Электронная библиотека » Նար-Դոս » » онлайн чтение - страница 5

Текст книги "Քնքուշ լարեր"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:18


Автор книги: Նար-Դոս


Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 5 (всего у книги 10 страниц)

Шрифт:
- 100% +

Ժ
ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

Ամառանոցն, ուր բնակվում էին Հարունյաններն և ուր գտնվում էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը, շրջապատված էր անտառով, որի շնորհիվ և ամառանոցի օդն այնքան զով և առողջարար էր: Անտառի մեջ կտրատում էին միմյանց զանազան լայն ու նեղ ճանապարհներ, ինչպես այգիի ճեմելիքներ՝ ծածկված անթիվ ծառերի սաղարթախիտ ճյուղերով, որոնց տակը բնավ չէին թափանցում անտառային արևի հրատապ ճառագայթները: Այդ ճանապարհները, որոնք տանում էին հեռուն՝ դեպի անտառի խտություններն, ուր և նրանք դարձյալ միանում էին միմյանց հետհատկապես շինված էին ամառանոցի բնակիչների համար, որոնք ամեն օր դուրս էին գալիս այդտեղ զբոսանքի:

Պարոն Հարունյանը, որին փոքրիշատե հաջողվել էր սառեցնել յուր մեջ ապօրինի սիրո զգացմունքը, գրեթե ողջ օրն յուր կնոջ, որդու և եղբոր հետ անց էր կացնում այդ անտառում: Նրանք առանձնանում էին անտառի խտության մեջ և, նստելով կանաչ խոտերի վրա, հովասուն ծառերի մշտական ստվերի տակ՝ Արմենակը թերթում էր յուր օրինագիրքը, մի քանի քայլ հեռու փոքրիկ Հայկանուշը խաղում էր յուր դայակ-դաստիարակչուհու հետ, իսկ պարոն Հարունյանն ու յուր կինը պարապում էին ընթերցանությամբ, կամ՝ բոլորը միասին հավաքվելով՝ պարապում էին քաղցր խոսակցությամբ: Մի տեսակ անպատմելի թեթևություն էր զգում Հարունյանն, երբ նայում էր յուր կնոջ խոնարհ, անհո աչքերին և գիտեր, որ յուր սրտի վրա ոչինչ հանցանք չէ ծանրացած դեպի նա, նամանավանդ, որ այդ հանցանքի առիթն ակամայից ներկայանալով, նա ի բոլոր սրտե ցանկանում էր նրանից հեռու փախչել: Այո՛, թեպետ նոր սեը կլանել էր նրա ամուսնական սիրույն, բայց և այնպես Արա խիղճը չէր կարող տանջել նրան, քանի որ նա չէր անձնատուր եղել այդ նոր սիրույն և երբեք էլ չէր կամենում նրան անձնատուր լինել, այլ, ընդհակառակը – կամենում էր դուրս կորզել նրան յուր սրտից և նորից տեղ տալ ամուսնական ամենաքաղցր, ամենահանդիստ սիրույն:

Փոքրիկ Հայկանուշին – իրենց այդ միակ զավակին՝ հայր և մայր սիրում էին ծնո՛ղական ամենաքնքոլշ սիրով, գորովով: Ինչպես կինը, նույնպես և ամուսինն այդ զավակի մեջ տեսնում էին այն անխզելի կապը, որ անպայման կերպով միացնում էր նրանց միմյանց հետ: Այդ զավակն էր գլխավոր պատճառը, որ Հարունյանը ոչինչ հարաբերություն չէր կամենում ունենալ իշխանուհի Մելիքյանի հետ, որ նա այնպես, գրեթե անձնազոհությամբ, պատերազմում էր անդադար յուր մեջ բորբոքվո՛ղ ապօրինի սիրո դեմ: Այդ զավակը, կարծես, մատակարարում էր նրան նոր ուժ, նոր եռանդ` շարունակելու մինչև վերջն այդ բարոյական պատերազմը: Այդ սիրուն փոքրիկ երեխայի ամեն մի թոթովանք, մանավանդ երբ այդ նրա անունն էր լինում – «հայրիկը» նրան ամեն բան մոռացնել էր տալիս և, իսկույն առնելով նրան յուր հայրական գրկի մեջ, նա անդադար սեղմում էր յուր կրծքին, որի տակ ցնծում էր նրա սիրտը, խնդում էր նրա հոգին: Նա սկսում էր համբուրել այդ հրեշտականման երեխայի անմեղ, քնքուշ, փոքրիկ շրթունքները, որոնցով նա արտասանում էր «հայլիկ» երկնային, կյանք տվող բառն ամեն մի հոր, և մի տեսակ պայծառ հայացքով ու անխոս` նայում էր յուր կնոջ քաղցր ժպտող աչքերին, կարծես, հայտնելով նրան յուր անհուն շնորհակալությունն, յուր բոլոր երախտագիտության զգացմունքը, նրա պարգևած այդ ամենաքաղցր երջանկության համար: Օ՛, ի՞նչը կարող էր մրցել ծնողական այդ երկնատուր, նվիրական երջանկության հետ…

Մյուս կողմից, տեսնելով յուր բարի, խոնարհ, հավատարիմ կնոջը, որ բոլոր սրտով կապված էր նրա հետ, որ նրա մեջ էր գտնո՛ւմ յուր ամուսնական երջանկությունն և անպայման հավատում էր նրա հավատարմությանը – նա զգում էր, որ խիղճն երբեք չէր կարող իրեն ներել, եթե նա դրանից խլեր յուր սիրտը – ամուսնական երջանիկ սիրո այդ քաղցրատենչ աղբյուրը – և ընծա բերեր մի ուրիշ, օտար կնոջ: Եվ ինչո՞ւ հավատարիմ չլինել կնոջն, երբ կինը նրան հավատարիմ է: Ինչո՞ւ քակտել ամուսնական ամենասուրբ, նվիրական պայմաններն, երբ նա երբե՛ք իրավունք չունի այդ անելու, բացի դրանից, երբ այդ քակտման հետևանքը բարոյական սոսկալի տանջանք էր: Աստծո սուրբ տաճարի մեջ բազմաթիվ վկաների առաջ, հրապարակորեն նա ուխտել էր հավատարիմ մնալու յուր կնոջը` մինչև մահ ու գերեզման և միայն ևեթ այդ սրբազան ուխտն անբիծ պահպանելու մեջ է կայանում իսկական ամուսնության բարոյական ամենաքաղցր երջանկությունը: Նա այդ բոլորը հասկանում էր. և ի՛նչ մեծ սխալ, հանցանք կլիներ նրա կողմից, որ յուր այդ սեփական երջանկությունն յուր կամքով մի կողմը հրեր և անձնատուր լիներ ամենասոսկալի թշվառությանն… Ո՛չ, ո՛չ, ամուսնական հավատարմությունը քաղցրագույնն է: Ոչինչ այնքան գովելի, ոչինչ այնքան սրբանվեր կարող չէ լինել, որքան այդ հավատարմության համար ունեցած բարոյական պարտավորեցուցիչ պատերազմը:

Հարունյանը յուր ամուսնական հավատարմությունը պահպանելու համար դատում էր և մի ուրիշ տեսակետից:

– Ի՞նչ կաներ նա, եթե իրեն սիրելի, պաշտելի կինն իրեն դավաճաներ, սիրային հարաբերություն ունենար մի ուրիշ մարդու հետ: Նա պետք է նայի յուր պաշտելի կնոջը, որ մի ժամանակ նրան հրեշտակ էր թվում, նա պետք է գրկի նրան, մի րոպե միայն կարծելով, որ գրկում, համբուրում է միևնույն հրեշտակին, բայց հանկարծ ամենադառը գիտակցությունն յուր սոսկալի շանթը պետք է ցցի նրա ուղեղի և սրտի մեջ – և նա սարսափով դեն պետք է հրե նրան յուր գրկից՝ նրան թունավոր օձ կարծելով: – Այո՛, տանջանքը սոսկալի է: Բայց գիտենալով, տեսնելով, ո՛ր յուր կինը սիրում է, պաշտում է իրեն – և հանկարծ ի՞նքը դավաճանի նրան, սիրային հարաբերություն ունենա մի ուրիշ կնոջ հե՞տ: Ի՞նչ կլիներ այդ դեպքում կնոջ դրությունը: Մի՞թե միևնույն բարոյական սոսկալի տանջանքը չպետք է զգար և նա: Եթե նա կարող էր պահանջել յուր իրավունքը կնոջ վերաբերությամբ և ամենախիստ կերպով, ինչո՞ւ այդ միևնույնը չէր կարող և կինը նրա վերաբերությամբ: Չէ՞ որ ամուսնական յուրաքանչյուր գործում նրանց իրավունքները հավասար են միմյանց, և նրանք պարտավոր են միմյանց հաշիվ տալու մինչև անգամ ամենաչնչին գործի մեջ:

«Ո՛չ, ես պե՛տք է և պե՛տք է հավատարիմ մնամ իմ ամուսնական կապին – ասում էր նա այդպիսի մտածմունքներից հետո: – Երբե՛ք ես չպիտի դավաճանեմ այդ կապին, և ավելի՛ն, որ ես ամեն բան հասկանում եմ, տեսնում եմ դրա մազաչափ չարիքներն անգամ»:

Երեկո էր. եղանակը՝ հիանալի: Ամառանո՛ցի բոլոր բնակիչները լցրել էին անտառը: Հարունյան ամուսինները, որոնք արդեն հինգերորդ օրն էր, ինչ ամառանոցումն էին, նույնպես դուրս էին եկել զբոսանքի: Արմենակը նրանց հետ չէր. նա նույն օրն յուր մի քանի վաղեմի ընկերների հետ, որոնց պատահել էր ամառանոցում, որսի էր գնացել: Բոլոր զբոսնողների դեմքի վրա կարելի էր նկատել ուրախություն ու հրճվանք, ամենքը ժպտալով ու ծիծաղելով խոսում ու զրուցում էին, միայն Հարունյան ամուսինները շրշում էին գրեթե տխուր ու լուռ: Երևում էր, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր մի-մի մտքով:

– Ստեփաննոս, երանի գիտենամ իշխանուհին այծմ ի՞նչպես է, – ասաց վերջապես տիկին Հարունյանը: – Ահա հինգերորդ օրն է, ինչ նրանից լուր չունենք, և ես միշտ նրա մասին եմ մտածում… Տեսնես դարձյալ գլուխը ցավո՞ւմ է, թե ոչ… բայց ես զարմանում եմ, ճշմարիտ, թե այդ ի՛նչպիսի գլխացավ է, որ այդպես երկար է տևում… Այդպիսի գլխացավ մի՞թե լինում է, Ստեփաննոս:

– Ինչպե՞ս չէ, – պատասխանեց Հարունյանը, որ արդեն վաղուց գիտեր, թե ինչպիսի գլխացավ էր իշխանո՛ւհի Մելիքյանի գլխացավը: – Եվ այդպիսի գլխացավը շատ վատ է…

– Մի՞թե… Այժմ երևակայում եմ, թե ո՛րպես տանջվելիս պիտի լինի նա… Խե՛ղճ Սոֆիա… Ա՛խ, եթե դու գիտենաս, ի՛նչպես եմ սիրում եմ նրան, Ստեփաննոս… Միշտ, ամեն րոպե նա յուր տխուր, թախծալի դեմքով, կարծես, կանգնած է իմ առաջ, չեմ կարողանում նրան մի րոպե անգամ գլխիցս հանել: Այսօր ես կամենում էի նրան մի նա մակ գրել, բայց հանկարծ, չգիտեմ ինչո՞ւ, ինձ թվաց, որ նա ինձ ատում է… չէ սիրում: Այդ ժամանակ մի տեսակ ճմլվեց սիրտս… ակամայից հիշեցի այն սառը արմունքն և խոսակցությունը, որոնցով նա հանդիպում էր ինձ միշտ այս վերջին ժամանակներս, կարծես, մեկը ներսից ինձ ասելիս լիներ, որ նրա այդ սառը հանդիպումն ոչ թե գլխացավից է, այլ… ատելությունից: Եվ իրավ որ՝ ես չեմ կարողանում այժմ հաշտվել այն մտքի հետ, թե մարդ ի՛նչպիսի գլխացավ պիտի ունենա, որից ստիպված այնպես սառը, գրեթե արհամարհանքով վերաբերվի դեպի յուր այն սրտակից բարեկամը, որի հետ առաջ այնպես քաղցր, սիրով էր վարվում… Մի՞թե այդ կարելի է, եթե նա չէ սկսել ատել… բայց ինչո՞ւ նա ինձ պիտի ատե, – վերջապես կանչեց տիկին Հարունյանը, որ գրեթե մոռացել էր, թե որտեղ է գտնվում»

և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին:

– Այդպես միայն քեզ թվում է, սիրելիս, – ասաց Հարունյանը, որ, իհարկե, մտքումը նրա հետ համաձայն էր, բայց չէր կարող երբեք հայտնել նրան: – Ձեր մեջ այնպիսի ինչ մի առանձին բան է պատահել, որի պատճառո՛վ նա քեզ ատելիս լինի:

– Ես էլ այդ չե՞մ հարցնում, ի՞նչ է պատահել և ի՞նչ կարող էր պատահել: Ոչինչ, հավատացիր, բոլորովին ոչինչ, մի փոքր, մի չնչին տարաձայնություն անգամ տեղի չէ ունեցել մեր մեջ… Ես նրան միշտ սիրել եմ, միշտ իմ թանկագին քույրիկս եմ համարել, կարեկցել եմ նրան ամեն մի դեպքում, և հանկարծ – մի այդպիսի սառը հանդիպում, արհամարհանք: Ախար ինչո՞ւ համար, ինչո՞ւ… ճշմարիտ` ես այնքա՛ն մտածել եմ այդ մասին, այնքա՛ն մտածել, որ.. չեմ հասկացել, մի խոսքով, թե ինչ է պատահում ինձ այդ ժամանակ… Իսկ նա ասում է, որ այդ միայն գլխացավից է:

– Իհարկե, այդ գլխացավից պետք է լինի, սիրելիս, մանավանդ, որ դու պարզ գիտես, որ ձեր մեջ ոչինչ տարավ ձայնություն չէ պատահեր կամ եթե հենց տարաձայնություն էլ պատահեր, մի՞թե նա քեզ անպատճառ պիտի աաերէ Ղեռ ամենահասարակ գլխացավից մարդ, կարծես, ամենքին աչքից գցում է, ո՞ւր մնաց մի այնպիսի գլխացավ, որպիսին է իշխանուհունը: Դու իշխանուհու գլխացավի վրա այդպես հասարակ աչքով մի նայիր, Նունե. այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի…

– Ուրեմն ճի՞շտ է, որ միայն այդ գլխացավից է նրա սառնությունը դեպի ինձ:

– Այո:

– Օ՛հ, երանի՛ այդպես լինի, ապա թե ոչ ես նրան այնքա՛ն սիրում եմ, այնքա՛ն սիրում եմ, որ… բայց դա ասացիր, որ այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի, ուրեմն… Ի՞նչ կպատահի վերջը գրեթե վախեցած յուր գլխում ծագած հանկարծակի մտքից՝ շտապով հարցրեց տիկին Հարունյանը:

– Կանցնի:

– Կանցնի՛… Բայց երկա՞ր կտևի:

– Չգիտեմ… այդ ես չեմ կարող ճիշտն ասել…

– Իսկ ես կարծում էի, թե այդ գլխացավից մահ կարող է առաջանալ:

– Չէ՛: Ի՞նչ ես ասում, այդպիսի բան չի կարող պատահել, բայց շատ կտանջվի…

– Բայց ինչի՞ց է պատահում այդ գլխացավը:

– Չգիտեմ…

– Ես կարծում եմ շոգերից:

– Գուցե…

– Ես վաղն անպատճառ նրան նամակ կգրեմ, չեմ կարող համբերել: Կգրեմ, որ շուտով գա այստեղ, որովհետև այստեղ շատ հով է:

– Գուցե նա մտադրություն ունի ուրիշ ամառանոց գնալու, ինչո՞ւ դու ուզում ես, որ նա անպատճառ այստեղ գա, – ասաց Հարունյանն իսկույն մի տեսակ երկյուղ կրելով, թե մի՛ գուցե իշխանուհին, իրավ որ, գար միևնույն ամառանոցը, իսկ հենց այդ բանից նա խույս էր տալիս, որովհետև շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կունենա այդ բանն յուր համար այժմ, երբ արդեն փոքրիշատե սկսել է հանգիստ ապրել:

– Նա ուրիշ ամառանոց չի կարող գնալ, – պատասխանեց կինը, – որովհետև նրա ժառանգական դաստակերտն այստեղ է գտնվում:

– Ա՛… – երկարացրեց Հարո՝ւնյանը: – Ես այդ չգիտեի, – իսկ մտքումը, – «ապա թե ոչ ուրիշ ամառանոց կգնայի… Բայց ոչի՛նչ, կպատերազմեմ դարձյալ, ճակատագիրս ինձ փորձում է»…

Եվ նա ակամայից մտածության մեջ ընկավ:

– Ահա՛ նա, – հանկարծ անզուսպ ուրախությամբ կանչեց տիկին Հարունյանն և, թողնելով ամուսնու թևը, առաջ վազեց:

Այդ բացականչության վրա Հարունյանը հանկարծ սթափվեց յուր մտածությունից և իրենից յոթ-ութ քայլ առաջ տեսավ իշխանուհի Մելիքյանին: Նույն վայրկյանին հանկարծ ինչ-որ շարժվեց նրա սրտում և մի տեսակ անբացատրելի երկյուղ, որի հետ խառն էր և ուրախության նման մի բան, ցնցեց նրա ողջ մարմինը: Այդ բոլորն այնպես հանկարծակի և անսպասելի կերպով եղավ, որ առաջին վայրկյաններին նա գրեթե ուշքը կորցրեց, աչքերը մթնեցան. բայց երբ նա նորից սթափվեց, տեսավ, որ սիրտը սաստիկ, գրեթե ցավ տալով, բաբախում է, և զգաց, որ գույնը նետել է: Նա շուտով իրեն հավաքեց: Իսկույն հասկացավ, թե ինչ էր այն, որ այդ կարճ միջոցում կատարավ յուր մեջ և, աշխատելով յուր առաջվա անտարբեր դրությունն ընդունել ու իրեն ոչ մի բանով չմատնել, մոտեցավ իշխանուհուն այն ժամանակ, երբ յուր կինն արդեն սաստիկ կարոտալից ամուր-ամուր սեղմում էր նրա ձեռքերն և հարցնում էր նրա առողջությունը:

– Շնորհավոր լինի ձեր գալուստն, իշխանուհի, – ասաց նա յուր գրավիչ ձայնով, որն այնքան դուր էր գալիս իշխանուհուն, և իրեն հատուկ քաղաքավարությամբ գլուխ խոնարհեցրեց նրան:

– Ա՛, պարոն Հարունյան, այդ դուք եք, – դեմքը դեպի նա դարձնելո՛վ ասաց իշխանուհին, որ նրա մոտենալը դիտմամբ չտեսնելուն էր տվել: – Բարև ձեզ:

Եվ, զսպելով յուր ներքին շփոթությունը, նա սառնությամբ մեկնեց դեպի նա յուր գեղեցիկ ձեռքը:

Պարոն Հարունյանը նկատեց այդ և նույն սառնությամբ սեղմեց նրա ձեռքը:

– Շա՞տ ժամանակ է, ինչ դուք պատիվ եք բերել այստեղ, իշխանուհի, – հարցրեց նա:

– Երեկվանից:

– Իսկ ես կամենում էի վաղը քեզ նամակ գրել, Սոֆիա, կարծելով, որ տակավին դու քաղաքումն ես, – ասաց տիկին Հարունյանը, որին ընկերուհու հանդիպումն մեծ ուրախություն էր պատճառել, չնայելով այն սառնությանը, որով դարձյալ ընդունել էր նրան այս վերջինս: – Բայց լավ է, որ այժմ մենք պատահեցինք միմյանց: Ես բոլորովին չէի սպասում այդ, Սոֆիա… Մի քանի րոպե առաջ մենք քո մասին էինք խոսում…

– Հա՞… – ասաց երկարացնելով իշխանուհին և յուր գեղեցիկ աչքերը դարձնելով պարոն Հարունյանի դեմքի վրա, մի վայրկյան միայն ուղղակի և սուր կերպով նայեց նրա աչքերի մեջ: – Բայց ի՞նչ էիք խոսում իմ մասին…

– Մենք խոսում էինք ձեր գլխացավի մասին, իշխանուհի, – շտապեց պատասխանել պարոն Հարունյանը: – Նունեն շատ տխրել էր ձեր մասին, որ այդպես տանջվում եք գլխացավից և հարցնում էր, թե մի՞թե գլխացավն այդպես երկար կարող է տևել, իսկ ես հավատացնում էի, որ ձեր գլխացավը հասարակ գլխացավերից չէ, այլ բոլորովին ուրիշ գլխացավ…

Իշխանուհուն թվաց, որ յուր այդ խոսքերով նա ծաղրում է իրեն, հետևաբար նա հասկացել է, թե ինչ է իսկապես նրա կեղծ գլխացավը: Կատաղությունը նորից բորբոքվեցավ նրա սրտի մեջ, բայց նա անզոր էր և բավականացավ միայն յուր վարդագույն շրթունքները կրծելով, ընդսմին աշխատելով այդ կատաղությունն ուրիշ ոչ մի բանով երևան չհանելու, մանավանդ, որ նա զգում էր, թե ինչպես պարոն Հարունյանի աչքերը հետամուտ էին լինում յուր դեմքի արտահայտությանը:

– Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, իշխանուհի, – հարցրեց պարոն Հարունյանը:

– Մի փոքր լավ…

– Ուրեմն անցնո՞ւմ է գլխացավը:

– Այո…

– Փառք աստուծո, որ դուք այլևս այնպես չեք տանի, վիլ… Նունեն գտնում էր, որ այդ շոգերից է, և ես հավանություն էի տալիս, իսկ այժմ պարզ երևում է, որ այդ իսկապես այդպես է եղել, որովհետև, ահա, երկու օր չկա ընդամենն, ինչ դուք շնորհ եք բերել ամառանոց, և գլխացավն արդեն սկսում է անցնել… Իզուր դուք այսքան ժամանակ քաղաքում մնացիք, եթե դուք վաղ հեռանայիք քաղաքից, գուցե բոլորովին էլ գլխացավ չստանայիք… Թիֆլիսն առհասարակ սարսափելի շոգեր գիտե, և այդ շոգերը պիտի ազդեին մանավանդ ձեզ վրա, որովհետև դուք սովորած եք հյուսիսի սառը կլիմային:

Իշխանուհու կատաղությունը կրկնապատկվեցավ. կարծես, մի սոսկալի կրակ բորբոքվում էր նրա մեջ և այրում, կիզում էր նրա ամբողջ ներսը:

Այո՛, այդ մարդը, այդ անգութ մարդն ամեն բան հասկանում է և ուղղակի ծաղրում է նրան, փորձում է նրան ամենասոսկալի կերպով և մի մազաչափ անգամ չէ խղճում նրան… մինչև անգամ նրա ժպիտի մեջ երևում է բացարձակ հեգնություն… նա զգաց, որ եթե մի փոքր էլ մնալու լինի նրանց մոտ, այլևս անկարելի կլինի իրեն զսպել և մի առանձին բան կանե, որ ով կարող է իրեն բոլորովին մատնել, ուստի, առանց այլևայլության, պատճառ բերելով դարձյալ գլխացավը, նա սեղմեց նրանց ձեռքն ու հեռացավ:

Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանի լեզուն, կարծես, կապվեցավ: Այնուհետև մինչև տուն գնալը նա ոչ մի բան չասաց ամուսնուն: Պարոն Հարունյանը նույնպես լուռ մնաց:

Նրանք գնացին տուն: Մի քանի րոպեից հետո եկավ և Արմենակը որսորդական հագուստով և հրացանն ուսին:

– Արև՛ս վկա, իշխանուհին եկել է ամառանոց, – գոռաց նա ներս մտնելով եղբոր և հարսի մոտ: – Սո՞ւտ եմ ասում:

– Այո, եկել է՛, – պատասխանեց եղբայրը:

– Դու տեսա՞ր նրան:

– Ոչ:

– Հապա ի՞նչպես գիտես, որ արևովդ էլ երդվում ես:

– Ինչպե՞ս, – կանչեց ծիծաղելով Արմենակը: Ի՞նչպես են իմանում՝ մի երկրում գարունն եկել է թե ոչ: – Երբ տեսնում են ծիծեռնակը թռչում է դեպի այն երկիրը…

– Ոչինչ չենք հասկանում քո ասածներից:

– Այսօր տեսա Պետրով ծիծեռնակին, տեսա դեպի ամառանոց թռչելիս, – կանչեց ավելի բարձրաձայն ծիծաղելով Արմենակը: – Ուրեմն իշխանուհի-գարունն այստեղ է…

ԺԱ
ՆՈՐ ՇԱՄԻՐԱՄ

Գրեթե ողջ ամառանոցում չկար մի այնպիսի գեղեցիկ կալվածք, որպիսին էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը: Նա շրջապատված էր մի փոքրիկ պարտեզով, որի մեջ գտնվում էին հոտավետ ծաղիկների գրեթե բոլոր տեսակները: Քարե սանդուղքով պարտեզից կարելի էր բարձրանալ դեպի լայն պատշգամբը, ուր շարված էին հարյուրավոր մեծ ու փոքր ծաղկամաններ, որոնց մեջի բույսերը, ծաղիկները ներկայացնում էին ավելի սքանչելի, ավելի հոտավետն, ավելի հազվագյուտը: Իշխանուհի Մելիքյանի միլիոնատեր հայրը, լինելով ինքն ամեն բանի գեղեցիկը, կատարյալը սիրող մի մարդ, ոչինչ ջանք չէր խնայել յուր այդ դաստակերտն, ուր ամեն ամառ անց էր կացնում յուր ընտանիքով, ամեն կողմից շքեղացնելու, կատարյալը դուրս բերելու համար: Ամբողջ տասը տարի էր անցել այն ժամանակվանից, ինչ որ իշխանուհի Մելիքյանը չէր տեսել այդ դաստակերտը, իսկ այժմ, երբ այդքանամյա բացակայությունից հետո նա գալիս է ամառն այդտեղ անցկացնելու, նրան նույնությամբ է գտնում, ինչպես էր և յուր հոր կենդանության ժամանակ: Այդ դաստակերտը հենց սկզբից, հիմնվելու օրից, հանձնված էր շինական մի բարի մարդ ու կնոջ, որոնք ամեն օր բարեխղճությամբ կատարում էին իրենց պարտականությունը և ստանում ծառայության վարձը` պարոնի կենդանության ժամանակ – պարոնից, իսկ նրա մահից հետո – իշխանուհի Մելիքյանից:

Հարունյանների հետ պատահած անցքի գիշերը իշխանուհի Մելիքյանը բոլորովին մենակ նստած էր չուգունե ոտերավոր և հղկած գեղեցիկ նստարանի վրա:

Գիշերն ամառային ամենասքանչելի գիշերներից մինն էր, այն գիշերներից, որոնք լինում են միայն ամառանոցներում: Լիալուսինը հանդարտ սահում էր կապույտ երկնքի վրայով, ինչպես մի առագաստանավ անհուն, խաղաղ ծովի վրա: Նա քմահաճությամբ մերթ թաքնվում էր սև փոքրիկ ամպերի տակ, որոնց անձև կողքերը միայն լուսավորվում էին հրաշալի արծաթագույնով և, մերթ դուրս գալով, շարունակում էր յուր օդային ճանապարհը: Ամենահանդարտ կերպով փչում էր գիշերային կենսատու զեփյուռը, տարածելով ողջ պարտեզի մեջ հոտավետ ծաղիկների անուշ բուրմունքը: Շուրջը տիրում էր խորին լռություն: Լսվում էր միայն ծառերի տերևների հանդարտ խշխշոցը, որպես խորհրդավոր շշնջյուն. լսվում էր և փոքրիկ շատրվաններից բարակ հոսանքով դուրս բխող ջրի միակերպ ձայնը: Ջուրը, բարձր նետվելով, փռվում էր խուրձի նման և, բաժանվելով ամենամանր գոհարանման կաթիլների, նորից թափվում էր փոքրիկ ավազանը: Այդ կաթիլները զանազանագույն հրաշալի ցոլումներով, խաղալով լուսնի պայծառ լույսի տակ և ընկնելով ավազանի ջրի մեջ, հանում էին մի այնպիսի հեզահուշ ճողփյուն, որ բոլորովին լրացնում էր այդ խաղաղ գիշերի բոլոր սքանչելիությունը:

Իշխանուհին նստած էր անշարժ և ձեռքերը կցած: Նրա աչքերը հառած էին շատրվանի հենց այն կետին, ուր ջուրը խուրձի գեղեցիկ տեսք էր ստանում: Նա կարծես ամենախորին ուշադրությամբ զննում էր, թե ի՛նչպես այդ կետում բաժանվում էր ամեն մի կաթիլն և ի՛նչ տեսակ գույներ էին ցոլանում նրա մեջ լուսնի լույսից: Լուսինն ուղղակի լուսավորում էր նրա գեղեցիկ դեմքը, որ այդ գիշեր անսովոր կերպով գունատ էր: Նա փաթաթված էր մոխրագույն, լայն և ազնիվ տեսակի շալի մեջ, որ իջնում էր մինչև նրա ոտների ծայրերը: Նրա սև, փայլուն, հարուստ մազերը բոլորովին արձակ, անփույթ կերպով փռված էին ուսերի վրա և, իջնելով, փոքր-ինչ միայն կողքերից, ծածկում էին նրա` երևի ավելի ազատ շնչելու համար` կիսաբաց, հարուստ, սպիտակ, մարմարի կուրծքը, որ այդ ժամանակ բավական նկատելի կերպով, կարծես խիստ հուզված, բարձրանում ու ցածրանում էր: Այդ դրությամբ նա այնքա՛ն գեղեցիկ էր, այնքա՛ն սքանչելի, որ նայողը իրեն մեղանչած կհամարեր` նրան հասարակ մահկանացուների կարգը դասելով: Նա կարծես մի կատարյալ հավերժահարս էր, որ թողնելով յուր աստվածային բնակավայրը, իջել էր այդ գեղեցիկ պարտեզը` բաշխելու նրան յուր արժանավայել շուքը: Նրան լավ դիտողը կնկատեր, որ նա իրեն շրջապատող սքանչելիություններից իսկապես ոչինչ չէր զգում և՛ ոչ թե մտածում էր շատրվանի վրա, այլ մինչև անգամ այդ չէր էլ տեսնում, չնայելով, որ նրա գեղեցիկ աչքերը միշտ հառած էին դրա վրա: Նա այդ ժամանակ միայն մարմնով գտնվում էր այդտեղ, իսկ հոգով և մտքով մի ուրիշ տեղ, ուրիշի մոտ – նրա՛ մոտ, որ նրա սիրտը բոլորովին գրավել և երկար ժամանակից ի վեր նրա բոլոր մտածության առարկան էր դարձել, չտալով նրան հանգիստ՝ ոչ տիվ և ոչ գիշեր:

Նա մտածում էր Հարունյանի վրա:

Այո՛, Հարունյան, Հարունյան, որպե՛ս անմիտ, ո՛րպես անզգա և կույր ես դու, որ չես կարողանում տեսնել այդ մարմնացած աստվածային գեղեցկությունն և սառնասրտությամբ հրում ես նրան մի կողմը: Տե՛ս, ո՛րպիսի հուսահատ ինքնամոռացությամբ դա գալիս է դեպի քո գիրկն և հոգով ու մարմնով կամենում է անձնատուր լինել քեզ… Մի՞թե մի որևիցե ամենախիստ պարտաճանաչությանը, ամենախիստ հավատարմության ուխտին զոհում են մի այդպիսի գեղեցկություն, որի մեջ միայն գտնվում է քաղցրագույնը բոլոր քաղցրությունների մեջ… Անմի՛տ, ժողովի՛ր խելքդ, բացի աչքերդ և տե՛ս այդ կնոջը, որ այնպես ողորմելի կերպով քեզանից գթություն է հայցում: Նա սիրում է քեզ, սիրում է հոգու բոլոր ուժերով, բոլոր զորությամբ, և այդ սերն անդադար աճում է, աճում է և նրան երբե՛ք հանգիստ չէ տալիս: Նա պատրաստ է քեզ աստվածացնելու, երկրպագելու, պաշտելու քեզ, միայն սիրի՛ր նրան, սիրի՛ր նրան… Այդ երկար ժամանակից ի վեր փափագած սիրուն նա կտա յուր հոգու, յուր սրտի ամենանուրբ, ամենանվիրական տեղն և անդադար, օրնիբուն գուրգուրելով, փայփայելով կբարձրացնե նրան մինչև երկինքը, և՝ սիրո կրակով վառված՝ այդ անսավառնելի բարձրությունից առ ոչինչ կհամարե. աստվածների երջանկությունը… նրա սիրատենչ, խանդակաթ գրկի մեջ դու մանուկ կդառնաս և կմոռանաս քո թշվառ գոյությունը, կմոռանաս այս աշխարհն` յուր անվերջ ծանր հոգսերով… Այնուհետև դու կընկնես մի տեսակ տենչանաց, հեշտալից աշխարհ, ուր մարդ ճաշակում է դրախտին փոխարինած մոգական քաղցրությունը… Ա՛խ, սիրի՛ր… սիրի՛ր…

Հանկարծ նրա գլխի վերևը հաստաբուն և բարձրակատար ծառի ճյուղերի մեջ լսվեց ինչ-որ խշխշոց, որը խիստ կերպով խանգարեց գիշերային շրջապատող խորին լռությունը: Այդ ձայնից նա ցնցվեց ամբողջ մարմնով և, դուրս գալո՛վ յուր արբեցյալ դրությունից, նայեց շուրջը: Նրա բոլորովին գունատված դեմքն արտահայտում էր անզգայականություն, սակայն խառը մի փոքր երկյուղի ու զարմանքի հետ: Սովորաբար այդպես են լինում նրանք, որոնք, երկար ժամանակ բոլորովին անձնատուր եղած լինելով իրենց սրտին ամենամոտ խոր մտածությանը, մինչև անգամ սթափվելուց հետո, առաջին վայրկյաններում, շարունակում են դարձյալ ապրել իրենց մտածության աշխարհում, որ այնուհետև հետզհետե սկսում է հեռանալ նրանց աչքերի առջևից, մինչև որ բոլորովին չքանում է, և նրանք, տեսնելով իրենց շրչապատող իրականության մեջ և զգալով այդ խիստ փոփոխությունն երևակայականից դեպի իրականությունը, սկսում են զարմանալ և մի տեսակ երկյուղ կրել, մանավանդ, եթե նրանք բոլորովին մենակ են ու գիշերով: Անզգայականությունը փոքր առ փոքր սկսեց հեռանալ նրա դեմքից, իսկ երկյուղն ու զարմանքն՝ ավելանալ: Նա մի առանձին ուժով վեր ցատկեց տեղից և չռած աչքերով սկսեց նայել դեպի վեր՝ այն ճյուղերի մեջ, որտեղից լսվեցավ բարձրաձայն խշխշոցը: – Ծառի ճյուղերից մեկի վրա լուսնի լուսով նա ինչ-որ սև բան տեսավ, այդ միջակ մեծությամբ մի թռչուն էր, որ երևի առաջվա նստած տեղն անհարմար գտնելով, ցած էր թռել մի ուրիշ ճյուղի վրա և այժմ յուր նոր տեղում պտտվում էր, աշխատելով հարմար կերպով նստել և խաղաղ ննջել: Տեսնելով, որ իրեն այնպես վախեցնողը թռչունն էր, երկյուղը հեռացավ նրա դեմքից և մի տեսակ տանջված, լքյալ արտահայտություն ստացավ: Նա շուռ եկավ և նայեց լուսնին: Այլևս ոչինչ սև ամպեր չէին խանգարում նրան յուր լույսն առատորեն սփռելու ամենուրեք, նա, կարծես, ծիծաղելով արձակեց յուր լույսն և այժմ իրեն նայող գեղեցկուհու մազերով ցանված գունատ դեմքի վրա, որ և այդ ժամանակ ամենափայլուն մարմարի գույնն ստացավ:

Երևում էր, որ կեսգիշերից բավական անցել էր: Օդը բոլորովին ցրտել էր: Փչեց զով, մեղմ քամին, ծառերի տերևները, կարծես, տրտունջ հանելով, ավելի սկսեցին խըշխըշալ: Իշխանուհին, որի ուսերից շալն ընկել էր, բաց անելով նրա կիսամերկ կուրծքը, թեթև կերպով ցնցվեց, զգալով յուր անդամների մեջ այդ ցուրտը: Նա փաթաթվեց յուր շալի մեջ, ձեռքերը կցեց, գլուխը խոնարհեցրեց կրծքի վրա, որպես սգավոր, հուշիկ քայլերով անցավ ճեմելիքի երկարությամբ, սանդուղքով բարձրացավ պատշգամբն և ներս մտավ յուր ննջարանը: Ննջարանում ճրագը հանգած էր: Պայծառ լուսինը, ներս թափանցելով բաց լուսամուտից, ուղղակի լուսավորում էր նրա սպիտակ, որպես ձյուն, անկողինը, որի մեջ այդ րոպեին անկարգություն էր տիրում: Երևում էր, որ նա նախ պառկել էր, բայց տեսնելով, որ իրեն անդադար զբաղեցնող մտածությունը քունը մոտ չէ թողնում յուր աչքերին, դուրս էր գնացել պարտեզ՝ այնտեղ անձնատուր լինելու այդ մտածությանը:

Ծանր քայլերով նա մոտեցավ շքեղ անկողնակալին, շալը մի կողմ գցեց, երեսն ի վեր պառկեց, վերմակը վրան քաշեց և փակեց աչքերը: Մինչև այժմ նրա խիստ ցանկությունից գրգռված ջղերն սկսեցին հետզհետե թուլանալ, կուրծքը դադարեց արագ բաբախելուց և մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր, ոչ արթնություն, պատեց նրա տանջված, լքված անդամներին: Բայց նրա բորբոքված ճակատի տակ ուղեղը հանգիստ չուներ, նրա մեջ տիրում էր մի տեսակ խառնաշփոթություն, մի տեսակ քաոս, որ և նկարում, ստեղծում էր նրա փակ աչքերի առաջ հազար ու մի անորոշ պատկերներ, որոնք՝ հայտնվելուն պես` դարձյալ արագությամբ չքանում էին, որպեսզի տեղ տային ուրիշ այլազան պատկերների: Ի՞նչի նմանություն ասես, որ նա չէր որոշում այդ՝ մի կողմից սոսկալի, մյուս կողմից կախարդող ֆանտաստիկական երևույթների մեջ: – Հրեշային պատկերներից հետո, նա տեսնում է յուր անհոգ մանկությունը և այն ժամանակվա իրեն բոլոր սիրելի, ծանոթ դեմքերը… Երևույթը փոխվում է: – Նա տեսնում է յուր երիտասարդ ամուսնուն` գեղեցիկ, հեզ, բարի, որպես գառը, նրա աչքերը լցված են արտասուքով, նա ամենադառը կերպով մտատանջվում է… Այնուհետև նա պառկած է անկողնում… Դագաղում… Սա նույնչափ գեղեցիկ է… Չքացավ երևույթը: – Դարձյալ հրեշային արհավրալից պատկերները… Դարձյալ փոխվեցան: Տարածվում է ահագին լուսավորված դահլիճը: Երաժշտությունն ականջ է խլացնում: Հարյուրավոր անորոշ պատկերներ` միմյանց գրկած` խռնվելով` թռչում են մի ծայրից մյուս ծայրն ու գոհարների նման ինչ-որ բաներ պսպղում, հուրհրատում են նրանց վրա հազարավոր ճրագների լուսավորության առաջ… Այնուհետև նա տեսնում իրեն շրջապատված ախտաբորբոք երիտասարդներով… Նրանք՝ չոքած՝ նայում են նրա աչքերի մեջ, համբուրում են նրա ձեռքերը… Չքացավ այդ ամենը: Նա տեսնում է Հարունյանին… Այնուհետև նա վազում է նրա ետևից դեպի ամառանոց… Պատահում է նրան անտառում… Անորոշ դրությամբ հեռանում է նրանից… Գիշերն ուզում է քնել… Հարունյանի պատկերն հանգիստ չէ տալիս նրան… նա դուրս է գնում պարտեզ… Շրջապատող բնության գեղեցկությունն առավել ևս լարում է նրա ջղերն, և բորբոքված սերը ստեղծում է նրա առաջ զանազան քաղցր պատկերներ… Թռչունը վախեցնում է նրան: Նա տուն է մտնում, պառկում է, և չքացավ ամենը:

Հանկարծ այդ ժամանակ նրան թվաց, թե դուռն անլսելի կերպով բացվեցավ, և մեկն ուրվականի նման, հանդարտ ներս մտնելով նրա ննջարանը, կանգնեց դռների մոտ ու մնաց արձանացած: Նա սոսկաց, օձից խայթվածի նման իսկույն վեր թռավ տեղից և, սարսափից չռած աչքերով, հազիվ շնչելով, սկսեց նայել այդ գիշերային անկոչ հյուրին: Վերջինս կանգնած էր նույն արձանացած դրության մեջ և անթարթ աչքով նայում էր ուղղակի նրա չռած աչքերին: Իսկ նա, որի ճակատին արդեն սկսել էին դուրս ցայտել սառը քրտինքի խոշոր կաթիլներ, ամբողջ մարմնով դողալով, շարունակում էր նայել նրան, չկարողանալով ոչ աղաղակել և ոչ մի շշունջ հանել, կարծես լեզուն պապանձվել էր: Նա միայն նայում էր և նայում, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ գիշերային սարսափի վրա իրենից անկախ մի զորությունից, որ զգում էր յուր բոլոր անդամների մեջ, նայում էր և նրա վրա ոչինչ պարզապես չէր կարողանամ որոշել` ո՛չ հագուստն ու ո՛չ դեմքի գծերը, բացի երկու անթարթ աչքերից, որոնք, որպես գայլի աչքեր, պսպղում էին գիշերային մթության մեջ և դրանով առավել ևս սարսափ ազդում: Սակայն փոքր առ փոքր այդ անորոշ հագուստն ու դեմքի գծերն սկսեցին փոխվել, և գիշերային այցելուն սկսում էր ստանալ ուրիշ հագուստ, ուրիշ դեմքի գծեր, որոնք հետզհետե նրան ավելի ու ավելի ծանոթ էին թվում: Որքան այդ ուրվականը նոր փոփոխություն էր ստանում, և այդ փոփոխությունը վայրկյան առ վայրկյան նրան առավել ևս ծանոթ էր թվում, այնքան նա դադարում էր դողալուց և վախենալուց, նրա դեմքի վրայից հեռանում էր սարսափն և ստանում էր մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտություն: Նրա մինչև այժմ երկյուղից լռած, բայց այժմ ժպտող աչքերն սկսում էին փայլել մի առանձին փայլով, իսկ կուրծքը բարձրանալ ու ցածրանալ, կարծես մի տեսակ ներքին բորբոքումից, գրգռումից, որ հետզհետե սաստկանում էր:

Հանկարծ նա մի տենդային թռիչք գործեց դեպի գիշերային այցելո՛ւն, ընկավ նրա առաջ՝ ծնկների վրա և, ամուր գրկելով նրա ոտները, կանչեց կցկտուր ձայնով.

– Հարունյա՛ն, խղճա ինձ, ես քեզ սիրում եմ…

Յուր սեփական ձայնից, որ խուլ կերպով տարածվեցավ սենյակի գիշերային լռության մեջ, նա հանկարծ արթնացավ յուր անհանգիստ քնից: Շտապով նստեց անկողնի վրա և երկյուղով նայեց դեպի դուռը: Լուսինը բավական լուսավորում էր սենյակը, դուռը փակ էր, սենյակում ոչ ոք չկար: Նա տեսավ, որ յուր տեսածը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ միայն երազ, և դրա մեջ երևացած գիշերային այցելուն իսկ և իսկ ինքը՝ Հարունյանն էր, որի մասին նա միշտ մտածում էր, առավելապես այդ գիշեր: Բաց լուսամուտներից փչում էր վաղորդյան մեղմ, զով, գրեթե ցուրտ քամին, որ ներս էր բերում յուր հետ ծառերի խորհրդավոր շշնջյունը: Բարձրում երևում էր երկնքի պարզ կապույտը, որի վրա նոր էր սկսում խաղալ ցերեկի ավետաբերը – ծիրանի արշալույսը:

Զգալով յուր բոլոր անդամների մեջ սաստիկ թուլություն, իշխանուհին պառկեց նորից, վերմակը վրան քաշեց և այս անգամ քնեց արդեն բոլորովին խաղաղ:


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Следующая
  • 1 Оценок: 1

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации