Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 17 (всего у книги 22 страниц)
Ի՞նչ պետք է պատասխանեի։ Մերժեի՞, ընդունեի՞, ոչ մեկը վճռել չէի կարողանում։ Նա եկել էր ինձ ազատելու, նա անցել էր հարյուրավոր մղոններ, հազարավոր վերստեր, նա դեռ չէր մոռացել ինձ, դեռ մտածում էր ինձ համար։ Բայց ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք աշխատում էր հանգստացնել խղճի խայթը, որ ինձ մոլորության և դատապարտության մեջ ձգեց, թե կամենում էր ինձ նորից ձեռք առնել, որպես մի գործիք, որ նրան պակասում էր։ Մինչև ես այս մտատանջությունների մեջ էի, ավազակապետը ասաց.
– Ես նրան երրորդ անգամն է, որ հանդիպում եմ։
– Առաջին անգամն որպես ճգնավոր, վերջին անգամ որպես մուրացկան, իսկ մյո՞ւսը, – Հարցրի ես։
– Դա կապ ունի Սանամի անցքի հետ, հետո կպատմեմ քեզ։
Գ. ԵՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Երրորդ գիշերը ավազակապետը այսպես սկսեց Սանամի ընդհատված պատմությունը.
«Դու հիշում ես, որ գիշեր էր, երբ ես և Սանամը հեոացանք մելիքի ամրոցից, մի մթին և խուլ գիշեր, որ բնությունը ինքն էր նպաստում մեր փախուստին։ Անցանք մի քանի մղոններ, գիշերային խավարը սկսեց փոքր առ փոքր պարզվել։ Ճանապարհին օրիորդը մի խոսք անգամ չխոսեց ինձ հետ։ Նա լուռ էր. որպես երևում էր, ծանր մտախոհություններ տանջում էին նրան։ Նա ուներ հայ օրիորդի թե՛ հնազանդությունը և թե՛ նախապաշարմունքները։ Առաջինի դեմ բողոքեց նա, ընդդիմացավ ծնողների բռնությանը և չկամեցավ մահմեդականի կին դառնալ, իսկ երկրորդը, նախապաշարմունքը, մնաց։ Նա մի նախատինքից ազատվեցավ, բայց մի այլ նախատինքի ենթարկեց իր անձը։ Նա փախավ ծնողների տնից մի երիտասարդի հետ, որ ոչ նրա ազգականն էր և ոչ նրա բարեկամը։ Երևի, այդ մտածություններն էին տանջում նրան։
Իմ ձին ընթանում էր առաջ, իսկ նա հետևում էր ինձ։ Ես էլ իմ կողմից չէի խոսեցնում նրան, որովհետև չէի ցանկանում ավելի վրդովել նրա հոգեկան խռովությունը։ Ես միայն հիացած էի նրա կերպարանքի բարեկազմությամբ, թե ո՛րքան գեղեցիկ էր նա տղամարդի հագուստով և որքա՛ն քաջազնաբար ձիավարում էր նա, նստած իր սիրուն նժույգի վրա։ Նա ներկայացնում էր մի շնորհալի ձիավոր, որի նմանը կարելի էր տեսնել պարսից բարձր ազնվականների որդիների մեջ։
Բայց նրա հայրը իր կեցությամբ, իր սովորություններով, իր բարքով ու վարքով նույնպես ներկայացուցիչ էր պարսից բարձր ազնվականության։ Շրջապատված բազմաթիվ նոքարներով, որսորդական շներով ու բազեներով, վատնում էր նա իր ժամանակի մեծ մասը զանազան զբոսանքների ու զվարճությունների մեջ, որոնք կատարվում էին ըստ մեծի մասին ձիաների վրա։ Խիստ սակավ անգամ էր պատահում, որ նրա ընտանիքը չմասնակցեր այն զբոսանքներին, և այդ պատճառով Սանամը մանկությունից վարժված էր ձիավարելու մեջ։
Մելիքը, ինչպես Ղարադաղի բոլոր խաները, ուներ բազմաթիվ անասուններ, որոնց ամառը տանում էին լեռնային հովասուն տեղերում արածացնելու։ Շատ անգամ մելիքի ընտանիքը ամբողջ ամիսներ անց էր կացնում ամառանոցում, իրանց հոտերի մոտ։ Հովիվների վրաններում Սանամին ավելի էր զվարճացնում լեռնային կյանքը։ Իարաղաղը սարոտ և անտառապատ երկիր է։ Երբեմն ձի նստած ամբողջ ժամերով թափառում էր նա ձորերի, անտառների և լեռների մեջ։ Այստեղ ավելի ազատ էր շնչում, քան թե հոր փակված տնում, ուր ամեն ինչ ճնշում էր նրան։ Շատ անգամ ես լսել էի նրանից այդ խոսքերը. «Ես չեմ սիրում ձմեռը»։ Երբ հարցնում էի պատճառը, պատասխանում էր. «Նրա համար, որ ձմեռը միշտ տան ծածկի տակ եմ մնում»։
Երբ արևը ծագեց, չգիտեմ ի՞նչ զգացմունքից դրդված, նա կանգնեցրեց իր ձին և մի քանի րոպե լուռ նայում էր դեպի այն կողմը, ուր նրա հոր լայնատարած կալվածների սահմաններր հետզհետե անհայտանում էին մեր տեսությունից։ Նա իսկույն երեսը շուռ տվեց, որ ես չնկատեմ նրա արտասուքը։ Նա գնում էր, հեռանում էր այն երկրից, ուր ծնվել, սնվել ու մեծացել էր։ Բայց ո՞ւր էր գնում՝ ինքն էլ չգիտեր։ Բայց ինչո՞ւ էր թաքցնում ինձանից յուր արտասուքը։ Նա այնքան հպարտ էր, որ չէր արժանացնում ինձ տեսնել ո՛չ նրա ուրախո՛ւթյունը և ո՛չ տրտմությունը։
Ես մոտեցա, երբ նկատեցի, որ ուզում էր խոսել ինձ հետ։
– Մենք լավ չարեցինք, – Ասաց նա, – Որ այդ ձիաները վեր առինք հորս ախոռատնից։
– Ինչո՞ւ լավ չարեցինք, – Հարցրի ես։
– Դու գիտես հորս բնավորությունը, նա այսօր այն խեղճ Թունիին սպանել կտա, որ մեզ ձիաներ տվեց։
– Ուրի՛շ ճար չկար, ո՞րտեղից կարող էինք գտնել ուրիշ ձիաներ։
– Կարող էինք ոտքով փախչել։
– Դա կհոգնեցներ ձեզ։ Իսկ մեզ պետք է, որքան կարելի է, շուտով հեռանալ այդ կողմերից։
– Ինչո՞ւ։
– Մի՞թե դուք չգիտեք, որ հետամուտ կլինեն մեզ։ Մի՞թե դուք չեք իմանում, որ հենց այս առավոտ, երբ կնկատեն, որ դուք տանը չեք, ամեն ինչ կհայտնվի, և ձեր հայրը դեպի ամեն կողմեր մարդ կուղարկե, որ ձեզ որոնեն։
– Թող ուղարկե։ Այդ մթին ձորերը, այդ անտառները, այդ լեռներր կարող են տարիներով պահել մեզ իրանց ծոցում, և ոչ ոք գտնել չէ կարող մեզ։ Այդպես չէ՞։
– Այդպես է, բայց զգուշություն ևս հարկավոր է։
Ես չկամեցա օրիորդի վստահությունը թուլացնել, թեև մեր ձեռնարկությունը սաստիկ վտանգավոր էր։ Մենք կարող էինք և խանի մարզիկներին հանդիպել, որոնք, իմանալով օրիորդի փախուստը, նույնպես հետամուտ կլինեին։ Այդ պատճառով շտապում էի րոպե անգամ չկորցնել և այն օր, որքան կարելի էր, երկար ճանապարհ կտրել։
Գիշերը մենք մնացինք անտառում, իսկ երկրորդ օրվա երեկոյան պահուն հասանք Երասխ գետի ափի մոտ։ Երասխը այդ կողմերում ռուսաց և պարսից հողերի սահմանագլուխն է։ Ես մտածում էի անցնել գետը և ռուսաց հողի վրա ապաստան գտնել։ Այդ կողմերում միակ անցքը Խուդա-Աֆերինի կամուրջն էր։ Բայց կամուրջով անցնել անկարելի էր, նախ այն պատճառով, որ այնտեղ կարող էին մարդիկ դրած լինել մեզ բռնելու, երկրորդ, մեզանից անցաթղթեր կպահանջեին։ Իսկ մենք, փախստականներս, անցաթղթեր չունեինք։
Դժվարությունը մեծ էր։ Ի՞նչպես պետք էր անցնել գետը։ Ուրիշ հնար չկար, պետք էր որոնել գետի ծանծաղուտներում մի ոչ այնքան խորին տեղ և մաքսախույսների նման անցնել ջրի միջով։ Բայց Սանամը կարո՞ղ էր կատարել մի այսպիսի հանդուգն ձեռնարկություն։ Ես մնացել էի շվարած, չգիտեի, թե ի՛նչ պիտի անեմ։ Երբ օրիորդը նկատեց իմ հուսահատությունը՝ հարցրեց.
