Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 5 (всего у книги 22 страниц)
Ե. ՓՈՔՐԻԿ ՄԱՔՍԱՆԵՆԳԸ
Մեր ճանապարհորդության չորրորդ օրը հասանք Թաբրիզ քաղաքը, իջևանեցինք հայոց եկեղեցու բակում։
– Այժմ պետք է մտածել փողի մասին... – Ասաց քավոր Պետրոսը, և կիրակի օրը վաղ առավոտյան, ինձ իր հետ առնելով, սկսեցինք գնալ եկեղեցու երեսփոխանի տունը։
– Այնտեղ կարո՞ղ եմ խոսել, թե դարձյալ պետք է խուլումունջ ձևանամ և թաքցնեմ իմ հայությունը, – Հարցրի ես քավոր Պետրոսից։
– Կարող ես խոսել, – պատասխանեց նա ժպտալով. – և լավ հայ պիտի ձևանաս։
Բայց իմ խոսելը պետք չեղավ, որովհետև քավոր Պետրոսր ինձ ներս չտարավ երեսփոխանի մոտ, այլ հրամայեց սպասել դրսում, իսկ ինքը միայնակ ներս մտավ։ Չգիտեմ ի՞նչ խոսեց նրա հետ, ի՞նչ ասաց, միայն այդքանը հիշում եմ, որ այն օր եկեղեցում քահանան մեր մասին ժողովրդին «ծանուցումը արեց, որի մեջ հայտնեց այն միտքը, թե մենք Մուշի երկրից ենք եկել, թե մեր կնիկներր, զավակները «անհավատների» ձեռքում գերի են ընկած, այժմ բարեպաշտ քրիստոնյաներից ողորմություն ենք հավաքում, որ տանենք տանք «անհավատներին» և մեր գերիներին ազատենք, և այլն։ «Դարձյալ խաբեբայությո՜ւն»... մտածեցի ես խորին վրդովմունքով։
Որքան էլ սուտ լինեին այդ խոսքերը, այսուամենայնիվ, ժողովրդի վրա խորին տպավորություն գործեցին։ Տեր հայրը այնպիսի ազդու եղանակով նկարագրեց մեր գերիների ողբալի դրությունը, որ բոլոր լսողների մեջ ցավակցություն շարժեց» Քարոզից հետո եկեղեցում գանձանակ ման ածեցին և մեզ համար փող հավաքեցին։ Իսկ մենք մուրացկանի նման, գլուխներս ծռած, կանգնած էինք եկեղեցու դռան մոտ. քավոր Պետրոսը աջ կողմում, իսկ ես ձախ կողմում։ ժամավորները դուրս գալու միջոցին ձգում էին մեզ սև փողեր։ Այդ առաջին անգամն էր, որ ես, քավոր Պետրոսի հորդորանքով, ստիպված էի ձեռքս մեկնել և ողորմություն խնդրեի.. Ամոթը խեղդում էր ինձ։ Որքան ցածությո՜ւն էր։ Խաբե՛լ և մուրալ...
Այն օրը ես խելագարի նման էի և միշտ լաց էի լինում։ Բայց քավոր Պետրոսը մխիթարում էր ինձ, ասելով, «Ղարիբի երեսը սև կլինի, իսկ ջիբը՝ լիքը»...
Մյուս օրը մենք արդեն փող ունեինք։ Մեր ամենահարկավոր գնելիքը արտասահման գնալու համար՝ էր անցագիրը։
– Գիտե՞ս, Մուրադ, – Ասաց ինձ քավոր Պետրոսը, –օտարության մեջ հաջողակ կերպով թափառելու համար ավելի լավ է մտնել ուրիշի մորթիի մեջ։
Ես ոչինչ չհասկացա։ Նա բացատրեց.
– Պետք է անունդ, ազգանունդ, ծնած տեղդ, պարապմունքիդ անունը, բոլորը փոխես։
Ես ապշած մնացի։ Նա շարունակեց.
– Քո անունը այսուհետև Մուրադ չէ, դու կոչվում ես Ամբրոսիոս։ Քո պարապմունքը, քո արհեստը դարբնություն չէ, դու այսուհետև եկեղեցու պաշտոնյա ես, դու սարկավագ ես։ Քո ծնված տեղը Սալմաստը չէ, դու երուսաղեմացի ես։ – Եվ ուրիշ այսպիսի շատ բաներ ասաց նա, թե ի՜նչ էի ես և ի՜նչ պիտի լինեմ այնուհետև, բայց ես չթողեցի նրան վերջացնել, ընդհատեցի նրա խոսքը, հարցնելով.
– Լա՛վ, ի՞նչպես կարող եմ սարկավագ լինել, որ ամենևին կարդալ չգիտեմ և երբեք եկեղեցում չեմ երգել։
– Այդ միևնույն է, – պատասխանեց նա արհամարհանքով.– քեզ ինչ որ ասում են, այն լսի՛ր։
– Իսկ քո անունը և կոչումը ի՞նչ պիտի լինի։
– Իմ անունը Անտոնիոս է, ես հույն աբեղա եմ և Երուսաղեմի վանքի միաբան։
– Ե՞ս էլ հույն եմ։
– Դու էլ հույն ես։
Դարձյալ ազգուրացություն...
Ես չհակառակեցի։ Ես հավատացի նրան, որ օտարության մեշ թափառելու համար այդ բոլոր պայմանները անհրաժեշտ էին։ Այն օր թուրքաց հյուպատոսից անցագրեր ստացանք միևնույն անուններով, որ մեր մեջ որոշել էինք։ Բայց զարմանալին այն էր, որ քավոր Պետրոսը հենց առաջուց ուներ իր մոտ երկու անցագրեր միևնույն անուններով, միայն հնացել էին, ժամանակները անցել էր։ Նա տարավ հյուպատոսի մոտ և նորը ստացավ։
Բայց քավոր Պետրոսը հիշյալ երկու անցագրով չբավականացավ։ Նա աշխատում էր ձեռք բերել զանազան անցագրեր զանազան անուններով և այլևայլ պարապմունքներով։. Թաբրիզում, Ատրպատականի այդ մեծ մայրաքաղաքում, այդ բոլորը հնարավոր էր։ Այնտեղ կային եվրոպական պետությունների բոլոր ներկայացուցիչները, որոնցից կարելի էր անցագրեր ստանալ։ Այնտեղ կային այլևայլ պետության հպատակներ, որոնք պարապում էին զանազան գործերով, որոնք կարող էին իրանց անուններով անցագրեր վեր առնել, տալ ուրիշներին, որ ուրիշները նրանցից օգուտ քաղեին, իսկ իրանք դարձյալ կմնային Թաբրիզում։ Բայց քավոր Պետրոսը գնեց մեծ քանակությամբ պարսկական անցագրեր։ Դրանք վաճառվում էին այնպես, ինչպես վաճառվում են տերության դրոշմավոր թղթերը։ Բավական էր ուղարկել պատահած մարդու ձեռքով անունների մի ցուցակ (իհարկե, նշանակելով յուրաքանչյուր անունի ներքո տարիքը, հասակը, դեմքը և այլն), և նա կտաներ թեսքիրաջիի մոտ և նույն անունների համեմատ կգներ զանազան անցագրեր։ Թեսքիրաջ|ւ կռչում էին անցագրերի կապալառուին։
Չնայելով, որ քավոր Պետրոսը մի քանի օր առաջ իբրև մուրացկան կանգնած էր հայոց եկեղեցու դռանը և ձեռքը մեկնում էր ամեն մի անցնողին, բայց երևում էր, որ նա առաջուց ուներ իր մոտ մի փոքրիկ գումար։ Նա գնեց մեծ քանակությամբ զանազան տեսակ անցագրեր։ Ես զարմանում էի, թե ի՞նչ նպատակի կարող էին ծառայել դրանք։ Մեզ բավական էր երկուսը միայն, և ունեինք արդեն, իսկ մնացածները ո՞ւմ համար էին։ Երբ հարցրի նրանից, նա ինձ ոչինչ չպատասխանեց։ Մեկի վրա գրված էր՝ «սպահանցի ակնաբույժ Հաջի-Աբդուլ-Հուսեին-Ղուլի-էֆենդի». մի ուրիշի վրա գրված էր՝ «խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ Ղուլի-Աղա»։ Բայց ինձ շատ չէին հետաքրքրում այդ զանազան անունները, ինձ գրավեց մի այլ բան։
Մի օր քավոր Պետրոսը, ինձ իր հետ առնելով, գնացինք Թաբրիզի բազարը։ Այնտեղ գնեց նա զանազան տեսակի էժանագին իրեղեններ, որպիսին են թել, ասեղ, հասարակ մատանիներ, ապակուց շինած գույնզգույն հուլուններ, երեխաների խաղալիքներ, կանանց երեսը ներկելու դեղեր և այլ այս տեսակ վաճառքներ։ Այդ բոլորը այնպես փայլուն և խայտաճամուկ կերպով պատրաստված էին, որպես գիտե եվրոպացին ասիական ազգերի ճաշակին իր վաճառքները հարմարացնել։
Ամբողջ մթերքը եղավ մի փոքրիկ արկղիկ, բացի դրանից, քավոր Պետրոսը գնեց մի պարկի մեջ բավական մաստաք։ Այդ ամենը շալակած ես հասցրի մեր իջևանը, որ եկեղեցու բակումն էր։
Նույն օրվա գիշերը նա ասաց ինձ.
– Մուրադ, այն գումարը, որ եկեղեցում հավաքվեցավ մեր գերիների փրկության համար, ես բոլորը քեզ եմ ընծայում, թե՛ իմ մասը և թե քո մասը։ Այդ գումարով ես գնեցի այն իրեղենները, որ դու այսօր բազարից տուն բերեցիր։
Այդ իրեղենների վրա դու պիտի փորձես քո բախտը, թե ո՛րքան կհաջողվի քեզ առևտրական գործունեությունը։
Ես զարմացա քավոր Պետրոսի առատաձեռնության վրա։
– Ես երբեք վաճառականություն չեմ արել, – Ասեցի նրան։
– Կսովորես... – Ասաց նա և հրամայեց բերել մեր ավանակների փալանները։
Իսկույն վազեցի ախոռատունը և բերեցի փալանները։ Ես մինչև այսօր չեմ կարող զսպել իմ ծիծաղը, թե որպիսի խորամանկությամբ այդ հին մաքսանենգը սովորեցրեց ինձ, թե ո՛րպես պետք էր զանազան վաճառքներ փախցնել մաքսատնից։ Նա իմ ավանակի փալանի միջի եղած հարդը դուրս հանեց, և ինձ համար գնած իրեղենները մի այնպիսի ճարտարությամբ դարսեց հարդի տեղը, որ մաքսատան ամենա հմուտ ծառայողն անգամ չէր կարող երևակայել, որ նրա մեջ կարող էին գտնվել թաքցրած ապրանքներ։ Բայց իր ավանակի փալանի մեջ թաքցրեց նա ուրիշ իրեղեններ, որ ես տեսնել չկարողացա...
Մյուս օրը առավոտյան մենք թողեցինք Թաբրիզը; Չորրորդ օրը հասանք Երասխ գետին, որ բաժանում էր պարսից հողը Ռուսաստանից։ Մենք պետք է անցնեինք պուլֆայի կարանտինից, որ ռուսաց հողի վրա էր գտնվում։ Այստեղ էր և ռուսաց մաքսատունը։
Քավոր Պետրոսը տեսավ մի քանի պարսկաստանցի աղքատ հայեր, որոնք նույնպես կամենում էին անցնել սահմանը, բայց անցագիր չունենալու համար մնացել էին պարսից հողի վրա։
– Ուր պիտի գնաք, – Հարցրեց նրանցից քավոր Պետրոսը։
– Գնում ենք Նախիջևանի, Երևանի կողմերը, – պատասխանեցին նրանք։
– Ի՞նչ գործով։
– Մշակություն անելու։
– Ապա ինչու եք մնացել այստեղ։
– Անցագրի փող չունենք։
Քավոր Պետրոսը ասաց, թե ինքը ունի մի քանի ավելորդ անցագրեր, կտա նրանց, միայն այն պայմանով, որ սահմանը անցնելուց հետո կրկին ետ դարձնեն իրան։
– Մեր դժվարությունը սահմանը անցնելն է, – պատասխանեցին նրանք, – Այնուհետև ի՞նչ պետք է մեզ անցագիրը։
Քավոր Պետրոսը տվեց նրանց յուրաքանչյուրին մի– Մի անցագիր, և մենք միասին անցանք Երասխ գետը։
Կարանտինի մաքսատնում, բացի մեր անցագրերին նայելը և ձեռք քաշելը, ուրիշ բան չեղավ։ Մեր ավանակների փալանների վրա ուշադրություն անգամ չդարձրին։
Մենք անցանք Երասխը առավոտյան և նույն օրվա երեկոյան պահուն հասանք Նախիջևան քաղաքը։ Մեզ հետ եկած մշակները մեծ շնորհակալությամբ ետ դարձրին քավոր Պետրոսից ստացած անցագրերը։ Եվ իրավ, այնուհետև նրանք անցագրի պետք չունեին, որովհետև պիտի գնային Պարսկաստանից գաղթած իրանց ազգայինների մոտ և մշակություն անեին։
Բայց ինձ զարմացնում էր մի բան. քավոր Պետրոսը այն տեսակ մարդկանցից չէր, որ առանց նպատակի մի գործ կատարեր, ուրեմն ի՞նչ խորհուրդ կարող էր ունենալ մշակներին անցագիր տալը։ Ավելորդ էր մտածել, թե նրանց վրա խղճաց և կամեցավ օգնել նրանց։ Երբ այդ մասին հարցրի, նա պատասխանեց.
– Ինձ պետք էր, որ այդ անցագրերի վրա լիներ մաքսատան կնիքը և ստորագրությունը։
– Դուք ինքներդ կարող էիք ներկայացնել, որ կնքեին և ստորագրեին։
– Բանը նրանումն է, որ ես չէի կարող, մի մարդ կարող է միայն մեկ անցագիր ներկայացնել։
– Բայց ի՞նչ հարկավոր է անպատճառ մաքսատան ստորագրությունը կամ կնիքը։
– Դա շատ հարկավոր է, դա նշանակում է, որ անցագրի տերը սահմանից անցնելու ժամանակ հայտնվել է, որտեղ որ հարկն է։
– Եվ դուք մշակներից օգուտ քաղեցիք։
– Նրանք ինձանից օգուտ քաղեցին, իսկ ես՝ նրանցից։
Ես դարձյալ չհասկացա այդ բոլոր ձեռնածության նպատակը։ Քավոր Պետրոսը իմ հետաքրքրությունը հանգստացրեց նրանով, որ ասաց, թե հետո կհասկանամ, երբ շատ բան կսովորեմ։
Նախիջևանում երկար չմնացինք։ Մենք իջևանել էինք մի կեղտոտ քարվանսարայում։ Հենց առաջին գիշերը քավոր Պետրոսը հրամայեց ինձ դուրս բերել իմ ավանակի փալանի մեջ թաքցրած վաճառքը։
Երբ ամենը դուրս բերեցի, նա ասաց ինձ բավական փաղաքշական եղանակով.
– Այդ բոլորը քեզ է պատկանում, իմ փոքրիկ մաքսանենգ, առավոտյան միմանրավաճառ կբերեմ, և բոլորը մի անգամից կծախենք։
Ես երբեք այնքան ուրախ չեմ եղել, որպես այն գիշեր։ Մեծ անհամբերությամբ սպասում էի, մինչև առավոտը լուսանար և մաքսատնից փախցրած իմ մթերքը վաճառվեր։ Արևը այն առավոտ ծագեց ինձ համար որպես մի ավետաբեր հրեշտակ։ Քավոր Պետրոսը վաղուց գնացել էր փողոց՝ գնող հրավիրելու։ Վերջապես բերեց մի հայ մանրավաճառի։ Բավական խոսեցին, բավական բազար արեցին, հետո բարիշեցան։ Մանրավաճառր համբարեց արծաթը և մթերքը առնելով հեռացավ։ Քավոր Պետրոսը փողերը ինձ տվեց, ասելով.
– Բախտդ հաջողակ է. մի հարյուրին երկու հարյուր վաստակ ունեցար։
Ես ուրախությամբ ընդունեցի փողերը և լցրեցի այն քսակի մեջ, որ ստացել էի Սառայից որպես հիշատակ։ Այդ փողերը ինձ տալով, քավոր Պետրոսը վարվեցավ ինձ հետ նույն վարպետությամբ, որպես վարվում է խորամանկ որսորդը իր անփորձ, դեռևս որսորդության չսովորած շան հետ։ նոր սովորող շան առաջին որսը տալիս է իրան ուտելու, որպեսզի նա ավելի քաջալերվի, ավելի վստահություն ստանա., Բայց նրա ավանակի փալանի մեջ թաքցրած մթերքը ես չտեսա, թե ուր տարավ, կամ ինչ արեց...
Նույն օրը մենք դուրս եկանք Նախիջևանից և գնացինք Թումբուլ գյուղը։ Նախիջևանը կանգնած է մի բարձրավանդակի վրա, իսկ Թումբուլը գտնվում է համարյա նրա ստորոտում։
Մտնելով այդ գյուղը, ինձ թվում էր, թե իսկապես մեր գյուղումն եմ գտնվում։ Ոչինչ զանազանություն չկար։ Ես տեսնում էի տների նույն ձևը, որպես մեր գյուղումն էր, մարդկանց նույն բարբառը, նույն լեզուն, նույն ուրախ և անհոգ դեմքերը։ Հագուստների ձևն անգամ չէր փոխվել, բոլորը նույնն էր։ Քավոր Պետրոսը ինձ ասաց, թե դրանք մեր գյուղացիներ են. ռուս-պարսկական 26 թվի պատերազմից հետո գաղթեցին և եկան հիմնեցին այդ գյուղը։
Թումբուլցիք չէին փոխել և՛ իրանց կենցաղավարության եղանակը, և՜ իրանց պարապմունքները։ Դրանց էլ այս կողմերում կոչում էին «խաչագողներ»... Նոր երկիրը չուղղեց նրանց, նրանք պահպանեցին այն բոլոր հատկությունները, ինչ որ բերել էին իրանց հետ Պարսկաստանից,»
Ուղիղ տասը տարի էր անցել այն օրից, որ Թումբուլցիք գաղթել էին Պարսկաստանի՜ց։ Մի այսպիսի փոքր ժամանակում իրանց գյուղը դրախտ էին դարձրել։ Քավոր Պետրոսին ամենքր ճանաչում էին, իսկ ինձ ճանաչեցին հորս անունով։ Այս տեղ գտնվեցան ինձ ազգականներ, որոնց թվումն էր իմ մորաքույրը։ Մայրս շատ անգամ խոսացել էր ինձ իր քրոջ մասին և միշտ մեծ կարոտությամբ էր հիշում նրան։ Քավոր Պետրոսը ինձ տարավ նրանց տուն։ Երբ մորաքույրս դուրս եկավ մեզ ընդունելու, քավոր Պետրոսը, ինձ ցույց տալով, ասաց նրան.
– Ես չեմ ասի, թե ով է, տեսնեմ կճանաչե՞ս։
Մորաքույրս նայեց իմ վրա և խորին հրճվանքով գրկեց ինձ բացականչելով.
– Ի՞նչպես չճանաչեմ... իմ Մուրադն է...
Նա երկար անմռունչ մնաց իմ կուրծքի վրա։
Եթե կանայք չլինեին, ես կարող էի համարձակ ասել, որ «խաչագողների» մեջ մարդկային սիրտ չկա։ Դրանց մոտ էր պահպանվել այն աստվածային ավանդը, որ կրում է իր մեջ բոլորը, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, ինչ որ առաքինական է։ Դրանք սիրտ ունեին։
Մորաքույրս շատ նման էր մորս, կարծես մի ձու լինեին մեջտեղից կես կիսած։ Նա տեսել էր յոթ տարեկան հասակում, այն օրից անցել էր ամբողչ տասը տարի, և իմ պատկերը մնացել էր նրա հոգու մեջ անմոռանալի։ Ես չեմ կարող նկարագրել այն սրտաշարժ տեսարանը իր ամբողջ հոգեբանական բնավորությամբ, թե որպիսի հիացմունքով ընդունեց նա ինձ։ Ամբողջ ժամերով նայում էր իմ վրա, գրկում էր, համբուրում էր և ուրախանում։ «Իմ քույրը այժմ անբախտ չէ, ասում էր նա, որ ունի քեզ պես սիրուն տղա»։
Քավոր Պետրոսը ինձ թողնելով մորաքրոջս տանը, ինքը հեռացավ, հայտնելով, թե մի քանի մարդկանց հետ գործեր ունի, պետք է վերջացնի։
Թումբուլցոց հյուրասիրությունը մեծ հռչակ է ստացել։ Երեք օր մեզ պահեցին այնտեղ, անդադար մի տնից մյուսը ման էին ածում; Ամեն տեղ սփռված էր հացի սեղանը, ամեն տեղ կերուխումով և ուրախությամբ էինք անցկացնում։
Այդ խնջույքները ինձ հիշեցնում էին միևնույն զվարճությունները, որ կատարվում էին մեր գյուղում։ Այստեղ ևս, երբ հրավիրյալների գլուխները տաքանում էին, սկսում էին մի առանձին պարծանքով պատմել իրանց քաջագործությունները զանազան երկրներում։ Նրանք հիշում էին այնպիսի երկրների, այնպիսի քաղաքների և այնպիսի ազգերի անուններ, որ ես բնավ չէի լսեր Կարծես թե, այդ մարդիկը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը արշավել էին։ Քավոր Պետրոսը բոլոր ժամանակը լուռ էր մնում։ Նա լսում էր նրանց արկածների պատմությունը խորին սառնասրտությամբ, որպես մի հսկա, որ լսում է գաճաճների դատարկախոսությունը իրանց քաջագործությունների մասին և ժպտում է միայն։
Գիշերները ես անց էի կացնում մորաքրոջս տանը։ Նա երկար նստած իմ անկողնի մոտ՝ չէր թողնում ինձ քնել, անղադար խոսում էր, հարցնում էր Սավրայի մասին։ Հայրենիքի սերը դեռ մնացել էր նրա սրտում անմոռանալի։ Նա դեռ հիշում էր բոլոր արտերը, այդիները, պարտեզները, մինչև անգամ նշանավոր ծառերը մեր գյուղի։ Հարցնում էր սուրբ Հովհաննու մատուռի ուխտագնացության մասին, պատմում էր, թե իր ժամանակում որպիսի բազմությամբ էր կատարվում նրա տոնախմբությունը։ Խոսում էր կնիկների, աղջիկների սովորույթների մասին, թե ի՜նչ խաղեր էին խաղում, թե ո՜րպիսի հանդեսներ էին կատարում, երբ ուխտ էին գնում։ Հայրենական երկրի, հայրենական կյանքի բոլոր սիրելի պատկերները կենդանի մնացած էին նրա հիշողության մեջ:
Հազար անգամ հարցնում էր մեր ընտանիքի մասին միևնույն բաները, և նրա հարցասիրությունը չէր հագենում։ «Մորդ ծամերը խո չե՞ն սպիտակել», «Քույրերդ ո՞րքան են մեծացել», «Հիմա Նազլուն մարդու գնալու աղջիկ կլինի», «Ձեր սպիտակ Վանի կատուն մնո՞ւմ է», «Հիմա ո՞րտեղ եք պահում ձեր չորացրած մրգեղենները», «Քանի կով ունեք, օրական ո՞րքան կաթ են տալիս», «Ո՞վ է կթում կովերը, ո՞վ է թխում հացը», «Ձեր հարևան պառավ Գոզեն մնո՞ւմ է»։ «Մայրդ ի՞նչ գույնով քող է կրում. քույրերդ ի՞նչ ճոթից հագուստ են հագնում» և այլն։
Ես նրա հարցերին գոհացուցիչ պատասխան էի տալիս, իհարկե չէի ասում,թե ֆերրաշները մեր տունը այնպես դատարվել են, որ ոչ կով է մնացել և ոչ Վանի կատու...
Բայց այն գհշերը, որի առավոտը ես պիտի ճանապարհ ընկնեի, նա ավելի խրատներ էր տալիս ինձ, քան թե բաներ էր հարցնում։ «Գնա, Մուրադ, – ասում էր, – սուրբ աստվածածինը թո՛ղ բարի ճանապարհ տա քեզ, գնա երկրե երկիր ման արի, փող աշխատիր և բարձրացրո՛ւ հորդ անունը։ Քո հայրը անհայտության մեջ կորավ, հիմա դու ես մնացել քո հոր տան միակ սյունը։ Մորդ, քույրերիդ, բարեկամներիդ հույսերը քեզ վրա են դրված։ Դու պետք է բոլորին ուրախացնես, դու պետք է բոլորին մխիթարես»...
Ես հավատացած եմ, եթե մորաքույրս գիտենար, թե «խաչագողները» ի՞նչ միջոցներով են փող աշխատում, նա երբեք ինձ խորհուրդ չէր տա, որ ես օտար աշխարհ գնայի և նրանց հետ թափառեի։ Բայց նա չէր իմանում... ես նույնպես չէի իմանում...
Քավոր Պետրոսին խիստ սակավ էի տեսնում։ Նա ինչ-որ պատրաստություններով զբաղված էր։ Թումբուլը մի նշանավոր կայարան էր Պարսկաստանի «խաչագողների» համար, որտեղից վեր էին առնում իրանց գործունեության համար պետք եղած բոլոր պարագայքը, ինչ որ իրանց պակաս էր։ Բայց ես քավոր Պետրոսի վերաբերությամբ տակավին այդ կարծիքը չունեի»
Նա մի առավոտ բերեց իր հետ մի թուրք և վաճառեց իմ ավանակը։ Ճշմարիտն ասած, ինձ խիստ զգալի էր բաժանվել իմ խոնարհ և. հավատարիմ ընկերից, որ այնքան ժամանակ ճանապարհորդել էր ինձ հետ և ամենայն հոժարությամբ կրել էր իմ ծանրությունները։ Բայց քավոր Պետրոսը հանգստացրեց ինձ, ասելով.
– Ավանակի փողը այն փողերի հետ, որ դու վաստակեցիր քո վաճառքներից, պիտի ուղարկես մորդ, դու գիտես, որ նա իր մի հատիկ կովը ծախեց և գնեց քեզ համար այդ ավանւսկը։
– Այդ ես գիտեմ։ Բայց դրանից հետո ինչով կարող եմ շարունակել ճանապարհորդությունը։
– Դու կնստես մի փառավոր կառքի մեջ։
Ես զարմացա։ Բայց իմ զարմանքը երկար չտևեց։ Քանի րոպեից հետո մի գեղեցիկ ճանապարհորդական կառք կանգնեց մորաքրոջս ղռանը։ Երկու ուժեղ սև ձիաներ լծած էին կառքին։ Թումբուլցիք ունեին կառքեր, ունեին լավ ձիաներ, որ բերում էին իրանց հետ, երբ վերադառնում էին Ռուսաստանից։ Երբ իրանց պետք չէին, վաճառում էին։ Քավոր Պետրոսը այդ կառքը և ձիաները գնել էր մի «խաչագողից», որ նոր էր վերադարձել պանդխտությունից։
Կառքի մեջ տեղավորված էին զանազան մեծ և փոքր արկղներ։ Ի՞նչ կար նրանց մեջ, ես չգիտեի։ Միայն քավոր Պետրոսը տվեց ինձ մի ձեռք լավ հագուստ, մի զույգ ուղևորի կոշիկներ և հրամայեց հագուստս փոխել։ Այդ նորաձև հագուստին ես բոլորովին անսովոր էի. մորաքույրս օգնեց ինձ հագնելու։ Քավոր Պետրոսը նույնպես փոխել էր այն ցնցոտիները, որոնցով մի քանե օր առաջ մուրացկանի պես կանգնած Թաբրիզի եկեղեցու դռանը՝ ողորմություն էր ընդունում։ Այժմ մեր հագուստը բոլորովին համապատշաճ էր այն փառավոր կառքին, որի մեջ պիտի նստեինք։
Մորաքուքրս տվեց ինձ մի նամակ, խնդրեց, որ հասցնեմ իր ամուսնին։ Նրա ամուսինը պանդխտության մեջ էր։ Նամակի վրա միայն գրած էր ամուսնու անունը և ազգանունը քաղաքի անուն չկար։ «Խաչագողները» միշտ այսպես են գրում իրանց պանդուխտների հասցեները, որովհետև չգիտեն, թե ո՛րտեղ են գտնվում նրանք։ նամակատարը պահում է իր մոտ նամակը, եթե մի տեղում կհանղիպե պանդուխտին, կտա։ Բաւց խիստ հազիվ էր պատահում, որ նամակները տեղ հասնեին, կա՛մ տանողն էր կորչում, կամ ստացողը վաղուց արդեն կորած էր լինում...
Ավանակներով մտանք Թումբուլ և դուրս եկանք այնտեղից կառքով։ Դա ի՞նչ հրաշք էր...
Ժամատան դռանը քավոր Պետրոսի ծանոթները սպասում էին, որ մեզ ճանապարհ դնեն։ Մորաքույրս իր երեխաների հետ եկավ մինչև գյուղից դուրսը։ Ամեն կողմից թափվում էին բարեմաղթություններ, ամեն բերան ցանկանում էր մեզ բարի ճանապարհ և բախտավոր վերադարձ։
Վերջապես հայտնվեցավ քահանան, կարդաց «Տե՛ր, ուղղյազճանապարհս խաղաղությամբ» աղոթքը, և մեր կառքը շարժվեցավ...
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Ա. ԵՐՈԻՍԱՂԵՄԻ ՆՎԻՐԱԿԸ
1840 թվականն էր։
Անցել էր հինգ տարի այն օրից, որ մենք թողեցինք Պարսկաստանը։
Ռուսաստանի հյուսիսային, հեռավոր գավառներից մեկում, անապատի մեջ ցրված գյուղերի միջով, անցնում էր մի ծածկված կառք։ Հինգ միագույն ուժեղ ձիաներ տանում էին նրան։
Այդ կառքը, այնպես ծածկված, անցել էր շատ նահանգներ, շատ գավառներ և ամեն տեղ, որտեղ հայտնվել էր նա, ժողովուրդը խորին ջերմեռանդությամբ հանդիպել էր նրան և նրա փոշին սրծել էր իր համբույրներով։ Այժմ կառքը շարժվում էր դեպի մի մեծ գյուղ, որ չորս վերստ հեռավորության վրա էր; ճանապարհի ամբողջ երկարությունը, որ տանում էր դեպի հիշյալ գյուղ, պատած էր մարդիկներով։ Ծեր, մանուկ, այր և կին կոխ էին տալիս միմյանց, առաջ էին մղվում, որ տեսնեն անցորդին։ Բայց անցորդը չէր երևում, ծածկված կառքի լուսամուտների վարագույրներն անգամ ցած էին թողած։
Կառապանի տեղը նստած էր և կառավարում էր ձիաները մի աբիսինիացի խափշիկ՝ նիհար դեմքով և բաց ղահվեի գույնով։ Սառը հյուսիսը կարծես փոքր-ինչ փոխել էր տաք աշխարհի որդու բնական գույնը և խլել էր նրա սևությունը։
Կառքի ետևում նստած էր մի երիտասարդ արևելյան թուխ դեմքով և երկայն, գանգրահեր մազերով։ Այդ մազերը սև սաթի նման փայլում էին։ Նրա ամբողջ հագուստը նույնպիսի սև գույն ուներ, որպես գլխի մազերը։ Պատրաստված էր կոշտ բուրդից։ Այսպիսի հագուստ արևելքում կրում են անապատական աբեղաները միայն, որոնք աշխարհ չեն մտնում, մարդկանց երես չեն տեսնում, այլ, առանձնացած իրանց խցիկներում, աղոթում են կամ սուրբ գրքեր կարդում։
Կառքի մեջ նստած էր մի անձնավորություն միայն։ Նրան ոչ ոք չէր տեսնում։
Երբ կառքը մոտեցավ գյուղին, սկսեցին զանգակները հարկանել։ Այդ ժամանակ միայն կառքի փոքրիկ լուսամուտների վարագույրները բարձրացան, և աջ կողմի լուսամուտը բացվեցավ։ Այստեղից դուրս պարզվեցավ մի ձեռք և սկսեց խաչակնքել և օրհնություն տալ ամբոխին։
Ձեռքի երեսը և բազուկը (որ բոլորովին մերկ էր) դրոշմված էին մուգ կապտագույն նկարներով, որոնք ներկայացնում էին սերովբեներ, քերովբեներ և մի վանքի պատկերը, զարդարված խաչերով։ Մուժիկները մոտենում էին և ջերմեռանդությամբ համբուրում էին այդ խորհրդավոր ձեռքը։ Նրա շագանակի գույն ունեցող կաշուց երևում էր, որ կրողը ծնվել է տաք կլիմայի տակ, ուր մարդկանց կաշին արևի ջերմության ներքո կորցնում է իր սպիտակությունը։
Կառքը մտավ գյուղը։
Այդ կառքը ամեն գյուղ, ամեն փոքրիկ քաղաք, ուր որ հասնում էր, կանգնում էր կա՛մ եկեղեցու դռանը, եթե այնտեղ կար հարմար իջևան, կա՛մ հոգևոր առաջնորդի դռանը և կամ ավագ քահանաների դռանը։ Նա իրան հեռու էր պահում աշխարհականների բնակարաններից։ իսկ այսօր նրան ընդունելու համար պատրաստված էր գյուղի հարուստ կալվածատիրոջ տունը։
Կառքը դանդաղ էր շարժվում։ Ուժեղ ձիաները, հակառակ իրանց կամքի, գնում էին համընթաց քայլով։ Որովհետև նրանք իրանց ընթացքը պիտի հարմարեցնեին ահագին ամբոխի շարժման հետ, որ շրջապատել էր կառքը։ Երևում էր, այդ խելացի անասունները այնքան սովորած էին այդպիսի բազմության, որ բնավ չէին խրտչում, այլ մի առանձին կամակատարությամբ այնքան կամաց էին գնում, որ ամբոխը որքան կամենում է նայե և բավականացնե իր փափագը։
Փողոցները, տների լուսամուտները բռնված էին մարդիկներով։ Կնիկները, իրանց երեխաներին գրկած, անց էին կենում ձիաների երասանակների տակով։ Շատերը փորձում էին անիվների տակով անցնել։
Կառքը կանգնեց գյուղի կալվածատիրոջ տան դռանը։ Նրա ետևում նստած գանգրահեր երիտասարդը ցած ցատկեց և, շուտով բաց անելով նրա դռնակը, օգնեց նստողին դուրս գալու։ Գյուղի երկու քահանաները և կալվածատեր պարոնը մտան սրբազան հյուրի թևքերի տակը և համարյա ձեռքերի վրա նրան ներս տարան։
Թեև երեկո էր, բայց տակավին բավական լույս կար։ Այսուամենայնիվ, բազմությունը դարձյալ զուրկ մնաց նրա դեմքը տեսնելուց։ Որովհետև երեսի վրա ձգած ուներ մի տեսակ խիստ օտարոտի քող, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը։
Երբ նրան ներս տարան իր համար հատկապես պատրաստված սենյակը, երեսի քողը վեր առեց։ Հայտնվեցավ մի պատկառելի դեմք փառահեղ սպիտակ մորուքով, երկայն ալեխառն մազերով։ Արդարությունը, հոգևոր խաղաղությունը, լուսավորված ջերմ հավատքով, դուրս էին ցոլանում նրա երեսի մեղմ գծերից։
Տունը գեղեցիկ կերպով զարդարված էր։ Նրա տերերը այն տեսակ ազնվականներից էին, որոնք իրանց կյանքի առույգ տարիները մայրաքաղաքների զեխության, շռայլության և անբարոյական շվայտությունների մեջ մաշում են, սպառում են և, երբ մոտենում են գերեզմանին, այնուհետև հոգնած, ձանձրացած, վերադառնում են դեպի հեռավոր գավառը և անձնատուր են լինում կրոնական բարեպաշտության։
Առանձնանալով մի հեռավոր գյուղի խուլ անկյունում, այդ տեսակ մարդիկ չեն զլանում, հին հիշողությունները պահպանելու համար, շրջապատել իրանց այն զարդարանքներով, այն խայտաճամուկ առարկաներով, որոնց մեջ մի ժամանակ լողում էին։ Այդպես զարդարված էր և հիշյալ կալվածատիրոջ տունը։
Մի գեղեցիկ դիվան, պատած մանիշակագույն ատլասով, սպասում էր, որ հարգելի հյուրը նստեր նրա վրա։ Երբ տան տերը հրավիրեց նստել, հարգելի հյուրը կանգ առեց գեղեցիկ դիվանի առջև և, մի տեսակ զարմացական հայացք ձգելով նրա վրա, արտասանեց այդ խոսքերը.
– Մեր տեր Հիսուս Քրիստոսը Բեթղեհեմի մսուրի մեջ ծնվեցավ և առաջին անգամ աղքատ, խղճուկ հովիվների հետ տեսնվեցավ։ Այնուհետև շատ գիշերներ անց էր կացնում բացօթյա, մերկ գետնի վրա պառկելով։ Այժմ նրա անարժան աշակերտին ի՞նչ կվայելե այսպիսի փառավոր գահավորակի վրա բազմել։ – Այդ խոսքերը արտասանեց նա հունարեն լեզվով, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանեց ռուսերեն։
Տան տերը չգիտեր՝ վիրավորվե՞լ, թե՞ ամաչել իր, քրիստոնեական սակավապետության հակառակ, շռայլ կենցաղավարության համար։
Գանգրահեր երիտասարդը, մասնավորապես ծանոթացնելով տան տիրոջը «վշտալի հոր» սովորությունների հետ, հայտնեց, թե ավելի հարգած կլինեին, եթե թույլ կտային նրան չշեղվել իր կյանքի սովորական եղանակներից։ Այդ խոսքերի հետ գանգրահեր երիտասարդը տարածեց դիվանի մանիշակագույն ատլասի վրա մի մաշված կապերտի կտոր, որ «վշտալի հոր» գործածական օթոցն էր։ Նրա վրա է՛ նստում էր նա, և գիշերները քնում էր։
Նա իր ծանր հողաթափները հանեց դիվանի առջև և ասիական կերպով ծալապատիկ բազմեցավ նրա վրա։ Այդ հոդաթափները, երկու մատնաչափ հաստ տակերով, նույն ձևը ունեին, որպես մեր քահանաները հագնում են սուրբ սեղանի վրա պատարագ մատուցելու ժամանակ։
Նրա անշուք, անպաճույճ զգեստը իր վրա աոանձին ուշադրություն էր դարձնում։ Դա կոշտ մազից գործված մի տեսակ մուգ մոխրագույն հագուստ էր, որը անապատներում կոչում են «խարազն», իսկ հագնողներին՝ «խարազնազգեստ»։ Այդպես հագնվում են միայն իրանց անձը ամենախիստ ճգնությունների ենթարկող անապատական աբեղաները։ Գլխին կրած ուներ մուգ-լաջվարդի գույնով ֆես՝ փաթաթած սև ապարոշներով, որոնց ծայրերը իջնում էին մինչև ուսերը։Վերնազգեստը արևելյան կրոնավորների ֆարաջայի նմանությունն ուներ, մինչև կրունկները հասած լայն փեշերով և բավական ընդարձակ թևքերով։ Մեջքը սեղմված էր սև կաշուց պատրաստված լայն գոտիով։ Մի ահագին երկաթյա խաչ զարդարում էր նրա կուրծքը, որ կախված էր նույնպես երկաթյա հաստ շղթայից։ Գլխի և երեսի մազերը այնքան աճել էին, որ կարծես երբեք մկրատի և ածելու հետ ծանոթ չեն եղել։ Այդ տալիս էր նրա դեմքին դերվիշի տպավորություն։
Այդ աբեղան Երուսաղեմի վանքի նվիրակ էր, իսկ գանգրահեր երիտասարդը, որ իր հագուստի ձևերով շատ չէր տարբերվում իր վարդապետից, նրա սարկավագն էր։
Մինչև այդ տունը հասնելը, աբեղայի մասին ռամիկ գյուղացիների մեջ տարածվել էին շատ առեղծվածային պատմություններ, շատ առասպելներ։ Ասում էին, որ նա ոչինչ չէ ուտում, ոչինչ չէ խմում, այլ միայն աղոթքով է կերակրվում։ Ասում .էին, որ նա կույրերի, կաղերի, հիվանդների վրա բժշկություններ է անում, և ուրիշ շատ այսպիսի բաներ էին ասում։ Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ նա չափազանց պարզ և սակավապետ մարդ էր. խորշում էր ամեն տեսակ վայելչությունից, որոնք թուլացնում են հոգին, իսկ սնուցանում են մարմնականը և անասնականը մարդու մեչ։
Երբ աբեղան ծալապատիկ նստեց դիվանի վրա, գյուղի երկու քահանաները և տան տերը դեռ կանգնած էին նրա առջև, չէին համարձակվում նստելու։ Նա խնդրեց, որ նստեն, ասելով.
– Դուք նստեցեք, որպես սովոր եք։
Տան տերը տեղավորվեցավ բազկաթոռի վրա, իսկ երկու քահանաները նստեցին հեռու աթոռների վրա։
Հյուրանոցում, ուր գտնվում էին նրանք, տիրում էր մի տեսակ ծանր լռություն։ Տան տերը, չնայելով որ բավական զվարճախոս և մինչև անգամ շատախոս մարդ էր, ինչպես լինում են առհասարակ շատ ման եկած, շատ բան տեսած և շատ բան լսած ծերունիները, այսուամենայնիվ, չգիտեր ի՞նչ առարկայի վրա խոսել իր տարապայման հյուրի հետ։ Նա գտնվում էր մի տեսակ երկյուղածության մեջ, որ տիրում է մարդու սրտին, երբ զգում է գերբնական էակների ներկայությունը: Իսկ քահանաները վախենում էին խոսել ավելի այն պատճառով, որ ցույց չտան իրանց տգիտությունը։
Վերջապես կից սենյակի դռնից ներս մտավ տան տիկինը իր զավակների ահագին խումբով, և հյուրանոցի լռությունը փոքր-ինչ փարատվեցավ, փոքր-ինչ կենդանացավ։
Ամուսին այրը կանգնեց, սկսեց ներկայացնել նախ իր տիկնոջը, հետո իր աղջիկներին և որդիներին։ Բոլորը հերթով մոտեցան համբուրեցին աբեղայի աջը և օրհնություն առին։
Տիկինը նստեց աբեղայի դիվանի մոտ, մեծ աղջիկները և մեծ որդիները տեղավորվեցան մյուս կողմում, իսկ փոքրիկները մի քանի րոպե ոտքի վրա մնացին, ձանձրացան և դուրս գնացին։
Հարգելի հյուրը, ինչպես երևում էր, կանանց զբաղեցնել չգիտեր և, կարծես թե, նրանց ներկայությունից նեղվում էր։ Այդ երևում էր այն անախորժ արտահայտությունից, որ նկատվում էր նրա տխուր դեմքի վրա, որը ամենայն ջանքով աշխատում էր թաքցնել։ Դա կուսակրոնի սովորական վրդով մունքն է, երբ հանդիպում է կնոջ։ Բայց ի՞նչով բացատրել այդ։
– Ձեր սրբազնությունը երևի շատ հեռվից է գալիս, – Տան տիրուհին սկսեց խոսակցությունը։
Աբեղան դարձավ դեպի գանգրահեր սարկավագը, որ կանգնած էր նրա մոտ։ Թարգմանը պատասխանեց.
– Այո՛, հեռվից, շա՛տ հեռվից։ Ամբողջ երեք ամիս ճանապարհ ենք անցել, մինչև հասել ենք այստեղ։
Այդ միջոցին ֆրակով և սպիտակ ձեռնոցներով ներս մտան երկու սպասավորներ և արծաթյա մատուցարանների վրա տվեցին թեյ։
Աբեղան հրաժարվեցավ ընդունելուց, ասելով, որ սուրբ տաճարի սպասավորները իրանց հեռու են պահում անուշ ըմպելիքներից։ Տան տիկինը երկար աշխատում էր բացատրեի համոզել նրան, թե դա հասարակ թեյ է, ուրիշ ըմպելիք չէ, թե դրան գործ են ածում իրանց երկրում մինչև անգամ էգզարխները։
Չկամենալով վշտացնել տան տիկնոջ բարեսրտությունը, աբեղան ընդունեց մի բաժակ և սկսեց առանց շաքարի խմել։Երկու քահանաները հետևեցին նրա օրինակին և, հակառակ իրանց սովորության, սկսեցին իրանք էլ կծովի խմել։
Տիկինը հետաքրքրվեցավ գիտենալ, թե ի՞նչ նպատակով է ճանապարհորդում «նորին սրբազնությունը»։ (Տիկինը միշտ նրան« սրբազնություն» էր կոչում, թեև հարգելի հյուրը եպիսկոպոս չէր, այլ Երուսաղեմի վանքի հունաց միաբանության աբեղաներից էր)։
Աբեղան համառոտ կերպով հայտնեց իր ո՛վ լինելը կամ ի՞նչ միաբանության կողմից իրրև Երուսաղեմի նվիրակ ուղարկված լինելը, հայտնեց իր ճանապարհորդության նպատակը։ Այնուհետև խիստ ցավալի կերպով սկսեց նկարագրել «սուրբ տաճարի» թշվառ դրությունը, նկարագրեց փրկչի սուրբ գերեզմանի հալածանքը մահմեդականներից, նկարագրեց միաբանների կրած նեղությունները թուրքերից, նրանց աղքատությունը և ողորմելի վիճակը։ նրա ամբողջ պատմությունը այնքան ազդու և ցավակցական էր, որ տան տիրուհին լսելու ժամանակ անդադար խաչակնքում էր իր երեսը, վերջը նա այլևս դիմանալ չկարողացավ, թաշկինակը տարավ աչքերին, սկսեց դառն կերպով հեկեկալ։
Աբեղան, նկատելով այդ, մխիթարեց նրան՝ ասելով.
– Սուրբ տաճարի բոլոր թշվառություններին դարման կարվի բարեպաշտ հավատացելոց նվիրատվությամբ։ Ես ուխտել եմ այնքան ժամանակ չուտել, չխմել, չքնել, և այդ երկաթե շղթան (նա ձեռքը տարավ դեպի հաստ շղթան, որից քարշ էր ընկած ահագին երկաթյա խաչը նրա կուրծքի վրա) միշտ իմ պարանոցին կրած պիտի ունենամ, մինչև բարեպաշտ հավատացելոց օժանդակությամբ չհավաքեմ այնքան նվերներ, որոնցով կարելի լինի փրկչի սուրբ գերեզմանը գերությունից ազատել։
– Մի՞թե գերության մեջ է նա, – Բացականչեց տիկինը։
– Այո՛, գերության մեջ է, անօրենների ձեռքում... Վանքը պարտքի տակ է ընկած... սրբությունները գրավ են դրված...
– Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, – Բացականչեց տիկինը, դարձյալ թաշկինակը տարավ դեպի աչքերը։
Տիկնոջ օրինակին հետևեց և նրա ամուսին այրը։ Երկու քահանաները նույնպես փորձեցին զգացված ձևանալ։
Թեյի երկրորդ բաժակը ընդհատեց այդ տխուր խոսակցությունը.սպասավորները արծաթյա մատուցարանները ձեռքներում կրկին ներս մտան։
Բոլոր ժամանակը աբեղան խոսում էր հունարեն, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանում էր նրա ասածները։ Այդ վերջինը ռուսերեն նույնպես շատ փոքր գիտեր, և այդ ավելի հետաքրքրական էր դարձնում նրա խոսքերը, երբ շատ բաներ մնում էին անհասկանալի։
Թեյի երկրորդ բաժակից հետո խոսակցությունը ընդունեց ուրիշ ուղղություն։ Տան տերը հարցրեց,
– Երուսաղեմի մեջ այժմ ի՞նչ սրբություններ են մնացել։
– Շատ սրբություններ են մնացել, – պատասխանեց աբեղան, – Որոնց թվումն է Հիսուս Քրիստոսի օրորոցը։ Իսկ այդ սուրբ օրորոցը վաղուց է, որ թուրքերը խլել են մեզանից, պահվում է Օմարի մեչիդում։ Երբ մի քրիստոնյա մտնում է այնտեղ, սուրբ օրորոցը սկսում է ինքն իրան օրորվել։ Այդ պատճառով քրիստոնյաներին թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնեն։
– Անիծյալնե՛ր... – Բացականչեցին երկու քահանաները, որ բոլոր ժամանակը լուռ էին։
– Այլևս ի՞նչ կա, – Հարցրեց տան տերը։
– Հուդայի վիրապը, – պատասխանեց աբեղան, կարծես թե դա էլ սրբությունների կարգումն էր։
– Հուդայի վիրապը, – կրկնեց տան տիրուհին երեսը խաչակնքելով։
– Այո՛, Հուդայի վիրապը։ Անիծյալ Հուդան դեռ կենդանի է այն խոր վիրապի մեջ։
– Ի՞նչպես չէ դուրս գալիս, – Հարցրեց տան տերը զարմանալով։
– Խորի բերանը աստծո հրամանով հավիտյան ծածկված է ահագին ժայռով։ Երբ գալիս է ավագ ուրբաթ գիշերը, այսինքն՝ այն գիշերը, որ անիծյալը մատնեց մեր տեր Հիսուսին, խորի միջից լսվում են սարսափելի ձայներ, լսվում են նրա տանջանքի հառաչանքները...
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.