Текст книги "Քնքուշ լարեր"
Автор книги: Նար-Դոս
Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 4 (всего у книги 10 страниц)
Ը
ԵՐԿՈՒ ՍԵՐ
Եվ այսպես Հարունյան ընտանիքի և իշխանուհի Մելիքյանի մեջ հաստատվեցավ այն բարեկամական կապերից մեկը, որ օր-օրի վրա ավելի ու ավելի ամրապնդվում է: Նրանց միմյանց մոտ գնալ-գալը, նստել-խոսակցելը կարծես թե մի պահանջ էր դարձել, որին ոչ մի բանով չէին կարող հակառակ գնալ: Օր չէր անցնիլ, որ նրանք միմյանց փոխադարձապես չայցելեին: Բայց զարմանալին այն էր, որ իշխանուհին Թիֆլիսում բոլորովին խաղաղ կյանք էր վարում, նրա Պետերբուրգում վարած կյանքի նշույլն անգամ չէր երևում ոչ յուր տանն և ոչ դուրսը: Բայց ի՞նչ էր պատճառը: Եթե ասենք, որ Վրաստանի երբեմնի մայրաքաղաքը չէր կարող նրան այն բավականությունը տալ, ինչ որ Պետերբուրգը – այդ, կարծեմ, եթե չասենք բոլորովին, բայց փոքր-ինչ անարդարացի կլիներ, ո՛րովհետև վերջին ժամանակներս Թիֆլիսում ավելացող զանազան զվարճատեղիները քիչ թե շատ կարողանում են մրցել մայրաքաղաքների նույնանման հիմնարկությունների հետ: Չէ՞ որ եվրոպական քաղաքակրթությունն յուր պայծառ շողը հետզհետե և ավելի ու ավելի հեռուն է սփռում: Կամ եթե ասենք, որ Թիֆլիսում նա չուներ այն «բարեկամներն», ինչ որ Պետերբուրգում – այդ կողմից ևս մենք սխալված կլինեինք, որովհետև այդպիսի դեպքում մենք շատ քիչ ծանոթ կլինեինք հրաշագեղ իշխանուհի Սոֆիա Մելիքյանի հետ: Բավական էր, որ նա կամենար, և այդպիսի «բարեկամներ» չէին հապաղիլ հավաքվելու նրա շուրջը, ինչպես մեղրի շուրջը ճանճերը, փառք աստծո, Թիֆլիսն էլ խո այնքա՛ն հարուստ է այդպիսիներով: Ոչ այս և ոչ այն, այլ իշխանո՛ւհի Մելիքյանր կամենում էր, ասենք նրա խոսքով, «հանգստանալ»:
– Ես բոլորովին ձանձրացել եմ այդպիսի կյանքից, – ասում էր նա տիկին Հարունյանին: – Ամուսինդ շատ ճիշտ է ասում, որ խաղաղ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. այդ պատճառով ես, բացի ձեզանից, ուրիշ բարեկամներ չեմ ուզում ունենալ, նրանք այժմ ինձ բոլո՛րովին անտանե լի են թվում…
Սակայն, բացի Հարունյաններից, նրա մշտական այցելուն էր և Պետրովը: Արմենակի պատմությունից մենք արդեն գիտենք, թե ո՛վ էր նա, ի՛նչ էր զգում դեպի իշխանուհին և ինչո՛ւ էր եկել Թիֆլիս. գիտենք նույնպես, թե իշխանուհին ի՛նչպես էր նայում նրա վրա: Թեպետ վաղուց նա ձանձրացել էր այդ լիրբ աստիճանավորից, բայց երբեմն էլ նա զվարճանում էր դրա անօգուտ, հիմար սիրո վրա և ուղղակի ծաղրում էր նրան:
– Դուք մինչև ե՞րբ պետք է հետևեք ինձ, պարոն Պետրով, – հարցնում էր նա նրան, ծիծաղելով:
– Մինչև որ ձեր թանկագին սիրտն ինձ կնվիրեք, – պատասխանում էր Պետրովը:
– Ուրեմն սպասեցեք, հա՛, հա՛, հա՛… Հիրավի, ի՛նչ երջանիկ օր կլինի այն, երբ իմ թանկագին սիրտն արդեն ձեզ նվիրած կլինեմ, հա՛, հա՛, հա՛… դուք հիմար եք, պարոն Պետրով:
– Դուք ինձ հիմար համարեցեք, բայց ես չեմ հուսահատվի: Այդ էլ ինձ համար մի երջանկություն է, որ ես ձեր թանկագին բերանից եմ կնքվում մի այդպիսի ածականով:
Իրավ որ այդպիսի խոսակցությունը մեծ զվարճություն էր պատճառում իշխանուհի Մելիքյանին:
Բայց ի՞նչ ասենք այն զգացմունքի մասին, որ հետըզհետե արմատ էր բռնում նրա և պարոն Հարունյանի սրտերի մեջ. ի՞նչ ասենք այն կապի մասին, որով իշխանուհին իրեն կապված էր տեսնում պարոն Հարունյանի հետ, և սա նրա հետ… Եվ այդ զգացմունքն, այդ կապն, իհարկե, ինչպես ընթերցողն հասկացել է – սեր էր, սերը – այդ անվերջ երգը, այդ անիմանալի, անկախ ուժը երկու սրտի մթության, նրանց բազմախորհուրդ կապակցության… Այդ սերն յուր հիմքը գցել էր նրանց սրտի մեջ հենց այն վայրկյանից, երբ առաջին անգամ նրանք տեսան միմյանց: Իշխանուհուն դուր եկավ Հարունյանի հաղթանդամ, քաջազնական տեսքն, իսկ վերջինիս առավելապես գրավեցին նրա գեղաժպիտ, կրակոտ աչքերը, որոնց բոլոր ուժը հենց առաջին հայացքից նա փորձեց յուր վրա…
