Электронная библиотека » Գրիգոր Նարեկացի » » онлайн чтение - страница 5

Текст книги "Մատեան Ողբերգութեան"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:09


Автор книги: Գրիգոր Նարեկացի


Жанр: Поэзия, Поэзия и Драматургия


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 5 (всего у книги 20 страниц) [доступный отрывок для чтения: 7 страниц]

Шрифт:
- 100% +
Բ
 
Արժանապատիժ ժանտագործս օտար`
Գունդը Բելիարի աճեցրի անսաստ իմ ընթացքով:
Ճարպիկ, խաբեբայ եւ գարշօրէն պարող դեւերի համար
Կաքաւումներ, կայթեր, ցոյցեր ու վազքեր պատրաստեցի ես իմ ծուլութեամբ,
Եւ ընդունեցի դահիճներից այդ կործանուած`
Հարուածներ գաղտնի եւ խոցեր անյայտ:
Քրիստոսի խաչով չհալածեցի ես այդ վտարուածներին,
Այլ առաւել եւս զօրացրի նրանց:
Հեգ ողորմելուս անօրէնութեան հետեւանքով
Հայհոյւում է Յիսուսիդ անունն այսականների մէջ,
Ինչպէս մի ժամանակ հեթանոսների մէջ`
Իսրայէլի պատճառով:
Ես ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մէջ
Ապականարար եւ վնասակար բազում պատուհասներ`
Հոգուս ծաղիկն ուտող եւ սպառող ժանգն ու թրթուրը եւ այլ ուտիչներ,
Որոնց սուրբ Հովելն է նկարագրում իսրայելացոց երկրի համար
Իբրեւ օրինակ աւազակների եւ չար ոգիների` իր հրաշակերտ ողբերգութեան մէջ:
Սատակեցնելու փոխարէն` իմ մէջ ինքս ստեղծեցի, աճեցրի նրանց,
Եւ իմ անձի դէմ հաւաքեցի բիւր մահազէն մարտիկներ.
Շուրջս անպատկառ եւ անիրաւ կշտամբիչներ գոյացրի.
Զինեցի իմ դէմ անզգամ եւ անպարտելի հակառակորդներ.
Քաղցրի փոխարէն դառնութիւնն առա ինձ իբրեւ բաժին`
Ես` արարչի դէմ նենգաւորս միշտ եւ բանսարկուի հանդէպ` հաւատարիմ:
 
Գ
 
Աւա՜ղ աղէտիս, վիշտ ու վտանգիս, մթին ամօթիս եւ անարգանքիս.
Ես ինչպէ՞ս հիմայ պիտի հանդգնեմ խօսքերս յայտնապէս հրապարակել:
Մեծ է գուժկան ձայնս ու բարձրաղաղակ բողոքն իմ ահա յոյժ անտանելի:
Քանզի եթէ հնար լիներ հոգիս տեսնել,
Պիտի երեւար, թէ ո՜րքան տգեղ է նա, տկար եւ ազազուն,
Հեծեծագին ցաւերով մատնուած ծայրաստիճան վարանումի,
Եւ մրոտուած, աղտոտ գոյնով զազրելի, ինչպէս մեհեանի պաշտօնատար,
Զի միեւնոյնն է, թէ`սպասարկել կուռքին ձուլածոյ եւ կամ ծառայել մեղքերի ախտին:
 
Դ
 
Արդ, ես քայլեցի կորստեան այս խաւարահետ ճանապարհով
Եւ ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ,
Ինչպէս մեղադրում է մարգարէն
Իսրայէլի քահանաներին:
Եւ ես, որ տմարդների կարգն եմ դասուած` ինչպէ՞ս համարեմ ինձ մարդ.
Ինչպէ՞ս անուանուեմ բանական, երբ կցորդուել եմ յիմար անբաններին,
Ինչպէ՞ս կարող եմ կոչուել տեսանող, երբ խաւարել եմ ներքին լոյսս ես,
Ինչպէ՞ս համբաւուեմ ես իմացական, երբ իմացութեանս դռներն են փակուել,
Կամ ինչո՞վ ցոյց տամ ինքս ինձ որպէս պատկեր Աստծոյ անեղծ եւ անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպէս.
Եւ ոչ իսկ շարժուն եւ կամ շնչաւոր կարող եմ կոչուել, թո՛ղ թէ հոգեւոր եւ իմացական:
 
