Текст книги "Ողտյան միանձնուհի"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная классика, Зарубежная литература
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 2 (всего у книги 2 страниц)
Զ
«Սեպտեմբերի վերջին շաբաթները մոտեցել էին: Ցուրտն օրըստօրե դառնում էր զգալի, երկինքը թխպոտում էր և օրերն անցնում էին մռայլոտ և անձրևաբեր:
«Ամառանոցի կյանքը կորցրեց յուր վայելչությունը:
«Մենք վերադարձանք քաղաք:
«Ես միշտ սպասում էի, որ տիկինը վերջին անցքից հետո ինձանից բացատրություններ կպահանջե, բայց նա միշտ լուռ էր և այդ խորհրդավոր լռության մեջ ծածկված էր մի սարսափելի խորամանկություն: Հին վարպետուհին արդեն զինվորված էր հնարագիտության բոլոր զենքերով, զենքերով, որոնք պետք է խորտակեին և ոչնչացնեին իմ և Սոնայի բախտը…
«Տիկինն այնքան համբերող էր, որ ոչինչ չհայտնեց յուր ամուսնուն իմ և Սոնայի սիրահարությանց մասին: Եվ ես ու օրիորդը մեր կողմից այնքան համարձակություն չունեցանք պարզապես խոստովանելու տիկնոջ ամուսնուն մեր սերը: Ի՛նչ պետք էր արած: Իմ դրությունը հետզհետե դառնում էր անտանելի: Այդ տանջանքից ազատվելու հնարը գտա միայն վարժապետությունիցս հրաժարական տալու մեջ: Թեև այդ խիստ ցավալի ներգործություն ունեցավ Սոնայի վրա, բայց ուրիշ ճար չկար, ես պետք է հեռանայի նրանից, պետք է հեռանայի, գուցե կարողանայի ազատվել նրա մոր որոգայթներից…
«Ես չմոռացա Սոնային և մոռանալ ևս կարող չէի, որովհետև նրա սիրո հետ կապված էր իմ կենդանությունը: Բայց ցավալին այն էր, որ օրիորդն այնուհետև եղավ ինձ անմատչելի. ես այլևս նրան տեսնել չկարողացա:
«Ամբողջ մի քանի շաբաթ ես նրանից տեղեկություն չունեի: Իմ անհանգստությանը չափ չկար: Ամեն օր անցնում էի այն լուսամուտի առջևից, որտեղից օրիորդը սովորաբար դեպի փողոցը նայել կսիրեր, բայց մի անգամ ևս չկարողացա տեսնել նրան:
«Իմ մտատանջությունն ավելի սաստկանում էր, ես հավատացրի ինձ, թե նա անպատճառ հիվանդացած պետք է լինի: Բայց ո՛րքան ուրախացա, երբ մի օր օրիորդի սպասուհին ինձ մոտ եկավ: Առաջին հարցմունքն, որ արեցի նրանից, էր Սոնայի առողջության մասին: Սպասուհին փոխանակ պատասխանելու, տվեց ինձ մի նամակ: Դա նրա գրածն էր: Ես երեխայի նման սկսեցի ուրախանալ: Աղախինը զարմանալով նայում էր ինձ վրա:
«Անհամբերությամբ աչքերս վազեցրի նամակի տողերի վրա, հանկարծ սարսափեցա, իմ բոլոր ուշադրությունը տրտմության փոխվեցավ:
«Ես ինձ հետ չունեմ այն գուժաբեր նամակը, պարոն բժըշկապետ, բայց մինչև այսօր, գուցե մինչև մահ նրա ամեն մի տողն անգամ ես չեմ մոռանա…
«Օրիորդը ցավալի կերպով նկարագրում էր այն դառն կսկիծն, որ պատճառեց նրան իմ բացակայությունն: Ավելացնում էր, որ բացի ինձանից ուրիշ մխիթարություն չունի, խիստ զգալի խոսքերով արտահայտում էր յուր սերը դեպի ինձ, և վերջ ի վերջո հայտնում էր, թե նրան սպառնում է մի մոտավոր վտանգ, որ կարող էր մեզ հավիտյան բաժանել միմյանցից…
«Ես բոլորովին մարեցա վերջին տողերը կարդալու միջոցին, իմ թևքերը թուլացան, և նամակն ընկավ իմ ձեռքից:
«Քառորդ ժամից հետո, երբ մի փոքր ուժ ստացա, կրկին վեր առա նամակը, կրկին կարդացի, կարծելով, թե իմ աչքերը խաբում էին ինձ: Եվ հիրավի, նամակի մեջ թողել էի մի քանի տողեր: Այն տողերի իմաստն ամբողջապես կհաղորդեմ ձեզ, պարոն բժշկապետ: – «Ա՜յս գիշեր, ա՜յս գիշեր, – գրում էր նա, – տասներկու ժամին ես կսպասեմ քեզ իմ սենյակում, ե՜կ, ազատի՜ր ինձ, աղախինս կառաջնորդե քեզ, եթե մի փոքր ուշանաս, եթե այս գիշեր չտեսնվինք, ես հավիտյան կորած եմ քեզ համար»…:
«Իմ սարսափը մի փոքր մեղմացավ այն հուսով, որ ես կրկին պետք է տեսնեի Սոնային: Նրա սպասուհի աղջկա հետ բոլոր պարմանները կապեցինք, որոշեցինք տեղն, ուր կարող էինք հանդիպել միմյանց: Նա հեռացավ, ես անհամբերությամբ սպասում էի նշանակյալ ժամին»:
Է
«Տասներկու ժամին քառորդ մնացած աղախինն ինձ սպասում էր իրանց տան անկյունումը: Ես գտա նրան բոլորովին ծպտյալ հագուստով: Դռների բանալիներն յուր հետ ուներ: Նա շատ զգուշությամբ ինձ ներս տարավ: Այդ բնակարանի բոլոր մուտքերն այնքան ծանոթ էին ինձ, մինչ ես խավարի մեջ գնում էի առանց վրիպելու: Վերջապես Սոնայի քնարանի դռանը հասա: Ես իմ մեջ այնքան ուժ չէի զգում նրան հանդիպելու, երբ երկու քնքուշ թևքեր փաթաթվեցան իմ վզով: Գիշերային ոգին ընկավ իմ գիրկն. նա յուր սենյակի դռանը հսկում էր իմ գալստյանը:
«Մենք ներս մտանք: Սոնայի քնարանը լուսավորված էր խիստ աղոտ լուսով:
«Իմ լեզուն, պարոն բժշկապետ, չէ գտնում այն կենդանի բառերն, որ կարողանամ նկարագրել այն բախտավոր րոպեն, երբ մյուս անգամ սիրուհիս իմ գրկումը գտա. – լաց, արտասուք, համբույր, ծիծաղ, բոլորը մի քանի վայրկյանում միախառնվեցան միմյանց հետ…
«Ամբողջ ամիս էր, որ ես չէի տեսել Սոնային, այդ միջոցում այնքան մաշվել էր նա, կարծես դեռ նոր էր բաժանվել հիվանդության մահճից:
– «Դու անգութ ես, Օսեփ, – ասաց նա, – դու ինձ հավիտյան կկորցնեիր, եթե ես կանչած չլինեի քեզ:
«Այդ խոսքերն արտասանեց նա այնպիսի մի ցավակցությամբ, որ կրակի պես այրեցին իմ սիրտն: Ես նայեցա նրա վրա, նրա դեմքը գունատ էր որպես մարմարիոն, և արտասուքով լցված աչքերը ներկայացնում էին տխրության ամբողջ մի օվկիանոս…
«Ես ոչինչ բառեր չգտա նրան պատասխանելու, միայն ապշած նայում էի նրա վրա և նրա փափուկ ձեռքերը թրջում էի իմ արտասուքով:
– «Ժամանակը խիստ թանկ է մեզ, Օսեփ, – ընդհատեց օրիորդը մեր մեջ տիրող լռությունն, – ես շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խոսենք այժմ մեր վիճակի վրա:
«Ես պատրաստվեցա նրան լսել: Մինչև այսօր իմ աչքի առջևն է նրա տխրամած և վշտահար դեմքը, թե որպիսի ցավալի կերպով նա պատմում էր բոլոր անցածն ամառանոցից դառնալուց հետո:
«Քո հեռանալուց հետո, – ասաց օրիորդը, – մայրս և հայրս ունեին առանձնակի խոսակցություններ, որոնք շատ անգամ նրանց մեջ հասնում էին տաք վիճաբանության: Այդ տևեց մի քանի օր: Վերջապես ես նկատեցի, որ նրանք հաշտվեցան: Երևում էր, հաղթանակը մնաց հորս կողմը, որովհետև նրանից հետո ես գտնում էի նրան սովորականից ավելի ուրախ: Այդ գաղտնիքն ինձ բոլորովին հայտնի եղավ, երբ մի օր հայրս ինձ յուր մոտ կանչեց: Այնտեղ ներկա էր և մայրս: «Սոնա, ասաց նա ինձ խիստ ծանր կերպով, դու գիտես որքան ես սիրում եմ քեզ, որքան մի հայր կսիրե յուր զավակը: Բայց մենք ունենք և մի ավելի բարձր սեր դեպի աստված, որ քո և մեր ամենի ստեղծողն է: Մեր պարտավորությունների կատարումը դեպի նա, բոլոր մարդկային պարտավորություններից ամենասրբազանն է: Լսի՜ր, Սոնա, այժմ ես ստիպված եմ քեզ հայտնել մի ընտանեկան գաղտնիք, որ մինչև այսօր քեզանից ծածուկ մնացած է: Մայրդ քո ծննդյան ժամանակ ամենասաստիկ երկանց մեջ ընկավ: Քաղաքիս բոլոր բժիշկները չէ կարողացան ազատել նրան: Վերջապես նա յուր հույսն աստուծո վրա դրեց և ուխտեց նրա առջև` եթե ծնունդն արու կլինի, նա խոստացավ մի վանքում ճգնավորության նվիրել, իսկ եթե աղջիկ կլինի, խոստացավ կուսանոցն ընծայել նրան, որ սուրբ աստվածածնին աղախին դառնա: Այդ ուխտը լսելի եղավ աստուծո աթոռի մոտ, և մայրդ ազատվեցավ: Այժմ, սիրելի Սոնա, կատարե քո որդիական պարտավորությունն և ազատիր մորդ հոգին այդ մեծ և ծանր պատասխանատվությունից»:
«Վերջին խոսքերն, ասաց օրիորդն, ինձ վրա այլևս լսելու ուժ չթողեցին, ես փաթաթվեցա հորս ոտքերով և սկսեցի իմ արտասուքով թրջել նրանց: Երկար նա աշխատում էր հեռացնել և մխիթարել ինձ, բայց հնարք չեղավ: «Ես սիրահարված եմ, ասացի նրան, իմ սիրտն ինձ չէ պատկանում, ես սիրում եմ Օսեփին:
«Մայրս, շարունակեց օրիորդը, քարե արձանի նման նայում էր այդ տեսարանին, մայրական սերը կարծես բոլորովին մեռած էր նրա սրտի մեջ: Հայրս ամենևին ուշադրություն չդարձրեց իմ արտասուք ու լացին, նրա մեջ ծնողական թե գութ, թե խիղճ – բոլորը հանգած էին… Երբ նա տեսավ յուր խրատներով չկարողացավ համոզել ինձ, բացարձակ հրաման արավ – «Քո ժամանակը լրացած է, դու պետք է կուսանոց գնաս»:
«Սարսափելով լսում էի ես օրիորդի խոսքերը և երևակայել չէի կարող մի այդպիսի բարբարոսություն:
«Այժմ ինչ պետք է արած, սիրելի Սոնա, – հարց արի նրանից, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից, որ պատճառել էր նրան յուր ցավալի պատմությունը:
– «Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, Օսեփ, ես բոլորովին շփոթված եմ, ես կմեռնեմ, եթե ինձ կուսանոց տանեն, ազատի՜ր ինձ, – ասում էր նա դառն կերպով լաց լինելով:
«Ես էլ չգիտեի, թե ինչ պետք էր անել, գնալ հոր մոտ, հայտնել նրան մեր սերը և աղաչել, որ փոխե մի այդպիսի բարբարոսական վճիռն, անկարելի էր, որովհետև ինձ հայտնի էր նրա խստասրտությունը: Գնալ մոր մոտ և մի կերպով գրավել նրան, որ չանե այդ բանը, դա նույնպես մի հուսալի վախճան չէր խոստանում: Երկար մտատանջությունից հետո ես ասեցի օրիորդին`
– «Ինչ որ առաջարկելու լինեմ, կընդունե՞ս:
– «Կընդունեմ, կընդունեմ, – պատասխանեց նա զգալի կերպով, – միայն ինչ որ ասելու ես, շո՜ւտ ասա, ինչ որ անելու ես, շո՜ւտ արա. ինձ ազատիր, եթե ոչ, երկուշաբթի օրն ես կուսանոցում կլինեմ:
«Ժամանակը խիստ կարճ էր, քանի օր միայն մնում էր մինչև երկուշաբթին: Ես առաջարկեցի օրիորդին նրա ազատության վերջին և ծայրահեղ հնարը:
«Մենք պետք է փախչենք, Սոնա, ուրիշ ճար չկա, – ասացի նրան:
– «Փախչենք, – կրկնեց նա, – ուր որ գնաս, քեզ հետ կգամ, մինչև աշխարհի ծայրը:
«Վերջին խոսքերն այնպիսի մի կրքով արտասանեց նա, որ օրիորդի աչքերում ես նկատեցի վրեժխնդրության բոցեր: Երբեք չէի տեսել ես Սոնային այնպես անձնավստահ և վճռական, որպես այն րոպեին: Կանացի տկարությունները, կարծես, կորուսել էին նրա մեջ իրանց թուլությունները, և նա ոգևորված էր մի վսեմ քաջասրտությունով, փշրելու և ջախջախելու շղթաներն, որոնք բռնաբարում են ընտանեկան ազատությունը և իրավունքը:
«Մեր մեջ ամեն պայման վերջացած էր, մենք որոշեցինք օրը, ժամը, երբ պետք է կատարվեր մեր փախուստը: Լուսաբացին ես հեռացա Սոնայի քնարանից:
«Բայց մենք շատ անփորձ էինք, մեզ չհաջողվեցավ այդ բախտը: Միևնույն գիշերը լրտեսեցին մեր բոլոր գաղտնիքը, և Սոնան նշանակյալ օրը կուսանոց տարվեցավ, իսկ մնացյալը ձեզ արդեն հայտնի է, պարոն բժշկապետ»…:
Ը
Երիտասարդն ավարտեց յուր պատմությունը: Բժշկապետն, որ ցավակցելով լսում էր նրան, բռնեց Արեսյանի ձեռքը, ասելով.
– Շնորհակալ եմ, պարոն, ձեր պատմության համար և շատ ցավում եմ, որ այդպես պատահել է: Ինձ տակավին հասկանալի չէ մի բան, թե ինչ էր գլխավոր շարժառիթն, որ ստիպեց օրիորդի ծնողներին նրան կուսանոցը տալ, արդյոք այն ո՞ւխտն էր, որ նրանք ուխտել էին սկզբում, թե այլ պատճառ:
– Այո՜, ուխտը: Գիտե՞ք, պարոն բժշկապետ, թե ինչ նշանակություն ունի կրոնական ուխտադրությունն այնպիսի մոլեռանդների համար, որպիսի էին օրիորդ Սոնայի հայրն ու մայրը: Այժմ ձեզ բավականին հայտնի է նրանց կեղտոտ անցյալն, իսկ նրա ներկան դարձյալ ազատ չէ նույն կեղտերից: Այսուամենայնիվ, նրանք համարվում են բարեպաշտ քրիստոնյաներ, նրանց պատվում է ամբոխն, որպես բարեխիղճ մարդերին: Նրանք կողոպտում են, նրանք հափշտակում են, նրանց ամեն մի արծաթը լի է հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով, բայց դրանք չեն երևում, այդպիսի չարագործությունները ծածկվում են բարեպաշտական կեղծ քողով: Նրանք խլում են աղքատի վերջին կոպեկը և այդ փողով մոմեր են վառում սուրբ պատկերների առջև: Նրանք հափշտակում են սրբերի պատառ հացը և կերակրում են քահանաներին: Նրանք սուտ երդումներ են անում, շողոքորթում են, բամբասում են, հայհոյում են, անեծքներ են թափում և նույն շրթունքներով աղոթում են աստուծո առջև, առանց զգալու իրանց սրտում խղճի խայթը: – Որովհետև թե առաջինն և թե վերջինն` երկուսն էլ նրանց սովորական բաներ են, կարծես թե, մինը մյուսին չէր արգելում:
– Բայց մի՞թե նրանք կարող էին այնպես անխիղճ լինել դեպի իրանց աղջիկը, գազաններն անգամ սիրում են իրանց ձագերին, – կտրեց բժշկապետն Արեսյանի խոսքը:
– Նախ, որ հայ ընտանիքներում աղջիկը սեփական կամք, զգացմունք չունի, նրա բոլոր գոյությունը պատկանում է ծնողներին, մանավանդ մի այդպիսի դեպքում, ուր հարցը բոլորովին կրոնական է: Կուսանոցը նվիրել յուր դուստրը, նրա կամքին ընդդեմ, միևնույն է, որպես նրանք իրանց անասուններից մինը նվիրում են այս կամ այն ուխտատեղին զոհվելու համար: Անասունի ողորմելի բառաչմունքն ոչինչ արգելք չէ կարող դնել նրա տիրոջ բարեպաշտական նպատակին, մանավանդ երբ մի այդպիսի վարմունքը շահում էր ամբոխի համակրությունը:
– Այժմ բոլորը հասկացա, – պատասխանեց բժշկապետը զարմանքով գլուխը շարժելով, – սարսափելի՜ մի զո՜հ, որ անագորույն հայրն նվիրում է յուր սնահավատությանը…
– Դուք բոլորը հասկացաք, պարոն բժշկապետ, – կրկնեց Արեսյանը, – բայց ես աշխարհի բոլոր անբախտներից թշվառագույնը կլինեմ, եթե օրիորդը չապրե:
– Այժմ պետք է մտածել նրա համար, – խոսեց բժշկապետը կանգնելով և նայեց ժամացույցին, ասելով. – դեռ տասներկուսը չկա, դուք կարո՞ղ եք ինձ առաջնորդել մինչև հիվանդի հոր տունը, – դարձավ նա դեպի Արեսյանը:
– Մեծ ուրախությամբ, – պատասխանեց երիտասարդը:
– Ուրեմն գնանք:
Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի հոյակապ տան հանդեպ: Բժշկապետը թողեց երիտասարդին կառքի մեջ, ինքը վայր իջավ և սկսավ քաշել դռան զանգակը: Քանի րոպեից հետո բժշկապետը ներս ընդունվեցավ: Շքեղազարդ դահլիճներից անցավ նա մինչև տանտիրոջ առանձնասենյակը: Նա նստած նույն ժամուն քրքրում էր յուր հաշվագրքերը: Տեսնելով յուր հյուրը, նրա վայրենի դեմքն ընդունեց մի կեղծյալ ժպիտ և խիստ քաղաքավարի կերպով խնդրեց նստել:
Մի քանի գծերով կարելի է այդպես նկարել այդ գազանի պատկերը. – նա մի հաստ մսեղեն կոթողի նման մարդ էր: Խնամքով ածիլած ուռած թշերը խոշոր ծալքերով միախառնվել էին դուրս ցցված ծնոտի հետ: Մեծ քիթն, որպես սովորաբար լինում են հայերի քթերն, յուր պատվավոր տեղն էր բռնել, իջանելով մինչև նրա ալեխառն բեղերն, որոնք ծածկել էին նրա գորշ-կապտագույն շրթունքը: Սև աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ: Առհասարակ նրա բոլոր կերպարանքը ներկված էր թուխ-դեղնագույն րանգով, որ տալիս էր նրա դեմքին ավելի սարսափելի բնավորություն: Նենգավորության կնիքը դրած էր նրա ճակատի վրա: Բժշկապետն առանց սպասելու հայտնեց յուր ով լինելն, ասաց, թե որպես նա գտնվել էր կուսանոցում և ինչ դրության մեջ գտել էր նրա աղջկան, մանրամասնաբար պատմեց բոլոր յուր լսածներն Արեսյան երիտասարդից:
Հիվանդի հայրն այդ բոլորը լսում էր, անհնարին սառնասրտությամբ յուր ձեռքերը տրորելով: Միայն երբեմն նրա վայրենի դեմքի վրա երևում էին անախորժ ցնցումներ, որոնք արտահայտում էին ներքին պատերազմը…
Բժշկապետն յուր պատմությունը վերջացրեց այդ խոսքերով. – Ես իբրև բժիշկ սուրբ պարտավորություն եմ համարում հայտնել ձեզ, պատվելի պարոն, որ դուք առանց ժամանակ կորցնելու պետք է հանեք ձեր աղջիկը կուսանոցից և անհապաղ ձեր տուն բերեք, ուր հույս ունեմ, որ կառողջանա նա, այնուհետև նրան յուր սիրած տղամարդուն տաք:
Մի քանի րոպե հիվանդի հայրը մնաց անորոշ դրության մեջ:
Բժշկապետը բոլորովին զարմացած էր նրա քարասրտության վրա: Ոչ մի կաթիլ արտասուք չերևաց նրա աչքերում, ոչ մի ցավակցության նշույլ չերևաց նրա սառը դեմքի վրա, չնայելով, որ բժշկապետը խիստ կարեկցական ձևով նկարագրեց նրա դստեր դրությունը:
– Այդ անկարելի է, – վերջապես ասաց նա ողորմելի ձայնով: – նախախնամության կամքին ընդդիմանալ ո՞վ կարող է: Եթե աստված վճռել է իմ աղջկան մեռնել, ո՞վ կարող է արգելք դնել օրհասին, եթե նրա օրը հասած չէ, նա առանց մեր հոգատարության ևս կապրե:
Զարմանալի բան է, որ այդպիսի գազաններն, որոնք իրանց կյանքում երբեք չեն մտածել աստուծո և երկնքի վրա, հանկարծ դառնում են ֆատալիստներ: Հիվանդի հայրն այնպիսի մի ջերմեռանդությամբ արտասանեց յուր խոսքերն, որ ստիպեց նրան մի քանի անգամ խաչակնքել յուր երեսն: Այդ բռնակալների հատկանիշն է` իրանց բարբարոսությունները ծածկել կրոնական քողով և խղճի խայթերը հանգստացնել նախասահմանության տնօրենությամբ…
Այդպիսի տիպերն, որոնց թիվը դժբախտաբար մեզանում խիստ շատ է, վաղուց ծանոթ էին բժշկապետին, և նա չկարողանալով այլևս յուր համբերությունը զսպել, ասաց նրան.
– Դուք ուրեմն կամենում եք սպանել ձեր աղջիկը:
– Նրա կյանքը և մահն աստուծո ձեռքումն է, – պատասխանեց նա ավելի սառնությամբ:
– Գա՜զան, – կոչեց բժշկապետը կանգնելով, – քեզանում մեռած են՝ որպես մարդկային գութը, նույնպես հայրական սերը: Բայց ես իբրև բժիշկ ամենայն իրավունք ունեմ նրան դուրս հանել յուր սպանդանոցից:
Բժշկապետը հեռացավ: Հիվանդի հայրն յուր հոգու բոլորովին անվրդով տրամադրությամբ շարունակեց քրքրել յուր հաշվագրքերը…
Թ
Երբ բժշկապետը դուրս եկավ, Արեսյանն անհամբերությամբ հարցրուց. – արդյոք հաջողվեցա՞վ… Բայց նկատելով Խորենյանի վրդովված դրությունը էլ չսպասեց պատասխանի: Բժշկապետը հրամայեց քշել կառքը:
Քառորդ ժամից հետո նրանք հասան կուսանոցի դռանն, առանց սպասելու ներս մտան և իսկույն գնացին հիվանդի խուցը: Խիստ աղոտ ճրագով լուսավորված էր այն սենյակը, մի պառավ միանձնուհի նիրհում էր հիվանդի մահճակալի մոտ:
Բժշկապետը մոտեցավ օրիորդին, տաքությունն անցել էր արդեն: Նա դրած էր յուր մահճի մեջ, որպես սառն մարմարիոն: Շնչառությունը թույլ կերպով բարձրացնում էր նրա մաշված կուրծքը: Երիտասարդ Արեսյանը, տեսնելով թառամած և դալկացած գեղեցկությունը, սոսկաց, նրա աչքերի առջև սևացավ, ոտքերը դողացին, – աստված իմ, կոչեց նա, հազիվհազ յուր թուլացած գլուխը վեր թողեց սիրուհու կուրծքի վրա: Երկար այնպես գրկած ուներ նրան: Բժշկապետն աշխատում էր արգելել երիտասարդին, որ նա չվրդովե հիվանդի հանգստությունը, բայց ամենևին չկարողացավ բաժանել նրանից:
Հիվանդը բաց արավ նվաղած աչքերը և ճանաչեց նրան: «Ա՛խ, Օսեփ ջան», կոչեց նա և նրա տկարացած թևքերը կարծես նորից զորություն ստացան, և փաթաթվեցան երիտասարդի վզով: Երկար օրիորդը ճնշած ուներ նրա գլուխն յուր կուրծքի վրա: Կրկին խառնվեցավ նրա երևակայությունը: «Ա՛խ, Օսեփ ջան, – կրկնեց նա, – ազատիր ինձ, տա՜ր ինձ»… Ասում էր նա յուր տենդային ջերմության մեջ:
Կրկին տիրեց լռությունը: Մարած ճրագի վերջին պլպլոցը հանգավ…
Բժշկապետը շոշափեց հիվանդի երակը և ասաց սարսափելով. – Ամեն ինչ վերջացած է…
Նա հեռացրեց անբախտ երիտասարդին անշնչացած դիակից: Հետո առեց Արեսյանին յուր կառքի մեջ: Կառքը սլացավ, երիտասարդը կրկնում էր անդադար` «Սոնա՜ ջան, Սոնա ջա՜ն, փախչենք, գնանք, ես կազատեմ քեզ…»:
Խղճալին ցնորքների մեջ էր:
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.