Текст книги "Քնքուշ լարեր"
Автор книги: Նար-Դոս
Жанр: Зарубежные любовные романы, Любовные романы
Возрастные ограничения: +12
сообщить о неприемлемом содержимом
Текущая страница: 9 (всего у книги 10 страниц)
ԺԶ
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ ՈԻՐԻՇ ԱՇԽԱՐՀՈԻՄ
Իշխանուհին մնաց մենակ: Հանդարտ քայլերով, կարծես ուժասպառ, նա մոտեցավ լուսամուտին և մնաց այդտեղ արձանացած: Այդ րոպեին հեռանում էր Հարունյանը: Նա ծռվեց մի ուրիշ փողոց և անհետացավ: Բայց իշխանուհին, հին դեռ երկար, շատ երկար, ժամանակ անշարժ մնաց լուսամուտի մոտ, և նրա անթարթ աչքերը սևեռած մնացին այն տեղին, որտեղ ծածկվեց Հարունյանը: Սիրո անսպասելի ելքը շատ խիստ ազդեցություն էր ունեցել նրա վրա: Նա. ոչինչ որոշակի չէր կարողանում մտածել, միտքը, կարծես, խճճվել, կաշկանդվել էր: Միայն սրտի վրա նա զգում էր ինչ-որ քաղցր, թեթև բան և մի տեսակ ծանր, վհատեցուցիչ դառնություն, այդ երկու հակառակ զգացմունքները պարբերաբար անընդհատ գործում էին նրա մեջ: Նա աչքերը հեռացրեց այն տեղից, որտեղ ծածկվեց Հարունյանը, ուսի վրայից կամաց նայեց սենյակի մեջ, հետո յուր հայացքը դարձրեց դարձյալ դեպի դուրսը, նայեց երկնքին, նայեց և տան առաջ գտնված պարտեզին: Արևը մայր էր մտնում: Վերջալույսը ներքևում ամեն ինչ ներկել էր շառագունով: Դալարագեղ պարտեզը ժպտում էր: Յուր մեջ գործող երկու հակառակ զգացմունքների ազդեցության տակ՝ իշխանուհուն մերթ թվում էր, թե յուր ողջ կյանքի մեջ դեռ մի այդպիսի սքանչելի երեկո, սքանչելի եղանակ չէ տեսել, և մերթ թվում էր, թե այդ սքանչելի երեկոն, այդ սքանչելի եղանակն ու յուր շուրջն ամեն ինչ պատած է սև, տխուր, մռայլ քողով:
Նա կամաց նստեց այնտեղ դրված բազկաթոռի մեջ և, գլուխը հենելով ձեռքի վրա, անթարթ աչքով սկսեց նայել այն աթոռին, որի վրա փոքր-ինչ առաջ նրա հանդեպ նստած էր Հարունյանը: Նրա ուղեղը փոքր առ փոքր սկսում էր դուրս գալ խճճումից, կաշկանդումից, նա կարողանում էր որոշակի մտածել: Նա երևակայում էր, թե ի՛նչպես Հարունյանը չոքած էր յուր առաջ և գլուխը հատակի վրա խոնարհած, համբուրում էր յուր հանդերձի քղանցքը, երևակայում էր, թե ի՛նչպիսի սիրավառ, տխուր և աղերսող հայացքով նա նայում էր իրեն, երևակայում էր, թե ի՛նչպես հանցավորի նման գլուխը խոնարհած` նա նստած էր յուր հանդեպ աթոռի վրա. մի խոսքով, – երևակայում էր իրենց տեսակցությունը սկզբից մինչև վերջն բոլոր մանրամասնություններով: Բայց նա չէր երևակայում և չէր էլ կարողանում երևակայել բաժանման րոպեն – գրկախառնությունն և համբույրը, նա միայն զգում էր այդ: Ատում էր, թե ի՛նչպես յուր ձեռքերը բոլոր ուժով փաթաթված էին Հարունյանի վզովը, յուր կուրծքը բաբախում էր նրա կուրծքի վրա, շնչառությունը խառնվում էր նրա շնչառության հետ, և շրթունքները ցնցվում, վառվում, հալվում էին նրա շրթունքների վրա:
«Կյա՛նք, կյա՛նք, այդպիսի քաղցր րոպե դու դեռ ինձ չես պարգևեր», քաղցր հափշտակությամբ շշնջաց նա աչքերը փակելով և, ձեռքերը դնելով բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը թաղեց կոների մեջ:
Հափշտակությունն այնքա՛ն խոր էր, զգացողությունն այնքա՛ն քաղցր, այնքա՛ն դուրալի, որ նա ուզում էր հավիտյան այդ գրության մեջ մնալ և ուրիշ ոչինչ չանել, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել:
– Տիրուհի՛, – հանկարծ լսեց նա յուր մոտ ինչ-որ ձայն:
Նա արագությամբ բարձրացրեց գլուխը և քաղցր երազից սթափվողի նման` նայեց: Նրա առաջ անհամարձակ կերպով կանգնած էր աղախինը:
– Ի՞նչ է, – հարցրեց նա:
– Պարոն Պետրովն եկել է, – ասաց աղախինը:
Պետրովի անունը դեռ ոչ մի ժամանակ այնքան ատելի, այնքան զզվելի չէր թվացել իշխանուհուն, որքան այդ րոպեին:
– Գնա՛ ասա՝ տանը չէ, – հրամայեց նա աղախնուն: – Ասա՛ հիվանդ է, կարող չէ ընդունել… Գնա՛, վռնդի՛ր այստեղից… գնա՛, գնա՛… Աչքերս այլևս չտեսնեն նրան… Գնա՛…
Աղախինը դուրս գնաց:
Իշխանուհին ձեռքերը նորից բազկաթոռի թիկունքի վրա դրեց, նորից դեմքը թաղեց կռների մեջ և աշխատեց ընկնել առաջվա քաղցր հափշտակության մեջ. բայց իզո՛ւր – աղախնի հայտնվելն և Պետրովի անունը նրա հոգեկան լարված տրամադրությունը սաստիկ խանգարել էին: Այդպես են լինում նրանք, որոնք մի որևիցե քաղցր երազից հանկարծ արթնանալով, նորից աչքերը փակում են իսկույն, աշխատում են նորից քնել և նորից նույն երազը տեսներ:
Քաղցր հափշտակությունը տեղի տվավ զանազան մտածմունքներին: Այդ մտածմունքները ծանր էին: Նա աշխատում էր դրանց հեռացնել, հալածել, բայց դրանք, կարծես, անկախ նրա կամքից, հետզհետե կուտակվում էին նրա գլխում և ճնշում էին նրա ուղեղը, նրա սիրտը: Այդ մտածմունքները Հարունյանի այցելության նպատակի մասին էին: – Արդյոք նա պե՞տք է բաժանվի Հարունյանից, թե ոչ: Նոր զգացմունքները, որ Հարունյանի շնորհիվ ծնվել էին նրա մեջ, պատասխանում էին` պե՛տք է բաժանվի, իսկ սերը մնում էր լուռ: Բայց կարո՞ղ է արդյոք բաժանվել:
Սերը, որ ավելի հին էր և խոր արմատներ ուներ բռնած նրա սրտի մեջ, պատասխանում էր՝ չէ՛ կարող, իսկ նրա զգացմունքները մնում էին լուռ:
«Ի՞նչպես, ի՞նչպես բաժանվեմ ես նրանից, – խորին վշտով մրմնջում էր նա: – Ինձ շրջապատող դատարկ, անտանելի Պետրովների մեջ հազիվհազ գտել եմ մեկը – մտքով, սրտով և հոգով հարուստ մի մարդ, որին սիրել եմ, որին պաշտում եմ հոգուս բոլոր ուժերով և այն էլ պե՛տք է բաժանվեմ նրանից… ինչո՞ւ… ինչո՞վ եմ ես մեղավոր, որ բարոյականության խստապահանջ օրենքներն ուզում են ինձ հալածել, մատնել կարեվեր տանջանքներին… Եվ բաժանվելով նրանից, ո՞ւր պետք է գնամ ես արդյոք, ո՞ւր, որտեղ շուրջս սպանիչ մեռելություն, սպանիչ դատարկություն չզգամ… թո՛ղ ինչքան ուզում է փայլե արևը, թո՛ղ հրաշալի բնության սքանչելիքը կյանք և կենդանություն տարածե, և միլիոնավոր մարդիկ թո՛ղ զվարճանան շուրջս, երկրպագեն իմ առաջ – մի՞թե այդ բոլորը կարող է փոխարինել գեթ այն մի րոպեին, մի վայրկյանին, երբ ես նրա մոտ կլինեի, երբ ես կզգայի նրա ներկայությունը… Ա՛խ, ա՛խ, որքա՛ն անողոք է եղել ճակատագիրս… Հավիտյան մենա՛կ, հավիտյան անտե՛ր…»:
Դառն արտասուքը խփեց նրա կոկորդին, նա դեմքն ամուր սեղմեց կռների մեջ և, երկար, շատ երկար ժամանակ մնաց այդպես:
Երբ նա գլուխը բարձրացրեց, արդեն սկսում էր մթնել: Վշտալից և թաց հայացքով լուսամուտից դուրս նայեց, վերջալույսն երկնքի վրա արդեն հանգել էր, պարզած երկինքն ստանում էր թանձր կապույտ գույն, հեռու՝ արևելյան հորիզոնի վրա շատ աղոտ կերպով սկսում էին առկայծել փոքրիկ աստղերը: Նա յուր հայացքը դարձրեց սենյակի մեջ, սենյակում տիրում էր կիսախավար:
Նույն րոպեին սենյակի դուռը բացվեց, ներս մտավ աղախինն և վառեց սեղանի վրա դրված լամպարը: Սենյակը լուսավորվեց, բայց այդ լույսը շատ անախորժ թվեցավ իշխանուհուն: Յուր վշտաբեկ սրտի համար նա խավար էր ուզում, խավարը նրան, կարծես, սփոփանք էր տալիս: Լամպարը վառելուց հետո աղախինն ուզում էր դուրս գնալ:
– Մա՛րիա, – կամաց արտասանեց նրա ետևից իշխանուհին:
Աղախինը կանգնեց և շուռ եկավ դեպի նա:
– Ի՞նչ եք հրամայում, տիրուհի, – հարցրեց նա:
– Լամպարը հանգցրու… ո՛չ, ցածրացրու լույսը:
Աղախինը, որ արդեն սովորել էր յուր տիրուհու վերջին ժամանակների օտարոտի վարմունքներին և հրամաններին, մոտեցավ սեղանին և քիչ ցածրացրեց լամպարի լույսը:
– Էլի՛ ցածրացրու, – հրամայեց իշխանուհին:
Աղախինը քիչ էլ ցածրացրեց:
– Է՛լի:
Աղախինը դարձյալ ցածրացրեց:
Սենյակը այժմ լուսավորվում էր շատ աղոտ կերպով:
– Բավական է, – ասաց իշխանուհին: Աղախինը ուզում էր դուրս գնալ:
– Մա՛րիա, – առաջվա նման դարձյալ արտասանեց նրա հետևից իշխանուհին:
Աղախինը դարձյալ կանգնեց և շուռ եկավ դեպի նա:
– Ի՞նչ եք հրամայում, տիրուհի, – հարցրեց նա:
– Արի՛ ինձ մոտ:
Աղախինը առաջ գնաց դեպի նա:
– Բազկաթոռը մոտեցրու ահա այստեղ` կողքիս և նստիր:
Աղախինը այդ էլ կատարեց:
– Տուր ինձ ձեռքդ:
Աղախինը տվավ նրան յուր ձեռքը:
Իշխանուհին, նրա ձեռքն յուր ձեռքի մեջ պահելով, կամաց ետ ընկավ բազկաթոռի մեջքի վրա և աչքերը խփեց:
Երկար, շատ երկար ժամանակ նա նստած էր այդպես անշարժ: Լամպարի ցած թողած լույսն ընկնում էր ուղղակի նրա տանջված, գունատ դեմքի վրա, որին և տալիս էր մի տեսակ ֆոսֆորային, բայց փոքր-ինչ մռայլ փայլ: Մարիան զարմացած և անթարթ նայում էր նրա դեմքին, կարծում էր, թե նա քնեց:
– Մա՛րիա, – կամաց, գրեթե շշնջալով վերջապես խոսեց իշխանուհին` առանց տեղից շարժվելու և առանց աչքերը բանալու, – ասա՛ ինձ, մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում…
Այդ անսպասելի շշնջյունից Մարիան ցնցվեց, նա կարծեց, թե յուր տիրուհին երազի մեջ է խոսում, և այդ պատճառով չպատասխանեց:
– Մա՛րիա, ասա՛, ինչո՞ւ ես լռում, – դարձյալ խոսեց իշխանուհին` այս անգամ աչքերը բանալով, – մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում:
– Երկինքը, տիրուհի, – մեքենայաբար պատասխանեց Մարիան:
– Երկի՛նքը, – կրկնեց իշխանո՛ւհին մի տեսակ հանդարտ հոգեզմայլությամբ, որի ժամանակ նրա դեմքը պայծառացավ: – Այսինքն այնտեղ – կապույտ ամպերից վերև, շատ վերև… Մա՛րիա, ասում են, որ այնտեղ ապրում է նա, որ ամենից շատ է տանջվել… և ասում են, որ նա ամեն մի թշվառի, ամեն մի տանջվողի սիրով ընդունում է յուր գրկի մեջ, ուր այնքա՛ն քաղցր է, այնքա՛ն խաղաղ…
Նա լռեց և մի տեսակ ժպտող, պայծառ, հոգեզմայլ հայացքով լուսամուտից սկսեց նայել դեպի դուրս` կապույտ, աստ եղա սփյուռ երկնքին:
– Մա՛րիա, – կրկին խոսեց նա, – ես ցանկանում եմ գնալ այնտեղ… այնպե՛ս ցանկանում եմ… Իզուր մարդիկ թևեր չունեն, որ երբ կամենան, թռչեն այնտեղ, թռչե՛ն…
Նա դարձյալ լռնց: Մարիան, նրա կողքին նստած՝ զարմացած նայում էր նրա դեմքին:
Իշխանուհին դեռ մի րոպե մնաց լուռ և անշարժ, հետո հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց և նստեց ուղիղ: Հոգեզմայլությունը մի ակնթարթում անհետացավ նրա գունատ դեմքից, որ ստացավ մի տեսակ վշտաբեկ, թախծալից արտահայտություն: Նա դարձավ դեպի Մարիան և, ձեռքը կուրծքի վրա սեղմելով, ասաց խեղդված ձայնով.
– Մա՛րիա, ի՛նչպես ծա՛նր է այստեղ, ի՛նչպես ծա՛նր է…
Նրա ձայնը բոլորովին խեղդվեց, աչքերում ցոլացին արտասուքի խոշոր կաթիլներ և, երկու ձեռքով ամուր փաթաթվելով նրա վզովը, նա դեմքը ծածկեց նրա կուրծքի մեջ:
– Մա՛րիա, Մա՛րիա, – կանչեց նա դառնագին հեկեկալով, – սփոփի՛ր ինձ… թեթևացրո՛ւ սիրտս…
Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որով նա արտասանեց այդ բառերը, որ աղախնի աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ ցոլացին:
– Մա՛րիա, ասա՛, ի՞նչ պիտի անեմ ես այժմ… Ոչինչ հույս չկա՞, Մարիա, ոչի՞նչ հույս… Ա՛խ, եթե միայն այժմ իմ ամուսինս, իմ անգին ամուսինս կենդանի լիներ…եթե միայն ես ունենայի զավակ, մի հատիկ զավակ…
Նա գլուխը բարձրացրեց և արտասվաթոր աչքերով նայեց Մարիայի դեմքին:
– Մա՛րիա, – ասաց նա, – ի՛նչպես լավն ես դու… Ո՛րքան թանկագին ես դու այժմ ինձ համար… Ի՛նչպես ես քեզ սիրում եմ և ի՛նչպես պիտի սիրեմ քեզ այսուհետև… Սիրի՛ր դու ևս ինձ, Մարիա, սիրի՛ր, սիրի՛ր… ես թշվառ եմ, օ՛, շատ թշվառ…
Նա դեմքը դարձյալ ծածկեց նրա կրծքի մեջ և այս անգամ հեկեկում էր լուռ և ամենադառը կերպով: Այդ րոպեին նա նմանում էր մի անմեղ երեխայի, որ մոր գրկի մեջ լաց է լինում: Նրա ձեռքերն ամուր կերպով փաթաթված էին Մարիայի վզովն, և նա աշխատում էր, որքան կարելի է, դեմքն ավելի խոր թաքցնել նրա կրծքի մեջ, որով, կարծես, կամենում էր խլացնել յուր ծանր հեկեկանքը: Մարիան ինքն էլ չէր հասկանում, թե այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում յուր մեջ. նա միայն նույնպես լալիս էր:
Դեռ երկար ժամանակ իշխանուհին՝ կպած նրա կրծքին՝ հեկեկում էր: Ըստ երևույթին, նա չէր կամենում բաժանվել այդ կուրծքից, որի մեջ, կարծես, զգում էր յուր սրտին թեթեվություն: Հետզհետե նրա հեկեկանքը նվազում էր, վերջ ի վերջո բոլորովին կտրվեցավ, և այժմ նրա սիրտն երբեմն թրթռում էր:
Վերջապես իշխանուհին գլուխը բարձրացրեց և արտասուքից ուռած աչքերով սկսեց նայել նրա աչքերին: Հետո գլուխը դրեց նրա ուսի վրա և, շարունակելով նայել նրա աչքերի մեջ, ասաց հանդարտ ձայնով:
– Մա՛րիա, դեմքդ մոտեցրու, ես կամենում եմ քեզ համբուրել:
Մարիան յուր գեղեցիկ այտը մոտեցրեց նրա գունատ շրթունքներին, և նա ամուր կերպով համբուրեց նրան:
– Մա՛րիա, այժմ դու համբուրիր ինձ. համբուրիր այնպես, ինչպես զավակը համբուրում է յուր մորը:
Մարիան այդ էլ կատարեց:
Փոքր-ինչ լռությունից հետո, իշխանուհին դարձյալ սկսեց խոսել, բայց այս անգամ բոլորովին հանդարտ:
– Մա՛րիա, ասաց նա՝ շարունակ նայելով նրա աչքերի մեջ, – դու այսուհետև իմ զավակն ես, իսկ ես` քո մայրը… Դու միշտ այսուհետև իմ մոտս կաց, ինձ սիրիր, համբուրիր. ես էլ քեզ կսիրեմ, կհամբուրեմ… Մարիա, – հանկարծ հարցրեց նա, – դու որբ ես, չէ՞:
– Այո՛, տիրուհի, – պատասխանեց աղախինը:
– Ես ևս որբ եմ, Մարիա… ես ևս աշխարհիս մեջ մենակ եմ, բոլորովին մենակ… Ուրեմն եթե մենք այսուհետև միանանք, Մարիա, այլևս մենակ չենք լինիլ, այնպես չէ՞: Դու իմ զավակս կլինես, իսկ ես՝ քո մայրը: Երբ որ դու ինձ կասես «մայրիկ», ես կուրախանամ, երբ որ ես քեզ կասեմ «զավակս», դու կուրախանաս… և այսպես շատ լավ կլինի, Մարիա, այնպես չէ՞:
Մարիան գլուխը շարժեց:
– Հապա այժմ դու ինձ ասա «մայրիկ», այնպես, ինչպես զավակն ասում է յուր մորը:
– Մայրի՛կ, – ասաց Մարիան սրտից:
Իշխանուհու հանդարտ և գունատ դեմքի վրա մի երջանիկ ժպիտ փայլեց, ճիշտ այնպես, ինչպես մթին ամպերի միջից արևը հանկարծ դուրս է նայում:
– Զավա՛կս… – շշնջաց նա, ինչպես բուռն սիրով սիրող մի մայր յուր հարազատ որդուն: – Զավա՛կս… զավա՛կս… Մայր և զավակ… ուրիշ ի՞նչ կա ավելի քաղցր, ավելիկյանք տվող, քան այդ երկու բառերը… Զավա՛կս… օ՛, ո՞րտեղ էի ես մինչև այժմ, ի՞նչ էի անում, որ միայն այժմ եմ շնչում այս երկնային բառը… ես – թշվառականս, այս երջանկագույն բառը թողած՝ ուրիշ երջանկության ետևից էի վազում… Զավա՛կս… զավակս… Օ՛, որպես լավ է այսպես… ես կցանկայի միշտ այսպես մնալ, միշտ, հավիտյանս…
Այդ միջոցին նա յուր դողդոջուն շրթունքներն անզգայաբար մոտեցրել էր նրա այտին և, երկար ժամանակ նրա վրա սեղմած ունենալով, նա շշնջում էր անդադար «զավակս» բառը:
Վերջապես նա թողեց Մարիային, ձեռքերը կցեց կրծքի վրա և գլուխը կախեց: Մի րոպե այդպես մնալուց հետո, առանց գլուխը բարձրացնելու, հարցրեց նա հանդարտ ձայնով.
Մա՛րիա, դու հիշո՞ւմ ես իմ ամուսնուս:
– Հիշում եմ, տիրուհի, – պատասխանեց աղախինը:
– Նա լավ երիտասարդ էր, Մարիա, շատ լավ երիտասարդ… նա գեղեցիկ էր… նա բարի էր… նա գառն էր, Մարիա… Ամենքը նրան սիրում էին… ամենքը նրան խղճում էին, իսկ ե՞ս…
Նա լռեց և գլուխը կախեց:
– Իսկ ե՞ս, – կրկնեց նա: – Ես նրան չխղճացի… ես թունավորեցի նրա մատաղ կյանքը… նա մեռավ… Այնքա՛ն հանգիստ, այնքա՛ն սիրուն էր նա այդ ժամանակ, Մա՛րիա… Նա կարծես քնած էր… նրան տարան գերեզմանատուն և հողի մեջ դրին… Այնուհետև մի անգամ միայն ես այցելեցի նրա գերեզմանին, նրա վրա կանաչ խոտ էր բուսել… Ես լաց չեղա այնտեղ, Մարիա… թաղելիս էլ իմ արցունքը կեղծ էր… Ես նրան չէի սիրում…
Նա խոսում էր, կարծես, ինքն յուր հետ, գրեթե շշնջալով, և նրա գեղեցիկ աչքերից արտասուքի խոշոր, գոհարանման կաթիլները հանդարտ կերպով գլորվում էին նրա գունատ այտերի վրայով:
– Եթե միայն ես այժմ նրա գերեզմանի մոտ լինիմ…
Նա դարձյալ լռեց և երկար ժամանակ մնաց այդպես անշարժ: Արտասուքը դադարեց հոսելուց, և նա այժմ, կարծես, մի բան, մի խոր բան մտածում էր: Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և նայեց Մարիային:
– Մա՛րիա, – ասաց նա, – մենք պիտի գնանք Պետերբուրգ:
– Ե՞րբ, տիրուհի:
– Ե՞րբ… շուտով… մի քանի օրից հետո: Իսկ այժմ ինձ մենակ թող:
Աղախինը վեր կացավ և դուրս գնաց:
Իշխանուհին առաջվա նման ձեռքերը դրեց բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը դարձյալ թաղեց կռների մեջ, և խոր մտածմունքները պաշարեցին նրան:
Նրա մտածմունքները այս անգամ բոլորովին ուրիշ տեսակ էին:
Նա լուսացրեց բազկաթոռի մեջ:
ԺԷ
ԱՆՏԱՌԻ ԾԱՌԵՐԻ ՏԱԿ
Հարունյանն իշխանուհու դաստակերտից հեռացավ շփոթված և հուզված, նրա սիրտը ճնշված էր անպատմելի ծանրության տակ: Այդ օրվա տեսակցությունր, խո՛սակցությունն և մանավանդ իշխանուհու գրկախառնությունն ու համբույրը նրա մեջ ամեն ինչ տակնուվրա էին արել… նրա միտքը, սիրտն և հոգին մնացել էին իշխանուհու մոտ: Նա բոլորովին չզգաց և չհասկացավ, թե ինչպես հասավ տուն: Դռան մեջ նրան դիմավորեց կինը:
– Եկա՞ր, սիրելիս, սպասում էի քեզ անհամբեր… Այժմ ի՞նչպես ես, – հարցրեց նա յուր փաղաքշական ձայնով:
Կնոջ հանդիպելն առաջին նվաղ Հարունյանի մեջ ատելության նման ինչ-որ խորշեցնող զգացմունք ծնեցրեց դեպի նա: Եվ այդ առաջին անգամն էր, ինչ ապօրինի սերը ներս էր սողացել նրա սիրտը: Այդ նորածին զգացմունքն առաջին րոպեին, կատարելապես տիրապետելով նրա մյուս բոլոր զգացմունքներին, այն աստիճան զորեղ կամայականությամբ գործեց նրա մեջ, որ մինչև անգամ կնոջ հարցին նա չպատասխանեց և, առանց նրան նայելու, ներս մտավ սենյակը:
Կինը հետևեց նրան:
– Ստեփաննո՛ս, նայիր ինձ, – անհանգստությամբ ասաց նա, կտրելով ամուսնու առաջը: – Ի՞նչ է պատահել… դու բոլորովին գունատ ես…
– Ի՞նչ պետք է պատահի, – գրեթե կոպտաբար պատասխանեց ամուսինը և, ցիլինդրը դնելով սեղանի վրա, նստեց մեծ բազկաթոռի մեջ:
– Դու գունատ ես, Ստեփաննո՛ս, դու գունատ ես, – կրկնեց կինն առաջվանից ավելի անհանգստությամբ: – Գնալիս դու այդպես չէիր…
– Հապա ի՞նչպես էի…
– Ավելի հանգիստ էիր… գույնդ այդպես նետած չէր…
Ամուսինը լուռ նայեց կնոջ աչքերին, հետո յուր հայացքը դարձրեց դեպի դուրս:
– Գլուխս ցավում է, Նունե, – հանգիստ ձայնով պատասխանեց նա:
– Միա՞յն:
– Այո…
Կինն ակամայից հիշեց իշխանո՛ւհու գլխացավը և ինքն էլ չհասկացավ, թե ինչո՛ւ մի ուրիշ տեսակ հայացքով լուռ նայեց ամուսնու աչքերին:
– Շա՞տ է նեղացնում, – հարցրեց նա:
– Է՛հ, հիմար բան է, – պատասխանեց ամուսինը: – Արժե՞ սրա վրա ուշադրություն դարձնել… իսկույն կանցնի… Միայն դու լավ կանես, եթե ինձ առժամանակ հանգիստ թողնես…
Կինը կրկին անգամ նայեց նրա աչքերին առաջվա հայացքով: Ուրիշ անգամ գուցե նա հանգիստ չտար նրան յուր զանազան հարցերով՝ թե ինչո՛ւ է ցավում նրա գլուխը, կուզե՞ բժիշկ կանչեն և այլն – Բայց այս անգամ, կարծես, ինչ-որ անհայտ զորությունից կաշկանդվեց նրա լեզուն: Նա ոչինչ չասաց և ակամա մտախոհությամբ դուրս գնաց:
Հարունյանն անմիտ հայացքով մեքենայաբար նայեց նրա ետևից և մնաց անշարժ նստած տեղում: Նա, կարծես, ոչ մտածում էր, ոչ զգում: Նրա ամբողջ գոյությունը կլանել էր միայն մի զգացմունք – սերը, որ դեռ երբեք այդ ուժով չէր գործել նրա մեջ, ինչպես այդ ժամանակ: Կինը նրան անտանելի էր թվում, տունը՝ օտար, շրջապատող օդը՝ խեղդիլ, նրա բոլոր ուշքն ու միտքն իշխանուհին էր… Մինչև անգամ նա կարծում էր, թե նոր է սկսում սիրել:
Չանցավ երեք րոպե, դուռը կամաց բացվեց, տիկին Հարունյանը կրկին ներս մտավ: Նրա դեմքը սաստիկ անհանգստություն էր արտահայտում: Նա արագությամբ մոտեցավ ամուսնուն և բռնեց նրա ձեռքերից:
– Ստեփաննո՛ս, – ասաց նա կնոջ սիրող, քնքուշ սրտին հատուկ անհանգստությամբ և ջերմ, կարեկից հայացքով նայելով նրա աչքերի մեջ, – դու գիտես, որ ես երբե՛ք չեմ կարող հանգիստ լինել, երբ քեզ այդպես եմ տեսնում… Ասա՛, ճշմարիտն ասա, ուրիշ բան խո չէ՞ պատահել քեզ… ուրիշ տեղդ խո չէ՞ ցավում… հըա՞:
– Զարմանալի է. ասացի, որ միայն գլուխս է ցավում, – պատասխանեց ամուսինը, հազիվ դիմանալով կնոջ հայացքին: – Ինձ չե՞ս հավատում:
– Ո՛չ, չեմ հավատում, Ստեփաննոս, չեմ հավատում… Դու երբե՛ք այդպես չես եղել… ես քեզ երբե՛ք այդպես չեմ տեսել… Երեկ գիշերվա օտարոտի վարմունքդ, այժմյան օտարոտի դրությունդ… ո՛չ, դու երբե՛ք այդպես չես եղել, հասկանո՞ւմ ես ինձ, երբե՛ք այդպես չես եղել… Դու մի բան գիտես… քեզ մի բան պատահում է, բայց դու այդ ինձ չես ուզում հայտնել… Ստեփաննո՛ս, նայի՛ր ինձ ուղիղ, ես վախենում եմ… Ասա՛, ասա ճշմարիտը… Ասա:
Նրա աչքերը թաց եղան, ձայնը դողաց և, կրկնապատկելով յուր հայացքի ուժը, նա չոքեց ամուսնու առաջ:
Մի ակնթարթում խղճի խայթը զարթնեց Հարունյանի մեջ. «խաբեբա՛, անպիտա՛ն, ստո՛ր, գարշելի՛, դավաճա՛ն» – կարծես միլիոնավոր ձայներ խլացրին նրա ականջները… Նա ցնցվեց ամբոոք մարմնով և կատարելապես տիրապետել իրեն:
– Նո՛ւնե, ի՞նչ ես անում, վեր կաց, – ասաց նա փաղաքշական ձայնով: – Հավատացի՛ր, ոչինչ չկա, իզուր դու այդպես անհանգստանում ես… վեր կաց… գլուխս փոքր-ինչ ցավում է, իսկույն կանցնի… Վեր կաց:
Կինը վեր չկացավ, այլ ձեռքերով ամուր գրկեց ամուսնու մեջքը և, գլուխը դնելով նրա կուրծքի վրա, անհուն սիրով, անհուն քնքշությամբ լուռ նայեց նրա աչքերին:
Իսկ ամուսինը մի ձեռքով կամաց գրկեց նրա սիրուն, փոքրիկ գլուխը:
Հետևյալ օրը առավոտյան կինը խնդրեց ամուսնուց իշխանուհուն այցելության գնալու: Ամուսինը համաձայնեց, որպեսզի ոչինչ կասկածանքի տեղիք չտա նրան, բայց նախորդ օրվա իշխանուհու հետ ունեցած տեսակցությունից հետո Հարունյանի համար շատ դժվար էր կնոջ հետ նրան այցելելու: Ինչևիցե: Գնացին: Բայց իշխանուհին աղախնի բերանով հազար ներողություն խնդրեց, որ այդ ժամանակ ոչ մի կերպ կարող չէ ընդունել նրանց, որովհետև իրեն շատ վատ է զգում:
– Երևի գլխացավը նորոգվել է, – ասաց կինն ամուսնուն:
Ամուսինը մնաց լուռ:
Կինը մտախոհ հայացքով նայեց նրան:
– Խոսք եք տվել, ի՛նչ է, միմյանց, որ գլխացավը ձեզ միևնույն դրության մեջ ձգե, – ասաց նա: – Առաջ նրա գլուխն էր ցավում, երեկ՝ քոնը, այսօր դարձյալ նրանը…
Ամուսինն այդ խոսքերի վրա ստիպված ծիծաղեց միայն, բայց այդ ծիծաղը շատ անշնորհք ծիծաղ էր, որին մինչև անգամ սխալ կլիներ ծիծաղ անվանել:
Նրանք գնացին տուն, բայց երեկոյան կրկին եկան: Այս անգամ իշխանուհին ինքը դուրս եկավ նրանց առաջ նախասենյակը:
– Սո՛ֆիա, – նրան տեսնելուն պես կանչեց տիկին Հարունյանը՝ առաջ շտապելով դեպի նա: – Այդ ի՞նչ ես դառել…
Իրավ որ իշխանուհին այդ մի օրվա մեջ նկատելի կերպով փոխվել էր: Դեմքը սաստիկ դժգույն էր, աչքերն ընկել էին խոր, կապույտը կապել էր նրանց շուրջը վարդագույն շրթունքները ստացել էին բաց կարմիր գույն, սիրուն, կյանք շնչող ժպիտն այլևս չէր պսակում նրա դեմքն և մի տեսակ տխուր, մռայլ քող կարծես ծածկել էր նրան ամբողջապես:
Հարունյաններին տեսնելով, նա մեղմ, տխուր կերպով ժպտաց և սեղմեց նրանց ձեռքը:
– Պետք է ներեք ինձ, որ առավոտյան չկարողացա ձեզ ընդունել, – ասաց նա. – երեկ գիշեր մրսել էի, ի՞նչ էր, չգիտեմ, միայն այսօր… շատ վատ էի զգում ինձ:
Նա մի առանձին հայացքով նայեց Հարունյանին, բայց Հարունյանը չէր նայում նրան:
– Այժմ ի՞նչպես ես զգում քեզ, – հարցրեց տիկին Հարունյանը:
– Փոքր-ինչ լավ… Բայց շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այժմ ինձ մենակ չթողիք: Խնդրեմ ներս եկեք:
Երեքն էլ ներս մտան: Կարճ ժամանակից հետո եկավ և Պետրովը, բայց իշխանուհին նախապես հրամայել էր աղախնուն, որ նրան չընդունե: Այդ երկրորդ անգամն էր, որ խեղճ Պետրովը վռնդվում էր նրա տնից: Առանց Պետրովի, երեքով խոսեցին, ժպտացին, թեյ խմեցին, և այդ բոլորը տիկին Հարունյանի շնորհիվ միայն, իսկ իշխանուհին և պարոն Հարունյանը ոչ դատարկաբանության սիրտ ունեին, ոչ ժպտալու և ոչ թեյ խմելու: Նրանք երբեմնակի, տիկին Հարունյանից թաքուն, նայում էին միմյանց աչքերին, և նրանց այդ տխուր հայացքները փոխադարձաբար, կարծես, երկար պատմություններ էին անում միմյանց:
Տիկին Հարունյանն իշխանուհու խնդրանոք նստեց դաշնամուրի առաջ և սկսեց ածել: Այդ ժամանակ իշխանուհին կարողացավ ծածուկ ինչ-որ թղթի կտոր դնել պարոն Հարունյանի ձեռքը: Վերջինս իսկույն թղթի կտորը պահեց գրպանում:
Երբ իշխանուհուց բաժանվեցին և գնացին տուն, պարոն Հարունյանն առանձնացավ յուր սենյակը և կարդաց թղթի կտորի վրա մատիտով դրված հետևյալ մի տողը. «Հաջողեցրեք մի անգամ առանձնապես տեսնվել ինձ հետ»:
Հարունյանն աշխատեց որքան կարելի է շուտով հաջո՛ղեցնել այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, որովհետև նա կամենում էր վերջապես վերջ տալ յուր անտանելի դրությանը:
Բայց ո՞րտեղ պետք է տեսակցել – այդ միտքը տանջում էր նրան: Նա չէր ուզում առաջվա նման խաբել կնոջը և իշխանուհու հետ տեսնվել նրա դաստակերտում, որովհետև վախենում էր, որ չլինի թե կինը` չգիտենալով, հանկարծ վրա հասներ իրենց, իսկ այդ բավական էր, որ միամիտ կինը կասկածանքի տեղիք ունենար, որից այնպես խույս էր տալիս Հարունյանը: Վերջապես, շատ մտատանջվելուց հետո, նա մտածեց, որ անտառում կարելի է տեսակցել բոլորովին ապահով կերպով:
Հետևյալ օրը, երբ կնոջ հետ դարձյալ այցելության գնաց իշխանուհուն, նա նույնպես, կնոջից ծածուկ, կարողացավ նրա ձեռքը դնել մի թղթի կտոր, որի վրա գրված էր հետևյալը. «Եթե կբարեհաճեք վաղը առավոտյան ժամը վեցին եկեք անտառն, ես այնտեղ անհամբեր կսպասեմ ձեզ: Ամենահարմար և ամենաապահով տեղն է, որտեղ համարձակ կարող ենք մենք տեսակցել միմյանց»: Իշխանուհին անմիջապես դուրս գնաց հարևան սենյակն, երևի կարդալու և, երբ մի րոպեից հետո դարձյալ ներս մտավ, թեթևակի գլխով արեց Հարունյանին: Հարունյանը հասկացավ, որ նա համաձայն էր անտառում տեսակցելու:
Նույն գիշեր Հարունյանն ամենևին աչք չխփեց: ի՞նչ պետք է խոսի արդյոք իշխանուհին, ի՞նչ վախճան պետք է ունենա արդյոք իրենց այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, արդյոք դրանով վե՞րջ պետք է տրվի յուր անտանելի դրությանը, թե նորանոր և ավելի վատթար դրությունների նախադուռը պետք է բացվի, – ահա այդ մտքերն էին զբաղեցնում նրա ուղեղը: Գիշերն անցնում էր սպանիչ դանդաղությամբ, կարծես երբեք այլևս չպետք է լուսանար:
Առավոտյան ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու: Կինը հանգիստ քնած էր: Նա դուրս եկավ տնից և քայլերն ուղղեց դեպի անտառը: Այդ միջոցին ամառանոցի բոլոր փողոցները գրեթե դատարկ էին: Առհասարակ առողջապահության կանոններն անգիր արած և առողջության ետևի վազող ամառանոցի բնակիչները քնում էին մինչև կեսօրը, ինչպես այդ սովոր են անել քաղաքում, նրանց համար գոյություն չունի ամառանոցի հրաշալի վաղ առավոտը և վաղ առավոտ ի առողջարար օդը:
Արևը նոր էր բարձրանում: Անտառի թավուտ կատարը ներկվել էր շառագունով. ծառերն երկար ստվերներ էին արձակել: Ամառանոցի վերա կանգնած ամառային փոշենման մշուշը հետզհետե պարզում էր. երկնքի վրա` հորիզոններին մոտ` ձգվել էին ոսկեգույն ամպեր: Թռչունները վաղուց սկսել էին վաղորդյան իրենց զանազանաձայն ուրախ համերգը: Ցողասփյուռ անտառը շնչում էր թարմ, կենարար անուշահասությամբ:
Հարունյանը նստեց անտառի մուտքի մոտ՝ նստարանի վրա և սկսեց նայել դեպի այն կողմը, որ կողմից որ պետք է գար իշխանուհին: Բնության հրաշալիքն իսպառ կորցրել էր նրա աչքում յուր գրավիչ կախարդող ազդեցությունը, նրա սիրտը բաբախում էր շատ ծանր, ցավ տալով, կարծես մի անհայտ զորություն գուշակում և գուժում էր նրան մի սոսկալի վիշտ: Նա սպասում էր, սպասում էր, որպես մի մարմնացյալ անհամբերություն:
Հանկարծ նրա սիրտն այնպես թրթռաց, որ կարծես ուզում էր պատռել կուրծքն և դուրս ընկնել: Նա տեսավ իշխանուհուն, որ արագ քայլերով գալիս էր դեպի ինքը: էլ չսպասեց, որ նա մոտենա իրեն, և, վեր կենալով, իսկույն առաջ շտապեց դեպի նա: Նրանք մոտեցան միմյանց, լուռ նայեցին միմյանց աչքերին և լուռ սեղմեցին միմյանց ձեռքը: Նույն լռությամբ նրանք անմիջապես դիմեցին դեպի անտառ:
Իշխանուհին հագած ուներ սև հագուստ, դրա վրայից` ձմեռային կարճ վերարկու, որովհետև առավոտյան օդը զգալի կերպով ցուրտ էր, իսկ գլխին գցած ուներ մետաքսյա սպիտակ և բարակ շալ, որի առջևի երկու կողմերը պարանոցի մոտ բռնած ուներ ձեռքով: Նրա դեմքն դեռ այնպես գունատ չէր եղել, ինչպես այդ առավո՛տ, աչքերը բոլորովին ընկել էին խոր, նրանց տակի կապույտը կրկնապատկվել էր. շրթունքների բաց կարմիրը բոլորովին դժգունել էր. մի խոսքով նրա դեմքի վրա ամեն ինչ պարզ վկայում էր, որ նա շատ էր տանջվել և գիշերը բնավ չէր քնել: Հարունյանը կողքից նայում էր նրան, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր: Ո՛րպիսի զանազանություն առաջին անգամ թատրոնում տեսած և այժմյան իշխանուհու մեջ: Ի՞նչ զարմանալի, ի՛նչ անհավատալի փոփոխություն էր ստացել այդ կինը մի քանի օրում միայն: Քայլվածքը, հայացքը, շարժումներն, ամեն ինչ ծանր, ամեն ինչ զգաստ, ամեն ինչ տխուր:
Երկար ժամանակ նրանք գնում էին լուռ: Բայց նրանք չէին խոսում ո՛չ թե այն պատճառով, որ ոչինչ չունեին խոսելու, այլ այն պատճառով, որ վախենում էին. զգում էին, թե մի՛ գուցե ամեն մի արտասանած կամ լսած խոսքը ծանր հարված պատճառե իրենց սրտին:
Այդպես նրանք անցան մի քանի ճեմելիքներ:
– Նստենք այստեղ, Հարունյան, – վերջապես առաջինը խոսեց իշխանուհին և մոտենալով մի նստարանի՝ նստեց նրա վրա:
Հարունյանը մեքենայաբար հետևեց նրան և նստեց նրա կողքին:
Լռությունը շարունակվեց դարձյալ մի կարճ միջոց: Իշխանուհին շարունակ նայում էր յուր առաջ: Նա ցույց էր տալիս, թե ինքը հանգիստ է, բայց թախծալից դեմքն իսկույն մատնում էր, որ նրա ներսը մեծ ալեկոծություն է կատարվում: էստ երևույթին, նա ջանք էր անում խոսելու, բայց բառերը չէին հպատակում իրեն: Վերջապես նրա դժգույն շրրթունքները բացվեցին և, առանց աչքերը հեռացնելու գետնից, նա անսպասելի հանգստությամբ կարողացավ արտասանել հետևյալ տեղ-տեղ ընդհատված նախադասությունը.
– Ես… վճռեցի, որ մենք պետք է… բաժանվենք միմյանցից…
Հարունյանի դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ: Այդպես են լինում նրանք, որոնք լսում են իրենց մահու վճիռը: Նա անզգայաբար թեքվեց դեպի իշխանուհու դեմքն և կամաց առավ նրա ձեռքը, այդ ձեռքը սառն էր, որպես ձյուն:
– Սո՛ֆիա… – շշնջաց նա մեղմ, քնքուշ, դողդոջուն ձայնով, որի մեջ պարզորեն լսվում էր նրա սրտի բոլոր տանջանքը:
– Ես վճռել եմ, որ պետք է… հեռանամ… – առաջվա նման արտասանեց իշխանուհին:
– Սո՛ֆիա… – կրկնեց Հարունյանը:
Այս անգամ իշխանուհին կամաց բարձրացրեց գլուխը և նայեց նրա աչքերին:
– Բայց իմ հեռանալուց հետո, երբ մենք այլևս երբեք չենք տեսնիլ միմյանց, դուք կմոռանա՞ք ինձ, – ասաց նա:
– Սո՛ֆիա, – այս անգամ ծանր կերպով հառաչեց Հարունյանը:
– Համոզված եմ, որ չեք մոռանալ, Հարունյան, – շարունակեց իշխանուհին: – Համոզված եմ, որ ինձ միշտ կհիշեք… Եվ միակ երջանկությունը, որ ես պետք է տանեմ ինձ հետ, այդ կլինի… Ա՛խ, Հարունյա՛ն, Հարունյա՛ն, ինչու բախտը հանդիպեցրեց մեզ միմյանց, և եթե հանդիպեցրեց, ինչո՞ւ այսպիսի պայմանների մեջ… Սակայն մի՛ կարծեք, թե ես անիծում եմ մեր հանդիպումն, ընդհակառակն – ես ի սրտե օրհնում եմ այն րոպեն, երբ առաջին անգամ տեսա ձեզ, որո՛վհետև այդ ժամանակ գտա մի մարդ, մի վեհ, մի առաքինի մարդ, որ հետո, շատ հետո յուր բարոյական անպարտելի ուժով կարողացավ բարոյական վերածնություն տալ ինձ – մոլորված-ապականված հասարակության այս մոլորված և ապականված ծնունդիս… Թշվառ զոհի նման ես չեմ հեծեծում և չպետք է հեծեծամ այն հոգեկան տան ջանքների տակ, որ բախտը ձեր միջոցով տվել է ինձ. ես օրհնում եմ այդ տանջանքները, ես սիրում եմ այդ տանջանքները, որովհետև դրանց մեջ ես գտնում եմ միայն ինձ հասկանալի հոգեկան մի տարօրինակ, բայց վսեմ քաղցրություն… Սիրտս, հոգիս, ամբողջ գոյությունս այս րոպեիս անասելի կերպով վշտում է, բայց ես երջանիկ եմ, որովհետև ձեզ մոտ եմ, տեսնում եմ ձեզ, խոսում եմ ձեզ հետ, և դուք հասկանում եք ինձ. հասկանում եք և կարեկից, մասնակից եք լինում իմ վիճակիս… իսկ այդ շատ է, շատ-շատ է ինձ համար… այո՛, այդ բավական է, որ ես ինձ երջանիկ զգամ… ախր չէ՞ որ այս ահագին աշխարհիս մեջ առանց ձեզ ես մենակ կլինեի, մենակ, ինչպես մի ամայի անապատի մեջ… Ա՛խ, եթե գիտենաք, թե ո՛րքան փոխվել եմ ես… Բայց գիտե՞ք, թե ի՛նչ էի ես առաջ: Ես ամուսին ունեի, համեստ, ազնիվ, առաքինի ամո՛ւսին, որ սիրում, պաշտում և նվիրված էր ինձ յուր բոլոր գոյությամբ, բայց ես… Ո՛չ ո՛չ, Հարունյան, դուք այդ չպետք է գիտենաք… ես չեմ ուզում, որ ձեր աչքում ընկնեմ… ես չեմ ուզում, որ դուք ինձ վրա վատ գաղափար կազմեք… միևնույն չէ՞, խո ես զղջում եմ, խո հեռանում եմ սխալ ճանապարհից, խո քավում եմ մեղքերս… ուրեմն` ինչո՞ւ դուք պետք է դատապարտեք ինձ, ի՞նչ իրավունքով պետք է դատապարտե ինձ և հասարակությունը… Ես վատ կին չեմ, Հարունյան, աստված է վկա, ես վատ կին չեմ. բնությունը ստեղծել է ինձ լավ հատկություններով, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ սխալ դաստիարակությունն իմ այդ լավ հատկություններին վատ ուղղություն է տվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ հասարակությունն ինձ այսպես այլանդակել է… Եվ եթե ես վատ կին լինեի, մի՞թե դուք ինձ կսիրեիք, Հարունյան, մի՞թե ձեր ազնիվ, առաքինի սիրտը կկապեիք իմ սրտի հետ, եթե ես վատ կին լինեի… Ո՛չ, Հարունյան, ո՛չ, անշուշտ ձեր բնությունը հասկացել է ինձ, և այդ անչափ ուրախություն է պատճառում ինձ… Այս րոպեիս ես ընդունակ և պատրաստ եմ ամեն տեսակ վեհ, սրբազան գործ կատարելու, և ահա այժմս ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ ձեզ, թե ամենայն հոժարությամբ ընդունում եմ կատարելու այն անձնազոհությունը, որ դուք խնդրում էիք ինձանից, որ դուք իբրև բարոյական սլարտականություն դնում եք ինձ վրա. ես պետք է հեռանամ ձեզանից, պետք է հեռանամ. ընդմիշտ… և…
Նրա ձայնը դողաց, կտրվեց, աչքերը լցվեցան արտասուքով, նա շրջեց յուր դեմքը Հարունյանից:
Հարունյանը կարծես զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից: Նա նստած էր անշարժ, միայն նայում և լսում էր նրան: Այդ ժամանակ նրա վիշտն այնքա՛ն ծանր էր, որ նա գրեթե ոչինչ չէր զգում:
Երկար լռությունից հետո իշխանուհին գլուխը դեպի նա դարձրեց և տխուր, շատ տխուր հայացքով նայեց նրա աչքերին:
– Ինչո՞ւ չեք խոսում, Հարունյան, – հարցրեց նա մեղմ ձայնով:
– Ի՞նչ ասեմ, – մեքենայաբար, անզգա ձայնով արտասանեց Հարունյանը:
Իշխանուհու աչքերը սաստիկ չռվեցին:
– Հարո՛ւնյան, – կանչեց նա վախեցած, – ես հեռանում եմ ձեզանից, մի՞թե դուք ինձ բարի ճանապարհ չեք մաղթիլ…
Մի ակնթարթում Հարունյանի անզգա դեմքը խորին վշտի, խորին տանջանքի արտահայտություն ընդունեց:
– Սո՛ֆիա, – արտասանեց նա ցավագին ձայնով: – Եթե այս րոպեիս այստեղ իմ առաջ մի սոսկալի անդունդ բացվեր, ես առանց մտածելու իսկույն կընկնեի նրա մեջ, որպեսզի միանգամից վերջ դրվեր իմ այսքան անտանելի տանջանքներին…
Իշխանուհու հայացքն այս անգամ ընդունեց մեղմ, քընքուշ, անհուն սիրո և կարեկցության արտահայտություն: Նա առավ Հարունյանի ձեռքերն և ջերմագին սեղմելով նրանց, հազիվ լսելի ձայնով շշնջաց.
– Ես հասկանում եմ քեզ, Ստեփաննոս, դու դժվարանում ես ինձ բարի ճանապարհ մաղթելու, բայց ո՛րքան պետք է դժվարանամ ես ասելու քեզ` մնացի՛ր բարև…
Նրա ձայնը դարձյալ դողաց, կտրվեց, բայց այս անգամ նա չկարողացավ իրեն զսպել, դառն արտասուքը հանկարծ դուրս ցայտեց աչքերից: Նա իսկույն հանեց թաշկինակը և ամուր սեղմեց աչքերին: Սակայն, շուտով հանգստացավ, շտապով սրբեց աչքերն և վեր կացավ տեղից:
– Գնանք, Հարունյան, – ասաց նա նայելով շուրջը: – Այս մեր վերջին առանձնակի տեսակցությունն է, բայց ես հույս ունիմ, որ Նունեի հետ դուք այսօր դարձյալ կայցելեք ինձ… Ես գուցե երկու օրից, մի օրից հետո հեռանամ այս տեղից…
Правообладателям!
Это произведение, предположительно, находится в статусе 'public domain'. Если это не так и размещение материала нарушает чьи-либо права, то сообщите нам об этом.