Ե
 
Անօթների մէջ անպիտան եմ ես եւ անարգագոյնը` որմնաքարերի մէջ,
Արհամարհուած եմ կանչուածների մէջ եւ վատթարը` հրաւիրուածների խմբում,
Ահաբեկուած մահուան արհաւիրքով եւ բոլորից լքուած անխրախոյս:
Երուսաղէմի ցաւերով ու տանջանքներով եմ ես պատժուած, ըստ Երեմիայի խօսքի.
Պակասել են օրերս հեծութեամբ եւ տարիներիս ընթացքը` հառաչանքներով,
Ըստ սաղմոսողի նուագերգութեան:
Ինչպէս ասուին ցեցից եւ փայտը որդից`
Այդպէս նաեւ ես սրտիս խիթերից հալուեցի իսպառ ըստ իմաստունի:
Ու սաղմոսողի խօսքի համաձայն սարդոստայնի պէս մաշուեցի ահա եւ դարձայ անպէտ.
Առաւօտեան ամպի եւ վաղորդեան ցողի պէս ցնդեցի ես, մարգարէութեան խօսքի համաձայն:
 
Զ
 
Բայց ես իմ յոյսը մարդու վրայ չեմ դրել,
Որ տեսանողի ակնարկած անէծքն վրաս առնելով վհատուեմ անյուսօրէն,
Այլ քեզ վրայ, Տէ՜ր իմ ոգեսէր,
Որ լցուած անբաւ բարեգթութեամբ
Նոյնիսկ խաչի վրայ բեւեռուած պահին`
Մեծ ողորմութեամբ աղօթեցիր դու առ հայրդ բարձրեալ` քեզ չարչարողների համար:
Արդ, շնորհի՛ր ինձ դու քաւութեան յոյս, կեա՜նք եւ ապաւէն,
Որպէսզի թշուառ շունչս երբ փչեմ` ստանամ հոգին քո բարի:
Եւ քեզ քո Հօր հետ ու քո սուրբ Հոգուն`
Զօրութիւն, յաղթութիւն, մեծութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԻԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Նախատուած անձիս կշտամբանքների շարքը նոյն ձեւով ու պատկերներով
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-նոր բարդութեամբ.
Կսկծեցուցիչ դառն այս խօսքերիս դատակնիքը յանդիմանական
Ամենագէտը թերեւս համարի ճիշտ խոստովանանք
Իմ բոլոր գաղտնի եւ չար գործերի:
 
Բ
 
Խօսուն մի ձի եմ ես, կարծրերախ, սանձակոտոր եւ ապերասան,
Հովանակ անհամբոյր, վայրենի եւ անկրթական,
Երինջ խրտչող, անուղղայ եւ անվարժական,
Մարդ մոլեգին, տարագրուած եւ կորստական,
Մանուկ մեղաւոր, անխրատ եւ թափառական,
Տնտես մահապարտ, տարտամ եւ անգործնական,
Բանական անասնաբարո, գազանացեալ եւ անմաքրական,
Ձիթենի լքուած, անպտուղ եւ կործանական,
Մարմին` հոգիս տրտմեցնող, դատող ու տանջողական,
Խոցուած եմ անբուժելի, անխնամ եւ անկանգնական,
Վատնուած եւ անգտնելի ոսկի շարոց եմ կայսերական,
Ծառայ եմ սխալական, փախստական եւ թշուառական:
 
Գ
 
Եւ այսպէս, ահա, ես ինքս իմ դէմ եղա կամովին անձնամատ սաստիկ եւ մարմնակործան,
Հոգեկորոյս եւ միշտ մտախաբ,
Կամակոր իսկական եւ սրտաբեկ,
Ուշագնաց եւ խելակորոյս,
Զգայազուրկ եւ իմաստասպառ,
Հայրատատես եւ եղեռնալուր:
Ես ամէն կողմից բռնուած ամբողջովին մահաբեր երկունքի բորբոքումներով`
Մի լաւ բանի մէջ, Տէր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ:
Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ երկնել է,
Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ:
Ինչո՞ւ կաթի հետ մակարդուած ես մաղձ չծծեցի,
Եւ ինչո՞ւ քաղցրութեան փոխարէն չտրուեց ինձ դառնութիւն:
 
Դ
 
Զի եթէ ես իմ խօսքերով այսքան ինքս իմ դէմ եղայ անձնադատ դատախազ դժնի,
Եւ իմ բարկութեան սուրն է տակաւին անխոնարհելի,
Ո՞ր երկրածինն ինձ կկարողանայ ողոքել այլեւս:
Ամէն ինչ պիտի հրապարակեմ,
Էութիւնս համակ ես պիտի դատեմ ու դատապարտեմ,
Ողջ վնասակար գնդերը պիտի ես գանակոծեմ,
Ես ինձ խոցոտող զինուորների դէմ պիտի բողոքեմ
Եւ իմ գլխաւոր զգայարանքներս պիտի կշտամբեմ:
Ամէն բանի մէջ եւ ամէն ձեւով ես մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ:
Նոր չէ, որ գտար յանցապարտութեան մառախուղն իմ մէջ,
Այլ նոյնն եմ յաւէտ, միշտ նոյն արատով յանցապարտութեան
Անկարկատելի ձորձով սխալուած անփոփոխելի քո առջեւն եմ ես,
Եւ ինքդ միայն իսկապէս գթած, օրհնեալ, մարդասէր,
Քո ներողութեամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկութիւն ինձ:
 
Ե
 
Արդ, ո՜վ երկնաւոր, հզօր ու բարի դու խնամակալ,
Ստեղծիչդ ամէն ինչի` ոչնչից,
Կայծն իմաստութեան զօրաւոր խօսքիդ մօտեցրու լեզուիս,
Որպէսզի դառնայ առիթ մաքրութեան`
Քո ձեռքով կերտուած մարմնիս մաս կազմող զգայարանքներիս:
Եւ ես նրանցով` քո կամքով կազմուած եւ քեզնով բուժուած`
Նոր պատրաստութեամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառով
Քեզ վերընծայեմ գոհաբանութիւն`
Ի փառս քո Հօր` մեծ Աստծոյ, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԻԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Տէ՜ր, Աստուած ամենայնի եւ զօրաւոր ամէն բանում,
Տէ՜ր անպարագիր եւ անվայրափակ,
Բոլո՜ր իսկութեամբդ ամէնքին մօտիկ,
Ամէնուր ես դու, եւ չկայ ոչ մի սահման առանց քեզ:
Չես երեւում երբէք, բայց առանց լոյսիդ չի տեսնւում ոչինչ,
Ո՜վ ահաւոր փառք եւ անհաս անուն,
Մեծութեան կոչում, ձայն անբաւելի,
Իսկութիւն անքնին, անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր,
Տեսնող` հեծութեան եւ նկատիչ` թշուառութեան,
Տխրութեան այցելու եւ ամենաբոյժ հնար` անճարութեան,
Հայր գթութեան, ծագող ողորմութեան եւ Աստուա՜ծ մխիթարութեան:
 
Բ
 
Տէ՜ր, ողորմութեամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,
Որ քո հանդէպ եմ տածում ահա:
Կարեկից եղիր ինձ բժշկապէս եւ ոչ թէ որպէս քննիչ-դատաւոր:
Արդարեւ մեծ է տագնապն այս ցաւատանջ տարակուսանքի եւ վարանման,
Երբ մեղքով է տարուած մարմինն ամբողջովին,
Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից,
Երբ զգայարանքները կապկապուած են մոլորութիւնների սովորութեամբ,
Եւ զանգուածը շաղախուած է մահացու կրքերով.
Երբ սրտի զգայութիւնը խայթերո՜վ է խոցոտուած,
Եւ բարիքների ակնկալութիւնն իսպառ վերացած.
Երբ բանականութեամբ հանդերձ` անասունների շարքն է դասուած,
Եւ գոյութեան հետ զազրելի գարշութիւններ են շարամանուած.
Երբ արտաքնապէս թէեւ առողջ, սակայն ներքնապէս է վիրաւորուած
Եւ յիշելով իր մեղքերը սաստիկ` յուսահատութեան է միշտ մատնուած.
Երբ որ նախապէս գործած մեղքերի տագնապումներով է տարակուսուած,
Եւ աղօթքի յստակութիւնն իսպառ պղտորուած.
Երբ խղճմտանքը խռովանքներով է յոյժ տոչորուած
Եւ ձեռքը մաճին` հետեւի գործերն հետազօտելով է միտքն զբաղուած.
Երբ դէմքով դէպի առաջ է դիմում, ոտքերով` դէպի հետեւ ընկրկած
Եւ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյութիւնները, անգոներից է շարունակ խաբուած
Եւ մտքի մղած մարտերի մէջ միշտ փոքրութիւններից է յաղթահարուած,
Եւ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհուած.
Երբ ամէնուրեք` խոնաւութիւնն է քիմքի տոչորուած
Եւ ամէն կողմից անարեւ մէգով է շրջապատուած.
Երբ ակնկալութեան ընդարձակութիւնն է իսպառ ամփոփուած,
Եւ անտանելի տառապանքներն են զգայարանների վրայ դրոշմուած.
Երբ որ կորստեան եղկելիութիւնն է մտաբերուած,
Եւ հատուցումի դատավճիռն է մտքի դիւանում արձանագրուած.
Երբ բարերարի աչքն է զայրալից երեւոյթ առած,
Եւ լոյսը խնդութեամբ հողազանգուածիս դէմ է զայրագնած.
Երբ որ Աստծոյ ահաւորութիւնն փոքրիկ էութեանս հետ է ընդհարուած
Եւ իր խօսքերի որոտումով միշտ` բանաւոր մոխրիս դէմ է բարկացած,
Երբ արդարութեան իր քարերով նա մահուան արժանուս է միշտ քարկոծած,
Երբ որ ինձ տրուած տաղանդը այստեղ անառակութեան մէջ եմ կորցրած,
Եւ իմ պատուական ասացուածքն իբրեւ անարգ անարժէք` հողի տակ է թաղուած.
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի` ծուլութեան մութով է ծածկուած
Եւ չի երեւում ճրագի լոյսի պէս հեռու տարուած,
Երբ իրաւազուրկ պատասխանարանն է լեզուիս կարկամած,
Եւ իմ անհամբոյր բարբառող շուրթերս իրօք արժանի կերպով պապանձուած.
Երբ հուզեալ միտքս ամէն ուղղութեամբ ցրիւ է եկած
Եւ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եւ լաւն ու բարին ընտրելու կշռի մէջ յիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանուած,
Եւ վառարանն է իւղի` հնոցի մոխիրով լցուած.
Երբ կենաց մատեանից իմ անուան գիրն է ջնջուած,
Եւ երանութեան փոխարէն այնտեղ կշտամբանք գրուած:
 
Գ
 
Թէ զինուոր եմ տեսնում` սպասում եմ մահուան.
Թէ պատգամաւոր` խստութեան.
Թէ գրագիր` կորստեան մուրհակի.
Թէ կրօնաւոր` անէծքի.
Թէ աւետարանիչ` ոտքի փոշին թոթափելու.
Թէ բարեկրօն` յանդիմանութեան.
Թէ անզգամ` կսկծանքի.
Եթէ փորձուեմ ջրով` կխորտակուեմ.
Եթէ մի դեղ քննութեան առնեմ` կսատակեմ.
Թէ բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս` կփախչեմ.
Թէ բարձրացած մի ձեռք` կկորանամ.
Թէ խրտվիլակ փոքրիկ` կսարսեմ.
Թէ լսեմ թնդիւն մի թեթեւ` կընդոստնեմ.
Թէ կերուխումի հրաւեր ստանամ` կդողամ.
Թէ մեծիդ ներկայանամ` կսարսափեմ.
Թէ հարցաքննութեան կանչուեմ` կկարկամեմ.
Թէ իրաւամբ քննուեմ` կհամրանամ:
 
Դ
 
Արդ, իրար վրայ բարդուած իմ այսքան տարակոյսները ամենաթշուառ եւ ողորմագին,
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբոյժ ցաւերով, նետերով անտես,
Եւ բեւեռուելով անարտաքսելի` նրանք հոգուս հետ հանապազամուխ ու յարամնաց,
Եւ շարաւներով լցնելով հոգիս, հարուածելով միշտ`
Սատակիչ մահուանս վտանգն են սաստիկ նախագուշակում:
Իր ներսը մխուած երկաթը պատող կոյտը թարախի,
Տագնապը ծածուկ ու մէջս պահուած վէրքերն անդարման
Իմ շնչառութեան միջոցին սաստիկ ցաւ են պատճառում:
Ուստի եւ նրանց նեղութիւններից չարաչար ճնշուած,
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ եւ աղերսախառն իմ արցունքներով
Ինձ համար նաեւ աղօթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,
Եւ հեծութեամբ ողբակից նրանց արտասուանուէր իմ այս ողբերով,
Ըղձակաթ աղերսն իմ` Բարեգործիդ ամենահնար`
Երկրիցս դէպի երկինքը, ահա, առաքում եմ քեզ:
Շնորհիր, ո՜վ Տէր, հանգիստ ու խաղաղ կեանք ողորմելի վաստակեալիս,
Ինձ, որ ընդունա՜յն երկրագործեցի.
Ո՜վ համայնդ դու ամէն ինչի մէջ, քեզ փա՜ռք յաւիտեան:
 

ԲԱՆ ԻԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Եւ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մօտենամ ես քեզ աղերսելու,
Արքայությա՞ն, որից վրիպեցի,
Թէ՞ վայելուչ փառքիդ, որից զրկուեցի,
Թէ՞ անմահ կեանքիդ, որից վտարուեցի,
Թէ՞ պարակցութեանը հրեշտակների, որից տրոհուեցի,
Թէ՞ արդարների մասնակցութեանը, որից ջոկուեցի,
Թէ՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկուեցի,
Թէ՞ ոստը բերկրութեան ծառի, որից գօսացայ,
Թէ՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափուեցի,
Թէ՞ ժառանգաւորն պանծանաց, որից կորացայ,
Թէ՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկայ:
 
Բ
 
Լուսեղէն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացայ,
Թէ՞ ստացողի դարձին յուսամ ես, որից խորթացայ,
Ըղձալի լոյսի՞ն դիմեմ ես արդեօք, որից մեկնեցի,
Թէ՞ ոսկորներին յօդուեմ Յիսուսի, որից մերժուեցի,
Նրա թեւերի՞ն մօտենամ, որից օտարացայ,
Թէ՞ ապաւէնին ապաստանեմ ես, որից զատուեցի,
Նորոգությա՞նը յուսամ փրկարար, որից մահացայ,
Թէ՞ զուարթարար զգաստութեանը, որից լքուեցի,
Կամ ուխտադրական կենաց կանոնին, որից փոխուեցի,
Թէ՞ հաստատական օրինադրութեան, որից սահեցի,
Անշարժ, անսասան Վէմի՞ն կառչեմ ես, որից սասանեցի,
Թէ՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,
Անդրանիկների քաղաքո՞ւմ շինուեմ, որից ես գերի քշուեցի,
Թէ՞ ամէնօրեայ հացին աղօթեմ, որ չվաստակեցի,
Թէ՞ տաժանքների վերացումն խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,
Թէ՞ պարգեւներով պսակուեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացա
Կամ կենաց գրքո՞ւմ արձանագրուեմ, որից ջնջուեցի,
Թէ՞ երախտիքներդ յիշեմ ես արդեօք, որոնք մոռացայ:
 
Գ
 
Եւ ահաւասիկ, ապրելու յոյսի լարը կտրուեց,
Ու վարակուեցի՜ ես բոլորովին գարշ բորոտութեամբ.
Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պէս այն,
Որը կրկնակի մեր անմաքրութեան իբրեւ նշանակ`
Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով,
Ապականութիւնն ինձ պաշարելով` սպառեց մարմինն իմ բոլորովին
Պարծանքի նշոյլը բոլորովին շիջաւ ինձ համար,
Փրկութիւնը վտանգուեց, բարին ստուերացաւ,
Կեանքի դուռն ընդմիշտ փակուեց,
Մխիթարութիւնը վերացաւ,
Դատաստանի ատեանը մօտեցաւ,
Մահուան թոյնն արծարծուեց իմ մէջ,
Սպանուածն իմ մէջ կրկին կենդանացաւ,
Նաւահանգիստը քարերով խցուեց,
Յոյսի շաւիղը կուրացաւ,
Շնորհի ծածկոյթն ինձանից հանուեց,
Փառքի վայելչութիւնն աղօտացաւ,
Առաջնորդող հանճարը խափանուեց,
Կշտամբանքների փուշը շատացաւ,
Անօրէնութեան ուղեշը ծաղկեց,
Գեհենի բոցը բորբոքուեց իմ դէմ,
Ծառայութեան լուծը սաստկացաւ,
Ստրկութեան կապը զօրացաւ,
Կառոյցը պահող սիւնն ահա ընկաւ,
Բարձրութեան վստահարանը կործանուեց,
Ընտանի միաբանութիւնն անջրպետուեց,
Եւ տխրեց սաստիկ սրբութիւն սիրող
Աստծոյ հոգին:
 
Դ
 
Եւ քանզի ես դառնութիւնների մրուրը ճաշակեցի, -
Տանջանքներ, խայթեր ու տխրութիւններ, վշտեր հոգեկան,
Ցաւեր անդարմանելի եւ տարակոյսներ անյուսադրելի,
Ամօթանքներ անպարտակելի, խայտառակութիւններ անծածկելի,
Պատկառութիւններ անհամարձակ, փախուստներ անդառնալի
Եւ հալածանքներ անմարդասիրելի,
Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղեւորութիւն, -
Ուստի եւ դու, ո՜վ փրկութիւն, զօրութիւն եւ օգնութիւն,
Ողորմութիւն, լուսաւորութիւն, քաւութիւն եւ անմահութիւն,
Տէր Յիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստծոյ, արարիչ երկնի եւ երկրի,
Որ ջուր ես տալիս ծարաւներին անջուր անապատում,
Օրհնեալ, բարեգութ, հզօր, մարդասէր,
Երկայնամիտ, խնամակալ, հնարաւոր, այցելու,
Պաշտպան աննախանձ, պահապան յաղթող եւ կեանք անկորուստ,
Միջնորդ երկնային, լիութիւն աննուազ, երանութիւն տօնելի,
Քո ողորմութեան աջ ձեռքը սիրով երկարելով ինձ`
Ընդունի՛ր եւ ներկայացրու քաւուած եւ սրբուած ամենապարտիս`
Քեզ հաւասարապատիւ Հոգուն, ո՜վ կենդանի Բան,
Որպէսզի քեզնով հաշտուած վերստին` իմ մէջ դառնայ նա:
Եւ քո միջոցով Նա, որ զօրեղ է ինքնութեամբ
Իր մաքուր կամքով ինձ սրբագործած`
Հօրդ ընծայելով`
Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանօրէն
Կապի, միացնի բարեշնորհիդ հետ:
Որի համար` քեզ, Հօրդ ու սուրբ Հոգուդ`
Երրեակ անձնաւորութեանդ` մի բնութեամբ եւ մի աստուածութեամբ -
Փա՜ռք եւ բովանդակ արարածներից գոհաբանութիւն
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ԻԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Եւ քանզի նախորդ իմ ողբերի մէջ ես մասամբ միայն նկարագրեցի
Մէկը միւսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,
Որոնց գերին է դարձել վշտակիր եւ թշուառ հոգիս, -
Ուստի ես պիտի փոխեմ իմ խօսքի եղանակն հիմա,
Բայց ո՛չ աւաղանքն իմ աղէտների:
 
Բ
 
Կեանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինուածքով` իբրեւ նաւակում,
Իրար վրայ խուժող անթիւ, անհամար ալիքներից
Տարուբերւում է միշտ այս աշխարհում:
Եսային եւս այս օրինակով պատկերացրեց
Երուսաղէմի հախուռն ու հանկարծադէպ քանդումը պարսիկ հրոսակներից,
Որ եւ սխալ չի լինի համեմատել իմ հոգեւոր խորտակման հետ:
Մինչ ես չւում էի անհոգ անտարակոյս վստահութեամբ,
Հազիւ թէ մտքիցն իմ անցկացնելով դոյզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի
Փոքր այն միջոցին հանգստի միջեւ եւ աշխատութեան,
Իբրեւ թէ արդէն նաւահանգիստը հասած լինէի, -
Եւ ահա, ամառուան մէջ ձմեռն յանկարծահաս` հողմով իր բքաբեր
Երեքալեան ուժգին բախումով խաղաղութիւնը խռովեց հանկարծ:
Խորտակուեց նաւը` վայրագ ալիքների բախումից.
Թիակների կազմուածքը քայքայուեց.
Պոկուեց իր տեղից կայմը վերամբարձ,
Թռչարանն առագաստի պատռուեց ծուեններով անկարկատելի.
Շինուածքի շքեղութիւնն անշքացաւ,
Ու խզուեցին բոլոր առասանները ձիգ.
Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհուեց,
Կտրուեց պարանն ապավանդակի,
Խարսխի յենարանը քայքայուեց,
Ու բաժանուեցին իրար կցորդուած գերաններն երկու.
Ուղղիչների սամիները գալարուեցին,
Ընկղմուեց լաստի յատակը իսկոյն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինուածքի.
Ղեկի սարքն ամբողջ սուզուեց տեղնուտեղ,
Չուելու յարմարանքները պակասեցին,
Կոտրուեց իսկոյն ողնափայտն ամուր.
Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,
Նաւագոգն անպէտքացաւ,
Հետնակողմը նաւի, եզերող շրթներով, խախտուեց ու դուրս թռաւ.
Բազմոցներն ընկնելով` անհետացան.
Վայելչագեղ վանդակապատն իջաւ յատակ.
Շուռ եկաւ գահաւորակն հանգստաւետ.
Իրար կպած տախտակաշարքերն անջատուեցին իրարից,
Եւ նրանց ամրապնդող բեւեռները ելան:
 
Գ
 
Ողբերի յիշատակարան դարձած արդիւնքն ինձ նմանուեց:
Նաւապետը դէմ-յանդիման նաւի` դեգերում է, ողբում,
Ձեռքը ծնոտին դրած` արցունքի գե՜տ է հոսեցնում:
Նաւից մնացած սակաւաթիւ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրայ
Բանականների նման խողխողուած` հեծում են թախծոտ ու ողորմագին:
Եւ այսպէս, ահա, սխալուած չենք լինի, եթէ ասենք,
Որ նաւապետը բարի իր երկնաւոր զօրքով` այս աշխարհի ծովում
Իմանալի իմ գոյութեան խորտակուած տապանն է աշխարում.
Քանզի արդարեւ բարեգութ Տէրը լացեց
Իր թաղուած ազգակցի վրայ, որպէս օրինակ` համայն մարդկութեան,
Լացեց նա նոյնպէս մոլորեալ Երուսաղէմի, ինչպէս եւ մոլեգնած Հուդայի վրայ,
Որոնցից երկուսը մնացին անյոյս` նման քայքայուած նաւի.
Իսկ մէկը նրանցից արդէն անդունդի յատակը հասած`
Յոյսի առասանն իր ձեռքն ունենալով`
Դէպի ապահով խաղաղութիւնը դուրս եկաւ նորէն:
 
Դ
 
Կտեսնե՞մ արդեօք ես երբեւիցէ մարմնի տապանակն իմ բազմախորտակ` կրկին նորոգուած.
Կտեսնե՞մ արդեօք ողբալի հոգուս նաւը փշրուած` կրկին ողջ-առողջ.
Մեծ տարածութեամբ բաժանուածս ես կլինե՞մ արդեօք դարձեալ միացած.
Կտեսնե՞մ արդեօք հոգնաթախիծ վշտացեալիս սիրտը դարձեալ ուրախ.
Կարո՞ղ եմ յուսալ` յաւէտ խաթարուած պատկերն իմ բնութեան յարդարուած նորից.
Կտեսնե՞մ արդեօք թշուառացեալիս քանդուած տաղաւարը կրկին կանգուն.
Յուսա՞մ, թէ պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատուած,
Եւ լոյսիդ շնորհից զրկուածիս կրկին վերակազդուրուած.
Պիտի ցոյց տա՞ս արդեօք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառութեան.
Կտեսնե՞մ արդեօք երբեւիցէ ամենատխուր դէմքը հոգուս` ժպտուն.
Արդեօք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ աւետեաց համբաւն ինձ առաքուած.
Կտեսնե՞մ արդեօք իմ բիւրակործան փշրուած անօթն վերանորոգուած.
Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդեօք պարտամուրհակն իմ մի օր պատռուած.
Օրն իմ անձկութեան քաւութեանդ շնորհիւ` կծագի՞ արդեօք քո լոյսը վրաս,
Արդեօք կմտնե՞մ լուսախորանի խնջոյքը մի օր քո առաջնորդութեամբ.
Անկեանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,
Ըստ Եզեկիէլի` ներգործուն շնչիս ետ գալով դարձեալ զօրութիւն առած.
Կլինի՞ արդեօք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին, -
Ինչպէս մարգարէն, որ աղաղակեց կետ ձկան պորտից. -
Ես, որ կանգնել եմ դէմդ ամօթահար` լոյսիցդ մերժուած.
Մթնածիս վրայ խաւարասնունդ կծագի՞ արդեօք պայծառ առաւօտ.
Եւ մշտասառոյց տագնապեալս ես կհասցնե՞մ արդեօք գարուն տեսնելու.
Կտեսնե՞մ արդեօք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրեւային.
Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հօ՜տը դարձած:
 
Ե
 
Եւ, սակայն, ինչպէս որ Յոբն է ասում,
Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,
Իսկ եթէ քո բարերար կամքի ողորմութեան լոյսն ինձ ցոյց տրուի,
Քո գթութեան դուռը բացուի,
Փառքիդ ճառագայթը ծաւալուի,
Ձեռքիդ խնամքը յայտնուի,
Կենացդ արեգակի օրը տարածուի,
Քո առաւօտեան ըղձալի դէմքը պարզուի,
Քաղցրութեանդ առատութիւնն աղբիւրի պէս բխի,
Արարչի կողի վտակը հոսի,
Անապակ սիրոյդ ծորումը թափուի,
Աւետեաց շնորհիդ ծագումն երեւա,
Պարգեւիդ ծառը ծաղկի,
Քո օրհնեալ մարմնի մասունքը բաշխուի,
Սակաւ ակնկալութիւնն իրագործուի,
Ընդհատուած ձայնը ողջոյնիդ լսուի,
Հեռացած խաղաղութիւնդ մօտենայ:
Այնժամ յաւիտեան այս պայմաններով երանելի,
Հաստատուն յոյսով եւ հաւատով զինուած,
Ապաւինելով սուրբ Հոգուդ, որ պաշտւում է
Հօրդ հետ եւ փառաբանւում քաղցրաձայն,
Քեզ հետ լոյսի մէջ անմատչելի, քաւութեամբ հանդերձ,
Ինձ` մեղապարտիս կընծայուի ե՛ւ կեանք, ե՛ւ երանութիւն:
Եւ սրանք որպէս անկորուստ աւանդ կպահուեն իմ մէջ,
Իբր առհաւատչեայ ճշմարիտ յիշատակի` ի ձիր անեղծութեան,
Երրեակ անձնաւորութեամբ հզօր, սուրբ ու միակ
Եւ անքննելի տէրութեանդ անճառելի, ահեղ անունով,
Դո՛ւ ես, որ իսկութեամբ քո եւ էութեամբ,
Եւ բարձրութեամբ քո յարակայ, քաղցրութեամբ, ողորմութեամբ
Եւ մարդասիրութեամբ պսակուած յաւէտ թագաւորում ես:
Այո՛, բոլորի համար եւ ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:
Եւ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրայ,
Նաեւ հանդերձեալ մշտնջենական աշխարհում,
Մեծ օրն յայտնութեան, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԻԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
 
Եւ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խօսքեր են շարահարում, յօրինում յարմար,
Ամէն մի տողի վերջում միեւնոյն գիրը դնելով,
Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ
Առաւել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցաւերը, -
Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,
Որոնք լալագին բանաստեղծութիւն են եղանակում,
Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա,
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապէս կենդանի է նա Աստծոյ համար.
Ոչ իսկապէս ջերմ, ոչ էլ ցուրտ իրօք, -
Ըստ աւետարանչի առակի` գրած իր յայտնութեան մէջ, -
Որը երիցս ատելի է երրեակ տէրութեանն ու ամենատես արարչութեանը:
Այս է եղանակն ամենայարմար` թախծութիւնը մեր նկարագրելու,
Հանգաւորելով իւրաքանչիւր տող,
Որով եւ հոգու յոյզերը տխուր ե՛ւս առաւել են հնչում սրտառուչ:
 
Բ
 
Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, յիրաւի,
Գործովս անարժան մատնուել եմ վաղ տոյժ ու տուգանքի.
Կրկնայանցագործ վատնիչս կորած` գանձին արքունի,
Որ մեծ Աստծոյ հաշիւ պէտք է տայ եւ պատասխանի.
Պէտք է բիւր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի:
Ես անբարեխօս դառն արգելքի տակ կապկապուած գերի,
Ճաշակում եմ խիստ ցաւ ու հեծութիւն խաւարում բանտի.
Տանջւում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,
Եւ այս խօսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.
Նոյն չափով ու նոյն վերջաւորութեամբ ես շարադրեցի,
Թիւ անհատելի եւ խորհրդաւոր երկեակ տասնեակի:
Հնոցն աղքատութեան մրրկւում է ամէն կողմից ուժգնակի.
Անպաշտպան, թշուառ` դրուած է տխուր սիրտն իմ գրաւի.
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջուի:
Զգայարանս մահուան ու մեղքի զէնքով կխոցուի,
Գերիս` անփախուստ կերպով մատնուած բռնի ախտերի,
Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի:
Այժմուանից, նոյնիսկ, երբ բեմն եմ յիշում ես դատաստանի,
Անլոյս մռայլը չարատես աչքիս առջեւ կփռուի.
Անօգ, կապկապեալ եղկելիս մատնուել եմ տարակոյսի.
Երեւում է ինձ պատկերը երկիւղ ազդող վերնայնի:
Տարտարոսի մէջ անարեւ սաստիկ եւ անծածկելի,
Գեհենի հրում մորմոքւում է յոյժ անձն իմ եղկելի,
Անյայտ ու անհետ կորած-կործանուած անդնդում մեղքի:
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժէք չունի,
Որ չի ընդունուի տէրունի գանձում եւ չի ամբարուի:
Յանցանքս է պղտոր, եւ ձեռքս անմաքուր, աննուիրելի.
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, յուսալով դարձի,
Երեսս հողին` պաղատում եմ քեզ, դու մա՜յր Յիսուսի.
Բարեխօս եղիր ինձ մեղաւորիս, երկնի՛ց իսկուհի.
Մաղթիր քաւութիւն ինձ, ո՜վ զօրաւոր փրկանակ կեանքի,
Թող երկրի վրայ միշտ օրհնութիւններ, բուրումներ խունկի
Եւ անուշահոտ իւղեր մատուցուեն քեզ ախորժելի:
 

Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации