Электронная библиотека » Գրիգոր Նարեկացի » » онлайн чтение - страница 7

Текст книги "Մատեան Ողբերգութեան"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:09


Автор книги: Գրիգոր Նարեկացի


Жанр: Поэзия, Поэзия и Драматургия


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 7 (всего у книги 20 страниц) [доступный отрывок для чтения: 7 страниц]

Шрифт:
- 100% +
Գ
 
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մէկն արեամբ լցուած եւ միւսը` կաթով.
Եւ վառուող երկու բուրվառ ունի նա, մէկը խունկով լի, միւսը` ճենճերով.
Անօթներ երկու, մէկը քաղցրութեամբ լեցուն եւ միւսը` դառնութեամբ.
Մի զոյգ բաժակներ երկու նիւթով լի, մէկը արտասուք եւ միւսը` ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ` գինի մէկի մէջ ու միւսում լեղի:
Տէսողութեան դռներ իրարու ներհակ` մէկը լաց լինելու եւ միւսը սխալուելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մէկն արծարծում է եւ միւսը` մարում.
Երկդիմի նայուածքներ` մէկը ողոքիչ եւ միւսն անխնայ բարկութեամբ լեցուն.
Դէպի վեր պարզած երկու բազուկներ` մէկն հարուածելու, միւսը մերժելու.
Դէմք` երկու տարբեր արտայայտութեամբ – տխուր ու ցասկոտ.
Մէկի փոխարէն երկու կշտամբանք` ներկայի համար եւ ապագայի.
Ապաւինումներ կասկածելի` մէկը "գոնէ" եւ միւսը "թերեւս".
Մի բերանի մէջ երկակի բարբառ` մէկը եղկութիւն, միւսը խռովանք.
Միեւնոյն սրտում երկու զգացմունք` մէկը կասկածելի յոյսի եւ միւսը ճշգրիտ կորստեան.
Ամպ մի լրթագոյն, ահագնատեսիլ կրկնակ տեղումով` մէկը սուր նետեր եւ միւսը` քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով` կարկուտ ու կրակ.
Ցաւագին գիշեր երկու վշտով լի` լալու ու մահուան.
Սուգի առաւօտ երկու գոչիւնով` մէկը սաստի եւ միւսն սպառնալիքի.
Արեւներ երկու` երկու կողմերից – մէկը խաւարի եւ միւսը կիզման:
 
Դ
 
Եթէ մի բռունցք բարձրանայ հանկարծ, կարծում է` իրեն է հարուածելու.
Իսկ եթէ երկարի ձեռք պարգեւաձիր` նա ինքը իրեն համար յոյս չունի:
Երբ մէկը պարծենում է, կորանում է նա,
Եւ երբ գլուխը բարձր են պահում` ընկճւում է.
Երբ չար արարքներ են յիշւում` հեծում է.
Երբ սրբերի մասին է խօսւում` ամաչում է.
Հանդերձեալի մասին պատմուելիս` երերում է.
Երբ մէկից օրհնուի յայտնապէս` ծածուկ անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մէկից` կշտամբում է իրեն պարսաւանքով.
Երբ նախատուի սաստկապէս` գտնում է նա այդ իրաւացի.
Եթէ ուժգին ծաղրուի` համարում է այդ սակաւ հատուցում նա իր բազմաթիւ մեղքերի համար.
Եթէ լսի նա` իր մահն են ուզում` ասում է
"այո" եւ կրկնում դարձեալ.
Եթէ երկնքից մահ ու շանթ ճայթի` իր դէմքն հազիւ է բարձրացնում վերեւ:
Իր իրաւունքների մատեանն է գոցուած,
Պատասխան տալու յոյսն է կտրուած,
Համարձակութեան ճամփան է փակուած:
Չէր դանդաղի նա լինել անձնասպան,
Եթէ չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ:
Արդարեւ վա՜յ այն մեղաւորին,
Որ տարակուսեալ կկանգնի երկու ճամփաների վրայ, ըստ իմաստունի հոգելից խօսքի:
 
Ե
 
Եւ արդ, ինչպէ՞ս չես ողորմում, բարեգութ,
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս,
Դու այս խօսքով բարձրացար, ասելով, թէ`
"Ես ողորմած Տէ՜ր եմ":
Ահա՛ չարութեան դէմ գերուս` կայ քո բարութիւնը,
Մահապարտիս դառնութեան դէմ` քո քաղցրութիւնը,
Կորուսեալիս գտնելու համար` քո ճառագայթը,
Հանդուգնիս մոլութեան դիմաց` քո ողորմութիւնը,
Վնասակարիս խստութեան դիմաց` քո հեզութիւնը,
Կործանուածիս օգնելու համար` քո աջը,
Ընկղմուածիս դուրս բերելու համար` քո ձեռքը,
Անողջանալի վէրքերիս բժշկութեան համար` քո մատը,
Ահաբեկուածիս պաշտպանութեան համար` քո ոգին,
Ապերախտիս վստահացնելու համար` քո երկայնամտութիւնը,
Ամենադաժանիս օծման համար` քո զօրութիւնը,
Մեղաւորիս քաւութեան համար` քո հրամանը,
Փախչողիս ապաւինութեան համար` քո ոտքը,
Դուրս սլացողիս պատսպարութեան համար` քո բազուկը,
Վրիպածիս առաջնորդութեան համար` քո լոյսը,
Տարակուսեալիս հնարաւորութեան համար` քո հանճարը,
Անիծեալիս դարձեալ ստանալու համար` քո օրհնութիւնը,
Վհատեալիս քաջալերութեան համար` քո խրախոյսը,
Վշտացեալիս մխիթարութեան համար` քո բաժակը,
Նեղեալիս ընդարձակութեան համար` քո կամքը,
Ատելուս կանչելու համար` քո սէրը,
Սասանեալիս հաստատութեան համար` քո խօսքը,
Հոգով վիրաւորուածիս համար` քո արեան կաթիլը,
Անտես ցաւերս ցրելու համար` քո ակնարկութիւնը,
Յուսահատուածիս վերընտրութեան համար` քո իշխանութիւնը,
Կտրուածիս պատուաստելու համար` քո կցորդութիւնը,
Մահուան խաւարով ծածկուածիս համար` շողդ կենսատու,
Խռովեալիս հանդարտութեան համար` քո խաղաղութիւնը
Վայրագօրէն օտարացածիս համար` քո ողջոյնը,
Մոլորուածիս դարձի բերելու համար` քո ձայնը,
Զի դու ես տիրում բոլորին քո գթութեամբ,
Եւ չկայ քո մէջ խաւարի մասնիկ,
Եւ չկայ բարութիւն առանց քեզ,
Եւ քեզ է վայելում փա՜ռք յաւիտեանս, ամէն:
 

ԲԱՆ ԼԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Եւ այսպէս ահա սաստկացրի ես ինձ անսփոփելի ցաւ պատճառող կրքերս,
Ողբալով երկար ե՛ւ հեծեծագին, ե՛ւ մեծահառաչ,
Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անյայտ ու ծածուկ մեղքերի խոստովանութեան,
Որդիդ կենդանի Աստծոյ, Տէր Յիսուս Քրիստոս,
Քաղցրությա՜մբ նայես քաւելու համար.
Արդարեւ կարող ես դու եւ ձեռնհաս ես ճշմարտապէս,
Եթէ կամենաս` հնարներ ունես դու.
Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
Հարստանում ես դու մեծապէս` տալով, քան թէ առնելով,
Բազմանում են գանձերդ ցրուելով, քան թէ հաւաքելով,
Շատանում է ստացուածքդ սփռելով, քան թէ խնայելով,
Դիզւում են պաշարներդ տարածելով, քան թէ ամբարուելով,
Հաւատալով այսպէս այս բոլորին` յոյս ունեմ ես,
Թէ փրկութեան ե՜լք կգտնեմ քեզանով:
Հաւատում եմ անարգս պատուականի հետ,
Եւ յոյս ունեմ ես Աբրահամի հետ եւ Աննայի.
Զի մէկը հաւատաց քո խօսքին, եւ միւսը քահանայապետի ձայնին անսաց:
Ուստի եւ մէկը խոր ծերութեան մէջ դարձաւ անհամար որդիների հայր,
Յուսալով, թէ պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ`
Բազում ժողովուրդների, մարգարէների եւ ընտիր թագաւորների
Պտղածին եւ օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
Իսկ միւսն` անմշակ երկիր – սենեակը իր որովայնի
Բարգաւաճեց եօթ զաւակներով, -
Թի՜ւ անհաշուելի, որ աստուածային յաւիտենութիւն է նշանակում,
Նրա յարակայութեան սահմանն անհետազօտելի,
Եւ աւազանի նորածին որդոց առատութիւն անսպառ:
Թիւն այս պանծալի, որ չունի իրեն զոյգը հաւասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
Կուսութիւն է մի ուրոյն ընտրութեամբ միշտ նուիրական`
Որ անճառօրէն յաւիտենութեան դժուարմեկնելի խորհուրդն է խորին եւ մեր մտքից վեր:
 
Բ
 
Արդ, համարի՛ր դու փրկութիւնից յուսահատ հոգուս համար որպէս արդարացում
Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապէս հեծեծող սրտիս,
Իմ հաւատքի փոքր այս դաւանանքը խնդրագին
Վերոգրեալ երջանիկների հաւատքին հաւասար դասելով,
Որպէսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կեանքով,
Ամուր կառչելով քո շնորհներին, քան թէ գործերիս:
Մանաւանդ որ քո շնորհները բարձր են եւ կրկնակի փառաւոր
Եւ չեն կշռւում ու չափւում խօսքով,
Ու հաւատում եմ ես անտարակոյս, թէ հզօրապէս կարող են քաւել
Մեղքերս բոլոր` խաղաղեցնելով խռովութիւնն իմ:
Այդ շնորհներն են` քո ահաւոր արեան հետ միասին ե՛ւ մարմնաւոր ծնողդ խնկելի,
Առաքեալների խմբերը, դասը մարգարէների,
Եւ գնդերը ողջ` հեծեալ, հետեւակ եւ սպառազէն,
Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակեացների,
Բոյլքը ընտրեալ եւ բարեկրօն վանականների,
Հոյլքն երկրի վրայ ապրող երկնային հոգեղէնների,
Զինուորութիւններն մեզ կցորդակից վերնականների,
Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
Ջահավառումներն ու բոյրը իւղով օծուած խունկերի,
Յաղթանակը փրկութեան նշանների,
Կառուցումներն աստուածաբնակ խորանների,
Եւ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:
 
Գ
 
Այսպէս մեր ամէն մի շարժումի մէջ
Աստծուն ենք յիշում, -
Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
Բարի գործերի համար գոհութիւն եւ գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
Ընտանեկան զրոյցներում եւ հասարակաց խօսակցութեան միջոցին
Մեր բնական ձայնի, գործերի յաջողութեան եւ առաքինական ջերմեռանդութեան պահերին,
Գիշեր թէ ցերեկ, քնած ժամանակ եւ կամ արթմնի,
Քեզնով առաջնորդուած հոգեւորների օգտակար ընթացքում,
Ազգերի միջեւ պատերազմների եւ դեւերի հետ մղուող մարտերում,
Հերձուածողների հետ վիճաբանելիս,
Փոքրերի եւ մեծերի հետ վերաբերուելիս,
Ըմպելիքներ խմելու եւ կերակուրներ ճաշակելու միջոցին,
Մեզ համար հաճոյ եւ թէ վշտալից բոլոր դէպքերում,
Որոնցից առաջինների համար աղօթում ենք մենք, որ մնան այնպէս,
Եւ միւսները` որպէսզի դու զերծ պահես նրանցից`
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապէս,
Քանզի ամէն ոք հաւատում է, թէ օգնելու պատրաստ` կարող ես դու միշտ,
Տակաւին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,
Վայրենաբարոյ մարդկանց եւ գոռոզ ստամբակներին:
Եւ թատերական տեսարանների մէջ մինչեւ անգամ,
Եւ խառնիճաղանջ բազմութիւնների խուռներամներում,
Եւ կամ հզօրիդ կամքին անհաճո կաքաւումների ու կայթերի մէջ
Դու չե՛ս մոռացուած:
 
Դ
 
Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, եւ քո՛նն են բոլորը,
Եւ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
Զի թէ մեղանչեն իսկ` քոնն են, քանզի քո հաշուի մէջ են,
Եւ գիտեն քո զօրութիւնը, ինչպէս առակողն է աղօթել,
Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խօսքերով,
Որպէս յանցաւոր հաստատելով այդ:
Հանդգնում եմ ասել, թէ նա, ով գովեստով է տալիս անունդ, հաւատալով, թէ կաս,
Եւ եթէ նոյնիսկ նա եօթնապատիկ անգամ յանցանքով վարակուած լինի,
Ինչպէս բերուած է որպէս ապացոյց-օրինակ` արդեօք քոնը չէ՞ դարձեալ:
Երբեմն արջնաթոյր ագռաւների մէջ
Սպիտականիշ աղաւնիների երամներ ենք տեսնում,
Եւ ձիերի մէջ խրոխտ, անմաքուր` որոջներ հանդարտաբարո,
Եւ գազանակերպ շների թւում` օրհնուած գառներ,
Խստութեան մէջ` հեզութիւն,
Թերութեան մէջ` կատարելութիւն,
Հանձնապաստանութեան մէջ` խոնարհութիւն,
Ստութեան մէջ` ճշմարտութիւն,
Խորամանկութեան մէջ` միամտութիւն,
Նենգամտութեան մէջ` անբծութիւն,
Չարագործութեան մէջ` բարութիւն,
Լկտիութեան մէջ` պարկեշտութիւն,
Անգթութեան մէջ` ողորմութիւն,
Անյուսութեան մէջ` ապաշաւութիւն,
Բարկութեան մէջ` քաղցրութիւն,
Թշնամութեան մէջ` հաշտութիւն,
Խածանողութեան մէջ` անոխակալութիւն,
Չարչարանքի մէջ` քաջալերութիւն,
Եւ նետաձգութեան մէջ` օրհնութիւն:
Ուստի անկարող եղայ ես դատել ճշգրիտ կերպով,
Թէ այն ո՞վ պիտի երկրածիններից կարենայ կանխել ժառանգելու քեզ,
Որ կշտամբում ես անաչառօրէն եւ արդարութեամբ
Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է կարծում
Եւ այն պոռնիկին, որ զղջացել է:
Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագաւոր,
Օրհնեալ ի բարձունս, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԼԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Եւ արդ, ես հետինս վերոյիշեալ արժանաւորներից,
Պատժապարտների կարգը արդարեւ դասելով ինքս ինձ,
Ողորմութիւն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղօթքների հետ`
Նկունների հետ եւ անհամարձակների,
Տկարների հետ եւ փոքրիկների,
Ընկածների հետ եւ արհամարհուածների,
Տարագրուածների հետ եւ դէպի քեզ դարձածների,
Երկմիտների հետ եւ աներկմիտների,
Կործանուածների հետ եւ վերականգնածների,
Ընկճուածների հետ եւ հաստատուածների,
Գլորուածների հետ եւ կանգնածների,
Մերժուածների հետ եւ ընդունուածների,
Ատուածների հետ եւ կոչուածների,
Ապշածների հետ եւ զգաստների,
Անառակների հետ եւ զսպուածների,
Հեռացածների հետ եւ մօտեցածների,
Հերքուածների հետ եւ սիրուածների,
Ամօթահարների հետ եւ զուարթացածների
Եւ ամաչկոտների ու խնդամիտների հետ:
Սակայն ես այստեղ կպատմեմ դարձեալ ոչ թէ մեղքերը Երուսաղէմի,
Ըստ մարգարէի հրամանառութեան իր նախնի ժողովրդի վերաբերեալ,
Կամ Յակոբի տան գործերն անօրէն -
Այլ պիտի գամ յայտնելու իմ մեղքերը,
Քանզի իմ մահուան աղէտի վրայ աւա՜ղ ասելով ըստ մարգարէի,
Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ` սաղմոսողի խօսքի համաձայն,
Որպէսզի իմ այս համայնապատում խոստովանութեամբ
Պէտք չունենալով այլեւս աւաղ բացականչելու,
Մէկ անգամ ընդմիշտ մաքրուեմ
Էիդ օրհնեալ հրամանով:
 
Բ
 
Եւ արդ, ահաւասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրութեան առջեւ,
Փռւում եմ հողին ցոյց տալու համար, թէ ինչպէս եմ ես ի մահ գլորւում,
Ես, որ սողունի նման սահելով եւ անասնական գետնաքարշութեամբ,
Կամաւոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցաւոր կեանքին
Եւ սակայն հիմա յենուած քեզ, ո՜վ Տէր,
Ինչպէս մարմնով Դաւթի արմատից ընձիւղուած
Եւ անճառօրէն անեղ աստուածութեանդ հետ շաղկապուած հաստատուն գաւազանի վրայ, որպէս կեանքի նեցուկի,
Երախտիքներիցդ պատկառելով` կիսով չափ պիտի կանգնեմ դարձեալ,
Կիսաբաց դէմքս հակած դէպի վար, եւ աչքս դէպի վեր,
Խղճալի հայեացք յառելով քեզ,
Տէ՜ր, որ մօտիկ ես մեր հեծութիւններին,
Եւ ողորմութիւն ես բոլորովին, համակ քաղցրութիւն, -
Եւ լիճը լոյսիս լցրած արցունքով`
Յոյսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծութեա՜նդ պիտի ես վերընծայեմ:
 
Գ
 
Լսի՛ր աննուազ եւ ամէնառատ երկայնամտութեամբ` քեզ դառնացնողիս,
Դո՛ւ մեր փրկութեան պայմանըդ միակ:
Աստուա՛ծ բոլորի, անճառ մեծութիւն,
Անբովանդակելի բնութիւն, անքննելի իսկութիւն,
Հզօր զօրութիւն, կարող բարերարութիւն, անպակաս լրութիւն,
Անճառ ժառանգութիւն, վայելչական վիճակ,
Առատ պատրաստութիւն, անստուեր իմաստութիւն,
Տէնչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրութիւն,
Անտխուր հանգիստ, անտարակոյս գիւտ, անկապտելի կեանք,
Անծախելի ստացուածք, անփոխարինելի բարձրութիւն,
Ամէնարուեստ բժիշկ, անսասան հաստատութիւն,
Դարձուցիչ մոլորուածների, գտնող կորուսեալների,
Յոյս` ապաւինածների, լոյս` խաւարածների,
Քաւիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների,
Անդորրիչ խռովեալների, փրկութիւն մահացածների,
Արձակիչ կապուածների, ազատիչ մատնուածների,
Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների,
Երկայնամտութիւն տարակուսեալների.
Լուսեղէն տեսք, ցնծութեան ցոյց, օրհնութեան անձրեւ,
Հոգի երեսաց, զօրութիւն դէմքի, հովանի գլխի,
Շարժիչ շուրթերի, ազդումն խօսքի, կառավար անձի,
Բարձրացնող բազկի, երկարող` ձեռքի, սանձակալ սրտի,
Ընտանի անուն եւ մերձաւոր ձայն,
Կցորդութիւն հարազատ, խնամածութիւն հայրական,
Խոստովանուած անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,
Երկրպագուած տէրութիւն, բարեբանուած յիշատակ,
Խնդութեան մուտք, անվրէպ շաւիղ, փառքի դուռ,
Ճշմարտութեան ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,
Եւ այլ բազմաթիւ խօսքեր գովեստի` անհամար շարքով, անբաւ տողերով,
Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,
Ո՛չ կարող է տանել մարմնեղէն գործիքը,
Եւ ոչ էլ հոգեղէն իղձերը կարող են կշռել:
 
Դ
 
Ամէն տեսնող աչք քեզ է նայում,
Տէ՛ր, Աստուա՜ծ բոլորի,
Եւ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,
Աղախիններին, թէ նրանցից էլ աղաչող լինի:
Ընդունի՛ր եւ իմ այս ողբ ու լացով ցանկասէր աչքիս ցողն արցունքների,
Որով, Տէ՜ր Քրիստոս, թրջում եմ ահա ոտքը անարատ քո մարդեղութեան,
Եւ օրինակով այն խորհրդաւոր` յանցաւոր կնոջ մազերի,
Ընդունի՛ր նաեւ իմ դաւանութիւնն ու դարձը առ քեզ.
Եւ համբոյրներով իմ շրթունքների` կեանքի փրկարար հաղորդութիւնը քո ճաշակելու`
Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ անլոյծ միութեամբ:
Որպէս երաշխիք քո ողորմութեան եւ քո գթութեան նո՛յնպէս բարերար,
Փոքր իմ հաւատքի փոխարէն թող որ քո մեծ պարգեւը ընդունեմ քեզնից:
Գթառատ սիրով, ծառայիս հանդէպ, որ դաւանում է անունդ անձկալի,
Թող որ խստաշունչ հողմերը ձմռան` փոխարկուեն հանդարտ մեղմաշունչ օդի,
Սաստիկ մրրիկը` ախորժ զեփիւռի,
Կասկածներն երկչոտ` մեծ վստահութեան,
Եւ պատիժների պատուհասները` երանութեան,
Թախծագին տագնապները` հոգեւոր խրախճանքի,
Ալեկոծութիւնները ծփանուտ` խորին խաղաղութեան,
Եւ ղեկի թիավարումները` ապահով նաւահանգստի՜ հասնեն թող,
Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկուի՛ թող շնորհաց թոշակի:
 
Ե
 
Քեզանից եկող այս բիւր եւ բոլոր բարութիւններով
Թող որ բարձրանայ ամենահզօրիդ անունը խնկուած ու խոստովանուած.
Թող ամաչի չար բանսարկուն` վռնդուած եւ հալածական.
Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս.
Կտրուեն կարթերը, եւ որոգայթները հեռացուեն,
Կտրատուեն կապանքներն ու վիհը վանուի,
Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու մեղքերը ջրուեն,
Պարտաթղթերը պատռուեն, լուծը խորտակուի եւ քեղիքը քանդուեն:
Թող որ փոխարէն չար յանցանքների մռայլ մթութեան
Նաեւ դեւերի մեզ շրջապատող բանակների տեղ`
Փառքիդ արեւը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նոյնպէս,
Լուսաւորելու եւ ապրեցնելու, փրկելու համար:
Իսկ նրանց վրայ, ովքեր լիայոյս սպասում են քո լոյսի երեւալուն`
Թող գարնանային ջինջ առաւօտեան ճաճա՜նչը շողա:
Զի կարող ես դու ամէն ինչի մէջ եւ բարերար ես բոլորի համար,
Կամենում ես դու, որ ամէնքն ապրեն եւ փրկութիւնն ես ուզում բոլորի:
 
Զ
 
Ո՜վ ամենապարգեւ ձեռք
Յիսուս Քրիստոսի,
Դարձի՛ր դէպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով,
Բնակուի՛ր իմ մէջ եւ միացիր ինձ,
Չհեռանալով սիրոյ քո սենեակ` անձուկ իմ սրտից:
Նկարագիրըդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնէական փրկաւետ կոչման պանծալի լոյսի,
Հանդիսանալով միջնորդ քո տեղակ`
Թող ինձ հետ յաւէտ մնայ անկորուստ այս մատեանի մէջ
Ա՛յն հոգով, որ մեզ յաւիտենական կեանքի կտակ էր խոստացել անճառ յօրինողդ երկնից:
Եւ քեզ` պատճառիդ միակ, եւ միւսիդ` միակ պատճառից,
Եւ քեզ` որ դարձեալ պատճառն ես մէկի,
Երրեակ անձնաւորութեանդ եւ մի աստուածութեանդ
Վայելում է փառք վեհ երկնաւորներից եւ սրբերի դասերից,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ԼԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Բանաստեղծութիւնս այս պաշտամունքի,
Որ հոգուս բերքից նուիրում եմ քեզ, օրհնեա՜լ բարեգութ,
Խառնի՛ր, կցելով հաւասարապէս խնկազգեստների նուիրումներին,
Բարեպաշտ կնոջ` Մարիամի իւղի հետ անուշահոտ:
Հաւասարելով նոյն այն երջանիկ պոռնիկների հետ,
Որոնց յարգանքով յաւերժահրաշ ընդունեցիր դու, -
Թող որ մեծապէս պարարուես եւ իմ նուաստ խօսքերով,
Անհասանելի եւ բարեբանեալ բարձրեալիդ գլխին տեղ տալով նրանց,
Զերծ սաղմոսողի բամբասանքներից, որ ասում է, թէ`
"Մեղաւորի իւղը թող չօծի վարսագեղ գագաթը":
 
Բ
 
Այլ արա՛ այնպէս, որ զօրեղացած կրկնակի չափով
Բուրումն այս գրքիս խոստովանութեան ազդի շատերին,
Նման համասփիւռ, ամենատարած տանն աշխարհալիր,
Եւ լինի նրանց յիշատակի պէս անմոռանալի:
Դու նոյն այն տէրն ես, որ զգաստացրիր կանանց մեղաւոր եւ չարախորհուրդ,
Որոնց այլաբանական նմանութիւնն էր վարքը մարգարէի,
Որ ճշմարտատիպ քո պատկերի պէս կերպաւորեցիր.
Առաջ նրա՛նց մէջ այն անճառօրէն տպաւորելով`
Ծայրագոյն շնորհիդ կատարումը դու ինձ ցոյց տուեեք էքցիր:
Անասուններին որպէս կերակուր գարու փոխարէն`
Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգեւեցիր:
Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տուիր.
Հիմարաբար թմրեցնող գինու փոխարէն արարչիդ արեան բաժակը տուիր.
Հին ժողովրդի հայրատ կնոջից առած իւղի տեղ` շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.
Վերցուած գլխաշուք կտաւի տեղակ` անբիծ վերարկուն.
Պերճաշուք ապարանջանի փոխարէն`
Օրէնքով, աւետարանով եւ գործնական առաքինութեամբ ձեռք բերուած թռիչքներ բարեմասնութեան.
Ականջը վայելչօրէն զարդարող գինդի փոխարէն`
Յիշատակն անստուեր տէրունի ձայնիդ.
Եւ լանջքը պճնող մանեակի տեղակ`
Քո դրած քաղցր եւ արդար լուծի օրէնքներն համակ:
 
Գ
 
Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես եւ չամաչեմ դարձեալ նրանց համար:
Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղօթագրքի,
Ինչ որ յարմար է ինձ եւ արժանի`
Մեղապարտութեանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,
Որպէս խստագոյն դատախազ` համառօտ մէջբերումներ անելով մարգարէական գրուածքներից,
Ոչ թէ նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,
Ուր կան հառաչներ, հեծութեան ձայներ, ցասկոտ բողոքներ,
Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ:
Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս յոյս ներշնչեց ինձ,
Որով եւ վերեւ յիշուած բազմաթիւ աղէտների հետ տրուեցին նաեւ`
Զղջումներ, խոստովանութիւններ, աւետիս, պարգեւ,
Լոյսի երեւումներ, խրախոյսներ աստուածային, փառքի ժառանգութիւն,
Հրաշքների յայտնութիւններ եւ տեսիլներ սքանչելի,
Որոնցից ոմանք յոյս են ներշնչում, ոմանք պատճառում վհատութիւններ,
Որոնց մէջ կամաւ, ինձ` կործանուածիս վիճակուեց կորուստ:
 
Դ
 
Զի եթէ վարագոյրի ծածկոցը
Եզեկիէլն Աստծոյ զգեստ անուանեց,
Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,
Յապա ես ո՜րքան աւելի պատիժ պէտք է որ կրեմ,
Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու դրսից:
Զարմանում եմ ես, թէ ինչպէ՜ս չեմ կիզւում,
Շշմում, թէ ինչպէ՜ս չեմ այրւում.
Ապշում, թէ ինչպէ՜ս չեմ հափշտակւում,
Տանջուելով, լքուելով, չարչարուելով ու ջախջախուելով,
Մանրուելով, խորտակուելով, կտրուելով ու կտոր-կտոր լինելով
Կորուսչի ժանիքներից, ինչպէս որ գրուած է Գրքում:
Բայց պահուած է ինձ միայն սա՛, որպէս յիշեցուցիչ շող փրկարար յոյսի,
Թէ Քրիստոսեան Աւետարանը կեանք է ճշմարիտ,
Ինչպէս որ բառն էլ ա՛յդ է ծանուցում.
Որով տրւում է` մեր մեղքերին դարձ,
Պարտքերին` շնորհում, եղծումներին` նորոգութիւն,
Քաւութիւն անօրէնութեան, բուժումն վէրքերի,
Անդորրութիւն տագնապի, ներումն պատժի,
Հանդարտումն պատերազմի, անձրեւ` կրակի վրայ,
Պատուհասի փոխարէն` պարգեւ,
Եւ սատակման տեղակ` շնորհի արժանացում,
Եւ կեանքի ազատութիւն` մահուան գործիքի փոխարէն:
 
Ե
 
Բայց ինչո՞ւ յիշեմ այսքանն ու մէկ-մէկ թուարկեմ այստեղ,
Անճառելիներն ի բաց թողնելով: -
Բարձրեալ Հօր յիշատակութեամբ մեր կցորդութիւնը Որդու հետ,
Յանուն Միածին Որդու` ընտանութիւնը
Հօր հետ,
Եւ հաղորդումն Հոգու հետ` սրանց ակնարկութեամբ.
Խաչի փրկանքը եւ սփոփանքը խօսքի,
Ամենագէտի կշռով յօժարակամ վարձատրումն բարվոք,
Աւազանը կենդանարար, որպէս միջնորդ հաշտութեան,
Եւ այլ բարիքներ անթիւ, անհամար` բարերարիդ կողմից կուտակուած,
Որ զերծ են լծից եւ հարկից ազատ,
Իշխող են եւ ո՛չ իշխանութեան տակ:
Սրանք են ահա, որ մահուան դառնութեան մէջ ինձ անտարակոյս կեանք են աւետում.
Զի եթէ սրանք ես չունենայի, դեռեւս վաղո՜ւց կորած էի ես,
Իսկ եւ իսկ, ինչպէս երգողն է ասել:
Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառաւորում եմ Հօրը,
Եւ ոչ էլ Հոգին նուաստացնելով`
Որդուն եմ տալիս նախապատուութիւն,
Այլ դաւանում եմ երեքն համափառ` նոյն արարչութեամբ:
 
Զ
 
Ամենակալ, բարերար եւ մարդասէր
Աստուածըդ ամէնքի,
Երեւացողների, աներեւոյթների արարիչ,
Փրկող եւ զօրացնող, խնամող եւ խաղաղարար,
Հոգի հզօր Հօր,
Արդ` աղերսում ենք քեզ բազկատարած
Մենք ահաւորիդ առջեւ, գոչելով,
Մաղթանքով հեծութեան,
Սաստիկ դողալով եւ երկիւղով մեծ
Մօտենում ենք անզննելի զօրութեանըդ մատուցելու
Նախ` պատարագը մեր այս բանական,
Իբրեւ հայրական անսասան պատուին
Աթոռակցի եւ փառակցի, արարչակցի,
Եւ քննողի` գաղտնիքները խորածածուկ,
Կատարեալ կամքի Էմմանուել Հօր`
Քեզ առաքողի, բոլորի փրկչի,
Կենդանացնողի եւ ստեղծողի:
Քո միջոցով մեզ ծանուցուեց միասնական աստուածութեանդ
Անձնութիւնը միասնական Երրորդութեան:
Քեզանով եւ քո միջոցով շառաւիղները առաջին
Նահապետաց, որ տեսանող անուանուեցին,
Անցեալներն ու գալիքները,
Եղածներին ու չգոյացածներին
Անպաճոյճ խօսքով վերապատմեցին:
Քեզ Մովսէսը Աստծոյ Ոգի ճանաչեց,
Որ ջրի վրայ քո ընթանալով,
Զօրութիւն անսահման,
Հոգածու հզօր հովանաւորմամբ
Պաշտպանելով թեւատարած,
Գթասիրելով նոր ծնունդներիս`
Պարզեցիր խորհուրդը գաւազանի,
Որի օրինակով վերջին վարագոյրի
Հոսուն մանուածը ստեղծելուց առաջ,
Տիրապէս կարող,
Անէութիւնից` բոլոր գոյերի ու էակների
Բնութիւնն ամբողջ ստեղծագործեցիր:
Քեզանով բոլոր արարածները
Պատրաստւում են նորոգուելու Յարութեան ժամին,
Որ մեր այս կեանքի օրն է յուսկ վերջին
Եւ օրն առաջին` ողջերի երկրի:
Քո ազգակիցը յօժար միութեամբ
Հնազանդուեց քեզ` իբրեւ իր Հօրը:
Հօր էակիցը, անդրանիկ Որդին`
Մեր կերպարանքով, քո գալն աւետեց,
Ճշմարիտ Աստուած`
Հաւասար ու համագոյ Հօրը հզօր,
Քեզ հայհոյելն անքաւելի համարեց,
Քեզ հաստելով` ըմբերանեց չարախօսներին,
Եւ ներեց արդար ու անարատ գտիչն ամէն ինչի,
Որ մեր մեղքերի համար մատնուեց
Եւ յարութիւն առաւ` արդարացնելու մեզ:
Փառք նրան քո միջոցով,
Բարեբանութիւն քեզ` ամենակալ Հօր հետ
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 
Է
 
Վերստին կրկնեմ խօսքի նոյն կարգով, մինչեւ որ ազդմամբ հաւատի լոյսը յայտնուի հրաշապէս վերաւետելու նոր խաղաղութիւն:
Արտասուալից հառաչելով`
Աղաչում եւ աղերսում ենք
Արարչութեանդ` փառաւորուած բոլորի կողմից,
Անեղծ, անստեղծ եւ անժամանակ գթած Հոգուդ,
Որ մեր անմռունչ հեծութիւնների
Բարեխօսն ես ողորմած Հօրդ առջեւ,
Որ պահում ես սրբերին
Եւ մաքրագործում յանցաւորներին,
Եւ տաճարներ ես կանգնեցնում
Բարձրեալ Հօրդ կենդանի ու ապրեցնող կամքին:
Արդ` ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից,
Որ հաճելի չեն քո բնութեանը,
Թող չմարի փայլը լոյսիդ շնորհների
Մեր աչքերի հայեցումից,
Որովհետեւ իմացանք` կմիանաս մեզ,
Թէ յար աղօթենք եւ ապրենք ընտիր, խնկելի վարքով:
Եւ քանզի մէկըդ Երրորդութիւնից պատարագւում է,
Միւսն ընդունում`
Իր անդրանիկի հաշտարար արեամբ
Դառնալով դէպ մեզ,
Դու կընդունես մեր պաղատանքները
Եւ կյարդարես մեզ օթեւաններ`
Պատուական, բոլոր յարմարանքներով,
Երկնաւոր գառանդ ճաշակումը վայելելու,
Որպէսզի առանց դատապարտող պատիժների ընդունենք
Նոր կեանքի փրկութեան անմահարար այս մանանան:
Եւ թող հալչի մեր գայթակղութիւնն այս հրից,
Ինչպէս մարգարէն կենդանախարոյկ կայծակմամբ
Ունելիով մատուցեց,
Որ ամէնուր քարոզուի քո գթութիւնը,
Ինչպէս Աստծոյ Որդւով` Հօր քաղցրութիւնը,
Որ անառակ որդուն մօտեցրեց հօր ժառանգութեանը
Եւ պոռնիկներին առաջնորդեց
Արդարների երանութեան երկնային արքայութիւնը:
 

Внимание! Это не конец книги.

Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!

Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации