Текст книги "ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ"
Автор книги: Րաֆֆի
Жанр: Зарубежная старинная литература, Зарубежная литература
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 9 (всего у книги 22 страниц)
Զ. ՌԱԲԻ ՇԻՄՈՆԸ
Թողնելով տոնավաճառը, մենք շարունակեցինք մեր արշավանքը դեպի կայսրության հարավ-արևմտյան գավաոները։ Մի ամսից հետո գտնվում էինք... քաղաքում։ Այստեղ քավոր Պետրոսը ծանոթացավ մի հրեա սեղանավորի հետ, որը, թանկագին իրեղեններ գրավ առնելով, փող էր տոկոսով տալիս, իհարկե, խիստ մեծ տոկոսով։
Փոքր միջոցում քավոր Պետրոսը կարողացավ այնքան գրավել հրեայի համակրությունը, որ նրանց հարաբերությունները, կարելի է ասել, բոլորովին բարեկամական էին։ Բայց պետք չէ մոռանալ, որ քավոր Պետրոսը իրան ձևացրել էր նույնպես հրեա, ոչ թե հասարակ հրեա, այլ մի գիտնական ռաբբի, որ Թովրաթը և Թալմուդը անգիր գիտեր[11]11
Թովրաթը Հին կտակարանի՝ հնգամատյանի արաբերեն անվանումն Է։ Այս գրքի մեջ ամփոփված են այն օրենքներն ու հրահանգները, որոնք ըստ առասպելի, Եհովան (հրեաների աստվածը) Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով կտակում Է իսրայելական ժողովրդին։
Թալմուդը հրեաների հուդայական կրոնի գրական-աոասպելաբանական ավանդույթների ու կրոնաիրավական դոգմաների մի ժողովածու Է։ Ստեղծվել Է մ. թ. ա. 4-րդ և մ. թ. 5-րդ դարերի ընթացքում։ թալմուդի մեջ արտացոլված են հրեական ժողովրդի առասպելադիցաբանական գաղափարները և բժշկական, աստղաբաշխական, աշխարհագրական ու մաթեմատիկական պատկերացումները։
[Закрыть]։ Դրա մեջ կասկածել ոչ ոք կարող չէր, որովհետև նրա դեմքի գծագրությունը բավական նման էր իսրայելի հալածված որդիների տխրամած դեմքին։ Բացի դրանից, նրան ծանոթ էին ոչ միայն եբրայեցոց, այլ զանազան ասիական ազգերի սովորությունները ու լեզուները։ Քավոր Պետրոսը իրան ներկայացրել էր որպես Սպահանի և Համադանի հրեաների հովիվ։
Սեղանավորը եկած էր այս քաղաքը բոլորովին աղքատ. մի բան, որ բերել էր նա իր հետ, էր նրա հրեական անվաստակելի եռանդը և հրեական խելքը, որ զորավոր է հանդիսանում ավելի մթին ճանապարհների մեջ... Սկզբում նա ժամագործ և կնիքներ փորագրող էր, բայց մի քանի տարուց հետո դաոնում է բանկիր։
Սեղանավորը որքան և ջերմեռանդ փողապաշտ էր, այնքան էլ մոլեռանդ մովսիսական էր։ Արծաթի և Հին Կտակարանի պաշտամունքը նրա մոտ համահավասար նշանակություն ունեին։ Նրա պապերը Սինա լեռան ստորոտում գուցե չէին պաշտի Ահարոնի շինած հորթին, եթե ոսկուց ձուլված չլիներ[12]12
Ըստ աստվածաշնչային առասպելի, աստծու հետ զրույցի բռնված Մովսեսը Սինա լեոան վրա երկար Է մնում։ Ժողովուրդը կարծելով, որ նա մեռել է բազմությամբ դիմում են Ահարոնին և պահանջում, որ նա իրենց համար նոր աստված ստեղծի։ Ահարոնը, տեսնելով, որ անկարող է դիմադրել, պահանջում է, որ գնան բերեն իրենց կանանց ու աղջիկների զարդերը։ Նա այդ զարդերից ձուլում է Ոսկե հորթը և առաջարկում իբրև աստված զոհ մատուցել ու պաշտել նրան։
[Закрыть]։
Սեղանավորը իր հայրենական կրոնի նախանձախնդրությունն ուներ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ հարգանքով ընդունեց քավոր Պետրոսին, որ հայտնվել էր նրա մոտ, որպես նրա թշվառ ազգակիցների քահանա, որոնք աղքատ, հալածված ապրում էին Պարսկաստանի գավառներում։
Ռաբբի Շիմոնի (այսպես էր կոչում իրան քավոր Պետրոսը) ցավալի պատմությունները արևելքի հրեաների աննախանձելի դրության մասին՝ ոչ միայն գրավեցին հարուստ սեղանավորի սիրտը, այլ շարժեցին այն քաղաքում գտնված բոլոր նշանավոր հրեաների կարեկցությունը դեպի ուխտյալ աշխարհի հայրենազուրկ և տարագրված որդիները։
Գլխավորապես սեղանավորի հորդորանքով տեղային հրեաները մի նշանավոր գումար հանգանակեցին ի նպաստ Սպահանի և Համադանի մեջ բնակվող եղբայրների, որոնց կողմից քավոր Պետրոսը ներկայացել էր իբրև հոգևոր նվիրակ։
Իրան ձևացնել նվիրակ այս և այն դավանության, այս և այն եկեղեցու հոգևոր իշխանության կողմից և ժողովրդից հավաքել բարեգործական օժանդակություններ, դա խաչագողի արհեստի գլխավոր ճյուղերից մեկն է։ Խաչագողը գիտե մարդկային հասարակությունների թույլ կողմերից օգուտ քաղել։ Այդ թույլ կողմերից ավելի դյուրախաբը, ավելի հեշտ հրապուրվողը կրոնական զգացմունքն է։ Խաչագողը ամենայն ճարպկությամբ հարստահարում է այդ սրբազան զգացմունքը։
Հասկանալի է, որ այս և այն կրոնական համայնքի, այս և այն եկեղեցական պետի ներկայացուցիչ լինելու համար պետք է ունենալ իր ձեռքում թղթեր կամ կոնդակներ զանազան բարձր հոգևոր իշխանություններից, որոնց ներկայացուցիչն են ձևանում։ Խաչագողները ունենում են այս տեսակ թղթեր, և այն աստիճան վարպետությամբ պատրաստված, որ անկարելի է կասկածել նրանց անհարազատության մասին կամ ճանաչել, որ նրանք կեղծ են։ Խաչագողներից առանձին մարդիկ իրանց համար արհեստ են շինել պատրաստելու կեղծ կոնդակներ, որ վաճառում են ցանկացողներին խիստ թանկ գնով։ Քավոր Պետրոսը ուներ մի կոնդակ, եբրայեցոց լեզվով մագաղաթի վրա գրված և Բաղդադի հրեից քահանայապետի ահագին կնիքով դրոշմված։ Քավոր Պետրոսը չէր գնած այդ նշանավոր կոնդակը, այլ փոխել էր մի ուրիշ թղթի հետ, որը իբր թե նա ստացել էր Մեքքայի շերիֆից, և որի շնորհիվ նա մի քանի տարի կողոպտեց Հնդկաստանի մահմեդականներին։
Խաչագողները ունենում են զանազան թղթեր, որոնք մեկի համար հնացած և գործածությունից ընկած են լինում, իսկ մյուսի համար նոր են համարվում։ Այսպիսի թղթերը նրանք փոխում են միմյանց հետ, կամ վաճառում են միմյանց վրա։ Նոր թուղթ ստացող խաչագողը ման չէ գալիս երկրի այն կողմում և այն ժողովրդի մեջ, ուր նույն թղթով շրջան էր գործել նրա նախկին ունեցողը։ Որպես ձկնորսը իր ուռկանը չէ գցում գետի այն տեղը, ուր մի քանի օր առաջ որսացել էր մի ուրիշը։
Այդ քաղաքը մտնելուց հետո անցել էր երկու շաբաթ։ Ես ամենևին տեղեկություն չունեի, թե քավոր Պետրոսը ի՛նչ բանի վրա է մտածում կամ ինչով է զբաղված, որովհետև նա շատ ժամանակ բացակա էր գտնվում մեր իջևանից։ Բայց հենց առաջին օրից ինձ պատվիրեց, որ մեր կացարանից դուրս չգամ և ամենևին ցույց չտամ, թե ես նրա ընկերն եմ։ Ինձ սկզբում անհասկանալի էր, թե ինչո՞ւ թաքստի մեջ էր պահում ինձ։ Բայց մի օր դարձավ դեպի ինձ այդ հարցով.
– Կամենում ես շատ փող ունենալ, Մուրադ։
– Ինչո՞ւ չէ։
– Ուրեմն, ինչ որ ասեմ, պետք է կատարես։
– Ես միշտ հնազանդ եմ եղել ձեզ։
– Դու պետք է մտնես այդ մեծ սնդուկի մեջ, որ այսօր բերեցի բազարից։
– Կամենո՞ւմ եք, որ դա իմ դագաղը լինի։
– Այո՛, դրա նման մի բան, – պատասխանեց նա ժպտալով և ապա շարունակեց.
–Լսիր, քեզ այս սնդուկի մեջ փակած պետք է տանեմ մի հրեա սեղանավորի խանութը։ Սնդուկը այնտեղ պահ կտամ, ուր կմնա երեք օր։ Վերջին օրվա գիշերը դու կբացես քո դագաղը և հարություն կառնես նրա միջից։ Սնդուկը այնպես պատրաստված է, որ ներսից խիստ հեշտությամբ կբացվի։ Խանութում դու կգտնես երկաթյա ահագին արկղ։ Նա լիքն է ոսկիներով և զանազան թանկագին իրեղեններով։ Նրանց մեկ մասը, իհարկե մեծ մասը, քեզ հետ առած, կրկին կմտնես քո դագաղի մեջ։
– Ինչո՞ւ ոչ ամենը, այլ նրանց մեկ մասը։
– Այստեղ նպատակ կա...
Թեև նա չասաց, բայց ես հասկացա, որ քավոր Պետրոսր սակավապետությունը այն նպատակով էր, որ իսկույն ուշադրություն չդարձնեն հափշտակության վրա, երբ արկղը բոլորովին դատարկված կգտնեն իր հարստությունից։ Ես պատասխանեցի.
– Ես էլ կընտրեմ, ինչ որ ավելի թանկագին է։
– Այդ թողնում եմ քո ճաշակին, միայն թուղթ փողերին չի պիտի դիպչես։
– Որովհետև թուղթ փողը բանացնում են, մյուս օրը իսկույն կնկատեն, որ պակաս է։
– Դու խիստ հասկացող տղա ես, գառնո՛ւկս, – Ասաց նա ձեռքով փաղաքշաբար իմ մեջքին զարկելով։ – Ահա քեզ երկու բանալիներ, որ շատ հեշտությամբ կբաց անեն երկաթյա արկղը։
– Եթե չբաց անեն, իմ դարբնության արհեստը այնտեղ պետք կգա...
– Ոչ, կբաց անեն, քո արհեստը հարկավոր չի լինի։ Միայն պետք է զգուշանաս, որ արկղի վրա կամ բանալիների տեղում որևիցե խանգարմունք չպատճառես։
– Հասկանում եմ։ Հետո՜։
– Այդ գործը կկատարվի, որպես ասացի, երրորդ օրվա գիշերը։ Չորրորդ օրվա առավոտյան պահուն ես սնդուկը կվեր առնեմ հրեայի խանութից։
– Բայց ես նրա մեջ կմեռնեմ սովից։
– Դու կգտնես նրա մեջ բոլոր հարմարությունները, ինչ որ քեզ պետք կլինի։
Այդ միջոցին նա բաց արեց սնդուկը և ցույց տվեց նրա միջի պատրաստությունները։
– Ցերեկները, – Ասաց նա, – դու պետք է անշարժ և լուռ մնաս քո դագաղի մեջ, որպես մի դիակ։ Իսկ գիշերները ազատ ես, կարող ես դուրս գալ, զվարճանալ, որքան կամենաս։ Խանութում ոչ ոք չի լինելու։
Նույն օրվա երեկոյան պահուն մի բեռնակիր սայլով խորհրդավոր սնդուկը տարավ սեղանավորի խանութը։ Նրա միջից ես լսեցի հետևյալ խոսակցությունը։
– Այդ ի՞նչ է ռաբբի Շիմոն, – Հարցրեց սեղանավորը։
Ռաբբի Շիմոնը, այսինքն քավոր Պետրոսը, պատասխանեց.
– Բնակարանս ապահով տեղ չէ, Աբրաամ Ւսայիչ, համարյա ամեն գիշեր գողություններ են պատահում։ Մի քանի բաներ գնել էի մեր այնտեղի սինագոգայի համար, շատ բաներ էլ նվիրեցին բարի մարդիկ, բոլորը, ինչ որ հավաքել եմ, դրել եմ այդ սնդուկի մեջ։ Վախենում եմ, չիցե թե մի դժբախտություն պատահի, և հազարավոր խեղճ իսրայելցիներ կզրկվեն այն օժանդակությունից, որ շնորհեցին մեր այստեղի եղբայրները։ Մտածեցի սնդուկը ձեզ մոտ թողնել, Աբրաամ Իսայիչ, մինչև իմ գնալը;
– Լավ ես մտածել, ռաբբի Շիմոն, – Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը դնել խանութում։ Հետո հարցրեց.
– Ե՞րբ եք կամենում գնալ, ռաբբի Շիմոն։
– Եթե աստված հաջողի, մի երկու կամ երեք օրից հետո։ Շատ ուշացա, Աբրաամ Ւսայիչ։ Այնտեղի գործերս կատարող չկա. խեղճ ժողովուրդը մնացել է բոլորովին անտեր, անխնամ։ Պետք է շտապեմ, որ նրանց օգնություն հասցնեմ։
– Պետք է շտապել, ռաբբի Շիմոն, երբ որ այդպես է, – Ասաց սեղանավորը։
Ռաբբի Շիմոնը շնորհակալություն հայտնելով հեռացավ։ Այնուհետև ամեն օր գալիս էր նա սեղանավորի խանութը, և ամեն անգամ իմ դարանի միջից լսում էի նորանոր խոսակցություններ։
Երկրորդ օր։
– Ռաբբի Շիմոն, – Հարցնում է սեղանավորը, – դեռ երկա՞ր պետք է սպասենք մեսիայի գալստյանը։
– Ժամանակը մոտեցել է։
– Ի՞նչպես կլինի մեր վիճակը, երբ նա կհայտնվի։
– Սուրբ քաղաքը (Երուսաղեմը) կվերականգնվի իր ավերակների միջից։ Իսրայելի ցրիվ եկած որդիները կհավաքվեն աշխարհի ամեն կողմերից։ Ավետյաց երկիրը կրկին կծաղկի իր հին փառքերով։ Մեսիան կտիրե ամբողջ տիեզերքին։ Եվ երկրի ամենահզոր թագավորները, մեկ գռեհիկ հրեայի փեշից բռնած, նրանից ողորմություն կխնդրեն։
– Իսկ ե՞րբ կհայտնվի մեսիան։
– Բոլոր հեթանոսները կդիմեն դեպի նա, բոլորը հրեա կդառնան։
– Ուրեմն այդ հեթանոսները, որ այժմ մեզ հալածում են, էլ չեն լինի։
– Արևի ծագելու տեղից մինչև նրա մուտքր կտիրե Մովսեսի սուրբ օրենքը։
Երրորդ օր։
– Ռաբբի Շիմոն, ինչո՞ւ ընկավ Երուսաղեմը։
– Իսրայելի որդիների մեղքերի պատճառով։ Նրանք օրենքը քանդեցին. Եհովայի փոխարեն կուռքեր պաշտեցին, օտարազգի կանանց հետ ամուսնանալով, պոռնկություն գործեցին. սուրբ տաճարի խնամատարությունը և քահանաների հարգանքը մոռացան, իրանց զոհերի, իրանց նվերների մեջ ժլատ գտնվեցան. այրի կնոջ հացը խլեցին և որբերի ժառանգությունը հափշտակեցին։ Այդ բոլորը տեսնելով, աստված բարկացավ նրանց վրա, սուրբ քաղաքը կործանեց և Իսրայելին գերության մատնեց։
– Այժմս էլ մենք միևնույնն ենք գործում, ուրիշի հացը խլում ենք, նրա որդիներին քաղցած ենք թողնում։
– Դա ներելի է, երբ գործը օտարազգիների հետ է, բայց մի իսրայելացուն թույլ տված չէ իր եղբորը հարստահարեք։
– Ուրեմն օտարներին կարելի է։
– Կարելի է։ Միթե չե՞ս հիշում Թովրաթի այն տեղը, երբ Մովսեսը մտածում էր Իսրայելը փարավոնների գերությունից ազատել և տանել նրանց իրանց հայրենի աշխարհը, նա խորհուրդ տվեց Իսրայելի կնիկներին, որ իրանց եգիպտացի հարևաններից արծաթյա և ոսկյա զարդեր փոխ առնեն, ասելով, թե ոչ այնքան հեռու մի տեղ ուխտ ենք գնում, երբ կվերադառնանք, կրկին հետ կտանք ձեզ։ Կնիկները կատարեցին այդ պատվերը և, եգիպտացիների հարստությունը իրանց հետ առնելով, անցան Կարմիր ծովը։
– Հիշում եմ Թովրաթի այն տեղը։ Բայց այդ խաբեբայություն չէ՞ր։
– Ոչ։ Եգիպտացիները շատ էին հարստահարել իսրայելացիներին, դրանք էլ փոխադարձաբար կողոպտեցին նրանց։ «Ակն ընդ ական», դա օրենք է։
Չորրորդ օրվա առավոտյան պահուն խանութի դռանը կանգնեց մի սայլակ։
– Ռաբբի Շիմոն, այդ ի՞նչ է, – Հարցրեց սեղանավորը։
– Գնում եմ, Աբրաամ Իսայիչ, եկա սնդուկը վեր առնելու և իմ շնորհակալությունը ձեզ հայտնելու։
– Մի՞թե այդպես շուտ, շատ ցավում եմ, ռաբբի Շիմոն։ Ես դեռ երկար հույս ունեի լսել ձեր բարի խրատները։
– Այո , գնում եմ, Աբրաամ Իսայիչ, Մովսեսի և Ահարոնի օրհնությունը ձեզ թողնելով։
– Թող Եհովան բարի ճանապարհ տա ձեզ , – Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը տեղավորել սայլակի վրա։
Ռաբբի Շիմոնը կրկին և կրկին օրհնեց Աբրաամ Իսայիչին, նրանք համբուրվեցան, բարեմաղթեցին միմյանց շատ օրեր, երկայն կյանք և այլն։
– Ես մի հիշատակ պիտի թողնեմ ձեզ, Աբրաամ Ւսայիչ, դուք շատ բարություններ արեցիք ինձ համար, – Ասաց ռաբբի Շիմոնը և տվեց նրան մի բան։
Թե ի՞նչ էր այդ, ես, իհարկե, սնդուկի միջից տեսնել չէի կարող, միայն լսեցի, որ քավոր Պետրոսը ասաց նրան, թե այդ արծաթյա տուփի մեջ ամփոփված է «տապանակ ուխտիի» մի մասը, և տուփը ինչպես շինված է, պետք է այնպես անձեռնմխելի և առանց բացվելու մնա։
– Պահի՛ր քեզ մոտ, – Ասաց նա, – և աստծո օրհնությունը պակաս չի լինի քո տանից։ Քո զավակները կծլեն, կծաղկեն, և քո հարստությունը ծովի ավազի չափ կլինի։
Սեղանավորը չգիտեր ինչով հայտնե իր շնորհակալությունը, մանավանդ երբ լսեց, որ այդ տուփի շնորհիվ իր հարստությունը ծովի ավազի չափ կլինի։
Ես չտեսա, թե ինչ տվեց նա քավոր Պետրոսին, միայն լսում էի նրանց գրկախառնության, նրանց համբույրների ձայնը, լսում էի նրանց փոխադարձ գոհունակությունների ջերմ արտահայտությունները։
Սայլակը շարժվեցավ։ Ես իմացա, որ նրանք բաժանվեցան։
Սայլակը, որ տանում էր քավոր Պետրոսի մթերքը, մեր սեփականն էր։ Ինքը քավոր Պետրոսը կառավարում էր ձիաները։ Նա շարժվում էր շտապով և արագ կերպով։ Բայց դեպի ո՞ւր էր տանում, ես տեսնել չէի կարողանում, ես դեռ իմ դագաղի մեջն էի։
Մի քանի ժամից հետո քավոր Պետրոսը ինձ ձայն տվեց.
– Հիմա կարող ես դուրս գալ։
Սնդուկը պատրաստված էր ձեռնածուների սնդուկի նման, որի մեջ հեշտությամբ կարելի է մտնել և դուրս գալ առանց կողպեքը բաց անելու, առանց նրա խուփը բարձրացնելու։
Երբ դուրս եկա, նայում եմ իմ շուրջը, կեսօրից բավական անցել էր։ Գտնվում էինք մեծ ճանապարհի վրա, որը այդ միջոցին բոլորովին դատարկ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց ինձ՝ նստել իր տեղը և կառավարել ձիաները։ Ես կատարեցի հրամանը, ասելով.
– Ես կմեռնեմ սովից, եթե մի բան չուտեմ, հենց այս գիշերը պաշարս սպառված էր։
– Փոքր-ինչ առաջ գնանք, ճանապարհին կա մի իջևան, այնտեղ մի բան կգտնենք ուտելու։ Քշի՜ր, ձիաները շատ կամաց են գնում։
Ես հարցրի.
– Ի՞նչ պիտի անենք, եթե մեզ հետամուտ լինեն։
– Ոչ ոք հետամուտ չի լինի, – պատասխանեց նա հանդարտությամբ։ – Ինձ հայտնի է, որ սեղանավորը այսօր զբաղված է մի դատաստանական գործով, նա խանութում չի մնա, ուրեմն և իր արկղը չի բաց անի, որ նկատե, թե իր հարստության հետ ի՛նչ է պատահել։ Ես բաժանվելու ժամանակ նրան կանչեցին դատարանը։
Իջևանը այնքան մոտ չէր, որպես ցույց տվեց քավոր Պետրոսը։ Երեկոյան, արևը մտնելուց հետո, հազիվ կարողացանք հասնել։ Սայլակը պահեցինք ճանապարհի վրա, քավոր Պետրոսը ցած իջավ, իսկ ինձ պատվիրեց մնալ ձիաների մոտ։
Նա մտավ իջևանը, մի քանի րոպեից հետո վերադարձավ, իր հետ բերելով մի շիշ արաղ, հաց, պանիր և տասն հատ ձվաներ։ Ուրիշ բան չէր գտել։ նույն միջոցին իջևանի ծառաներից մեկը բերեց և գարի ձիաների համար։
– Այստե՞ղ եք կամենում կերակրել ձիաները, – Հարցրեց նա։
– Ո՛չ, մենք պետք է շարունակենք ճանապարհը, – Ասաց քավոր Պետրոսը։
Այդ բոլոր պաշարը մեզ հետ առնելով, սկսեցինք առաջ գնալ։ Երեք վերստաչափ հազիվ էինք հեռացել իջևանից, երբ քավոր Պետրոսը հրամայեց դուրս գալ մեծ ճանապարհից և շեղվել դեպի աջ։
– Հիմա կանգնեցրեք, – Ասաց նա։ – Այստեղ կարող ենք հանգստացնել ձիաները, մենք ևս մի բան կուտենք։
Բայց ինձ ուտելու ոչինչ չէր մնացել, որովհետև ես իմ բաժինը գալու ժամանակ ճանապարհին բոլորը կերել էի։
Մեր գտնված տեղը մի տափարակ դաշտ էր։ Թեև շատ չէինք հեռացել մեծ ճանապարհից, բայց այնքան սաստիկ մութն էր, որ անցորդները հազիվ կարող էին նշմարել մեզ։ Երբ ձիաները գարին կերան, փոքր-ինչ հանգստացան, քավոր Պետրոսը հրամայեց լծել։ Ես զբաղվեցա ձիերը լծելով, իսկ քավոր Պետրոսը այդ միջոցին փոխում էր իր ռաբբիի հագուստը։ Երբ բոլորովին պատրաստ էինք, ասաց նա,
– Նստի՛ր, քշիր դեպի այդ կողմը։
– Այդ կողմով մենք դարձյալ կվերադառնանք քաղաքը, – նկատեցի ես։
– Ես էլ այդ եմ ուզում։
Մեծ պտույտ գործելով, զարտուղի ճանապարհներով, մենք լուսաբացին հազիվ կարողացանք հասնել քաղաքը։ Մեր սայլակը կանգնեց քաղաքի մի հեռավոր և խուլ անկյունում գտնված տան հանդեպ։ Այդ տունը այն կասկածավոր բնակարաններից մեկն էր, որի դռները ցերեկով միշտ փակ են մնում, և գիշերները միայն մարդիկ այնտեղ ելումուտ են գործում։ Այստեղ քավոր Պետրոսը վարձել էր մի փոքրիկ մթին սենյակ, ուր հազիվ տեղավորեցինք մեր իրեղենները։ Բավական հոգնած էինք։ Ես պառկեցի բակում, սայլակի վրա, ձիաների մոտ, իսկ քավոր Պետրոսը քնեց փոքրիկ սենյակում։
Հեռանալ մեկ քաղաքից, գնալ ձևացնելով, և կրկին վերադառնալ նույն քաղաքը, դա քավոր Պետրոսի փախստյան եղանակներից մեկն էր։ Դիցուք թե սեղանավորը հենց նույն օրը հասկանար իր խանութում կատարված գողությունը, բայց մինչև կհայտներ ոստիկանությանը, մինչև մեր ետևից մարդիկ կուղարկեին, բավական ժամանակ կանցներ։ Մարդիկը կգային և մեզ ճանապարհի վրա չէին գտնի, որովհետև մենք արդեն մի այլ ճանապարհով կրկին վերադարձած կլինեինք նույն քաղաքը։
Ես զարթնեցա այն ժամանակ, երբ արևը մի ժամ առաջ ծագել էր, և հնդկահավերը բակում կռնչում էին։ Բայց այդ հնացած, խոնավությունից բորբոսնած և գերեզմանի պես մթին տան մեջ դեռ մարդիկ չէին երևում։ Կարծես, դա ժանտախտով վարակված այն տներից մեկը լիներ, ուր մարդիկ չեն համարձակվում բնակվել։ Միայն ես նկատեցի քավոր Պետրոսին, իր սենյակի դռան առջև կանգնած, հեռվից ձեռքով կանչում էր ինձ.
– Իսկույն թեյ կտան, – Ասաց նա, – շուտով խմիր, որովհետև ուրիշ տեղ եմ ուղարկելու քեզ։
Ներս մտա սենյակը։ նստեցի նույն սնդուկի վրա, որ ամբողջ երեք օր իմ դագաղն էր եղած։ Քանի րոպեից հետո, թեյի մատուցարանը ձեռքում՝ ներս մտավ մի մանկահասակ, բայց սաստիկ կեղտոտ հագնված կին։ նրա մի ժամանակ գեղեցիկ դեմքը այլանդակվել էր կարմիր բծերով, որ երևում էին երեսի վրա։
– Դա ո՞վ է, – դարձավ նա դեպի քավոր Պետրոսը, մի առանձին ուշադրությամբ իմ վրա նայելով։
– Իմ որդին է, – պատասխանեց քավոր Պետրոսը։
– Այդպիսի սիրուն որդի ունեիր և ինձանից թաքցնո՞ւմ էիր, ա՜խ, դու ծերուկ, անխիղճ ծերուկ, – Բացականչեց նա և մոտեցավ ինձ. սկսեց փայփայել իմ մազերը։
– Լիզա, թո՛ղ տուր, լրբության ժամանակ չէ, – գոչեց քավոր Պետրոսը բարկությամբ։
Լիզան ինձ բաց թողեց, բայց քավոր Պետրոսին ավելի բարկացնելու համար ասաց.
– Հիմա կգնամ քեզ համար սպիտակ հաց և կարագ կբերեմ։
Ես կարծում էի, որ միայն ծեր՛ուկն է այստեղ, այդ պատճառով թեյի հետ ոչինչ չբերեցի նախաճաշելու։
Նա շտապով դուրս վազեց սենյակից։
Լիզայի հարաբերությունները քավոր Պետրոսի հետ բավական ընտանեկան էին թվում ինձ։ Երևում էր, որ նրանք վաղուց ճանաչում էին միմյանց։ Բայց քավոր Պետրոսը այդ կարծիքը ցրելու համար ասաց ինձ, որ նրա «վերնատունը փոքր-ինչ դատարկ է», այսինքն՝ հիմար է, և այդ պատճառով իրան վայելուչ պահել չգիտե։
Բայց Լիզան այնքան հիմար չէր երևում, որպես կամենում էր ցույց տալ քավոր Պետրոսը։ Նա երևում էր այն տեսակ կնիկներից, որոնք, վշտից և հուսահատությունից տանջված, աշխատում են իրանց սրտի ցավերը թմրեցնել արաղի շոգիներով։
Երբ վերջացրի իմ նախաճաշիկը, քավոր Պետրոսը ասաց.
– Դու ճանաչում ես հրեա սեղանավորի խանութը, կգնաս նրա մերձակայքում կպտտես և ինձ տեղեկություններ կբերես։
Ես գնացի, քավոր Պետրոսին թաքստոցի մեջ թողնելով, ինչպես նա առաջ ինձ թաքստոցի մեջ էր պահում։ Ոչ սեղանավորը և ոչ մի այլ մարդ այդ քաղաքում ինձ չէր ճանաչում։
Քավոր Պետրոսի ենթադրությունը ուղիղ հայտնվեցավ: Սեղանավորը առաջին օրը չէր հասկացել, թե ի՛նչ էր պատահել իր արկղի հետ։ Որովհետև այսպիսի սեղանավորները, որոնք ոսկի, արծաթ և գոհարներ գրավ առնելով, փող են տոկոսով տալիս, սովորաբար միշտ վեճեր են ունենում գրավատերերի հետ, և հետևաբար շատ անգամ գործ են ունենում դատարանների հետ։ Այն օրը, որի գիշերը կատարվեցավ հայտնի գողությունը, սեղանավորը մի տիկնոջ գանգատով կանչված էր դատարանը։ Հրեան վաճառել էր տիկնոջ 5000 ռուբլի արժեք ունեցող օղամանյակը 1500 ռուբլի պարտքի փոխարեն։ Դատարանը գործը վճռել էր հօգուտ տիկնոջ։
Իսկ երկրորդ օրը, երբ ես գնացի քավոր Պետրոսի համար տեղեկություններ բերելու, գողությունը արդեն հայտնված էր։Ոստիկանությունը քննություն էր անում և կազմում էր իրտեղեկագիրը։ Խանութի դռները, կողպեքները, լուսամուտները գտան ամբողջ։ Երկաթյա արկղը նույնպես կոտրած չէր։ Ուրեմն ո՞րտեղից էր մտել գողը։ Ինքը հրեան նույնպես ցույց էր տալիս, որ նա իր արկղը բոլորովին կողպված գտավ, և խանութի դռները փակված էին, երբ գործակատարները առավոտյան եկան բաց անելու։
– Ուրեմն սատանաներ պետք է մտած լինեն խանութը, – Ծաղրում էին շատերը հրեային, – Որովհետև սատանան կարող է անցնել փակ դռնից, պատի միջից, առանց հետք թողնելու»
Բազմության հետ հավաքված էին այնտեղ և գրավատերերից շատերը, նրանք աղաղակում էին,
– Սո՜ւտ է խոսում անիծված հրեան, սո՜ւտ է խոսում։ Նա ինքն է թռցրել մեր իրեղենները, պատճառ բերելով, թե գողացել են։ Ո՞րտեղից մտավ գողը, ի՞նչպես դուրս եկավ։ Ինչո՞ւ արկղի միջի թուղթ փողերը չտարավ, միայն մեր իրեղենները տարավ։
Ոստիկանությունը հավանական գտավ կասկածը և կալանավորեց հրեային։
Հրեան երևի մոռացել էր ռաբբի Շիմոնի սնդուկը և երևակայել անգամ չէր կարող, որ նրան տապանակ ուխտիի մեկ մասը ընծայող քահանան և նրա հարստությունը ծովի ավազների չափ բազմացնելու ցանկություն հայտնող քահանան կարող էր նրա արկղի հետ անբարեխղճաբար վարվել։
Մենք մի ամբողջ շաբաթ մնացինք Լիզայի մոտ։ Ես ամեն օր նոր տեղեկություններ էի բերում քավոր Պետրոսի համար։ Նա ցերեկները դրսում չէր հայտնվում, այլ գիշերները միայն դուրս էր գալիս իր մթին սենյակից։ Արդյոք ո՞ւր էր գն՛ում, այդ մասին ինձ ոչինչ չէր ասում։
Լիզան օրըստօրե ավելի համակրելի էր դաոնում։ Այդ դժբախտ կինը զարթնեցնում էր իմ մեջ ոչ այլ զգացմունք, այլ միայն ցավակցություն։ Երբ նա պատմում էր ինձ իր կրած տանջանքները, իր հետ պատահած անցքերը, ես սարսափում էի։ Նա մի կատաղի ավազակի սիրուհին էր, որից բաժանվել չէր կարող, որովհետև սաստիկ սիրում էր նրան, թեև օր չէր անցնում, որ չծեծվեր նրանից։
Որպես գիշերով մտանք Լիզայի տունը, այնպես էլ գիշերով դուրս եկանք այնտեղից։ Խեղճ աղջիկը պատրաստել էր ինձ համար բավական ճոխ պաշար ճանապարհին ուտելու համար։ նա ինձ կոչում էր Նիկոլայ, որովհետև այդ անունով ծանոթացա նրա հետ։
– Նիկոլայ, հոգյակս, – Ասաց նա մեզ ճանապարհ դնելու ժամանակ, – երբ կպատահի քեզ մի անգամ ևս անցնել այս քաղաքով, չմոռանաս խեղճ Լիզային։
– Չեմ մոռանա, – պատասխանեցի ես, և մեր սայլակը հեռացավ։
Քավոր Պետրոսը բարկացավ։ Նա սաստիկ ատում էր, երբ մարդիկ քաղցրությամբ էին խոսում «քածերի» հետ, ինչպես սովորաբար արտասանում էր նա։
է. ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՑՈԻՆ
Գիշեր էր, երբ մենք դուրս եկանք հիշյալ քաղաքից։ Լուսնյակի լուսով մեր սայլակը հանդարտ վազում էր հարթած ճանապարհով։ Երկու ուժեղ ձիաներ քաշում էին նրան ամենայն արագությամբ։ Ես կառավարում էի նրանց երասանակները։ Քավոր Պետրոսը մրափում էր սայլակի մեջ, որպես մի հսկա, որ հանգստանալու պետք է զգում մի մեծ հաղթությունից հետո։
Մեր ճանապարհը ձգվում էր անսահման անապատի միջով, ուր դեպի ո՛ր կողմը նայում ես, երկինքը միանում է հորիզոնի հետ։ Այսպիսի անապատները ոչ միայն ցերեկով, այլև գիշերով, այն ևս լուսնկա գիշերով կախարդիչ կերպով ազդում են մարդու երևակայության վրա։ Եվ ինչպիսի՜ պատկերներ ասես չեն գալիս ու չեն գնում նրա աչքերի առջևից...
Հանկարծ միտքը սլանում է հեռո՜ւ և հեռո՜ւ, և օտարական պանդուխտը տեսնում է իրան իր հայրենիքում... տեսնում է ծանոթ երեսներ... տեսնում է ծանոթ տեղեր... տեսնում է իր մանկության սրբավայրը և ուրախանում է... Բոլորը հետզհետե անհետանում են։ Ւսկ այն պատկերը, որ միշտ կից է եղել նրա սրտին, նա մնում է, նա երկար ժամանակ մնում է...
Այդ իմ Սառայի պատկերն է...
– Նազելի Սառա...– Ո՜րքան մեծացել է նա... ո՜րքան գեղեցկացել է... ահա նա ժպտում է... ո՛րքան ուրախ է... ահա մոտ եկավ... ինչո՞ւ է գլուխը քաշ գցել... երևի ամաչում է... տե՛ս, կարմրեց... – Սիրելի Սառա, մի վախիր... ես քո Մուրադն եմ... գրկիր ինձ... համբուրիր ինձ... ա՜խ, ինչո՞ւ ես փախչում.,, Սառա ջան... իմ Սառա...
Վերջին խոսքերը այնպիսի բարձր ձայնով արտասանեցի ես, որ քավոր Պետրոսը իր քնից զարթնեց։
– Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, – գոչեց նա շփոթվելով։
– Ոչինչ, – պատասխանեցի ես փոքր-ինչ հուշի գալով։
Նա կրկին աչքերը խփեց, քնեց։
Քավոր Պետրոսի խռովությունը առանց պատճառի չէր՛ Ես ամբողջ գիշերը անցուցել էի զառանցության մեջ։ Մի կողմից անքնությունը, մյուս կողմից սայլակի անդադար օրորվիլը այն աստիճան գրգռել էին իմ ուղեղը, որ ես ընկել էի հալուցինասիոնների մեջ...
Այդ ինձ հետ շատ անգամ էր պատահում։ Բայց երբեք չէր պատահել, որ ես ինձ բոլորովին մոռանայի։ Երբեմն, ամբողջ ժամերով, բոլորովին քնած դրության մեջ, ես կառավարում էի ձիաները, բայց գեթ մի անգամ չէր պատահել, որ կա՛մ մտրակը, կա՛մ երեսանակները իմ ձեռքից ցած ընկնեին։ Ես իմ կիսաքուն դրության մեջ մինչև անգամ հետևում էի ճանապարհի ուղղությանը, նկատում էի կամուրջները, զգուշանում էի զառիվայրներից և սայլակը վտանգի չէի ենթարկում։ Իսկ այս անգամ ինձ այն աստիճան մոռացել էի, որ ձիաներին իրանց կամքին էի թողել, և բոլորովին շեղվել էինք ուղիղ ճանապարհից։ Այդ նկատելի եղավ այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և արևելքը սկսեց շառագունել։
– Այդ ճանապարհը սատանան գիտե թե ո՛ւր է տանում, – Ասաց քավոր Պետրոսը, երբ զարթնելով սկսեց նայել իր շուրջըւ– Մենք մոլորվել ենք...
Այդ խոսքերը թեև արտասանեց նա հանդարտությամբ, բայց նրանց մեջ կար և՛ բարկություն, և՛ հանդիմանություն։
Հետ դառնանք, – պատասխանեցի ես, – գուցե կգտնենք ուղիղ ճանապարհը։
– Հարկավոր չէ, շարունակի՛ր, տեսնենք աստված ո՛ւր է տանում մեզ։
Քավոր Պետրոսը մեր մոլորվելու մեջ գտնում էր աստծո կամքը։ Նա մտածում էր, գուցե ուղիղ ճանապարհի վրա մեզ մի վտանգ կպատահեր, գուցե այնտեղ հետամուտ էին լինում, որ կալանավորեն մեզ, իսկ շեղվելով ուղիղ ճանապարհից՝ ազատվեցանք։
Զարմանալի բան է աստուծո ներկայությունը ամեն գործի մեջ. թե գողը և թե կողոպտյալը միօրինակ հույս են գնում նրա վրա։ Սպանողը նրանից ուժ է խնդրում իր բազկի համար, իսկ սպանվողը՝ ազատություն։ Բոլորը դիմում են դեպի նա։
Արևը բավական բարձրացել էր։ Մենք գտնվում էինք դեռ միևնույն հարթ-հավասար անապատի մեջ։ Դեպի ո՛ր կողմը և նայում ես, վերջ չկա։ Մի ծանր, ճնշող տպավորություն էր գործում այդ լայնատարած, մռայլոտ անապատը մարդու վրա։ Կարծում ես, թե հորիզոնը ամեն կողմից հետզհետե նեղանալով, պատրաստվում է խեղդել քեզ։ Տեղ-տեղ պատահում էին փոքրիկ գյուղեր, նույնպես փոքրիկ, ողորմելի խրճիթներով, բայց մենք կանգ չէինք առնում, անցնում էինք։ Մի տեղ միայն քավոր Պետրոսը ցած իջավ սայլակից, մտավ գյուղը, մեզ համար ճանապարհի պաշար գնելու և մանավանդ տեղեկանալու, թե որտեղ ենք գտնվում, կամ դեպի ո՛ւր է տանում մեր բռնած ուղին։
Ես սայլակը կանգնեցրի գյուղի գլխավոր փողոցի վրա, սպասում էի քավոր Պետրոսի վերադարձին։ Նա կանչել տվեց գյուղի տանուտերին, ինչ-որ խոսեց նրա հետ և, քառորդ ժամից հետո վերադառնալով, ասաց ինձ,
– Այստեղ անկարելի է մնալ։
– Ինչո՞ւ։
– Ո՛չ մեզ համար հաց կարելի է գտնել, և ո՛չ ձիաների համար գարի։
– Ի՞նչ է պատահել։
– Այս կողմերում սարսափելի սով է տիրում, մարդիկ ամեն ինչ սպառելով, հետո կերել են իրանց անասուններին, այդ ևս սպառելով, այժմ ուտում են այն, ինչ որ անասունները պիտի ուտեին։
Ես սոսկացի։ Նա նստեց սայլակի վրա և հրամայեց քշել»։
– Դեպի ո՞ր կողմը, – Հարցրի ես։
– Դեպի աջ։
– Դուք հիմա գիտե՞ք, թե ո՞ւր է տանում այդ ճանապարհը։
– Գիտեմ։
Քավոր Պետրոսի պատմությունից երևաց, որ նախորդ տարվա երաշտության պատճառով այս կողմերում հունձը խիստ անհաջող է եղել, իսկ ներկա տարվա ցանքերը նույնպես մի առանձին բեղմնավորություն չէին խոստանում։ Գյուղացիները, որ առանց այդ դժբախտությունների ևս միշտ աղքատ են եղել, այժմ զրկվել էին ապրուստի ամեն միջոցներից։
– Իսկ մեզ մոտ ուտելու մի բան մնացե՞լ է, – Հարցրեց քավոր Պետրոսը։
– Միայն հացը պակաս է։ Շա՛տ ապրի Լիզան, նրա առատաձեռնության շնորհիվ մենք այժմ ունենք մի ամբողջ բուդ խոզի ապուխտ, մի քանի կտոր երշիկներ և պանիր։
– Պանիրը պահիր ինձ համար, իսկ մյուսները դու կուտես։
Քավոր Պետրոսը խոզի միս ուտելու սովորություն չուներ, որովհետև մեղք էր համարում։
Առաջիկա գյուղը այնքան հեռու էր, որ մենք հասանք այնտեղ, երբ երեկոյան ճրագները վառվում էին։ Թեև քավոր Պետրոսին ասել էին, որ այստեղ ավելի հարմարություններ կգտնենք իջևանելու համար, բայց հայտնվեցավ, որ սովը և չքավորությունը այստեղ ավելի սարսափելի էր։
Մեր սայլակը կանգնեցրինք առաջին հանդիպած խրճիթի դռանը։ ճրագվի մոմ անգամ չգտանք վառելու համար, որովհետև ճրագվի մոմերը այժմ գործ էին ածում որպես կերակուր։ Մեր հեռվից տեսած ճրագները ուրիշ ոչինչ չէին, բայց միայն փայտի տաշեղներ, որ բանեցնում էին մոմերի տեղ։
Մենք ունեինք մեզ հետ «մոմապատ», այսինքն՝ մոմով պատած թելի մի ահագին կծիկ, որ մարդիկ ճանապարհորդության ժամանակ ման են ածում։ Բայց այդ կծիկը մեզ ուրիշ շատ գործերում ևս հարկավոր էր լինում։ Վառեցինք «մոմապատը»։
Մտանք խրճիթը։ Դա մի կատարյալ հիվանդանոց էր, ընտանիքի մեծ մասը պառկած, հառաչում էր ցնցոտիների ներքո։ Ոտքի վրա էր մնացել միայն ծերունի տանտերը և մի փոքրիկ աղջիկ նրա թոռնիկը։
– Այստեղ անկարելի է մնալ, – Ասացի ես քավոր Պետրոսին։
– Ամեն տեղ այսպես է, պարոն, – մեջ մտավ ծերունի տանտերը, –ամեն խրճիթում հիվանդներ կգտնեք։
Ամառվա եղանակը և լուսնկա գիշերը նպաստեցին մեզ իջևանելու բակում, դատարկ ախոռատան հանդեպ։ Այստեղ հիվանդներ չկային, որովհետև և շնչավորներ չկային։
– Սամովար կգտնվի՞, – Հարցրի ես տան տերից։
–Սամովա՞ր, – կրկնեց թավամորուս տան տերը ծոծրակը քորելով։
– Այո՛, սամովար։
Ռուս մուժիկին մի բան հասկացնելու համար պետք է տասն անգամ կրկնել։
– Սամովար եթե գտնվի, պարոն, պետք է տերտերի տանը գտնվի։ Մենք էլ առաջվա ժամանակներում ունեինք, պարոն, բայց մեր մեղքից ոչինչ չմնաց, բոլորը ծախվեցավ...
– Ինչո՞ւ ծախվեցավ։
– Ծախեցինք կերանք, պարոն։ Մեր մեղքերի համար աստված պատիժ ուղարկեց սովը։ Ոչինչ չկար ուտելու։
– Իսկ հիմա՞։
– Հիմա ավելի վատ է, սովի հետ ավելացավ և հիվանդդությունը։
Ես ընդհատեցի տխուր խոսակցությունը և կրկին հիշեցրի նրան սամովարը։
– Օլյա, – ձայն տվեց նա իր փոքրիկ թոռնիկին, – վազի՛ր տեր հոր տունը, ասա, որ մեզ մոտ պարոններ եկան, թող փոխ տա մեզ սամովարը։
Եվ իրավ, նրա խրճիթում ոչինչ չէր մնացել, կա՛մ առաջուց չէր ունեցել, կամ ունեցածը վաճառել էր։ Մի հասարակ սեղան, որի երեսի վրա սև փոսիկներ էին կազմվել սամովարի տակից ընկած կրակներից, մի քանի հատ կոտրված տաբուրետկաներ, մի հատ արույրե կաթսա, հնոցի մոտ դրած, որի մեջ վաղուց կերակուր չէր եփվել, մի քանի փայտյա գդալներ, մի քանի անկոթ դանակներ, առանց պատառաքաղների, եթե ավելացնենք դրանց վրա երկաթյա անթրոցը ( ) կստանանք կարասիների ամբողջ թիվը:
Միակ առարկան, որ մնացել էր իր տեղում անշարժ, որին սովի բոլոր սաստկությունը չէր կարողացել ստիպել վաճառելու, էր աստվածամոր պատկերը, փոքրիկ Հիսուսը գրկում, որ դրված էր խրճիթի մի անկյունում։ Մուժիկը նրանից չէր բաժանվում, մուժիկը ամեն բան նրանից է սպասում և նրա համար է զոհում»
Քավոր Պետրոսը այս գիշեր լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա նստած էր մեր սնդուկներից մեկի վրա և ծխում էր։ Խիստ հազիվ անգամ էր պատահում, որ նա ծխեր, բայց երբ որ ծխում էր, դա արդեն նշան էր կա՛մ սաստիկ ուրախության և կա՛մ սաստիկ տրտմության։ Վերջինն այս գիշեր ավելի հավանական էր։ Շրջապատող թշվառությունները դառն տպավորություն էին գործել նրա զգայուն սրտի վրա»
Օլյան վերադարձավ սամովարը իր հետ բերելով, բայց սամովարի հետ եկավ և տեր հայրը, երևի նրա համար, որ լսել էր, թե հյուրերը «պարոններ» են և ոչ հասարակ մարդիկ։ Քավոր Պետրոսը քաղաքավարությամբ ընդունեց նրան։
Քահանան հայտնվեցավ բավական բարեկիրթ մարդ, որպիսիները խիստ հազիվ են պատահում գյուղերում։ Լսելով, որ մենք «պարոններ» ենք, նա կարծել էր, թե գուցե պաշտոնական անձինք ենք, եկել էր հայտնելու մի սարսափելի դեպք։ Մի սովատանջ կին, քաղցածության կատաղության մեջ, սպանել էր իր երեխային և ուտելու փորձ էր արել...
Քավոր Պետրոսը զարհուրեցավ։ Ինձ վրա ևս խիստ սոսկալի տպավորություն գործեց այդ լուրը։
– Մի՞թե այս աստիճան սաստկացել է սովը, – Հարցրեց քավոր Պետրոսը։
– Մարդիկ այժմ համարյա ոչինչ չեն գտնում ուտելու, – Պատասխանեց քահանան, – կերակրվում են բանջարով, խոտերով, արմատներով և դեռ չհասունացած ցորենի հասկերով, իսկ դրանք ավելի շուտով են սպանում նրանց, որովհետև հիվանդանում են ու մեռնում են։
– Շա՞տ է մեռնողների թիվը»
– Շատ է։ Գյուղի բնակիչների համարյա կեսը չի մնացել։
Տիֆը ավելի մեծ կոտորած է անում, քան թե քաղցածությունը։ Մնացածներից շատերը հիվանդ են։
– Գյուղական հասարակությունը ոչինչ հնարների վրա չէ՞ մտածում։
– Գյուղական հասարակությունը ի՞նչ կարող է անել։ Սպասում են կառավարությունից հաց և բժիշկ ստանալ։ Մեզ խոստացել են։
– Շուտո՞վ կստացվի։
– Աստված գիտե։ Դեռ պետք է քննեն, դեռ պետք է տեղեկանան, թե որ աստիճան օգնության կարոտ է մեր դրությունը, որ հետո օգնեն։
– Դուք ձեր դրության մասին տեղեկություններ չե՞ք տվել։
– Ի՜նչպես չենք տվել, մի քանի անգամ խնդիրներ ենք մատուցել, բայց դեռ խնդիրները չեն քննվել:
– Հաց ամենևին չէ՞ մնացել։
– Ձեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է, ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեինք։
– Իսկ մերձակա քաղաքում հաց գտնվո՞ւմ է։
– Գտնվում է, բայց գյուղացիների մոտ միջոցներ չեն մնացել բերել տալու համար։
Տխրության մռայլը պատեց քավոր Պետրոսի դեմքը, մի քանի րոպե մնաց լուռ մտածության մեջ, հետո նա դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.
– Խնդրեմ, նեղություն հանձն առեք, տեր հայր, ես կամենում եմ անձամբ տեսնել մի քանի խրճիթներ, առաջնորդեցեք ինձ։
– Մեծ ուրախությամբ, – Ասաց քահանան և վեր կացավ:
Նրանք գնացին։ Մեր հյուրընկալը վազեց գյուղի տանուտերին իմաց տալու, թե աստիճանավոր է եկել։ Քավոր Պետրոսի այցելությանը տալիս էին պաշտոնական նշանակություն:
Ես և փոքրիկ Օլյան մնացինք մենակ, պտտվում էինք սամովարի շուրշը, հոգս էինք տանում թեյի պատրաստության համար։
– Այսօր ի՞նչ ես կերել, Օլյա։
– Այն օրից, որ մայրս մեռավ, ես հաց չեմ կերել։
– Շա՞տ ժամանակ է, որ մայրդ մեռավ:
– Երկու շաբաթ է։ Հետո Սաշան մեռավ, հետ Միտկան մեռավ... երեկ թաղեցինք փոքրիկ Վերային...
Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել, նա սկսեց հեկեկալ։
– Գիտե՞ս, Վերան իմ քույրն էր, – Ասաց նա արտասվախառն ձայնով։
Ես տվեցի Օլյային մի կտոր երշիկ և խնդրեցի, որ ուտե: Խեղճ աղջիկը առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի բան։
– Այդ ի՞նչ է, – հարցրեց նա։
– Եփած միս է։
Նա չկերավ, թեև մոր մեռնելուց հետո հաց չէր կերել, այլ վազեց մտավ խրճիթը, երևի, հիվանդներից մեկին ուտացնելու համար։
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.