– Ինչո՞ւ եք կանգնած։
Ես բացատրեցի նրան, թե ավելի ապահով դրության մեջ լինելու համար պետք է անցնել ռուսաց հողի վրա։
– Անցնենք, էլ ի՞նչ բանի ենք սպասում, – պատասխանեց նա։
Ես ցույց տվի ահարկու գետը։
– Անցնենք գետը, – կրկնեց նա մի առանձին վստահությամբ։
– Դուք չե՞ք վախենում։
– Ինչի՞ց պետք է վախենամ։
Ես հայտնեցի նրան, թե այն տեղը, թեև գետի ծանծաղ տեղերից մեկն է, այսուամենայնիվ բավական խորն է։
– Ես, ճշմարիտ է, լողալ չեմ իմանում, – ասաց նա, – բայց ձին խո իմանում է, լողալով կտանե և կհանե ինձ մյուս ափի վրա։
– Բայց դրա համար պետք է բավական քաջություն ունենալ, պետք է սրտի և հոգու հանգստություն ունենալ, չշփոթվել, չմոլորվել և կարենալ իրան ձիու վրա պահել։
– Կարող եմ, – Ասաց նա։ Հետո ավելացրեց, – միևնույն չէ՞, ես խո ուզում էի սպանել ինձ։ Եթե աստված կամենում է, որ ես կենդանի մնամ, նա ինձ կօգնի և ոչ մի վտանգ չի պատահի։ Իսկ եթե հասել է իմ կյանքի վախճանը, ավելի լավ է, որ այդ մաքուր գետը լինի իմ գերեզմանը։
Հավատը, մի այսպիսի ջերմ հավատը՝ նախախնամության տնօրինության վրա, միակ և ամենահաստատ գրավականն էր, որ ինձ առիթ տվեց մտածելու, թե օրիորդը չի կորցնի իր հոգու քաջությունը և երկյուղից չի շփոթվի։ Եվ այդքանը բավական էր կատարյալ հաջողություն սպասելու համար։ Բավական էր, ասում եմ, այն պատճառով, որ եթե նա կարողանար իրան ձիու վրա պահել, ձին այնքան ուժեղ էր և. վարժված, որ առանց դժվարության կարող էր լողալով դուրս տանել նրան մյուս ափի վրա։
Այսուամենայնիվ, սպասելիք վտանգը մեծ էր։ Ես բռնեցի օրիորդի ձիու սանձը իմ ձեռքում և պատվիրեցի նրան, որ իր ձին կառավարելու համար ամենևին հոգ չտանե, միայն երկու ձեռքով պինդ բռնե թամքից և աշխատե, որ ոտները դուրս չպրծնեն ասպանդակներից։ Իսկ ես իմ ձին առաջ քաշեցի, նրա ձիուն իմ ետևից քաշ տալով։ Երբ նրա ձին աոաջին ոտները դրեց ջրի մեջ, ես նկատեցի, որ օրիորդը խաչակնքեց իր դեմքը և լուռ աղոթում էր։ Մենք սկսեցինք առաջ գնալ։ պուրը հազիվ հասնում էր մինչև ձիաների կուրծքը։ Օրիորդը սկսեց մինչև անգամ ծիծաղել իմ վրա, թե ինչո՞ւ ես այնքան չափազանցորեն նկարագրեցի գետի ահավորությունը։ Բայց ես զգուշացնում էի նրան, թե կարող են պատահել և ավելի խոր տեղեր։
Երասխի ծանծաղուտները այնքան վտանգավոր չեն, մանավանդ ամառը, երբ ջուրը փոքրանում է։ Գյուղացիները մինչև անգամ ոչխարների հոտեր են անցկացնում։ Միայն պետք է ճանաչել այն տեղերը, ուր նշանավոր խորություններ չեն պատահում։ Իմ ընտրած տեղը ամենասովորական տեղն էր, ուսկից անց էին կենում այն տեսակ մարդիկ, որ չէին ցանկանում սահմանապահ ղարավուլների հանդիպել։ Բայց ո՞վ կարող է նախագուշակել, թե գետը ամեն ժամ, ամեն օր ինչ հեղափոխություններ է կատարում իր հատակում։ Այնտեղ, ուր երեկ ծանծաղ էր, այսօր բացվում է մի ահագին խորություն։ Իսկ ջրի խաբուսիկ մակերևույթը դարձյալ հարթհավասար է մնում։
Մինչև գետի լայնության կեսը անցանք առանց որևէ դժվարության։
Ես խորհուրդ էի տալիս օրիորդին, որ երբեմն աչքերը խփե, շատ չնայի ջրին։ Ձիաները ջրի սրընթացության հետ կռվելով, փռնչալով, առաջ էին գնում։ Դեռ նրանց ոտները հասնում էին հատակին, և այդ օգնում էր իրանց պինդ պահել և չգնալ հոսանքի հետ։ Բայց երբ հասանք խորությունների, նրանք սկսեցին լողալ։ Այդ ժամանակ ամենավտանգավոր րոպեն էր։ Ես անդադար ձայն էի տալիս օրիորդին, որ չվախենա և իրան ամուր պահե թամքի վրա։ Բայց ջուրն արդեն հասել էր մինչև թամքը։ Զիաների վեր բարձրացրած գլուխներն էին միայն երևում։ Այդ միջոցին գետի սրընթաց հոսանքը սկսեց իր հետ տանել օրիորդի ձիուն։ Ես աշխատում էի կանգնեցնել նրան, ձիգ տալով սանձից, որ իմ ձեռքում բռնած ունեի։ Բայց հնար չեղավ, սանձը կտրվեցավ, և նրա ձին բավական հեռացավ ինձանից։ Վտանգն ակներև էր։ Օրիորդը, այսուամենայնիվ, չկորցրեց սրտի ամրությունը և քաջությամբ պահում էր իրան ձիու վրա։ Ես փութացնում էի իմ ձիուն, որ առաջանամ և բռնեմ նրան։ Բայց իսկույն սարսափը տիրեց ինձ, երբ տեսա, որ օրիորդը իր ձիու հետ խորասուզվեցավ ջրի տակ։ Ուրիշ հնար չկար, պետք էր թողնել իմ ձին և լողալով որոնել նրան ալիքների մեջ։ Նրա ձիու գլուխը կրկին հայտնվեցավ ջրի տակից, օրիորդը դեռ նրա վրա էր գտնվում, երկու ձեռքով պինդ բռնած ունենալով նրա բաշից։ Ես լողալով մոտենում էի։ Մենք արդեն շեղվել էինք ծանծաղուտներից և ընկել էինք սարսափելի խորությունների մեջ։ Ես չեմ կարող նկարագրել այն բոլոր զարհուրանքը, որ այս րոպեիս էլ տիրում է իմ սրտին, երբ մտաբերում եմ իմ անխոհեմությունը, թե որպիսի հիմարությամբ ես թույլ տվեցի ինձ այնպես անհոգությամբ վերաբերվել դեպի կատաղի Երասխը։ Ես թե այն ժամանակ և թե այժմ դեռ չեմ կարողացել պարզ հասկանալ, թե ի՞նչ կատարվեցավ, և ի՞նչպես եղավ, որ երբ աչքերս բաց արի, ինձ ջրի խորության մեջ գտա։ Երևի, մի ուժգին պտույտ, մի կատաղի հորձանք ինձ ևս տարել էր ջրի տակ։ Բայց երբ կրկին բարձրացա ջրի մակերևույթի վրա, նայեցի, օրիորդը այլևս չէր երևում։ Երկար ես լողում էի այս կողմ և այն կողմ, երկար որոնում էի նրան, բայց նա չկար ու չկար...
Մի ձայն գետի հակառակ ափից վաղուց կանչում էր ինձ:
Բայց ես իմ խռովության խորին տագնապի մեջ սկզբում ոչինչ չէի լսում։ Նա կանչում էր։ Նա կանչում էր, «Դու՛րս եկեք, դուրս եկեք... դեպի այս կողմը»։
Իմ ուժերը բոլորովին սպառված չէին, միայն օրիորդի կորուստը մահվան չափ տանջում էր ինձ։ Ես սկսեցի ալիքները պատառելով լողալ դեպի կոչող ձայնը։ Երբ դուրս եկա ափի վրա, իմ ուրախությանը չափ չկար։ Օրիորդը այնտեղ նստած էր, և կոչող մարդը կանգնած էր նրա մոտ։ «Դու այժմ փրկված ես»... մի առանձին բերկրությամբ ասում էր նրան, որպես մի մարդ, որ խորին բավականություն էր զգում, որ ազատել էր մի կյանք։ Հետո դարձավ նա դեպի ինձ, ասելով.
– Դու բավական քաջությամբ կռվում էիր ջրի հետ, ես համոզված էի, որ դու դուրս կգաս, այդ պատճառով քո մասին հոգ չտարա։
Արևը դեռ նոր մայր էր մտել, դեռ բավական լույս կար» Երասխի գետաձորի մեջ մշտական քամին սաստիկ սառն է լինում, մանավանդ երեկոյան պահուն։ Օրիորդը թրջված հագուստի մեջ ամբողջ մարմնով դողդողում էր։ Անծանոթ բարերարը առաջարկեց ինձ տանել նրան մերձակա գյուղը տաքացնելու և հագուստները չորացնելու համար։ Սանամը ոչինչ չէր խոսում, նա գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ։ Բայց անծանոթի առաջարկությունը ինձ անգործնական երևաց։ Մենք փախստականներ էինք, անխոհեմություն կլիներ մեր կողմից մտնել բնակությունների մեջ։ Թեև այդ մասին ես ոչինչ չհայտնեցի անծանոթին, բայց, կարծես թե, նա մի բան նշմարում էր» Օրիորդը, թեև ծածկված էր տղամարդի հագուստի մեջ, բայց նրա գդակը ջրի հոսանքի հետ գնալով, գլուխը մնացել էր բաց, և մազերի երկայն հյուսերը թափվել էին թիկունքի ու կուրծքի վրա։ Այդ կասկածանքի մեջ ձգեց անծանոթին։ Ես աշխատեցի փարատել նրա կասկածը, ասելով, որ «նա այսինչ խաչի «զուլն» է, մայրը ուխտել է, որ մինչև քսան տարեկան հասակը մազերը չկտրվեն»։
– Այդ ինձ շատ չէ հետաքրքրում, պատասխանեց նա, – Բայց դրան հարկավոր է շուտով մի տաք տեղ, եթե ոչ, իսկույն տենդ կստանա։
– Ի՞նչ ազգից են այն գյուղացիները, – Հարցրի ես։
– Հայեր են, – պատասխանեց նա։
Երբ պատրաստվեցանք գնալ դեպի գյուղը, ես նոր նկատեցի, որ մեր ձիաները կորած էին։ Անծանոթը ասաց, որ նրանք դուրս եկան գետի մյուս ափի վրա։ Կորուստը շատ զգալի էր։ Փախստականը առանց ձիաների ո՞ւր կարող էր գնալ։ Կրկին լողալով անցնել գետը և որոնել ձիաներին, շատ դժվար էր. նախ, այն պատճառով, որ ես չէի կարող մենակ թողնել օրիորդին, երկրորդ, ոչինչ հավանականություն չկար, թե կարելի կլիներ գտնել նրանց։ Զիաները այնքան սովորած էին եկած ճանապարհին, եթե մի օտար մարդ չբռներ նրանց, ուղղակի կդիմեին իրենց տիրոջ տունը։
Երբ անծանոթը նկատեց իմ շվարած դրությունը, ասաց։
– Գնանք, ձիաների մասին կմտածենք հետո։
– Ի՞նչ կարող ենք մտածել, – Հարցրի ես։
– Գյուղից ուրիշ մարդիկ կուղարկենք, որ որոնեն նրանց։
Գյուղը շատ հեռու չէր. մութը դեռ նոր էր պատել, երբ հասանք այնտեղ։ Անծանոթը չբաժանվեցավ մեզանից, որպես երևում էր, նա իր առաքինությունը կամենում էր մինչև ծայրը հասցնել։ Իմանալով, որ մենք օտարականներ ենք, նա հոգ տարավ մեզ համար գիշերելու օթևան ևս գտնել։
– Ես էլ այստեղ օտար եմ, – Ասաց նա, – ձեզ կտանեմ միևնույն տունը, ուր ես մի քանի օր կացել եմ։ Նրանք բարի և հյուրասեր մարդիկ են։
Օրիորդը հազիվ էր շարժվում, սոսկալի դեպքը խլել էր նրանից ամեն զորություն։ Հենված իմ թևքի վրա, դժվարությամբ փոխում էր նա իր դողդոջուն քայլերը։
Տունը, ուր տարավ մեզ անծանոթը, գյուղի նշանավոր անձինքներից մեկի տունն էր։ Մեզ պատահած դժբախտության տեղեկությունը բավական էր, որ հրավիրեր բոլորի կարեկցությունը մեզ վրա։ Այդ պատճառով մեր փախուստի մասին ոչինչ չխոսեցինք։
Օրիորդին պետք էր հանգստություն, պետք էր ջերմացնել սառած մարմինը։ Իսկույն մի առանձին սենյակում տաք անկողին պատրաստեցին։ Նա խնդրեց ինձ օգնել իրան, որ հանե թրջված հագուստը։ Ես մյուսներին հեռացրի, որպեսզի չնկատեն, թե նա աղջիկ է և ոչ տղա։ Վիշտը, ցավը, հիվանդոտ դրությունը խլել էին նրանից կանացի պարկեշտության այն զգուշությունները, որով կինը չէր ներում մի օտար տղամարդին շոշափել իր մարմինը։ Բայց այն դրության մեջ նա նայում էր իմ վրա որպես իր աղախիններից մեկի վրա։ Եվ իմ զգացմունքները այնքան մաքուր էին, որ օրիորդը չէր սխալվում իր մտերմության մեջ:
Նրա՝ անկողին մտնելուց հետո ես չհեռացա նրա կշտից, մինչև տաքացավ և ջերմ քրտինքը պատեց ճակատը։ Քունը շուտով տիրեց նրան, բայց տենդային և անհանգիստ էր քունը։ Բորբոքված երևակայությունը դեռ արթուն էր։ Երկար նա տանջվում էր սոսկալի երազներով և երբեմն խոսում էր խառն զառանցությունների մեջ։ «Թեկուզ սպանեք, թեկուզ կտրատեք, պարսիկի կին չեմ դառնա»... այդ խոսքերը մի քանի անգամ լսելի եղան նրա բերնից։
Գիշերը ես մնացի նույն սենյակում, ուր պառկած էր օրիորդը։ Մի անգամ միայն մտավ ինձ մոտ անծանոթը և հարցրեց օրիորդի դրությունը։ Տանեցիներից ուրիշ ոչ ոք չխանգարեց նրա հանգստությունը։
Առավոտյան օրիորդը իրան լավ էր զգում, վեր կացավ և առանց իմ օգնության հագնվեցավ։ Ես միայն ջուր տվի լվացվելու։ Նրա վիճակը ինձ այն աստիճան զբաղեցրել էր, որ դեռ ուշադրություն չէի դարձրել, թե ո՞րտեղ ենք գտնվում, կամ ո՞վ է մեր հյուրընկալը։ Ես մինչև անգամ իմ շնորհակալությունը դեռ չէի հայտնել անծանոթին, որ օրիորդի կյանքը ազատեց խեղդվելուց, և դեռ չգիտեի, թե ի՞նչ դիպվածով պատահեց նա գետի ափի մոտ, երբ մենք ենթարկվեցանք սոսկալի վտանգին։
Առավոտյան անծանոթը կրկին մտավ մեզ մոտ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նկատեցի, որ այդ մարդը ծանոթ էր ինձ։ Դա միևնույն ճգնավորն էր, որին իմ պատանեկության հասակում տեսել էի Որոտնա վանքում։ Այո , նույն ճգնավորը, երկու ականջների ծայրերը կտրած, բազուկները և ձեռքի երեսը դրոշմված Երուսաղեմի ուխտավորի նշաններով։ Իսկ այժմ նա աշխարհականի հագուստ ուներ։ Թեև այդ հագուստի մեջ ևս պահպանել էր իր բարձր առաքինությունը։
Տեսնելով օրիորդին առողջ, չափազանց ուրախացավ նա և մի առանձին կարեկցությամբ մոտեցավ, նստեց մեզ մոտ։
Երևում էր, մեզ հետ առանձին խոսելիք ուներ, այդ պատճառով պատվիրեց ինձ սենյակի դուռը փակել և ոչ ոքի ներս չընդուներ
– Ես այստեղացի չեմ, – Ասաց նա, – ես էլ ձեզ նման օտարական մարդ եմ այս գյուղում։ Այսօր պետք է հեռանամ այստեղից։ Ես եկա ձեզ մոտ հարցնելու, արդյոք այլևս հարկավոր չե՞մ լինի ձեզ։
– Ձեր կատարած գործը այնքան մեծ է, որ մենք իրավունք չունենք ավելին պահանջել ձեզանից, – պատասխանեցի ես։ – Մեզ մնում է միայն շնորհակալ լինել ձեր առաքինության համար։
– Այդ ավելորդ է, – Ասաց նա համեստությամբ։ – Ես արել եմ այն, ինչ որ ամեն մարդու պարտքն է անել, երբ տեսնում է դժբախտություն։ Քայց դուք այն ասացեք, արդյոք մի որևիցե այլ բանո՛ւմ պե՞տք եմ ձեզ, թե՞ ոչ։ Ես սիրում եմ պարզ խոսել, ավելի լավ կլինի, որ դուք ևս բոլորովին անկեղծ լինեք ինձ հետ։
Վերջին խոսքերը ինձ կասկած պատճառեցին, երևում էր, որ նա փոքրիշատե տեղեկություն ուներ մեր գաղտնիքի մասին։ Ես պատասխանեցի,
– Մենք չենք կարող անկեղծ չլինել դեպի մի բարերար, որ այնքան մեծ զոհաբերություն հանձն առեց ազատելու մի կյանք։
– Մի օրիորդի կյանք, – կրկնեց նա խորհրդավոր ձայնով:
Ես մնացի շվարած։ Ո՞րտեղից գիտեր նա, որ տղամարդի հագուստով ծպտյալ պատանին օրիորդ էր։ Նա պատասխանեց.
– Օրիորդին ջրից հանելու ժամանակ ես արդեն հասկացա, որ նա տղամարդ չէ։ Նրա մի այսպիսի ծպտյալ դրությունը առիթ է տալիս ինձ մտածելու, որ ձեր վարմունքի մեջ թաքնված է մի գաղտնիք։ Դուք չեք սխալվի, եթե այդ գաղտնիքը կհայտնեք ինձ։ Գուցե ես կարող կլինեմ դարձյալ օգնել ձեզ:
Օրիորդը, որ բոլոր ժամանակ լուռ լսում էր, ընդհատեց մեր խոսակցությունը, ասելով.
– Ես գաղտնիք չեմ պահի մի մարդուց, որը ազատեց իմ կյանքը։ – Եվ սկսեց նա մի ըստմիոջե պատմել, թե ինքը ում աղջիկն է, պատմեց իր հոր անգութ վարմունքը, որ նրան ուզում էր բռնությամբ մահմեդական խանին տալ, և ինքը այդ բարբարոսությունից ազատվելու համար ստիպվեցավ փախուստի մեջ փրկություն որոնել և այլն։
Անծանոթը խորին ցավակցությամբ լսում էր։ Երբ օրիորդը ավարտեց, ասաց նա.
– Որքան ցավալի է ձեր պատմությունը, հարգելի օրիորդ, այնքան գովելի է ձեր արիությունը, որով պատերազմեցիք կոպիտ բռնության դեմ և բարի օրինակ դարձաք շատերի համար: Հիմա աղջիկներ մահմեդականների խաներին տալն այն սովորական կաշառքներից մեկն է համարվում, որով չարամիտ մարդիկ ձգտում են այս և այն նպատակին հասնել: Դա վատ է, դա շատ վնասակար է։ Ձեր պատմությունը ավելի և ավելի գրավեց իմ կարեկցությունը։ Ես ուրախ եմ, որ դեռևս մի փոքրիկ ծառայություն կարող եմ անել ձեզ։
– Բավական է, ինչ որ արեցիք, – պատասխանեց օրիորդը:
– Ոչ, բավական չէ, – պատասխանեց նա հանդարտությամբ։ – Դուք այժմ գտնվում եք ռուսաց հողի վրա, դուք փախստական եք պարսից երկրից, դուք անցել եք այս կողմը առանց անցագրի, այդ բոլորը ձեզ խիստ դժվարին դրության մեջ է դնում։ Ձեր հայրը այնքան ազդեցության տեր մարդ է, բավական է, որ նա գրե այստեղի կառավարությանը, ձեզ իսկույն կբռնեն և ետ կուղարկեն, որովհետև դուք փախստական եք, դուք անցագիր չունեք։ Այդ լավ է, որ դուք տղամարդի կերպարանքի մեջ եք մտել, բայց այդ բավական չէ ձեր ապահովության համար։ Դուք դեռ գտնվում եք պարսից սահմանի մոտ, պետք է հեռանալ այստեղից և շուտով հեռանալ։ Բայց այդ դժվար կլինի ձեզ, որովհետև դուք կորցրիք ձեր ամենակարևոր դյուրությունները՝ ձեր ձիաները։ Ես գիշերը այս մասին մտածում էի, մի քանի լավ լողացողներ ուղարկեցի, անցան գետը որոնելու ձեր ձիաները, բայց առավոտյան լուր բերեցին, որ չգտան նրանք։ Դուք առանց ձիաների ոչ մի տեղ գնալ չեք կարող։ Ձեզ պետք է շուտափույթ կերպով տեղափոխվել մի տեղից մյուս տեղ, իսկ այդ առանց ձիաների անկարելի է։
Նրա նկատողությունները ուղիղ էին։ Մեր դրությունը խիստ դժվարին էր։ Մենք զուրկ էինք ամեն միջոցներից, որ մեր պետքերը հոգայինք։ Մեր փախուստը այնքան անակնկալ և անպատրաստ կերպով կատարվեցավ, որ ապագա պետքերի մասին ամենևին չմտածեցինք։ Մենք մինչև անգամ այնքան փող չունեինք, որ մեզ համար հաց գնեինք ուտելու։
– Ես, – շարունակեց նա, – Բոլորը հոգացել եմ։ Ես վարձեցի ձեզ համար երկու ձիաներ, որոնց տերը կտանե ձեզ ուր որ կամենաք։ Միայն խորհուրդ կտայի, որ անցնեիք Ղափանի կողմերը, այնտեղ ժողովուրդը բարի է, ամեն տեղ կնդունեն, ամեն տեղ կպահպանեն ձեզ։ Դուք ժամանակ չի պիտի կորցնեք, հենց այսօր, հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնեք։ Օրիորդը այնքան առողջ է, որ կարող է շարունակել ճանապարհորդությունը։ Ես հոգացել եմ ինչ որ պետք է ճանապարհի համար։ Ձեզ պակաս է մի բան, որ ամեն տեղ կպահանջեն ձեզանից։ Ես անցագրի մասին եմ խոսում։ Ես կտամ ձեզ երկու անցագրեր։ Օրիորդը թող մնա իր ծպտյալ կերպարանքի մեջ, որպես և է, միայն տղամարդ ձևանալով, պետք է ընդունե մի տղամարդի անուն։ Իսկ դուք, – Դարձավ դեպի ինձ,– նույնպես պետք է փոխեք ձեր անունը։
Վերջացնելով իր պատվերները, հանեց նա իր ծոցից երկու պարսկերեն անցագրեր, մեկը տվեց ինձ, մյուսը օրիորդին, հայտնելով, որ մենք կրենք այնուհետև նրանց մեջ նշանակված անունները։
Բոլոր ժամանակը խոսում էր նա մի այնպիսի եղանակով, կարծես մեր վաղեմի բարեկամը կամ մտերիմ խորհրդակիցը լիներ։ Գլուխը դեպի ցած խոնարհած, կիսաբաց աչքերով խիստ հազիվ անգամ նայում էր մեր երեսին։ Բայց մի խորհրդավոր վեհություն, առաքինական խիստ ազդու արտահայտություն նշմարվում էր նրա պատկառելի դեմքի վրա։ Ես աստուծո մի առանձին ողորմությունն էի համարում, որ մեր նեղ դրության մեջ ուղարկեց մի այնպիսի օգնական։ Բայց օրիորդը այնքան հպարտ էր, որ շատ դժվար եղավ համոզել նրան, որ ընդունե մի օտար և անծանոթ անձից այս տեսակ բարերարություններ։ Բայց անհրաժեշտ կարիքի նրան ևս ստիպեց հաշտվել հանգամանքների հետ։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք սենյակից դուրս եկանք։ Մեր հյուրընկալը բարեմաղթությամբ ճանապարհ դրեց մեզ, իսկ անծանոթը բավական տեղ եկավ մեզ հետ։
Օրիորդը նստած էր ձիու վրա, իսկ ես անծանոթի հետ գնում էի ոտքով։ Իմ ձին բերում էր մեր ետևից չարվադարը։
Ինձ բոլորովին չէր զարմացնում այն միտքը, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառներից դրդված այդ մարդը ընդունում էր այնքան խորին կարեկցություն մեր դրության մեջ։ Բավական էր, որ ես գիտեի, թե նա մի ժամանակ ճգնավոր է եղել, թե աստծուն նվիրական մարդիկ միշտ պատրաստ են օգնել, բարիք գործել, երբ տեսնում են թշվառություն, երբ տեսնում են կարոտություն։
Բայց ես տակավին տարակուսության մեջ էի գտնվում, իմ կասկածը բոլորովին փարատված չէր, թե արդյո՞ք դա միևնույն անձնավորությունն էր, որին իբրև ճգնավոր մի ժամանակ տեսել էի Որոտնա վանքում, թե ես սխալվում էի չափազանց ճիշտ նմանությունների մեջ։
Բավական տեղ մեզ ճանապարհ դնելուց հետո, երբ կամենում էր նա բաժանվել մեզանից, ես հարցրի.
– Մենք չի՞ պիտի գիտենանք, թե ումից պետք է շնորհակալ լինենք այսքան բարությունների համար։
Նա սառնությամբ պատասխանեց.
– Կարծեմ, մի առանձին հարկավորություն չկա այդ գիտենալու։
– Այսուամենայնիվ, ինձ շատ ցանկալի էր գիտենալ, թե դուք ո վ եք։
– Եթե այդ ձեզ որևիցե օգուտ կբերեր, ես կասեի ձեզ։
Ես ուղիղ նայեցի նրա երեսին, ասելով,
– Եթե իմ հիշողությունը ինձ չէ խաբում, կարծեմ ես տեսել եմ ձեզ մի ժամանակ մի վանքում... մի քարանձավի մեջ... դուք ճգնավոր էիք...
Նրան տիրեց մի վայրկենական խռովություն, բայց իսկույն ծածկելով իր շփոթությունը, պատասխանեց.
– Դուք չեք սխալվում... այն ժամանակ ճգնում էի մի լեռան քարանձավի մեջ, հեռացած մարդիկներից... իսկ այժմ ճգնում եմ կյանքի մեջ...
Այս ասելով, նա տվեց ինձ իր քսակը։ «Ա՛ռ, – Ասաց, –ճանապարհին ձեզ պետք կլինի», և իսկույն բաժանվեցավ մեզանից։
Ես ապշած մնացի, մի խոսք անգամ չգտա նրան ասելու, միայն, քարացածի պես կանգնած, նայում էի նրա ետևից։ Նա էլ ճանապարհորդ էր, նա էլ մի տեղ էր գնում, բայց ո՞ւր էր գնում, աստված գիտե։ Նա իր քսակը տվեց ինձ. ես հավատացած էի, որ դա նրա վերջին արծաթն էր։ Իսկ ինքը գնում էր միայնակ, ոտքով, մի երկայն ցուպ ձեռին բռնած, աղքատ ուղևորի պարկը ուսին կապած»։
Երբ ավազակապետը վերջացրեց, հարցրի նրանից.
– Այնուհետև մյուս անգամ չհանդիպեցի՞ք նրան։
– Ոչ։ Այն օրից անցել են շատ տարիներ, կրկին հանդիպեցի նրան միայն այստեղ, քեզ հետ միասին, մուրացկանի կերպարանքով, և այդ խիստ զարմացնում է ինձ։ Այդ մարդը մի տեսակ հանելուկ է ինձ համար։ Ես շատ կցանկանայի, որ մեկ անգամ ևս տեսնեի և խոսեի նրա հետ։ Իբրև մուրացկան նա նույն բարի և առաքինի մարդը երևաց ինձ, որպես էր առաջ։ Դու տեսար, ի՛նչպես կարեկցությամբ մոտեցավ նա դատապարտյալների խումբին, ի՛նչպես բաժանեց մեզ իր հավաքած գրոշները, ասելով. «Դուք ավելի թշվառ եք, քան թե ես»...
Ես դարձյալ գաղտնիք պահեցի խորհրդավոր մուրացկանի մասին, այսքանը միայն ասելով իմ լավ ընկերին,
– Գուցե մյուս անգամ ևս կտեսնեք... այդ մարդը շուտով չի հեռանա այստեղից...
Ես հավատում էի, բոլորը հավատում էի, ինչ որ պատմում էր ավազակապետը։ Քավոր Պետրոսը այն տեսակ առասպելական արարածներից էր, որ ընդունակ էր հրեշտակից սատանա լինել, իսկ սատանայից՝ հրեշտակ։ Թե բարին և թե չարը նրա մեջ միևնույն ուժով էին գործում։ Միայն հանգամանքներից էր կախված, թե ե՞րբ կամ ի՞նչ դեպքում պետք էր ո՛րը գործ դնել։ Նա աշխարհի մարդ էր, գիտեր, թե ի՛նչպես պետք է վարվել աշխարհի հետ։ Ես ինքս վկա էի եղել գործերի, որոնց մեջ նա ցույց էր տվել թե իր վերին աստիճանի առաքինությունը և թե իր վերին աստիճանի անգթությունը։ Ես տեսել էի նրան բարեսիրտ, որպես աղավնի, և նենգավոր, որպես օձ։ Այդ մարդը, որի հետ տարիներով ապրել էի, գործել էի, ինձ համար ևս մնացել էր որպես մի մթիՆ հանելուկ։ Ես հասկանալ չէի կարողանում, թե ի՛նչպես չարն ու բարին, առանց
միմյանց հետ հակառակելու, հաշտվում էին նրա մեջ։ Բայց հավատացած էի, որ նա ամենայն անկեղծությամբ, ամեն տեսակ զոհաբերություններ հանձն առնելով, եկել էր ինձ ազատելու իմ թշվառ դրությունից։ Բայց ես կարո՞ղ էի կրկին անձնատուր լինել մի մարդու, որը որքան բարի էր, նույնքան ևս չար էր, Այդ հարցը դարձյալ մնաց իմ սրտում անվճիռ։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.