Электронная библиотека » Մուրացան » » онлайн чтение - страница 7

Текст книги "Պատմվածքներ"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:10


Автор книги: Մուրացան


Жанр: Современная зарубежная литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 7 (всего у книги 25 страниц) [доступный отрывок для чтения: 8 страниц]

Шрифт:
- 100% +
ՄԻ՞ԹԵ ՍԻՐՈԻՄ ԷԻ ԵՍ

Երբ տուն հասանք, քույրս ու փեսաս սկսան մի առ ժամանակ պարապվել Լուսինյանների հացկերույթի և նրանց հյուրերի քննադատությամբ: Խնջույքներից կամ հարսանյաց հանդեսներից վերադարձողի համար օրվա անցքերի հաշվեկշիռ կազմելը միշտ սովորական և սիրելի զբաղմունք է: Բայց այս երեկո ես տրամադիր չէի նրանց ընկերանալու: Լուսինյանների խնջույքից ուրիշ ոչինչ ես չԷի հիշում բացի Մարգարիտայի այն հայացքը, որ նա ուղղեց իմ աչքերին առաջին յուր կենացի ժամանակ:

Ես զգում էի, որ այդ հայացքը ինձ հալածում էր. ես կամենում էի նրա վերա մտածել… Ուստի հոգնածությունս պատճառ բերելով խույս տվի դեպի իմ ննջարանը: Այդտեղ ես միայն էի, բայց դրանից ավելի միայնության էի որոնում: Կանթեղի պայծառ լույսը կարծես խանգարում էր ինձ, ես նրան հանգցրի և պատուհանի վարագույրը քաշելով` փեղկերը բացի:

Զովարար հովի հետ միասին թափանցեց սենյակիս մեջ լուսնի աղոտ լույսն. և վառ երևակայությանս առաջ նկարվեցան գողտրիկ պատկերներ… Ես տեսնում էի գեղեցիկ Մարգարիտային յուր կրակոտ աչքերով, նա զբոսնում էր հովանավոր ուռենիների տակ. տեսնում էի նրա ժպիտը, որ ծաղկում էր գեղեցիկ շրթունքների վերա և լսում այն քաղցրահնչուն ծիծաղը, որ պատճառում էին նրան օր. Վարդուհու կատակները: Բայց հազիվ թե ես հիանում էի, և ահա այդ պատկերները տեղի տվին դրական մտածմունքներին: Ես հիշեցի գեղեցիկ օրիորդի խորհրդավոր խոսքերը. «Բարեկամ եղեք պատեր-Սիմոնի հետ, որ ազատ մեզ մոտ գալ-գնալ կարողանաք… Ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեր տունը… Ես սիրում եմ ձեր քրոջը…»:

Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը, մտածեցի ինքս ինձ. մի՞թե այդ աղջիկը մի պարզ համակրությունից շատ ուրիշ զգացմունք էլ կարող էր տածել դեպի ինձ… Նա սիրում է իմ քրոջը, բայց մի՞թե այդ սերը մի կապ ունի իմ անձնավորության հետ… Ո՛չ, ես սիրում եմ երազել, կշտամբեցի ինքս ինձ. գողտրիկ զգացմունքները այդքան շուտ չեն տարբերվում: Ես թեպետ այդ չեմ փորձել, բայց այդպես ասում են փորձառու գլուխները:

Այս պատճառաբանությամբ ես հեռացրի իմ գլխից սիրված լինելու ցնորքը. բայց մի միտք իմ զգացման անբռնաբարելի սեփականությունն էր, և ես նրա ճշմարտության հասու լինելու համար փորձառու գլուխների չպետք է դիմեի: Սիրո ՞ւմ էի ես Մարգարիտային թե ոչ. այդ ինձ ասում էր իմ սիրտը, այդ շշնջում էր ինձ իմ հոգին… Այո՞, ես անտարբեր չէի դեպի մանկամարդ գեղեցկուհին և ես զգում էի, որ աներևույթ. վերքը արդեն մրմնջում էր իմ կրծքի տակ… Բայց մի՞թե դա էր սերը: Ճշմարիտը խոստովանած, ես դեռ չգիտեի: Ես միայն կարդացել էի սիրո մասին և սերը դեռ իդեալ էր ինձ համար, այսինքն մի բան, որին ամենայն մահկանացու չէր կարող հասնել: Եվ մի՞թե իմ սիրտը կարող էր լինել այն արժանավոր անդաստանը, ուր փթթում է սիրո սրբազան ծաղիկը…

Ես կասկածում էի: Բայց ավա՛ղ, ինչպե՛ս ողորմելի են մարդիկները: Այնտեղ, ուր բնության բարերար ձեռքն է ստեղծագործում, նրանք աստվածային զորությանց հետքեր են որոնում… Գերբնականին հպատակելու անհագ ցանկությունը՝ ստեղծում է նրանց երևակայության մեջ գերմարդկային զորություններ, և այդ չեղած զորությանց առաջ մարդիկ զոհում են, ծնրադրում են ինքնակամ…

Բայց այս անգամ ես համոզվեցա, որ սերը իմանալյաց աշխարհում չէ թափառում, երկու կրակոտ հայացք, և նա վառվում է ամեն մի զգայուն և անբիծ սրտի մեջ, նույնիսկ մեր մեղապարտ երկրի վերա:

Ուրեմն ես սիրում էի. այդ հաստատ էր: Երկար մտատանջության հարկ չէր մնում: Ես դադարեցի:

Գիշերից բավական ժամեր անցել էին: Լուսինը վաղուց արդեն յուր եղջյուրը հեռացրել էր իմ պատուհանից և խավարը տիրում էր սենյակիս մեջ: Հոգվով և մարմնով վաստակաբեկ, ես ընկա վերջապես իմ մահճակալի վերա, և շուտով անուշարար քունը փակեց իմ ծանրացած արտևանունքները:

ԵՍ ՍԽԱԼՎԱԾ ԷԻ

Հետևյալ առավոտը էլ ինձ ուրիշ բան չէր զբաղեցնում: Ես սպասում էի իմ թանկագին այցելուին: Ո՞ր ժամին կգար նա, ես չգիտեի: Այդպիսի դիպվածում սպասելը անտանելի է. ժամերը օրերի պես են անցնում, և ձանձրույթը վայրկյաններով աճում է: Ժամանակս սպանելու համար ձեռքս առի մի լրագիր, որը դեռ նոր էր ստացվել:

Բայց ավա՛ղ, մի հոդվածի խորագիրը միայն կարդալ կարողացի: Մտքերս իսկույն ցրվում էին, և ես մի բան հասկանալու համար նրանց չէի կարողանում ամփոփել: Լրագիրը ձգեցի սեղանի վերա և ինքս ինձ մտածում էի. – Դեռ երրորդ օրը չէր անցել, ինչ որ ես իմ քրոջ տանն եմ: Որպիսի տանջանոք, որչա՛փ անձկությամբ շտապում էի հասնել այստեղ, ինչպե՞ս ծանր էին անցնում ինձ համար քրոջս ինձանից բաժանող ժամերը: Ես եկա. և այս երրրրդ օրն է, ինչ որ գտնվում եմ նրա մոտ, բայց ես արդեն դադարում եմ նրա մասին մտածելուց…

Ինձ ուրիշ մտքեր են զբաղեցնում. մի օտար աղջկա հայացքը, նրա արտասանած մի քանի բառերը տիրում են այժմ իմ բոլոր գոյությանը, իմ ուղեղի և սրտի վերա…

Ինչով բացատրել այս գաղտնիքը, եթե ոչ խոստովանելով բնական օրինաց զորությունը, որի առաջ մարդկային հանճարը խոնարհեցնում է յուր երբեմն ապստամբ դրոշակը…

Ժամը տասը և մեկը զարկավ, ո՞չ ոք չԷր երևում: Իմ անհանգստությունը սկսավ կրկնապատկվիլ: Ես մերք դուրս էի գալիս պատշգամբ, մերք իջնում էի փողոց, և ամեն անգամ էլ երկար աչքս տնկում դեպի այն կողմը, որտեղից պետք է երևար Մարգարիտան:

– Մի՞թե նա կարող էր այսքան ուշանալ, գուցե նրան մի դժբախտություն է պատահել, – դառնալով քրոջս մոտ, հարցրի նրանից:

Նա ուղիղ ժամը տասներկուսին կգա, անհոգ եղիր. այստեղ այդ ժամերումն են այցելություն գնում, – միամտացրեց ինձ քույրս և ապա դառնալով նայեց իմ աչքերին և ուրախ-ուրախ ծիծաղեց:

– Ինչո՞ւ համար ես ծիծաղում, – հարցրի ես:

– Նրա համար՝ որ տեսնում եմ, թե Մարգարիտան քեզ շատ է գրավել, և դու նրա մասին շատ ես հոգում: Տեսնո՞ւմ ես, – ավելացրեց նա, – մեր քաղաքը այդպես է հափշտակում երիտասարդ տղաների խելքն ու միտքը, մանավանդ երբ նրանք քեզ նման անփորձ են:

– Բնավ, մի՞թե դու կարծում ես, թե ես նրանով շատ եմ հետաքրքրվում, ես միայն մեքենայաբար խոսեցի նրա մասին,

Այս խոսքերով ես կամեցա խույս տալ իմ քրոջ սրատեսությունից, բայց իմ շառագունելս մատնում էր նրան իմ սրտի գաղնիքը…

Վերջապես օր. Մարգարիտան եկավ յուր մոր հետ միասին, ես մինչև փողոց գնացի նրանց դիմավորելու: Օրիորդը նույնչափ ուրախ էր երևում յուր այցելությամբ, որչափ և ես նրան տեսնելով: Հասնելով տուն սկսանք մեր սիրալիր բարեկամության փոխադարձ խոստովանությունները: Մի օրվա տեսակցությունը այնչափ էր մեզ մոտեցրել միմյանց, որ տիկին Լուսինյանը ինչպես յուր ամենամոտ հարազատի հետ էր խոսում ինձ հետ, ծիծաղում և կատակներ անում: Այս հանգամանքը ինձ ներքին ուրախություն էր պատճառում և ես տեսնում էի, որ Մարգարիտան նույնպես բաժանում էր միևնույն զգացմունքը: Նա առհասարակ շատ քիչ էր խառնվում ընդհանուր խոսակցության մեջ, բայց յուր գեղեցիկ աչքերը անընդհատ սևեռում էր ինձ վերա, և ես նրանց մեջ այս անգամ պարզ կարդում էի յուր գողտրիկ զգացմունքը արտահայտող շատ մի խոսքեր:

Սուրճ առնելուց հետ մենք բոլորս միասին պիտի գնայինք քաղաքային այգին, որը թեպետ շատ մոտ էր իմ քրոջ տանից, բայց ես դեռ չէի տեսել:

Օրը կյուրակե լինելով ամբողջ քաղաքը գրեթե հավաքված էր այդտեղ: Երիտասարդ տիկնանց և օրիորդների բազմությունը մանավանդ աչքի ընկնելու չափ մեծ էր: Քույրս, որ արդեն խելամուտ էր իմ զգացմունքներին, չնայելով, որ ես նրան այդ մասին ոչինչ չէի խոսացել, դիտմամբ կամեցավ Մարգարիտայի հետ ինձ միայնակ թողնել, ուստի տիկին Լուսինյանին վերցնելով առաջ անցավ: Շուտով նրանք խառնվեցան իրենց ծանոթ մի խմբակի հետ և շրջեցան մի ուրիշ կողմ: Մենք մնացինք միայն, և կամաց-կամաց առաջ էինք գալիս: Երբ մտանք մի նեղ ճեմելիք, ուր մեզանից զատ ոչ ոք չէր զբոսնում, Մարգարիտան սկսավ խոսիլ:

– Ես չեմ սիրում զբոսնել այստեղ տոն օրերը, – ասաց նա, – մարդիկների խառնիճաղանճ անցուդարձը ինձ նեղացնում է:

– Երևի դուք միայնություն շատ եք սիրում, – հարցրի ես:

– Օ՛, ամեն բան կզոհեի՝ եթե թույլ տային ինձ միշտ միայնակ մնալու: Ես սիրում եմ միայնությունը, սիրում եմ երբ ոչ ոք չէ խանգարում իմ մենավոր մտածմունքները:

– Մի՞թե այդպիսի ժամանակ ամեն ընկերություն անտանելի է ձեզ համար:

– Գրեթե ամեն ընկերություն:

– Եթե մինչև անգամ գտնվեր մեկը, որ կարողանար բաժանել ձեր գաղափարները, ձեր համոզմունքները և վերջապես ձեր զգացմունքները…

Այս խոսքի վերա Մարգարիտան շրջեց երեսը, խորհրդավոր կերպով նայեց ինձ և եռանդով պատասխանեց,

– Ես մինչև այսօր այդպիսի ընկեր չեմ ունեցել. ես ծարավ եմ այդ տեսակի հոգիների ընկերակցության: Բոլոր շրջաններում, ուր որ մի անգամ ես ոտք եմ դրել, դատարկություն և ամայություն է տիրում: Այստեղ ես պետք է աղջիկներից ընտրեի իմ գաղափարակիցը և մտերիմը. բայց ավաղ, դատարկությունը ավելի նրանց մեջ է զգալի. նրրանք կամ ինձ չեն հասկանում և կամ ծաղրում են…

– Եթե դուք գտնեք այդ ընկերությունը մի երիտասարդի մեջ, որ ընդունակ լիներ ձեզ հասկանալու, դուք կմերժեի՞ք նրան ձեր ընկերակցությունը, – հարցրի ես ժպտալով:

– Ինձ համար միևնույն է. ես չեմ խորշում մարդիկներից, – պատասխանեց նա սառնությամբ: – Դուք անշուշտ հիշում եք, որ ես երեկ առաջարկեցի ձեզ հաճախել մեզ մոտ: Իմ միտքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լցնել իմ սրտի դատարկությունը մի մարդու ընկերակցությամբ, որ կարող էր հասկանալ ինձ: Ես այդպիսիներին որոնում եմ, ինչպես մի մարդ, որ չէ կամենում ամայության մեջ խեղդվել: Եվ հավատացեք, որ եթե ես չգտնեի ձեր մեջ իմ որոնած բարեմասնությունները, ես իսկույն կհեռանայի, թողնելով ձեզ՝ միայն ինձ ծանոթ լինելու իրավունքը:

Այստեղ ես մնացել էի շվարած, իմ ուղեղը էլ չէր գործում: Երեկոյան այդ աղջկա մասին իմ ունեցած ցնորքների տպավորությունը անհետացավ և նույնիսկ այս առավոտ նրա մասին երազներս պղպջակների պես ցնցվեցան օդի մեջ: «Ես այս աղջկան չկարողացա ճանաչել, ես միայն երազում էի», մտածեցի ինքս ինձ և սկսա ամաչել: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ մի աղջկա ներկայությունը ճնշում էր իմ հոգին: «Բայց պետք է ավելի որոշ դրության մեջ դնել գործը», մտածեցի ես երիտասարդներին հատուկ հանդգնությամբ և նկատեցի.

– Դուք շատ խիստ եք, օրիորդ, ամեն մարդ օժտված չէ լինում կատարյալ բարեմասնություններով, և եթե ամենքի մեջ ձեր ցանկացածը որոնեիք, դուք միշտ դատարկաձեռն կմնայիք և ամայությունը հավիտյան ձեզ կշրջապատեր: Ես ինքս օրինակ հոժարությամբ խույս կտայի ձեր բծախնդրությունից, եթե դուք չշատանայիք այսքանով, ինչքան ես կարող եմ նվիրաբերել ձեր բարեկամությանը: Ինչպես նյութական նույնպես և հոգեկան հարստությունը սահմանավոր է, մարդկանց տենչանքն է միայն` որ սահման չունի: Ի՞նչ իրավունքով դուք պիտի մերժեք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես նրան կամենում եմ վաստակել իմ սահմանափակ ընդունակություններով: Չէ՞ որ զոհաբերությանց մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերությանց ժամանակ հաշվի է առնվում նվիրողի սիրտը, քան թե նվերի արժանավորությունը:

Մարգարիտան սկսավ ծիծաղել: Ես ավելի սիրտ առնելով նրա ուրախ տրամադրությունից, հարցրի.

– Ի՞նչ, մի՞թե դուք կմերժեիք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենայի գնել նրան ամենաանկեղծ սիրո գնով, եթե ես նրա համար նվիրեի ձեզ իմ սիրտը ամբողջապես:

Օրիորդի դեմքը մռայլվեցավ.

– Սիրո և սրտի վերա խոսելուց ես միշտ հրաժարվում եմ, – ասաց նա թույլ ձայնով, – որովհետև դեռ ապացուցված չէ, թե որոնք կարող են սիրել և որոնք սիրտ ունին:

Այս ասելով նա շրջվեցավ դեպի ընդհանուր ճեմելիքը և առանց մի ուրիշ բառ արտասանելու մոտեցավ այն խմբակին, որի մեջ գտնվում էին յուր մայրը և քույրս:

Ես, իհարկե, հետևեցի նրան. բայց փշրված հույսերով և բեկված սրտով:

Այգիից դուրս գալուց հետ՝ ես հույս ունեի, որ նրանք կգային մեզ մոտ ճաշելու և ես դեռ ժամանակ կունենայի Մարգարիտայից բացատրություններ խնդրելու, բայց որքան մեծ եղավ իմ տխրությունը, որ նրանք մերժեցին մեր խնդիրը, պատճառ բռնելով մի երկու օտարական հյուրերին, որոնք այդ օրը իրենց մոտ պիտի ճաշեին:

Մնաս բարևի ժամանակ տիկինը խնդրեց, որ ես անպատճառ իրենց տուն գնամ նույն օրը կամ վաղը:

– Նույնը խնդրում եմ և ես, – ասաց Մարգարիտան, և մենք բաժանվեցինք միմյանցից այնպես սառը կերպով, որ կարծես մի մեծ կռիվ էր տեղի ունեցել մեր մեջ:

Տիկինը և քույրս չնկատեցին, իհարկե, այս տարօրինակ հանգամանքը:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Մարգարիտայից բաժանվելուց հետո ինձ մեծ զգուշություն էր հարկավոր վրդովմունքը քրոջիցս ծածկելու համար, մանավանդ որ նա անտեղյակ չէր իմ հոգեկան մոլորությանը, ինչպես ասում են հին մարդիկները: Ճանապարհին արդարև նա ոչինչ փոփոխություն չկարողացավ նշմարել ինձ վերա, բայց տան մեջ իմ մտախոհ կերպարանքը տեսնելով անհանգստացավ:

– Ի՞նչ է պատահել քեզ, – հարցրեց նա, – դու չափից դուրս տխուր ես:

– Ես մի փոքր հիվանդ եմ զգում ինձ, – ասացի, – գլուխս ցավում է:

Բայց կարծես նա հասկանում էր, որ ես խաբում եմ իրեն:

– Ոչինչ, դա շուտով կանցնի, – նկատեց նա, – միայն դու ինձ այն ասա, ի՞նչ խոսացիք Մարգարիտայի հետ. ձեր բարեկամությունը հաստատվեցա՞վ, թե՞ ոչ:

– Ի՞նչ բարեկամություն, ես քեզ չեմ հասկանում, – զարմացում կեղծելով՝ հարցրի ես:

– Դու ինձ չե՞ս հասկանում, – ժպտալով հարցրավ նա ինձ և ծիծաղկոտ աչքերով սկսավ նայել ինձ վերա:

Ես երկար կեղծել չկարողացա, ես նույնպես ժպտացի. և այդ ժպիտը ամեն բան խոստովանեց: Բայց քույրս կամենալով քնքշությամբ քերել այդ հարցը, ուրիշ բանի վերա դարձրեց յուր խոսքը, և մի քանի կցկտուր պատասխաններ տալուց հետո առանձնացա տան դեպի ծովը նայող պատշգամը:

Սիրտս խռովյալ ծովի պես ալեկոծում էր, ես ոչ մի տեղ հանգստություն չէի կարողանում գտնել: Ամբողջ ժամերով անց ու դարձ արի պատշգամի վերա:

«Ի՞նչ արավ ինձ հետ այս աղջիկը, – մտածում էի ինքս ինձ, – ես նրան չէի պտրտում, բայց ինքը ստիպեց ինձ այդ անելու: Նրա հայացքները, նրա ժպիտը, նրա քնքշությունները դեպի ինձ և վերջապես նրա մտերմական խոսակցությունները‘ ինձ իրավունք Էին տալիս կարծելու, որ այդ աղջիկը բաժանում է այն զգացումը, որը յուր կախարդող հայացքները բորբոքել էին իմ մեջ: Ես հետևեցի իմ հոգվո թելադրությանը: Ես անկեղծ եղա: Բայց, տեր աստվա՛ծ, որպիսի սառնությամբ խոսեց նա ինձ հետ. որպիսի՜ արհամարհանքով ընդունեց իմ խոսքերը, երբ ես նրան սիրո և սրտի նվիրման համար խոսեցի: Իհարկե ավելիին ես արժանի չէի: Որովհետև հանդգնել էի ինձ անծանոթ բնավորության վերա իշխելու: Եվ արդարև ի՞նչ բան է կինը, եթե ոչ մի հանելուկ, որին լուծելու համար իզուր վաստակում է խելքը: Եվ հենց այդ ժամանակ երբ գիտնական գլուխը զբաղված է նախ նրան ուսումնասիրելու և ապա թե լուծելու դժվարին խնդրով, հիմարներից մինը արդեն այդ անելուկը ամենադյուրին ճանապարհով լուծած վերջացրած է լինում: Այդպիսի դեպքում գիտնական գլխին միայն մի մխիթարություն է մնում, այն է՝ ծիծաղել յուր վերա»:

Եվ այսպես ես չարաչար սխալված էի իմ հաշվի մեջ. իմ հուսախաբությունը ինձ հանգստություն չէր տալիս: Երբեմն ես վճռում էի այլևս չտեսնվել Մարգարիտայի հետ, մոռանալ նրան, իբրև մի անծանոթի և երբեմն մտադրվում էի վազել նրա տունը և բացատրություններ խնդրել յուր վարմունքի համար: Այսուամենայնիվ երկու դիպվածումն էլ ինձ թույլ և անկարող էի գտնում:

Բայց մի միտք հանկարծ ուրախացրեց ինձ: Այդ երեկո քաղաքի ժողովարանում պարահանդես կար, և Մարգարիտան գուցե այդտեղ լիներ: Մտածեցի անպատճառ ներկա լինել հանդեսին և այնտեղ թե՞ վերջավորել մեր ընդհատված խոսակցությունը և թե՞ բացատրություններ առնել նրանից յուր տարօրինակ վարմունքի համար:

Այդ հուսով ես դիմեցի քրոջս հարցնելու, թե արդյոք պարահանդես կգա՞ր Մարգարիտան թե ոչ: Եվ երբ նա ինձ միամտացրեց, որ նա անպատճառ այնտեղ կլինի.

– Թեպետ Մարգարիտան շատ չէ սիրում պարահանդեսներ, բայց նրա մայրը միշտ տանում է նրան, որպեսզի տանը տխուր չնստի, – ասաց ինձ քույրս:

Ես ուրախությամբ վերադարձա իմ պատշգամս և սկսա երգելով անցնել մնացորդ ժամերը, մինչև որ ճաշի կհրավիրեին ինձ:

Ցանկալի երեկոն թեպետ մի փոքր ուշ, այսուամենայնիվ հասավ: Ես, քույրս և փեսաս հագնվեցանք, սարքվեցանք և դիմեցինք քաղաքի ժողովարանը, որը գտնվում էր քաղաքային այգվո մի ծայրում, գրեթե ծովափի վերա:

Գեղեցիկ և զով գիշեր էր. լուսնի եղջյուրը լուսավորում էր այգին յուր աղոտ և խորհրդավոր լուսով: Դեպի ժողովարան տանող ճանապարհի վերա միայն վառվում էին մի քանի լապտերներ, որոնք ծառայում էին ավելի ամառային գիշերի գեղեցիկ ներդաշնակությունը խանգարելուն: Երբ մենք մտանք այգին, երաժշտությունը արդեն թնդում էր նրա մի ծայրում; «Երևի պարերը սկսված են» մտածեցի ես, և զարմացա, որ այդքան շուտ են սկսում այստեղ պարերը:

Վերջապես մոտեցանք ժողովարանին: Նա ներսից և դրսից աչք շլացնելու չափ լուսավորված էր: Մեծ և լայն պատուհաններից արդեն նշմարվում էր ալեկոծյալ բազմությունը յուր խայտաբղետ շարժումներով:

Մենք ներս մտանք: Հյուրերը վալս Էին պարում: Գեղեցիկ տիկիններ, նորատի օրիորդներ, պճնված նորագույն տարազով և կպած քնքշասեր ասպետների կրծքին, անընդհատ թրթռում և պտույտներ Էին անում ընդարձակ դահլիճի մեջ, քարշ տալով իրենց ետևից շրջազգեստների հարուստ և փառահեղ տուտերը և տոգորելով ամբողջ սրահի օդը իրենց պաճուճանքների անուշահոտությանց բուրմունքով: Պարերի այդ արագաշարժ թռույցքներով նրանք նմանում էին գեղեցիկ նայադների խմբին, որոնք ծաղկեպսակ և սիրաժպիտ, խաղալով զեփյուռների հետ, դիմավորում են գարնան:

Տեսարանը գեղեցիկ և գրավիչ էր: Բայց գրկախառնյալ վալսը ինձ վերա լավ տպավորություն չարավ: Պարող զույգերի մեջ ես պտրտում էի Մարգարիտային նախանձահույզ աչքերով: Ես կամենում էի տեսնել թե առավոտյան լրջամիտ և սեր ու սիրտ արհամարհող օրիորդը ինչպես է զվարճանում այս խառնիճաղանճ ամբոխի մեջ և որ ավելին է՝ թե նա ինչ ասպետի հետ է գրկախառնված:

Բայց իզուր էի ես սպասում: Մարգարիտան չերևաց պարողների մեջ: Այս հանգամանքը թեպետ մի կողմից ներքին ուրախություն պատճառեց ինձ, բայց մյուս կողմից էլ տխրեցրեց, որովհետև դահլիճի և ոչ մի խմբակի մեջ չտեսի նրան:

– Մարգարիտան այստեղ չէ, – ասացի քրոջս, – դու ինձ սխալեցրիր:

– Անցիր հանդիպակաց դռնով, մտիր երրորդ սենյակը, նա անշուշտ ընթերցարանում կլինի, – ծիծաղելով պատասխանեց քույրս:

Ես գնացի դեպի նշանակյալ սենյակը, և, ո՛վ զարմանք. Մարգարիտան նստած էր այդտեղ մեն մենակ և լրագիր էր կարդում: Դահլիճի մեջ թնդացող երաժշտությունը, պարողների ուրախ և զվարթ ձայները, յուր շրջապատում տիրապետող անսովոր շարժումը կարծես նրա վերա ոչինչ ազդեցություն չէին անում, նա խորասուզված յուր ընթերցանության մեջ մինչև անգամ իմ յուր մոտ մտնելս էլ չիմացավ:

Երկար ես նայում էի նրան, նայում էի և հիանում: Կանթեղի լույսը ընկել էր նրա վերա և կիսով չափ լուսավորել նրա դեմքը, այնպես որ մյուս կեսը մնում էր ստվերի մեջ: Այս դրությամբ նրա պրոֆիլը նմանում էր մի գեղեցիկ մարմարիոնե արձանի, որով հանճարեղ քանդակագործը պատկերացնում է մարդկության բարերար աստվածուհիներից մինին այն վայրկյանում, երբ նա մոլորյալ հոգիների հանցանաց գիրքը քրքրելով՝ ճգնում է գտնել իրավունքի մի ճանապարհ, որով նրանց անիրավ ճակատագիրը ջնջել կարողանա:

«Ահա՛ այն կինը, որին ես երազում էի» մտածեցի ինքս ինձ. և հուշիկ մոտեցա գեղեցիկ օրիորդին: Նա գլուխը վեր բարձրացրեց և ժպտաց:

– Դուք չե՞ք բարկանում, որ ես խանգարում եմ ձեր մենավոր զբաղմունքը, – ասացի ես պարզելով ձեռքս դեպի նրան:

– Բոլորովին ո՛չ, – պատասխանեց նա և քնքշաբար սեղմեց իմ ձեռքը:

– Այս անգամ ես դարձյալ անորոշ գաղափար ունիմ ձեր մասին, օրիորդ, դուք ինձ և՛ հիացնում, և՛ զարմացնում եք…

– Հիացումը թողեք, – ընդհատեց նա, – զարմացման մասին խոսեցեք: Ինչո՞ւ համար եք զարմանում:

– Եվ մի՞թե դուք դեռ կարոտում եք իմ բացատրությանը: Տեսնում եք, այստեղ պարահանդես է. երաժշտություն է որոտում, ձեր սեռի ներկայացուցիչները նախանձ են բերում աստվածուհիներին, ասպետները նրանց հաճոյանալու համար շահատակում են աջ ու ձախ, ամեն տեղ ուրախություն, ամեն կողմ հրճվանք… և դուք ի՞նչ եք անում, աստվա՛ծ իմ, դուք միանձնուհվո դեր եք կատարում այստեղ:

Այս խոսքի վերա Մարգարիտան մեղմով ժպտաց և շարժեց գլուխը:

– Ահա՞ թե ինչու համար ես միայնակ էի մինչև այսօր և միայնակ պիտի մնամ երևի մինչև վերջը, – խոսեց նա տխրությամբ: – Դուք էլ նույնն եք անում ինձ, ինչ որ ուրիշ շատերը: Ցավալի է: Մինչև այսօր լսած քարոզներս ինձ վերա տխուր տպավորություն չեն արել. ես ներել եմ բոլորին, բայց ձեր խոսածները այդ տպավորությունը արին: Որովհետև ես սպասում էի ձեզանից ավելին, ես սպասում էի, որ դուք ուրիշներին չնմանեք, բայց երևի ես եմ մոլորվածը և ես պետք է զիջանեմ իմ քարոզներին…

– Մի՞թե դուք վշտացաք իմ խոսքերից, օրիորդ, – հարցրի ես անհանգստությամբ:

– Այո՛ , ես վշտացա. դուք իմ վարմունքը տարօրինակ եք գտնում, որովհետև ես պարահանդեսը թողած ընթերցանությամբ եմ ժամանակ անցկացնում, որովհետև ես ասպետների գրկերից փախչելով՝ այստեղ միանձնուհվո դեր եմ կատարում… Այո,՞ պարոն, այդ խոսքերով դուք ինձ վիրավորում եք… Բայց ինչ որ ես անում եմ, գիտակցաբար և խոր համոզմունքով եմ անում: Ճշմարիտ է, ես այս րոպեին նստած եմ միևնույն տանը, ուր երաժշտությունը որոտում և պարերը պտտվում են: Բայց այստեղ ինձ բերել է իմ մայրը. ես չեմ կարողանում ընդդիմանալ նրա թախանձանացը: Նա կամենում է ինձ զոռով զվարճացնել, և ես հնազանդվում եմ նրա մայրական խանդակաթ սիրտը չվիրավորելու համար: Քանի որ նա ինձ գաղափարակից չէ, ես ճնշում եմ իմ սիրտը, որպեսզի նա հավատալով, թե ինձ ուրախացնում է, ինքը ևս ուրախանա, ապա թե ոչ պարահանդեսները ինձ զվարճություն չեն պատճառում, այն զբոսանքները, որոնց մեջ կինը միայն հաճության աղջիկն է, ես ատելով ատում եմ. ես կամենում եմ, որ իմ սեռը հարգված մնա գոնե իմ մեջ… Եվ վերջապես ի՞նչ զվարճություն կարող է պատճառել ինձ այդ րոպեական խելագարությունը, եթե նա մինչև անգամ նույն ինքը երջանկությունը լիներ:

– Իմ խոսածներս կատակ էին, օրիո՞րդ, – պատասխանեցի ես, – այս րոպեին դուք իմ համոզմանց և զգացմանց թարգման եք հանդիսանում, և ես չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ խորին և անկեղծ հարգանքը դեպի ձեզ: Այն մտքերը, որոնք ինձ զբաղեցրել են մինչև այսօր, ես ձեր մեջ իրացած եմ տեսնում, հենց այդ պատճառով էլ ես ինձ երջանիկ եմ զգում ձեր առաջ:

– Դուք համակրո՞ւմ եք իմ գաղափարներին, դուք ինձ չե՞ք խաբում ոգևորված հարցրեց Մարգարիտան:

– Ես չեմ երդվում, օրիորդ, բայց խոսում եմ ազնվաբար և անկեղծությամբ, դուք մինչև անգամ կարող եք ինձ չհավատալ, բայց դա ինձ չի վշտացնիլ, դուք արդեն ինձ վարձատրել եք ձեր համոզմունքների անկեղծ արտահայտությամբ:

– Տվեք ինձ ձեր աջը, ես ձեզ հավատում եմ, – ասաց նա ոգևորությամբ և սեղմեց իմ ձեռքը ի նշան վստահության:

Եվ ապա աթոռից բարձրանալով ավելացրեց.

– Այսուամենայնիվ, մենք կարող ենք մի փոքր ավելի օգուտ քաղել մեր հանդիպումից, գնանք շրջելու մյուս կողմերը:

– Դուք կամենում եք դահլիճը մտնել, – հարցրի ես:

– Ոչ, դուրս գնանք այգին, – պատասխանեց նա, – և մենք կողմնակի սանդուղքներից իջնելով մտանք մի փոքրիկ ծառուղի, որը ընկած էր ծովափի երկարությամբ:

Լուսինը արդեն բարձրացել էր երկնակամարի վերա: Գիշերային մեղմ հովի առաջ հուշիկ շարժվում էին ծառերը և թփիկները և նրանց ոստերի գետնի վերա թողած ստվերները անընդհատ խաղում էին միմյանց հետ: Ծովը խաղաղ էր և նրա լայնատարած մակերևույթը այդ րոպեին մուգ արծաթի գույն էր առել լուսնի առաջ: Փոքրիկ ալիքները մերթ ծփալով խաղում էին նրա երեսին և մերթ հովից մղվելով գալիս կոծում էին ափի ավազուտը:

– Այստեղ շատ գեղեցիկ է, մենք կարող ենք մի փոքր ազատ զբոսնել, – ասաց Մարգարիտան, մտնելով փոքրիկ ծառուղիի մեջ:

– Իսկ մայրդ անհանգիստ չի՞ լինի, օրիորդ, – հարցրի ես, – մենք նրան չհայտնեցինք ձեր այստեղ լինելը:

– Ավելորդ է, մինչև պարահանդեսի վերջը նա ինձ չի պտրտիլ: Նա գիտե իմ բնությունս և կկարծե, որ ընթերցարանումն եմ:

Ես ոչինչ չպատասխանեցի, և մենք սկսանք մի քանի վայրկյան լուռ զբոսնել: Հետո նա ինքը լռությունը ընդհատեց հարցնելով.

– Դուք հիշո՞ւմ եք այս ավուր մեր խոսակցությունը:

– Այո՞ , հիշում եմ, – պատասխանեցի, – ես հիշում եմ մինչև անգամ, թե ո՞ր տեղումը ընդհատվեցավ այդ խոսակցությունը:

– Այնտե՛ղ, որտեղ դուք սիրո և սրտի նվիրման վերա էիք խոսում, – հարցրեց Մարգարիտան ժպտալով:

– Եվ որտեղ դուք ձեր անվստահ նկատողություններով իմ հույսերը փշրեցիք, – ավելացրի ես:

– Հույսե՛ր, – զարմացման եղանակով բացականչեց Մարգարիտան, – ի՞նչ հույսեր ունեիք դուք:

– Օրիորդ, թո՛ւյլ տվեք ինձ անկեղծ լինել, թույլ տվեք որ ես կամ երազներից սթափվիմ և կամ իսկական երջանկությունը ճանաչեմ, ես տանջվում եմ…

– Ես ձեզ չեմ հասկանում, – երկյուղած ձայնով խոսաց Մարգարիտան, – դուք կարող եք անկեղծ լինել:

– Շնորհակալ եմ, օրիորդ, ուրեմն լսեցեք ինձ: Այս երրորդ օրն է, ինչ որ ես այս քաղաքի մեջ եմ գտնվում, և այն րոպեից ի վեր, երբ դուք նավահանգստում ձեր առաջին հայացքը ձգեցիք ինձ վերա, իմ միտքը էլ ուրիշ ոչնչով չէ զբաղվում, ձեր այդ հայացքը ինձ հալածում է ամեն տեղ… Երեկ իսկ ձեր այգում դուք կրկնեցիք այդ հայացքը ձեր կենացի ժամանակ, և նույն րոպեին իմ ոսկորների մեջ սարսուռ ընկավ, երեկվանից սկսած անհանգստությունը ճնշում է իմ հոգին, ես զգում եմ որ մի անսովոր կրակ այրվում է այստեղ, իմ կրծքի տակ… Ես մինչև այսօր չեմ սիրել, բայց զգում եմ որ սիրում եմ ձեզ, օրիորդ, դուք պետք է անողոք չլինեիք…

Այս խոսքերը արտասանելու ժամանակ ես չգիտեմ ինչպես էր պատահել, որ նրա ձեռքը ես սեղմում էի իմինի մեջ. բայց նա, որ մինչև այն համբերությամբ լսում էր իմ խոստովանությունը, հետ քաշեց յուր ձեռքը և մեղմով պատասխանեց.

– Ես երբեք չեմ շտապում. մի՞ պահանջեք ինձանից այն, ինչ որ ես չեմ կարող ձեզ տալ առանց կատարյալ վստահության: Իմ բոլոր ձեռնարկությանց մեջ ինձ առաջնորդում են՝ իմ գիտակցությունը և համոզմունքը: Ապացույցներն անգամ արժեք չունին իմ առաջ, որովհետև նրանց ամեն գնով և ամեն տեղ կարելի է ձեռք բերել:

– Դուք շատ խիստ եք, օրիո՞րդ, – բացականչեցի ես – հավատացե՞ք, որ երբեք չէի հանդգնիլ մոտենալ ձեզ, եթե չզգայի իմ մեջ բավական ուժ ձեր բոլորանվեր ջերմեռանդությամբ պաշտելու համար… բայց և այնպես ես չեմ կամենում ձեր սերը մուրանալ, որովհետև երբեք չէի հոժարիլ, որ մի մուրացողին պատկաներ ձեր սիրտը, որին ես այնքան մեծագին եմ դավանում:

– Դուք կարող եք իշխել այդ սրտի վերա, եթե կամենաք, – հակիրճ պատասխանեց Մարգարիտան և իմ ձեռքս ամուր սեղմելով հեռացավ: Ես ուրախությունից մի վայրկյան անզգայացա: Երբ դիմեցի պարահանդեսի դահլիճը, նա արդեն խառնվել էր օրիորդների խմբի մեջ:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 | Следующая
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации