
– Սուտ խոսելու ի՞նչ պարտք ունիմ։
– Ուրեմն դեղ մ՚ ալ գրեմ։
Բժիշկը դեղագիր մ՚ ալ գրեց և Աբիսողոմ աղային տվավ։
– Նախ այս դեղը պիտի առնես, – ըսավ բժիշկն, որպեսզի վաղը առտու դուրս ելնես և վերջը մյուս ջուրը պիտի խմես։
– Եթե այս դեղեն խմեմ, վաղը առտու անպատճառ դուրս կրնա՞մ ելնել։
– Այո՛, անպատճառ։
– Այս ի՜նչ աղվոր դեղ է... Հապա թե որ դարձյալ հյուրեր գան և զիս խոսքի բռնե՞ն։ – Հյուրերդ ի՞նչ վնաս ունին։
– Ի՞նչպես վնաս չունին. երկու առտու է, որ դուրս ելնել կուզեմ և թող չեն տար. կուգան, երկու ժամ գլուխ կը ցավցունեն։ Բայց վաղը առտու անպատճառ պիտի ելնեմ, վասնզի պատկերս քաշել պիտի տամ։
Բժիշկը դարձյալ հարցման ձևը փոխեց հարցնելով.
– Փորդ ի՞նչպես է։
– Ամենուն փորին պես փոր է։
– Պի՞նդ է։
– Ո՞վ գիտե... իրավ որ օր մը օրանց հետաքրքրություն ունեցած չեմ հասկնալու համար, թե պի՞նդ է, թե ոչ. ո՞վ պիտի նայի անանկ բաներու։
– Աբիսողոմ աղա, ամեն օր մեծ գործ կընե՞ս, – հարցոց վերջապես բժիշկը ճարը հատնելով։
– Այո՛, այո՛, ամեն օր մեծ գործ կը տեսնեմ։
Ո՜վ մեծագործություն...
Ո՜վ մեծախոսություն...
– Շատ լավ, – պատասխանեց բժիշկն, – ես վաղն առտու նորեն կուգամ ձեզ տեսնելու։
– Կըլլա։
– Մնաք բարով. հոգ մի ընեք, ձեր տկարությունը քանի մը դեղով կանցնի։
– Շնորհակալ եմ։
Բժիշկն գլխարկն առնելով մեկնելու վրա էր, երբ Աբիսողոմ աղան ըսավ անոր.
– Գրելիքդ չմոռնաս։
Բժիշկը խորհիլ սկսավ, թե ի՛նչ էր գրելիքը, և շուտ մը հիշելով՝ պատասխանեց.
– Այո՛, այո՛, միտքս է, լրագրի մը մեջ պիտի գրեմ ձեր անունը։ Մնաք բարով։
– Երթաք բարով։
Բժիշկը մեկնելուն պես Աբիսողոմ աղան ըսավ ինքնիրեն.
– Վախցա, որ բժիշկը կըսե, թե «դուն հիվանդություն մը չունիս» և շինծու հիվանդ ըլլալս հայտնի կըլլա. բայց պարապ տեղը վախցած եմ, վասնզի անիկա ոչ թե միայն չհասկցավ հիվանդ չըլլալս, այլ ըսավ նաև, թե քանի մը դեղով կանցնի հիվանդությունդ։ Էհ, պարոն բժիշկներ, դուք բան մ՚ ալ չեք հասկնար, և մամս իրավունք ուներ բնավ բժիշկ չկանչելու։ Ես բան մը չունիմ, տեր բժիշկ, – շարունակեց, – անունս լրագրի մեջ գրել տալու համար հիվանդ եղա... Այս վերջին խոստովանությունը քիչ մը խենդություն երևցավ Աբիսողոմ աղային, որ խղճմտանքը հանդարտեցնելու համար ըսավ ինքնիրեն։
Լսողն ալ պիտի կարծե, թե հիվանդ չեմ և շինծու հիվանդ եղած եմ. քանի մ՚ օրե ի վեր է, որ անհանգստություն մ՚ ունիմ, ոչ կրնամ ուտել և ոչ քնանալ, հազ մ՚ ալ ունիմ, որ գիշերները չքնացներ զիս։
Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ դուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես...
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.