Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 12 (всего у книги 22 страниц)
– Դու էլի՞ գնում ես։ Ո՜ւր ես գնում։
– Անտառը, մի բան որսալու։
– Ես էլ կգամ քեզ հետ։
Հանկարծ մտաբերեց իմ պատվերը և խոսքը փոխեց.
– Չէ։ ես չեմ գա. դու ասացիր, որ անտառը չգնամ»
– Հա, այսպես, սիրելիս, զգույշ եղի՛ր, որ այն ավազակներին կրկին չհանդիպես, նրանք չպիտի տեսնեն քեզ, հասկանո՞ւմ ես։
– Հասկանում եմ։ Բայց դու շո՞ւտ կվերադառնաս։
– Երեկոյան։ Ամբողջ գիշերը քեզ մոտ կմնամ։
Նա ուրախացավ և մի առանձին զգացմունքով խնդրեց ինձանից,
– Թույլ տուր մինչև այն ծառը գամ քեզ ճանապարհ գցելու, տե՛ս, մինչև այն եղևնին շատ հեռու չէ։
– Մինչև այն եղևնին կարող ես գալ։
Նենեն եկավ ինձ հետ քսան քայլ միայն, որովհետև այդքան էր ցույց տված ծառի հեռավորությունը։ Նա գրկեց ինձ և դարձյալ արտասուքը աչքերում աղաչում էր, որ շուտ վերադառնամ նրա մոտ։ Խե՜ղճ աղջիկ, ո՛րքան ջերմ էր նրա մեջ սերը, դեռ մաքուր, բարեկամական սերը։ Ես հեռացա։ Պառավը իմ ետևից ձայն տվեց.
– Չթողնես Նենեին մենակ, նա մեզ հանգստություն չի տա...
Դ. ԿՈՐԱԾ ՀԱՅՐ
Իմ այն օրվա որսորդությունը անցավ հաջող կերպով, ես սպանեցի մի նորահաս եղջերու և մի քանի հատ վայրենի աղավնիներ։ Բայց քավոր Պետրոսի մոտ չվերադարձա, որովհետև Նենեին խոստացել էի այն գիշերը անցկացնել ձկնորսի խրճիթում։ Ընկերներս իմ մասին անհանգիստ չէին լինի, որովհետև կմտածեին, թե որս չգտնելու պատճառով ես մնացել էի անտառում։ Բացի դրանից, ընկերության մեջ ես փայտ կտրողների և ածուխ պատրաստողների բաժնումն էի. իմ պաշտոնակիցները ըստ մեծի մասին գիշերները անց էին կացնում բացօթյա, անտառի մեջ, ածուխի խարույկների մոտ, մանավանդ որ ամառ էր, եղանակը տաք էր։
Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի իր գիշերային մուտքը, երբ ես վերադարձա ձկնորսի խրճիթը։ ճանապարհին մտածում էի, թե Նենեն շատ կուրախանա, երբ կտեսնե իմ որսերը։ Նա նստած էր խրճիթի դռանը, սպասում էր ինձ։ Երբ. հեռվից տեսավ, մինչև եղևնի ծառի մոտ վազեց իմ առաջը։ Այղ ծառը նրա սահմանն էր։
Նա նկատեց եղջերուին, որ քաշ էր ընկած իմ ուսից, և աղավնիները, որ դրած էին իմ որսորդական մախաղի մեջ։
– Ա՜խ, ինչո՞ւ սպանեցիր դրան, – Ասաց նա ցավալի ձայնով.– խե՜ղճ եղջերու, ով գիտե, գուցե մայր ունի... հիմա լաց է լինում դրա մայրը...
– Եղջերուն լաց չէ լինում, Նենե, – պատասխանեցի ես, հանգստացնելով նրան։
– Ինչպե՞ս լաց չէ լինում, չէ՞ որ նա էլ աչքեր ունի, – ասաց նա և սկսեց վեր բարձրացնել իմ սպանած եղջերուի գլուխը և նայել աչքերին։
– Դրա աչքերը խփած են, դա մեռել է.... – Ասաց նա սոսկալով և ետ քաշվեցավ, – Դրանից հետո էլ չես սպանի, այդպես չէ՞։
– Ապա ի՞նչ որսամ։
– Գայլեր սպանիր, նրանք այնպես չար են, որպես այն ավազակները... Ա՜խ, էլի մտքիս եկան անիրավները... դու ասեցիր, որ մոռանամ նրանց...
– Հա՛, սիրելիս, մոռացիր նրանց...
Մենք մտանք խրճիթը։ Պառավը դեռ նոր էր վառել ճրագը։ Ծերունի ձկնորսը վերադարձել էր ծովի ափից։ Նա այս երեկո ավելի լավ տրամադրության մեջ էր գտնվում, թեք էր ընկած ճյուղերից հյուսած մահճակալի վրա և մի առանձին բավականությամբ ծխում էր։ Երևում էր, ծովի վրա նրա որսորդությունն էլ հաջող էր անցել։ Երբ տեսավ ինձ, գլուխը վեր բարձրացրեց և, առանց շարժվելու իր տեղից, խիստ ջերմ բարեսրտությամբ ողջունեց։ Ես նստեցի նրա մոտ, իսկ Նենեն տեղավորվեցավ իմ կողքին։ Նա դարձյալ առանց լռելու խոսում էր, միշտ նոր և նոր հարցեր էր առաջարկում։ Իսկ ծերունին լսելով նրա անմեղ հետաքրքրությունը, ժպտում էր, ուրախանում էր։ Նա ասաց.
– Եթե Նենեի լեզուն կապես, աչքերով կխոսի, եթե աչքերը փակես, ձեռներով կխոսի։ Ամեն ինչ դրա մոտ խոսում է։
– Այսպիսի կրակոտ բնավորությունները չեն կարող լուռ մնալ, – պատասխանեցի ես։
Նենեն գլուխը քաշ գցեց և, իրան վիրավորված ձևացնելով։ ասաց,
– Ես էլ չեմ խոսի։
– Լավ, տեսնենք, – Ասաց ծերունին, – կարո՞ղ ես համբերել առանց խոսելու։
Նա մի քանի րոպե լուռ մնաց, հետո սկսեց ծիծաղել։
– Չեմ կարող, չեմ կարող, – Բացականչեց և վազեց ծերունու մոտ։
Ծերունին գրկեց նրան և սկսեց իր կոշտացած ձեռքով փայփայել նրա սև գիսակները։
Պառավը զբաղված էր ընթրիքի պատրաստությունով։ Նենեն թողեց մեզ, գնաց նրան օգնելու։ Նա արդեն այն աստիճան ընտանիացել էր այդ տան մեջ, կարծես թե այնտեղ էր ծնված և այնտեղ էր սնված։ Նա գիտեր ի՛նչ բան ի՜նչ տեղ էր գրած, գիտեր տան բոլոր ծակուծուկը։
Անտառների խուլ առանձնության մեջ, ծովի ափի մոտ, ձկնորսի անշուք խրճիթը, լուսավորված յուղային ճրագով, մի գեղեցիկ տեսարան էր ներկայացնում։ Թեև ամեն ինչ նրանում կրում էր իր վրա խորին չքավորության կնիքը, բայց գոհությունը և խաղաղությունը թագավորում էր բոլորի վրա։ Այդ բարի ձկնորսները երջանի՜կ էին. երջանի՜կ էին, որովհետև ոչինչ չունեին և ունենալու ցանկություն ևս չունեին։ Ի՞նչ ավելի մեծ հարստություն կարող էր լինել, քան թե այն, երբ մարդ իր ունեցածովը գոհ է։
Այդ մտածությունները զարթեցրին իմ մեջ իմ անցյալի սարսափելի հիշողությունները և երևան հանեցին սոսկալի պատկերներ։ Ես արյունոտ ձեռքերով քանի-քանի՜ տարիներ շարունակ անդադար ոսկու ամբարներ էի դիզում, բայց իմ անհագ սիրտը ոչինչ բանից գոհանալ չէր կարողանում։ Ես մնում էի միշտ աղքատ, միշտ թշվառ, որովհետև ունեցածովս չէի բավականանում։
Ծերունին, այն անտառների պատրիարքը, կլիներ ոչ ավելի քան հիսուն տարեկան, բայց նրա երկաթի կազմվածքը կորցրել էր իր ամրությունը։ Նա ծերացել էր ավելի վաղ, քան թե ներում էր նրա հասակը։ Երևում էր, որ նա իր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել, շատ տանջանքներ էր կրել, որոնց հետքերը դեռ մնում էին նրա տխրամած ճակատի վրա։ Առանձնության մեջ, հեռո՛ւ աշխարհից, բնակվելով լայնատարած ծովի ափի մոտ, երևի նրա ալիքների մեջ նա կամեցել էր թափել իր անցյալ կյանքի դառնությունները։
Բայց ինչ որ ավելի էր ինձ զարմացնում, դա էր նրա արտասանությունը։
Մենք խոսում էին ռուսաց լեզվով։ Ես այդ լեզվով այնքան վարժ էի խոսում, որ ոչ ոք չէր կարող կասկուծել, որ ես ռուս չեմ։ Բայց նրա ի՛նչ ազգից լինելը դեռ ես չգիտեի* նրա արտասանությունը ինձ բոլորովին խորթ էր թվում։ Նույն կասկածը, որպես ես նկատում էի, ուներ ծերունին և իմ վերաբերմամբ։ Իմ վարժ խոսելը չէր կարող նրան համոզեի թե ես ռուս եմ։ Ւմ դեմքը, իմ գծագրությունը, իմ սև մազերը բոլորովին հակառակ վկայություն էին տալիս իմ մասին։
Ընթրիքը արդեն պատրաստ էր. մենք բոլորեցինք սեղանի շուրջը. Նենեն նստեց իմ մոտ, իսկ պառավը նստեց ծերունռւ մոտ։ Իմ որսորդական սրվակի մեջ մնացել էր բավական արաղ, ես տվեցի ծերունուն, նա խմեց։ Սառած ուղեղը տաքացավ, նա սկսեց ավելի և ավելի կենդանանալ։ Բայց բոլորովին առասպելական մի երևույթ էր ներկայացնում այդ ծածկամիտ ալևորը։ Նա իր մասին ամենևին չէր խոսում, և երբ իր վրա խոսք էր լինում, միշտ աշխատում էր խույս տալ կամ հարևանցիորեն անցնել, առանց մի որոշ միտք հայտնելու։ Բայց ես նրա երեսի խորշոմների մեջ նկատում էի մի գաղտնիք, որ ամենայն զգուշությամբ թաքցնում էր։
Ես խմացրի նրան արաղի մնացորդը ևս։
Սկզբում խոսակցությունը խիստ հասարակ բաների վրա էր. ծերունին խոսում էր ծովի վրա, ձկների տեսակների վրա, խոսում էր, թե ո՛րքան իր «պառավը» օգնում է իրան, չորացնում է, պատրաստում է ձկները, և ինքը տարենը մի քանի անգամ կարողանում է քաղաք գնալ, իր ձկնեղենները վաճառելու համար և այլն։ Բայց ո՞վ էր այդ պառավը, արդյոք նրա կի՞նն էր, ազգականն էր՝ այդ մասին ոչինչ չէր խոսում։
Նենեն և պառավը շուտով հեռացան ընթրիքի սեղանից, մեր խոսակցությունը նրանց չէր զբաղեցնում։ Պառավը քաշվեցավ մի անկյունում, սկսեց նիրհել, որովհետև շատ հոգնած էր, իսկ Նենեն մոտեցավ ճրագի լույսին, սկսեց մի բան կարել։ Նրան այն օր պառավը ընծայել էր իր լավ հագուստներից մեկը, որ ինքը չէր գործածում, և Նենեն այդ հագուստը ձևում, էր, հարմարեցնում էր իր հասակին։
Ես և ձկնորսը մնացինք մենակ։
– Շա՞տ ժամանակ է, որ դուք այդ ծովի ափի մոտ եք բնակվում, – Հարցրի ես։
– Ավելի քան վեց տարի։
– Միշտ ձո՞ւկ էիք որսում։
– Այո՛։
– Իսկ առա՞ջ։
– Այդ մի՛ հարցրու...
Մեջ մտավ Նենեն, իր կարը բերելով ինձ ցույց տալով,
– Տե՛ս, Մուրադ, ինչպես լավ կարեցի, այստեղ շատ լայն էր, նեղացրի, այստեղ երկայն էր, կտրեցի, այդ կոճակներն էլ պիտի փոխեմ, այն ժամանակ ավելի լավ կլինի։
Ես գովեցի նրա աշխատությունը, նա ուրախացավ և դարձյալ գնաց նստեց ճրագի մոտ։
Բայց Նենեի հետ խոսելու ժամանակ ես չէի նկատել, թե որպիսի խռովության մեջ էր գտնվում ծերունին, երբ նա լսեց իմ անունը՝ «Մուրադ»։
– Մուրա՜դ.... – կրկնեց նա խորհրդավոր ձայնով և դարձավ դեպի ինձ, հարցնելով.
– Դա ռուսի անուն չէ։ – Ապա ի՞նչ ազգի անուն է:
– Այդպիսի անուն կրում են հայերը։
– Ես էլ հայ եմ։
– Մի՞թե.... – Ասաց նա և խորին մտածության մեջ ընկավ։
Ոչինչ հարկ չկար առաքինի ծերունու մոտ թաքցնել իմ ազգությունը, ես այդ անում էի միայն այն ժամանակ, երբ պետք էր խաբել մեկին։ Բայց այդ խրճիթի մեջ վերին աստիճանի անազնվություն կլիներ, եթե ես անկեղծ չլինեի Ծերունին ավելի հետաքրքրությամբ հարցրեց,
– Ո՞ր երկրից եք։
– Պարսկաստանից։
Նրա հետաքրքրությունը ավելի ևս գրգռվեցավ։
– Ճշմարի՞տ եք ասում։ Ո՞ր գավառից։
– Սալմաստից։
– Ո՞ր գյուղից՛
– Սավրա գյուղից՛
Այժմ տիրեց նրան մի տեսակ խռովություն, մի տեսակ սոսկում, որպիսին տիրում է այն մարդկանց, որոնք անգիտությամբ ընդունում են իրենց տանը մի անծանոթ հյուր, որին սկզբում լավ մարդ էին համարում, իսկ հետո հայտնվում է, որ նա անպիտանի մեկն է։ Երևում էր, որ ծերունին տեղեկություններ ուներ Պարսկաստանի կամ Սավրայի հասարակության մասին։ Նա հարցրեց,
– Ինչպե՞ս է ձեր հոր անունը։
– Սաֆար։ – Իսկ ձեր մո՞ր անունը։
– Նազանի։
– Ո՞ւմ աղջիկն էր ձեր մայրը։
– Նրա հայրը կոչվում էր Բարսեղ, իսկ մոր անունը Եղիսա էր։
Ծերունին բոլորովին գունաթափվեցավ։
– Ինչպե՞ս էր կոչվում ձեր պապը։
– Ալո, և մեր տոհմն նրա անունով կրում է Ալոյան ազգանունը։
– Որդի՛ս... – գոչեց ծերունին և մարեցավ կուրծքիս վրա:
Վերջին բառը նա արտասանեց հայերեն լեզվով։
Ես բոլորովին ապշած էի, կարծում էի, թե տեսածս երազ էր։ Մի՞թե դա իմ հայրն էր։ Այդ ի՞նչ անակնկալ դեպք էր մի այնպիսի խուլ, մոռացված տեղում, ձկնորսի մենավոր խրճիթի մեջ գտնել նրան, որը վաղուց արդեն մեռած կամ կորած էր համարվում իր ընտանիքի համար։
Իմ աոաջին հոգսը եղավ նրան ուշքի բերել։ Խեղճը ամբողջ կես ժամ մնաց իմ գրկում անմռունչ, լեզուն կապվեցավ, միայն աչքերը բաց էր անում, նայում էր իմ վրա, իսկ երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ և դարձյալ ուշաթափ էր լինում։
Պառավը, որ այդ միջոցին նիրհում էր խրճիթի մի անկյունում, զարթնեց և, տեսնելով ծերունուն, սարսափելի ճիչ բարձրացրեց և սկսեց լաց լինել։ Ոչ սակավ վախեցավ և Նենեն։ Նա թողեց իր կարը, վազեց իմ մոտ և անդադար հարցնում էր. «Տեր աստված, այդ ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ նրա հետ»։
Ես նրանց հանգստացրի, թե վտանգ չկա, թե անվնաս ուշագնացություն է, շուտով կանցնի։
Ես դեռ գրկած ունեի հորս ալևոր գլուխը, և անբախտ որդու ուրախության արտասուքը թրջում էր նրա ճերմակ մազերը։
Հանկարծ նա ուշքի եկավ և, սոսկալի կատաղությամբ ինձ մի կողմ հրելով, աղաղակեց.
– Հեռո՜ւ, անզգամ... դու խաբում ես... խաչագողները միշտ խաբում են... ի՞նչ սատանայական նպատակ քեզ իմ խրճիթը բերավ... ես չեմ ուզում տեսնել ձեր գարշելի երեսը... բավակա՜ն է ո՛րքան տանջվեցա... ո՛րքան չարիքներ կրեցի ձեր ձեռքից։ Ես չեմ հավատում... Դու իմ որդին չես... դու սուտ ես ասում... դու խաբում ես ինձ... հեռո՜ւ այստեղից...
Նա կրկին մոտեցավ, բռնեց իմ օձիքից և աշխատում էր բռնությամբ դուրս ձգել իր խրճիթից։ Այդ միջոցին մեջ մտան Նենեն և պառավը և, գրկելով ծերունուն, տարան նստեցրին իր տեղը։
Նա գլուխը քաշ գցեց, երկու ձեռքով բռնեց յուր աչքերը և արտասվախառն հեկեկանքով սկսեց ինքն իրեն խոսել.
– Իմ Մուրադին ես չեմ տեսել... ես նրան մոր արգանդում թողեցի... այնուհետև հեռացա հայրենիքից և կրկին չվերադարձա այդ ապականված երկիրը... Երբ իմ Մուրադը ծնվեց, մայրը գրեց ինձ, «ճիշտ քեզ նման է, քո օրինակն ու պատկերն է... աջ թևքի վրա մի սև խալ ունի, ինչպես դու ունես...»
Վերջին խոսքերը լսելու ժամանակ ես մոտեցա նրան և, աջ թևքս մերկացնելով, ցույց տվի.
– Նայեցեք, հայր, տեսեք այն խալը, որի մասին մայրս գրել էր ձեզ։
Նա աչքի լույսից զրկված Իսահակի նման սկսեց շոշափել իմ թևքը, նրա վրա կար մի սև խալ արծաթյա փոքրիկ դրամի մեծությամբ։
– Մուրա՜դ... զավա՜կս.... դո՛ւ ես, դու...–ձայն արձակեց նա և գրկեց ինձ։
Երկար նա բաց չէր թողնում ինձ իր թևքերի միջից, երկար նրա աչքերից հեղեղի նման հոսող արտասուքը թրջում էր իմ գլուխը։ Վերջը կարծես արյան հետ դուրս բխեցին նրա սրտից հետևյալ բառերը.
– Ա՜խ, ինչպե՞ս խաբեցին ինձ...
Ո՞վ էր խաբել նրան, ո՞ւմն էին վերաբերում նրա խոսքերը այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Ես էլ չկամեցա հարցնել, որ ավելի չգրգռեմ նրա ցավերը։ Մի այնպիսի սարսափելի տանջանքի հազիվ կարող էր դիմանալ նրա զառամյալ սիրտը։ Անցյալի դառն և տխուր հիշողությունները, իսկ ներկայի անակնկալ ուրախությունը միօրինակ տանջում էին նրան։ Ես չկամեցա ավելի վրդովել նրա բորբոքված զգացմունքները, թող տվի, մինչև առավոտյան ամեն ինչ կպարզվեր։
Նենեն և պառավը զարմացած նայում էին մեզ վրա։ Մեր բոլոր խոսակցությունից նրանք ոչինչ չհասկացան, որովհետև մենք խոսում էինք մեր մայրենի լեզվով։ Նրանք կա՛մ լաց էին լինում, երբ տեսնում էին մեր արտասուքը, կա՛մ ուրախանում էին, երբ նկատում էին մեր ուրախությունը։
Գիշերից բավական անցել էր, երբ պառավը իմ օգնությամբ ծերունուն իր անկողն ի մեջ դրեց։ Բայց նա չկարողացավ հանգիստ քնել։ Ամբողջ գիշերը անցկացրեց զառանցության մեջ. միշտ ա՜խ էր քաշում, արձակում էր դառն հառաչանքներ և լռում էր։ Իսկ շատ անգամ ես լսում էի միևույն խոսքերը. «Ա խ, ինչպես խաբվեցա ես»։
Ես նստած էի նրա անկողնի մոտ և լի տխուր մտածություններով նայում էի անբախտ հոր տառապանքների վրա։ Արդյոք ի՞նչ մի դժոխային կետ կար այդ ողորմելի մարդու ճակատագրի մեջ, որ այնպես խռովեցնում էր նրան։ Ո՞վ գիտե, ինչե՜ր էին անցել նրա գլխով, ո՞վ գիտե, իր կյանքում ո՛րպիսի դառն արկածների էր հանդիպել նա, որ այնպիսի սոսկալի կերպով տանջվում էր, երբ հիշում էր դժբախտ անցյալը:
– Երևի դուք վատ լուր հաղորդեցիք նրան, – Հարցրեց պառավը։
– Ընդհակառակն, իմ հաղորդած լուրերը խիստ ուրախալի էին։
– Ապա ինչո՞ւ այդպես խռովության մեջ ընկավ նա։
– Չգիտեմ։
– Այդպես շատ անգամ պատահում էր նրա հետ, – խոսեց պառավը։ –Երբեմն ամբողջ օրերով պատառ հաց բերանը չէր դնում և ոչ գնում էր ձուկն որսալու, այլ անշարժ նստած խրճիթի դռանը, ժամերով նայում էր ծովի վրա, նայում էր անցուդարձ անող նավերին ու նավակներին և մտածում էր։ Ի՞նչ էր մտածում նա, ես այդ չգիտեի, նա երբեք իր սիրտը ինձ մոտ չէր բաց անում, բայց ես շատ անգամ նկատում էի նրա աչքերում արտասուք։ Լինում էին օրեր, որ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր և մինչև անգամ հանաքներ էր անում։ Բայց հանկարծ, կարծես թե, մի չար ոգի անցավ նրա մոտով, և նա մտաբերեց մի ինչ-որ բան, և կրկին տխուր մռայլը պատում էր նրա դեմքը, սկսում էր հառաչել, սկսում էր անիծել իր բախտը...
Ամբողջ գիշեր մենք անքուն մնացինք։ Նենեն նույնպես չպառկեց քնելու, երբ տեսավ, որ ես նստած եմ։ Խեղճ աղջիկը չգիտեր՝ ինչո՞վ փարատեր իմ տխրությունը։ Նրան հայտնի չէր դժբախտ հոր և նույնքան դժբախտ որդու ցավալի անցյալը։ Նա չգիտեր, որ մենք աշխարհի ամենաթշվառ արարածներից մեկն էինք, անտուն, անհայրենիք, հալածված դառն հանգամանքների բռնությունից, թափառում է՛ինք երկրե երկիր, որպես մի արմատախիլ եղած, չորացած բույս, որին փոթորկային հողմի անգթությունը տարուբերում է յուր կատաղի հոսանքի հետ...
Այո՛, Նենեն չգիտեր ինչով մխիթարել ինձ։ Որդին հանդիպում էր կորած, մոռացված հորը և, փոխանակ ուրախանալու, տրտմում էր, որովհետև այդ հանդիպումը պիտի բաց աներ նրա առջև կատարված պատահարների մի սոսկալի վիհ, որ մինչև այն օր նրան անհայտ էր...
Նենեն միայն հարցրեց ինձ.
– Դու առաջուց ճանաչո՞ւմ էիր այդ ծերունուն։
– Նա իմ հայրն է, – պատասխանեցի ես։
Ե. ԳԱՂՏՆԻՔԸ ԼՈԻԾՎՈԻՄ է
Առավոտյան հայրս զարթնեց խիստ վաղ։ Առաջին բառը,որ արտասանեց, էր իմ անունը։ Ես իսկույն մոտեցա նրան։
– Եկ գրկեմ քեզ, որդիս, թույլ տուր արևի լույսով մի լավ ուրախանամ քեզանով, – Ասաց նա ծնողական հոգեզմայլությամբ։
Ես ընկա նրա գիրկը՛
– Ա՛խ։ ինչպես խաբեցին ինձ...– դարձյալ կրկնեց նա գիշերվա խոսքը, խորին կերպով հոգվոց հանելով։
– Դու ամբողջ գիշեր անհանգիստ էիր, հայրիկ, համարյա չքնեցիր, շատ անգամ կրկնում էիր այդ խոսքը, պատմիր, ո վ խաբեց քեզ և ի՞նչ բանում խաբեցին։
– Անցյալը մի հիշեցրու ինձ, որդի, – պատասխանեց նա տխուր ձայնով, – դու ինձ այն ասա՛, մայրդ կենդանի՞ է։
– Ես նրան բոլորովին առողջ թողեցի տանը և մի քանի անգամ նամակներ եմ ստացել, շատ ժամանակ չէ, որ նոր նամակ ևս ստացա, նա բոլորովին առողջ է։
– Անիծյա՜լ լինես դու... ինչպես խաբեց ինձ...
Նա դարձյալ հիշեց իր խաբված դրությունը։ – Իսկ քույրե՞րդ, – Հարցրեց նա։
– Նույնպես առողջ են, մեծ քույրս մարդի է գնացել, այժմ երկու երեխա ունի, միջնակ քույրս նշանված է։
Նրա շիջած աչքերի մեջ փայլեց ուրախության մռայլ նշույլը։ Իսկ իմ հետաքրքրությունը ավելի գրավում էր այն գաղտնիքը, թե ո՞ւմ էր անիծում հայրս, կամ ո՞վ էր խաբել նրան։ Երկար թախանձելուց հետո վերջապես հոժարեցավ նա պատմել։
– Գուցե մայրդ ասած կլինի, որ դեռ դու չէիր ծնված, երբ ես աղքատությունից ստիպված թողեցի հայրենի երկիրը և դիմեցի ղեպի պանդխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Բացի ծանր պարտքերից, ես ոչինչ չթողեցի իմ ընտանիքի ապրուստի համար։ Մի քանի կտոր կալվածքներ ունեի, նրանք ևս պարտքերիս փոխարեն գրավ էին դրված։ Մի քանի տարի երկրե երկիր թափառում էի. բայց ոչ մի գործում հաջողություն չէի գտնում։ Հայրենիքից ստացված տեղեկությունները միշտ տխուր էին լինում և անմխիթար։ Վերջապես հասավ Պարսկաստանի սարսափելի ժանտախտի լուրը։ Այդ միջոցին հայտնվեցավ ինձ մոտ մի խաչագող, որ նոր էր եկել մեր երկրից և ուներ իր հետ մի նամակ իմ անունով։ Նա պատմեց, թե որպիսի սոսկալի կոտորած կատակեց ժանտախտը և որպես դատարկվեցավ ամբողջ երկիրը, Իսկ նա մակի մեջ ավելի մանրամասնություններ կային։ Նամակը մեր գյուղի քահանայի գրածն էր։ Նա սկսվում էր մխիթարական խոսքերով, որպես սովորաբար գրում են այն անբախտներին, որոնք կորցրել էին իրանց սիրելիներին։ Նրա մեջ կար մի երկար ցուցակ, թե մեր գյուղացիներից ո՛վ մեռավ կամ ո՛վ ազատվեցավ։ Մեռելների թվում գրած էր քո մոր, քույրերիդ և քո անունը։ Իմ ամբողջ ընտանիքը ժանտախտի զոհ էր դարձել։ Այդ անիրավը բերանացի էլ պատմեց, թե որպիսի պատուհասի ենթարկեց աստված իմ ընտանիքը, և ավելացրեց, որ իմ թողած բոլոր կայքերը պարտքերիս փոխարեն տիրեցին...
Վերջին խոսքերի ժամանակ ծերունու ձայնը փոքր առ փոքր թուլացավ, և նա դժվարանում էր շարունակել իր պատմությունը։ Նենեն տվեց նրան մի բաժակ կաթ խմելու։ Նա փոքր-ինչ կազդուրվեցավ և շարունակեց.
– Այլևս ոչինչ չէր մնում, ես կորցրել էի այն բոլոր առարկաները, որ սիրելի էին ինձ, որ կապում էին իմ սիրտը իմ հայրենիքի հետ։ Այդ տեղեկությունները այնքան ծանր և սպանիչ ազդեցություն ունեցան իմ վրա, որ ես մի քանի ամբողջ ամիսներ հիվանդ պառկեցա։ Նամակաբերը չհեռացավ իմ հիվանդության մահճից և ամենայն հոգատարությամբ խնամք էր տանում իմ վրա։ Մինչև իմ առողջանալը նա բոլորովին գրավեց իմ բարեկամությունը, և ես իմ ա՛նձը շատ երախտապարտ էի համարում նրան։ Ես ընդունեցի նրան իմ մոտ, և որպես ընկեր գռրծում էինք միասին։ Ես վճռեցի այլևս չվերադառնալ մեր հայրենիքը, ուր պիտի գտնեի սիրելի կնոջ, սիրելի զավակներիս գերեզմանները միայն և իմ դատարկացած տունը, այն ևս պարտքատիրոջ ձեռքը անցած։ Ամեն ինչ իմ մեջ պիտի զարթեցներ տխուր հիշողություններ։ Հայրենիքը ատելի էր դարձել ինձ...
Նրա ձայնը դարձյալ սկսեց դողդողալ, դարձյալ դառն զգացմունքները խեղդում էին նրան։ Նենեն տվեց նրան երկրորդ բաժակ կաթը, բայց այս անգամին չընդունեց և փոքրինչ հանգստանալուց հետո շարունակեց.
– Ես այն ժամանակ հարուստ էի, ունեի մի քանի հազար պատրաստի ոսկիներ սնդուկի մեջ, իմ նոր ընկերը այն աստիճան գրավել էր իմ հավատարմությունը, որ ես ամեն ինչ հանձնել էի նրա ձեռքը։ Անցան մի քանի տարիներ, նա ինձանից չէր բաժանվում։ Մեր գործերը օրըստօրե լավանում էին, և օրըստօրե այդ մարդը սիրելի էր դառնում ինձ։ Բայց ի՞նչ գիտեի, որ նրա բոլոր մտերմությունը կեղծ էր, խաբեություն էր. մի գիշեր, իմ քնած ժամանակ, նա հարձակվեցավ իմ վրա, սրի մի քանի հարվածներ տալով, ես անզգա և ուշաթափ մնացի, իսկ նա, ինձ արդեն սպանված համարելով, հափշտակեց իմ ոսկիները և փախավ։ Ահա այն սպիները, որ թողեց իմ վրա այն չարագործը...
Հայրս ցույց տվեց մի քանի խորն ընկած վերքերի նշաններ իր մարմնի վրա և շարունակեց.
– Այդ պառավը, որ դու տեսնում ես իմ խրճիթի մեջ, ես իմ կյանքով նրան եմ պարտական։ Նա մի անբախտ այրի էր, ինձ վեր առեց իր մոտ, խնամք տարավ և առողջացրեց։
Հորս ցավալի պատմության ժամանակ ես գտնվում էի մի տեսակ զարհուրանքի մեջ, թե ո՛րքան դժբախտությունների պատճառ է դառնում սուտը, խաբեությունը և նենգավոր մտերմությունը։ Հորս խաբված դրությունից առաջ էր եկել մեր ամբողջ ընտանիքի թշվառությունը։ Եթե նա այդ պատահարներին չհանդիպեր, եթե նա իր ժամանակին վերադարձած լիներ իր հայրենի երկիրը և իր վրա առներ յուր ընտանիքի խնամատարությունը, ես երբեք ստիպված չէի լինի ոտքս դուրս դնել իմ հոր տնից և անբարոյականության մեջ չէի ընկնի։
– Ինչպե՞ս էր այն չարագործի անունը, – Հարցրի ես, երբ հայրս վերջացրեց իր պատմությունը։
– Օհան, դու կարծեմ կճանաչես նրան։
– Կարապետի որդին, ինչպե՞ս չեմ ճանաչում։
– Հենց նա։
Ես սառած մնացի։ Այդ անիրավը ոչ սակավ մոլորության մեջ էր գցել և՛ ինձ, և՛ իմ մորը, և՛ մեր բարեկամներին։ Ես այդ անցքը պատմեցի հորս։
– Լսիր, հայրիկ, թե ինչպես վարվեց նա մեզ հետ, այնտեղ, Պարսկաստանում, երբ վերադարձավ պանդխտությունից։ Նա լուր բերեց, թե դու մեռած ես և իր հետ ուներ մի քանի խաչագողների նամակներ, որոնք նույնպես հաստատում էին քո մահը։ Նա բերել էր և քո ոսկյա մատանին, որի վրա փորագրված էր քո անվանական կնիքը։ Այդ հիշատակը հանձնեց նա իմ մորը։ Մորս ծանոթ էր այդ մատանին։ Մեր դրացի կնիկները համոզում էին նրան, որ թաղե մեր գերեզմանատան մեջ և քո անունով մի շիրիմ կանգնեցնե։ Բայց նա չէր հավատում մեզ հասած տեղեկություններին, նրան բավական հայտնի էին խաչագողների խաբեբայությունները։ Հետո Օհանը շատ անգամ գալիս էր մորս մոտ և իրան ցույց էր տալիս որպես մեր տան ամենալավ բարեկամը։ Վերջը նա առաջարկեց պսակվել մորս հետ, բայց մայրս մերժեց նրա առաջարկությունը։
– Ավազա՜կ, – գոչեց հայրս ատամները կրճտացնելով, – Այստեղ հափշտակեց ոսկիներս, իսկ այնտեղ աշխատում էր խլել կնոջս...
Մի քանի րոպե մնաց նա տխուր լռության մեջ և ապա դարձավ ինձ այդ խոսքերով.
– Ահա այդպես են այդ չարագործները... զգուշացի՜ր, որդի, հեռու կացիր այդ մարգերից։ Նրանց համար այս աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Ես էլ մի ժամանակ պատկանում էի այդ փչացած, անբարոյականացած հասարակությանը... ես էլ շատ տներ եմ քանդել, շատ ընտանիքներ եմ անբախտացրել, իմ ձեռքերն էլ մաքուր չեն մնացել անմեղների արյունից... Թո՛ղ այդ խրճիթը, հեռացիր, որդի, չարագործ հորից, որովհետև աստծո անեծքը կա նրա վրա...
Խե՜ղճ հայր, նա դեռ չգիտեր, որ որդին էլ ընկած է նույն ցեխի մեջ։ Նա հարցրեց.
– Իսկ քեզ, որդի, ո՞ր բախտը ձգեց այս հեռավոր անկյունում։
Ես համառոտ պատմեցի վարպետիս դարբնոցում պատահած անցքը, մորս՝ ինձ քավոր Պետրոսին հանձնելը, իմ գործունեությունը պանդխտության մեջ և վերջապես այն դեպքը, որ մեզ դեպի այդ անտառը բերեց և ձգեց դրամանենգների ընկերության մեջ։
Այդ բոլորը լսելու ժամանակ թշվառ ծեքունին ավելի և ավելի սարսափում էր, մինչև նա կտրեց իմ պատմությունը, բացականչելով.
– Անբա՜խտ որդի, դու էլ կորա՛ծ ես, – և արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա աչքերից։
Փոքր-ինչ հանգստանալուց հետո իր խռովությունից շարունակեց նա.
–Լսիր, որդի, ամեն մի ապականված շրջանի ժահահոտությունը այնքան զգալի չէ լինում, երբ մարդ ապրում է նույն շրջանի մեջ, որովհետև նրա զգայարանքները սովորում են, ընտելանում են այն օդին: Իսկ երբ դրսից, մաքուր օդ շնչելուց հետո, մոտենում ես ապականված շրջանին, այն ժամանակ միայն զգում ես նրա թունավոր արտաշնչությունը։ Դու այժմ անմաքուր շրջանի, այդ փչացած հասարակության մեջ ես գտնվում և զգալ չես կարող, թե ո՛րպես քո անձը օրըստօրե վարակվում է և բարոյապես փտում է։ Միօտար ձեռք պետք է, որ քեզ դուրս քաշե նրա միջից, և այդ թող լինի հայրական փորձված ձեռքը։ Աղաչում եմ քեզ, հեռացիր այդ չարագործներից, քանի որ բոլորովին ընկած չես... քանի որ բոլորովին կորած չես...
Նա իմ ձեռքը բռնել էր իր դողդոջուն ափերի մեջ։ Վերջին խոսքերն արտասանեց արտասուքով և ծնողական սրտի խորին ցավակցությամբ։ Ես խոստացա կատարել նրա պատվերը, բայց մտածում էի, թե ի՞նչ հնարքով պետք է բաժանվել Պետրոսից։ Այդ սարսափելի մարդը այն աստիճան կաշկանդել էր ինձ, որ նրանից անջատվելը շատ հեշտ չէր: Հայրս պատասխանեց,
– Ես լավ եմ ճանաչում այն անիրավին... նրա մեջ գութ կամ խիղճ կոչված բաները չկան։ Ես գիտեմ նրա բոլոր արարմունքը... աշխարհի ամեն կողմերում եղել է նա և որտեղից անցել է, թողել է իր ետևից արտասուք և դժբախտություն։
– Այսուամենայնիվ, նա ինձ հետ միշտ լավ է եղել, նա մինչև անգամ որդու պես սիրում էր ինձ։
– Հավատում եմ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի խաչագողի համար սերը, բարեկամությունը։ Լսիր, որդի, իմ ալևոր մազերը այդ չարագործների մեջ ճերմակացան։ Նրանք չգիտեն, թե ի՛նչ է ճշմարիտ բարեկամությունը, որքան սերտ են նրանց ընկերական կապերը, որքան մտերմական են նրանց հարաբերությունները, այնքան զարհուրելի է լինում վրեժխնդրությունը՝ երբ ընկերը իր ընկերի մեջ նշմարում է մի ամենափոքր կասկած։ Բայց կասկածել նրանք միշտ կարող են, որովհետև ում խիղճը մաքուր չէ, նա կասկածավոր է լինում։
Այդ բոլորը ուղիղ էր, ես առանց հորս ասելու էլ գիտեի։ Թայց ի՞նչպես հեռանալ քավոր Պետրոսից առանց նրան կասկած պատճառելու դրանումն էր գլխավոր հարցը։ Ես հարցրի
– Ինչպե՞ս թողնեմ նրա մոտ իմ այսքան տարվա վաստակը։ Ես ունեմ մեծ հարստություն, և բոլորը նրա մոտ է»
Նա պատասխանեց վրդովված ձայնով,
– Ձգի՛ր այն ապականված արծաթը, նա թույնից ավելի մահաբեր է։ Խաչագողի հարստությունը մի փոսի մեջ քամուց հավաքված ցամաք տերևների նման է. փչեց հակառակ քամին, և ահա նա ցրիվ եկավ։ Ավազակը երբեք չի հարստանա, նա այսօր հարուստ է, վաղը՝ աղքատ։ Այդպես են բոլոր խաչագողները։ Շատ անգամ նրանք մեծ գումարներ են ձեռք բերում, շատ անգամ մի սև փող չունեն ծախսելու։ Որովհետև նրանք ոչ միայն սովոր չեն ազնիվ աշխատանքին, այլ նրանց ծանոթ չէ ո՛չ փողի կանոնավոր կերպով վաստակելը և ոչ նրա տնտեսաբար սպառելը։ Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը նրանց մոտ չափազանցության է հասնում և մեջտեղում մնում է միշտ ոչինչ, այսինքն աղքատություն։
Ես ոչինչ չպատասխանեցի, հայրս շարունակեց,
– Լսի՛ր, որդի, ով որ իր կյանքում մի որևիցե հիվանդությամբ վարակված է լինում, երկար բժշկվելուց հետո, ինքը նույն հիվանդության բժիշկն է դառնում։ Ես այդ բոլորը փորձել եմ իմ կյանքում, իմ անձի վրա։ Փախի՛ր, հեռացի՛ր այդ մարդկանցից, որպես ժանտախտից, ազատության ուրիշ հնար չկա...
Ես հարցրի հորիցս, երբ նրանք այս աստիճան ատելի էին, ինչւ էր նա իր խրճիթը հիմնել նրանց բնակարանի մոտ։
– Նրանք նոր են եկել, ութ ամիս չկա, որ նրանք բույն են դրել այդ անտառների մեջ։ Իսկ ես բնակվում եմ այդ ծովի ափի մոտ ավելի քան վեց տարի։ Երբ նրանք հայտնվեցան, ես պատրաստվում էի հեռանալ այստեղից, բայց հիվանդությունս արգելք եղավ։ Ես պառկած էի, ես հիվանդ էի, մի քանի շաբաթ հազիվ կլինի, որ փոքր-ինչ հազիվ կազդուրվել եմ:
Բայց ի՞նչը ստիպեց քեզ առանձնանալ այդ ծովի ափի մոտ։
– Դու լսեցիր իմ պատմությունը, թե ո՛րպես խաբվեցա ՛ես, թե ո՛րպես դավաճանեց և կողոպտեց ինձ հավատարիմ ընկերը... Այն օրից ես ատեցի աշխարհը, հեռացա մարդկանցից և վճռեցի այդ մոռացված խրճիթում, աքդ ծովի ափերի մոտ անցկացնել իմ դժբախտ ծերությունը...
Ես խոստացա բաժանվել քավոր Պետրոսից, խոստացա թողնել այն հարստությունը, որ անարդար միջոցներով էր հավաքված, և ասեցի հորս.
– Ես ընդունում եմ քո խորհուրդը, ես այլևս չեմ վերադառնա այն մարդկանց մոտ և կմնամ այստեղ։ Բայց դու ևս, հայր, խոստացիր, որ մոլորված որդու հետ կվերադառնաս մեր հայրենիքը, կուրախացնես կարոտ մորս, կուրախացնես անտեր մնացած զավակներիդ։ .
– Խոստանում եմ, – պատասխանեց նա։ – Ես հենց այս օրից կսկսեմ ճանապարհի պատրաստություն տեսնել։
Այդ միջոցին Նենեն և պառավը մոտեցան մեզ։
– Գրկիր այդ երիտասարդին, դա իմ որդին է։
Նա ուրախությամբ սկսեց համբուրել ինձ։ Ոչ սակավ ուրախ էր և Նենեն։ Նա երեխայական հրճվանքով պտտվում էր իմ շուրջը, ծիծաղում էր, հանաքներ էր անում հորս հետ, շնորհավորում էր նրան, որ բախտ ունեցավ գտնել իր որդուն, և ասում էր.
– Տեսա՞ր, պապա, եթե ես չլինեի, եթե Մուրադը ինձ այստեղ չբերեր, դու, կարելի է, չտեսնեիր նրան։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.