Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 15


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 15 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +
ԺԱ. ՓԱԽՈՒՍՏ

Սիբի՜ր...

Սարսափելի ճանապարհորդություն է հարյուրավոր մղոններ անցնել շղթայակապ ոտներով։ Որքան հեռանում ես դեպի հյուսիս, ազգաբնակությունները հետզհետե նոսրանում են։ նոսրանո՛ւմ են և այնուհետև դատարկ և ձյունապատ անապատներին վերջ ու սահման չկա։ Խիստ հազիվ են պատահում փոքրիկ քաղաքներ, որոնք ավելի նման են մեծ գյուղերի։ Նրանց բնակիչները այն աստիճան սովորած են հաճախ աքսորականների խումբեր տեսնել, որ հենց լսում են շղթաների հնչյուններ, տներից դո՛ւրս են թափվում, սառնասրտությամբ նայում են նրանց վրա և ցույց են տալիս իրանց երեխաներին։ Ոմանք տալիս են թշվառներին մի կտոր հաց կամ մի քանի գրոշներ։

Միշտ տխուր և միատեսակ է շրջապատը։ Նույն անվերջ անապատները ամեն օր տարածվում են քո առջև, նույն մառախլապատ հորիզոնը ամեն տեղ միախառնվում է սպիտակ սավանով պատած տափարակների հետ, նույն ցուրտ, խոնավ և մթին իջևանները սպասում են քեզ ճանապարհների վրա, և շատ տեղ հանդիպում ես պաշտոնակատարների կոպիտ, անխիղճ վարմունքին։ Ամեն տեղ, կայարաններում նույնպես համբարքով ստանում են և ճանապարհ են դնում թշվառականների խումբը։ Գնում ես, գնում ես... անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ... օրըստօրե ուժաթափ ես լինում։ Նվազում ես, թուլանում ես, բայց չգիտես, թե ե՞րբ պետք է տեղ հասնես...

Երբեմն երևում են քեզ մարդիկների երեսներ, սառն և անմիտ, որպես ինքը եղանակը։ Ոտքից գլուխ հագնված մորթերի և մուշտակների մեջ, այդ գռեհիկները հազիվ որոշվում են թավամազ արջերից, որոնք շատ անգամ ծույլ և դանդաղ կերպով անցնում են դատապարտյալների խումբի մոտով և, մի առանձին հեգնական հայացք ձգելով նրանց վրա, կարծես, ուզում են ասել. «Մենք ավելի բախտավոր ենք, քան թե դուք»։

Ցո՛ւրտ է։ Ամեն արարած այստեղ մրսում է, սառչում է, քարանում է։ Երկիրը զուրկ է լույսից և ջերմությունից։ Կարծես արևն էլ այստեղ մրսում է, կարծես նա էլ մուշտակ ունի հագած։ Նրա գունաթափ դեմքը շատ չէ որոշվում նույն գռեհիկների, նույն արջերի երեսներից։ Նրա ճառագայթները կորցնում են իրանց զորությունը ընդհանուր սառնության մեջ։

Մեռած բնությունը բոլորովին ուրիշ կերպարանք է ստանում, երբ հանդիպում ես անտառների։ Այստեղ երևում է կյանք, բուսական թշվառ կյանք։ Տարվա այն եղանակում, երբ մեզ մոտ ծառերը բեռնավորված են զանազան տեսակ անուշ պտուղներով, երբ խաղողը մեղրի համ է ստանում մեր այգիներում՝ այստեղ սառը քամին փչում է, ծառերի ճյուղերը սարսափելով տատանվում են, ցած են խոնարհվում, դալկացած տերևները խշխշալով թափվում են, և նրանց տխուր հառաչանքներից դու որոշում ես այս խոսքերը. «Տե՛ս, մենք էլ աքսորված ենք այդ երկրում։ Եվ իրավ, բնության խստությունը մինչև այն աստիճան ճնշել է այդ ողորմելի արարածներին, որ նրանք ազատ կերպով աճել և զարգանալ կարող չեն։ Որքան առաջ ես գնում, ծառերի աճելության ուժը պակասում է, պակասում է, և նրանք հետզհետե փոքրանալով, բոլորովին մանրանում են, մինչև թզուկ թուփերի կերպարանք են ստանում։

Ամեն ինչ այստեղ մոտ է երկրին, ամեն ինչ թեքված, խոնարհված է դեպի ցած։ Լեռները և բլուրներն անգամ չեն համարձակվում իրանց գագաթները շատ վեր բարձրացնել, կարծես նրանց վրա ևս մի բան ճնշում է։ Եվ երկրի ընդարձակ տարածությունը ստանում է տափակ, հարթ-հավասար կերպարանք, ձևացնում է մի անսահման անապատ։

Չնայելով եղանակների խստությանը, չնայելով մեր ուղեվորության սպանիչ ազդեցությանը, իմ ընկերները դարձյալ չէին կորցնում իրանց զվարթությունը։ Նրանք իրանց սովորության համեմատ հանաքներ էին անում, ծիծաղում էին և շատ տեղ իջևաններում անձնատուր էին լինում արբեցության։

Այդ երկրում լույսի և ջերմության պակասությունից մարդը միշտ ցուրտ է զգում և ցո՛ւրտ։ Պետք է մի բանով տաքացնել սառած մարմինը, և արաղը հանդիսանում է որպես փրկարար դարման։ Նա թմրեցնում է ուղեղը, բթացնում է զգայարանքները, և դու բնության խստությունը այլևս չես զգում։ Եվ այդ է պատճառը, որ ոչ մի հիմնարկության այնքան չես հանդիպում, որքան գինետների։ Նրանց թիվը հազարապատիկ ավելի է եկեղեցիների, դպրոցների և այլ կրթական հիմնարկությունների թվից։ Համարյա բոլոր իջևաններում կարելի էր գտնել արաղ։

Թեև արբեցությունը սաստիկ արգելված էր կալանավորներին, բայց պահապանները այնքան բարի են գտնվում, որ չեն արգելում նրանց այդ միակ մխիթարությունից, մանավանդ երբ նրանց էլ հրավիրում են խմել իրանց հետ։

Իսկ այդ զվարճությունները այն աքսորականների համար են միայն, որոնք ունեն իրանց հետ փոքրիշատե արծաթ։ Երևում էր, որ իմ ընկեր խաչագողները զուրկ չէին արծաթից. ամեն տեղ գնում էին ծխախոտ, սպիտակ հաց, ուտելիքներ և արաղ։ Այդ բարիքներից նրանք մասն էին հանում մյուս աղքատ դատապարտյալներին, և այդ պատճառով խումբի մեջ խաչագողները վայելում էին մի առանձին հարգանք։

Բայց ինձ խիստ անհաճո էր թվում նրանց՝ մինչև հանդգնության հասցրած անհոգությունը։ Ես զայրանում էի, երբ նկատում էի, որ նրանք առ ոչինչ էին համարում իրանց դրության բոլոր զարհուրանքը։ Մարդիկ, որ կորցնում էին հայրենիք և ընտանիք, մարդիկ, որ իրանց տների մեջ անբախտ կին և անտեր զավակներ ունեին, մարդիկ, որ հավիտյան զրկվում էին այն բոլորից, որ միշտ սիրելի էր եղել իրանց, այդպիսի թշվառ մարդիկ դեռևս սիրտ ունեին զվարճանալու, դեռևս նրանց երեսը ծիծաղում էր։

Մենք գիշերները ավելի ազատ էինք լինում միմյանց հետ խոսելու և խորհրդակցելու, երբ անասունների նման ածում էին մեզ մի սենյակի մեջ և դռները կողպում էին։ Բայց իմ ընկեր խաչագողները վաղուց արդեն սկսել էին ինձ հետ բավական սառն կերպով վարվել, երևում էր, որ վստահություն չունեին դեպի ինձ և ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել ինձանից մի գաղտնիք։ Ես էլ իմ կողմից ամենևին հետաքրքիր չէի լինում խորամուխ լինել նրանց խորհուրդների մեջ։

Այդ սառնությունը սկսվեցավ մեր մեջ այն օրից, երբ իմ երիտասարդ ընկերներից մեկը հայտնեց ինձ քավոր Պետրոսի ամբողջ ծրագիրը, թե ո՛րպիսի հնարներ էր նախապատրաստել նա, որ կես ճանապարհից փախցներ իր աքսորական ընկերներին։ Ես այն ժամանակ մերժեցի երիտասարդի առաջարկությունը, վճռական կերպով պատասխանելով, թե ամենևին չի պիտի մասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ, և ավելացրի, թե լավ է ինձ հանքերում մաշվել և համբերությամբ սպասել իմ ճակատագրի վախճանին, քան թե ազատություն գտնել քավոր Պետրոսի ձեռքով:

Այն օրից անցել էին երկու ամբողջ ամիսներ։ Մի գիշեր նույն երիտասարդը մոտեցավ ինձ։

– Մուրադ, – ասաց նա, – դու դարձյա՞լ միտքդ չես փոխել։

– Ի՞նչ բանի համար, – Հարցրի ես։

– Հիշո՞ւմ ես մեր մեջ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խոսակցությունը։

– Հիշում եմ։

– էգուց երեկոյան պահուն պիտի կատարվի գործողությունը...

– Ինչ որ ուզում եք՝ կատարեցեք։ Ես չեմ փոխել իմ միտքը, ես ամենևին չեմ մասնակցելու ձեր ձեռնարկությանը...

Նա բռնեց իմ աջը և աղաչավոր դեմքով աչքերը դարձրեց դեպի իմ երեսը։

– Լսի՛ր, Մուրադ, համառության ժամանակ չէ, քո կամակորությունը կկորցնե քեզ։ Մտածիր, որ դու դեռ երիտասարդ ես, քո առջև դեռ ընդարձակ ասպարեզ կա գործելու և բախտավոր լինելու։ Քավոր Պետրոսը իր որդու նման սիրել է քեզ, այժմ նույնպես սիրում է։ Նա քեզանից ձեռք չի վեր առնի, նա կգա քո ետևից, ուր որ տանում են քեզ, և մինչև չազատե քեզ, չի հանգստանա։ Եթե չես հավատում, քեզ ցույց կտամ նրա նամակը։

Նա տվեց ինձ մի թղթի կտոր, որի վրա գրված էին մի քանի տողեր միայն, ստորագրությունը և ձեռագիրը քավոր Պետրոսինն էր։ Ահա նրա բովանդակությունը. «Սիրելի Մուրադ, հնազանդվի՛ր, ինչ որ քո ընկերները կառաջարկեն քեզ, մոտ է փրկության ժամը»...

Թե ինչպե՞ս էր հասել այդ թուղթը նրա ձեռքը, ես չգիտեմ, բայց ես զզվանքով հետ տվի, ասելով.

– Եթե հազար այս տեսակ նամակ գրելու լինի նա, ես դարձյալ իմ միտքը չեմ փոխի։ Ես վճռել եմ, վաղուց վճռել եմ բնավ հարաբերություններ չունենալ խաչագողների հետ։ Ես նրանց մատնությամբ Սիբիր եմ գնում, բայց չէի ցանկանա նրանց ձեռքով ազատված լինել։

– Այդ ես հասկանում եմ, – պատասխանեց երիտասարդը, – և մասամբ իրավունք եմ տալիս քո դժգոհությանը։ Բայց ոչինչ չէ արգելում քեզ այդ դրությունից ազատվելուց հետո կտրել քո հարաբերությունները խաչագողների հետ։

– Բանը նրանումն է, որ նրանց ձեռքով ազատվելը ինձ համար անարգանք եմ համարում։

– Այդ խոսքը շատ վիրավորական է, Մուրադ, – Ասաց երիտասարդը փոքր-ինչ վրդովված ձայնով, – Բայց ես ուշադրություն չեմ դարձնի և կհիշեցնեմ քեզ մի ուրիշ բան, որը, որպես երևում է, մոռացել ես դու։ Դու հիշո՞ւմ ես այն անբախտ աղջկան, որը սիրում էր քեզ, որին սիրում էիր և դու։ Արդյոք չե՞ս մտածում վերադառնալ նրա մոտ, գտնել նրան, ուրախացնել նրան։ Գիտե՞ս ինչ դրության մեջ թողեցիր նրան։

– Գիտեմ... Բայց ինձ հայտնի չէ, արդյոք ո՞ղջ է նա, թե՞...

Վերջին խոսքը ես չկարողացա արտասանել, դա դանակի պես կտրատում էր իմ սիրտը։ Երիտասարդը հանգստացրեց ինձ, ասելով.

– Ողջ է։ նրա վերքը մահացու չէր։ Մենք այդ մասին ճիշտ տեղեկություն ունենք։

Ընթերցողը հիշում է, որ ինձ դեպի աքսոր ճանապարհ դնելու առավոտը հանկարծ հայտնվեցավ Նենեն և իր բարկության խռովության մեջ խլեց զինվորներից մեկի ձեռքից հրացանը և արձակեց։ Թեև ոչ ոքին չվնասեց նա, բայց նրա վարմունքը այն աստիճան հակառակ էր օրենքի, որ մի զինվոր հրացանի սվինով վիրավորեց նրան, և նա ընկավ։ «Խելագար աղջկա» համարումը և հոգեկան հիվանդության ապացույցները միայն կարողացան ազատել նրան օրենքի խիստ դատապարտությունից։

Նենեի անունը հիշեցնելով, երիտասարդը շոշափեց սրտիս ամենազգայուն լարերը, իմ համառությունը մեղմացավ, իմ կամակորությունը միանգամից փշրվեցավ, և ես պատրաստ էի ասել նրան, «Լավ, համաձայն եմ, կմիանամ ձեզ հետ», բայց դարձյալ շուտով ես տիրապետեցի ինձ, կարծես, իմ կամքի զորությունը կրկին վերադարձավ, երբ մտաբերեցի, թե ի՞նչ բան է խաչագողը կամ ի՞նչ է նշանակում միանալ նրանց հետ։

– Ոչ, – պատասխանեցի նրան, – երբեք, երբեք ձեզ հետ գործ ունենալ չեմ կարող։

Երիտասարդի դրությունը անտանելի դարձավ։ Նա գործ դրեց իր վերջին ուժը, աշխատելով Նենեի հիշատակով գրավել ինձ։ Այդ փորձը անցավ ապարդյուն։ Այժմ ի՞նչ պիտի աներ նա։ Նա հայտնեց ինձ մի գաղտնիք՝ հաստատ հույս ունենալով, որ կհամոզե ինձ, որ ես կմասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ։ Ես մերժեցի։ Բայց գաղտնիքը մնաց ինձ մոտ։ Այժմ կարո՞ղ էր նա ապահով մնալ, որ ես նրանց գաղտնիքը չէի հայտնի ում որ հարկն էր և արգելք չէի դնի նրանց դիտավորության կատարվելուն։ Խաչագողները սաստիկ կասկածավոր մարդիկ են։ Ես նկատեցի այդ և բոլորովին անկեղծությամբ միամտացրի նրան, ասելով,

– Դուք ինչ որ ցանկանում եք՝ արեք, ես ոչ մի կերպով չեմ խանգարի ձեզ, միայն ինձ հանգիստ թողեցեք։

– Ազնիվ խո՞սք ես տալիս։

– Ազնիվ խոսք եմ տալիս։

Նա սեղմեց իմ ձեռքը և հեռացավ։

Ես մնացի միայնակ, մեր կալարանի մի անկյունում նստած։ «Այդ մարդիկը պիտի փախչեն, մտածում էի ես, նրանց դեռ չբռնված, ազատ մնացած ընկերները դրսից կօգնեն նրանց և անպատճառ կհաջողացնեն գործը, իսկ ես կմնամ իմ կապանքների մեջ։ Ինձ կտանեն այնտեղ, ուր մարդիկ կենդանի թաղվում են հանքերի անձավներում և խլուրդների նման աշխատում են ստորերկրյա մթության մեջ»։ Չնայելով այդ բոլորին, իմ սիրտը հանգիստ էր, ես հավատացած էի, որ վերջ ի վերջո ինձ համար էլ կբացվեր ազատության դուռը, բայց ավելի արդար, ավելի օրինավոր ճանապարհով» Իր մեղքերը զղջացած, ճշմարտության շավղի վրա կանգնած հանցավորին պետք է ներվեր, պետք է նրա համար փրկություն լիներ։ Եվ եթե մարդիկ այնքան սրատեսություն չունեն, որ քննեն սրտերի բոլոր խորքերը և որոշեն համառ հանցավորը զղջացածից, արդարը մեղավորից, բայց աստված, որի համար ոչինչ գաղտնիք չկա, որ գիտե բոլորը, ի՞նչ որ հասարակ մահկանացուին անհասկանալի և մութն է, մի թե ամենաբարի աստվածը չէր օգնի ինձ։ Իմ հավատը այժմ այնքան ջերմ էր, և իմ հույսը այնքան հաստատուն էր, որ ես նրա օգնությանը հավատում էի և սպասում էի։

Գիշերն անցավ առանց որևիցե աղմուկի։ Ամեն ինչ խաղաղ էր, ամեն ինչ իր սովորական դրության մեջն էր։ Առավոտյան մեզ զարթեցրին խիստ վաղ։ Օրը բավական ցուրտ էր։ Իմ ընկերները ջերմացրին իրանց մարմինը արաղով և չմոռացան մեր պահապան զինվորներին նույնպես խմացնել։ Մենք ճանապարհ ընկանք, մեզանից յուրաքանչյուրը իր ծանրությունները իր մեջքի վրա կրելով։ Մեր ետևից գալիս էր մի սայլակ, լծած միայն մի ձիով, որ բերում էր մեր և զինվորների ավելորդ ծանրությունները։ Նրա վրա երբեմն նստեցնում էին աքսորյալներից նրանց միայն, երբ հիվանդանում էին և չէին կարող ճանապարհը շարունակել» Իմ ընկերներից երկուսը, այն առավոտ իրանց հիվանդ ձևացնելով, պառկած էին սայլակի վրա։ Պահապանները հիվանդների վրա շատ ուշադրություն չէին դարձնում, ինքը հիվանդությունը հսկում էր նրանց վրա։

Երբ արեգակը բավական վեր բարձրացավ հորիզոնից, օրը սկսեց տաքանալ։ Աքսորականների խումբը առաջ էր ընթանում դանդաղ և ծանր քայլերով։ Նրանց ոտնակապերի երկաթները աններդաշնակ կերպով ձայն էին հանում։

Պահապանների և աքսորականների ուշադրությունը դարձրած էր մի ծերունի հրեայի վրա, որը զանազան ծիծաղելի առակներով զվարճացնում էր նրանց։ Հրեան մի փոքրիկ մարդ էր, որին կոչում էին ժոզեֆ։ Այդ խեղկատակը կատվի դեմքով, նեղ և խորամանկ աչքերով, բնիկ օդեսացի էր, որը սկզբում պարապում էր մաքսանենգությամբ, իսկ հետո, մտնելով խաչագողների ընկերության մեջ, փորագրիչի պաշտոն էր կատարում և նրանց հետ կեղծ թղթադրամներ էր շինում։ Դա միևնույն անձն էր, որ մատնեց ամբողջ ընկերությունը։

Ժոզեֆը ամբողջ խմբի զվարճությունն էր, նրա սրախոսությունները, հանաքները և հրեական թլվատ լեզվով խոսակցությունը թուլացնելու չափ ծիծաղելի էին։

Կարծես թե այդ բոլորը նրա մեջ մի տեսակ կենսական պահանջ էր դարձել, և այդ պատճառով խեղկատակության ձիրքը ավելի զարգացել էր։ Նայելով նրա վրա, ես բացատրում էի նրա ցեղի մի քանի ընդհանուր գծերը, որոնք առաջ էին եկել կյանքի զանազան պայմաններից։ Խեղկատակությունը ծնունդ է հաճոյամոլության. դրանք երկուսն էլ ճնշված, հալածված ցեղերի հատկություններ են։ Պատմական հանգամանքների խստությունից հրեան այնքան ստոր ընկած է հասարակաց կարծիքից, որ մի շրջանի մեջ գտնվելու ժամանակ ուրիշ բանով չէ կարողանում գրավել նրանց ուշադրությունը, բայց միայն ծաղրածություններով։ Այդ մնում է նրա բնավորության մեջ և այն աստիճան ընտելանում է, որ մինչև անգամ առանց վիրավորելու թույլ է տալիս ուրիշներին ծաղրել իրան։ Այսպես էր և Ժոզեֆը։

Օրը սկսել էր երեկոյանալ։ Դեռ տասն վերստից ավելի էր մնում մինչև առաջիկա իջևանը։ ճանապարհը ձգվում էր անտառի միջով, ուր ասեղնավոր տերևներով պատած ծառերը այնպես խիտ գրկած էին միմյանց, որ մի քանի քայլ հեռվից ուրիշ ոչինչ չէր երևում, բացի ծառերից։ ճանապարհը նեղ էր. ծառերի ոստերը անդադար դիպչում էին մարդու երեսին և ծակոտում էին։ Բայց այդ չէր արգելում լսել Ժոզեֆի մի հետաքրքիր պատմությունը, որը կեսօրից հետո սկսելով, դեռ չէր ավարտել։ Պատմությունը հետզհետե ավելի ծիծաղաշարժ էր դառնում, բոլորի ուշադրությունը լարված էր դեպի հրեան։ Դա ամոքում էր և մեր հոգնածությունը։ Խումբը դանդաղ կերպով առաջ էր գնում։

Մի տեղ ճանապարհը ավելի նեղ ձև ստացավ, մի կողմից բարձրանում էր փոքրիկ բլուր, իսկ մյուս կողմից մի ուղղաձիգ զառիվայր իջնում էր դեպի անտառախիտ ձորը և կորչում էր ծառերի մեջ։ Ես լսեցի մի ձայն, որ շատ նման էր սև ագռավի կռնչյունին։ Որքան և բնական կերպով հնչվեցավ այդ ձայնը, դարձյալ ես չէի կարող չհասկանալ, թե դա խաչագողների սովորական նշանախոսություններից մեկն էր, որ նշանակում էր՝ «պատրաստ եղեք»։ Ձայնը կրկնվեցավ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց, միայն իմ ընկերները խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին։

Ժոզեֆի պատմությունը այդ միջոցին ավելի հետաքրքրական էր դարձել։

Փոքր-ինչ առաջ գնալուց հետո ձայնը երրորդ անգամ կրկընվեցավ։ Այդ միջոցին մեր խումբի մեջ գտնված խաչագողները արագությամբ դուրս եկան ճանապարհից, մտան անտառի մեջ և շուտով ծածկվեցան ժայռերի ետևում։ Պահապաններից մի քանիսը փորձեցին հետամուտ լինել, բայց ժայռերի ետևից և ծառերի միջից սլացող գնդակները երկուսին գետին գլորեցին։ Նրանք ետ դարձան, որ պահեն մնացածներին, որպեսզի չփախչեն։

Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ։ Ամբողջ խումբին տիրել էր երկյուղ և խորին ապշություն։ Հրացանները դեռ երկու կողմից ևս արձակվում էին, գնդակները սուլելով անցնում էին ծառերի միջից։ Հետո ամեն ինչ լռեց, միայն անտառի խորքից լսելի էին լինում մուրճերի շտապշտապ զարկերը։ Երևում էր, խորտակում էին փախստականների երկաթյա ոտնակապերը։

Կռվի խռովության ժամանակ հափշտակողներից ոչ ոք չերևեցավ անտառի խորքից։ Նրանք գործում էին իրանց թաքստի տեղից։ Միայն վառոդի ծուխի մեջ ես նշմարեցի մի աղոտ պատկեր։ Որքան էլ կերպարանափոխված լիներ նա, այնուամենայնիվ ես չէի կարող չճանաչել քավոր Պետրոսին։ Նա խորհրդավոր կերպով շարժեց դեպի ինձ իր մատը և դևի նման կրկին անհայտացավ։ Կարծես դրանով ասել էր ուզում. «Հիմար, ինչո՞ւ չհետևեցիր իմ խրատներին»...

Երբ ամեն ինչ լռեց, հանգստացավ, մենք դեռ նոր նկատեցինք, որ խեղճ Ժոզեֆը դիակների թվում էր։ Գնդակը, որ դիպել էր նրա գլխին, պատահական չէր, այլ նպատակով ուղղած։ Այդ անպիտանը մատնել էր խաչագողներին, ոչնչացրել էր մի ամբողջ հիմնարկություն, որով նրանք միլիոններ վաստակելու հույսեր ունեին։ Խաչագողը մինչև մահ չէ մոռանում յուր ընկերների անհավատարմությունը և աշխատում է մի օր վրեժխնդիր լինել։ Եվ այժմ Ժոզեֆը ստացավ իր վարձը։

Սարսափած և երկյուղից խռովության մեջ ընկած պահապանները հրեայի և իրանց երկու ընկերների դիակները դրեցին սայլակի վրա, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Իջևանը բավական հեռու էր, մենք հասանք այնտեղ, երբ արևը վաղուց մայր էր մտել, և մութը բոլորովին պատել էր։

Մյուս օրը մենք մնացինք նույն իջևանում։ Պահապանները, երկյուղ կրելով, միգուցե մնացած աքսորականների հետ պատահեր միևնույնը, այն օր մեր գնացքը հետ ձգեցին, մինչև պատահած անցքի մասին տեղեկություն կտային մերձակա փոքրիկ քաղաքի կառավարությանը, և մինչև փախստականներին գտնելու միջոցներ գործ կդրվեին։ Ես շատ ուրախ էի, որ մեր ուղևորությունը ընդհատվեց, որովհետև փոքր-ինչ կհանգստանայի, փոքր-ինչ կկազդուրեի իմ սպառված ուժերը։

ԺԲ. ՍԵՐԸ Չէ ՀԱՄԲԵՐՈԻՄ

Խաչագողների փախուստից հետո մեր խումբի մեջ մնաց մեկ քրիստոնյա միայն, ազգով վրացի։ Մյուսները թուրք, թաթար և այլազգիներ էին։ Ազատվելով խաչագողների անտանելի հասարակությունից, ես սկսեցի որոնել հիշյալ վրացու բարեկամությունը։ Նա մի ուրախ, պարզամիտ և բավական շնորհալի դեմքով երիտասարդ էր Իմերեթիայի կողմերից: Նա խիստ շուտով մտերմացավ ինձ հետ։ Նրան աքսորել էին սպանության համար։ Ես զարմանում էի, թե ինչպե՞ս մի այնպիսի բարեսիրտ տղա կարող էր սպանություն գործել։

Այդ երիտասարդը օրըստօրե ավելի և ավելի համակրական էր դառնում ինձ։ Նրա բնավորության մեջ այնքան պարզություն կար, որ չէր կարելի չսիրել նրան։

Մեզ արդեն տեղափոխել էին մերձակա փոքրիկ քաղաքը։ Այստեղ ևս մի քանի օր պահեցին մեզ, որովհետև մեր խումբի հետ պիտի միացնեին մի քանի ուրիշ աքսորականներ, որոնց նույնպես Սիբիր էին ուղարկում։

Վասոն, այսպես էր վրացի երիտասարդի անունը, այնքան ընտելացավ ինձ հետ, որ ինձանից չէր հեռանում։ Գիշերները քնում էր իմ կողքին և շատ անգամ, երբ քունը չէր տանում, ժամերով պատմում էր իր կյանքի այս և այն արկածները:

Մի գիշեր, նստած իմ մոտ, կարկատում էր իր մաշված կոշիկները և տխուր, հազիվ լսելի ձայնով շշնջում էր մի երգ, Երիտասարդը բոլորովին հափշտակված էր իր զգացմունքների մեջ, և գործը համարյա մեքենաբար էր կատարվում նրա ձեռքում։

– Վասո, չե՞ս պրծնում, – Հարցրի նրանից։

– է՜, թող անիծե՜ աստված այդ անպիտանները, սաղ տեղ չէ մնացել, կարում ես, կարում, էլի էն է ու էն։

– Մեկ հատը ինձ տուր, ես կօգնեմ քեզ։

– Շնորհակալ եմ, դու միայն ճրագը մոտ բռնիր, ես կկարեմ։

Ես նկատեցի, որ Վասոյի խնդիրը խիստ կարևոր էր. ճրագի մոմը, որ նա կպցրել էր հատակի աղյուսի վրա, այնքան սպառվել և կարճացել էր, որ լույսը կոշիկների վրա չէր տարածում և այսպիսով դժվարացնում էր նրան աշխատել։ Ես վեր առի մոմը, բարձր բռնեցի, նա շարունակեց կարել:

Բայց ինձ հետաքրքրում էր այն, թե ի՞նչ պատճառով աքսորեցին նրան։

– Ես սպանեցի իմ պարոնին,– պատասխանեց նա։

– Ինչո՞ւ համար։

– Երկար է, շատ երկար, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի պրծնի։

– Միևնույն է։ Դու խո չես քնում, իմ քունն էլ չէ տանում, դու պատմիր, ես կլսեմ, այսպիսով ավելի կարճ կլինի գիշերը։

Նա սկսեց պատմել.

«Ես է... իշխանի ճորտերից էի։ Նա շատ վատ մարդ էր, օրինակ քեզ՝ մի գազան։ Պատահում էր, կա՛մ տանը կնոջ հետ կռված է, կա՛մ մի ուրիշը բարկացրել է նրան և կամ հարբած է, նա կատաղած դուրս է գալիս տնից, վա՜յ այն գյուղացուն, որ կհանդիպի նրան։ Նա իսկույն մի առիթ կգտներ գյուղացուն ծեծելու, հայհոյելու և իր սիրտը հանգստացնելու։ Օրինակ, պատահում էին այսպիսի դեպքեր, գյուղացին մի զույգ նոր տրեխներ է հագել։ (Նա համբերել չէր կարող, երբ գյուղացին նոր բան էր հագնում և պարոնի նմանություն էր ստանում)։ Տեսար, կանչում է՝ «էյ, մարդ»։ Գյուղացին մոտենում է, գլուխ է տալիս, կանգնում է։ «Այդ ի՞նչ է», ցույց է տալիս նա տրեխները։

«Աղա ջան, ցավդ տանեմ, գնում եմ անտառը», պատասխանում է գյուղացին դողալով։ «Տո, անպիտան, եթե առանց տրեխների գնալու լինես, ոտներդ կմաշվե՞ն», և հրամայում է իսկույն խլել նրանից տրեխները։ Մի անգամ գյուղացու մեկը փռթկաց նրա մոտ։ «Տո, անշնորհք ավանակ, համարձակվում ես փռթկա՞լ քո պարոնի առջև», ասաց նա և հրամայեց ծեծել խեղճին։

Մեր հարևան Գիորգին մի աղջիկ ուներ, – շարունակեց նա, – նրա անունը Կեկելո էր։ Բայց ի՜նչ աղջիկ, այնքան սիրուն էր, որ կարծես գյուղացու աղջիկ չլիներ, այլ ուղիղ պարոնի տնից դուրս եկած լիներ։ Մի անգամ նա հանդիպեց ինձ դաշտումը, գալիս էր անտառից, շալակած փայտ էր բերում իրանց համար։ Քրտինքը թափվում էր նրա երեսից, թշերը խնձորի նման կարմրել էին։ Հենց որ տեսա, իմ խելքը գնաց։ «Տուր, Կեկելո, ես կտանեմ շալակդ», ասացի նրան: «Շատ ծանր չէ, ես կարող եմ տանել, ասաց նա ավելի կարմրելով։ Մենք սկսեցինք խոսելով կամաց-կամաց դիմել դեպի գյուղը, երբ մոտեցանք, բաժանվեցանք միմյանցից, որ մեզ միասին չտեսնեն»։

Այդ միջոցին Վասոն այն աստիճան հափշտակված էր իր պատմությունով, որ ամենևին չէր նկատում, թե ասեղը ընկել էր նրա ձեռքից, և կոշիկները նույնպես ընկած էին նրա կողքին։ Նա շարունակեց,

«Ես մորս հայտնեցի, որ Կեկելոյին նշան դնե ինձ համար» նա էլ հորս հայտնեց։ Հայրս գնաց Գիորգիի տունը, խոստացավ տալ մի այծ, հինգ թունգի գինի, մի քանի սոմար սիմինդր, կարճ ասած, խոսեցին, բարիշեցան, նշանը դրեցին։ Սպասում էինք, որ աշունքը գա, գինին պատրաստվի, որ հարսանիք անենք։ Այդ միջոցին, չեմ իմանում, ի՞նչ սատանա մտավ իմ պարոնի գլխում։ Նա հրամայեց, որ Կեկելուին վեր առնեն իր տանը որպես աղախին։

Աշունքը եկավ, գինիները հասան, բայց հարսանիքը չկատարվեցավ։ «Այս տարի չի լինի», ասում էր մեր պարոնը։ Իմ սիրտը տրաքվում էր անհամբերությունից։ Բայց ի՞նչ կարող էի անել, երբ պարոնը այսպես էր հրամայում։

Մի անգամ Կեկելոն գտավ ինձ անտառում, տեսնում եմ, երեսին գույն չէ մնացել, կասես թե սպանված լիներ։ Հարցնում եմ, «Կեկելո, ի՞նչ է պատահել քեզ հետ»։

Նա ոչինչ չէ ասում, հենց լաց է լինում։ Գրկում եմ նրան, դարձյալ հարցնում եմ. «Կեկելո, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա արտասուքի միջից ինձ պատասխանում է, «Ա՜խ, վատ մարդ է... նա շատ վատ մարդ է... նա աստված չունի... նա»։ Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել իր խոսքը, բայց ես հասկացա բոլորը...

Արյունը թռավ գլուխս, ես իստակ կատաղեցա։ Հենց էն սհաթին վազեցի դեպի մեր տունը, խենջարս վեր առի, թաքցրի չերքեզիիս տակ, տնից դուրս եկա։ Առաջ մտա գինետունը, լավ խմեցի, սիրտս պնդացրի, հետո գնացի պարոնի դռանը կանգնեցա, սպասում էի, որ նա դուրս գա։ Տեսա, նա դուրս եկավ, պատրաստվում էր որսի գնալ։ Առաջը կտրեցի, ասելով. «Ինչո՞ւ ես պահել իմ նշանածին»։ Նա բարկացավ, սկսեց հայհոյել և չորս կողմն էր նայում, աչքերով որոնում էր իր սպասավորներին, որ հրամայե ինձ բռնեն։ «Տո՛ւր իմ նշանածը», կրկնում եմ ես, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Նա դարձյալ գոռում է. «Դու, լի՜րբ, անզգամ, համարձակվում ես... բռնեցեք այդ անիրավին»։ Ես ուշադրություն չեմ դարձնում, հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Հիմա քեզ խեղդել կտամ», ասում է ավելի կատաղելով։ Իսկ ես հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Տո՜ւր նշանածս, ասում եմ քեզ»։ Նա էլ չհամբերեց մինչև ծառաները հավաքվեին, հարձակվեցավ իմ վրա։ Ես խենջարը խրեցի նրա կողքը...»։

Այդ միջոցին ես նայեցի Վասոյի երեսին, նա այնպես գունատված էր, նրա շրթունքը այնպես դողդողում էին, որ կարծես, հենց այն րոպեում նա իր արյունոտ խենջարը դուրս էր քաշում բռնակալ պարոնի կողքից։ Երբ նա փոքր-ինչ հանգըստացավ, հարցրի.

– Իսկ դու չփախա՞ր։

– Փախա, բայց երբեմն գիշերով հայտնվում էի մեր գյուղում, որ Կեկելոյին էլ կարողանամ փախցնել։ Աստված չհաջողեց, մի գիշեր բռնվեցա։

Վասոյին ես ավելի սկսեցի սիրել, երբ իմացա նրա կյանքի պատմությունը։ Խեղճ տղան սիրո զոհ էր դարձել։ Սե՜ր... ի նչ բան ես դու, ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ քեզ, թեև ինքս սիրել եմ... և այժմ սիրում եմ...

Վասոն և Կեկելոն, որպես ճորտեր, որպես սեփականություն մի անգութ պարոնի, հոժարությամբ նվիրում են նրան իրանց աշխատանքը, իրանց վաստակը։ րայց երբ պարոնը դիպչում է և այն զգացմունքին, որը սուրբ է յուրաքանչյուր անհատի համար, այն ժամանակ ճնշվա՛ծ, հլու ստրուկն անգամ այլևս չէ համբերում...

Իսկ ե՞ս, ես, թշվառականս, ի՞նչ արեցի Նենեի համար, ինչո՞վ ապացուցեցի, որ ճշմարիտ սիրում եմ նրան...


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации