Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 20


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 20 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +

– Դուք (երբ բարկանում էր նա, սկսում էր դուք– Ով խոսել) միշտ մոռանում եք մեր անցյալ խոսակցությունները, որոնց մեջ մենք միշտ համաձայնել ենք միմյանց հետ։ Ես կրկին կդառնամ դեպի ձեր անձնավորությունը և ձեր անձի օրինակով կբացատրեմ իմ մտքերը։ Ասացեք, խնդրեմ, եթե ես այժմ մոռացմամբ իմ քսակը ձեզ մոտ թողնեի, դուք ի՞նչպես կվարվեիք նրա հետ։

– Ես կվեր առնեի, կպահեի և կրկին ձեզ կվերադարձնեի:

– Իսկ եթե այդ պատահելու լիներ մի քանի տարի առա՞ջ։

– Ձեզ կսպանեի և կխլեի ձեր քսակը։

– Այդ փոփոխությունը ո՞րտեղից ծագեց ձեր մեջ:

– Դուք ինձ սովորեցրիք, որ գողությունը վատ բան է։

– Հիմա տեսնո՞ւմ եք, ես ձեզ սովորեցրի, թե գողությունը վատ բան է, չէ՞ որ այդ իմ օգտի համար արեցի, որովհետև դրանով ես ապահովացրի իմ քսակի դրությունը։ Չէ՞ որ բոլոր վատ մարդիկ ձեզ նման են, նրանք էլ միևնույն ուղեղն, միևնույն նյարդային կազմվածքն ունեն, որպես դուք։ Եթե մենք կսովորեցնենք նրանց լավ մարդիկ լինել, դրանով օգուտ կբերենք մեզ՝ ինքներիս, որովհետև նրանք կդադարեն մեզ չար գործելուց։ Հիմա հասկանո՞ւմ՛ եք, թե ի՞նչ եղանակով ենք օգտվում մենք մեր դուրս փորած ոսկուց և արծաթից։

– Հասկանում եմ, նրանցով մարդիկ կրթություն են ստանում և դադարում են իրանց նման մարդկանց կողոպտել։

– Միայն կրթությունը չէ, ուրիշ շատ լավ բաներ են կատարվում մեր աշխատանքի արդյունքով։– Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա և իր դատողությունները վէրջացրեց հետևյալ ասացվածքով. «Մեկը ամենքի համար, ամենքը մեկի համար»։

– Այժմ հասկացա, – պատասխանեցի ես, – Բայց ինչու դու մեր մյուս ընկերներին ևս չես սովորեցնում ինձ նման բարի լինել։

Նա դժվարացավ պատասխանել և, րոպեական շփոթություններից հետո,

– Այդ թողնենք...– Ասաց նա, խո՛սքը փոխելով, – լսիր, Մուրադ, միայն բարի լինելով չէ, որ մարդը կարող է ուրիշներին օգուտ բերել և ինքը բախտավոր լինել։ Մարդիկ հրեշտակներ չեն, որ միայն բարի լինելով կարողիանան լավ ապրել: Մարդը պետք է գործե, իսկ գործելու համար պետք է մի բանի սովորած լինի։ Այդ մարդիկ, – նա ցույց տվեց դատապարայալներին, – եթե անբարոյականացան, եթե դժբախտտացան, գլխավոր պատճառն այն էր, որ ոչինչ հիմնավոր բան սովորած չէին։ Գոնե այժմ սովորեցնեին։

Ը. ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿԸ

Դատապարտյալների ֆերմայի վրա, զինվորանոցից և զանազան արքունի շինվածքներից հետո, ավելի աչքի էր զարկում մի սպիտակ տնակ, որը շատ մոտ էր հիվանդանոցին։ Այդ առանձնացած բնակարանը միայն երեք սենյակներ ուներ, փոքրիկ լուսամուտներով և լերդագույն ներկած կտուրով։ Մի կողմում գտնվում էր ծառաների կացարանը, որի մոտ էր խոհանոցը։

Երևում էր, որ վաղուց մարդիկ չէին բնակվել այյտեղ։ Բակի փոքրիկ պարտեզը, որ զարդարված էր մրգաբեր ծառերով, մնացել էր անմշակ, հովանոցը քայքայվել էր, փայտյա վանդակապատը շատ տեղ կոտրատված էր, փտած սանդուղքից ցած էին թափվել մի քանի տախտակներ։

Սենյակների ներքին դրությունը շատ նման էր փոստային կայարանի, ուր ուշ գիշերով եկած ճանապարհորդը իր բոլոր ծանրությունները խառնիխուռն ածած է լինում այս կողմ և այն կողմ, ուշադրություն չդարձնելով նրանց կարգի դնել, որովհետև առավոտյան կրկին պետք է ճանապարհ ընկնի, կրկին պետք է նրանց կարգը խանգարվի։

Այժմյան բնակիչները նույնպես նորեկներ էին. նրանք իջևանել էին այստեղ հենց նույն գիշերը։ Նրանց ծանրությունները նույնպես խառնիխուռն ածած էին այս և այն կողմ, ճանապարհի փոշին դեռ նստած էր նրանց վրա։ Բայց դրանք գնալու չէին, դրանք պետք է մնային այդ բնակարանի մեջ։

Առավոտ էր, խոնավ, մառախլապատ առավոտներից մեկը։ Փոքրիկ բնակարանում դեռ քնած էին։ Միայն սենյակներից մեկի դուռը կամաց բացվեցավ, և շեմքի վրա հայտնըվեցավ մի բարձրահասակ օրիորդ։ նա նայեց իր շուրջը, հանդարտ քայլերով ցած իջավ սանդուղքներից, անցավ պարտեզի տատասկներով պատած ճեմելիքը, անցավ կիսավնր հովանոցի մոտից և մերձեցավ փայտյա վանդակապատին» Այստեղից սկսեց նայել դեպի շրջակայքը։ Գիշերով եկած լինելով, նա դեռ ոչինչ չէր տեսել, այժմ առավոտյան լուսով ցանկանում էր լավ նայել այն աշխարհի վրա, ուր գուցե ընդերկար ստիպված կլիներ մնալ։

Առավոտյան թանձր մառախուղը հետզհետե նոսրանում էր, բայց դեռևս աղոտ կերպով նկարվում էին հեռավոր առարկաները։ Օրիորդը նայում էր, խորին ՜ անձկանոք նայում էր և կարծես զայրանում էր, որ ոչինչ չէր տեսնում։

Նրան կարելի էր ո՛չ աղախին համարել և ո՛չ՝ տան աղջիկ։ նա ո՛չ աղախնի անվստահ կայտառությունն ուներ և ո՛չ՝ տան աղջկա նազելի վստահությունը։ Նա ավելի նման էր տանտիկնոջ մի հեռավոր ազգականին, որ զրկված էր ծնողներից, որին թեև սիրում են, փայփայում են, բայց դարձյալ զգում է, որ ինքը որբ է, որ իրան հոգու համար են պահում։ Նրա թուխ դեմքը, սև, կրակոտ աչքերը, հարուստ մթագույն գիսակները ամենևին չէին համապատասխանում հեռավոր հյուսիսին։ Նա եկած էր հարավից, ջերմ, արեգնավետ հարավից, ուր արյունը մշտապես եռ է գալիս, ուր դեմքերը ստանում են մուգ վարդի գույն։ Բայց որքա՜ն լույս և կյանք կար այն մթին աչքերի մեջ, որքա՜ն հրապուրանք՝ այն թախծալի դեմքի վրա։ Նա ներկայացնում էր մի աշխույժ, անսանձ բնավորություն, սքողած տխրության ամպերով, թառամած դառն հուսահատության մեջ։

Նա շարունակում էր նայել։

Վերջապես շողացին արեգակի առաջին ճառագայթները և երևան հանեցին շրջակա տեսարանները։ Ահա այնտեղ հալոցների բարձր ծխարաններից, թուխ ամպերի նման, դուրս էր հոսում թանձր մուխը և նսեմացնում էր դեռ նոր լուսավորված հորիզոնը։ Մարդիկ մրոտած հագուստով, մրոտած դեմքով, սև, որպես ուրվական, թափառում էին ծխային մթնոլորտի մեջ։ Այդ տեսարանը սարսափ ազդեց օրիորդի վրա։ Հալոցներից ոչ այնքան հեռու, հանքային քարերի կույտերի մոտ, գետնի վրա նստած էին նույնպես մռայլոտ դեմքեր։ Դրանք ծանր մուրճերով ջարդում էին, մանրում էին քարի մեջ թաքնված մետաղը և պատրաստում էին հալելու համար։ Օդը թնդում էր հարյուրավոր կռանների հարվածներից։ Ոմանք փոքրիկ սայլակներով մանրած մետաղը քարշ էին տալիս, տանում էին ու ածում առանձին կույտերի վրա, որոնք բազմաթիվ բլրակների ձև էին ստացել։ Այդ բլրակներից մի քանիսը ծխում էին։ Ածուխը և ծծումբը այրվում էր նրանց մեջ և ուտում, մաշվում էր հանքային ավելորդ մասերը։ Օդը այստեղ խեղդում էր ծծումբի կծու հոտով։

Այդ կողմում ամեն առարկա սև գույն ուներ, կարծես ամեն ինչ սուգ էր զգեցած։ Մետաղի սև կղկղանքով պատած էին ճանապարհները, սև փոշին ծածկել էր գործարանների կտուրները, սևացած էին և ճնճղուկները, որ բույն էին գրել այն շինվածքների ծածկի տակ։

Ամեն ինչ սև էր, ամեն ինչ մրոտած էր։ Միայն կրակն ու բոցը, որ բորբոքվում էր հալոցների մեջ, ներկայացնում էր մի սոսկալի հակապատկեր ընդհանուր նսեմության մեջ: Այդ դժոխքում մարդիկ այրվում էին, բայց չէին խորովվում։ Հալած մետաղը ծփում էր բոցերի մեջ, որպես հրեղեն լճակ։ Երկաթյա երկայն շերեփներով վեր էին առնում բաց-դեղնագույն հեղուկը և ածում էին արույրյա կաղապարների մեջ։ Քրտինքը հորդ վտակներով հոսում էր գործավորների սարսափած դեմքից, բոցը խանձում էր նրանց կիսախաշ երեսները։

Օրիորդը դեմքը շուռ տվեց զարհուրելի տեսարանից:

Մյուս առարկաները չէին հետաքրքրում նրան։ Ահա այնտեղ, պաշտոնավոր զինվորի հաստլիկ կինը, փեշերը վեր քաշած, բոբիկ ոտներով, ցեխը կոխ տալով, վերադառնում էր մերձակա վտակից և, ուսի վրա դրված լծակի երկու ծայրերից թիթեղյա սաթլները քաշ տված, ջուր էր բերում։ Այնտեղ պառավը մրթմրթալով քշում էր դեպի դաշտը իր մի հատիկ կովը։ Փոքր-ինչ հեռու, մի ստահակ տղա, առանց անդրավարտիքի, միայն շապիկը հագին, նստած էր մերկ ձիու վրա և նույնպես մերկ ոտներով նրա կողքերը ծեծելով բոլոր ուժով վազեցնում էր իր նիհար յաբուն, աստված ոչ գիտե, թե դեպի ուր։ Բայց գլխի մազերը ծածանվում էին՝ սաստիկ շփվելով օդի հետ։ Մի կողմում սագերի սպիտակ երամը, իրանց լայն թաթիկների վրա օրորվելով և մի առանձին բավականությամբ կչկչալով, դիմում էր դեպի մերձակա ճահիճը։ Փողոցում գյուղացու մանկահասակ աղջիկը, մի քանի գրոշներ ափի մեջ պինդ բռնած, վազ էր տալիս դեպի մերձակա դուքանը՝ քառորդ ֆունտ շաքար գնելու։ Նրան հանդիպեց մի գրագիր դեղին կոճակներով, ինչ-որ ասաց, աղջիկը հայհոյեց նրան և փախավ։

Ուրիշ ոչինչ չէր տեսնում օրիորդը, միայն այստեղ ու այնտեղ երևում էին մռայլոտ շինվածքներ հազիվ նշմարելի լուսամուտներով, որոնք այնքան առանձնացած էին, կարծես վախենում էին մոտենալ միմյանց։ Պահապան զինվորները, չափավոր քայլերով, անցուդարձ էին անում դռների առջև։ Օրիորդի արտասուքով լցված աչքերը հառած էին դեպի այլ կողմը։ Երկար նայում էր նա և կարծես աչքերով աշխատում էր ներս թափանցել այդ մռայլոտ շինվածքների հաստ պատերից։ Ծանր, երկաթապատ դռներից մեկը բացվեցավ, և դրսում հայտնվեցավ մի մոխրագույն խումբ։ Շրջապատված զինվորներով, խումբը շարժվեցավ դեպի այն կողմը, ուր կանգնած էր սպիտակ տնակը։ Նրանք կրում էին բահեր, բրիչներ և փորելու զանազան գործիքներ։ Քայց ինչո՞ւ հսկողության ներքո էին տանում այդ թշվառ բանվորներին։ 0րիորդի սիրտը սկսեց բաբախել։ Նա պատրաստ էր վազել մերձենալ նրանց և մոտից, շատ մոտից նայել նրանց վրա։ Բայց նրա ոտները չհնազանդվեցան, ծնկները դողացին, գլուխը պտտվեցավ, աչքերի առջև մթնեց, նա թուլացավ, ընկավ պարտեզի վանդակապատի վրա։ Մոխրագույն խումբը հեռվից անցավ։ Ուշաթափ օրիորդը ոչինչ չտեսավ, միայն նրա ականջներին, որպես երազի մեջ, զարկում էին ծանր շղթաների աններդաշնակ հնչյունները...

Խորին ապշության մեջ նա ուշի եկավ։ Անրջային տեսիլքը անցել էր։ նրա առջև նկատվեցան միևնույն տխուր, սրտաբեկ տեսարանները։ Նա դանդաղ, դողդոջուն քայլերով սկսեց դիմել այն սենյակը, որտեղից դուրս էր եկել։ Պարտեզի միջով անցնելու ժամանակ նրա շրջազգեստի ներքին եզրը բռնվեցավ վարդենու փշից և պատռվեցավ։ նա այն աստիճան հուզված էր, որ ոչինչ չզգաց։ Սենյակի դռան մոտ հանդիպեց նրան սպասավորը, հարցնելով.

– Պարոնները վե՞ր են կացել։

– Չգիտեմ։

–Սամովարը եփ է գալիս: – Բերեցեք։

Նա մտավ սենյակը։

Սպասավորը մի քանի րոպեից հետո սամովարը ներս քերեց, դրեց սեղանի վրա և լուռ դուրս գնաց։ Օրիորդի տրամաղրությունը կարծես նրա վրա ևս ճնշում էր գործում։

Նա բաց արեց հատակի վրա ընկած սնդուկներից մեկը, մյուսը, նայեց չամադանի մեջ, նայեց ճանապարհորդական զամբյուղի մեջ, որոնում էր, թե որտեղ է դրած թեյը։ Շաքարն էլ անհետացել էր նրա աչքերից։ Հիշողությունը դավաճանում էր նրան։ Վերջապես գտավ միևնույն փոքրիկ սնդուկի մեջ, ուր տասն անգամ նայել էր։ Սկսեց թեյ պատրաստել: Գործը փախչում էր նրանից, ձեռքերը չէին խոնարհվում. ջուրը վիթվում էր, բաժակը ցած էր ընկնում, աղմուկ էր բարձրացնում, հազիվհազ կարողացավ նա տաք ջրով լցրած թեյամանը սամովարի վրա դնել» Գլուխը դարձյալ պտտվում էր։ Նա հեռացավ, նստեց լուսամուտի պատուհանում և, ձեռքը նեցուկ տալով գլխին, սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի պարտեզը։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա խոշոր աչքերից և զովացնում էր բորբոքված երեսը և ավելի ևս բորբոքված սիրտը...

Կից սենյակում արդեն զարթնել էին։ Մանկահասակ տիկինը վեր էր կացել, իսկ նրա երիտասարդ ամուսինը դեռ պառկած էր մահճակալի վրա։

– Դե, վեր կաց, – շտապեցնում էր նրան տիկինը, – Վե՛ր կաց, լվացվիր, հագնվիր, դու այս առավոտ պետք է ներկայանաս քո մեծավորներին։

– Դա մի այնքան շտապելու գործ չէ, – պատասխանեց երիտասարդը, ավելի ամուր կերպով փաթաթվելով ամառվա վերմակի մեջ։ – էգուց էլ կարող եմ ներկայանալ։

– Այստեղ մեծավորները երևի խիստ պահանջողներ են, – նկատեց տիկինը։

– Իսկ ես խիստ պահանջը հեշտությամբ չեմ վճարում, – Ասաց ամուսինը։

Տիկինը կարծես ամուսնի համառությունը պատժելու համար վառեց մի բարակ պապիրոս, սկսեց ծխել։ Ամուսինը, այդ նկատելով, սկսեց աղաչել նրան.

– Թո՜ղ տուր, ի սեր աստծու, քանի՜ անգամ ասել եմ քեզ, որ թեյից առաջ չծխես։ Դու ամբողջ գիշերը անհանգիստ էիր, դարձյալ հազում էիր:

Տիկինը ուշադրություն չդարձրեց և, ամուսնուն ավելի ջիգրացնելու համար, մոտեցավ նրա մահճակալին, ընկավ նրա կուրծքի վրա, ասելով.

– Ես քո բժշկությանը չե՜մ հավատում, չե՜մ հավատում։ – Այդ միջոցին նա ավելի սաստկությամբ ներս քաշեց պապիրոսի ծուխը և ապա իր գունատ շրթունքների միջից փչեց երիտասարդի խիտ մազերի վրա, որոնք կորան մուխի մեջ։

– Այդ ի՞նչ երեխայություն է,– ասաց երիտասարդը, գլուխը վեր բարձրացնելով և իր մանկահասակ կնոջ անմեղ չարությունը վարձատրելով ջերմ համբույրներով։

Դրանք այն ամուսիններից էին, որ մինչև մահ, մինչև խորին ծերություն ապրում են իրանց ամուսնության մեղրամիսի մեջ։ Արդեն հինգ տարի է, որ միասին էին ապրում, իսկ այսօր կարծես առագաստի առաջին գիշերվա առավոտը լիներ նրանց համար։

Երիտասարդը բժիշկ էր։ Նա ընտրել էր ծառայություն կայսրության այդ հեռավոր անկյունում ոչ թե այն նպատակով, որ ծառայությունը այսպիսի խուլ տեղերում առավելությամբ էր վարձատրվում, ոչ, այլ նա ավելի բարոյական վարձատրություն էր սպասում այստեղ։ Նրան մի առանձին բավականություն էր պատճառում բժշկել դատապարտյալներին, այդ հոր, մոր, բարեկամների խնամատարությունից զրկված թշվառներին։

Նրա մանկահասակ կինը նույն մարդասիրական զգացմունքն ուներ։ Նա այն բարեսիրտ և խելացի կնիկներից էր, որոն՜ց նմանները խիստ հազվագյուտ են լինում ամուսնական կյանքում, որոնք չեն ձգտում հաճոյանալ տղամարդին միմիայն կանացիությամբ, որոնք չեն բավականանում օգնել նրան, բաժանել նրա հոգսերը, միմիայն խնայող տնտես և լավ տանտիկին լինելով, այլ որոնք պաշտում են տղամարդի իդեալները, նպաստում են՛ նրանց իրագործվելուն, վառ և մշտաբորբոք դրության մեջ են պահում նրա հոգին իր բարձր, մարդասիրական գաղափարներով։ Այսպիսի լծորդության մեջ կինը դառնում է այն գերագույն ոգին, որից միշտ ներշնչված է լինում տղամարդը, այսպիսի լծորդության մեջ տղամարդի եռանդը երբեք չէ մեռնում։

Դեռևս օրիորդ էր նա, դեռևս նոր էր ծանոթացել իր ապագա ամուսնացուի հետ, սկսեց բժշկական գրքեր կարդալ, հաճախել հիվանդանոցները և ներկա գտնվել անդամահատական գործողությունների։ Պատերազմի ժամանակ մտավ նա «գթության քույրերի» հասարակության մեջ և գնդակների ու ռումբնրի տարափի ներքո փաթաթում էր վիրավոր զինվորների վերքերը։ Այստեղ նա նորից հանդիպեց իր ամուսնացուին, այստեղ սիրեց նրան և սիրվեցավ։

Ոչ եկեղեցական և ոչ քաղաքական ամուսնությամբ կապված չէին նրանք։ Նրանց կապում էր մտքերի, ձգտումների և գաղափարների համերաշխությունը։ Բնությունը նույնպես զլացավ օրհնել նրանց ամուսնությունը այն շաղկապով, որ կոչվում էր բնական կապ, զավակներ չունեցան նրանք։ Զավակը սիրո ավելի հաստատ գրավականն է ամուսինների մեջ, մանավանդ այն դեպքում, երբ օրենքը չէ կապում նրանց։

Հետաքրքիր պատահարները պարգևեցին նրանց մի զավակ, թեև իրանց արյունից չէր։ Դա այն օրիորդն էր, որ մյուս սենյակում նստած լաց էր լինում։ Օրիորդը պատկանում էր այն ցեղին, որ տուն, տեղ, հայրենիք չունի, որի հայրենիքը ամբողջ աշխարհն է, որը թափառում է ամեն տեղ։ Նա գնչու (ցիգան) էր. նա բնության որդի էր։ Ո՜րպիսի ջերմ սիրով տիկինը ընդունեց իր մոտ այդ վայրենի այծյամին, ո՜րպիսի եռանդոտ հոգատարությամբ սկսեց նա կրթել նրան, ուղղել նրա վատ սովորությունները։ Ամեն անգամ, երբ մի նոր փոփոխություն էր նկատում նրա մեջ դեպի լավը, դեպի ազնիվը և դեպի մարդավայելը, առաքինի կնոջ սիրտը լցվում էր անսահման բերկրությամբ։ Նա իսկույն վազում էր ամուսնու մոտ և պատմում էր իր որդեգրուհու նոր հառաջադիմությունը։ «Նրա մեջ թաքնված ձիրքեր և գեղեցիկ հատկություններ շատ կան», – Ասում էր ամուսինը ոչ սակավ ուրախանալով, և տիկնոջ հույսերը ավելի հավանակություն էին ստանում։ Շատ օրեր, ժամերով նստած, պարապում էր նրա հետ, սովորեցնում էր գրել, կարդալ և զանազան ձեռագործներ։ Շատ անգամ ինքը պառկած էր լինում դիվանի վրա, նրան նստեցնում էր իր մոտ, բարձր ձայնով կարդալ էր տալիս և մեծ բավականությամբ լսում էր։ Վերջին ժամանակներում սկսեց պարապել նրա հետ մուզիկայով և նկարչությամբ, վերջինի մեջ թեև մի առանձին ընդունակություն չէր ցույց տալիս նա, բայց երաժշտության մեջ չափազանց ընդունակ գտնվեցավ։ Նրա բնականից գեղեցիկ ձայնը, մշակվելով, զարգանալով, սքանչացնում էր լսողներին։

Տիկնոջ դաստիարակության ոգին արտափայլեցավ նրա աշխատասեր աշակերտուհու ոչ միայն մտավոր և հոգեկան զարգացման վրա, այլև նրա բնավորության և բարոյական հատկությունների վրա: Օրիորդը նույնպես սիրում էր իր բարերարների հետ այցելել հիվանդներին, մտնել աղքատ շինականների խրճիթը և իր հացի վերջին պատառը բաժանել կարոտյալների հետ։

Նա մնաց անբաժան իր խնամակալներից և այն բոլոր ժամանակներում, երբ նրանք պաշտոնի առիթով ստիպված էին մի քաղաքից մյուս քաղաք, մի գավառից մյուս գավառ անցնել։ Իսկ երբ նրանք վճռեցին Սիբիր տեղափոխվել, այդ միջոցին նա ավելի ուրախ էր, ավելի բախտավոր էր համարում իրան։ Ի՞նչն էր, որ կապում էր խեղճ աղջկա սիրտը հեռավոր հյուսիսի հետ. ի՞նչն էր, որ քաշում էր նրան այդ կողմը։ Այդ գաղտնիքը հայտնի էր տիկնոջը, հայտնի էր և նրա ամուսնուն։ Ամեն անգամ, երբ ասում էին նրան, «Կգնանք Սիբիր, կտեսնենք նրան»,– խեղճ աղջիկը հրճվանքից սքանչանում էր և, ուրախության արտասուքը աչքերում, գրկում էր թե տիկնոջը և թե նրա ամուսնուն, համբուրում էր, անվերջ կերպով համբուրում էր և թափում էր նրանց առջև իր հոգու բոլոր շնորհակալությունները։ Թե՛ տիկինը և թե նրա ամուսինը՝ երկուսն էլ սիրում էին նրան, սիրում էին հարազատ զավակի նման։ Տիկինը սովորություն ուներ ասել, «Դա առաջ մի թանկագին, բայց անտաշ քար էր, ես ուրախ եմ, որ այդ դրության մեջ գտա նրան, որովհետև իմ ցանկացած թրաշը (գրան) և փայլը կարողացա տալ»։

Իսկ այն առավոտ ոչ սակավ վշտացավ նա, երբ, դուրս գալով մյուս սենյակը, գտավ օրիորդին պատուհանում նստած և լաց լինելիս։ Նա մոտեցավ և, փայփայելով նրա գեղեցիկ գլուխը, հարցրեց,

– Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս։

– Ոչինչ, – պատասխանեց օրիորդը, վեր կացավ տեղից և սկսեց սրբել աչքերի արտասուքը։

– Դու քեզ վա՞տ ես զգում։

– Ոչ... գլուխս փոքր-ինչ ցավում է... Տիկինը գրկեց նրան, ասելով.

– Հասկանում եմ... խե՜ղճ աղջիկ, դու շա՛տ տանջվեցար, երկար համբերեցիր... մի փոքր ևս համբերիր, այնուհետև վերջ կդրվի քո արտասուքին։

Թ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ավելի քան մի ամբողջ տարի անցել էր այն օրից, որ ես ծանոթացա Համրի հետ։ Այդ ժամանակամիջոցը պետք է իմ կյանքի ամենագեղեցիկ և ամենաբախտավոր մասը համարել: Ես նրանից շատ բան սովորեցա. նրա ազդեցության ներքո ես բոլորովին ուրիշ մարդ դարձա։

Ես թեև բարոյապես և մտավորապես զարգանում էի, բայց իմ մարմնական զորությունները օրըստօրե թուլանում էին: Տաժանական աշխատանքը հանքերի մեջ իսպառ մաշել էր ինձ։ Ինձ տարան հիվանդանոց։

Հիվանդանոցը աքսորականի համար մի դուռն է, որտեղից բացվում է ճանապարհ դեպի գերեզման։ Եվ ես ուրախ կլինեի, եթե ինձ վիճակվեր այդ ճանապարհով գնար: Կյանքը ձանձրացրել էր ինձ։

Կյանքը ձանձրալի է դառնում ավելի այն ժամանակ, երբ հասկանում ես նրա նպատակը և չես կարողանում ցանկացածդ կատարել։ Մինչև այնօր ես տգետ էի, ոչինչ չէի հասկանում, այդ պատճառով էլ հանգիստ էի։ Քայց երբ շատ բան սովորեցա, սկսեցի ավելի տանջվել։ Եթե անասուններին բնությունը շատ խելք տված լիներ, եթե նրանք դպրոց մտնեին, ավելի պահանջող կլինեին և երբեք չէին հոժարի կատարել այն բարբարոսական ծառայությունները, որ մարդիկ նրանց անել են տալիս։

Հիվանդանոցը դատապարտյալի ամենասիրելի օթևանն է։ Այստեղ նա ավելի հանգիստ է, այստեղ նրա հետ գոնե մարդու պես են վարվում։ Այստեղ նրան մշտապես չեն մտրակում, թեև երբեմն չարացած ֆելդշերը ծեծում է նրան, թե ինչո՞ւ չէր կատարել իր այս և այն պատվերը, ինչո՞ւ դեղը իր ժամանակին գործ չէր ածել, այսուամենայնիվ, կրկնում եմ, հիվանդանոցը դատապարտյալի հանգստության տեղն է, և այդ է պատճառը, որ նա փափագում է, որ իր հիվանդությունը երկարատև լինի, և ավելի բախտավոր է համարում իրան, եթե հիվանդության մահիճը բոլորովին գերեզմանի կփոխվի։

Բայց մեռնելը հեշտ բան չէ դատապարտյալի համար: Օրենքը մարդասիրական գեղեցիկ սկզբունքներ ունի։ Կախաղանի դատապարտված թշվառականն անգամ, երբ պատժի նշանակած օրը հիվանդանում է, այդ դեպքում պատիժը հետաձգում են, նրան առողջացնում են, հետո են կախաղան բարձրացնում։ Աքսորականը նույնպես մի հայտնի ժամանակամիջոց ունի տաժանական աշխատանքների մեջ ճգնելու, ապաշխարելու և իր մեղքերը քավելու։ Այդ ժամանակամիջոցը պետք է լրացնե նա։ Եվ եթե պատահում է նրան հիվանդանալ, աշխատում են առողջացնել, որ իր ապաշխարանքը վերջացնե։

Ես տարվեցա հիվանդանոց։ Ո՞րքան ժամանակ մնացի այնտեղ, ի՞նչ էր իմ հիվանդությունը, չեմ հիշում, այսքանը միայն չեմ մոռացել, որ ինձ առանձնացրել էին մյուս հիվանդներից և գտնվում էի տիֆով հիվանդների բաժնում։ Առաջին անգամ, երբ աչքս բաց արի, երբ փոքր-ինչ ուշի եկա, ինձ մոտ գտա հիվանդանոցի ծերունի սպասավորներից մեկին, որը կանգնած ինքն իրան մրթմրթում էր.

– Ինչպես ամուսինն է, այնպես էլ տիկինն է, ինչպես տիկինն է, այնպես էլ աղախինն է։ Աստված է վկա, լա՛վ մարդիկ են, այսպիսի մարդիկ մինչև այսօր չէ տեսել մեր հիվանդանոցը։

Արդյոք ո՞ւմն էին վերաբերում այդ խոսքերը, ես ոչ հետաքրքրվեցա և ոչ էլ հասկանալ կարողացա, իսկ նա դեռ շարունակում էր մրթմրթալ.

– Ի՜նչ բարի աղջիկ է, ո՜րքան խնամքով նայում է հիվանդներին, կարծես իր եղբայրները և հորեղբայրները լինեն,

– Ի՞նչ աղջիկ, – մեքենայաբար հարցրի ես։

– Այն աղջիկը, որ հիմա այստեղ էր. չտեսա՞ր, – զարմանալով հարցրեց նա։ – Այն օրից, որ դու պառկած ես, ճակատիդ թրջած քաթան ու սառույց էր դնում։ Ի՞նչպես չտեսար։

Այդ միջոցին մի օրիորդ դանդաղ քայլերով անցավ կորիդորից և անհետացավ մթության մեջ։

– Ահա այն աղջիկը, – Ասած ծերունին։ – Ոմանք ասում են՝ մեր նոր բժշկապետի աղախինն է, ոմանք ասում են՝ նրա կնոջ ազգականն է։ Ո՛վ որ էլ լինի, աստված է վկա, լավ աղջիկ է: Իսկ բժշկապե՜տը, կատարյալ հրեշտակ է, մեղք է նրան մարդ ասել։ Կմտնե հիվանդանոցը, կնստե ամեն մի հիվանդի մոտ, կխոսե, կհարցնե, հանաքներ կանե, սիրտ կտա, կմխիթարե։ Հետո կվեր կենա, ամեն բանի վրա կնայե, կմտնե խոհանոցը, կմտնե և այնտեղ, ուր մենք զզվանքով ենք մտնում։ Իսկ տիկինը կատարյալ հոգի է. օր չի լինի, որ հիվանդների համար թեյ, շաքար, սպիտակ պաքսիմաթ և զանազան քաղցրավենիք չբերե։ Կնայե նրանց անկողիններին, կնայե սպիտակեղեններին, և վայ այն սպասավորին, եթե մի փոքր անմաքրություն տեսնե։ Բայց առաջվա բժիշկները ու նրանց տրկինները, աստվա՜ծ ազատե, այսպես չէին, շատ սակավ անգամ էր պատահում, որ հիվանդանոցը ոտք կոխեին։ Պատահում էր, գնում ես պարոն բժշկապետի մոտ, ասում ես, «Պարոն բժշկապետ, խեղճը մեռնելու վրա է»... կա՛մ կոպիտ կերպով կպատասխաներ, թե ժամանակ չունի, կամ եթե չուզեր, վշտացնել քեզ, ծիծաղելով կասեր. «Թող հանգստանա»...

Ծերունի սպասավորի շատախոսությունը վերջ չուներ։ Ես ձանձրացա լսել նրան, թեև նրա խոսքերը զուրկ չէին չափազանց ջերմ և բարի զգացմունքներից։ Բնության մի առանձին խաղը պետք է համարեի որ երբեմն այսպիսի կոշտ, կոպիտ, անկիրթ ռամիկների մեջ դնում է քնքուշ սիրտ։ Նա հին զինվոր էր։ Դրանք են թշվառ հիվանդների մխիթարիչները, դրանք են ազատում նրանց սովից և ծարավից, դրանք են փակում նրանց աչքերը մահվան վերջին րոպեներում։ Պատահել են շատ դեպքեր, որ հիվանդը բոլորովին մոռացվել է և մեռել է ոչ թե հիվանդությունից, այլ քաղցից և ծարավից։

Մի շաբաթ անցել էր վերոհիշյալ խոսակցությունից։ Իմ առողջությունը օրըստօրե դեպի լավն էր գնում, ուշք ու միտքս համարյա վերադարձել էր, աչքերս այժմ համեմատաբար ավելի պարզ էին տեսնում, թեև դեռ սաստիկ թույլ էի զգում ինձ։ Մի օր նույն օրիորդը ծերունի սպասավորի հետ մտավ ինձ մոտ։ նա անցավ, վեր առեց իմ հիվանդության օրագրության թերթը, ուշադրությամբ կարդաց, որ տեսնե՝ ի՛նչ փոփոխություն է արել իմ գրությունը։ Քանի օր էր, որ նա ինձ մոտ չէր եղել։ Ես նայում էի նրա վրա, զննում էի հասակը,դեմքը, աչքերը, ձայնը և մի զարմանալի նմանություն էի գտնում... Կարծես, հասկանալով այդ, նա երեսը շուռ տվեց, սկսեց խոսել սպասավորի հետ։ Որքան էլ նսեմացած լիներ իմ տեսությունը, դարձյալ ես նրա երեսի վրա նկատեցի մի նշան, որ ինձ շատ ծանոթ էր։ Դա մի խալ էր, ուղիղ այն տեղում, ուր երկու հոնքերը, աղեղնաձև գալո՛վ, միանում էին միմյանց հետ։ Դա բնության մի առանձին հրաշալիքն էր, որ խիստ հազիվ է գտնվում կանանց դեմքի վրա։ Դա այն միջնակետն էր, որ կենտրոնացնում է իր մեջ դեմքի բոլոր գեղեցկությունը։ Նենեն միայն ուներ արարչի այդ հարուստ պարգևը։

Նա կրկին երեսը դարձրեց դեպի ինձ, նայեց իմ վրա, և, մի քանի պատվերներ տալով սպասավորին, պատրաստվում էի հեռանալ։ Այո՛, նա էր։ իմ սիրելի Նենեն էր։ Իմ մաշված կուրծքից դուրս պրծավ մի խուլ հառաչանք, ես խելագարի նման նետվեցա և փորձ փորձեցի գրկել նրան։ Ծերունի սպասավորը բռնեց ինձ։ Նա իսկույն հեռացավ, ասելով.

– Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ...

Ես մնացի խորին ապշության մեջ։ Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, ցնո՞րք էր, թե խանգարված երևակայության պատրանք։ Ի՞նչ էր այդ։ Նենեի գեղեցիկ դեմքն էր, նրա վառվռուն աչքերն էին, նրա նուրբ, բարձր հասակն էր, նրա արծաթի հնչյուններով ձայնն էր։ Հայց մի՞թե կրակոտ, պարզամիտ, աներկյուղ Նենեն կարող էր իրան այնպես զգույշ և սառնասիրտ պահել։ Ո՞րտեղից հայտնվեցավ նա։ Եթե նա լիներ, չէր կարող զսպել իրան, անպատճառ կնետվեր, կգրկեր ինձ և կասեր. «Ահա ես գտա քեզ, ես այստեղ կմնամ, էլ քեզանից չեմ բաժանվի»։ Նա այսպես կվարվեր։ Այսպես վարվեցավ նա, երբ մի անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Այսպես վարվեցավ նա և այն օրը, երբ ինձ վարում էին դեպի աքսոր։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից, նրան բռնությամբ բաժանեցին։

Ահա այդ մտածությունները պաշարեցին ինձ գեղեցիկ տեսիլքը անցնելուց հետո։

Բայց մի՞թե չէր կարող պատահել, որ Նենեն այնքան տարվա մեջ փոխված լիներ։ Բավական տարիներ էին անցել այն օրից, որ անջատված էինք միմյանցից։ Մի՞թե չէր կարող պատահել, որ այն, թեև կիսավայրենի, բայց աշխույժ և ձիրքերով հարուստ բնավորությունը, մի առաքինի հոգու ազդեցության ներքո, մեղմանար, ազնվանար և բարի կրթություն ստանար։ Ես նույնպես մի վայրագ եղեռնագործ էի։ Բայց ի՞նչպես փոխվեցա։ Համրը ինձ բոլորովին այլ մարդ դարձրեց։ Մի՞թե միևնույնը չէր կարող պատահել և Նենեի հետ։ Ծերունի սպասավորի ասելով, նա գտնվում էր բժշկապետի ընտանիքի մեջ։ Գուցե այդ ընտանիքը ազդել էր նրա վրա, գուցե հենց նրանց հետ էր եկել, եթե ոչ, ո՞վ կբերեր նրան Սիբիր։

Վերջին ենթադրությունը ինձ ավելի հավանական էր թվում։ Բայց ես դեռ չէի տեսել այդ բժշկապետին և ոչ նրա կնոջը, թեև շատ անգամ այցելել էին ինձ մոտ։ Ես այդ միջոցներում հիշողությունս կորցրած եմ եղել։

Խաչագողի արհեստը թողել էր իմ մեջ մի առանձին սրամըտություն, այն է՝ շուտով ըմբռնել ամենանուրբ ակնարկությունները և իսկույն հարմարվել հանգամանքների հետ։ Ես հիշեցի այն խորհրդավոր խոսքերը, որ նա հեռանալու ժամանակ ասաց. «Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ»... Այդ խոսքերով կամեցավ ծածկել նա, որ ես ճանաչեցի նրան, որ իմ և նրա մեջ եղել են հին հարաբերություններ։ Այդ խոսքերով կամեցավ արդարացնել իմ հոգու սաստիկ հուզմունքը, որը համարեց նա իբր իմ ուղեղի անառողջ դրության արտահայտություն։

Ես տարակույս չունեի, որ նա դարձյալ կայցելե ինձ, և մի քանի օր շարունակ սպասում էի նրան։ Մի անգամ նախասենյակից լսում եմ հետևյալ խոսակցությունը.

– Այժմ ի՞նչ դրության մեջ է խելագարը։

– Բավական հանգիստ է.

– Խե՜ղճ տղա... նա դեռ շատ ջահել է...

– Եվ պատվական մարդ է։

– Երկյուղ չկա նրա մոտ մտնելու։

– Զգուշությունը վատ բան չէ։

– Ուրեմն կապեցեք նրան։

Ծերունի սպասավորը ներս մտավ, ինձ կաշկանդեց։ Քանի րոպեից հետո ներս մտավ և նույն օրիորդը։ Այդ Նենեն էր, իսկ և իսկ Նենեն։

Այժմ ես իմ կատարյալ դերի մեջ էի, ոչ իբրև կեղծ խելագար, այլ իսկապես ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Ես մոռացա բոլոր այն պայմանները, որով նա սկզբից նախազգուշացրել էր ինձ։ Ես ամեն բան մոռացա և միայն տեսնում էի իմ առջև սիրելի աղջկան, որին նվիրել էի իմ սրտի ամենաջերմ զգացմունքները, տեսնում էի, և կատաղությունը տիրում էր ինձ, թե ինչո՞ւ ես չէի կարող գրկել նրան, ինչո՞ւ չէի կարող ասել. «Ահա մենք դարձյալ գտանք միմյանց, ապրե՛նք միասին և կյանք վայելենք»... Եթե առաջվա ուժս կորցրած չլինեի, ես անպատճառ կկոտրատեի այն շղթաները, որոնցով կապված էին իմ ձեռքերն ու ոտները, և նրան կսեղմեի իմ կուրծքին, ասելով. «Մենք այլևս չենք բաժանվի միմյանցից»... Բայց ես միայն գոռում էի, գոչում էի, աղաչում էի արձակել ինձ, սպառնալիքներ էի կարդում, այս կողմ ու այն կողմ էի նետվում, խնդրում էի Նենեից, որ գոնե ինքը մոտենա ինձ։ Նա քաշվեցավ դեպի դուռը, ասելով.

– Խղճալիի դրությունը ամենևին չէ փոխվել...

– Նա միայն ձեզ տեսնելու ժամանակ այսպես անհանգիստ է լինում, –նկատեց ծերունի սպասավորը։

– Այդ իրավ է, – պատասխանեց օրիորդը առանց շփոթվելու։ –Խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, դա երևի, իմ մեջ գտնում է նմանություն մի որևիցե կնոջ, որի՝ հետ կապեր է ունեցել։

– Ճշմարիտ է, խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, – Համաձայնեցավ ծերունի սպասավորը։ – Մենք ունենք մեկը, որը ամեն անգամ ինձ տեսնելիս հարձակվում է իմ վրա, որ կտրատե ինձ։ Մյուս սպասավորները նրա մոտ մտնելու ժամանակ հանգիստ է։ Նա միշտ երևակայում է մի ինչ-որ ընկերին, որ նրան մատնել է, և իմ մեջ նրա նմանությունն է գտնում։

Օրիորդը կռացավ և հազիվ լսելի ձայնով ասաց ծերունու ականջին.

– Տեսեք, եթե ես այժմ երեսս ծածկեմ և մոտենամ նրան, նա այլևս ոչինչ չի անի:

Ես, իրավ որ, այժմ հանգիստ էի, հասկանում էի նրա դիտավորությունը, հասկանում էի, որ իմ անխոհեմ վարմունքով մատնում էի նրան։ Նա երեսի քողը ցած ձգեց և կամաց մոտեցավ փոքրիկ սեղանին, որ դրած էր իմ գլխի մոտ։ Նրա վրա մի ամանի մեջ ջուր էր դրած և մի կտոր հաց։ Նա վեր առեց ջրի ամանը, հոտոտեց և, դառնալով դեպի սպասավորը, ասաց,

– Այդ ջուրը բոլորովին թարմ չէ, պետք է փոխել։

– Կփոխեմ, օրիորդ, – պատասխանեց ծերունին:

– Այս րոպեիս փոխեցեք։

Ծերունին վեր առեց ամանը և հեռացավ:

Նա շրթունքը մոտեցրեց իմ շրթունքներին և հազիվ լսելի ձայնով ասաց.

–Կարդա այս տոմսակը և սպասիր ինձ...

Նա դրեց իմ բարձի տակին մի թղթի կտոր։ Կորիդորից լսելի եղավ ծերունի սպասավորի ծանր քայլերի ձայնը: Նենեն հեռացավ ինձանից և մոտեցավ դռանը։ Ծերունին բերեց ջուրը, դրեց իր տեղում։

Նա կրկին անգամ նայեց իմ երեսին և հեռացավ։ Ա՜խ, ո՜րքան սրտաշարժ խոսքեր կային այդ լուռ նայվածքի մեջ։ Դրսից լսելի եղավ նրա պատվերը սպասավորին,

– Հիմա կարող եք արձակել նրան, միայն դռները կողպած պահեցեք։

Ծերունին ներս մտավ, բաց արեց իմ ձեռքերն ու ոտները և դուրս գնաց, իր ետևից դուռը կողպելով։ Ես իսկույն վեր առի բարձի տակում թողած տոմսակը և սկսեցի կարդալ։ Նրա բովանդակությունը խիստ կարճ էր, երկու տող միայն, բայց այդ երկու տողը պարունակում էր իր մեջ ինձ համար անսահման բախտավորություն։

«Մուրադ, կիրակի գիշերը, երկու ժամին, սպասիր ինձ, ես քեզ մոտ կլինեմ։ Նենե»։

Հարյուր անգամ կարդացի այդ երկու տողը, հարյուր անգամ շրթունքիս վրա սեղմեցի, բայց դարձյալ չէի կշտանում : Նրանից, այդ անշունչ թղթի կտորից փափագում էի առնել սրտիս կարոտը։ Նրա մատներն էին գրել, նրա սիրտն էր դրած նա մեջ։ Բայց ո՞վ սովորեցրեց նրան գրելը...

Հիվանդանոցի այն մասը, ուր այժմ զետեղված էի ես, բաժանված էր մյուս մասերից, այստեղ պահվում էին միայն խելագարները և վարակիչ հիվանդները։

Նենեն այլևս չհայտնվեցավ։ Մինչև կիրակի դեռևս չորս օր կար։ Այդ չորս օրը ավելի երկարաձիգ էր թվում ինձ, քան թե չորս տարի: Բայց աքսորականը սովորում է սպասել։ Ես խորին անձկանոք սպասում էի։

Բժշկապետը նույնպես չէր հայտնվում, երևի նա ինձ բոլորովին առողջացած էր համարում։ Միայն երբեմն մտնում էր ծերունի սպասավորը և իր շատախոսություններով զբաղեցնում էր ինձ։ Այդ բարեսիրտ ծերունին այնքան երկար տարի ծառայել էր հիվանդանոցում, որ համարյա կես բժիշկ էր դարձել։ Նա ծաղրում էր ֆելդշերների կատարած հիմարություններր, ծաղրում էր դեղարարի տգիտությունը, թե ինչպես նա շատ անգամ խառնում է դեղերը և թույնը հասարակ քինայի փոխարեն է տալիս։ Պատմում էր զանազան սարսափելի դեպքեր, որ առաջ էին եկել կա՛մ դեղերը խառնելուց, կա՛մ նրանց չափն ու կշիռը չհասկանալուց: Ուրախանում էր, որ նոր բժշկապետը առաջարկել է փոխել այդ բոլոր «անպիտաններին» և դիտավորություն ունի նոր կարգեր մտցնել հիվանդանոցի մեջ։ Նա հիացած էր նոր բժշկապետով և միշտ կրկնում էր միևնույն խոսքերը նրա տիկնոջ և մանկահասակ օրիորդի մասին։

Վերջապես եկավ կիրակին։ Ես սարսափելով մտածում էի, թե ի՞նչպես պետք է անցկացնեմ այդ օրը, թե ի՞նչպես պետք է սպասեմ մինչև գիշերվա ժամը երկուսը։ Իսկ այնօր, որպես կարծում էի, ինձ համար ծանր չանցավ։

Համրը թույլտվություն էր խնդրել ինձ տեսնելու, եկավ և ժամերով մնաց ինձ մոտ։ Թեև այժմ նրա փիլիսոփայությունները շատ հետաքրքրական չէին ինձ համար, բայց, այնուամենայնիվ, նրա այցելությունը բավական մխիթարեց ինձ։

Համրը ինձ մոտ եղած միջոցին ներս մտավ բժշկապետը։ Նրան ես ճանաչեցի, թեև այժմ փոքրիկ մորուք ուներ։ Զարմանալի բան է կյանքի մեջ դեպքերի հանդիպումը։ Այդ երիտասարդին ես պատահել էի իմ կյանքում մի քանի անգամ։ Երբ ես կալանավորվեցա, երբ ինձ տարան քննիչի մոտ հարցուփորձ անելու, այդ երիտասարդը, իբրև. քաղաքային բժիշկ, այնտեղ ներկա էր։ Երբ դատարանում քննում էին իմ գործը, և ես մանրամասնաբար պատմում էի դատավորներին իմ կյանքի պատմությունը, որպեսզի նրանց կարեկցությունը և բարոյական համոզմունքը շարժեմ իմ անմեղության վրա, այդ երիտասարդը դարձյալ այնտեղ էր։ Երբ ինձ աքսորի դատապարտեցին, և սարսափելի գանահարությունից հետո գիշատված մարմնով ընկած էի բերդի հիվանդանոցում, այդ երիտասարդն էր ինձ բժշկում։ Նա գիտեր իմ կյանքի բոլոր պատմությունը, նա հետաքրքրված էր այդ դժբախտ պատմությունով։ Նա գիտեր, թե ո՛րպես, հակառակ իմ կամքի, անխուսափելի հանգամանքները ձգեցին ինձ չարագործության մեջ։ Եվ այդ գրավել էր նրա կարեկցությունը դեպի իմ թշվառությունը։

Նա նախածանոթ էր և Նենեի հետ։ Նա գիտեր այդ անբախտ աղջկա պատմությունը իր բոլոր մանրամասնություններով։ Նրա միջնորդությամբ Նենեն առաջին անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Նրա բարերարությանը հանձնեցի ես անտեր, անօգնական աղջկան, այն ժամանակ, երբ մի քանի օրից հետո ինձ պետք է վարեին դեպի աքսոր։ Նա էր, որ բանտում մխիթարեց ինձ այդ խոսքերով, «Հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան»...


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации