Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 4 (всего у книги 22 страниц)
– Այժմ, սիրելի զավակս, իմ խղճմտանքի վրա մի ծանր բեռն է դրված, ես քուն ու հանգստություն չունեմ, գիշեր ու ցերեկ տանջվում եմ այն մտածությունով, որ իմ անխոհեմությամբ պատճառ եղա մի աղետալի գործի և շատերին ղժբախտության մեջ գցեցի։ Չգիտեմ, ինչով կարող եմ քավել այդ մեղքը։
Ես սթափվեցա:
– Նրանով, – պատասխանեցի, – Որ հենց այս րոպեիս պիտի գնաք դատավորի մոտ և հայտնեք նրան, թե մի կտրել տվեք այն անմեղ մարդու ձեռքը, որովհետև հանցավորը դուք եք։
– Ես այդ կանեի և մեծ հոժարությամբ կանեի, բայց նրա ձեռքը այլևս չեն կարող կտրել։
– Ինչո՞ւ:
– Այս առավոտ երբ գնացին, որ բանտից դուրս բերեն նրան և տանեն դատապարտյալների հրապարակի վրա վճիռը կատարելու, գտան բանտի դռները խորտակված, պահապանննրից մի քանիսը սպանված, իսկ կալանավորը անհայտացած։
Իմ կյանքում ոչինչ ինձ այնքան չէ ուրախացրել, որքան ես ուրախացա, լսելով վարպետիս ազատության լուրը։ Ես իսկույն հիշեցի Կարոյի խոսքը, որ ասել էր ինձ, թե «Մենք նրան կփախցնենք»... Ընկերներս կատարեցին իրանց խոստմունքը, նրանք չխաբեցին ինձ։ Ես այդ մասին քավոր Պետրոսին ոչինչ չհայտնեցի, նկատելով, որ նա տեղեկություն չունի, թե ի՞նչ հնարքով կամ ո՞վքեր փախցրին նրան բանտից: Միայն ասացի.
– Լավ, դիցուք թե նա, փախչելով բանտից, դրանով կարողացավ իր ձեռքը աղատել դահճի դանակից, բայց այնքան չարչարանքներ, այնքան վնասներ, որ կրեց նա, տունից, կայքից, հարստությունից ղրկվեցավ, այդ բոլորը ոչի՞նչ, դուք ձեզ մեղապարտ չե՞ք համարում այդ բոլորի մեջ։
– Համարում եմ, ինչպե՞ս չեմ համարում։ Ինձ այնպես է թվում, որ այդ բոլոր վնասները ես պատճառեցի նրան։ Եթե ես այն անիծյալ բանալին շինել չտայի, այդ վնասները նրան չէին Հանդիպի։ Բայց միայն աստծուն հայտնի է, թե որքան անպարտ եմ ես...
Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ դեպի մորուքը, և շապկի թևքը ետ քաշվելով, երևա՛ն հանեց նրա մերկ բազուկը։ Ամեն անգամ այդ բազուկը տեսնելիս ինձ տիրում էր մի սրբազան սարսուռ, և սիրտս սկսում էր դողդողալ մի անբացատրելի հոգևոր երկյուղածությամբ։ նրա վրա դրոշմված էր Երուսաղեմի վանքի սուրբ կնիքը, որը պատկերացնում էր իր մեջ այն նվիրական տեղերը, որոնց հետ կապված են ամբողջ քրիստոնյա աշխարհի սրտերը։ Իսկ ձեռքի վրա դրոշմված էր մի խաչ՝ սիրո և եղբայրության նշանը՝ Հիսուս Քրիստոսի ուխտի նշանը, որը պատվիրեց նա կրել, որպես մի հոգևոր զենք արդարության և ճշմարտության համար մարտնչելու։ Մի թե մի այսպիսի ձեռքը, որ կրում է իր վրա այդ քրիստոնեական զինվորության նշանը, ընդունակ կլինի չար գործելու։
Քավոր Պետրոսը մուղդուսի էր։ նա իր կյանքում մի քանի անգամ այցելություն էր գործել Երուսաղեմի վանքը և իր ձեռքերը, բազուկները դրոշմել էր սուրբ ուխտի կնիքով։
Երբ նրանից հարցրի՝ ուրեմն ի՞նչ հատուցում պիտի անեք այն անմեղ մարդուն, որին դուք թեև անգիտակցաբար ղժբախտացրիք, նա պատասխանեց.
– Ես այդ մասին մտածել եմ և վճռել։ լսիր, Մուրադ, ես, ինչպես ասում են հեքիաթների մեջ, պետք է երկաթե ցուպ կրեմ ձեռքիս, պետք է երկաթե տրեխներ հագնեմ, վերջապես պետք է երկաթե շղթա անցկացնեմ պարանոցիս և երկրե երկիր, աշխարհից աշխարհ ման գամ, մուրացկանություն անեմ, փող հավաքեմ, որ նրա կրած վնասների փոխարենը վճարեմ, որպեսզի խիղճս հանգստացնեմ։
– Ուրեմն դուք վճռել եք գնալ օտա՞ր աշխարհ։
– Անպատճա։
– Եվ ա՞յդ նպատակով։
– Այո՛, այդ նպատակով։
Ես հիացած մնացի նրա առաքինության վրա։
Րոպեական մտածությունից հետո խոսեց նա.
– Ես քեզ խոստովանվեցա իմ բոլոր հանցանքը, խոստովանվեցա նաև, թե ինչով դիտավորություն ունեմ քավելու այդ հանցանքը։ Հիմա ես դաոնում եմ դեպի քեզ, Մուրադ, դու խելացի տղա ես, դու հասկանում ես այնքան, որքան կարող է հասկանալ մի ազնիվ, հասակավոր մարդ։
Խոստովանիր, քո խիղճը, քո սիրտը չէ՞ ասում քեղ, որ վարպետիդ դժբախտության մեջ դու նույնքան հանցավոր ես, որքան՝ ես։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որպես ես անգիտակցական պատճառ դարձա նրա անբախտությանը, այնպես էլ՝ դու։ Կորստաբեր բանալին շինել տալու ժամանակ ես, իհարկե, չգիտեի, թե ո՛րպիսի չարիքների դուռն պիտի բաց անե նա. այն պես էլ դու չգիտեիր, երբ շինեցիր։ Ուրեմն մենք երկուսս էլ մեր անմեղությամբ պատճառ դարձանք մի մեղավոր գործի։ Այդ մեղքը տարածվում է մեր երկուսի վրա։ Մի՞թե միասին չի պիտի քավենք նրան։
– Այո , միասին։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։
– Ա յն, ինչ որ ես պիտի անեմ։ Դու անպատճառ պիտի գաս ինձ հետ. դու պիտի թողնես այդ երկիրը։ Լսիր, Մուրադ, քո վարպետը, իրավ է, ազատվեցավ պատժվելուց,փախավ բանտից, բայց դրանով գործը պետք է վերջացած չհամարել, ընդհակառակն, ավելի ծանրացավ։ Կառավարությունը այսուհետև ավելի խստությամբ կսկսե որոնել նրան և նրա մարդիկներին, որոնք նույնպես փախած են, այսինքն՝ քեզ։ Երբ քեզ բռնելու լինեն, այլևս փրկություն չկա, անպատճառ կախաղան կբարձրացնեն։ Այդ ես գիտեմ։ Քո անբախտ մայրը կմեռնի կսկծից, և. քո հոր տան ճրագը իսպառ կհանգչի։ Եթե ցանկանում ես, որ քո կյանքը ապահով դրության մեջ լինի, պետք է անպատճառ հեռանաս այդ երկրից։ Այստեղ պահվել չես կարող։ Կգնանք օտար աշխարհ, մի քանի տարի անց կկացնենք պանդխտության մեջ, փող կվաստակենք, հետո կվերադառնանք: Մինչև մեր վերադարձը ամեն ինչ փոխված կլինի, ամեն բան մոռացված կլինի։ Պարսից դատարանների վճիռները ժամանակավոր են, փոխվեցան դատավորները, փոխվում են և վճիոները։ Ոչ ատենական դիվանագիտություն կա և ոչ որևիցե արձանագրություն։ Ներկա մարդը չգիտե, թե իր նախորդի օրերում ինչեր են կատարվել։
Վերջացնելով իր բացատրությունները, նա դարձավ դեպի ինձ, ուղիղ իմ երեսին նայելով.
– Ասա՛, համաձա՞յն ես ինձ հետ գալու։
– Ես համաձայն եմ, բայց չգիտեմ, թե մայրս ինչ կասե:
– Մայրդ շատ ուրախ կլինի։ Նա գիտե, որ դու այստեղ մնալ կարող չես, միշտ պետք է թաքնված լինես, միշտ պետք է փախստականի կյանք վարես։ Իսկ այսպես ապրել անկարելի է։
– Ուրեմն դուք խոսեցեք մորս հետ:
– Ես անպատճառ կառնեմ նրա համաձայնությունը։
Գ. ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ
Աշնան վերջը մոտեցավ։ Մեր գյուղր օրըստօրե ստանում էր տխուր կերպարանք։ Տերևաթափ այգիները կորցրին իրանց գեղեցկությունը, և մերկ դաշտերի գունաթափ երեսը ներկայացնում էր մի հիվանդոտ պատկեր։ Ամեն երևույթ տրամադրում էր դեպի տխրությունը։ Թռչուններն անգամ լուռ էին և շտապում էին շուտով թողնել այդ երկիրը, որ այլևս նրանց ուրախացնել կարող չէր։
Միևնույն զգացմունքներով լի էր և իմ սիրտը։ Հայրենի երկիրը ինձ համար բանտ էր դարձել։Ինձ թվում էր, որ բոլոր շրջապատող առարկաները այնքան ծանրացել էին իմ վրա, որ ճնշում էին, խեղդում էին ինձ, և շունչ առնելու հնար չկար: Ես կորցրել էի իմ ազատությունը։ Ես մի անբախտ փախստական և դեռ չպատժված հանցավոր էի։ Դրսից նեղացնում էր ինձ օրենքի ահն ու երկյուղը, իսկ ներսից խղճի խայթը...
Մայրս շուտով կարողացավ հասկանալ իմ դրությունը, նա խելացի կին էր և մի օր դարձավ դեպի ինձ այս խոսքերով.
– Մուրադ, դու մեր երկրում անունդ կոտրեցիր... կեղծ դրամ դարձար... դու այլևս այստեղ չես մսխվի...
Այդ խոսքերի մեջ խառնված էր և՛ մոր սրտի կսկիծը, և՛ մի դառն հանդիմանություն, որի նմանը մինչև այնօր լսած չէի նրանից։
– Ես այդ զգում եմ, մայրիկ, – պատասխանեցի ես։ – Ես այդ գիտեմ, որ կեղծ դրամը ճանաչված տեղում այլևս չի մսխվի , բայց այդ դրությունից ազատվելու համար չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ։
– Դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս...
Արտասուքը թույլ չտվեց նրան շարունակել իր խոսքը։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։
Մայրս սկզբում ինձ բոլորովին անմեղ էր համարում, հավատացած էր, որ ես ոչնչով խառն չեմ վարպետիս արհեստանոցում կատարված գործի մեջ, և այդ պատճառով մխիթարվում էր, մտածելով, թե իր որդին թեև հալածվում է, թեև կասկածանքի ենթակա է, բայց արդար է։ Իսկ սկսյալ այն րոպեից, երբ ես իմ անրջային տագնապի մեջ արտասանեցի այն աղետալի խոսքերը, թե «ես եմ շինել այն բանալին» այդ րոպեից նա համարում էր ինձ գող, ավազակ կամ ավազակ ների ընկեր։ Ես առիթ չունեցա նրան բացատրելու գործի իսկությունր, որովհետև կոտրված սրտին խիստ ծանր էր լսել, իր կարծիքով, արդեն փչացած, անբարոյականացած և հանցավոր որդու դառն խոստովանությունները... Այդ մասին նա խոսացել էր միայն քավոր Պետրոսի հետ, իսկ քավոր Պետրոսը ի՞նչ էր ասել նրան, ինձ հայտնի չէր։ Միայն մորս վերջին խոսքերից, որ ասաց ինձ, թե «դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս», ես հասկացա, որ արդեն վճռված էր իմ մասին՝ հեռանալ հայրենիքից։ Ես հարցրի.
– Մինչև այսօր օտար երկիր չեմ տեսել, ո՞ւմ հետ գնամ։
Նա պատասխանեց.
– Մեր քավոր Պետրոսը գնում է, դու էլ պիտի գնաս նրա հետ։
Ես ուրախացա։Իսկ այդ բառերը արյան հետ բխեցին մորս սրտից։ Մինչև այսօր հիշում եմ, թե որքան գունաթափ ու որքան տխուր էր նրա դեմքը այդ խոսքերն արտասանելու րոպեում։ Բարեսիրտ մայր, նրան խիստ դժվար էր բաժանվել արդեն փչացած որդուց.... Բայց մի՞թե փչացած էի ես։ Այդ հարցը դժբախտաբար մնաց անորոշ...
Մորս փոքրիշատե մխիթարում էր այն միտքը միայ՛ն, որ իր որդուն հանձնում է մի փորձված և հավատարիմ բարեկամի ձեռքը, որպիսին քավոր Պետրոսն էր, և հույս ուներ, որ մի այսպիսի մարդու ձեռքում օտարության մեջ ես կուղղվեի և «օրինավոր» մարդ կդառնայի։ Բացի դրանից, նա մտածում էր, Որ թողնելով հայրենիքը (այսինքն՝ իմ հանցանքի գործված տեղը) և առժամանակ գնալով հեռավոր աշխարհ, ես եթե «օրինավոր» մարդ ևս չդառնայի, գոնե իմ կյանքը կազատեի օրենքի և դատաստանի դատապարտությունից, որը, քավոր Պետրոսի ասելով, պիտի վերջանար կախաղանով։
Իմ մենտորի հետ մենք մի քանի օր առաջ արդեն վճռել էինք իմ պանդխտության մասին։ Մեզ մնում էր միայն ստանալ մորս համաձայնությունը։ Այղ ևս այժմ կայացավ։ էլ ի՞նչը կարող էր այնուհետև պահել ինձ հայրենի երկրում; Բայց ես մոռացել էի մի բան՝ Սառայի սիրտը։ Մի՞թե կարող էի նրանից բաժանվել։ Այդ միտքը սկսեց տանջել ինձ։
Այն օրից, որ վերադարձել էի մեր գյուղը, ես պահվում էի Սառայենց տանը։ Սառան ամեն կերպով մխիթարում էր իմ դժբախտությունը, գրկում էր, համբուրում էր ինձ, ծած կում էր ինձանից իր տխրությունը, աշխատում էր միշտ ուրախ ձևանալ, որպեսզի ինձ ևս ուրախացնե։
Մինչև վերջին օրը նրանից ծածուկ էի պահում իմ օտար երկիր գնալու խորհուրդը։ Ես միշտ երևակայում էի, թե որ քան ծանր ազդեցություն պիտի աներ խեղճ աղջկա սրտին, երբ հանկարծ կլսեր, որ ընդերկար բաժանվելու է ինձանից։ հայց, իմ ակնկալության հակառակ, նա շուտով հաշտվեցավ այդ մտքի հետ։
Այն գիշերը, որի առավոտյան ես պիտի ճանապարհ ընկնեի, նա մտավ իմ սենյակը։ Տխրամած դեմքից արդեն նշմարվում էր, թե սիրտը որպիսի ալեկոծության մեջ է։ Բայց աշխատում էր զսպել իր խռովությունը։ Կատարվող պատրաստություններից նա արդեն հասկացել էր բոլորը։
– Մուրադ, – եղավ նրա առաջին խոսքը, – դու գնում ես օտար երկիր և այդ մասին ինձ ոչինչ չե՞ս ասում։
– Դու ո՞րտեղից գիտես։
– Մանիշակը ասաց ինձ։
Մանիշակը իմ մեծ քույրն էր. երևում էր, մորիցս տեղեկանալով, հաղորդել էր Սառային։ Ես չթաքցրի նրանից, հայտնեցի, թե վաղ առավոտյան,դեռ լույսը չծագած, պետք է ճանապարհ ընկնեմ։
Խորին ցավակցությամբ սպասում էի, որ նա կսկսեր լաց լինել, կսկսեր աղաչել, պաղատել, որ ես չբաժանվեմ, չհեռանամ նրանից։
Դրանցից ոչ մեկը չեղավ։ Սառան խելացի աղջիկ էր, ավելի խելացի, քան թե ներում էր նրա հասակը և կրթությունը։ Նա բոլորովին նախապատրաստված էր եկել ինձ մոտ, իր սրտի բոլոր ամրությամբ և իր հոգու բոլոր քաջությամբ։ նրա արյունով լցված գեղեցիկ աչքերից նկատեցի ես, որ առաջուց թաքուն այնքան լաց էր եղել, այնքան տանջվել էր, որքան բավական էր իր սիրտը հանգստացնելու համար։ Իսկ ինձ մոտ աշխատում էր որքան կարելի էր սառնասիրտ երևալ, մխիթարել ինձ, որովհետև ես ավելի անբախտ էի, քան թե նա։
– Երևի դու շատ պիտի տխրես, Աառա, որ ես գնում եմ օտար աշխարհ, – Հարցրի ես։
– Ընդհակառակն, ես շատ ուրախ եմ, – պատասխանեց նա։ – Օտար աշխարհ գնալով, դու միշտ իմը կլինես և ինձ համար կպահվես։ Իսկ այստե՜ղ...
– Այստեղ ի՞նչ կլինեմ։
– Այստեղ կարող եմ կորցնել քեզ...
Այդ երկյուղը հաշտեցնում էր Սառային ինձանից անջատվելու դրության հետ։ Նրա նշանածը մի հանցավոր էր, դատապարտության մատնված մի փախստական էր, բավական էր, որ բռնեին նրան, և Սառան այնուհետև հավիտյան պետք է զրկված լիներ սիրած տղամարդից։ Իսկ օտարության մեջ ես կպահվեի, այնտեղ չէր հասնի օրենքի և դատավորի ձեռքը, իմ կյանքը ապահովության մեջ կլիներ, և այդ բավական էր Սառայի համար։
Նա միայն հարցրեց.
– Շա՞տ կուշանաս; Մուրադ։
– Աստված գիտե։ Կարելի է շատ...
Իմ պատասխանը չվախեցրեց նրան, և խորին զգացմունքով պատասխանեց նա.
– Ես քեզ կսպասեմ, ես քեզ չեմ մոռանա... Ես քեզ միշտ կսպասեմ... եթե մինչև տասն տարի, քսան տարի էլ ետ չգալու լինես, ես դարձյալ կսպասեմ քեզ։ Իսկ դու։
Ես երդվեցա, ասելով.
– Եթե ես քեզ մոռանալու լինեմ, Սառա, թող աստված էլ ինձ մոռանա։ Ես միշտ քոնն եմ եղել և քեղ համար կմնամ մինչև այն օրը, երբ աստված կրկին կարժանացնե մեզ միմյանց տեսնելու։
Նա մոտեցրեց ինձ իր երեսը, և մեր շրթունքը երկար չէին բաժանվում միմյանցից։ Հետո դրեց իմ գլխին իր մատներով նախշած մի արախչին, տվեց մետաքսով բանված մի քսակ, որ նույնպես իր ձեռագործն էր, և որը սովորաբար տալիս են հարսնացու աղջիկները իրանց ապագա ամուսիններին, երբ նրանք օտար աշխարհ են գնում իրանց բախտը փորձելու համար, որպեսզի նրանց աշխատանքն ու վաստակը արղյունավո լինի։
– Ես ուրիշ բան չունեմ, Մուրադ, – Ասաց նա խիստ զգալի կերպով, – դրանք քեզ մոտ հիշատակ եմ թողնում:
– Ապա ես ի՞նչ տամ քեզ հիշատակի համար։
– Քո սիրտը, այդ բավական է ինձ։
– Նա բոլորովին քեզ է պատկանում։
Աքաղաղները սկսեցին կանչել։ Գիշերի կեսից անցել էր արդեն։ Բայց Սառայենց տանը դեռ ոչ ոք չէր քնել։ Մայրս ու քույրերս այնտեղ էին և Սառայի հոր հետ պատրաստում էին իմ ճանապարհի իրեղենները։ Նրանք գիտեին, որ Սառան ինձ մոտ է, բայց հակառակ տեղային սովորության, ծնողական բարի ներողամտությամբ թույլ էին տալիս մեզ, որ գոնե մեր բաժանման վերջին րոպեներում խոսեինք, երկար խոսեինք միմյանց հետ։
Երբ աքաղաղները երկրորդ անգամ սկսեցին կանչել, այդ միջոցին ներս մտավ Սառայի հայրը։
– Զավակս, – Ասաց նա դառնալով դեպի ինձ, – ճանապարհ ընկնելու ժամանակ է։
Սառան այլևս չկարողացավ դիմանալ, թաշկինակով աչքերը բռնեց և դուրս եկավ սենյակից։ Հոր ներկայությամբ պարկեշտության կանոնները չէին ներում նրան ո՛չ ուրախանալու և ո՛չ լաց լինել սիրած տղամարդի համար։
Ես ապշած մնացի, չգիտեի ի՛նչ անել։
– Ճանապարհ ընկնելու ժամանակ է, – կրկնեց Սառայի հայրը։
– Այսպես վա՞ղ, – Հարցրի ես մեքենայաբար։
– Դեռևս ուշ է, – պատասխանեց նա։ – Դու այնպիսի ժամանակ պետք է ճանապարհ ընկնես, որ բոլոր գյուղացիները քնած լինեն, որ ոչ ոք քեզ չտեսնե։
Ես շուտով հագնվեցա և դուրս եկա այն սենյակը, ուր մայրս և քույրերս սպասում էին ինձ։ Այնտեղ եկավ և Սառայի հայրը։
– Ախ, երանի թե գիտենայի այսօր ինչպիսի օր է, – Հարցրեց մայրս։
– Բարի է, – պատասխանեց Սառայի հայրը։ – Տերտերից հարցրի, էֆեմերդիին մտիկ տվեց, ասաց՝ բարի է, ճանապարհ գնալու համար, նոր հագուստ ձևել տալու համար, երակներից արյուն բաց թողելու համար և այլն։
Տեր հոր գուշակությունը բավական մխիթարեց մորս։ Նա մի ամբողջ շաբաթ զբաղված էր իմ ճանապարհի պատրաստություններով և սպասում էր մի բարի րոպեի, որ ես ոտքս դուրս դնեի հայրենական տնից։
Ոստիկանության ֆերրաշները, սարվազները մեր տանը ոչինչ չէին թողել, բոլորը կողոպտել, բոլորը տարել էին։ Մնացել էր մի կով միայն, որի վրա մեր ընտանիքը դրել էր իր ապրուստի հույսը։ Այդ կովը ևս մայրս վաճառել էր տվել և ինձ համար գնել էր մի ավանակ, որպեսզի ես ոտքով չճանապարհորդեմ, որպեսզի ես ճանապարհին չհոգնեմ։ Թանկագին մայր, տակավին ո՞րքան սեր, ո՞րքան գութ էր մնացել սրտում դեպի անառակ, դեպի մոլորյալ որդին...
Կարգադրված էր, որ ես առանձին պետք է գյուղից դուրս գայի և մի նշանակյալ տեղում միանայի քավոր Պետրոսի հետ։ Այդ այն մտքով էր, որ քավոր Պետրոսին ճանապարհ դնողները կամ նրա բարեկամները ինձ չտեսնեին։
Իմ փոքրիկ խուրջինը դրեցին ավանակի վրա, և մենք դուրս եկանք բակի դռնից։ Գիշերային խավարը սարսափելի էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում։ Հանդարտ, առանց շշուկ բարձրացնելու մենք անցնում էինք դատարկ փողոցների միջով, աշխատելով չզարթեցնել դրացիներին։ Մայրս, քույրերս, Սառան և նրա հայրը երկար չբաժանվեցան ինձանից։ նրանք եկան ինձ հետ, մինչև գյուղից դուրս եկանք և բավական հեռու գնացինք։ Վերջապես հասանք նշանակյալ տեղը, ուր քավոր Պետրոսը միայնակ կանգնած սպասում էր մեզ։ Ես երբեք չեմ մոռանա այս խոսքերը, որ բաժանման րոպեում մայրս արտասուքի հետ դուրս էր հեղում.
– Հայրդ գնաց օտար աշխարհ և կորա՛վ, Մուրադ, – Ասում էր նա ինձ յուր գրկում սեղմած ունենալով. – Այժմ դու ես մնացել քո հոր օջախի մի՛ակ հույսը... մի՛ մոռացիր, թե ո՞րքան թշվառություններ կրեցինք մենք... մի մոռացիր, որ դու անբախտ մայր ունես և որբ մնացած քույրեր... Մեր ամենի հույսը քեզ վրա է դրված, Մուրադ, աշխատիր, որ մեզ խղճության մեջ չթողնես։
Հետո նա հանձնեց ինձ իմ մենտորին, ասելով.
– Որդուս քեզ եմ հանձնում, քավոր Պետրոս, նա հայր չունի, դու նրա վրա միշտ հայրական խնամք ես ունեցել: Քո բարի խրատներով ուղղիր նրան, որ լավ մարդ դառնա, որ լավ անվան տեր լինի։
Քավոր Պետրոսը խոստացավ, որ իր աչքի լույսի պես կպահե, կպահպանե ինձ և այնպիսի մարդ կդարձնե ինձ, որ ամեն մի տեսնող երանի կտա իմ հորն ու մորը, որ ինձ նման խելացի ու շնորհալի զավակ ունեն։
Բաժանման րոպեն հասավ։ Ես մոտեցա և համբուրեցի Սառայի հոր աջը։ Նա ևս իր կողմից շատ խրատներ տվեց ինձ և շատ բաներ ասաց։ Ես բոլորը մոռացա, միայն մի խոսք հիշում եմ մինչե այսօր, երբ նա իր դստեր ձեռքը տալով իմ ձեռքի մեջ, ասաց.
– Չմոռանաս դրան, Մուրադ, դրա սերը պետք է առաջնորդե քեզ հառաջադիմության ճանապարհի վրա. դրա սերը պետք է վաոե քո եռանդը, պետք է ուժ և զորություն տա քեզ արիությամբ անցնելու այն բոլոր խոչընդոտները, որ պիտի հանդիպեն քեզ քո պանդխտության մեջ...
Մայրս կրկին և կրկին անգամ համբուրեց ինձ։ Քույրերս սկսեցին լաց լինել, երբ տեսան իրանց մայրը լաց էր լինում, ես նույնպես չկարողացա պահել իմ արտասուքը։ Համբուրեցի քույրերիս, համբուրեցի Սառային։ Մենք բաժանվեցանք։ նրանք երկար կանգնած նայում էին մեր ետևից, բայց գիշերային խավարը թույլ չէր տալիս միմյանց տեսնել...
Դ. ԿԵՂԾ ՀԱՋԻՆ
Քավոր Պետրոսը մոտ հիսուն տարեկան մարդ էր, բավական համակրական դեմքով։ Խորշոմը նրա լայն ճակատի վրա խորին ծալքերով իջել էր մինչև թավամազ հոնքերը, որ կիսով չափ ծածկում էին նրա սև և կրակոտ աչքերը։ Թխագույն, արևելյան երեսը իր խոշոր, բայց կանոնավոր գծագրությամբ, միշտ պատկառանք էր ազդում նայողի վրա։ Գլխի երկայն մազերը ալեխառն խտությամբ թափվում էին մինչև նրա ուսերը, այդ տալիս էր նրա դեմքին ավելի մի խստակյաց դերվիշի կերպարանք, որ իր սրտի խաղաղությունը գտնում է միայն մշտական աղոթքի և ճգնությունների մեջ։ Սպիտակ մորուքը խիստ փառավոր էր, հովանավորում էր նրա ամբողջ կուրծքը։ Միջակ հասակ ուներ, բայց սաստիկ ամուր կազմ վածքով։ Նրա շարժմունքը արտահայտում էր երիտասարդական առույգություն, թեև ինքը աշխատում էր միշտ թուլլ և տկար ձևանալ։ Ձայնը զորավոր էր և ազդու, բայց նա դիտմամբ միշտ խեղդում էր իր ձայնը։
Մենք երկուսս էլ գնում էինք ոտքով, մեր ճանապարհի ծանրությունները տանում էին երկու ուժեղ ավանակներ որոնցից մեկը ինձ էր պատկանում, իսկ մյուսը՝ նրան։ Քավոր Պետրոսը գլուխը խոնարհեցրած, դանդաղ քայլերով գնում էր ինձանից առաջ։ նա բոլորովին լուռ էր, երևում էր, որ դառն մտածություններ տանջում էին նրան։ Շատ անգամ այդ ողորմելին ոտքը դուրս էր դրել հայրենական երկրից, իսկ այժմ ուղիղ տասներորդ անգամն էր, որ իր ծերության հասակում կրկին ձեռքն էր առել պանդխտության գավազանը։
Ես նույնպես տխուր էի, ծնողներից, սիրելի բարեկամներից անջատվելը ինձ մեծ ցավ էր ազդում։ Արդյոք մյուս անգամ կտեսնեի՞ նրանց, և ե՞րբ... Ուրախ էր միայն իմ մոխրագույն ավանակը, ճանապարհի եզերքից խոտեր արածելով, նա առաջ էր վազում, առանց սպասելու, որ ես նրան քշեի։ Մեր ճանապարհորդական զենքերը կազմված էին մի– Մի հատ հաստ ցուպից, որ բռնած ունեինք ձեռքներիս։ Ավազակներից երկյուղ անգամ կրել ավելորդ էր, որովհետև, բացի ավանակներից, նրանք չէին գտնի մեզ մոտ մի բան, որ փոքրիշատե արժեք ունենար։ Իսկ այդպիսի ստոր անասունները նրանք չեն տանում։
Ամբողջ օրը եղանակը պարզ էր, բայց երեկոյան սկսեց անձրևել, և ճանապարհի վրա գոյացավ սաստիկ ցեխ։ Ես իմ տրեխները հանեցի, գնում էի բոբիկ ոտքերով։ Խեղճ անասունները դժվարությամբ էին կարողանում փոխել իրանց քայյերը, որովհետև նրանց սուր-սուր սմբակները թաղվում էին կավի մեջ, էլ չէին դուրս գալիս։ Ես շատ տխրեցա, երբ նկատեցի, որ ավանակիս երկայն ականջները սկսեցին հետզհետե քարշ ընկնել։ Դա պարզ նշան էր, որ նա բոլորովին հոգնեցավ։
Գիշերից բավական անցել էր, երբ հասանք մի պարսկական գյուղ։ Բոլոր դռները կողպված էին, դրսում ոչ ոք չէր երևում։ Այստեղ պետք էր իջևանել, որովհետև թե՛ մենք և թե՛ մեր անասունները սաստիկ հոգնած էինք, այլես առաջ գնալ անհնարին էր։ Բայց ո՛ր դռանը մոտենում էինք, թակում էինք, ոչ ոք չէր ուզում բաց անել, երբ իմանում էին, որ մենք քրիստոնյաներ ենք։ Անձրևը հեղեղի նման թափվում էր, ես մինչև ոսկորներս թրջված էի։ Այդ դրության մեջ քրիստոնյային անկարելի էր մտնել մահմեդականի տունը, իր հպավորությամբ կարող էր ամեն ինչ պղծել։ Սառն քամին սկսեց սաստկանալ, ցրտից դողում էինք թե՛ ես և թե՛ քավոր Պետրոսը։
– Այդ անպիտանների հետ պետք է ուրիշ կերպ վարվել..., – Ասաց քավոր Պետրոսը և մոտեցավ մի մեծ տան դռանը, սկսեց սաստիկ կերպով բախել։
Ներսից հարցրին.
– Ո՞վ է։
Քավոր Պետրոսը բարկությամբ պատասխանեց.
– Մուսուլմաններ, մեղք չէ՞ ձեզ համար, որ իսլամի որդիքը անձրևից ու ցրտից մեռնում են, իսկ դուք ձեր դռները չեք բաց անում նրանց առջև։
Ես սարսափեցա, տեսնելով, որ իմ մենտորը իրան ձևացնում էր մահմեդական։ Նա ինձ հրամայեց ոչինչ չխոսել, միշտ լուռ մնալ և ձևանալ որպես խուլումունջ։ Շուտով դռները բացվեցան. մեր չորքոտանիքը տարան ախոռը, իսկ մեզ հրավի րեցին մի բավական մաքուր սենյակում։ Տան սարքուկարգից երևում էր, որ մեր հյուրընկալը գյուղի հարուստներից մեկը պետք է լիներ։ Իսկույն բուխարին վառեցին, մենք տաքացանք և չորացրինք մեր թրջված հագուստները։ Հայտնվեցավ և տան տերը, խորին կերպով ողջունեց մեզ, որպես մահմեդականը ողջունում է մահմեդականին, և նստեց քավոր Պետրոսի մոտ։ Հետո տեղային քաղաքավարական ձևերով հայտնեց իր ուրախությունը, որ մենք «բարով ենք եկել, հազար բարով, իր տունը– Տեղը մեզ փեշքեշ է (նվիրված է) և յուր որդիքը մեր ծառաներն են» և այլն։
Վերջացնելով իր փոքրիկ ճառը, նա դարձավ դեպի քավոր Պետրոսը, ասաց.
– Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչպես է ձեր անունը։
– Ձեր ծառա Հաջի-Ռահիմ, – պատասխանեց քավոր Պետրոսը։
Տեսնելով, որ իր հյուրը հաջի է և ոչ հասարակ մահմեդական, տան տիրոջ հարգանքը ավելի ևս բազմացավ դեպի քավոր Պետրոսը։ Բայց ծիծաղը ինձ խեղդում էր, ես չգիտեի, թե ինչո՞վ կվերջանա այդ խայտառակությունը։ Իսկ քավոր Պետրոսը իրան այնքան ծանր էր պահում, որ չէր կարելի չհարգել նրան։ Ես ոչինչ չէի խոսում, որովհետև ինձ պատվիրված էր խուլումունջ ձևանալ։ Տան տերը նկատելով իմ լռությունը, հարցրեց քավոր Պետրոսին.
– Դա ձեր ի՞նչն է։
– Ձեր փոքրիկ ստրուկը, իմ որդին է։
– Աստված պահե, զորանա, – Ասաց տան տերը, հետո դարձավ դեպի ինձ, հարցնելով.
– Դու երևի մրսեցա՞ր անձրևից, դեմքդ խիստ գունատ է երևում։
Ես ոչինչ չպատասխանեցի։ Քավոր Պետրոսը իմ փոխարեն ասաց.
–Նա խուլումունջ է. ոչինչ չէ լսում։
– Խե՜ղճ տղա, աստված ողորմություն անե, – Բացականչեց տան տերը ցավակցական եղանակով և ապա հարցրեց.
– Մորից այդպե՞ս է ծնված, թե հետո է պատահել։
– Մորից այդպես չէ ծնված, առաջ սոխակի լեզու ուներ, լսում էր, խոսում էր, ինչպես մենք խոսում ենք։ Ուղիղ երկու տարի է, ինչ որ պատահել է այդ անբախտությունը։ Թող աստված հեռու պահե քո զավակներից։ Իմ մեղքերի համար աստված պատժեց ինձ...
Հետո քավոր Պետրոսը հնարեց մի ամբողջ պատմություն, թե որպես չար սատանաները ամեն գի՛շեր երևում էին ինձ, սարսափելի տեսարաններ էին ներկայացնում իմ աչքերի առջև, և սաստիկ վախենալուց իմ ականջները փակվեցան, և իմ լեզուն կապվեցավ։
Այդ պատմության միջոցին, որի մեջ քավոր Պետրոսի ճարտար լեզուն ահ և սարսափ էր ազդում լսողի վրա, ես նկատում էի, թե ո՛րպես զարհուրած տան տիրոջ երկար մորուքը շարժվում էր, և նա լռությամբ կարդում էր աղոթքի նման մի բան։
– Հիմա ո՞ւր եք տանում դրան, – Հարցրեց նա։
– Տանում եմ Սեիդ-Հաջինի մզկիթը, – պատասխանեց քավոր Պետրոսը։ – Սուրբ Իմամը, ինձ երազի մեջ հայտնվելով, ասաց, որ որդուս փրկություն կլինի, եթե այնտեղ կտանեմ է
Սեիդ-Հաջինի մզկիթը մեծ համարում ուներ մահմեդականների մեջ իր հրաշագործ զորությամբ։ Այնտեղ տանում էին գլխավորապես խելագարներին և խուլումունջերին։ Թայց տան տիրոջ համարումը ավելի մեծ եղավ դեպի քավոր Պետրոսը, երբ լսեց, որ «սուրբ Իմամը» հայտնվել էր նրան երազի մեջ և խոսացել էր նրա հետ։
Բոլոր ժամանակը նրանք խոսում էին թուրքերեն։ Քավոր Պետրոսի թե՛ արտասանության և թե՛ բառերի դարձվածքների մեջ չէր կարելի նկատել, որ նա հայ էր, նա խոսում էր ավելի լավ, քան թե մի թուրք։ Եվ այդ իսկ պատճառով նա հրամայեց ինձ լռության ղեր կատարել, մի գուցե մի անզգույշ խոսքով ես մերկացնեի մեր հայությունը։
Վերջապես տան տերը հրամայեց, որ ընթրիք տան։ Քավոր Պետրոսը հայտնեց, որ նա դեռ իր երեկոյան նամազը չէ կատարել և չէ կարող առանց աղոթելու սեղան նստել։ Նրան տվեցին նամազ անելու համար պետք եղած պարագայքը, նա լվացվեցավ և, մաքրության ծեսերը կատարելուց հետո, սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել։ Ես զարմանում էի, թե ո՞րտեղից գիտեր նա այդ բոլորը։ Մահմեդականի նամազը կատարվում է արաբական լեզվով: Աղոթելու եղանակը, երկրպագությունները որոշված կարգեր ունեն։ Մաքրության կամ լվացվելու ծեսերը նույնպես աոանձին կանոններ ունեն։ Պետք է բոլորի մեջ ճշմարտություն պահպանել։ Մի փոքրիկ սխալ կարող է «բաթիլ» անել (ոչնչացնել) նամազը։ Բայց ո՞րտեղից, ե՞րբ էր սովորել քավոր Պետրոսը այդ արարողությունները։
Քավոր Պետրոսի բարեպաշտությունը այն հետևանքն ունեցավ, որ ավելի գրավեց մեր հյուրընկալի համակրությունը: Կրոնին և հավատքին հավատարիմ մարդիկ խիստ հարգելի են մահմեդականների մեջ։ Այդ հարգանքի արտահայտությունը ավելի նկատելի էր ընթրիքի ճոխության մեչ։ Բացի զանազան ուտելիքներից, մեզ համար պատրաստել էին և փլավ։
Երբ սեղանը պատրաստ էր, քավոր Պետրոսը հարցրեց տանտերից, թե իր կյանքում սուրբ տեղերից ո՞րին ուխտ է գնացել։ Երբ պատասխանը ստացավ, թե ոչ մեկին, նա հրաժարվեցավ սեղանից, ասելով.
– Քո հացը հարամ (անսուրբ) է, ես ուտել չեմ կարող: Դու մեղանչել ես շարիաթի դեմ։
Տանտերը սաստիկ ամաչեց, սկսեց աղաչել, որ իր սեղանը չանպատվե, խոստացավ, որ գարունքին անպատճառ կգնա Բաղդադ իմամների գերեզմանները համբուրելու և Քարբալայի ուխտը կատարելու։ Պատմեց, թե որպիսի արգելքներ մինչև այնօր զրկել էին նրան սուրբ տեղերի ուխտագնացությունից։
Քավոր Պետրոսը փոքր-ինչ հանգստացավ, ասելով.
– Ամեն մի ուղղափառ մուսուլմանի պարտականությունն է, երբ նրա նյութական միջոցները այնքան ներում են, որ կարող է հոգալ ճանապարհի ծախքը, պետք է անպատճառ կատարել սուրբ տեղերի ուխտագնացության խորհուրդը:
Այնուհետև սկսեց երկար բացատրել, թե ո՛րպիսի հոգևոր վարձատրություններ են սպասում Քարբալայի, Մեշեդիի և. մանավանդ Մեքքայի ուխտավորներին, պատմեց, թե ո՛րքան հուրիներ (հրեղեն աղչիկներ) պիտի ստանան նրանք Մուհամմեդի դրախտում, և վերջացրեց իր խոսքերը նրանով, թե «անհավատ քրիստոնյաները զրկվում են այղ բոլոր երկնային երանություններից»...
Վերջին խոսքերը ինձ վրա այնպիսի վատ ներգործություն ունեցան, որ ուզում էի փակված լեզուս բաց անել և հայտնել, թե գա ինքը քրիստոնյա է, բայց խաբեությամբ իրան մահեդական է ձևացնում։ Բայց վախեցա, մտածելով, թե որպիսի վտանգի կարող էինք ենթարկվել երկուսս էլ։
Քավոր Պետրոսը մեծ ախորժակով ուտում էր։ Ես սկզբում սեղանին չմոտեցա, ոչ այն պատճառով, որ տան տերը սուրբ տեղերը ուխտ չէր գնացել, և ես նրա հացը հարամ էի; համարում, ոչ, այլ այն, որ պաս էր, ես երբեք պասս չէի լուծել։ Կրոնի և եկեղեցու պատվերները ամենայն մաքրությամբ դեռ պահպանվում էին իմ մեջ։ Բայց քավոր Պետրոսը, իմ վարմունքը նկատելով, ինձ այնպես խստությամբ աչքով արեց, որ ես ակամա ստիպվեցա ուտել...
Ընթրիքից հետո մեզ համար մաքուր անկողին պատրաստեցին, որ հանգստանանք։ Երբ մտա իմ մահիճը, երկար քնել չկարողացա, թեև սաստիկ հոգնած էի։ Զանազան մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը։ Երբեմն մտածում էի, թե ի՞նչ կլինի մեր դրությունը, երբ տան տերը հանկարծ կհասկանա, որ իր սենյակում պառկած են երկու քրիստոնյաներ։ Նա այդ տեղաշորերը, պղծված համարելով, այրել կտա, և գուցե մեզ ևս կայրեն նրանց հետ։ Եվ ինչի" համար ուրանալ կրոնը, ուրանալ ազգությունը։ Նրա համա՞ր միայն, որ մի կտոր հաց և պառկելու տեղ ստանալ։ Մի թե դրանք են պանդխտության, գաղթականության պայմանները ի՞նչ ազգի մոտենալ, այն ազգից ձևանալ... Եմ ճանապարհորդությունը հենց առաջին իջևանից ինձ անտանելի դարձավ։ Մտածում էի, ավելի լավ չէ ր լինի, որ իմ հայրենի գյուղից չհեռանայի։ Թո՛ղ այնտեղ բռնեին, չարչարեին, սպանեին ինձ։ Գոնե հայի անունով կմեռնեի։
Քավոր Պետրոսը նույնպես անքուն էր։ նա, երևի, նկատեց իմ անհանգստությունը, թե ո՝րպես անդադար մի կողքից դեպի մյուսը շուռ էի գալիս, անդադար հառաչանք էի արձակում, ա՛խ ու վա՜խ էի անում և հոգվոց էի հանում։ Նա հարցրեց.
– Ինչո՞ւ չես քնում, Մուրադ։
Ես փոխանակ պատասխանելու, սկսեցի հեկեկալ։ Նա հասկացավ իմ լացի պատճառը և ասաց առածի ձևով.
– Չէ, զավակս, այսուհետև – Ի՜նչ ազգի մեջ որ մտնելու լինես, պետք է այն ազգի փափախը ծածկես։ Այդպես է աշխարհի կարգը։
Ես հարցրի.
– Մեղք չէ արդյոք, որ մարդ իր սուրբ կրոնը, իր ազգությունը ուրանում է։
Նա պատասխանեց ինձ Պողոս առաքյալի խոսքերով, թե ինչպես նա հրեաների մոտ հրեա էր ձևանում, իսկ հեթանոսների մոտ՝ հեթանոս, որ նրանց սրտերը շահե։
Քավոր Պետրոսը կարդացած մարդ էր։ Ես նրա խոսքերը, որպես ասում են, հալած յուղի տեղ ընդունեցի։ Այն ժամանակ այնքան հասկացողություն չունեի, որ գիտենայի, թե ի նչպես մարդիկ սուրբ գրքերի ամենապարզ ճշմարտությունները աղավազում են և նրանցով բացատրում են ամենաանբարոյական մտքեր...
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.