Электронная библиотека » Րաֆֆի » » онлайн чтение - страница 7


  • Текст добавлен: 28 августа 2016, 01:50


Автор книги: Րաֆֆի


Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература


сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 7 (всего у книги 22 страниц)

Шрифт:
- 100% +
Գ. ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ, ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆ

Քավոր Պետրոսը զարմանալի հոտառություն ուներ վտանգի ժամանակ։ նա իսկույն հասկանում էր, երբ կարող էր պատահել որևիցե անհաջողություն։ Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո, աբիսինիացու անցքից հետո, մի անգամ ասաց ինձ.

– Մուրադ, պետք է առժամանակ փոխել մեր մորթը...

Ես հասկացա նրա միտքը։ Նա ասել էր ուզում, թե պետք է փոխել մեր կերպարանքը, մեր արհեստի ու պարապմունքի ձևը։ Ես շատ շուտ էի հասկանում նրա բոլոր փոխաբերական խոսքերը, օրինակ, երբ նա ասում էր՝ «երկինքը ամպած է», ես գիտեի, որ դա նշանակում է, թե փոթորիկը մոտ է, սպառնում է վտանգ։ Այսպես մեր մեջ խոսքերի մեծ մասը պայմանավորված էին, ունեին առանձին միտք։

Պատրաստվեցանք փոխել մեր «մորթը»։

Նույն օրը թողեցինք մեր կեցած հյուրանոցը, գիշերով անցանք մի այլ հյուրանոց։ Այդ այն նպատակով էր, որ այստեղ մեր կերպարանափոխությունը ոչ ոք չնկատե, որովհետև աոաքին հյուրանոցում բավական ճանաչված էինք։ Քավոր Պետրոսը կարճացրեց իր փառահեղ սպիտակ մորուքը, որ ծածկում էր նրա ամբողջ կուրծքը, խուզել տվեց գլխի աբեղայական երկայն մազերը, հետո ներկեց սև գույնով և համարյա թե երիտասարդացավ։ Նրա դեմքը դեռ բավական թարմ էր մնացել, միայն մազերը վաղօրոք սպիտակել էին։ Նույնը հրամայեց անել և ինձ։ Ւմ սև սաթի պես փայլուն մազերը ներկելու պետք չունեին, ես միայն կարճացրի, իսկ երեսիս մազերը դեռ այնքան չէին աճել, որ հարկավոր լիներ կտրել։ Մենք ձգեցինք մեր աբեղայական հագուստը, մի կողմ՛ գրեցինք խաչն ու ավետարանը և ստացանք ա՜ղքատ, թափառաշրջիկ մանրավաճառների կերպարանք։ Անցանք մի այլ գավառ։ Այստեղ մեր ձիաները, ճանապարհորդական սայլակը և, ինչ որ ավելորդ ունեինք, բոլորը վաճաովեցան։ Մի քանի անհրաժեշտ իրեղեններ, որ կարող էին երբեմն մեզ պետք գալ, պահվեցան։ Ո՞ւմը պահ տվեց քավոր Պետրոսը, ես հասկանալ չկարողացա։

Հագանք ճանապարհորդական կոշիկներ, ծնկներից վեր բարձր վզերով, և սկսեցինք ոտքով թափառել գյուղից գյուղ։ Քավոր Պետրոսը կրած ուներ մի փոքրիկ արկղիկ, իսկ ես շալակել էի մի ահագին արկղ զանազան հարկերով, զանազան լայն և անձուկ խորշերով, որոնց յուրաքանչյուրի մեչ դարսված էին առանձին տեսակ վաճառքներ։ Երբ մտնում էինք մի գյուղ, ես մանրավաճառների սովորական ձայնով եղանակում էի. «մանդրո՜ւք ապրանք... մանդրո՜ւք ապրանք... լավ ասեղներ, թելեր, գուլպաներ, ձեռնոցներ, պատկերներ, հուլունքներ», և այլն։

Իսկ շատ անգամ նույն երկրի լեզվով երգում էի մի այսպիսի երգ.

 
«Լի՜քն՛ է, լի՜քն է իմ արկղիկը
Գույնզգույն փարչաներով.
Թող գնե սիրուն աղջիկը,
Ես կտամ էժան գնով։
Չթեր ունեմ ես զանազան,
Ծաղիկներով զարդարած,
Մատնիք ունիմ , ապարանջան,
Շուրջը ակներով շարած։
Դուրս ե՛կ, դուրս ե՛կ, կարմիր աղջիկ,
Կզարդարեմ քո մատները.
Եթե կտաս ինձ մի պաչիկ,
Ձրի կառնես իմ չթերը»:
 

Իմ ձայնը վատ չէր։ Առհասարակ մանրավաճառի ձայնը այն ուրախալի ձայներից մեկն է, որ խիստ հազիվ անգամ լսելի է լինում քաղաքներից հեռու ընկած գյուղերի մեչ։ Այդ ձայնը մոգական ազդեցություն է գործում։ Իսկույն դուրս են վազում խրճիթներից կնիկներ, աղջիկներ, երեխաներ և, հավաքվելով ցանկալի հյուրի շուրջը, թափում են նրա քսակի մեջ իրանց տարիներով խնայած գրոշները։ Ա՜խ, ո՛րքան ուրախալի բան է առևտուր ունենալ մի այսպիսի միամիտ հասարակության հետ, որ ոչինչ տեղեկություն չունի վաճառքի թե՛ արժողության և թե՛ որպիսության մասին։

Ճորտությունը այն ժամանակ դեռ տիրում էր այդ երկրում։ Գյուղերում երբեմն պատահում էին մի-մի հարուստ տներ։ Դրանք ըստ մեծի մասին շինում էին կալվածատերեր, որոնց պատկանում էր գյուղը իր ճորտերով։ Մեզ հրավիրում էին աղայի տունը։ Շատ անգամ ամբողջ ժամեր էին անցնում, մինչև տիկինը ընտրում էր իր համար ձեռնոցներ, մանկահասակ օրիորդը՝ անուշահոտ յուղեր, աշակերտ որդին՝ մատիտներ, գրիչներ, երեխաները՝ խաղալիքներ, աղախինները՝ գլխի թաշկինակներ, մի խոսքով, ամեն մեկը ընտրում էր իր պետքերի համար զանազան բաներ։ Այնուհետև պետք էր երկար ու բարակ բազար անել, երդվել, ստախոսել, գովաբանել վաճառքը և այլն։

Այդպիսի դեպքերում քավոր Պետրոսը առհասարակ ինձ էր թողնում առևտուրը առաջ տանել։ Իմ դեմքը բավական գեղեցիկ էր։ Ես ընդունակ էի գրավելու, հարկավոր ժամանակ հանաքներ և սրախոսություններ անելու։ Այդ պատճառով դեռահաս աղջիկներին ավելի ախորժելի էր ինձ հետ բազար անեի քան թե մռայլոտ քավոր Պետրոսի հետ գործ ունենալ։ Գեղեցկադեմ գործակատարը մի լավ գրավական է առևտրի հաջողությանը, մանավանդ երբ գնողները կանայք ենք

Շատ անգամ ես դիտմամբ գործը երկարացնում էի, ավելի այն ժամանակ, երբ տեսնում էի, որ, ինչպես ասում են, մեկի «աչքումը լույս կար»։ «Օրիորդ, ասում էի, ձեր գեղեցիկ գլխին շատ կսազի այդ հիանալի վարսակալը, հատուկ ձեր սիրուն մազերի համար պատրաստված է»։ Օրիորդը ժպտում էր, խնդրում էր մորից գնել այն վարսակալը։

Ի՞նչ էր անում քավոր Պետրոսը։

Տեսար, մոտեցավ տան պառավին։ (Ըստ մեծի մասին այնպիսիներին, որոնց վրա տանեցիք ուշադրություն չեն դարձնում, միայն նայում են որպես մի հնացած, գործածությունից ընկած կարասիքի վրա)։ Կսկսեր զբաղեցնել նրան, առածներ, առակներ կպատմեր և արտասվելու չափ կծիծաղեցներ։ Նա առանձին ընդունակություն ուներ պառավներին գրավելու։ Այդ միջոցին ես առևտուրը ավելի ձգձգում էի, որպեսզի քավոր Պետրոսը ավելի երկար ժամանակ ունենա, որպես նա սովորաբար ասում էր՝ «տան հիմարի ուղեղը թափ տալու...»։

Այդ առանց նպատակի չէր։ Որովհետև քավոր Պետրոսը իր հատուկ խորամանկությամբ, տեղեկանալով նույն տան հանգամանքներին, այնուհետև քիչ չէր պատահում, որ մի անգամ իր արկղով այն տունը մտնող մանրավաճառը մյուս անգամ հայտնվում էր բոլորովին ուրիշ կերպարանքով, խաչով, ավետարանով, կամ սրով՝ գիշերային մթության մեջ...

Եվ այդպես, մեր մանրավաճառությունը ուներ ոչ թե շահեկան նպատակ, այլ մենք գործ էինք դնում որպես մի միջոց, որ նրա պատրվակով կարողանայինք մեր ցանկացած տեղերը մտնել, հետազոտել, լրտեսել, առանց մեզ վրա կասկած հարուցանելու։

Ես մինչև այսօր սարսափելով հիշում եմ մի դեպք... մինչև այսօր զգում եմ իմ ձեռքերի վրա այն անմեղ արյան թացությունը...

Գտնվում էինք փոքրիկ գավառական քաղաքում։ Մենք մտանք մի տուն, իհարկե, իբրև մանրավաճառներ։ Քավոր Պետրոսը սովորություն ուներ հարկը պահանջած տեղերում ցույց տալ իրան կա՛մ հիմար, կամ ապուշ և կամ չափից դուրս միամիտ։ Այդ տան մեջ նա ձևացրեց իրան սաստիկ երկչոտ։

Այնտեղ ապրում էին չորս հոգի միայն՝ երկու ալևոր ամուսիններ, մի սպասավոր և մի աղախին։ Ամուսին այրը ծխում էր յուր չիբուխը և անդադար գանգատվում էր ռևմատիզմից։ Պառավ տան տիկինը զբաղված էր իր մոխրագույն թութակով և երկու սպիտակ կատուներով, որոնք նրա գլխավոր մխիթարությունն էին ներկայացնում։

Երբ որ մենք ներս մտանք, թութակը արտասանեց մի քանի մարդկային բառեր։ Քավոր Պետրոսը զարհուրեցավ... Այդ մարդը, որ հազար սատանաներից երկյուղ չուներ, «սատանա՛ն... սատանա՜ն»... աղաղակելով, ճիչ բարձրացնելով, դուրս փախավ։ Տանտիկնոջ վրա ցավալի ներգործություն ունեցավ, երբ տեսավ, որ իր թութակը անզգուշությամբ վախեցրեց խեղճ մարդուն։Նա իր սպասավորին ուղարկեց, մի կերպով հետ բերեցին քավոր Պետրոսին։ Պառավը երկար աշխատում էր համոզել, հանգստացնել նրան, հավատացնելով, որ իր տեսածը սատանա չէ, այլ հասարակ, թռչուն է, միայն սովորել է մի քանի բառեր արտասանել։ Քավոր Պետրոսը, որ մի քանի անգամ եղել էր թութակների հայրենիքում և ահագին խումբերով էր տեսել նրանց Հնդկաստանի կղզիներում, վերջապե՛ս համոզվեցավ, որ իր տեսածը սատանա չէր, մանավանդ, երբ պառավը դրեց նրան իր ոսկրացած ձեռքի վրա և սկսեց շաքար ուտացնել։

Բարեսիրտ ամուսինները, քավոր Պետրոսին ավելի մխիթարելու համար, դիտմամբ թանկ վճարելով, գնեցին մեզանից զանազան իրեղեններ, որոնք գուցե նրանց ամենևին պետք չէին։ Մենք, շնորհակալություն հայտնելով և նրանց երկար կյանք բարեմաղթելով, հեռացանք։

Մենք իջևանել էինք մի կեղտոտ հյուրանոցում, որ ավելի նման էր գինետան, այն զանազանությամբ միայն, որ այստեղ կարելի էր գտնել խիստ վատ կահավորված սենյակներ։ Նրա ընդարձակ բակում՝ իրանց ձիաները հանգստացնելու համար կանգնում էին կառապանները։ Այդ պատճառով այդ հյուրանոցը այն տեսակներից էր, ուր ամբողջ գիշերը հաճախորդները չեն պակասում, անդադար շատերը մտնում են և դուրս են գալիս։ Եվ այդ հարբած, խելագարված խառնիճաղանջի մեջ տիրում էր այնպիսի բաքոսային խանաշփոթություն, որ ոչ ոք միմյանց չէր հասկանում։ Այդ բոլորը մեզ համար շատ նպաստավոր էր։ Մեզ շատ հնարավոր էր գիշերվա մի որոշյալ ժամում դուրս գալ այնտեղից, գնալ ուր որ ցանկանում էինք, կատարել մեր գործը և կրկին վերադառնալ, առանց ոչ ոքից նկատելի լինելու։

Քավոր Պետրոսը մի գիշեր չգնաց հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու, այլ պահանջեց մի ահագին կտոր սառն միս և մի շիշ արաղ, որ բերեցին մեր սենյակը։ Նա մի քանի մարդու չափ ուտել կարող էր, իսկ մի ամբողջ շիշ արաղը նրա սովորական խմիչքն էր ընթրիքի ժամանակ։ Ես արաղ չէի սիրում, պահանջեցի ինձ համար մի շիշ գինի։

Մենք տեղեկացել էինք, որ այն տունը, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին, փոքրիկ քաղաքի հարուստ տներից մեկն էր։ Մենք գիտեինք, որ երկու ծերունի ամուսինները ունեին իրանց տան մեջ մի նշանավոր գումար, որ պահել էին սև. օրվա համար։

Ընթրիքից հետո քավոր Պետրոսը հարցրեց ինձ.

– Մուրադ, դու ի՞նչ տեսակ զենք ավելի լավ գործածել գիտես։

– Ատրճանակներ։ Մի օր գրազ եկանք, ես հինգ անգամ մինը մյուսի ետևից կարողացա խփել օդի մեջ նետած խընձորը։

Քավոր Պետրոսին երբեք դուր չէր գալիս, երբ մեկը սկսում էր նրա մոտ պարծենալ։ Պարծենալու համար նրա կարծիքով պետք էր շատ մեծ գործ կատարած լինել։

– Այդ աղմուկ հանող զենքերը պետք չեն, երբ ուզում ես սուս ու փուս գործ կատարել, – Ասաց նա։ – Ավելի լավ են խուլումունջ զենքերը, որ ձայն չհանեն։

Ես հասկացա նրա միտքը։

– Ուրեմն ես կարող եմ վեր առնել իմ տապարը։

– Վատ չէ։

Գիշերից բավական անցել էր, երբ մենք դուրս եկանք հյուրանոցից։ Անձրևը մանր կաթիլներով մաղվում էր։ Փողոցները դատարկված էին, մարդիկ չէին երևում։ Գիշերային թանձր խավարի մեջ մրափում էր քաղաքը։

Անցնելով մի քանի խուլ փողոցներ, մենք արդեն գտնվում էինք հիշյալ տան մոտ, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին։

– Եթե շունը աղմուկ չբարձրացնե, լավ է, – Ասացի ես:

– Ի՞նչ շուն, – Հարցրեց քավոր Պետրոսը։

– Երբ ցերեկով մտանք այստեղ, ես նկատեցի մի ահագին շուն, որ շղթայով կապված էր բակում։ Գ՛իշերը բաց են թողնում նրան։

– Նա հիմա հանգուցյալների կարգումն է դասված։

Քավոր Պետրոսի խոսքերից երևաց, որ նա մի անգամ ևս մտել էր այս տունը, այն անցքից հետո, որ թութակը վախեցրեց նրան։ Վերջին անգամ հայտնվել էր այնտեղ մուրացկանի կերպարանքով, և միջոց էր գտել ոչ միայն թունավորելու շանը, այլ լավ հետազոտելու տան դիրքը, մուտքերը և այլն։

Տան ընդարձակ բակը շրջապատված էր փայտյա ցանկապատով, որը այնքան ցածր էր, որ մի առանձին ընդդիմադրություն չարեց մեզ բակը իջնելու ժամանակ։ Այժմ հարկավոր էր մի կերպով ներս սողալ սենյակների մեջ։ Մի լուսամուտ, որ ցերեկով նկատել էինք, ուղղակի բացվում էր սպասավորների քնարանի մեջ։ Գիշերային տոթի պատճառով լուսամուտը բաց էր թողած։ Քավոր Պետրոսը Հերքուլեսի ուժ ուներ, իսկ ես թեթևաշարժ էի որպես առյուծ։ Երկու ահագին ջրի տակառները, որ կանգնած էին բակում անիվների վրա, միմյանց վրա դնելը և այդ սանդուղքներով լուսամուտից ներս մտնելը մի րոպեի գործ եղավ։ Մենք գտանք սպասավորի սենյակում և աղախնին։ Երևում էր, այդ դեռահաս աղջիկը սովորություն ուներ երբեմն իր տիրուհուց գաղտնի ծառայի քնարանը ներս սողալ...

Քավոր Պետրոսի երկաթի ձեռքերը երկուսին ևս ճնշեցին միևնույն անկողնի մեջ։ նրանք քնած էին. աղջկա գլուխը դրած էր սիրականի թևքի վրա։ Նրանք զարթեցան։

– Սենյակների բանալինե՞րը, – Հարցրեց քավոր Պետրոսը։

Նրանք փորձեցին ճիչ բարձրացնել։ Բայց քավոր Պետրոսի սպառնալիքը լռեցրեց նրանց։ Բանալիները իսկույն մեր ձեռքը անցան։

– Դու այդ նազելի սիրահարներին կպահես միմյանց գրկում, մինչև ես գործը կվերջացնեմ, – Ասաց քավոր Պետրոսը և հեռացավ։

Մանկահասակ աղախինը երկյուղից իսկույն ուշաթափ եղավ և դիակ դարձավ իմ ճանկերի մեջ։ Ես գործ ունեի այժմ կատաղած սպասավորի հետ։ Ճշմարիտը խոստովանած, այդ Գողիաթը այնքան ուժեղ էր, որ ես հազիվ կարողանում էի զսպել նրան։ Իմ դրությունը նախանձելի չէր: Մենք կորած էինք) եթե նա դուրս, պրծներ իմ ձեռքից։ Ուրիշ ճար չկար, պետք էր այդ գազանին հանգստացնել։ Ւմ ծանր տապարի մի հարվածը գլորեց նրա գլուխը մահճակալից ցած։ Տաք արյունը դուրս փչեց պարանոցից սիրուհու կուրծքի վրա...

Դա եղեռնագործության ամենասարսափելին էր, որ ես կատարել եմ իմ կյանքում։ Գազանային անգթությունը այդ դեպքում անցնում է ամեն վայրենությունից։ Սպանե՜լ այն րոպեում, երբ երկու անմեղ արարածներ, իրանց հոգու բոլոր քնքշությամբ գրկախառնված, սիրում են միմյանց, սպանե՛լ սերը, դա սոսկալի չարագործություն է...

Մինչ ես Կայենի նման կանգնած էի իմ զոհի մոտ, լսելի եղավ քավոր Պետրոսի ձայնը.

– Հեռանանք...

Մյուս առավոտ քավոր Պետրոսը հանդարտ, հանգիստ տրամադրությամբ, ինձ իր հետ առնելով, մտանք հասարակաց սեղանատունը նախաճաշիկ ուտելու։ Հյուրանոցի ամբողջ խոսակցությունը գիշերվա անցքի մասին էր։

– Ի՞նչ է պատահել, – Հարցրեց քավոր Պետրոսը իր մոտ նստած մի արհեստավորից, որ դատարկում էր թեյի յոթերորդ բաժակը։

– էլ ի՞նչ պետք է լինի, – պատասխանեց արհեստավորը ցավակցաբար, – Այս գիշեր անհայտ չարագործներ մտել են մի տուն, ծերունի տանտերերին, թե ամուսնին և թե կնոջը, երկուսին էլ խեղդել են, ծառայի գլուխը կտրել են, տանիցը ուրիշ բան չեն տարել, բացի զուտ փողերից։ Ասում են տասն հազարից ավելի կլինի։

– Անիծյալնե՜ր... այդ ի՞նչ անխղճություն է, – պատասխանեց քավոր Պետրոսը նույնպես ցավակցաբար։ – Ինչպե՜ս աստված չէ պատժում այս տեսակ չարագործներին... խեղդե՜լ ծերունի մարդկանց, դա ոբքա՜ն անգթություն է...

Մենք մի քանի օր ևս բոլորովին անվրդով կերպով շարունակեցինք մեր առևտուրը, հետո թողեցինք այդ քաղաքը։ Ոչ ոք կասկած ունենալ չէր կարող խեղճ մանրավաճառի վրա, որը թութակից անգամ վախենում էր, որը մի քանի օր առաջ մտնելով նույն տունը, օրհնում էր, բարեմաղթություններ էր կարդում և երկար կյանք էր ցանկանում երկու ծերունիներին, որովհետև գնեցին նրանից բավական վաճառքներ ավելի թանկ գնով, այո , ոչ ոք երակայել անգամ չէր կարող, որ նույն «երկար կյանք» ցանկացողը ընդունակ կլիներ կարճելու նրանց կյանքը...

Թողնելով հիշյալ քաղաքը, մենք անցանք մի անծանոթ գավառ։ Առհասարակ ամեն մի հանցանք գործած տեղից երբ հեռանում էինք, թողնում էինք մեր ետևից ահագին տարածություն։ Այդ երկիրը այնքան ընդարձակ էր, որ ամեն տեղ բացվում էր մեր առջև մի նոր ասպարեզ...

Դ. ՀԱՎԱՏԱՐՄՈԻԹՅՈԻՆ

Տասնևյոթ տարեկան էի ես, երբ ոտքս դուրս դրեցի հայրենական երկրից։ Այն օրից անցել էր յոթ տարի ևս, որ ես թափառում էի օտարության մեջ։ Այդ յոթ տարվա ընթացքում, կարծես թե, ես արբած լինեի մի տեսակ կախարդական ըմպելիքով, որը օրըստօրե ինձ թմրեցնում էր, խորասուզում էր մի անբացատրելի ինքնամոռացության մեջ։ Մի անգամ գոնե չզարթնեց իմ մեջ ինքնաքննության միտքը, որ ես խորհեի, թե ի՞նչ է իմ կոչումը, ի՞նչ նպատակի եմ ձգտում ես, դեպի ո՞ւր է տանում ինձ այդ տեղային եռանդը, ի՞նչ է իմ ներկան և ի՞նչ կլինի իմ ապագան...

Իմ ամբողջ մտավոր և հոգեկան զորությունը.լարված էր դեպի չարը, դեպի անբարոյականը, դեպի վնասակարը։ Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ։

Ինչո՞ւ այսպես փոխվեցա ես, ո՞ւր մնաց իմ հոգու քնքշությունը, ո՞րտեղ կորավ իմ բնավորության մեղմությունը...

Ես գործում էի ոչ թե խելքով, ոչ թե գիտակցաբար, այլ մի տեսակ վայրենի բնազդումով, որ միայն գազաններին է հատուկ։

Խաբել՝ խաբելու համար, կողոպտել՝ հափշտակելու համար, սպանել՝ արյուն թափելու համար, ոսկի և արծաթ դիզել միայն ունենալու համար, դրանք էին այն անհագ բաղձանքները, դեպի որոնք մղում էր ինձ վայրենի բնազդումը։

Չարագործը մի տեսակ բարոյական խելագար է։ Այդ հիվանդության մեջ էի գտնվում ես։

Ես ոչ միայն մոռացել էի իմ անձը, այլ մոռացել էի և այն արարածներին, որոնք իմ սրտին խիստ մոտ էին։ Եվ մի անգամ գոնե մտքիս չբերեցի իմ հայրենիքը և այն ազգը, որի արյունն էի կրում և որից կտրված էի։ Ես մի անգամ գոնե մտքիս չբերեցի մորս, քույրերիս և վերջապես Սառային...

Ո՜րպիսի խոստմունքներով բաժանվեցա նրանցից, ո՜րքան մեծ ակնկալություններ ունեին նրանք իմ մասին։ Պարսկաստանի սահմանից անցնելու ժամանակ իմ սիրտը դեռ թարմ էր, որդիական զգացմունքը դեռ ոչ բոլորովին հանգել էր նրա մեջ։ Այն ժամանակ ես մտածեցի մորս վիճակի վրա և այդ պատճառով ծախած ավանակիս արծաթը ուղարկեցի նրան։ Իսկ այնուհետև ո՜րքան գումարներ անցան իմ ձեռքը, բայց մի անգամ գոնե չմտածեցի, թե աղքատության մեջ ապրող մայր ունեմ և որբ մնացած քույրեր ունեմ։ Զարմանալի՜ փոփոխություն։ Պանդխտությունը ինչպես քարացնում է մարդու սիրտը... ի՜նչպես կարծրացնում է բոլոր քնքուշ զգացմունքները։ «Աչքից հեռու, սրտից հեռու», ասում է հայկական առածը։ Դա կատարվել էր իմ հետ։

Այդ բոլոր մտածությունները զարթեցան իմ մեջ այն ժամանակ, երբ հանկարծ ստացա մորիցս մի նամակ։ Ամբողջ յոթ տարի օտարության մեջ ապրելով, այդ առաջին նամակն էր, որ ստանում էի մոռացված հայրենիքից։ Նամակը հասավ ինձ մի խաչագողի ձեռքով, որ եկել էր Պարսկաստանից։ Նրա թվականից անցել էր ավելի քան մի տարի։ Դա համարվում է շատ նոր նամակներից մեկը, որ մեր դասակարգի պանդուխտները բախտ են ունենում ստանալո՛ւ իրանց ընտանիքից։ Բոլոր ժամանակը նա մնացել էր նամակաբերի ծոցում, սպասելով, որ մի տեղում կհանդիպե ինձ և կհանձնե։

Կարծես դառն արտասուքներով գրված լիներ այղ ողբալի նամակը։ Նրա մեջ նկարագրված էր մորս և քույրերիս կրած նեղությունները ինձանից հետո, նկարագրված էր կառավարության սարվազների ու ֆերրաշների գործ դրած բարբարոսությունները, նկարագրված էր մեր ընտանիքի թշվառ դրությունը և իրանց կրած ցավերը իմ պանդխտության մասին և այլն։ Նամակը վերջանում էր այսպիսի խոսքերով. «Մուրադ, այդպես են վճարում զավակները փոխարենը այն կաթի, որով մայրը սնուցանում է որդուն... Դու մոռացա՜ր, բոլորը մոռացա՜ր... Դու մոռացար դժբախտ մորդ և թշվառ քույրերիդ... Դու մոռացար՞ Սառային, որ մինչև այսօր էլ սիրում է քեզ... որին դու ևս մի ժամանակ սիրում էիր...»։

Ո՛րքան ազդու է լինում մոր խոսքը։ Իմ բոլոր ապերախտությունները մի րոպեում նկարվեցան իմ աչքերի առջև։ Կարծես իմ ականջներին զարկում էր մի դառն, հանդիմանական անեծք. «Դու անառակ որդի ես»...

Իմ սիրտը լցվեց ցավերով։ Մի բան միայն մխիթարում էր ինձ, որ այդ նամակից տեղեկացա, այն արարածները, որ մի ժամանակ սիրելի են եղել ինձ, դեռ կենդանի են։

Ես հենց նույն օրը հայտնեցի քավոր Պետրոսին նամակի բովանդակությունը։ նա ցանկացավ տեսնել խաչագողին, որի ձեռքով հասավ ինձ նամակը, բայց նամակաբերը արդեն անհետացել էր։ Երկու տարբեր խումբերի պատկանող խաչագողներ երբեք միևնույն սահմանում չեն գործում։ նա հենց որ տեսավ մեզ, իսկույն հեռացավ մեր գտնված տեղից։

Քավոր Պետրոսը կարգադրեց մի գումար ուղարկել մեր և իր ընտանիքների ծախքերի համար։ Երևում էր, որ նա էլ նոր հիշեց, որ ինքը նույնպես կին ունի, զավակներ ունի, կարոտության մեջ թողած ազգականներ ունի։

Այժմյան մեր իջած տեղը այն քաղաքն էր, որ ընտրել էինք մեզ համար որպես գլխավոր կենտրոն։ Պատահում էր, որ ամիսներով կորչում էինք, թափառում էհնք զանազան երկըրներ, և մեր ձեռքը ընկած արծաթը հավաքում էինք այստեղ։ Այս քաղաքում կար մի բարեսիրտ և արդար սեղանավոր, որը քավոր Պետրոսի վաղեմի ծանոթն էր։ Մեր փողերը հանձնում էինք նրան։ Սեղանավորը ճանաչում էր մեզ մեր իսկական անուններով։ Նա գիտեր, թե մենք ոþրտեղացի ենք, ի՛նչ մարդիկ ենք, բայց չգիտեր մեր իսկական պարապմունքը։ Մենք հայտնի էինք նրան իբրև օրինավոր վաճառականներ, որ ասիական ապրանքների առևտուր են անում։ Բայց թե հեռու տեղերում ի՞նչ գործերով էինք զբաղված, կամ ի՞նչ միջոցներով այդ գումարները հավաքվում էին մեր ձեռքում՝ դրանց մասին նա ոչինչ տեղեկություն չուներ։

Երևում է, կյանքի մեջ ճշմարտությունը այնքան անհրաժեշտ է մարդու համար, որ ամենասարսափելի չարագործը անգամ պետք է ունենա գոնե մի բարեկամ, որի հետ պետք է անկեղծ լինի։ Քավոր Պետրոսի հարաբերությունները հիշյալ սեղանավորի հետ, թեև իսկությամբ այսպես չէին, բայց նա դարձյալ պահպանում էր բոլոր ճշտությունները, ինչ որ վայել են մի բարեկամի, մի ազնիվ մարդու։ Սեղանավորը մեծ վստահություն ուներ նրա հավատարմության. վրա, մանավանդ այն պատճառով, որ համարում էր նրան միամիտ, բարի և ճշմարտասեր մարդ։ Ամեն անգամ, երբ հայտնվում էինք այդ քաղաքում, սեղանավորը մեզ հրավիրում էր իր տունը։ Նրա կինը, երեխաները, աղախինները, սպասավորները՝ բոլորը ճանաչում էին քավոր Պետրոսին, և բոլորի համար քավոր Պետրոսը ուներ անուշ խոսքեր, զբաղեցնելու, ծիծաղեցնելու և գրավելու համար։

Նրանք սիրում էին լսել քավոր Պետրոսի ճանապարհորդությունների պատմությունը։ Այդ «թափառական հրեան» համարյա ամեն երկրում եղել էր և ամեն երկրի մասին կարող էր պատմել նրանց շատ հետաքրքիր տեղեկություններ։ Թեև երբեմն նա առասպելներ էր պատմում, այսուամենայնիվ, մեծ ուշադրությամբ լսում էին։ Օրինակ, մի անգամ ասում էր, թե Հնդկաստանում մի կղզի կա, որտեղ ոսկին ծնեբեկի նման գետնից բուսնում է, աճում է և ճյուղեր է արձակում։

– Այդ լա՜ վ է, – ասաց սեղանավորը զարմանալով. – կարելի է գնալ այնտեղ և քաղել մի ամբողջ ոսկու հունձք։

– Եթե հեշտ լիներ, ամեն մարդ կգնար, – պատասխանեց քավոր Պետրոսը ժպտալով։

– Ի՞նչ դժվարություն կա։

– Շատ դժվարություններ։ Կղզին կախարդված է։ Նավերը հազիվ կարող են մոտենալ նրա եզերքին։ Հենց որ մոտեցան, սոսկալի ալեկոծությունը կտանե նրանց դեպի օվկիանոսի հատակը։ Պատահել է, որ մարդիկ, ալեկոծությունից ևս ազատվելով, դուրս են եկել նրա ցամաքի վրա։ Բայց այդ մարդիկ այլևս չեն վերադարձել, նրանք կերպարանափոխվել են, կապիկներ են դարձել և մնացել են այնտեղ։

– Ուրեմն ո՞չինչ հնար չկա այնտեղ գնալու։

– Ի՞նչպես չկա. միայն պետք է գտնել կախարդված կղզու թիլիսմանը։ Հազարավոր բրամիններ քննում են գրքերը, աշխատում են լուծելու թիլիսմանը, բայց դեռ ոչինչ հետևանքի չեն հասել։ Անգլիայից միլիոններ կտային, եթե մեկը գտնելու լիներ անմատչելի կղզու կախարդական բանալին։

Հետո պատմում էր նա, թե մի այլ կղզում (դարձյալ Հնդկաստանում) գտնվում են այնպիսի հսկա մրջիմներ, որ մարդիկ նրանց մեջքի վրա թամք են դնում, նրանց բերանը սանձ են դնում և ձիու նման նստում են նրանց վրա, ուր որ կամենում են, գնում են։ Եվ քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի կերպով նկարագրում էր իր մի հետաքրքիր ճանապարհորդությունը մրջիմի մեջքի վրա նստած։ Զարմանալին այն էր, որ նրան լսողները այնքան փոքր տեղեկություններ ունեին հեռավոր երկրների մասին, այնքան սակավ ճանաչում էին երկրագունդը, որ բոլորովին հավատում էին նրա պատմածներին։

Ահա այսպիսի և դրա նման պատմություններով էր զբաղեցնում քավոր Պետրոսը իր ունկնդիրներին։

Իր հաշիվների մեջ քավոր Պետրոսը վերին աստիճանի ճիշտ էր սեղանավորի հետ։ Շատ անգամ նրանից բավական խոշոր գումարներ էր փոխ առնում, իբր թե մի առևտրական ընդարձակ ձեռնարկության համար։ Բայց ինձ հայտնի էր, որ քավոր Պետրոսը ոչ փողի կարոտություն ուներ և ոչ՝ առևտրական ընդարձակ ձեռնարկություններ։ նա վեր առած գումարը այնպես անշարժ պահում էր իր մոտ, մինչև լրանում էր իր տված պարտամուրհակի ժամանակը։՝ Այդ միջոցին տանում էր փողը, իր տոկոսով հետ էր տալիս, պարտքը վճարում էր և ստանում էր պարտամուրհակը։ Այդ անում էր նա իր վարկը պահպանելու համար։

Մի անգամ մեզ հարկավորեց վեր առնել սեղանավորից 15000 ռուբլի։ Փողերը բերեցինք մեր իջևանը, կրկին համբարեցինք, տեսանք, որ 1000 ռուբլի ավել է։ Սեղանավորը փոխանակ 15 հազար ռուբլու, սխալմամբ տվել է 16 հազար ռուբլի, իսկ 15-ի պարտամուրհակ էր առել։ Քավոր Պետրոսը մյուս օրը հազար ռուբլի ետ տարավ, հանձնեց սեղանավորին այսպիսի գանգատներով,

– Այդ ի՞նչ արեցիք դուք ինձ հետ, Արկադիյ Ֆադեիչ, – Այսպես էին կոչում սեղանավորին։ – Եթե ես այս գիշեր մեռնելու լինեի, ինչ կլիներ իմ հոգու ճարը։ Երևի, դուք իմ հոգին կորցնել էիք ուզում...

Սեղանավորը մնաց զարմացած։

– Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, Պյոտր Աբրամիչ, – Հարցրեց նա, խնդրելով վրդովված քավոր Պետրոսին նստել։

Պյոտր Աբրամիչը ոչինչ չէ խոսում, լռությամբ դնում է սեղանավորի առջև 1000 ռուբլի։

– Այդ ի՞նչ փող է, – Հարցնում է սեղանավորը։

– Այդ այն փողն է, որ դու ինձ ավել էիր տված, – պատասխանում է քավոր Պետրոսը դեռևս վրդովված կերպով։ – Ավելի լավ կլիներ, որ համբարքի մեջ զգույշ լինեիք և ուրիշին մեղքի մեջ չգցեիք...

– Դու բարի ես, շա՜տ բարի, Պյոտր Աբրամիչ, – Ասում է սեղանավորը, բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով։

– Ես բարի եմ նրա՞ համար, որ չգողացա ուրիշի փողը։ Այդ բարություն չէ, Արկադիյ Ֆադեիչ։

Չնայելով այդ համեստությանը, Արկադիյ Ֆադեիչը աշխատում է ապացուցել, որ Պյոտր Աբրամիչը բարի մարդ է։

Ամեն անգամ, երկար թափառումներից հետո, երբ հայտնվում էինք սեղանավորի մոտ, նրա սովորական հարցմունքն այդ էր լինում։

– Լա՞վ վաստակ ունեցար, Պյոտր Աբրամիչ։

– Վա՜տ են գնում գործերը, շատ վատ, Արկադիյ Ֆադեիչ։

– Ինչո՞ւ։

– Բոլորը մեր մեղքերից։

Սեղանավորը ծիծաղում է։

– Դուք ծիծաղում եք, Արկադիյ Ֆադեիչ։ Բայց տեսեք, ինչպես վատացել են ժամանակները, առանց երդվելու, առանց սուտ խոսելու չես կարող առևտուր անել... Բայց այդ մե՜ղք է, Արկադիյ Ֆադեիչ, շա՜տ մեղք է... Համարյա մարդ յուր հոգին է ծախում...

– Բայց շա՜հ, այսուամենայնիվ, լինում է։

– Ի՜նչ շահ... այսպիսի շահը Հուդայի արծաթն է, որ ստացավ և մատնեց մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի շահը սատանան կտանե...

Չնայելով հայտնած դժգոհությանը վատ ժամանակների և իր առևտրական անհաջողության մասին, քավոր Պետրոսը դարձյալ համբարում է սեղանավորի առջև մի քանի հազարներ։

– Այս անգամ, երևի, սատանան չէ դիպել քո փողերին, Պյոտր Աբրամիչ։

– Քրտինքով է աշխատած, դա՜ռն քրտինքով, Արկադիյ Ֆադեիչ։ Արդար աշխատանքը Հիսուս Քրիստոսը կպահպանե, – պատասխանում է քավոր Պետրոսը և սկսում է ջերմեռանդությամբ խաչակնքել իր երեսր։

Սեղանավորը երբեմն սիրում էր քավոր Պետրոսի հետ հանաքներ անել և զվարճանալ նրա պարզամտության վրա»

Բայց ինձ զարմացնում էր քավոր Պետրոսի հավատարմությունը, որ ուներ դեպի սեղանավորը։ Այդ մարդը, որի համար ոչինչ սուրբ բան չկար, վարվում էր նրա հետ ամենայն ճշմարտությամբ։ Ես կարծում էի, թե դա մի խորամանկ նախապատրաստություն է, սեղանավորին մեր ծուղակի մեջ գցելու համար, որի հարստությունը միլիոնների էր հասնում։ Սի անգամ հարցրի քավոր Պետրոսից»

– Սեղանավորի «հոգվոցը» ե՞րբ պիտի կարդանք։ – Ուզում էի հասկացնել, թե ե՞րբ պետք է կողոպտենք նրան։

Նա պատասխանեց,

– Եթե ամեն աղբյուրները պղտորելու լինես, գոնե մեկը պետք է մաքուր թողնես, որ ինքդ խմես։

Ես տեսնում էի, որ քավոր Պետրոսը այս դեպքում ևս չէ շեղվում իր հիմնական կանոնից, «ամեն ինչ ծառայեցնել իր օգտի համարտ»...

Խաչագողին ևս պետք է մի հավատարիմ մարդ ունենալ: Դուք չգիտեք խաչագողի վիճակը։ Նա թափառում է երկրե երկիր զանազան կերպարանքներով, զանազան անուններով, որոնց ոչ մեկը իր իսկական անունը չէ։ Հանկարծ նա մեռավ. նրա ունեցածն էլ իր հետ կմեռնի։ Որովհետև նա հայտնի է միայն կեղծ անունով, իսկ այդ կեղծ անունը կրողի ժառանգները գտնել անհնարին բան է։ Կիրակոսի թողած կայքը չեն տալ Մարկոսի ժառանգներին, թեև մեռնողը իսկապես Մարկոս լիներ և կեղծ անունով միայն իրան կոչելիս լիներ Կիրակոս։ Մի կենտրոն պետք է, որ խաչագողը հայտնի լինի իր իսկական անունով և հավաքն այնտեղ իր ունեցածը, որպեսզի եթե մահ պատահելու լինի, հասցնեն նրա ընտանիքին։ Ահա այդ էր քավոր Պետրոսի հարաբերությունների պատճառը սեղանավորի հետ։ Նրա մոտ հավաքում էր քավոր Պետրոսը մեր բոլոր վաստակած փողերը։ Եթե մեզ մի բան պատահելու լիներ, սեղանավորը գիտեր, թե փողերը ումն են պատկանում։ Մենք հայտնի էինք նրան մեր իսկական անուններով, և հանձնած գումարների համար ստացական էինք առնում նույն անուններով։

Քավոր Պետրոսը հայտնի էր անունովս՝ պարսկաստանցի, այսինչ գավառից, այնինչ գյուղից, վաճառական Պյոտր Աբրամիչ Աղախանով։ Հայտնի էի և ես իմ անունով, տոհմանունով և տեղի անունով։ .

Այդ ձևը ուներ և այն հարմարությունը, որ դիցուք թե մեզ մահ չպատահեց, այլ մի տեղ կալանավորեցին մեզ։ Այսպիսի դեպքերում չէին կարող մեր կայքը գրավել, որովհետև մեզ կգտնեին մի որևիցե կեղծ անվան տակ, իսկ մեր կայքը մեր սեփական անունով կլիներ բոլորովին ուրիշ ձեռքում։

Ես այժմ հասկանում էի այն զանազան անցագրերի անհրաժեշտությունը, որ քավոր Պետրոսը Պարսկաստանից դուրս գալու ժամանակ առեց իր հետ և միշտ նորոգել էր տալիս, որ ժամանակները չկորցնեն։

Հանձնելով մեր այս անգամվա բերած փողերը սեղանավորին, վերադարձանք դեպի մեր իջևանը։ ճանապարհին քավոր Պետրոսի ուշադրությունը գրավեց մի օտարոտի մուրացկան, որը փողոցում կանգնած էր մի լուսամուտի հանդեպ և խղճալի ձայնով ողորմություն էր խնդրում։ Լուսամուտի հանդեպ նստած տիկինը ձգեց նրան մի քանի գրոշներ և փակեց լուսամուտը։ Մուրացկանը սկսեց որոնել, թե որտեղ ընկան գրոշները։

– Նայի՛ր, Մուրադ, – Ասաց ինձ քավոր Պետրոսը, – կարող ես ճանաչել, թե դա ինչ մարդ է։

Ես նայեցի։ Մուրացկանը հագած ուներ պատառոտած սև փարաչա, մեջքը սեղմված էր գունավոր լայն գոտիով. գլխին դրած ուներ մի ջարդված և հնությունից իսկական գույնը կորցրած հոգևորականի ցած շլյապա (երևի մեկը ընծայել էր նրան) և ձեռքին կրում էր երկայն գավազան, հասարակ ոսկրյա գլխիկով։

– Խաչագող է, – պատասխանեցի ես։

– Ոչ, – Ասաց քավոր Պետրոսը։ – Քահանա է և հայ քահանա։

Ես չհավատացի։ Մոտեցա մուրացկանին և հարցրի նրա ինչ մարդ լինելը։ Քավոր Պետրոսի նկատողությունը ուղիղ էր։ Նա հրավիրեց թշվառ քահանային մեզ մոտ։ Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ հեռավոր օտարության մեջ հանդիպեց երկու հայերի։ Մենք նրան հյուրասիրեցինք թեյով և իսկույն մի բան տվեցինք ուտելու։ Ողորմելին այնպիսի ախորժակով կերավ, որ երևում էր՝ մի քանի օր քաղցած էր մնացել։ Երբ նա փոքր-ինչ կազդուրվեցավ, քավոր Պետրոսը հարցրեց, թե ի՞նչ դեպքով այս կողմերն է անցել։

Նրա պատմությունից երևաց, որ ինքը սպահանցի է։ Նրա ժողովրդի մի մասը Կասպից ծովի հարավ-արևելյան եզերքի վրա մի փոքրիկ գաղթականություն է հիմնել։ Նոր գաղթականները մեծ դժվարությամբ կարողացան իրավունք ստանալ պարսից կառավարությունից, որ իրանց համար մի եկեղեցի շինեն։ Եկեղեցին հիմնեցին, սկսեցին կառուցանել, բայց ավարտել չկարողացան, որովհետև սաստիկ աղքատ էին, իրանց միջոցները չէին բավականացնում։ Շինվածքը մնաց թերի։ Քահանան իմացավ, որ շուտով խմբվելու է... քաղաքի մեծ տոնավաճառը, ինքն ևս դիմեց այնտեղ, այն նպատակով, որ տոնավաճառի առիթով հավաքված հայ վաճառականներից եկեղեցու շինության անունով նվիրատվություններ հավաքե։

– Հաջողվեցա՞վ, – Հարցրեց քավոր Պետրոսը, թույլ չտալով քահանային ավարտել իր պատմությունը։

– Հաջոզվեցավ։ Աստված օրհնե բարեպաշտ հայերի առատաձեռնությունը, նրանք այնքան նվիրվեցին, որով ոչ միայն կարելի էր ավարտել եկեղեցու շինությունը, այլ բավական նշանավոր գումար ավել կմնար եկեղեցին զարդարելու համար պետք եղած սրբություններով։

– Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ այդ ողորմելի դրության մեջն ենք գտնում ձեզ։

– Երբ ուղևորվեցա դեպի Պարսկաստան, ճանապարհին կողոպտեցին ինձ և բոլորը, ինչ որ հավաքել էի, տարան։ Այդ դժբախտությունից հետո ես չուզեցի դատարկաձեռն և ամոթալի երեսով վերադառնալ իմ ժողովրդի մոտ, ստիպվեցա մուրացկանությամբ շարունակել իմ ուղևորությունը, գուցե մի տեղ դարձյալ բարեպաշտ հայեր կգտնեմ և կդիմեմ նրանց գթասրտությանը։

– Այժմ ո՞րտեղ դիտավորություն ունեք գնալու։

– Մոսկվա, ասում են այնտեղ ևս հայեր կան։

Խաչագողին հեշտությամբ չէ կարելի խաբել, մանավանդ քավոր Պետրոսի նման մարդուն։ Նա, թեև անզգալի կերպով, բայց բավական խստությամբ սկսեց զանազան հարցեր առաջարկելով քննել քահանային, ստուգելու համար, թե ո՛ր աստիճան ճշմարիտ էին նրա ասածները։

Ես չլսեցի նրանց բոլոր խոսակցությունը, որովհետև այդ միջոցին քավոր Պետրոսը հրամայեց ինձ, որ գնամ հյուրանոցը և մեզ համար ընթրիք պատվիրեմ։ «Բամբակը ղալին լինի», – Ասաց նա։ Այդ նշանակում էր, որ արաղը շատ լինի։

Ընթրիքի ժամանակ քավոր Պետրոսը առիթ ունեցավ քննելու քահանային, որովհետև տեր հայրը ուրախությունից խմեց ավելի, քան թե պատշաճ էր։

Քահանան գիշերը մնաց մեգ մոտ։

Մյուս առավոտ, թեյից հետո, քավոր Պետրոսը ասաց նրան.

– Ամբողջ յոթ տարի է, տեր հայր, օտարության մեջ ապրելով և օտար ազգերի հետ հարաբերություններ ունենալով, զուրկ եմ մնացել Հայաստանյաց եկեղեցու սուրբ հաղորդությունից։ Ձեզ աստված ուղարկեց ինձ մոտ՝ քավելու իմ մեղքերը և արժան կացուցանելու Հիսուս Քրիստոսի կենարար մարմնին և արյանը։

Տեր հայրը, հայ քահանաների սովորության համեմատ, ճանապարհորդության առիթով, մի փոքրիկ արծաթյա մասնատուփի մեջ վեր էր առել իր հետ սուրբ հաղորդության նշխարներ։ Նա դուրս հանեց մասնատուփը, դրեց սեղանի վրա և պատրաստվեցավ կատարելու սուրբ խորհուրդը։ Քավոր Պետրոսը և ես չոքեցինք նրա առջև։ Քավոր Պետրոսի խոստովանությունը կատարվեցավ հրապարակաբար, թեև ես ոչինչ չհասկացա, որովհետև գրաբար լեզվով էր։ Նա կարդաց հայոց ժամագրքի ամբողջ «մեղան»։ նրա մեջ բովանդակում է բոլոր մեղքերի խոստովանությունը, ինչ որ կարող է մտածել, հնարել և գործել միայն չարագործ մարդը և ոչ ուրիշ արարած։

Ես տեր հոր թելադրությամբ կրկնեցի մի քանի տուն նույն «մեղայից»։ Երբ նա, պահանջված աղոթքները կարդալուց հետո, մոտեցրեց իմ շրթունքին սուրբ հազոդագրության նշխարը, իմ ամբողջ մարմնին տիրեց մի սոսկալի, հոգևոր սարսուռ։ Նույն ազդեցությունը ես նկատեցի և քավոր Պետրոսի դեմքի վրա։

Մենք չոքած տեղից վեր կացանք, երկուսս էլ համբուրեցինք տեր հոր աջը. նա օրհնեց մեզ և թողություն շնորհեց։

Հետո քավոր Պետրոսը տեր հորը իր հետ առնելով, գնացին շուկան» Իսկ ինձ տվեց մի տոմսակ և ուղարկեց Արկադիյ Ֆադեիչի մոտ։ Ես ստացա սեղանավորից 10000 ռուբլի և վերադարձա մեր իջևանը։ Նրանք դեռևս չէին եկել։ Ես մինչև ճաշ սպասեցի նրանց։

Երբ հայտնվեցան նրանք, ես հազիվ կարողացա ճանաչել քահանային։ Նրա հագուստը ոտքից գլուխ նորոգված էր, և տեր հայրը իր կարգին վայելուչ կերպարանք էր ստացել։


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 | Следующая
  • 4.6 Оценок: 5

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации