Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 19


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 19 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +
Զ. ՀԱՄՐԸ

Ավազակապետը ծանոթացրեց ինձ մի այլ երիտասարդի հետ, որին կոչում էին Համր։ Նրա իսկական անունը ոչ ոք չգիտեր։ Չգիտեին նաև, թե ի՞նչ ազգից էր նա։ Նա միշտ լուռ էր և մտախոհ. մի անգամ գոնե չէին տեսել նրան խոսելիս, և այդ էր պատճառը, որ ընկերները նրան Համր էին կոչում։ Այդ օտարոտի խուլումունջը վաղուց գրավել էր իմ ուշադրությունը։ Նրանում կար մի խորհրդավոր բան, որ իր լռության մեջ ևս աչքի էր զարկում։ Բավակա՛ն բարձրահասակ էր նա, նիհար և ցամաք կազմվածքով, դեղնած դեմքը գունաթափվելով, ստացել էր թառամած տերևի գույն, իսկ արագաշարժ աչքերը վառվում էին տենդագին բոցով։ Չնայելով իր տկար, հիվանդոտ կազմվածքին, աշխատում էր նա չափազանց եռանդով, և այդ առիթ էր տվել վերակացուներին բավական մեղմ վարվել նրա հետ, թեև նրա հսկողության վրա դարձնում էին առանձին ուշադրություն։

Գիշեր էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա խոսելու նրա հետ։ Խոնավ պատերին կպցրած ճրագի մոմերը հազիվ լուսավորում էին դատապարտյալների մռայլոտ ու սառն օթևանը։ Մերկ հատակի վրա, այստեղ ու այնտեղ, անկարգ կերպով պառկած էին ցերեկվա տաժանական աշխատությունից հոգնած թշվառները։ Քունը միակ մխիթարությունն է այդ ողորմելիների, նա կազդուրում է նրանց ջարդված անդամները և մոռանալ է տալիս սրտի դառն վշտերը։

Արթուն էր Համրը միայն։ Նա մտքով կարծես թե վերասլացել էր երկինքը, իսկ նրա խորախորհուրդ աչքերը մի առանձին կարեկցությամբ նայում էրն քնած թշվառների վրա։ Ես նրանից ոչ այնքան հեռու պառկած էի իմ հարդյա անկողնի վրա, և իմ աչքերը հառած էին դեպի երիտասարդի տխրամած դեմքը, որ կրում էր իր վրա հետքերը մի դժբախտ անցյալի...

Նա լուռ էր, որպես միշտ։ Իսկ այն գիշեր մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրա ցամաք ու փակված շրթունքներից դուրս հնչեց մի խուլ հառաչանք այդ երկու բառի հետ «աստված իմ»... Ես մինչև այն օր չգիտեի նրա ինչ ազգից լինելը, բայց հանկարծ լսեցի նրանից հայկական բառեր։ Ես չկարողացա զսպել իմ սրտի զեղմունքը։

– Դարձյա՞լ մի հայ, – Բացականչեցի ես այնքան լսելի ձայնով, որ դեպի ինձ գրավեցի Համրի ուշադրությունը։ Նրա փակված լեզուն բացվեցավ և պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով.՝

– Ինչո՞ւ եք զարմանում, աշխարհի ո՞ր անկյունում չկա հայ։ Արմատից խլված և ցամաքած բույսը տանում է քամին դեպի ամեն կողմ...

Նա կրկին լռեց։

Կան անձնավորություններ, որոնց մի բառը, մի խոսքը բավական է, որ մարդ նրանց մասին գաղափար կազմե։ Համրի ասածը թեև շատ պարզ չէր, բայց բավական հատկանիշ էր նրա մթին ծածկամիտ բնավորությանը։ Ես մոտեցա, նստեցի նրա մոտ։

– Ուրեմն դուք հայ եք, – Հարցրի նրանից։

– Այո...– պատասխանեց նա։

Ես այն աստիճան զգացվեցա, որ ձեռքերս տարածելով խնդրեցի նրանից.

– Թույլ տվեցեք ձեր ազգակցին գրկել ձեզ։

– Կարծեմ մեր դրության մեջ ավելորդ են այս տեսակ քնքշություններ, – Ասաց նա հրաժարվելով։

Նրա խոսքերը նույնքան սառն էին, որքան նրա դեմքը, բայց ինչո՞ւ այնքան ջերմ կերպով ազդում էին իմ սրտին։ Ես աշխատում էի շարունակել նրա հետ խոսակցությունը, բայց դժվարանում էի կապը պահպանել։

– Դուք այս գիշեր չեք քնում, – Ասացի ես, – Համարյա ամեն գիշեր նկատում եմ, որ դուք խիստ սակավ եք քնում:

– Այդ իմ սովորությունն է։

– Երևի մի բան տանջում է ձեզ։

– Մեզ ուղարկել են այստեղ տանջվելու համար:

– Այդ չեմ հարցնում, երևի մի ուրի՞շ բան կա։

– Խնդրեմ չմտնել իմ սրտի խորքը, – Ասաց նա և երեսը շուռ տվեց։

Ես փոշմանեցա, որ թույլ տվի ինձ մի դեռևս անծանոթ մարդու գաղտնիքները շոշափել։

– Ներեցեք, խնդրեմ, իմ անհամեստ հարցմունքի մասին։ Նա պատասխանեց ժպտալով.

– Հանցանքների այդ քավարանում իմ ներողությունը ավելորդ է։

Ես չկամեցա այլևս ձանձրացնել նրան, բարի գիշեր ասելով հեռացա և կրկին պառկեցի իմ հարդյա անկողնի վրա։ Իմ աչքերը դեռ երկար նայում էին նրա վրա, իմ միտքը դեռ երկար զբաղված էր նրանով։ Ո՞վ էր դա, ո՞ր երկրից և ի՞նչ հանցանքի համար էր դատապարտված, այդ հարցերը հետաքրքրում էին ինձ։ Ամեն մի դատապարտյալ սովորություն ուներ անամոթաբար և մինչև անգամ պարծենալով պատմել իր գործած հանցանքները, բայց Համրը իր մասին խոսելու սովորություն չուներ։

Երբ առավոտյան կրկին քշեցին մեզ հանքերի մեջ աշխատելու, ճանապարհին ես պատմեցի ավազակապետին իմ գիշերվա խոսակցությունը Համրի հետ։

– Նա շատ հետաքրքիր մարդ է, ասաց ավազակապետը, – ես քեզ կբարեկամացնեմ նրա հետ։

Մենք հասանք հանքը, կրկին խլուրդների նման ներս սողացինք մթին խորշերի և խոռոչների մեջ, կրկին մեր բահերը, բրիչները և մուրճերը սկսեցին գործել։ Այն քարանձավի մեջ, ուր մեր խումբը աշխատում էր, պատահեց մի ցավալի անցք։ Հանկարծ ժայռի մի բավական մեծ կտոր, դուրս պոկվելով անձավի պատից, ցած գլորվեցավ և բանվորներից մեկին տակով արեց։ Թվով չորս հոգի էինք այնտեղ՝ ես, Համրը և մի այլ տաժանակիր, իսկ չորրորդը հեծում և հառաչում էր ժայռի տակ։ Համրը մեզանից փոքր-ինչ հեռու էր, նա չնկատեց անցքը, բայց լսեց դղրդյունի ձայնը։ Մինչև նրա մեզ մոտ վազելը, ևս և մյուս ընկերը ամեն ճիգ թափում էինք, որ ետ մղենք ժայռը և նրա տակից դուրս բերենք թշվառին։ Բայց անգութ ժայռը ամենայն ծանրությամբ նստած էր նրա ոտների ու ծնկների վրա և չէր շարժվում տեղից։ Վրա հասավ Համրը։ Ես և իմ մյուս ընկերը չկարողացանք զսպել մեր ծիծաղը։ Նա ուշադրություն չդարձրեց մեզ վրա. վեր առեց երկաթյա մեծ ձողը, նրա ծայրը դրեց քարի տակին, և այնպիսի մի ուժով շարժեց, որ քարը իսկո՛ւյն առաջ մղվեցավ, և թշվառ դատապարտյալի ջարդվա՛ծ սրունքները դուրս եկան նրա տակից։ Այդ գործողությունը, որ ավելի հնարագիտության արդյունք էր, քան թե մարմնական ուժի, զարմացրեց մեզ։ Իսկ Համրը պարծենկոտության մի նշան անգամ չցույց տալով մնաց լուռ և սառն, որպես մեզ շրջապատող քարանձավը։ Այդ դեպքը առաջացրեց իմ մեջ մի առանձին հարգանք դեպի համեստ և միևնույն ժամանակ վերին աստիճանի բարի երիտասարդը։

Երեկոյան, մեր օթևանը վերադառնալու ժամանակ, ճանապարհին ես մի քանի անգամ փորձեցի խոսակցել նրա հետ, բայց միշտ ստանում էի այնպիսի կտրուկ պատասխաններ, որ դժվարանում էի խոսակցությունը շարունակել։ Այսպես մոտեցանք այն փողոցին, ուր գտնվում էին մեր ֆերմայի կրպակները։ Հեռվից նկատեցինք, մի տեղ խմբված էին մարդիկ, և բազմությունը դեպի այն կողմն էր վազում։ Մենք մտածեցինք, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, և շտապեցրինք մեր քայլերը։ Երբ հասանք, անցքը շատ սովորական երևաց, երկու մարդիկ կռվում էին, և բազմությունը նրանց շուրջը հավաքված զվարճանում էր, թե ո՛րպես նրանք վայրենի կերպով ջարդում էին միմյանց կողքերը։ Ոմանք աշխատում էին բաժանել։ Մեկին, որ ավելի ուժեղ էր երևում, բռնեցին, իսկ մյուսը դուրս պրծավ նրա ճանկերից, «ազատեցե՜ք... օգնեցե՜ք»... գոչելով, փախավ և մոլորվածի նման մտավ մեր խումբի մեջ ապաստան որոնելու» Մեր պահապանները մոտ վազեցին, որ սվիններով հեռացնեն նրան։ Բայց նա արդեն կպած էր իմ կուրծքին, ինձ պինդ գրկած ուներ, այնպես ձևացնելով, որ վախենում է իր հակառակորդից։ «Նա ինձ կսպանե, նա աստված չունի», – ասում էր անդադար։ Այդ հանկարծակի դեպքից ես այն աստիճան շփոթվեցա, որ ամենևին չհասկացա, թե ինչ փսփսաց նա իմ ականջին, միայն զգացի, որ նրա ձեռքը խիատ ճարպիկ կերպով սողաց իմ գրպանի մեջ։ Մեր պահապանները հեռացրին նրան, նրա վարմունքը շատ բնական համարելով, որովհետև խեղճի հակառակորդը այնքան ուժեղ էր, որ կարող էր բոլորովին խեղդել նրան։ Տեղային ոստիկանությունը վրա հասավ, խռովությունը հանդարտվեց, ամբոխը ցրիվ եկավ, իսկ մեր խումբը անցավ։

Ամբոխի համար դա փողոցային սովորական անցքերից մեկն էր, իսկ խաչագողի համար դա նոր բան չէր։ Ես ճանաչեցի, թե ո վ էր այն մարդը, ես հասկացա, թե ի՛նչ նպատակով էր սարքել այդ կռիվը, և վերջապես ես գիտեի, թե ինչո՞ւ մեր խումբի մեջ մտնելու միջոցին ինձ միայն ընտրեց իր պաշտպան և ուղղակի ինձ մոտեցավ։ Խաչագողները շատ անգամ փողոցներում, հրապարակների վրա սարքում են այս տեսակ կռիվներ։ Բազմությունը հավաքվում է, մարդիկ խառնվում են միմյանց, իսկ նրանք, օգուտ քաղելով ընդհանուր շփոթությունից, գողանում են սրա ու նրա ժամացույցը, կամ շատ անգամ կողոպտում են հենց իրանց բաժանողների գրպանները։ Այդ մարդը նույնպես ձեռքը տարավ իմ գրպանը, բայց այնտեղից ոչինչ չգողացավ, և գողանալու բան էլ չկար, բայց զգացի, որ մի բան դրեց այնտեղ։ Առանց նայելու, ես գիտեի, թե ի՛նչ պետք է լիներ այդ։ Դա միևնույն անձնավորությունն էր, որ մի քանի շաբաթ առաջ մուրացկանի կերպարանքով մոտեցավ մեր խումբին և բաժանեց մեզ իր հավաքած գրոշները։ Այն ժամանակ, երկու հինգ կոպեկանոցների մեջ թաքցրած, տվեց ինձ իր խորհրդավոր տոմսակը։ Այժմ միևնույն անձնավորությունը, այդ հնարքով մոտենալով ինձ, դրեց իմ գրպանում մի այլ տոմսակ։ Իհարկե, ոչ ոք չհասկացավ նրա խորամանկությունը, և նա այն աստիճան կերպարանափոխ էր եղած, որ մինչև անգամ ավազակապետը չճանաչեց, որ այդ մարդը միևնույն ծպտյալ մուրացկանն էր։

Երբ հեռացանք, ձեռքս տարա գրպանս, տեսա, որ իմ ենթադրությունը սխալ չէր. այնտեղ կար մի թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն ինձ հայտնի էր նրա բովանդակությունը, այսուամենայնիվ, գիշերը միջոց գտա ծածուկ կարդալու։ Նրա մեջ շտապ ձեռքով գրված էին հետևյալ տողերը.

«Մուրա՛դ, մի շաբաթից հետո զատկի տոնն է։ Դու գիտես ի՞նչ դրության մեջ են լինում մարդիկ այդ տոնի օրերում։ Արաղը կհաջողեցնե մեր դիտավորությունը։ Ում հետ որ հարկավոր էր, ես կարգադրել եմ։ Քեզ բաց կթողնեն։ Դու կգտնես ինձ եղևնիների փոքրիկ անտառում, Կարմիր բլուրի մոտ։ Այնտեղ ամեն ինչ պատրաստ կգտնես քո փախուստի համար։

Պետրոս»։

է. ԻՄ ՆՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Մոտեցան զատկի տոները։ Մեզ այլևս չէին աշխատեցնում, մեզ թույլ էին տալիս փոքրիկ զվարճություններ, մեզ թույլ էին տալիս և մեր հոգիների մասին մտածել, աղոթք կարդալ, խոստովանել, հաղորդվել և այլն։ Իհարկե, այդ բոլորը կատարվում էր զինվորների հսկողության ներքո։

Այդ օրերում ես ավելի ընտելացա Համրի հետ, մանավանդ երբ ավազակապետը իմ մասին նրա ականջում մի քանի բաներ փսփսաց։ Տարակույս չունեի, որ վատ բան չէր խոսի իմ մասին։ Այնուհետև այդ երիտասարդը, որ առաջ խորշում էր ինձանից, բավական մտերմացավ ինձ հետ։

Մի օր միասին նստած էինք մեր արգելանոցի բակում, տաքանում էինք արեգակի ճառագայթներով։ Մեր առջև դատապարտյալները զանազան խաղեր էին անում, ծիծաղում էին, աղաղակում էին, հռհռում էին և լրբաբար բոթբթում էին միմյանց։ Տաժանակիրը իր թշվառության մեջ դառնում է կատարյալ ստահակ։ Ամոթը, պատկառանքը և մարդկային բոլոր արժանավորությունները կորցնում է նա։ Օրենքը զրկում է նրան ամեն իրավունքներից, բայց նա ինքը զրկում է իրան բարոյական և հոգեկան բոլոր լավ հատկություններից։ Կարծես նա հետզհետե հաշտվում է այդ մտքի հետ՝ «ինձ համար վճռեցին, որ ես վատ եմ, անպիտան եմ, ես կշարունակեմ մնալ անպիտան, որովհետև իմ ուղղվելը կամ լավանալը չեն փոխի այն վիճակը, որին դատապարտված եմ»...

Ես նայում էի այդ մոլեգնած ստահակների վրա։ Համրը ընկղմված էր մտածությունների մեջ. նա տխուր էր, որպես միշտ, տոները չէին ուրախացնում նրան։ Ես չգիտեի ի՛նչ առարկայի վրա խոսել նրա հետ։ Այդ մարդուն հանդիպելիս իմ լեզուն կապվում էր, ես նույնպես համր էի դառնում։ Ես ուրիշ խոսք չգտա և հիշցրի նրա մի քանի օր առաջ կատարած քաջագործությունը քարանձավի մեջ։

– Ձեր արածը կատարյալ հրաշք էր, – Ասացի նրան։

– Մի՞թե դուք հավատում եք հրաշքների, – ժպտալով հարցրեց նա։

– Հավատում եմ։ Բայց ձեր գործը մարդկային ուժից բարձր էր։

– Մարդկային ուժը շատ և շատ բարձր է, քան ձեր տեսածը։

Նրա համեստությունը վիրավորվեցավ։ Ես տեսա, որ իմ նկատողությունները հաճելի չեն նրան, այդ պատճառով խոսքս փոխեցի, նրա ուշադրությունը դարձնելով մեր աոջևում զվարճացող թշվառների վրա։

– Նայեցեք, ի՛նչպես են զվարճանում դրանք, կարծես թե խելագարներ լինեն, բոլորովին մոռացել են իրանց դրությունը։

– Ինչո՞ւ չզվարճանան, երբ թույլ են տալիս նրանց վայելել այդ փոքրիկ մխիթարությունը։

– Մի քաղցր կաթի՜լ դժբախտության անսահման ծովի մեջ, ի՞նչ նշանակություն ունի այդ մի կաթիլը։

Նա ուղիղ նայեց իմ երեսին, կարծես զարմանում էր, որ ես էլ դատել գիտեմ, որ ես էլ իմ աոանձին համոզմունքներն ունեմ։

Բակը ընդարձակ էր։ Մենք բավական հեռու նստած էինք խաղացողներից։ Մեր խոսակցությունը ոչ ոք չէր խանգարում։

– Մի՞թե նրանք մեղավոր են, որ դժբախտ են, – Հարցրեց նա։

– Իհարկե մեղավոր են, – պատասխանեցի ես։

– Այդ դժբախտներից մեկն էլ դուք եք. ասացեք խնդրեմ, դո՞ւք եք մեղավոր, որ ձեզ այստեղ ուղարկեցին։

– Ապա ո՞վ է մեղավոր, ես հանցանք գործեցի, դրա համար էլ ուղարկեցին ինձ այստեղ պատժվելու։

Նա ոչինչ չպատասխանեց, միայն հետաքրքրվեցավ իմ անցյալով, խնդրեց մանրամասնաբար պատմել իմ կյանքի պատմությունը։ Ավազակապետից լսել էի, որ նա սովորություն ունի իր բոլոր ծանոթների կյանքը ուսումնասիրելու, այդ պատճառով ես ամեն ինչ պատմեցի նրան։ Ես պատմեցի, թե ո՛րպես երեխա ժամանակս հորից զրկվելով՝ մնացի աղքատ մոր խնամատարության ներքո, թե ո՛րպես նա հանձնեց ինձ մի դարբնոցում արհեստ սովորելու և միշտ խրատում էր, որ խաչագողների ճանապարհով չգնամ, մի բան սովորեմ և իմ արդար աշխատանքով ապրեմ։ Պատմեցի աղետավոր բանալիի անցքը, իմ վարպետի դարբնոցի հետ պատահած դժբախտությունը և իմ փախուստը այնտեղից։ Պատմեցի, թե ո՛րպես այնուհետև թափառական կյանք էի վարում և ո՛րպես միացա մի խումբ մանկահասակ սրիկաների հետ, որոնք ինձ պես փախստականներ էին, և սկսեցի նրանց հետ մանր գողություններ անել։ Պատմեցի, որ իմ երկրում ես հալածվեցա, տանջվեցա, փախստական եղա օրենքի և դատաստանի երեսից, և այն մարդը, որ խաբել էր ինձ՝ անմեղիս, և ես նրա թելադրությամբ ակամա ու անգիտակցաբար հանցանք էի գործել, կրկին նույն մարդը մոտեցավ ինձ, և ես նրա առաջնորդությամբ թողեցի իմ հայրենիքը, հեռացա դեպի օտար աշխարհներ և մտա խաչագողների հասարակության մեջ։ Այստեղ ես դարձա մի կատարյալ եղեռնագործ, սովորեցի ամեն չարիքներ գործել, սպանություն, գողություն, բազմատեսակ խաբեբայություններ, որոնցով ահագին գումարներ էինք ձեռք բերում, սովորեցի ուրիշի վաստակով ապրել։ Վերջապես, բռնվեցա և աքսորի դատապարտվեցա։

– Այդ բոլորը շատ հետաքրքրական է, – Ասաց նա, երբ ես վերջացրի։ – Հիմա տեսնո՞ւմ եք, որ դուք սկզբից անմեղ եք եղել և արդար, բայց ձեզ հանցանքի մեջ ձգեցին այն հանգամանքները և այն կենսական պայմանները, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված եք եղել։ Եթե այո հանգամանքները և այն պայմանները ձեզանից հեռացնեին կամ իսպառ չլինեին, դուք, անտարակույս, կմնայիք ձեր անմեղության մեջ և գուցե շատ օրինավոր մարդ կդառնայիք։ Ընտանիքի մեջ ոչինչ չսովորեցաք, ընտանիքը լավ չկրթեց ձեզ։ Ձեր վարպետի դարբնոցում կարող էիք արհեստ սովորել, և դա ձեր արդար ապրուստի հիմքը կլիներ, բայց անիրավացի պատճառներ այնտեղից ևս հալածեցին ձեզ։

Ձեր պատանեկության փոքրիկ, սրիկա ընկերները սովորեցրին ձեզ գողությամբ ապրելու նախակրթությունը, իսկ խաչագողների ընկերությունը բոլորովին կատարելագործեց ձեր մեջ այդ արհեստը և դարձրեց ապրուստի միակ միջոց։ Այդ բոլորը՝ ընտանիքը, սրիկա ընկերները, խաչագողները, մի խոսքով, այն ամբողջ մթնոլորտը, որի մեջ ծլեցին, աճեցին և հասունացան ձեր ընդունակությունները, կոչվում է հասարակություն։ Եթե այդ հասարակությունը, կամ, որպես ասացի, այդ մթնոլորտը, մաքուր լիներ, առողջարար լիներ և ձեզ վրա բարերար ազդեցություն գործեր, տարակույս չկա, որ ձեր ընդունակությունները կզարգանային դեպի բարին, դեպի լավը և դեպի օգտավետը։ Բայց եթե դուք դարձաք մի չարագործ, դուք ծնունդ եք նույն մթնոլորտի, այլ խոսքով, նույն հասարակության , որը իր միջից արտադրել է ձեզ։

Ես նրա բացատրությունները հասկանալ չէի կարողանում։

Նա շարունակեց, ձեռքը մեկնելով դեպի զվարճացող բազմությունը, որ խաղում էր բակի մեջ։

– Տեսնո՞ւմ եք այդ թշվառներին, դրանք նույնպես հասարակության հիվանդոտ կազմվածքի արտադրած վերքերն ու պալարներն են, որ կտրել և այստեղ են ձգել, այն մտքով, որ կազմվածքը բոլորովին չվարակվի։ Բայց ո՞րտեղից առաջ եկան այդ վերքերը, այդ թարախալից պալարները հայտնի բան է, նույն կազմվածքի հիվանդոտ դրությունից։ Եթե մարմինը առողջ լիներ, դրանք չէին լինի։ Քննեցեք դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների արմատը դրած է եղել այն հողի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են։ Յուրաքանչյուրի հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի։ Եվ այղ կետից նայելով, այդ թշվառների ամեն մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության պատմությունն է, որոնց միջից դուրս են եկել դրանք։ Այստեղ, այդ արգելանոցի մեջ, կարելի է ուսումնասիրել այն բոլոր կրթական, տնտեսական և հասարակական պայմանները, որ առաջ են բերել այս տեսակ հրեշներ։

Վերջացնելով իր խոսքը, նա կրկին դարձավ դեպի ինձ, հարցրեց.

– Հիմա հասկացա՞ք, թե ով է մեղավորը, որ դուք, ես և այդ բոլոր թշվառները այստեղ բերվեցան։

– Ճշմարիտն ասած, շատ փոքր հասկացա, – պատասխանեցի ես, ամաչելով իմ տգիտության վրա։ – Դուք բոլորովին նոր բաներ եք խոսում։

Նրա սառն դեմքի վրա երևաց մի թեթև ժպիտ։

– Ձեզ այսպես է թվում,– ասաց նա, – Բայց իմ խոսքերը նոր չեն, խելացի մարդիկ այսպես են մտածում։ Հիմա ես կխոսեմ ձեզ հետ ավելի պարզ կերպով, հենց ձեր լեզվով, որ դուք հասկանաք։ Ես իբրև օրինակ կվեր առնեմ հենց ձեր անձնավորությունը, որովհետև դա ավելի մոտիկ և ավելի ծանոթ է ձեզ։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչո՞ւ սկսեցիք գողանալ, երբ ձեր պատանեկության հասակում ընկերացաք այն մանկահասակ սրիկաների հետ։

– Մենք քաղցած էինք մնում, այդ՝ պատճառով գողանում էինք, որ սովից չմեռնենք։

– Շատ Լավ։ Բայց մի՞թե չէիք կարող դուք, կամ այն մանկահասակ սրիկաները, ձեր աշխատանքով հաց վաստակել և չգողանալ։

– Մենք ոչինչ չէինք սովորած։

– Տեսնո՞ւմ եք, այստեղ կան պատճառներ, որ մարդուն անբարոյական են դարձնում, այն է՝ աշխատանքին անսովոր և անընդունակ լինելը։

Եվ նա սկսեց երկար բացատրել, թե ի՛նչ բան է հացի խնդիրը մարդկային հասարակության մեջ, ինչո՛ւ մարդիկ հացի համար անբարոյական են դառնում, ասաց, որ ոչ միայն մի անհատը, գործելու անընդունակ լինելով և արդար աշխատանքի սովորած չլինելով, դառնում է գող, ավազակ, խաբեբա, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է այսպես դառնալ, եթե աշխատանքի սովորած չէ։ Նա օրինակ բերեց մի քանի ցեղեր, որ պարապում են ավազակությամբ և կողոպտում են իրանց հարևաններին։ Ես հարցրի.

– Կան մարդիկ, որոնք աշխատանքի սովոր են, որոնք ընդունակ են գործելու, բայց դարձյալ գողանում են, խաբում են և իրանց վաստակի մեջ անազնիվ միջոցների են դիմում, օրինակ, Պարսկաստանի խաչագողները և հրեաները:

Նա պատասխանեց.

– Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ ոչ մի այլ բարեկարգ երկիր, այլ միայն Պարսկաստանը արտադրեց խաչագողներ։ Այդ խաբեբաները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ պարսիկների բռնակալության բնական արդյունք։ Մահմեդական կրոնը պիղծ է համարում նրանց, օրենքի առջև հավասար իրավունքներ չեն վայելում, նրանց կայքը, նրանց կյանքը ապահով դրության մեք չեն գտնվում, նրանց մշակության պտուղները, մահմեդականներից պիղծ համարվելով, չեն վաճառվում և այսպիսով զրկվում են ապրուստի ամենահաստատ միջոցներից մեկից, որ մատակարարում է նրանց հողը, ավելացրեք դրանց վրա պարսիկների ճնշումը, հալածանքը, կամայականությունը, հարստահարությունը, և ձեզ հասկանալի կլինեն խաչագողների գոյության բուն պատճառները։ Ստրկությունը խաչագողների մեջ զարգացրեց նենգավորություն, իսկ ճնշված, հալածված և հարստահարված դրությունը նրանց անբարոյական դարձրեց։ Հալածանքը զարգացրեց այդ հալածյալների մեջ նույնպես հալածասիրության ոգի, իսկ հարստահարությունը աճեցրեց նրանց մեջ անբարոյական բնազդումներ։ Վերևից, այսինքն՝ իրանից ավելի զորավորից, հարստահարվելով, սովորեցին նրանք հարստահարել իրանցից ավելի տկարներին: Այսպիսի ճնշումը արտադրեց խաչագողներին։ Պարսիկները հարստահարում էին նրանց կոպիտ ուժով, իսկ նրանք սովորեցին հարստահարել պարսիկներին կամ իրանցից ավելի տգետ մարդկանց մեղմ խորամանկությամբ և զանազան սատանայական խաբեբայություններով։ Ազատ մրցության մեջ և իրավունքների հավասարության մեջ նրանք կարող էին ազնիվ կերպով մաքառել։ Բայց որովհետև իրավունքները անհավասար էին, մի կողմում կանգնած էր բռնությունը, կոպիտ ուժը, իսկ մյուս կողմում՝ անձայն հնազանդությունը, այսպիսի հարաբերությանց մեջ, շատ բնական է, որ մրցության համար նրանք կընտրեին անազնիվ միջոցներ։ Միշտ դրության մեջ են եղել և Պարսկաստանի խաչագողները։ Այլևս ինչո՞ւ ենք մեղադրում խաչագողներին, որ նրանք անբարոյական դարձան, չէ՞ որ մահմեդական աշխարհը փչացրեց նրանց։

Դուք օրինակ բերեցիք և Պարսկաստանի հրեաներին, – առաջ տարավ նա։ – Չէ կարելի այդ ազգը անբարոյական կոչել, որ տվել է մարդկությանը երկու ամենավսեմ և ամենաբարձր կրոնքներ, որոնք բարոյականության հիմունքն են կազմում։ Բայց ինչո՞ւ բարոյապես փչացան հրեաները։ Եթե նրանց ազատ ասպարեզ տային գործելու, եթե նրանց չհալածեին, նրանք երբեք ստիպված չէին լինի խաբեբայությամբ ապրել։ Հրեան ցեղական հարուստ ձիրքեր ունի, նա խելքի, իմաստության, գիտության, ճարտարության և գեղարվեստի ասպարեզում հանդես է բերել ամենանշանավոր հանճարներ։ Օրինակ, Գերմանիայում նրա դրությունը փոքրիշատե ապահով է եղել, և նա միշտ նշանավոր և օգտավետ է հայտնվել մարդկային գործունեության ամեն ճյուղերում։ Իսկ մահմեդական աշխարհում նրան ճնշել են, նա դարձել է վնասակար: Սկսյալ Եգիպտոսի փարավոնների օրերից, աշխարհի երեսին ցիրուցան եղած այդ ազգը հալածվում է։ Հալածանքը սովորեցրեց նրան խաբեբա լինել, խորամանկ լինել, նենգավոր լինել։ Այդ հատկությունները, որ առաջ եկան նեղված կյանքի անխուսափելի անհրաժեշտությունից, դարձան բնավորություն և ժառանգաբար անցան սերունդից սերունդ։ Միայն դժբախտ դրության բարեփոխությունը կարող էր մաքրել այդ վատ հատկությունները։ Եվ որտեղ նրանց դրությունը բարեփոխվեցավ, այնտեղ նրանք լավացան։ Իսկ Պարսկաստանում և առհասարակ մահմեդական աշխարհներում նրանց դրությունը դեռ իր աննախանձելի պայմանների մեջ է գտնվում։ Նրանց կայքը հափշտակվում են, նրանց բարբարոսաբար չարչարում են, նրանց ամեն կերպ հարստահարում են, նրանք էլ սովորեցին իրանց զենքով՝ խելքով հարստահարել իրանցից ավելի միամիտներին։ Այդ դեպքում խաչագողի նշանակությունը հրեայից ոչնչռվ չէ զանազանվում, տարբերությունը միայն նրանց գործունեության եղանակի մեջն է։

Հիմա հասկացա՞ք, – շարունակեց նա, – Որ մահմեդականությունը ինքն է մեղավոր, որ պատրաստում է իր միջից անպիտան մարդիկ։ Եվ Պարսկաստանի նման երկիրը միայն կարող էր արտադրել խաչագողներ։ Որպես չէ կարելի մի վատ, անարգավանդ հողից առողջ և պտղաբեր բույսեր սպասել, այնպես էլ չէ կարելի մի անբարեկարգ երկրից սպասել լավ մարդիկ։ Վատ հողը կարելի է մշակել և պտղաբեր դարձնել, նույնպես և մի անբարեկարգ երկրի, որպիսին է Պարսկաստանը, հասարակական կազմակերպությունը կարելի է այնպիսի պայմանների մեջ դնել, որ եթե վատերը, անբարոյականները բոլորովին չսպառվեին, գոնե նրանց թիվը համեմատաբար շատ փոքր լիներ։

Եվ նա երկար խոսում էր այն մասին, թե ի՛նչ միջոցներ է հարկավոր գործ դնել, որ աղքատությունը և մարդկանց չարությունը վերացվի, որ բոլոր մարդիկ լինեն կրթված, բարի, գոհ և բախտավոր։ Այդ ամենը բացատրում էր նա այնքան պարզ լեզվով, որ ես այժմ բոլորը հասկանում էի։

Այնուհետև ես համարյա ամեն գիշեր խոսում էի նրա հետ և շատ բաներ էի սովորում։ Նրա հայացքները, նրա կարծիքները բոլորովին տարբեր էին իմ մինչև այնօր լսածներից և սովորածներից։ Օրինակ, մեր տերտերից շատ անգամ լսել էի, թե գողությունը մեղք է, եթե գողանալու լինես, մեռնելուց հետո հոգիդ կտանեն դժոխքի կրակի մեջ կայրեն։Բայց ես դժոխքի կրակից շատ չէի վախենում, որովհետև դեռ նորահաս երիտասարդ էի, մինչև մեռնելը շատ ժամանակ ունեի, կարող էի հազար անգամ գողանալ, և նույն տերտերի մոտ մեղքերս խոստովանվելով, նրանից թողություն ստանալ։ Եվ այսպես, իմ գործը հեշտացրած էր։ Բայց թե այս աշխարհի, ներկա կյանքի համար գողությունը ի՞նչ վնաս ուներ, տերտերը այդ մասին ոչինչ չէր խոսում, նա միայն սպառնում էր դժո՛խքի կրակով։ Բայց Համրը, բացի դժոխքից, նաև ասում էր, որ գողի համար հենց այդ աշխարհը նմանապես դժոխք է, և եթե ես առաջուց գիտենայի, երբեք չէի գողանալ։ Ես շատ էի գողացել, շատ էի խաբել, ահագին գումարներ էի ձեռք բերել, բայց երբեք բախտավոր չէի եղել։

«Քո անձնական բարիքը պետք է որոնես ուրիշի բարիքի մեջ, – Ասում էր նա, – կցանկանայի՞ր, որ ուրիշը անե քեզ այն բանը, ինչ որ քեզ ախորժելի չէ, օրինակ, գողանա քեզանից, խաբե, հարստահարե քեզ, անպատվե քեզ, ճնշում գործ դնե քեզ վրա և այլն»։ «Չէի ցանկանա», պատասխանում էի ես։ «Ուրեմն դու էլ չպիտի անես ուրիշներին»։ Հետո հարցնում էի. «Դու կցանկանայի՞ր, որ ուրիշները սիրեին քեզ, օգնեին քեզ, հարգեին քո մարդկային իրավունքները, չհարստահարեին քեզ»։ «Կցանկանայի»։ «Ուրեմն դու էլ և միևնույն կերպով պետք է վարվես ուրիշների հետ»։ Նա ասում էր, «Մեր օգուտն ուրիշի օգտի մեջ է, վնասելով նրան, վնասում ենք մեզ»։

Բայց քավոր Պետրոսը, իմ նախկին դաստիարակը, բոլորովին հակառակն էր խոսում, նա ասում էր. «Մենք մեր անձի համար ենք ապրում, մարդը պետք է հոգ տանի իր անձի և իր բարօրության համար միայն, բայց երբ մի ուրիշը արգելք է լինում իմ բարօրությանը, ես պետք է աշխատեմ նրան ոչնչացնել, որ իմ անձը լավ ապրի»։ Ես այժմ հասկանում էի, թե որ աստիճան անբարոյական նշանակություն ունեին այդ խոսքերը, թե ո՛րքան վնասակար էին նրանք։ Դիցուք թե, ես իմ անձի բարօրության համար ոչնչացնեի մի ուրիշին, ինձանից ավելի տկարին, չէ որ կգտնվեր մեկը, ինձանից ավելի զորեղը, նա էլ իր բարօրության համար ինձ կոչնչացներ, և այսպես, զորեղը անզորին սպառելով, մարդկային հասարակության մեջ կտիրեր ընղհանուր ամայություն, ընդհանուր դժբախտություն։

Համրը միշտ իր խոսքերի մեջ օրինակ էր առնում իմ անձը, կարծես ես ամբողջ մարդկության ներկայացուցիչը լինեի: Ասում էր, քո անձը քեզ ավելի մոտ է, դու նրա հետ ավելի ծանոթ ես, և քո անձի օրինակով կարող ես դատել բոլոր մարդերի վրա։ Ինձ երևում էր, որ ես գրավել էի նրա ուշադրությունը։ Նա որքան սառն էր, որքան ծածկամիտ էր դեպի իր ընկերները, այնքան եռանդոտ կերպով սկսեց հոգ տանել իմ զարգացման վրա։ Մի անգամ ասաց ինձ.

– Մուրադ, դու այժմ գիտես (նա հիմա ինձ հետ դու-ով էր խոսում), թե ի՛նչն է պատճառը, որ մարդիկ անբարոյական և միևնույն ժամանակ անբախտ են դառնում, դու գիտես նաև, որ մի մարդու անբախտության պատճառները հասկանալու համար պետք է ծանոթանալ նրա կյանքի պատմության հետ։ Եվ այսպես, մի ամբողջ ազգի անբախտության պատճառները հասկանալու համար պետք է նույնպես ծանոթանալ նրա պատմության հետ։ Որովհետև մի ազգ մարդկության մեջ նույն տեղն է բռնում, ինչ որ անհատը հասարակության մեջ։ – Եվ նա ազգերի պատմությունից բացատրեց ինձ շատ կրթիչ բաներ։

Երկար նա խոսում էր երկնքի, լեզվի և գրականության մասին, բացատրում էր, թե մի ազգի գրականությունը ի՞նչ ուղղություն կարող է տալ նրա կյանքին և գործունեությանը, բացատրում էր մեր նոր գրականության սխալ ընթացքը և նրա վնասակար ազդեցությունը ժողովրդի վրա։ Նրա ասածները ինձ այն աստիճան գրավեցին, որ ես վճռեցի, որքան կարելի է լավ սովորել հայոց լեզուն։ Իմ լեզուն առաջ շատ կոշտ և ռամկական էր։ Թուրքերեն և պարսկերեն բառերով լի էր իմ խոսակցությունը։ Ես աշխատում էի այնուհետև բուն հայկական բառեր գործածել։ Ես շատ շուտ սովորեցի բառերը, օրինակ, մի գիշերվա մեջ սովորեցի այդ բոլոր բառերի նշանակությունը, անհատ, ընտանիք, ցեղ, ազգ, հայրենիք, պետություն, քաղաքակրթություն, լուսավորություն և ուրիշ շատ բառեր։ Նա ասում էր, որ այդ բառերի վրա ամբողջ գրքեր են գրված, բայց նա մի քանի խոսքերով բացատրում էր ինձ դրանց իմաստը։ Ափսո՜ս, որ թույլ չէր տրված մեզ մոտ գիրք, թուղթ, գրիչ ունենալ, թե չէ, ես շատ բան կսովորեի նրանից։

«Գիտությունը և ուսումը միտքն միջոցներ են մի ժողովրդի համար՝ հասնել բարօրության, բայց ո՛չ բարօրության առարկան», – Ասում էր նա և սկսում էր բացատրել, թե ուրիշ ի՛նչ պայմանների մեջ պետք է դրված լինի ժողովրդի կյանքը, որ կարողանա լինել նա բախտավոր։ Երկար ու երկար խոսում էր հողի ու նրա մշակության պայմանների մասին, արհեստների կատարելագործության մասին, դրամատերերի գործունեության մասին և այլն։ Աշխատանքը նա ավելի բարձր էր դասում, քան ամեն ինչ։ «Աշխատանքը կյանք է, ասում էր նա, իսկ անգործությունը՝ մեռելություն»։

Նրա խոսակցությունը այնքան հաճելի էր, որ ես ժամերով լսում էի նրան և չէի կշտանում։ Ոչ մի անմիտ բառ չէր դուրս թռչում նրա բերանից։ Նա գիտեր խիստ լուրջ և խորին կերպով վերաբերվել դեպի ամեն մի հարց։ Ես իմ կյանքում աոաջին անգամ տեսնում էի մի այնպիսի երիտասարդ, որը անսահման բարության հետ ուներ և հմտությունների մեծ պաշար։ Նա գիտեր մի քանի եվրոպական և ասիական լեզուներ և, որքան ասես, խելացի մարդ էր։

Իր մասին նա ոչինչ չէր խոսում։ Մի քանի անգամ հետաքրքրվեցա նրա անցյալով, բայց ստանում էի միշտ անորոշ պատասխաններ։

– Դուք բարի և ազնիվ մարդ եք, – մի օր ասեցի նրան, – Դուք չէիք կարող ինձ նման եղեռնագործ լինել, պատմեցեք, խնդրեմ, ի՞նչ հանցանքի համար աքսորեցին ձեզ։

– Այդ մի հարցրեք, – պատասխանեց նա ոչ սակավ հուզված կերպով։

– Գոնե ասացեք, դուք ո՞վ եք և ո՞ր տեղացի։

– Այդ ևս մի՛ հարցրեք...

Ո՞րպիսի տխուր գաղտնիք էր թաքնված այն անբախտ երիտասարդի ճակատագրի մեջ։ Ինչ էլ որ լիներ, ես համոզված էի, որ նա ազնիվ մարդ էր, և նրա բարեկամությունը ինձ համար մեծ մխիթարություն էի համարում։ Այդ էր պատճառը, որ քավոր Պետրոսի երկրորդ նամակը ստանալուց հետո ես ամենևին չէի մտածում օգուտ քաղել նրա օգնությունից, և նրա ձեռքով ազատություն գտնել։ Եկավ զատիկը, անցան զատկի տոները, բայց ես ամենևին չգնացի եղևնիների անտառը, Կարմիր բլուրի մոտ։ Նա, որ ինձ մոլորեցրել էր, նա, որ ինձ ցույց էր տվել չար գործի չար ճանապարհները, այժմ աշխատում էր փրկել ինձ։ Բայց ինձ պետք չէր փրկությունը նրա ձեռքից ընդունել։ Ես արդեն բարոյապես ինձ փրկված էի համարում, սկսյալ այն օրից, որ իմ նոր դաստիարակի շնորհիվ մկրտվեցա կրթության նոր ավազանի մեջ։ Ես իմ շղթաների մեջ իմ անձը բախտավոր էի համարում, որ միշտ կարող էի տեսնել նրան, միշտ կարող էի վայելել նրա բարեկամությունը և լսել նրա իմաստալից խրատները։

Ավազակապետի պատմությունը ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց։ Նա սիրել էր մեկին, նրան նվիրել էր իր անձը, իր հոգեկան բոլոր քաղցր զգացմունքները։ նրա սիրո առարկան այլևս չկար, բնակվում էր շատ հեռու, ոգիների աշխարհում։ Բայց այդ դժբախտ մարդը դեռ շարունակում էր սիրել նրան, դեռ նրան հիշելիս նրա այրական դեմքը մռայլվում էր տխրության թախիծներով։ Ես նույնպես սիրում էի մեկին, բայց իմ սիրո առարկան գուցե դեռ կենդանի էր, գուցե դեռ մտածում էր իմ վրա։ Այժմ ո՞րտեղ էր անհայր, անմայր, անտուն, անտեղ և անօգնական որբիկը։ Ես շատ անգամ մտաբերում էի նրան, և իմ սիրտը լցվում էր անշիջանելի կրակով։ Աչքերիս արտասուքը չէր զորում հանգցնելու այդ կրակը։ Դատապարտյալը մոռանում է ծնողներ, ազգականներ, բարեկամներ, մոռանում է իր հայրենիքը, բայյ սիրած կնոջ հիշատակը մնում է նրանից անբաժան։ Սիրած կնոջ կորուստը ավելի ծանրացնում է նրա շղթաները, ավելի զգալ է տալիս իր թշվառ դրությունը...

Առժամանակ Համրի բարեկամությունը ինձ մոռանալ տվեց Նենեին, և սիրելի աղջկա հիշատակը խիստ սակավ էր խավարեցնում իմ դժբախտ դրության րոպեները։ Բայց դա երկար չտևեց, ես կրկին անձնատուր եղա այն սովորական հոգեմաշ թախծությանը, որ Նենեից բաժանվելուց հետո մշտապես տանջում էր ինձ։ Մի անգամ Համրը գտավ ինձ այսպիսի տրամադրության մեջ։

– Ի՞նչ է պատահել քեզ հետ, – կարեկցությամբ հարցրեց նա։

Ես նրանից թեև ծածուկ ոչինչ չունեի, բայց իմ կյանքի բոլոր անցքերը նրան պատմելու ժամանակ ոչինչ չէի հիշել Նենեի մասին։ Այժմ ի՞նչպես կարող էի թաքցնել նրանից իմ սիրտը և նրան մաշող ցավերը։ Ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ հայտնի է ձեզ Նենեի մասին, թե որպես գտա նրան անտառում այն րոպեում, երբ մի չարագործ պատրաստվում էր սպանել նրան, ո՜րպես ազատեցի նրա կյանքը և բերեցի քավոր Պետրոսի մոտ, թե ո՜րպես այդ վերջին չարագործը նույնպես հրամայեց ինձ սպանել նրան, և ո՛րպես ես խաբեցի նրան, հայտնելով, թե հրամանը կատարված է, բայց աղջկան թաքցրի իմ հոր խրճիթում, և, վերջապես, ո՛րպես իմ վարմունքը ծնեցրեց անմեղ աղջկա սրտում սեր դեպի ինձ, և այնուհետև նա չբաժանվեցավ ինձանից և այն ժամանակ, երբ ես կալանավորվեցա, բանտարկվեցա և դատապարտվեցա մշտական աքսորի։

Կնոջ սերը, որպես երևում էր, շատ զգալի չէր Համրին, նա իր կյանքում կա՛մ երբեք չէր սիրել, կամ եթե սիրել էր, կրակը վաղուց արդեն հանգել էր նրա սրտում։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սառնությամբ լսեց իմ պատմությունը, վերջը նկատելով,

– Այդ պատմության մեջ ես գովում եմ ձեր առաքինությունը, դուք ազատել եք մի թշվառի կյանք։

– Բայց նրան կորցնելը այժմ իմ կյանքը անտանելի դարձրել։

– Այդ ես հասկանում եմ... այդպիսի հանգամանքներում մարդուն փրկում է մի բան միայն՝ աշխատանքը։ Աշխատանքը մոռանալ է տալիս սրտի կսկիծները, որ առաջ էին եկել սիրո սլաքներից։

Նրա սառն փիլիսոփայությունը այժմ ինձ չէր գրավում: Ես տվեցի խիստ հուսահատական պատասխան,

– Այժմ մահը, միայն մահը կարող է հանգստացնել ինձ, աշխատանքից ես ձանձրացել եմ, մանավանդ այսպիսի ապարդյուն աշխատանքից։

– Ոչինչ աշխատանք ապարդյուն չէ, երբ մարդկությանը որևիցե օգուտ է բերում։

– Մեր աշխատանքը ի՞նչ օգուտ է բերումք

– Երևի դու մոռացել ես, որ մի անգամ ես քեզ ասացի, որ մեր օգուտը ուրիշի օգտի մեջ է, և նույնը փոխադարձաբար։ Եվ եթե մենք ուղղակի կերպով չենք շահվում մեր աշխատանքից, կշահվին, անտարակույս, մեզ նմանները, այսինքն ուրիշ մարդիկ։ Մենք փորում ենք լեռների սիրտը և այնտեղից դուրս ենք բերում պղինձ, երկաթ, ոսկի և արծաթ։ Այդ մետաղներով բացվում են դպրոցներ, կառուցանում են արհեստանոցներ և այլ բարեգործական հիմնարկություններ։ Նրանց մեջ ուսում են առնում, կրթվում են և լավ մարդիկ են դաոնում։

Ես այնքան գրավվեցա այդ վիճաբանությամբ, որ մոռացա Նենեին, մոռացա և նրա սերը, որի առթիվ սկսվել էր վիճաբանությունը։ Համրը, իր սառնասրտության հակառակ, ավելի տաքացած էր։ Նա ուղիղ իմ աչքերի մեջ նայելով՝ ասա՛ց,


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации