Электронная библиотека » Մուրացան » » онлайн чтение - страница 8

Текст книги "Պատմվածքներ"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:10


Автор книги: Մուրացան


Жанр: Современная зарубежная литература, Современная проза


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 8 (всего у книги 25 страниц) [доступный отрывок для чтения: 8 страниц]

Шрифт:
- 100% +
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՆԱՄԱԿԱԼ

Հետևյալ առավոտը Մարգարիտայի աղախինը եկավ մեր տուն: Սա մի երիտասարդ աղջիկ էր, բարի և համակրական դեմքով: Մտնելով սենյակը նա հանձնեց ինձ մի նամակ, ավելացնելով, որ յուր տիրուհին խնդրել էր ինձ գնալ իրենց մոտ: Ես շտապով ծրարը բացի, նրա մեջ օրիորդը ներփակել էր հետևյալ տողերը.

«Հարգելի բարեկամ.

Ես մոռացա մի քանի տեղեկություններ հաղորդելու ձեզ: Այսօր ևեթ անհրաժեշտ է, որ իմ սխալը ուղղեմ: Նամակս ստանալուն պես բարեհաճեցեք շնորհ բերել մեզ մոտ: Ձեր ուշանալը կարող է խանգարել իմ դիտավորությունը:

Ձեր աղախին՝

Մարգարիտա Լուսինյան¦:

Երբ նամակաբերը դուրս գնաց, քույրս հարցրեց.

– Ո՞վ է գրել այդ նամակը:

– Օրիորդը, – պատասխանեցի ես միամտաբար:

– Մարգարիտա՞ն, – զարմացմամբ բացականչեց նա, – չեմ կարող հավատալ:

– Մի՞թե այդ հանցանք է նրա համար, – նկատեցի ես: – Նա յուր մոր կողմից ինձ հրավիրում է, ի՞նչ զարմանալու բան կա այստեղ:

– Այսուամենայնիվ Մարգարիտան հեշտությամբ չէր ստորագրիլ այդ նամակին: Պետք է մտածել ուրեմն, որ նա չափազանց շատ է հարգում քեզ:

Ես հասկացա իմ քրոջ ակնարկությունը, բայց երկարելու ժամանակ չկար, ես պետք է շտապեի օրիորդի մոտ:

Մի քառորդ ժամից ետ կառքս դղրդալով կանգնեց Լուսինյանների տան առաջ: Օրիորդը ինձ դիմավորեց սանդուղքի վերա և առաջնորդեց իրենց ընդունարանը:

Սա միջին մեծությամբ մի սենյակ էր, կահավորված թավիշեպատ դիվանով և բազկաթոռներով, նրանց մեջտեղում հարուստ սփռոցով ծածկված սեղանի վերա հանգչում էր մի ճենապակյա շքեզ կանթեղ, մի քանի գեղեցիկ նկարներ ոսկեզօծ շրջանակներով զարդարում էին սենյակի պատերը, իսկ այդ բոլորի վերա իշխում էր Պիոս 9-րդի մեծադիր պատկերը, որը դրված էր արծաթյա գեղաքանդակ շրջանակի մեջ:

– Իմ ծնողները տանը չեն այսօր, – սկսեց խոսել Մարգարիտան: – Նրանք գնացին մեր այգին տեսնելու, այնտեղ մի ինչ-որ զանցառություն է գործվել մեր այգեպանի կողմից: Ես չկամեցա նրանց ընկերանալ, որովհետև անպատճառ ուզում էի ձեզ տեսնել: Ես գաղտնիքներ ունիմ ձեզ հայտնելու:

Այս ասելով Մարգարիտան նստեց դիվանի վերա և առաջարկեց ինձ ևս նստել յուր կողքին:

Ես հրաժարվեցի այդ պատվից և կամեցա նստել բազկաթոռի վերա, որովհետև գիտեի, թե որքան շատ է հարգում նա համեստությունը:

– Ոչ, այդ ես եմ խնդրում ձեզ, – նկատեց նա, – ես կամենում եմ, որ դուք այս անգամ ինձ մոտ նստեք:

Ես հնազանդվեցա:

– Այժմ լսեցեք իմ պատմությունը – ասաց նա և սկսավ կամացուկ ձայնով խոսել:

– Այսօր շատ առավոտանց մեր տան դուռը ծեծում են. ծնողներս դեռ քնած են: Ես վաղ էի զարթել, ո՞վ պետք է լինի՝ մտածում եմ, և ահա Մարի՛ն, իմ աղախինը, մի նամակ է բերում ինձ: «Սա պատեր-Սիմոնիցն է, – ասում է նա, – նամակ բերող ծառան պատվիրեց ինձ, որ անպատճառ աղային հանձնեմ»: Հասցեն կարդում եմ – հորս վերան է: Պետք էր ի՛հարկե հանձնել նրան: Բայց Մարիի այն խոսքը թե՝ «ծառան պատվիրեց անպատճառ հորս ձեռքը հանձնել նամակը» ինձ կասկածի մեջ գցեց: Երբեք ես այդ մարդուց բարիք չեմ սպասել, և հավատում էի, որ այդ նամակը չարիքից զատ ուրիշ ոչինչ չէ պարունակում յուր մեջ: Տխուր նախազգացումը ինձ անհանգստացնում է, և ես բանում եմ այդ նամակը – ահա՛ նա, կարդացեք:

«Սիրելի որդյա՞ կ, որքան էլ ես կամենայի չհեռացնել ձեր ընտանիքի վերայից իմ հսկողությունը, այսուամենայնիվ ես ամենայն տեղ նրան հետևել անկարող եմ. դուք էլ պետք է մասամբ օգնեք ինձ այդ գործում: Դուք շատ լավ գիտեք թե ես որքան եմ հոգում մանավանդ ձեր միամոր դստեր, իմ սիրելի Մարգարիտայի մասին, գիտեք, թե ինչպես դողում եմ նրա պատվի և անվան համար: Այսուամենայնիվ իմ Կլեմեսը (յուր սարկավագի անուն է) տեսել է, որ երեկ գիշեր նա զբոսնում է եղել քաղաքային այգվո մթին ծառուղիներից մինում ձեր նոր հերետիկոս բարեկամի – Արամ Բյուրատյանի հետ; Զգուշացե՞ք այդ երիտասարդից, աղաչում եմ, դուք կարող եք կորցնել ձեր աղջկանը: Այդ երիտասարդը այն հերետիկոս վարժապետից ավելի վտանգավոր է երևում իմ աչքում, զգուշացե՞ ք:

Սուրբ Տիրամոր նվաստ ծառա:

պատեր-Սիմոն»:

Երբ նամակը կարդացի մնացի շվարած: Նամակագրի չարախոսության նպատակը ինձ համար հասկանալի էր: Մարգարիտան սկսեց խոսել.

– «Դուք այս նամակից ոչինչ չեք հասկանում, այնպես չէ՞, բայց ես իսկույն ամեն բան կբացատրեմ ձեզ, լսեցեք:

Մի քանի տարի սրանից առաջ Սարատովից եկել էր մի երիտասարդ քահանա այստեղի կաթոլիկ հայերին հովվելու համար: Նրան անվանում էին պատեր-Պետրե: Եվ որովհետև այն ժամանակ այստեղի կաթոլիկների թիվը մեծ էր, ուստի նա մշտապես բնակվում էր այս քաղաքում: Երկու տարի շարունակ ես կարդում էի նրա մոտ իտալերեն և ֆրանսերեն լեզուներ: Վարժապետս գովում էր իմ ընդունակությունը և ծնողներս ամենայն տեղ պարծենում էին իմ ընդունակությամբ:

Բայց մի բախտավոր դիպվածով ես մի օր հասի այն գիտակցության, որ անհրաժեշտ էր ինձ համար սովորել և իմ մայրենի լեզուն: Դրա համար ես թախանձեցի շատ իմ ծնողներին, և նրանք ինձ համար վարձեցին մի հայագետ վարժապետ, որը յուր ընտանիքով ապրում էր այստեղ: Այս նորությունը պատեր-Պետրեին դուր չեկավ և իմ ծնողներին պատժելու համար հրաժարվեցավ ինձ իտալերեն և ֆրանսերեն լեզուները սովորեցնելուց: Այս բանը շատ վշտացրեց իմ ծնողներին, բայց ինձ ընդհակառակը մեծ ուրախություն պատճառեց:

Պ. Սերովբյանը (սա էր իմ վարժապետի անունը) մի ազնվասիրտ և զարգացած երիտասարդ էր. նա ամեն ջանք գործ դրավ իմ մտավոր ընդունակությունները ուղիղ ճանապարհով զարգացնելու: Երեք տարի շարունակ ես պարապում էի նրա մոտ:

Պատեր-Պետրեն հաճախ տեսնվում էր ինձ հետ զանազան շրջաններում, բայց հազիվ հաջողում էր նրան խոսել ինձ հետ: Ես միշտ խույս էի տալիս նրա քարոզներից: Մի օր վերջապես ես վեճի բռնվեցա նրա հետ ազգականներից մեկի տանը, հենց այն ժամանակ, երբ նա Հռովմի համաշխարհային իշխանության համար ստրուկներ էր որսում: Ես չկարողացա տանել նրա անարդար հայհոյանքները դեպի մեր լեզուն և կշտամբեցի նրան դառն հանդիմանություններով: «Մոլորյալ, – բացականչեց նա կատաղությամբ, – ես ցույց կտամ քո ծնողացը և վարժապետին, թե ում դեմ են զինում նրանք քեզ նման մի թշվառ արարածին: Ես կպատժեմ նրանց հերետիկոսությունը»:

Մյուս օրը պատեր-Պետրեն հեռացել էր այս քաղաքից, հասկացնելով տեղացի կաթոլիկներին թե՝ որովհետև Լուսինանները իրենց տան մեջ հերետիկոս և հերձվածող մարդիկներ են պահում, որոնք շուտով պիտի վարակեն սրբազան քահանայապետի սիրեցյալ հոտը և որովհետև ինքը անձեռնահաս է այդ հերետիկոսության սերմը արմատից խլելու, հետևապես հեռանում է այս քաղաքից‘ հերձվածողների շնչած օդը չծծելու և դրանով դժոխոց բաժին չդառնալու համար: Սրա հետ միասին նա սրբազան քահանայապետի անունով անիծել էր այն բոլորին, որոնք մեզ հետ հարաբերություն կունենային:

Պատեր-Պետրեի այս վարմունքը մեծ դժգոհությանց պատճառ դարձավ: Այս քաղաքի բոլոր կաթոլիկ-հայերը թշնամացան մեր ընտանիքի հետ և նրանցից շատերը մեզ հետ բնավ կենակցություն չանելու համար հեռացան այս քաղաքից:

«Մարգարիտա, դու ինձ կատարելապես կործանեցիր, ասում էր ինձ հաճախ իմ հայրը, դու իմ անպատվության պատճառ դարձար …»:

Ես ոչինչ չէի կարողանում խոսել, որովհետև նրան անհասկանալի և անմատչելի էին իմ գաղափարները:

Քիչ ժամանակից հետո այստեղ ժամանեց մեր այժմյան պատեր-Սիմոնը: Նա ավելի փորձված և ավելի ճարպիկ էր, քան թե յուր նախորդը: Տեղեկանալով գործի դրությանը, նա շտապեց հաշտեցնել մնացող ընտանիքներին մեր տան հետ: Բայց սկսեց անողոք հալածանք իմ խեղճ վարժապետի, այն ազնիվ և բարի Սերովբյանի դեմ՝ իբրև չարյաց սկզբնապատճառի: Ամեն տեսակ ստոր մատնություններ արավ նա նրա վերա, ամեն տեսակ կեղտ քսեց նրա երեսին, մինչև որ բոլոր քաղաքի մեջ խաղք խայտառակ շինելով յուր ընտանյաց հետ միասին արտաքսել տվավ այստեղից:

Հեռանալու ժամանակ նա լաց լինելով ասաց ինձ.

«Մարգարիտա. ես մեծ զրկանքներ կրեցի այստեղ, բայց ուրախ եմ որ դրա փոխարեն քեզ նման անմեղ մի աղջկանը ազատեցի: Ես հավատում եմ, որ այսուհետև քո սրտի անդաստանը հարյուրապատիկ կպտղաբերե յուր ընդունած սերմերը, ես դրանով էլ վարձատրված եմ»:

Ես ինքս շատ վշտացա, երբ նա հեռացավ այստեղից, բայց կորուստը դարմանելու հնար չկար: Պատեր-Սիմոնը անպարտելի ուժ և զորեղ պաշտպանություն ուներ… Ինձ միայն մնում էր դրանց հաղթելու համար զարգացնել իմ մեջ Սերովբյանի ներշնչած ուսումն և նրանով առաջնորդել ինձ դեպի ուղիղ ճանապարհը…

Բայց պատեր-Սիմոնը իմ հոր վերա կատարելապես տիրելու համար, հայտնեց նրան՝ որ պատեր-Պետրեն արդեն Սարատովի լատին եպիսկոպոսի միջոցով հաջողել էր հերետիկոսների անվանց ցանկի մեջ մտցնելու նրա անունը և այդ ցանկը սրբազան պապին ներկայացնելու:

Այդ հայտնությունը ինքն ըստ ինքյան սուտ և շինծո բան էր, բայց հորս վերա զգալի ներգործություն արավ: Յուր մեղքը քավելու համար նա պետք է, պատերի ասելով. դիմեք Հռովմ՝ սրբազան պապի ոտքերը համբուրելու: Եվ նա այնպես էլ արավ: Դուք երևի հիշում եք որ անցյալ օր նա մի առիթով հիշեց յուր Հռովմ գնալը: Ես ամաչեցի և վախենալով թե ձեր հարցի վերա նա կհայտներ յուր գնալու բուն նպատակը, ես ինքս շտապեցի պատասխանելու, որ նա ճանապարհորդելու նպատակով է գնացել այնտեղ:

Հռովմից դառնալուց ետ հայրս այնպես էր տոգորված մոլեռանդությամբ, այնպես սովորել էր խորշել յուր հայադավան ազգակիցներից, որ պատեր-Սիմոնը հանգիստ սրտով կարողացավ մինչև անգամ ամիսներով բացակայել այս քաղաքից, հավատացած լինելով՝ որ էլ այնուհետև ոչ մի Սերովբյան չէր կարող շեղել նրան ճանապարհից:

Երկար, շատ երկար տևեց, որ ես նրան կրկին մոտեցրի այստեղի հայադավան ընտանիքներին, հասկացնելով նրան կրոնական համոզմանց և մտերմական բարեկամության մեջ եղած տարբերությունները:

Այսուամենայնիվ մինչև այսօր էլ հայրս պատեր-Սիմոնին հարգում է և երբեք նրա խոսքից դուրս չէ գալիս, որովհետև միայն նրա խորհրդով և շնորհիվն է, որ նա արժանացել է սրբազան պապի ոտքերը համբուրելու և դրանով դժոխոց տանջանքներից ազատվելու: Այնպիսի դեպքերում, որպիսին հորս տեղացի հայադավանների հետ բարեկամություն անելն է, պատեր-Սիմոնը յուր նախորդին չէ հետևում: Նա ավելի ներողամիտ և համբերող է, որովհետև համոզված է, որ այդպիսի անվնասակար դիպվածներում կոպիտ բռնությունը կարող է ապստամբեցնել յուր հպատակներին: Բայց հիմնական և ծանրակշիռ գործերում նա անողոքելի է: Տեսնո՞ւմ եք, նա Սերովբյանի մեջ նկատել էր մի գրական թշնամի, մի մարդ, որի վարդապետությունը հիմն ի վեր է կործանում այն զորավոր սյուները, որոնց վերա բարձրացած է պապական գերիշխանությունը, այդ պատճառով նա նրան հալածեց և հալածեց անողորմաբար: Այժմ միևնույն զորավոր թշնամին նա ձեր անձնավորության մեջ է տեսնում, բայց այս անգամ բոլորովին տարբեր պատճառներով: Նրա սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ մեր միմյանց ուղղած հայացքները. և ահա յուր Կլեմեսի միջոցով լրտեսել է իմ հետքերը պարահանդեսի ժամանակ, նա լավ ապացույց է ձեռք բերել ձեզ մեր տանից հեռացնելու համար: Բայց նա դրանով չի բավականանալ: Նա Լոյոլայի ամնաճարպիկ աշակերտներից մինն է, և ճիշտ կարողացել է գուշակել՝ թե ի՞նչ ելք կունենա մեր երկուսի մտերմական հարաբերությունները: Այդ պատճառով նա կուսումնասիրե ձեր բնավորությունը, կծանոթանա ձեր դիտումներին, կլրտեսե ամեն տեղ ձեր հետքերը, և անհերքելի ապացույցները ձեռքին կսկսե յուր հալածանքը, ոչ միայն ձեր այլ և քրոջդ ընտանիքի դեմ: Եվ որովհետև ես վճռել եմ այլևս չթաքցնել ձեզանից իմ զգացմունքները, որպեսզի անտեղի զգուշությամբ վտանգների մեջ չգլորվիմ, ուստի բացարձակապես խոստովանում եմ, որ դուք, Արամ, արդեն իշխում եք իմ հոգվո վերա և որ իմ սիրտը կատարելապես պատկանում է ձեզ…»:

Այս խոսքի վերա նա քնքշաբար պարզեց ինձ յուր ձեռը, ես ծնկի վերա գալով ջերմությամբ համբուրեցի նրան:

– Այժմ լսեցեք, – ասաց նա, բարձրացնելով ինձ, – դուք պետք է ներեք իմ սառն վարմունքը դեպի ձեզ, մի քանի դեպքերում: Մենք աղջիկներս առհասարակ ավելի շուտ ենք գրավվում և ավելի շուտ հավատում: Այր մարդիկ միշտ ի չարն են գործ դնում մեր անմեղ վստահությունը, այդ պատճառով և մենք միշտ ավելի ենք տուժում:

Չի պիտի զարմանաք ուրեմն, որ այս ճշմարիտ գիտակցության հասած մի անձն հեշտությամբ չէ կարողացել հավատալ առաջին պատահողին, մանավանդ որ մեր դարում ազնվություն կեղծելը և հավատարմություն խոստանալը‘ հասարակ քաղաքավարության կարգն է անցել: Ես խոստովանում եմ, որ դեռ դողում եմ այսքան հապճեպ ձեզ իմ սիրտը բանալով, բայց մի կողմից իմ անկեղծ սերը և մյուս կողմից պատեր-Սիմոնի ձեզ համար լարած մեքենայությանց մոտալուտ վտանգը, ինձ ստիպեցին շտապեցնել իմ խոստովանությունը… Ես ասացի ձեզ բոլորը, ես հանձնեցի ձեզ իմ սիրտը և նրա հետ էլ իմ բախտը և պատիվը: Արեք նրանց հետ ինչ կամենում եք, բայց ի սեր երիտասարդության պատվույն, մի ավելացնեք կնոջ հավատը կործանող անարժան ուխտադրուժների թիվը…

Մարգարիտայի այս խոսքերը բոցավառ կայծակների նման տանջում էին իմ սիրտը. բայց ես հնար չունեի պատառել նրան և ցույց տալ իմ աստվածուհվույն այն սրբազան կրակը, որ հրդեհում էր նրա մեջ:

– Մարգարիտա, – բացականչեցի ես, – եթե երբևիցե այս սիրտը մոլորվելու լինի, հավատա ինձ, որ ևս կխլեմ նրան իմ կրծքից, որպեսզի մինչև իմ վերջին շունչը օտար կրակով չպղծվի այն սեղանը, որի վերա Մարգարիտան երկրպագվեցավ…

– Ոչինչ կասկած էլ չէ վրդովում իմ սիրտը, Արամ, – հաստատուն ձայնով խոսեց Մարգարիտան, – դու ինձ սիրում ես, ես հավատում եմ, ինչպես հավատում եմ աստուծո գոյության: Այժմ մտածենք մեր ապագա երջանկության վերա: Գնա՞ դու այստեղից և միջոցներ որոնի՛ր ամենից առաջ պատեր-Սիմոնի թակարդների մեջ չընկնելու, վաստակիր մինչև անգամ նրա բարեկամությունը, եթե կարող ես այդ անել առանց ազնվության դեմ մեղանչելու: Ես մինչև մահվանս շունչը քեզ հավատարիմ եմ:

– Երբ դու ինձ հետ ես, Մարգարիտա, ինձ չեն կարող հաղթահարել ո՞չ պատեր-Սիմոնի և ո՞չ եզվիտների ամբողջ լեգեոնի մեքենայությունները: Ես կապրեմ քեզ համար և կմեռնիմ միայն քեզ համար, այս հաստատ է, – պատասխանեցի ես:

Այս խոսքերից հետ մենք բաժանվեցանք:

Սանդուղքներից իջնելու ժամանակ Մարգարիտան ժպտալով ասաց.

– Ես այնպես գրավվեցա իմ պատմություններով, որ անքաղաքավարությամբ սուրճ էլ չհրամեցրի քեզ:

– Դու այնքան շատ քաղցրություններ վայելել տվիր ինձ, որ սուրճը ավելորդ կլիներ, – պատասխանեցի ես ծիծաղելով և դուրս գնացի:

ԱՎԵՏԻՔ

Շատ անգամ ապագա երջանկության հույսը այնպիսի ուրախություն է ներշնչում մարդու մեջ, որի նմանը նա չէ ունենում նույնիսկ բուն երջանկությանը հասած ժամանակ: Այդ տեսակ ուրախություն էր լցված իմ սրտի մեջ, երբ ես Մարգարիտայի տնից վերադարձա: Նրա ինձ արած սիրո խոստովանությունը իմ ցնորքների լրումն էր: Պատեր-Սիմոնի մասին խոսածները գրեթե մոռացել էի: Եվ իրավ, ի՞նչ կարող էր անել ինձ մի մարդ, որից ես կախում չունեի: Դրա մասին մտածելը, ինձ համար երկրորդական խնդիր էր: Երբ տուն հասա, քույրս տեսնելով իմ անսովոր ուրախությունը, հարցրավ պատճառը: Ես, իհարկե, ոչինչ չթաքցրի և ամեն բան մի առ մի պատմեցի նրան: Նա այնպես ուրախացավ, և պատմեց, թե ինչպես ինքն էլ միևնույնը գուշակում է եղել:

– Առաջին օրից իսկ, երբ դուք պատահեցիք միմյանց, – ասաց նա, – ես Մարգարիտային քեզ համար հարսնացու ընտրեցի: Այժմ ուրախ եմ, որ իմ ցանկությունը կատարված եմ տեսնում: Բայց ինչ որ Մարգարիտան պատեր-Սիմոնի մասին խոսակցել է, – ավելացավ քույրս, – դրանք բոլորը ուշադրության արժանի բաներ են: Քո նպատակին դյուրավ հասնելու համար անհրաժեշտ է որ պատեր-Սիմոնի բարեկամությունը վաստակես, որովհետև նրա խոսքը մեծ կշիռ և նշանակություն ունի Մարգարիտայի ծնողաց համար:

Այնուհետև մենք որոշեցինք, որ քույրս յուր ամուսնու հետ միասին խնամախոս գնար նրա ծնողաց մոտ: Բայց այս բանի համար անհրաժեշտ էր նախ և առաջ Մարգարիտայի համաձայնությունը ստանալ:

Սույն ավուր երեկոյան ես նրա հետ տեսնվեցա քաղաքային այգվո մեջ: Մենք ժամադիր չէինք եղած, բայց կարծես նախազգացմամբ գիտեինք, որ պիտի պատահենք միմյանց, նա եկել էր այդտեղ Մարիի հետ:

Առաջին անգամ երբ Մարգարիտան ինձ տեսավ, շառագունեց: Նա կարծես ամաչում էր յուր ինձ արած խոստովանությունից: Ես նույնպես մի րոպե այդ շփոթությանը ենթարկվեցա: Բայց մի քանի վայրկյանում ամեն բան անցավ: Մենք մոտեցանք և ջերմությամբ ձեռք սեղմեցինք:

Մի քանի խոսք փոխանակելուց հետո, Մարին կամաց կամաց հեռացավ մեզանից և խառնվեցավ յուր ծանոթ աղախինների խմբի մեջ, որոնք իրենց տիրուհիների փոքրիկները զբոսեցնելու էին բերել:

Մենք նույնպես խույս տվինք դեպի մենավոր ծառուղիները:

– Չե՞ս զարմանում, որ պատեր-Սիմոնի այսօրվա նամակից հետ ես դարձյալ եկել եմ քեզ հետ զբոսնելու, – ծիծաղելով հարցրեց ինձ Մարգարիտան:

– Քո խոստովանությունը լսելուց ետ, մի՞թե պետք է զարմանայի, – պատասխանեցի ես:

Մարգարիտան մի խորհրդավոր ակնարկ ձգեց ինձ վերա և ժպտաց:

« – Բայց ես իմ պատմությունը շարունակելու համար եկա, – ասաց նա: – Այսօր հեռանալուց քիչ ժամանակ հետո ծնողներս այգուց վերադարձան: Պատեր-Սիմոնի նամակը ես բաց հանձնեցի հորս, նա կարդաց նրան և զայրացավ: Բայց այդ զայրացումը ոչ թե իմ, այլ պատեր-Սիմոնի դեմ էր: Հայրս զգաց թե որ աստիճան պետք է վիրավորված լինեի ես այդ նամակը կարդալով.

Ինչո՞ւ համար չպատռեցիր նրան, ի՞նչ նպատակով տվիր ինձ այդ նամակը, – հարցրեց նա դժգոհությամբ:

– Որովհետև նա քո անունին էր ուղղված, իսկ ես սխալմամբ էի բացել, – պատասխանեցի ես: – Բացի այդ. անհրաժեշտ էր որ դու տեղեկանայիր թե քո աղջիկը ի՞նչ անվայել գործեր է կատարում – մութ ժամանակ զբոսնելով այգիում օտար երիտասարդների հետ, և թե քո լրտեսները ինչպես լավ հսկում են նրա վերա, – ավելացրի ես դառնությամբ:

– Մարգարիտա՛, դու ինձ կրկնակի ես վիրավորում, – սրտնեղությամբ բացականչեց հայրս, – ես լրտեսներ չունիմ ես իմ աղջկա վերա խնամակալներ կարգելու էլ հարկավորուոթյուն չունիմ… ինչո՞ւ համար ինձ ես վերագրում ուրիշի հանցանքը:

Իմ հոր այս բարեսիրտ պատասխանը այնքան շարժեց իմ սիրտը, որ ես լաց եղա, դա ներքին ուրախության արտահայտություն էր. բայց հայրս այնպես կարծեց թե տխրությունից եմ արտասվում: Նա գրկեց ինձ և սկսավ ամոք խոսքերով իմ սիրտը սփոփել: Ներս մտավ և մայրս:

– Ի՞նչ է պատահել, ինչու՞ համար ես լաց լինում, – անհանգստությամբ հարցրեց նա:

Հայրս ամեն բան պատմեց նրան: Ես չեմ կարող նկարագրել թե այդ րոպեին ո՞ր աստիճան կատաղեց նա:

– Այդ մարդը այժմ էլ իմ մի հատիկ աղջկա համար է դավեր լարում, – գոչեց նա զայրացած: – Ի՞նչ ունի նա մեզ հետ բաժանելու, ո՞վ է նրան վերակացու կարգել իմ տան և ընտանիքի վերա: Բավական չէի՞ն արդյոք անցյալ տարիների նրա ձեռքով մեր ընտանիքում սերմանած երկպառակությունները և այժմ էլ դեռ նորե՞ն է ուզում ստեղծել… – Այս խոսքերի վերա նա կանչեց ծառային և հրամայեց գնալ և պատեր-Սիմոնին հրավիրել. նա կամենում էր խնդրել նրան, որ երկրորդ անգամ յուր տան խաղաղությունը խանգարելու փորձեր չանե: Դժբախտաբար պատվելին այսօր վաղ առավոտ հեռացած է եղել քաղաքից: Ծառան եկավ և հայտնեց, որ պ. Կլեմեսը ասել է նրան, թե մինչև երեք օրը կվերադառնա, որովհետև սեփական գործի համար մոտակա գյուղն է գնացել:

Այդ ժամանակ միայն հանելուկը ինձ համար լուծվեցավ: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի էր, որ պատեր-Սիմոնը նամակով աներ յուր այդ չարախոսությունը: Ես գիտեի, որ նա այդպիսի դիպվածում անձամբ կներկայանար հորս՝ կասկածը ավելի ճարպկությամբ նրա սրտի մեջ սերմ անելու: Բայց նա դրա համար ժամանակ չէ ունեցել և ի չարյաց փոքրագույնն ընտրելու համար այս անգամ դավաճանել է յուր սկզբունքին: Ինչ որ է, այս հանգամանքը մեր օգտին է ծառայել: Դու դեռ չգիտես թե իմ մայրը որ աստիճան քնքշությամբ է սիրում ինձ և թե որքան բարեսիրտ է նա: Խեղճ կինը չկարողացավ տանել իմ տխրությունը: «Մարգարիտա, ասաց նա ինձ գրկելով, – եթե պատվելին քեզ վիրավորել է յուր այդ չարախոսությամբ, ես դրա փոխարեն կամենում եմ վրեժխնդիր լինել նրան, եթե միայն այդ բանը քեզ կարող է ուրախացնել: Խոստովանիր ինձ ճշմարիտը, եթե դու համակրում ես Բյուրատյանին և կարող ես սիրել նրան, ես քեզ կամուսնացնեմ նրա հետ, այդ մասին երեկ պարահանդեսում ինձ հետ խոսում էր նրա քույրը, ես տեղեկացելեմ, որ այդ երիտասարդը անտարբեր չէ դեպի քեզ»:

– Միթե այդպես բան կա, ուրեմն պատվելին հոտ է առել, – ծիծաղելով խոսեց հայրս, – դեհ, սիրելիս, ասա ինձ, ես ուրախությամբ կշնորհավորեմ քո նշանադրությունը:

Ես զգացի որ շառագունում եմ, բայց ոչինչ չկարողացա պատասխանել:

– Ամեն բան վերջացած է, – ասաց հայրս, ուրախ ուրախ ծիծաղելով, – մնում է, որ Մարգարիտան այս դեպքում էլ մի փոքր ճշմարտախոս լինի: Իմ ծնողաց ուրախ տրամադրությունը ինձ սիրտ տվավ:

– Այո, ես սիրում եմ Բյուրատյանին, – ասացի ես և ամաչելուց գլուխս գետին խոնարհեցի:

Իմ ծնողաց այս վարմունքը ինձ համար անսպասելի էր: Երբեք ես չէի կարող կարծել, թե բախտը այսքան շուտով կծիծաղեր ինձ, և մանավանդ, թե իմ հայրը կկարողանար այսքան աննպաստ ցույցեր անել պատեր-Սիմոնի վերաբերութւամբ: Նա մինչև անգամ մոտեցավ և կաթոգին համբուրեց ինձ, ասելով.

– Ոչ մի բանի վերա մի մտածիր, որդյակս, իմ կյանքի նպատակը քո բախտավորությունն է, եթե դու ընտրում ես Բյուրատյանին քեզ ընկեր. ես այդ բանին բնավ ընդդեմ չեմ. նամանավանդ որ երիտասարդը դեռ անցյալ օրվանից գրավել է իմ համակրությունը և սերը:

Դու կարող ես այժմ երևակայել, Արամ, թե որքա՞ն մեծ կլիներ իմ ուրախությունը: Ես չգիտեի թե ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը: Բայց նրանք արդեն ամեն բան կարդում էին իմ երեսի վերա և ինձ հետ միասին ուրախանում: Երբ ես միայնակ մնացի, սկսա մտածել այս առավոտվա քեզ տված տեղեկությունների վերա: Ես գիտեի, որ պատեր-Սիմոնի մասին պատմածներս քեզ կարող էին անհանգստացնել, ուստի կամեցա մի ժամ առաջ հայտնել քեզ այս բոլորը: Բայց ինչպե՞ս անեի, նամակ գրելու հարմարություն չկար, ձեր տունը գալ չէի կարող: Մտածեցի գալ այգի, ես գուշակում էի որ դու այստեղ կլինես, և ահա իմ նախազգացումը ինձ չդավաճանեց»:

Մարգարիտայի բոլոր պատմածները ես լսում էի գրեթե հիացած: Իմ երազները վերջապես իրականություն էին ստացել, Մարգարիտան իմն է… Եվ այս միտքը լցնում էր իմ սիրտը մի անսպառ և անսահման ուրախությամբ, որը գնալով աճում և զեղում էր իմ բոլոր երակների մեջ:

Բայց ես հազիվ կարողացա մի քանի խոսք ասել նրան. Մարգարիտան շտապում էր:

– Ես միայն այս ավետիքը քեզ բերելու եկա, – ասաց նա ինձ, – այժմ թույլ տուր, որ բաժանվիմ քեզանից, որովհետև ես մորս խոստացա մի շրջան միայն անել այգում և իսկույն վերադառնալ: Մարին ինձ սպասում է. մնացյալը դու ինքդ կարող ես կարգադրել…

Այս ասելով նա սեղմեց իմ ձեռը և հեռացավ: Մարին յուր ընկերուհիների խմբից դուրս գալով ընկերացավ նրան և երկուսը միասին շտապով ուղղվեցան դեպի տուն:

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ առավոտ քույրս և փեսաս գնացին Լուսինյանների տունը Մարգարիտայի համար խնամախոսելու: Տիկին և պարոն Լուսինյանները, հայտնել էին, որ իրենք արդեն սպասում էին այդ առաջարկությանը, ուստի մեծ ուրախությամբ ընդունելով այն, խոստացել էին տալ ինձ իրենց դստեր ձեռքը: Այդ միևնույն օրը ես հրավիրվեցա Լուսինյանների տունը և ես գրեթե ամբողջ օրը նրանց մոտ անցուցի:

Մյուս ավուր երեկոյան պետք է կատարվեր նշանադրության հանդեսը: Բայց մինչև որ այդ ժամը կհասներ, ես անհանգստությունից տանջվում էի: Մարգարիտայի փոքրիկ անցյալին ծանոթանալուց ետ դժվար չէր ինձ գուշակել, որ մեր այդ բարեկամութունը պատեր-Սիմոնի համար շատ, անախորժ պիտի լիներ, հետևապես ցանկանում էի, որ այդ պաշտոնական արարողությունը, որին նշանադրություն են անվանում, կատարվեր որքան կարելի է շուտ, որպեսզի պատեր-Սիմոնը յուր ներկայությամբ չխանգարեր մեզ: Դժբախտաբար այն ժամադրությունը, որ նշանադրության համար նշանակել էին Լուսինյանները, նպաստում էր իմ անհանգստության ավելանալուն, որովհետև հենց այդ երեկոյան էլ պատերը պիտի վերադառնար յուր ճանապարհորդությունից: Ես հավատում էի, որ նշանադրությունը կատարվելուց ետ, նա էլ ոչնչով մեզ խանգարել չէր կարող:

Ցանկալի երեկոն մոտենում էր: Մարգարիտայի և յուր ծնողաց պատվույն վայել պատրաստությամբ մենք սպասում էինք վերջնական հրավերին: Մեր տան մեջ հավաքվել էին իմ քրոջ և փեսայի բարեկամներից և բարեկամուհիներից շատերը: Այդտեղ եկավ և Հովհաննես քահանա Մարանջյանը յուր կնոջ և դստեր հետ: Ես ծանոթացա նրա հետ առաջին անգամ մեր տան մեջ:

Սա մի բարձրահասակ, վայելչակազմ, փառավոր մորուքով և քաղցր ու ամոք դեմքով քահանա էր մոտ քառասուն և հինգ տարեկան: Առաջին անգամ նրա վերա նայելով՝ մարդ կամա ակամա մի խորին երեկյուղածություն և պատկառանք էր զգում: Նրա ձայնը, խոսակցությունը և ժպիտը կազմում էին մի քաղցր և գրավիչ ներդաշնակություն, նրան կարելի էր ժամերով լսել և երբեք չձանձրանալ: Տեր-հոր խոսակցության նյութը իմ և Մարգարիտայի միությանն էր վերաբերում: Բոլորին հայտնի էր, որ ես հայադավան էի, իսկ իմ հայ հարսնացուն կաթոլիկ: Ներկա եղողներից մինը, որ խիստ ջերմեռանդ էր, բայց երիտասարդական ոչինչ չուներ յուր վերա, անհաջող էր գտել իմ ընտրությունը, ըստ որում յուր կարծիքով ես մեծ սխալմունք էի գործում օտարուհվո հետ ամուսնանալով:

– Նրանցից ոչ մինը օտար չէ մյուսի համար, – ասում էր տեր-հայրը: – Երկուսն էլ միևնույն ազգի անդամներ են. երկուսն էլ հայ ծնողաց զավակներ են: Եթե բախտի բերմունքով նրանք այսօր առանձին են աղոթում, եթե նրանցից մեկը տեր-Հովհաննեսին է դիմում յուր հանցանքը խոստովանելու և մյուսը պատեր-Սիմոնին, եթե մեկի հոգվո փրկության համար հայ եկեղեցին է բարեխոսում և մյուսի համար կաթոլիկ‘ այդտեղ նրանք հանցանք չեն գործում: Ի՞հարկե, ավելի ցանկալի կլիներ, որ ազգով հայ մարդը յուր ազգային եկեղեցին ճանաչեր, յուր հնադարյան ավանդությանց հավատարիմ մնար, յուր եղբայրների հետ միասին միևնույն տաճարում ծնվեր, ապրեր և մեռներ: Բայց քանի որ աշխարհում գոյություն ունի համոզմունքների տարբերությունը, քանի որ բախտի ձախող բերմունքով ազգի կրոնական ամբողջությունը բաժանված է մի քանի մասերի, և դեռևս անծանոթ է աշխարհին այն գերբնական ուժը, որ կարողանար կրոնով միմյանցից տարբեր մասերը մի ակնթարթում միացնել և ի մի ձուլել, անհրաժեշտ է ուրեմն, որ մենք չհալածենք միմյանց, որ մենք չատենք և չարհամարհենք իրար. Կաթոլիկ և բողոքական հայերը, եթե միայն իրենք իրենց հայ անվանելուց չեն խորշում, նույնչափ հայ են, որքան և հայադավան հայերը, ինչու՞ համար չսիրել նրանց նույնչափ, որչափ սիրում ենք մեր դավանակիցներին: Եթե մի հայադավան աղջիկ և մի հայ-կաթոլիկ երիտասարդ սիրում են միմյանց, ինչո՞ւ համար խանգարել նրանց սերը, ինչու՞ չթողնել նրանց երջանիկ լինիլ, եթե նրանք երջանկությունը գտնում են միմյանց սիրելու մեջ:

Չէ՞ որ նույն ինքը Քրիստոս սերն էր և սեր էր քարոզում: Մի՞թե մենք իրավունք ունինք մեզ Քրիստոսի աշակերտ և հետևող անվանելու, եթե մենք սիրելու փոխարեն հալածում ենք միմյանց:

Կան իհարկե մարդիկ, որոնք հալածվելու արժանի են և որոնց պետք է հալածել – դրանք այն չար ոգիներն են, որոնք ատելության և երկպառակության սերմն են ցանում միարյուն և միալեզու եղբայրների մեջ, որոնք սուրբ Ավետարանի և Քրիստոսի անունով ճնշում են ազատ մտածողությանը, պղտորում են սրտերը, կապում կաշկանդում են անգետ ամբոխի միտքը, հոգին և զգացմունքները, խանգարում են ընտանիքների խաղաղությունը, և այս բոլորը միայն նրա համար, որ նորանոր որսերով հարստացնեն իրենց ավարը և այդ ամոթալի հաղթության համար վարձատրություններ ստանան իրենց առաքողից:

– Դուք, սիրելի բարեկամներս, – շարունակում էր տեր – հայրը, – մի՞ նմանիք այդ մարդիկներին, դրանք ո՛չ աստուծո երկյուղ և ո՛չ մարզիկներից ամոթ ունին. և նրանք չեն էլ ցավում մարդկանց թշվառությունների վերա: Դուք սիրեցե՛ք ձեր եղբայրակիցներին, ինչ դավանության էլ պատկանելիս լինին նրանք, սիրեցե՛ք անկեղծությամբ, սիրեցե՛ք եղբայրական քնքշությամբ և մոտեցե՛ք նրանց մտերիմ հոգով, որպեսզի դևերը ձեզ կորցնելու համար չկարողանան միաբանվիլ:

Այս և սրա նման շատ բաներ էր խոսում տեր-հայրը: Մյուսների հետ ես էլ հիացած լսում էի նրան: Եվ որքա՛ն պարզ, և հասկանալի էին նրա զրույցները, բայց ամենից ավելի ինձ գրավում էր այն անխարդախ և անկեղծ հոգին, որ արտափայլում էր նրա խոսքերի մեջ: Տեր-Հովհաննեսը ինձ երևում էր իբրև մի մարմնացյալ բարություն, որ յուր գոյությունը որոնում է միմիայն մարդիկների երջանկության մեջ: Ես շատ զղջացի, որ այսքան ուշ էի ծանոթացել հարգելի քահանայի հետ, և հաստատապես դրի մտքումս այնուհետև հաճախել նրա տունը կամ շուտ շուտ հրավիրել իրեն մեզ մոտ խոսելու համար:

Բայց Լուսինյանների տնից արդեն խնդրարկուները եկել էին մեզ հրավիրելու: Մեր բարեկամների խումբը կազմ և պատրաստ էր այդ ժամանակ, շուտով բոլորս միասին կառքերի մեջ լցվեցանք և հանդիսավոր գնացքով ուղղվեցինք դեպի իմ հարսնացուի տունը:

Ճանապարհին դարձյալ մի կասկած պաշարեց ինձ: «Եթե պատեր-Սիմոնը վերադարձած լինի, եթե նա ընդդիմանա Լուսինյանների դիտավորությանը, ի՞նչ կլինի այն ժամանակ իմ դրությունը» – մտածում էի ինքս ինձ: Բայց մի գաղտնի հույս դարձյալ կազդուրում էր ինձ: «Ի՞նչ կարող է անել մեզ պատերը, քանի որ Մարգարիտան սիրում է ինձ, – ասում էի ես, – չէ՞ որ նա առ առավելն միայն նրա հոր և մոր վերա կարող է ազդել և ո՞չ Մարգարիտայի. իսկ ինձ միայն այս վերջինի կամքն է հարկավոր»: Մյուս կողմից ես տեսնում էի պատկառելի Տեր-Հովհաննեսին իմ կողքին նստած և հավատում էի, որ նա յուր քրիստոնեական բարությամբ կհաղթահարե պատերին, եթե նա չար դիտավորությամբ մեր միության գործը խանգարելու լինի: Այդ րոպեին ես նմանում էի մի երեխայի, որ վտանգի ժամանակ ոգևորվում է յուր հոր ամենազորությամբ:

Երբ հասանք Լուսինյանների տան մոտ, լսելի եղան ներսից խիստ երաժշտության ձայներ: Տան թե՞ դուրսը և թե ներսը փառավոր կերպով լուսավորված էր, և փողոցի վերա նայող դահլիճի պատուհաններից ներսում երևում էր հրավիրյալների մի պատկառելի բազմություն:

Ես չէի կարծել թե մեր նշանադրության հանդեսը այսքան հրապարակական պետք է լիներ, բայց երևի տիկին և պարոն Լուսինյանները կամեցել էին իրենց միակ դստեր ամուսնության գործը փառահեղ նախատոնիքով սկսել:

Երաժշտությունը արդեն դադարել էր, երբ մենք մտանք դահլիճը:

Ամենից առաջ իմ աչքերը դարձան Մարգարիտայի վերա: Նա նստած էր դահլիճի վերևում, թավշեպատ հենարանի վերա և շրջապատված յուր ընկերուհիներով: Բայց նա այնքան փոխվել էր, որ ես մի րոպե չճանաչեցի նրան: Որովհետև ես նրա մեջ չտեսա իմ պարզ և անպաճույճ Մարգարիտային: Նա. հագնված էր ամենաշքեղ տարազով, և յուր կիսամերկ պարանոցի և բազուկների վերա վառվում էին ոսկեհուռ ադամանդներ: Նրա սևաթույր մազերը, որոնց ես տեսել էի թույւ հյուսերով շուշված յուր ուսերի վերա, այսօր փոխակերպվել էին գանգրյալ խոպոպիկների և նրա լայնադիր ճակատի վերա կազմում էին կարծես մի բոլորակ ծաղկեպսակ:

Արվեստի այդ ներդաշնակ պաճուճանքների մեջ Մարգարիտան սովորականից ավել գեղեցիկ և հրապուրիչ էր:

Երբ ես մոտեցա նրան, նա արդեն ոտքի վերա էր: Անուշ ժպիտով իմ ողջույնը ընդունելով՝ նա շշնջաց ինձ հազիվ լսելի ձայնով.

– Դու չե՞ս զարմանում իմ հանցավոր կերպարանափոխության վերա:

Այս խոսքերով կարծես նա կամենում էր ազատել իրեն պճնասիրության մեջ մեղադրվելու պատասխանատվություննից, որովհետև և նա ինքը սկզբունքով շատ դեմ էր այդ մոլորությանը և ակամայից էր ստիպվել այսօր հասարակաց ձայնին հնազանդելու և նրանց ճաշակը չվիրավորելու:

– Ուր էր, թե բոլոր հանցանքները այդչափ անվնաս լինեին և նպաստեին միայն գեղեցկության հրապույրները բազմացնելու, այդ ժամանակ մարդիկ աստվածներին նախանձ կբերեին, – պատասխանեցի ես:

Շուտով մեր բերած հյուրերի շնորհիվ ուրախությունները սկսան կրկնապատվիլ, պարերը կենդանացան, և դահլիճը ընդունեց ալեկոծյալ կերպարանք:

Ամեն բան լավ էր գնում: Բայց պարոն Լուսինյանը շատ էր անհանգստանում պատեր-Սիմոնի պատճառով: Նա խոստացել էր երեկոյան ժամը ութին ներկա գտնվիլ, բայց տասը արդեն լրանում էր, և նա չկար:

– Մի՞թե առանց նրան չէր կարելի գործը վերջացնել, – հարցրի ես տեր-Հովհաննեսից:

– Ոչ, – պատասխանեց նա: – Այսպիսի մի համաձայնության խորհուրդը առանց ինձ ես իրավունք կտայի ձեզ վերջացնելու, որովհետև ուր որ երկու սրտերի համաձայնություն է գործը պսակում, այդտեղ մի քահանայի օրհնություն էլ բավական է, ինչ եկեղեցուն էլ այդ քահանան պատկանելիս լիներ, բայց կաթոլիկ կղերը նախանձախնդիր է յուր իրավունքներին, առանց բացառության, և չնայելով, որ այսպիսի հանգամանքներում միշտ մենք ենք զիջանում, ընտանիքների խաղաղությունը չի վրդովելու համար, այսուամենայնիվ նրանց բծախնդրությունը դարձյալ հալածում է մեզ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք առիթ չտանք պատեր-Սիմոնին հակառակելու մեր ձեռնարկությանը:

Տեր-Հովհաննեսի նկատողությունները իրավացի էին: Պետք էր խոհեմությամբ շարժվիլ:

Բայց պ. Լուսինյանի վրդովված երեսով դահլիճ մտնելը և իմ փեսային կանչելը ինձ սաստիկ անհանգստացրեց: Մարգարիտան ոչինչ չէր նկատում, նա խոսակցում էր յուր ընկերուհիների հետ: Ես կամացուկ հեռացա նրանից և դիմեցի դեպի միևնույն սենյակը, ուր որ պ. Լուսինյանը և փեսաս էին մտել:

Պատեր-Սիմոնը արդեն այդտեղ էր և կատաղած խոսում էր Լուսինյանների և իմ փեսայի հետ: Նրա աչքերը զայրույթից կրակ էին կտրել և յուր շրջապատողները հազիվ էին զսպում նրա ձայնը, որ որոտալով չթնդար դահլիճի մեջ: Ես իսկույն կծկվեցա դռան մեջ, ինչպես մի հանցավոր, որ ծածկում է յուր անձը խուզարկուների աչքից:

Ես խոստացել եմ ձեր խնդրարկուին գալ, – ասում էր նա զայրացած, – որովհետև նա ինձ չասաց թե ո՞ւմ վերա եք նշանադրում ձեր աղջիկը, որովհետև նա ինձ չասաց թե ձեր փեսան մի հերետիկոս և հերձվածող է: Իսկ այժմ ես հազար անգամ կանիծեմ ինձ, բայց մի անգամ չեմ օրհնիլ այդ անհավասար զույգի նշանը: Ես չեմ կարող սուրբ Տիրամոր սիրելին հանձնել գեհենիին… Ես սարսափում եմ դժոխքից և սատանաներից…

Երկար ժամանակ տիկին և պարոն Լուսինյանները թախանձում էին նրան զիջանել նրանց խնդրանացը. փեսաս հազիվ թե չէր ընկնում պատվելիի ոտքերը, նրա ողորմածությունը հայցելու համար, բայց բոլորը անօգուտ: Լոյուայի աշակերտը մնում էր անողոքելի:

Զայրույթի մի հնոց կամաց կամաց վառվում էր իմ սրտի մեջ. ես զգում էի, որ խոհեմությունը տեղի է տալիս կատաղությանը և վճռում էի հարձակվիլ նրա վերա և միանգամով փշրել նրա գլուխը իմ բռունցքների տակ:

Բայց պարոն Լուսինյանի բարկությունը մեղմեց իմ զայրույթը տեսնելով, որ պատերը ոչնչով չէ ուզում համոզվիլ, նա բռնեց նրա ձեռքից և քաշելով դեպի սենյակի անկյունը, ասաց վճռողական ձայնով:

Внимание! Это не конец книги.

Если начало книги вам понравилось, то полную версию можно приобрести у нашего партнёра - распространителя легального контента. Поддержите автора!

Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8
  • 0 Оценок: 0

Правообладателям!

Данное произведение размещено по согласованию с ООО "ЛитРес" (20% исходного текста). Если размещение книги нарушает чьи-либо права, то сообщите об этом.

Читателям!

Оплатили, но не знаете что делать дальше?


Популярные книги за неделю


Рекомендации