Текст книги "Վեհացում դեպի Մհեր"
Автор книги: Арсен Казарян
Жанр: Зарубежные стихи, Зарубежная литература
Возрастные ограничения: +16
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 2 страниц) [доступный отрывок для чтения: 1 страниц]
Նվիրում եմ
Դավիթին և Դիանային
Մաս Ա
1
Զո՜ւր են խոսքերը …
օ՜հ, միտք իմ, կանգնի՛ր,
մի նետվիր առաջ, դու դեռ մարտում չես,
խոսքերն էլ արճիճ չեն՝ ձուլվելու համար,
ժամը չի եկել, պտուղն հասած չէ:
Հզոր ժայթքումով ճեղքելով կեղևն
ցասումը սառում ու խոսք է դառնում,
բայց ուզում եմ ես, որ շառաչելով՝
նա անվերջ հոսի:
Վանքերի ղողանջը չի լռում երբեք,
ողբալով նրանց, ովքեր դեռ երեկ …
Օ՜հ, ո՜չ, թող քարերը, քարերը խոսեն …
և խոսում են նրանք լռությամբ մռայլ:
Քարեր հարազատ, ո՞ր մեղքի համար
հայրենիքը մեր դարձրին դժոխք,
խաչեցին հավատը, իսկ մարդուն,
Մարդո՜ւն …
Ո՞ր մեղքի համար:
Քարեր հարազատ, լռությամբ ձեր սուրբ
տվեցիք դուք մեզ մխիթարություն,
հասկացաք դուք մեզ, ցավեցիք դուք մեզ,
չեղաք անտարբեր մարդկության նման,
և համոզեցիք՝ սրտերը մարդկանց
քար չեն, այլ սառույց, սառն ու սպիտակ:
2
Անծա՜յր անապատ,
լերդացած արյան կտորները սև,
քարերի նման փռվեցին գետնին,
դարձնելով երկիրը մեր մեծ գերեզման,
ու երկինքն ապշած քարացավ առմիշտ:
3
Գժվելով ցավից, ծաղրանքից վայրի,
վախից, ամոթից ու ստորացումից,
մի ազգ, մի ամբողջ ազգ էր կոտորվում,
հոշոտվում էր ողջ աշխարհի առջև:
Կանչում էին նրանք և հույսերն անհույս
ուղղում էին նրանք միմիայն Աստծուն,
և ձայները նրանց արնաքամ երկրում
տարածվում էին ղողանջի նման:
Մանուկներն անուժ և կանայք անզոր,
վանքերում այրվող սերունդներն արու
աղաչանքներով դիմեցին Աստծուն,
բայց խուլ էր Աստված:
Մարդիկ խենթացած՝ մահ էին փնտրում,
մահն էր հանգրվան գեհենից ահեղ,
և մահին խոնարհ իրենց իսկ ձեռքով
նրան էին հանձնում միակ երեխուն:
Օ՜հ, աշխարհ մարդկանց,
արնոտ, արնածոր,
գռեհիկ, անաստված, լպիրշ, բութ էակ:
Հուսահատ մեր ձայնն ականջին քո մեծ
չհասավ երբեք, լոկ մեզ խլացրեց:
Արցունքները իմ միացնեմ ես նրանց
արցունքի գետին,
որ լցվում է լուռ
ծովը մարդկության:
Տեսնողները այն Դանթե չդառան՝
լռեցին նրանք,
կլռեմ և ես:
4
Անցնում են դարերը,
վազում են դարերը,
ցավի, դավերի, մտքի, տանջանքի,
կսկիծի, սիրո, հիասթափության,
ցանկությունների, կռվի, հավատքի,
ջերմության, վեհի, փառասիրության,
մթի ու լույսի, չարի ու հույսի:
Անցնում են դարերը,
մեր դարն էլ կանցնի՝
միանալով նրանց:
վերջ Ա մասի
Մաս
Բ
1
Անմարդ անապատը փռված էր անծայր,
ձգվելով անհույս միջև հորիզոն,
վերից գորշագույն տարածք էր իջնում,
անամպ, անարև գորշագույն տարածք:
Մի երգ էր հնչում՝ վշտոտ, դողդոջուն,
քարերին նստած սևուկ Տիրամոր:
Եվ սուրբ, և վշտոտ, և հավերժ ջահել,
որ սպանված որդու սև սուգն էր տանում:
Ոտքերը արնոտ քարերին դրած
դանդաղ ճոճվելով երգում էր տխուր,
աչքերը հառած մի անտես հեռու
նա սուզվում էր իր մտքով այդ հեռուն:
Կանգ էր առել ժամանակն ասես,
և հավերժ ջահել մարմինը կնոջ,
նրբագեղ, ճկուն և աստվածային
քարին էր հենված,
իսկ մազերը սև
ուսերին, կրծքին փռվում էին լուռ:
Շրթունքները գունատ շարժվում էին նուրբ
և ձայնը վշտոտ՝ ալիքի նման
