Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 11 (всего у книги 22 страниц)
– Որդի չունենք, աստված մեզ որդի ուղարկեց, – Ասաց ծերունին, – կպահենք մեզ մոտ, կսնուցանենք, գուցե մի ժամանակ բախտավոր կլինի նա։
Ես շտապում էի, գիտեի, որ քավոր Պետրոսը որպիսի անհամբերությամբ սպասելիս կլիներ ինձ։ Ես առաջարկեցի ձըկնորսին իմ ոսկով լի քսակը, բայց նա հրաժարվեցավ ընդունելուց։ Երբ պատրաստվում էի հեռանալ, Նենեն հարցրեց,
– Ե՞րբ կգաս։
–Շուտ կգամ։ Բայց դու այդ խրճիթից չպիտի հեռանաս։
– Երբ դու ինձ հետ չես լինի, ես ոչ մի տեղ չեմ գնա։
Բաժանման րոպեն խիստ զգալի եղավ: Նենեն չկարողացավ զսպել իր կրքերը։ Նա քաշ ընկավ իմ պարանոցից, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, և սրտաշարժ հեկեկանքով ասում էր. «Մի՛ գնա, ինձ մենակ մի թողնիր» ...
Ձկնորսը և նրա պառավը հազիվ կարողացան հանգստացնել նրան։ Ես դարձյալ խոստացա, որ նրան մենակ չեմ թողնի և ամեն օր կայցելեմ ձկնորսի խրճիթը։ Ես բաժանվեցա։
Գալով քավոր Պետրոսի մոտ, նրա առաջին հարցը եղավ,
– Ինչ արեցիր։
– Սպանեցի։
– Իսկ դիա՞կը։
– Ձգեցի ծովը։
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
Ա. ՆՈՐ ՇՐՋԱՆ
Մի քանի րոպեից հետո սայլակը պատրաստ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց քշել դեպի խաչագողների բնակարանը։ Նա լուռ էր, ինչպես առհասարակ լինում էր, երբ պատրաստվում էր սկսել մի նոր ձեռնարկություն։ Ես նույնպես լուռ էի, բայց ես ոչինչ ձեռնարկության մասին չէի մտածում, իմ միտքը գրավել էր գեղեցիկ Նենեն:
Խաչագողների բնակարանը ցերեկով բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Թաքնված պատատուկ բույսերի մեջ, հովանավորված դարավոր ծառերով, նա ավելի նմանում էր գազանների որջին, որ գտնվում է ժայռերի խոռոչների մեջ։ Նրա շուրջը ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները։ Անծանոթ մարդը հազիվ կարող էր գուշակել, թե այդ գետնափոր որջի մեք բնակվում էին մարդիկ։ Բայց ծուխը, այդ մարդկային բնակության ազդարար նշանը, միայն խուլ թփերի միջից մխացող ծուխը հիշեցնում էր, թե այդ ծառախիտ անտառների դարևոր լռության մեջ ևս տիրում էր մարդու շունչը։
Բայց ի՞նչ ծուխ էր այդ։ Ծուխը բարձրանում էր զանազան կետերից։ Ձորի մեջ զանազան տեղերում ինչ-որ այրվում էր: Եվ բարձրացած ծուխը, միախառնվելով, կազմում էր թանձր, թխագույն մառախուղ ամբողջ ձորի վրա։ Այստեղ ածուխ էին պատրաստում։
Գիշերով ես տեսա խաչագողներին թվով ավելի շատ. իսկ այժմ երեք հոգի միայն գտանք նրանց բնակարանում։ Նրանցից մեկը նստած կարկատում էր ջորիների փալաններ և ձիաների մաշված սարքը, մյուսը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան, իսկ երրորդը դեռ քնած էր։
Խրճիթը ներսից բոլորովին նման էր ածխագործների տնակին, որ գտնվում է անտառների մեջ։ Այստեղ և այնտեղ ածած էին մրոտած տոպրակներ, փայտ կտրելու տապարներ, կրակ խառնելու երկաթյա անթրոցներ, հող փորելու բահեր և այլն։ Ածուխի սև փոշին նստած էր թե՛ բնակիչների և թե բնակարանի վրա։ Բոլորը, բոլորը համապատասխանում էր սև արհեստի սև պարապմունքին։
Եվ իրավ, այդ մարդիկ ածխագործներ էին, կապալով վեր էին առել անտառի մի մասը, ածուխ էին պատրաստում։ Ծովի ափի մոտ կանգնած էին նրանց մի քանի նավակները, որոնք տանում էին ածուխը մերձակա քաղաքներում վաճառելու համար։ Մի քանի խումբ ջորիներ տանում էին նույն մթերքը ցամաքի ճանապարհով դեպի շրջակա գյուղերը և փոքրիկ քաղաքները կամ հասցնում էին մինչև ծովեզրը նավակների մեջ գնելու համար։
Մեր անակնկալ հայտնությունը նախ խռովություն պատճառեց նրանց, բայց երբ մեզ ճանաչեցին, էլ չափ չկար նրանց ուրախությանը։ Քավոր Պետրոսի մի քանի կախարդիչ խոսքերը բավական եղան գրավելու նրանց վստահությունը։ Եվ ահա նրանց մեկի ձայն տալով խրճիթի մի անկյունում շարժվեցան մերկ հատակի վրա փռած ցամաք տերևները, տախտակամածից բարձրացավ մի դռնակ, և ստորերկրյա վիրապի միջից դուրս երևաց մի գլուխ։ Նա, մի քննողական հայացք ձգելով մեզ վրա, դուրս եկավ փոսից։ Նրանից հետո հայտնըվեցավ երկրորդը, երրորդը։ Այդ նորերի թե հագուստի գունավոր բծերից և թե ձեռքերի ներկերից երևում էր, որ նրանք այն ստորերկրյա վիրապի մեջ ինչ-որ ներկերով կամ գույներով աշխատում էին։ Դրանք ածխագործներ չէին։
Նրանք ուրախությամբ ընդունեցին քավոր Պետրոսին, Համբուրվեցան նրա հետ և խնդրեցին նստել։ Քավոր Պետրոսը ներկայացրեց և ինձ, մի քանի կարմիր խոսքեր ավելացնելով իմ ընդունակությունների մասին։
Ինձ ճանաչեցին իմ հոր անունով, որովհետև ինձ տեսել էին ՛շատ փոքր հասակում:
Դրանք իմ հայրենակիցներն էին։ Նրանց գլխավորը, որ կոչվում էր Նազար, դարձավ դեպի քավոր Պետրոսը, հարցնելով.
– Մենք վաղուց սպասում էինք ձեզ, Պետրոս եղբայր, ինչո՞ւ այդքան ուշացաք։
– Երկար պատմություն է, պատասխանեց քավոր Պետրոսը, – Այդ մասին հետո կխոսենք։ Դուք այն ասացեք, ի՞նչպես են տղերքը, լա վ են, առո՞ղջ են։
– Լավ են, բայց...
– Ի՞նչ է պատահել։
Նազարը պատմեց, թե իրանց ընկերներից մեկը մի հանձնարարությամբ ուղարկված էր մի տեղ, հիմա նա անհետացել է, և նրա մասին խիստ անհանգիստ են։
Այդ պատմության միջոցին քավոր Պետրոսը նայեց իմ երեսին, որ տեսնե իմ դեմքի արտահայտությունը։ Իմ մեջ ոչինչ խռովության նշան չգտավ։ Պատմությունը Նենեին սպանելու հանձնարարությամբ ուղարկված ավազակի մասին էր, որ հոգին տվեց իմ տապարի հարվածների տակ։ Քայց ես նրա մարմինը մի այնպիսի տեղում էի ամփոփել, որ ինքը սատանան չէր կարող գտնել։
Քավոր Պետրոսը իրան ձևացրեց որպես սաստիկ հետաքրքրված։ Խաչագողի ընկերի անհետանալը, իրավ որ, սաստիկ անհանգստություն էր պատճառում մնացածներին։
– Ո՞վ էր, ի՞նչ հանձնարարությամբ և ո՞րտեղ էր ուղարկված։
Նազարը պատմեց, թե նրան տվել էին մի աղջիկ, որ տանե, անտառում «անհետացնե», բայց աղջկա հետ ինքն էլ անհետացավ։
– Աղջիկը գեղեցի՞կ էր, – Հարցրեց քավոր Պետրոսը։
– Գեղեցիկ էր։
– Իսկ տղան երիտասա՞րդ էր։
– Երիտասարդ էր։
– Այսպիսի գործը երիտասարդին չեն հանձնում, շատ հասկանալի է, որ երկուսն էլ հաշտվել են միմյանց հետ և հեռացել են ով գիտե ո՞րտեղ:
– Մենք արդեն մարդիկ ուղարկեցինք նրանց որոնելու, – Պատասխանեց Նազարը։
– Իզուր, պետք էր նրանց թողնել իրանց քեֆին, ինչ որ ուզում են թող անեն։
Նազարը ասաց, կան ուրիշ պատճառներ, որ այդ անցքը խիստ վտանգավոր են դարձնում, և խոստացավ, որ այդ պատճառների մասին հետո կխոսե քավոր Պետրոսի հետ։ Իսկ մենք ճանապարհից նոր եկած լինելով, և մանավանդ ճաշի ժամանակ լինելով, այժմ սկսեցին հոգ տանել մեր հանգստության մասին։
Մեր ձիաները և սայլակը տեղավորեցին, ես ինքս էլ չհասկացա թե ո՞րտեղ. երևում էր, անտառի մեջ ուրիշ խորշեր ևս ունեին։ Մեր իրեղենները բերեցին խրճիթը։ Ճաշի սեղանն արդեն պատրաստ էր։ Ամենքը բոլորեցին սեղանի շուրջը, մեզ ամենապատվավոր տեղը տալով։ Չնայելով, որ նրանք բնակվում էին մի այնպիսի առանձնացած տեղում, լեոների մեջ, անտառների խորքում, բայց սեղանի վրա հայտնվեցան այնպիսի ուտելիքներ և այնպիսի ըմպելիքներ, որ այդ կողմերում հազվագյուտ էին։ Երևում էր, որ քաղաքների հետ խիստ հաճախ հարաբերություններ ունեին։
Խոսակցությունը սկզբում, ըմպելիքների գավաթների համեմատ, հետզհետե կենդանանում էր զանազան հանաքներով և զվարճախոսություններով։ Բայց գնալով ավելի տխուր կերպարանք ստացավ, երբ նրանք սկսեցին հարցնել իրանց հայրենիքի և ընտանիքների մասին։ Մենք Պարսկաստանից ավելի հետո դուրս եկած լինելով, քան թե նրանք, ունեինք շատ նորություններ նրանց համար։
– Մեր Մկրտիչը մեծացե՞լ է, – Հարցնում էր մեկը։ Մկրտիչը հարցնողի որդին էր, որին օրորոցի մեջ թողնելով, հայրը հեռացել էր հայրենի երկրից և այն օրից ապրում էր պանդխտության մեջ։
– Մկրտիչը այժմ պսակված է, երեխա ունի, – պատասխանում է քավոր Պետրոսը։
Հայրը ուրախանում է։
– Մայրս խո շատ չի՞ պառավել, – Հարցնում է մի ուրիշը։
– Մայրդ կյանքը քեզ բաշխեց, արդեն յոթներորդ տարին է, որ պառկած է հողի տակ։
Որդին տխրում է։ Մի քանի ձայներ կրկնում են՝ «աստված հոգին լուսավորեսցե»...
– Մեր Խաշոյի աղջիկը ի՛նչ է անում, – Հարցնում է մի այլը:
Դա իր կնոջ մասին է հարցնում:
– Խաշոյի աղջիկը հիմա ուրիշ մարդու է գնացել։
– Ի՞նչպես, – գոչում է զարմացած ամուսինը։
– Չե՞ս հասկանում։ Երկար սպասեց քեզ, ոչ լուր ստացավ, ոչ փող ստացավ, վերջը հուսահատվելով, պսակվեցավ ուրիշ մարդու հետ։
Դժբախտ ամուսինը արձակում է խորին հառաչանք և լռում է...
– Մեր Արևնազը ի՞նչ է անում, – Հարցնում է մի ուրիշը իր դստեր մասին։
– Արևնազին թուրքերը փախցրին։
– Ա՜խ, քոռանամ ես,– բացականչում է հայրը։
– Երևի, շատ գեղեցիկ աղջիկ էր դարձել, – Հարցնում են մյուսները։
– Տգեղին չեն փախցնի, – պատասխանեց քավոր Պետրոսը։
– Իր նմանը չկար մեր գյուղում, – մեջ մտա ես։
– Իսկ մեր Գասպա՞րը, – Հարցնում է մեկը իր եղբոր մասին։
– Նա հիմի գյուղի քահանան է։
– Մեր այգու խնձորենիները լավ բերք տալի՞ս են, – Հարցնում է քահանայի եղբայրը։
– Բերքը լավ է, բայց պտուղր օտարն է ուտում:
– Ի՞նչպես։
– Քո պարտքերի փոխարեն տիրեցին։
– Ափսո՜ս, այն խնձորենիները ես իմ ձեռքով էի տնկել, հենց այն տարում, երբ հեռացա մեր երկրից։
Խոսակցությունը ընտանեկան անցքերից ավելի անցավ հասարակական գործի վրա։
– Գյուղի տանուտերը ո՞վ է հիմա։
– Աղախանը։
– Այն քոռ անիրավը դեռ գյուղը քանդո՞ւմ է:
– Բոլորը տանջված են նրա ձեռքից:
– Երկրի կառավարիչն ո՞վ է։
– Ն... խանը։
– Անիծածը կաշառքից կշտանալ չունի...
– Մենք էլ նրա համար ենք վաստակում...
– Փողի տոկոսը քանո՞վ էր։
– Թումանին ամիսը մեկ կռան։
Վերջին խոսքը սարսափ ձգեց շատերի վրա։ Նրանք այսպիսի ծանր տոկոսներով պարտքեր ունեին իրանց հայրենիքում։ Ամուսնի պարտամուրհակը կնոջը փոխել էին տալիս, և ամեն տարի տոկոսը բարդվում էր դրամագլխի վրա։ Վաշխառուն հարստահարում էր դրանց, իսկ դրանք հարստահարում էին անմեղ, միամիտ մարդիկներին։
Ընդհատված խոսակցությունը շարունակվեցավ,
– Լուսին ի՞նչ է անում։
Դա մեր գյուղի նշանավոր գեղեցկուհիներից մեկն էր։
– Նա հիմա լավ բազար ունի, – պատասխանեցի ես։
– Ի՞նչպես։
– Չե՞ս հասկանում...
– Ամո՜թ նրա տղամարդին, մի այնպիսի սիրուն կնոջը կարելի՞ է տասն տարիներով անտեր և քաղցած թողնել, – Ասաց նրանցից մեկը։
Կարծես, իրանց կնիկներր տասն տարիներից ավել չէր, որ անտեր ու քաղցած էին մնացած։
Մի ուրիշը հարցրեց.
– Մեր սև շունը մնո՞ւմ է։
– Չէ, կյանքը տվեց քեզ։
Այդ լուրերը, որ քավոր Պետրոսը հաղորդեց իր սովորական սառնասրտությամբ, հարուցին ոմանց մեջ ուրախություն, իսկ ոմանց մեջ տրտմություն։ Ինձ խիստ զարմանալի էր թվում, երբ նկատում էի, որ այդ հոգով և սրտով քարացած մարդիկն էլ զգացմունք ունեն, կարող են ուրախանալ և տրտմել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեցավ, իբր թե ոչինչ չէին լսե:
Ես չէի կարողանում զսպել իմ վրդովմունքը, երբ նայում էի այդ անփույթ, անհոգ մարդկանց վրա, որոնք օտարության մեջ մոռացել էին ամեն ինչ, որ իրանց համար ամենաթանկագինն էր։ Ունենալ կին, որդիներ, ազգականներ և նրանց երկար տարիներով թողնել անխնամ, գե՛րի թուրքերի և պարսիկների ձեռքում, իսկ ինքը անհետանա պանդխտության մեջ դա գերդաստանի հոր ամենասարսափելի անտարբերություններից մեկն է։ Այդ մարդիկը, մտածում էի ես, ամենևին գութ չունեն, նրանց մեջ մեռել է ծնողական սիրտը, նրանց զգալի չէ ոչ երեխայի ժպիտը և ոչ կնոջ արտասուքը՝ երկուսն էլ կատարվում են նրանց աչքերից հեռու...
Մի՜թե ես էլ նույն դրության մեջ չէի գտնվում...
Ես շատ լավ էի հասկանում, որ աղքատությունն էր ստիպել դրանց թողնել իրանց հայրենիքը, թողնել իրանց ընտանիքը, և նույն աղքատությունը իմ ձեռքս տվեց պանդխտության գավազանը։ Հայրենի երկրում չկարողանալով հայթայթել իրանց ապրուստը, նրանք հարկադրվել էին օտարության մեջ բախտ որոնել։
Արդար վաստակի նրանք ոչ միայն սովոր չէին, այլև անընդունակ էին. չգիտեին որևիցե արհեստ, չէին վարժված տոկուն աշխատանքի։ Նրանց միտքը, նրանց ընդունակությունները բնականաբար սրվել, կատարելագործվել էին խաբեբայությունների մեջ, այն չափով, ինչ չափով որ զարգացել էր նրանց մեջ արծաթ որսալու անհագ ախորժակը, որի համար ներելի էին համարում ամեն միջոցներ, որքան և անազնիվ լինեին,
Մի անգամ քավոր Պետրոսը խիստ իրավացի կերպով նկատեց, թե «արծաթը աղի ջուր է, որքան խմես, այնքան կծարավես»։ Նույն ծարավը զգում էի և ես։ Ահա թե ի՜նչն էր, որ ինձ առժամանակ բաժանեց Նենեից և ձգեց այդ անբարոյական հասարակության մեջ։
Ինձ բոլորովին զզվելի էր թվում այդ նոր շրջանը։ Զարմանալի է, թե ո՛րքան վայրենանում է մարդը լեռների և անտառների առանձնության մեջ. կերպարանքը, բնավորությունն անգամ ամենակոպիտ ձևեր են ստանում։ Նրանց կոշտացած դեմքը, խառնված մաղերը, երեսների անախորժ արտահայտությունը, ճշմարիտն ասած, ինձ վրա սարսափ էր բերում: Թեև մեզ, որպես իրանց հայրենակցին, ցույց էին տալիս հյուրասիրության բոլոր պատրաստականությունները։
Ամենագարշելին այն էր, որ այդ մարդիկը ածխագործի սև փոշու տակ ծածկված կատարում էին մի այլ ավելի, սև արհեստ...
Ո՞վ մտցրեց իմ մեջ այդ փոփոխությունը։ Ես պարտական էի Նենեին, որ զարթեցրեց իմ մեջ զզվանք դեպի այդ մարդիկը և ստիպեց սիրել գեղեցիկը ու լավը...
Բ. ՔԱՋԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ
Գիշերը ի պատիվ մեր՝ պատրաստվեցավ ճոխ ընթրիք: Ըմպելիքների քանակությունը ավելի շատ էր։ Խաչագողները ավելի խմում էին, քան թե ուտում էին։ Այժմ հավաքվել էին և այն ընկերները, որոնք ցերեկով անտառի զանազան տեղերում ածուխ էին պատրաստում։ Բոլորի թիվը տասից ավել էր։ Երբ բավական խմեցին, նրանցից ամեն մեկը սկսեց պատմել իր կատարած քաջագործություններից մի անցք։ Աստվա՜ծ իմ, ինչե՜ր չէին պատմում նրանք, բոլորը, բոլորը չլսած և չտեսած բաներ էին... Ես, որպես քավոր Պետրոսի հառաջադեմ աշակերտներից մեկը, նույնպես շատ գործեր էի կատարել, բայց, նրանց հետ համեմատելով, դեռ կատարյալ համբակ էի։
– է՜հ, – Ասում էր մի ծերունի խաչազոդ արհամարհական ժպիտով, – Այդ ի՞նչ գողություններ են, որոնցով պարծենում եք դուք։ Երբ ես երիտասարդ էի, գողացա հնդկաց աստծու աչքերը։
Ամենքը ծիծաղեցին, ծերունու ասածը շատերին անհավատալի երևաց։
– Երեխաները ու հիմարները ծիծաղում են ամեն բանի վրա, երբ չեն հասկանում, – պատասխանեց ծերունին, որին, ինչպես երևում էր, վիրավորեց ընկերների արհամարհանքը։ – Ձեզ անհավատալի է թվում իմ ասածը, ականջ դրեք, ես կպատմեմ։
Նա սկսեց իր պատմությունն այսպես.
«Հնդկաց աստվածները մեր աստծո նման չեն. մերը աչքի չէ երևում, իսկ նրանց աստվածները միշտ կանգնած են տաճարների մեջ, ամեն մարդ տեսնում է, հարցմունք է անում և պատասխան է ստանում։ Ես մտա այղ տաճարներից մեկի մեջ, ուր կանգնած էր գլխավոր աստվածներից ամենամեծը ոսկեղեն հագուստով։ Թեև ոսկին շատ սիրուն բան է, բայց ինձ ավելի գրավեցին նրա գեղեցիկ աչքերը։ Գեղեցի՜կ էին, աննման գեղեցիկ, ես խելագարի նման սիրահարվեցա այդ աչքերի վրա։ Նրանք կազմված էին երկու հատ խոշոր ալմաստներից և ճրագի նման վառվում էին։ Ալմաստների յուրաքանչյուրը աղավնու ձվի չափ կլիներ։ Այո՛, իմ սիրտը գրավեցին այդ փայլուն աստղերը, և ես կատարելապես սիրահարվեցա նրանց վրա։ Ե՛կ, մտածեցի, քեզ նվիրե այդ աստուծո սպասավորությանը, որ այդպիսի գեղեցիկ աչքեր ունի։ Եվ ընդունվեցա այնտեղ, ի՞նչ եք կարծում, ոչ թե իբրև, հասարակ սպասավոր, այլ բրահմին՝ այսպես են կոչվում նրանց քահանաները։ Ես կատարում էի իմ պաշտոնը ամենայն ջերմեռանդությամբ, ամենայն անձնանվիրությամբ այնպես, որ փոքր ժամանակում գրավեցի ո՛չ միայն իմ աստծու շնորհը, այլև ժողովրդի հարգանքը։ Ինձ հանձնեցին տաճարի բանալիները և նրա հսկողությունը։ Այդ տևեց մի քանի ամբողք տարիներ։ Վերջը բրահմինական կյանքը, անընդհատ աղոթքները, խիստ ճգնությունները ձանձրացրին ինձ։ Ես վճռեցի վերադառնալ իմ հայրենիքը։ Բայց ցանկալի էր ինձ ունենալ մի հիշատակ այն աստծուց, որին այնքան տարիներ ծառայել էի։ Ես ընտրեցի աչքերը, որոնց վրա միշտ սիրահարված էի» Մի բարի գիշերում կատարվեցավ այդ գործը։ Բայց ո՞րտեղ պետք էր պահել խոշոր ալմաստները։ Սրունքներիս կաշին ծակեցի, ալմաստները դրեցի վերքի մեջ, հետո լավ փաթաթեցի։ Այժմ սատանան էլ չէր կարող գտնել։ Մնաք բարյավ ասեցի իմ աստծուն և հեռացա։ Հնդկաստանի անտառները խիստ հյուրընկալ ծոց ունեն փախստականների համար, եթե առյուծների և վագրերի ճանկը չընկնե մարդ։ Բայց իմ աստծու օրհնությունը ինձ հետ էր, վտանգ չպատահեց։ Ես իմ, բրահմինի հագուստը փոխեցի և հալածված պարիայի հագուստով շարունակեցի իմ փախուստը։ Պարիային ոչ ոք չէ մոտենում»...
Ծերունին վերջացրեց, ամեն կողմից լսելի եղան գովասանական ձայներ, մի քանիսը ծափահարեցին։
Մի այլ խաչագող ասաց.
– Ես մի օր գողացա մի մոխրագույն ավանակ, և, սև գույնով ներկելով, ծախեցի դարձյալ իր տիրոջը, նա չկարողացավ ճանաչել իր ավանակին։
– Կարծեմ ներկը ավելի թանկ արժեց քեզ, քան թե այն փողը, որ դու ստացար, –նկատեց նրան մեկը ծիծաղելով։
– Իրավ է, ներկը ավելի թանկ արժեց, – պատասխանեց նա, – Բայց ես ընկերիս հետ գրազ էի բռնել։
– Եվ դու կնքեցիր մեր ճակատին «էշ ներկող» անունը, – վրա բերեց աոաջինը։
Բոլորը ծիծաղեցին։
Մի ուրիշը պատմեց, թե իր կյանքում փոխել է տասը զանազան կրոնքներ և զանազան դավանություններ։ Շիրազում ընդունել է մահմեդականություն և ամուսնացել է մի սեիդի գեղեցիկ աղջկա հետ։ Կիլիկիայի մեջ ընդունել է կաթոլիկություն և պսակվել է կաթոլիկ աղջկա հետ. հետո մի կաթոլիկ գրապայծառից ստացել է ժողովարարության թուղթ, պտտել է Իտալիայում, Սպանիայում և Ֆրանսիայում, հավաքել է ահագին հարստություն, այլևս չի վերադարձել իր կնոջ մոտ. Կիևում ընդունել է օրթոդոքս եկեղեցու դավանությունը, մի գեներալ նրա կնքահայրն է դարձել, և, ընծայելով մի նշանավոր գումար, ամուսնացրել է իր աղախնի հետ։ Իսկ Կ. Պոլսի մեջ ընդունել է բողոքականություն, տեղային միսսիոնարների թղթով գնացել է Ամերիկա, փողեր է հավաքել և ամերիկացի կին է ունեցել և այլն։
Այդ մարդուն շվացրին, որովհետև խիստ հասարակ բան էր պատմում, որովհետև նրանց մեջ չկար մեկը, որ տասն անգամ կրոնը փոխած չլիներ։
Մի երիտասարդ խաչագող, բավական գեղեցիկ դեմքով, շնորհալի և աշխարհային կյանքի սովորած մարդ, պատմեց, թե եվրոպական մի մայրաքաղաքում նա իրան ձևացրեց իշխան Արարատի, ման էր գալիս թանկագին ակներով զարդարված խենջարով և նույնպես գոհարներով զարդարած, ոսկյա քամարով, նրա կառապանի մոտ միշտ նստած էր լինում մի սևամորթ արաբ։ Մի պարահանդեսի ժամանակ նրա վրա սիրահարվեցավ մի հարուստ կոմսի աղջիկ, խոստացավ նրա հետ պսակվել, իսկ օրիորդի ծնողները խոստացան մեծ օժիտ տալ։ Օժիտի կեսը նա ստացավ և վատնեց, բայց օրիորդի հետ չամուսնացավ։ Խեղճ աղջիկը մեռավ բարակացավից, երբ տեսավ իր փեսային անհայտացած։
Այդ պատմությունը, որ շատ հետաքրքրական էր և շատ գեղեցիկ կերպով նկարագրեց երիտասարդը, նույնպես անցավ խիստ աննշան կերպով, իսկ մի քանիսի մեջ առաջացրեց արհամարհանք։ Որովհետև սիրային հարաբերությունները առհասարակ մի տեսակ թուլասրտություն էր համարվում ամեն մի խաչագողի համար և մինչև անգամ ամոթ էր բերում նրան։ Խաչագողը կարող էր սերը ընտրել որպես միջոց մեկին կողոպտելու համար, իսկ ճշմարտապես սիրել անվայել էր։ Երիտասարդի պատմությունից երևաց, որ ինքը ևս սիրահարված է եղել կոմսուհի օրիորդի վրա։ Այդ պատճառով մեկը նկատեց նրան.
– Դուք այն ժամանակ արժան կլինեիք գովասանության, երբ փոխանակ շռայլաբար վատնելու այն օրիորդի փողերը և փոխանակ նրա հետ սիլիբիլի անելու, կպսակվեիք նրա հետ, կստանայիք ամբողջ օժիտը և հետո բաց կթողնեիք, կհեռանայիք։
Այդ նկատողությունը ընդհանուր հավանություն ստացավ։
Մի ողորմելի խաչագող, որին ավել անունով կոչում էին «էշի ականջ», պատմեց, թե իր ընկերի հետ մի անգամ մտան մի աղքատ գյուղացու տուն։ Երկուսն էլ իրանց ձևացրել էին վանական աբեղա։ Տանը ոչինչ չգտան, բացի մի կացինից, որ գրած էր դռան մոտ։ Սկսեցին մաղթանք կատարել, երգելով հետևյալ երգը.
Աբեղան երգեց.
«Իգա կացին դռան տակին,
Վեր ա՛ո կռխի մեք տոպրակին,
Ալելուիա, ալելուիա՜»:
Ընկերը պատասխանեց.
«Պոչն էրկեն ա անիրավին,
Չի պարտկվի մեք տոպրակին.
Ալելուիա, ալելուիա՜»։
Աբեղան շարունակեց.
«Վե՛ր առ, զա՜րկ իդա քարին,
Պոչը կոտրե՛ անիրավին,
Որ պարտկվի մեջ տոպրակին։
Ալելուրա, ալելուիա՜»։
«Էշի ականջի» պատմությունը թեև մի քանիսի մեջ ծիծաղ շարժեց, բայց շատերի մեջ զզվանք պատճաոեց, որովհետև խաչագողը չպիտի այն աստիճան ստորացնե իրան, որ աղքատ գյուղացու խրճիթից մի կացին գողանա։ Խաչագողը պետք է մեծ որսերին հետամուտ լինի, ասեցին նրան։
Այդ պատմությունները որքան և անհամակրությամբ լսում էի ես, բայց դարձյալ գրգռեցին իմ ինքնասիրությունը, և ես պատմեցի իմ հերոսություններից մեկը, թե ո՛րպես քավոր Պետրոսը թաքցրեց ինձ սնդուկի մեջ, և ո՛րպես ես կողոպտեցի հրեա սեղանավորի կրպակը։ Ես սպասում էի որ իմ քաջագործությունը կզարմացներ բոլորին։ Բայց մի խաչագող պատասխանեց ինձ ծիծաղելով.
– Դա մի հասարակ խաղ է, որ ամենքս խաղացել ենք։ Բայց ես կպատմեմ դրա նման մի բան, որ դուք գուցե լսած ևս չեք։ Նա պատմեց.
«Հարավային Ֆրանսիայի քաղաքներից մեկում մենք մտանք մի եկեղեցի։ Այդ քաղաքի կաթոլիկ ժողովուրդը կրոնամոլ էր, որ կարծես ապրում էին և գործում էին միմյանց եկեղեցու համար։ Քահանաները հոգու փրկության անունով առել էին ժողովրդի հարստությունը և նրանով զարդարել էին իրանց տաճարները։ Արծաթյա խաչերը, աշտանակները և զանազան սուրբ անոթները թիվ և չափ չունեին։ Մենք երեք ընկեր էինք, մտածեցինք, թե ի՞նչ հնար գործ դնենք, որ այդ հարստությունից մի լավ բաժին վեր առնենք։ Մեր ընկերներից մեկին ձևացրինք մեռած, դրեցինք դագաղի մեջ և տարանք եկեղեցին։ Այդ քաղաքում սովորություն կար, որ մի գիշեր մեռելը պետք է մնար եկեղեցում։ Գիշերը մեր մեռելը հարություն է առնում իր դագաղից և հավաքում է իր մոտ խաչերից և անոթներից ո՛րը ավելի թանկագին էր։ Մյուս օրը մենք վեր առեցինք դագաղը տարանք թաղելու։ Այդ քաղաքում գետն ի պակասության պատճառով աղքատ և պանդուխտ նընջեցյալներին տեղ չէին տալիս հասարակաց գերեզմանատնում, այլ դնում էին աոանձին դամբարանի մեջ, որ հատկապես աղքատների համար պատրաստված էր։ Անկերիս դագաղը դրվեցավ նույն տեղը, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ստորերկրյա մթին այր։ Բայց նա երկար չմնաց ննջեցյալների ամբարում, հենց աոաջին գիշերը դուրս եկավ դագաղից, իր հետ բերելով և իր կողոպուտը, հասկանալի է, որ մենք ևս օգնեցինք նրան այդ վերջին հարության մեջ»։
– Երևի այն օրից սկսեցին մեզ կոչել «խաչագող», որովհետև դուք կողոպտեցիք սուրբ տաճարի խաչերը, –նկատեց մեկը։
Բոլորը ծիծաղեցին։
Քավոր Պետրոսը, որպես միշտ սովորություն ուներ այսպիսի խոսակցությունների ժամանակ, լուռ էր։ Նա երևի ավելի ուրիշ բաների վրա էր մտածում, քան թե լսում էր։ Նա չէր սիրում, երբ մարդիկ պարծենում էին նրա մոտ։ Նա իր մեծագործությունների մեջ խիստ համեստ էր...
Ընթրիքը վերջացավ մեր կենաց համար առաջարկված բաժակներով։ Բոլորը հայտնեցին իրանց ուրախությունը, որ բախտ ունեցան ընդունելու մեզ իրանց ընկերության մեջ...
Գ. ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ
Երբ առաջ լսում էի այդպիսի խոսակցություններ, ես ոգևորվում էի, իմ սիրտը լցվում էր կատաղի նախանձով, իմ եռանդն ավելի և ավելի բորբոքվում էր, և ես մտածում էի. «Ե՞րբ կլինի, որ ես էլ պարծենալով պատմեմ իմ քաջագործությունները»... Իսկ այժմ ինչո՞ւ այդպես սառեց իմ սիրտը, ինչո՞ւ այդպես անզգայացավ նա։ Այլևս ինձ չէր գրավում խաչագողի փառքը, այլևս ես չէի հրապուրվում չար գործի քաղցր մոլորությունով։ Կարծես թե իմ զորությունը թուլացել էր, կարծես թե իմ մեջ հանգել էր այն կրակը, որի առաջին վառողը եղավ մի երևելի չարագործ... Ինձ տիրել էր մի տեսակ վհատություն, մի տեսակ հիվանդոտ ձանձրույթ։ Ես փախչում էի գործից, փախչում էի աշխատանքից...
Որտեղի՞ց ծագեց այդ փոփոխությունը։
Ես ինքս չգիտեի, բացատրել չէի կարողանում, միայն զգում էի, որ իմ մեջ դեռ մնացել էր աշխույժ եռանդ, բայց ոչ դեպի խաչագողի գործունեությունը։ Ես բոլորովին ոգով ընկած չէի։ Իմ սիրտը լցված էր ինչ-որ բանով, որը հետզհետե այնքան աճում էր, ընդարձակվում էր, որ արտաքսվում էր այնտեղից բոլորը, ինչ որ առաջուց մտցրել էր քավոր Պետրոսի սոսկալի դաստիարակությունը... Բայց ի՞նչ էր այդ՝ ինքս էլ չէի հասկանում։
Երբ առաջ ինձ աջողվում էր կատարել մի եղեռնագործությունք որքան սարսափելի լիներ նա, որքան խառնված լիներ արյունով, այնքան ավելի բերկրություն էր բերում ինձ: Իսկ այն օրից, երբ սպանեցի այն չարագործին և ազատեցի Նենեին, զգում էի, որ այդ սպանությունը այն չէր, ինչ որ ինձ շատ անգամ պատահել էր գործել։ Առաջինների զվարճությունը րոպեական էր, շուտով անցնում էր, իսկ այդ վերջին ուրախությունը քաղցր էր և տևողական։ Ես սպանելով՝ ազատել էի մի անմեղի կյանքը...
Առաջ ինչ որ անում էի, դարձյալ ուզում էի անել, չէի կշտանում, ոչ մի բանի մեջ բավականություն չէի գտնում։ Կարծես թե սիտս միշտ և միշտ դատարկ էր մնում։ Իսկ այժմ զգում էի, որ ավելի ուրախ եմ, սիրտս հանգիստ էր և գոհ, որպես թե, նա լիացած լիներ անսահման երջանկությամբ...
Ո՞րտեղից ծագեց այդ փոփոխությունը։
Երբ խաչագողները քնեցին, ես ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Իմ աչքերի առջևն էր Նենեն, նրա պատկերը ինձանից չէր հեռանում, միշտ նրան էի տեսնում և նրա մասին մտածում։ Ի՞նչ էր, որ իմ սիրտը կապեց այդ թշվառ աղջկա հետ։ Մարդու հոգեբանական գաղտնիքները դեռ անհասկանալի էին ինձ։ Ես Նենեի վերաբերմամբ ունեցած իր զգացմունքը բացատրում էի խիստ պարզ ու հասարակ պատճառներով, թե կյանքի մեջ մարդ իր արդյունաբերությունը ավելի է սիրում, ինչպես նա խիստ ախորժակով է ուտում այն երեի մսից, որ ինքն է որսացել, իսկ բազարից գնածը այն համը չունի։ Մարդ խնայողությամբ է ծախսում այն արծաթը, որ իր քրտինքի վաստակն է, իսկ ժառանգական հարստության հետ շատ անգամ շռայլաբար է վարվում։ Այնպես էլ քաղցր է մարդուս համար իր ձեռքով տնկած, հասցրած ծառի պտուղը։ Արդյոք այդ համեմատությունները ճի՞շտ էին, դրանցով կարելի՞ էր բացատրրել Նենեի վերաբերությամբ ունեցած իմ զգացմունքը...
Կյանքն ամեն բան սովորեցնում է մարդուն, իսկ դեպքերը նրա վարժապետն են դառնում։ Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, կողոպտել, հափշտակել, մի խոսքով, ուրիշին պատկանածը իրան սեփականացնելու համար չխնայել þ ոչ մի միջոց։ Ավազակությունը ամենամեծ զվարճությունն էր ինձ համար, որի մեջ ես զգում էի բախտի քաղցրությունը։ Ուրախություն էր պատճառում ինձ առանց քրտինքի պարպել ուրիշի քսակը։ Բայց այն օրից, երբ ես իմ քսակը առաջարկեցի ծերունի ձկնորսին և խնդրեցի նրանից պահել, պահպանեք Նենեին, այդ օրից ես վայելում էի մի ավելի մեծ բավականություն, որ երբեք ճաշակած չէի։
Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, բայց Նենեն սովորեցրեց սիրել, բարիք գործել։
Որքա՜ն գեղեցիկ բան է սերը։
Ես Սառային էլ էի սիրում, այժմ նույնպես սիրում եմ մանկության բարեկամին։ Բայց հանգամանքները բաժանեցին մեզ, տարիները ահագին անդունդ փորեցին մեր մեջ. մենք անջատվեցանք։ Ո՜րքան ժամանակ էր, որ չէի տեսել նրան, այժմ իմ հիշողության մեջ մնացել էր նրա մռայլ պատկերը միայն, թեև սրտիս մեջ տակավին չէր հանգել նրա սերը։ Սառան ինձ երևում էր այն բանի նման, որպես երեխային երազումը կտային մի խաղալիք, և նա կուրախանար, բայց հենց որ զարթնում է քնից, սկսում է տխրել, որ այն խաղալիքը այլևս չունի...
Առավոտյան խաչագողները զարթնեցան խիստ վաղ։ Որպես գործի մարդիկ, դեռ արևը չծագած, նրանք ոտքի վրա էին։ Մի քանիսը վեր առին կացինները, գնացին անտառը, փայտ կտրելու և ածուխ պատրաստելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, մնաց խրճիթում իր երկու բանվորների հետ։
Ինձ երևում էր, որ նրանք խիստ ուրախ էին քավոր Պետրոսի հայտնվելով, և հարգում էին նրան, որպես իրանց պատրիարքին։ Իսկ ինձ դեռ մարդու տեղ չէին դնում, ինձ վրա նայում էին որպես մի անփորձ համբակի վրա։ Նազարը մեզ ցույց տվեց իրանց ստորերկրյա վիրապը, այնտեղ էր նրանց գործարանը։ Կեղծ թղթադրամը ահագին կապոցներով դարսված էր զանազան խորշերում։ Մեքենաները, մամուլները, ներկերը բոլորովին շլացրին իմ աչքերը։ Նազարը, գործարանի կառավարիչը, որ երկար ժամանակ Լոնդոնում սովորել էր այդ արհեստը և այդ բոլոր պարագայքը բերել էր այնտեղից, մի աո մի ցույց էր տալիս մեզ իր պատրաստությունները և նրանց գործածության ձևերը։ Իսկ այնօր չէին բանում, որովհետև գլխավոր մեքենապետը, որը մի հրեա էր, գնացել էր քաղաքը մի մեքենայի խանգարված մասը շինել տալու համար։ Հրեան միևնույն ժամանակ փորագրիչ էր, ընկերության մեջ դա էր միայն, որ օտարազգի էր։
Քավոր Պետրոսը արեց մի քանի նկատողություններ, հետո հարցրեց, թե ի՞նչպես էին ծախսում այդ թղթերը։ Նազարը պատասխանեց, թե թղթերը ծախսելու համար ընտրել են կայսերության ամենախուլ կողմերը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ է, ասաց, որ զանազան տեղերում ունեն գործակատարներ, որոնք փոխարինում են թղթերը գյուղացիների հետ, ստանալով նրանցից հում բերքեր, որպիսին են ալյուր, քաթան, կամ տնային անասուններ և այլն։ Այդ մթերքը վաճառվում է քաղաքներում։
– Այդ ես տեսնում եմ, որ դուք գործ ունեք միայն գյուղացիների հետ, – Ասաց քավոր Պետրոսը, – դրա համար էլ ձեր թղթերը մանր տեսակներից են։ Բայց պետք է ընդարձակել գործը։
Թե ի՛նչպես պետք էր ընդարձակել, այդ մասին քավոր Պետրոսը ոչինչ չհայտնեց։ Նա առհասարակ սովորություն ուներ իսկույն չհայտնել իր միտքը։ Բայց նրա նկատողությունը ճիշտ էր, թղթերի տեսակները հասնում էին մինչև տասն ռուբլիանոցի միայն, որովհետև նրանք գործ ունեին մանր առևտրականների հետ։
Խաչագողները հենց նույն օրից ընդունեցին մեզ իրանց ընկերության մեջ։ Եվ որովհետև բոլորի պաշտոնները որոշված էին, քավոր Պետրոսին, որպես հմուտ և փորձված մարդ, կարգեցին ընկերության տեսուչ։ Իսկ ինձ, դեռ մանուկ և անվարժ համարելով, պարապմունք տվեցին ածխագործների մասում։ Իմ զորեղ բազուկները ավելի հարմար էին փայտ կտրելու համար։ Ես գոհ եղա այդ պաշտոնով, որովհետև մտածում էի, որ դա միջոց կտա ինձ բացակա լինել նրանց բնակարանից և անտառը գնալու պատրվակով շուտ-շուտ տեսնվել Նենեի հետ։ Իմանալով, որ ես միևնույն ժամանակ լավ որսորդ եմ, նրանք հանձնեցին ինձ և այդ պարապմունքը։ Մարդկային բնակություններից հեռու գտնվելով, նրանք խիստ հազիվ անգամ կարողանում էին միս գնել և ապրում էին ըստ մեծի մասին որսի մսով։
Հետևյալ օրից ես մտա պաշտոնիս մեջ։ Վաղ առավոտյան առա ինձ հետ մի հրացան, մի որսորդական շուն և ճանապարհ ընկա։ Ա՜խ, ո՛րքան ուրախ էի, ո՛րքան շտապում էի։ Երկու օր էր, որ չէի տեսել Նենեին։ Ես խոստացել էի ամեն օր այցելել նրան։ Այժմ ո՛րքան անհանգիստ կլիներ նա, ինձ չտեսնելով, և ո՛րքան կուրախանար, երբ կրկին կտեսներ ինձ, ճանապարհին միշտ այդ էի մտածում։
Դեռ ձկնորսի տնակին չհասած, ծովի ափի մոտ հանդիպեց ինձ պառավը, որ ապրում էր ձկնորսի հետ։
– Որդի,– ասաց նա մի առանձին ցավակցական եղանակով, – այդ ի՞նչ արեցիք մեզ հետ. այն աղջիկը ցավով լցրեց մեր սիրտը...
– Ի՞նչ կա, – հարցրի ես սարսափելով, – հիվա՞նդ է... մեռե՞լ է... ի՞նչ է պատահել։
– Չէ, զավակս, աստված մի՛ արասցե, որ այդպես բան լինի, – պատասխանեց պառավը այժմ ավելի հանգիստ կերպով։ – Նա այնքան լավ աղջիկ է, որ ես կցանկանայի, որ իմ աչքերը կուրանային, բայց նրան մի չար չհանդիպեր։ Նա այնքան բարի է, այնքան սիրուն է։
– Ապա ի՞նչ է պատահել, – հարցրի ես անհամբերությամբ։ – Ասացեք, ինչո՞ւ եք ծածկում։
– Հիվանդ ասես, հիվանդ չէ, որդի, բայց ամբողջ գիշեր չէ քնում, հենց ա՜խ ու վա՜խ է քաշում և լաց լինում։ Ի՛նչն է այդպես տանջում խեղճ աղջկան, աստված գիտե, բայց միշտ տխուր է և տխուր, պատառ հաց բերանը չէ դնում։ Պատահում է, կա՛մ կատուն է անցնում դռան մոտով, կա՛մ թռչունն է թռչում, կամ տերևն է շարժվում, նա իսկույն դուրս է վազում, ժամերով նստում է դռան մոտ, նայում է և նայում դեպի ճանապարհը, կարծես, մեկին սպասում է։
Մինչ ես պառավի հետ խոսում էի, հանկարծ հայտնվեցավ Նենեն. նա երեխայի պես քաշ ընկավ իմ պարանոցից և երկար բաց չէր թողնում։
– Ինչո՞ւ ինձ խաբեցիր, – հարցրեց նա։
– Տեսնում ես, որ եկա, – պատասխանեցի ես։
– Այդպես ուշ։ Ա՜խ, որքան ես լաց եղա...
– Ինչո՞ւ էիր լաց լինում։
– Կարծում էի, որ դու էլ չես գա ինձ մոտ։
Մենք մոտեցանք խրճիթին։ Նենեն նայեց իմ որսորդական հագուստի ու զենքերի վրա և ուրախացավ։
– Դու հրացան էլ ունես, ես էլ չեմ վախենա...
– Ո՞ւմից պետք է վախենաս։
– Ա՜խ, այն ավազակները... Դարձյալ մտաբերեց չարագործներին։
– Մոռացի՛ր նրանց, Նենե։ Նրանք քեզ է՛լ ոչինչ չեն կարող անել։
Այդ գազանների վարմունքը այնպիսի վատ տպավորություն էր թողել խեղճ աղջկա վրա, որ նա առանց սարսափելու չէր կարողանում մտաբերել նրանց։ Ես միշտ աշխատում էի հեռացնել նրանից այդ հիշողությունը, մանավանդ երբ տեսնում էի, որ նա ամբողջ մարմնով դողում էր և գունաթափվում էր նրանց միտ բերելու ժամանակ։
Նենեն սկսեց փայփայել իմ որսորդական շանը, որ խիստ մտերմաբար քծնում էր նրա չորս կողմով։
– Այդ շունը քո՞նն է, – Հարցրեց նա։
– Իմն է։
– Ո՜քքան լավ շուն է, նա կծում է, այնպես չէ՞, ումը որ ցույց տալու լինես, կկծե՞։
– Կխեղդե, եթե ես հրամայեմ։
– Նա քեզ սիրում է։ Ասա թող ինձ էլ սիրե։ Գնանք խրճիթը, ես նրան կկերակրեմ։ Ինչպե՞ս է անունը։
– Մուխթար։
Նենեն սկսեց կանչել շանը իր անունով և տարավ դեպի խրճիթը, որը մի քանի քայլով միայն հեռու էր մեզանից։ Մենք ներս մտանք, ծերունի ձկնորսին տանը չգտանք, նա գնացել էր ծովի ափի մոտ ձուկ որսալու։ Ես նստեցի ճյուղերից հյուսած մահճակալի վրա։ Նենեն իմ մոտից չէր հեռանում։ Նա երեխայի նման ձեռքը դրել էր իմ ուսի վրա, նայում էր իմ երեսին և. շարունակ խոսում էր առանց լռելու։
– Դու երևի նախաճաշիկ չես արել, սոված կլինես, – Հարցրեց նա, – ես քեզ համար ուտելու մի բան կպատրաստեմ: Տես, այդ ելակները ես եմ քաղել անտառից, պահեցի քեզ համար։ Դու խո սիրո՞ւմ ես ելակներ։
– Ես քեզ պատվիրեցի, որ անտառը չգնաս, Նենե։
– Հեռու չեմ գնացել, նայի՛ր, այդ մոտիկ տեղից քաղեցի։ – Նա վազեց դեպի լուսամուտը, սկսեց ցույց տալ ինձ։
– Ոչ, այնտեղ էլ չպիտի գնաս։
– Դրանից հետո չեմ գնա։
Նենեն կազմեց մի պարզ նախաճաշիկ, որ պատրաստված էր տապակած ձկներից և անտառային բանջարներից։ Սեղանի վրա նա ասաց ինձ,
– Ա՜խ, որքան լավ մարդիկ են այդ ձկնորսները, ես հիմա շատ եմ սիրում նրանց։ Պառավը ինձ իր մոտ է պառկեցնում և գիշերը տասն անգամ նայում է, որ չբացվեմ, չմրսեմ։ Ծովից գիշերը սաստիկ քամի է փչում, ցուրտ է լինում։ Ես հիմա ծերունի ձկնորսին «պապա» եմ կոչում, նա ինձ շատ է սիրում, երեկ համբուրեց ինձ, ասաց «զավակս»։
Նախաճաշիկից հետո ես պատրաստվեցա հեռանալու։ Իմ որսորդության առաջին օրն էր, պետք էր աշխատել մի բան որսալ, որ ընկերներիս մոտ ամոթով չմնայի։ Նենեն հարցրեց,
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.