Հարունյանը, իհարկե, այդ շատ պարզ զգում էր, բայց և նա այնքան թուլամո՛րթ, անհեռատես և կրքից շուտ բորբոքվող չէր, որ առանց մտածելու անձնատուր լիներ այդ զգացմունքին, որի բոլոր սոսկալի հետևանքներն իսկույն ևեթ պատկերանում էին նրա առաջ: Այո՛, նա շատ լավ հասկանում էր, որ այդ սերն ապօրինի էր, հետևաբար աններելի և շատ չարիքներ առաջացնող: Նա շատ լավ հասկանում էր, որ դրա պատճառած ամեն մի քաղցրությունը նոր և հետզհետե ավելի սոսկալի դառնության կեղև պիտի լիներ յուր համար: Չէ՞ որ ինքն ամուսին էր. ուներ կին, ուներ զավակ, որոնց միայն ևեթ նա պարտական էր և պետք է սիրեր, բացի դրանից ուրիշ ո՛չ ոքի, թեկուզ դա լիներ հրեշտակ` երկնքից իջած: Առավել ևս, որ այդ պարտականությունն ինքն յուր կամքով էր վերցրել յուր վրա. ուրեմն ի՛նչ ուզում է լիներ, բայց նա յուր այդ հոժարակամ պարտականությանը պետք է իրագործում տար: – Եվ այդ պատճառով նա ամեն կերպ աշխատում էր խզել յուր մեջ ապօրինի սիրո կապը, սառեցնել յուր մեջ այն հետզհետե բորբոքվող զգացմունքը, որ նա տածում էր դեպի իշխանուհի գեղեցկուհին: Բայց թե ո՛րքան այդ նրան հաջողվում էր – նա ինքն էլ պարզ չգիտեր, որովհետև լինում էր ժամանակ – և շատ հաճախ – երբ նա զգում էր, որ իշխանուհու ամեն մի ժպտող, թափանցող հայացքի տակ յուր ուժերը թուլանում էին, չնայելով յուր բոլոր ջանքին` սառնասրտությամբ տանելու նրա բոլոր փորձող հայացքներն – և նա ակամայից անձնատուր էր լինում նրա դյութություններին…
«Ո՛չ, ո՛չ, այս չպե՛տք է լինի, – կանչեց նա վերջապես մի անգամ յուր դրության վրա լավ խորհելուց հետո: – Հիմար եմ, ի՞նչ է… Եվ ես չեմ կարողանում վերջապես դուրս կորզել սրտիցս այս կեղեքիչ, անպիտան զգացմունքը: Եթե միշտ այսպես պիտի շարունակվի, ուրեմն ես ամենաողորմելին եմ, ուրեմն իմ մեջ չկա կամքի ուժ, ուրեմն ես մարդ չեմ… Եվ ի՞նչպես պիտի տանեմ ես իմ սեփական նախատինքը… Օ՛, ո՛չ, ես անձնատուր չեմ լինի այս զգացմունքին, թեկուզ հարկավորվի դրա համար կյանքս ետ գնել…»:
Եվ Հարունյանը վերջնականապես և անձնավստահորեն վճռեց յուր մեջ այդ բանը: Նա պետք է հաստատակամությամբ և անդադար պատերազմի յուր մեջ գործող զգացմունքի դեմ, մինչև որ վերջապես այդ ներքին սոսկալի պատերազմը կպսակվի ամենաքաղցր հաղթությամբ: Նա հույս ուներ, իհարկե, որ այդ բանը նրան անպատճառ կհաջողվի, եթե միայն անձնատուր չլինի յուր ներքին ամենաուժեղ թշնամուն – ցանկությանը, որին հաղթելու համար, իբրև միակ զենք այդպիսի դեպքում, նա ընտրել էր յուր հաստատակամությունը:
Եվ Հարունյանը սկսեց յուր բարոյական պատերազմը:
Նա սկսեց նրանից, որ ամեն կերպ աշխատում էր խույս տալ իշխանուհի Մելիքյանից: – Երբ իշխանուհին գալիս էր նրանց տսւն, նա, սուտ գործեր պատճառ բերելով, իսկույն դուրս էր գնում տանից, որպեսզի այդ գեղեցկուհու աչքերը չթուլացնեն նրա ուժերը: Երբ կինը խնդրում էր նրան իշխանուհուն այցելության գնալու, նա նույն գործերի պատրվակով չէր գնում, այնպես որ կինը ստիպված էր լինում կամ մենակ գնալու, կամ բոլորովին չգնալու:
– Զարմանալի է, – նկատեց նրան մի անգամ կինը կասկածանքով, – քո գործերն այն ժամանակ են հայտնվում, երբ կամ նա է մեզ այցելում, կամ ես եմ խնդրում քեզ նրան այցելության գնալու:
– Հավատացիր, սիրելիս, որ չեմ կարող գալ, անհետաձգելի գործեր ունիմ, – պատասխանեց ամուսինը, անհրրաժեշտ համարելով ստախոսել այդ դեպքում: – Այսօր դու գնա մենակ նրան այցելության, անշուշտ մյուս անգամ ես ժամանակ կունենամ քեզ ընկերակցելու:
Իսկ երբ մյուս անգամ էլ կինը նկատեց նրան այդ միևնույն բանն և դարձյալ միևնույն պատասխանն ստացավ, նա ասաց ուսերը վեր քաշելով.
– Ես բոլորովին զարմանում եմ, թե ի՞նչ է նշանակում այդ, Ստեփաննոս… դու ինձ հետ լայեղ չե՞ս անում, ինչ է, նրան այցելելու…
Ամուսինն այնպես նայեց կնոջը, որ նա ստրջացավ յուր ասածից:
– Կամ նրան արհամարհո՞ւմ ես, ատո՞ւմ ես, – շտապով ավելացրեց:
– Արհամարհո՛ւմ եմ, ատո՛ւմ եմ… – բացականչեց ամուսինն այս անգամ ծիծաղելով, բայց մտքումը ցավելով կնոջ միամտության վրա: – Ի՞նչն է ստիպում ինձ նրան արհամարհելու, ատելու, սիրելիս, որ դու այդպես ես խոսում:
– Հապա ինչո՞ւ դու երբեք չես կամենում նրան այցելության գնալու, նա ախար նեղանում է… մինչև անգամ այդ ամոթ է, հավատացիր, ի՞նչ կմտածե նա քեզ վրա…
– Հոգիս, ի՞նչպես դու ինձ չես հասկանում, որ անհետաձգելի գործեր ունեմ…
– Եթե ինձ սիրում ես, Ստեփաննոս, այս մի անգամը թո՛ղ գործդ, և գնանք իշխանուհու մոտ:
– Դու դարձյալ քոնն ես պնդում, Նունե: Ախար ի՞նչ օգուտ իմ այնտեղ գալուց… իսկ գործերիցս ետ ընկնելով ես վնաս կկրեմ, մեծ վնաս… – ասաց այլաբանորեն ամուսինը մի առանձին զգացողությամբ նայելով կնոջ աչքերի մեջ, կարծես թե կամենալով հասկացնել, թե որքան վտանգավոր է նրա այդ թախանձանքը:
Կինն ստիպված էր լռել: Դեպի իշխանուհին ունեցած ամուսնու արտասովոր վարմունքի մասին նա սկսեց կասկածել, բայց թե ի՛նչ – այդ ինքն էլ չգիտեր: Յուր այդ անորոշ կասկածանքին մի որոշ պատկեր տալու նա ոչ մի կերպ չկարողացավ: Սակայն պարոն Հարունյանը չէր կարող միշտ խույս տալ իշխանուհուց, որքան էլ այդ կամենար: Կնոջ և իշխանուհու կասկածը փարատելու համար նա երբեմն այցելում էր այս վերջինիս կամ նրա իրենց տուն եղած ժամանակ մնում էր տանը և աշխատում էր իրեն ոչ մի բանով չմատնել:
Բայց իշխանուհի Մելիքյանի սրատես և փորձված աչքերից ոչինչ չէր կարող խուսափել: Նա այնպիսի կիներից էր, որոնք ամենաչնչին բանի վրա անգամ մատների միջից են նայում: Նա ամեն բան հասկանում էր այնպես, ինչպես հասկանում, թե այդ ժամանակ ի՛նչ էր կատարվում յուր մեջ: Նրա կատաղությունը սաստիկ գալիս էր, որ այդ մարդը, որին ինքը սիրում էր, կարողանում է դեպի նա այնպես սառնասրտությամբ վերաբերվել և ավելի ևս, որ այդ մարդը նույնպես սիրում էր նրան: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՛նչ սոսկալի բան էր կատարվում յուր մեջ, երբ մտածում էր, որ այդ մարդը կարողանում էր դեմ կենալ մի այնպիսի զգացմունքին, որպիսին էր սերը, այնինչ ինքը – կինը` սիրո գլխավոր առարկան, որն ամեն տեղ, ամեն հանգամանքներում և ամեն ժամանակ միշտ հաղթող է հանդիսացել` անձնատուր է եղել այդ սիրույն, նրա ստրուկն է դարձել, որ ամենասոսկալի կերպով այրում, կրծում է նրա սիրտը: Նա երազել անգամ չէր կարող, որ կինն այս աստիճան կարող է ընկնել, որ դուրս գա մի տղամարդ, կարողանա նրան հաղթել, նրա վրա իշխել. ընկնե՛լ… և այն էլ մի այնպիսի գեղեցկուհին, որպիսին է ինքը, ինքը, որի առաջ հարյուրավոր այդպիսի մարդիկ, որպես սուրբի առաջ, ծունկ են խոնարհել, որի ամեն մի հայացքից հարյուրավոր այդպիսի մարդիկ նոր կյանք են ստացել, որի մի խոսքից միայն կախված է եղել հարյուրավոր այդպիսի մարդկանց մահու և կենաց խնդիրը… իսկ ա՞յժմ: – Այժմ այդ միևնույն գեղեցկուհին պատրաստ է մի տղամարդի առաջ չոքելու, նրա յուրաքանչյուր հայացքից նոր կյանք ստանալու, նրա յուրաքանչյուր խոսքից միայն մահու և կենաց խնդիրը լուծելու… Ինչո՞ւ հանկարծ այդպես Ոլիմպոսի բարձրությունից ցա՛ծ ընկնել մինչև ամենահասարակ մահկանացուների շարքը… Օ՛, ոչինչ է ուրեմն աշխարհի ստեղծմանից մինչև այժմ գտնված բոլոր բանաստեղծների գոված, փառաբանած սերը, գեղեցկությունն, երբ այժմ մի պարոն Հարունյան ամենահանդուգն կերպով ծաղրում է դրանց… Ոչի՞նչ է, ոչի՞նչ գեղեցկությունը – Աստղիկը, որի առաջ մինչև անգամ գո՛ռոզ աշխարհակալներ խոնարհել են իրենց սրերը…
Նա չէր իմանում, թե ի՛նչ աներ: Որքան շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ո՛ւ ավելի նրա կատաղությունը բորբոքվում էր: Պարոն Հարունյանի արտասովոր վարմունքը դիպչում էր նրա «կնային գերիշխանության» ամենաքնքու լարերին… Սակայն ի՞նչ կարող էր նա անել, խո չէ՞ր կարող քայլ առ քայլ հետամտել նրան և զոռով ստիպել նրան յուր առաջ չոքելու և համբուրելու յուր ձեռքերը… Ո՛չ, ո՛չ, հազա՛ր ամոթ, այլևս ինչո՞ւ է նա գեղեցկուհի կոչվում, երբ այդ բոլորը ստիպմամբ պետք է լինի, չէ՞ որ դրանով առավել ևս ստորանում է կինը, գեղեցկությունը, վերջապես ինքը` անձնասեր, գոռոզ իշխանուհի Մելիքյանը, որի մեջ մարմնացած են այդ անհաղթելի ուժերը…
Բայց գուցե այդ մարդը չէ սիրում նրան, և նա այդպես միայն կարծում է, նրան այդպես միայն թվում է… Բայց եթե նա իսկապես նրան չէ սիրում և ոչինչ երկյուղ չունե նրանից, էլ ինչո՞ւ նրանից միշտ խույս է տալիս… Ո՛չ, անկարելի է այդ բանի մեջ սխալվել, նրա աչքերը նոր չպետք է սովորեն այդ արհեստը… Նա համոզված է, հաստատ համոզված է, որ այդ մարդն իսկապես սիրում է իրեն, բայց որ նա այդպես համառ կերպով կռվում է այդ սիրո դեմ – դրանով կամենում է ցույց տալ յուր ամուսնական հավատարմությունը… (նա արդեն ծանոթ էր պարոն Հարունյանի բնավորության հետ): Վերջին բանի մասին մտածելիս իշխանուհու դեմքի վրայով մի հեգնական ժպիտ էր վազում:
Այժմ նրա կատաղությունը դարձավ և տիկին Հարունյանի վրա: Առանց երկար մտածելու, նա ամեն բանի մեջ մեղավորը նրան էր գտնում, չէ՞ որ ամուսնուն նա էր խանգարում, մինչև անգամ իշխանուհին կարծում էր, որ ամուսնուն նա էր արգելում իրեն այցելելու: Եվ նա սկսեց ատել յուր նախկին ամենասիրելի ընկերուհուն: Իսկ վերջինս, բոլորովին ոչինչ չկասկածելով այդ բանի մասին, շարունակում էր նրան առաջվա նման անկեղծորեն սիրել և միշտ այցելել նրան: Սակայն նա չէր կարող մի քանի անգամ չնկատել իշխանուհի-ընկերուհու սառը վարմունքը, որը վերջինս հազիվ էր կարողանում զսպել. բայց նա ի՞նչ կարող էր կարծել, թե այդ ի՛նչ բանի համար է:
Իշխանուհի Մելիքյանի ատելությունը դեպի տիկին Հարունյանը մինչև այն աստիճան հասավ, որ նա մի քանի անգամ, նրա այցելության ժամանակ, աղախնին հրամայեց նրան հայտնելու, որ ինքը տանը չէ, կամ հիվանդ է, կարող չէ ընդունել: Իհարկե, այդ հանկարծակի փոփոխությունը չէր կարող աննկատելի մնալ տիկին Հարունյանից, որին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ միայն զարմանալ, ապշել:
Այնուհետև նրանց այցելությունները բոլորովին նվազացան: Ամբողջ շաբաթներ էին անցնում, և նրանք հազիվ թե երկու, երեք անգամ տեսնվում էին միմյանց հետ և այն էլ կարճ ժամանակով, այնպես որ տիկին Հարունյանը ժամանակ չէր ունենում հարցնելու իշխանուհուն նրա այդ հանկարծակի փոփոխո՛ւթյան պատճառը և, բացի դրանից, նա մի այնպիսի բնավորություն ուներ, որ չէր կարողանում մի անգամից վճռել այդ բանը, նա շատ քաշվում էր, երբ տեսնում էր իշխանուհու կիտած հոնքերը և սառը ընդունելությունը: Բայց նա այնքան սիրում էր յուր նախկին ընկերուհուն և դրա այդ անսպասելի փոփոխությունն այնպես ազդել էր նրա սիրող սրտի վրա, որ երկար չկարողացավ համբերել և մի անգամ հարցրեց նրանից պատճառը: Իշխանուհի-ընկերուհին բավականացավ միայն պատասխանելով, որ վերջին ժամանակները մի տեսակ գլխի ցավ է ստացել, այնպես որ ոչ ոքի հետ խոսել անգամ չէ կարողանում և ստիպված է միշտ տանը փակված մնալ, իսկ բժիշկները չեն կարողանում օգնել: Տիկին Հարունյանը հավատաց և սաստիկ տխրեց: Որ իշխանուհին չէր այցելում Հարունյաններին, նա, իհարկե, դրանով կամենում էր միայն յուր ջիգրը հանել պարոն Հարունյանից. բայց նա տեսնում էր, որ այդ իրեն արժան չէր նստում, որովհետև յուր դեպի պարոն Հարունյանն ունեցած սերը հետզհետե բորբոքվում էր և նրան հանգստություն չէր տալիս: Իսկ պարոն Հարունյանն անլսելի համառությամբ կռվում էր յուր մեջ գործող զգացմունքի դեմ և նրան թվում էր, որ այդ զգացմունքը հետզհետե ընկճվում է յուր ուժերի ներքո: Կնոջ հետ նա վարվում էր նույնպես, ինչպես և առաջ, նա ամեն անգամ գուրգուրում էր նրան, համբուրում էր, կատակներ էր անում նրա հետ, այնպես որ կինը կասկածել չէր կարող, որ նրա սրտի մեջ գոյություն ուներ մի ուրիշ սեր, որ ամեն կերպ աշխատում էր նրան դեպի մի ուրիշը քաշել, բայց որի դեմ նա հաղթությամբ պատերազմում էր…
Իսկ Արմենա՞կը: Արմենակը գրեթե ողջ օրը փակված յուր սենյակում՝ զբաղված էր յուր օրինագրքերով և շատ քիչ ուշադրություն էր դարձնում, թե ինչ է կատարվում յուր շուրջը:
Թ
ՆԵՐՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Այնինչ արդեն սկսվել էին ամառվա շոգ և տոթ օրերը: Պարոն Հարունյանն արդեն արձակուրդ էր ստացել պաշտոնից և ընտանիքի ու եղբոր հետ պատրաստվում էր ամառանոց գնալ, առավելապես նրա համար, որպեսզի բոլորովին ազատված լինի իշխանուհի Մելիքյանից:
Նախքան ամառանոց գնալը տիկին Հարունյանը հարկ համարեց այցելել յուր նախկին ընկերուհուն, թեպետև կոտրած, բայց առավել ևս սիրող սրտով: Նա գնաց իշխանուհու տուն, աղախինին հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք տիրուհին ընդունել: Աղախինը վազեց իշխանուհու մոտ, վերադարձավ և ասաց, որ կարող է ընդունել: Դողդոջուն և անհաստատ քայլերով նա մտավ իշխանուհու շքեղ կահավորյալ սենյակը, նախապես ակամայից պատկերացնելով յուր առաջ նրա սառը ընդունելությունը: Իշխանուհին նստած էր բազկաթոռի մեջ՝ լուսամուտի մոտ. նրա առաջ՝ կլոր փոքրիկ սեղանի վրա դրած էր ինչ-որ աման, որ, ինչպես երևում էր, մինչև տիկին Հարունյանի գալը կարդալիս էր եղել: Նրա դեմքն արտահայտում էր ավելի կատաղություն, քան վիշտ, ավելի ատելություն և արհամարհանք, քան տխրություն և մելամաղձություն. իսկ վարդագույն շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ փորձված աչքը հազիվհազ կարող էր նկատել մի տեսակ հեգնական, ինքնավստահ ժպիտ: Տիկին Հարունյանը նույն անհաստատ քայլերով մոտեցավ նրան և բարևեց: Իշխանուհին հազիվհազ տվավ նրան յուր մատների ծայրերը: Տիկին Հարունյանը նստեց նրա մոտ:
– Ի՞նչպես ես, Սոֆիա, – հարցրեց նա անվճռականությամբ: – Գլխիդ ցավն անցե՞լ է:
– Ոչ:
– Բժիշկներն ի՞նչ են ասում:
– Ոչինչ ասել չեն կարողանում:
Մի րոպե ծանր լռություն տիրեց:
– Ես զարմանում եմ, թե այդ ի՞նչպիսի գլխացավ է, որ ոչ ոք չէ կարողանում բժշկել, Սոֆիա, – ընդհատեց այդ լռությունը տիկին Հարունյանը:
– Չգիտեմ:
– Դարձյալ ծանր լռություն: Իշխանուհին նայում էր դուրս, իսկ տիկին Հարունյանը նրա դեմքին:
– Սոֆիա, – վերջապես երկար տատանմունքից հետո խոսեց դարձյալ վերջինս, – մենք մի որևիցե բանով քեզ… խո չե՞նք վիրավորել…
Իշխանուհին դեմքը դարձրեց դեպի նա:
– Վիրավորե՞լ… ի՞նչ բանով…
– Ես ի՞նչ գիտեմ… Ո՞վ գիտե… գուցե… շատ կարելի է մենք քեզ մի որևիցե բանով անգիտակցաբար վիրավորել ենք… և դու իրավունք ունիս մեզանից նեղանալու.. բայց եթե իսկապես մեր մեջ մի այդպիսի բան պատահել է, ահա ես իսկույն պատրաստ եմ քեզանից ներողություն խնդրելու… և, իհարկե, դու մեզ կներես…
Իշխանուհին ավելի խոր նայեց յուր նախկին ընկերուհու դեմքին, նա, երևի, կամենում էր նրա վրա մի որևիցե կարծիք գտնել, բայց նրա դեմքն այնքա՛ն հեզ էր, այնքա՛ն խոնարհ և անկեղծ սեր արտահայտող…
– Մեր մեջ ոչինչ այդպիսի բան չէ պատահել. Նունե… ասաց նա, – դու իզուր ես այդպես կարծում
– Հապա ինչո՞ւ մենք այսպես ենք հանդիմանում միմյանց…
– Ասում եմ՝ գլուխս է ցավում… խոսել չէ թողնում ինձ:
Տիկին Հարունյանն այլևս ոչինչ չհարցրեց:
– Սոֆիա, վաղը մենք ամառանոց ենք գնում, – ասաց նա մի րոպե լռությո՛ւնից հետո:
– Ամուսի՞նդ է տանում, – շտապով հարցրեց իշխանուհին:
– Այո: Եթե դու էլ մեզ ընկերակցեիր, Սոֆիա… – ավելացրեց տիկին Հարունյանը կամաց և անվճռական եղանակով: – Գլխիդ ցավը գլխավորապես այս շոգերից է. իսկ ամառանոցում, իմ կարծիքով, կարող է այդ անցնել… Ամառանոց կգնաս, այնպես չէ՞, Սոֆիա:
– Տեսնեմ:
Պարզ երևում էր, որ իշխանուհին երկար խոսել չէր կամենում: Տիկին Հարունյանն, իհարկե, տեսնում էր և այդ վերագրում էր նրա գլխացավին: Մի քանի րոպե դարձյալ նրանք լուռ մնացին: Վերջապես տիկին Հարունյանը վեր կացավ, ներողություն խնդրեց, որ յուր այցելությամբ նրան անհանգստություն պատճառեց և մնաս բարով ասեղով, դուրս գնաց: Նրա սիրտն այդ այցելությունից ավելի կոտրվեց:
Հետևյալ օրն առավոտյան Հարունյաններն ճանապարհ ընկան դեպի ամառանոց:
Իսկ իշխանուհին մնաց մենակ՝ իրեն պաշտող Պետրովի հետ: Անկարելի է նկարագրել, թե ինչ էր կատարվում նրա ներսն այդ ժամանակ, անկարելի է պատմել այն կատաղությունն ու հուսահատությունը, որ պաշարել էին նրան այդ ժամանակ: Հարունյանը փախա՛վ նրանից, հեռացա՛վ և տարավ յուր հետ նրա սիրտը, հոգին, միտքը – նրա բոլոր գոյությունը… – Տարա՛վ, հափշտակե՛ց այդ ամենը, թողնելով նրան միայն վիշտ, ծանր կեղեքիչ, անտանելի վիշտ… Եվ առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ, իշխանուհի, գոռոզ, հպարտ իշխանուհի Մելիքյանի գեղեցիկ աչքերից արտասուք, ծանր, դառն, արտասուք թափվեց… Մինչև այժմ, որ Հարունյանը միշտ խույս էր տալիս նրանից – այդ նա դեռ կարողանում էր տանել, որովհետև, որքան էլ այդ մարդը իրեն հեռու պահեր նրանից, այնուամենայնիվ, նրանք դարձյալ երբեմնակի տեսնում էին միմյանց, խոսում էին միմյանց հետ. բայց որ այժմ դա արդեն ամիսներով է հեռացել նրանից և այն էլ առանց նրան տեսնելու – այդ բոլորովին անտանելի է: Այդ բոլորից պարզ կերպով երևում է, որ այդ մարդը ոչ թե միայն չէ կամենում նրա հետ հարաբերություն ունենալ, այլև արհամարհում է նրան…
Նա չէր հասկանում սիրո՞ւմ էր, թե ատում այդ մարդուն, որի կամա անտարբերությունը կրկնապատկվում էր դեպի նա: Եթե ատում էր, հապա ինչո՞ւ այդ մարդու բացակայությունը նրան ստիպում էր միշտ և միայն նրա վրա մտածել, նրան պատկերացնել յուր առաջ… Եթե սիրում էր, հապա այն ի՞նչ անզուսպ կատաղության կրակ էր, որ բորբոքվում էր նրա սրտի մեջ դեպի այդ մարդը… Միևնույն Ժամանակ նա պատրաստ էր և՛ խմել նրա արյունը, և՛ գըրկել, համբուրել նրա ոտները… Ո՛չ, նա իսկապես և գժվածի պես սիրում էր այդ համառ մարդուն, սիրում էր այնպես, ինչպես տակավին յուր ողջ կյանքի մեջ ոչ ոքին չէր սիրել, բայց այդտեղ տանջվում էին միայն կնոջ սրտի քնքուշ չարերը, որոնց հետ խաղում էին ինչպես ամենահասարակ խաղալիքի հետ…
Իշխանուհի Մելիքյանը շատ լավ հասկանում էր, որ Հարունյանն յուր ամիսներով բացակայությունից շատ կարող էր օգտվել, այդ ժամանակամիջոցը բավական էր նրա պես մի համառ, հաստատակամ մարդու համար, որ նա սառեցնի յուր մեջ դեպի իշխանուհին տածած սերն և սովորի նրա վրա նայել բոլորովին անտարբերությամբ: Բայց իշխանուհի Մելիքյանն այդ չէր կամենում, նա չուներ այդ մարդու հաստատակամությունը, համառ բնավորությունը, որ նույնպես կարողանար օգուտ քաղել այդ բացակայությունից և հանգցնել յուր մեջ դեպի նա տածած բորբոքվող սիրո բոցը: Նա հենց առաջին օրից բոլորովին անձնավստահորեն և հոգով ու մարմնով էր անձնատուր եղել այդ սիրույն, կատարյալ հույս ունենալով ապագայում յուր հաջողության վրա. բավական էր, որ նա սիրում էր – և Հարունյանին, առանց մի վայրկյան անգամ կասկածելու, երկմտելու, իրենն ու իրենն էր համարում… Բայց այժմ, երբ նա տեսնում է ամենադառը կերպով սխալվել է յուր հույսերի մեջ արդեն ուշ է. Փայփայած, երես առած սերը անում է յուրը, պահանջում է յուրը, և նրան հակառակ գնալ – շա՛տ ու շա՛տ դժվար է…
Այլապես անկարելի էր, որ իշխանուհի Մելիքյանի նման հրաշալի գեղեցկության տեր մի կինը, որ ամեն ժամանակ այդպիսի դեպքերում հաջողություն է գտել, մեկին հավանելով, սիրելով նրան – կարողանար գեթ մի վայրկյան կասկածել, որ փոխադարձություն չէր կարող ստանալ և ավելի – սիրած մարդու կողմից միայն համառ անտարբերության կարող էր հանդիպել: Այդ բանը, գոնե յուր վերաբերությամբ, նա անկարելի էր համարում, ինչպես անկարելի է, որ իսկական մագնիսը չկարողանա քաշել դեպի ինքն ուրիշ մետաղներ: Բացի դրանից, ինչպես յուր անձնական փորձերից, նույնպես և յուր կարդացած ռոմաններից նա այն հաստատ համոզմունքին էր հասել, որ ամեն անգամ հաղթող է հանդիսանում կինը, գեղեցկությունը, որ ոչինչ ուժ աշխարհիս մեջ դրանց առաջն առնել կարող չէ: Տակավին ո՛չ մի փորձ, կրկնում ենք, նրան հակառակը չէր ցույց տվել, տակավին ո՛չ մի ռոմանի մեջ նա չէ պատահել մի այնպիսի սիրային արկածի, ուր կինը, գեղեցկությունն անտարբերությամբ անցնվեր, հաղթահարվեր տղամարդի կողմից… Իսկ ա՞յժմ: – Այժմ նա պարզ կերպով տեսնում էր, որ այդ բանումն էլ բացառություններ կարող են լինել, որ աշխարհումս դեռ կարող են գտնվել մարդիկ, որոնք կարող են ընդդիմանալ կնոջ և գեղեցկության: Բայց ո՛րքան բարձր, ո՛րքան գովելի է այդ բացառությունը, նույնքան ողորմելի են այն մարդիկ, որոնք կնոջ առաջ գետին են ընկնում: Այս վերջին կարգի մարդիկ այժմ նրա աչքում մի-մի թզուկներ, մի-մի չնչին արարածներ էին թվում, որոնց յուր մի հայացքով միայն կարողանում էր յուր հլու հպատակն, յուր ստրուկն դարձնել: Նա փոքր առ փոքր հրաժարվում էր նրանց մարդ անվանելուց, նրանց մեջ մի որևիցե ուժ ճանաչելուց: Հարունյանին աչքի առաջ ունենալով, այդ մարդկանց ուժը, հետզհետե չնչին ու չնչին երևալով, հասնում էր զրոյի, որին հաղթելու յուր նման մի գեղեցիկ կնոջից այնքան մեծ ուժ չէր պահանջում: Ուրեմն ի՞նչ մեծ հերոսություն էր անում նա, երբ այդպիսի չնչին ուժ ունեցող մարդկանցից հարյուրներով էր յուր ստրուկը դարձնում, ի՞նչ մեծ հաղթության բավականություն էր ստանում նա, երբ այդ մարդիկն այնքան չնչին, այնքան թույլ, այնքան ողորմելի արարածներ էին…
«Այն ժամանակ միայն ես մեծ հերոսություն արած կլինեմ, ինձ գերիշխող համարած կլինեմ, երբ այդ չնչին, ւ»ղորմելի մարդկանց տեղ ստրուկ կդարձնեմ Հարունյանին», – վերջ տվեց իշխանուհի Մելիքյանն յուր մտածության:
Այժմ ի՞նչ անեմ: Իհարկե, ձեռքերը խաչած չպիտի նստեմ: Պետք է գործել, պետք է հետամտել պարոն Հարունյանին, մի րոպե անգամ հանգստություն չպիտի տալ նրան: Հերոսություն չէ փախչել մի կնոջից և նրան հաղթված համարել, թո՛ղ նա պատերազմի դեմ առ դեմ, եթե ունի այդ ուժն, և հաղթե նրան… Այո՛, այդ դեպքում միայն նրա պատերազմը պատերազմ կարելի է համարել և հաղթությունը – հաղթություն, այդ դեպքում միայն կինը կարող է նրա ստրուկը դառնալ և խոստովանել, որ կնոջ ուժն անպայման կարելի չէ գերակշռող համարել տղամարդի ուժից… Այո՛, թող Հարունյանն այդ ապացուցի գործով – և այնուհետև` հաղթել է գեղեցիկ իշխանուհի Մելիքյանին: Այն ժամանակ միայն նա իրավունք ունի գոռալու ամբողջ աշխարհի մեջ ի գիտություն բոլոր չհավատացողների, որ այո՛, տղամարդի ուժը կարող է գերակշռել կնոջ ուժից:
«Մի դողար, եթե այր ես, պարոն Հարունյան – ես գալիս եմ քո ետևից: Ես իշխանուհի Մելիքյանը չեմ լինիլ, եթե քո այդ խիստ ամուսնական հավատարմությունդ ոտիս տակ չառնեմ…»:
Եվ նա վճռեց անպատճառ գնալ Հարունյանների ետևից: Բայց դարձյալ երես առած պատվի զգացմունքը բարձրացրեց յուր անողոքելի ձայնը, որ այդ բանը հպարտ իշխանուհի Մելիքյանի կողմից ստրկություն է համարում: Սակայն ինքը՝ հանգամանքը, դեպքերի զուգադիպությունն օգնեց նրան այդ բանում: Նա իմացավ, որ Հարունյանները գնացել են հենց այն ամառանոցն, որտեղ գտնվում էր նրա ծնողների գեղեցիկ դաստակերտը, որ, նրանց մահից հետո, ի թիվս մյուս բոլոր կալվածքների, մնացել էր նրան իբրև ժառանգություն: Առանց այն էլ, նա մտադիր էր ամառն յուր այդ դաստակերտում անցկացնելու: Ուրեմն պարոն Հարունյանը տեղիք չի ունենալ կարծելու, որ իշխանուհի Մելիքյանը նրան հետամուտ լինելու դիտավորությամբ է գնացել միևնույն ամառանոցն, ուր և ինքը: Ուրեմն պետք է շտապել քանի որ պարոն Հարունյանի սրտում տակավին շարունակվում էր վառվել դեպի իշխանուհին ունեցած սերն, և քանի որ այդ սիրո կրակը չէր հանգել: Պետք է շտապել նորից բորբոքելու այդ սիրո կրակն այնպես, որ ոչինչ համառ բնավորություն, ոչինչ հաստատակամություն նրան հանգցնել չկարողանա:
«Այժմ դու արդեն իմ ձեռքին ես, պարոն Հարունյան: Դու կարծում ես, թե ես այդպես հեշտ կթողնեմ արհամարհելու, ծաղրելու սերը, կնոջ ուժը… Օ՛, զգուշացի՛ր, զգուշացի՛ր, այդ շատ հանդուգն քայլ է…»:
Երկու օրից հետո, երբ իշխանուհին պատրաստվում էր գնալու ամառանոց, Պետրովը դարձյալ այցելեց նրան:
– Դարձյալ դո՞ւք, դարձյալ դո՞ւք, – կանչեց առանց այն էլ կատաղած իշխանուհին: – Դուք ինձ վերջապես հանգիստ կթողնե՞ք, թե ոչ..
Պետրովը չոքեց նրա առաջ և աղերսագին տեսք ընդունեց:
– Իշխանուհի, – ասաց նա դողդոջուն ձայնով, – ինչո՞ւ դուք առավել ևս դառնացնում եք իմ թշվառ կյանքը… դուք գիտեք, թե ո՛րտեղից որտեղ եմ եկել ես ձեր անգին սիրո համար… Դուք գիտեք, թե ո՛րքան և ի՞նչ սոսկալի կերպով ես տանջվել եմ այդ սիրուց… Այս մի ամբողջ, անվերջ տարին ես ոչ հանգիստ քուն ունեմ և ոչ փոքր-ինչ ազատ մտածությունս.. Իմ սիրտս դառն է եղել ավելի, քան թույն, իմ միտքս աղոտ, մութ, խճճված է եղել ավելի, քան մի սոսկալի քաոս, որի մեջ ես ոչինչ, ոչինչ չեմ կարողացել որոշել, բացի ձեր աներկրային, հրեշտակային պատկերը, որ դրոշմված է եղել ուղեղիս և սրտիս վրա, որպես մի անջնջելի պայծառ վիմագրություն… Եվ հոգուս աչքերով ես նայել եմ այդ պատկերին, նայել եմ և սքանչացել, նայել եմ և լաց եղել, իմ տանջանքս կրկնապատկվել է… Անթիվ անգամ, գիշերային լռության մեջ, չեմ կարողացել քնել, ինձ թվացել է, թե լսում եմ ձեր ձայնը, ձեր ձայնը, որպես մի դյութիչ, երկնային մեղեդի, որ թափանցել է մինչև սրտիս ամենամութ խորշերը, որտեղից և դուրս է խլել հառաչանքներ, դեռ չլսված սիրո անվերջ, դառը հառաչանքներ, իսկ աչքերիցս՝ դեռ չտեսած արցունքի խոշոր կաթիլներ, որոնցից ամեն մեկի մեջ դարձյալ և դարձյալ ձեր անգին, սիրակաթ պատկերն եմ տեսել… իշխանուհի՛, երկնայի՛ն արարած, ահա այժմ ես ընկած եմ ձեր առաջ, դուք կարող եք ինձ իսկույն ևեթ ոտի տակ տալ ինչպես մի չնչին արարածի, ինչպես մի մրջյունի, և ես շշունջ անգամ չեմ հանիլ… Բայց ես հուսով եմ, որ դուք վերջապես կխղճաք ինձ – այս թշվառ, այս անբախտ արարածիս և չեք խորտակիլ իմ տանջված սիրտը… Փոխադարձությո՛ւն, իշխանուհի, փոխադարձությո՛ւն…
Իշխանուհին կանգնած էր անշարժ, որպես արձան: Նա չէր նայում Պետրովին, այլ նրա աչքերը սևեռած էին սենյակի մութ անկյունին: Պետրովի տեղ յուր առաջ չոքած նա երևակայում էր պարոն Հարունյանին, նրա ձայնի տեղ – պարոն Հարունյանի ձայնը – և նա յուր համար ևս անզգալի կերպով սկսում էր փոքր առ փոքր ինքնամոռացության մեջ ընկնել: Այնքա՛ն սքանչելի, այնքա՛ն հոգեզմայլ էին թվում նրան այն խոսքերը, որ լսում էր նա այդ ժամանակ… Այդ այն խոսքերն էին, որ նա վաղուց փափագում էր լսել Հարունյանի բերանից և գիտեր, թե այդ ինչ խո՛սքեր էին… Պետրովը, տեսնելով իշխանուհու հոգեզմայլ ինքնամոռացությունը, առավել ևս խրախուսվում էր, կարծելով, թե արդեն սկսել է գրավել նրա սիրտը դեպի ինքը, և առավել ևս մեղմացնում էր յուր ձայնը, որպեսզի ավելի լավ ազդեն յուր խոսքերը նրա վրա: Յուր վերջին խոսքերի հետ նա կամաց առավ նրա ձեռքը, իշխանուհին նույն ինքնամոռացության մեջ այդ թույլ տվավ նրան, կարծելով, թե յուր ձեռքը առնում է Հարունյանը. բայց երբ յուր աչքերը անկյունից դարձրեց առջևը չոքած մարդու վրա, մի ակնթարթում նա հիասթափվեց, ճանաչեց յուր առջև չոքած մարդուն և իսկույն ևեթ զզվանքով, արհամարհանքով խլելով յուր ձեռքը նրա ձեռքից, որին նա կամենում էր մոտեցնել յուր շրթունքներին – շտապով դուրս գնաց սենյակից:
Պետրովը մնաց տեղն ու տեղը չոքած, սառած, ապշած, ինչպես մի երեխա, որի ձեռքից հանկարծ թռչում էր որսած թռչունը: Մի րոպե նա մնաց նույն դրության մեջ, հետո վեր կացավ և, դարձյալ չկարողանալով խելքը գլուխը հավաքել, դուրս գնաց: Դուրսը նա տեսավ իշխանուհու ճանապարհորդական կառքը, որի վրա նրա ծառաները բաներ էին դարսում: Նա մոտեցավ իշխանուհու աղախնուն, որ կանգնած էր կառքի մոտ և հարցրեց.
– Իշխանուհին ուրիշ տե՞ղ է գնում:
– Այո:
– Ո՞ւր:
– Ամառանոց:
– Ո՞ր ամառանոցը:
Աղախինը տվավ ամառանոցի անունը: Պետրովը հեռացավ:
– Մի ժամից հետո իշխանուհին յուր աղախնի հետ շտապո՛ւմ էր դեպի ամառանոց Հարունյանի ետևից:
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.