շուրջն էր տարածվում:
Երգը բնության, երգը Տիրամոր,
միացած իրար մի վշտով անհուն,
դառնում էին մեծ, երկրային մի Վիշտ:
Օ՜հ, սուրբ Մարիա՜մ:
Վիշտը մարդկության ծանր քարի պես
քո սրտում կանգնեց:
2
Եվ մութն էր պատում ասես ամեն ինչ,
ծանր լռությունը իջնում էր դանդաղ,
պատերը խոնավ՝ աշխարհից կտրող,
շունչն էին փչում՝ մռայլ և անձայն:
Պատերը մեռնող զգացումների պես
մի մոմի լույսի կարոտ էին զգում,
թեթև շոյանքի և մի այլ խոսքի,
որ սև մենության շղարշը քաշեր:
3
Մի հայ էր կանգնած մեծ խաչի առջև՝
աղոթում էր լուռ:
Եվ մտքերը նրա տրոփուն, անողոք,
ինչպես բորբոքված լեփ-լեցուն անդունդ,
խեղդելով թշվառ աղոթքը անձայն,
ելնում էին վեր,
և հառաչը նրանց,
ձեռքերի նման չորացած և սև,
որ ճահճի միջից ձգվում են լարված,
ահռելի ուժով նետվում էր երկինք:
Եվ կայծակնահար երկինքն Աստծո
անճար, անիմաստ հառում էր նրանց:
Խղճուկ քարոզները Աստծո նվիրած
մի պայծառ հանդես արտաբերեցին,
և հրաբուխ դառած այդ հայի հոգին
ժայթքում էր մի ցավ, անաստվա՛ծ մի ցավ,
որն իշխում էր նրա մտքերին բոլոր
և արյունը նրա մակարդում նրա մեջ:
Մեծ խաչի առաջ, սև խաչի առաջ
աղոթում էր նա աստծուն անիմաստ,
պաղատված հոգին արցունք դարձնելով:
4
Եվ երբ, կարծես, ոչ մի փրկություն չկար,
երբ մութն էր պատել, ասես, ամեն ինչ,
հույսի մոմերն էլ վառվեցին իսպառ,
վանքերն էլ այրվող դառան գերեզման,
երբ արդեն Ոչինչ օգնել չէր կարող,
այնժամ արթնացավ առնական մի ուժ,
և երկինքն Աստծո
արնաքամ եղած
երկունքում դաժան
մի հերոս ծնեց,
կայծակ մի հսկա,
որն ելավ վայրագ ոհմակների դեմ
և թրով իր սուրբ մահի դեմ կանգնեց:
Օ՛հ, Մհե՛ր,
զինվոր
դու արդարության,
դու անհաղթ մի ուժ,
դու անմահ հավերժ:
Լույսի սիրահար,
արևի աստված,
Օ՜հ, Մհե՜ր, փրկիչ,
փա՜ռք քեզ հավիտյան:
վերջ Բ մասի
Մաս
Գ
1
Անարդարության ծաղիկները սև
մեր հույսի ցանած դաշտում աճեցին,
իսկ երկինքը,
երկինքը անզգա, անտարբեր
նայեց մեր հոսող արյան գետերին,
անզգա, անտարբեր հառեց տանջանքին
անմարդկային և անբնական,
անզգա, անտարբեր հառեց մեր ողբին
և մեր երեսին՝ ուղղված դեպի վեր:
Ո՞վ էր նա, որ իր անաստված ձեռքով,
այս ժողովրդին սև խաչը նետեց,
ո՞վ էր նա, որ իր անաստված ձեռքով
ժողովրդին այս դարձրեց նոր Քրիստոս:
2
Ողբերգական մի պատմություն,
անցավ, գնաց և մոռացվեց:
Բայց նորից երկինք ես հայացքդ ուղղում՝
գտնելու համար մի արդարություն,
և ժայռերն են շուրջդ՝ երկնքին հառած,
լուռ և մռայլ Աստծուն անիծում:
3
Եվ ու՞ր է Մհերը՝
ու՞ր է ուժը այն,
անարդարությանը չհամակերպվող:
Տանջվելով անվերջ աշխարհի չարից,
ողջ ցավը մարդկանց իր մեջ ներառած
նա դարձավ զոհը ներքին պայքարի,
և Ագռավաքար ինքն իրեն մտցրեց:
4
Եվ Ո՞վ կլինի այն մեկը, որ փրկի
աշխարհը այս նրա կուտակված մեղքից,
ո՞վ կլինի այն մեկը, որ վերցնի
իր վրա ամբողջ այս ցավը աշխարհի,
ո՞վ՝ որ ձեռքից բռնած՝ ողջ մարդկությանը
իր ետևից կարողանա տանել
ու խաչվելուց կարողանա ներել
անգամ իրեն անգութ տանջողներին,
ո՞վ՝ որ Աստծո անունը շուրթերին
դեպի երկինք կարողանա ելնել
և խաչն իր մինչ վերջին րոպեն տանել:
5
Բայց երկնքի արգանդն
արնաքամ եղած՝
էլ երբեք, երբեք
հերոս չծնեց:
6
Իսկ այնժամ…
Այնժամ մեր արյան վրա
մի դաշինք կնքվեց.
այն էլ ի՜նչ դաշինք՝
□Մեծ եղբայրության□:
Օ՜հ, Աստվա՜ծ,
Աստվա՜ծ,
թե Մհեր լինեի,
թե ուժս պատեր,
թե խոսքեր լինեին,
թե լիներ մի ճար…
Անձրև էր գալիս…
և կայծակն արնոտ հետքեր էր թողնում
ամպոտ երկնքի այլայլված դեմքին:
Անձրև էր գալիս…
գալիս էր դանդաղ…
և օրը հաջորդ
արևը ելավ ժպիտի նման՝
ամբողջ աշխարհի անտարբերության
մարմնավորացում:
Այդքանից հետո
չպիտի՛ ելներ:
վերջ Գ մասի
Մաս
Դ
1
Ա՜խ, ուղեղն ինչպես դիմանա ցավին,
ա՜խ, տանջանք անվերջ, հիշողության ճիչ:
Արևներ ելան, բայց շողերը նրանց
լույս չտվեցին մեր հյուծված հոգուն:
Մթին էր մնում մի ամբողջ երկիր,
արևի երկրում մի շող լույս չկար:
2
Եվ երբ այրված ոսկորների նման
թափված՝ անապատով անծայր,
հույսերը դառան,
և լռության մեջ, ուժասպառ եղած
հոգին տապալվեց,
և կյանքի հաճույքը իր չոր դառնությամբ
քեզ նայեց մռայլ,
և մարդիկ բոլոր քեզանից թարսված՝
թշնամի դառան,
և սեր, և ընկեր դավաճանության
պսակներ ստացան:
Երբ զգում ես, որ դու աշխարհում այս մեծ
մենա՜կ ես, մենա՜կ…
և մեկը չկա, ում վրա հույս դնես:
Այդժամ աննկատ մոտենում է մի ստվեր՝
ճշմարտությունը իրական կյանքի,
աչքերիդ մեջ է մոտիկից նայում,
դառը հաճույքով իր մարմինը հրեշ
տարբեր կողմերից քեզ է ցուցադրում,
և ցանկանում է այդ գարշ մսերով
գրավել,գայթակղել և իր մեջ քաշել:
Զզվանքից մի դող է անցնում մարմնով,
փորձում ես փախչել, ետ քաշվել նրանից,
բայց նա լայնանում, օղակ է դառնում
և քեզ իր անմաշկ մարմնով դիպչում:
Օ՜հ , գարշա՜նք, գարշա՜նք,
Օհ, թշվառ հոգի,
ճեղքվածքում կյանքի մնացիր ճզմված,
ով աչքեր ունի, նա տեսնում է միշտ,
ով զգացում ունի,
նրանն է աշխարհի
վիշտն ու ցավն ամբողջ:
Օ՜հ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ,
անսահման այս վիշտն
անցնում է բռնի մեր կյանքի միջով:
Անհույս ժամերին ինչքա՜ն էիր դու
նախանձում նրանց՝ ով զգացում չունի,
և առավե՛լ նրանց, ով փուչ է միջից,
անհոգի, անդարդ, ուրախ և դատարկ:
3
Քո բնավորությունը, որ նետում է քեզ
զբաղմունքից զբաղմունք,
մարդուց դեպի մարդ
և երկրից երկիր՝
անբավարարություն,
անդադար փնտրում
և հավերժ, հավերժ
հիասթափություն:
4
Մի բան չունեցած՝ կորցնում ես միայն,
տալիս ես, վատնում, ցաքուցրիվ անում:
Ետ չնայելով, քայլում ես առաջ,
կարծես թե վերջիդ քայլերն ես անում:
Զզվում ես ստից, կեղծիքից, դիրքից,
զզվում ես, զզվում, թքում, հեռանում,
կյանքը լի քո մեջ, ցամաք ես թվում,
բախտն էլ ի՞նչ է որ՝
փախչում է քեզնից:
Ա՜խ, բախտն ի՞նչ է որ.
մի ստոր ծաղրածու,
մի սև խաղաթուղթ,
մի էժան պոռնիկ:
Սիրում է նա սուտ,
սիրում է կեղծ փայլ,
սիրում է ամեն անարդարություն:
5
Բորբոքված ստից զգացումները քո,
բուն իմաստությունն են ակամա բացում
անվայել մտքով մերկացնում են նրան,
որն իրեն կյանքի գաղտնիք է կոչում,
և այդ հաճույքից լրբացած հանկարծ՝
պարի մեջ անխոհ, նա տրվում է քեզ,
որ դու էլ նրա պես անվայել բացվես,
ա՜խ, ճանաչելով ինքդ քեզ նրա մեջ:
6
Եվ կրկնվում է պատմությունը հին,
դու նորից հագեցած ես քո անցյալից
ու ներկայից,
դու դարձյալ անզսպելի ցանկություն ես զգում
պատռել շղթայած կապերը բոլոր,
թողնել ամենքին
և տրվել հոգով անհայտությանը:
7
Եվ դու լքում ես այդ ամենը՝
արդեն ատելի դարձած,
դու հավաքում ես ամենաանհրաժեշտ իրերը
և բախելով անցյալի դուռը,
ուղղում ես քայլերդ դեպի մութ ապագա:
8
Բայց անցյալդ քեզ հանգիստ չի թողնի,
ուր էլ որ փախչես,
աշխարհի որ ծայրն էլ նետվես,
նա ստվերիդ նման կհետևի քեզ
և իր սուր հիշողության ատամները
կխրի ուղեղիդ բջիջների մեջ:
Ինչպես որդ, նա մանր, մանր կկրծի հոգիդ,
տառապանքներդ խառնելով իրար,
նայելով աչքերիդ խորքը
և հենվելով քո բաց զգացումների վրա:
9
Ա՜խ, իմ բարեկամ,
վերջապես մեն-մենակ ենք:
Դե նայիր հիմա իմ աչքերի մեջ
և շռայլիր թախիծդ ամբողջ:
Դու միայնա՞կ ես այս բազմության մեջ,
դու օտա՞ր ես նրանց
և անհասկանալի՞,
դու հեռանում ես նրանցից
և ազատ շունչ քաշու՞մ …
Ես դա գիտեմ, պետք չէ պատմել,
դա մատնում է քո առաջին իսկ հայացքը:
Պետք չէ, բարեկամ.
հոգու գեղեցկությունը, պարզվում է, պետք չէ:
Դու միշտ կմնաս օտար և լքված,
դու կտառապես, կանիծես հոգիդ,
թախիծդ կայրե քեզ իր դառը թույնով,
մահդ կցանկա յուրաքանչյուր ոք,
մի օր կդառնաս դու համայն թշնամի,
ինքդ քեզ կատես,
և աշխարհն ամբողջ
կդառնա մեծ բեմ մի ողբերգության՝
քո ողբերգության:
Հիասթափությունը օրենք դարձնելով՝
կյանքդ քարշ կտաս դեպի գերեզման
և համայնքն ամբողջ կգոռա քեզ՝
<<Մա՜հ>>:
Այստեղ ապրելու իրավունք չունես,
շատ ես դու մաքուր այս կյանքի համար:
10
Եվ ամբո՞խը այդ՝
նա կին է անշուշտ.
լկտի, շողոքորթ,
առնաբաղձ մի կին,
դատարկ, փառապաշտ,
ծույլ և հեշտամոլ:
11
Իսկ դու խելքո՞վ էիր ուզում
նրան հրապուրել,
թ՞ե խոսքով արդար,
թ՞ե զգացմունքներով:
Միամի՜տ մանուկ, դյութված աննկատ
նրա տեսքով ներկված,
նրա ձայնով ձևված,
իրոք, կատարյալ դերասանությամբ:
12
Բաց, լուսավորված բեմի վրա
անցնում է կյանքիդ ողբերգության ներկայացումը.
ոչ մի հանդիսություն և շքեղություն,
շատ պարզ, հասարակ,
ինչպես և մյուսներինը,
առանց ծափահարության,
արագ, շատ արագ
անցնում են տեսարանները
քո անմիտ կյանքի:
13
Այնժամ հասկանում ես՝
կյանքում այս դաժան
դու չես ունենա երազած ոչ մի բան,
ամեն ինչ կիսով կտրվի միմիայն,
ամեն ինչ կանցնի հապճեպ, շա՜տ արագ:
Մի վայրկյան էլ սիրել դու ուրախ կլինես,
մի վայրկյան էլ ժպտալ ամեն օր դու կուզես,
մի վայրկյան, ա՜խ, մի պահ, կցանկաս մոռացում
այսօրվա մի վայրկյան քեզ սիրող չոր գրկում,
այսօրվա էգի հետ կխոսես դու սիրուց,
քնքշության չոր խոսքեր կպոկես նրա բերնից
և սիրտդ դու նրան կպարզես հենց այնպես,
որ նա էլ ստանա մի վայրկյան մոռացում:
Եվ գինուն մի վայրկյան կհանձնես քեզ տխուր
և գործով կփորձես մի վայրկյան քեզ խեղդել,
մի վայրկյան կփորձես դու մաքուր երազել,
որ նորից արթնանաս դառնության մեջ անհուն:
14
Ուզում էիր դու ճկռալով պոկել
կյանքից մի կտոր քեզ հասնող բարիք.
մխրճում էիր եղունգները քո
պարեխների մեջ քեզ շրջապատող:
Բայց տանջանքը քո օր օրի տևող
չէր բերում մի քիչ, գոնե ձևական,
գոնե հույս տվող հաջողության շող:
Իսկ մեկ-մեկ հասցեն երևի կորցրած
մի կտոր բարիք էր ձեռքդ ընկնում,
ապշեցնում էր քեզ, և հոգնած հոգով.
միգուցե անգամ չհավատալով,
դու հիասթափված՝ թողնում էիր այն
և գնում դարձյալ ուղիով սովոր:
15
Թող այդպե՛ս լինի:
Չըստացվե՞ց, դե ինչ.
դա էր բախտը քո:
Չնայած մեկ-մեկ անիծում ես նրան,
անհաջողության գրկում լաց լինում
և ատելության առարկա դարձնում
ինքդ քեզ,
դե ինչ՝ դա էր բախտը քո:
Միգուցե ոմանք շատ հանգիստ հասան
քո այդքան տենչած մեծ նպատակին,
միգուցե ոմանց սիրեցին նրանք,
որոնց տվեցիր զգացումները քո.
ոմանք ապրեցին այն կյանքով, որ քեզ
անհասանելի այդպես էլ մնաց.
ոմանք այն տեսան՝ ինչ դու ցանկացար,
ոմանք տիրեցին քեզ տրվող բարուն:
16
Եվ ինչ ձեռք բերիր փոխարեն դրա՝
գորտին բնորոշ սառնասրտությու՞ն,
թ՞ե հրեշտակային միամտություն,
թ՞ե նմուշային մտածելակերպ,
մի պաշար դատարկ գիտությունների՞
և մերժում բոլոր ցանկությունների՞,
թ՞ե անտես, անգութ քեզ ստրկացնող կամք
և անհուն, անչափ հիասթափությու՞ն:
Եվ եթե լինես դու մի քիչ անկեղծ,
պետք է, որ ինքդ աչքերդ բացես
տեսնելու համար, որ կյանքի մարտում
դու, ցավոք սրտի, պարտվեցիր արդեն:
17
Բայց դո՛ւ, կթողնեի՞ր աշխարհն այսօր
և կհեռանայի՞ր մի անլույս հեռու,
լքել – թողնելով ամեն ինչ այստեղ,
ուր մենակ եղար դու ամբողջ կյանքում,
և չափսոսալով ոչ մի բան այստեղ,
պատռելով վերջին կապանքները հոգու,
մի քայլ կանեի՞ր դեպի չքություն,
դեպի կործանո՞ւմ և դեպի ջնջո՞ւմ:
18
Քո բախտը սա էր,
լավ թե վատ, սա էր.
իր բոլոր դժբախտություններով,
անհաջողություններով,
իր կարճատև ուրախություններով
և անվերջ անհուսությամբ,
մռայլ օրերով
և խաբված հույսերով,
և լքված անտարբերությամբ,
իր հարվածներով ուժգին
և սիրով մաքուր,
վայրկենական ցնծությամբ հույսի
և կործանումով անդադար ու սև,
դավաճանությամբ ստոր, անսպասելի
և մոռացությամբ բոլորի կողմից,
և մոտիկների ձայներով հուզիչ
և սասանեցնող, ամեն ինչ ջարդող
պահերով մոլի:
Քոնն է ամեն ինչ,
չես փախչի դրանից,
թե՝ լավը, թե՝ վատը
քեզ է պատկանում:
Եվ ամեն մի նոր հույսի հետ
կարծես,
նորից ես ծնվում, ուժ առնում հոգով
և լուսավորվում ու անմահանում,
որ նորից ջարդի կյանքը իր մուրճով
ու նորից հողին հավասարեցնի:
Վեհ հպարտությունը խառնելով լացին
կյանքը սլանում է ուղիով անհայտ
և քեզ քարշ տալով ետևից բռնի,
դարձնում է գերի իր նպատակին:
Րոպեներին սև դու տեսնում ես պարզ
անդունդը մահի՝ քեզ կանչող ագահ
և ձեռքը կյանքի քեզ մեջքից հրող
դեպի հարատև մի հանգստություն:
Ինքդ քեզ այրող այս կյանքում հիմար.
այդքան մութ, անպարզ, անըմբռնելի,
այդքան վեհ, անմիտ, գեղեցիկ, դաժան,
այս աստվածային կյանքում անիծյալ:
19
Դու մոտենում ես դռանը և պինդ փակում այն.
այս երեկո դու ոչ ոքի չես ուզում տեսնել,
այս երեկո դու մենության մեծ պահանջ ես զգում:
Չորս պատերը շուրջ բաժանում են քեզ
աշխարհից ամբողջ:
Վերջապես ցանկալի՜ հանգստություն,
վերջապես դու դո՛ւ ես և էլ ոչ մի բան:
Մտքերդ անսպասելիորեն թռչում են տեղից տեղ,
Հետզհետե ականջներումդ մարում է
աղմուկը մարդկանց,
և դու սուզվում ես լռության օվկիանոսը:
Ցրվում են մեծ ու մանր պրոբլեմները
և դու զգում ես ջինջ ազատության շունչը,
ամբողջ տիեզերքի իմաստությունը դառնում է
պարզ և հասարակ:
20
Եվ շրջապատում են
տեսիլքների պես
հիշողությունները մանկության:
Մաքուր, շատ մաքուր,
թափանցիկ հիշողությունները,
ցավի պես ծանր,
քաղցր և հուզիչ:
Եվ փորձում ես նրանց շոշափել դու զգույշ՝
գռեհկացած արդեն,
կոշտացած զգացումներով,
կորցրած ամեն տեսակի նրբություն,
կորցրած երազելու կարողությունը,
սրբության ու գեղեցկության հավատը:
21
Ա՜խ, այն առավոտները, աստվածային
գիշերներից հետո,
քաղցր, ինչպես հին հիշողություններ,
երբ մենք, ասես, մի նոր աշխարհ գայինք,
աստվածայի՜ն աշխարհ.
ուր գարունն էր իր թարմությամբ ծաղկում:
22
Եվ բացվում է քեզ մի երկիր սիրո
ուր չկա ոչ մի տխրության մասնիկ,
ուր միայն լավն է անձայն տարածվում
և արևի լույսն է զգացմունքներ ծնում:
23
Ա՜խ, սիրո ծարավը ինչով հագեցնել,
եթե ոչ սիրով:
Օ՜հ, սեր, բնության լավագույն պարգև,
միայն դու կարող ես մտքերը ցրել
և փուչ էությունը իմաստով լցնել:
Քե՛զ է պետք տրվել մարմնով, հոգով
և քո մեջ գտնել դրախտային անդորր:
Դո՛ւ ես, որ ստիպում ես մեզ իրար փնտրել,
դո՛ւ ես հույս տալիս
և փայլով քո սուրբ
հրապուրում ես միշտ:
Ա՜խ, սե՜ր, միայն դու կարող ես փրկել
աշխարհն այս անգութ զարգացման մահից:
Բայց անգամ քո մեջ կա մի հագեցում,
կա օտարացում, կեղծիք, գռեհկություն:
Եվ նորից նետում են որոնումների
չբավարարված հաճույքները մեր,
և տալիս ես դու մի անզուսպ ծարավ
և նրան առընթեր հիասթափություն:
Բայց միշտ, երբ սկսվում է քո խաղը անվերջ,
նորից միամիտ երեխա ենք դառնում:
24
Եվ ահ՜ա կրկնվում է պատմությունը հին,
ա՜խ, այն, հեռավոր անծանոթուհին…
քո և նրա աչքերից հոսում էր
մի անզուսպ ցանկություն,
քո և նրա աչքերը հանդիպած իրար
ամեն ինչ հասկացան,
բայց ո՛չ դու, ոչ էլ նա չհամարձակվեցիք
այդ դժվարին քայլն անել
ձեզ բաժանող անդունդի վրայով:
25
Եվ նա քեզ գրավում էր
էգի ցանկությամբ,
մարմնի ճոխությամբ
և գեղեցկությամբ,
իր անվայել անկեղծությամբ,
շնորհակալական հայացքով մաքուր:
Բայց հետո, ցավոք, մի երկարատև
ա՜խ, անվերջ տևող
չոր դատարկություն:
26
Ինչ որ մի պատնեշ է ձեր միջև կանգնում,
սահմաններ գծում, անցնել չի տալիս,
և չափազանց շատ անհրաժեշտ այդժամ
ցողն անմտության մանկական շնչի
գոլորշիացած՝ լարված է դարձնում
շարժուձևը ձեր:
Եվ ինչպես երկու անփորձ դերասան
կմկմում եք դուք, կեղծում զգացմունքերն
և իրար նայել չեք համարձակվում:
27
Դուք հեռանում եք, և էլ չես տեսնի
դու նրան այս կյանքում.
թաղման մի զգացում:
Ա՜խ, ի՜նչ հարազատ է դարձել նա հիմա.
այսօ՛ր է միայն՝ թախիծն այդ կանցնի,
նորից կդառնաս անտարբեր ու չոր:
Այսօ՛ր է միայն՝ սիրտդ ճմլված
հիշողությունների մի վերք է դառնում
և տանջում ես քեզ հինը շոյելով,
մութ հոգիդ անզգույշ բացվում է իսպառ
և սրտից մի մեծ կտոր պոկելով
դու նրան ես տալիս:
Օրերը կանցնեն և թեթև կթվան
այսօրվա ճզմող զգացումները քո:
Դա վաղը, իսկ այժմ
ուզում ես վառվել և մեռնել տեղում,
չլինել, չշնչել, չքանալ հավետ,
և ամենը այդ քո մահով ջնջել:
28
Ա՜խ, նայիր վերջապես, թե ում ես տալիս
հոգուդ ջերմությունը և տենչը մարմնիդ,
վերացական սերը մի կապիր խղճուկ
իրականության չոր, ցամաք բկին,
վեհ եղիր նրանից, մի դառիր գերի
և պատիվը քո մի ոտնահարի:
29
Բայց դուռդ թակում են:
Դու ոչ ոքի չես ուզում տեսնել այս երեկո,
դու ոչ ոքի չես ուզում թողնել քեզ մոտ:
Բայց նրան դու չես կարող չթողնել,
նրա առջև չես կարող չբացել դռները.
այնտեղ քո մենակությունն է:
Որտեղ էլ որ լինես՝
թե բազմության մեջ,
թե վառ արևի ջերմ ցնցուղի տակ,
թե սառը բեմում,
նա գալիս է միշտ
և իշխանաբար դուռդ է թակում:
Նա տիրում է քեզ վստահ, լիովին,
առանց խոսալու և առանց ջանքի,
կամքը քո ճմլում և նետում է դեն
և մտքերը քո իրեն ստրուկ դարձնում:
Եվ դու՝ դերասան, ինքդ քեզ խաբող,
ինքդ քեզ փորձող շարունակ համոզել.
խոսքերով ճկուն, ժպիտով թովիչ
անապատն հոգու մի այգի դարձնող:
Բայց հայացքը քո քեզ մատնում է միշտ,
և ջնջում է քո ջանքերը բոլոր
և հոգիդ բացում, մերկացնում լրիվ.
և բացված վերքերը այրում են նորից:
Եվ մենակությունը միմիայն իրեն
այդքան բնորոշ կեղծ քմծիծաղով
թողնում – հեռանում է,
որ վաղը նորեն
ներխուժի քո մեջ,
որ դու վաղօրոք չմոռանաս նրան
և հայացքը քո չբացվի երբեք:
Եվ քեզ տիրելով՝ նա գնում է միշտ,
որ չընտելանաս նրա ցավին դժնի
և ամեն իր այցը պատճառի նոր ցավ:
30
Եվ ո՞ւմ ես դու պետք այս աշխարհում.
խոսքերն այս դաժան կարող են ցնցել
շատ պինդ ուղեղներ:
Ու՞մ ես դու պետք այս աշխարհում.
մի երկու թշվառ, խեղճ արարածի՞.
ա՜խ, երկու-երեք շատ թեթև կապե՞ր
և մի հսկա մութ տիեզերք
ամբողջովին միայնության.
ուր աստղերն անգամ լույս էլ չեն տալիս,
ուր կա միմիայն անվերջ տառապանք,
ուր կյանքը մեռնում է ամեն մի վայրկյան,
և ինքն է միակ դրա վկան լինում,
ուր դերասանն է իր խաղին նայում
և ծափահարում ինքն իրեն տխուր:
31
Օտարի նման նետված այս աշխարհ
դարձար մի քայլող շիրիմ քո կյանքի:
Անցնում ես մթին փողոցներով լուռ,
ինչպես անծանոթ մի մոլորակում:
Տները իրենց սառը լույսերով
բեկորների պես շուրջդ են շարվել
և իրենցից գոհ, իրենք իրենց մեջ
մի դատարկ ու փուչ հաճույք են ստանում:
Իսկ դո՞ւ՝ տոչորված, ընկճված, մռայլ,
անհասկանալի և էլ ոչ մի բան:
Խորությունն անվերջ զգացումների քո
մի անդունդ ստեղծեց քո և նրանց միջև:
Վիճակ գցեցիր, դու քո բախտն արիր,
կամուրջները բոլոր ինքդ այրեցիր
և հետո միայն հասկացար լրիվ,
որ դու էլ նրանց պես մարդ ես միմիայն:
Գայլերի ոռնոցը անլուսին հեռվում
պարզվում է՝ ոռնոց է ինչ-որ մի հոգու,
և ճռռացող ձայնը դռների օտար
քմծիծաղի պես նրան է հետևում:
Շատ տխուր Աստված կառուցեց մի օր
հաճույքի համար այս աշխարհը մեծ:
Եվ հաճույք ստացավ… միգուցե ստացավ,
միգուցե անգամ նա ժպտաց տխուր:
Հատկապես հիմա՝ երբ դու բեմ ելար
ծաղրածուի պես՝ տխո՜ւր ծաղրածու…
32
Ահա և դու կարծես հասար
քո երազած նպատակին,
հասա՛ր, ցավոք, շատ ուշ հասար,
երբ միտքը քո հազար անգամ
արդեն երես էր շուռ տվել,
և համն ու հոտն երազանքիդ
հազար անգամ էր չքացել,
և ցանկալի պտուղն արդեն
թվաց անհամ, անգույն, անմիտ:
Դու ձեռքդ քո աստղին հասցրիր,
ցավոք սրտի, դու ուշացար,
նա իր լույսի շողն էր կորցրել:
Օ՜հ, հագեցածությո՜ւն,
օ՜հ, դատարկությու՜ն,
օ՜հ, դատարկությու՜ն:
Դու քո երազնե՞րը տեսար մյուս կողմից,
թե՞ հոգումդ ինչ-որ բան շրջվեց:
Կեսգիշերային խավարում հանգավ ամեն ինչ,
և լռությունը խլացրեց հուսահատության անձայն ճիչը,
իսկ հեռվում նրան արձագանքեցին ճահճագորտերը,
և տիրեց հազարամյա վհատության թագավորությունը:
33
Դե՜, վերջապես,
ո՞վ ես դու այսօր,
ի՞նչ ես քեզանից դու ներկայացնում՝
մի մոլորված էակ այս բիրտ աշխարհում՝
առանց ներկայի, առանց ապագա՝
ցրիվ տվող իր ժամերը, օրերը, կյանքը
և վախեցող հայացքը խորացնել
իր իսկ մտքերի անդունդը:
Ա՞յս չես դու:
Ինքդ քո դեմ, ինչպես Աստծո առաջ
խոստովանիր. ո՞վ ես դու՝
ի՜նչ ոչնչություն,
ի՜նչ թերհավատություն,
ի՜նչ անարդարություն,
ի՜նչ անզորություն:
Քամին ապարդյուն թափ է տալիս
չորացած ճյուղերը:
Երկինքը սպիտակած՝ անհույս լռում է:
Աշնան վերջին տերևները սառում են հողին:
Եվ դու հանկարծ հասկանում ես,
որ առանձնապես գնալու ոչ մի տեղ չունես,
որ առանձնապես ոչ ոք քեզ չի սպասում,
որ դու ինչ-որ բանով նման ես
աշնանային այս տերևներին:
Այն սերը, որ քո հոգու պարգևն էր,
պարգև էլ մնաց:
Այն հույզերը, որ դու քնքշորեն խնամելով
աճեցրիր քո մեջ,
դարձան շատ ծանր, օտար և ցավոտ
հիշողություններ:
Իսկ քո սուրբ հավատը ինքդ խաչեցիր
քո իսկ ձեռքերով:
Եվ այդքանից հետո…
Այդքանից հետո դու դեռ ապրում ես,
քայլում ես, ծիծաղում,
մեկ-մեկ էլ սրտանց,
սիրում ես
(համենայն դեպս ուզում ես հավատալ,
թե սիրում ես),
և վերջապես ինքդ քեզ
մարդ ես համարում:
Դա չէ՞ սառը իրողությունը,
դա չէ՞ այն ամենը, ինչ կոչվում է կյանք:
Մռայլ ալիքները ծանր շնչելով
նետվում են ափ,
ուժգին, սառնահար քամի է փչում,
մռայլ և անհույս, ինչպես կյանքը քո:
Փոշի է հանում…
Այսքան ծանր խոսքերից հետո
դժվար է խոսել:
Այսքան ծանր խոսքերից հետո
ասելու բան էլ առանձնապես չկա:
վերջ Դ մասի:
Внимание! Это не конец книги.
Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!Правообладателям!
Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.Читателям!
Оплатили, но не знаете что делать дальше?