Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 10 (всего у книги 22 страниц)
Քավոր Պետրոսի այցելությունները երկար չտևեցին, որովհետև նա մտել էր մի քանի խրճիթներ միայն և, ամեն տեղ տեսնելով միևնույն զարհուրելի տեսարանները, միևնույն դժբախտությունները, այլևս համբերել չէր կարողացել և հետ էր դարձել։ Նա սաստիկ զգայուն մարդ էր. թշվառության համար դեռ պահված էին նրա աչքերում արտասուքի մի քանի կաթիլներ։
Նրա հետ էր և՛ քահանան, և՛ գյուղի տանուտերը։
Իսկ գյուղացիների մի խումբ, լսելով այդ անակնկալ այցելության համբավը, հավաքվել էր մեր կեցած տան դռանը։
Հենց որ նստեցին, քավոր Պետրոսը դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.
– Ես ձեզ կտամ մի գումար, տեր հայր, դրանով դուք հաց, բժիշկ և դեղորայք բերել կտաք քաղաքից։ Ես հավատացած եմ, որ ձեր ծուխի թշվառությունը ձեզ համար նույնքան զգալի է և ցավակցական, որքան եղավ նա ինձ համար, երբ այս գիշեր իմ աչքով տեսա ողորմելի մարդկանց կրած տառապանքը։
– Այդ փողերը գանձարանի՞ց են, – Հարցրեց գյուղի տանուտերը։
– Այդ փողերը ես եմ տալիս ձեզ, – պատասխանեց քավոր Պետրոսը։
Նրանք զարմացած մնացին։ Նրանց վրա տիրեց մի տեսակ երկյուղ, մի տեսակ կասկած, թե ի՞նչ նպատակ կարող էր լինել դրանում, որ մի անծանոթ մարդ, մի քանի ժամ իրանց գյուղում հյուր լինելով, նվիրում էր այդքան փող։
– Աստուծո և իմ հոգու համար եմ տալիս, – Ասաց քավոր Պետրոսը։
Աստուծո և հոգու անունը տալու ժամանակ նրանց կասկածը փարատվեցավ, և ամեն կողմից օրհնություններ ու շնորհակալությունները չափ չունեին։
Քահանան, որպես երևում էր, բարեխիղճ մարդ էր. նա թույլտվություն խնդրեց քավոր Պետրոսից, որ ներս կանչե դրսում կանգնած գյուղացիներին ևս, որ մի քանի վկաների ներկայությամբ ստանա գումարը, որպեսզի վերջը տարաձայնությունների առիթ չմնա։
– Ես, – Ասաց նա, – Այդ գումարը մի քանի անձինքների գործակցությամբ կծախսեմ և նրա գործադրության մասին մանրամասն հաշիվ կներկայացնեմ ձեզ։ – Հետո խնդրեց նա քավոր Պետրոսի հասցեն։
– Այդ հարկավոր չէ, տեր հայր, ես ձեզ բոլորովին հավատում եմ։
Քավոր Պետրոսը մինչև անգամ չհայտնեց նրանց իր անունը, թեև շատ խնդրեցին, և հանգստացրեց քահանային Ավետարանի խոսքերով, թե բարեգործությունները պետք է ծածուկ կատարվեն, և միայն աստված պիտի գիտենա»
Հետո դարձավ նա դեպի ինձ և ներկա գտնվողներին անհասկանալի լեզվով ասաց.
– Պատրաստվիր, որ շուտով ճանապարհ ընկնենք, այս գյուղը մնալու տեղ չէ։
Քավոր Պետրոսը իր ձեռքով մխիթարեց այն գյուղացու դժբախտությունը, որի տանը հյուրասիրվեցանք մենք։ Քառորդ ժամից հետո մեր սայլակը արդեն գտնվում էր ճանապարհի վրա։
Սպահանցի քահանային եկեղեցու շինության համար հանգանակած գումարից հետո, քավոր Պետրոսի այդ երկրորդ բարեգործական վարմունքը ինձ ավելի զարմացնում էր։ Զարմանում եմ գլխավորապես այն պատճառով, որ եկեղեցու շինության գործում նրան թելադրում էր հավատը, կրոնի զգացմունքը և վերջապես ազգային նախանձախնդրությունը։ Ւսկ ա՛յստեղ ի՞նչ կար, որ զարթնեցներ նրա կարեկցությունը։ Մի՞թե մի ամբողջ սովատանջ բազմության թշվառությունը կարող էր ազդել նրա քարացած սրտի վրա։
Այդ խորհրդածությունները զբաղեցնում էին իմ միտքը, երբ մեր սայլակը դանդաղ կերպով առաջ էր գնում։ Ձիաները ամբողջ օրը չարչարված լինելով, չէինք կամենում ավելի հոգնեցնել նրանց։ Այդ միջոց էր տալիս ինձ քավոր Պետրոսից բացատրություններ խնդրելու։
– Բարեգործությունը լա՞վ բան է, – Հարցրի նրանից։
– Ես չեմ հասկանում ի՞նչը առիթ տվեց քեզ հանկարծ մի այսպիսի հարց առաջարկել ինձ։
– Ինձ առիթ տվեց ձեր այսօրվա վարմունքը»
– Լավ բան է։
– Ուրեմն մենք ինչո՞ւ ենք խաբում, կողոպտում, սպանում և ամեն տեսակ եղեռնագործություններից ետ չենք մնում։
– Մենք կողոպտում ենք ժլատ հարուստներին։ Իսկ աղքատներին պետք է օգնել։
Գիշերային լռության պահուն, անապատի մեջ, ճանապարհի վրա, առանձնացած մի խստասիրտ մարդու հետ, այս տեսակ վիճաբանությունը կարող էր վտանգավոր հետևանքի հասցնել։ Ւմ տապարը, որ միշտ սայլակի նստարանի տակ էր պահված լինում, հանեցի և խրեցի գոտիիս մեջ։ Լուսնյակի լուսով քավոր Պետրոսը նկատեց այդ, իսկ ես նրա դեմքի վրա նկատեցի մի արհամարհական ժպիտ։
– Դուք ասում եք, թե աղքատներին և թշվառներին պետք է օգնել։ Շատ գեղեցիկ միտք է, – շարունակեցի ես։ – Իսկ ողորմելի թաթար Ասկերը աղքատ և թշվառ չէ՞ր, ինչո՞ւ հրամայեցիք ինձ սպանել նրան։
– Ես միջոցների մեջ խտրություն չեմ գնում։ Եթե Ասկերին սպանել չտայի, չէի կարող կողոպտել բուխարեցի հարուստ վաճառականին։ Իսկ բուխարեցուն կողոպտելով, ես այսօր մի ամբողջ գյուղ ազատեցի սովատանջ մահից։
Քավոր Պետրոսի խոսքերը որքան էլ ինձ տարապայման թվեին, այսուամենայնիվ, նրանք բխում էին հաստատ համոզմունքից, որոնց համեմատ ևս գործում էր նա։ Նա իր գաղափարների մեջ հաջորդաբար էր վարվում։ Այնքան ժամանակ նրա մոտ ծառայելով, ես վկա էի եղել շատ անցքերի և միշտ նկատել էի, որ նա մի առանձին կատաղի ատելություն ուներ դեպի ժլատ հարուստները, որոնց ընդհակառակն, նա երբեք չէր վշտացրել աղքատին և միշտ թշվառների բարերարն էր հանդիսացել։ Բայց, ես հիշեցի մի պայման, որի մասին մինչև այսօր առիթ չէի ունեցել խոսելու նրա հետ։ Ես հարցրի.
– Դուք, որ միշտ բարի եք եղել դեպի աղքատը, դեպի հարստահարյալը և դեպի թշվառը, ինչո՞ւ մինչև այսօր չկատարեցիք ձեր խոստմունքը մի անձի վերաբերմամբ, որ ձեր պատճառով թշվառացավ։
– Ի՞նչ անձ։
– Իմ վարպետը։ Չե՞ք հիշում, երբ առաջին անգամ մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը և օտար աշխարհ գնալ, մենք ուխտեցինք փող վաստակել և այդ մարդու կրած բոլոր վնասների փոխարենը վճարել։ Մոռացե՞լ եք։
–Չեմ մոռացել։ Երբ կհասնենք իջևան, դու ինձ հիշեցրու, ե՛ս ցույց կտամ քեզ մի նամակ, որից դու կտեղեկանաս, որ ես վաղուց կարգադրություն արել եմ այդ մասին։ Ես ուղարկել էի մի գումար մեր գյուղի քահանային, խնդրելով, որ հասցնե քո վարպետին, բայց պատասխան ստացա, թե այն օրից, որ նրան փախցրին բանտից, նրա մասին ոչինչ տեղեկություն չկա, թե ինքը և թե իր ընտանիքը անհայտացել են։ Բայց ինձ զարմացնում է մի բան, Մուրադ, ի՞նչը առիթ տվեց քեզ այսպես կասկածավոր կերպով վերաբերվել դեպի իմ գործունեությունը։
Ես ոչինչ չպատասխանեցի։
Ը. ՓՐԿՈԻԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ
Անցել էր ավելի քան մի ամիս այն օրից, որ մենք թողեցինք հրեա սեղանավորի գտնված քաղաքը։
Շատ երկար կլիներ, եթե մանրամասնաբար նկարագրեի մեր ամբողջ ճանապարհորդությունը։ Իմ հիշատակարանի այս գլուխը ես կիսով չափ համառոտում եմ։ Համառոտում եմ, որովհետև շտապում եմ ծանոթացնել ընթերցողին մի նոր դեպքի հետ, որը իմ սրտին շատ մոտ է...
Կարճ կասեմ, անցնելով զանազան գավառներից և փոքրիկ քաղաքներից, մենք արդեն գտնվում էինք կայսրության հարավային գավառում, Սև ծովի եզերքի մոտ։ Բնությունը այստեղ փոխվեցավ, անապատներից ազատվեցանք, երկիրը ավելի լեռնային էր։
Ամառային գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Մեր ճանապարհը գնում էր նեղ ձորի միջով, որ պատած էր խիտ անտառներով։ ճանապարհի մեկ կողքով զուգընթաց կերպով ձգվում էր խորին անդունդ, որի հատակում հազիվ նշմարվում էր լեռնային գետակը։ Իսկ ճանապարհի մյուս կողքին բարձրանում էին ապառաժներ, որ ծածկված էին ծառերով։
Ինձ հայտնի չէր, թե ո՞ւր էր տանում այդ ճանապարհը, կամ ի՞նչ էինք որոնում այդ վայրենի, համարյա անմարդաբնակ լեռների մեջ։ Ես միայն հիացած էի բնության գեղեցկություններով։ Երբեմն ես լսում էի առվակների խոխոջմունքը, որոնք թաքուն վազում էին թփերի միջով, երբեմն տեսնում էի նրանց ջրվեժը, որ նոր ծագող արեգակի աոաջին ճառագայթներից ծիածանի նման կամար էին կապում կանաչազարդ լեռան վրա։ Տեղ-տեղ հանդիպում էին հին ամրոցների ավերակներ, որ մնացել էին թաթարների տիրապետության ժամանակներից։
Կրկնում եմ, որ ես ամենևին տեղեկություն չունեի, թե ինչ նպատակով էինք ճանապարհորդում։ Միայն քավոր Պետրոսը մի բան որոնում էր այն լեռների մեջ. նա շտապում էր, որքան կարելի է, շուտով հասնել ծովի ափերին։
Մինչև կեսօր մենք գնում էինք միևնույն նեղ ճանապարհով, որ երկու կողմից սեղմված էր ծառերով։ Բայց դեռ ոչ մի բնակության չէինք հանդիպել և ոչ մի մարդու երես չէինք տեսել։ Շարունակել ուղին՝ անհնարին էր, որովհետև ձիաները սաստիկ հոգնած էին։ Պետք էր փռքր-ինչ հանգստանալ։ Մենք կանգնեցրինք սայլակը մի տեղում, ուր ձորի միջով անցնող գետակը ավելի բարձրից էր հոսում, և ջուրը բոլորովին մատչելի էր։ Իմ աոաջին հոգսը եղավ ձիաները ջրել և նրանց կեր տալ։ Հետո սկսեցինք հագեցնել և մեր քաղցը։
Ճաշելուց հետո քավոր Պետրոսը նստած էր մի ծառի հովանու ներքո և լուռ մտախոհության մեջ էր գտնվում: Սատանան գիտե, թե ի՛նչ էր մտածում նա։ Նրա այս տեսակ լռությունը միշտ նախագուշակում էր մոտալուտ փոթորիկ։ Ես ձանձրացա և մտա անտառը փոքր-ինչ ծառերի մեջ ման գալու համար։
– Հեռու չգնաս, – զգուշացրեց նա։
– Ինչո՞ւ։
– Այս տեղերը խիստ երկյուղալի տեղեր են։
– Ես ինձ հետ կվեր առնեմ տապարս։
Այս զենքը իմ մարմնի անբաժանելի անդամներից մեկն էր:
Զարմանալի բան է, լինում են այնպիսի րոպեներ, երբ հասակ առած մարդն անգամ երեխա է դառնում։ Իմ մանկության զվարճությունները միտս եկան, սկսեցի քաղել և ուտել վայրենի պտուղներ։ Նրանք անզգալի կերպով հրապուրում էին ինձ ավելի հեռու և հեռու դեպի անտառի խորքը։ Ես բոլորովին մոռացա քավոր Պետրոսի պատվերը։
Հանկարծ իմ ականջին զարկեց մի ձայն, նա ավելի նման էր խուլ հառաչանքի։ Ես մոտեցա։ Ձայնը կրկնվեցավ։ Պարզ որոշեցի, դա կանացի ձայն էր, որ լսելի էր լինում ոչ այնքան հեռվից։ Ես թաքնվեցա թուփերի մեջ և այնտեղից սկսեցի գիտել։ Ի՞նչ եմ տեսնում, մեկ մանկահասակ աղջիկ, չոքած գետնի վրա, գրկել էր մի տղամարդի ոտքերը, աղաչում էր, պաղատում էր խնայել իր կյանքին։ Տղամարդը, կանգնած, բռնել էր նրա մազերից և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր սպանել։ Հենց որ նա սուրը բարձրացրեց, ես կայծակի արագությամբ վրտ հասա։ Իմ հասնելը և տապարիս զարկը կատարվեցավ միևնույն րոպեում։ Նա ընկավ գետնի վրա։
Աղջիկը ազատված էր։
Չարագործը լողում էր արյան մեջ։ Նա իր գազանային դեմքը դարձրեց դեպի ինձ, արձակեց մի քանի հայհոյանքներ և լռեց...
Ես սարսափելի խռովության մեջ ընկա, լսածս հայոց լեզվի բառեր էին։ Ուրեմն իմ ձեռքը շաղախվեցավ մի հայի արյան մեջ, որը մահվան տագնապի րոպեում, մոռանալով իրան, իր հայհոյանքները արտասանեց մայրենի լեզվով:
Այստեղ անպատճառ պետք է մի գաղտնիք լինի, մտածեցի ես և դարձա դեպի աղջիկը, որ զարհուրած նայում էր իմ վրա։
– Ո՞վ ես դու։
– Իմ հայրն ու մայրը մեռան խոլերայից:
– Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։
– Գյուղացիք ինձ հաց էին տալիս, ես նրանց համար գուշակում էի...
– Ես այդ չեմ հարցնում։ Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։
– Նա լավ մարդ չէ... նա շատ վատ մարդ է...
– Ինչպե՞ս ընկար նրա ճանկը։
– Ինձ բռնեց, երբ մի օր դառնում էի գյուղից։
– Հետո՞։
– Տարավ անտառը... այնտեղ ընկերներ ուներ, բոլորը չար մարդիկ էին... բոլորը ավազակներ էին։
– Ի՞նչ արեցին քեզ։
– Չարչարեցին... շատ չարչարեցին... – էլ ինչո՞ւ էին սպանում քեզ։
– Ես ասեցի, եթե ինձ բաց չթողնեք, կմատնեմ ձեզ։
– Ի՞նչ բանում պետք է մատնեիր։
– Նրանք թուղթ փողեր էին շինում։ Դու մատնեցի՞ր։
– Չմատնեցի։ Ինձ տվին այդ մարդու ձեռքը, որ սպանե ինձ։
Գաղտնիքը մասամբ պարզվեցավ:
– Այն մարդիկը հեռո՞ւ են կենում։
– Այդ անտառի մեջ են։
– Դու ճանաչո՞ւմ ես նրանց բնակարանը։
– Ճանաչում եմ։
– Կարո՞ղ ես ինձ ցույց տալ։
– Ա խ, ես չեմ գնա այնտեղ, ես վախում եմ...
– Դու գիտե՞ս ի՛նչ ազգից են նրանք։
– Ես շատ լեզուներով խոսում եմ, բայց նրանց լեզուն չէի հասկանում։
– Կարո՞ղ ես ինձ տանել նրանց մոտ։
– Մի՛ գնացեք նրանց մոտ. նրանք լավ մարդիկ չեն։
Վերջին խոսքերը մի այնպիսի զգալի կերպով արտասանեց խեղճ աղղիկը, որ ես համոզվեցա իսկույն չգնալ ավազակների րնակարանը և վճռեցի նախ այդ անցքը հայտնեք քավոր Պետրոսին և ապա սպասել նրա կարգագրությանը։
Աղջիկը կլիներ հազիվ տասնութ տարեկան։ Նա ցիգանուհի էր, բայց ոչ Ռուսաստանի ցիգաններից, այլ հեռավոր երկրներից եկած, բայց ի՞նչ երկրներից, նա բացատրել չկարողացավ։ Նրան կոչում էին Նենե։ Նրա հայրը ածում էր արֆայի վրա, մայրը երգում էր, իսկ ինքը պար էր գալիս։ Այդ պարապմունքով թափառում էին և դրանով ապրում էին։ Ծնողները մինը մյուսից հետո, խոլերայից բռնվելով, մի շաբաթվա մեջ մեռան։ Նենեն մնաց որբ և անտեր։ Նա շարունակեց այնպես թափառել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարդկանց համար գուշակություններ էր անում, հմայում էր և փող էր ստանում։
Նենեն իր ցեղին հատուկ լղարիկ կազմվածք ուներ, բայց սաստիկ դյուրաթեք, սաստիկ առաձգական էր նա։ Առհասարակ մի գեղեցիկ նրբություն արտափայլում էր նրա մարմնի յուրաքանչյուր գծերից։ Աչքերը սև և կրակոտ էին. գույնը նույնպես թուխ էր, որպես մազերը։ Բայց որքա՜ն կյանք կար նրա հայացքի մեջ, ո՛րքան պարզություն կար նրա խոսքերի մեջ...
Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ես չգիտեի ի՛նչ տեսակ հաշիվ և համար տամ իմ անտառում կատարած գործողության մասին։ Նա հեռվից տեսնելով ինձ Նենեի հետ միասին, հեգնեց, ասելով.
– Որսորդությունդ հաջողակ է երևում, մենակ գնացիր, զույգով վերադարձար։
Նա նստած էր միևնույն ծառի հովանու ներքո, ուր առաջ թողել էի նրան։ Ես ոչինչ չպատասխանեցի, տարա Նենեին սայլակի մոտ։ Խեղճ աղջիկը այնպես շուտով մտերմացավ ինձ հետ, որ իսկույն հարցրեց,
– Ասեղ ունե՞ս։
– Ի՞նչ ես անում։
– Դրանք պետք է կարկտնեմ։
Նա ցույց տվեց իր պատառոտված հագուստը։
Ես Նենեին թողեցի սայլակի մոտ և շտապեցի դեպի քավոր Պետրոսը։
– Այդ ի՞նչ բան է, – Հարցրեց նա այժմ խիստ սառն կերպով:
Ես առանց մի բան թաքցնելու պատմեցի նրան անտառում պատահած անցքը, պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի Նենեից։ Նա հետաքրքրությամբ լսում էր։ Ես կարծում էի, որ նա կհանդիմաներ ինձ իմ գործած աննպատակ սպանության համար, որի մեջ շահեկան կամ օգտավետ ոչինչ չկար։ Բայց նա գտավ դրա մեջ մի շահ։
– Պետք է օգուտ քաղել այդ դեպքից, – Ասաց նա, երբ ես վերջացրի աղետալի պատմությունը։
– Ո՞րպես։
– Այդ մարդիկ մեզ հարկավոր են...
– Ինչո՞վ։
– Աղջիկը չասա՞ց քեզ, թե նրանք շինում են կեղծ թղթադրամներ։
– Ասաց։
– Այդ բավական է։
Նա էլ չխոսեց, հրամայեց իսկույն լծել ձիաները։ Երբ սալյակը պատրաստ էր, ես հարցրի.
– Ի՞նչ պետք է անել այդ աղջկա հետ։
– Վե՛ր առ մեզ հետ։ Մենք պետք է առանձնանանք այդ անտառի մեջ մի ապահով տեղում, մինչև կստուգեինք, թե ո՛վքեր են այդ մարդիկ։ Քշի՛ր դեպի ձախ։
Արևը արդեն խոնարհվում էր դեպի իր մուտքը, երբ մենք մտանք մի ձոր, որ գոգավորվելով, կազմում էր մի նեղ ծոց անտառապատ լեռների մեջ։ Այստեղ իջևանեցինք։
Նենեն լուռ էր և տխուր։ Կարծես թե խեղճ աղջիկը մտածում էր, թե ավազակի ձեռքից ազատվելուց հետո կրկին ո՛րպիսի վիճակի ենթարկեց նրան դառն ճակատագիրը, կրկին ո՛րպիսի մարդկանց ձեռքը ձգեց։ Բայց նա դրա վրա չէր մտածում, նա քաղցած էր, նա մի քանի օր ոչինչ չէր կերել և սովից նվազել էր։ Ես իսկույն տվեցի նրան մի բան ուտելու, նա կազդուրվեցավ և ժպիտը երեսին ասաց.
– Դուք լավ մարդիկ եք, ես ձեզ մոտ կմնամ՝ դուք ինձ չեք սպանի։
Երբ մութը բոլորովին պատեց, քավոր Պետրոսն ասաց ինձ.
– Մուրադ, այդ աղջիկը ճանաչում է ավազակների բնակարանը, դրան վե՛ր առ քեզ հետ, գնացեք, լուր բերեցեք այն մարդերի մասին։
Ես իսկույն համաձայնվեցա։ Ինձ հետաքրքրում էր ավելի, այն, որ այն օր իմ սպանած մարդու բերանից լսեցի հայերեն խոսքեր։ Ի՞նչ գործ ուներ հայը այդ վայրենի, անմարդաբնակ լեռների մեջ։ Ես վեր առի, բացի տապարից, և մի զույգ ատրճանակներ։ Ամեն ինչ պատրաստ էր, միայն դժվար էր համոզել Նենեին, որ նա առաջնորգեր ինձ մինչև ավազակների բնակարանը։
– Ա՜խ, մի՛ տարեք ինձ այնտեղ... նրանք չար մարդիկ են... ես վախենում եմ...– կրկնում էր նա ողորմելի ձայնով:
– Ինչո ւ ես վախենում, ես քեզ հետ եմ գալիս։
– Դու կսպանես նրանց, այդպես չէ՞։
– Կսպանեմ, եթ՜ե քեզ դիպչելու լինեն։
– Հա՛, սպանի՛ր նրանց... նրանք աստված չունեն...
Նենեն այն օր իր աչքով տեսել էր իմ ձեռքի ուժը։ Նա շուտով համոզվեցավ, որ ես կկատարեմ իմ խոստմունքը։ Երեում էր, որ անբախտ աղջկա մանուկ կուրծքի մեջ բորբոքվում էր խիստ դառն վրեժխնդրություն դեպի այդ չարագործները, և այդ պատճառով, երբ վերջին խոստմունքը լսեց, իսկույն հոժարվեցավ ինձ հետ գալու։
Լուսնյակը լուսավորում էր հազիվ նշմարվող շավիղը, որ տանում էր դեպի ավազակների բնակարանը։ Այդ լեռնային շավիղը տեղ-տեղ կորչում էր խտությամբ աճած խոտաբույսերի մեջ և դարձյալ հայտնվում էր։ Նենեն գնում էր իմ մոտով և համարյա կպած էր իմ կողքին։ Նա իմ աջը բռնել էր իր փոքրիկ ձեռքի մեջ և մի այնպիսի հոգատարությամբ պահում էր, կարծես թե վախենում էր, չիցե թե թողնեմ նրան մենակ, գիշերային մթության մեջ ավազակների բնակարանի մերձակայքում, իսկ ես փախչեմ։
Հանկարծ նա կանգ առեց և, ընդհատելով մեր մեք տիրող լռությունը, ասաց.
– Դու լավ մարդ ես։
– Ի՞նչ գիտես։
– Եթե դու չլինեիր, այն ավազակը ինձ կսպաներ։
– Այդ աստված ազատեց քեզ։
– Նա քեզ ուղարկեց, որ դու ինձ ազատես։
Այդ խոսքերի միջոցին նա իմ ձեռքը տարավ և սեղմեց իր բորբոքված շրթունքի վրա։ Դա նրա լուռ շնորհակալության նշանն էր: Բայց ո՞վ կարող էր նախագուշակել, որ այդ անմեղ աղջիկը, որը իր սրտի բոլոր ջերմությամբ երախտամատույց էր լինում ինձ, որպես իր կյանքի ազատչի, մի օր կլիներ իմ փրկության հրեշտակը...
– Ա՛խ, որքա՜ն հիմար եմ ես, – խոսեց նա հանկարծ մտաբերելով, – ես մինչև հիմա չեմ հարցրել, թե ինչպես է քո անունը։
– Մուրադ։
– Մուրա՛դ, ի՜նչ գեղեցիկ անուն է, ի նչպես հեշտ արտասանվում է։
Մահվան երկյուղը այնքան տիրել էր խեղճ աղջկա սրտին, որ նա ամեն անգամ, երբ մտաբերում էր իր հետ կատարված անցքը, հարցնում էր.
– Մուրադ, դու ինձ չես սպանի, այդպես չէ՞։
– Ես քեզ իմ հոգու պես կպահեմ։
Նա նայեց իմ երեսին, և նրա աչքերը վառվեցան ուրախության բոցով։ Նա գոհ էր, նա ապահով էր։ Անտեր, անխնամ, թափառաշրջիկ, բախտի կամքին թողած որբիկը այժմ մի պաշտպան ուներ։ "
Անտառի խորքից նշմարվեցավ ճրագի աղոտ լույս։
– Տե՛ս, այնտեղ են, – ցույց տվեց Նենեն։
Շավիղը, որ տանում էր դեպի այդ կողմը, բոլորովին անհետացավ մացառների մեջ։ Մենք դժվարությամբ կարողանում էինք առաջ գնալ։ Նենեի առանց դրան ևս քրքրված հագուստը, բռնվելով փշոտ թփերից, պատառոտվում էր։
– Դու այստեղ կսպասես, մինչև ես կվերադառնամ։
– Ո՞ւր ես գնում, – Հարցրեց Նենեն դողդոջուն ձայնով:
– Այնտեղ, որտեղից երևում է ճրագի լույսը։
– Ա՜խ, մի՛ գնացեք այնտեղ... մի՛ մտեք նրանց մոտ...
Նրան միամտացրի, ասելով, թե պետք է հեռվիից միայն նայեմ նրանց բնակարանին և այնքան գաղտնի կերպով, որ ինձ տեսնել չեն կարող։ Նա հանգստացավ։ Երևում էր, որ Նենեն այնքան երկչոտ չէր, որքան ես կարծում էի։ Նա մտածում էր իմ մասին, չիցե թե վտանգի հանդիպեի։ Խե՜ղճ աղջիկ, այն ի՞նչ զգացմունք էր, որ զարթեցրեց նրա մեջ մի այդպիսի կարեկցություն դեպի ինձ։
Նա մնաց թուփերի մեջ, ասելով, թե հեռվից կդիտե ինձ։ Ես ուղղեցի իմ ընթացքը դեպի այն կողմը, ուսկից նշմարվում էր լույսը։ Քառորդ ժամից հետո երևաց մի խրճիթ, որ թաքնված էր ծառերի ու պատատուկների մեջ։ Ամենայն զգուշությամբ, առանց մի թեթև շշուկ անգամ հանելու, մոտեցա։ Նշմարվող լույսը դուրս էր ցոլանում միակ պատուհանից, որ շատ բարձր չէր գետնի մակերևույթից։ Այդ ծակից կարելի էր դյուրությամբ հետազոտել խրճիթի ներսը։ Ի՞նչ եմ տեսնում: Մի քանի ուրախ դեմքեր բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, ուտում էին ու խմում էին։ Այդ հարբած, մոլեգնած հասարակության աղմուկն ու աղաղակը չէր թողնում մի բառ անգամ որոշել նրանց խոսակցությունից։ Մի քանի րոպե ես ականջ էի դնում, բայց իմ ականջներին չէի հավատում։ Տեր աստված, այդ ի՞նչ բան է։ Իմ ականջին դիպան Խաչատուր, Համբարձում, Մնացական անունները։ Դրանք հայի անուններ էին։ Ես լսում էի հայոց ձայներ, հայոց խոսքեր, իսկ և իսկ այն բարբառով, որպես խոսում էին իմ հայրենիքում...
Ինձ համար դրանց ի՛նչ տեսակ մարդիկ լինելը արդեն պարզված էր։ Շուտով թողեցի խրճիթը ու հեռացա, որովհետև չէի ուզում Նենեին երկար սպասել տալ։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ ողջությամբ վերադարձա նրա մոտ: Նա այժմ միամտաբար սկսեց գովել իմ քաջությունը։
– Դու ղոչաղ տղա ես, Մուրադ, – ասաց, – գնացիր նրանց բնակարանի մոտ, ու քեզ ոչինչ չկարողացան անել։
Մենք շտապեցինք քավոր Պետրոսի մոտ։ Նա անհամբերությամբ սպասում էր մեզ։ Ես պատմեցի բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ լսեցի խրճիթում։ Նրա խոժոռ դեմքի վրա երեվացին մի տեսակ ցնցումներ, որ արտահայտություն էին նրա սրտի բերկրությանը։
– Դա խաչագողների մի նշանավոր որջ է, – Ասաց նա մի առանձին բավականությամբ։ – Ես այդ մարդիկներին որոնում էի...
Թ. ԽԻՂՃՍ ԶԱՐԹՆՈԻՄ է
Մյուս առավոտ քավոր Պետրոսը ասաց ինձ հետևյալ խոսքերը.
– Մուրադ, ես տեսնում եմ, որ աստված մեզ հետ է. մեր գործը օրըստօրե հաջողություն է խոստանում։ Ես վաղուց որոնում էի այդ մարդիկներին, վերջապես բախտը մեզ հանդիպեցրեց նրանց։ Նրանք խիստ համարձակ և ընդունակ մարդիկ են։ Նրանց ձեռքով կարելի է միլիոններ դիզել։ Գնանք և միանանք նրանց հետ, մենք սիրով կընդունվենք նրանց ընկերության մեջ»
Երևում էր, խոսակցության առարկան խիստ մոտ էր քավոր Պետրոսի սրտին, այդ պատճառով նա այնպես երկար ձգեց իր ճառախոսությունը։ Եվ ես, համոզված լինելով, որ նա ամեն բանի մեջ իմ բարին է ցանկանում, ընդունեցի նրա առաջարկությունը։
– Բայց մեկ դժվարություն կա, – Ասաց նա։
– Ի՞նչ դժվարություն։
– Այդ աղջիկը...
Նա ցույց տվեց Նենեի վրա, որը դեռ քնած էր։
– Նա ինչո՞վ կարող է արգելք լինել մեզ։
– Ամեն բանով։
– Ես չեմ հասկանում։
– Ուրեմն լսի՛ր։ Այդ աղջկա կյանքը ազատելու համար դու սպանեցիր այն մարդուն, որը հիշյալ ընկերության անդամ էր։ Այժմ մենք ցանկանում ենք նրանց հետ միանալ, մտածի՛ր, նրանք կարո՞ղ են վստահություն ունենալ դեպի մեր հավատարմությունը։
Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Նա շարունակեց,
– Մենք ինչպե՞ս կարող ենք այսօր միանալ նրանց հետ, երբ երեկ սպանել ենք նրանց ընկերներից մեկին։
– Մենք կարող ենք այդ սպանությունը թաքցնել։
– Այո՛, կարող ենք այդ սպանությունը թաքցնել։ Բայց քանի որ աղջիկը մեզ հետ կլինի, թաքցնել չենք կարող։ Բացի դրանից, այդ աղջկա մասին նրանք կասկած ունեին, թե կմատնե իրանց, և այդ պատճառով վճռեցին նրա մահը։ Աղջիկը դեռ կենդանի է, ուրեմն նրանց կասկածը կմնա դարձյալ կասկած։ Իսկ երբ մենք կմիանանք նրանց ընկերության հետ, և այդ աղջկան մեզ հետ կտեսնեն, արդյոք մեր անձը չե՞նք ենթարկի նույն կասկածանքին, որ նրանք ունեին այդ աղջկա մասին։
– Մենք կարող ենք աղջկան մեզ հետ չունենալ, այլ բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա։
Քավոր Պետրոսը, որ ոչ մեկ խոսքի առջև կանգ չէր առնի, լռեց, մտածության մեջ ընկավ։ Ես չէի հասկանում, թե ինչո՞ւ նա այսպես սատանայաբար ոլորում էր, քաշքշում էր իր բացատրությունները, առանց իր վերջնական միտքը հայտնելու։ Ի՞նչ երկյուղ ուներ ինձանից։ Վերջապես փոքր առ փոքր հայտնեց նա իր միտքը։
– Դու ասում ես, որ մենք կարող ենք աղջկան բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա, բայց այդ անկարելի է։ Ցիգանուհին երբեք չի մոռանա վիրավորանքը և իրան հասցրած անպատվությունը։ Այդ մարդիկը, որպես քեզ հայտնի է, անպատվել են այդ աղջկան և մինչև անգամ պատրաստվել են սպանել նրան։ Այդ բոլորը չի մոռանալ նա և պետք է վրեժխնդիր լինի, պետք է մատնե նրանց։ Իսկ մատնելով նրանց, կմատնվենք և մենք, որովհետև նրանց խումբի մեջ կլինենք, որովհետև կամենում ենք ընկերանալ նրանց հետ։
– Ուրեմն ի՞նչ պետք է արած։
– Պետք է անել այն, ինչ որ նրանք էին կամենում անել:
– Սպանե՞լ...
– Այո , սպանել։
Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսի խոսքը ոչ միայն վատ տպավորություն գործեց իմ վրա, այլ կատաղության չափ գրգռեց իմ բարկությունը։ Ես գոչեցի.
– Սպանել նրա՞ն, որի կյանքը ազատել ես, դա խղճի և ազնվության հակառակ բան է։
Մի դառն, արհամարհական ժպիտ երևաց նրա գերեզմանի պես սառն դեմքի վրա։
– Խղճմտա՜նք... ազնվությո՜ւն....– Բացականչեց նա, – Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են, բայց նույնքան դատարկ, որքան ինքը հիմարությունը։
– Ինչո՞ւ:
Այդ հարցին պատասխանելու ժամանակ նա իր ձայնը մեղմացրեց։
– Դու դեռ տղա ես, Մուրադ, և աշխարհը չես ճանաչում։ Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ։ Եթե նա այնքան հիմար կլինի, որ կցանկանա ազնիվ լինել, անտարակույս, ինքը իրան դժբախտության կդատապարտե։ Այսպիսի հանգամանքներում մարդ պետք է խղճմտանք և ազնվություն ունենա դեպի իր անձը միայն և դեպի նրա բարօրությունը։ Իսկ երբ մի ուրիշը արգելք է լինում իր բարօրությանը, պետք է ոչնչացնել նրան, որ ինքը կարողանա ապրել, և լա՛վ ապրել:
Ես պատասխանեցի նրան կրոնական փաստերով.
– Դա աստծուն ընդդեմ է, դա մեղք է, դա քրիստոնյայի գործ չէ։
– Ինչպես կամենում ես համարիր, բայց դժբախտաբար այդպես է։ Ես ճանաչում եմ միայն կյանքը և նրա պայմանները։ Եթե մի ծառ արմատախիլ չանես, նրա տեղը մի ուրիշը տնկել չես կարող։ Բոլոր աշխարհը այդ բնական օրենքին է հետևում, մինը մյուսին ոչնչացնում է, սպառում է, կլանում է, որ իր գոյությունը պահպանե։ Դա կյանքի կռիվն է և երբեք չի դադարի, քանի որ տևում է կյանքը։
Ես չհակառակեցի քավոր Պետրոսի այդ օտարոտի վարդապետություններին, որոնք ինձ բոլորովին անհասկանալի էին. ես միայն ցավում էի Նենեի վրա, այդ պատճառով հարցրի.
– Ինչո՞վ է մեղավոր այդ խեղճ աղջիկը, որ զոհ գնա մեր զանազան սատանայական մեքենայություններին։
– Ոչնչով մեղավոր չէ, – պատասխանեց նա։ – Բայց նա պետք է զոհվի, որ մենք ապահով լինենք։
Համոզված լինելով, որ երբեք չէ կարելի փոխել նրա երկաթե կամքը, ես ստիպվեցա կեղծել, ստիպվեցա խաբել նրան։ Իմ ընդդիմադրությունը կարող էր ավելի վատ հետևանքի հասցնել։ նա պատրաստ էր թե՛ ինձ և թե Նենեին սպանել, որ փարատվի իր կասկածանքը, որ հաստատ կերպով կարողանա սկսել այն գործը, որից միլիոններ էր սպասում։
Ես համաձայնություն ցույց տվի:
– Ուրեմն տար աղջկան և հենց այս առավոտ մի տեղում ամփոփ ի՛ր...
Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը իր նոր, սքանչելի զվարճությամբ։ Իսկ ինձ հրամայում էին կարճել մի անմեղ արարածի կյանքը...
Ես մոտեցա Նենեին։ Նա դեռ քնած էր սայլակի վրա։ Ի՜նչպես քաղցր և հանդարտ քնել էր նա։ Ինձ խիստ դառն էր խռովել դեռահաս կույսի հանգստությունը։ Ո՞վ գիտե ո՛րպիսի երազներ հրապուրում էին նրան։ Նա ժպտում էր, նրա մարջանի պես կարմիր շրթունքները շարժվում էին։ Գուցե նա այդ րոպեում համբուրում էր մեկին, որին սիրում էր։ Երբեմն արձակում էր ինձ անհասկանալի բառեր։ Մեկի հետ խոսում էր նա։ Ո՞վ գիտե, գուցե խոսում էր հենց իր ծնողների հետ, որոնց կորցրել էր։ Նա իր թևիկները տարածեց, երևի գրկում էր նրան, և ահա նրա դեմքը պայծառացավ ուրախությա՛ն լույսով...
Երկար զմայլված նայում էի նրա վրա։ Կիսամերկ կուրծքը խիստ մեղմ կերպով բարձրանում և իջնում էր։ Շնչառությունը խաղաղ էր։ Հանկարծ նրան տիրեց մի տեսակ խռովություն։
Երեսի վրա երևացին զայրացած ցնցումներ։ «Հեռո՜ւ, անիծյալ»...– գոչեց նա և վեր թռավ տեղից։
– Ա՜խ, դարձյալ այն ավազակը...– Բացականչեց նա ցավալի ձայնով, սկսեց երկչոտ աչքերով նայել իր շուրջը։
Երբ տեսավ ինձ իր մոտ կանգնած, հանգստացավ։
– Ի՞նչ եղավ այն ավազակը, – Հարցրեց ինձանից։
– Ո՞ր ավազակը։
– Այն, որ սպանում էր ինձ:
– Դու երազի մեջ ես տեսել նրան, Նենե։
Խեղճ աղջկա երևակայությունից չէր հեռանում չարագործի պատկերը, որը մի օր առաջ փորձում էր սպանել նրան։ Բայց նա չգիտեր, որ այժմ կանգնած էր իր մոտ մի ուրիշ չարագործ, որին պատվիրել էին նույն դահճի դերը կատարել։
– Դու այստեղ ես, ես էլ չեմ վախենա, – Ասում էր նա, իր մտերմությամբ լի աչքերը դարձնելով դեպի ինձ։
Որքա՜ն կրակ կար այդ աչքերի մեջ, որքա՜ն խոր թափանցում էր նրանց փայլը իմ սրտի մեջ։
Մտածելով, որ մեր համեցողությունը կարող էր շարժել քավոր Պետրոսի կասկածը, ես հրավիրեցի Նենեին ինձ հետ գնալ անտառը առավոտյան զբոսանքի համար։ Նա հրաժարվեցավ, ասելով
– Չէ, անտառ չգնանք։
Նա վախենում էր հանդիպել ավազակներին։ Ես հանգըստացրի նրան, ասելով.
– Շատ հեռու չենք գնա, և ոչ քեզ այն ավազակների կողմը կտանեմ։
Նա համաձայնեցավ։
Գեղեցի՜կ էր այն առավոտը։ Ո՛րքան ախորժ ազդում էր հովասուն օդի թարմությունը, խնկարկված բյուրավոր ծաղիկների անուշահոտությամբ։ Ի՜նչպես ուրախ երգում էին անհոգ թռչունները և ո՜րքան ծիծաղկոտ փայլում էին արեգակի աոաջին ճառագայթները ցողազարդ տերևների վրա։ Ամեն ինչ սքանչելի էր, ամեն ինչ խորին, անսահման բերկրությամբ զվարճանում էր բնության սրբազան տաճարի մեջ: Տխուր էր միայն իմ սիրտը...
Նենեն շուտով նկատեց այդ, և երբ փոքր-ինչ հեռացանք մեր իջևանից, հարցրեց նա.
– Դու սիրո՞ւմ ես ծաղիկներ։
– Սիրում եմ։
– Ես քեզ համար մի լավ փունջ կպատրաստեմ, ես իմանում եմ գեղեցիկ փունջեր շինել։ Իմ հայրը մի ժամանակ մի պարտիզպանից գնում էր մեծ քանակությամբ զանազան տեսակ ծաղիկներ, ես փունջեր էի պատրաստում , ածում էի զամբյուղի մեջ, և, փողոցներում ման ածելով, վաճառում էի։
Ես ժամանակ չունեի պատասխանելու Նենեի այս տեսակ քնքշություններին, ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե ի՞նչ պետք է անել խեղճ աղջկա հետ։
– Նենե, – Հարցրի նրանից, – Այդ անտառում բնակիչներ կա՞ն։
– Այն ավազակները...
– Բավական հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ գյուղ։
– Իսկ մոտի՞կ տեղերում։
– Մի տնակ կա, ուղիղ ծովի ափի մոտ։
– Ովքե՞ր են բնակվում տնակի մեջ։
– Երկու հոգի միայն, մի ալևոր մարդ և մի պառավ կին։
– Ինչպիսի մարդիկ են։
– Բարի ձկնորսներ են։
– Քեզ ճանաչո՞ւմ են։
– Ճանաչում են։ Ամեն անգամ, երբ պատահում էր ինձ մտնել նրանց տնակը, կերակրում էին ինձ, հագուստ էին տալիս։
– Կարո՞ղ ես ինձ տանել այնտեղ։
– Կարող եմ։
Մինչև ձկնորսի տնակը հասնելը, ես ընկղմված էի խառն մտածությունների մեջ։ Նենեին սպանելու մտքից շատ հեռու էի։ Այժմ նրա կյանքը նույնքան թանկագին էր ինձ համար, որքան իմը։ Բայց ինձ համար անհասկանալի էր մի բան, թե այդ ի՞նչ փոփոխություն էր, որ կատարվեցավ իմ մեջ։ Ինչո՞ւ իմ ձեռքերը այս անգամ դողում էին արյունոտ գործում: Ո՞վ մեղմացրեց իմ բնավորության վայրենությունը։ Մի՞թե կնոջ շնչի կախարդական ազդեցությունը զարթեցրեց իմ մեջ քնած խիղճը։ Այդ բոլորը դեռ անորոշ մթության մեջ էր ինձ համար։ Միայն ես զգում էի մի բան՝ զգում էի, որ իմ սիրտը կապված էր այդ անբախտ աղջկա հետ։ Արդյոք սիրո՞ւմ էի նրան։ Ո՛չ։ Իմ զգացմունքը ավելի ցավակցական էր, ավելի բխում էր կարեկցությունից դեպի նրա թշվառ վիճակը։ Նենեն որբ էր, Նենեն անտեր էր, Նենեին ես ազատեցի մահից, և մի ներքին ձայն ասում էր ինձ, որ պետք է շարունակեմ նրա պաշտպանը լինել։
Մյուս կողմից, ես այժմ զգում էի մի տեսակ ատելություն դեպի քավոր Պետրոսը։ Կարծես Նենեն խլեց իմ աչքերից այն դյութական քողը, որ մինչև այսօր թույլ չէր տալիս ինձ նկատել այդ հրեշավոր մարդու բարոյական այլանդակությունը: Ոչինչ չէր կարող այնպես համոզիչ կերպով բացատրել ինձ նրա բարբարոսությունը, որպես այն խոսքը, որով հրամայեց ինձ սպանել Նենեին։ «Դրանից լավ առիթ գտնել չեմ կարող, – Մտածում էի ես, – կվեր առնեմ Նենեին, կհեռանամ և կազատվեմ այդ չարագործից...
Բայց իսկույն երևան էին գալիս աղքատ մայրս, քույրերս և վերջապես իմ նազելի Սառան։ Դրանք սպասում էին իմ լիք քսակով վերադարձին։ Իսկ իմ վաստակած բոլոր արծաթը քավոր Պետրոսի մոտ էր գտնվում։ Բաժանվելով նրանից, պետք է կորցնեի իմ ամբողջ հարստությունը։ Ինչպե՞ս թողնեի, ինչպե՞ս հեռանայի նրանից։ Շահասիրությունը և այդ դեպքում կուրացրեց ինձ... ես մնացի անվճռականության մեջ...
Այդ բոլոր խորհրդածությունների մթությունից իմ մտքում պարզվեցավ մի բան, որ ես որոշեցի անպատճառ բաժանվել քավոր Պետրոսից։ Բայց մտածեցի, թե նախ պետք է Նենեին հանձնել ձկնորսին պահելու համար, եթե կգտնեմ նրան այնպիսի բարի մարդ, որպես պատմում էր Նենեն։ Իսկ հետո կաշխատեմ մի կերպով քավոր Պետրոսի ձեռքից դուրս բերել իմ արծաթը, որ նա ոչինչ չհասկանա։ Երբ այդ կատարված կլինի, այն ժամանակ կառնեմ Նենեին, կհեռանամ մի օտար աշխարհ և այնտեղ նրա կյանքը ապահով վիճակի մեջ կդնեմ։ Բայց ես չգիտեի, արդյոք Նենեն կհամաձայնե՞ր մնալ ձկնորսի տնակում և սպասել ինձ, մինչև ես քավոր Պետրոսի հետ հաշիվներս վերջացնեի։ Նրան փորձելու համար ասացի.
– Նենե, մենք ուրիշ տեղ պիտի գնանք, դու չես կարող միշտ մեզ մոտ մնալ։ Հիմա ես քեզ ազատ եմ թողնում, ուր որ ուզում ես, գնա ։
– Ես քեզանից չեմ բաժանվի։
– Ինչո՞ւ։
– Ես հիմա շատ եմ վախենում։
– Առաջ չէի՞ր վախենում։
– Չէի վախենում նրա համար, որ չէի իմանում, որ մարդիկ այդքան վատ են լինում...
Նա ակնարկում էր իրան չարչարող ավազակների վրա։
– Կարելի է ես էլ վատ եմ։
– Դու լավ մարդ ես. ես քեզանից չեմ վախենում։
– Ես հեռու երկիր պիտի գնամ։
– Ուր որ գնաս, կգամ քեզ հետ։
– Բայց եթե մնա՞մ այստեղ։
– Ես էլ կմնամ քեզ մոտ։
– Մենք տուն չունենք։
– Այդ անտառի մեջ մեզ համար մի խրճիթ կշինենք, նրա մեջ կապրենք։
Նա դարձյալ հիշեց ավազակներին և խոսքը փոխեց,
–Չէ , հեռու, այստեղից շատ հեռու գնանք:
Խե՜ղճ աղջիկ, ի՞նչ էր, որ նրան այդպես կապեց ինձ հետ, արդյոք սե՞րը, արդյոք երախտագիտական զգացմո՞ւնքը, որ ես նրա կյանքը ազատեցի մահից։ Այդ հարցերը քննելու համար ես ո՜չ միջոց ունեի և ոչ ժամանակ։ Ես միայն մտածում էի Նենեի կյանքը գոնե առժամանակ ապահով վիճակի մեջ դնել, մինչև քավոր Պետրոսի հետ գործերս վերջացնեի։ Ինձ հրամայված էր սպանել նրան, եթե ես այդ հրամանը չկատարեի, անտարակույս կկատարեր նա, որ հրամայեց ինձ։ Աղջիկը չէր կարող ազատվել քավոր Պետրոսի գազանությունից, եթե նա հասկանար, որ տակավին կենդանի է մնացել նա։
Մենք այժմ գտնվում էինք լեռնային բարձրության վրա։ Մեր առջև բացվեցավ անսահման մուգ-արծաթափայլ տարածություն ծովը։
– Հիմա մոտեցանք ձկնորսի տնակին, – Ասաց Նենեն:
– Քեզ կտանեմ նրա խրճիթը։
– Ես այնտեղ մենակ չեմ մնա։
– Ես շուտ-շուտ քեզ մոտ կգամ։
– Ամեն օր, հա՞։
– Հա , ամեն օր։
Մենք պետք է իջնեինք լեռնային զառիվայրը, որ տանում էր դեպի ծովեզրը։ Անտառը այստեղ վերջանում էր, սկսվում էին մանր թփեր միայն։ Այդ թփերի մեջ թաքնված էր ձկնորսի խրճիթը, ոչ այնքան հեռու ծովի ափից։ Այդ մենավոր խրճիթի մեջ բնակվում էր այն գաղտնածածուկ մարդը, որի մասին շրջակայքում ոչինչ տեղեկություն չունեին, թե ո վ է նա, ո՞րտեղից է եկել, կամ ի՞նչ մարդ է։
Ես գտա նրան իր պառավի հետ այնպես բարի, որպես պատմել էր Նենեն։ Նրանք խիստ սիրով ընդունեցին իմ առաջարկությունը, մանավանդ երբ պատմեցի անբախտ աղջկա աղետալի անցքը։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.