Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 13


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 13 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +
Զ. ԸՆԿԱ ԾՈԻՂԱԿԻ ՄԵՋ

Ես վճռեցի երբեք չվերադառնալ քավոր Պետրոսի մոտ։ Երեք օր էր, հորս խրճիթից դուրս չէի եկել։ Ես դատապարտված էի նույն վիճակին, որպես Նենեն՝ չերևալ խաչագողներին մինչև այստեղից հեռանայինք։

Բոլոր ժամանակը ես և հայրս զբաղված էինք ճանապարհի պատրաստություններով։ Նենեն շատ ուրախ էր, անդադար շտապեցնում էր մեզ. «Գնա՜նք, գնա՜նք, ասում էր, հեռանանք այստեղից»։ Պառավը նույնպես տխուր չէր երևում, նա շուտով հաշտվեցավ հորս հետ բաժանվելու մտքի հետ, երբ իմացավ, որ նա մի հեռու երկրում կին ունի, զավակներ ունի և ցանկանում էր, որ ծերունին գնա իր ընտանիքը ուրախացնե։ Հայրս իր խրճիթը բոլոր պարագայով թողնում էր պառավին։

Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհի համար, մնում էր գրաստներ վարձել, տեղափոխվել մինչև մերձակա քաղաքը և այնտեղից փոստային սայլակներով առաջ գնալ։ Չորրորդ օրը վաղ առավոտյան ես ուղևորվեցա դեպի մոտակա գյուղը գրաստներ վարձելու համար։

Դուրս գալով հորս խրճիթից, զգում էի իմ մեջ մի անբացատրելի խաղաղություն, իմ սիրտը լցված էր անսահման ուրախությամբ, ես ինձ բախտավոր էի համարում և գոհ։ Կարծես թե ես ազատված լինեի խիստ ծանր շղթաներից, որ հարաժամ ճնշում էին, հարաժամ տանջում էին ինձ։ Այո , ես ազատված էի քավոր Պետրոսի կապանքներից, ազատված էի մի անբարոյական շրջանից...

Որպես մի մարդ, որ դեռ հազիվ զգաստացել է իր կատաղի արբեցությունից, ես մտաբերում էի իմ սարսափելի անցյալը... տեսնում էի աքն խորին անդունդը, լցված ամեն տեսակ ապականություններով, ուր բարոյապես ընկած էի ես... Ո՞վ դուրս հանեց ինձ այնտեղից՝ Նենեն և հայրս։ Հայրս սովորեցրեց լինել բարի, իսկ Նենեն սովորեցրեց սիրել...

Նախախնամության մատն էի տեսնում այդ բոլոր դեպքերի մեջ, որ առիթ տվին ինձ ազատելու Նենեի կյանքը և հանդիպելու հորս։ Թե՛ առաջինը և թե՛ վերջինը առաջնորդեցին ինձ դեպի ուղղություն։ Եթե Նենեն չլիներ, ես առիթ չէի ունենա հորս տեսնելու, իսկ եթե հորս չտեսնեի, ես գուցե միշտ կմնայի խաչագողների խմբի մեջ...

Դեռ արևը չէր ծագել, դեռ տիրում էր վաղորդյան մռայլը։ Գնալով դեպի մոտակա գյուղը, ես իմ գլխում կազմում էի մի գեղեցիկ ծրագիր մեր ապագայի մասին։ Ես պատկերացնում էի սիրելի հայրենիքը... իմ և հորս վերադարձը... մորս և քույրերիս ուրախությունը... և մեր խաղաղ ու հանգիստ կյանքը հայրենական օջախի կողքում...

Բայց ինձ տանջում էր մի ամենադժվարին հարց, թե ի՞նչ պետք էր անել Նենեի հետ։ Ես գիտեի, որ նա ինձանից չի բաժանվի, ես զգում էի, որ նրան թողնել չեմ կարող... Այդ հարցը երկար զբաղեցնում էր իմ միտքը, երկար ես տարուբերվում էի զանազան մտածությունների մեջ։ Իմ սիրային ասպարեզում միմյանց հետ մրցում էին երկու էակներ՝ Նենեն և Սառան։ Որի՞ն պետք էր ընտրել...

Ճանապարհը, որ տանում էր դեպի մոտակա գյուզը, պետք է անցներ այն ձորի միջով, ուր գտնվում էր խաչագողների բնակարանը։ Այղ պատճառով ես որոշել էի արևածագից առաջ, առավոտյան մթության պահուն անցնել այնտեղից, որպեսզի նկատելի չլինեմ։

Դեռ բավական մութն էր, երբ հասա այնտեղ, բայց իմ ուշադրությունը գրավեցին որոտման խուլ ձայներ, կարծես թե արձակում էին ատրճանակներից, ես կանգնեցա։ Ձայները լսվում էին ուղիղ այն կողմից, որտեղ գտնվում էր նրանց բնակարանը։ Հետաքրքրությունը մոլորեցրեց ինձ։ Ես բարձրացա մի բլուրի վրա, սկսեցի այնտեղից նայել։ Իմ առջև բացվեցավ մի հրեղեն լճակ։ Ամբողջ ձորը վառվում էր կրակի մեջ։ Հրդեհը խաչագողների բնակարանից տարածվել էր անտառի մեջ։ Ամառային տոթից ցամաքած ծառերը այրվում էին։

Կրակի բոցերը դուրս էին հոսում խաչագողների բնակարանից և տարածում էին նրա շուրջը սարսափելի լուսավորություն։ Միլիոնները այրվում էին։ Մի կողմում ածած էին թղթերի կիսավառ կապոցները։ Հրդեհը ոչնչացնում էր կեղծ գործի կեղծ արդյունքը։

Հրդեհի լուսավորության միջից երևում էին զինված մարդիկ, որոնք կարծես թե խուզարկություններ էին անում։ Ոմանք կալանավորված էին, շղթաների մեջ պահված էին, ոմանք փախչում էին։ Անտառի մեջ հետամուտ էին լինում, որոնում էին փախստականներին։ Մթության մեջ ընդդիմադրություններ էին կատարվում, այդ ժամանակ լսելի էր լինում ատրճանակների ձայնը։

Ի՞նչ էր պատահել։ Ինչ էլ որ լիներ, այդ սոսկալի տեսարանը մի լավ թան չէր գուշակում։ Ես մտածեցի հեռանալ։ Այդ միջոցին լուսավորությունը ավելի տարածվեցավ, կարծես, ամբողջ հորիզոնը վառվում էր կրակի մեջ։ Այժմ միանգամից բոցավառվելով, այրվում էին չոր խոտի դեզերը, որ խաչագողները հավաքել էին իրանց ջորիների համար։ Լուսավորությունը հասնում էր մինչև այն բլուրը, որի գագաթին կանգնած էի ես, իմ պատկերը մի անշարժ արձանի նման նկարված էր բլուրի բարձրության վրա։ Ստորոտից լսելի եղավ մի ձայն,

– Դա էլ մեր ընկերն է...

Իսկույն վրա հասան մի քանի զինված մարդիկ և կալանավորեցին ինձ։ Եղելությունը արդեն հայտնի եղավ ինձ. ես ընկա ծուղակի մեջ...

Խաչագողը, որ մատնեց ինձ, միևնույն անձն էր, որին կոչում էին «էշի ականջ»։ Նրան փախչելու ժամանակ ճանապարհից բռնել էին և ետ էին բերում։ Այդ մարդը հայտնի էր ամբողջ խումբի մեջ իր վատություններով։ Ես դարձա նրան, ասելով,

– Չե՞ս ամաչում...

– Դու պիտի ամաչես, – պատասխանեց նա լրբաբար, – Դու մատնեցիր մեզ, և կարծում էիր, թե ինքդ ազա՞տ կմնաս...

– Ե ս մատնեցի ձեզ...

– Այո՛, դու, ապա ո՞վ։ Դու խաբեցիր մեզ, դու հեռացար մեզանից, դու թաքնվեցար ծերունի ձկնորսի խրճիթում, որտեղ թաքցրել էիր և այն աղջկան, որին հանձնել էին քեզ սպանելու համար...

– Այդ դու որտեղի՞ց գիտես։

– Ես երկու ամբողջ գիշերներ խավարի միջից, ձկնորսի խրճիթի լուսամուտներից նայում էի ձեզ վրա... և այդ հրդեհը պիտի կատարվեր այնտեղ... և ձեզ բոլորիդ պիտի այրեինք կրակի մեջ... բայց դու, անպիտան, ավելի ճարպիկ գանվեցար մեզանից... մի քածի համար մատնեցիր մեզ...

Ես ոչինչ չպատասխանեցի, ինձ ավելի ծանր էր լսել նրա հայհոյանքները և անպատիժ թողնել նրան, քան թե այն կապանքները, որ այդ րոպեում կաշկանդել էին ինձ։ Սկսեցին մեզ տանել դեպի խաչագողների բնակարանի կողմը։

«էշի ականջի» խոսքերից երևաց, որ իմ բացակայությունը կասկածանքի մեջ էր ձգել ընկերներիս, նրանք սկսել էին որոնել ինձ և գտել էին ձկնորսի խրճիթում։ Նենեին կենդանի տեսնելը ավելի շփոթեցրել էր նրանց, մանավանդ քավոր Պետրոսին, որին ես Հավատացրել էի, թե սպանել եմ այդ աղջկան։

«էշի ականջին» հանձնված էր եղել գաղտնի հսկել իմ գործողությունների վրա, տեղեկություններ հավաքել, մինչև ընկերությունը կպարզեր այղ մթին և կնճռոտ հարցը և կտար իր վճիռը իմ մասին։ Բայց ես ինչո՞վ էի առիթ տվել նրանց մտածելու, թե ես եմ մատնել նրանց՝ այդ ես հասկանալ չկարողացա։

Արեգակը իր առաջին ճառագայթները խառնեց հրդեհիբոցերի հետ, երբ մեզ հասցրին խաչագողների բնակարանիմոտ։ Երևում էր, որ իրանք, խաչագողները, կրակ էին տվելայդ բնակարանին, որպեսզի մոխրի մեջ անհետացնեն իրանց արհեստի նշանները։

Երբ բոլորովին մոտեցա, տեսնում եմ՝ խաչագողներից մի քանիսը շղթայակապ պահվում են զինվորների ձեռքում։ Ամբողջ ձորը շրջապատված էր բազմաթիվ պահապաններով։ Այսուամենայնիվ, մի քանիսին հաջողվել էր փախչել, թեև ոստիկանությունը վրա էր հասել այն ժամանակ, երբ բոլորը դեռ քնած էին։

Քավոր Պետրոսը նույնպես կալանավորների թվումն էր» նա խիստ անխռով կերպով կանգնած էր իր շղթաների մեջ և նույնպես հպարտ էր, որպես միշտ։ Առաջին անգամ չէր, որ նրա հետ պատահում էին այսպիսի «խաղեր»։ Նա իր կյանքում գուցե հարյուր անգամ գործ էր ունեցել ոստիկանության հետ։ Երբ տեսավ ինձ, խիստ դաժան կերպով նայեց իմ վրա և ոչինչ չխոսեց, բայց ես նրա թունավոր հայացքի մեջ կարդացի այդ խոսքերը. «Դու էլ, Մուրադ, դավաճանեցիրինձ...»:

Խուղարկությունը անտառի մեջ տևեց մինչև կեսօր, խաչագողներից ոմանք տնակի ստորերկրյա գաղտնի ճանապարհներով դուրս էին եկել և անհետացել էին ծառերի ու թուփերի մեջ։ Նրանց գտնել չկարողացան։ Կալանավորների թիվը, բացի ինձանից, չորս հոգի էին։

Հրդեհը արդեն բոլորովին լափել էր այն բնակարանը, որ մոտ մի տարի եղել էր կենտրոն սարսափելի չարագործությունների։ Երբ ամեն ինչ վերջացած էր, մեզ սկսեցին տանել դեպի մերձակա քաղաքը։ Մի բան, որ իմ կորստյան այն դառն ճգնաժամում մտաբերեցի ես, էր Նենեն։ Խե՜ղճ աղջիկ, դու դարձյալ մնացիր անտեր..»

Երկյուղը և հուսահատությունը, որ այսպիսի դեպքերում տիրում են հանցավոր սրտին, ինձ բոլորովին զգալի չեղան։ Կարծես թե ես համոզված էի, թե հարկավոր էր, որ այսպես լիներ, թե այն ճանապարհը, որ ես բռնել էի, ինձ պետք է հասցներ մինչև այստեղ, թե ես պետք է պատժվեի և իմ տանջանքներով քավեի իմ գործած մեղքերը...

Երեք օրից հետո մեզ հասցրին մերձակա քաղաքը և փակեցին բերդի մեջ։ Գիշեր էր։ Բանտի մի անկյունում, թեք ընկած հարդի վրա, հեռու իմ ընկերներից, տխուր մտածությունների մեջ տանջվում էի ես։ Հազիվհազ ինձ համար ծագեց կյանքի մի նոր առավոտ, հազիվհազ ինձ ազատված էի համարում մի անբարոյական հասարակությունից, հազիվհազ սկսվում էր ինձ համար արդար ապրուստի մի նոր եղանակ, և ահա տխուր հանգամանքները ինձ ձգեցին մի նոր դժբախտության մեջ։ Ինչո՞վ կվերջանար այղ, ես չգիտեի, բայց համոզված էի, որ ես ընդերկար պիտի բաժանված մնամ սիրելի ծնողներից, սիրելի բարեկամներից, և ես գուցե մյուս անգամ չպիտի կարողանամ տեսնել Նենեին։

Այդ մտածությունների մեջ էի ես, երբ իմ ընկերները, բանտի մի այլ կողմում խումբով նստած, թուղթ էին խաղում, ծիծաղում էին, հանաքներ էին անում, կարծես թե իրանց տանը լինեին։ Քավոր Պետրոսը նրանց մոտ էր. նա չէր խաղում, բայց նայում էր նրանց խաղի վրա։ Նա րաժանվեցավ խմբից և մոտեցավ ինձ։

Մի մարդու թե՛ բարոյական և թե մարմնական տգեղությունները այնքան նշմարելի չեն լինում, երբ նայում ես նրանց վրա բարեկամի աչքով։ Բայց երբ սկսեցիր ատել նրան, այն ժամանակ միայն հայտնվում է նա իր բոլոր այլանդակությամբ։ Այսպես ներկայացավ ինձ քավոր Պետրոսը, երբ մոտեցավ իր սովորական սառնությամբ։

– Դու քեզ վա՞տ ես զգում, – Հարցրեց նա։

– Ոչ, – պատասխանեցի ես։

– Ապա ինչո ւ ես այդպես տխուր։

– Բանտում ուրախ չեն լինում։

– Այդ իրավ է, բայց տխրելն էլ թուլասրտության նշան է:

Նա նստեց իմ մոտ և սկսեց զանազան խրատներ տալ։

– Չվախենաս, Մուրադ, այդպիսի դեպքեր շատ են պատահում մեզ հետ։ էգուց շատ կարելի է սկսվի մեր քննությունը, դու պետք է չհայտնես քո իսկական անունը, քո հայրենիքը և ի՛նչ ազգի կամ ի՞նչ դավանության պատկանելը։ Ընտրիր քեզ համար մի կեղծ անուն, ձևացրու քեզ ուրիշ ազգից և ուրիշ երկրից։ Ուրացի՛ր ինչ մեղադրանք որ կդնեն քեզ վրա. այնուհետև քո ազատվելը դժվար չի լինի։

Ես պատասխանեցի խորին զզվանքով.

– Որքան խաբեցի, որքան սուտ խոսեցի, բավական է։ Ես այսուհետև պետք է ճշմարիտը խոսեմ։

Նա սկսեց զարմացած կերպով նայել իմ երեսին։

– Ի՞նչ է պատահել քեզ հետ, գժվե՞լ ես, ի՞նչ է։

– Ես այժմ ավելի խելացի եմ, քան թե երբեք։

– Դու կամենում ես կորցնե՞լ քեզ։

– Ես այն օրից կորա, երբ սկսեցի հետևել քո խրատներին ։

Այժմ նրա դեմքի վրա երևացին բարկության նշաններ։ Բայց շուտով անցավ բարկությունը և ցավակցական եղանակով խոսեց նա.

– Ես չէի հավատում, Մուրադ, և հիմա էլ չեմ հավատում այն կասկածանքին, որ քո ընկերները ունեցան քո մասին, իբր թե դու, առանց որևիցե պատճառի, հեռացար նրանցից և մատնեցիր նրանց։ Բայց ես հավատում եմ մի բանի, որ այժմ քո խելքը իր տեղումը չէ, ես նկատում եմ քո մեջ խելագարության նշաններ։ Դու այլևս այն չես, ինչ որ էիր առաջ։

– Այդ իրավ է, ես այժմ այն չեմ, ինչ որ էի առաջ, և այդ ապացույց է, որ այժմ իմ խելքը իր տեղումն է, իսկ առաջ խելագար էի։

Նա կրկին զայրացավ, ասելով.

– Ողորմելի՜, ո՞վ փչեց հիմա գլխումդ այդ ցնորքները։ Դու կարծում ես, որ ես այժմ չգիտե՞մ, թե ի նչպես մի թափառական աղջկա համար խաբեցիր ինձ։ Նրա սերը խելքից հանեց քեզ, և դու վճռեցիր բաժանվել քո բարերարից, որ այնքան տարի իր որդու պես սնուցել էր քեզ։ Հայց աստված պատժեց քեզ քո ապերախտության համար, քո ճանապարհը կրկին դարձրեց դեպի մեր կողմը, որ այդ բանտին, այդ շղթաներին մասնակից լինես և դու։

– Այդ բանտը, այդ շղթաները իմ հին մեղքերի համար է, – պատասխանեցի ես։ – Բայց եթե ես գործել եմ իմ կյանքում մի բարի գործ, այդ այն է, որ ես խաբեցի քեզ և չկատարեցի քո պատվերը զրկել կյանքից մի անմեղ աղջկա։

– Որին դու սիրեցիր։

– Այո՛։

– Որը մեր բոլորին մատնեց։

– Այդ սուտ է, այդ զրպարտություն է։ Նա չէ մատնել ձեզ։

Նա պատասխանեց ինձ ավելի հանդիմանական եղանակով.

– Ինչո՞ւ ես խաբում ինձ, դու մի քանի րոպե առաջ ասում էիր, որ այլևս սուտ չի պիտի խոսես։ Միթե քեզ հայտնի չէ , որ այն աղջիկը սպառնացել էր մատնել ամբողջ ընկերությունը, այդ պատճառով էլ վճռել էին սպանել տալ նրան։ Մի դիպվածով դու նրա կյանքը ազատեցիր և դրանով միջոց տվեցիր նրան կատարելու իր վրեժխնդրությունը։

– Բոլորովին սխալ է ձեր ենթադրությունը, – պատասխանեցի ես։ – Զեզանից բաժանվելուց հետո, եթե դուք ինձ հանձնե՛լ էիք «էշի ականջին» լրտեսել իմ գործողությունները, այն ևս պետք է լավ հայտնի լինի ձեզ, որ այն աղջիկը ձկնորսի խրճիթից ոչ մի տեղ չի հեռացել, ուրեմն և չէր կարող մատնել ձեզ։

– «էշի ականջը» գտավ քեզ ձկնորսի խրճիթում քո բացակայությունից երկու օր հետո, նա չէր կարող տեղեկություններ հավաքել, թե մինչև այնօր թե դու, և թե այն աղջիկը ի՛նչպես էիք անցուցել։

Մեր վիճաբանությունը քավոր Պետրոսի հետ տևեց երկար, ես դարձյալ չկարողացա համոզել նրան, թե Նենեն մեղավոր չէր մատնության գործի մեջ։ Հանգամանքները ինքնըստինքյան այնպես էին կազմվել, որ Նենեի կարծիքական վարմունքը հավանական էին դարձնում։ Այդ անբախտ աղջիկը ընկել էր խաչագողների ձեռքը, նրան չարչարել էին. նա սպառնացել էր, եթե իրան բաց չթողնեն, կմատնե նրանց, այդ երկյուղը առիթ էր տվել խաչագողներին սպանելու նրան, ես։ Ազատեցի նրա կյանքը, և մի քանի օրից հետո կատարվեցավ մատնությունը, խաչագողներին կալանավորեցին։ Այլևս ո՞ւմ վրա կարող էին նրանք կասկած ունենալ, եթե ոչ կա՛մ իմ, կա՛մ Նենեի վրա։ Քավոր Պետրոսը, թեև չէր հավատում, որ ես կդավաճանեի նրան, այնուամենայնիվ, նա ինձ բոլորովին արդար չէր համարում, հայտնելով նույն միտքը, որ եթե ես նրա հրամանը կատարած լինեի և Նենեին սպանած լինեի, այնուհետև այդ դժբախտությունը տեղի չէր ունենա։ Նրա բարկությանը չափ չկար, թե ինչպե՞ս ես համարձակվեցա խաբել նրան։ Բայց այդ բարկությունը մասամբ մեղմանում էր, երբ նա ի նկատի էր առնում իմ սիրահարությունը, որը նրա կարծիքով մինչև խելագարության էր հասցրել ինձ։ Բայց նա, որպես երևում էր, դեռ չգիտեր հորս հետ իմ հանդիպելը, եթե հայտնեի, գուցե կփարատեր թե նրա և թե ընկերներիս կասկածը իմ անհավատարմության մասին։ Քավոր Պետրոսը ներող էր, երբ իրավացի փաստեր էին ներկայացնում։ Բայց ես այլևս փույթ չունեի իմ անձը արդարացնելու նրա առջև։ Նա հեռացավ, հետևյալ խոսքեքը ասելով,

– Օրենքի դատապարտությունից ավելի հեշտ է ազատվել քեզ, բայց ես չգիտեմ, ինչպե՞ս դու պիտի ազատվես քո ընկերների վրեժխնդրությունից...

Այդ խոսքերը սարսափելի էին, սարսափելի էին ավելի այն պատճառով, որ դուրս էին գալիս մի խաչագողի բերանից։ Բայց ես լսեցի խորին արհամարհանքով, և այդ ավելի վիրավորեց նրան։ Այդ անգութ մարդը դեռ սիրում էր ինձ, թեև թաքցնում էր իր սերը, դեռ մտածում էր իմ մասին, դեռ հոգ էր տանում իմ վրա։ Ես տեսա, թե ի՛նչպես նա վշտացած կերպով հեռացավ, գնաց նստեց բանտի մի մթին անկյունում և, գլուխը քաշ գցած, տխուր մտածությունների մեջ ընկավ։ Մի՞թե նա զգում էր, որ ես նրա դաստիարակության թշվառ զոհն էի...

Երբեք չէր պատահել, որ ես այնպիսի համարձակությամբ խոսեի քավոր Պետրոսի հետ, որպես այն գիշեր։ Կարծես թե հանցավորի կապանքները մի տեսակ ազատություն են շնորհում նրան։ Շղթաների մեջ թե՛ մեծավորը, և թե՛ ստորադրյալը հավասար իրավունք են վայելում։ Մեր վիճաբանությունը թեև խիստ տաք էր, բայց անցավ հանդարտ կերպով, այնպես, որ մեր մյուս ընկերները, որոնք զբաղված էին թղթախաղով, ոչինչ չլսեցին։ Այժմ նրանք վերջացրել էին իրանց խաղը և սկսել էին միմյանց հետ զանազան հանաքներ անել։ Ւնձ վրա ուշադրություն անգամ չէին դարձնում։ Ես խորին զզվանքով լսում էի նրանց զվարճությունները։

– էգուց կսկսվի մեր հարսանիքը, – Ասում էր մեկը, հիշեցնելով քննության սկսվելը։

– Տո՛, Հարո, այդ քանիերո՞րդ անգամն է, որ ոտներդ հագնում ես այդ զանգուլակները, – Հարցնում էր մի մանկահասակ խաչագող ծերունի ընկերից, ցույց տալով նրա շղթաները։

– Սատանան գիտե, մոռացել եմ հաշիվը, – պատասխանում է ծերունին ինքնաբավական ժպիտով։

– Դու նրանից այդ հարցրու, թե քանի՞ անգամ փախել ես «կարմիր տնից», – մեջ մտավ մի կարճահասակ խաչագող։

«Կարմիր տունը» կոչում էին նրանք Սիբիրը։

– Այդ հարցնելու հարկ չկա, – պատասխանեց առաջինը, – չե՞ս տեսնում, հաշիվը ճակատի վրա գրած է, երկու դրոշմ, կնշանակե երկու անգամ։

– Այս անգամ երրորդ դրոշմը կդրվի, – պատասխանեց ծերունի Հարոն, շարունակելով իր ժպիտը.– երե՜ք դրոշմ, վատ չէ, խորհրդավոր թիվ է։

Այդ ժամանակ դեռ գործադրվում էր այն օրենքը, որ աքսորականների ճակատի վրա դրոշմ էին դնում։

– Ապա դու ինչպե՞ս փախար բերդից, – Հարցրեց մեկը իր ընկերից, որին կոչում էին Զաքո։

– Այդ ի՞նչ մի զարմանալու բան է, – պատասխանեց Զաքոն, – շատ հեշտ կերպով։ Ինձ դրեցին բերդը։ Ընկերս, որ ավելի հանցավոր էր, քան թե ես, չբռնվեցավ։ Նա իր հագուստն ու կերպարանքը փոխեց և, իրան ձևացնելով իմ ազգական, թույլ տված օրերում գալիս էր ինձ տեսության։ Ամեն անգամ բերում էր ինձ համար սպիտակ հաց և այլ ուտելիքներ։ Վերջապես հասավ զատկի տոնը։ Այդ տոնը կալանավորների վրա թափում է իր ողորմությունը։ Բարեպաշտ մարդիկ իրանց տան պատրաստությունից նրանց համար բաժին են ուղարկում։ Այդ տոնին չմոռացվեցա և ես։ Ընկերս բերեց ինձ համար մի ամբողջ հաց և սառը փլավ։ Աքդ երկրի հացերը, փառք աստծո, մեր բարակ և թափանցիկ լավաշները չեն, նրանք այնքան ահագին են, որ ամեն բան կար՛ելի է նրանց մեջ թաքցնել։ Հացի մեջ դրած էր փոքրիկ սղոց և աբրեշումի երկայն պարան։ Առաջինը բավական էր բանտի լուսամուտներից մեկի երկաթյա վանդակապատը կտրելու, իսկ երկրորդով այնտեղից ցած իջնելու։

– Իսկ պահապանները չնկատեցի՞ն։

– Զատկի տոնին մի՞թե կարելի է մի պահապան գտնել, որ հարբած չլինի։

Այս տեսակ խոսակցություններ տևեցին մինչև կեսգիշեր։ Ես այլևս լսել չկարողացա։ Մի կողմից հոգնածությունը, մյուս կողմից հոգեկան տանջանքը այն աստիճան թուլացրել էին ինձ, որ երկար արթուն մնալ չկարողացա։

է. ՆԱ ԻՆՁ ՉԹՈՂԵՑ

Անցել էր ավելի քան մի տարի այն օրից, որ ես կալանավորվեցա, որ ես բանտում մաշվում էի։

Հենց առաջին անգամ, երբ տարվեցա քննիչի մոտ, ես պարզ կերպով խոստովանեցա բոլորը, ինչ որ գործել էի։ Ես ոչինչ չթաքցրի, ես մինչև անգամ ցույց տվի այն բաները, որ ինձանից չէին հարցնում։ Ես միըստմիոջե պատմեցի, թե ի՜նչպես անմեղ սրտով դուրս եկա հայրենիքից, ի՛նչպես ընկա խաչագողների հասարակության մեջ, ի՜նչպես հետզհետե ընտելացա չարագործության, ինչե՛ր արեցի, ինչե՛ր կատարեցի և վերջապես ո՛րպես հորս խրատով բաժանվեցա այդ հասարակությունից և պատրաստվում էի բոլորովին հեռանալ նրանցից, բայց հանկարծ բռնվեցա։

Ամեն ինչ անկեղծաբար պատմելուց հետո, ես հույս ունեի, որ կարդարացնեն ինձ, տեսնելով, որ ես բոլորովին անգիտակցաբար ընկած էի այդ հանցանքների մեջ, և ի նկատի առնելով, որ ես արդեն զղջացել էի իմ մեղքերը, հասկացել էի իմ մոլորությունները և դարձել էի չար ճանապարհից։

Բայց այնպես չեղավ, ինչպես ես սպասում էի։ Իմ անկեղծ խոստովանությունը ավելի ծանրացրեց իմ վրա իմ մեղքերը։ Ես ինքս ինձ համար վկա դարձա և հաստատեցի իմ հանցանքները։ Ւմ զղջման վրա ուշադրություն չդարձրին, մտածեցին միայն ապաշխարության մասին։

Մի քանի ամսից հետո քաղաքի բարձր դատարանում կարդացին իմ դատապարտության վճիռը։ «Զրկել ամեն իրավունքներից, աքսորել մինչև մահ տաժանական աշխատությունների մեջ»...

Ես շատ տխրեցա, երբ լսեցի այդ վճիռը, չներել հանցավորին, որ արդեն զղջացել էր, որ արդեն ուղղվել էր։ Բայց ո՞վ է քննում մարդու սիրտը։ Նա այնպիսի մի խորության մեջ թաքնված է, որ ամենասրատես դատավորի աչքն անգամ այնտեղ թափանցել կարող չէ։

Իմ ընկերները նույնպես աքսորանքի դատապարտվեցան, բայց նրանք այնպես տխուր չէին, որպես ես, նրանք ավելի զայրացած էին երևում, քան թե տրտում։

Շրջապատված զինվորներով, դատարանից կրկին տարան ինձ բանտը։ Երբ հասցրին բերդի դռանը, դեռ ներս չմտած, իմ ետևից մի ճիչ, մի ցավալի աղաղակ բարձրացավ։ «Ես պետք է տեսնեմ նրան... մի՞թե դուք գութ չունեք... մի՞թե դուք աստված չունեք... մարդիկ, ինչո՞ւ են արգելում ինձ... ես պետք է տեսնեմ նրան... թողե՜ք, որ տեսնեմ նրան»...

Ես ետ նայեցա։ Այդ խոսքերը լսվում էին մի աղջկա բերնից, որ պատառոտած հագուստով, հերարձակ, այս կողմ և աքն կողմն է։ր ընկնում, աշխատում էր պատռել զինվորների շարքը և մոտենալ ինձ։ Պահապանները հրացանների սվիններով հեռացնում էին նրան, բայց նա դարձյալ առաջ էր մղվում։

Որքան և խռովության մեջ լինեի այն րոպեում, որքան և իմ գլուխը և խելքը ինձ չէին պատկանում, այսուամենայնիվ, այն սրտաշարժ պատկերի մեջ ես ճանաչեցի Նենեին։ Խե՜ղճ աղջիկ, որտեղի՞ց հայտնվեցավ նա...

Նրա աղաղակից դուրս եկավ բանտապահը։

– Դարձյալ այն ցնորված աղջիկն է, – Ասաց նա և հրամայեց հեռացնել։

Երևում էր, որ Նենեն առաջին անգամ չէր, որ խնդրում էր՝ իրան թույլ տան բանտը մտնելու։ Նրան արդեն ճանաչում էին։ Նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց.

– Պարոն բանտապահ, ես ցնորված չեմ... ի սեր աստծո։ գթացեք իմ վրա, թույլ տվեցեք, որ տեսնեմ նրան...

– Ո՞ւմ տեսնես։

– Այն կալանավորին, որ տանում են...

– Դու ո՞վ ես։

– Ես նրա բարեկամն եմ... թողեք տեսնեմ նրան... մի՞թե դուք աստված չունեք... եթե չթողնեք, ես դատավորի մոտ կգնամ... թագավորի մոտ կգնամ...

– Ավելի լավ կլինի, եթե գժատունը գնաս, – Հեգնությամբ պատասխանեց բանտապահը և հրամայեց հեռացնել։

Նրա անգթությունը ավելի վշտացրեց ինձ, քան իմ դատապարտության վճիռը, որ այն օր կարդացին դատարանում։ Ինձ ներս տարան, դռները փակվեցան իմ ետևից, ես այլևս ոչինչ չլսեցի...

Ամբողջ օրը խելագարի նման էի։ Ես բոլորովին մոռացել էի իմ թշվառ դրությունը, մոռացել էի, թե ո՛րպիսի սարսափելի ապագա էր սպասում ինձ, ես միայն մտածում էի անբախտ Նենեի մասին։ Միշտ իմ աչքերի առջևն էր այն վրդովմունքով լի աղջիկը, տեսնում էի այն հերարձակ կույսի վշտալի պատկերը, լսում էի նրա սգավոր ձայնը... Արևը մտավ, մութը պատեց, բանտի մեչ տիրում էր գիշերային խավարը։ Այդ մթության մեջ դարձյալ տեսնում էի նրան, լսում էի նրա ձայնը...

Առաջի՛ն անգամ ես զգացի շղթաներիս ծանրությունը, առաջի՛ն անգամ բանտը ներկայացավ ինձ իր սոսկալի կերպարանքով։ Մինչև այսօր ինձ տանելի էր բոլորը։ Իսկ երբ տեսա, թե իմ պատճառով տանջվում է մի անմեղ հոգի, այն ժամանակ միայն հասկանալի եղավ բոլոր զարհուրանքը իմ թշվառ դրության...

Ամենքը թողեցին ինձ. իմ հավատարիմ ընկերները ինձ մատնեցին. ես կտրվեցա լույս աշխարհից... բայց նա ինձ չթողեց... Նա եկավ իմ ետևից, նա որոնում էր ինձ, երևի երկար որոնում էր և գտավ։ Բայց գտավ բանտի մեջ, դատապարտյալների մռայլ գերեզմանի մեջ...

Այդ գերեզմանի շուրջը պտտվում էր նա, գիշերային մենավոր ուրվականի պես պտտվում էր նա, և խավարի միջից մի մարգարեուհի մեռելահարցուկի նման կամենում էր դուրս կոչել իր սիրելիին...

Դա իրողություն էր, և դա ցնորք չէր, ես լսում էի նրա ձայնը, նույն սրտաշարժ, ողբալի ձայնը, որպես լսել էի ցերեկով։ Գիշերը խաղաղ էր. մարդիկ քնած էին, դրսում ամեն ինչ գտնվում էր խորին լռության մեջ։ «Թողե՛ք տեսնեմ նրան»... այդ խոսքերը միայն հնչվում էին գիշերային լռության մեջ...

Բանտի պահապան զինվորը, հրացանը ուսին դրած, չափավոր քայլերով անցուդարձ էր անում իր պահականոցի մոտ։ Նա նույնպես լսում էր ողբալի ձայնը և անհետաքրքրությամբ ասում էր. «Դա այն ցնորված աղջկա ձայնն է»...

Գիշերը ես անցուցի տենդային անհանգստության մեջ. ո՛չ քնած էի և ո՛չ արթուն։ Առավոտյան, երբ արեգակի առաջին ճառագայթները ներս ցոլացին բանտի նեղ լուսամուտներից, և ինձ համար ծագեց ուրախության լույսը, դուռը բացվեցավ, և խելագարի նման ներս վազեց Նենեն։ Նրա աոաջին խոսքերը կցկտուր էին և անհասկանալի։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և երկար մնաց իմ կուրծքի վրա անխոս։ Նա նման էր մի սպանվածի, որի երեսի վրա բնավ գույն չկար։ Կենդանի մնացել էին դեռ չմարած աչքերը միայն, այն լի կատաղությամբ աչքերը, որոնք իրանց խռովության մեջ ևս գեղեցիկ էին։

Նրա խռովությունը շուտով անցավ, անցավ՝ որովհետև գտնվում էր ինձ մոտ, որովհետև տեսնում էր ինձ։ Նա սկսեց խոսել.

– Ա՛խ, սիրելիս, եթե գիտենայիր ո՛րքան որոնել եմ քեզ... ո րքան ման եմ եկել...

Նրա ձայնը սկսեց խեղդվել, փոքր-ինչ հանգստացավ և ապա շարունակեց.

– Անցնում էի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ամեն տեղ հարցնում էի քեզ... Ա՜խ, ինչո՞ւ մարդիկ այդքան վատացել են... ամեն տեղ հալածում էին ինձ... ամեն տեղ հեռացնում էին ինձ... չէին թողնում, որ բնակարանների մեջ մտնեմ... ասում էին՝ դա ցնորված աղջիկ է...

– Ապա որտե՞ղ էիր անցկացնում դու։

– Փողոցների վրա, բաց երկնքի տակ... և ավելի հանգիստ էի, երբ գտնվում էի անապատում կամ թաքնվում էի անտառների ծառերի մեջ... Այնտեղ լավ էր, այնտեղ մարդիկ չկային...

– Ապա ինչո՞վ էիր կերակրվում դու։

– Շատ անգամ օրերով քաղցած էի մնում... շատ անգամ ուտում էի դաշտային բանջարներ կամ կերակրվում էի վայրենի պտուղներով... Երբեմն գտնվում էին բարի մարդիկ, որոնք ինձ հաց էին տալիս։

Եվ այդ բոլորը ո՞ւմ համար, ինչի՞ համար, մի դատապարտյալ աքսորականի համար, որ պիտի մաշվեր, պիտի ոչնչանար հանքերում...

Բայց ինձ ավելի զարմացնում էր այն, թե ինչպե՞ս թույլ տվին «խելագար աղջկան» մտնել բանտը, որի մեջ ես ամենևին խելագարության նշան չէի նկատում, միայն վերին աստիճանի անձնազոհությունը և թշվառության սաստիկ կատաղությունը նրան բախտավոր մահկանացուների աչքում խելագար էին ներկայացնում։

Նա պատմեց, թե այն օրից, որ եկել էր այդ քաղաքը և տեղեկացել էր, որ ես այն բանտումն եմ գտնվում, բանտի շրջակայքից չէր հեռանում, գիշերները անց էր կացնում նրա պատերի մոտ, իսկ ցերեկով կանգնում էր փողոցների վրա, աղաչում էր, պաղատում էր անցորդներին, պատմում էր նրանց իմ անմեղությունը, խնդրում էր, որ օգնեն ինձ։ Նա դեռ այնքան միամիտ էր, որ կարծում էր, թե ամեն մարդ իրավունք ուներ ինձ դատավոր լինելու։ Իսկ այն առավոտ, երբ բանտը մտնում էր մի երիտասարդ ակնոցավոր պարոն, նա վազեց, մոտեցավ և, գրկելով նրա ոտները, խնդրեց, որ իրան էլ թույլ տան բանտը մտնելու և իր «սիրելիին» տեսնելու։ Ակնոցավոր պարոնը գթաց նրա վրա, խոստացավ, որ իսկույն հրաման կառնե բանտապահից։ Նա կատարեց իր խոստմունքը, քանի րոպեից հետո նրան ներս թողեցին։

Որքան մխիթարական լիներ իմ դժբախտության տխուր ժամերում տեսնել իմ մոտ Նենեին, որքան սիրարժան լիներ նրա ծայրահեղ անձնազոհությունը, այսուամենայնիվ, ես մտածում էի. «Մի՞թե ես արժեմ դրան... ինչո՞վ է մեղավոր այն անմեղ աղջիկը, որ տանջվում է մի չարագործի համար... ինչո՞ւ ես ձգեցի նրա սրտում այն սրբազան կայծը, որ այնքան բոցավառվեցավ, որ այնքաþն բորբոքվեցավ, մինչև խելքից հանեց նրան... ինչո՞ւ ես խլեցի նրա հանգստությունը... Այդ բնության ազատ որդին, որի ցեղին վիճակված է կյանքի անհոգ և ավելի ուրախ բաժինը, գուցե ավելի բախտավոր կլիներ, եթե չհանդիպեր ինձ... ինչո՞ւ ես թշվառացրի նրան... Ավելի լավ չէ՞ր լինի, որ հենց այն օրը, երբ ես նրա կյանքը ազատեցի եղեռնագործի ձեռքից, բաց թողնե՛ի նրան։ Նա կդնար, աշխարհը լայն ու արձակ է ցիգանուհու համար, կգնար և իր համար նոր բախտ կորոներ»...

Արդեն ուշ էր... այդ բոլորը պետք էր անցած համարել... ես միայն հարցրի.

– Ինչո՞ւ եկար դու, ինչո՞ւ չմնացիր հորս մոտ. նա բարի մարդ էր, կպահեր, կպահպաներ քեզ։

Դժբախտները ամեն մի դժբախտության դեպքերում այն քաղաքավարական ձևերը չգիտեն, որ պահպանում են բախտավորները միայն։ Նենեն բոլորովին պարզ կերպով պատասխանեց.

– Հայրդ մեռավ, նա մեռավ հենց այն օրը, երբ իմացավ, որ դու կալանավորված ես։

Այդ բոթը սարսափելի ներգործություն ունեցավ իմ վրա։ Նա մեռավ իմ պատճառով, մոլորյալ որդու պատճառով, ես նրա մահվանը պարտական էի...

Նենեն չնկատեց իմ խռովությունը, շարունակեց պատմել.

– Այն առավոտը, երբ դու հեռացար խրճիթից և խոստացար, թե երեկոյան կվերադառնաս, մենք անհամբեր սպասում էինք քեզ։ Արևը մտավ, օրը մթնեց, բայց դու չվերադարձար։ Ամբողջ գիշերը չքնեցինք, հենց նստած սպասում էինք քեզ։ Հայրդ մեր բոլորից ավելի անհանգիստ էր։ Մյուս առավոտը մինչև ճաշ դարձյալ սպասում էինք քեզ։ Հետո հայրդ ինձ իր հետ առնելով, գնացինք այն «ավազակների» բնակարանի մոտ, տեսանք՝ նրանց տնակը այրված էր, ոչ ոք չկար այնտեղ։ Երբ ետ դարձանք, անտառում պատահեց մեղ մի խոզարած, նա պատմեց, թե ի՛նչ էր պատահել։ Երբ հայրդ լսեց նրա պատմությունը, իսկույն թուլացավ և ցած ընկավ։ Ես և խոզարածը հազիվ կարողացանք նրան ուշքի բերել և հասցրինք մինչև խրճիթը։ Նույն գիշերը նա սաստիկ ջերմի մեջ էր. առավոտյան նրա մարմինը գտանք բոլորովին սառած։ Ես և պառավը թաղեցինք նրա մարմինը խրճիթից ոչ այնքան հեռու մի ծառի տակ։ Հիշո՞ւմ ես այն եղևնին, որ դու մինչև նրա մոտ էիր թույլ տվել ինձ հեռանալ խրճիթից։

– Հիշում եմ...– պատասխանեցի ես բոլորովին մեքենաբար։

– Այնուհետև ես վճռեցի գալ քո ետևից և որոնել քեզ։ Ես հիմա ամեն տեղ կգնամ, ես հիմա էլ չեմ վախենում։ Պառավը ինձ չէր ուզում թողնել, ասում էր՝ մնա ինձ մոտ, աչքիս լույսի նման կպահեմ քեզ։ Նա ինձ շատ էր սիրում, նա քեզ էլ շատ էր սիրում, այնքա՜ն լաց եղավ որ...

– Ինչո՞ւ չմնացիր նրա մոտ։

– Քեզ ինչպե՞ս թողնեի...

– Ես մի օր կվերադառնայի, քեզ դարձյալ կգտնեի... մենք դարձյալ միասին կլինեինք...

– Չէ։ ես գիտեմ, ես բոլորը գիտեմ... այնտեղից, ուր քեզ պիտի ուղարկեն, մարդիկ էլ չեն վերադառնում...

– Այդ դու ո րտեղից գիտես։

– Ես երեկ դատարանի դռանը կանգնած էի. ինձ չթողեցին, որ ներս մտնեի, այնտե՛ղ էլ ասում էին, թե ես խելագար աղջիկ եմ... Դրսում հարցրի, ինձ պատմեցին բոլորը...

Ես չգիտեի՝ ի՞նչ անել նրա հետ, ի՞նչ խորհուրդ տալ, ես չունեի այս աշխարհում մի բարեկամ անգամ, որի պաշտպանությանը հանձնեի այդ անբախտ աղջկան։ Ես առանց երկար մտածելու կրկին ասացի նրան,

– Դու դարձյալ գնա պառավի մոտ, այնտեղ սպասիր ինձ։ Նա բարի կին է. նա կպահե քեզ։ Ո՞վ է իմանում, գուցե աստված կհաջողի, մի օր վերադառնամ քեզ մոտ...

– Ես քեզանից չեմ բաժանվի։

– Դու խո գիտես, թե ինձ ո՛րտեղ պիտի ուղարկեն։

– Գիտեմ։ Ես էլ կգամ քեզ հետ։

Սույն միջոցին բանտի վերակացուներից մեկը ներս մտավ, հրամայեց Նենեին հեռանալ։

– Ես այստեղ պետք է մնամ։

– Այստեղ հյուրանոց չէ, օրիորդ., – պատասխանեց վերակացուն դառն ժպիտով։

– Ես դրան մենակ չեմ թողնի։

– Բավական է, որքան միասին եք եղել...

– Մի տարուց ավել չէ, որ մենք ճանաչում ենք միմյանց։

– Ցավում եմ, որ այդքան կարճատև է եղել ձեր սերը... Այսուամենայնիվ, պետք է հեռանաք, նազելի օրիորդ։

Լսելով վերակացուի վերջին հեգնությունը, արյունս բորբոքվեցավ։

– Եթե դու կշարունակես այդպես վիրավորել մի պատվավոր աղջկա, ես քո գլուխը կջարդեմ։

– Մտածի՛ր, թե ո՛րտեղ ես գտնվում... այստեղ քո բնակած անտառները չեն, – պատասխանեց նա սառնությամբ։

– Պարոն վերակացու, – մեջ մտավ Նենեն, – մի՞թե դու քույր չունես, մայր չունես, մի՞թե դու չե՞ս հասկանում կնոջ սիրտը։ Ինչո՞ւ ես հալածում ինձ։ Իմ Մուրադը վատ մարդ չէ. նա իմ կյանքը ազատեց մի եղեռնագործի ձեռքից... այն օրից ես սիրում եմ նրան...

– Ես այդ հասկանում եմ...– պատասխանեց վերակացուն ավելի կոպտությամբ։ – Բայց բանտի մեջ չեն սիրում... պեզ թույլ տվեցին մտնել այստեղ պարոն բժշկապետի խնդրելով։ Բավական է, որքան տեսնվեցաք, որքան խոսեցիք։ Ասո՛ւմ են ձեզ, որ հեռանաք այստեղից, եթե չկամեիք, որ ձեզ դուրս քաշեին։

Նենեն ավելի կամակորեցավ։

– Ես կմնամ այս բանտում։

– Ես ձեզ խրատ կտայի, որ գժատանը մնայիք։

– Անգութնե՜ր... բոլորը այդպես են խոսում... ես ինչո՞վ եմ գիժ, – Բացականչեց Նենեն արտասուքը սրբելով։

Վերակացուն ուշադրություն չդարձրեց, կանչեց մի զինվոր, նրան դուրս քաշեցին, և բանտի դռները կրկին կողպվեցան։ Ես մնացի մենակ։ Մի քանի րոպե լսելի էր լինում նրա ճիչը, աղաղակը, և շուտով նրա ձայնը անհետացավ .բանտր խուլ, գերեզմանական լռության մեջ։

Սարսափելի դրություն։ Քո սիրած էակին հալածում են, վիրավորում են, և դու սառն աչքով պիտի նայես այդ անիրավության վրա և լռես։ Մի՞թե այդ է նշանակությունը այն խոսքերի, որ կարդացին ինձ դատարանում. «Զրկել ամեն իրավունքներից»...

Ի՞նչ պետք է լինի խեղճ աղջկա վերջը՝ ահա այդ էր ինձ տանջող միտքը, երբ դարձյալ մնացի մենակ, երբ սպանվածի նման տարածվեցա իմ կալարանի խոնավ հատակի վրա։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации