Электронная библиотека » Նար-Դոս » » онлайн чтение - страница 8

Текст книги "Քնքուշ լարեր"


  • Текст добавлен: 27 июня 2017, 03:18


Автор книги: Նար-Դոս


Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы


Возрастные ограничения: +12

сообщить о неприемлемом содержимом

Текущая страница: 8 (всего у книги 10 страниц)

Шрифт:
- 100% +

ԺԵ
ՃԳՆԱԺԱՄ

Հետևյալ օրը Հարունյանի դեմքի վրա կարելի էր նկատել ինչ-որ անսովոր հաստատ վճռականություն: Դեռ ո՛չ մի ժամանակ նրա շարժումներն այնպես զգաստ չէին եղել, ինչպես այդ օրը, դեռ ո՛չ մի ժամանակ նրա հայացքն այնպես սառը չէր եղել, ինչպես այդ օրը, վերջապես` դեռ ոչ մի ժամանակ նրա ձայնն այնպես հանդարտ և միակերպ չէր հնչել, ինչպես այդ օրը: – Այդպես լինում են միայն մահվան դատապարտվածները, որոնք արդեն հաշտված են լինում իրենց դրության հետ և սպասում են նշանակյալ ժամանակին, երբ իրենք աշխարհիս մեջ այլևս գոյություն չպետք է ունենան: Գիշերը նա ամենևին չէր քնել, մինչև լույս մտածել էր, թե ի՞նչպես անե, որ յուր անտանելի դրությունից դուրս գա, և վերջապես հասել էր հետևյալ հաստատ վճռականության:

Նույն օրն ինքը բոլորովին մենակ պետք է գնա իշխանուհու մոտ, պետք է ուղղակի հայտնե նրան յուր սերը, պետք է բացատրել այդ սիրո բոլոր սարսափելի հետևանքները թե՛ յուր և թե նրա վերաբերությամբ և, վերջապես, պետք է խնդրե, աղաչե նրան, որ նա կամ հեռանա իրենից ընդմիշտ, կամ խզի կնոջ և իրեն հետ ունեցած յուր հարաբերությունը: Բայց արդյոք Հարունյանը հասկանո՞ւմ էր, զգո՞ւմ էր, թե որքա՛ն հանդուգն քայլ է այդ: Գուցե հասկանում էր, բայց ինչպիսի քայլ էլ որ լիներ այդ, նա անպատճառ պետք է աներ, որովհետև բացի դրանից, նա ուրիշ ավելի լավ, հարմար միջոց չէր կարողացել գտնել յուր դրությունից դուրս գալու համար:

Նա կազմել էր մի երկար ծրագիր, թե ի՛նչպես ինքը պետք է մտնի իշխանուհու մոտ, ի՛նչպես և ի՛նչ խոսքով պետք է վերջացնի յուր խոսակցությունը: Այդ ծրագիրը, մի քանի անգամ կրկնելով, նա բերան էր արել և սպասում էր հարմար միջոցի, որ կարողանա գնալ իշխանուհու մոտ:

Առավոտյան նրան չհաջողվեցավ գնալ, որովհետև, Արմենակը, որ մի քանի գործերի պատճառով պետք է գնար քաղաք, արգելք եղավ: Կեսօրից հետո նա ավելի հարմար դատեց գնալու, որովհետև այդ Ժամանակ իշխանուհին, նրա կարծիքով, բոլորովին մենակ կլիներ:

Ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու: Հագնվելիս նա առանձին ուշադրություն դարձրեց հագուստի և սանրվածքի վրա: Ինչո՞ւ: Այդ ինքն էլ չգիտեր:

– Նունե, գնում եմ անտառը զբոսանքի, – խաբեց նա կնոջը:

– Ինչո՞ւ այդպես վաղ, – հարցրեց կինը:

– Իրիկվանից դեռ ես ինձ վատ եմ զգում… գլո՛ւխս ցավում է… այրվում է, ուզում եմ գնալ փոքր-ինչ հովին դիպչել:

– Ուրեմն` սպասիր, սիրելիս, միասին գնանք, ես իսկույն կհագնվեմ…

– Ոչ, ի՞նչ հարկավոր է, Նունե. ես մենակ կգնամ… դու կաց տանը… եղանակն այսօր վատ է… և լավ կանես, որ տնից բոլորովին դուրս չգաս… Ես իսկույն կվերադառնամ…

– Լավ, սիրելիս, միայն անհամբեր և անհանգիստ կսպասեմ քեզ:

– Այո, սպասիր ինձ և տնից բոլորովին դուրս մի գար… Ես շուտով կվերադառնամ:

Ամուսինը դուրս գնաց. կինն ակամա մտախոհ կերպով նայեց նրա ետևից:

Քառորդ ժամից հետո Հարունյանը բարձրանում էր իշխանուհու դաստակերտի սանդուղքով: Առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ նրա սիրտը դողալով տրոփում էր, ինչպես տրոփում է այն աշակերտի սիրտը, որ գնում է հարցաքննություն տալու: Թե ուրիշ ի՛նչ էր կատարվում նրա ներսը – այդ նրա լուրջ դեմքը բնավ չէր բացահայտում: Առանց իմացում տալու, նա ուղղակի մտավ իշխանուհու սենյակը:

Իշխանուհին մենակ նստած էր լուսամոլտի առաջ և փորքիկ սեղանի վրա թափած կարմիր վարգերից փնջեր էր կազմում: Սա այս անգամ հագած ուներ ձյունի նման սպիտակ, թեթև տնային հանդերձ, որ կրծքի վրա՝ կողքից, կոճակների փոխարեն, կապվում էր կապույտ ժապավեններով: Կորսետը չէր սեղմում նրա իրանը, որ, իրեն արձակ զգալով, արձակ հանդերձի մեջ երևան էր հանում յուր ինքնակերպ հրապուրիչ գեղեցկությունը: Հանդերձի շատ սիրուն օձիքն այնքան լայն էր, որ բոլորովին ազատ թողնելով նրա երկար, գեղեցիկ, ճկուն վիզը հազիվ ծածկում էր նրա կլորիկ, փայլուն ուսերն և հասուն, առողջ մարմարանման կուրծքի վերին մասը, իսկ թևքերը լայն լինելով հանդերձ, այնքան կարճ էին, որ բոլորովին մերկ էին թողնում նրա սպիտակ ձեռքերի սպիտակ կանգունները: Մազերն, ինչպես տանն եղած ժամանակ նա միշտ սովորություն ուներ, թողել էր բոլորովին արձակ: Կատարելապես պսակելով սիրուն գլուխը, նրանք ծանր, խիտ ալիքներով, իջնում էին նրա ուսերի վրա և, խաղալով փոքրիկ ականջների հետ, ինչ-որ հրապուրիչ, աղոտ ստվեր էին ձգում նրա պարանոցի վրա: Ի՛նչքան գեղեցիկ, ի՛նչքան հրապուրիչ էր նա… Իրեն մի կողմը թողած՝ նրա նստվածքի դիրքը: Նրա հանդերձի յուրաքանչյուր ծալքը հրաշալի գեղեցկության մի ամբողջ պոեզիա էր շնչում:

Հարունյանն իշխանուհուն տակավին այդպես չէր տեսել: Խորին հիացումը մի ակնթարթում պաշարեց նրան, նա մոռացավ ամեն ինչ. մոռացավ և այն, թե ինչո՛ւ համար էր եկել և դեռ մի րոպե, խորին հափշտակությամբ նայելով նրան, մնաց արձանացած դռների մոտ. նրան թվում էր, թե առաջին անգամն է տեսնում, որ յուր սիրտը գրավողն այդքա՛ն գեղեցիկ, այդքա՛ն հրապուրիչ, այդքա՛ն թովիչ է…

– Ա՛խ, պարո՛ն Հարունյան, – նրան տեսնելուն պես, ուրախությամբ կանչեց իշխանուհին դուք վատ ժամանակ եկաք, ձեր և Նունեի սյուրպրիզը տակավին պատրաստ չէ:

Որքա՛ն գեղեցիկ էր, ո՛րքան քաղցր էր և այդ ձայնը, որ Հարունյանը կարողացավ իրեն հավաքել:

– Դուք մեզ համար սյուրպրի՞զ եք պատրաստում, իշխանո՛ւհի, – արագությամբ մոտենալով և ամուր սեղմելով նրա ձեռքը, հարցրեց նա:

– Այո՛, տեսնում եք. ես վարդերից փնջեր եմ կապում, մեկը ձեզ համար, մյուսը՝ Նունեի (Պետրովին նա, երևի, մոռացել էր), բայց, դժբախտաբար, դուք շատ անհամբեր գտնվեցաք և վաղ եկաք, որովհետև տակավին ոչ մեկն էլ պատրաստ չէ… և, բացի դրանից, դուք ինձ զրկեցիք այն բավականությունից, որ ես պիտի զգայի իմ սյուրպրիզը ձեզ շնորհելիս:

– Հայտնում եմ իմ կնոջս կողմից մեր խորին շնորհակալո՛ւթյունն, իշխանուհի, որ մենք այդքան ձեր ուշադրության արժանի ենք դարձել…

– Բայց ո՞ւր է ինքը – Նունեն, հանկարծ դռան կողմը նայելով հարցրեց իշխանուհին, որ կարծում էր, թե Հարունյանը մենակ չէր եկել:

– Նա ինձ հետ չէ, իշխանուհի, ես մենակ եմ եկել:

– Մենա՛կ… – կանչեց իշխանուհին շուտ և անզգայաբար տեղից վեր թռչելով, որի միջոցին նրա գեղեցիկ դեմքն և՛ գունատվեց, և՛ վառվեց: Հարո՛ւստ մազերը սիրուն ալիքներով թափվեցան առաջ և, ծածկելով նրա դեմքի մի մասը, ցրիվ եկան կուրծքի վրա: Առաջին նվագ անսպասելի սաստիկ ուրախությունից նա կարծեց թե խելքը կորցնում է: Հարունյանը մենա՛կ է եկել յուր մոտ. չէ՞ որ տիվ և գիշեր, ամեն ժամ և ամեն րոպե նրա սրտի ջերմ փափագն էլ հենց այդ էր: Սաստիկ հուզմունքից դեռ մի քանի վայրկյան նրա շունչը, կարծես, կտրվեց: Նա ձեռքը կամաց սեղմեց կուրծքի վրա և, գլուխը փոքր-ինչ առաջ տանելով, ըստ երևույթին դժվարությամբ օդ շնչեց: Այդ բոլորը կես րոպե հազիվ տևեց: Նա շուտով ուշքի եկավ, սիրուն մազերը կամաց, շնորհալի կերպով հավաքեց դեմքից, ուսերի վյրայով ետ ձգեց և ամենաքաղցրիկ, ամենասիրելի կերպով ժպտաց: Այդ ժպիտի մեջ կար ինչ-որ կախարդող, հափշտակիչ բան, միևնույն ժամանակ մի տեսակ ամոթխածություն, որ վայել է միայն անմեղ, սիրուն օրիորդներին: – Ներեցեք ինձ, որ ձեզ ներկայանում եմ այս դրությամբ, – ասաց նա գրեթե շշնջալով: – Դուք այնքան անսպասելի կերպով հայտնվեցաք, որ ես… Ներեցեք ինձ… ես իսկույն… հագնվեմ…

Եվ փոքր-ինչ խոնարհած, կարծես գլուխ տալով, աչքերի խոնարհեցրած և հանդերձը կողքերից փոքր-ինչ բարձրացրած, նա սիգաքայլ, շատ թեթև կերպով ետ ու ետ գնաց դեպի հարևան սենյակի դուռը:

Հարունյանը, որ այդ միջոցին իրեն կատարելապես կորցրել էր, կարծեց, թե նրա դուրս գնալուն պես ինքը պետք է զրկվի կյանքից:

– Ո՛չ, ո՛չ… մնացե՛ք… – կանչեց նա աղերսագին և, արագությամբ մոտենալով իշխանուհուն, առավ նրա ձեռքը, նախ ջերմ, սաստիկ ջերմ կերպով սեղմեց յուր ալեկոծվող կուրծքին, հետո մոտեցրեց շրթունքներին: – Ես ձեզ սիրում եմ… – այս անգամ շշնջաց նա, և նրա ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա, նրա ցնցվող շրթունքները սեղմված մնացին իշխանուհու սպիտակ, փափուկ, քնքուշ ձեռքի վրա:

Վերջապե՛ս, վերջապե՛ս… Մի ակնթարթում իշխանուհին սլացավ բարձր, բարձր Ոլիմպոսի գագաթը: Նա աստվածային վեհանձնությամբ կանգնած էր հասարակ մահկանացուներին անմատչելի այդ բարձրության վրա, և նրա հոգին, նրա ամբողջ գոյությունը, շրջապատող առօրյա աշխարհից դուրս` ցնծում, հրճվում էր կնային գեղեցկության հաղթանակի պսակով: Սիրասփյուռ եթերքի հեզաշունչ ալիքները մեղմիկ, քնքշիկ գգվում, շոյում էին նրան…

Նա կամաց, շատ կամաց խոնարհվեց Հարունյանի վրա և հազիվհազ շշնջաց նրա ականջի մոտ.

– Ստեփաննո՛ս, դուք ինձ սիրո՛ւմ եք… ինձ սիրո՛ւմ եք… Հապա Նունե՞ն…

Վերջին խոսքերի հետ կարծես մի թունավոր օձ խայթեց Հարունյանին: Նա արագությամբ բարձրացրեց գլուխը, խկագարի հայացքով նայեց իշխանուհու դեմքին (իշխանուհին, կարծես սարսափած՝ մի քայլ ետ գնաց: Յուր բերանից անզգայաբար դուրս թռած վերջին երկու բառերը նրան այժմ կյանքից զրկվելը. չափ ահավոր թվացին) և, թողնելով նրա ձեռքն յուր ձեռքերի միջից) կամաց վեր կացավ չոքած տեղից: – «Հապա Նունե՞ն, հապա Նունե՞ն» – կարծես ամբողջ սենյակն, ամբողջ աշխարհը խլացնելու չափ աղաղակում էր նրա ականջներում: Նա սաստիկ երկյուղով, մինչև անգամ դողալով նայեց շուրջը, կարծես թե զգում էր յուր կնոջ ներկայությունը: Մի երկու րոպեից նա կատարելապես հիասթափվեց:

– Ներեցեք ինձ, իշխանուհի, – վերջապես ասաց նա: – Ես… ես… այո, ես ձեզ սիրում եմ… սիրում եմ… բայց… բայց ես չեմ եկել խնդրելու ձեզանից… փոխադարձություն… այլ… տե՛ր աստված, որքա՛ն ծանր է այս րոպեն… Իշխանուհի՛, մի՞թե դուք ինձ չեք հասկանում… մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք… Ա՛խ, եթե իրավ գիտենայիք, թե որքա՛ն սարսափելի է դրությունս, թե որքա՛ն թշվառ եմ ես… Ձեզ առաջին անգամ պատահելու րոպեից մինչև այս րոպես ես տանջվել եմ անդադար և այդ տանջանքս օրեցօր կրկնապատկվել է… Ո՛չ ցերեկն եմ ունեցել ես հանգիստ, ո՛չ՝ գիշերը… Ա՛խ, ինչքա՛ն ես երջանիկ կլինեի իմ սիրովս, ինչքա՛ն երջանիկ, եթե – ազատ լինեի, բայց… բայց դուք գիտեք, որ ես ունեմ կին, որի հետ ինքնահոժար կամքով կապված եմ ամուսնական սուրբ ուխտով, դուք գիտեք, որ ես ունեմ զավակ… կարո՞ղ էի արդյոք չմտածել դրանց մասին, կարո՞ղ էի արդյոք ուրանալ դրանց… չէ՞ որ այդ երկու անմեղ արարածներն իրենց միակ ամենամեծ երջանկությունը միայն իմ մեջ են տեսնում, և ես իրավո՞ւնք ունեի արդյոք, այդ հասկանալով հանդերձ, դեն հրել նրանց ինձնից… իրավո՞ւնք ունեի արդյոք խլել նրանցից այդ երջանկությունը, գլորել նրանց սոսկալի թշվառության մեջ, թունավորել նրանց ամբողջ կյանքը… Հապա մարդկային վեհ գաղափարնե՞րը… հապա բարոյականության սկզբո՞ւնքը… հապա մարդի՞կ… հապա հասարակաց անաչառ կարծի՞քը, հապա խի՞ղճը… ա՛խ, գիտե՞ք, թե ի՛նչ է խիղճը… Իշխանուհի՛, իշխանուհի՛, խղճացեք ինձ վրա… Ես եկել եմ ձեզանից գթություն հայցելու: Անշուշտ դուք այնքա՛ն ազնիվ եք, այնքա՛ն գթասիրտ, որ չեք ցանկանալ իմ այս սարսափելի տանջանքը… Այլևս ուժ չկա, իշխանուհի, ուժ… զգում եմ, որ ընկճվում եմ… բացահայտ հետևանքը զարհուրեցնում է ինձ, և այդ պատճառով ամբողջ գոյությունս անասելի կերպով տանջվում է, հեծում է, որպես մի մարմնացյալ թշվառություն… Օ՛հ, խաչս ծանր է, իշխանուհի՛, Օգնեցե՛ք ինձ, օգնեցե՛ք…

Վերջին խոսքերի հետ նա կամաց դարձյալ ծունկ խոնարհեց իշխանուհու առաջ, այս անգամ համբուրելով ոչ թե նրա ձեռքը, այլ հանդերձի քղանցքը և, բոլորովին խոնարհեցնելով յուր գլուխը, շրթունքները սեղմեց նրա վրա:

Իշխանուհին բոլոր ժամանակ կանգնած էր արձանի նման: Նրա դեմքը սաստիկ գունատվել էր. կուրծքը շարժվում էր հանդարտ, շատ հանդարտ կերպով, ձեռքերը կախված էին թողացած, շրթունքներն ամուր սեղմած էին միմյանց, աչքերը, կարծես խփված, շարունակ նայում էին ներքև, և նրա երկար, թուխ, սիրուն թերթերունքները մի շատ սքանչելի աղոտ ստվեր էին ձգում աչքերի տակ: Ի՞նչ էր կատարվում արդյոք նրա ներսը – այդ աստված գիտե, բայց որ Հարունյանի խոսքերն ազդել էին նրա վրա, այդ ակներև էր: Վերջինս տեսնելով յուր առաջ չոքած համբուրելիս յուր հանդերձի քղանցքը, նա այս անգամ հեռու, շատ հեռու էր Ոլիմպոսից, սիրո անհուն երջանկության արտահայտության փոխարեն՝ նրա դեմքն այժմ ստացել էր խորին վշտի և կարեկցության արտահայտություն: Նա շտապով խոնարհվեց նրա վրա և, կամաց բռնելով նրա ուսերից, շշնջաց դողդոջուն ձայնով.

– Ստեփաննո՛ս… Հարունյա՛ն, ի՞նչ եք անում, վերկացեք…

Հարունյանը բարձրացրեց գլուխը, բայց վեր չկացավ: Նրա աղերսող հայացքը հանդիպեց իշխանուհու տխուր և կարեկցող հայացքին:

– Խղճո՞ւմ եք ինձ, կօգնե՞ք ինձ… – արտասանեց նա:

– Վեր կացեք, վեր կացեք, – կրկնեց իշխանուհին և դեմքը շուռ տվեց նրանից: Հարունյանը վեր կացավ:

Իշխանուհին բոլորովին շուռ եկավ, երևում էր, որ չէր ուզում ցույց տալ նրան յուր դեմքը: Հանկարծ նրա ուսերը թեթև կերպով ցնցվեցին: Կարճ միջոց լռություն տիրեց:

– Սպասեցեք ինձ. ես իսկույն գալիս եմ, – վերջապես ասաց նա հանդարտ, բայց մի տեսակ փոխված ձայնով և արագությամբ դուրս գնաց դեպի հարևան սենյակը:

Հարունյանը մնաց անշարժ՝ նրա ետևից նայելով: Մի տեսակ հոգեկան թեթևություն էր զգում նա, ինչպես մի մարդ, որ յուր վրա դրված բարոյական ծանր պարտականությունն արդեն կատարած, վերջացրած է լինում, բայց միևնույն ժամանակ նրա սրտին տիրել էր մի տեսակ դառնություն, մի տեսակ վիշտ, որպիսին զգում է մարդ, երբ տեսնում է, որ արդեն հավիտյան կորցրել է յուր սրտին մոտ մի անգին բան:

Անցավ երկար, Հարունյանի համար շատ երկար ժամանակ: Միևնույն տեղը կանգնած՝ նա շարունակ նայում էր այն դռանը, որտեղից դուրս գնաց իշխանուհին, նայում էր և սպասում, սպասում էր և մտածում. – ինչու համար արդյոք դուրս գնաց նա…

Վերջապես դուռը բացվեց, և իշխանուհին ներս մտավ: Այս անգամ ուսերի վրա նա գցած ուներ նուրբ գործվածքի մետաքսյա կապույտ փոքրիկ շալ, որ բոլորովին ծածկում էր նրա կուրծքը, իսկ մազերը պնդացրած ուներ ետևում: Նրա դեմքն առաջվանից ավելի գունատ էր, իսկ աչքերը կարմիր էին և թաց. իսկույն երևում էր, որ նա լաց էր եղել, և լաց էր եղել դառն կերպով: Հանդարտ քայլերով սենյակը մտնելով, նա մի տխուր, շատ տխուր հայացք ձգեց Հարունյանի վրա: Հարունյանի սիրտը ճմլվեց, այդ հայացքի մեջ նա կարդաց ինչ-որ տխուր, բայց խոր հանդիմանություն: Նա չկարողացավ տանել այդ հայացքն և իսկույն հանցավորի նման աչքերը վայր թողեց:

– Նստեցեք և խոսենք, պարոն Հարունյան, – հանդարտ և տխուր ձայնով ասաց իշխանուհին, անմիջապես նստելով բազկաթոռներից մինի մեջ:

Հարունյանն, առանց նրան նայելու մեքենայաբար նստեց, նրանից բավական հեռու աթոռի վրա:

Երկար ժամանակ սենյակի մեջ կատարյալ լռություն տիրեց: Երևում էր, որ այդ լռությունն երկուսի համար էլ ծանր էր: Հարունյանը՝ ձեռքերը ծնկների վրա դրած և աչքերը խոնարհեցրած` շարունակ նայում էր ներքև: Իսկ իշխանուհին նույն տխուր հայացքով անթարթ նայում էր նրա դեմքին:

– Ի՞նչ եք կամենում ինձնից, որ ես կատարեմ, պարոն Հարունյան, – վերջապես առաջինը խոսեց իշխանուհին: – Ինչ որ էլ կամենալիս լինեք ինձնից, հավատացած եղեք, որ ես կկատարեմ… որ ես կաշխատեմ կատարելու… Ասացեք:

Հարունյանը շարժվեց նստած տեղում. շրթունքները բաց ու խուփ եղան, բայց ոչ մի բառ դուրս չեկավ նրա բերանից: Նա մնաց յուր առաջվա դրության մեջ:

– Ասացեք, պարոն Հարունյան, – կրկնեց իշխանուհին:

Հարունյանը դարձյալ շարժվեց, շրթունքները դարձյալ բաց ու խուփ եղան:

– Ծա՛նր է, իշխանուհի, շա՛տ ծանր է… – վերջապես կարողացավ նա արտասանել: – Ես այդ չեմ կարող ասել…

Իշխանուհու տխուր աչքերը չէին հեռանում նրա դեմքից:

– Ես ինքս կասեմ, պարոն Հարունյան, – կարճ լռությունից հետո խոսեց նա: – դուք կամենում եք, որ ես… հեռանամ ձեզանից և ընդմիշտ… կտրեմ իմ ձեզ հետ ունեցած բոլոր հարաբերությունները… Այնպես չէ՞:

Նա լռեց և սպասում էր, որ Հարունյանը կասե «այո», բայց Հարունյանը մնաց լուռ:

– Այդպես չէ՞, – կրկնեց իշխանուհին:

– Ա՛խ, մի՛ տանջեք ինձ այսպես, – աղերսագին ձայնով կանչեց Հարունյանը:

Իշխանուհին խոր հոգոց հանեց, գեղեցիկ աչքերը ծանր վշտով գրեթե բոլորովին խփեց և գլուխը կախեց կուրծքի վրա:

Սենյակում երկար ժամանակ դարձյալ լռություն տիրեց:

– Դուք խելոք մարդ եք, պարոն Հարունյան, դուք ազնիվ մարդ եք, պարոն Հարունյան, – վերջապես խոսեց իշխանուհին ցած ձայնով և առանց փոխելու յուր դրությունը: – Ես այդ նոր եմ հասկանում և նոր եմ գնահատում ձեզ… Դուք շատ իրավացի եք. այսպիսի հանգամանքներում մենք չենք կարող միմյանց սիրել… մենք չպետք է միմյանց-սիրենք: Որքա՛ն սիրելի, որքա՛ն սքանչելի բան է անձնազոհությունն ընկերի երջանկության հզմար… Այդ դա էլ նոր եմ ըմբռնում, այդ ես էլ նոր եմ գնահատում, որովհետև…

Նա գլուխը բարձրացրեց և նայեց Հարանյանի դեմքին:

– Ա՛խ, եթե դուք գիտենաք, թե այս րոպեիս ին՛չ է կատարվում իմ մեջ, ի՛նչ զարմանալի փոփոխոթյհւն, – շարունակեց նա: – Կարծես թե նոր մարդ եմ դառնում, բոլորովին նոր մարդ՝ նոր հոգով, նոր, զգացմունքներով, նոր ցանկություններով, որոնց նմանն առաջ բնավ չկար իմ մեջ… Եվ այդ բոլորն այսքան կարճ միջոցում…

Նա լռեց և գլուխը դարձյալ կախեց կուրծքի վրա…

– Այժմ ես մտածում եմ՝ ի՛նչ էի առաջ և ի՛նչ եմ այժմ նորից շարունակեց նա կարճ լռությունից հետո: – Որքա՛ն դատապարտելի է թվում ինձ այժմ իմ անցյալը, կես ժամ, մի ժամ առաջվա իմ անցյալը… Այն կյանքը, այն շրջանը, որի մեջ ես ապրում էի, որի հետ մանուկ հասակիցս ես հոգով և մարմնով կապված էի, այժմ ինձ այնքա՛ն դատարկ, այնքա՛ն չնչին, այնքա՛ն ատելի է թվում… Ես այժմ զգում եմ, որ մինչև այժմ ո՛չ մի գեղեցիկ, ո՛չ մի բարոյական զգացմունք չէ վառվել իմ մեջ, մինչև այժմ ո՛չ մի բարձր, ո՛չ մի վեհ գաղափար չէ ոգևորել ինձ… Ես ապրել եմ առանց մտածելու, ես ապրել եմ առանց զգալու… հոգեկան սրբազան աշխարհը ծածկված է եղել ինձ համար թանձր վարագույրով… սիրտս, հոգիս և այն ամենն, ինչ որ մարդկային բարձր արժանավորություն է, մեռած է եղել իմ մեջ… Ինչացո՞ւ, ո՞վ կամ ի՞նչ եմ ես – այդ հարցերս ինձ համար գոյություն չեն ունեցել… Ա՛խ, ի՛նչպես անփույթ, անխնամ են թողել իմ հոգու մշակությունը, ի՛նչպես վատ են դաստիարակել ինձ…

Նա դարձյալ լռեց և՝ գլուխը կախ՝ երկար ժամանակ, կարծես խոր մտածության մեջ ընկավ: Իրավ որ այդ կարճ միջոցում նա զարմանալի փոփոխություն էր ստացել: – Նայելով նրա ձայնի ծանր եղանակին, խոսակցության միակերպ դանդաղությանն և գունատ դեմքի տխուր ու հանդարտ արտահայտությանը, հազիվ կարելի էր ճանաչել, որ դա առաջվա քաղցրաձայն, արագախոս, շարժուն և ամբողջապես զվարթ կյանք ներշնչող իշխանուհին էր Հարունյանն այս անգամ նայում էր նրան, և, իհարկե, սաստ՜իկ զարմանում էր: Մի՞թե այդ փոփոխության, պատճառն ինքն էր, մի՞թե յուր խոսքերն այդ աստիճան կարողացան ազդել նրա վրա…

Իշխանուհին կամաց գլուխը բարձրացրեց և նայեց Հարունյանին մի տեսակ ջերմ հայացքով, որով նայում են միայն կանայք:

– Նստեցեք ավելի մոտ, Հարունյան, – ասաց նա: – Ահա այստեղ: – Նա ցույց տվեց իրեն մոտիկ տեղը:

Հարունյանն աթոռը տարավ և նստեց ցույց տված տեղը: Այժմ նրանք այնքան մոտ էին նստած միմյանցից, որ, առանց առաջ գնալու, կարող էին ձեռք տալ միմյանց:

Իշխանուհին կրկին անգամ նայեց նրան յուր առաջվա ջերմ հայացքով և խոր հոգոց հանեց:

– Այո՛, մենք պետք է… բաժանվենք միմյանցից, պարոն Հարունյան, – ասաց, նա դողդոջուն ձայնով: – Թեպետ այդ դժվար է, շատ դժվար է – գոնե ինձ համար – բայց ի՛նչ էլ որ լինի, մենք դարձյալ պետք է…

Նա չկարողացավ վերջացնել ձայնը բոլորովին դողաց, կարծես, կտրվեց, իսկ աչքերը լցվեցան արտասուքով: Նա թեքվեց դեպի Հարունյանը, ձեռքերը դրեց նրա ձեռքերի վրա և, խորին վշտով նայելով նրա աչքերի մեջ, կանչեց աղեկտուր ձայնով:

– Ո՛չ, ես չե՛մ կարող, Հարունյա՛ն… Ստեփաննո՛ս… չե՛մ կարող… երկինքը վկա, չե՛մ կարող… այդքան ուժ, այդքան հերոսություն չկա իմ մեջ… ես կին եմ, Հարունյան… Ստեփաննո՛ս… ես կին եմ, մի թույլ արարած… մի՞թե մի թույլ կնոջից կարելի է այդ պահանջել… Պահանջեցե՛ք ինձնից ամեն բան… մորթեցե՛ք ինձ, սպանեցե՛ք ինձ, բայց բաժանվե՛լ ձեզնից… եթե դուք գիտենաք, թե ի՛նչպես ես սիրում եմ ձեզ… եթե գիտենաք, թե այս րոպեիս դուք ի՛նչ եք ինձ համար… իմ ողջ կյանքիս մեջ առաջին անգամն է, որ ես սիրում եմ մի տղամարդի՝ ճշմարիտ սիրով, ինչպես կարող է սիրել կինը… իմ տեսած բոլոր տղամարդիկների մեջ դուք առաջինն եք, որին ես նվիրել եմ իմ ամբողջ գոյությունս – և դուք այժմ պահանջում եք ինձանից, որ ես բաժանվե՛մ ձեզանից… Բաժանվե՛լ… մտածե՞լ եք արդյոք, թե ի՛նչ է նշանակում այդ խոսքը… բաժանվե՛լ… Ստեփաննո՛ս, Ստեփաննո՛ս, մի՛ պահանջեք ինձնից այն, ինչ որ ես չեմ կարող անել, ինչ որ իմ կամքիցս չէ կախված… Գո՛ւթ, գո՛ւթ ունեցեք…

Նա դեմքը ծածկեց ձեռքերով և, խոնարհվելով յուր ծնկների վրա, դառնագին հեկեկաց:

Հարունյանը բոլորովին կոտրվել էր: Իշխանուհու արտասանած յուրաքանչյուր խոսքը սուր դաշույնի նման, կարծես, մաս-մաս էր անում նրա սիրտը: Այդ ժամանակ իշխանուհին յուր վշտալից, աղերսող հայացքով, յուր աղեկտուր ձայնով և, վերջապես, յուր դառնագին հեկեկանքով՝ այնքա՛ն գեղեցիկ, այնքա՛ն անմեղ, այնքա՛ն սիրելի էր թվում նրան, որ նա պատրաստ էր իսկույն ևեթ ընկնելու նրա առաջ և ասելու – ո՛չ, մենք երբե՛ք չենք բաժանվիլ միմյանցից, ես հավիտյան քոնն եմ և, բացի քեզանից, աշխարհիս մեջ ինձ համար այլևս ոչ ոք գոյություն չունի, բայց նա այդ չարեց, կարողացավ իրեն զսպել, հասկանալով, որ այդ խոսքերից մինչև այդ րոպեն յուր գործ դրած բոլոր ջանքերը կարող էին բոլորովին ապարդյուն անցնել: Նա միայն փոքր-ինչ թեքվեց դեպի իշխանուհին, կամաց առավ նրա մի ձեռքը նրա դեմքի վրայից և, ջերմագին սեղմելով այն յուր կուրծքին, ասաց դողդոջուն ձայնով.

– Սո՛ֆիա, անգի՛ն Սոֆիա, մի՞թե դուք իմ թշվառությունս եք կամենում…

– Մի՞թե դուք ինձ հետ թշվառ կլինեիք, – հարցրեց իշխանուհին, մի ձեռքը դարձյալ սեղմած ունենալով յուր դեմքին և շարունակելով հեկեկալ:

– Ո՛չ, երջանիկ կլինեի, Սոֆիա, բայց հենց այդ երջանկության մեջ կլիներ իմ թշվառությունը… Փոքր-ինչ առաջ ծնկաչոք ես ի՞նչ էի ասում ձեզ, ի՞նչ էի աղերսում ձեզնից… Ես պատրաստ եմ իմ կյանքս զոհելու ձեզ համար, և ամենայն հոժարությամբ կզոհեմ, բայց այդ կյանքն իմը չէ, Սոֆիա, իմը չէ. այդ կյանքի հետ ամենասերտ կապերով կապված է երկու անմեղ արարածների երջանկությունը… և մի՞թե դուք թույլ կտայիք, որ իմ կյանքիս հետ ես զոհեի ձեզ համար և այդ երկու անմեղ արարածների երջանկությունը… Ո՛չ, Սոֆիա, ո՛չ, այդպիսի սոսկալի հանցանք, այդպիսի ծանր, աններելի մեղք դուք չեք պահանջել ինձնից… խո՛ դուք ինքներդ էիք ասում, որ սիրելի, սքանչելի բան է անձնազոհությունն ուրիշի երջանկության համար, ուրեմն, ինչո՞ւ չեք ուզում, որ այդ անձնազոհությունը կատարենք մենք… Օ՛, Սո՛ֆիա, Սո՛ֆիա, եթե դուք գիտենաք, թե որքա՛ն երջանիկ կլինենք մենք մեր այդ անձնազոհությամբը… խղճի խայթն անծանոթ կլինի մեզ, հպարտ կերպով կշրջենք աշխարհիս վրա, համարձակ կերպով կնայենք մարդկանց երեսին, մեր հոգին կցնծա սրբազան ոգևորությամբ, կաղոթենք անարատ սրտով, քաղցր հիշատակությամբ կօրհնենք մեր հանդիպումն, կօրհնենք մեր սերը, կօրհնենք և մեր հրաժեշտը… Օ՛հ, կատարենք այդ անձնազոհությունը, Սոֆիա, կատարենք…

Նա լռեց և, շարունակելով իշխանուհու ձեռքը սեղմել յուր կրծքին, աղերսող հայացքով նայում էր նրան և սպասում՝ թե նա ի՛նչ կպատասխանեք: Իշխանուհին լուռ էր: Նա դադարել էր հեկեկալուց և, ձեռքն արդեն հեռացրած ունենալով դեմքից, խոնարհած գլխով նայում էր ցած: Նրա ականջներում կամ տակավին հնչում էին Հարունյանի խոսքերը, կամ նա ինչ-որ խոր մտածության մեջ էր ընկել:

Այդ լուռ տեսարանը տևեց երկար ժամանակ: Հանկարծ իշխանուհին գլուխը բարձրացրեց, ինչ-որ անորոշ հայացքով նայեց Հարունյանին և շտապով վեր կացավ տեղից: Նրա ձեռքը մնաց սեղմած Հարունյանի կուրծքի վրա:

– Այժմ ինձանից ոչինչ մի պահանջեք, Հարունյան, – արագախոսությամբ ասաց նա: – Ինձ մենակ թողեք… Մի ուրիշ ժամանակ ես… մենք կխոսենք դարձյալ…

Հարունյանը վեր կացավ և նրա ձեռքն այս անգամ սեղմեց յուր շրթունքներին:

– Ցտեսություն, – դողդոջուն ձայնով արտասանեց նա միայն և, թողնելով նրա ձեռքը, մի քանի քայլ դրեց դեպի դուռը, բայց հանկարծ, կարծես ակամայից, կանգներ և ետ նայեց:

– Ստեփաննո՛ս… – նույն րոպեին կցկտուր ձայնով կանչեց իշխանուհին և, վազելով դեպի նա, բուռն զգացմունքով փարվեց նրա վզովը:

Նրանց շրթունքները միացան…


Страницы книги >> Предыдущая | 1 2 3 4 5 6 7 8 9 10 | Следующая
  • 1 Оценок: 1

Правообладателям!

Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.


Популярные книги за неделю


Рекомендации