Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 14


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 14 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +
Ը. ԳԱՆԱՀԱՐՈԻԹՅՈԻՆ

Լինում են այնպիսի րոպեներ, որ մարդ իրան բոլորովին մոռանում է։ Ես մինչ այն աստիճան զբաղված էի Նենեի վիճակով, որ ամենևին չէի հիշում, որ մոտենում է այն սարսափելի օրը, երբ ես պետք է կրեի մահվան տանջանքների առաջին փորձը։ Ինձ, բացի մշտական աքսորից, վճռել էին երկու հարյուր մտրակի հարվածներ։

Այն ժամանակ դեռ տիրում էր այդ օրենքը, որ դատապարտյալին նախքան աքսորելը ենթարկում էին մարմնական գանահարության։ Ի նչ սոսկալի բան է դահճի մտրակը։ Կարծես թե ֆուրիաները առաջին անդամ դժոխքից դուրս գալով, սովորեցրին մարդիկներին այնպես տանջել իրանց նմաններին։ պարդել, խեղաթյուրել, անդամալուծել և ամեն զորությունից զրկել մարմինը մի թշվառականի, ահա այդ է այն մտրակի նպատակը, որպեսզի նրան սպասող դառն աշխատությունները հանքեր,ի մեջ ավելի սպանիչ լինեն։ Եվ այդ բոլորը կատարվում էր չարագործներին ուղղելու նպատակով։

Բայց չարագործները չէին ուղղվում։ Ես տեսնում էի՝ որքան խիստ էր լինում նրանց պատիժը, որքան չարաչար վիրավորվում էր նրանց անձնասիրությունը, այնքան ավելի համառ էին դառնում նրանք, այնքան ավելի կամակորում էին իրանց մոլորությունների մեջ։ Եվ այդ շատ բնական էր։ Հանցավորը մտրակների հարվածների ներքո, փոխանակ զղջալու, արձակում էր կծու հայհոյանքներ, անեծք, և ավելի ոչինչ։

Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանն անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։

Իմ ընկերների մասին նույնպես վճռել էին աքսոր և գանահարություն։ Բայց նրանց պատիժը ավելի թեթև էր, քան թե իմը, երևի նրա համար, որ նրանք ամեն ինչ ուրացան, ճշմարտապես չխոստովանեցան իրանց մեղքերը, բայց ես չծածկեցի, բոլորը հայտնեցի։

Այդ նախատեսեց քավոր Պետրոսը, նա ավելի փորձված մարդ էր, քան թե ես։ Եվ զգուշացնում էր ինձ ուրանալ, ոչինչ չխոստովանել, որովհետև դրանով ավելի կհեշտացննի դատավորների գործը, իմ մասին սաստիկ վճիռ տալու։ Այնպես էլ եղավ։ Իայց իմ խիղճը հանգիստ էր, որ գոնե իմ դատապարտության րոպեներում սուտ չխոսեցի։

Վերջապես հասավ սարսափելի ճգնաժամը։

Քաղաքի բազմությունը խումբերով դիմում էր դեպի պատժարանը։ Նրանք շտապում էին հանդիսատես լինելու մի սոսկալի գործողության։ Զարմանալի հետաքրքրություն ունի ամբոխը, նրան միօրինակ զվարճություն է պատճառում թե քաղցր երաժշտության ներդաշնակությունը և թե դատապարտյալի դառն հառաչանքները դահճի գանահարության ներքո։

Ամեն ինչ պատրաստ էր սոսկալի հանդեսը սկսելու համար։

Իմ ընկերները բավական քաջությամբ տարան իրանց փորձությունը, կարծես թե նրանց համար շատ սովորական լիներ այդ։ Ես մինչև հիսուներորդ զարկը անցա առանց մի ձայն հանելու, առանց իմ դեմքն անգամ այլայլելու։ Մի այսպիսի արհամարհական վարմունք իմ կողմից վիրավորեց դահիճների անձնասիրությունը, գրդռեց նրանց բարկությունը, և նրանք խստացրին հարվածների սաստկությունը։ Նույն րոպեում նրանց անգութ երեսները կարծես ասում լինեին ինձ. «Մենք ծեծում ենք, որ ցավեցնենք քեզ, երբ դու ցավ չես զգում, դրանով վիրավորում ես մեր կատաղությունը»։

Բազմությունը վայրենի ոգևորությամբ նայում էր։ Հանկարծ նրանց ուշադրությունը դարձավ մի այլ առարկայի վրա։ Ամբոխի միջից լսելի էր լինում մի ցավալի հառաչանք։ «Մարդիկ, ինչո՞ւ եք կանգնած... մի՞թե դուք աստված չունեք... սպանո՜ւմ են... սպանո՜ւմ են... աղատեցե՜ք... աղաչո՜ւմ եմ... աղատեցե՜ք... Մուրադ, սիրելիս... ա՜խ, սպանում են... մարդրկ։ դուք չե՞ք տեսնում... դուք չե՞ք լսում... սպանում են...աղատեցե՛ք... Ինչո՞ւ են սպանում... նա ավազակ չէ... նա բարի մարդ է... նա ինձ սիրում էր... նա իմ կյանքը ազատեց... Մարդիկ, ինչո՞ւ չեք լսում... Ա՜քս, աստված, չեն լսո ւմ... ամենքը խլացել են...»

Այն սարսափելի րոպեում, երբ մինը մյուսի ետևից հաջորդաբար շառաչում էին մտրակների զարկերը, երբ արյան կաթիլները դուրս էին ցայտում իմ մերկ մարմնից՝ այդ մահվան տագնապի րոպեում իմ ականջներին հասնում էր դժբախտ աղջկա ձայնը... Այդ ողբալի ձայնը այնքան մխիթարական էր, որ ես այլևս չէի զղում հարվածների սաստկությունը։ Ես երջանիկ էի, որ այս աշխարհում գոնե կար մեկը, որ սիրում էր դատապարտյալին, որ գիտեր, թե նա անմեղ է...

Բայց ամբոխը ծաղրեց նրան։ Ամեն կողմից լսելի էր լինում, «Դա այն խելագար աղջիկն է»...

Թե ինչո՞վ վերջացավ իմ փորձությունը, թե ի՛՛նչ դրության մեջ ինձ հետ բերեցին պատժարանից, ես չեմ հիշում, միայն այսքանը գիտեմ, երբ առաջին անգամ աչքերս բաց արի, ինձ քաղաքի հիվանդանոցի մեջ գտա։ Իմ մահճակալի մոտ կանգնած էր մի բավական մաքուր հագնված, ակնոցավոր երիտասարդ, որի խելացի դեմքի յուրաքանչյուր գծերից արտափայլում էր բարություն և ազնվություն։ ՛Նա ժամացույցը ձեռին բռնած, հաշվում էր իմ երակի զարկը։

– Այժմ հույս կա... ճգնաժամը անցած պետք է համարել, – Ասաց նա ինքն իրան մի առանձին բավականությամբ։

Երիտասարդը բժիշկ էր, նա մի քանի պատվերներ տվեց իր օգնականին և հեռացավ։

Մի քանի շաբաթից հետո բժիշկը գտավ ինձ ավելի առողջ։ Մտրակների հարվածներից գիշատված մարմնիս վերքերը այնքան բարվոքվել էին, որ ես կարողանում էի առանց շատ ցավ զգալու մի կողմից մյուսի վրա շուռ գալ։ Իսկ ջերմը դեռ չէր անցել։ Իմ երևակայությունը թեև արթուն էր, բայց գտնվում էր դեռ գրգռված դրության մեջ։

Գեղեցի՜կ բան է ուղեղի այդ դրությունը։ Կյանքի բոլոր լավ և վատ տպավորությունները, որոնք նրա ծալքերի վրա մնացել էին անջնջելի, բայց որոնք բոլորովին ջնջված, անհետացած էին համարվում, հանկարծ կենդանանում են, կերպարանագործվում են և երևան հանում վաղեմի մոռացված պատկերները...

Ես ինձ տեսնում էի իմ հայրենիքում, այն հասակում, երբ դեռ պատանի էի, մի անմեղ և բախտավոր պատանի, որի օրերն անցնում էին անհոգ դատարկությամբ։ Բախտավոր էի նրա համար, որ դեռ միամիտ էի, դեռ չէի հասկանում աշխարհի չարն ու բարին։ Մայրս խրատում էր ինձ, ցույց էր տալիս կյանքի ավելի ուղիղ ճանապարհը։ Բարեսի՜րտ մայր, ես այս րոպեիս տեսնում եմ քո միշտ արտասուքով լի աչքերը, քո միշտ տխուր դեմքը, որ երբեք չէր ժպտում։ Աղքատությունից սպանված, ամուսնուց զրկված, ընտանիքի տակ ճնշված այդ դժբախտ կինը դարձյալ չէր մոռանում իր զավակների օրինավոր դաստիարակությունը։

Հետո տեսնում էի ինձ վարպետիս դարբնոցում։ Դատարկամոլ պատանին սովորում է աշխատանքի։ Գործը հաջողություն է գտնում իմ ձեռքում։ Աշխատանքը, երեսի քրտինքը օրըստօրե ավելի կազդուրում են իմ ջղերը, ավելի բորբոքում են իմ եռանդը։ Սիրտս ուրախ է, խիղճս հանգիստ է, որովհետև ես կարողանում եմ իմ արդար վաստակով օգնել ոչ միայն ինձ, այլև այն անձինքներին, որոնք իմ օգնությանը կարոտ էին։ Մայրս, քույրերս ապրում են իմ ձեռքի արդյունքով։

Այնտեղ, այն դարբնոցի մուխի և սև փոշու մեջ ծագում է ինձ երանության առավոտը... իր բոլոր վարդակարմիր գեղեցկությամբ երևան է գալիս սիրո արեգակը... նա սփռում է իմ հոգու մեջ լույս և ջերմություն... Մի նազելի օրիորդ հպեցնում է իմ սրտին իր կախարդական մատը, և իսկույն նրա մեջ բոցավառվում են սիրո սրբազան կայծերը... Այդ ժամանակ երջանի՜կ էի ես, երջանի՜կ էի, որովհետև գործում էի, աշխատում էի և սիրում էի...

Հանկարծ երջանկության արեգակը սկսում է խավարել... չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով մոտենում է ինձ, խելքից հանում է, մոլորեցնում է... ես շինում եմ աղետալի բանալին... այդ բանալին բաց է անում փմ առջև կորստյան ճանապարհը... Վարպետիս դարբնոցում կատարվում է սարսափելի բարբարոսություն... ես փախստական եմ լինում...

Մի խումբ գլխից ձեռք վեր առած պատանիներ, թաքնված անտառի անհայտության մեջ, ընդունում են ինձ իրանց գաղտնի ընկերության մեջ։ Այստեղ, մարդկային բնակությունից հեռու, ծառերի և թուփերի ամայության մեջ, ես առաջին անգամ սկսում եմ ճանաչել և սիրել հրաշալի բնությունը։ Առաջին անգամ հրապուրում է ինձ սոխակի քաղցրիկ ձայնը, առաջին անգամ ծաղիկները գրավում են ինձ իրանց անմեղ, ողջախոհական գեղեցկությամբ։ Իմ մանկահասակ ընկերների ուրախ և մշտազվարթ հասարակությունը, նրանց անկեղծ բարեկամությունը, նրանց անձնվեր մտերմությունը առժամանակ հանգստացնում են սրտիս ցավերը, առժամանակ մոռանալ են տալիս ինձ այն սարսափելի դժբախտությունը, որին ենթարկված էի ես և իմ պատճառով շատերը... Սիրելի ընկերներ, որտե՞ղ եք այժմ դուք, երանի՜ թե բաժանված չլինեի ձեզանից, երանի թե միշտ ձեր հասարակության մեչ մնայի։ Դուք այնքան բարի էիք և ազնիվ, ես ցավում եմ, որ կորցրի ձեզ, որ զրկվեցա ձեզանից...

Մորս վիճակը, վարպետիս թշվառությունը, ազգականներիս հալածանքը, որոնք բոլորը չարչարվում էին տեղային զանազան օրինազանցությունների պատճառով, բաժանեցին ինձ իմ մանկահասակ ընկերների հասարակությունից։ Ես վերադարձա դեպի իմ հայրենական օջախը, օգնելու նրանց, որոնք իմ պատճառով հալածանքի էին ենթարկված...

Այդ ժամանակ կրկին դուրս է գալիս իմ առջև չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով, առաջարկում է ինձ իր հովանավորության ձեռքը։ Ես կրկին խաբվում եմ... կրկին մոլորության մեչ եմ ընկնում...

Նա համոզում է ինձ, թե հայրենիքի համար ես մի խորթ որդի էի դարձել, թե պետք է թողնել հայրենիքը և օտար երկրում բախտ որոնել։ Նա խոստանում է և առաչնորդել ինձ...

Մայրս, տխուր հանգամանքներից ստիպված, հանձնում է ինձ իմ նենգավոր մենտորի ձեռքը։ Ես թողնում եմ իմ հայրենի երկիրը՛ որը այնքան լավ և վատ հիշատակներով կապված էր իմ սրտի և հոգու հետ։ Ձեռք եմ առնում պանդխտության գավազանը։ Այդ տխուր, ցավալի զգացմունքներով լի անջատման րոպեում, որպես մխիթարիչ հրեշտակ, հայտնվում է իմ սիրո առարկան՝ IIառան։ նա իր կուսական համբույրներով կնքում է մեր ուխտը, խոստանում է մինչև իմ վերադարձը սիրել և սպասել ինձ...

Աղքատությունը մղում է ինձ հեռու և հեռու, դեպի անծանոթ երկիրներ։ Ինձ, բոլորովին անփորձ և միամիտ պատանիիս, առաջնորդում է մի հոյակապ մարդ, մի վիթխարի չարագործ, եփված և թրծված կյանքի քուրայի ամեն փորձությունների մեջ։ Իմ բնական ձիրքերով հարուստ ընդունակությունը խիստ պտղաբեր հող է դառնում իմ առաջնորդի ձեռքում։ Շուտով նրա ցանքը ընծայում է առատ և արդյունավոր հունձք, մի հունձք, ոռոգված բազմաթիվ զոհերի արյունով և արտասուքով... Բոլորովին անմեղ և բարեսիրտ պատանին, դառն հանգամանքների շնորհիվ, վերջապես դառնում է մի սարսափելի եղեռնագործ...

Եվ ես տեսնում էի ինձ, որպես մի քարաժայռ, դուրս կտրված ահագին լեռան բարձրությունից, գլորվում է, գլորվում դեպի ցած, դեպի անդունդը... Հանկարծ մթին անհայտությունից երևան են գալիս երկու ձեռքեր, աշխատում են կանգնեցնել գլորման արագ և ուժգին ընթացքը... բայց իզուր, ես արդեն հասած էի մինչև անդունդի հատակը...

Այդ հոր փրկարար ձեռքն էր, որ աշխատում էր ազատել ընկած որդուն... այն Նենեի կախարդական ձեռքն էր, որ աշխատում էր սովորեցնել նրան սիրել բարին ու գեղեցիկը...

Իմ կորստյան խորին անդունդի մեջ հայտնվում է մխիթարական ոգին՝ մի անարգված և հալածված ցեղի անմեղ դուստրը։ Սիրո հրեղեն կայծակը փայլատակում է իմ սրտի խավարի մեջ և, կարծես, երկնային կրակով զտվում, մաքրվում են իմ վատ կրքերը ամեն ախտերից։ Ես սկսում եմ դարձյալ սիրել... սիրել այն ժամանակ, երբ իմ ոտներին կրում էի դատապարտյալի ծանր շղթաները, երբ իմ ճակատի վրա դրված էր աքսորականի սև կնիքը...

Ո՜վ սեր, ո՜վ դու երկնային զորություն, որ ծավալում ես թշվառականի հոգում կյանք և խաղաղություն, որ ամրացնում ես նրա կամքը և լցնում ես նրա սիրտը պայծառ հույսերով, և այնուհետև բանտի խավարը, երկաթի կապանքների ծանրությունը այլևս զգալի չէ լինում նրան...

Աշխարհից կտրված, որպես մի անպետք մարմին ձգված եմ այդ գերեզմանի մեջ։ Ինձ չէ տաքացնում արևը յուր ջեր մությունով. ինձ համար փակված է արտաքին կյանքը։ Բայց մի արարած, անմարմին ուրվականի պես, հետևում է ինձ... և այս րոպեիս նա կանգնած է իմ առջև իր գեղեցիկ, արտասվալի աչքերով... Ա՜խ, որքան մխիթարական է այդ արտասուքը... նա թափվում է մի թշվառականի համար, որին ամենքը ատում են...

«Նենե՛, նազելի Նենե՛, հեռացի՛ր ինձանից, մի՛ մոտենար ինձ... իմ շունչը կարող է թունավորել քեզ... մի մոտենար ինձ... ես չեմ կարող գրկել քեզ... իմ ձեռքերը արյունոտ են... Անմե՜ղ երեխա, ի՞նչն է ստիպում քեզ կապվել մի թ՛շվառականի հետ, որ արժանի չէ ոչ քո սերին և ոչ քո արտասուքին... Գնա՛, հեռացի՛ր, թո՛ղ տուր ինձ... մեր բոլոր կապերը կտրվեցան այն րոպեից, երբ կարդացին իմ դատապարտության վճիռը...

Գնա՛, ո՛վ դու բնության ազատ դուստր, բաց աշխարհում լայն է քո ասպարեզը... գնա , թափառի ր երկրե երկիր, գուշակի՛ր մարդիկների բախտը, ցույց տուր նրանց չարն ու բարին, նրանք գուցե հաց կտան քեզ»...

Մինչ ես այդ զառանցությո՛ւնների մեջ էի, մի ձեռք դիպավ ճակատիս։ Աչքերս բաց արի, տեսա մահճակալիս մոտ կանգնած էր ակնոցավոր երիտասարդը։ Ես ճանաչեցի, դա բժիշկն էր։ Երևում էր, նա երկար լսում էր իմ բացականչությունները։

– Ի՞նչ եղավ նա, – հարցրի ես, դեռ ոչ բոլորովին սթափվելով իմ խռովությունից։

– Ո՞վ, – հարցրեց երիտասարդը ժպտալով։

– Նա... այն աղջիկը... Նենեն... որ հիմա այստեղ էր...

– Հա՛, իմանում եմ, – պատասխանեց նա խորհրդավոր ձայնով, – նա գնաց, խոստացավ, որ շուտով կվերադառնա...

– Այո՛, նա կվերադառնա, նա ինձ չի թողնի...– կրկնեցի ես ուրախանալով։

Երիտասարդ բժիշկը, որ մինչև այժմ ոտքի վրա էր, նստեց իմ մահճակալի մոտ և կարեկցաբար նայում էր իմ վրա։ Երբ նկատեց, որ ես փոքր-ինչ հանգստացա, հարցրեց.

– Ո՞վ է այն աղջիկը։

Ես պատմեցի, թե նա որբ ցիգանուհի է, պատմեցի, թե ինչպես ընկած էր նա չարագործների ձեռքը, որոնք վճռել էին սպանել նրան, պատմեցի, թե ո՞րպես ինձ

հանդիպեց նա անտառում, ո՛րպես ազատեցի նրա կյանքը, և այնուհետև կապվեցավ ինձ հետ։

Երիտասարդ բժիշկը հետաքրքրությամբ, լսում էր։ Ես նկատեց նրա դեմքի վրա և ցավակցության նշաններ։ Մխիթարվեցա, տեսնելով, որ աշխարհում կան մարդիկ, որոնց մեջ չեն մեռած ազնիվ զգացմունքները, որոնք կարող են խղճալ անբախտության վրա։

Բժիշկը, այդ մարմնավոր խոստովանահայրը, միակ մարդն է, որ նայում է դատապարտյալի վրա որպես մարդու վրա։ նա միակ մարդն է, որի հետ կարելի է անկեղծ կերպով խոսել։ Այդ պատճառով ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ ծանրացած էր իմ սրտի վրա, ինչ որ տանջում էր ինձ։ Պատմեցի այն երազը, որ մի քանի րոպե առաջ պատկերանում էր ինձ, և ներկայացնում էր իմ կյանքի ճիշտ նկարագիրը, իր բոլոր պայծառ և մռայլ գույներով։ Պատմեցի, թե ո՛րպես անգիտակցաբար, փոքր առ փոքր շեղվելով ուղիղ ճանապարհից, անմեղությունից վերջապես ընկա անբարոյականության մեջ։ նա գլուխը խոնարհեցրած լսում էր։ Հետո իմ խոսքը կտրեց, ասելով,

– Այդ բոլորը ես գիտեմ...

– Որտեղի՞ց գիտեք։

– Նայեցեք իմ վրա, ծանո՞թ է ձեզ իմ դեմքը։

– Կարծես մի տեղ տեսած լինեմ ձեզ։

– Քննիչի մոտ։ Ես այն օրը ներկա էի, երբ դատարանում ձեզանից հարցուփորձ էին անում։ Դուք իւոստովանեցաք ձեր Բոլոր հանցանքները։ Դուք նկարագրեցիք ձեր կյանքի պատմությունը սկսյալ ձեր մանկությունից մինչև ձեր կալանավորության րոպեն։ Այդ պատմությունը սաստիկ հետաքրքրեց ինձ, որովհետև նրա մեջ գտնում էի այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են մարդուն հակառակ իր կամքի հանցավոր լիներ

Բժշկի կարեկցությունը ոչ միայն շատ մխիթարական էր ինձ համար, այլ նա առիթ տվեց իմ վստահությանը դեպի ազնիվ երիտասարդը, ես հարցրի,

– Ուղիղն ասացեք, պարոն բժշկապետ, իրա՞վ նա խոստացավ, որ շուտով կվերադառնա։

– Ո՞վ։ Հա՜... դուք, երևի, դարձյալ այն աղջկա մասին եք հարցնում, – մտաբերեց նա ընդհատված խոսակցությունը Նենեի մասին։

– Այո , այն աղջկա մասին։

– Դուք ձեր երազների մեջ եք տեսել նրան, նա այստեղ չէ եղել։

Ես հասկացա, որ գրգռված երևակայությունը խաբել էր ինձ։ Նայեցա շուրջս, կրկին նկարվեցան տխուր պատկերները իմ պատժական կյանքի, և բանտային հիվանդանոցի մռայլոտ կամերաները հիշեցրին ինձ իմ դրությունը...

– Ուրեմն ես բոլորովին զրկված եմ նրանից... էլ չե՞մ տեսնի նրան...

– Զրկված չեք լինի... հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան, – պատասխանեց երիտասարդը խորհրդավոր ձայնով։

«Մի Ժամանակ»... արդյոք երկա՞ր պիտի տևեր այդ ժամանակը, մտածեցի ես։

– Մի անգամ նրան թույլ տվին մտնելու բանտը, ինձ մոտ, – ասեցի ես։

– Գիտեմ, այդ ես խնդրեցի բանտապետից, որ թույլ տան։

Նենեն ինձ ասել էր, որ մի ակնոցավոր երիտասարդ միջնորղեց նրա համար և թույլտվություն ստացավ բանտը մտնելու։ Ո՞վ կմտածեր, որ այդ բարեսիրտ երիտասարդը լիներ նա։

Նրա բարեսրտությունը մի այնպիսի համակրություն ազդեց իմ մեջ, մինչ ես վստահեցա ասել նրան,

– Ես գիտեմ, պարոն բժշկապետ, որ հավիտյան զրկված եմ նրանից։ Բայց դուք այնքան բարի եք և ազնիվ, որ կգթաք մի որբ, անտեր, անօգնական աղջկա վրա, որը այս աշխարհում ոչ մի խնամատար չունի։ Ամեն տեղ հալածում են նքան, ամեն մարդ խելագար է համայում նրան, և ոչ ոք չէ խղճում անբախտին... þ

– Նա խելագար չէ, – ընդմիջեց բժիշկը։

– Աղաչում եմ, խղճացեք նրա վրա, ընդունեցեք ձեր պաշտպանության ներքո, նա շատ լավ աղջիկ է։

– Ես առանց ձեր խնդրելու ևս այդ պիտի անեմ, – պատասխանեց երիտասարդը և վեր կացավ։

Ես պատրաստվում էի բռնել նրա ձեռքը, հայտնել իմ անչափ, անսահման շնորհակալությունը, բայց նա ուշադրություն չդարձրեց և շտապելով հեռացավ։

Թ. ԱՔՍՈՐ

Անցան մի քանի ամիսներ։ Մենք բոլորովին առողջ էինք, առողջ այ՛ն չափով, որ կարող էինք դիմանալ ճանապարհի ծանրությանը և ուղևորվել դեպի հեռավոր հյուսիս։

Առավոտ էր։ Մի խումբ դատապարտյալների հետ, շրջապատված զինվորներով, մեզ դուրս էին տանում քաղաքից։

Այդ տխուր տեսարանը շատ նման էր դագաղների հուղարկավորությանը դեպի գերեզմանների լռությունը։ Ծնողների, քույրերի, եղբայրների լացը, նրանց հառաչանքը միախառնվում էր իրանց կորցրած բարեկամների շղթաներ՛ի հնչյունների հետ։

Այո՛, տխո՜ւր տեսարան էր և ավելի տխուր, քան թե մահը։ Այդ դեպքում մարդը կենդանի է մեռնում և դեռ կենդանի կտրվում են նրա հարաբերությունները աշխարհի և բարեկամների հետ։ Բայց նրա զգացմունքները դեռ մեռած չեն. նրա վրա ազդում են շրջապատող երևույթները։ Իսկ դագաղի մեջ դրած մարմինը ավելի բախտավոր է, նա չէ զգում, չէ հասկանում, թե ինչ է կորցնում։ Մի փոս և սառ հողը պարգևում են նրան հավիտենական խաղաղություն։

Աքսո՜ր, ի՛նչ սոսկալի միտք է բովանդակում իր մեջ այդ բառը։ Հազարավոր մղոններ չափել շղթայակապ ոտներով, պատերազմել դառնաշունչ մրրիկների դեմ, որոնք հսկա եղևնիները խլում են արմատից, պատերազմել ցրտի հետ, որի սաստկությունից ահագին ժայռերը ճաքճքում են, պատառ-պատառ են լինում, մաշվել, ուժաթափ լինել հանքերում տաժանական աշխատություններով այդ բոլորը այնպիսի տանջանքներ են, որոնց մարդը, միայն դատապարտված մարդը կարող է դիմանալ։

Բայց մի բան, որին չէ դիմանում նա, որի առջև փշրվում են նրա բոլոր զորությունները, դա է սիրած աղջկա արտասուքը...

Ահա դարձյալ հայտնվեցավ նա... Մազերը խառնված, լի կատաղի վրդովմունքով, որպես մի խելագար հրեշտակ հայտնվեցավ նա, Ա՜խ, ո՛րքան սարսափելի է նրա զայրացած դեմքը...

Նա աշխատում է մոտենալ ինձ... զինվորները հեռացնում են... նա դարձյալ առաջ է նետվում... նա չէ վախենում սվիններից... Ահա բռնեցին նրան... նա կրկին դուրս պրծավ նրանց ձեռքից... վազում է դեպի ինձ... արգելում էն... Ահա նա խլեց զինվորներից մեկի հրացանը... մուխը բարձրացավ... հրացանը գռռաց... Բայց զարկեցին նրան... նա ընկավ... էլ չէ վեր կենում...

«Դա այն ցնորված աղջիկն է», լսելի եղավ ամեն կողմից:

Իմ աչքերի առջև մթնեց, ես այլևս ոչինչ տեսնել չկարողացա, միայն զգում էի հրացանների կոթերի հարվածը, որով քշում էին ինձ դեպի իմ դատապարտության օթևանը։

Ժ. ՆՐԱՆ ԳՐԵՑԻՆ ՄԵՌԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Աքսորականների խումբը, որոնց հետ ես ուղևորվեցա, բաղկացած էր տասներեք հոգուց, նրանց մեջ էին և իմ ընկերները։

Մինչև առաջին իջևանը հասնեք ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չնկատեցի, թե մեր ընկերներից մեկը պակաս էր, այն ևս մեր գլխավորը՝ քավոր Պետրոսը։

Մենք հասանք իջևանը, երբ դեռ նոր էր մտնում արևը։ Այդ մի արքունի շինվածք էր փոստային կայարանի մոտ, մարդկային բնակությունից հեռու, առանձնացած անապատի մեջ։

Այնտեղից դուրս եկավ մի ստոր աստիճանավոր և ընդունեց մեզ։ Մենք այժմ մարդ լինելուց դարձել էինք իրեր նշանակված նոմերներով։ Նայեցին մեր նոմերներին, ստուգեցին թվերը և ապա ածեցին մի նեղ նկուղի մեջ։

Գիշերը մեզ բաժանեցին մի-մի կտոր սև հաց և խմելու ջուր տվեցին։ Ընկերներս սկսեցին ընթրիք անել, բայց ես ոչինչ ուտել չկարողացա։ Դա այն տխուր և ծանր գիշերներից մեկն էր, երբ ամեն հույս կորած էր, երբ ամեն ինչ վերջացած էր, և մեզ, ամեն մեկիս, հայտնի էր իր թշվառ վիճակը։

Շուտով դատապարտյալներից ոմանք սկսեցին նիրհել, ոմանք տարածվեցան մերկ հատակի վրա, փորձում էին քնել, ոմանք դեռ նստած, խորին ինքնամոռացության մեջ մտածում էին։ Նկուղի մեջ տիրում էր գերեզմանական լռություն։ Միայն յուղային ճրագը ճրթճրթալով մի աոանձին չարագուշակ ձայն էր արձակում և իր շուրջը տարածում էր աղոտ լուսավորություն։ Սենյա՛կի օդը, տոգորված բորբոսային խոնավությամբ, անկարելի էր շնչել։ Ճրագն անգամ դժվարանում էր վառվել նրա մեջ։ Դրսում անցուդարձ էր անում պահապան զինվորը, և մենք լսում էինք նրա քայլերի ձայնը։

Իմ ընկերները այժմ հաշտվել էին ինձ հետ։ Նրանց կասկածը թե՛ իմ և թե՛ Նենեի վերաբերությամբ բոլորովին փարատված էր։ Որովհետև քննությունների ժամանակ գործերից երևաց, որ ոչ ես և ոչ Նենեն չէինք մատնել նրանց, որպես կարծում էին, այլ մատնել էր մի հրեա, որ նրանց փորագրիչն էր։ Հրեան նույնպես դատապարտության ենթարկվեցավ։

Բայց ինձ գրավել էր այն միտքը, թե որտե՞ղ մնաց քավոր Պետրոսը, ո՞ւր կորավ այդ սատանան։ Այդ միջոցին մոտեցավ ինձ ընկերներիցս մեկը, որը հասակակից էր ինձ հետ։ Այդ երիտասարդը հայտնի էր մեր մեջ իր դուրեկան և ուրախ բնավորությամբ։ Նա նստեց ինձ մոտ։

– Ո՞ւր մնաց քավոր Պետրոսը, – Հարցրեցի նրանից։

– Նրան գրեցին մեռածների թվում, – պատասխանեց նա։

– Ինչպե՞ս։

– Այնպես։

– Ես ոչինչ չեմ հասկանում:

Երիտասարդը սկսեց ծիծաղել իմ միամտության վրա։ – Գանահարությունից հետո, – պատմեց նա, – քավոր Պետրոսը, ինչպես մեզանից ամեն մեկը, բանտի հիվանդանոցը տարվեցավ։ Այստեղ նա դիտմամբ սկսեց երկարաձգել իր հիվանդությունը, մինչև առիթ ունեցավ ծանոթանալու բանտապահի հետ։ Շուտով կարողացավ նա շոշափել այդ մարդու թույլ կողմերը և մանավանդ մի դեպք հեշտացրեց նրան օգուտ քաղել նրա թույլ կողմերից։ Բանտապահը ծախսել էր արքունի փողեր և այդ պատճառով ոչ միայն դատի պիտի ենթարկվեր, այլ կկորցներ և իր պաշտոնը, եթե մի տեղից փողի պակասը չլրացնի։ Քավոր Պետրոսը հասկանում է նրա անել դրությունը և մի օր ասում է նրան* «Պարոն բանտապահ, ես ցանկանում եմ մի փոքրիկ ծառայություն անել ձեզ»։ «Ի՞նչ ծառայություն», հարցնում է բանտապահը։ «Դուք, կարծեմ, փողի դժվարության մեջ եք, ես կարող եմ օգնել ձեզ»:

Այս տեսակ սրախոսություններ կալանավորների և բանտապահի մեջ այնքան սովորական ե՛ն, որ վերջինս ոչ միայն չի վիրավորվում, այլ շատ հետաքրքրվում է, թե քավոր Պետրոսը ո՞րքանով կարող է օգնել իրեն։ «Ո՞րքան է ձեզ հարկավոր», հարցնում է քավոր Պետրոսը։ «Երկու հազար ռուբլի», պատասխանում է բանտապահը։ Քավոր Պետրոսը խոստանում է վճարել նրան այդ գումարը։

– Ինչո՞վ կարող եմ երախտահատույց լինել ձեր այդ օգնության համար, – Հարցնում է բանտապահը։

– Ինձ ազատելով բանտից, – պատասխանում է քավոր Պետրոսը։

– Ձեզ համար վճռված է ցմահ աքսոր։

– Այդ ես գիտեմ։

– Ձեզ կպահանջեն ինձանից։

– Այդ էլ գիտեմ։

– Ի՞նչ կարող եմ պատասխանել։

– Ձեր պատասխանը ես մտածել եմ, մի շատ հասարակ բան է։

– Ո՞րպես։

– Ինձ կգրեք մեռածների ցուցակի մեջ, կասեք՝ հիվանդանոցում մեռավ, տարան թաղեցին։

– Դրա համար զանազան պաշտոնական ձևեր են պահանջվում։

– Մատյանների մեջ հեշտ է շինել այդ ձևերը։ Մի՞թե սակավ մարդիկ անհետանում են հիվանդանոցներում և նրանց մասին բնավ հարցուփորձ չէ լինում։ «Մեռա՜վ»... և դրանով վերջանում է ամեն բան։

– Այսուամենայնիվ, մի դիակ պետք է դնել ձեր տեղը։

– Հիվանդանոցի մառանի մեջ անտեր դիակներ խո շատ կան, ընտրեք նրանցից մեկը։

Երիտասարդի պատմությունը խիստ հետաքրքրական էր ինձ համար։ Իրավ, շատերը կորչում էին այդ հիմնարկության մեջ։ Մեռածների դիակները չէին արժանանում մինչև անգամ թաղման, նրանց կտրտում էին, այլանդակում էին և ձգում էին մեծ գետի մեջ, որ հոսում էր հիվանդանոցի մոտով։ Բանտը և հիվանդանոցը միևնույն շինվածքի մեջ էին։

Դատաստանական վերանորոգություններից առաջ սարսափելի զեղծումներ էին կատարվում բանտերում, և շատ զարմանալի չէր, որ քավոր Պետրոսի նման մի մարդ կարողացել էր այդ խորամանկությամբ դուրս պրծնել բանտից։ Իմ երիտասարդ ընկերը պատմեց ինձ մի ուրիշ դեպք, որ ոչ սակավ հետաքրքրական էր։

– Տեսնո՞ւմ ես այդ մարդուն, – Ասաց նա, – Որ կծկված, կոլորված նիրհում է այն անկյունում, այդ ողորմելին նույնպես զեղծումների մի անմեղ զոհ է։

Ես նայեցի դեպի այն կողմը, տեսա մի նիհար մարդ, գունաթափ դեմքով, խորին թմրության մեջ նստած էր անկյունում։ Գիշերվա տխրությունը փարատելու համար ես մեծ հոժարությամբ սկսեցի լսել երիտասարդի տեղեկությունները այդ թշվառ աքսորականի մասին։ Նա գիտեր բավական ճշտությամբ նկարել մարդկանց պատկերը։

– Այդ ողորմելի արարածը, – Ասաց նա, – Որին կոչում են Սիդոր Սիդորիչ, որի հետ ես խիստ մոտ ծանոթացա, այն տեսակներից է, որոնք ոչ միայն զրկված են մարդկային ընդունակություններից, այլ կյանքի տխուր պայմանները խլել են նրանից և այն սակավ ընդունակությունները, որ ստացել են բնությունից։ Դա մի ատենական տեղի ստոր ծառայող է եղել, գրագրի պաշտոն է կատարել։ Հարատև կյանքը գրասեղանի մոտ բոլորովին բթամտացրել է դրան, իսկ արաղի անչափ գործածությունը լրացրել է պակասը։ Նրան արտաքսել են ծառայությունից, և չձանձրանալու համար սկսել է ավելի անձնատուր լինել արաղին։ Բայց Սիդոր Սիդորիչը խիստ խաղաղ և հանգիստ արբեցող է եղել։ Գինետնից դուրս գալուց հետո փողոցներում շրջելու և մարդկանց անհանգստացնելու սովորություն չէ ունեցել Սիդոր Սիդորիչը։ Նա ուղիղ կդիմեր դեպի իր տունը և ամբողջ օրը կներկայացներ մեկը այն անշարժ կարասիներից, որ վառարանի մոտ անպակաս են լինում։ Նա կնստեր այնտեղ, կամ կնիրհեր, կամ կհորանջեր, մոռանալով իրան մի առանձին անհոգ, անզբաղ ապշության մեջ։ Կինը նրան հանդիմանում է, հայհոյում է, բայց Սիդոր Սիդորիչը ոչինչ չէ պատասխանում։ Միայն հիմար կերպով ժպտում է, գլուխը քաշ է գցում և խուլ կերպով մրթմրթում է մի քանի անորոշ խոսքեր։ Կինը այն ժամանակ միայն կարող էր նրան դուրս գցել, երբ պետք էր սենյակը մաքրել և փոքր-ինչ կարգի բերել։ Այդ միջոցին Սիդոր Սիդորիչը կնստեր դռան մոտ, արևի ճառագայթներով կտաքանար։ Իսկ երբ սենյակը մաքրեցին, նա դարձյալ վառարանի մոտ էր։

Բայց լինում էին րոպեներ, երբ Սիդոր Սիդորիչը դառնում էր և ժիր, և աշխույժ։ Դա այն ժամանակ էր լինում, երբ նրա կինը ընդունում էր մի հարգելի հյուր։ Հարգելի հյուրը նրա նախկին մեծավորն էր։ Երբ այդ մարդը հայտնվում էր, այն օրը Սիդոր Սիդորիչի համար տոն էր։ Նա խիստ եռանդով հեռանում էր իր նվիրական անկյունից, երբ նրան փող էին տալիս, ուղարկում էին փողոց, որ ուտելիքներ ու խմելիքներ գնե։ Ո՜րքան ուրախ էր լինում նա։ Դեռ ճանապարհին, դեռ ըմպելիքները տուն չհասցրած, Սիդոր Սիդորիչը իր կոկորդը ըստ կարգին փափկացնում էր։ Սեղանը պատրաստվեցավ։ Տիկինը հարգելի հյուրի հետ ուտում են, խմում են, զվարճանում են։ Սիդոր Սիղորիչը խիստ եռանդով պտտվում է սեղանի շուրջը, աշխատում է ամեն տեսակ սպասավորություն ցույց տալ։ Նա մեծ բավականությամբ խմում է հարգելի հյուրի կենացը, երբ բաժակը նրա ձեռքն է հասնում: Կերուխումը տևում է երկար։ Բայց

Սիդոր Սիդորիչը մինչև ընթրիքի վերջը սպասելու համբերություն չունի։ Նա օրորվում է, գլուխը լավ դրության մեջ չէ, կինը նրա ձեռքից բռնելով նստեցնում է հնոցի մոտ, այնտեղ սկսում է մրափել։ Տիկինը շարունակում է հարգելի հյուրի հետ ժամանակ անցկացնել։

Սիդոր Սիդորիչը թեև ապրում էր կնոջ ողորմածությունով, նրա կոշիկների տակ և մոռացած իր բոլոր արժանավորությունները, բայց մի բանով միշտ պարծենում էր նա, որ ինքը այր էր, իսկ նա՝ կին։ Այդ ինքնաճանաչությունը ավելի հայտնվում էր նրա մեջ այն ժամանակ, երբ կինը շարժում էր նրա բարկությունը։ Եվ այդ պատահում էր խիստ հաճախ, երբ Սիդոր Սիդորիչը տանից մի բան էր գողանում և տանում էր գինետունը։ Կինը սկսում էր նախատել, հայհոյել նրան։ Իսկ Սիդոր Սիդորիչը հիշելով, որ ինքը այր է, խլում էր պատահած առարկան և զարկում էր կնոջ գլխին։ Երբեմն դրաման վերջանում էր արյունով։ Այսպիսի դեպքերից մեկն էր, որ առիթ տվեց Սիդոր Սիդորիչին բանտի մեջ ընկնել։ Կինը ուրախ էր, որ ազատվեցավ իր անախորժ բեռնից, իսկ Սիդոր Սիդորիչը շատ չտխրեց, որ նրան մի այլ տան մեջ փոխադրեցին։

Այստեղ նա բոլորովին մոռացվեցավ թե՛ ինքը իր համար և թե՛ իր ընտանիքի համար։ Նա մոռացել էր մինչև անգամ, թե ո՛րքան ժամանակով բանտարկել էին իրան։ Հիմա նրան աքսոր են ուղարկում, դարձյալ չգիտե, թե ինչո՛ւ համար են ուղարկում, և զարմանալին այն է, որ հետաքրքրություն ևս չունի գիտենալու, հրամայում են, նա խոնարհվում է։ Խոնարհվելու ընդունակությունը սաստիկ զարգացած է նրա մեջ։ Նա երբեմն հանդուգն է միայն դեպի իր կինը, բայց հլու է դեպի ամեն մի օտար մարդ։

Իմ երիտասարդ ընկերոջ նկարագրությունը Սիդոր Սիդորիչի մասին այն աստիճան գրավեց իմ ցավակցությունը դեպի այդ թշվառը, որ ես հարցրի նրանից.

– Ուրեմն դու որևիցե զեղծո՞ւմ ես գտնում այդ մարդու դատապարտության գործում։

– Այո՛, նույնպիսի մի զեղծում և նույն ձեռքով կատարված, որ քավոր Պետրոսի անունը արձանագրեց մեռածների ցուցակի մեջ։ Սիդոր Սիդորիչը աքսորվում է մի ուրիշ հանցավորի փոխարեն, որին վաղուց բաց են թողել։

– Իսկ եթե մի օր նրա կինը կմտածե որոնե՞լ իր ամուսնուն։

– Այն ժամանակ նրան էլ կգրեն բանտում մեռածների ցուցակում։

Դատաստանական վերանորոգություններից առաջ այս տեսակ զեղծումներ շատ էին պատահում, և ես զարմանում էի, թե ինչո՞ւ քավոր Պետրոսը մտածեց միայն իր ազատության մասին, իսկ իր ընկերների մասին հոգս չտարավ։

– Նա իրան ազատեց, որ ավելի դյուրություններ ունենա մեր մասին հոգ տանելու, – պատասխանեց երիտասարդը: – Նա կգա մեր ետևից և մինչև մեզ չազատե, չի հանգստանա։

Երիտասարդը չծածկեց ինձանից, հայտնեց այն ամբողջ ծրագիրը, որ խաչագողները կազմել էին իրանց մեջ, թե ի՛նչ միջոցներով պետք է փախչեն կես ճանապարհից, ապա հարցրեց.

– Կմիանա՞ս մեզ հետ։

– Ո՛չ, – պատասխանեցի ես։

Նա սկսեց զարմացած նայել իմ երեսին։

– Ուրեմն դու քեզ կորցնե՞լ ես ուզում։

– Ավելի լավ է մաշվել հանքերում, քան թե կրկին միանալ ձեզ հետ։

–Շատ կփոշմանես...– Ասաց նա և վշտացած հեռացավ ինձանից։

Մենք բոլոր ժամանակ խոսում էինք հայերեն, այն ևս խաչագողի բարբառով, և կասկած չունեինք, որ կհասկանան մեզ։

Գիշերից բավական անցել էր, հոգնած դատապարտյալները բոլորը խորին քնի մեջ էին։ Բայց քունը, տխուր սրտի միակ մխիթարությունը, ինձ մոտ չէր գալիս։ Դարձյալ ինձ երևում էր Նենեն, ինձանից չէր հեռանում անբախտ աղջկա սգավոր պատկերը...


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации