Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 1 (всего у книги 22 страниц)
Րաֆֆի
ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ
Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ այդ խաչագողի գործն է։
Խաչագողը ունի իր արհեստին վերաբերյալ բոլոր հմտությունները։ Այլևայլ երկրներում թափառելու համար նա գիտե զանազան ազգերի լեզուներ, ծանոթ է նրանց սովորություններին և ի՛նչ ազգի մեջ որ մտնում է, խոսում է այն քան վարժ, որ դժվար է որոշել, թե նա այն ազգին չէ պատկանում։ Նա իր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է. դա ավազակների արգոն է։
Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը իր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս կողմ և այն կողմ:
Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է իր միտքը։
Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդարարություններ է կարգում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։
Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպվիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ, դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել իր բուն պատկերի մեջ, այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմանների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։
Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար:
Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։
Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:
Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։
Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։
Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նքա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը իր պապենական օթեվանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում իր պարանոցը։
Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես իր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում իր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չի հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ, այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...
Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողչ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ:
Ես նկարեցի խաչագողի մի քանի ընդհանուր գծերը միայն, իսկ մանրամասնությունները ընթերցողը կտեսնի նույն իսկ «Խաչագողի հիշատակարանի» մեջ։ Այժմ դառնանք դեպի այն հարցը, թե որ երկրից հայտնվեցան խաչագողները։
Սալմաստա[1]1
Սալմաստը Պարսկաստանի Ատրապատական կոչված նահանգի գավառներից մեկն է։ Գտնվում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերի վրա։
[Закрыть] մեջ եղած ժամանակս իմ գլխավոր զվարճություններից մեկն էր Սավրա գյուղը գնալը։ Այդ գյուղը նշանակություն է ստացել նրանով, որ այնտեղ են բնակվում այն հանրածանոթ մարդիկը, որ կոչվում են «խաչագողներ»։ Թողյալ այդ, Սավրան ուներ իր և մի քանի այլ գեղեցիկ կողմերը բնությունն այնտեղ հիանալի էր, կնիկները ավելի սիրուն էին, քան Սալմաստա մյուս գյուղերում, հագնվում էին մաքուր և չափազանց հրապուրիչ էին։ Մի քանիսը արդեն պարսից շահի կանանոցի զարդն էին դարձել, և նրանց ազգականները մշտական թոշակ էին ստանում։ Սավրայի տները, հովանավորված սքանչելի պարտեզներով, պահվում էին ամենայն հստակությամբ։
Բայց ինձ ավելի գրավում էին խաչագողները։
Ճշմարիտն ասած, շատ հետաքրքրական էր, այդ մոլաշրջիկների հյուրասեր սեղանի մոտ նստած, նրանց հետ գավաթներ դատարկել և լսել նրանց թափառական կյանքի երկար ու երկար պատմությունները, որոնք լի էին սարսափելի արկածներով։ Խաչագողը միշտ մի առանձին պարծանքով է պատմում իր արարմունքը։ նա իր խաբեությունների, խարդախությունների և այլ չարագործությունների վրա նայում է որպես քաջագործության վրա։ նա քաջություն է համարում անազնվությունը, նենգավորությունը, որովհետև նրանց միջոցով կարողացել է շատ անգամ ահագին գումարներ ձեռք ձգել, թեև խիստ հաճախ ենթարկել է իր անձը սոսկալի վտանգների։
Սավրան խաչագողների որջն էր։
Սալմաստա մեջ թեև ամեն մի հայաբնակ գյուղում կարելի էր գտնել խաչագողներ, բայց չկա Սավրայի պես մեկը, ուր ամբողջ բնակիչները իրանց նվիրած լինեին մի այսպիսի կեղտոտ պարապմունքի։ Ո՞րտեղից էր մտել այդ արհեստը նրանց մեջ, դժվար է բացատրել, միայն այնքան ընտելացել էին մի այնպիսի գործունեության, որ համարյա նրանց համար կենսական պահանջ էր դարձել:
Մտնում ես Սավրա գյուղր։ Փողոցների մեջ խաղում է երեխաների բազմությունը։ Մտածում ես, թե ամբողջ աշխարհի երեխաներից մի-մի հատ այստեղ է բերված։ Նրանց վրա տեսնում ես ամեն երկրի, ամեն ազգերի հագուստները ու գլխարկները։ Այդ ի՞նչ հրաշք է։ Սկսյալ Չինաստանից, Հնդկաստան, Աֆրիկա. Ամերիկա, մինչև Եվրոպայի ամենախուլ անկյունները, ամեն տեղի հագուստով երեխաներ ես տեսնում։ Տղամարդիկը նույնպես ման են գալիս բազմատեսակ հագուստներով։ Հետո հասկանում ես, որ այդ թափառականները, օտար երկրներից վերադառնալու ժամանակ, բերել են իրանց երեխաների համար նույն երկրների հագուստները։
Մտնում ես սավրեցու տունը։ Սենյակները զարդարած են ամեն երկրի ամեն տեսակ կարասիներով։ Պատերի վրա առանց ճաշակի, առանց դասավորության կպցրել են զանազան պատկերներ։ Տեսնում ես մի տեսարան Գարիբալդիի կռիվներից, նրա մոտ սգավոր Աստվածամոր պատկերները, սրով խոցված սրտով, հետո «Թափառական հրեայի» պատկերը, հետո Հիսուս քրիստոսը աղբյուրի մոտ խոսում է Սամարացի կնոջ հետ, հետո մի տեսարան փարավոնների կյանքից։ Փարավոնը պատգարակի մեջ նստած է, մի խումբ ստրուկներ տանում են նրան ուսերի վրա, հետո մի քանի կիսամերկ գեղեցկուհիք լողանում են անտառում հոսող վտակի մեջ, հետո Պիոս IX-ի պատկերը, և մյուսները այս կարգով։
Խիստ զգալի մի տեսարան է ներկայացնում, երբ աչք ես ածում Սավրայի ընտանեկան կյանքի վրա։ Տների մեծ մասում գտնում ես միայն հնացած, գործից ընկած, ծերունի խաչագողներ։ Այդ հմուտ, փորձված վարպետները հայրենական արհեստի մեջ զարգացնում են իրենց կանդիտատներին փոքրիկ, նորընծա խաչագողներին։ Բոլոր երիտասարդները պանդխտության մեջ են գտնվում, նրանց կնիկները մնացել են առանց ամուսինների։
Սավրեցի կինը համբերող է, ողջախոհության պես համբերող է նա։ Նա սպասում է. երկար ու ձիգ տարիներ սպասում է։ Նա տանում է աղքատություն, միշտ հրապուրված այն քաղցր հուսով, թե մի օր իր տղամարդը կվերադառնա գանձերով։
Նա ընդունում է իր տղամարդին այն հպարտ պարծենկոտությամբ, որպես քուրդի կինը ընդունում է իր հերոսին, երբ նա վերադառնում է կովի դաշտից, իր հետ բերելով անբավավար և կողոպուտներ։
Սավրեցի կնոջ մի այսպիսի վիճակը փոխել է նրա ոչ միայն բնավորությունը, այլև նրա հասարակական դրությունը: Սավրեցի կինը ինքը տղամարդ է, երբ նրա ամուսինը տանը չէ։ նա Սալմաստա մյուս գյուղերի կնիկների նման փակված կյանք չէ վարում։ Նա ավելի աշխարհային մարդ է։ Նրա վրա է դրած բոլոր հոգսը, բոլոր ծանրությունը ընտանիքի, որովհետև տղամարդը տանը չէ։ Նա մինչև անգամ մասնակցում է իրանց գյուղային հասարակության բոլոր գործերի մեջ, որպես են՝ հարկերի բաշխումը, ջրի հերթով բաժանելը, վարը վարելը, ցանքը ցանելը, մի խոսքով, լցուցանում է գյուղական տնտեսության բոլոր պահանջները։ Երևակայեցեք մի այսպիսի կնոջ դրությունը, որը գերդաստանի մայր է, որը ապրում է Ասիայում, որի գործունեությունը ընտանեկան շրջանից դուրս կարող է հանդիպել հազար ու մեկ փորձանքների...
Սավրայի գերեզմանատունը մինչև անգամ զուրկ է տղամարդերից։ Նրանք մեծ մասամբ մեռնում են պանդխտության մեջ և թաղվում են օտար երկրների հողի տակ։ Սավրայի գերեզմանատան մեջ հանդիպում ենք անթիվ շիրիմներ, որոնց մեջ ամփոփված են ոչ թե այս և այն խաչագողի մարմինները, այլ նրանց գլխարկը, կամ ճանապարհի ցուպը, կամ հողաթափները, վերջապես մի բան, որ հեռավոր երկրներից բերել էր մեռած խաչագողի ընկերը, որպես միակ հիշատակ նրա սիրելի ամուսնին։ Կինը տոհմային գերեզմանատան մեջ թաղել է տալիս իր տղամարդի հիշատակի այն թանկագին նշանը, նրա անունով շիրիմ է կանգնեցնում։ Եվ ամեն տարի, երբ հանգուցյալների համար հոգեհանգիստ է կատարվում, անբախտ կինը օրհնել է տալիս այն գերեզմանը, խունկ է ծխում և նրա մոտ նստած արտասուք է թափում։ Ինձ ցույց տվեցին մի նշանավոր խաչագողի գերեզման, որի մեջ ամփոփված էր հանգուցյալի քթախոտի տուփը միայն, իսկ նա ինքը մեռել էր Ճապոնիայում։
Բայց պատահում էին զարմանալի դեպքեր։
Շատ անգամ, դեռ աոաջին մեղրամիսը չլրացած, տղամարդը թողնում էր իր նորահարսին և հեռանում էր դեպի օտար աշխարհ։ Խեղճ կինը սպասում էր նրան։ Անցնում էին տարիներ, տասն-քսան տարի, նա դեռ սպասում էր։ Վերջը լսում էր նրա մահվան բոթը, ստանում էր նրանից մի հիշատակ և թաղել էր տալիս տոհմային գերեզմանատան մեջ։ Բայց քիչ չէր պատահում, որ այսպիսի, արդեն մեռածների կարգը դասված պանդուխտը, մի քանի տասնյակ տարիներից հետո, հանկարծ հայտնվում էր, կարծես թե, անդունդից դուրս էր գալիս նա, մաշված, ալևորված և բոլորովին հնացած։ Բայց նա թողել էր իր ընտանիքը և իր հայրենիքը, երբ տակավին առողջ ու թարմ էր հասակով։ Նա գտնում էր իր ընտանիքը ցրիվ եկած, ամեն ինչ ոչնչացած... կինը ուրիշ մարդու գնացած և ուրիշ գերդաստանի մայր դարձած... իր թողած տան հետքն անգամ չէր մնացել... միայն գերեզմանատան մի քարի վրա կարդում էր նա իր անունը, իր մահվան արձանագրությունը...
Սավրա գյուղը ռուս-պարսկական 1826 թվի պատերտզմից առաջ համարյա մի փոքրիկ քաղաք էր, նա ուներ մի քանի հազար տուն բնակիչներ։ Բայց երբ պատերազմից հետո ավելի քան 40 հազար հայեր Պարսկաստանից գաղթեցին դեպի Ռուսաստան, նրանց հետ և Սավրայի հայերի մեծ մասը թողեցին իրանց հայրենիքը։ Անցնելով Երասխ գետի մյուս կողմը, սավրեցիք բաժանվեցան և հիմնեցին չորս գյուղեր։ Հին-Նախիջևանի գավառում Թումբուլ և Յարըմջան գյուղերը, Դար-Ալադաղի գավառում՝ Փոռ գյուղը, իսկ Շարուրի մեջ՝ Դաշ-Արխ գյուղը։
Փոխելով իրանց հայրենիքը՝ Պարսկաստանը, և զետեղվելով Երևանա նահանգում, խաչագողների գաղթականությունը չփոխեց իր հին արհեստը։ Կարճ ժամանակում նրանք տարածվեցան
Ռուսաց կայսրության ամենահեռավոր գավառներում, սկսեցին գործ դնել իրանց խաբեությունները։ Ռուսներն այղ ժամանակ դեռ նոր էին տիրել Երևանյան նահանգը։ Կառավաքությունը ուշադրություն դարձրեց իր նոր հյուրերի՝ խաչագողների վրա։ Արգելվեցավ նրանց անցաթուղթ տալ[2]2
Նույն արգելքը մնում է մինչև այսօր։
[Закрыть] կամ բաց թողնել Անդրկովկասից դուրս դեպի Կայսրության այլ կողմերը։ Իսկ այդ կարգադրությունը չէր արգելում խաչագողներին զանազան խաբուսիկ միջոցներով կեղծ անցաթղթեր ձեռք բերել և գնալ, ուր որ ցանկանում էին։ Նրանք հայտնվում էին Ռուսաստանի ամենախուլ կողմերում, ըստ մեծի մասին հույն աբեղաների անունով, որպեսզի, ռուսների հետ կրոնակից ձևանալով, գրավեն նրանց համակրությունը։
Խաչագողները ոչ միայն իրանց վրա դարձրին կառավարության ուշադրությունը, այլ ռուսաց մամուլն անգամ մի ժամանակ զբաղվեցավ նրանցով։ Ն. Ֆ. Դուբրովինը, Անդրկովկասի հայտնի պատմագիրը, իր էտնոգրաֆիական նկարագրությունների մեջ հայերի վերաբերմամբ, խոսում է միևնույն ժամանակ խաչագողների մասին։ Պ. Պ. Մասլովսկին, Ե. Մելեշկոն և Զելինսկին իրանց գրվածքների մեջ նույնպես խոսում են խաչագողների վրա։[3]3
Այս տողերը գրելու ժամանակ ես ձեռքի տակ չուներ հիշյալ աշխատությունները, միայն օգուտ քաղեցի պ. Մ. Միանսարյանցի «Բիբլիոգրաֆիայի» Ա հատորի 222, 228 և 229 երեսներից։
[Закрыть]
Առհասարակ ռուս գրողների կարծիքը խաչագողների մասին այն է, թե դրանք իսկական հայեր չեն, այլ, մի տեսակ հայ-ցիգաններ են (միջին դարերի race maudite-ների նման), նրանք թեև խոսում են հայերեն, բայց ունեն իրանց առանձին լեզուն և սովորությունները. թե ըստ մեծի մասին վաճառում են ամբողջ աշխարհում քրիստոնեական սրբություններ, թափառում են Ռուսաստանում հույն կրոնավորների անունով և պանդխտության մեջ միշտ խույս են տալիս իսկական հայերից, աշխատելով չհանդիպել նրանց, որպեսզի չճանաչվեն և այլն:
Թե խաչագողները հայ-ցիգաններ են և ոչ իսկական հայեր, դա մի ենթադրություն է. որ դեռևս ապացուցված չէ, որը տակավին վիճաբանության ենթակա է։ Ես այդ կարծիքի դեմ ոչ ի նպաստ և ոչ հակառակ ասելիք չունեմ։ Միայն այսքան ավելորդ չեմ համարում նկատել, որ բոլորովին սխալ է, թե խաչագողները առանձին լեզու ունեն։ Նրանք ունեն, որպես վերևում հիշեցի, մի տեսակ շինծու, հնարած, պայմանական լեզու, նրանք ունեն արգո։ Այդ է պատճառը, որ խաչագողների մի խմբի խոսակցությունը մյուս խմբին բոլորովին անհասկանալի է։ Եթե խաչագողը նույն լեզվով խոսե իր կնոջ, իր զավակների հետ, նրանք ևս ոչինչ չեն հասկանա։ Եվ այդ լեզուն յուրաքանչյուր խմբի մեջ շուտ-շուտ փոխվում է, երբ նա փոքրիշատե հասկանալի է դառնում։
Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է, թե ինչ է նշանակում «ծտի լեզու», «ճնճղուկի լեզու», «ագռավի լեզու», կարող է գաղափար կազմել, թե նույնիսկ հայկական բառերի մեջ ավելորդ հնչյուններ մտցնելով (իհարկե կանոնավոր կերպով) կարելի է այնպիսի լեզու ստեղծել, որ մյուս հայը չէ կարող հասկանալ, եթե բառերի կազմության պայմանների հետ ծանոթ չէ։ Այս տեսակ լեզվի գործածությունը մինչև այսօր սռվորական է մեր գավառացի հայերից շատերի մոտ։
Ես չեմ հերքում, որ մենք ունեցել ենք հայ-Բոշաներ և այժմ ունենք։ Բայց հայ-Բոշաների և խաչագողների թե սովորությունների և թե կենցաղավարության պայմանների մեջ մեծ տարբերություն կա։ Հայ-Բոշաները ասիական մյուս ցիգան (չինգանե) ցեղերի նման հաստատաբնակ չեն, թափառական կյանք են վարում, ընտանիքով, ամբողջ խմբերով գաղթում են մի տեղից մյուս տեղ, երկրագործությամբ չեն պարապում։ Հայ-Բոշաների կնիկները պարապում են կախարղություններով, պար են գալիս, երգում են, իսկ տղամարդիկը կամ նվագածուներ են, կամ պարապում են մի քանի ողորմելի արհեստներով, որպիսիք են՝ մաղ գործել, զամբյուղներ հյուսել և այլն։ Դրանք խարդախներ, խաբեբաներ չեն։ Դրանք աղքատ, բայց միևնույն ժամանակ խիստ սակավապետ մարդիկ են։ Հարստանալու բարձր ձգտումներ չունեն։ Դրանց տիպը կատարյալ բոշայական է և պահպանել են բոշաների կենցաղավարության ձևերը։ Որոնց ընդհակառակն, խաչագողը հաստատաբնակ է, նա իր ընտանիքը իր հետ ման չէ ածում, տղա մարդիկ թափառում են, բայց կնիկները իրանց տեղից չեն շարժվում։ Նա իր հայրենիքում գեղեցիկ տնտեսություն ունի, նրա տունը, պարտեզը, այգին, մշակության դաշտերը կարող են օրինակելի դառնալ ամենազարգացած երկրագործների համար։ Բայց երբ տանից դուրս է գալիս նա, այն ժամանակ միայն սկսում է աֆֆերաների մեջ մտնել։ Խաչագողը շատ անգամ ոչնչով սկսում է ահագին դրամական շրջաբերությունների մեջ դեր խաղալ։ Նա սակավով չէ բավականանում, նա սարսափելի անհագ ձգտումն ունի մեծանալու, բարձրանալու և հարստանալու։
Իսկ այդ անսանձ բաղձանքը ձգում է նրան խաբեբայությունների և խարդախությունների մեջ։ Խաչագողը և կառավարչական աստիճանների վրա, անվաստակելի եռանդով, աշխատում է միշտ դեպի վեր մագլցել։ Եղել են խաչագողներից այնպիսիներըէ որոնք անգլիացոց տիրապետությունից առաջ հնդկական թագավորների մոտ աոաջին վեզիրի պաշտոն էին կատարում կամ ամբողջ նահանգների փոխարքաներ էին։ Այդ բոլորը այն եզրակացության է հասցնում, որ խաչագողները եթե հայ-Բոշաներ չեն, իսկական հայեր ևս չեն։ Նրանք հայերի մի առանձին ցեղին են պատկանում։
Բայց ի՞նչ անուն է այդ խաչագո՜ղ: Ինչո՞վ ժառանգեցին նրանք այդ անունը։
Խաչագողները իրանց վարքուբարքով արժանացան մի քանի այլ անունների ևս, որպիսին են՝ «պառավ խեղդող», «էշ ներկող», «սավրգեղցի» և այլն։ Ավելորդ չէր լինի այդ անունների համառոտբացատրությունը հիշել։
«Խաչագող» ասում են նրանց այն պատճառով, որ շատանգամ պատահել է, որ նրանցից մեկը իրան ձևացրել է որպես աբեղա և այս ու այն եկեղեցում կամ վանքում հոգևոր պաշտոն է ստացել։ Հետո աբեղան, տաճարի բոլոր խաչերն ու արծաթեղենները գողանալով, հանկարծ՛ անհայտացել է։ «Պառավ խեղդող» կոչում են նրանց այն պատճառով, որ այդ մարդիկ շատ են սիրում մոտենալ հարուստ պառավներին, ծանոթանալ, բարեկամանալ նրանց հետ, իսկ երբ բոլորովին ընտանի են դառնում, մի օր խեղդում են պառավին և, բոլոր հարստությունը կողոպտելով, աներևութանում են։ «էշ ներկող» կոչում են նրանց իրանց չափազանց ճարպկության համար գողության գործի մեջ։ Խաչագողը կարող է գողանալ մեկի, օրինակ, մոխրագույն էշը, հետո ներկելով՝ գույնը սևի փոխել և իր առաջվա տիրոջ վրա վաճառել։ Տերը երբեք չէ կարող ճանաչել, թե այդ անասունը մի ժամանակ իրան էր պատկանում։ «Սավրգեղցի» կոչում են նրանց իրանց բնիկ գյուղի՝ Սավրայի անունով, որը գտնվում է Պարսկաստանի Սալմաստ գավառում։
Պարսկաստանի հայերի 1857 թվի գաղթականությունից հետո, թեև Սավրա գյուղի բնակիչների մեծ մասը, որպես ցույց տվի վերևում, տեղափոխվեցան դեպի Երևանյան նահանգը, բայց Սավրայի մեջ դարձյալ մնացին մի քանի հարյուր տուն խաչագողներ և մնում են մինչև այսօր։
Սալմաստում եղած ժամանակս ես հաճախ գնում էի խաչագողների գյուղը, իմ նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել այդ բախտախնդիրների կյանքը, այլ ինձ առավել հետաքրքրում էր մի երևելի խաչագողի պատմությունը, որին կոչում էին Մուրադ։ Ինձ ցույց տվին նրա տունը, ես մտա այն գեղեցիկ սենյակը, որի մեջ մի ժամանակ ապրում էր այդ նշանավոր մարդը, որ թողել էր իր արհեստակիցների հիշողության մեջ շատ և շատ զարմանալի պատմություններ։ Մուրադը վաղուց մեռած էր, ավելի ճիշտ կլիներ ասել սպանված էր, առանց ժառանգ թողնելու։ Ես գտա նրա կնոջը միայն, յոթանասունամյա պառավ Նանային[4]4
Րաֆֆին 1857 թվականի սկզբին եղել է Սավրայում, խաչագող Մուրադ Խուդավերդյանի տանը, ծանոթացել է նրա զառամյալ կնոջ հետ և տեղեկություններ է հավաքել Սավրայի խաչագողերի՝ Մուրադի ու նրա ընկերների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Նանա (Նենե) կերպարի վիպական անունն է, նախատիպի իսկական անունը եղել է Կզլար (տես «Մուղսի Բարսեղ մահտեսի Ռոստոմյանի պատմածները Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանի» հերոս Մուրադի մասին» (ձեռագիր գրառում), Գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆ., N. 49։
[Закрыть]։ Դա մի կին էր խիստ բարի երեսով և խելացի աչքերով։ Նա շատ դժվարությամբ հանձն առեց պատմել ինձ մի քանի դեպքեր իր ամուսնի կյանքից։ Բայց ինչ որ պատմեց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը հագեցնելու համար։
Երբ ես փոքրինչ մտերմացա պառավի հետ, երբ նա հասկացավ իմ հարցասիրության նպատակը, ավելի համակիր եղավ դեպի ինձ։ Ես հարցրի՝ չէ՞ մնացել արդյոք հանգուցյալից որևէ գրավոր բան։ Նա վե՛ր կացավ և, մի հնադարյան պահարանից դուրս բերելո՛վ մի տետրակ, դողդոջուն ձեռքով տվեց ինձ։ Ավերակների մեջ թաքնված գանձ գտնողը այն քան ուրախ չէր լինի, որքան ուրախացա ես նույն րոպեում: Այդ, հնությունից դեղնած, քրքրված տետրակը Մուրադի օրագիրն էր։ Նա գրված էր զանազան ժամանակ, զանազան գույն մելաններով։ Մի քանի տեղերում պակասում էին ամբողջ երեսներ, մի քանի տեղերում ևս սկսված գլուխը մնացել էր առանց վերջացնելու։
Այսուամենայնիվ, տետրակը բովանդակում էր իր մեջ հետաքրքիր տեղեկություններ թե՛ հեղինակի և թե՛ առհասարակ խաչագողների վերաբերությամբ։
Նրա թերությունները լրացրեց պառավը իր պատմություններով։
Ես վաղուց դիտավորություն ունեի գրել մի բան խաչագողների կյանքից, և այղ բաղձանքը իրագործելու համար բավական էր ինձ օգուտ քաղել Մուրադի օրագրություններից։ Այդ օրագրությունը կոչվում էր «Խաչագողի հիշատակարան»։Ես էլ այղ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էհն տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև երբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը...
Պառավը, որի մասին հիշեցի վերևում, բանաստեղծական տիպ չէ, դա միևնույն նանան է, որին կտեսնե ընթերցողը այս վեպի ընթացքում։ նա մեռավ 1857 թվին, ապրելով որպես առաքինի կին և բարեպաշտ քրիստոնյա։ Իսկ Մուրադը, այդ վեպի հերոսը, նույնպես պատմական անձնավորություն է։ Նա վերջը, խաչագողների հասարակությունից հեռանալով, մտավ մի այլ խումբի մեջ, դարձավ անդամ մի այլ հասարակության , որի հետ կծանոթանա ընթերցողը, երբ լույս կտեսնի իմ «Կայծեր» կոչված աշխատությունը, որն այժմ մամուլի տակ է։
Վերջացնելով իմ նախաբանը, սկսում եմ «Խաչագողի հիշատակարանը», պահպանելով նույն ձևը և նույն դասավորությունը, որպես Մուրադը գրել էր իր օրագրությունները։
Ա. ԹՈԻՅՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ
Ես հայր չեմ տեսել։ Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ։
Երկար ժամանակ մենք նրա մասին տեղեկություն չունեինք. ոչ նամակ էինք ստանում և ոչ որևիցե լուր: Մի անգամ հայտնվեցավ հորս պանդխտության ընկերը, բերեց նրա մատանին և, տալով մորս, հաղորդեց նրա մահվան բոթը։ Մեր դրացի կնիկները համոզում էին մորս, որ թաղել տա այդ մատանին գերեզմանատան մեջ և հորս համար մի հիշատակարան կանգնեցնե։ Բայց մայրս չկամեցավ, որովհետև նա ամենևին չէր հավատում, որիր ամուսինը մեռած է։ Նա վճոել էր սպասել երկար տարիներ, սպասել հորս վերադարձին։ Այդ պատճառով նա մերժեց հորս մահվան բոթը մեզ բերող մարդու ձեռքը, որ ցանկանում էր մորս հետ ամուսնանալ։
Մորս կոչում էին Նազանի, նա շատ գեղեցիկ կին էր և բարի, ո՞վ չէր սիրի նրան։ Բայց նա ասում էր, եթե իմ ամուսնի մահը ստույգ ևս լինի, դարձյալ ցանկություն չունի մարդու գնալու, որովհետև մտածում է յուր երեխաների համար։ Մենք, երեխաներս, չորս հոգի էինք՝ մեկը ես և երեք քույրեր։
Գյուղը, ուր բնակվում էինք մենք, կոչվում էր Սավրա։ Դա Սալմաստա ամենագեղեցիկ գյուղերից մեկն էր։ Շրջապատված րնդարձակ այգիներով, նա, կարծես, թաքնված լիներ խիտ անտառների մեջ։
Նրա միջով հոսում էր Սոլա գետը և ոռոգում էր բոլոր այգիները։
Հորից զրկվելով, մենք մնացինք մեր քավոր Պետրոսի խնամակալության ներքո։
Քավոր Պետրոսը հայտնի էր մեր գյուղում որպես փորձված,խելացի և լավ մարդ։ նա այնքան սիրելի էր ժողովրդին, որ բոլորը նրա անունովն էին երդվում։ Դեռ ժամատան կոչնակի առաջին զարկի ձայնը չլսված, դեռ քահանաները չեկած, քավոր Պետրոսը եկեղեցու դռանը կանգնած էր լինում, սպասում էր, որ դռները բաց անեն, գնա իր վաղորդյան աղոթքը կատարելու։ Նա այն տեսակ մարդկանցից էր, որ Սաղմոսը, Ավետարանը և Նարեկը ձեռքից բաց չեն թողնում, միշտ հոգու և աստծո արքայության վրա են մտածում: Մայրս շատ ուրախ էր, որ իր զավակները մի այդպիսի բարեպաշտ մարդու հոգաբարձությանն էին հանձնված։
Բացի քավոր Պետրոսից, մենք ուրիշ բարեկամ չունեինք:
Ես ունեի մի հորեղբայր, որին կոչում էին Մինաս։ Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր։ Ես երբեք առանց սարսափելու չեմ կարող հիշել այդ մարդու միշտ ուրախ, միշտ անհոգ և վայրենի դեմքը։ Նա միանգամայն իրան տված էր զվարճության և ամբողջ օրերով տանը չէր գտնվում։ Մենք զարմանում էինք, թե որտեղից այնքան վատնում էր նա, որովհետև ոչ մի արհեստ կամ պարապմունք չուներ։ Նա երբեմն մի քանի ամիսներով, իսկ երբեմն մի քանի տարիներով անհետանում էր, չէր երևում և հանկարծ հայտնվում էր ոսկիներով լի քսակով։ Ի՞նչպես էր վաստակում, ի՞նչ հնարքով էր ձեռք բերում այդ ոսկիները, ես հասկանալ չէի կարողանում, միայն տեսնում էի, որ նրա ոսկիների թվում կային ամենպետության սիքքեներ։ Կնշանակե, նա շատ երկիրներ էր թափառել...
Բայց հայի առածն ասում էր, որ «քամու բերածն էլի քամին կտանի», այսպես էլ փայլուն ոսկիները նրա ձեռքում երկար չէին մնում, նա շուտով վատնում էր, դարձյալ մնում էր աղքատ, դարձյալ ապրում էր պարտքերով։ Պարտատերերը մեծ վստահություն ունեին նրա հաջողակության վրա, գիտեին, որ իրանց փողը չի կորչի, բավական էր միայն, որ Մինասը ոտքր դուրս դներ տանից, կրկին ձեռքն առներ պանդխտության գավազանը, այնուհետև փող վաստակելը նրա համար հեշտ էր ...
Իմ հորեղբայրը շաբաթը մի քանի անգամ հյուրեր էր ունենում։ Ես երբեմն գնում էի նրանց տունը։ Հյուրերը ուտում էին, խմում էին, խոսում էին, ես միշտ մի առանձին հետաքրքրությամբ էի լսում նրանց խոսակցությունը։ Նրանք պատմում էին իրանց կյանքի զանազան արկածները այլևայլ երկրներում: Սարսափելի և միանգամայն խիստ սոսկալի պատահարներով լի էին լինում այն արկածները, այսուամենայնիվգրավում էին իմ սիրտը։ Ես այն ժամանակ անփորձ էի և երեխայական պարզամտությամբ քաջություն էի համարում նրանց արարմունքը, այդ պատճառով մտածում էի, «Ախ, երբ կլիներ, որ ես էլ մեծանայի, գնայի օտար աշխարհ և դրանց նման փող վաստակեի»...
Այդ միտքը շատ անգամ տանջում էր իմ անմեղ սրտիկը: Երբ իմ բաղձանքը հայտնում էի մորս, նրա աչքերը լցվում էին արտասուքով, և միշտ պատասխանում էր ինձ միևնույն խոսքերով. «Աստված մի՛ արասցե, որ դու նրանց նման փող աշխատես»...
Ինչո՞ւ էր բարկանում մայրս, ինչո՞ւ էր անիծում ինձ, մի՞թե վատ էին նրանք, մի՞թե լավ էր այնպես աղքատության մեջ ապրել, որպես ապրում էինք մենք։ Ես վրդովվում էի և սկսում էի մորս կոպտություններ ասել։
Նա միայն լաց էր լինում և ոչինչ չէր պատասխանում...
Մի անգամ միայն նա ասաց ինձ.
– Նրանք «խաչագողներ» են ...
Այդ խոսքը կարծես այրեց նրա լեզուն։
Քայց ի՞նչ էր խաչագողը, այդ բառի նշանակության մասին ես ոչինչ գաղափար չունեի։ Մայրս նույնպես չբացատրեց։ Նա միայն խրատում էր, որ հեռու կենամ նրանցից, չհրապուրվեմ նրանց գործերով, որովհետև նրանք լավ մարդիկ չեն։
Մայրս մեր գյուղացի չէր. նա Վանի կողմերիցն էր, այդ պատճառով զզվում էր մեր գյուղացիներից։ Վերջին ժամանակներում նա արգելեց ինձ, որ այլևս հորեղբորս տունը գնամ և նրա երեխաների հետ խաղամ։ Եվ որպեսզի ինձ բոլորովին հեոացնե մեր գյուղից, մտածում էր այդ մասին մի հնար գտնել։ Մի անգամ ասաց ինձ.
– Մուրադ, որդի, քեզ պետք է մի արհեստ սովորել։
Նա սկսեց երկար ու երկար բացատրել ինձ, թե որքան բախտավոր մարդ է ազնիվ և աշխատասեր արհեստավորը, որքան ապահովված է նրա կյանքը, որքան ազատ և անկախ է նրա ապրուստը։
– Ի՞նչ արհեստ, – Հարցրի ես։
Նա՝ ասաց, որ քավոր Պետրոսի հետ խորհրդակցել է այդ մասին, և վճռել են, որ ես սովորեմ դարբնություն։
– Դարբնությո՜ւն, – գոչեցի ես, – ես չեմ ուզում սևանալ երկաթի՛ ու ածուխի փոշիների մեջ։
– Դու չես սևանա, – պատասխանեց մայրս իր սովորական հանդարտությամբ։ – Ածուխի սև փոշիներից դուրս է գալիս սպիտակ հաց և սպիտակ արծաթ, որ, ընդհակառակն, միշտ սև են և միշտ սև կմնան երեսները այն մարդկանց, որոնք խարդախությամբ ուրիշի ոսկիները կողոպտում են, իսկ իրանք դարձյալ մնում են քաղցած...
Ես հասկացա, մորս ակնարկությունը խաչագողների մասին էր։
Ես մորս շատ էի սիրում, հորս անհայտանալուց հետո նա մեզ սնուցել էր ծնողական բոլոր քնքշությամբ։ Այդ պատճառով նրան հակառակել չկարողացա, միայն հարցրի.
– Ինչո՞ւ անպատճառ դարբնություն, մի՞թե ուրիշ արհեստները վատ են։
– Բոլորը լավ են,– պատասխանեց նա։ – Աշխատանքը և աշխատությունը միշտ լավ է, վատ է միայն ծուլությունը, անգործությունը։
Հետո ավելացրեց, նրա համար է բարվոք համարում սովորել ինձ դարբնություն, որ այդ արհեստը ավելի հարմար էր իմ կազմվածքին։ Դարբնի համար հարկավոր էին ուժեղ մկաններ, զորեղ բազուկներ և հաջողակ ձեռք՝ այդ բոլորը ունեի ես։
– Քավոր Պետրոսն ևս այղ խորհրդի մեջ համաձայն է ինձ հետ, – ասաց մայրս։
Քավոր Պետրոսի հեղինակությունը այն աստիճան նշանակություն ուներ մեր ընտանիքի համար, որ մենք ամենքս խոնարհվում էինք նրա առջև և ընդունում էինք նրա տված խորհուրդները։
Մեր գավառի դարբնոցները գտնվում էին ըստ մեծի մասին Հին քաղաքում (Քոհնա-Շհարում), որը հեռու էր մեր գյուղից մեկ մղոն հեռավորությամբ։ Երկու օր չանցած այդ խոսակցությունից, մայրս ինձ իր հետ առնելով, տարավ Հին քաղաքը, հանձնեց ուստա Գրիգորին։ Եվ որովհետև հեռավորության պատճառով դժվար էր ամեն օր և գնալ այնտեղ, և վերադառնալ մեր գյուղը, դրա համար ես ամբողջ շաբաթը գնում էի դարբնոցը աշխատելու, իսկ գիշերները կենում էի իմ մորաքրոջ տանը։ Կիրակի օրերը միայն գալիս էի մեր տունը մորս և քույրերիս տեսնելու համար։
Թե՛ քավոր Պետրոսի և թե՛ մորս նախատեսությունը իմ ընդունակության մասին դարբնության արհեստի մեջ, սխալ չէր։ Ես մի քանի ամիսների ընթացքում սովորեցի այնքան, ինչ որ ուրիշ աշակերտները սովորել էին տարիներով։ Մայրս չափազանց ուրախ էր իմ հառաջադիմության համար, ոչ սակավ ուրախանում էր և քավոր Պետրոսը։ Նա մի օր տվեց ինձ մի բանալի, ասելով.
– Այդ բանալին փորձելու համար եմ տալիս քեզ, Մուրադ, եթե դու կշինես դրա նման մեկը, ես կհավատամ, որ դու քո արհեստի մեջ բավական առաջ ես գնացել։
Ես քննեցի բանալին, իսկույն հասկացա, որ դա մեր երկրի արհեստավորների գործ չէր, այլ Ֆրանգստանում, կամ մի այլ տեղում էր շինված, ուր արհեստը ավելի առաջ էր գնացել, քան թե Պարսկաստանում։
– Իսկ եթե ճիշտ դրա նման շինելու լինեմ, – Հարցրի ես բանալին լավ զննելուց հետո։
– Քեզ համար կարել կտամ մի ձեռք բոլորովին նոր հագուստ, – Ասաց քավոր Պետրոսը։ – Շատ ժամանակ է, որ քեզ ոչինչ չեմ ընծայել։
Հետևյալ կիրակի օրը, երբ վերադարձա մեր գյուղը, արդեն պատրաստ բանալին տարա քավոր Պետրոսի մոտ։ Նա առեց ձեռքը, համեմատեց, այս կողմը շուռ տվեց, այն կողմը շուռ տվեց, հետո ասաց.
– Բոլորովին նման է...
Քավոր Պետրոսը կատարեց իր խոստմունքը՛ ես հենց նույն օրը հագա նրա կարել տված նոր հագուստը։
– Մուրադ, – Հարցրեց նա փոքր-ինչ մտածելուց հետո, – Այդ բանալին շինելու ժամանակ դարբնոցում ո՞վ տեսավ, երևի վարպետդ կամ մեծ աշակերտներից մեկը քեզ ցույց տվին շինելու կերպը։
– Ես ոչ ոքին ցույց չեմ տվել։
– Ինչո՞ւ։
– Մեր դարբնոցում արգելված է աշկերտներին իրանց համար բաներ շինել, այդ պատճառով ոչ ոքին ցույց չտվի։ թաքուն շինեցի։
– Երբ որ այդպես է, ես էլ ոչ ոքին ցույց չեմ տա, դու էլ ոչ ոքին մի ասա։ Ես չեմ ուզում, որ քո վարպետը քեզ վրա բարկանա։
Ես այն աստիճան հրապուրված էի իմ նոր հագուստի ուրախությունով, որ ամենևին հասկանալ չկարողացա, թե ի՛նչ խորհուրդ ունեին քավոր Պետրոսի այդ նախազգուշությունները։ Դիցուք թե մեր դարբնոցում աշկերտներին արգելված էր իրանց համար իրեղեններ շինել, դիցուք թե իմ վարպետը հասկանար, թե ես մի բանալի եմ շինել, ի՞նչ պիտի աներ նա, շատ-շատ ականջներիցս փոքր-ինչ ձիգ տար, և դրանով կվերջանար պատիժը։
Բայց ես զարմացա, երբ քավոր Պետրոսը պատվիրեց, որ իմ մորն էլ չհայտնեմ, թե նրա համար մի բանալի եմ շինել։ Ինչո՞ւ չի պիտի հայտնեի, մայրս ավելի կուրախանար, դրա մեջ ի՞նչ ծածկելու մի բան կար։
Բայց ես քավոր Պետրոսին սուրբի նման պաշտում էի։ Երևի, մտածում էի, այնպես ավելի լավ կլինի, նա ինձանից թե խելքով և թե՛ հասակով ավելի մեծ է, բաների կարգը ինձանից ավելի լավ է իմանում։
Անցան մի քանի ամիսներ, անցավ մի տարի։ Ես բոլորովին մոռացա բանալիի գոյության մասին։ Քավոր Պետրոսի ընծայած հագուստը մաշվեցավ, ես դարձյալ նոր հագուստներ ու ընծաներ ստացա նրանից։ Նա ինձ որդու պես սիրում էր, և ամեն անգամ, երբ տեսնում էր իմ շինած բաներից մի գեղեցիկ գործ, իմ առաջադիմությունը առանց վարձատրության չէր թողնում։ Մայրս ուրախանում էր, երբ ես օրըստօրե գրավում էի մեր բարերարի համակրությունը և նրան սիրելի էի դառնում։
Ամբողջ չորս տարի ես աշխատում էի իբրև աշկերտ, վարպետս ինձ միայն հացի փող էր տալիս, բայց երբ տեսավ իմ աշխատանքն ու իմ շնորհքը, այն ժամանակ ռոճիկ նշանակեց։ Ռոճիկը ստանում էի յուրաքանչյուր ամսի սկզբում, ամեն անգամ երկու ոսկի։ Երբ աոաջին անգամ ստացա երկու ոսկին, իսկույն շտապեցի մորս մոտ, տվեցի նրան իմ քրտինքի աոաջին պտուղը։
Մայրս ուրախության արտասուքը աչքերում գրկեց ինձ և համբուրելով ասաց.
– Տեսնո՞ւմ ես, զավակս, որ երկաթի ու ածուխի փոշիներից փայլուն ոսկիներ դուրս կգան, – տեսնո՞ւմ ես, թե որքան քաղցր է արդար աշխատության պտուղը։
Ես իսկույն հիշեցի, որ այդ միևնույն խոսքերը նա ասաց ինձ չորս տարի առաջ, երբ առաջին անգամ աշխատում էր համոզել ինձ, որ արհեստ սովորեմ։ Իսկ այժմ միայն հասկացա, որ ճշմարիտ էին նրա խոսքերը, իրավ որ քաղցր էր, շա՝տ քաղցր արդար աշխատանքի պտուղը։
Ես այնպես սիրով կպած էի իմ արհեստին, որ այլևս ուրիշ բանի վրա չէի մտածում։ Ես այնուհետև հորեղբորս տունը չէի գնում և այնքան զզվում էի նրա ընտանիքից, որքան մայրս։ Մենք այժմ կարոտություն չունեինք հորեղբորս օգնությանը։ Վարպետս հետզհետե իմ վարձը ավելացնում էր, ես այնքան էի ստանում, որ բավական էր մորս և քույրերիս համեստ ապրուստի համար։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.